Պատկերներ

I
Դռնապահ էր պանդուխտ Կարոն
Աղա֊հարուստին,
Ցերեկները բակն էր հսկում,
Գիշերը՝ պադեզդին,
Եվ մուշտակը գլխին քաշած
Բաց երկնքի տակ,
Սըրթսրթալով քամուց֊ձյունից,
Պառկած էր մենակ։
Մայթի վրա փողոցին կից
Կարծես քնած էր,
Վա՜յ իր հալին․․․ քունն էլ աչքից
Վաղուց փախած էր։
Եվ այն ժամին, երբ հարուստը
Տաք ննջարանում
Անուշ նիրհն էր իր վայելում,
Գանձեր երազում,
Խեղճ պանդուխտը ձյուն ու քամու
Տակ էր հորանջում
Եվ Մարոյին իր հիշելով,
Դառն հառաչում։
― «Յարա՜բ Աստված, մրմնջում էր,
Մինչ ե՞րբ այսպես մնամ,
Արդյոք կըգա՞ մի օր, ե՛ս էլ
Իմ վաթան դառնամ»։

II
Հառաչում էր խեղճ պանդուխտը
Թոքերի խորքից,
Նա դըրժել էր իրա ուխտը ―
Հետ կանգնել խոսքից։
Նշանածին խոստացել էր
Շուտ վերադառնալ,
Ռըսի հողում դեռ հույս ուներ
Նա հարուստանալ։
Սակայն անցավ քանի ամառ
Իբրև բեռնակիր՝
Նա չըկըրցավ վերադառնալ
Իր սիրած երկիր։
Ու տանջվում էր ցերեկ֊գիշեր,
Վա՜յ տալով օրին,
Մի քիչ փարա գեթ վաստակեր ―
Հասցներ յարին։
Բայց իզուր ջանք․․․ տարիքն անցան
Մեկ֊մեկու ետքից,
Թըշվառը դեռ չազատվեցավ
Համետի տակից։
Եվ մի սև օր նա լուր առավ,
Թե իր Մարոյին
Քրդի բեկը հարեմ տարավ՝
Փոխարեն պարտքին։
Է՛լ չդիմացավ խեղճ պանդուխտը
Այս դառն լուրին,
Կախեց կրծքից իր համետը
Զոհվեց գիժ Քուռին։

1895