ԳԼՈԻԽ ԻԳ
ՍՈՒՐԻ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սուրբ վարդապետ Պողոսը Մոկաց[1] երկրի Քար անվանված գյուղից էր։ Գալով սուրբ ու մեծահռչակ Վարագի[2] միաբանությունը՝ կապվեց Կարապետ վարդապետի հետ, որի մականունն էր Ձագ վարդապետ։ Սրան աշակերտելով սովորեց Հին ու Նոր կտակարանների բոլոր գրքերը, և երբ գիտությամբ ու տարիքով կատարյալ դարձավ, Ձագ վարդապետը նրան քարոզչության իրավունք տվեց։ Իսկ նա գնալով քրիստոնյաների [հայրերի] մեջ՝ քարոզում էր աստծու պատվիրանները։ Քարոզելով եկավ հասավ Թավրիզ և այնտեղ զբաղվելով իր քարոզչական գործով, ամենօրյա քարոզով ու դասով և հորդաբուխ վարդապետությամբ լուսավորում էր քրիստոնյա ժողովրդին, որոնք որ այնտեղ հանդիպում էին։ Քանզի ամեն կողմից Թավրիզ եկած վաճառականները, երբ հաջողվում էր լսել սուրբ վարդապետի քարոզը, հոգով մխիթարված զվարճանում էին և օրհնություն էին մատուցում աստծուն՝ այդպիսի շնորհների տվողին։

Իսկ Պողոս վարդապետն ինքը վարքով սուրբ էր ու առաքինի, մշտապես սաղմոսերգու էր արտասուքներով և մտքով աղոթարար, ու շաբաթ օրվա գիշերը, երբ լուսանում է կիրակին, ու երեկոյից սկսած ոտքի վրա էր և մինչև լուսանալը հսկում էր կատարում, և ամեն շաբաթ օրվա գիշերը այդպես էր անում. «Հիշեսցուքը», «Կանոն գլուխը», «Ալէլուն» երգով էր ասում «Ութ կանոն սաղմոսի» հետ, իսկ առավոտյան «Պատարագի փրկական խորհուրդն» էր մուտուցում։ Նաև ամենևին հրաժարվել էր գինուց ու մսից. շաբաթ ու կիրակի օրերն էր միայն նավակատիքի կերակուրներ ճաշակում, իսկ տարվա մյուս օրերը պաս պահելով էր ապրում։ Նաև ոչ ոքից ինչք ու ունեցվածք չէր առնում, որովհետև անդրամ էր քարոզում։ Իսկ եթե ժողովուրդը որևէ բան էր տալիս, այն էլ ծախսում էր գերիների, կարոտյալների և եկեղեցիների կառուցման համար։ Նաև ուր որ ճանապարհ էր գնում՝ հեռավոր, թե մոտիկ, ոտքով էր գնում, ուստի քարոզի գրքերը ինքն ու իր աշակերտները շալակում ու գնում էին։ Թավրիզ քաղաքում թեպետ եկեղեցի կար, բայց այնտեղ պատարագի տեղ չկար, իսկ սա նույն եկեղեցում շինեց պատարագի գեղեցիկ խորան։

Ժողովուրդը շատ էր սիրում նրան ճշմարիտ վարքի համար, իսկ վաճառականները, որ Գողթնյաց գավառից էին, աղաչում էին՝ քարոզության գնալ իրենց երկիրը։ Սրանցից մեկն էր ցղնացի խոջա Հայրապետը, և նրա հետ նաև ուրիշները, այս բանը շատ օրեր թախանձում էին։ Եսկ վարդապետին դուր եկան նրանց խոսքերը, գնաց Գողթնի[3] գավառը, եկավ Ագուլիս[4] գյուղը։

Այնտեղ կար առաքելաշեն մի եկեղեցի, որի մասին ասում էին, թե սուրբ առաքյալ Թադեոսի շինածն է, որը շատ տարիներ անց դուռը բանալուց հետո մենք նույնպես տեսանք այն եկեղեցին։ Այդ եկեղեցու դուռը շատ վաղ ժամանակներից ինքնիրեն փակված էր առանց նիգի ու փականքի։ Եվ թեպետ շատ անգամ աշխատել էին ու ջանացել, որ բանան, բայց բանալու հնար չէր եղել. այս պատճառով վհատվել էին ու ձեռք քաշել։ Այս դռան փակվելը ամենայն որպիսությամբ պատմվեց վարդապետին։

Եվ երբ եկավ շաբաթվա լույս կիրակիի գիշերը, վարդապետը իր մշտական սովորության համաձայն եկավ, կանգնեց եկեղեցու փակված դռան առջև, որպեսզի հսկում անելով գիշերվա պաշտամունքը կատարի։ Կանգնեց փակված դռան առջև, սկսեց իր սրտի խորքից ուժգին գոչումով և հորդահոս արտասուքներով աղաչել ու խնդրել եկեղեցու դռան բացումը դյուրին լսող տիրոջից։ Բեկված սրտով, հորդահոս արտասուքներով, որ աչքերից բխեցնում էր իբրև աղբյուրներ, իր անձը տարածում էր աստծու առջև։ Նախքան հսկում սկսելը դռնբացեք արեց, և, երբ երեք անգամ բախեց դուռը և ասաց. «Տեր, բաց մեզ համար, տեր, բաց մեզ համար, տեր բաց մեզ համար քո ողորմության դուռը, որ ողբալով կանչում ենք քեզ»։ Եվ աստծու շնորհներով առանց որևէ մեկի մոտենալու անմիջապես դուռը բացվեց։ Իսկ գյուղի քահանաներից, աշխարհականներից նրանք, որ մոտիկ կանգնած էին, քարացած, զարմացած, ապուշ էին կտրել։ Ապա ուշքի գալով՝ շտապ գնացին, ամբողջ ժողովրդին հայտնեցին․ սրանք լսելով՝ թողին տուն ու ընտանիք, խոր գիշերին շտապ այնտեղ հասան մեծ ու փոքր։ Եվ երբ տեսան, օրհնություն էին վերառաքում ի բարձունս աստծուն։ Եվ երբ եկեղեցու դուռը բացվեց, ամբողջ ժողովրդով ներս մտան, ուրախությամբ ու ցնծությամբ այնտեղ՝ նույն եկեղեցում սկսեցին գիշերային կարգը, իսկ առավոտյան մատուցեցին պատարագի փրկական խորհուրդը և ամենքը միաբերան օրհնում էին հրաշագործ աստծուն, որ նրանց արժանի արեց այդ պարգևին։ Այս լուրը հռչակվեց գավառի բոլոր կողմերը քրիստոնյաների [հայ] և այլազգիների մեջ. ովքեր լսում էին, զարմանալով օրհնում էին աստծուն։

Արդ՝ այս փակված դռների բացումով ինչ-որ մեծ խորհուրդ հայտնվելով երևաց, քանզի նրա հետ արևելյան մեր աշխարհում բացվեց կենաց խոսքի քարոզության դուռը, որոնք [ժողովուրդը] մինչև այդ ժամանակ անգիտության խոր խավարի մեջ էին թաղված եկեղեցականները և աշխարհականները, ինչպես կռապաշտության ժամանակ։ Ինչպես տեր Քրիստոս, իբրև արդարության արեգակ ծագեց երկրում և լուսավորեց բոլորին աստվածագիտության հավատով, այդպես էլ սուրբ վարդապետ Պողոսը՝ մեր արևելյան կողմը, որովհետև մեջտեղից վերացրեց ամեն ավելորդ անկարգություն եկեղեցականներից ու աշխարհականներից, ուղիղ քարոզությամբ կարգադրեց, շքեղացրեց բոլորին։ Որովհետև եկեղեցու դռան բացվելով, բացվեց արևելյան մեր աշխարհի հավատի դուռը սրա քարոզությամբ և անբիծ ու անկեղծ վարդապետությամբ, քանզի առաքելաբար շրջում էր ամեն տեղեր, քարոզում էր կենաց խոսքը, կարգում էր քահանաներ, շինում էր եկեղեցիներ և եկեղեցիներում ու գյուղերում հաստատում էր բարի կարգեր, մանուկներին հավաքում էր Սուրբ գրքի ուսման և տեղ-տեղ հաստատում էր դպրոցներ, յուր աշակերտներին նշանակում էր դասատուներ, ընդունակ մանուկներից ոմանց իր հետ շրջել տալով սովորեցնում էր։ Ամենքը հասան աստիճանի՝ աբեղա, քահանա՝ բավական իրենց և ժողովրդին։ Ուր էլ որ շրջեց նա, ամենուրեք շինեց եկեղեցի, քանզի նրանից առաջ ամեն տեղ եկեղեցի չկար։ Եվ եթե որևէ տեղ էլ կար, այն էլ անշուք, անպատշաճ էր եկեղեցի անվան, հասարակ, մթին, խարխլված, փլփլված, լցված հողով ու մոխրով, որի ձևը և դիրքը ծուռ ու թեք։ Իսկ սա, ուր էլ հասնում էր, հիմնարկում էր պատշաճավոր ձևով եկեղեցի՝ դիրքը ուղղված դեպի արևելք. խորանների, լուսամուտների, գմբեթի և այլ ամենի գեղեցիկ շինվածքով։

Այս ձևով քարոզելով և եկեղեցի շինելով հասավ մինչև Աստապատ110 գյուղաքաղաքը, նախ նրանց վանքը շինեց, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի անունով է՝ ամուր պարիսպներով և երկաթապատ դռներով։ Վանքը ավարտելուց հետո ժողովրդի թախանձանքով սկսեց գյուղի եկեղեցին շինել, որովհետև եկեղեցին փոքր էր և ժողովրդին չէր տեղավորում, իսկ ժողովուրդը շատ էր։ Ընդ որում կամեցան եկեղեցու շուրջն եղած խցերից քանդել, միացնել եկեղեցուն, որ մեծանա։ Իսկ աբեղաները, որ բնակվում էին գյուղում և խցերի տերերն էին, խոժոռվելով ըմբոստացան և չէին թողնում խցերը քանդել։ Իսկ ժողովուրդը ուշադրություն չդարձրեց նրանց ըմբոստացման վրա, այլ հարձակվելով՝ խցերը քանդեցին։ Իսկ աբեղաները, չկարողանալով արգելել, գնացին վանք, առան եպիսկոպոսների, եկան գյուղ, մեծ աղմուկ բարձրացրին և վարդապետին անվայել խոսքեր էին ասում։ Իսկ սուրբը նմանվելով հեզ ու ճշմարիտ Քրիստոսին՝ խորհում էր մտքում, թե եթե ձեզ հալածեն այս քաղաքից, փախեք մյուսը[Ն 1], դրա համար ամենքից գաղտնի, գիշերը ելավ լռելյայն գնաց գյուղ։ Իսկ ժողովուրդը, երբ իմացավ վարդապետի գնալը, այն ժամանակ հարձակվեց աբեղաների վրա՝ ծեծելով քարով, փայտով գյուղից դուրս քշեց, և շտապ գնալով վարդապետի հետևից՝ մեծ աղաչանքով նրան նորից գյուղ դարձրեց և սկսեց լայն ու ընդարձակ, բարձր կերտվածքով եկեղեցի շինել գմբեթը վրան կառուցված, նույնպես նաև տների ու պարիսպների այլ հարկեր։ Իսկ աբեղաները և եպիսկոպոսները, երբ տեսան իրենք չկարողացան վարդապետին հաղթել, գնացին Դարաշամբ և Նախավկայի վանքի բոլոր եպիսկոպոսների հետ միաբանվելով՝ իրենց հետ առան, եկան վարդապետի վրա նման Ամաղեկի[5] թագավորների, որոնք միաբանված եկան աստծու զորավար Հեսուի վրա։ Բայց ինչպես նրանք այնտեղ պարտվեցին, այնպես էլ այստեղ՝ սրանք, որովհետև թեպետ շատ անգամ հակառակվեցին վարդապետին, բայց նա բոլորովին չլքվեց բարի առաջընթացից։ Իսկ միաբանված աբեղաները նախանձից ավելի ևս գրգռված՝ գնացին Մելքիսեթ կաթողիկոսի մոտ, որ կաթողիկոսական իշխանությունը կապալով պարսից թագավորից առել էր, և այնքան բարկության մղեցին նրան, մինչև որ շատ անգամ սպառնական ու հանդիմանական խոսքեր ուղարկեց վարդապետին, թե դուրս կգաս մեր երկրից և կգնաս քո երկիրը, ուստի եկել ես, որովհետև մեզ պետք չէ քո խաբեբա և նորաթուխ քարոզությունը, և ոչ էլ քո կեղծավոր վարքը. իսկ եթե ոչ, խայտառակության նշավակ, ծաղր ու ծանակ կդառնաս իմ ձեռքում։ Իսկ վարդապետը այդ բնավ հաշվի չառավ, որովհետև նրա հույսը տիրոջ վրա հաստատուն էր, այլ մշտապես շրջում էր ու քարոզում, շինում էր եկեղեցիներ և բոլորը ուղիղ կարգերով ու գրվածքներով հարդարում։

Իսկ տարիներ անց Մելքիսեթ կաթողիկոսը և Պողոս վարդապետը Նախիջևան քաղաքում հանդիպեցին միմյանց. կաթողիկոսը իր սրտում տարիների կուտակած դառը թույնն ու մաղձը այդ ժամանակ ժայթքեց վարդապետի վրա։ Բազմաթիվ հանդիմանություններից, կշտամբանքներից ու անպատշաճ խոսքերից հետո, որ կաթողիկոսը ասաց վարդապետի երեսին, ասաց նաև՝ թե այն բոլոր եկեղեցիները, որ դու շինեցիր, քո գլխին կքանդեմ։ Եվ հրամայեց նրան ելնել այս երկրից ու գնալ իր տեղը։ Իսկ եթե դարձյալ ուշանա, այնուհետև կհանձնվի աշխարհիկ իշխաններին։ Վարդապետը իր կողմից ոչ մի օգնող չուներ՝ ոչ եկեղեցական և ոչ էլ աշխարհիկ, որովհետև բոլորը վախենում էին կաթողիկոսից, քանզի կաթողիկոսությունը կառավարվում էր թագավորական իշխանությամբ։ Այս պատճառով վարդապետը ճարահատյալ Նախիջևանից ելավ, գնաց Շամբ գյուղը, որպեսզի գնա իր տեղը։

Ըստ իր մշտական սովորության, կեսգիշերին վարդապետը աղոթում էր. այդ գիշեր աղոթքից հետո խթեց աշակերտի կողը և զարթեցրեց նրան։ Ուրիշները նույնպես զարթնեցին։ Սկսեց հարցնել նրանց, թե որն է ձեզ լավ թվում՝ արիանալ ընդդեմ այս փորձության, դիմագրավել այս խռովությունը և քարոզել կենաց խո՞սքը, թե տեղի տալ ու հեռանալ սրանց խառնակչությունից։ Իսկ աշակերտները պատասխանեցին. «Դու ինքդ տեսնում ես տգիտության խավարը, թե ինչպես սփռված է ժողովրդի վրա, տեսնում ես նաև այն, թե ինչպես տերը բացեց քարոզության դուռը, որովհետև ինչ էլ որ քարոզում ես, անմիջապես արդյունավորվում է։ Արդ՝ չլինի վհատվես, որովհետև տեր աստված օգնական է, դու պետք է արիանաս և համբերես վարձության՝ ժողովրդի օգտի համար և քարոզես կենաց խոսքը»։

Երբ սուրբ վարդապետը այս քաջալերանքը ստացավ նրանցից, այդ ժամանակ իր աշակերտներին ասաց. «Արդ՝ իմ որդիներ, որովհետև այդպես ասացիք, մենք պետք է գնանք թագավորի մոտ ու նրանից թույլտվություն առնենք եկեղեցիների շինության համար. իսկ ես ակնկալում եմ տիրոջից, որ թագավորը մեր խնդրանքը կկատարի։ Արդ՝ եթե նրանից այս թույլտվությունն առնենք, մեզ հասնենք բարի անուն կլինի, և եթե մեզ սպանեն, բարի վարձք ենք ընդունելու Քրիստոսից նրա վաստակավոր ծառաների հետ»։ Աշակերտները նույնպես հաստատեցին, թե շատ լավ է այդ մտադրությունը։

Նույն ժամին, նույն գիշերը վեր կացան, Շամբից ելան, անցան Արաքս գետը և ճանապարհ ընկան գնալու թագավորի մոտ, որ ինքը առաջին Շահ-Աբասն էր, եկեղեցի շինելու հրաման առնելու նրանից։ Սաղմոսի կանոնի ավարտից հետո, որ ճանապարհին գնալիս երգում էին, պատահեց այն քարոզը, որտեղ ասվում է «Խաղաղության ճանապարհներին մեր ընթացքը ուղղելու համար տիրոջն ենք աղաչում»։ Մյուս տունն էլ ասում է. «Հակառակորդին շուտափույթ ոտքերի տակ խորտակելու համար տիրոջն ենք աղաչում»։ Այդ ժամանակ վարդապետը նրանց, որոնք իր հետ էին, ասում է. «Տեսեք որդիներ իմ, որ մեր ճանապարհը ըստ այս սաղմոսի վկայության ուղիղ է»։ Սրանով ավելի ևս հաստատուն դարձան, ուրախացան և մեծ հույսով գնում էին։

Եվ երբ հասան Արազբար կոչված գավառը և օրը տարաժամելու հետ մտան այլազգիների մի գյուղ գիշերելու այդ գիշեր, տեսան, հավատով մահմեդական մի մարդ ընդառաջ եկավ իրենց, աղաչեց և ասաց. «Ձեզնից խնդրում եմ, աստծու սիրուն, մի գարշեք իմ այլազգությունից, այլ զիջեք իմ աղաչանքներին, եկեք իմ տունը, որպեսզի ձեզ հյուրընկալեմ։ Որովհետև աստծուն ուխտ եմ արել, որ այսօր առանց հյուրի չճաշեմ։ Մինչև այժմ այս գյուղամեջում սպասում եմ ու նայում հյուրի, և արդ՝ աստված ձեզ ուղարկեց, ուստի սիրով ցանկանում եմ ձեր գալուստը իմ տուն»։ Իսկ երանելի վարդապետը մարդուն ցնծությամբ պատասխանեց և ասաց․ «Թող այդպես լինի, ինչպես ասացիր, գնանք քո տունը»։ Եվ այն գիշեր օթևանեցին այդ մարդու տանը։ Մարդը շատ լավ սպասավորեց նրանց՝ ամեն պիտույքներով և հանգստությամբ։ Եվ երբ առավոտյան կամեցան գնալ, այլազգին եկավ աղաչեց, խնդրեց և ասաց, թե՝ «Ես զավակ և հիշատակ չունեմ երկրի վրա, խնդրում եմ ձեզնից՝ աղոթք անել ինձ համար, որպեսզի զավակ ունենամ, քանզի իմ կինը ամուլ է»։

Իսկ սուրբ վարդապետ և մշտատարած ձեռքերը բարձրացրեց երկինք և պատշաճ աղոթքներով խնդրեց աստծուց, որ իրան զավակ տա։ Իսկ դյուրալուր տերը, որ խոստացավ իր ծառաներին, թե այն ամենը, ինչ որ խնդրում եք հավատով, կստանաք, սուրբ վարդապետի աղոթքով այն մարդուն զավակ պարգևեց, ինչպես որ հայտնեց նույն մարդը։ Քանզի որոշ ժամանակ անցնելուց հետո այդ այլազգի մարդը, նվերներով եկավ և վարդապետի առջև ընծա գնելով երկրպագեց, գոհություն հայտնեց և խոստովանեց, որ նա շնորհներով է օժտված, թե՝ «Քո աղոթքներով աստված ինձ զավակ պարգևեց, արդ՝ խնդրում եմ աղոթես, որպեսզի աստված նրան պահի երկար ժամանակ»։ Իսկ սուրբ վարդապետը վրան աղոթք արեց և մխիթարեց նրան շատ խոսքերով, ուղարկեց իր տեղը։

Արդ այս իրողության պատահումը նման եղավ այն բանին որ Աստված արեց մեծ նահապետ Աբրահամի հետ, ինչպես որ նա իջավ Արբահամին հյուր և պարգևեց նրան զավակ, սույնպես էլ վարդապետը եկավ այլազգիին հյուր և աղոթքով խնդրեց աստծուց՝ նրան զավակ պարգևել, որով փառավորվի Հիսուս Քրիստոսի՝ մեր տիրոջ անունը ըստ իր անսուտ խոսքի, թե կտեսնեն ձեր բարի գործերը և կփառավորեն ձեր հորը, որ երկնքում է[Ն 2]։

Սրանից հետո վարդապետը դուրս եկավ այնտեղից, գնաց աղվանից երկիրը՝ Ղարաբաղ, այն վայրը որ անվանվում Է Քոթուկլու[6], քանզի այնտեղ էր բանակել Շահ-Աբաս թագավորը իր ամբողջ սպայակույտով։

Իսկ երբ վարդապետը հանդիպեց թագավորին, տերը իր շնորհալի ծառային ներկայացրեց այլազգի ահարկու թագավորին. և երբ արքան վարդապետին հարցրեց, թե ինչ խնդրանք ունես մեր թագավորությունից, վարդապետը պատասխաննելով՝ ասաց․ «Նախ՝ արքայի կյանքի երկարությունը և նրա աթոռի հաստատությունը. երկրորդ՝ որ, արքա, քո խաղարար թագավորությամբ հայ ազգը ամեն բարիքներից ոչ մի պակասություն չանի, բացի միայն աղոթքներից, քանի որ աղոթատեղ չկա, որպեսզի առ աստված աղոթեն աշխարհի և թագավորի կյանքի համար։ Արքայից այս եմ խնդրում, որ ինձ եկեղեցի շինելու հրաման ու հրովարտակ տա։ Եվ եթե սա վարձք ունենա, թագավորին լինի, իսկ եթե մեղանչանք ունենա, ինձ լինի»։ Արքան այս լսելով զվարճացավ իր մեջ և բարձր ձայնով ասաց իր նախարարներին. «Իշխաններ ու դատավորներ, ո՞րն է ձեզ արժանի և ուղիղ թվում՝ հրաման տա՞լ եկեղեցի շինելու, թե՞ արգելել»։ Ինքը դարձյալ շտապ պատասխանեց իր խոսքերին, թե չպետք է արգելել, այլ պետք է շինելու հրաման տալ, որովհետև դրանք ևս աստծու տներ են։ Եվ անմիջապես հրամայեց հրովարտակ գրել և տալ նրան։ Երբ [հրամանը] կատարեցին, տվին թուղթը, նա տարավ հեռու, կարդալ տվեց, տեսավ, որ այնպես օգտակար չէր, որ բավարարեր ներկա ժամանակի կարիքներին, դրա համար հարկադրված կրկին ներկայացավ արքային և հիշեցրեց նրան իր խնդրելիք հրովարտակը։ Երբ թագավորը վերահասու եղավ վարդապետի դիտավորությանը, այդ ժամանակ թագավորը վրանից դուրս եկավ, գնալ-գալով ճեմում էր, նույն ժամին գրագիրներից մեկին կանչեց, նստեցրեց իր առջև գետնին, իսկ արքան ոտքի վրա մնալով ինքը ասում էր, իսկ գրագիրը գրում, մինչև վերջացրեց գրության բոլոր խոսքերը, ապա նույն գրագրին հրամայեց [գրությունը] շրջեցնել բոլոր իշխանների մեջ, որպեսզի ստորագրեն ու կնքեն։ Եվ երբ ամեն ինչ ավարտվեց, հրովարտակը բերին տվեցին վարդապետին, իսկ սուրբ վարդապետը գոհ մնալով տիրոջից, առավ արքունական հրովարտակը, եկավ հայոց Արևելյան երկիրը[Ն 3] և այնուհետև աներկյուղ էլ ավելի վայելուչ եկեղեցիներ սկսեց շինել, համարձակ շրջել ու քարոզել։

Իսկ Մելքիսեթ կաթողիկոսը առավել քենով լցվեց Պողոս վարդապետի հանդեպ զրպարտանքի խոսքեր խոսեց վարդապետի մասին մեծ հզոր իշխան Ամիրգունա խանին, որ Երևանի իշխանն էր ասաց «Մի չենթարկվող ու անհնազանդ մարդ, մարերի օտար երկրից քանի քանի տարի է, որ շրջագայում է պարսից երկրում, մանավանդ քո իշխանության գավառներում և սուտ ու խաբեբայական քարոզությամբ և կեղծավոր վարքով բոլոր մարդկանց առինքնում է։ Ոսկի արծաթ և այլ ունեցվածք չմնաց որևէ մեկի մոտ, այլ բոլորը կողոպտում է ամենքից և առնում է ուղարկում իր երկիրը։ Քանիցս խոսքով պատվիրեցինք նրան, նաև երես առ երես ասացինք, որ ելնի այս երկրից և գնա իր տեղը, նա մեր խոսքը բանի տեղ չդրեց և չակնածեց թագավորական հրամանից, որ մեր ձեռքում կա, այլ գործում է ըստ իր կամքի ու հաճույքի, քանզի անհնազանդ է իշխաններին ու պետերին։

Այս պատճառով խանը իր առջև է կանչում իր զինվորներից մեկին և ասում. «Մեր իշխանությունից հրաման է, որ դու գնաս մեր տերության երկրում շրջես և վարդապետ Պողոսին գտնես, բերես այստեղ մեղ մոտ»։ Իսկ զինվորը գնում, որոնելով նրան գտնում է Ագուլիս գյուղում, այնտեղից նրան առնում բերում է Երևան քաղաքը։ Եվ գալիս, երբ եկան հասան Դվին[7], այն գիշեր այդտեղ օթևանեցին։ Այդ գյուղում կար մի քրիստոնյա (հայ) մարդ, որի որդու ձեռքը գոսացել էր, սրան (հայրը) բերեց վարդապետի առջև և խնդրեց նրա վրա աղոթել, որպեսզի մանկան ձեռքը բուժվի։ Իսկ սուրբ վարդապետը բռնեք մանուկի ձեռքից և աղոթք արեց նրա վրա և ասաց. «Հայր մեր, որ երկնքում ես և տվեց հորը, որ առավ գնաց։

Վաղ առավոտյան [այն մարդը] առած որդուն եկավ վարդապետի առջև, երկրպագում և համբուրում էր նրա ոտքերը, գոհություն հայտնում և խոստովանում էր, որ վարդապետը օժտված է շնորհներով. ամենքին ցույց էր տալիս մանկան ձեռքը, թե վարդապետի աղոթքով իմ մանկան ձեռքը բուժվեց։ Քանզի Քրիստոսի շնորհիվ և սուրբ վարդապետի աղոթքով բոլորովին բուժվել էր այն մանկան ձեոքը, որով փառավորվեց մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը։

Այնտեղից ելան, եկան Երևան քաղաքը։ Զինվորը, որ վարդապետին բերեց, նույն օրը նրան ներկայացրեց խանին։ Իսկ խանը, ինչպես կաթողիկոսից ընդունել էր նյութը, մեծ քեն ու դառնություն ուներ մտքում ամբարած, որպեսզի բազմակի չարչարանքների վարձությամբ անցկացնի վարդապետին։ Բայց նա, որ թագավորների թագավորն է ու տերերի տերը, որ իր ձեռքում է պահում բոլոր բռնակալների սիրտը[Ն 4] ըստ Սողոմոն իմաստունի, անմիջապես խանի սիրտը խաղաղեցրեց, ինչպես Արտաշես արքան (քաղցրացավ) Մուրտքեի վրա և բարկացավ Համանի[8] վրա։ Որովհետև վարդապետի երեսին խոսքը ասելիս ոչ թե բարկությամբ ասաց կամ զայրացած դեմք ցույց տվեց նրան, այլ մեղմ և հանդարտ խոսքով ասաց նրան. «Այսօր մնա մեզ մոտ, քանզի մեր հյուրն ես, իսկ վաղը քեզ կտանեմ կաթողիկոսի մոտ և նրանքեզ հետ կհաշտեցնեմ, որովհետև Մելքիսեթ կաթողիկոսը խանին իր բարեկամներով հանդերձ հրավիրել էր պատիվ տալու հաջորդ օրը. սրա համար խանն ասաց, թե կտանեմ քեզ ինձ հետ կաթողիկոսի մոտ և կհաշտեցնեմ»։

Իսկ մյուս օրը կաթողիկոսի կոչունքին գալիս խանը վարդապետին իր հետ տարավ. իսկ երբ եկավ խոսելու ժամը, խանը կաթողիկոսին ասաց. «Արդ՝ իմ սրտի ցանկությունը այս է կամենում քեզնից, որ դու հաշտվես վարդապետի հետ և, լինեք իբրև հայր ու որդի, որովհետև թեպետ շրջում է ժողովրդի մեջ, դատապարտության ոչ մի գործ կամ վնաս չի անում՝ ոչ ինձ, ոչ քեզ, ոչ էլ ժողովրդին, և ես կամենում եմ, որ ձեր միջև խաղաղություն ու սեր հաստատվեն»։ Իսկ կաթողիկոսը երբ տեսավ, թե ինչ որ մտքում մտածել էր և խոսել էր խանին, այնպես չեղավ, այլ դրան հակառակ։ Եվ չնայած չէր էլ կամենում հաշտվել, բայց և խանի հրամանին ընդդիմանալ անկարելի Էր համարում, որովհետև նրա սիրտը շահելու համար էր հրավիրել, մանավանդ այնքան պատվավոր մարդկանց մեջ, և իր սեղանի շուրջը, իր տանը։ Այդ պատճառով ակամայից առերես ու կեղծ սրտով հաշտվում Է վարդապետի հետ ըստ խանի հրամանի: Խրախճանքից հետո, երբ խանը պատրաստվում Էր գնալու, կաթողիկոսին ասում Է. «Այս վարդապետը այս գիշեր հանձնվում է քեզ, իսկ վաղը քո ինձ մոտ գալու ժամանակ քեզ հետ կբերես, որովհետև դրա հետ գործ ունեմ»։

Իսկ առավոտյան կաթողիկոսը ինքը չգնաց, այլ իր եպիսկոպոսներից մեկին դրեց վարդապետի հետ, ուղարկեց խանի մոտը: Իսկ խանը պատվեց, զգեստանվեր տվեց վարդապետին, որովհետև նրա վրա դրեց թանկագին ու ոսկեհուռ կապա։ Դարձյալ կանչեց նույն զինվորին, որ վարդապետին բերել էր և ասաց նրան. «Արդ՝ կառնես այս վարդապետին և կտանես, կհասցնես այնտեղ, որտեղից բերել ես սրան և կհանձնես տեղի մարդկանց, ապա կդառնաս այստեղ»: Իսկ զինվորը և վարդապետը խոնարհություն արին իշխանին, ելան նրա մոտից գնացին դեպի Գողթան գավառը։

Արդ՝ այս գործի կատարումը նմանվեց այն բանին, որ կատարվեց Բաղակ թագավորի հետ[9]. ինչպես որ նա վարձեց Բաղայամին, որ սա անիծի Իսրայելը, իսկ Բաղայամը եկավ, օրհնեց Իսրայելը։ Սույնպես Էլ կաթողիկոս Մելքիսեթը դրդեց խանին, որպեսզի պատժի վարդապետին, իսկ նա բերեց ամենքի առջև պատվեց և զգեստանվերով ուղարկեց իր գործին: Այստեղ էլ Սողոմոնի խոսքը կատարված է տեսնվում. «Մեղավորը նայում է արդարին և մտածում է սպանել նրան, բայց տերը նրան չի թողնում նրա ձեռքում և չի դատապարտում նրան, երբ դատում է նրան»[Ն 5]:

Երբ վարդապետն ու զինվորը Երևանից ելան, գնացին Գողթան գավառը, հասան Շոռոթ գյուղը և այնտեղից ելան, կամենում էին գնալ Ցնղա գյուղը։ Եվ մինչդեռ ճանապարհին գնում էին, երբ մոտեցան Նորակերտից եկող և Բղևի ընթացող գետին և տակավին չէին հասել գետին, տեսան այնտեղ հովտում արածող վայրի այծյամներ, որոնք տասներկուսն էին։ Վարդապետը նրանց իր մոտ կանչեց, և այծյամները եկան նրա մոտ. իսկ զինվորը չգիտեր, որ վարդապետը այծյամներին կանչել է, քանզի վարդապետից հեռու էր։ Երբ (զինվորը) տեսավ կանգնած այծյամներին, անմիջապես լարեց աղեղը, որպեսզի այծյամներին նետահարի, իսկ այծյամները անմիջապես խրտնելով այնտեղից հեռու ցատկեցին, որտեղ կանգնած էին և սկսեցին փախչել լեռան կողմը։ Իսկ վարդապետը ետ նայելով՝ տեսավ, որ զինվորն այդ արեց, զինվորին սաստելով դադարեցրեց, ապա կրկին կանչեց այծյամներին և ասաց.— «Եկեք, տիրոջից օրհնվածներ, եկեք ինձ մոտ. ոչ ոքի չեմ թողնի, որ ձեզ վնասի»։ Եվ նրանք իբրև մտավոր ու բանական մարդ դարձյալ եկան վարդապետի մոտ և կանգնեցին նրա առջև։ Իսկ վարդապետը, մոտենալով նրանց, ձեռքով շփում էր նրանց վրա և քորքորում նրանց պարանոցներն ու թիկունքները, գգվանքով ողջագուրում էր նրանց և նրանց հետ խոսում էր իբրև բանականի հետ։

Երկար ժամանակ կանգնած էին նրա առջև, և հետո նրանց ասաց. «Այժմ խաղաղությամբ գնացեք ձեր արոտները, և տերը կպաշտպանի ձեզ ըստ ձեր կարիքների»։ Իսկ նրանք ճամփա բռնելով գնացին լեռան կողմը իրենց ընթացքով։

Զինվորը այդ բանի վրա կանգնած էր զարմացած ու ապշած, իսկ սուրբ վարդապետը սկսեց նրան պատմել սուրբ Թադեոս առաքյալի արած հրաշալիքները, որ վայրի եղնիկները բերեց Ոսկյանների[10] առջև։

Զինվորը վարդապետին տարավ հասցրեց Ագուլիս գյուղաքաղաքը, հանձնեց նրանց, իսկ ինքը վերադարձավ Երևան խանի ծառայության։ Նա պատմում էր բոլոր հրաշքները, որ ինքը տեսավ՝ ամենքի առջև փառավորելով մեր Քրիստոս աստծու անունը։

Իսկ այն մարդիկ, որոնք նախանձախնդիր էին վարդապետի նկատմամբ, երբ տեսան, թե մատնությամբ, որ արին Ամիրգունա խանի մոտ, չկարողացան վնասել վարդապետին, սույն օրինակով մի մատնություն էլ արին Ղառչղա խանի մոտ, որ ավելի գոռոզ էր, փառքով ու ամեն որպիսությամբ Ամիրգունա խանից ավելի մեծ։ Ղառչղա խանը իշխում էր Թավրիզ քաղաքի վրա․ սրա մոտ գնաց Մելքիսեթ կաթողիկոսն ինքը և ուրիշներ եկեղեցականներից ու աշխարհականներից և ամբստամբեցին Պողոս վարդապետին։ Ղառչղա խանը զինվորներ ուղարկեց, Պողոս վարդապետին տարավ Թավրիզ, իսկ գործի ավարտը այնպես եղավ, ինչպես Ամիրուգնա խանի մոտ, և սրանով ամոթապարտ մնացին նախանձորդները։

Կա նաև մեկ այլ պատմության, ինչպես որ գրելու ենք առաջիկայում Անդրեաս քահանայի նահատակության պատմության գլուխներում, թե (ինչպես) մատնեցին Պողոս վարդապետին ու Մովսես վարդասլետին Շահ-Աբաս թաղավորին, որոնց բռնելով (շահը) առավ երեք հարյուր թուման տուգանք և ապա թողեց։ Սրանք հարձակումից հետո ելան, ավելի համարձակ քարոզեցին կենաց խոսքը, որովհետև ինքը նրբատես Շահ-Աբասը իր մտքով նկատեց ու դիտեց նրանց, որ նրանց մեջ կեղծավոր որևէ բան չկա, այլ աստծու ճշմարիտ ծառաներ են։

Կան սուրբ վարդապետ Պողոսի վարքի ու հրաշքների այլ պատմություններ ևս, որ ցավագարներ, դիվահարներ բժշկեց և այլ այսպիսիք, բայց այսքանն էլ բավական է ծանոթացնելու համար նրա ամեն որպիսությունը։ Ամեն անցքերը պատմելուց հետո, մեկը ևս ավելի գերազանցներից։ Մինչդեռ Պողոս վարդապետը քարոզությամբ շրջում է քրիստոնյաների (հայերի) մեջ ըստ իր մշտական սովորության, նրան պատահեցին Մելքիսեթ կաթողիկոսի եղբորորդի Սահակ կաթողիկոսը և նրանց համախոհներից ուրիշներ։ Շատ օրեր տանջեցին նրան, ասելով՝ լռիր դու քարոզությունից։ Իսկ Պողոս վարդապետը չէր կամենում լռել, որովհետև խիստ ցանկանում էր և փութեռանդ էր քարոզության մեջ։ Բայց հակառակորդները մշտապես խիստ բազմահնար խորամանկության շղթաներով և զրպարտության մեքենաներով ճմլեցին, կորացրին նրան՝ ասելով. «Դու այլևս չպետք է շրջես ժողովրդի մեջ և քարոզես, այլ մեզ մահմեդականների վկայությամբ ստորագրություն տուր, թե եթե այսուհետև քարոզես, լինես թագավորի թշնամին և մահվան ու սպանման ենթակա»։ Եվ շատ օրեր հակառակորդները բազմազան ձևերով ճնշեցին վարդապետին, որը մնաց ճարահատ, քանի որ նրանց դիմաց միայն ինքն էր առանց որևէ օգնականի։ Չնայած քրիստոնյաներից շատ բարեկամներ ու սիրողներ ուներ վարդապետը, բայց հակառակորդների երկյուղից ոչ ոք չէր հանդգնում վարդապետին օգնել։ Այս պատճառով մնաց ճարահատյալ և նրանց ստորագրություն տվեց հետևյալ ձևով․ «Ես Պողոս վարդապետս ստորագրություն եմ տալիս, որ այսուհետև չեմ շրջի ու չեմ քարոզի, իսկ եթե սրանք անեմ, ես լինեմ թագավորին թշնամի»։ Երբ հակառակորդները այս ստորագրությունը Պողոսից առան, ուրախացան անասելի խնդությամբ։

Այնուհետև Պողոս վարդապետը գնաց Մեծ անապատը, մնաց մենակեցությամբ, խցում լռեց, մշտամատույց աղոթքներով խոսակցում էր աստծու հետ։ Այնտեղ մնաց և անապատից դուրս չեկավ մինչև իր կյանքի վախճանը. հանգավ ի տեր և այնտեղ թաղվեց։

Սրա վախճանը տեղի ունեցավ մեր թվարկության 1069 (1620) տարում։ Նրա գերեզմանից բազմաթիվ հրաշագործություններ ենք լսում հիվանդների ու ցավագարների մեջ, որոնք հույսով գնում են նրա մոտ, ամեն ցավի բժշկություն են ստանում մեր Քրիստոս աստծու՝ նրան զորացնողի շնորհներով, որին փառք հավիտյանս ամեն։

Նշումներ
  1. Տե՛ս Մատթ. Ժ 93։
  2. Մատթ. Ե 16։
  3. Երկիր արևելից Հայոցը Արցախը, Սյունիքն է։
  4. Դավրիժեցին նկատի ունի Աստվածաշնչի խոսքը. «Որպէս սահանթ ջրոյ, նոյնպէս սիրտ թագաւորի ի ձեռս Աստուծոյ, ընդ որ կոյս կամի հայեցուցանել, դարձուցանէ (Առաք. ԻԱ 1)
  5. Սաղմ. ԼԶ, 3Ձ։
Ծանոթագրություններ
  1. Մոկսը Մեծ Հայքի ամենափոքր նահանգն էր, որ հյուսիսից ու արևելքից սահմանակից էր Վասպուրականին, արևմուտքից Աղձնիքին, հարավից Կորճայքին։
  2. Վարագը լեռ է Վանի մոտ, որի արևելյան ստորոտին գտնվում էր հռչակավոր Վարագա վանքը։ Դավրիժեցին ակնարկում է այս վանքը, որ այժմ թուրքերի կողմից փլատակված է։
  3. Գողթնի գավառը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգում. ընդգրկել է այժմյան Նախիջևանի Օրդուբադի շրջանը։ Ցղնան Գողթնի գյուղերից է։ Այս գավառի նշանավոր բնակավայրերն էին Ջուղան, Վերին Ագուլիս գյուղաքաղաքը, Օրղվաթ գյուղը և այլն։ Այս գավառում կային նաև նշանավոր վանքեր Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիսի [Մեսրոպավանի] Ս. Մեսրոպ վանքը և այլն։
  4. Աստապատ գյուղաքաղաքը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջևան գավառում է Արաքսի ձախ ափին։ Նշանավոր հուշարձաններից են Ս. Վարդան վանքը և Ս. Ստեփանոսը, որ Աստապատից հարաավ-արևելք 3 կմ հեռավորության վրա Արաքսի ձախ ափին շինված է մի քարքարոտ բլուրի վրա, կոչվում է Քարատակի կամ Կարմիր վանք։ Ահա այս վանքի մասին է խոսում Դավրիժեցին։
  5. Ամաղեկացիները անապատաբնակ թափառական արաբական ցեղեր էին, որ իսրայելցիների հայրենիք վերադարձին հարձակվեցին նրանց վրա։ Հեսուն իսրայելցիների առաջնորդն էր արդեն Մովսեսից հեռու։ Ամաղեկացիները այդտեղ ջարդվեցին (տես Ելք ԺԷ 8-16)։
  6. Արցախում (Ղարաբաղ) կա Քոթուկ գյուղ, որ Ս. Ջալալյանը տեղադրում է Քառասնից գյուղի մոտերքը, Շուշվա դիմաց։
  7. Դվինը Արարատյան դաշտի գյուղերից է, որ գտնվում է ներկայիս Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս–արևելք։ Այս գյուղի մոտ է գտնվում պատմական Դվին մայրաքաղաքը և հինավուրց ամրոցը։
  8. Մուրտքեն ու Համանը Պարսից Արտաշես թագավորի բարձրաստիճան պալատականներն էին. Մուրտքեն հրեա էր, իսկ Համանը ամաղեկ։ Մուրտքեն գուշակում է, որ պալատական երկու ներքինիներ կամենում են Արտաշեսին սպանել. Մուրտքեն հայտնում է թագավորին, և ներքինիները խոստովանում են ու կախվում։ Համանը վրեժով է լցվում Մուրաքեի դեմ, որովհետև բոլորը խոնարհվում ու երկրպագում էին իրեն, բացի Մուրտքեից։ Համանը բամբասում է թագավորի մոտ ողջ երկրում գտնվող հրեաներին որպես խորամանկների ու սինլքորների և պահանջում է իրավունք բոլոր հրեաներին ոչնչացնելու ի թիվս որոց նաև հրեա Մուրտքեին։ Արքան իրավունք է տալիս, որ մի օրում Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառների բոլոր հրեաներին կոտորեն և նրանց ողջ գույքը գրավեն։ Արտաշես արքայի երկրորդ կին Եսթերը, որ Մուրտքեի հորեղբոր աղջիկն էր, բացում է Համանի խարդավանքը, թագավորը կախում է Համանին և Մուրտքեն մնում է իբրև աոաջին պալատական [տես Եսթեր Ա-ից է]։
  9. Բաղակը մովարացիների թագավորն էր. (Մովաթը Մեռյալ ծովից հարավ-արևելք էր)։ Երբ հրեաները Եգիպտոսից վերադարձան իրենց երկիրը, Բաղակը կարծեց, թե կհարձակվեն իր վրա և կսպանեն իրեն․ կանչեց Դյութ Բաղտյամին, որ հրեաներին անիծի։ Սակայն հրեաները ոչ մի վնաս չտվին Բաղակին։ Իսկ Բաղայամը եկավ և օրհնեց Իսրայելը։
  10. Ըստ ավանդության Թադեոս առաքյալը քրիստոնեության առաջին քարոզիչն էր Հայաստանում։ Հռոմից հինգ հոգի դեսպաններ են Հայաստան գալիս Սանատրուկ արքայի մոտ։ Դեսպանների գլխավորի անունն էր Խռուսի կամ Քռյուսի, որ հայերեն թարգմանվում է Ոսկի, որից էլ Ոսկետանք՝ Ոսկյաններ։ Այս դեսպանները առաքյալին հանդիպում են Հայաստանի սահմանամերձ մի ճանապարհի շատ համեստ մի տեսքով։ Հարցուփորձից իմացան, որ նա քարոզիչ է։ Այդ խոսակցության ժամանակ դեսպանները նկատեցին, որ եղնիկների մի խումբ անցնում էր մերձակա սարով։ Դեսպաններն ասում են, եթե դու բարձրյալ աստծու ծառան ես, ասա թող եղնիկները կանգնեն։ Առաքյալը կանչում է եղնիկներին, և սրանք գալիս են դեսպանների, այսինքն՝ Ոսկյանների մոտ [Լիակատար վարք և վկայաբանութիուն սրբոց, ՀԲ, էջ 122]։