ԳԼՈՒԽ ԻԸ
ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՉԱՐՃԱՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐ ԿՐԵՑԻՆ ԼՎՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԵվԱԾ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ

Վերևում պատմության ընթացքում գրեցինք Մելքիսեթ կաթողիկոսի մասին, թե նա գնաց լեհերի երկիրը։ Արդ՝ երբ նա այնտեղ հասավ և մտավ Լվով քաղաքը, որոշ օրեր անցնելուց հետո նույն Լվովում մի ոմն աբեղա, որի անունն էր Նիկոլայոս[1] [Նիկոլ], ինչ-որ մարդկանց միջնորդ ու բարեխոս անելով ուղարկեց Մելքիսեթ կաթողիկոսի մոտ, որպեսզի իրեն եպիսկոպոս օրհնի Լվով քաղաքում և նրա շրջակայում ապրող հայերի համար, որովհետև այդ ժամանակ նրանք եպիսկոպոս չունեին։ Միջնորդները եկան կաթողիկոսի մոտ, նրան ընծայեցին մեծ քանակությամբ ոսկի և խնդրեցին Նիկոլայոս աբեղային եպիսկոպոս անել։ Կաթողիկոսը տեսնելով առձեռն ոսկու շատությունը, նաև հետագայում շատ ոսկի ևս ստանալու ակնկալությունը, բարեհաճեց Նիկոլայոսին Լվովի եպիսկոպոս օրհնել։

Իսկ քաղաքի քահանաներն ու ժողովուրդը, իշխաններն ու ատմիկները, վաղուց իմանալով Նիկոլայոս աբեղայի վարքի որպիսությունը՝ միանգամից բոլորը հավաքվեցին, եկան կաթողիկոսի մոտ, նրան հայտնեցին իրենց խոսքը, ասացին. «Մենք դրան և դրա վարքի որպիսությունը գիտենք, ուստի դա մեզ համար անընդունելի է, դրան մի (օրհնիր), այլ մեկ ուրիշին արա մեզ եպիսկոպոստ»։

Իսկ կաթողիկոսը արհամարհելով անարգեց ժողովրդին ու նրանց խոսքը և հեռացնելով իրենից՝ նրանց ետ դարձրեց: Բայց ժողովուրդը հաստատ մնաց իր խոսքին, ուստի շատ օրեր խոսեցին կաթողիկոսի հետ և չթողին, որ Նիկոլին եպիսկոպոս օրհնի։

Ապա կաթողիկոսը քաղաքից դուրս եկավ, գնաց վանքը, որ սրբուհի աստվածածնի անունով շինված է քաղաքից դուրս, որին լվովցիները Հաճկատար աստվածածին են ասում. այնտեղ առանց ժողովրդի գիտության և նրանից մեկուսի կես գիշերին սկսեց Նիկոլ աբեղային եպիսկոպոս օրհնել։ Այս բանին քաղաքի ժողովուրդը իրազեկ դաոնալով՝ անմիջապես հենց նույն գիշերը իշխաններն ու ռամիկները շտապ հավաքվեցին միատեղ, քաղաքի փոքր դռնից ելնելով հապճեպ հասան այնտեղ: Գոռում, գոչում էին կաթողիկոսին․ «Դրան մի օրհնիր և մեզ ու մեր եկեղեցին մի մատնիր այդ անիրավի ձեռքը, որովհետև մենք դրա և դրա վարքի որպիսությունը իմանում ենք, ուստի մեզ համար անընդունելի է»։ Ւսկ կաթողիկոսը նստած աթոռի վրա Նիկոլ աբեղային եպիսկոպոս էր օրհնում և ձեռքին բռնած խաչով սաստում էր ժողովրդին ու նրանց ասում էր այնպիսի տգեղ խոսքեր, որ այստեղ հիշատակել անհնար է։ Թեպետ խեղճ ժողովուրդը խռովված աղմկում ու ավելի շատ էր աղաղակում, բայց կաթողիկոսը չլսեց նրանց, այլ Նիկոլին եպիսկոպոս օրհնեց։

Կարճ ժամանակ անց Մելքիսեթ կաթողիկոսը կամեցավ Լվովից ելնել և գնալ Կամենից[2] քաղաքը: Ժողովուրդը մտածեց, որ թերևս Նիկոլին կաթողիկոսի հետ ճանապարհ դնեն գնալու։ Երբ ժողովուրդը Նիկոլի հետ խոսեց կաթողիկոսի հետ գնալու մասին, նա խաբեց նրանց՝ իրեն ցույց տալով, թե հոժար կամքով գնում է։ Եվ երբ որոշ օրեր ճանապարհ գնացին, կաթողիկոսը Նիկոլին ասաց. «՜Բավական է, որքան եկար, այսուհետև խաղաղությամբ վերադարձիր քո տեղը և քո եպիսկոպոսության գործին»։ Նիկոլն ասաց. «Քո իսկ աչքերով տեսար, թե որքան հակառակվեցին քեզ և ինձ չէին ուղում․ իսկ այժմ ինչպե՞ս հանդգնեմ գնալ նրանց մեջ»։ Նիկոլը այնքան հնարամտեց, մինչև որ կաթողիկոսը բանադրանքի, նզովքի ու կապանքի թղթեր գրեց ժողովրդի վրա և տվեց Նիկոլ եպիսկոպոսի ձեռքը, որպեսզի եթե որևէ մեկը ընդդիմանալով հակառակվի և նրան (Նիկոլին) եպիսկոպոսության պատվով չընդունի, ընկնի բանադրանքի տակ։ Նիկոլը առավ այս թուղթը և եկավ Լվով, ասաց ժողովրդին. «Դուք բոլորդ կիրակի հավաքվեք եկեղեցում, քանզի կարևոր խոսք ունեմ ընդհանրապես ձեզ բոլորիդ ասելու»։

Կիրակի օրը, երբ ժողովուրդը հավաքված էր եկեղեցում, հանեց բանադրանքի թուղթը և կարդալ տվեց ի լուր բոլորի։ Երբ ամրողջ ժողովուրդը այդ տեսավ ու լսեց, մեծ ոգով տրտմեց, վհատված սրտով ապուշ կտրեց, ափիբերան եղած լռեց։ իսկ կաթողիկոս Մելքիսեթը, որ դնում էր Կամենից, ՛երբ այնտեղ հասավ, մի քանի օր հետո հիվանդացավ և մեռավ։ Ճիշտ աղուհացքի պասին՝ ծաղկազարդի շաբաթ օրը, Ղազարոսի հարության տոնին, մեր թվականության 1075 [1626]-ին, և այնտեղ թաղվեց։ Սրանից հետո, օրեր տարիներ անց պատահեց, որ Նիկոլ եսլիսկոպոսը գնաց Կամենից նույն քաղաքից Խաչկո անունով ոմն սարկավագի օրհնեց աբեղա, սւնունը փոխեց և կոչեց Օնոփրիոս։

Եվ կեսարացի Գրիգոր վարդապետը, որ վարդապետության գավազան էր տվել Մովսես կաթողիկոսին, երևելի մարդ էր, վարքով պարկեշտ, չորակյաց[Ն 1], իմաստությամբ հարուստ, բանիբուն և շատ խելոք, որի պատճառով նա երկրում անվանի էր և ամբողջ երկիրը կախված էր նրանից։ Այնպես պատահեց, որ այս Գրիգորը այդ օրերին եկավ լեհերի երկիրը․ նախ մտավ Կամենից քաղաքը․ այնտեղ՝ Կամենիցում էր նաև Նիկոլ եպիսկոպոսը։ Նիկոլ եպիսկոպոսը և ուրիշներ կամեցան նորընծա աբեղա Օնոփրիոսին քառասունքից[3] դուրս բերել։ Դրա համար եկան Գրիգոր վարդապետի մոտ, մեծարանքով հրավիրեցին գալ մյուս եկեղեցին, որտեղ նորընծան պատարագ էր մատուցելու։ Բայց նորընծան դեռևս քառասունքը լրիվ չէր պահել, քանի որ տասնհինգ օրվա օրհնված էր, սակայն կամենում էին դուրս բերել։ Այդ պատճառով վարդապետը ասաց. «Որովհետև քառասուն օրը դեռևս չի լրացել, քառասունքից չպետք է հանել, այլ պետք է քաոասունքը լրիվ պահել ըստ հայոց եկեղեցու ավանդության և ըստ մեր հայրապետների կանոնների, և միայն դրանից հետո նորընծան իրավունք ունի պատարագ մատուցել և քառասունքից դուրս գալ»։ Այս պատճառով նրանք այդ շաբաթ լռեցին և նորընծային դուրս չբերին։ Երր մյուս կիրակին վրա հասավ, Նիկոլը և մյուսները կամեցան նորընծային դուրս բերել, ուստի շաբաթ օրը երկրորդ անգամ եկան վարդապետին հրավիրեցին, իսկ վարդապետը չգնաց, այլ ասաց. «Խոսքը մեկ կլինի, քանի դեռ քառասունքը չի լրացել, չպետք է պատարագ մատուցի, այլ սպասեցեք, մինչև քառասունքը լրանա, ապա պատարագ անի և քառասունքից դուրս գա, ինչպես որ հայ ազգի ավանդությունն է և մեր հայրապետների կողմից կանոնված»։ Իսկ նրանք չանսացին վարդապետի խոսքերին և չհամբերեցին, այլ գնացին այն կիրակի օրը նորընծային դուրս բերին, որ պատարագ մատուցեց։ Իսկ այդ կիրակին, երբ նորընծան պատարագ մատուցեց, դեռ նրա քսաներկուերորդ օրն էր, որ քառասունք էր պահում։

Այդ նույն կիրակի, երբ պատարագ էին մատուցում, Նիկոլ եպիսկոպոսը չափազանց հանդուգն և անպատշաճ գործ արեց: Այն եկեղեցին, որի մեջ գտնվում էր վարդապետը, եպիսկոպոսը դուռը փակեց, բանալին վերցրեց իր մոտ՝ չըհիշելով տիրոջ հրամանը՝ «Եթե մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, որ քո եղբայրը քեզնից խռով է, թող քո պատարագը սեղանի վրա և գնա նախ հաշտվիր քո եղբոր հետ, ապա եկ մատուցիր քո պատարագը»[Ն 2]։ Այն գործի համար, որ եպիսկոպոսը փակեց եկեղեցին, վարդապետը շատ վշտացավ, ուստի ասաց. «Անիծվի այն մարդը, որ այսօր գնա այն եկեղեցին»: Պատարագը ավարտելուց և նորընծային դուրս բերելուց հետո եկեղեցու դուռն էլ փակեց, և երկու եկեղեցիների դռներն էլ եղան փակ։ Այդ օրերը ավագ տոների օրեր էին. նույն կիրակվանից հետո եկող երկուշաբթի օրը Դավիթ մարգարեի և տեր Հակոբի եղբոր տոնն էր, երեքշաբթի օրը Ստեփանոս Նախավկայի տոնն էր։ Այս օրերին եկեղեցիները փակ մնացին առանց ժամի ու պատարագի։

Ի լրացումն սրանց Նիկոլը մի այլ նենգություն ևս արեց վարդապետի նկատմամբ և վշտացրեց նրան, որովհետև գնաց Կամենից քաղաքի քաղաքագլխի մոտ. սա մեծ իշխանի կողմից Կամենից քաղաքի վերակացու էր կարգված, որի անունն էր Լուքաշ։ Եպիսկոպոսը սրա հետ խոսեց և նրան համոզեց, որ վարդապետին արգելի, չթողնի Լվով կամ այլ քաղաքներ գնալ, այլ Կամենից դարձնի նրան, ետ դառնա իր եկած ճանապարհով և գնա այլ երկիր։ Ուստի Լուքաշ անունով քաղաքագլուխը վարդապետի մոտ պատգամավոր ուղարկեց՝ ասելով, թե՝ «Մեր մեծ իշխանը մեզ թուղթ է ուղարկել, թե այդ վարդապետը, որ թուրքի երկրից է եկել, լրտես է եղել, չի թույլատրվում քաղաքից դուրս գալ, մի թողնեք, որ գնա, եթե ոչ ձեր գլուխը կգնա»։ Այսպիսի խոսքերով վարդապետին արգելեցին գնալ, իսկ վարդապետը այնտեղ մնում էր իբրև նախնական կալանատան մեջ։ Ապա քաղաքի ժողովրդից բարեպաշտ մարդիկ գնացին քաղաքապետի մոտ և նրան հայտնեցին վարդապետի անմեղությունը։ Ապա վարդապետին թույլատրվեց, որ ելնի գնա ոչ թե Լվով, այլ ետ այնտեղ, որտեղից եկել էր։ Վարդապետը Կամենիցից ելավ, գնաց Մոլդավիա ու Եվրոպական Թուրքիա և ճանապարհից բանադրանքի, նզովքի ու կապանքի թուղթ դրեց Նիկոլի վրա և ուղարկեց Լվով։ Նիկոլը բանի տեղ չդրեց բանադրանքը, այլ մնում էր իր [հոգևոր] կարգի և քահանայագործության մեջ։ Բայց քահանաներից ու ժողովրդից նրանք, որոնք առաջվանից հակառակ էին Նիկոլին, բերան առած խոսում էին, նաև երեսին էին շպրտում, ոմանք էլ հակառակորդ էին դառնում և օրավուր զորեղանում էին Նիկոլի հակառակորդները։

Նաև Գրիգոր վարդապետը այս անցքերի ամբողջ որպիսությունը, այլև Նիկոլի անուղղելի բարքը նամակով իմացրեց Սուրբ էշմիածնի Մովսես կաթողիկոսին և խնդրեց նրանից, որպեսզի նա ևս բարձր հրամանով Սուրբ Էջմիածնի և կաթողիկոսական իշխանությամբ բանագրի Նիկոլ եպիսկոպոսին։ Մովսես կաթողիկոսը նույնպես բանադրանքի թուղթ դրեց և ուղարկեց Նիկոլ եպիսկոպոսի վրա և այս պատճառով ավելի զորեղացան հակառակորդները Նիկոլի դեմ, նրան մարդատեղ չէին դնում:

Ապա ժողովրդից ոմանք Նիկոլին հարցրին, թե ինչու՞ չես գնում Գրիգոր վարդապետի մոտ և արձակում ստանում նրա կապանքներից։ Նա պատճառաբանեց, թե ճանապարհի ծախս չունեմ։ Իսկ ժողովուրդը հավաքեց երեք հազար ղուռուշ և տվեց նրան իբրև ճանապարհի ծախս։ Այսուհետև եպիսկոպոսը թե յուրայինների խորհրդով, թե իր բարեկամների դրդումով, կամ թե ժողովրդի հարկադրանքով Լվովից դուրս եկավ գնաց Կոստանդոպոլիս, Կեսարիայի կողմերը, որպեսզի թերևս որևէ տեղ գտնի Գրիգոր վարդապետին, մեղա ասի և նրա կապանքներից արձակում ստանա։ Եկավ, հասավ Բուրսա[4] քաղաքը. այնպես պատահեց, որ այդ օրերին այնտեղ էր նաև խարբերդցի[5] Արիստակես վարդապետը: Արդ՝ այս Արիստակես վարդապետը և այն կեսարացի Գրիգոր վարդապետը իրար հետ շատ սաստիկ ոխ ունեին, բայց թե ինչ էր նախանձի ու ոխակալության պատճառը, երկար որոնեցի, հավաստի կերպով չիմացա, ուստի և անհավաստին չգրեցի: Այս ոխակալության պատճառով Արիստակես վարդապետը երկար ու զանազան ձևերով խոսեց Նիկոլ եպիսկոպոսի հետ և նրան արգելեց գնալ Գրիգոր վարդապետի մոտ: Երբեմն ասում էր. «Դու եպիսկոպոս ես, իսկ նա վարդապետ, նա իշխանություն չունի քո վրա»։ Երբեմն էլ ասում էր. «Իզուր և նախանձից է բանադրել քեզ»։ Երբեմն ասում էր. «Ես էլ նրա նման վարդապետ եմ, ես կարձակեմ քեզ կապանքից»։ Ուրիշ բազմազան ձևերով խոսեց և չթողեց գնալ Կեսարիա[6] Գրիգոր վարդապետի մոտ։ Այնուհետև Նիկոլը ինքը չգնաց, այլ աղերսագիր գրեց Գրիգոր վարդապետին, թե՝ «Մինչև Բուրսա եկա, այստեղ հիվանդացա և մահիճ եմ ընկած, ուստի չեմ կարող գալ․ խնդրում եմ, որ իմ վրայից վերցնես բանադրանքը, արձակես կապանքից և ինձ ու ժողովրդին օրհնության թուղթ ուղարկես, որսլեսզի թերևս քո աղոթքներով ու օրհնությամբ այստեղից վերադառնամ և ողջ հասնեմ իմ տեղը»։ Իսկ վարդապետը ստանալով աղերսագիրը՝ անկեղծ սրտով հավատաց եպիսկոպոսի խոսքերին իբրև ճշմարիտ խոսքերի, արձակման և օրհնության թուղթ գրեց եպիսկոպոսին, նաև օրհնության գիր՝ Լվով քաղաքին և ուղարկեց Նիկոլին, որ Բուրսայում էր։ Նիկոլը այդ թղթերը առավ, գնաց, հասավ Լվով։ Լվովցիները, երբ տեսան Գրիգոր վարդապետի թղթերր, ուրախացան և միաբանվեցին եպիսկոպոսի հետ։ Իսկ Գրիգոր վարդապետը ճանապարհորդների և իմացող մարդկանց միջոցով վերահասու եղավ, թե Նիկոլ եպիսկոպոսը Բուրսայում եղած ժամանակ ոչ հիվանդացել և ոչ էլ տկարացել է, այլ Արիստակես վարդապետի հետ խորհրդակցելով կանգ է առել Բուրսայում և հնարքով ու խաբեական խոսքերով արձակման թուղթ է առել և գնացել իր տեղը։ Վարդապետի հանդեպ եպիսկոպոսի արած այս խաբեության համար վարդապետը խիստ վշտացել և նրա խաբեբայական գործերի վերաբերյալ գրավոր հայատնել է լվովցիներին և գրել է, թե այն նույն աոաջին նզովքը և բանադրանքը տակավին այդ եպիսկոպոսի վրա է։ Ուստի և լվովցիները հեռացան եպիսկոպոսից և նրան չէին ընդունում։ Չափազանց խիստ հակառակություն ընկավ եպիսկոպոսի ու ժողովրդի միջև։

Այսպես մնացին հակառակության մեջ, մինչև վրա հասավ մեր 1079 [1630] թվականը, երբ Մովսես կաթողիկոսը իր մեծ աշակերտ կեսարացի Խաչատուր վարդապետին Սուրբ էջմիածնի նվիրակության համար առաքեց Արևմտյան աշխարհը Ասորիք ու Հոռոմստան։ Խաչատուր վարդապետը հեզ, խաղաղ և քաղցրաբարո մարդ էր, ոչ անմիտ ու անբան, այլ իմաստուն ու բանիրուն, որ լոկ միայն տեսքով պատահածներին առինքնում էր. այս պատճառով նրան նվիրակ նշանակեցին։ Խաչատուր վարդապետը անցավ բոլոր տեղերով, եկավ, հասավ Կեսարիա և այնտեղ հանդիպեր մեծ վարդապետ Գրիգորին: Գրիգոր վարդապետը բազմաթիվ հույժ կարևոր բաներ պատվիրեց Խաչատուր վարդապետին, թե հասնելով Լվով, գուցե Նիկոլին եպիսկոպոսության կարգ ու պատվի հրավիրես: Իսկ Խաչատուր վարդապետը ամեն տեղ նվիրակություն անելով հասավ Լվով։ Ժողովրդից սրան [մարդիկ] մոտեցան և սկսեցին բազմաթիվ օրինակներով կսկծալի ամբաստանություն անել Նիկոլի մասին՝ նրա տեսակ-տեսակ անցքերի ու գործերի առիթով, որ նրա կողմից տեսել էին ու կրել։ Իսկ վարդապետը ըստ իր քաղցր և հեզ բնավորության առերես չէր հանդիմանում Նիկոլին, այլ մեղմ խրատական կերպով ինքը նրա հետ միայնակ էր խոսում ըստ տիրոջ այն պատվիրանի, թե՝ «Ասա նրան, երբ միայն դու և նա լինեք»։ Իսկ Նիկոլի հոդը չէր, ոչ մի բան հաշվի չէր առնում, որովհետև ոչ վարդապետից էր ամաչում, ոչ էլ ժողովրդի ամբաստանությունից վախենում, այլ իբրև անշարժ լեռ արձանացած էր իր կամքի վրա:

Այնպես եղավ, որ մի կիրակի օր ավետարան պետք է կարդային։ Նիկոլ եպիսկոպոսն հրամայեց իր աբեղային, թե գնա ավետարան կարդա։ Իսկ Խաչատուր վարդապետն ասաց, թող նա չկարդա, այլ այն մյուսը։ Իսկ Նիկոլ վարդապետը նրա խոսքին չանսաց, այլ իր աբեղային կարդալ տվեց ավետարանը։ Երբ վարդապետը տեսավ, թե քահանաների և ժողովրդի մեջ բաց ու համարձակ արհամարհեց իր խոսքը և իրեն մարդատեղ չդրեց, դարձավ դեպի ժողովուրդը և ասաց. «Թող անիծվի այն մարդը, որ սրա հետևը ծունր կդնի»։ Վարդապետը այս ասաց և եկեղեցուց ելավ, գնաց իր տեղը՝ վենատուն, որտեղ լի օրերին լինում էր։ Իսկ երբ ժողովուրդը այս լսեց, տեսավ, իրենք նույնպես միանգամից, գրոհեցին և դուրս եկան եկեղեցուց։ Եկեղեցում մնացին Նիկոլն ու ուրիշ ոմանք, որոնք ժամը արձակելուց հետո նույնպես գնացին իրենց տեղերը։ Իսկ հայոց ժողովրդի դատավորներն ու իշխանները նույն ցերեկը եկան ու փակեցին եկեղեցու դուռը և բանալին վերցրին իրենց մոտ, իսկ եկեղեցին որոշ օրեր փակված մնաց։ Նաև հայոց դատավորներն ու իշխանները խոսեցին Խաչատուր վարդապետի հետ և համոզեցին նրան, որպեսզի նստի աթոռ և նշանակի դատական ատյան Նիկոլին դատելու հանդգնության, այլև անզարդության և հանցանքների համար։ Երբ եպիսկոպոսը իմացավ այս գործը, իր մոտ բերեց ֆռանկ երկու վկաներ, որ ողջ դատի ընթացքում նրանք գան, վկայություն տան և ըստ նրանց վկայությունների դատավորները դատական վճիռ կտրեն, քանզի Լեհաստանում լեհերը իրենց մեջ այդսլիսի կարգ ունեն։ Նիկոլը այդ վկաների հետ խոսեց և առավ նրանց համաձայնությունը, որպեսզի երբ նրանց կանչի, նրանք անհապաղ գան իր կանչին։ Եվ այն օրը, երբ վարդապետը դատի նստեց, նրա հետ նստեցին հայոց իշխաններն ու դատավորները․ կանչեցին նաև Նիկոլին դատելու համար։ Բայց Նիկոլը կանխավ այդ վկաներին բերել էր այն տունը և նրանց թաքցրել էր առանց հայ մարդկանց գիտության։ Երբ Նիկոլին ներս կանչեցին, նա գալով սպասավորներին հրամայեց իր աթոռը դնել մշտական տեղում, որպեսզի ինքը այնտեղ նստիր, Իսկ իշխանները Նիկոլին ասացին․ «Ի՞նչ ես անում, ինչու՞ ես նստում, չէ որ քեզ դատելու են կանչել, ոտքի կանգնիր»։ Նիկոլն ասաց. «Իսկ ո՞վ է ինձ դատողը»։ Իշխանները ասում են. «Եկած այս նվիրակը, որին տեսնում ես, և այս դատավորները, որոնք ահա այստեղ են»։ Այդ ժամանակ Նիկոլը բարձր ձայնով կանչեց թաքցրած վկաներին, թե դուրս եկեք։ Նրանք անմիջաւպես եկան և կանգնեցին ատյանի մեջ։ Սրանց Նիկոլն ասաց..«Աստծու սիրուն ձեր աչքերով տեսեք և ինձ համար վկաներ եղեք, քանի որ ես եպիսկոպոս եմ, իսկ սրանք աշխարհականներ լինելով՝ հավաքվել են ինձ դատելու։ Իսկ այս վարդապետը, որ թուրքերի երկրից է եկել այստեղ, լրտեսության համար է եկել այս երկիրը, որպեսզի մեր երկրի որպիսությունը իմանա։ Եվ սա այժմ սրանց հետ նստել են, որ ինձ դատեն»։ Վկաներն ասացին. «Ինչ մեր աչքերով տեսանք, սրա համար վկայություն կտանք, ուր էլ մեզ տանեն, կվկայենք»։ Այդ ժամանակ հայերից հավաքվածները՝ թե քահանաներ, թե իշխաններ, թե դատավորներ ֆռանկների երկյուղից սարսափահարվեցին ու զարհուրեցին և սկսեցին մեկ-մեկ ելնել ու փախչել, վարդապետը նույնպես ելավ, գնաց իր տեղը։

Սրանից հետո Նիկոլ եպիսկոպոսն սկսեց խաբեբայությամբ ու կեղծավորությամբ միջնորդներ ու պատգամավորներ ուղարկել վարդապետի, քահանաների ու իշխանների մոտ հաշտության նպատակով. ասելով՝ «Ձեր այդքան հակառակությունը բավական է, այլևս մի՛ հակառակվեք և եկեղեցին մի՛ փակեք, այլ բացեք եկեղեցու դուռը»։ Իսկ լվովցիք բոլորը իմանալով նրա խարդախությունը՝ նրան չհավատացին: Բայց վարդապետը յուր մտքում նկատել ու տեսել էր, որ ինչքան գրգռեն խռովություն, վեճ ու կռիվ անեն եպիսկոպոսի հետ, ապագայում ավելի շատ չարագործություն կհորդի նրանից, ուստի այս վտանգի համար ակամայից կամեցավ եպիսկոպոսի հետ հաշտվել։ Նա խոսեց քահանաների ու իշխանների հետ, որպեսզի հաշտվեն։ Սակայն նրանք չցանկացան։ Վարդապետը ասաց. «Ապագա չարիքների համար, որ պատրաստվել են գալու այդ եպիսկոպոսից, ես վախենում եմ և կասկած ունեմ, թե միգուցե մեր համառության վերջում դրանից ավելի մեծ վնաս կրենք»։ Պատասխանեցին. «Ամենևին մի վախենա, վարդապետ, որովհետև մենք բազմաթիվ հրովարտակներ ունենք առաջին և վաղեմի թագավորներից, որևէ գործի վերաբերյալ եթե դատ լինի, դատը պետք է անեն հայոց ազգի դատավորները և ոչ թե ֆռանկների ազգի դատավորը: Նաև նրանց ապրանքների դիմաց ապրանք ունենք և խելքների դիմաց՝ խելք, դու ինչո՞ւ ես վախենում»։ Վարդապետին այս խոսքը դուր չեկավ, այլ երբեմն ընդհանուր կարգով, երբեմն առանձին նրանց հետ խոսում էր, որ հաշտության գան, սակայն նրանք չկամեցան։ Դրանից հետո վարդապետը իր ձեռքով բռնեց իր օձիքը, թափ տալով ասաց. «Դրան մեղադրելուց ես անպարտ եմ, դուք գիտեք»։

Իսկ երբ Նիկոլ եպիսկոպոսը տեսավ, թե իր առաքածների՝ սուտ ու կեղծավոր պատգամավորների միջնորդությամբ լվովցիները հաշտության չեն գալիս և եկեղեցին չեն բացում, այնուհետև գնաց ֆռանկների եկեղեցականների մոտ, որոնք Լվով քաղաքում են, մանավանդ նրանց մոտ, որոնք ճիզվիտների կարգին են պատկանում, միաբանվեց նրանց հետ և անլուծելի ստորագրություն տվեց, թե՝ «Ես հայոց Նիկողայոս եպիսկոպոսս իմ կամքով միաբանվեցի Հռոմի եկեղեցու հետ և մտա պապի հնազանդության ներքո իմ բոլոր հետևորդներով կատարելու նրա բոլոր հրամանները»։ Սրա վրա ճիղվիտների կարգի գլխավորը վեր կացավ առավ այլ կարգերի ուրիշ, եկեղեցականներ, իրենց հետ վերցրին նաև հայոց Նիկոլ եպիսկոպոսին և տարան իրենց արքեպիսկոպոսի մոտ։ Իսկ սա սրանց միջոցով քաղաքի իշխանին պատգամագիր ուղարկեց հայոց ժողովրդին հրամայելու, որ կամ հնազանդվեն իրենց եպիսկոպոսին և բանան եկեղեցին և կամ գան դատական ատյան միմյանց ներկայանան։ Իշխանը արեց ըստ արքեպիսկոպոսի հրամանի, բայց հայոց ժողովուրդը ոչ եկեղեցին բացեց, և ոչ էլ դատարան գնաց։ Մինչև երեք անգամ այսպես կրկնեց իշխանը, իսկ հայերը ոչ եկեղեցին բացին, ոչ էլ դատարան գնացին։

Ապա մի օր ճիզվիտական կարգից բազմաթիվ եկեղեցականներ հավաքվեցին, առան նաև այլ կարգերից և եկեղեցականների, բազմաթիվ դպրոցական տղաներ, գնացին իրենց արքեպիսկոպոսի մոտ, նրանից վերցրին նաև այլ կարգավորներ, գնացին քաղաքի իշխանի և դատավորների մոտ, նրանից զորականներ ու դատավորներ առան իրենց հետ և այս բոլորը եկան հայոց եկեղեցու դուռը, որ հայոց իշխանները փակել էին։ (Մարդ) ուղարկեցին որ իրենք գան դուռը բանան, կամ բանալին ուղարկեն։ Իսկ նրանք ոչ իրենք եկան, ոչ էլ բանալին ուղարկեցին։ Ապա եկածները խփեցին եկեղեցու դուռը խորտակեցին և Նիկոլ եպլիսկոպոսին առան, մտցրին ներս։ Նրան հանձնեցին եկեղեցին այն բոլոր ինչքերով, որ եկեղեցուն են վերաբերում։ Այնուհետև ֆրանկների զորականները գնացին հայոց քահանաներին ու իշխաններին որոնելու, որպեսզի իշխանական բռնությամբ բռնեն նետեն բանտ և տուգանեն։ Իսկ նրանք փախան և թաքնվեցին և բնավ չերևացին։ Եկեղեցու մեջ կար գանձատուն, իսկ նրա մեջ՝ բազմաթիվ գրքեր ու անոթներ․ գրքերը ավելի քան հազար կտոր էին, բոլորն էլ ընտիր, պատվական ու ուսուցողական։ Սրանց մեջ ոսկեկազմ աստվածաշունչներ, ավետարաններ, շարակնոցներ և այլ բազմաթիվ գրքեր։ Այսպես նաև՝ անոթներ, սկիհներ, խաչեր, քշոցներ, բուրվառներ, կանթեղներ, աշտանակներ, շուրջառներ, ուսանոցներ [ուրար], թագեր, վակասներ, սուրբ խաչվառներ ու սրբերի նշխարներ։ Նաև հայրերից, պապերից, վաղեմի ու նախկին թագավորներից ունեին մուրհակներ, հրովարտակներ և բազմաթիվ այլ բաներ, որոնք բոլորն էլ եկեղեցու մեջ նույն գանձատանն էին, որը Նիկոլը գրավեց իր իշխանության ներքո։ Ոչ միայն այս եկեղեցին, այլև մյուս եկեղեցիները, վանքերը, որ քաղաքի մեջ կամ սրա շուրջն էին, նրանց բոլոր ավանդները, տները, հանդերը, աղացները, խանութները եպիսկոպոսն առավ իր իշխանության տակ, ասելով. «Ես եպիսկոպոս եմ, բոլոր եկեղեցիները և իրենց ավանդները իմն են»։

Ւսկ Խաչատուր վարդապետը և հայոց ողջ ժողովուրդը, որ ապրում էր Լվովում, եկեղեցուց դուրս մնացին, քանզի եթե մտնեին եկեղեցի, պետք է մտնեին պապի իշխանության տակ և ընդունեին նրա դավանանքը, նաև պարտավոր էին հնազանդվել Նիկոլ եպիսկոպոսին, իսկ լվովցիք սրանք չէին ուզում, ուստի մնացին վարանքի ու տարակուսանքի մեջ և որևէ ճար չէին գտնում։ Եվ Լվով քաղաքի հայ ժողովուրդը մնաց առանց եկեղեցու։

Այնպես եղավ, որ Խաչատուր վարդապետը քաղաքից դուրս եկավ և գնաց Սուրբ Խաչ կոչված վանքը, իսկ ժողովրդից ով կամենում էր նրա մոտ գնալ, համարձակ գնում-գալիս էր։ Եվ ահա մի օր տեսան, որ բազմաթիվ զինվորներ և զորականներ զինված ու պատրաստ շուրջանակի պաշարեցին վանքը։ Տեսնողների հարցումին զինվորները պատասխանում էին, թե՝ «Թուրքերի երկրից լրտես է եկել և ահա այստեղ է, կամենում ենք բռնել նրան»։ Եվ երբ կարճ ժամանակ անցավ, տեսան, որ Նիկոլ եպիսկոպոսը իր սպասավոներով ու փառքով եկավ և մոտենալով զինվորներին՝ հարցրեց նրանց, թե՝ «Ւնչի՞ համար եք հավաքվել այստեղ»։ Զինվորները ասացին․ «Թուրքերի երկրից լրտես է եկել, այստեղ, կամենում ենք նրան բռնել»։ Առ այս Նիկոլն ասաց․ «Չի կարելի և պատշաճ չէ, որ դուք նրան բռնեք, դուք վերադարձեք և գնացեք ձեր տեղը, իսկ ես կգնամ, կտեսնեմ և կխոսեմ նրա հետ»։ Զինվորները բոլորը իսկույն ցրվեցին ու գնացին։ Երբ գործը այսպես վերջացավ, այս առիթով հայ ժողովուրդը կարծեց, թե զինվորները եկել էին եպիսկոպոսի հնարանքներով վարդապետին վախեցնելու համար։ Իսկ եպիսկոպոսը գնաց վարդապետի մոտ, նրան այնտեղից վերցրեց իր հետ, բերեց քաղաք։

Քանի վարդապետը քաղաքում էր, միշտ նրա մոտ էին գալիս աբեղաներ և ֆռանկներից ուրիշներ և վարդապետի հետ հակաճառում էին երկու և մեկ բնության[7] մասին և իբրև եվտիքեական[8] հերձվածով խոտորված և տգիտությամբ ու հիմարությամբ մոլորված էին համարում հայերին։ Իսկ վարդապետը խորհելով անցյալի ու ապագայի գործերի մասին և տեսնելով ներկայի գործերը՝ իմացավ, որ որևէ օգուտ չկա, այլ զուր աշխատանք է և ավելորդ չարչարանք, ուստի ելավ Լվովից, գնաց իր ճանապարհը, մինչև եկավ հասավ Էջմիածին Մովսես կաթողիկոսի և այլ վարդապետների մոտ, որոնք բոլորը ցավագին սրտով, արտասվաթոր աչքերով սգում էին Լվով քաղաքի հայ ժողովրդի մասին, թե ինչպե՞ս նրանք կփրկվեն։

Ինչպես տեր Քրիստոսն ասաց․ «Նախ հզորին թող կապի, ապա նրա տունը ավարի ենթարկի։[Ն 3] Այսպես արեց և Նիկոլ եպիսկոպոսը, որովհետև վարդապետի գնալուց հետս, ինչպես Դանիելի տեսիլքի գազանը[Ն 4], սկսեց ամբողջ ժողովրդին, գանձերը և եկեղեցու ամեն ինչը ուտել ու մանրել, իսկ մնացորդները ոտքի տակ տալ։ Քանզի ինչպես կռապաշտ թագավորների ժամանակներում քրիստոնյաները հալածանքներ էին կրում, այդպես էլ այս ժամանակ պատահեց Լվով քաղաքում բնակված հայերին, որովհետև մեծ զորությամբ զորեղացավ Նիկոլ եպիսկոպոսը և բռնացավ հայ ժողովրդի վրա։ Քահանաներին բռնում էր որևէ մեկի մոտ և եթե չնչին զանցանք էր գտնում, բանտ էր նետում և տուգանք էր առնում երեք-չորս հարյուր ղուռուշ. այսպես էլ իշխաններին, որոնք դատավորներ էին նշանակված, բռնում, տուգանում էր։ Ամբողջ հասարակ ժողովրդին վնասում էր․ փողի համար չէր թողնում մեռելներին թաղել և, երբ փողն առնում էր ըստ իր ցանկության, ապա հրաման էր տալիս թաղման և գերեզմանի տեղ թաղելու համար։ Թաղելուց հետո, երբ կամենում էին գերեզմանի տապանաքար դնել, այդ պատճառով երկրորդ անգամ դրամ էր առնում, ապա հրաման էր տալիս քարը դնել։ Այս նույն պատճառով պսակները, մկրտությունները խափանվեցին․ տանում այլ քաղաքներ էին պսակում ու մկրտում, մեռածներին էլ այլ քաղաքներ էին տանում, թաղում։ Այս բաները ծածուկ էին անում առանց եպիսկոպոսի գիտության։ Ւսկ երբ իմանում էր, մեծ ցասումով զայրանում էր, բռնում էր քահանային և այդ բանը անող մարդկանց խոշտանգամներով տանջում և ծանր տուգանք էր առնում։

Այնպես պատահեց, որ կամենում էին ծածուկ, մի երիտասարդի պսակել առանց եպիսկոպոսի գիտության։ Սրա համար երեք քահանաներ բերին, որպեսզի պսակը տանը կատարեն։ Եպիսկոպոսին այս բանը ծանուցվեց, ուղարկեց զորականներ քահանաներին ու հարսանիքի տերերին բռնելու ու բանտ նետելու։ Հարսանիքի տերերը և քահանաները, իմանալով այս, երկյուղից սկսեցին թաքնվել. քահանաներից մեկին դրին սնդուկի մեջ, կողպեցին, իբրև թե կանացի իր ու զարդ է, իսկ քահանաներից երկուսը մտան թոնիր, որ շինել էին տան մեջ կրակ վառելու համար։ Զորականները քահանաներին որոնելիս գտան թոնրի մեջ. նրանց թոնրից հանեցին, ձեռքերը հետևներից կապեցին, գլխաբաց, բոկոտն, սևացած երեսներով ու մարմնով, քանի որ թոնրի մուրը սևացրել էր նրանց, տարան եպիսկոպոսի մոտ։ Բազում անարգանքներից ու սպառնալիքներից հետո քահանաներին ու հարսանքատերերին բանտ նետեց, չորս հարյուր ղուռուշ քահանաներից, չորս հարյուր ղուռուշ հարսանքատերերից առավ, ապա թողեց, որոնք գնացին հարսանիքը արեցին։ Բազմաթիվ երեխաներ մեռնում էին առանց մկրտության, շատ երեխաներ անկնունք դառնում էին 15—16 տարեկան։ Բազմաթիվ հիվանդներ մեռնում էին առանց հաղորդության, իսկ շատ մեռելներ անթաղ էին մնում տարիներ։ Մեռելներին դնում էին փայտյա դագաղի մեջ և դագաղը լցնում էին կուպրով մինչև որ մեռելին ծածկում էր, ապա դնում էին սառը տեղ ու պահում՝ սպասելով տիրոջ այցելության։

Եկեղեցու յոթ խորհուրդները և ամբողջ ժամակարգությունը խափանվեցին, իսկ խեղճ ժողովուրդը մնաց անասելի նեղությունների մեջ, ավելի քան կռապաշտության ժամանակներում։

Ապա ժողովուրդը իրենց բազում նեղությունների պատճառով բողոքեց Սուրբ աթոռ Էջմիածին, որովհետև տեր Սիմոն անունով մի քահանա և մի երևելի աշխարհական մարդ ուղարկեցին տեր Մովսես կաթողիկոսի մոտ, որպեսզի հոգա և նրանց փրկության հնար գտնի։ Կաթողիկոսը խոհեմ, իմաստությամբ լեցուն, խոնարհ, մաղթողական խոսքով մի նամակ գրեց լեհաց թագավորին, նրա իշխաններին և Լվով քաղաքի արքեպիսկոպոսին, որ ազգով ֆռանկ էր, նաև պապին և խնդրեց թե ողորմացեք տառապյալ ժողովրդին, եկեղեցին հանձնեցեք իրենց և մի խափանեք եկեղեցու յոթ խորհուրդը, որ Քրիստոսի քահանաներին վայել չի անել։ Երբ այս հրովարտակները հասան Լվով քաղաքը, և ժաղովուրդը տարավ մատուցեց ըստ տերերի՝ թագավորին և այլոց, նրանք հրամայեցին թարգմանել լեհական գրով ու լեզվով, որոնք ընթերցելով հաճույք զգացին ու հավանեցին բոլոր խոսքերին ու որպիսություններին։ (Նամակի) խոսքերից թագավորի, որի անունն էր Վլադիսլավ, սիրտը գութ ընկավ, որը և հրամայեց, թե հայոց եկեղեցին տվեք իրենց։ Բայց ճիզվիտները ընդդիմացան, չթողին, ասելով թագավորին․ «Այս գործը եկեղեցական և հոգևորական գործ է, որ վերաբերում է պապին ու արքեպիսկոպոսին։ Նրանք են պարտավոր հոգալու այս, որոնց հարմար է ու պատշաճ ոչ քեզ, որ մարմնավոր թագավոր ես․ այս պատճառով քեզ հարմար չէ խառնվել այս գործին, որ հոգևոր գործ է։ Թագավորը, այս ժողովրդի տառապանքին գթալով խնդրեց արքեպիսկոպոսին՝ հայոց եկեղեցին իրենց տալ։ Ճիզվիտները սրան ևս ընդդիմացան և չթողին տալ։ Թագավորը հայոց վրա ավելի գթալու համար, ինքը՝ թագավորը վեր կացավ, գնաց հայոց եկեղեցին, որ հայոց եկեղեցին հանձնի իրենց հայերին։ Երբ Նիկոլ եպիսկոպոսն այս իմացավ, իսկույն պատարագի զգեստ հագավ, վերցրեց պատարագի հաղորդը իր գլխից բարձր և ելավ, եկավ թագավորին ընդառաջ։ Արան թագավորը տեսնելով, զարհուրեց տերունական խորհրդից (հաղորդից), ոչինչ չկարողացավ անել, այլ թողեց ամենը, դարձավ իր տեղը՝ պալատ։

Ապա հայերը անհրաժեշտություն զգացին գնալ Հռոմ պապի մոտ. շատ աղաչանքներով թագավորից և արքեպիսկոպոսից պապին ուղղված բարեխոսության թղթեր առան և գնացին Հոոմ։ Նախ պապին տվին Մովսես կաթողիկոսի խնդրագիրը, ապա թագավորինը և արքեպիսկոպոսինը։ Երբ Նիկոլ եպիսկոպոսը տեսավ, թե ժողովուրդը Հռոմ գնաց, ինքն էլ գնաց Հռոմ, և այնտեղ էլ անիրավ ճիզվիտները թշնամություն արին հայերին և ձախողեցին նրանց գործը, այսինքն՝ եկեղեցին չտրվեց հայերին։ Խեղճ ժողովուրդը ձեռնունայն դարձավ եկավ Լվով։

Հռոմից դարձավ նաև Նիկոլ եպիսկոպոսը ու եկավ Լվով, մնում էր առաջվա նման՝ վնասելով ժողովրդին նաև անառակությամբ։

Բացի առաջինից, երկու-երեք անգամ լվովցիները քահանաներ ու երեցփոխներ ուղարկեցին Էջմիածին Փիլիպոս կաթողիկոսի մոտ, որովհետև Մովսես կաթողիկոսը վախճանված էր։ Փիլիպոս կաթողիկոսը շատ անգամ զանազան կերպով նամակ գրեց Լվով և իր աշակերտներից ու վարդապետներից ուղարկեց Լվով, սակայն դրանից էլ հայ ժողովուրդը օգուտ չունեցավ։ Նաև Լվով քաղաքից եկեղեցական բարեպաշտ մարդիկ, որոնք աբեղաներ, քահանաներ ու Աստվածաշնչի աշակերտներ էին, այս հալածանքների պատճառով եկան Էջմիածին և այնտեղ բնակվելով մնացին։ Սրանք նշանավոր մարդկանց զավակներ էին, որոնցից ոմանց Փիլիպոս կաթողիկոսը Լվով եպիսկոպոս ձեռնադրեց և ուղարկեց այնտեղ հովվելու ժողովրդին, բայց դրանով էլ Լվովի ժողովրդին օգուտ չեղավ։ Նաև սույն ժամանակ Դոմինիկյան[9] կարգից Պողոս անունով մի վարդապետ՝ իմաստուն ու երևելի, ազգով ֆռանկ մի մարդ եկավ Նախիջևանի գավառը հայ կաթոլիկների[Ն 5] մեջ, որոնք այնտեղ կան։ Փիլիպոս կաթողիկոսը շատ սերտ սեր ու բարեկամություն արեց այս Պողոսի հետ մեր ժողովրդի օգտի և Լվովի եկեղեցու փրկության համար: Իսկ այս Պողոսը իր գործը վերջացնելուց Հետո կամեցավ Հռոմ գնալ։ Գնալիս իր ճանապարհին եղավ Լվով քաղաքում, իսկ լվովցիները շատ աղաչանքներով խնդրեցին Պողոսից, մեծարանքներ ցույց տվին նրան, շատ դրամ տվին իբրև ճանապարհածախս, թե գուցե կարողանա պապի պալատում օգնության հնար գտնել նրանց համար։ Երբ Պողոսը Հռոմ հասավ և մինչդեռ նա բարեխոսության խոսքեր էր հայերի համար առաջարկել և խոսում էր պապի պալատում, շտապ նրա հետևից Հռոմ պապի պալատ գնաց նաև Նիկոլ եպիսկոպոսը ու հավանեց Պողոսի օգնությունը ճիզվիտների օգնությամբ։ Եվ այսպես բոլոր կողմերից խափանվեցին Լվով քաղաքի տառապած ժողովրդի փրկությունն ու օգնությունը, և Պողոսի հետ գնացածները տխուր ու դատարկ վերադարձան այնտեղից։

Իսկ Նիկոլ եպիսկոպոսը նույնպես վերադարձավ Հռոմից, եկավ Լվով քաղաքը, ապրում էր ըստ իր նախկին վարքի և ավելի անառակ։ Իսկ վերոհիշյալ գրքերը, սրբության անոթները, եկեղեցու բոլոր ավանդները մասամբ վաճառեց, մասամբ իբրև կաշառք բաշխեց, մի մասն էլ հրեաների միջոցով ջարդելով արեց արծաթ ու վաճառեց և այնքան անթիվ ու բազում ինչքներն ու գանձերը ցիրուցան անելով, բոլորը վատնեց այնպես, որ ոչինչ չմնաց, մնաց միայն լոկ դատարկ քարե եկեղեցին, որովհետև ապրում էր անառակ, զեխ ու շվայտ կյանքով հայտնի ու համարձակի ոչ ոքից չվախենալով։ Շատ գրքեր ու անոթներ նույնի վաճառքից վերադարձան Հայաստան, հասան մեզ, որոնք վաճառականները փողով առած բերին, որ տեսնողները սրան տանում էին։

Լվովի խեղճ ժողովուրդը շատ վնասներ ու չարչարանքներ կրեցին եկեղեցու յոթ խորհուրդները[Ն 6] խափանելու պատճառով։ Շատ երկյուղած ու հայրենի օրենքների համար նախանձախնդիր մարդիկ մեկնեցին տներից ու տեղերից և ելան բնիկ երկրից հեռացան՝ անջատված ընտանիքներից, ազգականներից, պանդուխտ ու տարագիր շրջագայելով օտար երկրում, և այդպիսի կյանքով հեծելով ու հոգոց հանելով վախճանվեցին։ Հայոց ժողովուրդը նաև ուրիշ շատ չարչարանքներ ու նեղություններ կրեց, որովհետև նրանց նկատմամբ հալածանքը մեծ էր, նրանք զրկվեցին իրենց եկեղեցուց, այնքան ունեցվածքից, նաև իրենց դրամները վատնեցին իշխանների ու թագավորների դռներում, այստեղ-այնտեղ ուղեգնացությամբ։ Երկու կողմերն էլ այնքան չարչարվեցին, այսինքն՝ Նիկոլն ու ժողովուրդը, որ լքվեցին բազմատեսակ հնարագործություններից ու երկարաժամկետ հակառակությունից, քանզի խռովության սկիզբը եղավ 1078 [1639] թվականին, երբ Նիկոլը եկեղեցին հափշտակեց, և այդպես մնացին մինչև հասան մեր 1102 [1653] թվականը։

Այդ ժամանակ Սուրբ աթոռ Էջմիածնի տեր Փիլիպոս կաթողիկոսը գնաց Երուսաղեմ և այնտեղից եկավ մեծահանդես Կոստանդնապոլիս քաղաքը։ Նրա գալստյան լուրը ամեն տեղ հռչակվեց, նաև հասավ Լվով քաղաքը։

Սույն ժամանակ խելոք ու խոհական Նիկոլ եպիսկոպոսը յուր մտքի տեսողությամբ նկատել էր, թե ժողովուրդը այսքան չարչարվեց, բայց ետ չկանգնեց իր բիրտ կամքից, այլ տակավին նույն կամքի վրա հաստատուն է մնում։ Այս պատճառով մտածեց գնալ Կոստանդնոպոլիս Փիլիպոս կաթողիկոսի մոտ, որ գուցե իրենից վերացնի բանադրվածի անունը, նաև նրանից ժողովրդին ուղղված օրհնության և իրեն ենթարկվելու թուղթ ստանա: Բայց միջոցներից զուրկ էր. ճանապարհի պաշար չուներ: Այս պատճառով մտածում էր հնար գտնել, որ և գտավ հետևյալ ձևով։

Թոքաթ քաղաքում հայազգի մի երևելի ու անվանի մարդ կար, որի անունն էր մահտեսի Մարկոս. սա Սիմոն անունով իր որդուն մեծ գումար տվեց և ուղարկեց լեհերի երկիրը վաճառականության։ Այս Սիմոնը եկավ, հասավ Լվով քաղաքը։ Մշտապես ուտում, խմում էր ու ապրում ուրախության մեջ։ Նա ծանոթ ու բարեկամ դարձավ Նիկոլ եպիսկոպոսի հետ։ Սա խոսաացավ եպիսկոպոսին և ասաց. «Եթե կամենում ես գնալ կաթողիկոսի մոտ, հոգ մի անիր պաշարի մասին, քանզի որքան քեզ դրամ պետք գա ճանապարհի համար, բոլորը ես կտամ»։ Նա ըստ իր խոստման եպիսկոպոսին երկու հազար ղուռուշ կանխիկ դրամ տվեց: Երբ եպիսկոսը այն առավ, Լվովից դուրս եկավ, գնաց Մոլդավիա. գնում էր Փիլիպոս կաթողիկոսի մոտ: Լվովի հայ ժողովուրդը այս տեսնելով, թե Նիկոլ եպիսկոպոսը գնաց կաթողիկոսի մոտ, իրենց կողմից իրենք ևս Խաչքո անունով մի մարդ ընտրեցին, որը մեկն էր հայոց դատավորներից, գնալու Փիլիպոս կաթողիկոսի մոտ։ Նրան տվին դրված թղթեր և պատվիրեցին շատ բաներ։ Թե Նիկոլ եպիսկոպոսը և թե Խաչքո դատավորը միմյանցից առանձին գնացին հասան Կոստանդոպոլիս և հանդիպեցին կաթողիկոսին։

Եվ երկար օրեր երկար խոսակցությունից ու գործից հետո, գործի ավարտը այն եղավ, որ Փիլիպոս կաթողիկոսը հրամայեց, որ Նիկոլ եպիսկոպոսը չորս կետով խոսք հանձն առնի և այն իր ստորագրությամբ հաստատի և տա Փիլիպոս կաթողիկոսին։

Նախ՝ Լուսավորչի դավանությունը և նույնի աթոռակալ հայրապետներին դավանելով խոստովանվեն Նիկոլը և իրեն հետևող եկեղեցականներն ու աշխարհականները։

Երկրորդ՝ որ Հայաստանյաց եկեղեցու արարողությունը կատարեն ինքն ու իրեն հետևողները։

Երրորդ՝ որ Նիկոլի վախճանից հետո Նիկոլի տեղը նստողը Էջմիածնի կաթողիկոսից եպիսկոպոս օծվի և նույնի հրամանով նստի նույն վիճակում և նույն կաթողիկոսին հնազանդ ու հետևող լինի։

Չորրորդ՝ որ ինքը Նիկոլը միայն պապի անունը հիշատակի և այն էլ լոկ պատարագին և ոչ որևէ այլ խոսքերում կամ արարողությունների մեջ։ Նաև՝ ջուր չխառնի սուրբ պատարագի բաժակին: Իսկ եկեղեցական ժառանգավորներից և եկեղեցականններից ոչ ոք բնավ պապի անունը չպետք է հիշատակի: Այդպես էլ Նիկոլից հետո նստող եպիսկոպոսը ամենևին չպետք է հիշատակի պապի անունը՝ ոչ խոսքերում ու գործերում, այլ միայն Նիկոլը պետք է հիշատակի և այն էլ պատարագում միայն։

Պապի անունը հիշատակելու համար Նիկոլն ինքը խնդրեց կաթողիկոսից, որպեսզի այդտեղ միայն զիջում անի, քանզի Նիկոլն ասաց. «Ֆռանկներին տված իմ ստորագրությամբ ինձ կարգազուրկ կանեն, գուցե նաև մահապարտ անեն»: Այս բանի համար կաթողիկոսը զիջեց։

Եվ այս չորս կետերը՝ գրված թղթի վրա, կնիքով կնքված և ստորագրությամբ հաստատված, Նիկոլը տվեց Փիլիպոս կաթողիկոսին, իսկ կաթողիկոսը հանձնեց Խաչքո դատավորին, որպեսզի իր հետ տանի Լվով քաղաքը, պահեն ապագայի ապահովության համար։

Ապա կաթողիկոսը արձակեց բանադրանքի կապանքներից և նրան տվեց եպիսկոպոսական իշխանության հրովարտակ իշխելու Լվովի ժողովրդի վրա. նաև պատվիրեց նրան, որ զգաստանա իր թափառական ու անբարո կյանքից, գա դեպի կրոնը և արդարության բարեշավիղ ճանապարհը, որ վայել է եպիսկոպոսության անվան և աստիճանին։ Եվ Նիկոլ եպիսկոպոսը կաթողիկոսի բոլոր հրամանները սիրով ու հոժար կամքով հանձն առնելով՝ նրանից արձակված եկավ Լվով քաղաքը։

Իսկ Լվովի ժողովուրդը համարում էր, թե Նիկոլը զղջալով թողել է իր թյուր վարքը, բտյց տեսնում էին նույն վարքի մեջ անփոփոխ է. նաև հիշում էին իրենց անչափ գանձերի ու անոթների վատնումը և այն բազմաթիվ նեղությունները, որ հասցրեց սրանց Նիկոլ եպիսկոպոսը, այրված, խորովված տոչորվում էին նրանց սրտերը։ Այս պատճառով չէին կամենում միաբանվել նրա հետ, առավել ևս փախչում էին և կամենում էին նրանից նզովվել։

Մինչդեռ Նիկոլ եպիսկոպոսը չէր գնացել Կոստանդնուպոլիս, Փիլիպոս կաթողիկոսը իր աշակերտներից Հոհան անունով մի վարդապետի, որ ծննդավայրով Արզնիից[10] էր, իմաստությամբ հարուստ, խոսքով իմաստուն, ուղարկեց գնալու Լվով, որ թերևս ջանք թափի նրանց եկեղեցիների համար փրկության հնար գտնելու։ Հոհան վարդապետը Լվով գնալու և եպիսկոպոսը Կոստանդնուպոլիս գալու ժամանակ ճանապարհին հանդիպեցին միմյանց: Նիկոլ եպիսկոպոսը նաև Հոհան վարդապետից կաթողիկոսին ուղղված հանձնարարական թուղթ առավ և գնաց Կոստանդնուպոլիս կաթողիկոսի մոտ։ Իսկ Հոհան վարդապետը, հասնելով Լվով, մնաց այնտեղ, մինչև որ Նիկոլ եպիսկոպոսն ու Խաչքո դատավորը Կոստանդնուպոլսից վերադարձան, եկան Լվով։

Երբ Հոհան վարդապետը տեսավ, թե ժողավուրդը ընդդիմանում է եպիսկոպոսին և չի կամենում նրան հնազանդվել, սկսեց միջնորդել ժողովրդի և Նիկոլի միջև վերացնելու համար երկար ժտմանակվա շփոթ վիճակն ու խռովությունը։ Երկար օրեր շատ խրատներով, քարոզով, ուսուցանելով, առանձին խոսելով ժողովրդի և եպիսկոպոսի հետ, մեծ ջանքով ու շատ աշխատանքով հազիվ կարողացավ համոզել ժողովրդին, որ հնազանդվի եպիսկոպոսին։ Ապա Հոհան վարդապետը, միասին առնելով ժողովրդին ու եպիսկոպոսին, բերեց մտցրեց իրենց եկեղեցին, որ եպիսկոպոսը հափշտակել էր։ Երբ ժողովուրդը եկեղեցի մտավ, ինչպես գառների խառնումը ոչխարների հոաին՝ իրենց մայրերին, գոռում-գոչում, ողբում աղիողորմ լաց, փղձկացող սրտով հորդառատ արտասուք էր թափում ժողովուրդը աչքերից մեծ հառաչանքով այն սարսափելի կարոտի ու փափագի համար, որ տածում էր եկեղեցու հանդեպ։ Այնտեղ եկեղեցում նույն ժամին Հոհան վարդապետը սկսեց մխիթարել ժողովրդին Աստվածաշնչից, սրբերի վարքից ու օրինակներից, որի խոսքերի վրա ժողովրդի սիրտը զովանում էր։ Եվ բոլորին հաշտեցնելով եպիսկոպոսի հետ՝ թե ժողովուրդը, թե եպիսկոպոսը մխիթարվելով ուրախացան վարդապետի արարքով և գոհությամբ օրհնում էին ամենքի աստծուն։

Հաշտության լուրը հասավ լեհերի թագավորին, որի անունն էր Յանգյաժիմիր, քանզի այս օրերին թագավորը Լվով քաղաքում էր։ Թագավորը իր մոտ կանչեց Հոհան վարդապետին և առանձին սենյակում նրա հետ երկար խոսեց և լսեց խելոք ու հաճելի խոսքերով պատասխաններ։ Թագավորը սիրեց վարդապետին և շնորհակալություն հայտնեց նրան միջնորդության և ժողովրդին ու եպիսկոպոսին հաշտեցնելու և երկար ժամանակի խռովությունը վերացնելու համար։

Հոհան վարդապետը այնտեղ մնաց մի կլոր տարի, ապա վերադարձավ, եկավ Սուրբ Էջմիածին։ Իսկ Լվովի ժողովուրդն ու Նիկոլ եպիսկոպոսը մնում են նույն պայմանագրության վրա, որ սահմանեցին Փիլիպոս կաթողիկոսն ու Հոհան վարդապետը, մինչև այսօր, երբ այս պատմությունը շարադրեցինք, մեր թվականության 1109 [1660] տարվա մայիս ամսի 10-ին։ Կխնդրենք Քրիստոսից, որ ապագայում ևս խաղաղությամբ ու սիրով պահի ի հաճույս իր բարեսեր կամքի և ի գովեստ հավիտյանս օրհնված անվան. ամեն։

Նշումներ
  1. Չորակյաց նշանակում է չոր բաներ ուտող, դրանք մինչև իսկ ձեթ չէին ուտում, գինի չէին խմում:
  2. Մատթ. Ե 23
  3. Մարկոսի ավետարանում ասված է. «Այլ ոչ ոք կարէ զկարասի հզօրի մտեալ ի տուն նորա աւար հարկանել, եթե ոչ նախ զհղօրն կապիցէ, եւ զտղուն նորա աւար հարկանիցէ (Գ 27)։— Բայց ոչ ոք չի կարող տունը մտնել ու ավարի ենթարկել նրա կահկարասին, մինչև որ նախապես հզորին չկապի և հետո նրա տունը ավարի ենթարկի։
  4. Դան․ Դ․ 30
  5. Բնագրում՝ ախթարմայիցն․ Աճառյանը նկատի չունենալով Դավրիժեցուն, ախտարմող, ախտարմաղ, ախտարմախ [ըստ Խորենացու և Շիրակացու] ուղղում է ախտարմար։ Այստեղ խոսքը Նախիջևանի կաթոլիկների մասին է։
  6. Եկեղեցու յոթ խորհուրդներն են ապաշխարհություն, հաղորդություն, մկրտություն, դրոշմ պսակ կամ ամուսնություն, կարգ կամ ձեռնադրությւոն, այցելություն հիվանդներին
Ծանոթագրություններ
  1. Այս Նիկոլայոսը մեր եկեղեցու պատմության մեջ հայտնի չարահնար ու չարագյուտ Նիկոլ Թորոսովիչն Է, որ կաշառառու Մելքիսեթ կաթողիկոսի ձեռքով հակառակ ժողովրդի կամքի օծվեց եպիսկոպոս։ 1626 թվականին ժողովուրդը նրան դուրս վռնդեց եկեղեցուց, բայց նա գնաց դարձավ կաթոլիկ, դիմեց ճիզվիթներին և սրանց խոստացավ, որ Լեհաստանի բոլոր հայերին կաթոլիկ կդարձնի: ճիզվիթների օգնությամբ խլեց հայոց բոլոր եկեղեցիները, բռնագրավեց եկեղեցու ողջ հարստությունը, կալվածքները: Ժողովուրդը մնաց առանց եկեղեցու, ստիպված ընդունեց Նիկոլին, իսկ սա աստիճանաբար ողջ հայությանը կաթոլիկ դարձրեց ու լեհացրեց:
  2. Կամենիցը Կամենեց֊Պոդոլսկն Է, Ուկրաինական քաղաքներից, որ 1430 թվին գրավել Էին լեհերը և պահել մինչև 1793 թ., որից հետո միացավել Է Ռուսաստանին: Այս քաղաքում 16֊րդ դարի երկրորդ կեսին մինչև 1200 Հայ ընտանիք Է ապրել։ Հայերը այնտեղ Էին գաղթել Ղրիմից, Մոլդովիայից, Փոքր Ասիայի հայաբնակ վայրերից։
  3. Նորընծա կրոնավորը քառասուն օր մեկուսացվում Է առանձին, ապա քառասուն օրից հետո հանդիսավորապես դուրս Է բերվում, այսինքն՝ քառասունքից հանվում Է։
  4. Բուրսա, որ ավելի հայտնի Է Բրուսա անունով, Փոքր Ասիայի քաղաքներից Է, գտնվում Է պատմական Բութանիայում։
  5. Խարբերդը Արևմտյան Հայաստանի քաղաքներից Է։ Խարբերդի վիլայեթի կենտրոնը, իսկ վիլայեթը հյուսիսից սահմանակից Էր Էրզրումի (Կարինի), արևելքից Դիարբրեքիրի, հարավից Հալեպի, արևմուտքից Սվազի (Սեբաստիայի) վիլայեթներին։
  6. Կեսարիան Կապադովկիայի [Փոքր Ասիայում] կենտրոնական քաղաքն է, որ այժմ Թուրքիայի համանուն վիլայեթում է. կոչվել է նաև Մաժաք, Գայսերի, Կայսերի, Ղայսերի։
  7. Մեկ բնություն ասելով միաբնակները [մի բնություն ընդունողները] Քրիստոսի մեջ մարդկայինը և աստվածայինը միասնաբար իբրև մեկ բնություն են ընդունում, երկաբնակները Քրիստոսի մարդկային բնությունը առանձին են համարում, իսկ աստվածայինը առանձին։
  8. Եվտիքեն [Եվտիքես] Բյուզանդիայի նշանավոր հոգևորականներից էր, սա այնքան առաջ գնաց, որ աստվածային ու մարդկային բնությունները խառնուրդ համարեց և այս խառնուրդում մարդկային բնությունը այնքան չնչին գտավ, որ ընդունեց, թե մարդկային բնությունը աստվածայինի մեջ ոչնչացավ, ինչպես որ մի կաթիլ մեղրը ծովի մեջ կամ մի շյուղ բոցի մեջ, մինչև իսկ Քրիստոսի մարմնին երկնային ծագում վերագրեց։ Սա ևս համարվեց աղանդավոր և հալածվեց բյուզանդական պաշտոնական եկեղեցու կողմից։ Հայերը իրենց միաբնակ էին համարում, ընդունում էին, որ Քրիստոսի մեջ երկու բնությունը միասնություն են կազմում. Քրիստոսը մարդ է և միաժամանակ աստված։
  9. Դոմինիկոս Կուզման իսպանացի էր. 12 — 13֊րդ դարերում ստեղծեց Քարոզիչ եղբայրք միաբանությունը, որ հրով ու սրով պայքարում էր Հռոմի եկեղեցու նկատմամբ հանդես եկած որևէ աղանդի դեմ։ Դոմինիկյանները իրենց կրոնական արշավանքներն ուղղած են եղել նաև Հայոց եկեղեցու դեմ։
  10. Արզնի, Արկնի, Արղանա՝ ավան Հայոց Ծոփքի նահանգի Պաղնատուն գավառում։ Դարասկզբին ունեցել է 6150 բնակիչ, որից 3 հազար հայ, մնացածը՝ թուրք, քուրդ, հույն։