ԳԼՈՒԽ Ը
ԳԱՆՁԱԿ ՈԻ ՇԱՄԱԽԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ջղալօղլի զորավարի երկրորդ գալուստից ու ետ դառնալուց հետո, որ եկավ Սոֆիան ու պարսից դեմ պատերազմեց, պարտվեց դարձավ Ամիդ և մեռավ, պարսից Շահ-Աբաս թագավորը այն ձմեռ իր բոլոր զորքերով գտնվում էր Թավրիզ քաղաքում, իսկ երբ հարավային հողմը փչեց գարնան ժամանակ, հավաքեց իր բոլոր զորքերը, գնաց օսմանական զորքերի վրա, որ տակավին Գանձակ քաղաքում էին, որ Գանջան է. թվով սակավ էին։ Այդ տարի մեր թվականության 1055 (1606)-ն էր։ Եվ այնտեղ հասավ, բերդը շրջապատեց, նստեց։ Ամբողջ երկիրը գրավեց իր իշխանության ներքո և պահպանում էր խաղաղությամբ։ Հրաման տվեց իր զորքերին՝ երկրի բնակիչներից ոչ ոքի չնեղել և ոչ ոքի պարտադրանքի չենթարկել, որտեղից (երկիրը) լրացվում էր նրա մարդկանց ու անասունների կարիքները։ Ինքը շահը ուշ ու միտքը տվել էր պատերազմին, որ բերդը տեսակ-տեսակ հնարներով գրավել կարողանա։ Երբեմն բաբան բարձրացնելով՝ վերևից ծեծում էին, երբեմն ներքևից պարսպի հիմքերը փորում ական էին բանում, այն լցնում էին վառոդով ու հրդեհում, որ պարիսպը բարձրացնելով երկինք էր ցնդեցնում։ Երբեմն սուտ երդում ու խաղաղության դաշինք էր գրում շահը և ուղարկում բերդը՝ «Թե դուք բոլորդ ձեր ունեցվածքով ու ամենայն ընտանիքներով ելեք, գնացեք ձեր երկիրը, մենք ձեզ ոչ մի վնաս չենք տա, միայն թե բերդը մեզ տվեք»։ Իսկ օսմանական զորքը բերդը չէր տալիս, այլ դիմանալով համբերում էր և քաջությամբ կռվելով դիմագրավում էր։

Իսկ պարսից զորքերը ոչ մի նեղություն չէին կրում, կամ ուտելիքի, կամ ցրտի, կամ շրջակա թշնամիների կամ ուրիշ որևէ բանի, այլ առանց պակասության մնում ու միշտ կռվում էին։ Եվ երբ շահը տեսավ, թե կռիվը մի քիչ երկարում է, այնտեղ երկու մեծ, հզոր ուժեղահարված թնդանոթներ ձուլեց, որոնք կրակելիս փլցնում էին բերդի պարիսպները և դրանով խիստ վտանգվում էին օսմանցիները։ Ամբողջ պատերազմի վերջում բերդի բնակիչները՝ օսմանական զորքերը, նայում էին իրենց շուրջը (և տեսնում), որ իրենց ոչ մի տեղից օգնություն չկար. ոչ իրենք շրջակա քաղաքներից, ոչ էլ իրենց թագավորի արցունիքից, որովհետև շատ ջալալիներ կային օսմանյան երկրում, դրանք անունները անցյալ գլխում հիշեցինք, իսկ նրանք [օսմանցիք] նրանցով էին զբաղված։ Նաև Գանձակի փաշան ընկած էր պատերազմում, որի անունն էր Զնջիլղռան Ալի փաշա։ Բացի այդ նոր ձուլված թնդանոթը խիստ փլցնում էր պարիսպը, այդ պատճառով, ամեն կողմից նեղն ընկնելով, բերդը տվին պարսիկներին։ Երբ շահը Գանձակի բերդը գրավեց, տիրեց ողջ երկիրը և այնտեղ իշխող նշանակեց Աղսաղ Մահմադ խան անունով մեկին։

Մինչև այժմ շահը իր մոտ էր պահում Կախեթի Ալեքսանդր թագավորի թոռ Թամրազին, իսկ այժմ նրան ազատեց գնալու իր հայրենի երկիրը՝ նրան իշխանության հրաման տալով, որ տիրի իր հայրենի երկիրը և վարի իր թագավորական գործը։ Բայց մնա միաբան ու հնազանդ պարսից թագավորությանը։ Թամրազը գնաց Կախեթ՝ իր հայրենիքը, վարում էր թագավորական իշխանությունը և մնում էր պարսիկներին հնազանդ։

Նաև ոմանք ասացին, թե շահի՝ Գանձակ քաղաքը գրավելուց հետո, Գանձակի գավառում կար հավատքով մահմեդական մի ցեղ, որին իրենք էլ են անվանում, իսկ այս էլի անունը Չեկիրլու էին կոչում, որոնք օսմանցիների դավանանքին ու կրոնին էին, այսինքն՝ սյունի էին։ Շահը հրամայեց սրանց բոլորին մի վայրում՝ ինչ-որ տեղում հավաքել, որ հեղեղատ էր և ուներ նեղ մուտք պարսիկների պահպանությամբ։ [Հեղեղատը] որքան ներքև էր ձգվում, այնքան լայնանում էր, իսկ եզրերը բարձր փուլեր էին, որոնցից չէին կարող բարձրանալ և փախչել: Շահը հրամայեց նրանց բոլորին այնտեղ սրածելով սպանել տղամարդկանց, կանանց ծերերին, տղաներին, մինչև անգամ մատղաշ մարդկանց էլ կոտորեցին, բնաջինջ արին։

Իսկ Շահ֊Աբաս թագավորը Գանձակի բերդը գրավելուց և ամբողջ երկիրը տիրելուց հետո սկսեց ճանապարհ ընկնել և գնալ վրաց կողմերը՝ Թիֆլիս քաղաքը։ Իր հետ առավ զորքերից մնացածներին, նաև այն օսմանցիներին, որոնք բերդի կոտորածից ազատվեցին։ Սրանց խաբեց գայթակղիչ խոսքերով՝ դատարկ հույս տալով, ասաց. «Դուք եկեք իմ բանակի ետևից, որովհետև գուցե ավազակ մարդիկ ձեզ վնաս հասցնեն, մեր զորքերից ձեզ պաշտպան զորք եմ նշանակում, որպեսզի ձեզ խնամելով և հովանավորելով տանեն։ Մինչև հասցնեն ձեր երկրի սահմանները։ Այսպիսի խաբկանքով նրանց առավ տարավ իր հետ։ Հասնելով Աղստև[1] գավառը՝ բանակ զարկեց Ինջայու կոչված ձորում ջրի ափին։ Այնտեղ պարսից զորքերին հրամայեց բոլոր մնացած օսմանցիներին կոտորել և կողոպտել նրանց ունեցվածքը, վերցնել նրանց կանանց ու մանուկներին։ Եվ ըստ շահի հրամանի արին, կատարեցին ամենը։

Սրանից հետո Շահ-Աբասը իր ողջ բանակով շարժվեց Իջայու գավառից, գնաց Թիֆլիս քաղաքը, խաղաղությամբ մտավ ու խաղաղությամբ ելավ գնաց, որովհետև դաշինք կար պարսից ու վրաց միջև։

Թիֆլիսից շահը դուրս եկավ, գնաց Գեղամա գավառը, արքունի բանակը այնտեղ բանակեց, իսկ ինքը շահը իջավ մելիք Շահնազարի տանը, որ Մազրա[2] գյուղում էր, բնիկ նույն գյուղից Մելիք Շահնազարը հայ էր, հավատով քրիստոնյա, նա իշխան էր հզոր ու փառավոր և շահին այնպես հյուրընկալեց, ինչպես վայել էր թագավորին. ինքը բարեկամ ու մտերիմ էր (թագավորին) և հարգված թագավորի մոտ։ Այդ պատճառով էլ թագավորը թանկագին ու ազնիվ զգեստներ նվիրելով շքեղացրեց։ Նրան գավառի մելիքության իշխանությունը պարգևեց, այլև դաստակերտներ, գյուղեր տվեց նրան ու նրա եղբայրներին։ Հաստատուն հրովարտակ գրեց, թագավորական կնիքով կնքեց ու տվեց նրանց, որպեսզի հաստատուն լինի այդ ժառանգությունը նրանց ու նրանց զավակների համար սերնդեսերունդ մինչև հավիտյան:

Եվ այնտեղից վեր կացավ դանդաղ ընթացքով հասավ Թավրիզ իր ամբողջ զորքով։ Այդտեղ մնաց մինչև մյուս տարեմուտը, երբ մեր 1056 (1607) թվականն էր։ Ապա առնելով իր ողջ զորքերը՝ գնաց Շամախու վրա, նստավ բերդի շուրջը՝ շրջապատելով ու պաշարելով այն։ Եվ ինչպես պատմեցինք Գանձակի մասին, նույն ձևով էլ ճակատամարտեց Շամախու դեմ և օսմանցիներից այն գրավեց։ Օսմանյան զորքը սրով կոտորեց, իսկ ընտանիքները, ունեցվածքները հափշտակեց: Շամախիում իշխան նշանակեց Զուլֆիզար խանին, իսկ ինքը իր բանակով շարժվեց, գնաց Թավրիզ։ Եվ երբ 1057 (1608) թվականի տարեմուտն էր, շահը գնաց Սպահան քաղաքը։

Ծանոթագրություններ
  1. Աղստև գավառը այժմյան Իջևանը և հարակից շրջաններն են դեպի արևելք։
  2. Մազրա գյուղը գտնվել է այժմյան Վարդենիսի շրջանում, որ կոչվել է նաև Մեծ Մազրա. այժմ անվանվում է Զոդ։