ԳԼՈԻԽ ԾԸ

Օրհնություն, գոհություն, բարերարություն իմ տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ ինձ՝ նվաստիս, տկարիս, անարժանիս,․ խոսքի սպասավոր Առաքել կոչվածիս, տվեց կարողություն դարիս վերջում և կյանքիս երեկոյան սկզբից նորովի սկսել, անել, շարահյուսել նոր առաջ բերված այս գիրքը, որ կոչվում է Պատմագիրք, նաև հասնել սրա ավարտին, որ եղավ։ Ուստի երեսս գետին դրած արտասվալից աղաչանքով գոչում եմ նրան և ասում. «Գոհանում եմ քեզնից, իմ հիսուս Քրիստոս աստված և օրհնում եմ քեզ ու քո սուրբ ծնողին, քո լուսակառույց տաճարը և քո բնակարան Սուրբ Էջմիածինը։ Տեր իմ և աստված իմ Հիսուս Քրիստոս, քոնն ու քոյիններին են ամեն պարգևանշան բարիքները, դու ես խոսքը և տվողը, խոսքի գիրը և գրողը, գրի ամեն պատրաստությունը։ Դու օրհնյալ լինես հորդ ստեղծողի ու հոգուդ գարդարողի հետ բոլոր արարածների կողմից ամբողջ հավիտենականության մեջ. ամեն։

Սրանից հետո իմ խոսքը կդարձնեմ ու կհայտարարեմ հարգարժան ու վեհ մարդկանց տքնաջան փիլիսոփայական գիտությամբ հագեցած իմաստասերներին և գործնական առաքինությամբ մաքրազարդված սրբերին, սուրբ ավազանի ծնունդներին՝ Քրիստոսին հավատացողներին թող ծանուցված լինի։ Նաև մեծ աղերսանքով խնդրում եմ, որպեսզի մեղադրանքով չարհամարհվեմ իբրև ուժից վեր բան ձեռնարկածի, որպես մտահաճ հանդգվածի, իմ քաջության վրա հուսալով համարձակ եղածի և այս գործին, որ մշտապես վեր է, քան մեր կարողությունը, ձեռնամուխ եղածի։ Այլ [այս գործը ձեռնարկել ենք] երիցս երջանիկ և քրիստոսահպատակ հայրապետի և Սուրբ աթոռ Էջմիածնի հաջորդ տեր Փիլիպոսի՝ ամենայն հայոց կաթողիկոսի, ստիպողական հրամանով, որովհետև ինքը` այս բազմահանճար հայրապետ տեր Փիլիպոսը, բոլոր իմաստուն մարդիկ, առաքինիները, ավելի ծերերը, որոնք ապրել են ավելի առաջ և սրա [կաթողիկոսի] ժամանակ, որոնք և տեսել էին պատմության այս գրքում նկարագրված բոլոր իրողությունները, անցուդարձերը, այսինքն` հայոց աշխարհի ավերվելը և գերվելը, քրիստոնյաների վատնումը, նաև եկեղեցական կարգերի նվազելն ու պակասելը, բարձրագահ ու քրիստոնեական աթոռ Սուրբ Էջմիածնի անշքանալն ու ավերը, նաև սրանց նորոգումը, այլև պատմական ուրիշ նյութեր, որոնք նկարագրվեցին այս շարադրանքիս մեջ, որոնց համար այն մարդիկ բոլորը մեծ ցանկությամբ, էլ ավելի մեծ իղձով բաղձում էին գրքով հիշատակագրել սերունդներին ի գիտություն, որ յուրաքանչյուրը իր դարում կամ ժամանակում հանդես կգա։ Նաև մշտական խնդրողական խոսքով Փիլիպոս կաթողիկոսից խնդրում էին, որպեսզի սա որևէ մեկին հրամայի կատարել պատմագրության այս ձեռնարկումը։ Մանավանդ որ ինքը` կաթողիկոս Փիլիպոսը շատ ավելի էր մտահոգված այսպիսի գործերով, քան բոլորը, ուստի երբեմն սրան, երբեմն նրան հարկադրում էր, որ գլուխ բերեն այս գործը, և իր աշակերտներից շատերին հարկադրեց, որ գուցե որևէ մեկը հանձն առնի և գլուխ բերի։ Իսկ նրանք` տեղյակ լինելով, գիտեին այն բազմազան չարչարանքները, որ կան այս գործի մեջ, ուստի իրենց այս տաժանքին չենթարկեցին, այլ իրենցից հեռացնելով ճողոպրեցին։ Իսկ ես՝ նվաստս՝ չնչինս, ամեն բանում առաքյալ կոչվածս, խոսքի սպասավոր, բնակավայրով Թավրիզ քաղաքից ու սույն տեր Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից և Սուրբ Էջմիածնի լուսակառույց աթոռի միաբանությունից լինելով, այստեղ սնվելով ու վարժվելով, ծերության հասակի հասնելով, նաև ակնկալում եմ սրա հովանու տակ հողում ամփոփվել, որ թերևս սրանում խորհրդավոր կատարումներին հաղորդակից լինեմ։ Ուստի բոլորից հետո հայրապետի ահեղ հրամանը ինձ տկարիս հասավ իբրև անարժան մեկի, իբրև մի տկար կենդանի, որ բռնվում է ցանցերով ու որոգայթներով և չի կարողանում ազատվել: Համարեք, որ սրա նմանությամբ խղճալիս բռնվեց այս գործի ցանցում։ Եվ այս այսքան պատճառների մասին։

Առաջին՝ ինչպես վերևում ցույց արվեց, չկարողացա հայրապետի հրամանից ազատվել, թեպետ, բազմաթիվ միջնորդներով հայտարարեցի ու խոստովանեցի իմ տկարությունը, որ անկարող եմ սրա իրագործման համար։

Երկրորդ՝ ոչ միայն Փիլիպոս կաթողիկոսի հարկաղրանքից, այլև մանավանդ մեծահոգ ու երկայնամիտ հայրապետ տեր Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հարկադրանքից, որ Փիլիպոս կաթողիկոսից հետո հայրապետական գահը՝ Սուրբ Էջմիածնի աթոռը ստանձնեց։ Սա ևս ինձ հարկադրեց այս գործի համար, որ լքել էի, քանզի չափազանց շատ հոգնեցուցիչ, աշխատատար ու լուրջ թվաց ինձ այս գործը, ուստի հեռացա ու հրաժարվեցի սրա գրելուց, և այս ձեռնարկս որոշ ժամանակ մնաց խափանված։ Ապա այնուհետև մեր սրբազան հայրապետ Հակոբ կաթողիկոսը վերստին հիշեցրեց այս գործը և ինձ իր առջև կանչեց և բազմաձև խոսքերով երկրորդ անգամ ինձ մղեց այս գործի մեջ։ Այնուհետև ծանր համբերատար չարչարանքներով հազիվ այսքան պատմություն հավաքեցի ու գրեցի։ Երրորդ` նաև ես ինքս տեսա Հայաստան աշխարհի ավերները, մեր ազգի պակասելը և մահմեդականների չարաթյունը. կսկծալի մորմոքումով այրվում էր իմ սիրտը, ուստի համաձայնվեցի սրանց արձանագրությունը կատարել։ Չորրորդ` մանավանդ տիրոջ հանդեպ ունեցած բարի հիշատակի համար, որովհետև նայելով իմ հանցանքների շատությանը խղճմտանքիս մեղադրությանը և անձիս մեջ բնավ չունենալով բարի նշույլի մասնիկ, հուսալով մարդասեր աստծու առատ ողորմության վրա, որ մի բաժակ ջրի վարձը անտես չարեց, հոգացի սրա մասին և իբրև այրու լուման գցեցի տիրոջ գանձանակը[Ն 1], որ թերևս սրանով գտնեմ ներումն իմ աններելի հանցանքների համար, քանի որ տիրոջական պատկերը տգեղացրի տղմալի ցեխի մեջ։ Նաև մեծ հույսով ապավինած ձեր ընդունելի բարեխոսական մաղթանքներին, որպեսզի սրտանց խնդրենք, անպակաս տիրոջից, ինձ՝ անարժանիս պարգևի իր ողորմությունն իմ մեղքերի թողություն որպես Ղազարի քույրերի մաղթանքներով նրան հարություն շնորհեց։ Որովհետև ես այս դիտավորությամբ և հույսով հանձն առա այսպիսի բազմաշխատ, բազմաջան ու տաժանելի գործ և երկար ժամանակ սրանով զբաղվելով, շատ երկրներ ու աշխարհներ շրջագայելով պատմական զրույցների համար ոչ միայն քրիստոնյաներին, այլև ուրիշ ազգերից հարցնելով և բոլորի ասածները գրելով։ Եվ խոսքի ճշտությունը գտնելու համար, եղավ որ մի պատմությունը տասն անգամ և էլ ավելի կրկնելով գրեցի. և ինը տարի սրանով զբաղվեցի, ունեցվածքս ծախեցի, հազիվ այսքան պատմություն մի տեղ հավաքեցի ու գրեցի, իսկ ինձ բնավ ոչ ոք չօգնեց, այլ միայն տեր իմ Քրիստոսն էր օգնական։ Նաև երբ Փիլիպոս կաթողիկոսը ինձ հրամայեց գրել այս գործը, և ես սկսեցի գրել, մեր 1100 [1651] թվականն էր. չորս տարի աշխատեցի և պատմության մի մասը հավաքեցի, իսկ Փիլիպոս կաթողիկոսի վախճանից հետո լքելով թողի և հեռացա սրանից՝ սրա մեջ տեսնելով բազում վտանգ և մտատանջ չարչարանք, որ իմ կարողությունից վեր, ծանր թվաց իմ տկարությանը, և այս գործը խափանված մնաց, մինչև որ վրա հասավ մեր 1107 [1658] թվականը, այնուհետև Հակոբ կաթողիկոսի հրամանով կրկին մտանք այս գործի մեջ և սկսեցինք գրել մինչև հասանք մեր 1111 [1662] թվականը, և այս ժամանակ մենք դադար տվինք այս ձեռնարկին։ Նաև թեպետ երկրներ շրջագայելիս շատ տեղերում մասնակի կերպով գրվեց սրանից, սակայն սրա սկիզբը դրվեց բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածնում, ավարտը ևս եղավ նույն տեղում շնորհիվ այս սուրբ և աստվածաբնակ տաճարի։ Այս դիրքը ընդգրկում է վաթսուն տարվա պատմություն, և ինչ էլ որ գտնվեց և նետվեց լումայափոխներին[Ն 2], եղավ Քրիստոսի շնորհիվ: Իսկ թերին ու թյուրը և այլ այսպիսիները եղան իմ տգիտությունից ու տկարությունից, ուստի աղաչանքով ձեզանից ներումն եմ խնդրում։ Նաև այս գործը ինձ հանդիպեց ոչ առույգ երիտասարդության տարիներում, այլ ողորմելի ծերության ժամանակ. որովհետև ծեր էի և մարմնով խիստ ցավագար, աչքերս լույսից պակասել էին, իսկ ձեռքս թուլացած, դողում էր։ Այսպես էլ ամեն այլ կարողություններով տկարացած՝ մահվան բոլոր կանչերը եկել աչքերիս դեմ կանգնել էին, իսկ գեհենի սպառնալիքները ավելի ու ավելի շատանում էին ինձ վրա։ Ուստի իմ դեմքը ձեր ոտքերի տակ եմ դրել և Քրիստոսի սերը ձեզ մոտ իբրև բարեխոս եմ բերել, որ ականջ չդնելով անտես չառնեք իմ աղաչանքները, այլ հայցում, մաղթում, խնդրում ու պաղատում եմ մեծ պաղատանքով, որ շնորհեք մեզ «աստված ողորմին» և «Քրիստոս որդին», «Հայրը մեր, որ յերկինս» նույն կարգով։ Եթե նստած եք, թե ոտքի վրա կանգնած խնդրում եմ չդանդաղել ու ծուլանալ սրանք ասելու՝ ինչ-որ մեզ շնորհում եք, նաև ձեզ մասնաբաժին լինի ահեղ օրը արդար դատավոր Հիսուս փրկչի առջև, որին պատիվ, երկրպագություն և անվերջ փառաբանություն բոլոր արարածներից` իմացողներից ու զգացողներից անլռելի բացականչությամբ. ամեն։

ԳՐՔԻՍ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Փառք անբաժանելի ու միասնական սուրբ երրորդությանը` հորը, որդուն ու սուրբ հոգուն հավիտյան. ամեն։ Սա ուժ տվեց անարժան, մեղքերով լցված, անպիտան գրիչ Աթանաս դպրիս ավարտելու այս գիրքը, որ վերջին ժամանակներում շարադրվել է Առաքել վարդապետի կողմից, որ այժմ կոչվում է Առաքել պատմագիր։ Մեր 1112 (1663) թվականին տեր Հակոբ սրբազան հայրապետի, որ Շոշ կոչված և այժմ Սպահան ասվող թագավորանիստ քաղաքից էր, ծագումով ջուղայեցի, հայրապետության, պարսից Շահ-Աբաս Երկրորդի թագավորության, Ամիրգունա խանի որդի Աբասղուլի խանին, այս տարի Նաջաֆղուլի խանին տապալեցին և Երևանը տվին Աբասղուլի խանին,— Արարատյան իշխանության ժամանակ գրվեց այս գիրքը Արարատյան երկրում, Կարբի գյուղաքաղաքում Գաբրիել և Միքայել հրեշտակապետների[Ն 3] և այստեղ գտնվող բոլոր սրբերի հովանու ներքո։ Օհանավանքի մեծափառ միաբանության՝ Սուրբ Կարապետի, Սուրբ Ստեփանոսի աջի և Սուրբ Աստվածածնի վարշամակի թեմում ու վիճակում սուրբ միաբանությանս հեզահոգի, խոհեմ, հնազանդ Հովհաննես արքեպիսկոպոսի առաջնորդությամբ, որ բնիկ Կարբի գյուղաքաղաքից էր. թող տեր աստված իր միաբանությունը հաստատ և իրեն անփորձ պահի մինչև խորին ծերությունը. ամեն։

Փառք ամենասուրբ երրորդության՝ հորը, որդուն և սուրբ հոգուն. ամեն։

Մեր տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու ողորմությամբ գրվեց այս գիրքը, որ կոչվում է պատմագիրք, հայոց 1115 (1666) մեծ թվականին Երևան մայրաքաղաքում, Կաթողիկե կոչված սուրբ եկեղեցու գավթում՝ հոգացողությամբ, ծախքով ու արդյունքով Առաքել վարդապետի, որ նույն ինքը այս պատմագրքի գրողն ու ստեղծողն է, թավրիզեցի Առաքել վարդապետը, որ օրինակը բազմացնելու համար գրել տվեց այս գիրքը. այս արդեն հինգերորդ օրինակն է, որ իր՝ Առաքել վարդապետի ձեռագիր օրինակից ընդօրինակվեց, նա մեծ ջանքով և ծանր հոգացողությամբ ծախում է ինչքերը և գրիչների ձեռքով գրել է տալիս, առաջին օրինակները շատացնելու, և երկրորդ՝ տիրոջ հիշատակի համար։

Արդ ով հանդիպի սրան, կարդալիս կամ ընդօրինակելիս, կամ զվարճանալիս, սրտանց հիշեցեք Քրիստոսով վերոհիշյալ Առաքել վարդապետին, որ զանազան և պեսպես ձևերով ծանր չարչարանքներով կրեց այս պատմագրքի համար և դեռևս նույն չարչարանքների մեջ է գտնվում: Ուստի աղաչում ենք՝ իրեն յուրայինների հետ հիշել տիրոջով և նրանց, որոնց սույն ձեռնարկի վրա աշխատանք ունեն։ Սրանց հետ խնդրում եմ Քրիստոսով հիշել ինձ` չնչին գրիչ Ավետիս երեցիս, որ Առաքել վարդապետի հրամանով այս գիրքը գրեցի ընդհանուրի օգտի համար։ Արդ՝ ովքեր մեզ կհիշեք Քրիստոսով, բաշխեք մեզ «աստված ողորմի» և «Քրիստոս որդի» և «Հայր մեր, որ երկնքում ես» մեկի փոխարեն հազարապատիկ կառնեք հավիտյան օրհնված մեր Քրիստոս աստծուց. ամեն։ «Հայր մեր, որ, երկնքում ես, սուրբ լինի (քո) անունը»։

Նշումներ
  1. Տես Մատ․ ԻԵ 27, Ղուկ․ ԺԹ 23
  2. Ղուկասու ԻԱ 2-ում ասված է․ «Ետես ևւ զկին ոմն այրի աղքատ, որ արկ անդր երկուս լումաս»։ Քրիստոսը այս տեսնելով ասում է․ «Այրին այն աղքատ աւելի արկ, քան զամենեսին»։
  3. Եկեղեցի է։