Պատմություն (Առաքել Դավրիժեցի)/Գլուխ Գ
Երկու կաթողիկոսն էլ՝ Դավիթն ու Մելիքսեթը, և այն մարդիկ, որ նրանց հետ էին, երբ տեսան թե իրենց և Սրապիոն վարդապետի մեջ միաբանություն չեղավ, մանավանդ թե միաբանության փոխարեն խռովություն ևս ընկավ, ելան Ջուղայից, գնացին Տաթևի վանքը և այնտեղ մնացին տասն օր, մտածեցին, խորհեցին, որպեսզի գուցե մի հնար գտնվի, կաթողիկոսությունից չզրկվեն, այլ կաթողիկոսությունը մնա իրենց ձեռքում, և որևէ կերպ ազատվեն պարտատերերի ձեռքից։ Խորհուրդ արին, բայց ոչ տիրոջ միջոցով ըստ գրվածի, ի կորուստ իրենց և ի կործանում և տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջև արված հաստատությամբ, որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ-Աբաս։
Սրանց՝ շահի մոտ գնալու պատճառը հետևյալն էր. նրանք հավաստի և ստույգ գիտեին, թե շահը պատրաստվել է գալու Հայաստան, որովհետև սրանցից առաջ Ատրպատականից շատ մարդիկ՝ իշխաններ, կուսակալներ՝ մահմեդական և քրիստոնյա գնացել էին պարսից թագավորի մոտ, քանի որ խիստ չարաչար նեղությամբ նեղում էին նրանց օսմանցիները ծանր հարկապահանջությամբ, կեղեքումով զրկում էին ու կողոպտում, իրենց հավատքի նկատմամբ խստություն էին բանեցնում և այլ բազմապիսի տանջանքներով չարչարում էին ոչ միայն հայոց, այլև վրաց և մահմեդական ազգերին։ Այդ նեղությունների համար գնացին պարսից թագավորի մոտ, որպեսզի գուցե նրա միջոցով թեթևություն գտնեն՝ ազատվելով օսմանցիների ստրկությունից։
Քրդերից Ղազի խան անունով մեկը, որ մեծ իշխան և կուսակալ էր մարերի երկրում[1], նեղվելով օսմանցի ազգից, քանի որ օսմանցիք կամենում էին նրան սպանել և նրա իշխանությունը իրենց գրավել, այս պատճառով նա էլ [Ղազի խանը] շահի մոտ ուղարկեց Ավգալ խան կոչված իր հավատարմին, որպեսզի գա, փրկի իրեն, իսկ ինքը անցնի շահի կողմը։
Այսպես նաև մարերի ազգից Ուլամի որդի Հայբաթբեկ կոչված մի այլ իշխան, սա ոչ թե ուրիշի ուղարկեց, այլ ինքը գնաց շահի մոտ։ Նաև վրաց թագավորներն էին կամենում,որ պարսիկները գրավեն երկիրը, քանզի մինչև հոգու խորքը վշտացած էին օսմանցիներից ոչ միայն նրանց նեղությունների, այլ մանավանդ իրենց Սիմոն խան թագավորին բռնելու համար, որին օսմանցիք բռնեցին, տարան Կոստանդնուպոլիս և այնտեղ սպանեցին, այլև սրա թոռին ևս խաբելով տարան Կոստանդնուպոլիս, նրան էլ սպանեցին։ Նաև վրաց այս թագավորները շատ պատանդներ ունեին պարսից թագավորների մոտ. սրանք էին Թիֆլիսի վերոհիշյալ Սիմոն խանի դուստրը և որդին, նաև Կախեթի Ալեքսանդր թագավորի Կոստանդին անունով որդին, Սոմխեթի Աթաբեկ իշխանի Թահմազղուլի անունով եղբայրը և շատ ուրիշներ վրաց ազգից պարսից թագավորների մոտ էին։
Իսկ Աղվանից երկրից և հայոց ազգից գնացին Սարուխան բեկը և իր եղբայր Նազարը Ոսկանապատ[2] գյուղից։ Օզլան քեշիշը և իր եղբայր Ղալաբեկին՝ Հաթերք[3] գյուղից, Ջալալ բեկն իր եղբոր որդիներով Խաչենից[4], Մելիք Սուջումը՝ Դիզակից[5], Մելիք Փաշիկը՝ Քոչիզ[6] գյուղից, Մելիք Բաբան՝ Բրիտաս[7] գյուղից, Մելքիսեթ եպիսկոպոսը՝ Վերին Զակամից[8]՝ Մելիքղատա գյուղից Մելիք Հայկազը՝ Քշտաղսի[9] գավառի Խանածախ գյուղից։
Նաև չորս գյուղ Դիզակի շրջանից միանգամից թողին գնացին Պարսկաստան, և շահը սրանց բնակեցրեց Սպահան քաղաքում։ Այլև Դաշտ կոչված տեղի ժողովրդի երեք մասը, որ Գողթան գավառում է՝ Ադուլիսին մոտիկ, գնացին Պարսկաստան, և շահը սրանց ևս բնակեցրեց Սպահան քաղաքում։ Իսկ գիղակեցիների և դաշտեցիների գնալու պատճառը ծանր հարկապահանջությունը, կեղեքումը, կողոպտելը, խստություն բանեցնելը և քրիստոնյաներին անխնա սպանելն էր։
Սրանք ամենքն էլ խիստ չքավոր և պարտատուներ էին, մնացել էին ճարահատ, այդ պատճառով փախան գնացին Պարսկաստան։ Այն անձանց անունները, որ հիշատակեցինք, բոլորն էլ նշանավոր մարդիկ էին։ Սրանք և սրանցից ավելի շատերը գնացել էին շահի մոտ։ Կաթողիկոսները այս բանը գիտեին, նաև տեղեկացրել էին, որ շահը հավաստի կերպով գալու է Հայաստան, դրա համար իրենք ևս կամեցան գնալ, որպեսզի մտերիմ երևան շահին, գուցե թե որևէ դյուրություն և օգնություն ստանան նրանից իրենց նեղությունների ու պարտքերի համար։
Այն ժամանակ իբրև ավարտումն բոլոր խորհուրդների Դավիթ կաթողիկոսը և Խորվիրապի Մանվել եպիսկոպոսը մնացին Հայաստանում, իսկ Մելքիսեթ կաթողիկոսը Հավուց թառի Մանվել եպիսկոպոսը և Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսը ելան Տաթևից և ինչ-որ պատճառաբանությամբ գնացին Պարսկաստան։ Եվ երբ նրանք ճողոպրեցին պարսից երկրի սահմանը, անհապաղ շտապեցին գնալ, մինչև հասան Սպահան քաղաքը և ներկայացան Շահ-Աբաս թագավորին, հայտնեցին նրան իրենց խորհրդակցությունը։ Երբ շահը այդ լսեց և հասկացավ, հոգով ցնծաց, մտքով ուրախացավ, մարմնով զվարթացավ, որովհետև այդ օրը նրա ուրախությունը ավելի մեծ եղավ, քան իր ամբողջ կյանքի ընթացքում էր եղել։ Եվ ըստ իր խորամանկ սովորության Շահ-Աբասը սկսեց նրանց մեծարել ու պատվել ընծաներով, թանկագին պարգևներով և օր առ օր իր մոտ էր կանչում նրանց, խոսում էր հետները ըստ նրանց ցանկության և նրանց սրտակից էր դարձնում իրեն, իսկ ինքը իրեն նրանց վստահելի ու բարեկամ էր ձևացնում, խոստանում մեծամեծ բարիքների հասցնել նրանց, և այնքան դատարկ ու պատիր խաբեությամբ իրեն կեղծելով նրանց մտերիմ ցույց տվեց, մինչև որ նրանց սրտերի բոլոր գաղտնիքները դուրս քաշեց, նրանց երկրների վերուդիրը և իշխանավոր անձանց իմացավ։ Եվ երբ իմացավ, որ իրոք նրանց սրտինը այն է, ինչ որ բերանով խոսում են, հրաման տվեց իր զորավարներին զորքը պատրաստել մեկնելու համար։ Իսկույն շուտափույթ հրամանը կատարվեց։ Այնուհետև ամբողջ զորքը շարժվում է դեպի Թավրիզ՝ օսմանցիների զորքի վրա, որ այնտեղ էին բնակվում և գրավել էին Թավրիզը ու նրա գավառները:
Եվ երբ շահը ելավ Սպահանից Թավրիզ գալու, հանվանե վերոհիշյալ մարդկանց բոլորին առավ իր հետ, և արագընթաց ու օդասլաց երիվարներով Սպահանից ելնելով՝ շուտով քիչ օրերի ընթացքում հասավ Թավրիզ։ Օսմանցիների զորքը բնավ չիմանալով պարսիկների գալը, որովհետև ոչ թև շատ օրերի ընթացքում, այլ քիչ օրերում հասավ Թավրիզ։ Իսկ երբ Շահ-Սբասը հասավ Թավրիզ, բանը հաջողակ ստացվեց նրա համար, որովհետև Թավրիզի Ալի Փաշա անունով տերը, որ այդ երկրի պաշտպան, օսմանյան բոլոր զորքերի հրամանատարն էր, իր ողջ քսան հազար զորքով հավաքվեցին միասին, գնացին Սալմաստ գավառը նախապես հիշատակված քուրդ պարոնի՝ Ղազի խանի վրա, որովհետև օսմանցիներին հայտնի էր եղել, որ Ղազի խանը հեռացել է օսմանցիների դաշինքից, դարձել է պարսիկների դաշնակից, և իր հավատարմատարին՝ Ավդալ խանին ուղարկել է շահի մոտ։ Այս պատճառով օսմանցիների զորքը հավաքվեց և գնաց Սալմաստ Ղազի խանի վրա։ Իսկ Ղազի խանը օսմանցիների զորքի հասնելուց առաջ ելավ Սալմաստից, գնաց Ուրմի գավառը և մտավ Ուրմիի ծովակում գտնվող մի անառիկ բերդ, որ կոչվում է Գոգարչին բերդ[Ն 1] և այնտեղ ամրացավ։ Իսկ Ալի փաշան ու օսմանցիների զորքը գալով Սալմաստ՝ տեսան, որ Ղազի խանը գնացել է Ուրմի, իրենք չգնացին Ուրմի, որովհետև նախ կամեցան Սալմաստի այն երկրամասն ու բերդը գրավել, ենթարկել իրենց իշխանության և հետո գնալ Ուրմի Ղազի խանի վրա, քանի որ Սալմաստի երկրամասում կար մի ամուր բերդ, որը կոչվում էր Ղառնիյարուխ։ Սրա շուրջը կռիվ բորբոքեցին և մինչև երեք ամիս օսմանական զորքը մնաց այնտեղ, պատերազմեցին բերդի դեմ, բայց չկարողացան գրավել։
Այն օրերին, երբ օսմանցիները Ղառնիյարուխ բերդի դեմ ճակատամարտում էին, շահը եկավ հասավ Թավրիզ: Քաղաքը թողեց, անցավ եկավ օսմանցի զորքերի դեմ։ Իսկ օսմանցիք, երբ զգացին պարսիկների գալը և ստույգ իմացան, որ շահը ինքն է, քանի որ նախապես կարծում էին, թե ինչ-որ զորապետ է, իսկույն բերդի դեմ ճակատամարտը դադարձրին, դարձան եկան Սոֆիան գյուղի մոտ և այնտեղ Սոֆիանի դաշտում, հանդուգն բախումով խմբավորվեցին ճակատամարտի։ Այդ ճակատամարտում մեծ քաջություն ցույց տվեց Ուլամի որդի Հայբաթ բեկը, որովհետև այս ճակատամարտում շահի առջև քսան գլուխ բերեց։ Իբրև գիշակեր ու անկուշտ գազան նորից մտավ ճակատամարտի մեջ, բայց այդքան շատ արշավանքների ու չարչարանքների պատճառով հոգնել էր նրա երիվարը. օսմանցի զինվորները շրջապատելով իրենց միջև նիզակափակ արին նրան և այնտեղ Հայբաթ բեկին զարկին սպանեցին։ Պարսից զորքերը այս տեսնելովք՝ երկյուղ կրեցին, որով թեթև կերպով պարտված երևաց պարսից կողմը։ Եվ շահը իսկույն իր առջև կանչեց Զուլֆիղար մեծ խանին ու քաջալերելով սրտապնդեց նրան և հրավիրեց ճակատամարտի։ Իսկ նա շահի քաջալերանքներից սիրտ առնելով մտավ ճակատամարտի ասպարեզը և մեծ զորությամբ հարվածեց ու ջախջախեց օսմանցիների զորքերը։ Պարսից զորքերը տեսնելով այս՝ ընդհանրապես բոլոր կողմերից հարձակվեցին, սրահար արին, առհասարակ բնաջնջեցին բոլորին, դիատապաստ թափեցին դաշտերում, իսկ մնացածները փախչելով կորան։ Իսկ Ալի փաշան տեսնելով իր կողմի պարտությունը և այն, թե ստույգ շահը ինքն է, իր հետ առավ որդուն և եկավ ընկավ շահի ոտքերը, աղաչում էր ազատության համար։ Իսկ շահը սիրով ու գթասրտությամբ ընդունեց նրան ու մեծ պատվով իր մոտ էր պահում ու իր հետ էլ Սպահան տարավ։
Ճակատամարտը տանելուց հետո շահը եկավ մտավ Թավրիզ: Գրավելով տիրեց քաղաքին ու բոլոր գավառներին։ Իսկ քաղաքամիջի բերդը տակնուվրա արեց, ամբողջը հիմքից քարուքանդեց։ Այնտեղ մնալով որոշ օրեր՝ մինչև ողջ երկիրը նվաճեց իր իշխանության տակ, նշանակեց իշխաններ ու գործադիրներ երկրի բոլոր սաՀմաններում։
Իսկ օսմանցիների մնացած զորքերը, որ Թավրիզ քաղաքից փախան և պատերազմից ազատվեցին, գնացին հավաքվեցին Նախիջևան քաղաքում։ Նախիջևանի զորքերի հետ խորհրդակցեցին [և եկան այն եզրակացության], թե պարսից թագավորը այս երկրի համար է եկել, և ինչպես էլ լինի, վերջը այն է, որ նա մեր ձեռքից այս երկիրը առնելու է։ Արդ՝ նախքան նրա գալը մենք կողոպտելով, ավարելով հափշտակենք այս գավառի գյուղերից ինչքան որ կարող ենք, առնենք գնանք։ Նրանց այս խորհրդակցությունը հայտնի դարձավ գավառների գյուղացիներին, մանավանդ Ջուղայի [բնակիչներին]։ Այս մտադրությունը առանձնապես Ջուղային էր վերաբերում, այդ պատճառով բոլորը դուրս եկան իրենց բնակավայրերից և գյուղամիջից փախան ելան լեռներր, քարայրերը, ամուր վայրերը՝ տեսնելու, թե վերջը ինչ է լինելու։
Այս լուրը Թավրիզում հասավ շահին, դրա համար զորավար նշանակեց Չրադ սուլթանին և մեծ զորքով ուղակեց Նախիջևանի գավառացիներին ապահովելու համար։ Նա եկավ հասավ Ջուղա։ Երբ օսմանցիները այս տեսան, ձախողվեցին իրենց մտադրությունների մեջ։ Թեպետ ոչ շատ, բայց օսմանցիք ինչ որ կարողացան կողոպտել մերձակա գյուղերից, կողոպտեցին, ավարեցին և հավաքվեցին Նախիջևանում։
Իսկ Նախիջևանում գտնվողները՝ թե սպայակազմը և թե գյուղացիները, երբ լսեցին Թավրիզի գրավումը և այնտեղի զորքի պարտությունը, նաև այն, թե պարսիկները պատրաստվում են իրենց վրա արշավելու, լեղիները ջուր կտրեցին, սրտերով լքվեցին և ձեռնթափ եղան։ Իսկ օսմանցիների այն զորքերը, որ Թավրիզից փախան և եկան Նախիջևան, չկարողացան այնտեղ մնալ և դիմադրել, ի սիրտ և հոգի բռնվեցին երկյուղով, հապճեպ տագնապալից ելան Նախիջևանից եկան, իրենց գցեցին Երևան քաղաքը։ Եվ Երևանի բերդի հարավային կողմում նրան կից պարիսպ քաշեցին, շինեցին մի այլ բերդ և իրենք մեջը մտան ռազմական հանդերձանքով։
Այս տագնապալից օրերում այն օսմանցիք, որոնք պարտք էին տվել Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսներին, բռնեցին Սրապիոն կաթողիկոսին և նրանից էին պահանջում իրենց ինչքը՝ ասելով, թե մեր տված պարտքը Աթոռի վրա է, որի հաջորդը ու կաթողիկոսը դու ես, հարկ է, որ դու վճարես մեզ։ Ու նա թեպետ արդարացի ու իրավացի շատ խոսքերով պատասխանում էր, սակայն նրանք չէին լսում։ Նաև կամենում էին նրան ևս իրենց հետ բերդը տանել. բայց աստծու ողորմությունը օգնեց, որովհետև ոմանց շատ, ոմանց քիչ ինչքեր տվեց և ազատվեց նրանց ձեռքից, որ չտարան բերդը, մնաց գավառում, մինչև շահը եկավ Երևան։
Շահ-Աբասը իր գալուց առաջ Թավրիզից Զուլֆիղար խանին ուղարկեց Նախիջևան՝ մնալու այնտեղ և տիրելու քաղաքը մինչև իր գալը։ Զուլֆիղար խանը գնաց և արեց այն պես։ Եկավ, նախիջևանի բերդի մոտ բանակ գրեց, նստեց, այնքան մոտ էր, հրացան կրակեին, գնդակը կհասներ։ Այդ պատճառով Զուլֆիղար խանի բարեկամները ասացին նրան, թե զգույշ պահիր քեզ, որպեսզի օսմանցիք հրացանով չխփեն քեզ։ Սրանց պատասխանեց ժպտալով և օսմանցիներին անարգելով, թե նրանց հրացանը իմ աչքերին կդիպչի: Ապա երկրորդ օրը Նախիջևան քաղաքի իշխանների մոտ պատգամավորներ ուղարկեց, թե հրացան կամ նետ մի արձակեք, որովհետև ես քիչ մարդկանցով գալիս եմ ձեզ մոտ ձեզ հետ բանացելու իրավունքով և օրենքով։ Եվ առնելով իր հետ քսան հոգի՝ բանակից դուրս եկավ ու ոտքով գնաց քաղաք։ Հասնելով քաղաքադռանը՝ նստեց այնտեղ։ Երբ նրա մոտ հավաքվեցին քաղաքի բոլոր իշխանները, Զուլֆիղար խանը այնժամ ասաց օսմանցի իշխաններին. «Արդ ու՞մ հույսին կամ ո՞ր օրվան եք սպասում, քանի որ ոչ թե ես եմ եկել ձեր դեմ պատերազմելու, կամ թե ինձ նման մի խան, այլ ինքնակալ թագավորն է մեծ բանակով եկել և իր երկիրն է պահանջում։ Իսկ դուք ի՞նչ ուժով կարող եք դիմագրել ու նրա դեմ պատերազմել։ Արդ՝ բարեկամի խոսք եմ ասում ձեզ, քանի որ ինձ այսպես բարի լինել է թվում նաև ձեզ բարի պետք է թվա: Հենց այժմ դուք բոլորդ ձեր ընտանիքներով ու ունեցվածքով ելեք, խաղաղությամբ գնացեք և համառելով մի հակառակեք ու պատերազմեք, որովհետև միգուցե պարտվեք ու մատնվեք ոչնչացման, իսկ ձեր ընտանիքները գերություն տարվեն և ձեր ունեցվածքը ավարի ենթարկվի։
Այդ ժամանակ իշխանները և օսմանցիք համաձայնեցին ու նրանից խնդրեցին սահմանված օրեր, որ քաղաքից ելնեն. խանը այդպես էլ արեց։ Այնուհետև բոլոր օսմանցիները սկսեցին Նախիջևան քաղաքից ելնել և բանակ դրին քաղաքի մի կողմում, մինչև որ բոլորը հավաքվեցին այնտեղ։ Եվ մինչդեռ օսմանցիները դուրս էին գալիս քաղաքից, ղզլբաշի[10] զորքերից զորականներ եկան ու կանգնեցին քաղաքադռանը, միայն հրացան եղած զենքն էին առնում օսմանցիներից և ուրիշ ոչինչ։ Բացի դրանից ամեն ինչ և իրենց զենքերը օսմանցիք առան գնացին։ Քաղաքի զորականներից բազմաթիվ մարդիկ եկան Զուլֆիղար խանի մոտ ու ասացին. «Սրանք, որ դուրս են գալիս գնում, բնիկ այս քաղաքից չեն, այդ պատճառով գնում են, ինչ վերաբերում է մեզ, մենք բնիկ այս քաղաքից ենք ու չենք կամենում այստեղից գնալ, մինչև այժմ տիրում ու իշխում էր խոնդկարը[11], նրան էինք ծառայում, իսկ այժմ, որովհետև տիրեց և իշխեց Շահ֊Աբասը, կամենում ենք այստեղ մնալ ու նրան ծառայել։ Այս խոսքերը խիստ դուր եկան խանին, սիրով ու գթասրտությամբ ընդունեց նրանց ու կարգադրեց, որ այդպես լինի․ ուստի զինվորները եկան, շուտափույթ հանեցին օսմանցիների տարազը, հարթեցին իրենք իրենց երկայն մորուքները հագան ղզլբաշի տարազը և եղան իբրև վաղուցվա ղզլբաշներ։ Խանը նաև կարգադրեց, որ մունետիկ դուրս գա և քաղաքի մեջ բարձրաձայն հայտարարի, թե այսուհետև տերությունը, իշխանությունը և աշխարհակալությունը պատկանում են շահին, ով որ սիրում է շահին, թող այստեղ մնա անհոգությամբ, իսկ ով որ կամենում է գնալ, թող խաղաղությամբ գնա իր ճանապարհը։ Եվ այս պատվիրանով մնացին քաղաքի մյուս մարդիկ, մինչև որ շահը ինքը եկավ Նախիջևան։
Եվ ինքը շահը մինչ Թավրիզում էր, շատ շտապ աճապարանքով կարգավորեց այդ կողմերի վիճակը։ Եվ իսկույն հրամայեց իր զորապետներին, որպեսզի ճանապարհ ընկնեն և գնան ուղիղ Նախիջևան քաղաքը։ Գալու ժամանակ, երբ հասան Ջուղա գյուղաքաղաքը, Ջուղայի բոլոր րնակիչները բազմաթիվ, զանազան և տեսակ-տեսակ հորինվածքով պատրաստություն տեսած ելան շահին ընդառաջ, ինչպես վայել է թագավորին։ Իշխանները, ծերերը, երիտասարդները զարդարանքներով, զենքերով, ոսկեհուռ սքանչելի հանդերձներով պճնազարդված ընդառաջ էին գնում։ Իսկ նորաբողբոջ դեռահաս մանուկները ոսկի բաժակով անուշահամ ու ազնիվ գինի էին մատուցում։ Քահանաները՝ վառված մոմերով, խունկերով ու կնդրուկներով, և աշխարհիկ երգիչները առջևից ընթանալով ներդաշնակ ձայնով նվագում էին։ Իսկ շահի ընթացուղին զարդարել էին, գետեզրից մինչև խոջա Խաչիկի ապարանքը փռել էին գորգեր թագավորի ոտքերի տակ, թանկարժեք, մեծահարգի ու վայելուչ կերպասներ, որոնց վրայով թագավորը անցավ գնաց խոջա Խաչիկի տունը։ Իսկ այնտեղ տանը խոջա Խաչիկը ոսկե սկուտեղը ոսկով լցրած տված իր որդու ձեռքը մատուցեց թագավորին. նույնպես և Ջուղայի բոլոր մեծամեծերը ընծաներ մատուցեցին, ինչպես վայել է թագավորին։ Շահը այնտեղ մնաց երեք օր, իսկ ջուղայեցիները պատվեցին նրան համադամ կերակուրներով ու ծաղկահամ գինիով։
Իսկ անդնդային վիշապ Շահ-Աբասը, որ հենց որ սկզբից օձաբար էր տրամադրված ընդդեմ քրիստոնյաների, երբ տեսավ սրանց այդքան հարստությունն ու բարեվայելչությունը, սիրտը մաղձով լցվեց, և ներքուստ դառնում էր պիղծ, թե ինչպես պատճառ ու ժամանակ գտնի դավելու նրանց։ Բայց առժամանակ թույնը թաքցնելով՝ երեսանց սրտահաճ էր ցույց տալիս: Երեք օրից հետո Ջուղայից ելավ, գնաց Նախիջևան, մտնելով քաղաքը՝ տիրեց այն առանց պատերազմի, առանց որևէ ջանքի, այնտեղ մնաց քիչ օրեր և նշանակեց իշխանների ու պաշտոնյաներ նրա բոլոր սահմաններում։
Ինքը՝ շահը իր ամբողջ բանակի հետ առաջանալով՝ շարժվեց գնաց Երևան քաղաքի վրա։ Երբ Երևան հասավ, շուրջանակի պատեց, պաշարեց բերդը և ամենևին առանց որևէ չարիքի ու չարչարանքի նստեց նրա շուրջը, որովհետև շրջակա երկրամասը, որ շեն էր ու ամեն բարիքներով լի, գրավել էր և ենթարկել իր հրամանին, ուստի պարսից բանակի բոլոր կարիքները լրացված էին՝ թե մարդկանց, թե կենդանիների. և այսպիսի անհոգությամբ [բերդի շուրջը] նստած սպասում էր։ Երբեմն խստագույն կերպով էր ճակատամարտում, երբեմն շատ թույլ, երբեմն էլ խաղաղության, դաշինքի ու ուխտադրության խոսքեր սուտ երդումով և խաբեբայական առաջարկություններով բերդի ներսն էր ուղարկում, որպեսզի միայն բերդը իրեն տան, իսկ իրենք առնեն իրենց ունեցվածքը խաղաղությամբ գնան իրենց երկիրը։ Բայց օսմանցի զորքերը ականջ չէին դնում շահի խոսքերին, այլ տակավին համբերում էին հույսով, գուցե թե որևէ տեղից մի փրկություն հասնի նրանց։
Այս օրերին շահը հրամայեց պարսից զորքին գնալ Արարատյան երկիրը և նրա բոլոր շրջակա գավառները, ամենտեղից տղամարդիկ հանել, որ կոչվում է ժողովուրդ (ռայաթ)[Ն 2], թե քրիստոնյաներից, թե մահմեդականներից, ինչ ազգից էլ որ լինեն, հավաքել, բերել պարսից բանակը, որպեսզի, պարսից զորքերին մարտակից լինեն, բաղիստր քշեն և այլ գործակցությամբ օգնական լինեն պարսից զորքերին: Եվ ճակատամարտի ժամանակ, երբ հարձակվում էին կամ բաղիստրը հրում վեր, քրիստոնյաներին առաջ էին մղում, հրի ու սրի դեմ էին տալիս, որով կոտորվում էին հայերը երկու կողմերից, առջևից օսմանցիների ձեռքով, իսկ ետևից՝ պարսիկների:
Եվ երբ շահը Թավրիզը գրավեց ու մինչ ինքը այնտեղ էր, այնտեղից Ամիրգունա խանին ուղարկեց Գանձակ, որպեսզի այնտեղ մնալով դիմագրավի օսմանցի զորքերին, որ հանկարծակի չգան և փորձանքի ենթարկեն պարսից բանակը: Իսկ նա Գանձակ գնալով երկու ամիս մնաց ու երբ իմացավ, որ օսմանցիները թույլ են ու չեն կարող այն գրավել, այնժամ Գանձակի երկրից, ուր նա կարողացավ հասնել, հրո ճարակ արեց և որով ոչնչացրեց՝ ոմանց կոտորեց, ոմանց կողոպտելով գերեց ունեցվածքով ու ընտանիքներով, բերեց լցրեց Երևան պարսից բանակի լիության և զեխության համար։
Այլևս՝ մինչդեռ շահը նստել Էր Երևանի բերդի շուրջը ու ճակատամարտում էր, այդ ժամանակ Երևանի երկրամասը հանձնեց Ամիրգունա խանին և նրան նշանակեց այդ երկրամասի խան:
Եվ երբ շահը եկավ Երևան, երկրամասի բոլոր բնակիչները եկան երկրպագելու և ողջունելու թագավորին ու իրենց կարողության համապատասխան ընծաներ։ Սրապիոն կաթողիկոսն էլ ընծաներով եկավ ու հայտնվեց թագավորի առջև, և երբ թագավորը հարցրեց, թե ո՞վ Է սա ու որտեղի՞ց է, պատասխան տրվեց, թե հայոց կաթողիկոսն է և Ամիդիդի երկրամասից է։ Իսկ շահը անտեսեց նրան ու նրա հետ չխոսեց, որովհետև նրան չընդունեց, քանի որ կամենում էր Մելիքսեթին կաթողիկոս նշանակել, որին իր հետ էր պահում։ Իսկ [Մելիքսեթը] շահասեր[Ն 3] (շահին սիրող) էր ձևանում։ Սրապիոնը տեսնելով, որ շահը իրեն չընդունեց, ելավ Երևանից, գնաց Ջուդա, որ այնտեղից մեկնի իր տեղը։
Այդ օրերին չարիք մտորելու մեջ հանճարեղ Շահ-Աբասը կանչեց իր մոտ Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսներին, ու ասաց, «Թագավորները սովորություն ու կարգ ունեն, այդ նաև ձեզ է հայտնի, այս երկիրը առաջ պատկանում էր օսմանցիներին, իսկ այժմ մերն եղավ. այդպես էլ ամեն ինչք և ունեցվածք նրանցն էր, որ անտեր են մնացել, բայց պետք է լինեն արքունական, այսինքն՝ պետական ունեցվածք։ Արդ՝ ձեզ մոտ են գտնվում օսմանցիների շատ գանձեր. որոնք դուք նրանցից եք պարտք առել և պարտավոր եք վճարել առանց որևէ պատճառաբանության, քանդի պարտքեր են, և գանձերի վճարն էլ արքունի գանձարանին պետք է վճարվի, որովհետև օսմանցիների ունեցվածքն է։ Ինչպես որ նրանց երկիրը գրավեցինք, այնպես էլ նրանց բոլոր ունեցվածքը արքունական պետք է լինի։ Երբ դուք վճարեք արքունի գանձարանին, ես ձեզ դիվան-դատաստանով ազատության թուղթ կտամ, թե ես ստացա բոլոր այն գանձերը, որ սրանք պարտք էին, և ոչ ոք թող սրանց նկատմամբ պահանջող չլինի, որովհետև ինձ վճարել են»։
Այս կաթողիկոսները պարտքերի պատճառով փախան ու ապավինեցին շահին, որ գուցե շահը նրանց ազատի պարտատերերից, մինչդեռ շահն ինքը նրանց իր առջև բերելով` նրանցից պարտքերն է պահանջում։ Արդ` այս է օգնությունը շահի, որին ապավինեցին նրանք։ Եվ կաթողիկոսները հասկացան, որ չեն ազատվի նրա ձեռքից, քանզի իմացան նրա ագահությունը։ Կամա թե ակամա բոլոր պարտքերը վճարեցին Շահ-Աբասին, ումն էլ որ պարտ էին։ Այս պատճառով հիշվեց նաև Սրապիոն կաթողիկոսը, դրա համար շահը ասաց կաթողիկոսներին։ Ահա ես իմ ծառաներից այս ինչ անունով մեկին ուղարկում եմ այն կաթողիկոսի ետևից, դուք ևս պատրաստեցեք մի մարդ ձեր կողմից, որպեսզի իմ ուղարկվելիք մարդու հետ գնան ու հասնեն նրան, և որքան [պարտք] հասնում է նրան, առնեն բերեն»։ Այս պատճառով կաթողիկոսները իրենց կրոնավորներից մեկին թագավորի ծառայի հետ ուղևորեցին Սրապիոն կաթողիկոսի ետևից։ Սրանք գնալով Ջուղա՝ գտան Սրապիոն կաթողիկոսին, բռնեցին նրան, բանտարկեցին և պահանջում էին շատ գանձեր։ Նա թեպետ կարողացածի չափով տալիս էր, բայց նրանք դրանով չէին բավարարվում, այլ տմարդի ու անագորույն բնույթ ունենալով բերին Սրապիոնին գցեցին չարչարանքների փորձության մեջ, հարվածների ու ծեծի [ենթարկեցին]: Եվ այդ պատվավոր մարդուն խիստ անպատիվ արին, մինչև իսկ փողոցի հրապարակի մեջ ոտքերից կախած ուժգին բրածեծ արին նրան բազում օրեր։ Երբ Սրապիոնը տեսավ, թե ոչ մի տեղից փրկության սպասելիք չկա, շատ գանձեր փոխ առավ ու տվեց նրանց, մինչև որ նրանց աչքերը լիացան գանձերով ու կաշառքներով Հուդայի նմանությամբ, և ապա բաց թողին նրան։ Իսկ նա ազատվեց նրանցից, ինչպես դառը գայլի բերանից։ Հազիվ ճողոպրելով նրանց ձեռքից՝ Զուղայից ելավ, գնաց Վան քաղաքը՝ թախիծը հոգում, տրտմալից սրտով, անմխիթար հոգով և դառը հեծեծանքներով։ Այնտեղից էլ [մեկնեց] Ամիդ քաղաքը։ Ապրեց մի տարի և երկրորդ տարում վախճանվում է այս աշխարհում, մահվամբ ու հանգստյամբ ավելանում տիրոջը։ Այդ վախճանը տեղի ունեցավ մեր թվականի 1055 [1606]-ի ապրիլ ամսի 23֊ին. նրան թաղեցին այնտեղ Ամիդ քաղաքում։ Սրա հիշատակը թող օրհնված լինի, իսկ նրա աղոթքներով թող տերը մեղ ողորմի. ամեն:
Իսկ շահը քանի դեռ նստած Երևանի բերդի շուրջը ճակատամարտում էր, չէր դադարում մեր երկիրը ավերելուց և հայոց ազգը գերելուց։ Քանզի բազմաթիվ զորքերով զորապետներ ուղարկեց Կարինի[12] կողմերը. սրանք գնացին ավերեցին Բասենի[13], Խնուսի[14] գավառները, Կարինի դաշտը և այլ վայրեր, ուր կարողացան հասնել։ Քանդեցին, ավերեցին և ոչնչացրին երկիրն ու շեները, կողոպտեցին ինչքն ու հարստությունը, տղամարդկանց կոտորեցին, իսկ կանանց ու մանուկներին գերելով բերին Երևան իրենց բանակը։
Այդպես էլ Արճեշի կողմերը զորք ուղարկեց, որոնք գնացին, արին վերևում ասածի համապատասխան ավար, գերություն, ոչնչացում հայոց ազգին ձմեռ ժամանակ։
Նաև այս Ժամանակ, մինչ շահը նստած էր բերդի շուրջը և ճակատամարտում էր, Շիրազից Երևան շահի մոտ եկավ Ալահվերդի խանը. սրա գալը մեծ օգնություն եղավ պարսիկներին։ Շահը Ալահվերդի խանին ուղարկեց Արծկե[15] քաղաքի վրա, սրան Արծկե քաղաք ուղարկելու պատճառը հետևյալն է։
Երբ հայոց 1049 [1600] թվականն էր, մեծ Սիմոն խանը՝ վրաց թագավորը ապստամբվեց օսմանցիների պետության դեմ և կոտորեց բերդապահ օսմանցիներին, որոնք գտնվում էին Վրաստանում։ Այս պատճառով սուլթան Մահմադ խոնդկարը հրամայեց Ջաֆար փաշային, որ Թավրիզի իշխողն էր, մեծ զորք հավաքել և գնալ Սիմոն խանի վրա։ Թագավորի հրամանի համաձայն Ջաֆար փաշան մեծ զորքով գնաց Սիմոն խանի վրա։ Եվ երբ Սիմոն խանը ընկավ օսմանցիների ձեռքը, Ջաֆար փաշան Սիմոն խանին հանձներ մի փաշայի, որի անունն էր Մահմադ փաշա, որպեսզի սա տանի Կոստանդնուպոլիս խոնդկարի մոտ։ Եվ երբ այս Մահմադ փաշան Սիմոն խանին հասցրեց խոնդկարի մոտ, խոնդկարընրան պարգևեց խիլա[Ն 4], Կաբինի փայությունը, իսկ Վանի փաշայությունն էլ Կարինի փաշայությանը իբրև կալվածք։ թագավորի հրամանի համաձայն Մահմադ փաշան եկավ Կարին և վարում էր փաշայությունը։ Իսկ Վան քաղաքը ու շրջակա գավառները չուզեցին այս վիճակը, որովհետև նրանց ծանր թվաց, թե Վան քաղաքը իր բերդերով այնքան նվաստացավ, որ դառնա Կարինին կալվածք․ այս պատճառով չէին կամենում հնազանդվել Մահմադ փաշային։ Իսկ Մահմադ փաշան Կարինից ելավ եկավ Վան քաղաքը, նրանց համաձայնեցրեց ու ենթարկեց իր կամքին։ Այնտեղից գնաց, որպեսզի շրջակա շեները նույնպես համաձայնեցնի. հերթով շրջելով հասավ մինչև Արծկե։ Իսկ Արծկեի իշխողր, որի անունը նորից Մահմադ փաշա էր, չկամեցավ հնազանդվել, այլ երբ լսեց նրա գալու մասին, մեծ զորք հավաքեց, շատ ուտելիք առավ, մտավ բերդը, ամրացավ և չհնազանդվեց, քանի որ բերդը ամուր էր։ Մահմադ փաշան եկավ, բերդը պաշարեց և նրա դեմ կռիվ սկսելով հզորապես մարտնչում էր։ Իսկ մյուս Մահմադ փաշան, որ բերդի մեջ էր, պատերազմը իրենից հեռու վանելու համար խորհրդակցեց իր համախոհների հետ և իր հավատարիմ մարդկանցից ոմանց ուղարկեց, որպեսզի գաղտագողի ընթացքով հասնեն շահին, որ այն օրերին Երևանի բերդի շուրջը նստած կռվում էր։ Մարդիկ հասնելով ասում են նրան. «Թագավոր, հավետ ապրիր։ Մահմադ փաշան, որ գտնվում է Արծկե բերդում, կամենում է շահասեր [շահին սիրող] լինել և բերդը հանձնել շահին: Իսկ Վանի փաշան այս բանը չի կամենում, այլ եկել շրջապատել է բերդը և կամենում է գրավել իր համար։ Այս պատճառով Մահմադ փաշան մեզ ուղարկեց քո մեծության մոտ և խնդրում է քեզնից, որ իրեն օգնության զորք ուղարկես, որպեսզի ինքը փրկվի և երկիրը բերդը հանձնի քո զորավարին»։
Իսկ չարիք մտորելու մեջ հանճարեղ Շահ-Աբասը հրամայեց Ալահվերդի խանին մեծ զորք առնել և գնալ այդ գործով։ Եվ պատվիրեց նրան. «Եթե քեզ կտա բերդը և երկիրը, շատ լավ, կտիրես երկիրը և կնստես բերդում, իսկ եթե քեզ հետ խաբեության խաղ կխաղան, ապա դու ինչ վնաս կարող ես տալ նրանց, տուր, իսկ հետո երկիրը գերելով կվերադառնաս այստեղ»։
Ալահվերդի խանը դուրս գալով Երևանից, գնաց Արծկե, իսկ Մահմադ փաշան, որ բերդը շրջապատել էր, լսելով խանի գալուստը, այնտեղից չվեց գնաց Մշո գավառը։ Խանը գալով Արծկե, սպասում էր, թե բերդի միջի Մահմադ փաշան, գալով իր մոտ, խոստումը կկատարի։ Իսկ նա չեկավ խանի մոտ և ոչ էլ բերդը հանձնեց, այլ խանի դեմ կռվի պատրաստվեց։ Խանը հարձակվեց բերդի վրա, իսկ փաշան զորքով ելնելով բերդից սկզբում փախուստի մատնեց խանի զորքը, իսկ երկրորդ անգամ, երբ կամենում էին հարձակվել բերդի վրա, խանը դարանակալներ dրեց, իսկ դարանակալներին պատվիրեց, թե դուք թաքնվելով մնացեք դարանատեղում, իսկ մենք գնալով կկռվենք բերդի դեմ, երբ բերդականները ելնեն, մենք կփախչենք նրանց առջևից և նրանց կհեռացնենք բերդից։ Այդ ժամանակ դուք վեր կկենաք թիկունքի կողմից, իսկ մենք առջևից մեջտեղ առնելով կկոտորենք նրանց։ Այդպես էլ արին, բերդից ելած զորքը մեջտեղ առնելով կոտորեցին, իսկ բերդի մեջ մնացած զորքը փակեց բերդը ու չհանձնեց խանին։
Երբ խանը հասկացավ բերդականների հաստատուն մտադրությունը, որ բերդը չեն հանձնելու, բերդը թողեց, հարձակվեց երկրի գավառների վրա և Արծկեի ամբողջ երկրամասը հավասարապես ավերեց և հրդեհելով այրեց, ողջ տղամարդկանց կոտորեց, իսկ ինչքն ու հարստությունը, ուստրերն ու դուստրերը, կանայք ավարի ենթարկեց ու գերեց։ Այստեղից դուրս ելավ, եկավ Արճեշ[16], Բերկրի[17], Վան, սրանց բոլոր գավառներում այդպես վարվեց։ Որպես գավառի տեր ու իշխան, որ առանց ահի ու կասկածանքի շրջում է իր գավառում, այսպես էլ սա էր շրջում, քանդում էր ու ավերում երկրամասը, որտեղ որ հասնում էր։ Շատ օրեր մնաց այդ տեղերում, քանի որ ոչ ոք չկար, որ կարողանար դիմագրավել նրան։ Ինչ կամեցավ ու կարողացավ անել, արեց։ Հավաքեց բոլոր գերյալներին, խոշոր անասունների նախիրներ, ոչխարների հոտեր, ձիերի երամակներ և իբրև մեծ հորդացած հեղեղ բոլորը քշեցին, բերին, հասցրին Երևան, պարսից բանակի լիության համար։ Արդ` այսպիսի պատճառով Ալահվերդի խանը գնաց Արծկե, նրա ձեռքով գերվեցին քրիստոնյա այդքան անձեր, որոնց թիվը, ասում են, եղել է քսաներեք հազար` չհաշված սպանվածները։
Բայց Երևանի բերդի մեջ գտնված օսմանական զորքը, որի գլուխը կանգնած էին Սայիդ փաշան ու Սուլեյման փաշան՝ Խըդր փաշայի որդին, քաջությամբ դիմադրելով արքային և պարսից զորքերին ճակատամարտում էին։ Բայց դիմադրեցին ութ ամիս, իսկ իններորդ ամսին անճար մնալով՝ բերդը հանձնեցին։ Քանզի օսմանցիք խորհելով տեսան, որ ոչ մի տեղից օգնության սպասելիք չկա՝ ոչ այն քաղաքներից, որ իրենց շրջապատում էին, ոչ էլ իրենց թագավորի արքունիքից, քանզի թագավորի արքունիքը խառը վիճակում էր, որովհետև սուլթան Մահմադ խոնդկարը նույն տարում մեռավ, իսկ սրա որդին՝ Ահման սուլթանը, որին թագավոր կարգեցին, հասակով տասներկուամյա պատանի էր. թագավորը նոր էր և այն էլ պատանի: Նաև՝ իշխանները միմյանց հետ սեր ու միաբանություն և թագավորի տան հետ մտերմություն չունեին, այլև ապստամբ ջալալիները[18] շատ ու շատ էին վեր կացել երկրի մեջ, որոնք ավերում էին թագավորի քաղաքներն ու երկրները։ Նրանք դրանցով էին զբաղված, ուստի չէին կարողանում օգնել Երևանում գտնվող զորքին։ Այս ջալալիների անունները կհիշենք առաջիկայում սրանց մասին գրված գլխում [Է գլուխ]. ջալալիների որպիսությունը կիմանաս այդ գլուխը կարդալով։ Վերոհիշյալ պատճառներով, այլև շատ նեղությունների համար, որ կրեցին Երևան քաղաքի բերդի մեջ պաշարված օսմանյան զորքերը, նեղվեցին, անհույս եղան օգնողների ու փրկողների նկատմամբ, այս պատճառով բերդը հանձնեցին պարսից զորքերին։
Երբ շահը բերդը գրավեց, հրամայեց մունետիկներին հռչակել ու հրապարակել պարսից ու օսմանյան բանակների մեջ. «Հրաման է մեծ արքա Շահ-Աբասից. ով որ սիրում է այս երկիրն ու շահին և կամենում է մնալ իր հայրենիքում սիրով կմնա և շահից պատիվներ ու ընդունելության կգտնի ըստ արժանվույն, իսկ ով որ կամենա գնալ յուր ազգի ու ժողովրդի մոտ, խաղաղությամբ կգնա իր ունեցվածքով ու հարստությամբ»: Սայիդ փաշան եղավ շահասեր և շահից խնդրեց իշխանություն և Իմամուռուզի[19] վերակացությունը. նա ստացավ իր խնդրածը և գնաց Խորասան Իմամուռուզին սպասավորելու։ Իսկ Սուլեյման փաշան շահից խնդրեց գնալ իր ժողովրդի մոտ, մի բան, որ շահը թույլատրեց նրան գնալ։ Նա ելավ գնալու, նրա հետ կային հինգ հազար հեծյալ ու բազմաքանակ ժողովուրդ։ Իսկ պարսից դիվանման զորքերը գունդագունդ հետապնդելով նրանց՝ գաղտագողի ընթացքով հասան ու հարձակվեցին նրանց վրա. ոմանց խփեցին սպանին, ոմանց փախցնելով ցաքուցրիվ արին և նրանց ունեցվածքը կողոպտելով` դարձան իրենց բանակատեղը։
Արդ՝ այս ամենը կատարվեց պարսից թագավորի ձեռքով. իսկ օսմանցիները և նրանց թագավորը, որ նստում էր Կոստանդնուպոլսում, լսելով այս ամենը՝ միաբանվեցին ու արի գործ ձեռնարկեցին` ելնել և թշնամուն դիմագրավել: Սեկին նշանակեցին գլխավոր և զորահրամանատար, որի անունն էր Սինան փաշա, մականունով կոչում էին Ջղալօղլի: Սա հավաքեց մեծ քանակությամբ զորքեր, որոնց հետ ելնելով Կոստանդնուպոլսից, շարժվում գալիս էր արևելյան կողմերը։
Բերդը գրավելուց հետո շահը հրամայեց, որքան ժողովուրդ, որ օտարական են ու պանդուխտ, նաև նրանք, որ գերությունից ազատված են, լինեն քրիստոնյա, մահմեդական, թե հրեա, որոնց բերին ասպատակության, ավարառության իրենց հատկացված տեղերը գնացած խաները` թե Ամիրգունա խանը, որ բերեց Գանձակի երկրամասից, թե Ալահվերդի խանը, որ բերեց Արծկեից, Արճեշից, Բերկրիից ու Վանից, թե մյուս խաները, որ մյուս անգամ բերին Արճեշից, Մանազկերտից[20], Ալաշկերտից[21] և Մակուից[22], թե մյուս խաները, որ այլ անգամ բերին Կարսից, Կաղզվանից[23], Բասենից, Կարինից, Խնուսից, և այլ ամենը, որ ինչ-որ տեղից եղել են, հրամայեց, որ սրանց բոլորին որոնեն գտնեն Երևանի նահանգում և ամենին քշեն Պարսկաստան։ Այս հրամանը շուտափույթ կատարվեց, որովհետև որքան որ այդպիսի ժողովուրդներ կային, բոլորին քշեցին Պարսկաստան։
Նաև` երբ շահը Թավրիզը գրավեց, մինչդեռ այնտեղ Թավրիզում էր, հրամայեց այնտեղ եղած օտարականներին քշել տանել Պարսկաստան, և այդպես էլ արին։
Երբ Թավրիզից ելավ, Նախիջևանով անցավ, եկավ Երևան, Նախիջևանի օտարականները լսեցին, թե շահը Թավրիզի օտարականներին քշեց տարավ Պարսկաստան, իրենց համար դա ինչ-որ լավ գործ համարեցին, նրանցից ոմանք եկան Երևան և շահին իմացրին, թե մենք նույնպես շահասեր ենք և կամենում ենք գնալ Պարսկաստան։ Իսկ շահը նրանց սրտին գոհացում տալու և սրանց նման անմիտներին խաբելու համար հրամայեց պարգև տալ նրանց, և տվին հինգ պարգև, նրանց վրա վարիչներ նշանակեց, որոնք նրանց ևս տարան Պարսկաստան։
Եվ այս ամենը կատարվեց երկու տարում, որովհետև Սրապիոն կաթողիկոսի Էջմիածին գալը և կաթողիկոս լինելը, նույն տարում շահի գալը և Թավրիզը, Նախիջևանն ու Երևանը գրավելը, Սրապիոնի իր տեղը դառնալը և այլ բաներ, որ այս գլխում պատմեցինք, տեղի ունեցան երկու տարում, որ մեր թվականության 1052, 1053 (1603, 1604) տարիներն էին։
- Նշումներ
- Ծանոթագրություններ
- ↑ Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքամ գտնվող հնագույն Մարաստան (Մեդիա) երկիրը, որի բնակիչները կոչվել են մարեր։
- ↑ Ոսկանապատ գյուղը գտնվում է նախկին Գարդման գավառում. հիմնված է Մհակ սարի ստորոտում Գանձակ գետակի ձախ ափին։ Գարդմանը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի ՍՍՀ Ղազախի, Թովուզի Հյուսիսային և Շամքորի շրջանի արևմտյան մասերին։
- ↑ Հաթերք գյուղը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նանանգի Հաթերք գավառում։ Հիմնադրվել է Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։ Այժմյան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղն է։
- ↑ Խաչենը Մեծ Հայքի Արցախ նահանգի գավառներից է (այժմյան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում)։
- ↑ Դիզակը Արցախ նահանգի գավառներից է։ Սահմաններն էին հարավից՝ Արաքսը, արևելքից՝ Մուղանի դաշտը, հյուսիսից՝ Քյոնդոլան գետը, արևմուտքից՝ Քիրս լեռը։
- ↑ Քոչիզ Ծովատեղ գյուղի հին անունն է, որ գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառում։
- ↑ Բրիտիսի մասին «Բնաշխարիկը» գրում է. «Այս անուամբ գիւղ կը յիշէ Առաքել պատմիչ Աղոանից մէջն»։
- ↑ Վերին Զակամը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում, որ հետագայում բաժանվեց երկու մասի՝ Շամքորի և Զակամ գավառների։ Մելիքզատան այս վերին Զակամի կամ ուղղակի Զակամի գյուղերից է։
- ↑ Քշաթաղ, ավելի ճիշտ Քաշաթաղ նոր ժամանակների անվանումն է Հին Աղահեջք գավառի, որ ըստ Օրբելյանի կոչվել է նաև Խոժոռաբերդ։ Գտնվել է Մեծ Հայքի Սյունյաց նահանգում։ Համապատասխանում է այժմյան Լաչինի շրջանին։ Մեծ Լայքում երկու գյուղ կա Խանածախ անունով. մեկը Արցախի (Ղարաբաղ) Խաչեն գավառում, իսկ մյուսը, որ հիշատակում է պատմիչը, Քաշաթաղում է՝ Գորիսի մոտ։
- ↑ Ղզըլբաշ այստեղ շիա մահմեդական պարսիկ է նշանակում, բառացի իմաստն է կարմրագլուխ։
- ↑ Խոնդքար կամ Խոնդկար Թուրքական սուլթանների ամենապատվավոր տիտղոսն էր, որ ունի միահեծան թագավոր, արքա նշանակությունը։ Խոնդկարը իրավունք ուներ օրական տասնչորս մարդ սպանելու։
- ↑ Կարին քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում Արաքս և Եփրատ գետերի ակունքների մոտ։ Այժմ Թուրքիայի Էրզրումի ոտնաջակի վարչական կենտրոնն է. կոչվել է նաև Թեոդոսուպոլիս։ Թուրքերը անվանում են Էրզրում։
- ↑ Բասենը Մեծ Հայքի Արարատյան նահանգի գավառներից է։ Գտնվում է Արաքսի վերին հոսանքի շրջանում։ Մի ժամանակ նրա տարածքը ընգգրկել է նաև Վանանդ գավառը (Կարսի շրջանը)։
- ↑ Խնուս քաղաքը գտնվում է Բարձր Հայքի (Կարինի) նահանգում։ Այժմ Էրզրումի վիլայեթի Խնուս գավառի վարչական կենտրոնն է։
- ↑ Արծկե քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում՝ Վանա լճի հյուսիսային ափին։
- ↑ Արճեշը գտնվում է Մեծ Հայքի Տուրուրաբերան նահանգի Աղիովիտ գավառում՝ Վանա լճի հյուսիսային ափին։
- ↑ Բերկրի քաղաքը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առիբերան գավառում է գտնվում, Վան քաղաքից 77 կմ հյուսիս արևելք։ 1915 թվականից աոաջ Բերկրին ուներ 2100 հայ բնակիչ (3100-ից)։
- ↑ Ջալալիներ թուրք ապստամբներ։ Սուլթանի դեմ ապստամբություն սկսեցին Թոքաթ (Եվդոկիա) քաղաքի մոտերքը 1519 թվականին։ Ջալալիներ են կոչվում իրենց առաջնորդ շեյխ Ջալալիի անունով։ Հետագայում թուրքերը բոլոր տեսակի ապստամբությունները այդպես էին կոչում։
- ↑ Իմամռուղեշիա մահմեդականների սրբավայրերից. այստեղ է թաղված Ալիի սերունդներից ութերորդ Իմամ Ռիզան։ Սրբավայրը Մեշեդում է, որ Իրանի Խորասան նահանգի գլխավոր քաղաքն է։
- ↑ Մանազկերտը Մեծ Հայքի Տարուբերան նահանգի Ապահունիք գավառում գյուղ է։ Սկզբնապես այնտեղ եղել է քաղաք, որ ըստ ավանդության հիմնադրել է Հայկ Նահապետի Մանավազը:
- ↑ Ալաշկերտը Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Բագրևանդ գավառի գլխավոր քաղաքն էր։ Հիմնադրել է հայոց Վաղարշ առաջին թագավորը։ Այժմ Թուրքիայում է։ Հին Վաղարշակերտ քաղաքն է, որ թուրքական աղավաղումով է դարձել Ալաշկերտ։ Բագրևանդ գավառի հյուսիսային սահմանը 1915 թվականից առաջ հարում էր ռուսական հարավային սահմանին։
- ↑ Մակու քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում՝ Փոքր Մասիսից հարավ: Նախապես կոչվել է Շավարշան։
- ↑ Կաղզվանը Արևմտյան Հայաստանի քաղաքներից է, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղյանք գավառում, Կարսից հարավ, Արաքսի մոտերքը։