Հիսուսն էշի վրա նստած Երուսաղեմ էր իջնում:

Հանդեսը փառավոր էր, բայց էշը կաղում էր: Պատճառն այն էր, որ խեղճ անասունը քարոտ տեղերից անցնելու ժամանակ` մի պայտը կորցրել էր:

Եվ ժողովուրդը պատմում է, թե Հիսուսը բավական շփոթված էր, տեսնելով, որ գրաստը գայթելով ու կաղալով էր գնում, տեղ-տեղ էլ սպառնում էր նրան ցած նետելու:

Բայց հանկարծ, որտեղից որ էր, ժողովրդի միջից դուրս թռավ մի պայտար, կանգնեցրեց Հիսուսին, կռացավ արագությամբ, բարձրացրեց գրաստի ոտը և մի քանի րոպեի մեջ այնպե՛ս լավ պայտեց նրան, որ Քրիստոսը ժպտաց գոհունակությամբ ու ասաց պայտարին.

— Ապա՛, պայտար, խնդրիր ինչ կամենաս, և ցանկությունդ կկատարվի:

Ասում են, որ Հիսուսին աներևութապես ընկերակցող հրեշտակներից մեկը կռացավ պայտարի ականջին և փսփսաց, որ նա երկնային արքայությունը խնդրեր: Սակայն մարդը շատ էլ իդեալիստ չէր. բացասական կերպով գլուխը շարժեց և ասաց Քրիստոսին.

— Տեր, ես մի խեղճ պայտար եմ. մի տոպրակ, մի աթոռ ունիմ և տանս կողքին էլ՝ մի ընկուզենի: Ցանկանում եմ, որ աթոռիս վրա նստողը՝ տոպրակիս մեջ մտնողը և ընկուզենու վրա ելնողը՝ չկարողանան պոկ գալ, դուրս գալ և իջնել, մինչև որ անունովդ չհրամայեմ ես նրանց:

Հիսուսը ժպտաց, օրհնեց նրան և ասաց.

— Թող կատարվի քո ցանկությունը:

Եվ անցավ գնաց։

* * *

Ապրեց պայտարն երկար տարիներ իր խրճիթի մեջ, ընկուզենու ստվերի տակ, հանգիստ ու առատ: Մենակ էր թեև, ունեցածն էր մի աթոռ, մի խղճուկ տոպրակ և գործիքներ, բայց եկամուտը լավ էր, և նա շատ էր սիրում կյանքը:

Հենց այդ էր պատճառը, որ մի օր խրճիթի դռանը նստած, երեկոյան հովը վայելելիս, երբ տեսավ հեռվից դեպի իրեն եկող հոգեառ հրեշտակին. սիրտը թունդ ելավ, սկսեց դողալ և մտածում էր, թե ինչպե՞ս ազատվի այդ անկոչ հյուրից:

Բայց հրեշտակը մոտ եկավ, ողջունեց, ժպտաց ու ասաց.

— Դե՜հ, պայտա՛ր, բավական ապրեցիր. այժմ ելիր, վերջին աղոթքդ կատարիր, որովհետև հոգիդ տանելու եմ: -շ

— Օ՛հ, իմ հրեշտա՜կ,— հառաչեց պայտարը,— մի՞թե այդպես շուտով հարկ է կյանքը թողնել, ես դեռ ապրել եմ ուզում, նայիր մե՛կ, ինչպես լավ է այս բոլորը— բնությունն ու հովը, լեռներն ու դաշտերը...

— Այո՛, խոսք չունիմ, լավ է. բայց ի՞նչ արած, պայտար, ճակատագիրդ այդ է, հարկ է հոգիդ տալ:

Չէ՛, տեսավ պայտարը, որ ո՛չ խնդիրքը և ո՛չ էլ բանաստեղծությունը օգնեց իրեն: Պահ մի տխուր մտածեց, հետո մեկե՛ն, մտքի ծայրահեղ լարումի շնորհիվ, մտաբերեց օգտվել Հիսուսի տված շնորհներից:

— Լավ ուրեմն, հրեշտա՜կ,— ասաց նա քաղաքավարությամբ,– հրամմե՛, նստիր քիչ այս աթոռի վրա, մինչև ես աղոթքս կատարեմ:

Եվ չոքեց աղոթելու: Հրեշտակը հոգնած էր, նստավ աթոռի վրա:

Նստավ-չնստավ, զգաց, որ բռնվել էր: Ճիգ գործեց ելնելու, թևերը թափահարեց, բայց զարմացած տեսավ, որ ջանքերն իզուր էին, և որ նա լավ բռնված էր:

— Այս ի՞նչ է, պայտար, ի սեր աստծո,— գոչեց նա սարսափած,— ես մեխված եմ կարծես, ազատի՛ր ինձ...

— Էհե՛, պարո՛ն հրեշտակ, ազատե՞մ քեզ,— ծիծաղեց պայտարը,— ի՞նչ արած, որ այդպես եղավ, ճակատագիրդ այդ էր...

Հրեշտակն աղաչեց, խնդրեց, պաղատեց և վերջ ի վերջո հոգին պայտարին թողնելու գնով ազատվեց ու սոսկումով շտապեց երկինք:

Պայտարն ազատված էր այս առաջին անգամը: Ազատ շունչ առավ և օրհնեց այն րոպեն, երբ մտածել էր Հիսուսի էշին պայտել:

* * *

Մինչև այդ, հոգեառ հրեշտակը ճանապարհին գունավորվելով, սոսկման թելադրության տակ խնդիրը մեծացնելով, պատմեց ամենքին պայտարի արածը, և երկինք հասած, գունաթափ՝ կանգնեց աստծո առաջ:

Աստված ծիծաղեց, խիստ զվարճացավ,— ասում է ժողովուրդը,— բայց իրավունք չտվավ ուժ գործադրելու:

— Եթե կարող եք,— ասաց նա,— խորամանկությամբ հոգին առեք, գործ դրեք հնարքներ, բայց երբե՜ք ուժ:

Եվ այն ժամանակ դժոխքի չար ոգիների մի խումբ, մի խորամանկ խումբ, հրաման խնդրեց պայտարին գնալ և նրա հոգին առնել, պայմանով միայն, որ այդ հոգին դժոխքը տարվեր:

— Շատ լավ,— հրամայեց աստված,— եթե կարողանաք՝ առանց ուժի նրա հոգին հանել, թող ձե՛ր բաժինը լինի:

Եվ ահա տեսավ պայտարը, որ մի խումբ սև, այլանդակ ոգիներ, միմյանց գլխի վրայից ոստնելով, միմյանց առաջը կտրելով՝ գալիս էին դեպի իր կողմը:

— Հո՛, հո՛...— մտածեց նա,— այժմ դևերն են գալիս: Հիսուսի պայտարը չլինեմ ես, եթե հրեշտակին խաբելուց հետո սրանց գլխին էլ մի խաղ չխաղամ:

Ու կեղծավոր, խոնարհ, աղերսալից կերպարանք ստանալով՝ շտապեց դիմավորել սև ոգիներին:

— Ա՛յ դու անամոթ, աներե՛ս պայտար,— ձայնեց հեռվից խմբապետը,– ինչպե՞ս ես համարձակվում հոգիդ ամուր բռնել և հոգևոր հրեշտակին խաբել... Դեհ, այժմ հրաման է աստծուց, որ այդ խորամանկ հոգիդ մեր ձեռքը հանձնես... Տղերք,— դարձավ նա իր հետևորդներին,— հեռու կացեք այդ աթոռից և տեսնենք ինչպե՜ս սա իր հոգին չի տալ:

Այդ ճառից հետո սև ոգիները խրճիթ լցվեցին, պայտարին շրջապատեցին, ճիչ ու աղմուկով ականջ խլացրին և հոգին պահանջեցին:

Պայտարը թեև սկզբում շատ վախեցավ, բայց երբ դևերի ճիչն երկար տևեց, սրտապինդ դարձավ և գոչեց.

— Փոքր-ինչ ցա՛ծ խոսեցեք, պարո՛ն դևեր, ականջս խլացավ... ի՞նչ է ձեր ասածը, հոգի՞ս եք ուզում: Շատ լավ, խոսք չունիմ. սակայն դուք ինչո՞վ կարող եք հաստատել, որ աստծուց եք ուղարկված և ոչ թե ինքնագլուխ եկողներ եք:

— Սրա՛ն նայեցեք,— աղաղակեց մեկը,— համարձակվում է կասկածել. ուզում է մե՛զ էլ խաբած լինել:

— Բոլորովին ոչ,— ասաց պայտարը,— եթե դուք հաստատեք, որ աստված է ձեզ ուղարկել, համեցեք, հոգիս ձեզ տամ:

— Ինչպե՞ս հաստատենք, անմի՛տ,— հարցրեց խմբապետը,— գնանք վկայակա՞ն բերենք քեզ:

— Բայց ո՛չ, շատ հեշտությամբ կարող եք հաստատել: Ես մի տոպրակ ունիմ, ահա, տեսե՛ք. եթե բոլորդ կարողացաք այնքան փոքրանալ, որ առանց ձեռք, ոտք կամ գլուխ դուրս թողնելու տեղավորվեք նրա մեջ, դա ինձ համար ապացույց կլինի, որ աստված է ձեզ ուղարկել, ապա թե ոչ` կորեք գնացեք և աստծու անունը թող ոչնչացնե ձեզ...

Ասաց, ձեռքերը մեջքին դրավ և հպարտ սպասեց:

— Տղե՛րք, սա տխմար է,— ճչաց խմբապետը,— ինչ կա դյուրին մեզ համար, քան փոքրանալը: Մենք չե՞նք միթե, որ տասնյակներով տեղավորվում ենք մարդկանց սրտերի մեջ և ապրում այնտեղ... Դե՛հ, եկեք այս տխմարին ցույց տանք մեր ուժը...

Ու մտավ տոպրակը: Մյուսներն էլ` ետևից: Այլևս ո՛չ մի ձեռք, ոտք կամ գյուխ դուրս չմնաց:

— Հը, տեսա՞ր,— ձայնեց ներսից խմբապետը:

— Տեսա,— քրքջաց պայտարը: Հետո մեծ մուրճն առավ և փառավոր կերպով սկսեց ջարդել նրանց կողերը:

Դևերը ճչացին, ճիգ գործեցին դուրս թռնելու տոպրակից, բայց իզո՛ւր. բռնված էին և լա՛վ բռնված:

Աղաչեցին, լացին, հառաչեցին և խնդրեցին, բայց պայտարը այնքա՛ն ծեծեց նրանց, մինչև որ թևեըր թուլացան.

— Թո՛ղ մեզ,— գոչում էին դևերը,— թո՛ղ գնանք, հոգիդ քեզ մնա, չե՛նք ուզում այդ անիծած հոգիդ. տանենք, որ դժոխքը տակնուվրա՞ անի...

Այն ժամանակ պայտարը հանուն Հիսուսի` արձակեց նրանց, և դևերը լեղապատառ, ճիչ ու աղմուկով, այնպե՛ս շուտով կծիկը դրին, որ պայտարի քրքի՛ջն անգամ չլսեցին:

Պայտարն ազատված էր այս երկրորդ անգամն էլ: Ազատ շունչ առավ և նորից օրհնեց ա՛յն րոպեն, երբ մտածել էր Հիսուսի էշը պայտել:

Եվ երկար ժամանակ ո՛չ երկնքի և ո՛չ էլ դժոխքի պատգամավորներից մեկը սիրտ արավ մի երրորդ փորձ անել և պայտարի հոգին տանելու գալ:

Ժողովուրդը պատմում է սակայն, որ բավական ժամանակ անցած, դժոխքի մի ամենախորամանկ զավակ, լավ խորհելուց հետո, հրաման խնդրեց աստծուց մի փորձ ևս անել և պայտարի հոգին առնելու գնալ:

Հրամանը ստացավ: Կեղծության դիմեց, հրեշտակի կերպարանք առավ և իջավ պայտարի մոտ:

Պայտարը հասկացավ, որ այս անգամ մի շատ խորամանկ և հանդուգն ոգու հետ գործ ունի, որովհետև եկվորը ո՛չ աթոռին էր մոտ գնում, ո՛չ տոպրակին և ո՛չ էլ խրճիթն էր ուզում մտնել:

— Հոգիդ տուր,— կրկնում էր նա և համառությամբ մնացել էր դրսումը կանգնած:

Հրավիրեց նրան պայտարը նստելու, խրճիթ մտնելու, բայց ոգին ժպտալով գլուխը թոթվեց:

— Ո՛չ,— ասաց նա,— ինձ խաբել չես կարող, հոգիդ տուր և վերջակետ դնենք բոլոր խորամանկություններիդ:

Պայտարը խորհեց քիչ, հետո ցույց տալով, որ այլևս ճար չունի, ջլատվածի և հուսաբեկի նման ասաց.

— Էլ ի՛նչ արած, պարո՛ն հրեշտակ, քեզ խաբել չի լինում, հոգիս առ տար: Բայց թո՛ւյլ տուր ինձ մի վերջին անգամ աղոթել: Հետո, գիտե՞ս, ես շատ վախկոտ եմ. թո՛ւլյլ տուր ինձ չոքել այս ընկուզենու տակ և երբ ես վերջին խոսքն էլ ասեմ, ելիր ծառի վրա և այնտեղից հոգիս առ ու տար:

Ու սկսեց այնպես լալ և հեկեկալ, որ խորամանկ ոգին ուրախացավ, թե հաղթել էր: Ելավ ընկուզենու վրա, նստեց ու սպասեց:

Բայց հազիվ թե նստել էր, զգաց, որ խաբվել էր: Քիչ մնաց ուշքից գնար: Որքան աշխատեց պոկ գալ, անհնար եղավ:

Չաղաչեց այլևս: Կռացավ դեպի պայտարը և ասաց.

— Խաբեցիր ինձ ևս, պայտար, հոգիդ քեզ մնա թող. միևնույնն է, դու ինձ ընդմիշտ ոչնչացրիր, որովհետև կյանքումս ես չէի խաբվել այդպես, թող տուր ինձ գնալ...

— Ահա այդպե՛ս...— հպարտացավ պայտարը,— հանուն Հիսուսի գնա և պատմիր ընկերներիդ, որ հեշտ բան չէ Քրիստոսի պայտարի հոգին հանելը...

Եվ ելավ ոգին ու հուսահատ, կաղնիկաղ հեռացավ: Իսկ պայտարը հպարտ, ապահով այլևս, սկսեց կյանք վարել և բոլոր հոգեառների վրա ծիծաղել...

Այստեղ կանգ է առնում ժողովրդի զրույցը և այստեղ էլ սկսում է գրողի հանդգնությունը: Նրան թվում է, թե զրույցը լրացած չէ, քանի որ պայտարը վերջ ի վերջո անշուշտ հոգին տվավ, մեռավ:

Բայց ինչպե՞ս, ո՞վ էր ուրեմն հոգեառը, ո՞ր հանդուգնը և ո՞ր խորամանկը, որ արավ այն, ինչ չէին արել երկնքի և դժոխքի ոգիները:

Ահա թե բանն ինչումն էր:

Մի օր պայտարը մտածեց այլևս մենակ չմնալ, տուն ու տեղ լինել և կին ունենալ:

Ու գտավ այդ կինը: Գեղեցիկ, գրավիչ, կոկիկ մի կին էր, որ խրճիթ մտնելուն պես, ըստ կանացի սովորության, սկսեց ամեն ինչ տակնուվրա անել: Նախ հնացած աթոռը փշրեց ու վառեց, հետո տոպրակից թոնիրի սրբիչ կտրտեց շինեց, իսկ ընկուզենուն, գտնելով շատ հնացած ու տգեղ, կտրտեց-ձգեց...

Խեղճ պայտարը առյուծի լեղի՞ էր կերել, որ կարողանար դիմադրել կնոջ:

Եվ կինն այնպիսի՛ դրության մեջ դրեց այնուհետև թշվառ պայտարին, որ սա սրտնեղած, տանջված, դառնությունով լցված` ինքը խնդրեց աստծուն՝ իր հոգին առնել...

Եվ աստված նրա հոգին առավ: Իսկական հոգեառը, այսպիսով, միայն կինը եղավ...