Չութչի
27. ՉՈՒԹՉԻ
Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ: Էդ մարդը չութչի ա ըլնում: Դրանք ունենում են մի մինուճար տղա։
Օրեն մի օրը էդ Չութչին չութը վեր ա ունում, էթում հանդը չութ անելու: Չութ անելիս բիրդան չթի սամիքը կոտրվում ա. մնում ա մաթալ, էլ չի կարում չութ անի, փոր-փոշման եդ ա դառնամ, գալի տուն:
Էթամ ա իրա ընկորտանցը իմաց ա տալի, թե.— Էգուց էկեք իրար հեննա էթանք մեջեն, սամու փետ բերենք:
Չութչու տղեն էս որ իմանում ա, գալիս ա, հորն ասում.— Ա՛յ հեր, մի՛ էթա, փորձանք կգա գլուխդ, ֆլա՛ն օրը, ֆլա՛ն վախտը ընե՜նց մի անձրև պտի գա, ընե՜նց մի բուք ու բորան պտի անի, որ տոտոծ փրկի, ազատի։
— Ա՛յ որդի,— ասում ա հերը,— ախար ո՜նց կըլնի, խալխին ե՛ս եմ իմաց տվե, գլխահան արե, ես որ չէթամ՝ ամոթ չի՞։
— Ա՛յ հեր,— ասում ա,— քու ի՞նչ բանն ա. ես նրանց ջուղաբը կտամ, դու իրիկունը թեք ընկի, քնի՛:
— Ա՛յ որդի,— ասում ա հերը,— որ ասում ես՝ էլ ի՛նչ ասեմ. թող քու ասածն ըլնի։
Իրիկունը թեք ա ընկնում, քնում։
Էն գլխեն, չը՜խկ հա չըխկ, չը՜խկ հա չըխկ, թը՜խկ հա թըխկ, դուռը ծեծում են։ Տղեն սուս ու փուս վեր ա կենում, չուխեն քցում վրեն, դուս գալի։
— Ո՞վ եք,– ձեն ա տալի:
— Մենք ենք,— ասում են,— դուռը թա՛ց արա։
Տղեն դուռը բաց ա անում, տենում իր ա հոր ընկերտինքը։
— Հերդ տա՞նն ա,— հարցնում են։
— Բա չե՜ք ասի,— ասում ա,— հերս էրեկ իրիկուն ամեն բան հազրե, դրել էր խուրջինը, համա բիրդան հիվանդացավ. էս սհաթին էլ հրեն թեք ընկած ա, որ ասես ուշ չկա վրեն: Բան չկա,— ասում ա,— դուք էս հետ գնացեք, մըն էլ որ էթալու կըլնեք՝ կգա:
Տղեն դրանց ջուղաբ ա անում, ինքը թողում ա, գալի տուն։
Հերը հարցնում ա.— Հը՛, ա՛յ որդի, ընկորտանցս ճամփու դրի՞ր։
— Հա՛,— ասում ա,— ճամփու դրի. դու արխեին թեք ընկի, քնի՛։
Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, դրուստ որ էդ տղի ասած օրը ընենց մի բուք ու բորան ա անում, ընե՜նց մի անձրև ա գալի, որ տանից դուս էկողի բերան֊մերանը կպնում էր[1]: Մի քանի օրեն ետը մեշա գնացողներից մինը ընդիան գալիս ա գեղը, ջուղաբ բերում, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն օրը ընե՜նց մի բուք ու բորան արեց, ընե՜նց մի անձրև էկավ, ընենց մի ալեկործում արեց, որ իրա ընկերտինքը քոմմա փետացան. ինքն էլ մի հալով պրծել էր, վե կացե, էկե, անջախ իրան քցե գեղը։ Էդ Չութչին էս բանը որ իժանուժ ա, վեր ա կենում տղի ջուխտ թուշը պաչում։
— Զորա՜նաս, ա՛յ որդի,— ասում ա,— դու ինձ պրծացրիր էդ զուլումիցը. դու չըլնեիր, ես էլ նրանց հեննա ֆողեց֊ֆոգի պտի կորչեի։
Տղեն ըսենց մի քանի հետ հորը փորձանքից աղատում ա: Դրանց գեղի կշտին մի մենծ գետ կար. էդ գետի ղրաղին դրանք ֆող ունեին. օրեն մի օրը հեր ու տղա վե կացան գնացին էդ ֆողը վարելու։ Դրանց գեղիցը էդ օրը մի քանի ջահել-ջուհուլ վեր ին կացե, գնացե էդ գետը ձուկ կալնելու։ Տենում են, ըհը՜, հրեն թագավորը իրա նազիր֊վեզրի հեննա էկավ ըտերանք ման գալու: Էդ թոռչիքը իրեք լավ ձուկն ին կալե. բերում են տալի թագավորին փեշքաշ: Թագավորն էլ վեր ա ունում, տալի նազրին.
— Ա՛ռ,— ասում ա,— էս ձկննրը տա՛ր, տո՛ւ աղջկանս, ղաթի հիվանդ ա, բալի սիրտն ուզում ա, թո՛ղ խաշիլ տա՛ ուտի։
Էս նազիրն ա՝ ձկները վեր ա ունում, բերում թագավորի ամարաթը. գնում ա մի էրծաթե սինու մեջ, տանում ա տալի թագավորի աղջկանը
Աղջիկը որ տենում ա, հարցնում ա.— Էդ ձկները է՞գ են, թե որձ:
— Թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի, ո՛րձ են,— ասոմ ա նազիրը։
— Դե՛ն տարեք, կորցրե՛ք,— ասում ա աղջիկը,— չե՞ք գիտա, որ ես ըսկի որձեղենի էրես չեմ ուզում տենամ, ուր մնաց ուտեմ։
Ձկները էս խոսքը որ լսում են, իրերքն էլ վեր են կենում, պոչների վրեն կաննում, ծիծաղում, էլ եդ շրըփալեն վեր ընկնում: Թագավորի աղջիկը, նազիրը քոմմա մնում են արմացած, թե՝ էս ի՜նչ բաս ա։ Նազիրը վեր ա ունում էդ ձկները, տանում դնում մի տոլար, պահում. ինքն էլ վեր ա կենում, էթում թագավորին մին֊մին նաղլ անում, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։
Թագավորը էս որ լսում ա, բերանը մնում ա բաց: Եննա նազրին հրամայում ա.— Տա՛ր,— ասում ա,— էդ ձկները մի թաքուն տեղ պահա՛. ես, ոնց ըլնի, պտի իմանամ էս ի՞նչ բաս ա, էդ ձկները խի՞ ին ծիծաղում:
Թագավորը եննա եդ ա դառնում սուս ու փուս իրա ամարաթը։ Անց ա կենում մի վախտ՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մախլասի՝ մի տարի, օրեն մի օրը թագավորի աղջիկը կանչում ա նազրին:
— Կէթաս,— ասում ա,— սաղ մեր մհալը ման կգաս, կհարցնես, կտենաս որդե իմ անումը չեն տալի, ինձ չեն ճանանչում, կգաս կասես, որ ես ընդե մարդի էթամ:
— Լա՛վ,— ասում ա նազիրը։— Ճամփի թադարեք ա տենում, վե կենում, ընկնում ճամփա։
Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի գեղ։ Դուս ա գալի հանդը, տենում հրես մի ծեր մարդ, մըն էլ մի ջահել տղա չութ են անում։
— Էթամ նրանց կուշտը,— ասում ա,— մի քիչ դինջանամ, հաց-մաց ուտեմ, էլ եդ վե կենամ էթամ իմ ճամփեն:
Էդ չութ անողն էլ էն Չութչին ա ըլնում, որ մի իմաստուն տղա ա ունենում:
Էդ իմաստուն տղեն թագավորի նազրին որ տենում ա, հորն ասում ա.— Ա՛յ հեր, հրես տենում ես, թագավորի նազիրը գալիս ա. որ գա քեզ բան հարցնի՝ ջուղաբ տո՛ւ․ մարդ ա, որ ինձ էլ բան հարցնի, ես ի՛նչ ասեմ՝ չբարկանաս:
— Լա՛վ,— ասում ա,— ա՛յ որդի, դու գիտաս, ի՛նչ ուզում ես ա՛սա։
Թագավորի նազիրը գալիս ա, հասնում դրանց։
— Բարի աջողում, բա՛րի,— ասում ա նազիրը,— ի՞նչ կա, ի՞նչ չկա. քեֆնե՜րդ, հալնե՜րդ. ո՞նց եք, ի՞նչ եք անում։
— Ջանսաղությո՛ւն, թագավորի նազիրը սաղ ըլնի,— ասում ա Չութչին, — կանք, ապրում ենք, է՛լի։ Խեր ըլնի, բա դո՞ւ էդ ուր ես Էթում,— հարցնում ա։
— Էթում եմ մեր մհալը պտտեմ, տենամ ի՛նչ կա, ի՛նչ չկա. թագավորիցը խալխը հո գանգատավոր չե՞ն։
— Թագավորի նա՛զիրը սաղ ըլնի, — ասում ա Չութչու տղեն,— զուր ես չարչարվում. ինչքամ էկել ես՝ տասն էսքամ էլ էթաս հլա թագավորի աղջկա անումը կա․ զուր տեղը մի՛ էթա, ե՛դ դառ, գնա՛ քու բանին․ դու էլ ես մեղք, ձիդ էլ։
Թագավորի նազիրը տղի էս ջուղաբը որ լսում ա, մնում ա զարմացած, փոր֊փոշման եդ ա դառնում, գալի։ Գալիս ա թագավորի աղջկանը մին֊մին նաղլ անում թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն տեղը մի Չութչի կար, նրա տղեն ըսենց ջուղաբ տվեց։
Թագավորի աղջիկը էս որ լսում ա, մնում ա միտք անելոն, թե էս ի՛նչ բաս ա, էն տղեն խի՛ պտի ընենց ասեր։
Անց ա կենում մի քանի վախտ, էս թագավորի աղջիկը զաստահիվանդ ա տալի։ Աշխարքումը ինչքամ գլուխ հեքիմ ա ըլնում՝ թագավորը բերիլ ա տալի՝ աղջիկը չի լավանում։ Օրեն մի օրը էս աղջիկը հորը կանչիլ տվեց իրա կուշտը։
— Թագա՛վորը սաղ ըլնի,— ասեց,— բա չես ասի՝ էս գշեր էրազումս տեհա՝ մեր տերտերն էկավ, ասեց. «Ա՛յ որդի, քու դեղ ու դարմանը ի՜նչ մենծ բան ա, որ չեք անում. քանի ամիս ա՝ հիվանդ, տեղ ու բարձով թեք ընկած ես. չէ՛ դու էլ մեղք ես, ջահել֊ջիվան ես, աչքդ մուրազի ա։ Ֆլա՛ն դեղումն,— ասեց.— մի Չութչի կա, էդ Չութչին մի մինուճար տղա ունի, պտի էն տղին մորթեք, արինը խմես, որ լավանաս։
— Ա՛յ որդի,— ասում ա թագավորը,— ախար ես ո՞նց բերիլ տամ էդ տղին. իլլաքիմ որ մինուճար ա։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աղջիկը,— թե ուզում ես սաղանամ՝ պտի բերիլ տաս, թե չէ հո՝ դո՛ւ գիտաս:
Թագավորը միտք ա անում, միտք ա անում, տենում ա, որ ճար չկա, պտի էն տղին բերիլ տա, բալի աղջիկը լավանա: Կանչում ա իրա նազրին։
— Մի բեոր ոսկի վե կունես,— ասում ա,— կէթաս ֆլա՚ն գեղը, ընդե մի Չութչի կա, նա մի տղա ունի, էդ բեռը ոսկին կտաս նրան, տղեն կառնես, կբերես, որ մորթենք, աղջիկս նրա արինը խմի, լավանա:
Նազիրը մատը կծում ա։ Թ՝ագավորին գլուխ ա տալի, դուս գալի։ Էգսի օրը ճամփի թադարեք ա տենում, վե կենում, ընկնում ճամփա։
Չութչու տղեն դե իմաստուն էր, է՛լի, էս բանը իմանում ա։ Գալիս ա հորը ասում.— Ա՛յ հեր, թագավորը իրա նազրին ղրկել ա, որ քեզ մի բեռը ոսկի տա, ինձ առնի, տանի թագավորի աղջկա հմար: Որ կգա,— ասում ա,— մի՛ վախի, ոսկին ա՛ռ, ինձ տո՛ւ, տանի։ Արխեին կա՛ց,— ասում ա,— որ ասես, ինձ բան չիլնի. ոնց ըլնի սաղ֊սալամաթ էլ եդ կգամ։
Թագավորի նազիրն ա՝ գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա թագավորի ասած տեղը։ Սրան, նրան հարցնելոն էդ Չութչու տունը գտնում ա, էթում նրա կուշտը։
— Բարո՛վ, բարի՛,— ասում ա նազիրը։
— Բարո՛վ, ասսու հազար բարին,— ասում ա Չութչին,— խեր ըլնի, խի՞ ես էկե,— հարցնում ա։
— Էկել եմ,— ասում ա,— տղիդ տանեմ, թագավորը ուզել ա․ հրես էս մի բեռը ոսկին էլ քեզ փեշքաշ ա ղրկե։
— Տա՛ր, փե՛շքաշ ա,— ասում ա Չութչին,— տղի մալիաթն ինչ ա, որ թագավորիցը խնայեմ,— ասում ա, տղի կուռը բռնում, տալի նազրին։
Նազիրն ա՝ մի բեռը ոսկին տալիս ա Չութչուն, տղին քաշում թարքը՝ յա՜լլա։ Գալիս ա, գալիս ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա թագավորի ամարաթը։ Նազիրը չի ղմշում, որ էդ թավուր գյոզալ տղին մորթենю էլ չի տանում թագավորի կուշտը, բերում ա. իրանց տանը պահում։ Էդ նազրի կնիկը տենում ա՝ մարդը դառը-տխուր նստած ա:
– Ա՛յ մարդ,— հարցնում ա,— խի՞ ես ըտենց մալուլ-մաշկյուլ նստե, ասա տենամ դարտդ ի՞նչ ա։
— Տենո՞ւմ ես էս տղին, ա՛յ կնիկ,— ասում ա նազիրը,– պտի մորթենք, որ ի՛նչ ա թագավորի թաբառուկ աղջիկը սրա արինը խմի, լավանա:
— Տնա՛շեն,— ասում ա կնիկը,— էդ ի՛նչ ա, որ դրա հմար դարտոտե, վարամնոտե նստել ես. հրեն մեր հարևանի տղին էս մի սհաթ չիլնի, որ տարան թաղեցին, եդ դառան. էս գշեր գնա նրա գերեզմանը քանդա, հանա՛, գլուխը կտրա՛, բե՛, եննա մի ոչխար մորթա՛, արինը լցրա՛ մի ամանի մեջ, էս տղի շորերն էլ արնոտ արա՛, տա՛ր թագավորի աղջկանը շանց տո՛ւ, ա՛սա. «Մորթել եմ, արինն էլ հրես բերե». նրանք շատ գիտա՜ն, թե էդ ընչի արին ա:
— Զորա՜նաս, ա՛յ կնիկ,— ասում ա,— լավ խելք սարվացրիր. ըտենց էլ կանեմ։
Էդ նազիրը կես գշերին վեր ա կենում էթում գերեզմանները, ման գալի, կնկա ասած էրեխի գերեզմանը գտնում, քանդում, հանում, գլուխը կտրում վրիցը, էլ եդ դնում տեղը, ֆորում ու յա՜լլա՝ դպա տուն ա կրնկում։ Գալիս ա տուն, մի ոչխար ա մորթում, մի խոր աման լիքը էդ ոչխարի արնիցը վեր ունում, էդ տղի հին-մին շորերը հանում ա, թաթխում արնի մեջը, առավոտը գշերով-գշերհանա էդ շորերն ու գլուխը վեր ա ունում, տանում դուզ թագավորի աղջկա կուշտը։
— Թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի,— ասում ա,— էրեխուն ինչքամ բշտեցի, հեննեն կռվեցի՝ ճար, իլլաճ չէլավ, չէկավ, ես էլ վե կալա ճամփին մորթեցի. հրես էս ա՛րինը, էս գլո՛ւխը, ըս էլ շո՛րերը։
Թագավորի աղջիկը վեր ա ունում արինը խմում, ասում.— Օխա՜յ, անջախ մի սիրտս հովացավ:
Անց ա կենում մի վախտ, օրեն մի օրը թագավորը կանչում ա իրա նազրին:
— Մի շաբաթ քեզ մհուլ,— ասում ա,— պտի իմանաս՝ էն ձկները, որ բերիր տվիր աղջկանս, խի՞ ին ծիծաղում, դրանով ի՞նչին ուզում ասի:
— Աչքիս վրեն, թագա՛վորը սաղ ըլնի,— ասում ա նազիրը։
Թագավորին գլուխ ա տալի, թողում դուս գալի։ Էթում ա իրանց տունը, էլի դառը-տխուր, նոթերը կիտած նստում ա:
Չութչու տղեն Էս որ տենում ա, հարցնում ա.— Բի՛ձա,— ասում ա,— խի՞ ես ըտենց նոթերդ կիտե, ա՛սա տենամ դարտդ ի՞նչ ա:
— Է՜յ, ա՛յ որդի,— ասում ա,— էս քեզ ասեցի, իմ դարտին ի՞նչ դարման պտի անես:
— Է՛լի հենց, ա՛սա տենամ, բալի իմ խելքն էլ ա մի բան կտրում։
Նազիրը ըստե նստում ա մին-մին տղին նաղլ անում թագավորի հրամանը:
Տղեն էս որ լսում ա, ասում ա.— Էդ ի՞նչ մի դժար բան ա, որ դրա հմար դարտ ես անում. մի՛ վախի, ես դրա ջուղաբը կտամ։
— Ղո՞րթ,— հարցնում ա նազիրը:
— Ղո՛րթ,— ասում ա տղեն.— թագավորը թող ինձ կանչի, էն ե՛ս գիտամ ինչ որ կասեմ:
Նազիրը էս որ լսում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնամ: Էգսի օրը էթում ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։
— Հը՛, ի՞նչ խաբար ա,— հարցնում ա թագավորը,— ինչ որ հարցրել ի՝ գտա՞ր, թե չէ:
— Հա՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— գտա:
— Դե ա՛սա տենամ,— ասում ա թագավորը:
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես չեմ ասողը. մեր տանը մի ջահել տղա կա, նա պտի ասի. թե կհրամայես, էթամ բերեմ:
— Գնա կանչա՛ գա,— ասում ա թագավորը։
Նազիրը էթում ա էն իմաստուն տղի կռնիցը բռնում, բերում թագավորի ամարաթը։ Տղեն ջուխտ ձեռը դնում ա դոշին, խորը գլուխ տալի, ընդե կաննում։
— Դե ա՛սա տենամ, իմ ջուղաբը դո՞ւ պտի տաս։
— Հա՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— որ ասեմ՝ հո չե՞ս փոշմանի:
— Չէ՛, չեմ փոշմանի,— ասում ա թագավորը։
— Ասե՞մ,— թազադան հարցնում ա։
— Ասա՛,— ասում ա թագավորը:
— Ասե՞մ։
— Ասա՛։
— Լա՛վ, թագա՛վորն ապրած կենա, հլա կա՛ց մի հեքաթ ասեմ, եննա քու ջուղաբը կտամ:
— Ասա՛,— ասում ա թագավորը։
«Կըլնի, չլընի,– ասում ա,– մի թագավոր: Էդ թագավորը ո՛նչ տղա ա ունենում, ո՛նչ աղջիկ, մախլասի՝ ըսկի զադ չի ունենում. ինքն ա ըլնում՝ մի Տուդի-ղուշ։ Ո՛ւր էթում ա, ի՛նչ անում ա՝ էդ Տուդի-ղշի հեննա ա մասլահաթ տենում։ Օրեն մի օրը թագավորը հաց ուտելիս ա ըլնում, էդ Տուդի-ղուշն էլ փանջարումը նստած ա ըլնում, մըն էլ տենում ա՝ մի ուրիշ Տուդի-ղուշ թռավ, էկավ իրա ղշի կուշտը, կտուցը նրա կտցին քսեց, շլնքովը փաթթվեց, էրկսով էլ լաց էլան, եննա ծիծաղացին, էն նոր էկած Ղուշը մի քիչ կացավ, թռավ, գնաց։ Թագավորը էս որ տեհավ, մնաց արմացած:
— Էն ի՞նչ ղուշ Էր,– հարցրեց թագավորը,– ընչի՞ վրեն լաց էլաք ու վերջը ընչի՞ վրեն ծիծաղացիք։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց Տուդի֊ղուշը,— էն Ղուշը իմ աղպերն էր. էկավ ասեց. «Հերներս մեռել ա»։ Է՛հ, սիրտ էր, ջիգյար էր, մռմռաց, լաց էլանք։ Եննա էլ ասեց․ «Նշան եմ գրվե, թագավորիցը իզին ա՛ռ, ա՛րի հարսանիք»։ Դե՛, աղպերս էր, էս որ իմացա՝ ուրախացա, խնդացինք, ծիծաղացինք․— Թագա՛վորն ապրած կենա, հմի թե իզին կտաս՝ կէթամ, թե չէ հո՝ չէ:
— Գնա՛,— ասեց թագավորը,— համա թե՛զ եդ դառ։
Տուդի-ղուշը թագավորին գլուխ ա տալի, թռնում, էթում։ Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը էդ Տուդի-ղուշը եդ ա դառնում, գալի։ Գալիս ա թագավորին գլուխ ա տալի, կտցիցը մի գունդ թուղթ ա վե քցում: Թագավորը վեր ա ունում, բաց անում, տենում ի՜նչ՝ իրեք հատ խնձորի կորիզ։ Կանչում ա իրա կատեպանին, թամբահ թամբահի վրեն անում, թե. «Էս իրեք կորիզը կտանես ընենց բելլու տեղ կցանես, որ ղուշ, հավ, զադ չմոտանա»։ Կատեպանը թագավորին գլուխ ա տալի, կորզները վեր ունում, տանում մի տալդա, ոտից հեռու տեղ ցանում, ոնց որ պետքն էր՝ ջրում, մուղաթ կենում: Անց ա կենում մի քանի վախտ՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ խնձորի կորզները դուրս են գալի, ամեն մինը մի-մի եքա ծառ դառնում, էնքա՜մ էլ խնձոր են տալի, որ էլ հա՜լ ու հեսաբ չկար: Օրեն մի օրը թագավորի կատեպանն ասում ա. «Էթամ տենամ խնձորները հասել ա, թե չէ»։ Վեր ա կենում, էթում հիքին, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, վերջը գալիս ա էդ խնձորենքանց տակին կաննում. տենում ա կարմրել են, էն ա հա՝ հասնելու վրա են. վարավուրդ ա անում, տենում գեննին մի մենծ կարմիր խնձոր վեր ընկած: Վեր ա ունում, ասում ա. «Տանեմ թագավորին շանց տամ»։ Դու մի՛ ասի էդ խնձորը օձը յաղել ա։ Կատեպանը էթում ա թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— խնձորները հասնելու վրա են. էս մինը ձառի տակին գտա, վե կալա բերի, ա՛ռ տես լա՞վն ա։
Թագավորը խնձորը ձեռիցն առնում ա, տապակ անում, հենց ուզում ա դնի բերանը, նազիր-վեզիրը չեն թողում.
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— բալի դեղած ա, աղար մի ուրշի տո՛ւ ուտի՝ եննա դու կե՛։
Նազիր-վեզիրը մի ֆորթ են բերիլ տալի, էդ խնձորը քցում աղտքը։ Ֆորթը խնձորը ուտելու բաշտան միջիցը տրաքում ա, վեր ընկնում։ Թագավորը էս որ տենում ա, հերսոտում ա. էն սհաթը տեղիցը վեր ա կենամ, Տուդի-ղշի ճիտը կտրում, քցում էն դիհը. եննա նազիր-վեզրին հրամայում ա՝ իրա իքու չորս դիհը մենծ հասար քաշեն, որ մարդ-մադաթ չմննի էն խնձորիցն ուտի։
Էդ դեղումը մի նախրչի ա ըլնում, ունենում ա մի կնիկ։ Էդ նախրչին իրա կնկանը ըսկի օր չէր տալի։ Ասսու իրան օրը, գշերով֊գշերհանա վեր էր կենում, կնկանը լավ ջարդում, ծեծում, նոր նախիրը տանում հանդը. ընենց էլ իրիկունը, որ եդ էր գալի, էլի թազադան ծեծում, սալջարդ անում, նո՛ր հաց ուտում, թեք ընկնում քնում։ Էդ խեղճ կնկա ճարը կտրվում ա, գշեր, ցերեկ սուգ ու շիվան ա անում, մնում ա գլխի վրեն մոլորած, թե էդ մարդի ձեռիցը ո՞նց պրծնի։ Մի օր էլ, որ դանակը ոսկորին ա հասնում, ասում ա. «Ո՛նց անեմ, որ մեռնեմ, էս աշխարքիցը պրծնեմ» բիրդան միտն ա ընկնում, որ թագավորի բաղչի խնձորները յաղված են, որ մարդ ուտի, ալբիալը կմեռնի։ Մարդը որ էթում ա հանդը, ինքն էլ վեր ա կենում, էթում դպա թագավորի բաղչեն։ Բաղչի չորս գիհը ման ա գալի, դե՛ս ա էթում, դե՛ն ա էթում, տենում ա՝ հրես մի խռվակ: Ուսուլով էդ խռվակովը մննում ա բաղչեն. դե՛ս, դե՛ն ա մտիկ տալի, տենում ա մարդ-մադաթ չկա, վռազ-վռազ մի խնձոր քաղում ա, էլ եդ դուս ա գալի, էթում։ Էթում ա, չոլի մեջտեղը կաննում. ասում ա. «Ըստե ուտեմ, որ մարդ չիմանա»։ Ուտում ա, պրծնում, տենում ա ի՞նչ՝ հրես դհա ջահելացավ, դառավ ոնց որ մի տասնըհինգ տարեկան աղջիկ: Խեղճ կնիկը մնաց մոլորած, գլխին վա՜յ տալոն։
— Ես կերա,— ասեց,— որ մեռնեմ, պրծնեմ էս աշխարքիցը, դհա ջահելացա։
Սուս ու փուս գալիս ա, իրանց դռան աղացին կաննում։ Իրիկունը մարդը տուն ա գալի, տենում ա՝ դռանը մի ջահել, սիրուն աղջիկ կաննած ա, կնկանը չի ճանանչում. մննում ա տուն, քունջ ու պուճախ ա ընկնում, տենում ա կնիկը տանը չի: Էթում ա հարևաններին ա հարցնում, նրանք էլ կնկա տեղը չեն իմանում. վերջը ճարը կտրած, գալիս ա էդ աղջկանն ա հարցնում.
— Ա՛ղջի,— ասում ա,— էս տան կնկանը հո չե՞ս տեհե:
— Ե՛ս եմ,— ասում ա,— էս տան կնիկը. ի՞նչ ես ուզում։
— Չէ՛, ջա՛նըմ, ի՜նչ ես ասում. իմ կնիկը յաշն առած կնիկ էր, դու ջահել աղջիկ ես։
Աղջիկը երդում, կրակն ա ընկնում, թե. «Ես քու կնիկն եմ, որ քու կնիկն եմ», մարդը չի ավատում:
— Դե՛ որ իմ կնիկն ես,— ասում ա մարդը,— արի՛ էթանք տուն։
— Էթա՛նք,— ասում ա։
Կնկա կռնիցը բռնում ա, քաշ տալի նեքսև։ Տանում ա տուն, տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ սըխկում ա՛, սալջարդ անում, վե քցում, նոր ինքը թեք ա ընկնում, քնում։ Էս խեղճ կնիկը մնում ա գլխին, ոտին տալոն։
— Ես յաշով կնիկ ի,— ասում ա,— մարդս ասսու իրան օրը ծեծում էր, հմի ջահելացա, դհա բեթար ա ծեծում, չեմ գիտա ինչ անեմ, ո՛ր ջուրն ընկնեմ, որ պրծնեմ նրա ձեռիցը։
Առավոտը որ լիսանում ա, մարդը նախիրն աղաքն ա անում, էթում հանդը, կնիկը մտքի հեննա ա ընկնում, միտք ա անում, միտք ա անում, վերջն ասում ա. «Էթամ թագավորին գանգատ, աղաչանք անեմ, մարդիս կանչի, խրատի, բալի ինձ չծեծի»։
Դասը-տխուր վեր ա կենում, էթում դուզ թագավորի ամարաթը: Էթում ա թագավորի խնամաքարի վրեն նստում:
Թագավորի նազիր-վեզիրը դուս են գալի հարցնում.— Ա՛յ կնիկ,— ասում են,— ի՞նչ ես ուզում, խի՞ ես էկե:
— Էկել եմ թագավորի կուշտը գանգատ,— ասում ա կնիկը։
Նազիր-վեզիրն էթում են թագավորին իմաց տալի, թե.— Մի ջահել, սիրուն կնիկ էկել ա, ուզում ա քեզ տենա. թո՞ղանք գա, թե չէ:
— Թողեք գա,— ասում ա թագավորը,— տենամ ի՛նչ ա ուզում:
Էթում են կնկանը բերում թագավորի կուշտը: Կնիկը թագավորին գլուխ ա տալի ընդե կաննում։
— Ա՛յ կնիկ,– ասում ա թագավորը,— դարտդ ի՞նչ ա, ա՛սա տենամ:
Խեղճ կնիկը նստում ա ըստե մին-մին, տեղը տեղին նաղլ ա անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի: Թագավորը էս որ լսում ա, մնում ա զարմացած։
— Դրո՞ւստ ես ասում, որ իմ բաղի խնձորիցը կերար, ջահելացար,— հարցնում ա թագավորը։
— Դրո՛ւստ, թագա՛վորն ապրած կենա,– ասում ա կնիկը։
Թագավորը էն սհաթը նազիր-վեզրին ղրկում ա հանդը, որ էթան էն նախրչուն կանչեն, բերեն։ Էթում են, գտնում, կանչում, բերում թագավորի կուշտը։ Եննա մարդ ա ղրկում իրա բաղչի խնձորիցը բերիլ տալի, որ բերում են, տալիս ա նախրչուն, ասում ա՝ կե՛: Նախրչին աղաք չեմ ու չում ա անում, չի ուզում ուտի, համա թագավորը որ զոռում ա, վեր ա ունում, ուտում: Ուտում ա թե չէ՝ջահելանում ա, դառնում տասնըհինգ տարեկան տղա։ Թագավորը էս որ տենում ա, մնում ա սառած նախրչու ու նրա կնկա էրեսին մտիկ անելոն. շատ ա գլխին վա՛յ տալի, դարտ անում, համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացե։ Նախրչուն էլ մի լավ խրատում ա, ասում ա՝ կնկանը չծեծի, սերով ապրի հեննեն ու էլ եդ ճամփու դնում իրանց տունը»։
— Թագավորն ապրած կենա,– ասում ա իմաստուն տղեն,– հմի տե՛ս, ոնց որ էդ թագավորը փոշմանել ա, ընենց էլ դու կփոշմանես՝ որ ասեմ խի ին ծիծաղում էն ձկները:
— Չէ՛,— ասում ա թագավորը,— չեմ փոշմանի, ա՛սա:
— Ա՞սեմ,– հարցնում ա էլի տղեն։
— Ա՛սա,— ասում ա թագավորը։
— Ա՞սեմ,— հարցնում ա վրա իրեք հետը:
— Ա՞սա,— ասում ա թագավորը։
— Բաս որ ըտենց ա, թագա՛վորն ապրած կենա, քու թագավորությունը իրեք սհաթ պտի տաս ինձ:
— Քեզ փե՛շքաշ ա,— ասում ա թագավորը։
Էն սհաթը թախտիցը վեր ա գալի, տղին նստացնում իրա տեղը թագավոր: Էդ տղեն ա՝ թագավորին իրա կշտին նստացնում ա, հրամայում ա նազիր֊վեզիրը, ամարաթի մարդիքը քոմմա թոփ ըլնեն։ Բիրադի կիտվում են, թագավորի չորս գիհը նստոտում։ Եննա տղեն հրամայում ա, որ թագավորի աղջիկը իրա ղարավաշներին առնի, գա։ Թագավորի աղջիկը ղարավաշներով վեր ա կենում. գալի ամարաթի մեջտեղը կաննում։
— Ա՛ղջի,— ասում ա հերը,— մի՞տդ ա, որ ֆլա՛ն տարին հիվանդ իր, սիրտդ ձուկն ուզեց, իմ նազիրը գնաց իրեք ձուկը բերեց, համա դու չկերար։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աղջիկը,— դու չես գիտա, որ ես որձեղենի էրես չեմ ուզում տենամ, ուր մնաց թե ուտեմ։
Իմաստուն տղեն էս որ լսում ա, հրամայում ա թագավորի աղջկա ղարավաշներին տկլորացնեն։
Թագավորի աղջիկը աղաք ա գալի, չի թողում.— Ո՜նց կըլնի,— ասում ա,— աղջիկ֊խիզան են, էոքամի աղաքին ո՞նց շորները հանեն։
— Էդ քու բանը չի,— ասում ա թագավորը։— Հանե՛ք շորները,— հրամայում ա։
Հանում են ի՜նչ տենում՝ ղարավաշները քառասունն էլ տղա են։ Թագավորը, նազիր-վեզիրը քոմմա մնում են սառած, իրար էրեսի մտիկ անելոն։
— Դե հմի տե՞հար, թագավորն ապրած կենա,— ասում ա իմաստուն տղեն,— հմի իմա՞ցար խի ին ծիծաղում էն ձկները:
— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի թագավորը։
Ջանլաթները էն սհաթը գալիս են ընդե կաննում։
— Էս սհաթին քառասնի գլուխն էլ կտրե՛ք,— հրամայում ա թագավորը։
Ջանլաթները քառասնի գլուխն էլ թռցնում են: Եննա թագավորը հրամայում ա՝ իրա աղջկանը տանեն քցեն մի հացատուն, օրը մի կտոր հաց տան, քանի սաղ ու կենդանի ա՝ ընդե մնա, արևի էրես չտենա: Թագավորը վեր ա կենում էդ իմաստուն տղի ճակատը պաչում, մի քանի բեռը ոսկի ա տալի, էլ եդ ճամփու դնում իրա հոր կուշտը։
Ասսանից իրեր խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ անկաջ դնողին։
- ↑ Տպագիր տեքստում հաջորդում է՝ իրար, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.)։