ԳԼՈՒԽ ԼԶ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴ ՊԱՏՐԻԿԻ[Ն 1] ԳԵՐԵԶՄԱՆԻ ՈՒ ՈՍԿՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես գրված է Վարդ Պատրիկին[1] պատմությունը, որ նենգ հնարներով կոտորել տվեց հոռոմների ազգը պարսիկների ձեոքով, և հոռոմները տակավին այս քենն ու ոխը մտներն են պահել, մինչև այսօր էլ հնարքներ են մտածում վրեժխնդիր լինելու այն ոխի դիմաց։ Եվ տարեցտարի հոռոոմների ազգից մարդիկ են գալիս Վարդ Պատրիկի ոսկորների մասունքները գողանալու, որպեսզի իրենց մեջ տանելով նրանց վրա կատարեն իրենց չար կամքը, ինչսլես որ ցանկանում են:

Այնպես եղավ, որ վերջին տարիներում ու ժամանակներում՝ հայոց 1013 [1564] թվականին հոռոմների ազգից դարձյալ երկու մարդ եկան Վարդ Պատրիկի ոսկորները գողանալու, որ թաղված է Վասպուրական երկրի Հայոց ձոր[2] կոչված գավառի Խորգոմ գյուղի եկեղեցում: Արդ՝ Վարդ Պատրիկի ոսկորները թաղված են եկեղեցու մեջ, որ հնում շինված է եղել բնական գետնի վրա՝ հողի երեսին, ապա այդ եկեղեցին էլ հողով ծածկել են շատ հող կուտակելով նրա վրա եղել է մեծ բլուր, որ տեսնողների կողմից կարծվի, թե ի սկզբանե հավիտենից աստվածաստեղծ բլուր է և ոչ սարքովի։ Հողը ծածկել է եկեղեցին և ավելի է բարձրացել, իսկ հետո բլրի վրա գագաթին՝ ներքևի եկեղեցու գլխին երկրորդ անգամ նոր եկեղեցի են կառուցել, որի մեջ քահանաները կատարում են ժամակարգությունը, եկեղեցու յոթ խորհուրդները[3], նաև գյուղացիները գալիս են այնտեղ, աղոթում։ Գյուղը եկեղեցու շուրջ բոլորը չէ, այլ եկեղեցու արևելյան կողմում բլրի կրծքին է, իսկ եկեղեցու և բլրի արևմտյան կողմում ծովն է, որ Վանա ծով են կոչում, որ մոտ քսան կանգուն հեռու է եկեղեցուց։ Նաև գյուղի ու եկեղեցու արևելյան կողմից գետ է գալիս և նրանց հարավային կողմից անցնում, խառնվում Է ծովին։ Երկու հոռոմները գալով՝ նախ իրենց ձևացնում են իբրև առաքինի ու հավատարիմ մարդիկ, որ հրաժարված են աշխարհիկ բաներից։ Այնքան [վստահելի են դարձել], մինչև օր քահանաներն ու ժողովուրդը հավատացել են ու եկեղեցու բանալին հանձնել նրանց և նշանակել են եկեղեցու լուսարար ու ժամկոչ։ Իսկ նրանք շատ թե քիչ ժամանակ հետո հարմար պահի եկեղեցու արևմտյան կողմից մոտ տասնհինգ կանգուն եկեղեցուց հեռու գետինը ծակել են, ական են փորել և այդպես ական փորելով՝ առաջացել, որ գուցե մտնեն ներքևի եկեղեցին, որտեղ Վարդ Պատրիկի ոսկորներն են թաղված։ Իսկ ականի փորված հողը բերել, թափել են ծովը փլի գլխից, քանզի ծովի եղերքը փուլ է, որ ծովի ալիքն է արել։ Եվ որովհետև գյուղը բլրի արևելյան կողմում էր, իսկ արևմտյան կողմն անբնակ էր, այս պատճառով տեղը մարդկանցից ապահով էր, ուստի մարդիկ [երկու հոռոմ] վստահացած այդ բանը անում էին։ Արդ թափված հողից և ծովի ալիքների հարվածից ջրերը պղտորվել են և ջրերի պղտորությանը խառնվել է գետի ջրերին և գնացել է գետն ի վեր, քանզի գետի ջրերը թոշ տված[Ն 2] կանգնած են ծովեզրին։ Իսկ գյուղացիները տեսնում էին, որ ջուրը միշտ պարզ ու հստակ է եղել, իսկ այժմ պղտոր է ։ Ասում էին. «Անձրև չի եկել, հեղեղ չի եղել, ինչի՞ համար են այս ջրերը պղտոր» Միմյանց ասում ու զարմանում Էին, պատաճառը որոնում։ Շրջելով, որոնելով՝ պատահել են թափված հողին, ապա գտել են ծակն ու ականը։ Հետո բռնել են այդ մարդկանց, ծածուկ արդելափակել են ներքնատանը։ Այնքան հնարքներ են գործ դրել գյուղացիները, մինչև որ այն մարդիկ ճշմարտությունը ասել են, թե՝ «Եկել ենք, որպեսզի Վարդ Պատրիկի ոսկորները տանենք» Ապա գյուղացիներից ռամիկ մարդիկ, որոնք խորհրդակից են եղել, թաքուն մի գիշեր այն երկու մարդուն դրել են տուփի [նավակ] վրա, հանել են ծովը և առաջ շարժելով՝ տարել են ծովի մեջ, քար են կապել նրանց պարանոցներից և այդպես թողել են ծովի ջրերի խորքը։ Արդ՝ այդ գործի կատարումը այսպես է եղել, որը ծեր ու մեծ մարդիկ պատմեցին։ Իսկ գյուղացիները այնուհետև ավելի զգուշությամբ են պահպանում այն եկեղեցին ամեն ժամանակ իրրև ավանդություն հայրերից անցած որդիներին ի փառս աստծու։ Այս էլ այսպես։

Նշումներ
  1. Պատրիկ հունարեն բառտ 7—8-րդ գործածվում էր իբրև տիտղոս բարձր պաշտոնյաների համար:
  2. Բնագրում՝ ուռկան տուեալ։
Ծանոթագրություններ
  1. Վարդ Պատրիկը Թեոդորոս Ռշտունու որդին է (7-րդ դար), որ մի որոշ ժամանակ եղավ հայոց սպարապետ։ Պատրիկ տիտղոսը ստացավ Բյուզանդիայի Կոստանդին կայսրից։
  2. Հայոց Ձորը Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառներից մեկն է։ Սկսվում Վանա լճի հարավ֊ արևելյան ափերից տարածվում է մինչև Հայկական Տավրոս։ Հնում կոչվել է նաև Երվանդունիք։
  3. Ինչպես արդեն էջատակ ծանոթության մեջ ասված է, Հայոց եկեղեցու յոթ խորհուրդներն են ապաշխարությունը, կնունքը, դրոշմը, պսակը, հաղորդը, հիվանդին այցելությունը, կարգը կամ ձեռնադրությունը։