ԳԼՈԻԽ ԻԶ
ՆՇԱՆԱՎՈՐ ՎԱՆՔԵՐԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԾԱԽՍ ՈՒ ՄԵԾԱՎԱՅԵԼՈՒՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես գարնանը, երբ հարավային հողմը փչելով ծննդագործում է հողը և բխեցնում է բազմազան ծաղիկների սեռերն ու տեսակները, որոնցով երփնազարդվելով վայելուչ տեսք է ստանում երկրի երեսը, այդպես էլ կարծես այս երկու կաթողիկոսների՝ Մովսեսի ու Փիլիպոսի ժամանակները։ Որովհետև բազմաթիվ վանքեր, անապատներ ու եկեղեցիներ շինվեցին, որոնցից մեկը Սուրբ Ստեփանոս Նախավկայի մեծ ու անվանի վանքն է, որ Դարաշամբի ձորում է։ Սա նախապես անպարիսպ էր, նաև տների ու հարկերի շինվածքները խարխլված, բլբլված էին, իսկ կառույցների դիրքը վատ ու անպետք։ Սակայն ջուղայեցի Հակոբ վարդապետը, որ Փիլիպոսից հետո դարձավ կաթողիկոս, Փիլիպոսի կաթողիկոսության ժամանակ սկսեց նորոգել և միանգամից բոլոր շինվածքները հիմքից քանդեց՝ եկեղեցին, տները, խցերը և մյուս բոլորը, ապա ինքը հիմնարկեց եկեղեցին․ սրբատաշ քարերով, բարձրաբերձ գմբեթով, գեղեցկատես ու զանազան արվեստավոր նկարակերտությամբ զարդարված խաչանման եկեղեցի շինեց։ Այսպես էլ շուրջանակի պարիսպը, տները, խցերը ամուր ու հաստահեղույս քարերով կառուցեց, որոնց ձևն ու դիրքը հարմարությունները չափազանց վայելուչ ու պատշաճ էին, որոնք մեծ աշխատանքով և շատ ծախսերով տասը տարում հազիվ ավարտվեցին, որովհետև քարն ու աղյուսը Աստապատ[1] գյուղից Արաքս գետի ջրերի վրայով տուփերով էին բերում, քարերի մի մասն էլ ձիով բերում էին Արարգ[2] գյուղից։ Այդպես էլ կիրն ու փայտը, հացը մեծ չարչարանքով ու ջանքով հեռու տեղերից էին բերում․ այդպես կատարելով ավարտեցին աստծու և նրա սրբերի փառքի համար։

Այդպես էլ Եսայի վարդապետը, որ Մեղրի[3] կոչված գյուղից էր, տեր Մովսես կաթողիկոսի աշակերտներից․ սա Փիլիպոս կաթողիկոսի կողմից եպիսկոպոս ու առաջնորդ կարգվեց սուրբ Սարապետի վանքի, որ Երնջակի[4] գավառում է։ Սա Փիլիպոս կաթողիկոսի օրերում նույնպես սկսեց նորոգել սուրբ Կարապետի վանքը, որովհետև նախապես եղած բոլոր շենքերը միանգամից քանդեց, վերացրեց մեջտեղից՝ եկեղեցին, տները, խցերը և պարիսպը, ապա շուրջանակի լայն, ընդարձակ հաստ ու բարձր պարիսպ գցեց, իսկ մեջը իրենց և հյուրերի բնակության համար տներ, ապարանքներ (շինեց)։ Առավելապես եկեղեցին կառուցեց հին եկեղեցու տեղում՝ լայն ու ընդարձակ, բարձր կամարներով ու գմբեթով, սրբատաշ քարերով չորս սյուների վրա։ Ամբողջ եկեղեցին հիմքից մինչև նրա գագաթը ավարտեց, ծանր աշխատանքով, մեծ ծախսերով ավարտեցին բոլոր կառույցները և 1102 [1653] թվականի հոկտեմբեր ամսի տասնյոթին եկեղեցին օրհնվեց մեծահանդես նավակատիքով ի փառք աստծու։

Այսպես նաև Զաքարիա վարդապետը, որ Էջմիածին գյուղից էր, առաջնորդն էր Հովհնավանքի մեծափառ միաբանության․ սա էլ Մովսես կաթողիկոսի աշակերտներից էր, երկրում երևելի և փառավոր մարդ էր, շատ խելոք, ճարտարախոս, մտքով ու խելքով հմուտ, դեմքով ահարկու։ Սա էլ Փիլիպոսի օրերում ձեռնարկեց Հովհանավանքի եկեղեցիներն ու տները վերանորոգելուն, որովհետև պարիսպը, որ շուրջանակի էր, միակ պարիսպն էր, իսկ մնացած բոլորը անպետք, վատ, և բոլոր եկեղեցիների տանիքներն ավերված ու քանդված էին։ Զաքարիա վարդապետը հավաքեց բազմաթիվ վարպետներ՝ քարհատներ, հյուսներ, դարբիններ, և ձեռնարկեց նորոգելու վանքերը։ Նախ բոլոր տներն ու խցերը շինեց, վերջացրեց, ապա անցավ եկեղեցիներին, բայց հապճեպ, քանի որ երկու տարում ավարտվեց եկեղեցիների նորոգումը, քանզի առատորեն դրամ մեջտեղ դրեց, որ տալիս էր աշխատողներին։ Երեսուն քարտաշներ միշտ նստած քար էին տաշում, երկու ճարտար որմնադիրներ մշտապես շարում էին, իսկ ուրիշ վարպետներ ու գործավորներ շատ շատ էին, այս պատճառով շուտափույթ ավարտվեց։ Քարն ու կիրը ձորի այն կողմից ձիով էին բերում։ 1101 [1652] թվականին պրծան գործից և խաչվերացի տոնին խաչը օրհնեցին, որ դրված էր գմբեթի ծայրին, և գոհացան աստծուց։

Իսկ ինքը Զաքարիա վարդապետը կատարյալ մարդ էր և երկրին խիստ պիտանի. Թեպետ շատ ծերացել էր, բայց ապրեց մինչև մեր 1108 [1659] թվականը, երբ և վախճանվեց։ Նախքան իր վախճանը ինքը փորեց իր գերեզմանը և պատրաստեց տապանաքար։ Հուլիս ամսի տասին վարդավառի տոնի օրը այս կյանքը փոխեց մահով և ավելացավ տիրոջ հանգստով։ Սրան թաղեցին իր պատրաստած գերեզմանում իր տապանաքարով։ Այնպես պատահեց, որ սա վախճանվեց Սուրբ Էջմիածնում։ Եվ քանի որ նա հարազատի նման ու ցավակցաբար Սուրբ Էջմիածնի սպասավորությունը հոգում էր իր լավագույն խորհրդով և հմուտ խելքով, հարմար ու պատեհ առանձնացնում և ընտրում էր բոլոր խորհուրդներն ու խոսքերը, ուստի այնտեղ Սուրբ Էջմիածնում էին պահում մշտապես, այս պատճառով այնտեղ վախճանվեց և այնտեղ թաղվեց զանգակատան առջև արևմտյան կողմից, որի հիշատակը օրհնությամբ լինի, իսկ նրա աղոթքներով մեզ ողորմի։

Այն Ժամանակ Փիլիպոս կաթողիկոսի օրերում վերստին շինվեց սուրբ առաքյալ Թադեոսի վանքը, որ Արտազ գավառում է, Մակու[5] գյուղում, որովհետև բոլոր շինվածքները միանգամից ավերված էին։ Այս ժամանակ Մկրտիչ անունով ոմն եպիսկոպոս իր միաբաններով, աբեղաներով, սարկավագներով, որոնք բոլորը նույն Մակու գյուղից էին, որ չնայած աղքատ էին, և հարստությունից զուրկ, բայց բոլորը վառվեցին սուրբ առաքյալ Թադեոսի սիրով, հույսը դրին ամենազոր աստծու ողորմության և սուրբ առաքյալ Թադեոսի բարեխոսության վրա, ձեռքները գործի զարկեցին և սկիզբ դրին վանքի շինության։ Նախ սկսեցին տաճարը շինել, որի արևելյան և հյուսիսային կողմերի պատերի մինչև կեսն էր միայն շեն մնացել, էլ ուրիշ ոչինչ, սրանք ամբողջը միանգամից մինչև գմբեթի ծայրը ներքուստ ու արտաքուստ սրատաշ քարերով ամուր ու գեղեցիկ շարեցին։ Տաճարի կառուցման գործը ավարտվեց 1099 [1650] թվականին։ Տաճարի կառուցումից հետո նույն հույսով, որ ունեին աստծու վրա, սկսեցին մշակված քարով ու կրով ժամատունը կառուցել, իսկ սա ավարտվեց 1102 [1653] թվականին։ Սրանից հետո շինեցին սուրբ կույս Սանդուխտի վկայարանը։ Ապա շինեցին Նահատակ անվանված եկեղեցին, որ գտնվում է սուրբ առաքյալ Թադեոսի նահատակության տեղում։ Այս բոլոր կառույցները ավարտվեցին աստծու շնորհներով ու ողորմածությամբ: Նույն Մկրտիչ եպիսկոպոսը և իր միաբանները գտնվում են այնտեղ և պաշտում են աստծուն ու նրա սրբերին՝ ակնկալելով աստծու ողորմությունը, որին փառք հավիտյանս. ամեն:

Տեր Փիլիպոս կաթողիկոսի օրերում սրանց նման շինվեց նաև սուրբ Գևորգ զորավարի վանքը, որ Մուղնի[6] գյուղում է, իսկ սա մոտ է Կարբի գյուղաքաղաքին, Մարտիրոս եպիսկոպոսի սպասավորությամբ և ծախսով, որ նույն Մուղնի գյուղից էր, նույն վանքի եպիսկոպոս։ (Սուրբ Գևորգի) եկեղեցին շատ փոքր էր և մյուս շինվածքները անպետք ու անհարմար, սրա համար այս Մարտիրոս եպիսկոպոսը եղած եկեղեցին և մյուս բոլոր շինվածքները միանգամից վերացրեց։ Նոր պարիսպ քաշեց շուրջանակի, հասարակ իսկ պարսպի մեջ չորս սյուների վրա կառուցեց վայելուչ եկեղեցի, պարսպին կից տներ, խցեր, ամենը շինեց, ավարտեց և թողեց իրեն բարի հիշատակ աստծու և մարդկանց առջև, ինքն էլ այնտեղ թաղվեց՝ սուրբ Գևորգին բարեխոս բռնելով իր և բոլոր քրիստոնյաների համար:

Այսպես էլ սուրբ Սարգիս զորավարի վանքը, որ Ուշի[7] գյուղում է, շինվել է մեր մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպի կողմից։ Սա ևս մոտ է Կարբի գյուղին, որ Արագած լեռան ստորոտում է: Այս վանքը նորոգվեց Ոսկան վարդապետի ձեռքով, որ Երևան քաղաքից է և Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից։ Չնայած եկեղեցին կար վայելուչ, սրբատաշ քարով շինված և բարձրաբերձ գմբեթով, բայց բոլոր եկեղեցիների տանիքները քանդված ու ավերված էին։ Եկեղեցիները իրենց տեղերում միայնակ էին, սակայն շրջապատում բնավ շինություն չկար, այլ սաստիկ քարուտ էր։ Իսկ Ոսկան վարդապետը թեպետ չկարողացավ եկեղեցիների տանիքները նորոգել, քանի որ այնքան միջոց չուներ, բայց մեծ չարչարանքով և երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց և շուրջանակի խիստ ամուր պարիսպ քաշեց։ Պարսպի մեջ ըստ պատշաճի խցեր, տներ շինեց և ինքը այնտեղ է բարվոք կարգավորությամբ՝ հույսը դրած աստծու որորմության վրա սուրբ Սարգիս զորավարի բարեխոսությամբ։

Նաև աստծու փառքի հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ տաճարը՝ Սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի հանգստարանը, այն Մեսրոպի, որ հայոց գրերը գտավ․ ինչպես որ նրա պատմության խոսքերն են ասում, թե նրան տարան ամփոփեցին այն գյուղում, որ անվանվում է Օշական[8]։ Արդ՝ Սուրբ Մեսրոպ վարդապետի այս տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն ավագ խորանն էր մնացել ծածուկ։ Եվ սուրբ հայրապետ Փիլիպոսը իր կաթողիկոսության ժամանակներում սկսեց այն ևս նորոգել, որ և արեց մեծ ծախսերով և աշխատանքով, մշակված քարով, մածուցիկ կրով մինչև ամբողջը ավարտեց մեր թվականի 1094 [1645] տարում ի փառս աստծո։

Նաև բարձրաբերձ, լայնանիստ մեծաշուք տաճարը, որ հանուն սրբուհի Աստվածածնի շինեց, կար հին և վաղ ժամանակներից Բջնի[9] գյուղում։ Այս տաճարի տանիքը ամբողջովին ավերված, քայքայված էր. նորոգվեց Փիլիպոս կաթողիկոսի հրամանով, քրիստոսասեր մեծ պատրիկի՝ ջուղայեցի խոջա Պետրոսի միջոցներով, որին մականունով Բդուզ Պետրոս էին ասում։ Վանքի եպիսկոպոսի անունն էր Փիլիպոս. այդ ժամանակ մեր թվականության 1092 [1643] տարին էր։ Հետո նույն վանքի առաջնորդ եղավ տեր Փիլիպոս կաթողիկոսի աշակերտ Մովսես վարդապետը, որը վանքին շուրջանակի պարիսպ քաշեց գեղեցիկ ներդաշնակությամբ ե տեսնողներին հաճելի։

Իսկ Քասախ[10] գետի վրա շատ խոր ձորի մեջ, Աշտարակ գյուղին մոտիկ կամուրջը, որ մեծաչք և բարձրաշեն կրով ու տաշած քարով էր շինված, հնացել, աչքի կեսը խախտվել ու փլվել էր, բայց չափազանց անհրաժեշտ էր, քանզի շատ գավառների ու ճանապարհների անցատեղի էր։ Այս պատճառով բարեպաշտ և քրիստոսասեր մի մարդ՝ Մահտեսի խոջա Գրիգորը, որ մականունով Մոծակենց Գրիգոր էին ասում և բուն տեղացի Երևան քաղաքից էր, հին կամուրջը, որ փլուզվելու էր մոտեցել, քանդեց, ապա տեղը փոխեց և սկսեց հիմքից ամուր, հաստատուն, կրով ու տաշած քարով նորը շինել պատշաճ ու բարեվայելուչ՝ կառուցելով հիմքից մինչև ավարտը իր հոգու փրկության և առ աստված ունեցած հույսի համար։ Շատ չարչարանք քաշեց, շատ փող ծախսեց,մինչև որ ավարտեց մեր թվականության 1113 [1664] տարում ի փառս աստծու[11]։

Ուրիշ շատ վանքեր էլ կան նորոգված, կամ բազմաթիվ եկեղեցիներ հիմքից շինված Թիֆլիսում, Լոռու գավառում, Արարատյան երկրում, Սիսական գավառում, Ղափանի գավառում, Նախիջևան քաղաքում և սրա գյուղերում, ինչպես Աստապատի մեծաշուք և վայելչատես եկեղեցին, Նախիջևան քաղաքի եկեղեցին, Ճահուկ, Շահակերտ, Գաղ գյուղերի եկեղեցիները, որոնք շինվեցին տեր Հակոբ կաթողիկոսի օրերում։ Նաև Շոռոթի եկեղեցին, Ագուլիսի վանքը և գյուղի չորս եկեղեցիները, Թավրիզ քաղաքի եկեղեցին, Դարաշամբի եկեղեցին, Ցղնայի եկեղեցին, սրանք և ուրիշներ, որոնք չեմ հիշատակում, մի մասը Մովսես կաթողիկոսի օրերում շինվեց, մի մասը՝ Փիլիպոս կաթողիկոսի օրերում, որոնք թող տեր աստված անսասան պահի մինչև հավիտյան։

Ծանոթագրություններ
  1. Աստապատը գյուղաքաղաք էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի նախկին գավառում՝ Արաքսի այս ափին։
  2. Արարգը Դարաչամրին մոտ գյուղ պետք է լինի։
  3. Մեղրին այժմ քաղաքատիպ ավան է, համանուն շրջանի շրջկենտրոնն է։ Երևանից հեռու է 264 կմ դեպի արևելք, հնում կոչվել է Արևիք, որ մտնում էր Սյունյաց նահանգի մեջ։
  4. Երնջակ գավառը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի աոաջին գավառն է եղել, հարավից սահմանակից է եղել Արաքսին, արևմուտքից Նախիջևանին, հյուսիս-արևմուտքից ճահուկին, հյուսիսից Ծղուկ և Գոդթն գավառներին։ Երնջակի գյուղերից նշանավոր է Ապրակունիսը, որի մոտ կառուցված է Ս. Կարապետ վանքը։
  5. Արտազ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի 15-րղ գավառն էր, որի կենտրոնը Մակու բերդաքաղաքն է, որ ընկնում է Փոքր Մասիսից հարավ։ Հնում կոչվել է Շավարշան։ Ըստ ավանդության այդտեղ է նահատակվել Հայաստանում քրիստոնեության քարոզիչ Թադեոս առաքյալը, որի պատվին Մակուից քսան կմ հարավ֊արևելք կառուցվել է Թադեոս Առաքյալի վանքը
  6. Մուղնին Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի գյուղ է, որ այժմ միացած է Աշտարակ քաղաքին: Հայտնի Է Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին, որ մեծ ուխտատեղի Է։
  7. Ուշին Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի գյուղերից մեկն Է, որ շրջկենտրոն Աշտարակ քաղաքից 5 կմ հյուսիս Է գտնվում։
  8. Օշական գյուղը հայտնի Է իբրև Մեսրոպ Մաշտոցի աճյունի հանգստավայր, Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի հնագույն գյուղերից մեկը, որ Աշտարակ քաղաքից արևմուտք 6 կմ հեռավորության վրա Է:
  9. Բջնին Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Վարաժնունիք գավառի գյուղերից Է: Այժմ ՀՍՍՀ Հրազդանի շրջանում Է, շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևմուտք։ Հայտնի Է իր հանքային «Բջնի» կոչվող ջրով։ Այստեղ 7֊րղ դարում կառուցվեց Ս. Սարգիս գմբեթավոր խաչաձև եկեղեցին։ Գրիգոր Մագիստրոսը 1031 թ. կառուցել Է Ս. Աստվածածին եկեղեցին, որ այժմ կանգուն Է։
  10. Քասախ գետը սկիզբ Է առնում Այրարատյան նահանգի Նիգ գավառից (Ապարան) հոսելով դեպի հարավ-արևմուտք, անցնում Է Աշտարակի միջով և մտնում Այրարատյան դաշտը։
  11. Այս կամուրջը մինչև այժմ Էլ կա Աշտարակում, սակայն այլևս երկրորդական դեր Է կատարում, որովհետև դրանից ներքև կառուցված Է շատ մեծ բարձրությամբ հսկա մի կամուրջ, որի վրայով անցնում Է Երևան֊Լենինական, Երևան-Կիրովական խճուղին։