Պատվի համար

ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ


դրամա 4 արարվածով

1904 թ․


ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ. Տեղական հայտնի հարուստներից մեկը։ 55 տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառ մորուքով և կարմիր այտերով։

ԵՐԱՆՈԻՀԻ. Նրա ամուսինը։ Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ։

ԲԱԳՐԱՏ. Էլիզբարյանների ավագ որդին։ Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով։ Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկ և դրական։

ՍՈՒՐԵՆ. Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է։ Հագնվում է վերջին տարազով։

ՌՈԶԱԼԻԱ. Էլիզբարյանների մեծ աղջիկը։ 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ։ Հագնվում է միշտ շքեղ, առանց գույների խտրության։

ՄԱՐԳԱՐԻՏ. Էլիզբարյանների երկրորդ աղջիկը։ 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ աչքերով, օրիորդ՝ մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ։ Հագնվում է համեստ ճաշակով։

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ. Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը։ 26 — 27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով։ Հագնվում է միշտ սև։

ՍԱՂԱԹԵԼ. Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը։ Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով։ Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով։ Հագնվում է միշտ միատեսակ — լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ։ Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա։ Մեջքին կապած է ոսկե քամար։ Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով։ Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են։

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ. Անդրեասի հաշվապահը։ Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ։ Սովորական ծառայողի միջին տիպար։

ՎԱՐԴԱՆ. Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում։ Երիտասարդ։ Խոսում է Շամախու բարբառով։

ԶԱՐՈՒՀԻ. Երիտասարդ աղախին։

Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը։

Մեր ժամանակի անցք։

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք՝ բնակարանի և գրասենյակի միջև։

Միջին մեծության սենյակ։ Աջ[1] պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրած է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական շարժուն լամպար։ Սեղանի քով, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոռ։

Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ։

Ձախ պատի մեջ են դռներ, որոնք տանում են դեպի բնակարան։ Այս դռների մոտ, դեպի ավանցսենա Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր՝ ինժեների համար։ Սեղանի հետևում երկաթե դրամարկղ։ Խորքում, դեպի աջ — վառարան։

Պատերի տակ աթոռներ։ Հատակի աջ կողմը ծածկված է գորգով։ Լուսամուտները վարագուրված են։

ՏԵՍԻԼ 1

ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ

Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի քով կանգնած, հեռախոսով խոսում է։ Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել։ Այս դռները բացվելիս հեռո երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ։ Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով։ Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի շխկշխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ։

ՍԱՂԱԹԵԼ. (Հեռախոսով) «Համեեե՞։ Այո՛, շուտով կգա։ Հը՞մ, չեմ լսում։ Հաա՛։ Լավ, ուղարկիր։ Ցտեսություն»։ (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում իր տեղը)։ Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար։ Հա. ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել։ (Հեգնորեն)։ Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա։


ԿԱՐԻՆՅԱՆ. Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին։ Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում։

ՍԱՂԱՑԵԼ. Բան է հնարել պարոն Բագրատդ — արդարացուցիչ դոկումենտ։ Ես Անդրեաս էլիզբարյանի մոտ մինչև օրս առանց արդարացուցիչ դոկումենտի եմ ծառայել, էլի կծառայեմ։ Հայրը հավատում է, թող որդին էլ հավատա (Լռություն)։ Այդ ի՞նչ ես փնտրում։

ԿԱՐԻՆՅԱՆ. Մնացականյանների պայմանագիրը։ (Դադարում է փնտրել

ՍԱՂԱԹԵԼ. Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում։


ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե։

ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ։ Եվ այդ շատ ճիշտ կարծիք է։ Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են։ (Տերողորմյան ձեռների մեջ տրորում է և հոտ քաշում

ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել։

ՍԱՂԱԹԵԼ. Էհ, դու էլ խոսքի տակին գլխին — խիղճ։ Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում։ Ափսոս, որ փորը կշտացնող չէ։

ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է։

ՍԱՂԱԹԵԼ. Ինչպես, օրինակ՝ հրամանոցդ համար։ Տեսնում եմ քառասունուերկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես։ Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞։

ԿԱՐԻՆՅԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ։

ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ի՛նչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թողնելով փողոցում։ Էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օր վրա մաշվում է տաջանքից։ Հա, ի՛նչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ։

ԿԱՐԻՆՅԱՆ. Ոչ:

ՍԱՂԱԹԵԼ. Էհ, գոհություն աստծու։ (Տերողորմյան տրորում է և հոտ քաշում

ԿԱՐԻՆՅԱՆ. Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ։

ՍԱՂԱԹԵԼ. Այդ երկար պատմություն է։ Բայց մեր գործը չէ։

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ՍՈԻՐԵՆ

ՍՈԻՐԵՆ. (Ներս է մտնում շտապով ձախ դռնից վերարկուով ու գլխարկով) Պապան այստեղ չէ՞։ Ավելի լավ։ (Սաղաթելին) Քեռի, ի սեր աստծու, տուր ինձ իսկույն երեք հարյուր ռուբլի։


ՍԱՂԱԹԵԼ. (Տերողորմյան գրպանը դնելով) Հեե հե՛, էլի վազեց գլխիս։ (Սուրենին) Ի՞նչ է պատահել, էլի բարկացած ես։

ՍՈԻՐԵՆ. Հարցուփորձի ժամանակ չէ։ Ինձ ձեռաց երեք հարյուր ռուբլի փող է հարկավոր։

ԿԱՐԻՆՅԱՆ. Երևի, էլի բակարայում տանուլ եք տվել։

ՍԱՂԱԹԵԼ. Բաս չէ, առուտուրում վնաս է արել։ Սրանը կամ բակարան է, կամ թխլիկ-թխլիկ մամզելները։

ՍՈԻՐԵՆ. (Գրգռվելով Կարինյանի դեմ) Պարոն թանաքլզող, այդ ձեր գործը չէ, խնդրեմ անկոչ վերահսկողի դեր չկատարեք։ Քեռի, եթե այս րոպեին երեք հարյուր ռուբլի չունենամ — կխայտառակվեմ։ Պատվի խնդիր կա մեջտեղ։ Եթե ինձ սիրում ես — մի՛ ուշացնիր։

ՍԱՂԱԹԵԼ. Շատ եմ սիրում, Սուրեն ջան, բայց որ փող չկա, ի՞նչ անեմ։ Քեզ հայտնի է, որ այժմ հորդ գործերը եղբայրդ է կառավարում։ (Տերողորմյան գրպանից հանում է

ՍՈՒՐԵՆ. Եղբայրս, եղբայրս, ամեն տեղ նա ինձ խանգարում է։ Բայց թող սպասի, մի օր ատամներս ցույց կտամ նրան։

ՍԱՂԱԹԵԼ. Է, նա այն պտուղներից չէ, որ քո ատամներից վախենա։

ՍՈՒՐԵՆ. (Անհամբեր) Տալո՞ւ ես փող, թե՞ չէ։

ՍԱՂԱԹԵԼ. Այ եղբայր, ես ի՞նչ անեմ, ահա նա, սնդուկը, սա էլ դու, համեցեք, վերցրու, ի՞նչ ես յախիցս կպել։

ՍՈՒՐԵՆ. Բանալին տուր։

ՍԱՂԱԹԵԼ. (Հառաչելով) Չկա, Սուրեն ջան, չկա։ Այժմ արքայության դռների պահապանն ես չեմ։ Մեկ էլ մեր մեջ ասած, հիմա այդ սնդուկում, բացի պայմանագրերից և վեքսիլներից, ոչինչ չկա։ Եղբայրդ մեր կարգ ու կանոնները փոխել է։ Դրանից առաջ այդ սնդուկում տաս-քսան հազարներով փող էր լինում շաբաթներով ընկած։ Հիմա եղբայրդ բանկումն է պահում։

ԿԱՐԻՆՅԱՆ. Նա ասում է փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին։


ՍՈԻՐԵՆ. Որ այդպես է, տուր քո գրպանից։

ՍԱՂԱԹԵԼ. Սուրեն ջան, ախար ես փող ո՞րտեղից ունիմ։ Ես մի խեղճ գործակատար եմ։

ՍՈԻՐԵՆ. Էլի մի՛ սկսիր Ղազարոսի շարականը երգել։ Կաշիդ դաբախանում կճանաչեմ։ Քո կոշիկների այդ հաստ կարկատանի մեջ էլ փող կա։

ՍԱՂԱԹԵԼ. Տեր, անցո՛ զբաժակս այս հինեն։

ՍՈԻՐԵՆ. Դե՛ լավ, հորդ խոսքերը մի կրկնիր։ Ասում են, դու նրան այնքան ես նման, որքան ես Պողոս Առաքյալին։ Հանիր քսակդ, տեսնենք։

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Դրա ձեռքից ազատվել չի կարելի։ (Տերողորմյան հանդարտ գնում է գրպանը և շատ հանդարտ պիջակի գրպանից հանում է մի ահագին մաշված, կեղտոտ կաշվե փողաման)։ Կարծեմ հարյուր ռուբլուց ավել չունիմ։ (Երեսը դարձնելով, թաքուն նայում փողամանի մեջ)։ Փա՜հ, իսկի հարյուր էլ չկա, հիսուն է։

ՍՈԻՐԵՆ. Այդ հեշտ է ստուգել։ Տո՛ւր ինձ այդ տոպրակը, կտեսնեմ։ (Փողամանը խլում է

ՍԱՂԱԹԵԼ. (Վախեցած) Վա՜յ, այդ ի՞նչ ես անում։

ՍՈԻՐԵՆ. Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը։ (Սկսում է փողամանը տնտղել և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր)։ Այստեղ մտիկ արեք, ինչ ասես կա։ Հին մուրհակներ, ակցիաներ, բանկային կտրոններ, գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից…

ՍԱՂԱԹԵԼ. Ադա՜, ամոթ է։

ՍՈԻՐԵՆ. (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է։ Վարդագույն թղթի վրա նամա՞կ, կնոջ ձեռքով գրվա՜ծ։ (Հոտ է քաշում)։ Անուշահո՜տ…

ՍԱՂԱԹԵԼ. (Կարինյանից քաշվելով) Ադա՛, ամաչիր, մարդ կա այստեղ…

ԿԱՐԻՆՅԱՆ. (Թաքուն ծիծաղում է

ՍՈԻՐԵՆ. (Հանելով նամակի միջից շորի մի կտոր) Ահա այս էլ նամակի պատասխանը — դեյրացվի նմուշ, արշինը վեց շահանոց, տեր ողորմած աստված. այստեղ մտիկ արեք, դեղատոմսեր, սիգնատուրա, աչքի ճար, քինաքինա, ամբողջ դեղատուն։ Պակասում է բժիշկը։ Հապա, տեսնենք ուր է ցավդ, որ բժշկենք։ Ահա, օօ՛, այստեղ երեք հարյուր էլ կա, հինգ էլ, տասն էլ։


ՍԱՂԱԹԵԼ. (Ամբողջ ժամանակ անհանգիստ, աշխատում է փողամանը խլել) Այդ խոմ ափաշկարա կողոպտել է նշանակում։ Տեսնո՞ւմ ես, Արիստակես, օրը ցերեկով։

ԿԱՐԻՆՅԱՆ. (Մեկուսի) Ավելի լավ է այդպես կողոպտել, քան թաքուն, թաքուն գողանալ, ինչպես դու։

ՍՈԻՐԵՆ. Մի վախենար, ավելի չեմ վերցնիլ։ Այն, ցվայ, դրայ, հերիք է։ (Փողերը դնում է գրպանը, փողամանը վերադարձնում է Սաղաթելին)։ Ստացի՛ր թանգարանդ, ֆի, մազո՛ւթի հոտ է փչում։

ՍԱՂԱԹեԼ. (Փողամանը ծոցը դնելով) Կարող եմ ասել, որ էլի լավ պրծա…

ՍՈԻՐԵՆ. Շնորհակալություն։ Այժմ պատիվս փրկված է։ Անիրավները չէին ուզում ինձ հետ ապառիկ խաղալ։ Աուֆվիդերզեհե՜ն։ (Ուզում է գնալ

ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — բաս վե՞քսելը։

ՍՈԻՐԵՆ. Գրիր քեզ հայտնի պայմանով, կստորագրեմ, բայց տես Շեյլոկի տոկոս չբարդես վրեն։ (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ

ԿԱՐԻՆՅԱՆ. (Գլուխը շարժելով անցնում է գրասենյակ

ՏԵՍԻԼ 3

ՍՈԻՐԵՆ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՍԱՂԱԹԵԼ

ԵՐԱՆՈԻՀԻ. (Գալիս է ձախ դռներից տնային հագուստով, առանց գլխարկի։ Հուզված է) Կա՛ց, մի գնար։


ՍՈԻՐԵՆ. (Կանգ է առնում) Է, մամա, հերիք է ինչքան լացուկոծ բարձրացրիր, ես ներվային մարդ եմ։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Սաղաթելին) Դու նրան փող տվեցի՞ր։

ՍՈԻՐԵՆ. Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու և մեծ որդիդ։


ԵՐԱՆՈԻՀԻ. Հե՛տ վերցրու, Սաղաթել, հե՛տ վերցրու։ Փողը նրան փչացրեց, փողոցները գցեց։

ՍՈԻՐԵՆ. Լավ, մամա, հին երգդ երգելու տեղը չէ, գրասենյակից կլսեն։ (Գրասենյակի դռները ծածկում է

ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, թող լսեն։ Այժմ ամենքն էլ գիտեն, որ դու որդի չես ինձ համար, այլ աստծու պատիժ։

ՍՈԻՐԵՆ. Ինչո՞ւ։ Որովհետև ապրե՞լ եմ ուզում։ Այնպես, ինչպես ապրում են իմ բոլոր ընկերնե՞րը։

ՍԱՂԱԹԵԼ. Այսինքն, բոլոր անառակ զավակները։ (Մի կողմ) Վա՛, ի՜նչ ասացի։

ՍՈԻՐԵՆ. Քեռի, իմ գործերին մի՛ խառնվիր։ Քոնն այն է, որ հորս հաշիվներին վերադիր անես և սպանաղ ու ղանձիլ ուտես։

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Լավ կծեց, տեղն է քեզ, Սաղաթել։

ՍՈԻՐԵՆ. Իսկ դու, մամա, հոգս արա մյուս որդուդ համար։ Կարող եմ հավատացնել, որ նա ինձանից ավելի վատ ճանապարհի վրա է։ Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ։ Հասակացա՞ր, սիրելի մամա։ Ցտեսություն, ճաշին ինձ չսպասեք։ (Գնում է նախասենյակի դռներով

ՏԵՍԻԼ 4

ԵՐԱՆՈԻՀԻ և ՍԱՂԱԹԵԼ

ԵՐԱՆՈԻՀԻ. (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին։ Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. «փող տուր, թե չէ կսպանեմ»։ Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան։ Մի կերպ բաժանեցի։ Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում են, հարուստի կնիկ եմ։


ՍԱՂԱԹԵԼ. Է՜է. ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է։ Մեկի քանդածը մյուսը շինում է։

ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, չեմ ուզում ոչ քանդողին, ոչ շինողին։ Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք։ Երկուսն էլ աստծու ճանապարհից դուրս են։ Մեր ժամանակներում փողը երկնային թագավորի պատիժն է։

ՍԱՂԱԹԵԼ. Օրհնվի նրա կտրողի ձեռները։ Փողի պես էլ քաղցր բան կա՞ աշխարհում։


ԵՐԱՆՈԻՀԻ. Հեթանոսնե՜ր, աստված չունիք, Բեհեղզեբուղին եք երկրպագություն տալիս։

ՍԱՂԱԹԵԼ. Է՜է հե, էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը։

ԵՐԱՆՈԻՀԻ. Լույս գա նրա գերեզմանի վրա։ Նա ասում էր փողը հնարված է սատանայի ձեռքով, որ մարդկանց գեհենը տանի։

ՍԱՂԱԹԵԼ. Ասում էր, որովհետև քահանա էր, իսկ մենք աշխարհականներ ենք, մե՞զ ինչ։

ԵՐԱՆՈԻՀԻ. Վախեցիր ահեղ դատաստանից, Սաղաթել։ Մի՛ պաշտիր փողը կուռքի պես։

ՍԱՂԱԹԵԼ. Քույր, աստծու պատիժն էլ, վարձքն էլ այս աշխարհումն է։ Ահեղ դատաստան-մատաստան չկա։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Զարհուրած) Կա, անհավատ, կա:

ՍԱՂԱԹԵԼ. Դե հը՜, կա, թող լինի։ Բայց հարցրու մեծ որդուդ, տես նա ինչ է ասում։ Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են հնարել՝ իրանց այրված սիրտը մխիթարելու համար։ Որդիդ է ասում, լսո՞ւմ ես, ասում է՝ գիտության խոսքն է։

ԵՐԱՆՈԻՀԻ. Անիծվի ձեր գիտությունը։

ՍԱՂԱԹԵԼ. Ինչո՞ւ։ Որ այն հոտած փիյի մոմի տեղ մեզ պայծառ էլեկտրական է տվել։ Ասա խնդրեմ, երկաթուղի, շոգենավ, տելեգրաֆ, տելեֆոն, գրամոֆոն գիտությո՞ւնն է հնարել, թե՞ քո տերտերները։

ԵՐԱՆՈԻՀԻ. Զուր չեն ասում, թե տերտերի որդին անհավատ կլինի։

ՍԱՂԱԹԵԼ. Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարով հետ ես մնացել։ Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ի՛նչպես են ապրում մյուս հարուստների կանայք։ Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վազում ես… Ահեղ դատաստան։ (Փոքրիկ պաուզա)։ Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարել — Մարգարիտը. ճշմարտությո՜ւն։ Երեկ սկսեց գլխիս ավետարան կարդալ. «Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտությունով ղեկավարվել»։

ԵՐԱՆՈԻՀԻ. Վատ բան է ասել, հաա՞։


ՍԱՂԱԹԵԼ. Գիտես, սիրելիս, մեր հանգուցյալ հոր նման ճշմարիտ մարդ հազիվ թե լինի այս քաղաքում։ Բայց ի՞նչ թողեց մեզ համար։ Վերջին կոպեկի կարոտություն, սով։ Մեռավ թե չէ, սկսեցինք սրան-նրան ձեռք պարզել: Դեռ փառք աստծու, որ դու մի քիչ գեղեցիկ էիր, բախտը քեզ այս տունը գցեց։ Ի՞նչ պիտի անեինք, եթե Էլիզբարովը քեզ հետ չամուսնանար։ Հանգուցյալը մի արհեստ էլ չէի սովորեցրել ինձ։ Ուզում էր, որ ես էլ տերտեր դառնամ, այսինքն՝ իր նման քաղցածի մեկը։ Չէ, քույր, ոչ քեզ եմ հավանում, ոչ Մարգարիտին։ Ապրել չգիտեք։ Այ, մեծ աղջիկդ քեֆս է գալիս, աշխարհի բերանն է պատռում։ Տեսնո՞ւմ ես տուն ու տեղդ ինչպես է կարգի գցել, ինչ շիկ է բանեցնում։ Մախլաս, դու իսկի նման չես միլիոնատերի կնոջ։ Էհ, թողնենք, կարծեմ, Անդրեասի ձայնն է։


ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ԱՆԴՐԵԱՍ

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է գրասենյակի դռների մեջ գլխարկով ու վերարկուով։ Մի ոտը շեմքի վրա, խոսում է դեպի գրասենյակ)։ Ասացեք այդ մարդկանց, որ ես այստեղ չեմ: Գիտեմ ինչու համար են շնորհ բերել։ Ճանապարհ դրեք։ Հետո գրասենյակը փակեցեք, գնացեք ճաշելու։ Դուք հարկավոր չեք։ Իրիկունը շուտ եկեք։ (Ներս է գալիս, դռները հետևից ծածկելով


ՍԱՂԱԹԵԼ. Էլի ովքե՞ր էին։

ԱՆԴՐԵԱՍ. Ազգային ագռավներ։ Փա՜հ, կարծես, բարեգործական ընկերություն եմ բաց արել կամ իրանցից հիմար եմ, չգիտեմ ումն է հարկավոր օգնել, ումը — ոչ։ Հավաքվել են մի դյուժին անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է՝ «Աշխատանքի տան» համար փող ենք հավաքում» (Սաղաթելի օգնաթյամբ հանում է վերարկուն և գլխարկի ու ձեռնափայտի հետ տալիս է նրան։ Հագած է լայն և երկարավուն պիջակ, լայն վարտիք։ Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ ձեռի մատի վրա ահագին ադամանդյա մատանի)։ Աշխատանքի տո՞ւնս որն է։ Աշխատող մարդը ինքը գործ էլ կունենա, տուն էլ։ Հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ ենք փրկում։

ՍԱՂԱԹԵԼ. Իմաստունի խոսքերն են։ (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է նախասենյակ իսկույն վերադառնում


ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր գրասեղանի քով և այդ պահին տեսնում Երանուհուն) Աա՜, դու այստե՞ղ ես։ Էլի ի՞նչ ես ունքերդ կիտել։ (Գրգռվելով) Մի՛ սևացնիր օրս, մի՛ սևացնիր, առանց քեզ էլ սևացնողներ կան։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ուզողին մերժելը մեղք է։

ԱՆԴՐԵԱՍ. (Կծու հեգնությամբ) Հաա՞, միլիոնատերի աղջիկ, աֆերիմ։ Որ այդպես է, տուր էլի քո օժիտից կամ հորդ թողած ժառանգությունից, այ, այն մեծ-մեծ քարվանսարաներից։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս։

ԱՆԴՐԵԱՍ. Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր, «բարություն արեք»։ Ինքը չուներ, ուրիշներից էր պահանջում։ Բարությո՜ւն։ Բարությո՞ւնս որն է։ Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռից բռնես բարձրացնես։ (Սակավ լռություն. Տոնը փոխելով, Սաղաթելին)։ Չի՞ եկել այն տղան։

ՍԱՂԱԹԵԼ. Դեռ ոչ։

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես ցցվել աչքիս առաջ։ Ի՞նչ ես ուզում ինձանից։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչելով) Ոչինչ։

ԱՆԴՐԵԱՍ. Փառք աստծու, կարծեցի էլի պիտի սկսես նախատել ինձ։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ ե՞րբ եմ նախատել։

ԱՆԴՐԵԱՍ. Դո՞ւ։ Դու երեսուն տարի է շարունակ նախատում ես ինձ։ Ես քեզ լավ եմ ճանաչում, դու իմ առաջին թշնամին ես (Վեր է կենում և սկսում անցուդարձ անել

ԵՐԱՆՈԻՀԻ. Չեմ իմանում ինչով եմ քո թշնամին։

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞վ։ Քո մտքերով։ Դու երբեք իմ մասին լավ բան չես մտածել։ (Լռություն): Ի՞նչ է խոսել քեզ հետ Օթարյանը։


ԵՐԱՆՈՒՀԻ. Արտաշե՞սը։ Ոչինչ։ Ինչ որ քեզ հետ է խոսում, նույնն էլ ինձ հետ։

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:

ԵՐԱՆՈԻՀԻ. Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ, խելոք…

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, լավ, մի՛ երկարացնիր, գովելդ ավելորդ է…

ԵՐԱՆՈԻՀԻ. (Հառաչում է

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Լսի՛ր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թո՛ղ այդ հառաչանքներդ, ախ ու վախդ։ Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն մի խոսքիդ տակ ես զգում եմ նախատինք։ Քո տխրությունն ինձ կատաղեցնում է։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ. ծուռ եմ դնում ոտս թե՞ ուղիղ, ումի՞ն զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի։ Թո՛ղ ինձ հանգիստ, դու իմ խի՞ղճն ես, ինչ է։ Չի հարկավոր, կարոտություն չունեմ։ Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի էլ, աստված էլ…

ԵՐԱՆՈԻՀԻ. (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ…

ԱՆԴՐԵԱՍ. Ա՜ա, շատ լավ ես հասկանում։ (Անհանգիստ նայելով ժամացույցին) Արդեն երկու ժամն է։ Չեկավ այդ տղան։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Զսպելով իրեն) Տա՞նն ես ճաշելու։

ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, ա՞յդ ինչ հարց է։

ԵՐԱՆՈԻՀԻ. (Խորհրադավոր) Ո՞վ գիտե քո բանը։

ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսնո՛ւմ ես, հենց այդ «ով գիտե»-ի տակ սատանան է նստած։ Նախատինք, միշտ նախատինք։ Օձի նման է կծում։ Հեռացի՛ր։ Առավոտից դեռ շան պես անոթի եմ։ Գնա, ճաշ պատրաստիր։ Մի աման էլ Արտաշեսի համար դիր։ Ես նրան ճաշի եմ պահելու։ Լավ վարվիր նրա հետ, այդ ինձ հարկավոր է։ Եթե Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ։ (Երանուհին գնում է ձախ դռներով

ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

ԱՆԴՐԵԱՍ. (Լռություն): Քույրդ ամեն բան գիտե։ Պետք է աշխատել, որ նա գործը չփչացնի։


ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դու նրա հետ այնպես ես վարվում, որ ինքդ կարող ես փչացնել։

ԱՆԴՐԵԱՍ. Այդ ճշմարիտ է։ Ես երբեմն չգիտեմ ինձ զսպել։ Բայց ինչ անեմ, այսօր առավոտից դես գրգռված եմ։ Մարդիկ սկսել են խոսել իմ մասին։ Աա, ես գիտեմ, որ սև նախանձը նրանց հանգստություն չի տալիս։ Անդրեյ Պետրովիչ Էլիզբարովի աստղը շատերի աչքն է ծակում։ Տներս ու քարվանսարաներս տանջում են մարդկանց։ (Լռություն)։ Ծառայողները գնացի՞ն։

ՍԱՂԱԹԵԼ. (Գրասենյակի դռներից ներս նայելով) Գնացել են։

ԱՆԴՐԵԱՍ. (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով) Փա՜հ, Էլիզբարովի տների ու տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավելի, ոչ պակաս։ (Լռություն)։ Ժամանակ-ժամանակ ինքս էլ մտածում եմ. կարելի է պարտական եմ։ Բայց ինչպե՞ս աչքերս բաց վերցնեմ և ունեցածիս կեսը տամ նրան։ Ի՞նչ կասեն մարդիկ։ «Հորս հետ միասին ես առել տափերը»։ Այո, ճշմարիտ է, բայց ե՞րբ։

ՍԱՂԱԹԵԼ. Նոյ Նահապետի ժամանակներում։

ԱՆԴՐԵԱՍ. Ճշմարիտ է, ընկերներ ենք եղել, բայց չէ որ փողն ես եմ աշխատել, ես, Անդրեաս Էլիզբարովս։ Դալլաք Էլիզբարի թոռը իր բոլոր կարողությունը, դիրքը, անունը, պատիվը ձեռք է բերել իր խելքով ու աշխատանքով։ Տասնուհինգ տարի ծառայել եմ Մուսայել աղայի մոտ, տարել եմ նախատինք, թուքումուր։ Շան կյանք եմ քաշել, վերջը սուտ-ղորթով մի քիչ փող եմ ձեռք բերել, դուրս եկել և այն ժամանակը ընկերացել Առաքել Օթարյանի հետ։

ՍԱՂԱԹԵԼ. Հե՜հ, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք։ Կանաչեղեն ու թթվեղեն էիք ծախում։ Զատիկ-ջրօրհնեքին էլ գնում էիք Սալիան, ձկնեղեն բերում ու ծախում։

ԱՆԴՐԵԱՍ. Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր։ Բայց եթե նրա խելքով վարվեի, այսօր էլ դուքանու մեկը կլինեի։ Նա հոտառություն չուներ։ Ես էի, որ անդադար ասում էի. «Առաքել, առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են դառնալու»։ Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած ճահիճներ, աղբանոցներ, սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի, ուրեմն ես եմ աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս։ Իսկ այդ լակոտն եկել է ու ասում է. «Տուր ինձ կեսը»։ Փահ, գժվել եմ, որ տամ։ Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ գժատուն տանում։ (Գրգռվում է)։ Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն։ Որդեգիր եմ վերցրել հոր հիշատակի համար, ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս։ — Քոռ ապերախտություն։


ՍԱՂԱԹԵԼ. Լավ, քիչ խառնիր արյունդ։ Մի կերպ ռեխը կկապենք, կգնա։

ԱԴՐԵԱՍ. Իհարկե, պետք է ռեխը կապել։ Ես խոմ չիմ կարող նրա հետ դատարան գնալ։ Կգցի ինձ մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու ազատվիր…

ՎԱՐԴԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից։ Հագած է սև արխալուղ, դեղնագույն պիջակ արխալուղից կարճ, մեջքին արծաթյա գոտի։ Խոսում է շատ անփույթ, Շամախու բարբառով) Ան Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի։

ԱՆԴՐԵԱՍ. Խնդրի՛ր։ (Վարդանը հետ է գնում) Սաղաթել, դու անցկաց գրասենյակ, հետո կգաս։

ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է գրասենյակ, դռները ծածկելով

ԱՆԴՐԵԱՍ. (Նստում է իր բազկաթոռի վրա, ուշքը ժողովելով և դեմքին սիրալիր արտահայտություն տալով


ՏԵՍԻԼ 7


ԱԴՐԵԱՍ, ՕԹԱՐՅԱՆ, հետո ԲԱԳՐԱՏ, ավելի ուշ՝ ՍԱՂԱԹԵԼ


ՕԹԱՐՅԱՆ․ (Ներս է մտնում նախասենյակից, հանդարտ և քաղաքավարի գլուխ տալիս

ԱՆԴՐԵԱՍ. (Սիրալիր) Բարով, որդի։ Այդ ի՞նչ է, դու մեզ մոռացե՞լ ես։

ՕԹԱՐՅԱՆ. (Սեղմելով Անդրեասի ձեռը) Երեկ ձեր տանն էի։


ԱՆԴՐԵԱՍ. Հաա՞, բաս ինձ չեն ասել։ Նստի՛ր, այսօր մեզ մոտ ես ճաշում։ Մի քիչ խոսենք, հետո կանցնենք այն կողմ։ Գործ ճարեցի՞ր։

ՕԹԱՐՅԱՆ. (Նստում է Անդրեասի գրասեղանի քով, երեսը դեպի հասարակություն) Այո, մի քանի մասնավոր դասեր։

ԲԱԳՐԱՏ. (Գալիս է ձախ դռներից երկայն կոշիկներով և նավթի բծերով ծածկված պիջակով։ Նկատելով Օթարյանին, թեթև ցնցվում է, սառը գլուխ է տալիս, նստում է ձախ գրասեղանի քով և անմիջապես սկսում է գործով զբաղվել — չափում է կարկինով, գծագրում։ Միևնույն ժամանակ ուշադիր է դեպի խոսակցությունը

ԱՆԴՐԵԱՍ. Դասե՛ր։ Այնքան ուսում ստանալուց հետո վարժապետությո՞ւն ես անում։

ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ։

ԱՆԴՐԵԱՍ. Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ սարքենք մեր գործերում։ Հը՞մ, ի՞նչ կաես Բագրատ, երևի, քո գործարանում մի պաշտոն կլինի։ Իհարկե, հարմար պաշտոն…

ԲԱԳՐԱՏ. (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինիլ։

ՕԹԱՐՅԱՆ. Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունիմ։

ԱԴՐԵԱՍ. Ամո՞թ ես համարում:

ՕԹԱՐՅԱՆ. Ոչ, կարծում եմ, որ կարիք չեմ ունենալ ծառայելու։ Իսկ եթե ունենամ էլ, համենայն դեպս, ձեր որդուն չեմ ծառայիլ։

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ։

ԲԱԳՐԱՏ. (Կծու եղանակով, գործը չընդհատելով) Իդեալիստի ճերմակ փետուրները կարող են սևանալ բուրժուայի գործերում։

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Միայն այն դեպքում, երբ այդ գործերը մրոտ են։

ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչո՞ւ եք այդպես գրգռված խոսում երկու ընկեր։

ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Ընկեր, հը՜, ընկեր։ Ոչ հայրիկ, մեր մեջ ընկերական ոչինչ չկա։


ԱՆԴՐԵԱՍ. (Հանդիմանությամբ) Բագրա՜տ։

ԲԱԳՐԱՏ. (Մատիտն ու կարկինը ձգելով սեղանի վրա) Հայրիկ, ես կարծում եմ, որ ժամանակն է մեր հաշիվներն այդ պարոնի հետ պարզելու։ Նա ինչ-որ պահանջներ ունի քեզանից։

ԱՆԴՐԵԱՍ. (Խիստ) Այդ քո գործը չէ։ Դու բանիդ կաց։

ԲԱԳԲԱՏ. (Վեր կենալով) Ներիր, հայրիկ, ես չեմ կարող սառը վերաբերվել դեպի մի մարդ, որ ուզում է մեր անունը խայտառակել։ Այն էլ մի այնպիսի մարդ, որ դեռ չի դուրս եկել մեր փողերով գնված հագստից։

ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված վեր է կենում, բայց իսկույն ևեթ զսպում է իրան) Պարոն Անդրեաս, զսպեցեք ձեր որդուն։ Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ։

ԲԱԳՐԱՏ. Իսկ ես թույլ եմ տալիս ինձ պահանջել ձեզանից բացատրություն։ Հայրիկը կարող է ձեզ հետ վարվել ինչպես կամենում է։ Իսկ մեր մեջ պետք է ամեն բան պարզվի հենց այժմ։

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռված) Ասացի, որ այդ քո գործը չէ, մի խառնվիր։

ԲԱԳՐԱՏ. Բայց, հայրիկ, իմ ինքնասիրությունը վիրավորված է։ Ուստի թույլ տուր նրան մի քանի հարցեր աոաջարկել։ (Դառնում է Օթարյանին) Ես կկամենայի իմանալ, դուք բավարարվա՞ծ եք մեզանից, թե՞ ոչ։

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Այո՛։

ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է ձեզ խնամել և բարձր ուսում տվել:

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպված) Ձեր հայրը։

ԲԱԳՐԱՏ. Ո՞վ է տարիներ շարունակ պահպանել և կերակրել ձեր մորն ու քույրերին։

ՕԹԱՐՅԱՆ. Ձեր հայրը:

ԲԱԳՐԱՏ. Եվ այդ բոլորը խոստովանելուց հետո հանդգնում եք լինել երախտամո՞ռ։ Եվ այդ բոլորից հետո, դու, հայրիկ, պահանջում ես, որ ես սառը վերաբերվեմ այդ մարդուն։

ԱՆԴՐԵԱՍ. Ես ասում եմ, որ այդ քո գործը չէ։ Դու ոչինչ չես հասկանում։

ՕԹԱՐՅԱՆ. (Բագրատին) Լսեցե՛ք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի հաշվի նստելու, բայց, որովհետև ստիպում եք, կխոսեմ։ Այո, ես Էլիզբարյանների խնամքով մեծացած մարդ եմ։ Դուք ինը տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս։ Բայց ինչպես— այդ միայն ինձ է հայտնի։ Այն, ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու։ Դուք ձեր ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ…


ԱՆԴՐԵԱՍ. Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ էլ երեսովդ տված լինիմ։

ՕԹԱՐՅԱՆ. Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը։ Այո, իմ վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել։ Բայց այն, ինչ որ խոսքերով չեք արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչքունքով, շարժումներով։ Դուք ինձ ստորացրել եք իմ աչքում ամեն անգամ, խայթել եք իմ ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ…

ԲԱԳՐԱՏ. (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք միայն ձայն բարձրացնում։

ՕԹԱՐՅԱՆ. Ախ, լռել եմ, որովհետև խնայում էի մորս ու քույրերիս։ Գիտեի, որ եթե ձայն բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից։ Ես մտածում էի այսպես. «Կքաշեմ մի կերպ այս վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով»։ Մայրս էլ է լռել։ Բայց հարցրեք, ի՜նչ լռություն է եղել այդ։ (Անդրեասի կողմ) Ամսական քսանուհինգ ռուբլի տալով քսանուհինգ անգամ նախատել եք նրան։ «Շատ ես ծախսում, ապրիր ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջկերքդ աղախին մտնեն…»։

ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Տեր մեղա քեզ աստված։

ՕԹԱՐՅԱՆ. Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան աղքատանոց մտնել։ Ձեր խոսքերն ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը։ Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշել այդ օրը։ Եվ ինչո՞ւ, ո՞վ է եղել իմ մայրը։ Չէ՞ որ ձեր հավասար ընկերոջ այրին։ Մի կին, որ նույնչափ հարուստ է, որչափ դուք։ Երբ նա արտասուքը աչքերին պատմում էր իր կրած վշտերը, արյունս պաղեց երակներիս մեջ։ Ես անզորությունից սկսեցի մազերս փետտել, մատներս կրծոտել։ Ես վրիժառության միջոցներ էի փնտրում, չէի գտնում։ Եվ ահա այդ ժամանակ հենց մայրս ինքը հասավ ինձ օգնության…


ԱՆԴՐԵԱՍ. Եվ ասաց, որ ես կողոպտել եմ քո հորը, հա՛, հա՛, հա՛։

ԲԱԳՐԱՏ. Եվ զրպարտեց իր բարերարին սև ապերախտությամբ։

ՕԹԱՐՅԱՆ. (Ուշք չդարձնելով Բագրատի կողմ) Այո, պարոն։ Նա հաղորդեց ինձ իմ հոր վերջին խոսքերը. «Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց ընկերս։ Ահա քեզ այս թղթերը, կհանձնես որդուս, երբ ուսումը կավարտի»։

ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով) Թղթե՜ր, ի՞նչ թղթեր։

ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի ընկերական պայմանագրեր, որոնք պիտի ապացուցանեն, թե ձեր հարստության կեսն ինձ է պատկանում։ Դուք օգտվելով իմ հոր ծանր և երկարատև հիվանդությունից, խաբել եք նրան օր-օրի վրա և ձեր անունով վերածել բոլորը, ինչ որ եղել է ընկերական։

ԱՆԴՐԵԱՍ. (Վրդովվելով) Այդ սուտ է։ Ես ինչ որ ունիմ, օրենրքով և նոտարական դոկումենտներով է հաստատված ինձ վրա։

ՕԹԱՐՅԱՆ. Այո, բայց առանց մի կոպեկ վճարելու։ Դուք կարողացել եք խաբել նույնիսկ օրենքները։ Ահա հենց այս բանը պիտի ապացուցանեն իմ հոր թղթերը։

ԲԱԳՐԱՏ. (Կատաղի) Դո՛ւրս այստեղից, ստախոս։

ՕԹԱՐՅԱՆ. (Հպարտ և կատաղի) Պարո՛ն, խնայեցեք ձեր հորը…

ԱՆԴՐԵԱՍ. (Ձեռն ուժգին զարկելով սեղանին, ոտքի է կանգնում) Լռի՛ր, ասում եմ, դու ինձ կատաղեցնում ես։

ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում)։

ԲԱԳՐԱՏ. Բայց նա քեզ անպատվեց։ Նա քեզ կողոպտիչ անվանեց։


ԱՆԴՐԵԱՍ. (Զսպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը։ Երեխա է, ոչինչ չի հասկանում, տաքանում է։ (Դառնում է Օթարյանին)։ Որդի, այդ բոլորը, ինչ որ ասացիր, դատարկ բաներ են։ Ես քեզ ներում եմ հոր պես։ Խոսենք չափահասների նման։ Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես ուզում, բայց չունիս։ էհ, մտածել ես մտածել ու այդ բանը հնարել…

ՕԹԱՐՅԱՆ. (Վրդովման նշան է անում

ԱՆԴՐԵԱՍ. Մի՛ տաքանար, որդի, խոսենք հանդարտ։ Էհ, ինչ արած, շատ եմ օգնել հորդ հիշատակի համար, էլի կօգնեմ։ Արի ստացիր ինձանից մի քանի հազար ռուբլի, թուղթ տուր, որ ինձանից պահանջ չունիս և ինձ էլ ու քեզ էլ ազատիր գլխացավից։

ԲԱԳՐԱՏ. (Դրականապես) Երբե՛ք։ Ես թույլ չեմ տա մի կոպեկ անգամ տալ նրան։

ԱՆԴՐԵԱՍ. Մեղա քեզ, տեր աստված. վերջապես, ձայնդ կտրելո՞ւ ես, թե՞ չէ։

ՍԱՂԱԹԵԼ. (Մի կողմից կամացուկ Բագրատին) Թող տա, դու չես հասկանում։

ԲԱԳՐԱՏ. (Չլսելով Սաղաթելին) Այդ անկարելի է։ Փող առաջարկել այդ մարդուն, կնշանակե վախենալ նրանից։ Թող դիմի դատարան, ես ինքս քեզ կպաշտպանեմ նրա զրպարտության դեմ, որովհետև համոզված եմ, որ նա քեզ զրպարտում է։

ՕԹԱՐՅԱՆ. Զգուշացեք, պարոն, այդ խոսքերը կարող են թանկ նստել ձեզ։

ԲԱԳՐԱՏ. Ա՜ա, թողեք այդ ֆրազները։ Ես ձեր բարոյական ուժը լավ եմ ճանաչում և զուր չեմ միշտ ձեզ արհամարհել։ Սակայն ինչու ավելորդ խոսքեր շռայլել, ահա կարճ կտրական իմ խոսքը. արեք, ինչ որ կարող եք, ես ձեր հակառակորդն եմ։ (Շտապով իր գրասեղանից վերցնում է մի քանի թղթեր)։ Քեռի, ես գնում եմ գործարան։ Պատվիրիր Զեյլմանին, որ խողովակները շուտով ուղարկի։ Հայրիկ, ինձ ճաշի չսպասեք։ (Արագությամբ հեռանում է նախասենյակի դռներով, ձգելով Օթարյանի վրա մի արհամարհական հայացք

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Աֆարիմ տղա, կրակի կտոր է։


ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ. առանց ԲԱԳՐԱՏԻ. հետո ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, որդի, էլի մենք, հին մարդիկս ավելի բարի ենք, քան դուք, նորերդ։ Արի, քարը փեշիցդ թափի, ստացիր երեք հազար ռուբլի, հաշտվենք։


ՕԹԱՐՅԱՆ. Էլ ուրիշ ասելիք չունի՞ք։

ԱՆԴՐԵԱՍ. Ուրեմն համաձա՞յն ես (Տալով Սաղաթելին սնդուկի բանալին)։ Սաղաթել, տուր ինձ չեկի տետրակը։ Իսկ դու նստիր և մի թուղթ գրիր, որ ոչինչ պահանջ չունիս։

ՍԱՂԱԹԵԼ. (Բանալին առնելով, մոտենում է սնդուկին

ՕԹԱՐՅԱՆ. Մնաք բարո՜վ։

ՍԱՂԱԹԵԼ. (Կանգ է առնում

ԱՆԴՐԵԱՍ. Ո՞ւր։ Սպասի՛ր։ Հաշիվը — հաշիվ, բարեկամությունը –բարեկամություն։ Դու մեզ մոտ պիտի ճաշես։

ՕԹԱՐՅԱՆ. Մնացե՛ք բարով։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից տնային համեստ հագուստով։ Օթարյանին) Մայրիկը ձեզ հրավիրում է ճաշի։

ՕԹԱՐՅԱՆ. (Քայլերն ուղղել է դեպի նախասենյակ, կանգ է առնում

ԱՆԴՐԵԱՍ. Տեսնում ես, քեզ ինչպես են սիրում այս տանը։ Իսկ դու ուզում ես երես դարձնել մեզանից։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է Օթարյանին) Երես դարձնել մեզանի՞ց. ինչո՞ւ։

ԱՆԴՐԵԱՍ. Ով գիտե, ինչ որ հակառակ քամի է փչել։ Բայց դու նրան խելքի կբերես։ Սաղաթել, մենք գնանք, Մարգարիտը, երևի, նրան կամաչացնի։ (Օթարյանին) Դե, որդի, շատ սպասեցնել չտաս մեզ։ (Գնում է Սաղաթելի հետ ձախ դռներով

ՏԵՍԻԼ 9

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՎ ՕԹԱՐՅԱՆ

ՄԱՐԳԱՐԻՏ. Այդ ի՞նչ է նշանակում։ (Բռնում է նրա ձեռը ջերմագին) Ինչու՞ այդպես այլայլված ես։


ՕԹԱՐՅԱՆ. Ոչինչ, դատարկ բան է։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում։ Ի՞նչ են նշանակում հայրիկի խոսքերը. «Դու ուզում ես մեզանից երես դարձնել»։ Ասա՛, ես համբերություն չունիմ։

ՕԹԱՐՅԱՆ. Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտացած, բաց է թողնում նրա ձեռք) Շատ գեղեցիկ, չեմ հարցնիլ։ Եթե կամենաս, ես քեզ չեմ էլ պահիլ, քանի որ քեզ համար ձանձրալի է մնալ։

ՕԹԱՐՅԱՆ. Ախ, Մարգարիտ, թո՛ղ երեխայական ձևերը, դու նման չես ուրիշ կանանց։

ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ. ո՞ւր են քո խոսքերը, թե միմյանց սիրող անձանց մեջ չպիտի լինի ոչ մի գաղտնիք։ Այդպե՞ս ես կատարում երդումդ։

ՕԹԱՐՅԱՆ. (Շփոթված) Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս։ Քո սիրտը դեռ մանուկ է։ (Նորից բռնում է նրա ձեռք և ջերմ սեղմում

ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ ես կարծում էի, թե չկա գործ, որ քեզ վերաբերվի և ինձ ոչ։ (Ձեռը խլելով) Թո՛ղ ինձ, դու ինձ վիրավորում ես։ (Երեսը դարձնում է) Դա անգութություն է սիրող կնոջ վերաբերմամբ։

ՕԹԱՐՅԱՆ. Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Վիրավորված ինքնասիրությունը։ Ո՞ւմ ինքնասիրությունն է վիրավորվել։ Քո՞նը։ Ո՞վ է վիրավորել։ Հա՞յրս, թե՞ եղբայրս։ (Դադար) Բայց դու լռո՞ւմ ես։ Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ։ Բավական է, մի՛ փորձիր համբերությունս։ Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես։ Ասա պարզ և աներկյուղ, ի՞նչ է պատահել։ Աա, հասկանում եմ։ Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես նրա համաձայնությունը։ Մերժել է… Բայց ոչ, ի՛նչ եմ ասում։ Հայրիկը սիրալիր էր դեպի քեզ։ Վերջապես, նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում եմ քեզ և իմ գլխի տերը միմիայն ես եմ։ (Դադար) Սպասի՛ր, իմ մեջ ծագեց ուրիշ կասկած։ Դու նրա հետ խոսել ես իմ… Բայց ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ անվայել սակարկության։ Վերջապես. ասելո՞ւ ես, թև ոչ։

ՕԹԱՐՅԱՆ. Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա. Մարգարիտ։ Կրկնում եմ, կան բաներ, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս։


ՄԱՐԳԱՐԻՏ. (Եռանդով) Ոչ, ասում եմ։ Մազի չափ գաղտնիք չպիտի ունենաս ինձանից։ Կամենում ես, այս պայմանով սիրիր ինձ, ոչ — կարող ես հեռանալ։ Ուրիշ տեսակի փոխադարձ սեր ես չեմ ընդունում։

ՕԹԱՐՅԱն. (Մի վճռական շարժում անելով) Ահ, թող լինի, ինչ որ լինելու է։ Միևնույնն է, անհնարին է քեզանից թաքցնել։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գրեթե շնչասպառ) Հապա՞, հապա։

ՕԹԱՐՅԱՆ. Ասա ինձ, Մարգարիտ, սիրո՞ւմ ես հորդ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ե՞ս, իմ հո՞րը։ (Դրական և ջերմագին) Այո՛։

ՕԹԱՐՅԱՆ. Ոչ միայն իբրև զավակ, ոչ միայն արյունակցի սիրով, այլև գիտակցորեն։

ՄԱՐԳԱՐԻՏ. Չեմ հասկանում միտքդ։

ՕԹԱՐՅԱՆ. Ուզում եմ ասել, հարգո՞ւմ ես նրան ինչպես մարդու։

ՄԱՐԳԱՐԻՏ. Անտարակույս։ Չէ՞ որ իմ հայրն էլ մի մարդ է։

ՕԹԱՐՅԱՆ. Եվ ազնիվ մարդ, այնպես չէ՞։

ՄԱՐԳԱՐԻՏ. Անկասկած։ Իմ հայրն անազնիվ չէ։

ՕԹԱՐՅԱՆ. Համոզմունքով ես ասում այդ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Խորին համոզմունքով։ Գոնե ինձ մինչև օրս հայտնի չէ նրա որևէ անազնիվ արարքը։ Հարգում եմ ինչպես մի աշխատասեր և խելոք մարդու, որ երկար տարիների տառապանքով ապահովել է իր զավակների կրթությունը։ Նա ինքը տգետ լինելով, իր զավակների կրթության համար ոչինչ չի խնայել։ (Դադար) Բայց ինչո՞ւ ես կասկածանքով նայում ինձ, միթե չե՞ս հավատում իմ անկեղծությանը։

 

ՕԹԱՐՅԱՆ. Եվ ո՞չ մի թերություն չես գտնում հորդ մեջ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ չէ։ Նա փողասեր է, իր հաշիվների մեջ խիստ է, մտածում է միմիայն իր գործերի մասին։ Բայց չէ՞ որ նրա շրջանի մարդիկ բոլորն էլ այդպես են։ Համարել նրան անազնիվ, ոչ, անկարելի է։

ՕԹԱՐՅԱՆ. (Դադար) Ի՞նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ նա անազնիվ է։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դառնագին և զայրացած) Արտաշե՜ս…

ՕԹԱՐՅԱՆ. (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Արտաշե՛ս, մտածի՛ր, ինչ ես ասում։

ՕԹԱՐՅԱՆ. Ասում եմ այն, ինչ որ գիտեմ։ Քո հոր անցյալում կա մի սոսկալի հանցանք։

ՄԱՐԳԱՐԻՏ. Եվ ի՞նչ է այդ հանցանքը։

ՕԹԱՐՅԱՆ. (Ջերմ շեշտով) Մի անողորմ զրկողություն։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ցավելով) Ո՞ւմ է զրկել նա։

ՕԹԱՐՅԱՆ. Մի անտեր և անօգնական մնացած ընտանիք։ Իր հավատարիմ ընկերոջ որբ զավակներին։

ՄԱՐԳԱՐԻՏ. Քե՞զ։

ՕԹԱՐՅԱՆ. Ինձ, մորս և քույրերիս…

ՄԱՐԳԱՐԻՏ. Ա՜հ… (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը ծածկելով)։

Երկարատև լռություն։

 
ՕԹԱՐՅԱՆ. Դու ինքդ կամեցար իմանալ ճշմարտությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուշքը ժողովելով, ոտքի է կանգնում) Ապացուցիր ասածդ։ Լսո՞ւմ ես, ապա թե ոչ, դու չես կարող զրպարտել քո բարերարին։ Դու նրան սիրում էիր և հարգում։ Անշուշտ այստեղ մի թյուրիմացություն կա։ Դու պետք է բացատրես բոլորը։ Միևնույնն է։ Թող նա լինի իմ պաշտելի ծնողը, իսկ դու իմ երջանկությունը — երկուսիցդ ավելի ինձ համար թանկ է ճշմարտությունը։

ԶԱՐՈԻՀԻ. (Երևում է ձախ դռների մեջ) Ձեզ ճաշի են սպասում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկույն։

ԶԱՐՈՒՀԻ. (Գնում է հետ):


ՕԹԱՐՅԱՆ. Համաձայնվիր, որ այլևս իրավունք չունիմ այս տունն այցելելու։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ընդհակառակը, պետք է այցելես։ Դու իմ սերը թունավորեցիր, դու էլ պարտավոր ես բժշկել այն։ Այժմ կարող ես հեռանալ, բայց վաղը դու կտաս ինձ բացատրություն։

ՕԹԱՐՅԱՆ. (Գլուխ է տալիս և արագ քայլերով գնում է նախասենյակ)։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Թույլ քայլերով գնում է դեպի ձախ և, կանգ առնելով, հենվում է դռներին)։


Վարագույրն իջնում է հանդարտ


ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Էլիզբարյանների մեծ հյուրասենյակը, կահավորված շատ հարուստ, բայց առանց որոշ ճաշակի։ Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից խորքինը տանում է դեպի նախասենյակ, ավանսցենայի կողմինը՝ դեպի Անդրեասի սենյակը։ Երկու դռների միջև գահավորակ, շուրջը բազկաթոռներ, առջևը կլոր սեղան մետաքսյա սփռոցով ծածկված։ Վրան ճյուղավոր էլեկտրական լամպար։

Խորքում ևս երկու դռներ, որոնցից աջ կողմինը տանում է սեղանատուն, ձախ կողմինը — օրիորդների սենյակները։ Ձախ պատի մեջ միայն մի դուռ, որ տանում է Բագրատի և Սուրենի սենյակները։ Այս պատի առջև, դեպի բեմի խորքը գահավորակ, առջևը նույնպես կլոր սեղան, շուրջը կիսաբազկաթոռներ։ Սեղանի վրա ալբոմ և գեղեցիկ իրեր։ Գահավորակի հետևում, պատի վրա հայելի ապակյա շրջանակով։ Նույն պատի առջև դեպի ավանսցենա — դաշնամուր։ Ոսկեզօծ աթոռներ, թանկագին թավշյա նստարաններ, բազմոցներ, վազաներ, կիսարձաններ, տրոպիկական բույսեր և այլն։

Հատակը ծայրեիծայր ծածկված է գորգերով։ Դռները վարագուրված են ուրախ գույնի վարագույրներով։ Առաստաղից քաշ է արած մի մեծ էլեկտրական ջահ շատ ճյուղերով։

Կեսօր է։ Սեղանատան դռները բաց են։ Այնտեղ երևում է Զարուհին, որ սփռոց է ցցում ճաշի սեղանի վրա և ապա սկսում է նախաճաշ պատրաստել։

Վարագույրը բարձրանալուց մի քանի վայրկյան անցած՝ սեղանատնից լսվում է պատի ժամացույցի տասներկու զարկը։ Նախասենյակի դռներից մտնում է Վարդանը կարմիր չերքեզիով, գլխին մեծ սպիտակ մորթե գդակ։ Նա բեռնավորված է զանազան թղթե կապոցներով և ձեռքին զգուշությամբ բռնած մի ահագին թղթարկղ, մեջը կանացի գլխարկ։


ՏԵՍԻԼ 1

ՎԱՐԴԱՆ և ԶԱՐՈԻՀԻ

ՎԱՐԴԱՆ. Ո՜ւֆ աստված վկա, հոգիս բողազս եկավ։ Իլիգս կոտրվեց։ (Սկսում է մեկ-մեկ կապոցները ձգել հատակի վրա։ Թղթարկղը ձեռքից բաց չի թողնում։ Երեսի քրտինքը սրբում է չերքեզկու փեշով և այդ միջոցին գդակը գցում է հատակի վրա)։


ԶԱՐՈԻՀԻ. (Ներս է մտնում սեղանատնից, սուրճի գավաթն անձեռոցիկով սրբելով) Հը՜մ, եկար։ Բա-բա-բա, այդ ի՞նչ շատ բաներ ես բերել։

ՎԱՐԴԱՆ. Աշի, աս անտեր չեարքյազին ուսերիս ա քաշիլ տվալ, աս լյազգիի փափաղն ալ գլխիս տիրալ, նստացուրալ ա կոզլի վերա ղազախի պես, քշի հա քշի։ Ալ մաղազին չը մնաց չըմտանք, ալ պեան չմնաց — չառնի։ Իստեղ միտիկ արա ա, կասես քի յարմուկա յանք սարքիլու։

ԶԱՐՈԻՀԻ. (Հետաքրքրված գավաթն ու անձեռոցիկը դրել է ոսկեզօծ աթոռներից մեկի վրա և կապոցները տնտղում է) Դերիացու, էլի դերիացու, կռուժովներ, էլի կռուժովներ, զոնթիկ, վեյեր, շալ, պերչաթկաներ, մի դյուժին։ Հապա տեսնեմ ինչպիսի գլխարկ է։

ՎԱՐԴԱՆ. (Թղթարկղը հեռու պահելով) Հե, հե, հեռի կաննիր, ասալ ա իսկի մարդի ցույց չտաս։ Բերանիդ ջուրը քի քինյա։ Հեարյաս ինքն ա՛լ կյամ ա։

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ՌՈԶԱԼԻԱ

ՌՈԶԱԼԻԱ. (Ներս է մտնում նախասենյակից գլխարկով և վերարկուով) O, mon Dieu, հոգնեցի։ Ման եկա, ման եկա, հազիվ կարողացա իմ ճաշակով մի քանի բաներ գտնել։ Այն օրից, որ Պարիզը տեսել եմ, էլ այստեղ ոչ մի բան չեմ հավանում։ (Վարդանին) Հիմա՛ր, ինչո՞ւ ես հատակի վրա գցել։ (Զարուհուն) Վերցրու, տար իմ սենյակը։ Գլխարկը թող այստեղ։ (Առնում է Վարդանից թղթարկղը և դնում սեղանի վրա)։


ԶԱՐՈԻՀԻ. (Վարդանի օգնությամբ կապոցները տանում է խորքի ձախ դռներով և իսկույն վերադառնում են)։

ՌՈԶԱԼԻԱ. (Մոտենում է հայելուն և հրճվանքով նայում իրան։ Հետո վերցնում է իր գլխարկը և դնում սեղանի վրա)։


ԶԱՐՈԻՀԻ․ Սպասում են հրամանի։
ՌՈԶԱԼԻԱ.


ՌՈԶԱԼԻԱ․ (Բաց է անում թղթարկղը, դուրս է բերում ահագին կարմիր փետուրով մի սպիտակ գլխարկ և հիացած նայում)։ Հապա մեկ էլ տեսնեմ լավ է սազում։ (Դնում է գլխին և նայում նայելուն)։ Հըմ, օրորիոդ Իլդարյանն ուզում էր ինձ հավատացնել, որ մոդելը միայն իր համար է բերված։ Կարծեմ, վատ չէ, աա՞, Զարուհի։


ԶԱՐՈԻՀԻ. Ույ, օրիորդ, ինչպե՜ս է սազում, իեչպե՜ս։

ՎԱՐԴԱՆ. Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար։

ԶԱՐՈՒՀԻ. Ով գիտե, քսան մանեթ եք տվել…

ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով) Ֆիդո՜ն, հիմա ամեն մի մակլերի աղջիկ էլ քսան մանեթանոց գլխարկ է հագնում։ Պարիզից է բերել տված, արժե իննսուն ռուբլի։

ՎԱՐԴԱՆ. Իննսուն մանեթ… Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն մանեթով Շամախիում մի տուֆ կարելի ա շինել… Հալա կտուրն ալ դրած…

ՌՈԶԱԼԻԱ. (Առանց նրան նայելու) Դու դեռ այոտե՞ղ ես։

ՎԱՐԴԱՆ. Հրամանիդ ամ սպասըմ։ Ա՛լ պյան չե՞ս ասիլու։

ՌՈԶԱԼԻԱ. (Երեսը դարձնելով նրա կողմը) «Չես» ասիլու։ «Չե՞ս»-ը որն է, ես քո՞ւյրդ եմ, թե ընկերդ։

ՎԱՐԴԱՆ. Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք։


ՌՈԶԱԼԻԱ. Հիմա էլ «մենք»։ Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական եղանակով են խոսում, ուրիշներին «դու», իսկ իրենց մասին — «մենք»։ Գնա՛։ Իվանին ասա, որ կառքն, ինձ հարկավոր չէ։ (Վարդանը շփոթված հեռանում է նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա։ Զարուհուն) Ո՞վ կա տանը։ (Նոր գլխարկը դնում է թղթարկղի մեջ)։

ԶԱՐՈԻՀԻ. Տիրուհին և օրիորդը։

ՌՈԶԱԼԻԱ. Կանչիր այստեղ Րիտային։ Տար այս գլխարկը սենյակս։

ԶԱՐՈՒՀԻ. (Վերցնում է թղթարկղը և գնում օրիորդների սենյակները):

ՌՈԶԱԼԻԱ. (Հանում է վերարկուն, ձգում բազկաթոռներից մեկի վրա, նորից մոտենում է հայելուն և մազերն ուղղում):

ՎԱՐԴԱՆ. (Հետ է գալիս նախասենյակից և հատակի վրա որոնում է գդակը)։ Աշի՛։ Հինչ տեղ կորավ անտե՞րը։

ՌՈԶԱԼԻԱ. Այդ ի՞նչ ես փնտրում։

ԶԱՐՈԻՀԻ. (Վերադառնում է, վերցնում է Ռոզալիայի հին գլխարկն ու վերարկուն և տանում նախասենյակ)։

ՎԱՐԴԱՆ. Շուլլահիս։ Չամ իմանըմ հինչ տեղ թողի։ (Գտնում է)։ Հա, հեարեաս։ (Վերցնում է)։ Այ, քո տիրոջ վիզը կոտրվի հաա։ (Ձեռքով զարկում է գդակին)։

ՌՈԶԱԼԻԱ. (Կատաղած)։ Ի՞նչ ես անում, վայրենի։ Դո՛ւրս եկ, անկիրթ հայ։

ՎԱՐԴԱՆ. (Մեկուսի) Աշի՛, դրանց ղուլլուղ անիլը թամամ խաթաբալա յա քի… (Գնում է նախասենյակ)։

ԶԱՐՈԻՀԻ. (Վերադառնում է նախասենյակից)։

ՌՈՋԱԼԻԱ. Արի ու այդ տեսակ արջերից մարդ պատրաստիր։ Իսկ ես դեռ ուզում եմ կաբրիոլետիս համար նրան ցիլինդր ու ֆրակ հագցնել։ Լավ գռում կլինի, ինչ ասել կուզի։ Չէ, պետք է այլազգի վարձել։

ԶԱՐՈԻՀԻ. (Վերցնում է սրճի գավաթն ու անձեռոցիկը և անցնում է սեղանատուն)։

ՏԵՍԻԼ 3

ՌՈԶԱԼԻԱ և ՄԱՐԳԱՐԻՏ

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ներս է մտնում հագնված համեստ, բայց ավելի լավ, քան առաջին արարվածում։ Ձեռքին պահած է մի անկազմ գիրք։ Չի կարդում)։


ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրելով) Իսկ և իսկ Մարգարիտտա — Ֆաուսո օպերայից, գրքույկը ձեռքումդ, համեստ, ամոթխած, պակասում է ճախարակը։ Երանի գիտենայի, ինչ ես գտնում ընթերցանության մեջ։ (Ձգվում է գահավորակի վրա)։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ո՞րտեղ էիր։ (Գիրքը դնում է ձախ կողմի սեղանի վրա և նստում)։

ՌՈԶԱԼԻԱ․ Օհ, էլ մի հարցնի, հոգնեցի։ Գլխարկս, վերջապես, ստացա։ Հետո կտեսնես, ինչ հիանալի բան է։ Այսօր ծախսեցի մոտ 300 ռուբլի։ Հայրիկը բարկանալու է, բայց ինչ արած, բոլորը հարկավոր բաներ են։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ռոզալիա, մինչև ե՛րբ պիտի այդպես անհաշիվ շռայլես։

ՌՈԶԱԼԻԱ․ Օհո, դու ինձ հանդիմանո՞ւմ ես։

ՄԱՐԳԱՐԻՏ. Եթե կամենաս — այո, քո շռայլությունն արժանի է հանդիմանության։

ՌՈԶԱԼԻԱ․ (Հեգնաբար) Մի՜թե, այ այ այ։ Եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ կարող ես շռայլել։ Ի՛նչն է քեզ խանգարում։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Երևի, կա մի բան, որ խանգարում է։

ՌՈԶԱԼԻԱ․ Օհո, այսօր դու բավական հետաքրքրական ես։ Ապա, բարեհաճիր ասել, տեսնենք, էլի ի՞նչ է պատահել։ Դեմքդ շատ խորհրդավոր է։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ռոզալիա, հասկացիր, վերջապես, ինչ է կատարվում այս տանը։ Չի կարելի հանգիստ հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է մի մեծ մեղադրանք։ (Վեր է կենում)։

ՌՈԶԱԼԻԱ. (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՛վ է այդ մեղադրանք դնողը։ Ո՞վ։ Քո Արտաշես Օթարյա՞նը։ Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա...


ՌՈԶԱԼԻԱ. Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ։ Քեզանից աոաջ ես եմ ճանաչել նրան։ Ես ատում եմ այդ մարդուն։ Ատում եմ հոգուս բոլոր ուժով։ Նա ապերախտ է, ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր ծոցում։ Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս նրան ցույց չի տվել մեր տան դռները։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հառաչելով) Ով գիտե, գուցե այդ այնքան էլ հեշտ չէ։

ՌՈԶԱԼԻԱ. (Կանգ առնելով և խիստ) Րիտա, դու չափից անցնում ես։ Դու պետք է շատ անպիտան աղջիկ լինիս, որ հավատաս հարազատ ծնողիդ զրպարտողին։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում չհավատալ, բայց…

ՌՈԶԱԼԻԱ, (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ ուշադրությունից, այնպես չէ՞։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ի՞նչ ես ուզում ասել։ Որ սիրո՞ւմ եմ Օթարյանին։ Այո, սիրում եմ և շատ եմ սիրում, թող այս հայտնի լինի քեզ և ամենքին։ (Անցուդարձ է անում)։

ՌՈԶԱԼԻԱ. (Ծաղրաբար, ատելությամբ ու նախանձով) Ինչ քա՜ջն ես, իսկ և իսկ հերոսուհի։ Ասենք, ես վաղուց գիտեի այդ։ Բայց չէի երևակայում, թե սերդ այնքան թունդ է, որ պատրաստ ես հորդ պատիվն անգամ զոհել նրան։

ՄԱՐԳԱՐԻՏ. Միայն այն դեպքում, եթե այդ պատիվը մաքուր չէ։

ՌՈԶԱԼԻԱ. Ի՞նչ ես ուզում ասել։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Այն, որ ես մի րոպե անգամ չէի տատանվիլ երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա դատն արդար չէ։ Այն, որ ես կսկսեի աստծու պես պաշտիլ հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի առաջ։ (Ընկճվելով, դառն ու մռայլ ձայնով)։ Հայրիկը մինչև օրս դեռ չի կարողացել հերքել Արտաշեսի պահանջը փաստերով։ Մեր գերդաստանի գլխին կանգնած է մի սոսկալի հանցանք։ Նա ճնշում է իր հոգին արճիճի պես։ Ես չգիտեմ գլուխս ամոթից ուր թաքցնեմ։ (Նստում է բազկաթոռներից մեկի վրա և գլուխը դնում սեղանի վրա)։

ՌՈԶԱԼԻԱ․ (Տակավին ծաղրաբար) Իհարկե, բացի քեզանից ո՞վ ունի պատվի մասին հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն։ Մենք ամենքս թեթևամիտներ ենք։ (Լուրջ)։ Երկուսից մեկը, կամ դու խելագարվել ես, կամ այդ մարդը մի հասարակ ինտրիգան չէ, այլ խարդախ դև։ Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել քո այժմյան տրամադրությունը։ (Թեթև, լռությունից հետո, մոտենում է) Լսի՛ր Րիտա, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պարտավոր եմ սիրել ու պաշտպանել նրան, թեկուզ նա վերջին տեսակի ավազակ լինի։ Եվ ահա իմ ասելիքը.— թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարի իմ հոր մասին, իսկ ես կաշխատեմ խայտառակությամբ դուրս վռնդել նրան մեր տնից։ Հասկացա՞ր։ Դու կարող ես կատաղել իմ դեմ, թշնամանալ ինձ, բայց այդ ոչինչ նշանակություն չի ունենա ինձ համար։ (Հեռանում է)։


ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, թող ով ինչ ուզում է անի, ինձ համար միևնույնն է։ Ես կլսեմ միայն իմ խղճի ձայնին։ Ես կարծում եմ, որ չի կարող լինել ոչ որդիական և ոչ մի ուրիշ սեր՝ ստի և խաբեբայության մեջ։

ԶԱՐՈԻՀԻ. (Սեղանատան դռներից) Նախաճաշը պատրաստ է։

ՌՈԶԱԼԻԱ. Գնանք։ Հայրիկն իսկույն կգա։ Դու պարտավոր ես քո հիմարությունները թաքցնել նրանից։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ախորժակ չունեմ։

ՌՈԶԱԼԻԱ. (Ատելությամբ լի մի հայացք ձգելով Մարգարիտի վրա, անցնում է սեղանատուն)։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մնում է բեմի ձախ կողմում մտածմունքների մեջ)։


ՏԵՍԻԼ 4

ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹԵԼ

Վերջին երեքը ներս են մանում նախասենյակից։

ԱՆԴՐԵԱՍ․ Մի հակառակիր ինձ։ Ինչպես ասում եմ, այնպես էլ պետք է լինի։ Կրակը յուղով չեն հանգցնիլ։

ԲԱԳՐԱՏ. Եթե միայն կրակ է։ Դատը մենք կտանենք, քանի որ նա փաստեր չունի։ Թող պահանջի օրենքով։ Երբ քաղաքացիական դատը կվերջացնենք, մեր կողմից կսկսենք նրա դեմ քրեական դատ։ Այս անհրաժեշտ է քո, իմ և մեր ամբողջ գերդաստանի պատվի համար։


ԱՆԴՐԵԱՍ. Որ վզովս թոկ գցես, նրա հետ դատի չեմ դուրս գալ։

ԲԱԳՐԱՏ. Հայր, մանուկ հասակիցս քեզանից անդադար լսել եմ, որ քո հարստությունը վաստակել ես արդար քրտինքով։

ԱՆԴՐԵԱՍ. (Գրգռվելով) Ասել եմ, ասել եմ, էլի եմ ասում, բայց դու քիչ կրկնիր։ Այդ տղան ինձ զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել։

ԲԱԳՐԱՏ. Չեմ հասկանում, բոլորովին չեմ հասկանում։

ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնա, գրասենյակից մի մարդ ուղարկիր, որ շուտով նրան կանչեն այստեղ։

ՍԱՂԱԹԵԼ. (Գնում է նախասենյակի դռներով

ԱՆԴՐԵԱՍ. (Նոր միայն նկատում է Մարգարտին, որ ամբողջ ժամանակ, կանգնած ձախ պատի տակ, ուշադիր դիտում է հորը)։ Աա, դու ակա՞նջ էիր դնում. Տեր աստված, տեր աստված, մի րոպե հանգստություն չունիմ։ Կարծես, ամենքն երդվել են ինձ խելքից հանել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ներիր, հայրիկ, ես հեռանում եմ։

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, դու էլ մի նեղանար։ Ես մեղավոր չեմ. եղբայրդ է ինձ կատաղեցնում։ Բայց ոչ, դու էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու ատում ես ինձ։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Անչափ վշտացած) Հայրի՜կ…


ԵՐԱՆՈԻՀԻ. Երևում են սեղանատան դռների մեջ։
ՌՈԶԱԼԻԱ.


ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱՂԱԹԵԼԻ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՌՈԶԱԼԻԱ

ԱՆԴՐԵԱՍ. Կորի՛ր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար։ Ես այս տանն օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա։ Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ ոչինչ…

ՌՈԶԱԼԻԱ. Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու։ (Առաջ է գալիս):


ԱՆԴՐԵԱՍ. Աա, եկան, հավաքվեցին։ Գնա՛, քեզ էլ եմ ճանաչում։ Դու այն ժամանակ ես մտածում իմ մասին, երբ հարկավոր է պարտքերդ վճարել մագազիններին։ Դուք ինձ կերաք, քանդեցիք։ (Հետզհետե ավելի ու ավելի գրգռվելով)։ Ես ոչ ոքի համար մարդ չեմ, ոչ ուրիշների, ոչ իմ տնեցիների։ Ամենքն ինձ համարում են ոսկու տոպրակ, ուրիշ ոչինչ։ Հարգում են երեսանց, իսկ հետևիցս չարախոսում են։ Երբ կարիք ունին, վազում են գլխիս, երբ չունին — ես չկամ նրանց համար։

ԲԱԳՐԱՏ. Պետք է խոստովանել, որ այդ մասամբ ճիշտ է։

ԱՆԴՐԵԱՍ. Ճիշտ է, բաս չէ։ Հե, ես հիմար չեմ, ճանաչում եմ մարդկանց հոգին։ Ամենքն իրանց գլխի մասին են մտածում։ Հենց մեկը դու ինքդ։ Սուտ է, դու էլ ինձ չես սիրում, դու էլ ինձ փողի համար ես պատվում։ Այո, այո, ես մարդ չեմ քեզ համար, այլ փողի սնդուկ։ Բայց երկար խաբել չես կարող։ Էլ ոչ մի կոպեկ չեմ տալու։

ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, հանգստացի՛ր։

ԱՆԴՐԵԱՍ. Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա։ Ի՞նձ ինչ։ Ես իմ հորից փող ստացե՞լ եմ, որ դու ինձ պլոկում ես, աա՞։ Թուք ու մուրով, զրկանքներով, քաղցած փորով եմ ես մարդ դարձել։ Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր. այն ժամանակ կասեմ խելոք ես։ Ամենքդ գնացեք, ձեր աշխատանքով ապրեցեք։ Այստեղ մտիկ արեք, տեսեք ինչ տուն ու տեղ են սարքել։ Ինչի՞ս է հարկավոր այս ոսկեզօծ կահկարասին։ Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան։ Հե, մի նախկին գյադա, պանիր ու հացով ապրած լակոտ։ Ինչո՞ւ եք ինձ քանդում։ Դուք եք մեղավոր, որ Օթարյանը կպել է յախիցս։ Այո, այո, դո՛ւք։ Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք անում իմ հարստությունը, ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել։ Դուք ինձ համար թշնամիներ եք ստեղծում…

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հանդարտ լալիս է

ԱՆԴՐԵԱՍ. Լա՛ց, էլի արտասուք։ Հոգիս բերանս բերիք, խեղդեցիք, սպանեցիք։ Հերի՛ք է, հեռացիր, ես ատելով ատում եմ արտասուքը։ Անդրեաս Էլիզբարեվի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղեք։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Բարձր ձայնով հեկեկալով, անցնում է իր սենյակը


ԵՐԱՆՈԻՀԻ. Ինչպես սիրտ արիր նրան վիրավորելու։ Նա աստծու գառն է։

ԱՆԴՐԵԱԱ. Աստծու գա՛ռը, հորդ պես։ Ես ատելով ատում եմ աստծու գառներին։ Տվեք ինձ սադայելին. ես նրա հետ ավելի հեշտությամբ կհաշտվիմ, քան աստծու գառների հետ։ Գնացե՛ք, ի՞նչ եք ագռավների պես գլխիս հավաքվել, ինձ խոմ չեք թաղում, ինձ ուզում են միայն կողոպտել, տկլորել, փողոցները ձգել։ Գոնե դուք խնայեցեք ինձ։ Դեհ, կորեք, հա՛յդա։ (Նստում է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա


ԵՐԱՆՈՒՀԻ. Անցնում են սեղանատուն։
ԲԱԳՐԱՏ.


ՌՈԶԱԼԻԱ. (Մնում է բեմի վրա


ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՌՈԶԱԼԻԱ

ՌՈԶԱԼԻԱ. (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):


ԱՆԴՐԵԱՍ. (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանի)։ Ա՜հ…

ՌՈԶԱԼԻԱ. Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում։

ԱՆԴՐԵԱԱ. (Գլուխը բարձրացնելով, անտարբեր) Քո բանը չէ։

ՌՈԶԱԼԻԱ. Ներիր, հայրիկ, քո հոգսերը վերաբերում են և՛ քո զավակներին։

ԱՆԴՐԵԱՍ. (Դարձյալ անտարբեր)։ Ես հոգս չունիմ։ (Ներվային արագությամբ ոտքի կանգնելով)։ Բան ունի՞ս ասելու։

ՌՈԶԱԼԻԱ. Այո՛, հայրիկ, ունիմ, բայց չեմ համարձակվում։

ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, կարճ կապիր, ես գնում եմ։

ՌՈԶԱԼԻԱ. Գիտես ինչ, հայրիկ, այն մարդը, որ մոռացել է քո բարերարությունը և ուզում է քեզ կողոպտել, այստեղ մեր տանը զինակից ունի։

ԱՆԴՐԵԱՍ. (Հետաքրքրված) Աա՞, ի՞նչ, պարզ ասա։


ՌՈԶԱԼԻԱ. Մարգարիտը սիրահարված է Օթարյանի վրա։

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ, սիրահարվա՞ծ։ Ո՞վ ասաց քեզ։

ՌՈԶԱԼԻԱ. Հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ։

ԱՆԴՐԵԱՍ. Հետո՞։ Նա էլ սիրո՞ւմ է Մարգարիտին։

ՌՈԶԱԼԻԱ. Պետք է կարծել, թեև այն տեսակ մարդու հավատալ չի կարելի։

ԱՆԴՐԵԱՍ. (Մի քանի վայրկյան մտածում է, հանկարծ դեմքը պայծառանում է ուրախությունից)։ Ասում ես, ինքը, Մարգարիտը խոստովանեց։

ՌՈԶԱԼԻԱ. Այո, հայրիկ։ Ես գիտեմ, որ նրանք ամեն օր տեսակցություն ունին դրսերում։ Հայրիկ, ես պարտք համարեցի քեզ զգուշացնել այս մասին։ Կարծում եմ, մեր գերդաստանի պատիվը պահանջում է այդ սերը խափանել հենց այժմյանից։ Ճշմարիտ է, Մարգարիտը մի առանձին արժանավորություն չունի, բայց ինչ էլ լինի, քո աղջիկն է։ Օթարյանը արժանի չէ քո փեսան դառնալու։

ԱՆԴՐԵԱՍ. (Շարունակ մտածելով) Իհարկե, իհարկե։ Շնորհակալ եմ, որ ինձ զգուշացրիր։ Գնա, իսկույն Մարգարիտին կանչիր այստեղ։

ՌՈԶԱԼԻԱ. Բայց, հայրիկ, շատ էլ չբարկանաս նրա վրա։ Հիմար է, չի հասկանում։

ԱՆԴՐԵԱՍ. (Անհամբեր) Գնա՛, նրան կանչիր այստեղ։

ՌՈԶԱԼԻԱ. (Մեկուսի) Տեսնենք, ինչպես պիտի պաշտպանես սիրեկանիդ։ (Գնում է խորքի ձախ դռներով


ՏԵՍԻԼ 7

ԱՆԴՐԵԱՍ և ՄԱՐԳԱՐԻՏ

ԱՆԴՐԵԱՍ. Մինչև Մարգարիտի գալը, մտազբաղ անցուդարձ է անում, զանազան շարժումներով իր միտքն արտահայտելով։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս խորքի դռներից հանդարտ քայլերով


ՌՈԶԱԼԻԱ. (Դուրս է գալիս անմիջապես քրոջ հետևից, քանի մի վայրկյան կանգ է առնում, նայում է և անցնում սեղանատուն, դռները ծածկելով

ԱՆԴՐԵԱՍ. Առաջ եկ, լալկան աղջիկ։ Հայրը որդու վրա չի՞ կարող բարկանալ, ինչ է։ Հե՞, բաս ի՞նչ կանեիք դուք, երես առածներ, եթե մեր ծնողների պես ծնողներ ունենայիք։ Հայրս վզակոթիս որ տալիս էր — աչքերիցս պեծեր էին թռչում։ Դե լավ, բա՛ց արա աչքունքդ, ծնողի դեմ ոխ չեն պահիլ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ես քո դեմ ոխ չունիմ։

ԱՆԴՐԵԱՍ. Այ, օրհնյալ լինես, աղջիկս։ Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք։ (Մոտենում է և ճակատը համբուրում)։ Բայց ես էլի քեզ վրա բարկացած եմ։ Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Զարմացած նայում է հորը)։ Անկե՜ղծ…

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես զարմանում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայր, առաջին անգամն եմ ես քեզանից այդպիսի բան լսում։ Դու երբեք ինձ արժանի չես համարել այդ տեսակ խոսակցության։

ԱՆԴՐԵԱՍ. Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից։ Դու, երևի, մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ։ Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու։ Բայց դու… դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ։

ԱՆԴՐԵԱՍ. (Ուրախ ձևանալով)։ Այո։ Ապրես զավակս։ Դե, որ այդպեա է, ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Շփոթվելով) Չգիտեմ… ես… տխուր չեմ։

ԱՆԴՐԵԱՍ. Այ, տեսա՞ր։ Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցիր։ Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ։ Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրի՞կ…


ԱՆԴՐԵԱՍ. Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող։ Ես մարդու մի շարժումից կարող եմ իմանալ, թե նա ինչ է մտածում իմ մասին։ Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը…

ՄԱՐԳԱՐԻՏ. (Բոլորովին շփոթվում է ու կարմրում

ԱՆԴՐԵԱՍ. Լա՛վ, մի ամաչիր։ Բոլորը հայտնի է ինձ։ Մի՛ վախենար, չեմ բարկանում։ Ես Արտաշեսին վատ տղա չեմ համարում։ Եթե վատ համարեի, վաղուց նրա ոտքը կտրած կլինեի իմ տնից։ Միայն աղջիկս, նա դեռ երեխա է, չի հասկանում իր արածը։ Նա իմ բարերարությունները մոռանում է։ Էհ, տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա, կտեսնի, որ սխալված է։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախանալով և, միևնույն ժամանակ, դեռ կասկածելով)։ Այո՞, սխալվա՞ծ է քո մասին։

ԱՆԴՐԵԱՍ. Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի ազնվության մասին։ Բայց նա ինձ համոզում է, որ…

ԱՆԴՐԵԱՍ. Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞։ Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերով, թե՞ փաստերով։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, ոչ քեզանից կարող եմ փաստ պահանջել, ոչ նրանից։

ԱՆԴՐԵԱՍ. Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հաա՞։ (Կեղծ վշտանալով) Ամո՜թ քեզ, Մարգարիտ, ամոթ։ Դու ինձ ապտակ ես տալիս…

ՄԱՐԳԱՐԻՏ. (Վշտահար և ամոթահար) Հա՜յր…

ԱՆԴՐԵԱՍ. (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թո՛ղ ինձ, ես ի՜նչ հայր եմ, երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ։ Թո՛ղ ինձ, գնա՛ նրա հետևից։ Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ։ Ոչինչ, ցեխի կտոր։

ՄԱՐԳԱՐԻՏ. Դու ունիս իրավունք ինձ նախատելու, հայր, ես շտապել եմ եզրակացություն անելու։ Ների՛ր ինձ, աղաչում եմ։

ԱՆԴՐԵԱՍ. Ներումն խնդրելուց ի՞նչ օգուտ, դու պետք է աշխատես մեղքդ քավել, սխալդ ուղղել։


ՄԱՐԳԱՐԻՏ. Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրո՛ւ, ես կքավեմ իմ մեղքերը։

ԱՆԴՐԵԱՍ. Այ ինչպես։ Լսի՛ր։ Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ դեմ։ Դու… (Նայելով շուրջը)։ Բայց այստեղ անհարմար է ասել։ Կարծեմ գալիս են։ Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է։ Գնանք։ (Գնում են աջ կողմի առաջին դռներով


ՏԵՍԻԼ 8

ՍՈԻՐԵՆ և ՍԱՂԱԹԵԼ

ՍՈԻՐԵՆ. Այո, քեռի, երևակայել չես կարող, թե ինչքան ծիծաղելի էր։ Աբոզովը, քաղաքի առաջին քեֆ անողն և ամենից շատ ծախսողը, հանկարծ մնում է թատրոնի դռների մոտ քիթը քաշ։ Իսկ քո քրոջ որդին բռնում է գեղեցկուհի Առլովայի թևից և կառք նստեցնում։


ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — այդ ի՞նչ պարծենալու բան է։

ՍՈԻՐԵՆ. (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են նախանձով։ Աբոզովի աչքերից կրակ է թափվում։ Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել։ Ծառաները ձեռքի ոտքի են ընկել։ Սեղանը պատրաստ է։ Հյուրերը սպասում են…

ՍԱՂԱԹԵԼ. Ամոթ չլինի հարցնելը — ի՞նչ հյուրեր։

ՍՈԻՐԵՆ. Ինձ նման դարդիմաններ։ Մեզ ծափահարում են։ Կառքից ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերը — կեսն իմ նվիրածն է։ Առլովան հիացած է նվերներից։ Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել։ Հետո ի՜նչ քեֆ, ի՜նչ քեֆ։ Շամպանիան ջրի պես է հոսում։ Խմում են Առլովայի կենացը, հետո իմը։ Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ։ Կծում եմ Առլովայի ոտը։ Նա, ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև։ Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս, լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը։ Ոգևորությունն անասելի է։ Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի։ Ահ, շարմանտ մերվեյլ… Կին չէ, այլ դիցուհի… (Ձեռը զարկելով Uաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին։ (Ձեռը զարկելով Սաղաթելի փորին)։ Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար…

ՍԱՂԱԹեԼ. Գնա բանիդ է։ Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը։


ՍՈԻՐԵՆ. Համեմատաբար, ոչինչ, դատարկ բան — վեց հարյուր ռուբլի։

ՍԱՂԱԹԵԼ. (Զարմացումից հետ թռչելով) Փա՜հ, քո տունը չքանդվի, օղո՜ւլ…

ՍՈԻՐԵՆ. Կծեց, հաա՞։

ՍԱՂԱԹԵԼ. Վեց հարյուր մանե՜թ, մի գիշերո՜ւմ։ Դե լավ, ամոթ չլինի հարցնելը — ե՞րբ ես վեքսելներս այնա անելու։

ՍՈԻՐԵՆ. Երբ որ պայմանավորված ժամանակը կգա, այնա կանեմ։

ՍԱՂԱԹԵԼ. Ես պետք է սպասեմ քո հոր մահվա՞ն։

ՍՈԻՐԵՆ. Այո, ի՜նչ արած։

ՍԱՂԱԹԵԼ. Բայց նա ինձանից առողջ է, կարող է ինձ նման տասին թաղել։

ՍՈԻՐԵՆ. Ես ինչ անեմ, դու ինքդ ես ինձ սովորեցրել։ Տալիս ես 300, ստանում ես 2 հազարի վեքսել, որ հորս մահից հետո վճարեմ, (Լռություն)։ Ախ, քեռի, գլուխս սկսեց ցավել։ Տրամադրությունս փչացավ։ Ամեն անգամ այդ տեսակ մեծ քեֆից հետո կյանքն ինձ թվում է հիմար, ձանձրալի բան։ (Նկատելով Երանուհուն, Ռոզալիային և Բագրատին) Ահա գալիս է ընտանեկան իդիլիան։

ՏԵՍԻԼ 9

ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈԻՀԻ, ՌՈԶԱԼԻԱ և ԲԱԳՐԱՏ

Դուրս են գալիս սեղանատնից

ԵՐԱՆՈՒՀԻ. Սաղաթել, Զարուհուն հրամայիր, որ քեզ նախաճաշ տա։


ՍԱՂԱԹԵԼ. (Անմիջապես անցնում է սեղանատուն

ԵՐԱՆՈԻՀԻ. (Սուրենին)։ Իսկ քեզ ասելն ավելորդ է. դու երևի, կուշտ ես։

ՍՈԻՐԵՆ. Մախոխ լիներ, ուրախությամբ մի աման կուտեի։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ո՞րտեղ էիր ամբողջ գիշեր։

ՍՈԻՐԵՆ. Աստղագիտությամբ էի զբաղված, մամա։ Այժմ աստղերն երկնքից իջել են օպերետային թատրոն։

ԲԱԳՐԱՏ. Ամաչելո՞ւ ես մի օր, թե՞ չէ։ Ի՞նչ իրավունքով ես Դիլբարյաններից ստացել բնակարանի վարձը և ծախսել։

ՍՈԻՐԵՆ. Հարգելի ինժեներ-տեխնոլոգ, կարծեմ, ես նույնպես իմ հոր հարազատ որդին եմ, ինչպես դու։

ԲԱԳՐԱՏ. Դու ապականեցիր մեր ընտանիքի անունը։

ՍՈԻՐԵՆ. Դեռ հարց է. ե՞ս, թե՞ դու, պարոն Գեշեֆտմախեր։ Ես կեղտը փչացնում եմ, իսկ դու պաշտում ես։ Էհ, բերանս բաց մի անեք, թե չէ — լեզուս չար է։

ՌՈԶԱԼԻԱ. Գիտեմ, ինչ է քո չար լեզուն։ Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ։

ՍՈԻՐԵՆ. Իսկ այսօր կանվանեմ Մարքիզուհի Դալլաքյան, ի՞նչ էիր այսօր ուռել ու փքվել կարեթում։ Ուղղակի ծիծաղելի էր։ Այն կարտոֆիլի տոպրակ Վարդանին էլ կարմիր չերքեզի է հագցրել ու առաջքը նստացրել։ Հերիք չէ, որ անունդ Գյուլում է, փոխել ես Ռոզալիայի, հիմա էլ իշխանուհու շիկ ես բանեցնում։ Հե՜ե, դալլաք Էլիզբարի թոռն։ Թողեք, աստված սիրեք, ամենքդ ինձ համար ծիծաղելի եք, բացի խղճալի մայրիկից։

ՄԱՐԳԱՐԻՏ. Դուրս է գալիս հոր սենյակից։

ՍՈԻՐԵՆ. Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող է ինձ նախատել, ահա սա է։ (Ցույց է տալիս Մարգարիտին

ՏԵՍԻԼ 10

ՆՈԻՅՆՔ և ՄԱՐԳԱՐԻՏ

ՌՈԶԱԼԻԱ. Ինչ ասել կուզի, երևելի ռեկոմենդասիոն է։


ՍՈՒՐԵՆ. (Կծու) Համենայն դեպս, արժե Օթարյանի համակրանքից զրկվելուն։

ՌՈԶԱԼԻԱ. Մայրիկ, զսպի՛ր նրան։ Նա ինձ վիրավորում է։ (Սուրենին)։ Uուտ է, նա ինքն է զրկվել իմ համակրանքից։

ՍՈԻՐԵՆ. Այո, այն օրից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին։ Իսկ առա՞ջ, երբ ուսանող է՞ր։ Քիչ էր մնում նրա անունով մոմ վառեիր։ Այս այնքան ճիշտ է, որքան այն, որ այս րոպեիս իմ գրպաններում մեծ օդափոխություն կա։ (Դադար) Ո՞րտեղ է հայրիկը։

ԲԱԳՐԱՏ. Քո բանը չէ։

ՍՈԻՐԵՆ. Էհ, թաքցրեք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ, գայլը թակարդ է ընկել, իր թաթերն է կրծոտում։

ԲԱԳՐԱՏ. Կարծեմ, դու սկսում ես չափից անցնել։

ՌՈԶԱԼԻԱ. Նա հարբած է, չարժե հետը խոսել։

ԵՐԱՆՈԻՀԻ. Գժվել է։

ՍՈՒՐԵՆ. Էհ, ի՞նչ եք ամեն կողմից ապշած մտիկ անում։ Ամբողջ քաղաքն է խոսում։ Պետք է բամբասանքներին վերջ տալ։ Երկուսից մեկը — կամ Օթարյանը ճշմարիտն է ասում, կամ զրպարտում է։ Եթե զրպարտում է, պետք է պատժել։ (Բագրատին) Աա՞, վախենո՞ւմ ես, դողո՞ւմ ես, դատարանո՞վ ես սպառնում։

ԲԱԳՐԱՏ. (Վիրավորված և վրդովված) Վախկոտը նա է, որ մի կնոջ պատճառով ապտակ է ստանում և կուլ տալիս։

ՍՈԻՐԵՆ. Ձայնդ կտրիր, շուն։ (Հարձակվում է վրեն

ԵՐԱՆՈԻՀԻ. (Ընկնում է որդիների մեջ)։ Աման, տեր աստված։

ՄԱՐԳԱՐԻՏ. Աստված իմ, և սա ընտանիք է…

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ՝ առանց պիջակի, ժիլետով)։ Այդ ի՞նչ աղմուկ է։ (Նկատելով Սուրենին)։ Աա, այդ դո՞ւ ես, անառակ զավակ։ Ես քեզ կխեղդեմ շան պես։ (Հարձակվում է վրեն

ՍԱՂԱԹԵԼ. (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած)։ Հանգստացի՛ր, Անդրեաս… (Բռնում է նրա թևից, հետ է քաշում)։

ԱՆԴՐԵԱՍ. Կորիր… ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս…


ՄԱՐԳԱՐԻՏ. (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ, (Տանում է նրան ձախ կողմի դռներով և իսկույն մենակ վերադառնում

ԱՆԴՐԵԱՍ. Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին։ (Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը)։ Անիծվիք դուք…

ՌՈԶԱԼԻԱ. (Մարգարտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ամաչիր ասածիցդ, Ռոզալիա։

ԵՐԱՆՈՒՀԻ․ Հիմա էլ դուք։ Այս ի՞նչ տուն է, տեր աստված։

ՌՈԶԱԼԻԱ. Սպասիր, մի օր ես քեզ հետ հաշվի կնստեմ։ (Ուզում է գնալ իր սենյակը, բայց Օթարյանին տեսնելով, կանգ է առնում


ՏԵՍԻԼ 11

ԵՐԱՆՈԻՀԻ, ՄԱՐԳԱՐԻՏ, ՕԹԱՐՅԱՆ և ՌՈԶԱԼԻԱ

{{ ՕԹԱՐՅԱՆ.+ (Ներս է մտնում նախասենյակի դռներից ուրախ դեմքով)։ Բարով ձեզ, մայրիկ։ (Ձեռը համբուրում է) Օրիորդ Ռոզալիա, բարով։ (Ուզում է ձեռք տալ

ՌՈԶԱԼԻԱ.+ (Արհամարհանքով, բայց վրդովված)։ Մենք ծանոթ չենք, պարոն։

ՕԹԱՐՅԱՆ.+ (Ցնցվելով) Օրիորդ, այդ ի՞նչ է նշանակում։

ՌՈԶԱԼԻԱ.+ (Կծու ծիծաղով)։ Սիրահարներ։ (Անցնում է իր սենյակը


ՏԵՍԻԼ 12

ՆՈԻՅՆՔ, առանց ՌՈԶԱԼԻԱՅԻ

ՕԹԱՐՅԱՆ. (Ապշած նայելով Ռոզալիայի հետևից, մոտենում է և մեքենաբար սեղմում Մարգարիտի ձեռը)։ Չեմ իմանում ինչո՞վ եմ ես արժանացել նրա ատելությանը։


ԵՐԱՆՈԻՀԻ. (Որ նստել է աջ կողմի բազկաթոռներից մեկի վրա)։ Ոչինչ, որդի, մի՛ նեղանար։ Այստեղ մի փոքրիկ ընտանեկան խռովություն պատահեց։ Ռոզալիան վշտացած է։

ՕԹԱՐՅԱՆ Եթե ես որևէ բանով մեղավոր եմ նրա առջև, պատրաստ եմ ներումն խնդրել։


ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, ուշադրություն մի՛ դարձրու, երեխա է, չի հասկանում։ Նստի՛ր, ինչպե՞ս է մայրդ։

ՕԹԱՐՅԱՆ. (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ։

ԵՐԱՆՈԻՀԻ. Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես։ Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել։ Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել։ Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շա՜տ…

ՕԹԱՐՅԱՆ. Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակսիլ։ Դուք բարձր եք բոլոր վեճերից։

ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, օրհնյալ լինես։ Իմ ցանկությունն էլ այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն, փողի համար չմոռանան աստծուն։
 
ԶԱՐՈԻՀԻ. (Գալիս է օրիորդների սենյակից՝ սեղանատուն անցնելու)։ Տիրուհի, օրիորդը ձեզ խնդրում է։ (Անցնում է սեղանատուն և իսկույն բեմով վերադառնում է օրիորդների սենյակը՝ ձեռքին մի գրաֆին ջուր և դատարկ բաժակ

ԵՐԱՆՈԻՀԻ. Էհ, էլի երևի հիստերիկան սկսվեց։ (Շտապով գնում է օրիորդների սենյակը


SԵՍԻԼ 13

ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ. (Անհամբեր մոտենալով Մարգարտին) Ի՞նչ է պատահել այստեղ, ասա՛։


ՄԱՐԳԱՐԻՏ․ Սովորական խռովություն։ Սուրենն ընդհարվեց Ռոզալիայի և Բագրատի հետ ու միմյանց վիրավորեցին։

ՕԹԱՐՅԱՆ. Բայց ե՞ս ինչով եմ մեղավոր, որ քույրդ ինձ անպատվեց։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ներողամիտ եղիր, Ռոզալիան չգիտե իրան զսպել։ Ես համոզված եմ, որ հետո ինքը կզղջա։ (Զարուհուն, որ այդ միջոցին, օրիորդների սենյակից դուրս գալով, գրաֆինն ու բաժակը ձեռքին անցնում է սեղանատուն)։ Ինչպե՞ս է։

ԶԱՐՈԻՀԻ. Ոչինչ, մի քիչ լաց եղավ, հանդարտվեց (Գնում է սեղանատուն


ՄԱՐԳԱՐԻՏ. Թողնենք այդ։ Ավելի կարևոր գործ կա։ Հայրս ուղարկել է քեզ կանչելո՞ւ։

ՕԹԱՐՅԱՆ. Այո։ Ո՞ւր է նա։

ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակումն է. հանգստանում է։ Նստի՛ր։ Եթե կամենաս, իսկապես ինձ ես հարկավոր։ Նստի՛ր։ Նստում է աջ կողմի բազկաթոռի վրա)։ Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել։ Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ հորս էլ հավատալ։ Դուրս բեր ինձ այս անտանելի դրությունից։ Երկուսից մեկը — կամ դու մոլորված ես, կամ հայրս իսկապես մի հանցավոր է։

ՕԹԱՐՅԱՆ. Լսի՛ր, Մարգարիտ։ Ես քանիցս քեզ ասել եմ, որ այդ դատն ինձ համար բարոյական մեծ նշանակություն ունի։ Հավատա, փողն արժեք չունի իմ աչքում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, մի՞թե ես քեզ նոր եմ ճանաչում։ Բայց, հասկացի՛ր, քո և իմ հոր փոխադարձ թշնամությունը կարող է ինձ կործանել, ահա ինչիցն եմ վախենում։

ՕԹԱՐՅԱՆ. Սիրելի, անգին Մարգարիտ, մի՛ պղտորիր հոգիդ մռայլ մտքերով։ Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորդ, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան եղբորդ դեմ։
 
ՄԱՐԳԱՐԻՏ. Բագրատը բարեսիրտ չէ, ես գիտեմ այդ։

ՕԹԱՐՅԱՆ. Նա ինձ արհամարհել է ընկերական շրջաններում։ Նա ինձ ստորացրել է տեղի և անտեղի։ Նա ինձ քանի-քանի անգամ անվանել է ձրիակեր։ Ես ուզում եմ ազատվել մուրացկանի վիրավորական դրությունից։ Ուզում եմ արժանանալ քո սիրո՛ւն։ Մի՞թե չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հասկանում եմ. շատ լավ եմ հասկանում։ Բայց ե՞ս ինչ անեմ, ես։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ անսահման, բայց չէ՞ որ սիրում եմ և հորս։ Այսօր նա ինձ այնպիսի խոսքեր ասաց, որ ամոթից պատրաստ էի գետինը մտնել։ Չեմ կարծում, որ նա այդ խոսքերն ասեր, եթե իսկապես իրան մեղավոր զգար։ Նա փաստեր է պահանջում և կամենում է, որ ես ստուգեմ այդ փաստերը։

ՕԹԱՐՅԱՆ. Եվ դու ուզում ես ստուգե՞լ։ Հասկանում եմ։ Քո մեջ կռվում են երկու հավասար զգացումներ — հավատը դեպի հայրդ և հավատը դեպի ինձ։


ՄԱՐԳԱՐԻՏ. Ահա հենց այդ է ճիշտը, ի՜նչ լավ զգացել ես իմ դրությունը։

ՕԹԱՐՅԱՆ. Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այդ երկդիմի դրությունից։

ՄԱՐԳԱՐԻՏ. Այո, այո, դուրս բեր։

ՕԹԱՐՅԱՆ. Կներկայացնեմ քեզ իմ բոլոր ապացույցները։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես հենց այդ մասին էի ուզում քեզ խնդրել։

ՕԹԱՐՅԱՆ. Թող այդպես լինի։ Ինձ համար քեզանից ավելի մեծ դատավոր չի կարող լինել։ Բավական է, որ դու, միայն դու, ասես եղբորդ, թե ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից։ Ես կարող էի դատարանի դիմել, բայց այդ չեմ անում միայն քո պատճառով։ Ուրեմն դու եղիր մեր դատավորը։

ՄԱՐԳԱՐԻՏ. Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ։ Եվ հավատա, որ ես կլինեմ արդար դատավոր։

ՕԹԱՐՅԱՆ. (Թեթև ցնցումով)։ Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ…

ՕԹԱՐՅԱՆ. Մարգարիտ, տո՛ւր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համար — չես ընկճվիլ նրա դառնությունից։

ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ առաջարկից ինձ ոչ մի պայման։ Դու ինքդ ես ինձ սովորեցրել ճշմարտությունը ամեն բանից գերադասել։ Բե՛ր այդ թղթերը, ես ուզում եմ վերջին կասկածը հեռացնել իմ սրտից։ Եվ չեմ թաքցնում, որ ում կողմ ևս լինի արդարությունը — ինձ է կործանելու, որովհետև անդունդը ուր որ բացվի — իմ և հորս մեջ, թե՛ իմ և քո մեջ — ես եմ գլորվելու այնտեղ։ Բե՛ր այդ թղթերը. ես պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով։

ՕԹԱՐՅԱՆ. (Մինչ Մարգարիտն արտասանում է իր խոսքերը, Օթարյանը տանջվում է և կռվում իր հետ։ Երբ Մարգարիտը վերջացնում է, լռություն)։ Շատ լավ, ես կբերեմ։ (Վեր է կենում


ՄԱՐԳԱՐԻՏ. Հենց այսօր։

ՕԹԱՐՅԱՆ. Մի քանի րոպեից հետո ես այստեղ կլինեմ։ (Գնում է նախասենյակի դռներով

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Ուղեկցում է նրան մինչև դռները, ապա գալիս է բեմի կենտրոնը


ՏԵՍԻԼ 14

ՄԱՐԳԱՐԻՏ և ՍՈԻՐԵՆ

ՍՈՒՐԵՆ․ (Ներս է մտնում ձախ դռներից)։ Չկարողացա քնել։ Հանգիստ չեմ։ Մարդու հոգեկան տրամադրությունը զարմանալի կապ ունի գրպանի դրության հետ։ Երբ այս անիծվածը դատարկ է, ինչ ուզում եք ասեք՝ քնել չեմ կարողանում։ Այո, սիրելի Մարգարիտ, այս մի նոր հոգեբանական գյուտ է։ Հետևաբար, չե՞ս կարող, արդյոք, ինձ հաշտեցնել նրա բթամիտ Մորփեոսի հետ։


ՄԱՐԳԱՐԻՏ. Ես փող չունիմ։

ՍՈԻՐԵՆ. Դու կարծեմ, հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես վաղուց եմ դադարել հայրիկից փող վերցնել։

ՍՈԻՐԵՆ. Ահա թե ինչ։ Ատո՞ւմ ես փողը, փիլիսոփա ես։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչի՞ս է հարկավոր փողը, երբ տանն ամեն բան պատրաստ կա։

ՍՈԻՐԵՆ. Այդ էլ ճիշտ է։ Բայց ինձ հարկավոր է, ախ, շատ հարկավոր։ Առանց փողի, ես համարյա առանց ոտների եմ։ Ես էլ եմ ատում փողը և միշտ աշխատում եմ նրանից բաժանվել։ Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում, մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ։ Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց թողնել։ Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է։ Ախ, Մարգարիտ, կյանքը շատ տխմար բան է։ (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր։ Ես ուղղակի ձանձրացել եմ կյանքից։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան հասակում։


ՍՈԻՐԵՆ. Քի՞չ է։ Մեր ժամանակում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում և շատ ձանձրանում։ Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ։ (Հանում է գրպանից ռևոլվերը)։ Այ, տե՛ս, մի հարված, և Ռուբիկոնն անցա։

ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ, հիմարություններ մի արա, կարող է տրաքվել։

ՍՈԻՐԵՆ. Ոչ, այս հեշտ տրաքողներից չէ։ (Ցույց է տալիս)։ Այ, այսպես է տրաքում. պետք է այս հետ քաշել, մատով սեղմել, և պատրաստ է։

ՄԱՐԳԱՐԻՏ. Տո՛ւր ինձ։ Մի՛ պահիր մոտդ, վտանգավոր է։

ՍՈԻՐԵՆ. Ես հենց ինքս ուզում էի դեն գցել։ (Տալիս է) Վերցրու հրաժարիմք ի սատանայե։ (Լռություն)։ Ուրեմն չունի՞ս։

ՄԱՐԳԱՐԻՏ. Չունիմ։ (Ռևոլվերը նայում է քիչ և դնում սեղանի վրա)։
 
ՍՈԻՐԵՆ. (Լռություն) Եվ ոչ գոնե հիսուն ռուբլի՞։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլխով բացասական նշան է անում)։

ՍՈԻՐԵՆ. Ցավալի է, շատ ցավալի։ Կնշանակի՝ այսօր Առլովային չպիտի տեսնեմ։ Այդ անկարելի է, ամոթ է, կասի՝ հայի տղան ծախսից փախավ և էլի կմոտենա Աբուլովին։ (Նստում է ձախ կողմի բազկաթոռներից մեկի վրա, մտածում։ Լռություն, հանկարծ ձեռը զարկում է ճակատին)։ Է՜վրիկա, Էդիսոն եմ, Էդիսոն։ Ո՞րտեղ է Ռոզալիան։

ՄԱՐԳԱՐԻՏ. Իր սենյակում։

ՍՈԻՐԵՆ. Նա փող կունենա (Դիմում է դեպի խորքի ձախ դռները)

ՄԱՐԳԱՐԻՏ. Այդքան վիրավորելուց հետո ուզում ես դիմել նրա՞ն։

ՍՈԻՐԵՆ. (Կանգ է առնում)։ Աա, այդ դատարկ բան է։ Նա գիտե որ իմ սիրտը բարի է, լեզուս է միայն չար։ Կհաշտվենք դժվար չէ։ Մի քիչ կշոյեմ, կգովեմ գեղեցկությունը, իսկույն կկակղի։
Мрачна душа моя,
рвется она вдаль… (Երգելով անցնում է օրիորդների սենյակը)։

ՏԵՍԻԼ 15

ՄԱՐԳԱՐԻՏ և ՕԹԱՐՅԱՆ, հետո ԱՆԴՐԵԱՍ

ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից, այս անգամ վերարկուով) Ահա, սիրելիս, բոլորը։ (Տալիս է մի ծրար)։ Այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ամբողջ կարողությունը։


ՄԱՐԳԱՐԻS. Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ընծայում ինձ։

ՕԹԱՐЗԱՆ. Այս տեսակ հավատը քո գործնական եղբայրն անշուշտ կհամարի հիմարություն։ Սակայն այդ ինձ համար նշանակություն չունի։ Ես սիրում եմ քեզ, ուրեմն և պետք է հավատամ։

ՄԱՐԳԱՐԻS. Որքա՜ն բարի ես դու և վեհանձն, Արտաշես։

ՕԹԱՐЗԱՆ. Միայն քո սիրո համար։ (Համբուրում է)։

ՄԱՐԳԱՐԻS. Վաղը կամ մյուս օրը դու բոլորը հետ կստանաս, թող իմ խոսքը քեզ համար գրավական լինի։

ՕԹԱՐЗԱՆ. Բավական է այդքանը։ Ցտեսություն։

ՄԱՐԳԱՐԻS. Ցտեսություն։ (Ուղեկցում է նրան մինչև նախասենյակի դռները)։

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է իր սենյակի դռների մեջ)։

ՄԱՐԳԱՐԻS. (Վերադառնում է բեմի կենտրոնը և ուզում է գնալ իր սենյակը)։

ԱՆԴՐԵԱՍ. (Իբր թե Օթարյանին չի նկատել) Այն ո՞վ էր։

ՄԱՐԳԱՐԻS. Ահա հայրիկ, ամեն ինչ այստեղ է։ Այժմ ես կիմանամ ով է ձեզնից արդարը և մեղավորը։

ԱՆԴՐԵԱՍ. Ապրի՛ս զավակս։ Քննիր և տես։ (Համբուրում է ճակատը)։

(Գնում են յուրաքանչյուրը իր սենյակը)։


Վարագույր

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Նույն տեսարանը։ Երեկո է։ Վարագույրը բարձրանալիս բեմում տիրում է կիսախավար։ Բոլոր դռները ծածկված են, միայն նախասենյակի դռների մի թևը բաց է։ Այնտեղ լուսո մի շերտ, թեք գծով անցնելով բեմով, ընկել է դաշնամուրի վրա, որի քով Մարգարիտը նստած նվագում է ինչ-nր թախծալի եղանակ։ Նրա ամբողջ մարմինը մթնումն է, միայն գլուխն է երևում լուսո շերտի մեջ։ Միառժամանակ բեմի վրա, բացի Մարգարիտից, ոչ ոք չկա։ Հեռու լսվում է զանգակի հնչյուն։ Սեղանատան դռներից դուրս է գալիս Զարուհին և անցնում է օրիորդների սենյակները։


ՏԵՍԻԼ 1

ՄԱՐԳԱՐԻՏ և ԲԱԳՐԱՏ

ԲԱԳՐԱՏ. (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից ֆրակով և կրծքին տեխնոլոգիական ճեմարանի նշան, փողկապը կապելով)։ Միշտ միևնույն տխուր եղանակը օրվա միևնույն միջոցին։


ՄԱՐԳԱՐԻՏ. (Նվագելով) Ասում են, ժամերն իրանց տրամադրությունն ունին։ Երեկոներն ես տխրում եմ ու հուզվում և միշտ այս եղանակը հիշում։

ԲԱԳՐԱՏ. Եվ նվագում ես պոետիկական մթության մեջ, որպես իդեալական սիրահար։ Բայց ինձ ներիր, ես ատում եմ խավարը։ (Շուռ է տալիս սեղանատան դռների մոտ էլեկտրական թելի կոճակը)։

Առաստաղից քաշ արած ջահը տարածում է պայծառ լույս։


ՄԱՐԳԱՐԻՏ. Բավական է։ (Դադարում է նվագել և դաշնամուրի կափարիչը ցած գցում։ Նկատում է Բագրատի պատրաստությունը)։ Այդ ո՞ւր ես պատրաստվում։

ԲԱԳՐԱՏ. (Կանգնելով հայելու առջև, որ փողկապն ուղղի)։ Տեխնոլոգների երեկույթ։ Գնա, հագնվիր, քեզ էլ տանեմ։ Ռոզալիան պատրաստվում է։ Դու այնտեղ կտեսնես տեղական ինտելիգենցիայի ընտիր մասը։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչո՞ւ ընտիր։

ԲԱԳՐԱՏ. Երեկույթում միայն ինժեներներն են լինելու։ Դու այնտեղ չես տեսնիլ ոչ պորտֆելի և ոչ ռուբլու հերոսներին, այսինքն՝ ոչ իրավաբաններին և ոչ բժիշկներին։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինչպես երևում է, շատ մեծ կարծիք ունիս քո մասնագիտության մասին։

ԲԱԳՐԱՏ. Եռանդի, խելքի և ժամանակիս իսկական ներկայացուցիչներն ինժեներներն են։ Կգա՞ս, թե չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ես տրամադրություն չունիմ երեկույթ գնալու։

ԲԱԳՐԱՏ. Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը — տրամադրություն։ Մարդուս իրանիցն է կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան։ Ահ, այս անիծվածը չի կապվում։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մոտենում է, օգնում փողկապը կապելու) Քեզ համար հեշտ է այդ ասել։ Դու հաշտվում ես կյանքի բոլոր հանգամանքների հետ։

ԲԱԳՐԱՏ. Եթե, իհարկե, հանգամանքներն արժանի չեն դիմադրության։ Հակառակ դեպքում գիտեմ առողջ դատողությամբ կռվել նրանց դեմ։ (Մարգարիտն ուղղել է Բագրատի փողկապը)։ Շնորհակալ եմ։ (Նայեյով եղունգներին)։ Գիտես, սիրելիս, մեր ժամանակի միակ գերիշխանը բանականությունն է։ Այս տեսակետից ես չեմ կարող արդարացնել վերջին ժամանակվա քո տխրությունը, որ արդեն սկսել է բողոքի ձև ստանալ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Կկամենայի ես ուրախ լինել քրոջս պես, թռչկոտել, ինչպես անհոգ թռչուն։ Կկամենայի ոչնչի մասին չմտածել, բացի իմ անձնական զվարճություններից։ Բայց, ի՜նչ արած, չեմ կարող։ (Հառաչելով, արմունկները հենում է դաշնամուրին)։

ԲԱԳՐԱՏ. (Հեգնաբար)։ Սիրահարվա՜ծ ես, տանջվում ես մի անզուգական երիտասարդի, մի աննման իդեալիստի համար։ (Լուրջ)։ Բավակա՜ն է, Մարգարիտ։ Ես չունիմ իրավունք քեզ հանդիմանելու, բայց այլևս լռել չեմ կարող։ Բավակա՜ն է։ Թող երեխայությունդ։ Դու չափահաս օրիորդ ես, պետք է հասկանաս, որ չունիս իրավունք սիրելու քո հարազատ ծնողի զրպարտչին։


ՄԱՐԳԱՐԻՏ. (Գլուխը բարձրացնելով) Իսկ եթե նա զրպարտիչ չէ, այն ժամանա՞կ։

ԲԱԳՐԱՏ. Դու համոզվա՞ծ ես։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դրականապես և եռանդով) Ավելի քան համոզված եմ։

ԲԱԳՐԱՏ. Քույր, ինձ թվում է, որ քո ուղեղը սկսում է խանգարվել։ Տխմար սիրո զգացումը հարբեցրել է քեզ։ Եթե այդպես շարունակես, ես քեզ էլ կատեմ, ինչպես ատում եմ նրան։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ինձ համար այսուհետև միևնույնն է։ Ես ունիմ իմ ձեռքում փաստեր, որոնք քարերին անգամ կարող են համոզել, թե մեր հայրը կողոպտել է մի որբ ընտանիք, և կողոպտել է ամենայն անգթությամբ։

ԲԱԳՐԱՏ. (Շփոթված և միևնույն ժամանակ վրդովված)։ Մարգարի՜տ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկի ցանկությամբ ես Օթարյանից պահանջեցի նրա դոկումետները։ Նա տվեց, Բագրատ, բոլորը, ինչ որ ասում է նա, զուտ ճշմարտություն է։ Ահ, այս միտքը կարող է ինձ խելքից հանել։ (Ընկճված անցուդարձ է անում։ Լռություն)։

ԲԱԳՐԱՏ. (Շփոթված, չգիտե ինչ ասե)։ Դու ինձ բոլորովին շփոթեցրիր։ Ո՞րտեղ են այժմ այդ գրավոր ապացույցները։

ՄԱՐԳԱՐԻՏ. Այնտեղ, իմ սենյակում, գրասեղանիս մեջ։

ԲԱԳՐԱՏ. Խոսե՞լ ես հայրիկի հետ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Այո։


ԲԱԳՐԱՏ. Ի՞նչ է ասում նա այդ փաստաթղթերի դեմ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ի՜նչ կարող է ասել մի հանցավոր, որին ներկայացնում են իր հանցանքի լուսանկարը։ Նա շփոթվեց, կարմրեց, կապվեց, բայց հերքել, իհարկե, չկարողացավ։ Գնա պարահանդես, առավոտը, եթե կամենաս, կարող ես բոլորը կարդալ։

ԲԱԳՐԱՏ. Աա, ի՜նչ պարահանդես։ Ես ամեն ինչ մոռացա։ Ուրեմն ճի՞շտ է, որ մեզ սպառնում է սնանկություն։
 
ՄԱՐԳԱՐԻՏ. Ախ, քեզ սնանկությունն է անհանգստացնում, իսկ ինձ տանջում է անպատվությունը։ Այժմ ամեն ինչ կախված է Օթարյանի կամքից։

ԲԱԳՐԱՏ. Նա կկամենա թե՛ անպատվել և թե՛ սնանկացնել մեզ։ Նա սոսկալի ոխ ունի իմ դեմ։ Ցույց տուր ինձ։ Ես ուզում եմ իմ աչքով տեսնել այդ թղթերը և անձամբ հավաստիանալ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Խորհրդավոր և եռանդով)։ Բայց զգո՜ւյշ, նրանց ապահովությունը պատվովս եմ երաշխավորել։

ԲԱԳՐԱՏ. (Վիրավորված)։ Ես ավազակ չեմ, Մարգարիտ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Գնանք։ Տես և համոզվիր, թե ումի փողերով ես ուզում մեծ-մեծ ձեռնարկությունները սկսել։

Գնում են խորքի ձախ դռներով, այն է՝ օրիորդների սենյակները։


ՏԵՍԻԼ 2

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ
Գալիս են նախասենյակից

ԱՆԴՐԵԱՍ.+ Նա աղջիկ չէ ինձ համար, դատավոր է։ Ամբողջ գիշեր աչքերս չեմ փակել, ամբողջ օրը տանջվել եմ։ Ես կարծում էի, որ այդ թղթերը կորած են։ Էհ, ասում էր, կնիկ է խելքը բան չի կտրիր։ Քի՞չ է պատահել, որ կանայք իրանց մարդուց մնացած հարկավոր թղթերն այրել են։ Բայց այդ մեկը հիմարներից չի եղել․ պահել է, որ այսօր որդին գլխիս փորձանք բերի։ Նա չի խնդրում, Սաղաթել, այլ, հոգեկանի պես պահանջում է, որ վիզս ծռեմ այդ լակոտի առջև, մեղա գամ և տամ նրան կարողությանս կեսը։ }}

ՍԱՂԱԹԵԼ․ Դու ինքդ աչքովդ տեսա՞ր այդ թղթերը։


ԱՆԴՐԵԱՍ․ Տեսա, բաս չէ՞։ Նա ցույց տվեց մոր մոտ։ Կանգնեց հեռվում, մեկ-մեկ կարդաց, հիշեցրեց բոլորը և հետո իսկույն փակեց իր գրասեղանի մեջ։

ՍԱՂԱԹԵԼ․ Իհարկե, մայրն էլ պակասը լրացրեց, պատմելով աղջկան իր գիտեցածը։

ԱՆԴՐԵԱՍ․ Օ՜օ, քույրդ աստծու պատիժն է իմ գլխին։ Ինձ պաշտպանելու տեղ, ավելի խայտառակեց աղջկա մոտ։ Ես կատաղեցի, հարձակվեցի վրեն, որ տեղնուտեղը խեղդեմ նրան։ Բարեբախտաբար, Մարգարիտը ժամանակին մեջ ընկավ, չթողեց։ Նա փաթաթվեց մոր վզին։ Պետք է տեսնեիր, ինչպես էր լաց լինում։ Դիակիս վրա էլ նա այնքան արտասուք չի թափիլ։ Եվ հետո, երբ ուշքի եկավ, ի՜նչ խոսքեր, տե՜ր աստված, ի՜նչ լեզու։ Հայրիկ, ասում է, մոլորվել կարելի է, բայց պետք է զղջալ, չզղջալն ավելի մեծ անազնվություն է։ Ումի՞ց է սովորել այդ բաները։

ՍԱՂԱԹԵԼ․ Ումի՞ց։ Իհարկե, հենց այդ լակոտից։ Դեռ աստված գիտե էլի ինչեր սովորեցրած կլինի։

ԱՆԴՐԵԱՍ․ Փորձեցի ինձ արդարացնել։ Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին։ Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենար — չէր մեռնիլ։ Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել։ Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու։ Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով։ Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տալ։ Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող։ Բայց փողը դեռ մի կողմ։ Իսկ պատի՞վս։ Ի՞նչ կմտածեն մարդիկ։ (Անցուդարձ է անում
 
ՍԱՂԱԹԵԼ. Ինչ պիտի մտածեն։ Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը հետ է տալիս։ Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ։ Աչքերդ թքով կհանեն։ Իսկ ե՞ս… ես քեզ կհամարեմ հիմարի մեկը…

ԱՆԴՐԵԱՍ․ Մնում էր մի բան, այն էլ փորձեցի։ Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ քեզ է սիրում։ Էլ դրանից լավ բա՞ն։ Ես ձեզ պսակեմ։ Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ։ Տո՛ւր ինձ թղթերը։


ՍԱՂԱԹԵԼ․ Հըը՞, դրա՞ն ինչ ասաց։

ԱՆԴՐԵԱՍ․ Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ։ Քանի որ դու ընկերոջդ գերեզմանի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել։ Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու․ «Հայրդ կողոպտել է հորս»։ Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ ամուսնուց։

ՍԱՂԱԹԵԼ․ Լեզվին նայիր, լեզվին։ Փիլիսոփայի պես է խոսում։

ԱՆԴՐԵԱՍ․ Ա՜խ, Մարգարիտն իր պապի ժառանգն է, քո հոր կտորը։ Երեկ, երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նրա հետևում, պատի տակ, կանգնած է տեր-Սիմոնը՝ Ավետարանի խոսքերը բերանում։

ՍԱՂԱԹԵԼ․ Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է։ Ինչո՞ւ չեն հասկանում այդ կանայք։

ԱՆԴՐԵԱՍ․ Հիմա ճանապարհ ցույց տուր ինձ, Սաղաթել, ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ այդ լակոտից։

ՍԱՂԱԹԵԼ․ Ինչ պիտի անես։ Ինքդ վաղուց ես գտել ճանապարհը։ Արա այն, ինչ որ վճռել ես անելու։

ԱնԴՐԵԱՍ․ Այո, պետք է անպատճառ անել, ուրիշ ելք չկա։ Ես հենց դրա համար աշխատեցի, որ այդ թղթերը Մարգարիտի ձեռքն անցնին։

ՍԱՂԱԹԵԼ․ Բայց պետք է անել շուտով, հենց այս գիշեր, վաղն ուշ կլինի։

ԱնԴՐԵԱՍ․ Սո՛ւս, ոտների ձայն եմ լսում։ Գալիս են։ Գնանք իմ սենյակը, այնտեղ կմտածենք ինչպես գլուխ բերենք այդ բանը։ (Գնում են աջ կողմի առաջին դռներով

ՏԵՍԻԼ 3



ՄԱՐԳԱՐԻՏ, ԲԱԳՐԱՏ և ՌՈԶԱԼԻԱ


Դուրս են գալիս միաժամանակ օրիորդների սենյակից


ԲԱԳՐԱՏ․ (Հուզվել է)։ Բոլոր կասկածներս փարատվեցին, վտանգն անխուսափելի է։

ՌՈԶԱԼԻԱ․ (Հագնվել է պարահանդեսի համար։ Ձեռնոցներն է հագնում)։ Ես էլ ասում եմ քույրս երեկ ինչ թղթեր էր քրքրում և ինձ տեսնելիս թաքցնում։ Ինչ ասել կուզի, երևելի սիրահարական նամակներ են — պայմանագրեր, առևտրական թղթեր, ֆի՜։ (Մոտենում է նայելուն և դիտում իրան
 
ԲԱԳՐԱՏ․ (Մտազբաղ, ձեռները մեջքին դրած, անցել է բեմի աջ կողմը)։ Ասա՛, ինձ, Մարգարիտ, կարո՞ղ ես այդ թղթերը մի քանի օր պահել մոտդ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ոչ։

ԲԱԳՐԱՏ․ Ինչո՞ւ։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես խոսք եմ տվել վաղը վերադարձնել նրան։

ԲԱԳՐԱՏ․ Ես կարծում եմ, նախքան վերադարձնելը, հարկավոր է մի լավ մտածել։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ի՞նչ ես ուզում ինձանից, պարզ ասա։

ԲԱԳՐԱՏ․ (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր հակառակորդին։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ի՞նչ, ուրեմն, դու պահանջում ես, որ ես…

ԲԱԳՐԱՏ․ (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ… Ամաչիր կրծքիդ նշանից, Բագրատ։

ԲԱԳՐԱՏ․ (Գրգռվելով) Էհ, թո՛ղ այդ դատարկ ֆրազները, ի սեր աստծու։ Ես գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը մտցրել է մի քանի վայրիվերո մտքեր։ Բայց մենք ասպետների դարում չենք ապրում։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Դառն հեգնությամբ) Կարծես, մեծ ասպետություն է տարրական ազնվություն, հասարակ մարդկային խիղճ ունենալը։

ԲԱԳՐԱՏ․ Խղճի և ազնվության մասին ամեն մարդ իր զաղափարն ունի։ Էականն այն է, որ եթե այդ թղթերն անցնեն Օթարյանի ձեռքը, ես կզրկվեմ իմ գործարանից։ Իսկ այդ կնշանակե՝ ծովը նետել իմ բոլոր ծրագիրները։ Դու շատ լավ գիտես, որ ես այդ գործարանով հիմք եմ դնում իմ ապագա ուժին, ազդեցությանը և բախտավորությանը։ Ես ուզում եմ լինել հզոր ֆինանսական սյուն, մեկն այն հսկաներից, որոնց ձեռքումն է մեր ժամանակի ամենամեծ ուժը — կապիտալը։

ՌՈԶԱԼԻԱ․ Մի մարդ, որ կարող է հազարավոր անգործների համար աշխատանքի դուռը բաց անել և խեղճ ընտանիքներ կերակրել։ Ես քեզ հասկանում եմ, Բագրատ։


ՄԱՐԳԱՐԻՏ․ Եվ այդ բոլորը ուրիշի փողերո՞վ։

ԲԱԳՐԱՏ․ Զավակները պատասխանատու չեն իրենց հայրերի փոխարեն։ Մեր ծնողների անցյալը մեզ համար մեռած պատմություն է։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Որը սակայն այսօր հարություն է առել և արատավորում է մեր ամբողջ գերդաստանը։

ԲԱԳՐԱՏ․ Պետք է, ուրեմն, խեղդել այն և նորից հանձնել գերեզմանին։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Խորին դառնությամբ) Բագրա՜տ։
 
ԲԱԳՐԱՏ․ Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ։ Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում։ Տարբերությունն այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով։ Մարգարիտ, ներկա դեպքում պետք է լինել ավելի խելացի, քան զգայուն։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Խորին սրտմտությամբ) Այսինքն՝ ավելի շահամոլ, քան ազնի՞վ։ Թույլ տալ ծնողին կողոպտել մի որբ ընտանիք և փողոցնե՞րը գցել։ Մասնակից լինել նրա ծանր հանցանքի՞ն, շարունակել նրա սկսա՞ծը։ Եվ ինչո՞ւ։ Որպեսզի ապրենք այս փառահեղ պալատո՞ւմ, ոսկեզօծ կահ-կարասու մե՞ջ, զուգվինք-զարդարվինք, բալեր ու պարահանդեսնե՞ր այցելենք։ Ոչ, ոչ, ես չեմ կարող և չեմ ուզում անել այդ։ (Անցնում է դեպի ձախ

ՌՈԶԱԼԻԱ․ (Ատելությամբ և գրգռված)։ Տա-տա, տա-տա, ի՛նչ քաջն ես եղել։ Ես չգիտեի։ Դու կատարյալ հերոսուհի ես։

ԲԱԳՐԱՏ․ (Զգալով, որ շատ հափշտակվեց)։ Մարգարիտ, ես հարգում եմ քո գաղափարները, բայց մի՛ հափշտակվիր։ Մտածի՛ր, ինչ մթնոլորտումն ենք ապրում։ Մեր հասարակության մեջ քո արածը ոչ ոքին չի հիացնիլ, ընդհակառակը, շատերը քեզ կհամարեն հիմար։

 
ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես հասարակության համար չեմ անում, այլ իմ խղճի համար։

ՌՈԶԱԼԻԱ․ (Կատաղի)։ Զզվում եմ այդ տեսակ ֆրազյորներրից։ (Բագրատին)։ Զուր ես աշխատում նրան բան հասկացնել։ Նրա վրա միայն ուժը կարող է ազդել։ Խլիր նրա ձեռքից այդ թղթերը, պրծավ գնաց։

ԵՐԱՆՈԻՀԻ․ (Երևում է սեղանատան դռների մեջ

ԲԱԳՐԱՏ․ (Նույն մեղմ տոնով)։ Գոնե վաղը մի՛ հանձնիր։ Սպասիր մի քանի օր, միասին խորհրդակցենք։ Դու խելոք ես, չես կամենալ մեզ մեր թշնամու ձեռքը գցել։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ահա մեր մայրը, թողեք, տեսնենք, նա ինչ է ասում։


ՏԵՍԻԼ 4

ՆՈԻՅՆՔ, ԵՐԱՆՈԻՀԻ, հետո ԶԱՐՈԻՀԻ

ԵՐԱՆՈԻՀԻ. +(Առաջ է գալիս, ձեռքերը ծոցը դրած, տխուր)։ Այսքան տարի այդ մարդու արարքները թաքցրի երեխաներիցս, աստծուն է հայտնի ինչ տանջանքներով։ Գիշեր-ցերեկ մտածել եմ այդ բանի մասին։ Ժամանակ-ժամանակ բերան եմ բաց արել խոսելու, խոսքս կտրել է գոռոցով։ Լռել եմ ու կրակս ներսումս պահել։

ՄԱՐԳԱՐԻՏ․ +Լսո՞ւմ եք։

ԲԱԳՐԱՏ․ +Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ։

ԵՐԱՆՈԻՀԻ․ +(Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես։ Հայրդ իր հոգին ծախել է սադայելին։ Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին։ Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված։ Նա ասում էր․ «Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից»։ Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել։ Բագրատ, Բագրատ, ինը տարի է այդ մարդը գերեզմանից անիծում է մեզ։ }}

 

ԲԱԳՐԱՏ․ (Գրգռված)։ Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում։

ԵՐԱՆՈԻՀԻ․ Ախ, մի՛ խոսիր եղբորս պես, մեղք է։ Մենք ամենքս պարտական ենք ահեղ դատաստանի առաջ։ Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել հորդ հեռացնել չար ճանապարհից։ Ես դողում եմ սարսափից։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել)։ Ոչինչ, մայրիկ, հանգստացի՛ր։ Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի։

ԵՐԱՆՈԻՀԻ․ (Ձեռքով հուսահատական շարժումն է անում)։ Է՜էհ, որ մեկը…

ԶԱՐՈԻՀԻ․ (Ներս է մտնում սեղանատնից)։ Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են։

ԲԱԳՐԱՏ․ Ա՜հ, այդ երևույթն էլ։ Ես մոռացա, որ կարգադրիչ եմ։

ՌՈԶԱԼԻԱ․ Դե, գնանք, շատ ուշացանք։

ԲԱԳՐԱՏ․ (Մոտենում է Մարգարտին)։ Հույս ունեմ, որ մինչև առավոտ միտքդ կփոխես։

ՄԱՐԳԱՐԻՏ․ (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում է նրա պարանոցին)։ Մայրի՜կ, ինչ լավ սիրտ ունես։

ԵՐԱՆՈԻՀԻ․ (Շոյելով նրա գլուխը)։ Արի, աղջիկս, դու ես իմ միակ մխիթարությունը։ Դրանք ուրիշ հոգի ունեն, օտար են ինձ համար (Համբուրում է

ԲԱԳՐԱՏ․ Ատելով ատում եմ այդ տեսակ սանտիմենտալ տեսարանները։ (Դուրս է գալիս նախասենյակի դռներով
 
ՌՈԶԱԼԻԱ․ Պսիխոպատկա (Հետևում է եղբորը

ԶԱՐՈԻՀԻ․ (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ


ՏԵՍԻԼ 5

ՄԱՐԳԱՐԻՏ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՍՈԻՐԵՆ

ՍՈԻՐԵՆ․ +(Դուրս է գալիս ձախ կողմի դռներից)։ Գնա՞ց, վերջապես, եռանդուն կոմերսանտը, ճարպիկ սպեկուլյանտը, աստառը շուռ տված ամերիկացին։ Կեցցե՛ս, Մարգարիտ։ Ես այնտեղից բոլորը լսում էի։ Մամա, այս անգամ անառակ որդիդ քեզ հետ համաձայն է։ Տուր ձեռդ համբուրեմ։ Այսօր ես տեսնվեցի Օթարյանի հետ։ (Մարգարիտին): Թույլ կտա՞ս խոսել մայրիկի ներկայությամբ։ }}

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես մայրիկից գաղտնիք չունեմ։


ՍՈՒՐԵՆ․ Պետք է խոստովանած, որ ջենտլմեն տղա է։ Ես լավ չէի ճանաչում նրան։ Այսօր շատ հավանեցի։ Նա ասում է․ «Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ, միայն թե Մարգարիտը չդադարի ինձ սիրել»։ Լսո՞ւմ ես, պետք է մեծ սիրտ ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին ժառանգությունից։ (Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում)։ Կորի՛ր, ի՞նչ ես ականջ դնում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան։

ՍՈՒՐԵՆ․ Ե՞ս։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ։ Ես նրան ասացի. «Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է։ Նա քեզանից զոհաբերություն չի ընդունիլ։ Դու վեհանձնությամբ նրանից գերազանցել չես կարող»։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Շնորհակալ եմ։

ՍՈՒՐԵՆ․ Սրանով էլ վերջացավ մեր բանակցությունը։ Այժմ լսեցեք իմ կարծիքը, ախար, чёрт его дери, ես էլ ընտանիքի անդամ եմ։ Եթե ապացուցված է, որ մեր հայրը զրկել է Օթարյանին, ամենքս պարտավոր ենք պահանջել, որ նա զրկվածներին բավարարություն տա։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Մայրիկ, լսո՞ւմ ես ինչ է ասում։

ՍՈՒՐԵՆ․ Էհ, ի՞նչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին։ Նա ինձ վրա խաչ է դրել։ Ես շառլատան եմ․ փչացած։ Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան կհամաձայնվեմ, որ մարդիկ երեսիս ասեն․ «Դու կողոպտիչի որդի ես»։ Այս մեկն արդեն վճռված է և ստորագրված։ (Սիգար է վառում

ԵՐԱՆՈԻՀԻ․ Խելքս քեզանից բան չի կտրում։ Համ այդ ես ասում, համ էլ ինքդ կողոպտում ես հորդ։

ՍՈՒՐԵՆ․ Աա՜, դու մուրհակների մասի՞ն ես ակնարկում։ Մամա, աստված վկա, ես չեմ հնարել այդ բանը, այլ քեռիս, քո պատվարժան եղբայրը։ Նա, օօ՜ , նա Շեյլոկի խնամին է։ Նա ինձ պարտք է տալիս միայն այն պայմանով, որ մեկին հինգ—տասը ստանա հորս մահից հետո։ Բայց ագահությունը երբեմն մարդուն հիմարացնում է։ Այժմ իմ պատվարժան քեռին վախենում է, որ հայրիկից շուտ կճանապարհվի ի վերին Երուսաղեմ։ Մամա, մի նեղանար, եղբայրդ մարդ չէ, այլ գայլի ախորժակից և աղվեսի խորամանկությունից կազմած վինեգրետ։ Իսկ ես թեև անառակ եմ, բայց ջենտլմեն եմ։ Երևի Բագրատն ինձ վախկոտ անվանեց։ Իբր թե ապտակ եմ կուլ տվել։ Ուզո՞ւմ ես իմանալ, ինչու եմ կուլ տվել։

ԵՐԱՆՈՒՀԻ․ Ես չեմ ուզում լսել այդ բաները, չեմ ուզում։


ՍՈՒՐԵՆ․ Ոչ, այս մեկը լսի՛ր։ Ես ապտակը ստացել եմ մի շատ պատվական կնոջ պատճառով։ Եթե կուլ չտայի պիտի կռվեի, եթե կռվեի, այդ կինը պիտի խայտառակվեր։ Լսիր, ինչպես պատահեց։
 
ԵՐԱՆՈՒՀԻ․ (Ականջները փակելով)։ Չեմ ուզում լսել, չեմ ուզում։

ՍՈՒՐԵՆ․ Դե լավ, թող մնա։ Լսեցի՞ր։ Մարգարիտ, հայրիկը պարտավոր է իր անունն ազատել խայտառակությունից։ (Ժամացույցին նայելով) Օ՜, տասևկեսն է, ես շոգիացա…
 
ԵՐԱՆՈՒՀԻ․ Էլի ո՞ւր ես գնում կես գիշերին, անառակ…

ՍՈՒՐԵՆ․ Աստղերն ուսումնասիրելու։ Առլովան ինձ սպասում է։ Արևիդե՜րչի։ (Գնում է նախասենյակի դռներով, երգելով

ՄԱՐԳԱՐԻՏ․ Տեսա՞ր, մայրիկ, շառլատան որդիդ ավելի ազնիվ է դատում, քան խելոքը։

ԶԱՐՈՒՀԻ․ (Սեղանատան դռներից)։ Խոհարարը հարցնում է, ընթրելո՞ւ եք։

ԵՐԱՆՈԻՀԻ․ Ես չեմ ուզում։ Ահ, էլի գլխացավս բռնում է։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Ես էլ չեմ ընթրելու։ (Զարուհին գնում է)։ Մայրիկ, գնա, պառկիր, քո ներվերը բոլորովին քայքայվել են։ Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել, գլուխս պտտում է անքնությունից։ (Համբուրվում է մոր հետ և անցնում իր սենյակը)։

ԵՐԱՆՈՒՀԻ․ (Նայելով նրա հետևից թախծալի)։ Երանի դու ինձանից բախտավոր լինես։ Ա՜հ… (Անցնում է սեղանատուն


ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

Դուրս են գալիս աջ կողմից առաջին դռներից, երբ Երանուհին արդեն բոլորովին հեռացել է։

ԱՆԴՐԵԱՍ․ Փառք աստծու, վերջապես, ցրվեցին։ Այո՛, գիշերն ավելի լավ է, քան ցերեկը։ Մթությունը մեղքի ընկերն է։


ՍԱՂԱԹԵԼ․ (Տերողորմյայի հատիկները մեկ-մեկ գցելով)։ Խեր, շառ, աստված։ Խեր, շառ, աստված։ Խեր, շառ, աստված։ Խե՛ր։ Ինչքան գցում եմ, խեր է գալիս։

ԱՆԴՐԵԱՍ․ Բայց սիրտս ասում է, որ լավ բան չենք մտածել անելու։
 
ՍԱՂԱԹԵԼ․ Ավելի վատ կլինի, եթե չանես։ Բացատրել ես, խնդրել ես, աղաչել ես, չի եղել, ճա՞րդ ինչ։ Խոմ չես կարող պատիվդ թողնել թշնամուդ ձեռքում։

ԱՆԴՐԵԱՍ․ Զանգակ տուր, տեսնենք ինչ են անում։

ԱԱՂԱԹԵԼ․ Ձայն-ձուն չի լսվում։ (Մատը սեղմում է էլեկտրական զանգակի կոճակին՝ որ գտնվում է աջ պատի առաջին դռների մոտ։ Բեմի հետևից լսվում է զանգակի թույլ հնչյունը

ԱՆԴՐԵԱՍ․ Քեզ համար ինչ, դու քո բանը դրստեցիր։ Լավ կուրտաժ է իմ մեղքն ինձ ծախելու համար — հինգ հարյուր սաժեն տափ։

ՍԱՂԱԹԵԼ․ Ես քեզ խնդրեցի՜, աղաչեցի՜, որ ինձ այս գործին խառնես։

ԱՆԴՐԵԱՍ․ Դե լա՛վ։ (Զարուհուն, որ ներս է մտել սեղանատնից) Ո՞վ կա սեղանատանը։

ԶԱՐՈՒՀԻ․ Ոչ ոք։

ԱՆԴՐԵԱՍ․ (Կեղծ բարկանալով)։ Բաս ինչո՞ւ ես ճրագները վառել։ (Զարուհին ուզում է գնալ)։ Խանումդ ի՞նչ է անում։

ԶԱՐՈՒՀԻ. Հենց հիմա պառկեց։ Էլի գլխացավը բռնել է։


ԱՆԴՐԵԱՍ. Պրծանք, այդ էր պակաս։ Կանչիր այստեղ Մարգարիտին։

ԶԱՐՈՒՀԻ. Նա քնած է։

ԱՆԴՐԵԱՍ. Քնա՞ծ։ Այդպես շո՞ւտ։ Լա՛վ, գնա՛։ Մենք կլուբ ենք գնում, ասա՛ խանումիդ։ Դու էլ կարող ես հանգստանալ։ Ես ինքս դռները կփակեմ։ Հարկավոր չես։ Հանգցրո՛ւ սեղանատան ճրագները, դուք տնտեսություն ասած բանը չգիտեք։ Կարծես ես փող եմ կտրում կամ մարդ կողոպտում, որ ամեն ինչ շռայլում եք։ Գնա՛։

ԶԱՐՈՒՀԻ. Գնում է սեղանատուն։ Փոքր անցած, այնտեղ տիրում է մթություն։

ՍԱՂԱԹԵԼ. Մեկը հիվանդ է, մյուսը քնած, աստված ինքն է օգնում քեզ։

ԱՆԴՐԵԱՍ. Ահ մի՛ հիշիր այս րոպեին աստծու անունը։ Նա ավելի կբարկանա մեզ վրա։ Հըմ, լավ էր, չէ՞, որ ասացի, թե կլուբ ենք գնում։ Տես, ով կա նախասենյակում։ (Սաղաթելը նայում է դեպի նախասենյակ)։ Դռները կողպիր։ (Հուշիկ քայլերով մոտենում է Մարգարտի սենյակի դռներին և ականջ դնում։ Նայում է իր գրպանի ժամացույցին և վերադառնում բեմի կենտրոնը)։

ՍԱՂԱԹԵԼ (Նախասենյակը նայելուց հետո դռները ծածկել է) Այնտեղ ոչ ոք չկա։ Ավելի հարմար ժամանակ չէիր կարող ընտրել։ (Տերողորմյան դնում է գրպանը)։ Ինչի՞ մասին ես մտածում։

ԱՆԴՐԵԱՍ. Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ մի ահ է գցում։ Ծածկի՛ր սեղանատան դռները։ (Սաղաթելը ծածկում է)։ Կարծես, այնտեղից աչքեր են նայում մեզ։ Մոտս կաց։ (Նստում է բազկաթոռներից մեկի վրա

ՍԱՂԱԹԵԼ. (Գալով բեմի առաջ) Է՛հ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ։

ԱՆԴՐԵԱՍ. (Կիսաձայն) Արե՛լ։ Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես եղել։ Է՛հ, էլի հորդ կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առջև։ Նա ասում էր․ «Չարը չարության ճանապարհում կկորչի»։

ՍԱՂԱԹԵԼ․ Էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու։


ԱՆԴՐԵԱՍ. Հիսունուվեց տարեկան մարդ եմ, Սաղաթել, գլխովս հազար ու մի փորձանք է անցել։ Երդում եմ կոտրել, միամիտներ եմ խաբել, խեղճեր եմ գռփել ու կողոպտել, երեք անգամ կաշառքով ազատվել եմ դատաստանից, բայց երբեք այս դրության մեջ չեմ եղել։ Ինչի՞ցն է այս, Սաղաթել։ Այ, տե՛ս, սառը քրտինքը պատեց մարմինս։

ՍԱՂԱԹԵԼ. Վաղն այս ժամանակ կհաշվես ու կտեսնես, որ մոտ յոթ հարյուր հազար ռուբլու կալվածք է մնացել ձեռքումդ։

ԱՆԴՐԵԱՍ. Ագահություն, աչքածակություն, ուրիշ ոչինչ։

ՍԱՂԱԹԵԼ. Էհե՛, դու սկսում ես դատողություններ անել։ Շտապի՛ր, գիշերն անցնում է։

ԱՆԴՐԵԱՍ. Չկարծես, թե միայն փողի համար եմ անում, Սաղաթել։ Ոչ, այլ այդ լակոտին խրատելու համար։ (Վեր է կենում

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե։ Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ…

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրնտելով) Գոռո՛զ, ամբարտավա՜ն։ Ուզում է ինձ խեղդել, ինձ, որ կարող եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս։ Աա, եթե ձեռքս ընկնին թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով եմ ես… Սուս, այդ ի՞նչ ձայն է։

ՍԱՂԱԹԵԼ. Ես ոչինչ ձայն չեմ լսում։

ԱՆԴՐԵԱՍ. Դեհ, Անդրեաս, մի թուլանար, ամոթ է։ Այս մեկն էլ։ Ինչ որ լինելու է այն պիտի լինի։ (Զգույշ քայլերով անցնում է Մարգարիտի սենյակը

ՍԱՂԱԹԵԼ․ Գայլը մտավ գառների փարախը — կասեր հայրս։ (Մոտենում է սեղանատան դռներին և լույսը հանգցնում։ Բեմում տիրում է խավար)։ Այսպես լավ է, ինձ չեն տեսնիլ։ (Լռություն։ Սեղանատնից լսվում է ժամացույցի տասնումեկ զարկը)։ Հիմա ես էլ եմ վախենում։ Երկարատև լռություն։

ԱՆԴՐԵԱՍ. (Երևում է դռների մեջ. չափազանց այլայլված է, դողում է, բայց ուրախ է։ Ձեռում ամուր բռնած է թղթերի մի ծրար։ Լռություն։ Հետո շշնջյունով) Սաղաթե՜լ։

ՍԱՂԱԹԵԼ․ Այստեղ եմ։ (Սենյակը նորից լուսավորում է


ԱՆԴՐԵԱՍ. (Առաջ է գալիս)։ Ահա նրա հոգին։ Ահա ինձ քնից ու հանգստությունից զրկողը։ Հարստությունս, անունս, պատիվս, յոթ հարյուր հազարի փրկությունը։

ՍԱՂԱԹԵԼ. Դե, գնանք, հեռանանք այստեղից։

ԱՆԴՐԵԱՍ. Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ։ (Ծրարը զննում է)։ Իսկ և իսկ։ Ինչպես լավ հաջողվեց։ Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած։ Բանալիները բարձի տակ էին։ Վերցրի ու… ձայն չե՞ս լսում․ (Ծրարը շտապով դնում է գրպանը

ՍԱՂԱԹԵԼ․ (Անհանգիստ) Լսում եմ։ Հեռանանք։

Փողոցից լսվում է ոստիկանական շվոցի ձայն։

ԱՆԴՐԵԱՍ. Աա , ոստիկանները գող են բռնում։ Երևի, խեղճերից մեկը, քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր։ Սուս հեռանանք։

ՍԱՂՍԹԵԼ. (Մոտենում է աջ կողմի առաջին դռներին, մի վայրկյան կանգ է առնում և անհետանում

ԱՆԴՐԵԱՍ. Հետևում է նրան։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս գիշերային սպիտակ հագուստով, նայում է աջ ու ձախ այլայլված, նկատում է հորը, որ այդ պահին արդեն դռների մոտ է։ Ուժգին ցնցվում է ու ճչում թույլ)։ Հայրի՜կ։ (Մի քանի քայլ առաջ է վազում և բարձր ճչում) Հայրի՜կ։

ԱՆԴՐԵԱՍ. Դռների միջից սարսափահար հետ է նայում և անհետանում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հեկեկալով ընկնում է հատակի վրա։


Վարագույրն իջնում է հանդարտ


ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի բեմը։ Վաղ երեկո է։ Գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագներ։ Գրասենյակի դռները բաց են։ Այնտեղ ոչ nք չկա։

Վարագույրը բարձրանալիս՝ ձախ կողմի գրասեղանի քով նստած է Բագրատը և դիտում է իր գործարանի հաշիվները։ Սեղանի մոտ կանգնած է Կարինյանը և բացատրություններ է տալիս։

Դեպի աջ, Անդրեասի գրասեղանի քով, նստած է Սաղաթելը, ոտը ոտի վրա դրած և հանդարտ տերողորմյա է գցում։


ՏԵՍԻԼ 1

ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ և ԿԱՐԻՆՅԱՆ

ԲԱԳՐԱՏ. Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի․ մեքենաների համար վճարված է քսան և յոթ հազար երկու հարյուր։ Ընդհանուր գումարն է ծախքերի՝ երեք հարյուր տասներկու հազար… (Մեկուսի) Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ։ Ա՜հ։ (Վեր է կենում) Թաքցրո՛ւ այս հաշիվը առայժմ հայրիկից։ Հին վաճառականները սարսափում են համարձակ ձեռնարկություններից։ Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է։

ՍԱՂԱԹԵԼ. Ինձ համար էլ այդպես է. քիչ լինի, նաղդ լինի։ (Տերողորմյան տրորում է ձեռների մեջ և հոտ քաշում


ԲԱԳՐԱՏ. Խանութպանի սկզբունք։ (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ։

ԿԱՐԻՆՅԱՆ. (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել…

ԲԱԳՐԱՏ. Ձեր ռոճիկի մասի՞ն։ Գիտեմ։ Լավ, լավ, կմտածեմ։

ԿԱՐԻՆՅԱՆ. Վեց ամիս է միևնույնն եք ասում։ Հարյուր ռուբլի ամսականը իմ տաժանակիր աշխատանքի համար շատ չնչին վարձ է։

ԲԱԳՐԱՏ. Բավական մեծ վարձ է, եթե համեմատենք ձեր չնչին կրթության հետ։ Մեր ժամանակում գնահատվում է միայն տաղանդը և գիտությունը։

ԿԱՐԻՆՅԱՆ. Իսկ երկար տարիների բարեխիղճ և ազնիվ ծառայությունը ոչի՞նչ։

ԲԱԳՐԱՏ. Լավ, հեռացե՛ք։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ աշխատում են ինձ բան սովորեցնել։ Ցտեսություն։

ԿԱՐԻՆՅԱՆ. (Գնում է գրասենյակ դժկամակ դեմքով։ Մի փոքր անցած այնտեղ տիրում է մթություն


ՏԵՍԻԼ 2

ԲԱԳՐԱՏ և ՍԱՂԱԹԵԼ

ԲԱԳՐԱՏ. +(Անհամբեր) Քեռի, այժմ ասա տեսնեմ, ի՞նչ նորություն կա։

ՍԱՂԱԹԵԼ. +Գոհություն աստծու, ամեն բան կարգին է։ (Հանդարտ ոտքի է կանգնում, ուղղելով արխալուղի փեշերը

ԲԱԳՐԱՏ. +Օթարյանն եկե՞լ է այստեղ։

ՍԱՂԱԹԵԼ. +(Ուսերը վեր քաշելով) Ես ինչ գիտեմ, խոմ պահապան չեմ։ (Սկսում է ծանր քայլերով անցուդարձ անել

ԲԱԳՐԱՏ. +Անհրաժեշտ է իմանալ, տեսնվե՞լ է նա Մարգարիտի հետ։

ՍԱՂԱԹԵԼ. +Կարող է տեսնված լինել, կարող է չլինել, աստծու բանն է։

ԲԱԳՐԱՏ. +Ես չեմ կարողանում ամբողջ օրը Մարգարտին հանդիպել։ Չգիտեմ ինչու, նա փակվել է իր սենյակում և ոչ ոքի չի ընդունում։ }}

ՍԱՂԱԹԵԼ. Աստծու բանն է։


ԲԱԳՐԱՏ. Առհասարակ այսօր մեր տանը տարօրինակ տրամադրություն է տիրում։ Նկատեցի՞ր, հայրիկը որքան փոխված էր ճաշի ժամանակ։ Ես երբեք նրան այդպես անկապ խոսելիս չեմ տեսել։ Նա սովորականից ավելի էր գինի խմում։ Այդ արթուն մարդը, կարծես ուզում էր դիտմամբ հարբել։

ՍԱՂԱՑԵԼ․ Աստծու բանն է։

ԲԱԳՐԱՏ. Քե՞զ ինչ է պատահել չեմ հասկանում։ Այսօր շատ շուտ-շուտ ես հիշում աստծու անունը։

ՍԱՂԱԹԵԼ․ Ես աստծուն միշտ հիշում եմ։ Դու էիր, որ ուզում էիր ինձ շեղել նրա ճանապարհից քո ուսումնական բացատրություններով։

ԲԱԳՐԱՏ. (Կանգ է առնում և նայում նրան խորը, խորը) Դու ինձ հանդիմանո՞ւմ ես։ Այդ վատ չէ, վատ չէ։ Ես ինքս պատրաստվել էի քեզ մի թեթև նախատինք տալու։

ՍԱՂԱԹԵԼ․ Նախատինք տալո՞ւ։ Ի՞նձ։ Ինչո՞ւ համար, ի՞նչ եմ արել։

ԲԱԳՐԱՏ. (Մոտենալով, ձեռը դնում է նրա ուսի վրա և կես բարեկամաբար, կես լուրջ)։ Արի, պատվելի քեռի, խոստովանիր, որ դու շատ կցանկանայիր համոզվել, որ (Ձեռը դեպի երկինք բարձրացնելով) այնտեղ ոչինչ չկա։

ՍԱՂԱԹԵԼ. Յանի, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր։

ԲԱԳՐԱՏ. Ուզում եմ ասել, պատվելի քեռի, որ քեզ նման մարդկանց համար շատ ձեռնտու է ոչ այնտեղ (Ձեռը բարձրացնում է դեպի երկինք) երկյուղ ունենալ և ոչ այստեղ։ (Ձեռը խփում է Սաղաթելի սրտին

ՍԱՂԱԹԵԼ. Իսկ դո՞ւ ինչ ես, դո՞ւ։ Դո՞ւ ումից և ինչից ես վախենում, անհավատ։

ԲԱԳՐԱՏ. Ե՞ս։ Ահա (Ձեռը զարկում է իր ճակատին) թե ինչիցն եմ վախենում։ Իմ միակ աստվածը բանականությունն է։ Հիմա, քեռի, դառնանք գործնականին։ Ասա, տեսնեմ, քսանուհինգ տարվա ընթացքում որքա՞ն ես գողացել Էլիզբարյաններից։

ՍԱՂԱԹԵԼ․ (Ցնցվում է և վիրավորված ձևանում) Ի՞նչ, գողացե՞լ։ Հարբա՞ծ ես, ի՞նչ է։


ԲԱԳՐԱՏ. (Սառն լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում։ Լսիր, քեռի, հորս հարստահարել ես, ներել է, այդ իր հաշիվն է, իսկ ես.… ես խոնարհաբար խնդրում եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր պահես։

ՍԱՂԱԹԵԼ. Տեր աստված, տեր աստված, այս տղան գժվել է։

ԲԱԳՐԱՏ. Մի քիչ առաջ, երբ քննում էի գործարանիս հաշիվները, նկատեցի, որ քո ձեռքով գնված նյութերը մեկով մեկ ավելի թանկ են նստել։ Ծախքերի համար արդարացուցիչ փաստեր չես ներկայացրել։ Ինչ որ էլ ներկայացրել ես, կեղծ է։ Մի խոսքով, բավական վերադիր ես արել։ Ես գիտեմ, որ քո արածը սովորական բան է գործակատարների համար, բայց իմ վերաբերմամբ զգույշ կաց։

ՍԱՂԱԹԵԼ. (Վրդովված՝ զանազան խոշոր շարժումներ է անում, կարծես պատերին բողոքելով) Այստեղ մտիկ արեք, սրան, սրա՜ն, չի ամաչում, իր հարազատ քեռուն գող է անվանում։ Եվ երկինքը չի որոտում, պատերը ձայն չեն հանում։ Վա՜յ մեզ, վա՜յ մեր օրին։

ԲԱԳՐԱՏ. Էէ՜, թող այդ բոշայական ձևերը։ Նրանք ինձ խաբել չեն կարող։ Ես քեզ կրկին անգամ խնդրում եմ, ձեռներդ մաքուր պահիր։ Ես արթուն մարդ եմ և վրիժառու, մորս եղբորն անգամ չեմ խնայիլ։

ՍԱՂԱԹԵԼ. Անամոթ, չի էլ կարմրում ասածներից։


ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ՍՆԴՐԵԱՍ

ԱՆԴՐԵԱՍ. (Գալիս է ձախի դռներից։ Ներքուստ անհանգիստ է, բայց աշխատում է անդորր ձևանալ) Հիմա ի՞նչ անենք, Սաղաթել։ Կարծեմ վատ չի լինի գնալ կլուբ և մի պույլկա պրեֆերանս խաղալ։ Վաղուց է չեմ եղել այնտեղ։ Հը՜մ, ի՞նչ կասես, պարոն ինժեներ։


ԲԱԳՐԱՏ․ Շատ ուրախ եմ, որ ուզում ես հասարակության մեջ երևալ։ Կլուբ չգնալդ չար լեզուներին հազար ու մի բամբասանքի նյութ է տալիս։ Բայց ես զարմանում եմ, որ այդպես հանգիստ ես։

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ չպիտի հանգիստ լինեմ։ Փառք ասածո։ Խոմ տունս կրակ չի ընկել կամ վեքսելներս պրոտեստ չեն անում։ (Անհանգիստ նայում է դեպի այն դռները, ուսկից դուրս է եկել

 
ԲԱԳՐԱՏ. Երեկ դու այդպես չէիր խոսում։

ԱՆԴՐԵԱՍ. Երեկը երեկ էր, այսօրը — այսօր։ Սաղաթել, այդ տերողորմյան տուր ինձ։ (Սաղաթելը տալիս է) Էհ, փառք քեզ աստված, մեծ է քո ողորմությունը։ (Նստում է իր գրասեղանի մոտ

ԲԱԳՐԱՏ. Հայրիկ, ուրեմն, դու այլևս չե՞ս վախենում Օթարյանից։
 
ԱՆԴՐԵԱՍ. (Ծիծաղում է նյարդային, արվեստական ծիծաղով) Հի՛, հի՛, հի՛, լսեցի՞ր Սաղաթել։ Ասում է Օթարյանից չե՞ս վախենում։ (Որդուն) Ո՞վ է Օթարյանը։ Ե՞րբ եմ ես նրանից վախեցել կամ ումի՞ց եմ վախեցել։ Անդրեաս Էլիզբարովը վախեցող պտուղներից չէ։ (Դարձյալ նայելով ձախի դռների կողմը) Սաղաթել, տես ով կա այն սենյակում։ (Բագրատին) Հիմար բաներ ես խոսում։

ՍԱՂԱԹԵԼ․ (Նայել է ձախ դռներով դեպի ներս) Այստեղ ոչ ոք չկա։

ԱՆԴՐԵԱՍ․ Աչքիս մեկն երևաց սպիտակ հագուստով, երկայն մազերով։ Ծածկիր այն դռները։ Օթարյան — չէ, շուն, կատու, մուկ, խլեզ։

ԲԱԳՐԱՏ. (Ուշադիր դիտել է հորը) Զարմանում եմ։ Երեկ դու համարյա սարսափում էիր Օթարյան անունից, այսօր ծաղրում ես նրան։ Իսկ ես, ընդհակառակը, երեկ նրան արհամարհում էի, այսօր չեմ կարող։

ԱՆԴՐԵԱՍ. Այդ քո գործն է։ Ինչ ուզում ես, արա։ Դեհ, Սաղաթել, գնո՞ւմ ենք կլուբ, թե չէ։

ՍԱՂԱԹԵԼ. (Համաձայնության նշան է անում

ԲԱԳՐԱՏ. Երեկ երեկոյան ես Մարգարիտի մոտ տեսա և կարդացի այն թղթերը, որոնց գոյությունը քեզ հայտնի է։ Եթե Մարգարիտն այդ թղթերը վերադարձրել է Օթարյանին, չգիտեմ ինչպես կարելի է հանգիստ լինել։

ԱՆԴՐԵԱՍ․ Դու կարող ես այդ մասին չմտածել։ Գործարանդ կիսատ չի մնալ։


ԲԱԳՐԱՏ. (Ուրախացած) Ինչպե՞ս, հայրիկ, բացատրի՛ր, չէ՞ որ գործը որքան քեզ, նույնքան էլ ինձ է վերաբերում։
 
ԱՆԴՐԵԱՍ․ (Վրդովված) Դադարելու ես, թե՞ չէ։ Գլուխս տրաքացրիր։ Ես այսօր տրամադրություն չունիմ այդ մասին խոսելու։

ԲԱԳՐԱՏ․ (Տարակուսանքով նայում է նախ նրան, ապա Սաղաթելին) Ոչինչ չեմ հասկանում։ Պետք է անպատճառ տեսնվել Մարգարտի հետ։ Ես կգնամ և ուժով էլ լինի՝ կմտնեմ նրա սենյակը։ Այստեղ մի բան կա, որ ինձանից թաքցնում եք (Գնում է ձախ դռներով


ՏԵՍԻԼ 4

ԱՆԴՐԵԱՍ և ՍԱՂԱԹԵԼ

ԱՆԴՐԵԱՍ. Ա՜հ։ (Նյարդային թափով տերողորմյան ձգում է, սեղանի վրա և վեր է կենում) Քիչ էր մնում բերանիցս խոսք թռցնեի։ Չի լինում, ինչքան աշխատում եմ հանգիստ ձևանալ, չեմ կարողանում։


ՍԱՂԱԹԵԼ. Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը։ Դժվարն այսօր է, էգուց, հետո կմոռանաս, կգնա։

ԱՆԴՐԵԱՍ․ Այդ աղջկա կերպարանքը կես գիշերին, սարսափած դեմքը, ձայնը… Ես մինչև գերեզման չեմ մոռանալ։

ՍԱՂԱԹԵԼ. Երեխա ես, ուրիշ ոչինչ։ Դու այն ասա — ուրիշները չիմանան, թե չէ՛ Մարգարիտն ի՜նչ։ Նա աղջիկդ է, կների քեզ։

ԱՆԴՐԵԱՍ․ (Անցուդարձ անելով) Մի՛ ասա, չես իմանում ինչ եմ զգում։ (Ցնցվելով) Տես, ով կա գրասենյակում, ձայն լսեցի։
 
ՍԱՂԱԹԵԼ (Նայում է) Ոչ ոք չկա։ (Դռները ծածկում է, հետո տերողորմյան վերցնում)։

ԱՆԴՐԵԱՍ. Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում։ Ի՞նչ կմտածի հիմա իր հոր մասին։ Նա երևի, ամոթից տանջվում է։ «Հայրիկ», որ գոռաց սարսափից ոտներս թուլացան, քիչ էր մնում դռների մոտ ընկնեի։ Սաղաթել ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է ինձ շուքի պես և վերջը պիտի բռնի օձիքս և ասի. «Հաշիվ տուր, ես քո դատավորն եմ»։ Ի՞նչ պիտի ասեմ։ Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր կոկորդում, կտեսնես…

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ կգցես։ Պետք է սառը լինել, այնումն էլ չգցես։ Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել, այն ժամանակ արածդ քեզ ոչինչ կերևա։ (Լռություն) Հա՛, քանի միտդ է խոստումդ կատարիր։ Մի փոքրիկ թուղթ տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այս ինչ տեղում բաշխում ես ինձ։


ԱՆԴՐԵԱՍ. Անաստվա՛ծ, դու հենց քո մասին ես մտածում։ Ագա՜հ։

ՍԱՂԱԹԵԼ. (Հեգնաբար) Ագա՜հ, քսանից մեկն է ինձ տալիս, էլի ես եմ ագահը։

ԱՆԴՐԵԱՍ. Լավ, հետո կտամ։

ՍԱՂԱԹԵԼ. Ոչ, ոչ, հիմա, հետո կուրանաս։ Ես քեզ ճանաչում եմ։

ԱՆԴՐԵԱՍ. (Կատաղելով) Հետո, ասում եմ։

ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նրան սուր և խորհրդավոր հայացքով) Դո՛ւ գի՛տես։

ԱՆԴՐԵԱՍ. (Հասկանում է նրա միտքը) Աա՜, սադայել, դու հորդ գերեզմանն էլ տակնուվրա կանես մի ոսկու համար։ (Մոտենալով գրասեղանին)։ Տուր ինձ մի կտոր թուղթ։

ՍԱՂԱԹԵԼ. Ես արդեն ինքս գրել պատրաստել եմ, մնում է ստորագրես։ (Հանում է իր գրպանից մի գրած թուղթ և տալիս է նրան

ԱՆԴՐԵԱՍ. (Թուղթը կարդալով) Սատանա, նոտարիուսի պես է գրել։ Հինգ հարյուր սաժեն։ Քաղաքի կենտրոնում ամենալավ տափերիցս մեկը։ Շատ է, այսքանը չեմ կարող տալ։

ՍԱՂԱԹԵԼ. (Սառն) Խոստացել ես։


ԱՆԴՐԵԱՍ. Շատ է ասում եմ։ Կեսը նվիրելու եմ քաղաքային ուսումնարանի համար։ Վաղուց են խնդրում ինձ այդ մասին։

ՍԱՂԱԹԵԼ․ Լավ բարեգործություն է, ուրիշի հաշվով։ Ստորագրի՛ր։

ԱՆԴՐԵԱՍ. Շատ է, ասում եմ։

ՍԱՂԱԹԵԼ. (Սառնությամբ ձեռը մեկնելով, որ թուղթը վերցնի) Դո՛ւ գիտես։ Ես կարծում էի, որ ազնիվ վաճառականն իր խոսքի տերը պիտի լինի։

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Աա, գազա՜ն։ (Ստորագրում է

ՍԱՂԱԹԵԼ. (Թուղթը վերցնում է, կանխապես ստորագրությունը ցամաքիչով չորացնելով, և ծոցը դնում) Շնորհակալ եմ։ Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել։ Դե լավ, քիչ մտածիր։ Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը։ Իսկապես, ի՞նչ ես արել։ Մի քաղցած գայլի ատամները հանել ես — պրծավ գնաց։ Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե Էլիզբարովը նրա հորը կողոպտել է։ Փաստեր կպահանջենք։

ԱՆԴՐԵԱՍ. (Ականջ է դրել ուշադիր այնպիսի դեմքով, որից երևում է, թե շատ ցանկանում է համոզվել) Այո՛, փաստեր կպահանջենք։ Թող այժմ գնա դատարան։ Այժմ ես եմ նրա դատավորը։ «Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ, հաստատիր, բե՜ր ապացույցներ և ժառանգությունդ ստացիր»։ Նա ապացույցներ չունի, հա՛, հա՛, հա՛, չունի, կորել են, անհետացել։ Եվ ես կթքեմ նրա երեսին. վրեժս կառնեմ։ Օ՜օօ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել։ (Բաց է անում բանալիով գրասենյակի արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին։ (Հանում է ծրարը և նայում) Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում։

ՍԱՂԱԹԵԼ. Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում։

ԱՆԴՐԵԱՍ. Օ՜օ, այնպիսի մի խարույկ սարքեմ, որ քեֆդ գա։ Բայց դեռ թող մնա այստեղ, թող տեսնեմ, կշտանամ։ (Թղթերը հետ է դնում) Մտե՛ք այստեղ։ Անդրեաս Էլիզբարովի ձեռքից Գաբրիել հրեշտակապետն էլ չի կարող ձեզ ազատել։ Էհ, այժմ ումիցն եմ վախենում։ Իմ աղջկանից։

ՍԱՂԱԹԵԼ. Նա երբեք քեզ չի մատնիլ։


ԱՆԴՐԵԱՍ. (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ա՜հ, ոտքի ձայն լսեցի։ Տես ո՞վ է գալիս։ Պետք է սառնարյուն լինել…

ՍԱՂԱԹԵԼ. (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել) Նա է։ (Դեպի նախասենյակ) Համեցե՛ք… (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին


ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ և ՕԹԱՐՅԱՆ

ՕԹԱՐՅԱՆ. (Ներս է մտնում անհանգիստ դեմքով, գլուխ է տալիս Անդրեասին թողնելով Սաղաթելին։ Վերարկուով է)։ Ներեցեք, որ ձեզ անհանգստացնում եմ։ Ասացեք, ի սեր աստծու, ի՞նչ է պատահել ձեր տանը։ Ինձ ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը, հանկարծակի հիվանդ են։


ԱՆԴՐԵԱՍ. Շնորհակալ ենք, պարոն, որ այդպես մտածում ես մեր մասին։ Բայց մեր տանը հիվանդ չկա։ Ուրի՞շ։

ՕԹԱՐՅԱն. Պարոն Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան արդեն հայտնի է ձեզ։ Չեմ թաքցնիլ, ինձ համար Մարգարտի առողջությունը թանկ է։ Ահա երրորդ անգամն է այսօր գալիս եմ, ինձ չեն ընդունում ասելով, թե հիվանդ է։ Այդ ինձ վախեցնում է։ Անկրկնելի է, որ Մարգարիտը թեթև տկարության պատճառով ինձ չընդունի։ Անշուշտ նա շատ ծանր հիվանդ է։

ԱՆԴՐԵԱՍ. (Հեգնաբար) Սաղաթել, լսո՞ւմ ես։ Մագրը տանջվում է։ Հանգիստ կաց, պարոն, իմ աղջիկր հիվանդ չէ, միայն երևի չի ուզում քեզ ընդունել։ Սաղաթել, կարծեմ, ժամանակ է կլուբ գնալու։

ՍԱՂԱԹԵԼ. Իհարկե։ (Նշան է անում Անդրեասին, որ իրան սառն պահի

ԱՆԴՐԵԱՍ. Էէ՜, մնաս բարով, պարոն սիրահար։ Մեզ ներիր, գործ ունենք։ Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ։ Բագրատը տանն է, կարելի է նա քեզ ընդունի։ (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար)։

ՕԹԱՐՅԱՆ. (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան) Զարմանալի է, բոլորովին անհասկանալի…


ԱՆԴՐԵԱՍ. (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն փիլիսոփա։

ՕԹԱՐՅԱՆ. Ձեր խոսակցության եղանակը, ձեր դեմքի հեգնական արտահայտությունը, ձեր սառնությունը։

ԱՆԴՐԵԱՍ. (Տաքանալով) Բաս ինչպես կհրամայես խոսեմ, տղաս, հըը՞։ Ուզում ես, որ վիզս ծռեմ, վախենամ, աղաչեմ, պաղատեմ։ (Լուրջ և խիստ) Հերիք է։ Դու չհասկացար պատիվդ։ Ես խոնարհվեցի քրիստոնեաբար, դու գլխիս նստեցիր։ Համբերությունն էլ չափ ունի։ Այժմ կարող ես գնալ ուր ուզում ես. իմ տան դռները քեզ համար փակ են։

ՍԱՂԱԹԵԼ. (Առանձին Անդրեասին) Մի տաքանար, լավ չէ։

ՕԹԱՐՅԱՆ. (Հուզված և ապշած մի քանի վայրկյան լուռ նայում է) Ահա թե ինչ։ Ուրեմն, կաշկանդված լեզվի կապերը քանդվե՜լ են։ Ուրեմն երեկվա օրն այստեղ մոռացվե՞լ է։ Այսօր իմ առջև փակում եք այն դռները, որոնց երեկ բաց էիք անում կրունկների վրա։ Ասացեք, պարոն Անդրեաս, դուք ինձ ուզում եք վիրավորել իսկապես, թե՞ կատակ եք անում։

ԱՆԴՐԵԱՍ. Ես գյադա-գյուդաների հետ կատակ չեմ անում։

ՍԱՂԱԹԵԼ. Անդրեաս, Անդրեա՜ս…

ԱՆԴՐԵԱՍ. (Վրդոված) Թո՛ղ ինձ, բավական է ինչքան երես տվեցի լակոտի մեկին։

ՕԹԱՐՅԱՆ. (Կատաղի) Պարո՜ն…

ԱՆԴՐԵԱՍ. Գոռա՛ որքան ուզում ես։ Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա, բայց աստծուն չի հասնիլ։ Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել։ «Դուք ինձ օգնելով, ինձ վիրավորել եք։ Ես ինքնասեր մարդ եմ, տանջվել եմ։ Դուք իմ փողերով եք ինձ որդեգրել։ Ձեր հարստության կեսն իմն է։ Տվեք։» Անպատկառ։ Ահա վեց ամիս է ես զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախորժակից։ Քո տարածած սուտ լուրերը տանջում էին ինձ գիջեր-ցերեկ։ Քո պատճառով մարդիկ սկսել էին համարել գող և քիչ էր մնում երեսիս թքեին։ Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու պատիվս ոտնատակ էին լինում։ Այժմ… այժմ բավական է։ Դու սպառնում ես ինձ դատի կանչել։ Համեցե՛ք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ։ Իսկ իմ տան դռները փակ են քո առջև և հավիտյան չեն բացվիլ։

ՍԱՂԱԹԵԼ. (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է։


ՕԹԱՐՅԱՆ. (Լսել է մերթ զարմացմամբ, մերթ վրդովվելով, մերթ իրան զսպելով) Եվ այդ համարձակ լեզվով խոսողը Անդրեաս Էլիզբարյա՞նն է։ Նա, որ աշխատում էր ինձ մի քանի հազար ռուբլով կաշառել, որպեսզի ես հրաժարվի՞մ արդար պահանջից։ Դուք ինձ մինչև անգամ ծաղրո՞ւմ եք։ Դուք ինձ վռնդում եք ձեր տնից, ինչպես մի փողոցային սրիկայի՞։ Ինչո՞ւ։ Որովհետև ես մինչև այսօր խնայել եմ ձեզ՝ հանուն ձեր աղջկա սիրուն։ Ասացե՛ք, այդ ինչ կերպարանափոխություն է։ Ո՞վ կամ ի՞նչը ձեզ ազատեց երեկվա ողորմելի դրությունից։ Ո՞վ ներշնչեց ձեզ այդքան քաջություն։

ԱՆԴՐԵԱՍ. Ես քո սպառնալիքներից մազի չափ չեմ վախեցել։

ՕԹԱՐՅԱՆ. Սուտ եք ասում պարոն։ Դուք ինքներդ այս րոպեիս խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել եմ քնից ու հանգստությունից։ Կնշանակե, դուք համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է կախված։ Զգում էիք, որ բավական է ես ցանկանամ, և դուք կսողաք իմ ոտների տակ։

ԱՆԴՐԵԱՍ. Լի՜րբ… (Հարձակվում է վրեն

ՍԱՂԱԹԵԼ. (Մեջ ընկնելով) Անդրեա՜ս, Անդրեա՜ս. (Լռություն

ՕԹԱՐՅԱՆ. (Բռունցքները սեղմելով, ուզեցել է հարձակվել, բայց զսպել է իրեն) Ոչ, ոչ, չպիտի խելագարվել։ Պետք է իմանալ ինչ է անցել այստեղ։ Ես ոչինչ չեմ կարող ասել։ Հարկավոր է տեսնվել Մարգարտի հետ։ Նա ինձ կասի ճշմարտությունը։ Երկուսից մեկը — կամ ես խաբված եմ այդ աղջկանից, կամ այս մարդը մի զարհուրելի չարագործ է։ Մարգարիտը կբացատրի գաղտնիքը։ Նա պարտավոր է բացատրել։ Ես նրան հավատացել եմ ինչպես երկնային դատավորի։ Ես կտեսնվեմ նրա հետ թեկուզ մահվան անկողնում լինի։ (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ)։

ԱՆԴՐԵԱՍ. (Սաղաթելին) Հրամայի՛ր ծառաներին, որ ներս չթողնեն նրան։


ՕԹԱՐՅԱՆ. (Կանգ առնելով) Զգուշացե՛ք , պարոն, ապա թե ոչ՝ ձեզ հետ կկորչի և ձեր աղջիկը։ (Շտապ անցնում է նախասենյակ

ԱՆԴՐԵԱՍ. (Բարձր ձայնով) Վարդա՜ն, դո՛ւրս արեք նրան, դո՛ւրս։ (Դիմում է նախասենյակի կողմը

ՍԱՂԱԹԵԼ․ (Բռնում է նրա թևից) Համբերիր, մարդ աստծու, համբերիր։ Լավ մտածիր, ինչ ես անում։

ԱՆԴՐԵԱՍ. (Մի կերպ ուշքի գալով) Ճշմարիտ ես ասում, ես չպիտի տաքանայի։ Տե՛ս, որտեղ գնաց։

ՍԱՂԱԹԵԼ. (Նայում է նախասենյակի դռներով) Դռները բաց արին։ Բագրատը խնդրում է նրան ներս մտնել։

ԱՆԴՐԵԱՍ. Ի՞նչ պիտի անենք, եթե Մարգարիտը հայտնի նրան։

ՍԱՂԱԹԵԼ. Վկան ես չե՞մ, մարդ աստծու, ոչ տեսել եմ, ոչ լսել։


ՏԵՍԻԼ 6

ԱՆԴՐԵԱՍ, ՄԱՐԳԱՐԻՏ և ՍԱՂԱԹԵԼ

Հետո առանց Սաղաթելի

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դուրս է գալիս ձախից և կանգ է առնում դռների առջև։ Գունատ է, դեմքի վրա երևում են անքնության և հոգեկան տանջանքների հետքեր


ԱՆԴՐԵԱՍ. (Տեսնելով նրան, ուժգին ցնցվում է, բայց և արագությամբ իշխում է իրան

Մի քանի վայրկյան պատկերավոր լռություն։

ԱՆԴՐԵԱՍ. (Կանգնած է բեմի մեջտեղում

ՄԱՐԳԱՐԻՏ. (Կանգնած է ձախ դռների մոտ և չի նայում հորը

ՍԱՂԱԹԵԼ. (Անցել է բեմի աջ կողմը և տերողորմյան ձեռին նայում է առաստաղին


ՄԱՐԳԱՐԻՏ.(Ուզում է խոսել, բայց նեղված է Սաղաթելի ներկայությունից) Քեռի, մայրիկը կարծեմ ուզում էր քեզ տեսնել։

ՍԱՂԱԹԵԼ․ (Մեկուսի) Ցանում է ինձ։ (Հանդարտ քայլերով անցնում է աջից դեպի ձախ և դուրս է գալիս ձախ դռներով։ Ճանապարհին հատակի վրա տեսնելով ինչ-որ թուղթ, վերցնում է և դնում Բագրատի սեղանի վրա

ՄԱՐԳԱՐԻՏ. (Սաղաթելին ճանապարհ դնելով, դռները հետևից ծածկում է

ԱՆԴՐԵԱՍ. Լսեցի հիվանդ ես, ինչո՞ւ ես վեր կացել։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Այնքան կլանված է իր մտքերով, որ գրեթե չի լսում) Հայրիկ, նա եկավ ինձ տեսնելու, չկարողացա նրան ընդունել։ Երրորդ անգամն է գալիս այսօր, ես փախչում եմ նրանից։ Հայրիկ, տո՛ւր ինձ միջոց նրան պարզերես հանդիպելու։

ԱՆԴՐԵԱՍ. Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Դողդոջուն ձայնով, բայց հաստատ) Ազնվություն։
 
ԱՆԴՐԵԱՍ. Ես այն եմ, ինչ որ կամ, ոչ ավելի, ոչ պակաս։ Դու չես կարող ինձ խրատել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Մի՛ տանջիր ինձ, հայրիկ, ես չեմ կարող դիմանալ քո անպատվությանը։

ԱՆԴՐԵԱՍ. Եթե անպատիվ բան էր, ինչո՞ւ ինձ ստիպեցիր անել։
 
ՄԱՐԳԱՐԻՏ. Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել։

ԱՆԴՐԵԱՍ. (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ։ Ոչ, ընդհակառակը, դու ուզում էիր ինձ ավելի խայտառակել։ Դու ուզում էիր ինձ զոհել քո… սիրականին։
(Վերջին բառը արտասանում է վիրավորական շեշտով

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ մի՛ ասա այդ բանը, մի՛ ասա։

ԱՆԴՐԵԱՍ. Ինչպես չասեմ, նրան ճանաչելու օրից հարազատ ծնողիդ մոռացել ես։ Նրա մի համբույրը քեզ համար ավելի թանկ է, քան իմ պատիվը։

ՄԱՐԳԱՐԻՏ. Երդվում եմ մեր գերդաստանի անունով, որ սխալվում ես։ Չեմ թաքցնում, ես սիրում եմ Օթարյանին։ Բայց քո պատիվն ավելի եմ սիրել, որովհետև իմ ծնողի ազնվությունն ավելի բարձր է ինձ համար, քան իմ երջանկությունը։


ԱՆԴՐԵԱՍ. Սո՛ւս, անամոթ, մի՛ համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում էիր ինձանից խլել հարստությունս, տալ այդ գյադային, որ հետո միասին ավելի փառավոր ապրեիք։ Քո օժիտը քեզ քիչ էր թվում։

ՄԱՐԳԱՐԻՏ. Կարող եմ երդվել, հայրի՜կ, որ ինքդ էլ չես հավատում քո ասածին։ Դու շատ լավ գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել։

ԱՆԴՐԵԱՍ. (Ծաղրով) Իհարկե, դու այս աշխարհից չես, քեզ մայր չի ծնել։ Բավական է, դու սիրտ չունես, դու ատում ես ինձ, դու իմ թշնամին ես։

ՄԱՐԳԱՐԻՏ. Շատ լավ, թող այդպես լինի։ Բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք քեզ չի սիրել այնչափ, որչափ ես։

ԱՆԴՐԵԱՍ. Ինչո՞ւ ես եկել գլխիս, ասա կարճ, կտրական։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հե՛տ տուր ինձ այդ թղթերը, հե՛տ տուր։

ԱՆԴՐԵԱՍ. (Կծու ծիծաղ) Հա՛ հա՛ հա՛, հե՛տ տուր։ Անդրեաս Էլիզբարով, լսո՞ւմ ես, տուր սուրդ թշնամու ձեռը, վիզդ ծռիր, որ նա կտրե։ Չէ, որդի, փառք աստծու, դեռ չեմ գժվել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՛ ծաղրիր իմ տանջանքը․ ես չեմ կարող դիմանալ։

ԱՆԴՐԵԱՍ. (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, աա՞, ի՞նչ թղթեր։ Ես ոչ մի թուղթ չեմ տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա՛ բանիդ։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ձեռները ջարդելով) Աստված իմ…

ԱՆԴՐԵԱՍ. Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ…

ՄԱՐԳԱՐԻՏ. Կյանքս կտայի, եթե երազ լիներ։ Երբ լսեցի բանալիների ձայնը, արթնացա և լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը, չհավատացի աչքերիս։ Մի քանի րոպե, սարսափից քարացած, դիտում էի արարքդ։ Ախ, այն ի՛նչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ քայլերով, և ես հետևեցի քեզ։ Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ դատավճիռը։ Դա ինձ համար կայծակի հարված էր։ (Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը զսպել)։

ԱՆԴՐԵԱՍ. Երազ չէ, բաս ինչ է։ Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել։ Քեռիդ վկա է…


ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ։ Սիրտս վկայում է, որ այդ թղթերը պետք է քո գլխին մի փորձանք բերեն։

ԱՆԴՐԵԱՍ. Դե, հերիք է, համբերությունս մի կտրիր, ես սկսում եմ կատաղել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Աա՜, այլևս քո սպառնալիքներից չեմ վախենում։ Իմ ամենամեծ պատիժը երեկվա քո արածն էր։

ԱՆԴՐԵԱՍ․ (Կատաղած) Դե դո՛ւրս, դո՛ւրս, անպատկառ։ Դու կարող ես ինձ որդեսպան դարձնել։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՞թե չես մտածում, որ ես կարող եմ քո գողությունը պատմել բոլորին, առանց քեզ խնայելու։

ԱՆԴՐԵԱՍ. Մինչև բերանդ բաց անելը, ես այդ հանդուգն լեզուդ տակահան կանեմ և կշպրտեմ շներին։ Դե՛հ, կորի՛ր, քանի որ սատանան ինձ չի հաղթել։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Հուսահատ) Աստված իմ, ի՞նչ անեմ։ Նա սիրտ չունի։ Հայրիկ, սիրելի թանկագին ծնող, տո՛ւր ինձ այդ թղթերը։ Այսօր ես պարտավոր եմ նրանց վերադարձնել իրենց տիրոջը։ Ես ազնիվ խոսք եմ տվել։ Նա այնտեղ, հյուրասենյակում սպասում է։ Ես փախա նրանից, ինչպես գող։ Տո՛ւր, եթե մազի չափ հարգում ես քո աղջկա պատիվը։

ԱՆԴՐԵԱՍ. Անե՜ծք քեզ, չար սադայել։ Ասում եմ քեզ, որ իմ մոտ ոչինչ չկա։

ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել։ Ես քիչ եմ խոսել, բայց շատ եմ մտածել և զգացել։ Ես պատրաստ եմ կյանքս զոհել պատվիդ համար, բայց պատիվս արատավորել հարստությանդ համար — չեմ կարող, անզոր եմ։ Դու պետք է ազատես ինձ խայտառակությունից։ Այդ քո պարտքն է, որովհետև դու հայր ես։ Տո՛ւր ինձ իմ պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ կարող։

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Հեռացի՛ր, աղջիկ, արյունս գլխովս է տալիս։


ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, չեմ հեռանալ, մինչև որ չստանամ այդ թղթերը։ Զրկիր ինձ մի կտոր հացից, վռնդիր փողոց։ Ես պատրաստ եմ քո վերջին գործակատարի աղախինը դառնալ, պատրաստ եմ դռնե դուռն ընկնել, ողորմություն մուրալ, բայց գող հռչակվել, ոչ, այդ չեմ կարող։ Նա ազնիվ է, նա ինձ էլ ազնիվ է համարում։ Նա իմ մասին շատ մեծ գաղափար ունի։ Եվ հանկարծ գող նրա աչքո՜ւմ։ Ոչ, ոչ, հայրիկ, դու բարի ես, խելոք ես, դու այդ թույլ չես տա։ Տե՛ս, հայրիկ, ես չոքում եմ քո առջև։ (Չոքում է) Խղճա ինձ, խնայի՛ր ինձ։ Քեզանից է կախված իմ կյանքը։ Լա՛վ լսիր, կյանքս եմ ասում։ Մի՛ արա, հայրիկ, այդ բանը, մի՛ արա, գողությունը սոսկալի հանցանք է։

ԱՆԴՐԵԱՍ. (Կռվել է ինքն իր հետ) Վեր կաց, ամոթ է, ներս կմտնեն, կտեսնեն։

ՄԱՐԳԱՐԻՏ. Ոչ, ոչ, ես վեր կկենամ միայն պատիվս հետ ստացած։ Տեսնո՞ւմ ես, խիղճդ արդեն տանջում է քեզ։ Մի՛ դարձնիր երեսդ, երդվում եմ, երբեք քեզ չեմ դատապարտիլ, երբե՛ք, ոչ մի խոսքով, ոչ մի ակնարկով։ Կպապանձվեմ և կհարգեմ քեզ առաջվա պես։ Ես գիտեմ, որ դու մոլորվել ես և այժմ զղջում ես։ Հայրիկ, տուր ինձ այդ թղթերը։

ԱՆԴՐԵԱՍ. (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս բերեցիր։ (Մոտենում է գրասեղանին, արագ բաց անում արկղը և ծրարը հանում

ՄԱՐԳԱՐԻՏ. (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ. ես գիտեի, որ դու բարի ես, որ քո չարությունը կեղծ է։ Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս…

ԱՆԴՐԵԱՍ. Հը՛մ, ձե՛ռք վերցրու։ Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի։ Ի՜նչ արած, դու համառ ես։ (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց տեղը։

ՄԱՐԳԱՐԻՏ․ Քարսի՜րտ, այդ ի՞նչ ես անում։ (Ճչալով հարձակվում է, որ խանգարի


ԱՆԴՐԵԱՍ. (Չի թողնում նրան վառարանին մոտենալ) Կա՛ց, եթե ոչ քեզ էլ կգցեմ այնտեղ։ Ահ, վերջապես, ազատվում եմ ձեզանից։ Վառեցեք, մոխիր դարձեք, դուք շատ եք այրել իմ սիրտը։

Կռիվ երկուսի մեջ։

ՄԱՐԳԱՐԻՏ. Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ։ Դու ինձ ես այրում, ինձ։ Բա՛ց թող, բա՛ց թող։ (Ուզում է կծոտել հոր ձեռները) Ա՜հ, ես թուլանում եմ, ուժ չունիմ։ Լսիր, ես կգոռամ, կկանչեմ բոլորին այստեղ, որ տեսնեն քո ավազակությունը։ Թող։ (Ազատվելով հոր ձեռքից, մոտենում է վառարանին)։ Ահ, այլևս ուշ է։ Այրվեցին, կորավ ամեն ինչ։ (Բարձրաձայն) Այստե՛ղ եկեք, Ռոզալիա, Բագրատ, ամենքդ եկեք, տեսեք ինչ է կատարվում այստեղ։ Հայրն այրեց իր աղջկա պատիվը։ Ա՜հ, կորավ ամեն ինչ։ (Թուլացած ընկնում է աթոռի վրա։ Լռություն) Բայց թող այդպես լինի։ (Քայլերն ուղղում է դեպի ձախ դռները։ Հանդիպում է Օթարյանին, որ գալիս է նույն դռներից, ցնցվում է և անշարժ մնում

ԲԱԳՐԱՏ. (Ներս է մտնում նույն դռներից, Օթարյանից քիչ հետո


ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ, ՕԹԱՐՅԱՆ և ԲԱԳՐԱՏ

ԱՆԴՐԵԱՍ. (Ձեռները մեջքին դրած, կանգնած է դեպի ձախ


ՕԹԱՐՅԱՆ. Վերջապես, տեսա քեզ։ Դու հիվանդ չես և փախչում ես ինձանից։ Լսիր, հայրդ ինձ անպատիվ արավ և դուրս վռնդեց իր տնից։ Ես համարվում եմ ստոր մարդ, որ ուզեցել եմ խաբեբայությամբ կորզել նրա հարստությունը։ Ցույց տուր նրան իմ թղթերը։ Ցույց տուր իսկույն, ես այսպես եմ կամենում։ Ես ստորացած եմ, անպատված։ Ցույց տուր այդ ապացույցները։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Լուռ, գունատ, դողդոջուն, և անշարժ կանգնած է պատի տակ

ՕԹԱՐՅԱՆ. Ահա և եղբայրդ։ Այժմ նա ուրիշ լեզվով է խոսում։ Այստեղ մարդկանց դերերը փոխվել են։ Երեկ հայրդ էր ուզում ինձ կաշառել, այսօր — եղբայրդ։ Գոնե բացատրիր, ինչ է պատահել։ (Լռություն) Աա՜, դու լռո՞ւմ ես, ձայն չե՞ս հանում, կանգնած ես դատապարտյալի պե՞ս։ Երդվում եմ հորս հարստահարված գերեզմանով, կամ դուք եք խելագարվել, կամ ես։ (Մարգարտին) Ասա, այդ ի՞նչ դավադրություն է։ Չէ՞ որ ես քեզ ընտրեցի դատավոր։ Ո՞ւր են իմ ապացույցները։ Բե՛ր այստեղ։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Երկար տատանվելով) Չգիտեմ։


ՕԹԱՐՅԱՆ. Դեհ, լսո՞ւմ ես, Մարգարիտ, գնա, բեր այն թղթերը։

ՄԱՐԳԱՐԻՏ. (Մեռելային սառնությամբ) Ես այրեցի այն թղթերը։ Ահա այնտեղ։ (Ցույց է տալիս վառարանը, երկարատև տանջանքով լի մի հայացք է ձգում հոր վրա և թույլ քայլերով հեռանում է ձախ դռներով)։


ՕԹԱՐՅԱՆ․ (Միաժամանակ մոտենում են վառարանին)
ԲԱԳՐԱՏ.


ԲԱԳՐԱՏ. (Նայում է, փակում է վառարանի դռներն և ուրախություն արտահայտում


ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ առանց ՄԱՐԳԱՐԻՏԻ, հետո ՍԱՂԱԹԵԼ և ՍՈԻՐԵՆ

Պատկերավոր տեսարան

ՕԹԱՐՅԱՆ. (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին) Այրե՞լ է։ Ուրեմն, այդ մի որոգա՞յթ էր ինձ համար։ Մարգարիտը դաշնակից մի ավազակի։ Ոչ, այդ անկարելի բան է։ Կասկածել նրա ազնվության մասին, կնշանակե հայհոյել սրբությունը։ Նա սուտ ասաց։ նա իրան զրպարտեց։ Այստեղ մեղավորն ուրիշ է։ (Անդրեասին) Արդարացրեք ձեր աղջկան, ապա թե ոչ ես նրան կվիրավորեմ։


ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում ձախ դռներից)։

ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնանք կլուբ։ (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ)։

Բեմի հետևից լսվում է ատրճանակի խուլ պայթյուն։


ԲՈԼՈՐԸ. (Ցնցվում են

ՍԱՂԱԹԵԼ. Այդ ի՞նչ էր (Վազում է հետ ձախ դռներով

ԲԱԳՐԱՏ. (Հետևում է Սաղաթելին)


ԱՆԴՐԵԱՍ․ (Քարացել են):
ՕԹԱՐՅԱՆ․


ՍՈՒՐԵՆ. (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված։ Տատանվում է։ Լռություն) Մարգարիտն իրեն սպանեց։


ԱՆԴՐԵԱՍ. (Մռնչում է, ձեռը զարկելով զլխին) Ա՜հ, որդեսպա՜ն։

ՕԹԱՐՅԱՆ. Աա, այդ դո՞ւ ես այրել։ Գազա՜ն։ (Ուզում է հարձակվել Անդրեասի վրա

ՍՈՒՐԵՆ․ (Մեջ է ընկնում) Կա՛ց, նա արդեն պատժված է։ (Նայում է հորը կատաղությամբ և զզվանքով

ՕԹԱՐՅԱՆ. Մարգարի՜տ, Մարգարի՜տ (Հեկեկալով վազում է դեպի ձախ և անզորացած հենվում դռներին


Վարագույրն իջնում է հանդարտ։

  1. Աջ ու ձախը ընդունել հանդիսականների կողմից։