ԳԼՈՒԽ ԺԸ
ՀԱՐՅՈՒՐ ԹՈՒՄԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՇԱՀԸ ԴՐԵՑ ՄԵԼՔԻՍԵԹ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՎՐԱ

Արդ՝ ինչպես կանխավ պատմեցինք Դավիթ կաթողիկոսի մասին, թե գնաց շահի պալատը և ամբաստանեց Մելքիսեթ կաթողիկոսին, իսկ շահը բարկացավ Մելքիսեթի վրա, գցեց կաթողիկոսությունից և ուղարկեց Սպահան։ Իսկ Դավիթ կաթողիկոսը մնաց այնտեղ բանակում՝ շահի պալատում, այնտեղ էր նաև Ամիրգունա խանը, որ ամբողջ Արարատյան գավառի և Սուրբ Էջմիածնի տերն ու իշխանն էր։

Եվ մի օր, երբ շահը հանդես էր արել և նստել էր հանդեսում, նրա առջև կանգնած էին բոլոր իր նախարարներն ու իշխանները, այդ հանդեսում էին նաև Ամիրգունա խանը և Դավիթ կաթողիկոսը։ Շահը Դավիթ կաթողիկոսի հետ քաղցրությամբ խոսեց ասելով․ «Շնորհեցինք քեզ Էջմիածնի կաթողիկոսական իշխանությունը, այժմ կգնաս կնստես Էջմիածնում և կվարես կաթողիկոսական իշխանությունը»։ Այդ ժամանակ Դավիթը խնդրանքով ասել է շահին․ «Թագավոր իմ, ինձ խանին հանձնարարիր, ինձ խանին հանձնարարիր»։ Ապա շահը իր խոսքը Ամիրգունա խանին դարձնելով՝ Դավիթ կաթողիկոսին հանձնարարեց նրան, թե բարի խնամակալությամբ կպահես կաթողիկոսին՝ մեր հորը։ Իսկ Ամիրգունա խանը մինչև մեջքը խոնարհվեց, ձեռը դրեց իր գլխի վրա» շահին պատւսսխանեց՝ ասելով․ «Իմ գլխի վրա դա հանգստանալու տեղ ունի»։

Քանի դեռ շահը Վրաստանում էր, այնտեղ էին կաթողիկոսն ու Ամիրգունա խանը, իսկ երբ շահը ելավ գնաց Պարսկաստան, Ամիրգունա խանը և Դավիթ կաթողիկոսը վերադարձան, եկան Երևան՝ խանը իր խանությանը, իսկ կաթողիկոսը՝ իր կաթողիկոսությանը։ Որքան որ շահը Ատրպատականի երկրում էր մերձաքաղաքներում ու գավառներում, Ամիրգունա խանը պատվում էր Դավիթ կաթողիկոսին, քաղցրությամբ էր խոսում նրա հետ շահից երկյուղելով, իսկ երբ շահը հեռացավ, երկյուղը խանի սրտից վերացավ, սկսեց խոժոռվել Դավիթ կաթողիկոսի հանդեպ, չէր պատվում և [հետը] չէր խոսում, իսկ երբ խոսում էր, խրոխտանքով էր խոսում, որովհետև Դավթի Էջմիածին նստելը չէր կամենում, նա Մելքիսեթին էր ուզում։ Այդ պատճառով խանը խոժոռ դեմքով էր երևում և խոսում Դավթի հետ. ոմանք ասում էին, թե խանը ջանում էր ծածուկ հնարներով որևէ կերպ սպանել Դավթին, թշնամական այս գործողությունը, որ խանը անում էր Դավթի հանդեպ, ոմանք ասում էին պատճառը Մելքիսեթ կաթողիկոսի գաղտնի նենգագործությունն էր, քանզի թեպետ գտնվում էր Սպահանում, բայց մշտապես ծածուկ նամակ ու խնդրագիր իբրև սիրո նշան պակաս չէր անում խանին, այլ միշտ ուղարկում էր։ Նաև կաթողիկոսական իշխանության նեջ Մելքիսեթը դրամի և այլ իրերի հարցում ավելի ձեռնբաց էր ու առատաձեռն իշխանների, զինվորների, իր համախոհների նկատմամբ, դրա համար էլ խանը և այլ ամենքը Մելքիսեթի կաթողիկոսությունն էին ուզում և ոչ Դավթի։

Երբ այդ ժամանակ, երբ օսմանցիների զորահրամանատարը՝ Օքուղահմադ փաշան եկավ Երևանի բերդի վրա, շահը նույնպես եկավ Երևան բերդին օգնության. նա գտնվում էր Գառնու լեռներում, իսկ երբ [օսմանցիների] զորահրամանատարը Երևանից Կարին վերադարձավ, շահը տակավին գավառների լեռներում էր բնակվում։ Իսկ Դավիթ կաթողիկոսը խանից երկյուղելով, որ մի գուցե թե ծածուկ դավելով սպանի իրեն, վտանգից ճարահատյալ, առանց խանի գիտության երկրորդ անգամ գնաց շահի մոտ և ներկայացավ նրան։ Երբ շահը հարցրեց Դավթի որպիսությունը, Դավիթը օտար լեզվով ասաց․ «Փադիշահում, Զանգի չայինդան մանա բիր իչում սու վերմադիլար» [Իմ թագավոր, Հրազդան գետից ինձ մի պուտ ջուր չեն տալիս]։ Զանգի չայը Երևանի մեծ գետն է, որ բերդի ներքևից է անցնում։ Այս ապստամբությամբ շահը իմացավ, որ Ամիրգունա խանն է, որ հանգիստ չի տալիս Դավթին և նրան չի ընդունում։ Նաև այն իմացավ, որ Մելքիսեթի պատճառով խանը Դավթին չի ընդունում. դրա համար շահը չբարկացավ խանի վրա, մի քիչ էլ աչառու եղավ նրա հանդեպ, բայց Մելքիսեթ կաթողիկոսի դեմ խիստ զայրացավ, նաև այն իմացավ, որ Մելքիսեթը Սպահանում ազատ լինելով՝ կաթողիկոսական իշխանություն է վարում առանց շահի հրամանի։ Սրա համար պատրաստեց զորական, որ գնա Սպահան, Մելքիսեթին բռնի, կապանքով բերի շահի մոտ, որ և իսկույն ուղարկեցին մի թագավորական ծառա Չարքազ Իբրահիմ անունով․ սա հասնելով Սպահան քաղաքը՝ այնտեղ չգտավ Մելքիսեթ կաթողիկոսին, որովհետև գնացել էր Գանդիման գավառը։ Չարքազ Իբրահիմը նույնպես գնաց Գանդիման և կաթողիկոսին գտավ Քաթակ գյուղում, որին բռնեց, կապանքով բերեց Սպահան, այնտեղից էլ՝ շահի մոտ, որ այն ժամանակ եկել էր Վայոց ձոր, այսինքն՝ Եղեգնաձոր։ Չարքազ Իբրահիմը այդտեղ՝ արքունի բանակ բերեց Մելքիսեթ կաթողիկոսին և հայտնեց շահին։ Բայց շահը անտեսեց Մելքիսեթի դատաստանը, թողեց որ մնա կապանքներում, ինքը Վայոց ձորից շարժվեց գնաց Նախիջևան։

Մինչև այս ժամանակ, մինչև Մելքիսեթ կաթողիկոսի գալը Դավիթ կաթողիկոսը շահի բանակում էր։ Երբ Դավիթ կաթողիկոսը տեսավ, թե թողնելով անտես արեց Մելքիսեթին, որ մնա կապանքներում, իր հոգում հասկացավ, որ շատ օրեր կհետաձգվի այդ անտեսությունը, մտածեց հրաժարվել կաթողիկոսությունից և գնալ Սպահան. մոտենալով շահին՝ Սպահան գնալու հրաման խնդրեց, և շահը նրան հրաման տվեց։ Դավիթ կաթողիկոսը գնաց Սպահան և մնաց լռության մեջ, քանզի շահը նրան Չղախոռ գավառում, որին կոչում էին Ֆռընգիկան, իրրև միջոց նրա ապրուստի, մի գյուղ պարգևեց որպեսզի ուտի այն գյուղի եկամուտը և աղոթի թագավորի կյանքի համար։ Նա գնաց Սպահան և այդպես ապրում էր։ Իսկ Մելքիսեթ կաթողիկոսը մնաց արքունի բանակում շղթաների կապանքների մեջ։

Շահը Նախիջևանից շարժվեց, գնաց Ագուլիս գյուղաքաղաքը, այդ ժամանակ նահատակեց տեր Անդրեաս քահանային, Մովսես վարդապետին և Պողոս վարդապետին. այս [վերջին] երկուսին բռնեց, դրեց կապանքներում և նրանցից տուգանք պահանջեց, առավ երեք հարյուր թուման. նրանք տուգանքը տվին, ազատվեցին։

Արդ՝ ինչպես որ շահը բռնեց Մովսես և Պողոս վարդապետներին, առավ երեք հարյուր թումանը, սույնպես էլ Մելքիսեթ կաթողիկոսին բռնեց, պահանջում էր երեք հարյուր թուման տուգանք երեք հանցանքների համար։ Նախ՝ սրբուհի կույս Հռիփսիմեի նշխարների համար, որ Մելքիսեթի թույլտվությամբ ֆռանկները տարան․ շատերը ասում էին, թե առած կաշառքի համար Մելքիսեթը թույլ տվեց։ Երկրորդ՝ մեծ աքսորանքից ետ դառնալու համար, որ առանց շահի հրամանի վերադարձավ, եկավ Էջմիածին և վարում էր կաթողիկոսական իշխանությունը և այն էլ առանց շահի հրամանի։ Երրորդ՝ երբ շահը Մելքիսեթին կաթողիկոսությունից գցեց ուղարկեց Սպահան, շահը կարծում էր, թե նա կալանքի տակ է, բայց Մելքիսեթը ազատ լինելով վարում էր կաթողիկոսության իշխանությունը և այս էլ առանց շահի հրամանի։ Այսքան հանցանքի համար շահը Մելքիսեթին բռնել էր և կամենում էր սպանել, իսկ Ամիրգունա խանի բարեխոսությամբ ներեց ու չսպանեց, բայց պահանջում էր երեք հարյուր թուման տուգանք, որի համար էլ երկաթյա կալանքներում կալանքի տակ էր պահում, որպեսզի այն տուգանքը վճարի և գնա որևէ տեղ մնա՝ առանձնանալով կաթողիկոսության իշխանությունից ։

Շահը Ագուլիսից ելնելով գնաց հասավ Դանղի. Սպահանից մինչև այստեղ կապանքի մեջ էր Մելքիսեթ կաթողիկիկոսը և այդպես արքայի բանակի հետ շրջում էր։ Այդ տեղում Մելքիսեթ կաթողիկոսը աղերսագիր գրեց, հասցրեց շահի ձեռքը և հայտնեց իր տառապանքների մասին, թե՝ այսպիսի չարչարանքի մեջ եմ, խնդրում եմ արքայից, որ անդորություն տա իմ տառապանքներին՝ կամ մահով և կամ կյանքով, իսկ շահը պատասխան էր տվել Սպանդիար բեկի միջոցով․ «Ոչ կսպանեմ, ոչ էլ կթողնեմ, այլ այդպես կապանքի տակ կպահեմ, մինչև մեռնի ու ազատվի, և կամ երեք հարյոր թուման դրամը տա, որ հրամայել եմ նրան, և ազատվի»։

Իսկ այդ ժամանակ խորհրդական և նշանավոր մարդիկ, որ արքայի արքունիքում է էին՝ թե այլազգիներից, որ Սպանդիար բեկն էր, Ուղուրլու բեկը և էլի շատերը, թե քրիստոնյաների մեծամեծները, որ էր խոջա Նաղարը, խոջա Սուլթանումը, Միրվելին, մելիք Հայկազնը և էլի շատերը, ասացին Մելիքսեթ կաթողիկոսին, թե անհնար է քո այս գործը, պետք է տաս և ազատվես սրա ձեռքից։

Արդ՝ այս գլխի պատմությունը հարյուր թուման տուգանքի մասին է. մինչև այստեղ պատմությունս միաշավիղ էր, որը առանց երկբայության գրեցինք, իսկ այսուհետև բաժանվում է երկու շավղի, և պատմությանս երկարությունը մեզ համար չարչարանք է ավելացնում։ Եվ որովհետև պատմության իսկությունը ոչ ոք չգիտի, հարկ համարեցինք երկուսն էլ գրել։ Քանզի ոմանք պատմողներից, մանավանդ շատերը, պատմեցին, թե Մելքիսեթ կաթողիկոսը՝ ոսոխ ունենալով Դավիթ կաթողիկոսին, սա մշտապես իր հակառակությունը շարունակում էր, իբրև ախոյան սադրում ու դավադրում էր Մելքիսեթի իշխանության դեմ չտալով հանգիստ ու անդորորրություն. այս պատճառով Մելիքսեթը մտածեց և մտավ ծանր հարկի տակ, որպեսզի հարկի ծանրության պատճառով Դավիթ կաթողիկոսը այլևս չհանդգնի դեմ կանգնել, դրդել ու խաոնակել մեջտեղը, այլ հեռու մնա։ Սրա հեռու մնալով Մելքիսեթը անսխալ կվարի կաթողիկոսական իշխանությունը։ Եվ այս պատճառով Մելքիսեթն աղերսագիր գրեց շահին․ «Եթե թագավորի կամքը քաղցրանա մեր վրա, մեզ այցի գա և մեզ տա կաթողիկոսության իշխանությունը, մենք տարեց-տարի թագավորի դիվանին կտանք ամեն տարի հարյուր թուման ռոճիկ թագավորի ծառաների համար։ Իսկ թագավորը տեսնելով իր կողմի մեծ օգուտը, մեղմացավ, զիջեց Մելիքսեթի խոսքերին և կատարեց նրա խնդրանքը, նրան տվեց կաթողիկոսության իշխանություն՝ գրված ու կնքված թագավորական հրովարտակով։ Սրանով Մելքիսեթը, ելնելով ողջ երկիրը, կաթողիկոսությունը վարում էր ամբողջ հայազուն ժողովրդի վրա։ Իսկ Դավիթ կաթողիկոսը հեռու էր մնացել, նախանձով լցված ետ էր կանգնել հակառակությունից և իբրև դառագղում կապած գազան սպասում, տենչում էր հարմար ժամի։ Արդ՝ այն, ինչ որ ասացինք այս պատմության մասին՝ թե երկու ճյուղի բաժանվեց, մեկն էլ այս է, որը գրեցինք, որ ոմանք և մանավանդ շատերը այսպես էին պատմում։ Իսկ պատմագիրներից ոմանք ասացին, թե շահը երեք հարյուր թուման տուգանք գրեց Մելքիսեթի վրա, բայց Մելիքիսեթը այդ չէր կարողանում վճարել, սակայն, որովհետև մնաց անել կացության մեջ և նեղությունների հարկադրանքից ակամա մտածեց տալ։ Այդ պատճառով թուղթ գրեց և ուղարկեց շահին հետևյալ ձևով. «Ինքնակալիդ տերությունը մեր մասին հրամայել է, որ մենք երեք հսւրյուր թուման տանք։ Հանձն եմ առնում տալ այդ երեք հարյուր թումանը, բայց երեք տարում կտամ՝ մինչև որ երեք տարում վճարեմ, վերջացնեմ, քանզի մի տարում չեմ կարող վճարել»։ Իսկ շահը առել էր Մելիքսեթ կաթողիկոսի այս ինքնագիրը և արձակել էր նրան կապանքներից. նրան հրաման ու կաթողիկոսության իշխանություն էր տվել։ Բայց արքունական դիվանի բնիկ մատյանում այս օրինակի համապատասխան չէր գրված, ինչպես որ էր կաթողիկոսի ինքնագիրը, թե երեք հարյուր թուման կտամ և ուրիշ ոչինչ։ Բայց շահը գրել էր, թե՝ «Մելիքսեթ կաթողիկոսը խնդրեց Էջմիածնի կաթողիկոսությունը և խոստացավ տարեկան հարյուր թուման տուգանք տալ թագավորի դիվանին, որի համար էլ մենք նրան շնորհեցինք կաթողիկոսության իշխանությունը, որպեսզի նա կաոավարի»։ Շահի այսպես գրած լինելը ոչ ոք չգիտեր՝ ոչ կաթողիկոսը, ոչ էլ հայերից մեկ ուրիշը, և երբ իմացան, ոչ ոք չկարողացավ որևէ բանով օգնել, որովհետև անկարելի էր կեղծել այնպիսի գոռոզ թագավորի հրամանը, և կամ գրածը հանել թագավորական ու դիվանական մատյաններից, որոնցում դրված էր։

Մինչև այստեղ պատմությանս երկրորդ ճյուղն է, որ ոմանք այսպես պատմեցին, իսկ դու ընթերցող ընդունիր, որը որ հավանական ես համարում, կամ, որը որ երկու պատմություններից քո մտքի տեսությունը կհավանի։

Արդ՝ թե այսպես, թե այնպես ստույգ ու հաստատ հարյուր թուման տուգանք գրվեց Մելիքսեթ կաթողիկոսի վրա, որ պետք է տար թագավորին տարեցտարի, և այս պատճառով տուգանքը ընկավ Էջմիածնի Սուրբ աթոռի վրա, և աթոռը մնաց պարտքի տակ։ Սա եղավ ծանր բեռ և տաժանելի լուծ, անխզելի շղթա Սուրբ աթոռ Էջմիածնի վրա զուր ու անտեղի, իսկ հայոց ամբողջ ազգին պատեցին անմխիթար սուգ անփարատելի տրտմություն՝ թե եկեղեցականներին, թե աշխարականներին։

Իսկ Մելիքսեթ կաթողիկոսը կապանքներից արձակվելուց և կաթողիկոսական իշխանությունը առնելուց հետո, մեծ ջանքերով աշխատում էր խոստացած հարկը վճարել, որպեսզի ազատվի․ այս պատճառով ելել է շրջագայության հայ ժողովրդի մեջ ժողովքի համար․ նախ գնացել է Թիֆլիս, այնտեղից՝ Թավրիզ, այնտեղից՝ Սպահան։

Երբ տարին բոլորեց, շահը անմոռաց միտն էր պահում այն, դրա համար իր թագավորական ծառաներից չորս գլխավոր մարդիկ, որոնց անուններն էին Զիալ բեկ, Ասադ բեկ, Ջրաղ բեկ, Բահրամ բեկ, ուղարկեց Մելքիսեթի մոտ, թե տուգանքը, որ խոստացար տալ, արքունի դիվանին, տուր թագավորական ծառաներին իրենց նշանակված ռոճիկների դիմաց։ Իսկ սա եղավ դառնագին փորձանք ու աղետ անխզելի անուր կաթողիկոսարանի համար, որովհետև բեռը բարձվեց բեռան վրա։ Որովհետև առձեռն պատրաստ դրամ չկար, որ տային ծառաներին, այս պատճառով ծառան երը բեռ էին մնում կաթողիկոսի վրա իրենց ծառաներով ու ձիերով. և իրենց կերակուրի և այլ կարիքների բոլոր պիտույքները կաթողիկոսից էին առնում։

Իսկ կաթողիկոսը թագավորական տուգանքի և այս ծառաների պետքերի համար ելնում ու շրջում էր հայերի մեջ, իսկ ուր որ շրջում էր կաթողիկոսը, ծառաները նրա հետ շրջում էին: Սրանք ծանրանում էին ժողովրդի վրա իրենց տեսակ-տեսակ կարիքներով՝ իրենց և իրենց ձիերի: Իսկ նրանց ամենօրյա սեղանը առանց գինու չէր. նրանց ծախսերը քիչ չէին, ժամանակները անցկացնում էին միշտ գինարբության մեջ։

Ամբողջ երկրում ու ժողովրդի մեջ իր շրջագայության ժամանակ կաթողիկոսը ուր էլ լիներ, իրավամբ իր հասույթն էր առնում, բայց երբ այն չէր բավականացնում իր ու ծառաների և տուգանքի ծախսերը, անպարտ մարդկանց՝ լիներ եպիսկոպոս, աբեղա, քահանա, թե աշխարհական, բռնում էր սրանց առանց որևէ պարտքի ու վնասի, անիրավաբար պատճառներ էր կցմցում նրանց վրա և գրամ էր պահանջում, հանձնում էր ծառաների, զինվորների ձեռքը, որոնք նրանց կախում էին ոտքերից և բրածեծ անում, մինչև որ իրենց ցանկացաձի չափ դրամ էին առնում, ապա արձակում էին։

Նաև՝ այս պատճառով բազմաթիվ անկարգություններ ու օրինազանցություններ մտան հայոց ազգի մեջ կաշառքով անարժան մարդկանց ձեռնադրություն տալ թե եպիսկոպոսների, թե քահանաների, կաշառքով սեփական վիճակից այս վանքից կտրել, ուրիշ վանքի շնորհել, չհասի, ապօրինի պսակի կնաթողության, երկակնության համարձակ հրաման տալ ամուսնության։ Սրանք և սրանց նման բազմաթիվ անկարգություններ էին գործվում։ Կաթողիկոսը և իր եպիսկոպոսները ոգի ի բուռն ջանք էին թափում, թե իրավամբ, թե անիրավությամբ հնարքներ էին մտածում ժողովելու ինչքեր. որ թերևս բավականացնի իրենց, ծառաների ու տուգանքի վճարման ծախսերը, սակայն չէր լինում, որովհետև ոչ թե աստուծով, այլ մարդկային խելքով էին մտորում գործ անել, դրա համար չէր կատարվում ըստ Սաղմոսի վկայության․ «Եթե տերը չի շինում, նրա շինողները դատարկ չարչարանքի մեջ են»։[Ն 1]

Բայց կաթողիկոսը չէր թուլանում ու չէր դադարում շրջագայությունից, որ գուցե վճարի խոստացածը։ Սրա համար Սպահանից ելավ, գնաց Ֆահրապատ, այնտեղից Նախիջևան, այնտեղից դարձյալ Սպահան: Ապա բազմաթիվ նեղությունների պատճառով, որ ծառաները տալիս էին կաթողիկոսին և պահանջում էին նրանից դրամը կաթողիկոսը աղերսագրով հայտնել էր ջահին իր նեղությունները, բայց շահը անտես էր արել կաթողիկոսի խոսքը, որի համար մնացել էր անել կացության մեջ։ Ապա գնացել, ընկել էր շահի գոմը և շահին կաթողիկոսը իմացրել էր, թե ութ հարյուր թուման տվել եմ, բայց այլևս ուժ չունեմ տալու։ Իսկ շահը ասել էր, թե ես այդ հարյուր թուման տուգանքից մեկ կոպեկ չեմ զիջի, եթե նույնիսկ մեկ այրի պառավ մնացած լինի երկրում, ես կառնեմ։ Ապա Մելքիսեթը ելավ Սպահանից եկավ Երևան և Էջմիածին, շահի ծառաները նույնպես եկան կաթողիկոսի հետ և պահանջում էին իրենց ռոճիկը, որ շահը պարտագրել էր կաթողիկոսի վրա նրանց տալու հարյուր թուման տուգանքի հաշվին։ Կաթողիկոսն ուր էլ որ շրշում էր։ Նրա հետ շրջում էին նաև ծառաները, և ծանր բեռ էին դառնում ժողովրդի վրա իրենց անհրաժեշտ կարիքներով և անխնա շռայլությամբ ցնցխում էին ժողովրդի ունեցվածքը, իսկ այս նեղությունը խիստ ծանր էր ժողովրդի համար, որովհետև ծառաները իրենց կենցաղավարությունը զեխությամբ ու շռայլությամբ էին անցկացնում: Այս պատճառով բոլորը ձանձրացան, սրտով լքեցին կաթողիկոսին և յուրայիններին, հեռացան նրանցից։ Եվ այնուհետև իրավունքով ու կանոնավոր կարգով չէին պահանջում, այլ այլազգիների իշխանությամբ և իբրև կապալավոր հարկատու բռնանում էին ժողովրդի վրա, առանց իրավունքի կեղեքում, կողոպտում էին ժողովրդին։ Եվ թեպետ կեքելով էին առնում, թեպետ իրավունքով, սակայն իրենց ծախքերին չէր բավականանում, դրա համար պահանջների պակաս բավարարելուց և ծառաների հարկադրանքից գնացին տոկոսառու փոխատուների մոտ և մեծ տոկոսով նրանցից փոխատուների՝ ավելի շատ այլազգիներից, քան քրիստոնյաներից, քանզի քրիստոնյաները տալ չէին վստահում։

Եվ ներկայում այնպես եղավ, որ պարտքերը երկուստեք ավելացան. նախ՝ հարյուր թուման տուգանքից, որ չէին կարողանում տալ, ուստի մնաց տարուց տարի և հասավ մինչև վեց հարյուր թուման տուրքի և երկրորդ իրենց արած պարտքը, որ պաըստատուներից առել էին ծառաների ու իրենց կարիքների համար։

Արդ՝ պարտքերի շատանալու, ուրիշների նեղություններից, որ կրում էր կաթողիկոսը, նաև չընդունվելով հայոց ազգից, մտածեց իր մեջ, որ իր վրայից վերցնի ուրիշի վրա դնի կաթողիկոս անունը, սրա հետ նաև պարտքերը. դրա համար ասաց Մովսես վարդապետին, որ այդ ժամանակ բնակվում էր Երևան քաղաքում սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի մոտ[1], որ գտնվում է քաղաքի ծայրում: «Ահա հայոց ազգը մեծ ու փոքր երես դարձրին ինձնից, իսկ քեզ սիրում են և ընդունում, մանավանդ ես ծերացել եմ, իսկ արքունի հարկը պարտք դարձավ ու շատացավ իմ վրա: Արդ՝ տալիս եմ քեզ Էջմիածին Սուրբ աթոռն ու կաթողիկոսությունը, դու վարիր այսուհետև կաթողիկոսությունը, որպես դու ես արժան, իսկ ինձ տուր տարեցտարի ապրելու միջոց և վանքերիցդ մեկը, որպեսզի այնտեղ լուռ նստեմ ու վերջացնեմ իմ ծերությունը: Իսկ Մովսես վարդապետը հանձն չի առել, այլ հրաժարվելով հրաժարվել է։

Մելքիսեթ կաթողիկոսը ուներ Սահակ անունով մի եղբորորդի, որ նրա կողմից եպիսկոպոս էր ձեռնադրված և ծառայում էր նրան։ Սա խոսք էր հասցնում Մելքիսեթ կաթողիկոսին, թե այդ կաթողիկոսությունը քեզ է պատկանում, եթե վարես, շատ լավ է, իսկ եթե դու չես վարում, ինչո՞ւ ես ուրիշներին շնորհում և ոչ թե ինձ, որ ժառանգ եմ և քո որդին եմ: Այս մտքով նաև իրենց բարեկամներն էին հորդորել կաթողիկոսին։ Իսկ Մելքիսեթ կաթողիկոսին հաճելի եղան Սահակի ու բարեկամների խոսքերը։ Իրենց բարեկամների հավանությամբ ու միաբանությամբ Մելքիսեթ կաթողիկոսը Սահակին տարել է Էջմիածին և հրեշտակապետների կիրակի օրը նրան կաթողիկոս է օծել, առել տարել է Երևան քաղաքը և ալս բանը հայտարարել է ամբողջ ժողովրդին։ Նաև կոնդակ է գրել ու տվել Սահակ կաթողիկոսին, թե՝ «Թող ծանուցում լինի ողջ հայ ազդին, որ ես ծերացել եմ ու անկարացել, սրա համար հրաժարվեցի կաթողիկոսությունից, իմ որդի Սահակին օծեցի կաթողիկոս և կարգեցի Էջմիածնի Սուրբ աթոռին։ Արդ՝ ով որ մեզ հնազանդ է և խնդրող մեր օրհնությունը, թող հոժարությամբ հնազանդվի սրա հրամաններին»։ Եվ այդպես նրան կաթողիկոս հռչակեց ամենայն հայոց ազգի մեջ, վարդապետների ու եպիսկոպոսների առջև։ Նաև տարավ Ամիրգունա խանի առջև կանգնեցրեց և ասաց, թե կաթողիկոսությունը տվի սրան, որին նաև խանը հավանություն տվեց։ Մելքիսեթ կաթողիկոսը խանից ևս խնդրեց, որ նա խնդրագիր գրի շահին, որպեսզի կաթողիկոսությունը սրան տա։ Մելիքսեթը ինքը ևս աղերսագիր գրեց շահին, թե՝ ես ծերացել եմ և անկարող եմ վարել այս իշխանությունը. սա իմ որդին է, խնդրում եմ սրան շնորհես կաթողիկոսությունը։

Այս բոլորից հետո, որովհետև Սահակը նշանակվեց կաթողիկոս, հրաման ստացավ Մելքիսեթ կաթողիկոսից և Ամիրգունա խանից, այնուհետև Սահակը սկսեց վարել կաթողիկոսական իշխանությունը, իսկ շահի ծառաները նույնպես հավաքվեցին Սահակ կաթողիկոսի մոտ և նրա հետ էին շրջագայում։

Օրեր հետո Սահակն առավ Մելիքսեթ կաթողիկոսի և Ամիրգունա խանի հրամանները, գնաց շահի արքունիքը իր վրա հաստատելու կաթողիկոսությունը։ Իսկ Մելիքսեթ կաթողիկոսը մնաց Էջմիածնում, և պարտատերերը խիստ ճշտությամբ նրանից պահանջում էին իրենց տված պարտքերը․ ամեն օր գալիս աոջևը կտրում և անհանգստացնելով պահանջում էին տված պարտքերը, իսկ նա ոչինչ չուներ, որ տար, և ոչ ոք էլ չէր վստահում նրան պարտք տալ, այլ տեղից էլ ակնկալություն չկար։ Այս սլատճառով Սուրբ Էջմիածնի բոլոր մնացած անոթները, ինչ որ գտնվում էր, նաև մեր Լուսավորիչ սուրբ Գրիգորի որդի Արիստակես հայրապետի աջը, Աղջուց վանքի սուրբ Ստեփանոսի աջը և բոլորը, որ հիշատակեցի, բերել, գրավ էր դրել այլազգի մահմեդականների մոտ, իսկ առած դրամը տվել էր պարտատուներին և այդ կերպ նրանց հեռացրել իրենից։

Եվ այնուհետև Մելքիսեթ կաթողիկոսը ներքուստ կասկած ունենալով, թե գուցե մյուս պարտատուները նույնպես գան նեղեն իրեն, նաև թագավորական տուգանքը ունենալով մտքում և հավաստի իմանալով, որ չի կարող վճարել, նաև նեղությունների համար, որ շրջապատել էին իրեն, մտածեց թաքուն որևէ կողմ ճողոպրել: Դրա համար մի օր երեկոն մոտենալիս ինքը և մի սպասավոր ելան Էջմիածնից՝ պատճառ բռնելով, թե Երևան է գնում։ Հասնելով կես ճանապարհին՝ ձիու սանձը շուռ տվին ուղիղ դեպի Սահաթի գավառը[2], որ Արաքսի մյուս ափն է՝ Կողբի կողմերը։ Այնտեղից գնաց Կաղզվան[3] այնտեղից Կարին։ Եվ այսպես թաքուն, գաղտագողի փախուստով Մելքիսեթ կաթողիկոսը ճողոպրեց օսմանցիների երկրի մասը։ Կարին քաղաքից ելնելով դանդաղ գնալով հասավ մեծ քաղաք Կոստանդնուպոլիա։ Այնտեղ էլ ժողովուրդը և ժամանակի վարդապետները չընդունեցին նրան ինչ-որ պատճառով։ Ապա այդտեղից ելավ, գնաց Իլով, քաղաքը, իսկ Իլով[4] քաղաքի ժողովուրդը նրան ընդունեց մեծ պատվով ու փառ քով։ Այնտեղ սակավ ժամանակ մնալով, այս աշխարհից պակասեց, ավելացավ իր հա յրերին մեր թվականության 1075 (1626) տարում. այնտեղ վախճանվեց ու այնտեղ թաղվեց» Բայց քանի դեռ Մելքիսեթը կենդանի էր, իլովցիների համար եպիսկոպոս ձեռնադրեց Նիկողայոս [Նիկոլ][Ն 2] անունով մեկին, որ նույն Իլով քաղաքից էր։ Այս Նիկողայոսը քիչ տարիներ հետո շատ նեղություններ տվեց ժողովրդին, որի որպիսությունը կիմանաս նրա պատմությունից, որ հետո անելու ենք։

Նշումներ
  1. Սաղմ․ ՃԻՉ 1
  2. Փակագիծը բնագրային է։
Ծանոթագրություններ
  1. Անանիայի դամբարանը կամ, ինչպես Ալիշանն է ասում, անապատը գտնվել է Կոնդում՝ Երևանի Կոնդ թաղամասում եղել է մի հին մատուռ և շուրջը՝ խցեր։ Առաքել Դավրիժեցու ժամանակ արդեն ավերակ էր։
  2. Սահաթի գավառը համապատասխանում է այն շրջանի տարածքին, որտեղ Ախուրյանը թափվում է Արաքսը։ Առաջացել է 15-րդ դարում այդտեղ իշխող մահմեդական ցեղախմբի առաջնորդ Սագի անունից։
  3. Կաղզվանը գտնվում է Մեծ Հայքի Այրարատի Արշարունյաց կամ Երասխաձոր գավառում։ Կարսից դեպի հարավ-արևմուտք 75 կմ հեռու է։
  4. Իլով էր կոչվում ներկայիս Լվով քաղաքը։