Պաղեստինի ոստը
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Պաղեստինի ոստը
Ասա՛ ինձ, ո՛ստ Պաղեստինի,
Ո՞ւր ես բուսել, ո՞ւր — ծաղկել.
Ո՞ր բըլուրի կամ ո՞ր հովտի
Զարդարանք ես դու եղել։
Արևե՞լքն է արդյոք շոյել
Քեղ յուր շողով ոսկեվառ,
Եվ Հորդանան բունըդ ցողել
Յուր ջըրերով զովարար.
Թե՞ քամին է աղմկելով
Խոր գիշերվա խավարում,
Քեզ օրորել լի ցասումով
Լիբանանու լեռներում։
Աղո՞թք էին արդյոք ասում,
Թե երգ երգում վաղեմի,
Երբ քո սաղարթն էին հյուսում
Խեղճ որդիքը Սաղեմի։
Եվ կա՞ դեռ այն արմավենին
Լայնատերև գանգուրով,
Անցորդներին նա տապ օրին
Պարգևո՞ւմ է հով ու զով։
Թե քեզ նըման նա՛ էլ թոշնել
Անջատման մեջ հեգ, տըրտում.
Եվ սաղարթն է նորա դեղնել
Հովտի փոշուց անկըշտում…
Ասա՛, ո՞ւմ ձեռքն աստվածավախ
Քեզ բերել է այս աշխարհ.
Տըխրե՞լ է նա արդյոք հաճախ,
Եվ ջերմ լացել քեզ համար։
Թե՞ նա տիրոջ զինվոր էր քաջ,
Ճակտին կընիք մաքրության.
Մարդկանց միջում, աստծո առաջ
Նա՛ էլ, քեզ պես, երկնարժա՜ն։
Խնամվա՜ծ անտես՝ դու կանգնած ես
Հանդեպ այս սուրբ պատկերի,
Հավատարիմ պահնորդի պես,
Ո՛ստ սրբազան աշխարհի։
Կիսախավա՜ր, կանթեղի՜ լույս.
Խա՜չ, տապանա՜կ—սո՞ւրբ նշան…
Ո՛ղջ շնչում են խինդ, սեր ու հույս
Քո չորս բոլո՜ր, քո վերա՜ն։