Չուտողի մալը ուտողին հալալ ա

Չուտողի մալը ուտողին հալալ ա

41. ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Ա

Մի հարուստ մարդ առավոտը դուս ա գալի էթում բազար՝ տան հմար զադ-մադ առնելու: Էս մարդը ջեբումը ունենում ա մի ոսկի, մըն էլ մի կոպեկանոց։ Ճամփին սրան մի աղքատ ա ռաստ գալի, ողորմություն ուզում։ Էս մարդը ձեռը ջեբն ա տանում, որ մի կոպեկանոցը հանի տա աղքատին՝ ոսկին ա ձեռն ընկնում, ու չունքի վռազում էր, մըկ էլ մտիկ չի անում՝ տալիս ա, անց կենում։

Բազարումը զադ առնելիս ձեռը տանում ա ջեբը, որ ոսկին հանի, խուրդա անի, տենում ա՝ ոսկի չկա, մենակ մի կոպեկանոց ա։

Նոր գլխի ա ընկնում, որ աղքատին ա տվե։

Էն սհաթը գալիս ա էն աղքատին գտնում, աղանչաք անում.– Ա՛յ բարի,— ասում ա,— էն վախտը քեզ փող տալիս շըշկլվեցի՝ մի կոպեկանոցի տեղակ ոսկի տվի. չի՞լնի եդ տաս։

Աղքատը օրգում, կրակն ա ընկնում, թե չէ՛, իրան ոսկի չի տվե. հրե՛ս, ուզում ա գա, տենա իրա փողերը։ Հարուստն էլ բան չի ասում. ղրաղ ա քաշվում ու մի տեղ տափ կենում, որ տենա աղքատը ո՞րդի ա էթում՝ ինքն էլ եննուցն էթա: Նրա բախտիցը՝ աղքատն էլ ջուխտ աչքով մայիֆ ա ըլնում։

Իրիկունը աղքատն ուրախ-ուրտխ էթում ա տուն, հարուստն էլ նրա եննուցը։ Աղքատը էթում ա, էթում՝ մտնում մի տուն, հարուստն էլ նրա եննուցն ա մննում։ Աղքատը տախտի տակիցը չորս բղուղ ա հանում՝ մեջները լիքը փող, որի մեջ սև փող, որինը՝ սիպտակ, որինը՝ մանեթանոց, որինն էլ՝ ոսկի ու սաղ օրվա հավաքած փողերը իրանց տեղերն ա ածում. սև փողը՝ սև փողի վրա, սիպտակը՝ սիպտակի, մանեթանոցը՝ մանեթանոցի։ Էն նոր բերած ոսկին էլ ծըրընգալեն քցում ա ոսկըքանց վրեն:

«Ա՛ռեք,— ասում ա,— ո՛սկիք, ձեզ ըսօր մի թազա ընկեր էլ եմ բերե»։

Աղքատն էլ եդ րըղըզները դնում ա տախտի տակը, ինքն էլ պառկում քնում։ Հարուստը էլ վախտ չի կորցնում, տախտի տակիցը ուսուլով չորս չորս բղուղն էլ վեր ա ունում, դուռը բաց անում ու ծլկվում։

Առավոտը որ լիսանում ա թե չէ՝ աղքատը էլի դուս ա գալի աղքատություն անելու։ Սաղ օրը ինչ որ հավաքում ա՝ հավաքում, իրիկունը էլ եդ տուն ա գալի։ Տախտի տակիցը ուզում ա փողի բղըղները հանի, որ հավաքած փողերը իրանց տեղերն ածի՝ մնում ա սառած, որ տենում ա՝ ո՛նչ փող կա, ո՛նչ զադ։ Շատ ա գլխին տալի, լաց ըլնում, համա ձեռը զադ չի ընկնում։

Մի օր էլ էս աղքատը բազարի դռանը ողորմություն էր կիտում։ Էն սրա փող տանող հարուստ մարդը տեհավ թե չէ՝ ճանանչեց. կանչեց տարավ աշպազխանեն, իրա փողովը կերակուր ածիլ տվեց նրա հմար, տվեց ուտի։

Աղքատը ի՛նչքամ զոռ էր անում[1], կերակուրը բողազովը կուլ չէր էթում։

Աղքատը ինքն իրան միտք արեց. «Բա՞լի էս իմ փողն ա, որ կուլ չի էթում․ կա, չկա՝ էս մարդն ա փողերս գողացե»։ Էթում ա դուզ էն հարստի յախեն ղայիմ բռնում․— Աղպե՛ր,— ասում ա,— իմ փողերը դու ես գողացե՝ տո՛ւ։

— Ջանը՜մ, գյո՜զըմ,— ասում ա հարուստը,— ես քեզ լավություն արի, որ դու նրա տեղակ ինձ վրա հլա[2] շառ էլ քցե՞ս։

Աղքատը կռիվ, ղալմաղալ.— Չէ՛, իմ փողերը դու ես տարե, որ դու ես տարե։

Հարստին քաշ տալոն տանում ա թագավորի կուշտը։

Թագավորը հարցնում ա.— Բա՛բի, ի՞նչ ես ուզում։

— Թագավորն ապրած կենա, էս մարդը փողերս գողացել ա, չի տալի:

— Ո՞րդիան գիտաս, որ սա՛ ա գողացե,— հարցնում ա թագավորը:

— Չունքի ես իմ փողովը որ զադ ի առնում՝ ըսկի բողազովս կուլ չէր էթում։ Հմի էս մարդը բազարումը ինձ կերակրի ղոնաղ արեց՝ չկարացի ուտեմ, կուլ չգնաց․ էրևում ա, որ գողացած փողերս էս մարդի կշտին ա:

— Թե որ դու փողը քեզ կուլ չի էթում,— ասում ա թագավորը,— բա՛ էլ քու ընչի՞ն ա պետք. հազի՛ր թող նա՛ բանացնի՝ ում կուլ ա էթում։ Գնա՛, բա՛րի, գնա՛ բանիդ․ քու փողը էս մարդին իրա մոր ծծի կաթի նման հալալ ա,— ասում ա թագավորը ու ջուղաբ անում։

  1. Տպագիր տեքստում՝ զոռում էր. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ դեռ. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):