Պատասխան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյին

Պատասխան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյին

11. ՊԱՏԱՍԽԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՆՈՂԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն լրագիրների միջողով հայտնում էր, որ «նպատակ ունենալով ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ», նա «խնդրում է բոլոր ցանկացողներին ուղարկել իրանց հողվածները բյուրոյին՜ զետեղելու համար ռուս մամուլի օրգաններում»:

Այս առիթով ես գրեցի «Մշակ»-ում այն մարդկանց մասին, որոնք, վերջերս նույն միանգամայն գովելի նպատակն ունենալով, այնուամենայնիվ «արջի ծառայություն» են մատուցանում մեր հայրենիքին, որովհետև մեծ մասամբ դրանք իրանք անծանոթ են Հայաստանի անցյալին ու ներկային: Լավ ճանաչելով ներկայիս հայ ուսանողությանը՝ ես ասել էի, որ վերը հիշած գովելի նպատակին դժբախտաբար չի կարող ծառայել Մոսկվայի ուսանողությունը, քանի որ նա ինքը կարոտ է այդպիսի ծանոթության։

Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, համաձայնելով, որ հայ ուսանողությունը ընդհանուր առմամբ անծանոթ է Հայաստանի անցյալին ու ներկային, սակայն առարկում է, որ նույնը չի կարելի պնդել ուսանողական բյուրոյի անդամն՛երի նկատմաւմբ, «քանի որ նրա (բյուրոյի) կազմի մեջ կան շատ անձինք, որ ունեն հայկական միջնակարգ կրթություն»...

Տարաբախտաբար այս հավաստիացումը բոլորովին չի մխիթարում ինձ և բնավ չի փարատում իմ կասկածը այդ բյուրոյի կարողության նկատմամբ, և այդ տրամաբանությունը, որ բանեցնում է այստեղ ուսանողական բյուրոն, ինձ անընդունելի է թվում։ Ես երբեք բարձր կարծիք չեմ ունեցել «հայկական միջնակարգ կրթության» վերաբերմամբ և այժմ էլ չեմ փոխել իմ այդ ոչ բարձր կարծիքը հայ միջնակարգ դպրոցների տված նույնիսկ «հայագիտական կրթության» նկատմամբ։ Այն հայագիտությունը, որ տալիս է «հայկական միջնակարգ դպրոցը», իմ համոզմամբ միանգամայն անգոհացուցիչ պետք է համարել, երբ խոսվում է ռուս հասարակությանը Հայաստանի անցյալին ու ներկային ծանոթացնելու մասին։

Հավատացնում եմ ձեզ, որ իմ այդ համոզումը հայկական միջնակարգ կրթության վերաբերմամբ ուրախություն չի պատճառում ինձ, և միևնույն ժամանակ ինքս համոզված եմ, որ միայն ես չեմ, որ այդպիսի «ոչ բարձր» կարծիք ունեմ հայ միջնակարգ կրթության մասին։ Սակայն եթե դուք ասեք ինձ, որ «հայ ազգի 90%-ը» կարծում է, թե ձեր «հայկական միջնակարգ կրթությունը» գրավական է ձեր հայագիտական կարողություններին, ես դարձյալ համոզեցուցիչ չեմ համարի այդ տոկոսային արգումենտը։ Որովհետև ես երբեք չեմ կարող կարծել, որ մեկի մտածության սխալը կարելի է հաստատել մատնանշելով այն հանգամանքը, որ մեծամասնությունը հակառակ մտածողություն ունի։ Եվ դրա համար ինձ թվում է, որ դուք արդարացի չեք, երբ ասում եք, որ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանին» վերաբերող գաղափարները սխալ են կամ, ինչպես դուք եք արտահայտվում, «անտեղի» են, որովհետև «Հայ ազգի 90%-ը տարերային ուժով ձգտում է դեպի նյութական Հայաստան»:

Իհարկե ես համաձայն չեմ այն մտքին, թե իբր հայ ազգի մեծամասնությունն է ձգտում դեպի նյութական Հայաստանը։ Սակայն եթե մի րոպե ենթադրելու էլ լինեմ, որ այդ այդպես է, դարձյալ դա չի կարող իբր արգումենտ ծառայել «Հոգևոր Հայաստանի» գաղափարը «անտեղի» հայտարարելու, որովհետև ոչ միայն մի ազգ, այլ հաճախ բովանդակ մարդկությունը սխալվում է, և մեծամասնության կողմնակցությունը մի կարծիքի համար՝ նրա ճշմարտության առհավատչյան չի կարող լինել բնավ։ Այս նախադասությունից, որ միայն օրինակ է, հուսով եմ` չպիտի հաճիք մակաբերելու, որ ես չափից դուրս «ինքնահավան» եմ. թեպետ` երբ ես ասել էի, որ դուք անձեռնհաս եք ռուս հասարակությանը Հայաստանին ծանոթացնելու, դուք հնարավոր էիք համարել պնդելու, որ այդ ասությամբ իսկ՝ ես ինքս ինձ քաջ, կամ՝ ինչպես դուք եք ասում՝ «մենաշնորհյալ» հայագետ եմ համարում։

Եթե ես մեկին ասում եմ, որ նա աստղաբաշխ չէ, իհարկե, դրանով չեմ ուզում ասել, որ ես աստղաբաշխ եմ, այնպես չէ՞։

Այն «միջնակարգ դպրոցում», ուր ես եմ սովորել, այդպես էին սովորեցնում տրամաբանությունը։

Դուք ասում եք, որ պնդելով, թե հայ ուսանողությունը անձեռնհաս է ռուս հասարակությանը Հայաստանին ծանոթացնելու, ես դրանով ցույց եմ տալիս «պահպանողական» տարրերին հատուկ վերաբերմունք դեպի ուսանողությունը և ծանր վիրավորանք եմ հասցնում ուսանողության։ Կուզեի հավատացնել, որ արտահայտելով իմ կարծիքը կտրուկ և անկեղծ կերպով՝ ես ոչ մի առիթ և նպատակ չեմ ունեցել բնավ վիրավորելու ձեզ, ինչպես նպատակ չեմ ունեցել վիրավորելու որևէ առանձին ինտելիգենտի, երբ խոսել եմ կամ, ինչպես դուք եք ասում, «հարձակվել» հայ բուրժուական ինտելիգենցիայի վրա։ Սակայն պետք է ավելացնեմ, որ ինձ թվում է, թե ես այնքան փոքրոգի չեմ, որպեսզի վախենամ «պահպանողական» կամ այլ դույնանման մականունից (եթե ձեզ հաճելի է այդպես անվանել ինձ), եթե միայն ես համոզված եմ, որ այդ անունը կրողների կողմն է արդարությունն ու ճշմարտությունը։ Բայց իրոք, ինձ թվում է, որ Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, որին այդքան լավ հայտնի է հայ ազգի կարծիքը, ինքն անխոտոր կերպով գնում է հայ բուրժուազիայի և բուրժուական ինտելիգենցիայի հետևից, երբ «անտեղի» և «անընդունելի» է համարում հոգևոր Հայաստանի գաղափարը և «տարերային ուժով ձգտում է դեպի նյութեղեն Հայաստանը»… ինձ թվում է, որ ի վերջո հայ դեմոկրատիայի, ինչպես և ամեն մի դեմոկրատիայի համար «Հայաստանի» (ազգի) հարցը կուլտուրայի (այսինքն «հոգևոր») հարց է։

Դա ցույց կտա ապագան, երբ մտքերը կպարզվեն, երբ մտքերին տիրող մշուշը կանցնի, երբ, հուսով եմ, ես հնար կունենամ ավելի ազատ արտահայտելու իմ գաղափարները, որոնք, ինձ թվում է, ավելի մոտ պիտի լինեն հայ դեմոկրատիայի իդեալներին, քան այն Հայաստանի գաղափարը, որ առաջադրում է հայ բուրժուազիայի և նրան հարող ինտելիգենցիայի «90 %-ը»: Եվ դրա համար ցավում եմ, որ դուք «անտեղի» եք համարում իմ «հանդես գալը», այսինքն իմ ազատ կարծիք ունենալն ու այն արտահայտելը։ Ցավում եմ մանավանդ նրա համար, որ դուք այդպիսով հարում եք նրանց, որոնք կուզեին Հայաստանում ջնջել ամեն ազատ, անկախ միտք ու կարծիք, բացի իրանց մտքից ու կարծիքից, մինչդեռ դուք ասում եք, որ դուք «հայ ինտելիգենցիայի ամենաերիտասարդ ներկայացուցչական մարմինն եք» կազմում։

Հ. Գ. — Թույլ տվեք հիշեցնելու ձեզ, որ մամուլի մեջ, որքան ինձ հայտնի է, ընդունված չէ որևէ գրողի կեղծանունը բանալ։