ՊԱՅՏ


Քաղաքի արվարձաններից մեկում՝ Արմենավան,
աչքս հանդիպեց ձիու մի պայտի,
կորված,
իսկը՝ մարմնամարզուհու բարակ մեջք,
վերցրի,
փետրախոտի հյուսաթելով կախեցի իմ պարանոցից։

Ու թեպետ ոտքերով չեմ ճանապարհ գնում վաղուց,
ու թեպետ թեւերով չեմ ճանապարհ գնում վաղուց,
ու թեպետ քարշ չեմ գալիս ու չեմ սողում երբեք,
համոզված եմ՝ պայտը, անշուշտ, կպաշտպանի ինձ
եւ չի թողնի մաշեն ինձ ուղիները
միշտ տանող ու
երբեք չբերող։

Աստղերի վրա վարգում են մանկության ձիերը,
ճանապարհը իրեն շտկում է,
եւ պայտից թռչող կայծերը լուսավորում են իմ ուղին։