Պարույր Հայկազն

Նվեր
Բրիսլավի համալսարանի պրոֆեսոր և իմ բարեկամ՝
ԱՆԴՐԵԱՍ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ


ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ

(ՊՐՈԵՐԵՍԻՈՍ)


Ա

Չորրորդ դարում, երբ Հայաստանից շատ մանուկներ դիմում էին Աթենք ուսում առնելու, այդ քաղաքի ետ ընկած փողոցներից մեկում, փոքրիկ խրճիթի մեջ, ապրում էր մի երիտասարդ։ Նա բնակվում էր խրճիթի ստորին ամենաանշուք սենյակներից մեկում, ուր օդի և լույսի պակասությունը տալիս էր նրան գերեզմանի նմանություն։ Ոչինչ կարասիք չկար այդ գետնափոր նկուղի մեջ, հարդով ծածկված էր նրա խոնավ հատակը և մի քանի հնամաշ կապերտներ ծառայում էին և՛ որպես անկողին, և՛ որպես սփռոց։ Պատուհաններում երևում էին մագաղաթյա գրչագրներ, կաշյա հաստ կազմերով։

Սենյակը նեղ էր։ Նրա անձկությունը ավելի անտանելի էր դառնում, որովհետև երիտասարդը մի ընկեր ևս ուներ։ Նրան կոչում էին Հեփեստիոն, իսկ ինքը կոչվում էր Պրոերեսիոս։

Քաղաքի այն թաղը, ուր կենում էին երկու երիտասարդները, բնակեցրած էր այնպիսի աղքատ ժողովրդով, որոնք միայն օրեկան աշխատանքի, օրեկան հացի համար են մտածում, այդ պատճառով նրանց շատ չէր հետաքրքրում երիտասարդների մտավոր պարապմունքը, և չգիտեին անգամ, թե դրանք ինչով էին պարապում։

Միայն իրանց արտաքին կերպարանքով երիտասարդները գրավում էին հարևանների ուշադրությունը։ Պրոերեսիոսը ուժեղ էր, վայելչակազմ և դեմքով գեղեցիկ։ Նրա կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է, որ ութն ոտք բաըձրություն ուներ և իր ժամանակի ամենաբարձրահասակ տղամարդերի մոտ դարձյալ կարող էր իբրև հսկա ներկայանալ։ Որի ընդհակառակն, Հեփեստիոնը միջակ հասակ ուներ, գունաթափ և հիվանդոտ դեմք։

Երկու երիտասարդները այն աստիճան սիրում էին միմյանց, որ նրանց մեջ բնակվում էր մեկ սիրտ, մեկ հոգի և մեկ կամք։ Չնայելով, որ նրանք երկու միմյանց հակառակ ազգությունների էին պատկանում, բայց գիտության գաղափարը եղբայրացրել էր նրանց։ Պրոերեսիոսը հայ էր, իսկ Հեփեստիոնը՝ հույն։ Երկուսն էլ ուսանողներ էին։

Պրոերեսիոսի հայկական անունը Պարույր էր. ես էլ այս անունով պիտի կոչեմ նրան։

Հոգով միացած լինելով, երկու ուսանողները միասին բաժանում էին և իրանց դառն աղքատությունը։ Բացի մի վերարկուից և պատմուճանից, երկուսն էլ դրսում հագնելու համար ուրիշ հագուստ չունեին։ Այդ վերարկուն և պատմուճանը հերթով հագնում էին նրանք, երբ մեկը գնում էր դասախոսություն լսելու, իսկ մյուսը ստիպված էր տանը մնալ։ Հարևանների ծիծաղին չափ չկար, երբ հերթը Հեփեստիոնին էր հասնում, երբ փոքրիկ Հեփեստիոնը, կոլոլված բարձրահասակ Պարույրի վերարկուի և պատմուճանի մեջ, շտապում էր դեպի ճեմարան։

Տան տիրուհին, որը մի բարի արհեստավորի կին էր, շատ գոհ չէր երիտասարդ ուսանողներից։ Այդ դժգոհությունը առաջ էր գալիս ոչ թե այն պատճառից, որ նրանք ամիսներով իրանց բնակարանի վարձը վճարել չէին կարողանում,— այլ առավելապես նրանից, որ շատ անգամ, գիշերները, նրանց ստորերկրյա նկուղից լսելի էին լինում օտարոտի ձայներ, որպես թե մեկր ոգևորված, բորբոքված ճառախոսում է, իսկ մյուսը նրան նույնքան բորբոքված կերպով նկատողություններ է անում, կամ հարցեր է առաջարկում։ Ճառախոսությունները երբեմն տևում էին ամբողջ գիշերներ, և մինչև լույս անընդհատ կերպով թնդեցնում էին մթին նկուղի անձուկ մթնոլորտը։ Սնահավատ տան տիրուհին նրանց խելագարների տեղ էր դնում, կարծում էր, թե ոգիների հետ են խոսում և միշտ տրտնջում էր, թե իր երեխաները վախենում են, և քնել չեն կարողանում։ Երիտասարդները թեև խոստանում էին, որ այլևս ձայն չեն բարձրացնի, բայց իրանց խոստմունքը կատարել չէին կարողանում։ Ոգևորությունը անզսպելի է։ Նրանք ճարտասանական մարզությունների ժամանակ միշտ մոռանում էին իրանց շրջապատը։ Այսպես, պատերազմելով կյանքի և աղքատության հետ, երիտասարդ ուսանողները մի քանի տարիներ անցկացրին փիլիսոփայության և ճարտասանության մայրաքաղաքում, մինչև Պարույրը յուր զարմանալի հառաջադիմությամբ գրավեց իր վարժապետի, կապադովկացի Հուլիանոսի ուշադրությունը, որը տեսնում էր իր աշակերտի մեջ խիստ փայլուն ապագա։

Երբ Հուլիանոսը Աթենքից հեռացավ, շատերը աշխատում էին նրա ամբիոնր ժառանգել։ Առաջարկվեցան հինգ ընտրելիներ։ Մրցությունը սաստիկ էր. Աթենքը մի քանի կուսակցությունների էր բաժանված և յուրաքանչյուր կողմը աշխատում էր իր կանդիդատի ընտրությունը հաջողեցնել։ Ամենավատն այն էր, որ այդ ժամանակ հռոմեական կառավարությունը մտցրել էր գիտության ազատ տաճարի մեջ իր ճնշող և ամեն հառաջադիմություն ոչնչացնող ձեռքը։ Այդ պատճառով ավելի շատ ընդունելություն էին գտնում ոչ թե ճշմարիտ գիտնականները, այլ քսուները, կեղծավորները, որոնք շողոքորթում էին կառավարության հաճույքները։ Այդ կետից նայելով, արդարամիտ և անկաշառելի Պարույրի ընտրությունը բոլորովին անհուսալի էր։

Բայց Պարույրը կայսրության գավառներում և նահանգներում մեծ հռչակ ուներ։ Եվ որովհետև նահանգներից ևս բազմաթիվ մանուկներ էին ուղարկում Աթենք ուսանելու, այդ պատճառով նահանգներն ևս ձայնի իրավունք ունեին։ Արևելքի մեծ մասը ընտրում էր Եպիփանոսին, Արաբիան՝ Դիոփանտեսին, իսկ Պարույրի համար ձայն էին տալիս բոլոր Պոնտացիք և Բյութանիա, Հելլեսպոնտոս և Ասիայի այն մասը, որ Կարիայեն տարածվում է մինչև Լիդիա, Պամփյուլիա և Տավրոսի լեռներր։ Այդ կողմերում Պարույրը ընդարձակ ժողովրդականություն ուներ։ Հեփեստիոնը յուր ընկերի հետ մրցություն անել չկամեցավ, նա ասպարեզը թողեց Պարույրին և ինքը հեռացավ Աթենքից։ Պարույրի ընտրությունը հաջողվեցավ, և հայկազն հռետորը, իր տոկուն աշխատությամբ, մթին նկուղից բարձրացավ Աթենքի փիլիսոփայության և ճարտասանության ճեմարանի ամբիոնը։

Մեր հռետորը իր փառքի հետ ժառանգեց և բազմաթիվ նախանձորդներ։ Նրա թշնամի հռետորները ամենաանվայել հնարներով աշխատում էին վնասել նրան։ Պարույրի զորավոր հանճարը և երկաթի հաստատամտությունը միայն կարող էր երկար ընդդիմադրել նրանց ցած դավադրություններին։ Բայց վերջը հակառակությունն այն աստիճան հասավ, որ նրան զրպարտեցին քաղաքական հանցանքների մեջ, և տեղային հռոմեական նահանգապետի հրամանով Պարույրը աքսորվեցավ Աթենքից։

Աքսորանքի դառնության հետ նա նորից սկսեց կրել աղքատության դառնությունը։ Բայց այդ վերջինին վաղուց ընտելացած էր նա։ Նրան տանջում էր միայն անգործության տաղտկությունը։ Նրան աքսորել էին Հոնիական ծովի համարյա անբնակ կղզիներից մեկի մեջ։

Երկար Պարույրը աքսորանքի մեջ նեղություններ էր կրում, մինչև Աթենքի նահանգապետը փոխվեցավ և նրա տեղը նորը նշանակվեցավ։ Այդ ժամանակ հռետորի բարեկամները աշխատեցին աքսորանքից նրան վերադարձնելու, որ և կարողացան հաջողացնել։

Պարույրը Աթենք վերադառնալով, իր բարեկամներից շատերին վախճանված գտավ։ Նրա զգայուն սրտին մեծ ցավ պատճառեց նրանցից երկուսի մահը. մեկը՝ նրա ընկեր Հեփեստիոնն էր, մյուսը՝ նրա բարեկամ Տուսկիանոսը։ Վերջինի կենսագրությունը գրող Սուտիասը «ամենազոր ճարտասան» է անվանում հանգուցյալին, իսկ մեր հայկազն հռետորի կենսագրությունը մեզ ավանդող Եվնաբիոսը ասում է՝ թե «Նա (Տուսկիանոսը) միայն արժան էր Պրոերեսիոս լինելու, եթե Պրոերեսիոսը ողջ չլիներ…»։

Պարույրը Աթենք գնալուց հետո, նրա թշնամիները նորից գրգռվեցան, նորից սկսեցին նրա դեմ որոգայթներ լարել։ Նոր նահանգապետը ստիպվեցավ հրապարակական հանդիսավոր ատյան կազմել և Պարույրին իր հակառակորդների հետ մրցության հրավիրել։ Հանդիսականները հավաքված էին և հակառակ կողմերը ներկա էին։ Մի կողմում Պարույրը, մյուս կողմում մի խումբ հռետորներ։ Մրցության թեման պետք է տար ինքը նահանգապետը, իսկ նրանք հանպատրաստից պետք է ճառախոսեին։ Պարույրի ախոյանները հրաժարվեցան, հայտնելով, թե իրանք առանց նախապատրաստության բան չեն խոսի։ Այդ ժամանակ նահանգապետը դիմեց դեպի հայկազն հռետորը, որը աներկյուղ ամբիոն բարձրացավ և առաջարկեց, որ յուր հակառակորդները ինչ թեմա որ ցանկանում են թող տան։ Նրանք էլ չարամտությամբ մի այնպիսի թեմա տվեցին, որ ոչ միայն անհարմար էր պերճախոսության, այլ գրեթե անհնարին էր հանպատրաստից նրա վրա մի բան խոսել։

Բայց մեր հռետորը չվհատեցավ, նա միայն խնդրեց նշանագրողներին արձանագրել յուր ասածները, որ վերջը վիճաբանության տեղիք չմնա, թե ինքը բոլոր կետերին չէ պատասխանել, և խնդրեց հասարակությանը, որ ծափահարություններով չխանգարեն իրեն։

Ատենախոսությունը այն աստիճան սքանչելի և իմաստալից եղավ, որ ունկնդիրները, հափշտակված նրա ազդու պերճախոսությունից, բոլորովին մոռացան իրանց խոստմունքը, և ոգևորված բացականչություններով ու ծափահարությամբ թնդեցնում էին ամֆիթեատրոնի կամարները։

Նշանագրողները հազիվ կարողանում էին հասցնել նրա խոսքերի հոսանքի հետևից, որոնք առատաբուխ վտակի նման վազում էին նրա շրթունքներից։ Երբ վերջացրեց, հանդիսականները ավելի ոգևորված կեցցեներով բազմիցս ողջունում էին նրան։

Բայց Պարույրը իր զարմանալի սրամտության զորությունը ցույց տալու համար, խնդրեց հանդիսականներից, որ նորից կրկնե յուր ճառը, որպեսզի նշանագրողները համեմատեն իրանց գրվածի հետ, միգուցե մի բան թողած լինի։ Եվ նա սկսեց ամբողջ ճառը առաջին բառից մինչև վերջին բառը անփոփոխ նորից ասել։ Նշանագրողները ոչինչ տարբերություն չգտան, կարծես թե, շատ առաջուց սերտած լիներ այն բոլորը, ինչ որ հանպատրաստից խոսեց նա։

Պարույրը տարավ մրցանակը։ Բազմությունը խնդակցությամբ սեղմեց նրա ձեռքը, անվանելով նրան Հերմես— պերճախոսության աստված։ Նահանգապետը իր սեփական կառքով, զինվորական երաժշտությամբ և հանդիսավոր փառքով տարավ նրան մինչև բնակարանը։

Հայկազն հռետորը իր փառքի օրերը անց էր կացնում միևնույն բնակարանում, ուր անցուցել էր յուր ուսանողական կյանքի դառն աղքատությունը։ Առաջին և այժմյան կեցության մեջ այն զանազանությունը կար միայն, որ Աթենքի պերճախոսության աստվածը փոխանակ նույն խրճթի ստորին նկուղի մեջ ապրելու, այժմ կենում էր նրա վերին հարկում, մի փոքրիկ սենյակի մեջ։ Ապրուստի եղանակը մնացել էր նույնը.— նույն սպարտական խստակեցությունը, նույն չափավորությունը իր ամենապարզ վայելքներով թագավորում էր նրա անշուք բնակարանի մեջ։ Պատմական վերարկուն և պատմուճանը, որը երբեմն հագնում էր ինքը և երբեմն նրա սիրելի ընկեր Հեփեստիոնը, պահվում էր այդ բնակարանում որպես մի թանկագին հիշատակ ուսանողական եղբայրության եռանդոտ և ամեն զոհողությունների համբերող կյանքի։ Այժմ նրա միամիտ տան տիրուհին այլևս դժգոհ չէր, այլևս չէր տրտնջում, բայց մի առանձին հպարտությամբ պարծենում էր իր հարևանների մոտ, որ իր տանը կենում է մի մեծ մարդ։

Նույն օրը, երբ Աթենքի այդ աղքատ թաղի փողոցները որոտում էին բազմության կեցցեներով, երբ Պարույրին հաղթական փառքով տանում էին դեպի իր բնակարանը, ամբոխի մեջ գտնվում էր և մի անծանոթ օտարական։ Նա բոլորովին աննկատելի մնաց խուռն բազմության մեջ, թեև նրա դեմքը, օտարոտի հագուստը բավական աչքի ընկնող էր։

Օրը անցավ, մութը պատեց, աղքատ թաղի փողոցները դատարկվեցան մարդիկներից։ Բայց օտարականը միայնակ դեռ թափառում էր այնտեղ։ Նա մի քանի անգամ մոտեցավ այն խրճթին, ուր բնակվում էր օրվա հերոսը։ Բայց նկատելով, որ դեռ նրա մոտ մարդիկ կան, ներս չմտավ։

Նա շարունակեց ման գալ, մինչև մարդիկը դուրս կգային։ Հարյուր անգամ անցուդարձ արեց փողոցի երկարությամբ և ամեն անգամ մոտենում էր դռանը, ականջը դնում էր նրա ճեղքին, և դարձյալ ձայներ էր լսում։

Օրը սկսել էր լուսանալ, գյուղացիները ավանակներով նպարներ էին տանում դեպի հրապարակը. այդ մարդը դեռ այն փողոցից չէր հեռացել։

Հետևյալ օրվա միջօրեի պահուն, մի նոր բազմություն ուրախաձայն աղաղակներով, դարձյալ դիմում էր դեպի հռետորի բնակարանը։ Օտարականը խառնվեցավ այդ բազմության հետ։— Էլ ի՞նչ կա,— հարցրեց նա մեկից։— Կայսրի հրովարտակն են տանում,— պատասխանեց նա։

Մի փառք մյուս փառքի հետևից։ Կոստանդ կայսրը կոչում էր հռետորին իր մոտ։

Օտարականը այդ լսելով, գլուխը շարժեց և հեռացավ։


Բ

Երկու օր անցել էր, երբ մի գիշեր օտարականը դարձյալ հայտնվեցավ հռետորի խրճիթի դռանը։ Ներսից ձայն չէր լսվում։ Նա սկսեց բախել դուռը։ Սպասավորը պատասխանեց, թե իր տերը շատ հոգնած է, թե այս մի քանի գիշեր է, որ նա ամենևին չէ քնել. մարդիկ նրան հանգստություն չէին տալիս, այժմ պատրաստվում է հանգստանալ, և հրամայել է ոչ ոքին չընդունել։— Ասա՛ քո տիրոջը, որ ես նրա հայրենիքիցն եմ և կընդունե ինձ,— խոսեց օտարականը։

Մի րոպեից հետո, դուռը բացվեցավ և օտարականը ներս հրավիրվեցավ։ Հռետորը առանց ճանաչելու նրան, առանց հարցնելու թե ով է, միայն հայաստանցի լինելը լսելով, հենց իր սենյակի շեմքի վրա գրկախառնվեց նրա հետ։

Օտարականը մի երիտասարդ էր բավական բարձրահասակ, և ամուր կազմված. երկար ժամանակ Եգիպտոսի արեգակի տակ գտնվելով, նրա պայծառ դեմքը ստացել էր պղնձի ախորժելի գույն։ Երկայն գիսակները խիտ գանգուրներով իջել էին մինչև նրա ուսերը, իսկ գլուխը փաթաթած էր ծաղկավոր ապարոշով, որի ծայրերը անփույթ կերպով ձգած էին նրա լայն թիկունքի վրա։ Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր խորին տխրություն, որ արտափայլում էր ամբողջ դեմքի վրա։ Այդ թախծալի տրտմությունը իսկույն նկատեց հռետորը, մանավանդ երբ նա լուռ, առանց մի բառ խոսելու, անցավ և նստեց բազմոցի վրա։

Այդ ի՞նչ էր նշանակում։ Այդ քանի օր էր, որ ամեն ոք խնդակցությամբ էր հանդիպում նրան, ամեն ոք արտահայտում էր իր ջերմ ուրախությունը նրա հաջողության համար, իսկ նրա հայրենակիցը մի բառ անգամ չարտասանեց այդ մասին, որպես թե ոչինչ չէր տեսել, ոչինչ չգիտեր։ Նրա առաջին խոսքը այս եղավ.

— Այստեղ մեզ չե՞ն խանգարի։

— Ի՞նչու համար եք հարցնում,— ասաց հռետորը։

— Ես առանձին խոսելիք ունեմ ձեզ հետ։

— Բայց նախ և առաջ պետք է գիտենամ, թե դուք ո՞վ եք։

Օտարականը ծանոթություն տվեց իր մասին։

— Ես ձեր մասին լսել եմ…— բացականչեց հռետորը, և ուրախությամբ մոտենալով, կրկին անգամ գրկախառնվեցավ նրա հետ։

Երբ միամտացավ օտարականը, որ իրանք միայնակ են, տանեցիք բոլորը քնած են, և մանավանդ իրանց խոսակցության լեզուն այստեղ ոչ ոք հասկանալ կարող չէր, ասաց.

— Գիշերի կեսից անցել է. ժամանակ չկորցնենք, խոսենք ինչ որ պետք է խոսեինք. ես երկար այստեղ մնալու չեմ, առավոտյան պետք է ճանապարհ ընկնեմ։ — Այժմ ո՞րտեղից եք գալիս։

— Հռոմից։ Եգիպտոսից այնտեղ գնացի, հետո այստեղ եկա առ ժամանակ մնալու ղիտավորությամբ, բայց հանգամանքները փոխվեցան… այլևս մնալ չեմ կարող…

— Ի՞նչու։

— Հայրենիքից վատ լուրեր ստացա. շտապում եմ այնտեղ։— Վերջին խոսքերը այնպիսի մի դառնությամբ արտասանեց նա, որ Պարույրի մեջ ևս տխրություն ազդեց։

— Արտասուքի՜ և արյան աշխա՜րհ,— բացականչեց նա,— ե՞րբ է եղել, որ մի մխիթարական լուր լսեինք այնտեղից։

Այժմ հանգամանքները ավելի վատացել են,— խոսեց երիտասարդը,— Վռամշապուհը, հայոց աշխարհի լուսավորության ջահը իր հզոր ձեռքով առաջ տանող թագավորը, վաղուց արդեն վախճանված է։ Նրանից հետո Արշակունյաց գահը փոքր ժամանակներով ժառանգեցին մի քանի աննշան թագավորներ, մինչև ավելի անարժանը, երիտասարդ Արտաշիրը թագավոր դարձավ։ Առաջ դժբախտությունը միշտ դրսից էր գալիս։ Բայց դրա ժամանակ սկսեց ներսից ծագել։ Երիտասարդ թագավորը իր թեթևամիտ վարքով գրգռեց իր դեմ հայոց նախարարների զզվանքը, որոնք ավելի ևս անմիտ գտնվելով, դիմեցին պարսից Վռամ արքային, խնդրելով, որ Արտաշիրին գահընկեց անե և նրա տեղը մի պարսիկ մարզպան դնե Հայաստանը կառավարելու համար։ Պարսից արքայի վաղուց փափագած բաղձանքը հենց այս էր, նա ամենայն սիրով կատարեց նախարարների ցանկությունը։ Մեր Սահակ հոր բոլոր ջանքը ապարդյուն գտնվեցավ նախարարների անմտությունը զսպելու և նրանց հասկացնելու, թե ո՛րքան մեծ չարիք են գործում։ Նրանք Սահակին ևս մատնեցին, և պարսից արքայի ձեռքով զրկեցին նրան կաթողիկոսական աթոռից։ Եվ այսպես, Հայաստանի հաստատության երկու հիմքերը — արքայական գահը և հայրապետական աթոռը — երկուսն էլ կործանվեցան։ Թե Սահակը և թե Արտաշիրը աքսորված են Պարսկաստան։ Մեր անտեր հայրենիքը այժմ մահվան տագնապի մեջ է գտնվում, պետք է օգնություն հասցնել։

— Ի՞նչով,— հարցրեց Պարույրը սառն կերպով։

Երիտասարդը փոխանակ պատասխանելու, իր սուր աչքերով նայեց հռետորի երեսին, կարծես, ուզում էր ասել. միթե դուք չե՞ք իմանում, թե ինչով։

— Ի՞նչով,— դարձյալ կրկնեց հռետորը։— Գնում եք կռվելո՞ւ պարսիկների հետ։

— Ինչո՞ւ չէ, եթե հարկավոր կլինի,— պատասխանեց երիտասարդը հայտնի վրդովմունքով, որ պատճառեց նրա մեջ հռետորի սառնասրտությունը։

Հռետորը նկատելով այդ, ասաց.

— Գնացեք, գովում եմ ձեր եռանդը։

Երիտասարդը ավելի զայրացավ։

— Պարո՛ւյր,— գոչեց նա,— ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրինիքի համար կորած մարդ եք։ Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում և դուք սառնասրտությամբ լսում եք։ Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել։ Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը,— դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի ժամանակ ձեր ծնողների հետ։ Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը։ Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս։

Հռետորը զգացվեցավ։ Երիտասարդը շարունակեց.

— Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով շատ մեծ եք ինձանից։ Բայց մի մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելություն անունով թողեցին հայրենիքը — որոնք ուխտեցին մեր Սահակ հոր և Մեսրոպի առջև գնալ, աշխարհե֊աշխարհ պտտել, և գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել։ Դուք, ես և մեր բոլոր ընկերները ամեն զոհողություններ հանձն առնելով, անցանք Եդեսիա, Անտիոքիա, Բյուզանդիա, Աղեքսանդրիա, Հռոմ և Աթենք, այցելեցինք գիտության բոլոր տաճարները և հագեցրինք մեր ծարավը։ Նպատակի մեծությունը բորբոքեց մեր եռանդր, գաղափարի վսեմությունը մեզ ուժ և զորություն բաշխեց։ Մեզանից ամեն մեկը նշանավոր գտնվեցավ իր ասպարեզի մեջ։ Իմ քեռորդի ընկեր Դավիթը Բյուզանդիայում, Մարկիանոս կայսրի ներկայությամբ, մրցության մեջ, իր անսահման գիտությամբ լռեցրեց բոլոր փիլիսոփաներին և «անհաղթ փիլիսոփայի» անուն ստացավ։ Եզնիկը, Հովսեփը, Ղևոնդը, Կորյունը զարմացրին Մաքսիմիանոս եպիսկոպոսին իրանց բարձր աստվածաբանական հմտությամբ։ Իմ եղբայր Մամբրեն, Եղիշեն, Ղաղար Փարպեցին նույնպես նշանավոր հանդիսացան և որպես հզոր աստվածարաններ, և որպես խորին գիտնականներ։ Ես ուրիշ շատ երիտասարդների մասին չեմ խոսում, որոնք նույնպես դեպի արևմուտք դիմեցին իրանց ուսումը կատարելագործելու նպատակով, և զարմանալի հառաջադիմություն գործեցին։ Այժմ հիշյալ երիտասարդները, լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ։ Նրանք տանում են իրանց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է— լուսավորությունը։

Հռետորը, որ բոլոր ժամանակը խորին ուշադրությամբ լսում էր, կամաց հարցրեց.

— Դուք կարծում եք, որ լուսավորությունը կփրկե՞ Հայաստանը։

— Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ,—ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։— Դուք, երևի մոռացել եք, թե վերջին ժամանակներում ինչ դժբախտ անցքեր անցան մեր աշխարհում։ Հայաստանի բախտավորությունը միայն նրանում էր, որ այդ ժամանակ հայրապետական աթոռի վրա բազմած էր մի հանճարեղ մարդ, որպիսին էր մեր հայ Սահակ Պարթևը։ Նա արծվի սրատեսությամբ նախադիտում էր այն սարսափելի վտանգը, որ սպառնում էր մեր հայրենիքին։ Նա տեսնում էր Արշակունյաց գահի մոտալուտ անկումը, տեսնում էր, որ Հայաստանը պիտի բաժանվի հույների և պարսիկների մեջ, որոնք մինը մյուսից ավելի վնասակար պետք է լինեին։ Նա տեսնում էր և մի այլ դժբախտություն, որ Գրիգոր Լուսավորչի հայրապետական աթոռը պետք է ժառանգեն կեղծավորները, շահասերները և դավաճանները։ Հայրենիքի երկու հզոր պաշտպանների — հոգևոր և մարմնավոր իշխանության — վախճանը հասած էր տեսնում։ Այդ ժամանակ պետք է օգնության հասներ մի փրկություն, որ լրացներ այդ մեծ կորուստը, այսինքն հոգևոր և մարմնավոր իշխանության անկմանը։ Եվ այդ փրկությունը սկսեց որոնել նա ժողովրդի կրթության և լուսավորության մեջ։ Եվ այդ էր գլխավոր շարժառիթը, որ նա ամենայն ջանքով սկսեց մեր աշխարհում ուսում տարածել,— ուսում մայրենի լեզվով։

Հռետորը լսում էր, մատներով իր մորուքի հետ խաղալով։ Երիտասարդը շարունակեց.

— Մեր Սահակ հոր նախորդները խիստ սահմանափակ և խախուտ հիմքերի վրա էին դրել ժողովրդի կրթության գործը։ Քրիստոնեության հետ նրանք մտցրին մեր մեջ հունաց և ասորոց դպրությունը։ Մեր առաջին վարժապետները եղան հույները և ասորիները։ Գրում էինք, կարդում էինք նրանց լեզուներով։ Մեր եկեղեցում անգամ տիրապետում էր օտար լեզու։ Սուրբ գրքերի ընթերցանությունը լսում էինք կամ հունաց կամ ասորաց լեզուներով։ Մի կողմից էլ պարսիկն էր աշխատում իր լեզուն մեր մեջ մտցնել, որպես դպրոցների և դիվանների պաշտոնական լեզու։ Մեր Սահակ հայրը պարզ տեսնում էր, թե ինչ մեծ չարիք կարող էր առաջանալ այդ բոլորից։ Մայրենի լեզուն հետզհետե մեռնում էր,— մեռնում էր նրա հետ և ազգությունը։ Եվ դրա մեջն էր Հայաստանի իսկական մահը։ Հայը կորցնելով իր լեզուն, կը լուծվեր, կանհետանար այն ազգերի մեջ, որոնց լեզվով խոսում էր։ Վտանգի մեծությունը սարսափելի էր։ Եվ մեծ Հայրապետը աշխատեց վտանգի առաջը առնել։ Նա գիտեր, որ հայը կորցնելով իր անկախությունը, մի ժամանակ դարձյալ կարող էր անկախություն ձեռք բերել, եթե ազգը կենդանի կմնար։ Բայց հայը կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ,— նա կլիներ հույն, ասորի, պարսիկ, կամ այն ազգերից մեկը, որոնց լեզվով խոսում էր. այդ մեծ չարիքի առաջը առնելու համար ձեռք առին ժողովրդի կրթության գործը։ Հարկավոր էր ամեն ինչ հայացնել, ամեն ինչ ազգային դարձնել։ Մեր Սահակ հայրը իր ընդարձակ նպատակների մեջ աջակից ունեցավ մի գործունյա մարդ, որպիսին էր Մեսրոպը։ Նա շտապեց հնարել հայերի համար նոր տառեր, որպեսզի հայերը այլևս հունաց, ասորոց և պարսից տառերով չգրեին։ Սկսեցին նույն տառերով թարգմանել սուրբ գրքերը, որպեսզի եկեղեցու մեջ ևս տիրապետեր հայոց լեզուն և գիրը։ Սկսեցին ամեն տեղ դպրոցներ բաց անել և հայոց գրով ու հայոց լեզվով կրթել մանուկներին։

— Հույները և պարսիկները, որոնք արդեն Հայաստանը իրանց ճանկերի մեջ էին բռնել, և պատրաստվում էին ազգովին ևս կլանել նրան,— այդ երկու ահեղ պետությունները չէին կարող չնկատել այն հզոր ընդդիմադրությունը, որ Հայաստանի հեռատես Հայրապետը պատրաստում էր նրանց նենգավոր քաղաքականության առաջը առնել։ Հույները սկսեցին արգելել Հայաստանի այն մասում, որ իրանց գերիշխանության ներքո էր գտնվում, հայոց դպրոցներ բաց անել։ Ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՛րքան հալածանքներ կրեց, որքան բանակցություններ ունեցավ մեր Սահակ հայրը Բյուզանդիայի Բարձր Դռան հետ այդ մասին, մինչև Մեսրոպը նրա թոռ Վարդանի հետ ստիպվեցան անձամբ Բյուզանդիա գնալ և կայսրից ու հունաց Ատտիկոս եպիսկոպոսից թույլտվություն խնդրել դպրոցներ բանալու համար, որը և ստացան մեծ դժվարությամբ։ Նույն դժվարություններից ավելի սաստիկը բարձրացրեց պարսից կառավարությունը։ Նա ուղարկեց ազգով հայ Մերուժան չարագործին և նրա ձեռքով այրել տվեց մեր գրքերը, և նրա ձեռքով աշխատում էր մտցնել մեր նորահաստատ դպրոցներում մոգության ուսումը ու պարսից լեզուն։

Հռետորը շարունակում էր իր մատներով խաղալ մորուքի հետ։ Երիտասարդը առաջ տարավ յուր խոսքը.

— Մրցությունը հունաց և պարսից քաղաքականության հետ սաստիկ էր, իսկ ուժերը անհավասար։ Մեր Սահակ հորը և Մեսրոպին հարկավոր էին լավ պատրաստված ուժեր։ Եվ այդ մտքով նրանք ընտրեցին քեզ, ինձ և իրանց հառաջադեմ աշակերտներից շատերին, և ուղարկեցին Բյուզանգիա, Աղեքսանդրիա, Հռոմ, Աթենք բարձր ուսում ստանալու համար։ Մենք անցանք քաղաքներ, որ հունական գիտությունը ստանալով, վերադառնանք մեր հայրենիքը, և իրանցից ստացած զենքերով իրանց հետ պատերազմենք։

— Դա շատ նպատակահարմար միջոց է,— պատասխանեց հռետորը դադարելով խաղալ իր մորուքի հետ։

— Բայց այդ զինվորներից մեկն էլ դուք պետք է լինիք,— պատասխանեց երիտասարդը ուղիղ հռետորի աչքերի մեջ նայելով։ Ես հենց դրա համար էլ եկա ձեզ մոտ, որ միասին գնանք։

Հռետորը խորին վարանման մեջ ընկավ։ Նա այդ առաջարկությունը չէր սպասում երիտասարդից։ Նա չգիտեր, ինչ պատասխանել։

Երիտասարդը խոսեց։

— Հասկանում եմ ձեր լռության և մտատանջության պատճառը, Պարույր, բայց համաձայնվել ձեզ հետ չեմ կարող։ Այն փառքը, այն հռչակը, որ դուք վայելում եք այստեղ, շլացրել են ձեզ։ Թողնել այդ բոլորը և գնալ թշվառ հայրենիքը, ուր շատ զոհողություններ է պահանջվում գործիչներից,— դա վախեցնում է ձեզ։ Մեր ընկերները Դավիթ Անհաղթը, Եղիշեն, Եզնիկը, Ղազար Փարպեցին, Կորյունը, իմ եղբայր Մամբրեն, Հովսեփր, Ղևոնղը, մի խոսքով բոլոր ուսանողները, որոնք զանազան երկրներում էին գտնվում, այժմ վերադարձել են կամ վերադառնալու վրա են։ Մնացել ենք ես և դուք, գնանք, չհապաղենք, հայրենիքը կոչում է մեզ։ Գնանք գիտություն և լուսավորություն տարածենք մեր աշխարհում, բաց անենք մեր հայրենակիցների աչքերը, սովորեցնենք նրանց, որ հասկանան իրանց չարն ու բարին,— հասկանան, թե ո՛րպիսի անդունդի եզրում են կանգնած, որ գլորվելով նրա մեջ, պիտի կորչեն հավիտյան։ Դուք այնպիսի զորեղ հանճար ունեք, որ մնալով այստեղ, ես հավատացած եմ, ավելի ևս կբարձրանաք, և գուցե առաջինը կլինեք մեր ժամանակի փիլիսոփաների ու հռետորների մեջ։ Բայց դրանից ի՞նչ օգուտ ձեր հայրենիքին։

— Դրանից կօգտվի մարդկությունը,— պատասխանեց հռետորը երկար լռռւթյունից հետո։— Ես ծառայելով գիտությանը, միևնույն ժամանակ ծառայում եմ ամբողջ աշխարհին։

— Այդ իրավ է,— ասաց երիտասարդը փոքր֊ինչ տաքացած կերպով։— Բայց դուք չե՞ք ընդունում որ մի առանձին պարտավորություն ունեք դեպի ձեր հայրենիքը և դեպի ձեր հայրենակիցները։

— Ընդունում եմ, բայց իմ նպատակը շատ ընդարձակ է։ Գործեցեք դուք, կամ ով որ ցանկանում է ձեզ հետ, փոքրիկ շրջաններում, կամենում եմ ասել՝ մարդկության առանձին բաժինների մեջ, որ դուք ազգ եք կոչում։ Բայց իմ հայրենիքը ամբողջ աշխարհն է, իսկ իմ հայրենակիցները — ամբողջ մարդկությունը։

Կրակոտ երիտասարդը զայրացած կերպով կանգնեց.

— Դա մի կեղծավոր պատճառաբանություն է, Պարույր,— ասաց նա և սաստիկ վրդովմունքից նրա հզոր ձայնը կտրատվում էր։— Դուք, այսպես խոսողներդ, գիտության փարիսեցիներ եք։ Մասնավորի համար անընդունակ լինելով գործել, միշտ ընդհանուրի անունով եք խոսում, ինչպես իրանց մասնավոր պարտքը վատ վճարողները, ընդհանուր սեփականություն են քարոզում։ Ես հույս ունեի, որ դուք երկար խոսել չէիք տալ ինձ, այլ լսելով թշվառ հայրենիքի դրությունը կընկերանայիք ինձ հետ և հենց այս առավոտ կթողնեիք Աթենքը։ Բայց ես ավելի խոսեցի, քան հարկավոր էր, և դա իզուր ժամանակի կորուստ եղավ ինձ համար։ Գիտության սերը և հանրամարդկային լուսավորություն տարածելու գաղափարը չէ, որ կապում է ձեզ Աթենքի հետ, այլ սնոտի փառքը և այն մագաղաթի կտորը, որ դրած է ձեր սեղանի վրա…

Այդ խոսքերի հետ նա ձեռքը մեկնեց և վեր առեց կայսրի հրովարտակը, որ նույն օրը ստացել էր հռետորը և բարձրացնելով ասաց.

— Ահա, այդ մագաղաթի կտորն է, որ հրապուրում է ձեզ։ Արևելքի և արևմուտքի կայսրը այդ հրովարտակով հրավիրում է ձեզ իր մոտ։ Իսկ մյուս կողմից, անբախտ հայրենիքը իմ բերանով կոչում է ձեզ։ Դուք մերժում եք նրա ձայնը, և այղ պատճառով անարժան եք Հայաստանի զավակ կոչվելու։

Վերջին խոսքերի հետ երիտասարդը հեռացավ։ Հռետորը շանթահարի նման մնաց ապշության մեջ։

Երիտասարդը Մովսես Խորենացին էր։

Գ
«Եւ մինչ նոքա (Սահակ և Մեսրոպ) զմերն յուսային դարձ, և պատուասիրել իմով ամէնիմաստ արուեստիւս և կատարելագույն յարմարութեամբս, համայն և մենք փութապէս դիմեալք ի Բիւզանդիոյ, յուսայք հարսանեաց պարել՝ անվեհեր երազութեամբ կրթեալք, և առագաստի ասել երգս, արդ փոխանակ խրախճանութեանն ի վերայ գերեզմանի ողբս ասելով՝ ողորմելի հառաչեմ. ուր և ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա կափուցմանց, և լսել զվերջին բարբառն և զօրհնութիւն»։
Խորենացի

Գիշերածին խավարը պատել էր Արարատյան դաշտը։ Օշական գյուղի սուրբ Մեսրոպի անապատում ոչ մի լույս չէր երևում։ Ամեն արարած խոր քնի մեջ էր, ամեն ինչ ընկղմված էր խուլ լռության մեջ։ Չէր լսվում և գիշերահսկիկ անապատականների մշտական սաղմոսերգությունը, միայն մի մատուռի մեջ ծխվում էր յուղային կանթեղը, և որպես տխուր հոգու թախծալի արտահայտություն, տարածում էր իր շուրջը աղոտ լուսավորություն։

Մատուռի մեջ դրած էր մի շիրիմ։ Կանթեղի լույսը ուղիղ թափվում էր նրա վրա և երևան էր հանում նրա անշուք կազմությունը։ Շիրիմը կառուցված էր սև քարից և, կարծես թե փոխաբերական իմաստով արտահայտում էր այն մեծ մարդու հոգեկան դառնությունը, որ անմխիթար տրտմությամբ իջել էր այդ սգավոր դամբարանի մեջ։

Շիրիմի մոտ, մերկ հատակի վրա ծունր իջած, խոնարհված էր մի մարդ։ Նրա գլուխը հանգչում էր սառն տապանաքարի վրա, և երկայն, թավամազ ծամերը ծածկել էին նրա սև մակերևույթը։ Այդ դրության մեջ նա անշարժ էր, անշարժ էին և նրա թևքերը, որոնցմով գրկել էր շիրիմը։ Ոչ մի մրմունջ, ոչ մի հառաչանք չէր աղմկում այդ ողբանվեր սգավոր տխուր լռությունը, միայն կիսախուփ աչքերից արտասուքի մեղմ վտակները հոսում էին սառը քարի վրա։

Երկար նա, այնպես գետնատարած, գրկել էր շիրիմը, երկար նա, այնպես ճակատը դրած սառը քարի վրա, կպել էր նրան և, կարծես, աշխատում էր դուրս կոչել մթին դամբարանի միջից այդ մեծ հանգուցյալի ուրվականը,— աշխատում էր տեսնել նրան, խոսել նրա հետ և թափել նրա առջև իր սրտի վշտերը։ Այնպես գետնատարած, լուռ ողբում էր նա, մինչև անապատի զանգակատնից լսելի եղավ վաղորդյան կոչնակի թախծալի հնչյունը։ Այդ մեղմ հնչյունը սթափեցրեց նրան իր հոգեկան խորին հափշտակությունից։ Գլուխը վեր բարձրացրեց և մի առանձին սոսկումով նայեց իր շուրջը։ Օրը լուսանում էր… Կարծես նա վախենում էր, որ իրան կտեսնեն այստեղ։ Ոտի կանգնեց…

Ո՞վ էր այդ գիշերային այցելուն, այդ ո՞ւմ դամբարանի վրա է թափում իր դառն արտասուքը։

— Խաղաղությո՜ւն քո սուրբ ոսկերացը, ո՛վ երանելի հայր,— բացականչեց նա, սգավոր հայացքը ձգելով շիրիմի վրա։— Երկար ճանապարհորդություններից հետո, քո դժբախտ աշակերտը վերադառնալով հայրենիք, մեծ հույս ուներ քո գրկի մեջ մխիթարություն գտնել և մխիթարել քեզ։ Բայց նա չարժանացավ քո քաղցր տեսությանը, չլսեց քո բարի շրթունքների վերջին օրհնությունը, և ոչ իր ձեռքով փակեց այն սրատես աչքերը, որոնք հայրենիքի հեռու և մերձ աղետները տեսնելով, փոխանակ արտասուք թափելու, ամեն ջանքով աշխատում էին դարման տանել։ Քո պատվիրանաց համեմատ, գնացի, անցա երկրից երկիր, քաղաքից քաղաք, այցելեցի գիտության բոլոր տաճարները, և լի հմտություններով վերադարձա իմ հայրենիքը։ Բայց ո՞վ այսուհետև գին կդնե այն մտավոր մթերքին, որ բերել եմ օտար աշխարհներից։ Դու և քո վեհափառ գործակիցը (Սահակ) միայն հասկանում էիք, թե ի՞նչ է ճշմարիտ լույսը և ուղիղ վարդապետությունը։ Անգութ մահը միաժամանակ խավարացրեց այդ երկու արեգակները, և մութը տիրեց հայոց երկրին։ Լավերը գնացին, այժմ նրանց փոխարինում են վատերը։ Մեր սուրբ լուսավորիչ հոր աթոռը ժառանգել են ասորիները, կամ այնպիսի հայ հայրապետներ, որոնք աշխատում են ավելի բռնակալ պարսից Դռանը հաճոյանալ, քան թե Հիսուս Քրիստոսի սուրբ եկեղեցուն։ Մեր այժմյան վարդապետները, որոնք պետք է հոգևոր և բարոյական ուղղություն տային ժողովրդին, որոնք պետք է ուսուցանեին նրան ճշմարիտը և արդարը,― իրանք ավելի ևս մոլորեցնում են ժողովուրդը։ Տգետ են դրանք, և միևնույն ժամանակ ինքնահավան։ Առանց որևիցե մտավոր և բարոյական արժանավորության՝ ստացել են կարգ և աստիճան։ Ավելի արծաթով են ընտրված, քան թե հոգույն սրբոյ շնորհիվ։ Եվ այդ պատճառով, իրանք ևս արծաթասեր են և նախանձոտ։ Քրիստոնեական առաքինությունը բացակա է նրանցից, և թողնելով հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, իրանք գայլեր են դարձել և իրանց հոտն են գիշատում։ Մեր կրոնավորները, մեր վանական աբեղաները, որոնք պետք է ջերմ հավատքի և եղբայրասիրության օրինակ տային ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք ավելի ևս երկպառակության սերմեր են ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու կեղծավորությամբ, միայն արտաքին բարեպաշտության դիմակով խաբում են ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ, պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝ աշխարհի վայելչությունից անջատված և մարդկային հասարակությունից հեռացած ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ վայելում են ամբողջ աշխարհը։ Մեր վիճակավորները, որոնք պետք է պահպանեին ժողովրդի մեջ իրավունքը և արդարությունը, որոնք պետք է հոգ տանեին եկեղեցու բարեկարգության համար,― իրանք ավելի ևս խախտում են նրա հիմքերը։ Եկեղեցու այդ ծույլ, անհոգ կառավարիչները իրանց ժամանակը վատնում են զրախոսությամբ և կատակերգություններ լսելով խնջույքների մեջ։ Ատելի է նրանց գիտությունը և վարդապետական խոսքը, և սիրելի է նրանց եկեղեցու խորհրդավաճառությունը։ Սիմոնականությունը այդ շահասերների ձեռքով իր ծայրահեղ անամոթությանն է հասել։ Չնչին մամոնայի համար նրանք ամեն տարի հարյուրներով և հազարներով բազմացնում են եկեղեցու անպիտան պաշտոնյաների թիվը։ Հիշյալ անկարգ դաստիարակողների շնորհիվ, ի՜նչ տեսակ սերունդ է պատրաստվում այժմ, ի՞նչ է մեր դպրոցների աշակերտաց վիճակը։ Այլևս առաջվա սերը դեպի ճշմարիտ գիտությունը, և առաջվա եռանդը դեպի օգտավետ ուսումը չէ մնացել։ Մեր դպրոցները կրթում են մի ծույլ, դատարկամիտ սերունդ, որը դեռ ոչինչ չսովորած, աշխատում է երևելի աստվածաբան ձևանալ, որը դեռ բոլորովին տգետ լինելով սուրբ գրքերի մեկնության մեջ, սկսում է վարդապետություններ անել։ Դպրոցը, այդ սուրբ եկեղեցու սուրբ նախագավիթը, չէ սերմանում մանուկների սրտում այն մաքուր և սրբազան սերմերը, որ նրանք ապագայում եկեղեցու և հայրենիքի հավատարիմ զավակներ դառնային, որ նրանք ճանաչեին իրանց պարտքը դեպի երկինքը և դեպի աշխարհը ― մարդկությունը։ Այժմյան դպրոցը, ընդհակառակն, խեղդում, ոչնչացնում է մանուկների սրտում այն դեռաբույս ծիլերը, որոնք ապագայում աճելով և ծաղկելով, կարող էին բարի պտուղներ տալ…

Նա փոքր–ինչ կանգ առեց և րոպեական լռությունից հետո շարունակեց.

— Ահա այսպիսի անձանց ձեռքումն է եկեղեցու տնտեսությունը, և ժողովրդի հոգևոր ու մտավոր կրթության գործը։ Իսկ մե՞նք։― Մենք այժմ համարվում ենք աղանդավորներ։ Տգետ, խավարամիտ և կեղծավոր կղերը հալածում է մեզ։ Մեր գրավոր աշխատությունները համարում են վնասակար. մեր ուսումը, մեր վարդապետությունը համարում են մոլորեցուցիչ։ Մի տեր, մի մեծ չկա, որ սանձահարե այդ նախանձոտ, չարամիտ պարեգոտավորների զրպարտությունները, որոնք ամեն ստախոսությամբ գրգռում են միամիտ ժողովրդին մեր դեմ և արգելք են դնում մեր գործունեությանը։ Դու, ո՛վ երանելի հայր, քո հզոր գործակցի (սուրբ Սահակի) հետ, ձեր աշակերտներից ստեղծեցիք եկեղեցականների մի նոր սերունդ։ Դրանց թիվը փոքր չէր։ Չբավականանալով այն ուսումով, որ ստացել էին նրանք ձեր հոգաբարձության ներքո, դու և քո մեծ գործակիցը ուղարկեցիք նրանց օտար երկրներում կատարելագործվելու։ Նրանք գնացին և վերադարձան գիտության մեծ պաշարով։ Բայց ի՞նչ եղավ նրանց վախճանը։ Խավարամիտ կղերը շատերին թույլ չտվեց, որ ներս մտնեին հայրենի երկրի սահմաններից, և որոնք մտան հալածվեցան․․․ Այժմ հայրենիքի այդ անձնազոհ մշակները թաքուստի մեջ են ապրում և միայն գաղտնի են գործում։ Նրանք համարձակություն չունեն օտար աշխարհներից բերած գիտության պաշարը ժողովրդին մատակարարելու։ «Թարգման» անունը մեր վերաբերությամբ ծաղրական և նախատական անուն է դարձել հնամոլ կղերի բերանում։ Մենք, որ ամեն ջանք գործ էինք դնում, աշխատում էինք, և այժմ աշխատում ենք, որ հայը հայոց լեզվով խոսե իր տան մեջ, որ հայոց լեզվով աղոթե աստուծո տան մեջ,― մենք, որ աշխատում էինք, և այժմ աշխատում ենք՝ ամեն ինչ հայացնել, ամեն բանի ազգային գույն տալ,― մենք, որ քո ստեղծած տառերով թարգմանեցինք բոլոր սուրբ գրքերը և այդ աստվածապարգև տառերը աշխատում էինք մտցնել հայոց կյանքի և գործածության մեջ,― մենք, որ մեր ամեն ուժերը գործ էինք դնում, որպեսզի մեր դպրոցներր, մեր եկեղեցին ազատ պահենք նենգավոր հույնի, ժանտ պարսկի և խաբեբա ասորու վնասակար ազդեցություններից,― մենք այժմ հալածվում ենք մեր աշխատությունների համար, և հալածվում ենք ովքերից,― մերայիններից…

Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ, նրա ձայնը վրրդովմունքից խեղդվեցավ և նրա աչքերում փայլեց բարկության կրակը։ ― Նայիր, ո՛վ սուրբ հայր, նայիր հոգվո աչքերով, տե՛ս իմ ցավալի վիճակը։ Այդ ճանապարհորդական ցուպը ձեռիս, այդ պարկը ուսիս, այդ հնոտի հագուստը հագիս, մի ողորմելի մուրացկանի նման, եկել, հասել եմ այստեղ։ Մեր վանքերը, որոնց մեջ ամեն օտարական օթևան և սնունդ է գտնում,― մեր վանքերը ինձ գիշերելու անգամ մի անկյուն չէին տալիս, և շատերի մեջ ինքս չէի համարձակվում մտնել, որպեսզի չընկնեմ չարամիտների որոգայթի մեջ․․․ Շա՜տ օրեր քաղցած եմ մնացել, շատ անգամ ստիպված եմ եղել մոտենալ բարի գյուղացիների դռանը և մի պատառ հաց խնդրել։ Թաքցրել եմ իմ ո՛վ կամ ի՛նչ մարդ լինելս․․․ Եվ այն մարդը, որ Բյուզանդիայում Մարկիանոս կայսրին զարմացնում էր իր իմաստությամբ, և նրա հյուրասիրությունն էր վայելում,― այժմ այդ թշվառը իր հայրենիքում գլուխը ցույց տալու համարձակություն չունի․․․

Նրա զայրացած դեմքի վրա դարձյալ նշմարվեցան բարկության ցնցումներ, որոնց րոպեական լռությունից հետո փոխարինեց խաղաղ հեզություն։

― Իսկ այդ բոլոր հալածանքները չեն կարող վհատեցնել ինձ, չեն հուսահատվի և իմ ընկերները։ Մենք, որպես անձնազոհ զինվորներ, ուխտել ենք պատերազմել խավարի և տգիտության դեմ,― ուխտել ենք պատերազմել վաճառված կղերի դավաճանության և չարիքների դեմ, այն կղերի, որ մեր արքունի գահը կործանող և մեր հայրապետական աթոռը խորտակող պարսկի ձեռքում այժմ մի հարմար գործիք է դարձել՝ մեր աշխարհի մնացած զորությունները ոչնչացնելու համար…

Նա կրկին ծունր իջավ շիրիմի մոտ և նրա շրթունքները համբույր մատուցին սառը տապանաքարին։

― Երդվում եմ այս սուրբ շիրիմով,― բացականչեց նա,― և կրկնում եմ իմ ուխտը, որը կմնա անխախտ մինչև իմ կյանքի վերջին շունչը։ Հալածանքը, նեղությունը չեն կարող մեռցնել այն հոգին, որը դու, ո՛վ երանելի հայր, ներշնչեցիր իմ սրտի մեջ։ Ես միշտ հավատարիմ կմնամ այն մեծ գործին, որի առաքինության համար կոչվեցա։ Քո բարձր նպատակը մեր հայրենիքի փրկության մասին, կրթության և լուսավորության միջոցով, պետք է իրագործվի։ Այն հիմքը, որ հմուտ ձեռքով դրեցիր դու,― ես և իմ ընկերները կշարունակենք նրա վրա շինվածքը։ Մեր անբախտ աշխարհը կորցրեց քեզ, բայց քո հոգին և քո վսեմ միտքը կենդանի մնաց մեր սրտում։ Դու և քո հզոր գործակիցը, իրավ է, թողեցիք աշակերտների մի փոքրիկ և անպաշտպան խումբ, բայց այդ աննշան խումբը յուր փոքրամասնության մեջ մեծ և զորավոր կլինի, որովհետև ներշնչված է բարձր հանրազգային գաղափարներով…

Անապատի զանգակներն սկսեցին ավելի և ավելի բարձր հնչել։ Արշալույսը շառագունել էր։ Դրսից լսելի էր լինում նոր զարթնած թռչունների ձայնը։

Օտարականը կրկին և կրկին համբուրեց գերեզմանը, և վերջին անգամ իր տխուր հայացքը ձգելով սև տապանաքարի վրա, վերցրեց իր ճանապարհորդական ցուպն ու պարկը և զգուշությամբ դուրս եկավ մատուռից։

Անապատի մեջ կատարվում էր վաղորդյան ժամերգությունը։ Աբեղաներն աղոթում էին։ Ծերունի ժամկոչը՝ միայնակ նստած եկեղեցու դռան հանդեպ և բավական գոհ իր վիճակից՝ նայում էր դեպի զանգակատան բարձրությունը, որի վրա աղավնիներն այդ ժամանակ մի առանձին բավականությամբ սեթևեթում էին միմյանց հետ։ Սպասաավորներից մեկը ավելում էր բակը։

Ժամկոչը հեռվից տեսավ օտարականին։ Ուղևորի ցուպը, մեջքին կապած պարկը և մաշված հագուստը առիթ տվին նրան մտածել, թե մի որևիցե մուրացկան պետք է լինի, որ գիշերը պատսպարվել էր անապատում։ Բայց նրա մեջ կասկած պատճառեց մի բան, թե ինչո՞ւ այդ մուրացկանն այդպես վաղ առավոտյան թողնում է անապատը, այն ևս առանց եկեղեցին մտնելու, կամ գոնե նրա դուռը համբուրելու։ Նա կանչեց իր մոտ բակը ավելող սպասավորին և հարցրեց.

― Տեսա՞ր այն մուրացկանին։

― Տեսա,― պատասխանեց սպասավորը կողքը քորելով։ ― Նա դուրս եկավ սուրբ Մեսրոպի մատուռից։

― Սուրբ Մեսրոպի մատուռի՞ց,― կրկնեց ժամկոչը զարմանալով։― Այնտեղ ի՞նչ էր շինում։

― Ի՞նչ պիտի շիներ,― ասաց սպասավորը, շարունակելով կողքը քորել,― երևի մտել էր իր հին վարժապետի գերեզմանի վրա «հոգւոց» կարդալու։

― Ո՞վ էր նա։

― Չճանաչեցի՞ք։

― Հարյուրավոր մուրացկաններ են գալիս այստեղ, ո՞ր մեկին կարող ես ճանաչել։

― Նա մուրացկան չէր։

― Ապա ո՞վ էր։

― Մովսեսը։ ― Ի՞նչ Մովսես։

― Խորենացին։

Ժամկոչը մնաց շվարած։

― Աչքովդ տեսա՞ր, ճանաչեցիր, խոսեցի՞ր նրա հետ։

― Քնթովս խո չէի տեսնի, հեր֊օրհնած,― պատասխանեց սպասավորը, այժմ մյուս կողքը քորելով։― Հենց այս երկու աչքերովս տեսա, լավ ճանաչեցի, բայց չխոսեց ինձ հետ։ Ես նրան ճանաչում էի այն ժամանակից, երբ այսքան տղա էր։

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը մի կանգուն բարձրաթյամբ բռնեց գետնի վրա, որ ցույց տա, թե ինչ հասակի տղա էր։

Ժամկոչը ձեռքով բազմախորհուրդ կերպով շփեց իր ճակատը և հազիվ լսելի ձայնով ասաց․

― Մեր հայր֊սուրբերը նրան որոնում էին…

― Նրան հիմա ինքը սատանան չի գտնի։

― Ինչո՞ւ։

― Դու չե՞ս իմանում, որ Հոռոմստանից նոր եկած վարդապետները բոլորն էլ կախարդներ են…


Դ
Մի ևս յայսմհետէ բարձր ի գլուխ
պարծի Կեկրոպիա․

Ոչ է օրէն ընդ արեգական զաղօտալոյսըն

կշռել ջահ․

Ոչ մահացուի ընդ Պրոյերեսեայ գալ

'ի պայքար հռետորական

Որ զհամօրէն նուաճեաց զերկիր ի ճարտասան

բանիցն հանդէս։

Ի շանթեացն՝ յեղակարծուց սասանեցաւ

Ատտիկաստան․

Եւ ընդհանուր կռկռվաբան իմաստակաց

կոկոզ կաճառք՝

Տեղի ետուն Պրոյերեսիայ. տալ ետ

տեղի և ինքըն բախտ,

Անշըքեցան փառքն Աթենայ պածառք՝

'ի դառն 'ի յօրհասէն.

Փախերուք այսուհետև 'ի Կեկրոպիայ,

մանկունք համբակք։
Գրիգոր աստուածաբան

Մի բարձրահասակ մարդ, պատկառելի դեմքով, համարձակ ելումուտ էր անում Կոնստանդ կայսրի շքեղ արքունիքը։ Պալատականները ամենայն ակնածությամբ ոտքի էին կանգնում նրա առջև և խորին հարգանքով ողջունում էին նրան։

Նա ոչ մեծահռչակ զորավար էր և ոչ երկրների կուսակալ։ Նա ոչ կայսրի գերիշխանության ներքո գտնվող մի թագավոր էր և ոչ իշխան։ Նրա պարզ, անշուք հագուստն անգամ չէր ցույց տալիս, որ նա աշխարհի աստիճաններով օժտված մեկը լիներ։ Երբեմն տեսնում էին նրան բոբիկ ոտներով պալատը մտնելիս. երբեմն նա գլխարկ չուներ, և երկայն ծամերը կապված էին լինում հասարակ վարասակալով։ Բայց դարձյալ ամեն գլուխ խոնարհվում էր նրա առջև։

Այսպես անփույթ կերպով, այսպես աշխարհի կարգերը արհամարհելով, մուտք ունեն հզորների պալատը երկու տեսակ անձնավորություններ միայն՝ մարգարեն և փիլիսոփան։ Այդ մարդը փիլիսոփա էր և հռետոր։

Կայսերական սեղանի ամենապատվավոր տեղում նա բազմոց ուներ։ Այն սեղանը, որի շուրջը երկրների թագավորները ոտքի վրա սպասավորություն էին անում,― այն սեղանը իրան մեծ պատիվ էր համարում այդ մարդու ներկայությունը։ Բայց այն ճոխ սեղանը, որ լի էր աշխարհի ամենահազվագյուտ բարիքներով, որի վրա ոսկյա և արծաթյա ամանների մեջ դրած էին երկրների ամենաթանկագին ըմպելիները,― այդ սեղանը չէր գրավում նրա ախորժակը։ Նրա խմածը պարզ ջուր էր, իսկ կերածը ցամաք հաց թարմ պտուղներով։

Այդ մարդը Հռովմի մեջ հյուր էր։ Նա կայսրի պալատը կենդանացնում էր իր իմաստուն պերճախոսությամբ, իսկ քաղաքների թագուհուն միտք և հոգի էր տալիս իր հռետորական ճառերով։ Ամեն ոք խորին հրճվանքով սքանչանում էր, որ Կիկերոնը կրկին հարություն է առել. ամեն ոք, սկսյալ ծերակույտի ատենակալից մինչև վերջին քաղաքացին, շտապում էր նրա դասախոսությունները լսելու։

Ամբողջ վեց ամիս նա մտավոր և հոգեկան սնունդ էր բաշխում Հռոմին, և երբ պետք է մեկներ այնտեղից, քաղաքը վճռեց հավերժացնել նրա հիշատակը պատվի արձանով։

Քաղաքի ավելի ակնհայտնի հրապարակներից մեկի վրա կանգնեցրած էր պղնձյա արձանը, որ հռետորի հասակի չափը և նմանությունն ուներ։ Բացման հանդեսը կատարվեցավ ամենփառավոր կերպով, որպիսին ընդունակ է կատարել Հռովմի տոնասեր ճաշակը. երբ բարձրացրին արձանը ծածկող քողը, նրա պատվանդանի վրա կարդացվեցավ հետևյալ մակագրությունը։

«Թագուհին Հռովմ թագաւորի բանին»։

Միևնույն օրերում, երբ կայսրի պալատի բոլոր դռները բաց էին հռետորի առջև, երբ նա համարձակ ելումուտ էր անում այնտեղ որպես մի հարգելի հյուր,― նույն պալատի դռան առջևի հրապարակի վրա, համարյա ամեն օր, դեգերում էին երկու արևելցիք։ Նրանց հագուստից, զենքերից և այլ նշաններից երևում էր, որ այդ օտարականները հասարակ մարդիկ չէին, այլ, կամ փոքրիկ թագավորներ էին, կամ երկրների տիրապետող իշխաններ։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր հետ մի խումբ թիկնապահներ և սպասավորներ, յուրաքանչյուրը կրում էր կարմիր կոշիկներ և կարմիր գույնով վարտիք, որ նշան էին նախարարի։ Մի շաբաթից ավելի կլիներ, որ այդ օտարականները երևում էին պալատի դռան առջև, բայց դեռ մուտք չէին գործել արքունիքը և չէին ներկայացել կայսրին, թեև հատկապես այդ նպատակով եկած էին։ Նրանք մի քանի անգամ միայն տեսնվել էին Փոքր Ասիայի կուսակալի հետ, որը միշտ հուսադրում էր, թե օր կորոշե նրանց ներկայացնելու կայսրին։ Բայց օրերը անցնում էին և նրանց խնդիրքը մնում էր անկատար։ Երբ օտարականները շատ թախանձում էին, մի անգամ կուսակալը հեգնությամբ ասաց նրանց՝ «Կայսրի դռանը թագավորներին անգամ ամիսներով և տարիներով սպասել են տալիս, բայց դուք՝ հայերդ, երևի շատ անհամբեր եք…։

Համարյա միևնույն օրերում, երբ հռետորը ստացավ այն մեծ պատիվը, երբ վերջացած էր արձանի բացման հանդեսը և երբ նա պատրաստվում էր թողնել Հռովմը,― այդ ժամանակ երկու օտարական իշխանները ներկայացան նրան։ Առանց հայտնելու, թե իրանք ովքեր են և ինչ նպատակով են եկել, տվեցին նրան մի նամակ, որ գրել էր հայոց կաթողիկոս սուրբ Վրթանեսը։ Հայրապետական պատշաճավոր օրհնություններից և բարեմաղթություններից հետո նամակը սկսվում էր հետևյալ խոսքերով։

«Մե՜ծ փառք և պարծանք է հայոց ազգի և Հայաստանի համար, որ իր հարազատ զավակներից մեկը իր իմաստությամբ զարմացնում է ամբողջ արևելքն ու արևմուտքը, իսկ իր հանճարով բարձր պատիվ է վայելում Հռովմի օգոստափառ կայսրի պալատում։ Այսպիսի պատվի չէ արժանացել և ոչ մի աշխարհակալ, որ Հռովմեական Կայսրության սահմանները տարածեցին դեպի Ասիայի և Աֆրիկայի խորքերը։ Ձեզ անշուշտ հայտնի պետք է լինի մեր Տրդատ հզոր արքայի բարեկամական հարաբերությունները Հռովմի այժմյան կայսրի հոր՝ Կոստանդիանոս մեծի հետ։ Ձեզ հայտնի պետք է լինի և «Դաշանց թուղթը», որ գրվեցավ և կնքվեցավ այդ երկու ինքնակալների մեջ, իբրև պայման փոխադարձ սիրո և օգնականության, որը պետք է մնար անխախտ սերունդից սերունդ։ Այդ դաշնադրութրւնը պահպանվեցավ Տրդատի ամբողջ կենդանության ժամանակ և Հայաստանը մի ամուր պատնեշ դարձավ պարսիկների դեմ, թույլ չտալով նրանց հարձակվել Հռովմեական Կայսրության սահմանների վրա։

Տրդատը ահարկու սուր էր մեր հայրենիքի թշնամիների դեմ, և իր թագավորության բոլոր ժամանակը սարսափի մեջ էր պահում ամբողջ Պարսկաստանը և նրանց Շապուհ թագավորին։ Նա մեռավ և մեր աշխարհը անմխիթար սուգի մեջ թողեց։

Հայաստանը այժմ ալեկոծվում է անիշխանության մեջ։ Նախարարների մեջ տիրում է երկպառակություն և ներքին պատերազմ։ Սանատրուկը ինքնագլուխ թագավոր է դարձել Փայտակարանում։ Նախարարներից ոմանք, նրա օրինակին հետևելով, յուրաքանչյուրը ձգտում է իր իշխանության թագավորը լինել։ Աղձնյաց Բակուր բդեշխը ապստամբված է հայոց նախարարների միաբանությունից և նույն նպատակին է հետևում։ Թշնամին օգուտ քաղելով ներքին խռովությունից, ամեն կողմից նեղում է մեզ։ Շապուհը, հին վրեժխնդրության ծարավը հագեցնելու համար, կատաղի գազանի նման, մեր երկիրը ավերակ է դարձնում։ Հայաստանի գահը թափուր է մնացած իր հարազատ արքայից։ Մի մեծ, մի գլխավոր չկա, որ ի մի հավաքե բոլոր անջատված ուժերը և ընդհանուր զորությամբ դեմ դնե թշնամուն։ Հայաստանը քայքայման վիճակի մեջ է։ Ձեր մի խոսքը բավական է մեր աշխարհը օրհասական վտանգից ազատելու համար։ Ի սեր ազգի, ի սեր հայրենիքի, բարեխոսեցեք կայսրի մոտ, հիշեցրեք նրան մեր հին դաշնադրությունը, և նրա օգնությունը խնդրեցեք՝ Տրդատի որդի Խոսրովին հոր տեղը թագավոր դնելու։ Դրանով դուք կատարած կլինեք ձեր սուրբ պարտավորությունը դեպի ձեր անբախտ հայրենիքը և դեպի այն ազգը, որ պարծենում է ձեզանով և իրան մեծ պատիվ է համարում ձեզ իր որդի կոչելու։

Բացի այդ նամակից, առանձին թուղթ գրվեցավ մեր և նախարարների կողմից կայսրին մատուցանելու համար, և արքայավայել ընծաներով ուղարկվեցավ տեղդ՝ Ծոփաց Մար իշխանի և Հաշտենից Գագ իշխանի ձեռքով։ Այդ իշխանները բերանացի կպատմեն ձեզ, ինչ որ պակաս ենք թողել մեր նամակի մեջ»։

Ոչ մի ջիղ ոչ մի մկնակ չշարժվեցավ հռետորի սառն դեմքի վրա այդ ողբալի նամակի ընթերցանության ժամանակ։ Նա մի կողմ դրեց նամակը և մտածության մեջ ընկավ, որպես մի մարդ, որ գտնվում է անել դրության մեջ։

― Դուք դեռ չե՞ք ներկայացել կայսրին,― հարցրեց նա, դառնալով դեպի երկու իշխանները։

― Ոչ, չնայելով որ այդ մասին բազմիցս խնդրած ենք պալատականներից,― պատասխանեցին նրանք։

― Իսկ կայսրին հայտնի՞ է ձեր գալուստը։

― Հարկավ պետք է հայտնի լինի. մենք դատարկաձեռն չէինք եկած, մենք բերել էինք մեզ հետ արքայավայել ընծաներ. մեր ընծաները ցույց են տվել կայսրին։ Այդ մասին ձեզ ևս գրել է մեր Վրթանես հայրապետը։

― Այո՛, գրել է․․․ Իսկ այժմ ինչո՞ւմն է դժվարությունը։

― Իսկապես ոչինչում,― պատասխանեց Հաշտենից իշխանը։― Ի՞նչ դժվարություն պիտի կրենք, երբ մենք ունենք կայսրի պալատում մի ձեզ պես հարգված անձն։ Բավական է ձեր մի խոսքը և կայսրը կկատարե մեր խնդիրքը։ Այժմ ձեզանից է կախված մեր պատգամավորության հաջողությունը։

― Ինձանի՞ց․․․― հարցրեց հռետորը շփոթվելով։― Բայց ես չգիտեմ, թե ո՛րքան հարմար կլինի իմ միջամտությունը․․․

Երկու իշխանները մնացին զարմացած. նրանք այսպիսի պատասխանի չէին սպասում։

― Ինչո՞ւմն է ձեր տարակուսանքը,― հարցրեց Ծոփաց իշխանը։

― Նրանում, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ բոլորովին հայտնի չէ, թե կայսրը ի՞նչ հայացք կամ նպատակներ ունի Հայաստանի թագավորության մասին։

Ծոփաց իշխանը, որ ավելի դյուրագրգիռ էր, քան թե իր ընկերը, բավական զայրացած կերպով ասաց. ― Կայսրի նպատակները կարող են լինել՝ կամ ի նպաստ, կամ աննպաստ Հայաստանին. այսինքն նա կամ կցանկանա, որ Հայաստանի թագավորությունը պահպանվի, կամ կցանկանա, որ ոչնչանա և Հայաստանը Հռովմեական Կայսրության մի նահանգ դառնա։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե կայսրի նպատակը այդ վերջինը լիներ։

― Ես կթողնեի նրա կամքին։

― Իսկ եթե կայսրը ցանկանո՞ւմ է, որ պահպանվի Հայաստանը։

― Այն ժամանակ ես կմիջամտեի։

― Որքան գովելի է ձեր անկեղծ խոստովանությունը,― մեջ մտավ Հաշտենից իշխանը,― այնքան էլ պախարակելի է ձեր հաճոյամոլությունը կայսրին։ Եթե այսպես խոսեր մի հռովմայեցի, ես կգովեի նրա հայրենասիրությունը։ Եթե հռովմայեցին ասեր ինձ. ես կնայեմ իմ կայսրի ցանկությանը, եթե նա կամենում է, որ Հայաստանը միանա Կայսրության հետ, այն ժամանակ ես էլ նույնը կցանկանամ։ Իսկ եթե կայսրը ցանկանում է, որ Հայաստանը պահպանվի, ես էլ կցանկանամ, որ պահպանվի։ Հռովմայեցու մի այսպիսի դատողությունը ինձ չէր բարկացնի։ Բայց երբ այսպես խոսում է մի հայ, նա կորցնում է իմ աչքում իր բոլոր նշանակությունը, որքան էլ բարձր լիներ նա։

Հռետորը ամենևին չվիրավորվեցավ այդ կծու խոսքերից. նա չափազանց ներողամիտ մարդ էր։ Նրա սառն դեմքի վրա, կարծես կարդացվում էին այդ խոսքերը. «իզուր եք բարկանում, իշխան, ես ինչո՞վ եմ մեղավոր, որ դժբախտություն եմ ունեցել հայ ծնվելու»… Բայց այդ խոսքերը չասաց նա, այլ խիստ մեղմությունով պատասխանեց.

― Դուք բոլորովին սխալ հասկացաք իմ ասածը, իշխան, ես ավելի մեծ վստահությունով կբարեխոսեի կայսրի մոտ Հայաստանի համար, եթե հռովմայեցի լինեի։ Բայց իմ հայությունը իմ լեզուն կաշկանդում է։ Ես չեմ ցանկանում նրան դժվարին դրության մեջ դնել, թեև ես հաստատ գիտեմ, ինչ որ խնդրելու լինեմ, նա չի մերժի։ Բայց ես սովորություն չեմ ունեցել խնդրել նրանից այն բանը, որ ամենափոքր դժկամություն կարող էր պատճառել նրան։ Ես ինձ թույլ չեմ տա դեպի չարը գործ դնել կայսրի իմ վերաբերությամբ ունեցած հավատն ու սերը։

― Այդ իրավացի կլիներ, եթե հարցը ձեր անձին կամ ձեր մասնավոր շահերին վերաբերեր, բայց այստեղ հարցը վերաբերում է ձեր հայրենիքի մահվան և կյանքի խնդրին,― նկատեց Հաշտենից իշխանը։

― Հենց այդ է, որ ինձ դժվարության մեջ է դնում,― պատասխանեց հռետորը մի առանձին բավականությամբ, որպես թե, վիճաբանության խնդիրը արդեն լուծվեցավ։― Իմ հայրենիքը ավելի մոտ է իմ անձին, քան թե մի օտար երկիր. իմ շահերը ավելի կապված են իմ հայրենիքի հետ, քան թե մի օտար երկրի հետ. այստեղից այն պարզ եզրակացությանը կհասնենք, որ խնդրելով իմ հայրենիքի համար, միևնույն է, որ ես կխնդրեի իմ անձի համար։ Բայց ես իմ անձնական շահերի համար խնդրելու սովորություն չունեմ։ Ավելի մեծ հոժարությամբ կմիջամտեի ես, եթե Հայաստանը մի օտար երկիր լիներ։

Երկու իշխաններն ևս զայրացած կերպով ոտքի ելան։

― Մեր խոսակցությունը վերջացած է,― ասացին նրանք։ ― Այժմ ամեն ինչ մեզ համար պարզ է։ Դուք վերին աստիճանի եսական եք, Պարույր։ Դուք չեք ցանկանում ձեր անձասիրությունը զոհել հայրենիքի փրկության համար։ Դուք վախենում եք կայսրի աչքում հայրենասեր երևալ, որովհետև այդ կարող էր կասկածանքի ենթարկել ձեր անձը։ Բայց իմացած եղեք, Պարույր, եթե ինքը կայսրը հռովմայեցու սիրտ ունի, նա կհարգե հայրենասիրությունը ամեն մի անհատի մեջ։ Նա վա՜տ, ցա՜ծ և փոքրոգի՜ կհամարի այն մարդուն, որ դեպի իր հայրենիքի դժբախտությունը սառնասիրտ է մնում…

Երկու իշխանները հեռացան։

Հռետորի դեմքի վրա երևաց մի բարեսիրտ ժպիտ, նման այն ժպիտներին, որ երևում է չափահաս, զարգացած մարդկանց դեմքի վրա, երբ լսում են մի երեխայի դատողությունները։

«Պարզամի՜տ մարդիկ,― ասաց նա իշխանների հեռանալուց հետո,― ամեն մի բռնակալ հայրենասիրությունը ներելի է համարում միայն իր և իր համացեղ հպատակների համար, իսկ դեպի օտարի հայրենասիրությունը անհամբեր է լինում»․․․

Մյուս օրը հռետորը պետք է թողներ Հռովմը։ Նա պատրաստվեցավ ներկայանալ կայսրին և իր վերջին հրաժարական ողջույնը մատուցանել։ Մի խումբ պալատական աստիճանավորներ նրան առաջնորդում էին դեպի արքունիքը։ Կայսրը ընդունեց նրան խորին խնդակցությամբ, և միևնույն ժամանակ իր ափսոսանքը արտահայտելով, որ զրկվում է իր սիրելի հյուրի ախորժելի հասարակությունից։ ― Շնորհակալ եմ քեզանից, Պրոերեսիոս,― ասաց աշխարհի վեհապետը, ձեռք տալով նրան,― քո ներկայությամբ իմ պալատում՝ դու քաղցրացրիր իմ բազմահոգ ժամերը, իսկ քո իմաստությամբ իմ քաղաքում՝ դու բարձրացրիր ճարտասանական ամբիոնը։ Քաղաքը կատարեց իր շնորհակալության պարտքը և քո անունով արձան կանգնեցրեց։ Մնում եմ ես։ Խնդրի՛ր ինձանից, ինչ որ քո ցանկությունն է։ Ես պատրաստ եմ կատարել։

Խիստ բարեպատեհ առիթ ուներ Պարույրը, կայսրի այդ առաջարկությունից հետո, բարեխոսել իր հայրենիքի մասին, և խնդրել այն, ինչ որ նրանից պահանջում էին։ Նա հիշեց այդ, բայց տատանվեցավ անվճռականության մեջ…

― Պրոերեսիոսը այդ անշուք վերարկուն հագել է, որ խնդրելու ոչինչ չունենա այս աշխարհում,― պատասխանեց հպարտ իմաստասերը։

Երբ կայսրը երկար թախանձեց նրան, նա ասաց․

― Աթենքը, այդ իմաստության քաղաքը, պարգևեց ինձ մտավոր սնունդ։ Բոլորը, ինչ որ ունեմ ես, այդ քաղաքին եմ պարտական։ Ես կցանկանայի դյուրացնել աթենացոց մարմնական սնունդը։

Հետո նկարագրեց նա քաղաքի մեջ տիրող աղքատությունը, ուտեստների թանկությունը, որը ավելի ծանրանում է մաքսերի չափազանցությամբ, և վերջապես, խնդրեց, որ քաղաքը մտնող բոլոր ուտեստները, թե ալյուր, թե ցորյան և թե այլ պաշարեղեններ, բոլորը ազատ լինեն մաքսից։

Երիտասարդական հասակում, Աթենքի ամենաաղքատ թաղերից մեկում բնակված լինելով, հռետորի մեջ խիստ տխուր հիշողություններ էին մնացել քաղաքացիների թշվառության մասին։

― Ձեր խնդիրքը շատ համեստ է, բայց առաքինական է,― ասաց կայսրը։― Թող լինի այդպես, որպես ցանկանում եք։

Աթենքի Անատոլիոս եպարքոսին հրաման գրվեցավ, որ վերացնեն մաքսերը։

Հռետորը թողեց Հռովմը և ուղևորվեցավ դեպի Աթենք։ Հասնելով այնտեղ, կատարեց հռովմայեցիների խնդիրքը և իր աշակերտներից մեկին, Եվսեպիոս աղեքսանդրացուն, ուղարկեց Հռովմ, որ իր փոխարեն իմաստասիրական և ճարտասանական դասեր կարդա։

Հայոց երկու իշխանները հասան նույնպես իրանց նպատակին։ Թեև Պարույրը զլացավ նրանց մի խոսքով անգամ օգնել, և ավելի բարվոք համարեց Աթենքի աղքատների հացի համար հոգ տանել, քան թե ամբողջ Հայաստանը ազատել կործանումից,― բայց հայոց մեծահոգի իշխանները, արհամարհելով հայրենիքի խորթացած որդու օտարամոլությունը, իրանք անձամբ դիմեցին կայսրին, և մատուցանելով սուրբ Վրթանես հայրապետի ու նախարարների թուղթը, սիրալիր ընդունելություն գտան։ Կայսրը կատարեց նրանց խնդիրքը, և Անտիոքոս զորապետին զորքով ուղարկեց Հայաստան, որը գալով՝ խաղաղությունը վերականգնեց, և Տրդատի որդի Խոսրովը իր հոր տեղը հայոց գահը բարձրացավ։

Պարույրի կատարած բարեխոսությունը, մաքսերի բարձման վերաբերությամբ, ավելի բարձրացրեց նրա հարգը աթենացոց աչքում։ Մեծ շնորհակալությամբ ընդունեցին նրան և կրկին հանձնեցին նրա բաց թողած ճարտասանական ամբիոնը։ Այդ ամբիոնը սիրում էր նա, ավելի քան մի կայսր, որ սիրում է իր գահը։ Այդ ամբիոնից իշխում էր նա մտքերի, սրտերի և հոգիների վրա։ Այդ ամբիոնին նվիրված էր նա իր հոգու բոլոր զգացմունքներով։ Եվ չպետք է զարմանալ և ոչ մեղադրել նրան, որ նա դեպի իր հայրենիքը և դեպի նրա հոգսերը անտարբեր էր։ Նա գիտության և իմաստության սիրահար էր։ Այդ սերը մոռանալ էր տվել նրան ուրիշ բոլոր սերերը։

Աթենքի ճարտասանական ամբիոնը կառավարեց նա մինչև Հուլիանոսի ինքնակալ ընտրվելու օրերը։ Այդ քրիստոնեությունը հալածող և հեթանոսական իմաստակներին հովանավորող կայսրը, որը բոլոր դպրոցներից հեռացրեց քրիստոնյա իմաստասերներին և նրանց փոխարեն հեթանոսներ նշանակեց,― այդ ուրացողը Պարույրին չդիպավ, նրան թողեց իր տեղում։ Հուլիանոսը, որ իրան ևս մեծ իմաստասեր էր համարում, բայց դարձյալ Պարույրի գիտության ու հանճարի մասին խորին ակնածություն ուներ։ Նա անձամբ ծանոթ էր հռետորի հետ, նրա հետ թղթակցում էր, և իր նամակներից մեկի մեջ կոչում էր նրան. «Պերիկլեսի համանման, հորդառատ և անարգել գետ պերճախոսության»։

Հուլիանոսը մի առանձին ակնկալություն ևս ուներ հռետորից․ նա ցանկանում էր, որ Պարույրը գրե նրա զինվորական գործողությունների պատմությունը։ Նա փափագում էր՝ երևելի հռետորի ճարտար գրչով անմահացնել իր անունը։ Բայց ազնիվ հռետորը, որ բնավ շողոքորթության սովորած չէր, մերժեց նրա խնդիրքը ասելով, «իմ ձեռքը չի գրի Քրիստոսի վարդապետությունը հալածող մի կայսրի պատմությունը»։ Այդ մերժումից հետո, հռետորը իր հոժարությամբ թողեց Աթենքի ճարտասանական ամբիոնը, չկամենալով իր դիրքով պարտավորված մնալ կայսրին։

Նրա բազմաթիվ աշակերտների թվում նշանավոր եղան՝ մեծն Բարսեղ, Կեսարիայի պատրիարքական աթոռի պարծանքը և սուրբ Գրիգոր աստվածաբանը, որ իր ստվար աշխատություններով հայտնի է հունական մատենագրության մեջ։ Այդ վերջինի գրչին է պատկանում այն բանաստեղծությունը, որ դրած է այդ գլխի ճակատին։ Նրա աշակերտներից մեկն էր նաև երիտասարդ Եվնաբիոսը, որ գրեց իր սիրելի վարժապետի կենսագրությունը։

Իբրև մարդ, Պարույրը կյանքի քնքուշ կողմերից ևս զուրկ չմնաց։ Փոքր Ասիայի Տրալլի քաղաքում գտնված ժամանակ, սիրահարվեցավ Ամֆիկլեա անունով մի հույն օրիորդի վրա, որի հետ և ամուսնացավ նա։ Այդ ամուսնությունից ունեցավ երկու դուստր, որոնց հույն փեսաների տալուց հետո, իր ազատությունը ընտանեկան կյանքով չկաշկանդելու համար, սկսեց կնոջից բաժանված ապրել։

Պարույրը խորին ծերության հասավ, նա մեռավ 95 տարեկան հասակում։ Առաքինությունը, անարատությունը նրա պատվավոր կյանքի հատկանիշներն էին։ Իսկ տոկուն և եռանդոտ աշխատությունը նրա անվաստակելի հոգու մեծ զորությունն էր։ Հունաց գրքերի մեջ նա փառավոր անուն թողեց։ Աթենքը պարծենում էր նրանով, իսկ Հռովմը նրա պատվի համար արձան կանգնացրեց։ Իսկ այդ մեծ հռետորը հայ մարդու սրտում մի փոքրիկ տեղ անգամ չգտավ։ Մեր մատենագիրներից ոչ ոք չէ խոսում նրա մասին։ Նա ապրեց, գործեց գիտության և իմաստության համար, բայց իր հայրենիքի համար կորած մարդ էր․․․

Նա, իրավ է, փառավոր տեղ բռնեց այն մեծ մարդկանց անունների շարքում, որոնց ստեղծել է հունաց պատմությունը, բայց անունների այդ երկայն շարքի մեջ նրա փայլը, միախառնվելով մյուս շատերի լույսի հետ, անհետացավ․․․ Բայց եթե իր հայրենիքում գործեր, նա առաջինը կլիներ, նա եզականը կլիներ, և նրա հիշատակը հավիտյան չէր մոռացվի․․․

Ե
Երանելի փիլիսոփան Մովսէս (Խորենացի), որ արդարև մինչդեռ էր ի մարմնի՝ ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից․ ո՛չ ապաքէն ի տեղւոջէ ի տեղի աբեղեանդ հայոց հալածական արարին։ Ո՛չ զլուսաւորիչն և զտգիտահալած զգրեանն նորա առ անգիաութեան «փաթաղիկէս» կոչէին. և այլ բազում ինչ իրօք թշնամանեալ յետոյ՝ ապա յաղագս այլոց ամօթոյ՝ զխաբէական զեպիսկոպոսութիւնս նման դեղոց մահու արբուցեալ Սրբոյն՝ հեղձուցին… Զոսկերսն (Խորենացւոյ) ի գերեզմանէն հանել տային (աբեղեանն հայոց) և գետ արկանել․ զհրեշտականման այրն զտէր նոյն՝ անհանգիստ հալածանօք վախճանեցուցին, որք և այժմ դեռ ևս անյագութեամբ գինով ընդ մեռելոյն կագին։
Ղազար Փարպեցի


Աշնան փոթորկալից գիշերներից մեկն էր։ Կատաղի քամին մռնչելով պտտվում էր շինականների գետնափոր խրճիթների վրա և ցրիվ էր տալիս խոտի դեզերը, որ կիտած էին կտուրների վրա։ Երկինքը ամպամած էր, խավարը տիրում էր ամեն տեղ։ Բացի քամու աղմուկից, ուրիշ ձայն չէր լսվում։ Շներն անգամ այն գիշեր փախել, մտել էին իրանց ծակերը, և մի առանձին երկչոտությամբ սպասում էին, կարծես, աշխարհի կատարածին։

Դա Տարոն գավառի Խորնի գյուղն էր, որի փոքրիկ խրճիթներից մեկում յուղային ճրագը դեռ մարած չէր։ Այդ գետնափոր, ստորերկրյա բնակարանի խորշերից մեկում նստած էր մի ծերունի։ Քամին երբեմն ուժեղ հոսանքով ներս էր փչում երդիքից, և ճրագի լույսը ծածանվելով, տալիս էր ծերունու ալեզարդ դեմքին խորհրդավոր կերպարանք։ Նա միայնակ էր։ Նրա շուրջը, նույն կոշտ օթոցի վրա, ուր նստած էր նա, անկանոն կերպով դրած էին զանազան հին գրքեր հունարեն, պարսկերեն և ասորերեն լեզվով։ Նա այն աստիճան խորասուզված էր այդ հին մագաղաթների մեջ, որ ամենևին չէր նկատում, թե ի՛նչ էր կատարվում դրսում։ Դրանք էին նրա մտերիմ ընկերները, դրանք էին նրա հավատարիմ խորհրդակիցները, սկսյալ այն օրից, երբ նա ամեն տեղից հալածված, այդ ողորմելի խրճիթում վարում էր տխուր, առանձնական կյանք։ Խրճիթը ավելի գերեզմանի էր նման, քան թե կենդանի մարդու բնակարանի։ Դա բնակության այն նախնական ձևն էր, երբ մարդիկ իրանց կենցաղավարության եղանակներով շատ չէին տարբերվում վայրենի գազաններից։ Դա կատարյալ որջ էր։ Ցերեկով անգամ մի բան պարզ տեսնելու համար հարկավոր էր այնտեղ ճրագ վառել։ Բորբոսային անշարժ օդը խեղդելու չափ ծանր էր։ Պատերը նույնպես ծածկված էին բորբոսային կանաչությամբ։ Խոնավությունը տիրում էր ամեն տեղ։ Որ կողմ և շոշափում էիր, փուլ էր գալիս, հող էր թափվում։ Քարերն անգամ փթել, հողմահարվել էին մշտապես տիրող խոնավությունից։ Իսկ ծերունի աշխատավորը ապրում էր այդ մռայլ գերեզմանի մեջ,― ապրում էր, պատերազմելով իր սպանիչ մթնոլորտի լուծանող, քայքայող և ջլատող ազդեցության հետ։

Այդ մթին գերեզմանի մեջ երջանիկ էր նա։ Երջանիկ էր իր դառն անբախտության մեջ։ Այստեղ նրան չէին խանգարում. այստեղ նա մոռացված էր թե աշխարհից և թե իր բազմաթիվ թշնամիներից։ Այդքանն էլ բավական էր նրան, որ գոնե ժամանակ էր գտնում իրագործելու այն բարձր նպատակը, որի մեծության առջև անզգալի էին դարձել կյանքի բոլոր վշտերը, որը ձգել էր նրան այդ սոսկալի անձնուրացության մեջ։ Աղքատությունը, անոթությունը և տառապանքը անբաժան էին նրանից,― անբաժան էին և այն մագաղաթները, որոնցով շրջապատել էր իրան, որոնց մեջ գտնում էր իր սրտի միակ մխիթարությունը։

Ծերունին Մովսես Խորենացին էր։ Այդ խրճիթի տառապանքների մեջ գրեց նա իր հրաշալի պատմությունը, որպես Իսրայելի Մովսեսը, առանձնացած Սինայան լեռան կայծակների և որոտման մեջ, քարյա տախտակների վրա գծում էր աստվածային պատգամները։

Դրսում փոթորիկը չէր դադարել։ Ծերունին դեռ շարունակում էր պարապել։ Այդ միջոցին լսելի եղավ խրճիթի դռան մելամաղձային ճռոցը։ Ուշիկ քայլերով ներս մտավ մի մանկահասակ աղջիկ։ Տեսնելով ծերունու զբաղմունքը, նա կամենում էր նույնպես աննկատելի կերպով դուրս գալ, որպես մտել էր։ Բայց ծերունին գլուխը վեր բարձրացրեց և, նայելով նրա վրա, ասաց.

― Ի՞նչ կա, Շուշանիկ։

― Եկա քնելու տեղդ շտկելու, հայրիկ։

― Ես դեռ պիտի նստեմ, դու գնա քնի՛ր, զավակս։

Շուշանիկը ծերունու այրի մնացած քրոջ դուստրն էր։ Նույն խրճթի մեջն էր բնակվում նրա մայրը, որ բաժանում էր իր եղբոր դառն աղքատությունը։ Մայրը վրաններ և կապերտներ էր գործում և իր ձեռքի վաստակով պահում էր եղբորը։ Իսկ աղջիկը սպասավորում էր նրան։

Չնայելով, որ ծերունին իրավունք տվեց նրան չսպասել իրան, այլ գնալ և հանգստանալ, բայց Շուշանիկը դարձյալ սկսեց պատրաստել նրա անշուք անկողինը։ Նույն կոշտ մազե օթոցի մի կողմում, որի վրա նստած էր ծերունին, դրեց նրա բարձը, լեցրած չոր խոտով, և նույնպես կոշտ մազից գործված վերմակը տարածելուց հետո, իր ամենօրյա սովորության համեմատ, մի առանձին քնքշությամբ մոտեցավ մորեղբորը բարի գիշեր ասելու։ Ծերունին գրկեց նրան և օրհնելով համբուրեց։ Ընտանեկան սերը դեռ չէր հանգել նրա խորտակված սրտում։ Այդ նազելի աղջիկը նույնքան սիրելի էր նրան, որքան նրա բարեսիրտ մայրը։

Այդ միջոցին խրճթի դուռը դրսից սկսեցին սաստիկ բախել։

― Երևի, քամին է,― ասաց ծերունին։

― Ոչ, քամին չէ,― պատասխանեց Շուշանիկը, և դուրս վազեց տեսնելու, թե ով է այդ տարաժամ հյուրը։

Մի քանի րոպեից հետո Շուշանիկը ուրախությամբ ներս մտավ, ասելով.

― Հուսիկն է, հայրիկ։

― Հուսի՞կը,― զարմացած կերպով կրկնեց ծերունին։― Ի՞նչ կա, ինչո՞ւ է եկել։

― Նա թրջված է. դրսում անձրև է գալիս, մտավ մորս մոտ հագուստը ցամաքացնելու, շուտով ձեզ մոտ կգա,― պատասխանեց Շուշանիկը առանց ծերունու հարցերի վրա ուշադրություն դարձնելու։

Հուսիկը մի երիտասարդ աբեղա էր, սուրբ Կարապետի վանքի միաբան, և մանկությունից աշակերտած լինելով ծերունու մոտ, այնքան սիրում էր իր վարժապետին, որպես իր հարազատ հորը։ Նրա գալուստը թեև անչափ ուրախություն պատճառեց ծերունուն, բայց մյուս կողմից, նա սաստիկ մտատանջության մեջ ընկավ, թե ի՞նչ էր նշանակում այդ անակնկալ հայտնվելը, այն ևս մի այնպիսի փոթորկային և վտանգավոր ժամանակում։

Նրա մտատանջությունը ավելի սաստկացավ, երբ երիտասարդ աբեղան մտավ նրա մոտ աշխարհականի հագուստով։

― Այդ ի՞նչ է նշանակում,― բացականչեց ծերունին զարհուրելով,― ինչո՞ւ ես կերպարանափոխ եղել, այլևս ո՞ր դժբախտ պատահարը քեզ այստեղ բերեց, գիշերվա այդ ժամուն, եղանակի այդ խստության ժամանակ։

― Հանգստացեք, հայրիկ,― պատասխանեց երիտասարդ աբեղան մոտենալով և նրա օրհնությունն առնելով,― չար ոչինչ չէ պատահել, ես իսկույն բոլորը կպատմեմ ձեզ։

Նա նստեց ծերունուց փոքր֊ինչ հեռու։ Նրա խոսքերից երևաց, թե հիվանդ եղբայր ունի մերձակա գյուղում, վանահորից թույլտվություն խնդրելով, եկած էր եղբորը տեսնելու, և այդ դեպքից օգուտ քաղելով, մտածեց այցելել իր վարժապետին։ Իսկ գիշերով գալու և հագուստ փոխելու պատճառը այն է, որ իրան, վարժապետին հայտնի պետք է լինի, որ նրա մոտ մտնողների վրա մյուս հոգևորականները կասկածանքով են նայում։

Նրա պատմության առաջին մասը բոլորովին շինծու էր. նա ոչ հիվանդ եղբայր ուներ և ոչ գնացել էր նրան տեսնելու։ Նա ուղիղ եկած էր ծերունու մոտ, բայց թե ի՞նչ նպատակով,― այդ մասին զգուշությամբ լռեց, չկամենալով միանգամից հարվածել նրա առանց դրան էլ խորտակված սիրտը։

Ծերունին փոքր֊ինչ հանգստացավ։

― Այո՛, ինձ հայտնի է,― ասաց նա մի առանձին դառնությամբ,― որ ինձ մոտ մտնողների վրա կասկածանքով են նայում հայոց աբեղաները, աղանդավոր են համարում… Պատմեցեք,― խոսքը փոխեց նա ― ի՞նչ նորություններ կան ձեր վանքում։

Երիտասարդը սկսեց պատմել զանազան վանական ինտրիգների մասին, աբեղաների ծուլության և զոշաքաղության մասին։ Ծերունին անհետաքրքրությամբ լսում էր, որպես մի սովորական բան, և գլուխը քարշ ձգած, առանց երիտասարդի երեսին նայելու, իր շուրջը ընկած գրքերը խնամքով վեր էր առնում և մի կողմ էր դնում։ Բոլորը հավաքեց նա, բայց նրանցից մեկը, որ ինքն էր գրել, պահեց իր ձեռքում։ Երիտասարդին ծանոթ էր այդ գիրքը, նա հետաքրքրությամբ հարցրեց.

― Դեռ չե՞ք ավարտել, հայրիկ։

― Պատմությունը ավարտել եմ. այսօր գրեցի իմ ողբը. դա կլինի իմ աշխատության վերջաբանը։

― Մինչև որտե՞ղ հասցրիք պատմությունը։

― Մինչև Արշակունյաց թագավորության և մեր Լուսավորիչ հոր տոհմի Հայրապետական Աթոռի անկումը։ Ավելի հեռու գնալ չէի կարող, որ նկարագրեի մեր այժմյան կղերի ամոթալի գործերը։ Դուք գիտեք, որ առանց դրան ևս, նրանք ո՞րքան կատաղած են իմ դեմ։

Երիտասարդը առեց ծերունու ձեռքից գիրքը, սկսեց թերթել, միայն գլուխների վերնագրերը կարդալով։

― Այսքանն էլ բավական է,― ասաց նա մի առանձին գոհությամբ։

― Ես ամփոփեցի այդ գրքի մեջ մեր նախնյաց գործերը իրանց լավ և վատ կողմերով, նկարագրեցի մեր աշխարհի դավաճանների չարագործությունները և հայրենասերների անձնազոհությունները։ Դա մի կտակարան է, որ ես թողնում եմ ապագա սերունդին։ Կանցնեն խավարի և տգիտության դարերը, կծնվի լուսավոր ժամանակ իր նոր զավակներով։ Նրանք այդ կտակարանի մեջ կտեսնեն նախնյաց թե գեղեցիկ և թե տգեղ հիշատակները։ Նրանք կսկսեն դատել հայրերի գործերը, և անցյալի սխալներից խրատվելով, և անցյալի լավ օրինակներից խրախուսվելով, կստեղծեն մի նոր կյանք, ավելի հաստատուն, ավելի ապահով հիմքերի վրա։ Նրանք օգուտ կքաղեն անցյալի փորձերից, կաշխատեն չգլորվել այն կորստյան վիհի մեջ, ուր հայերը անմտությամբ ընկան․․․

― Եվ ձեր անունը կանմահանա, որ թողնում եք ապագայի համար մի այնպիսի հայելի, որի մեջ գալոց սերունդը կտեսնե անցյալի տխուր հիշատակները,― կտեսնե իր նախահարց մեծությունը և նրանց ցավալի անկումը․․․― ընդհատեց երիտասարդը ծերունու խոսքը։

― Իմ անմահության վրա երբեք չեմ մտածել ես,― պատասխանեց ծերունին անկեղծ համեստությամբ։― Ես աշխատել եմ անմահացնել մեր հայրենիքի հիշատակները, որ դրանք չմեռնեն, չմոռացվին ազգի մտքից։ Ոչինչ դրություն այնքան ցավալի չէ, երբ մի ազգ չգիտե իր նախնյաց պատմությունը։ Դա միևնույն դժբախտ դրության նման կլինի, երբ հայրը մեռնում է, իսկ իր անչափահաս ժառանգների համար չէ թողնում ոչ մի գրավոր բան։

Երիտասարդ աբեղան ուշադրությամբ լսում էր. նրա խելացի դեմքը արտահայտում էր մի առանձին անհանգստություն։ Կարծես, նա լռությամբ ասում լիներ. «այդ բոլորը շատ գեղեցիկ է, շատ կրթողական է, բայց մենք այդ մասին դեռ երկար ժամանակ ունենք խոսելու, իսկ այժմ հարկավոր է մի ամենակարևոր հարցի մասին մտածել»։

― Դուք ձեր բնակարանը փոխելու դիտավորություն չունե՞ք, հայրիկ,― ասաց նա, չկարողանալով այլևս համբերել։ ― Ի՞նչ կա,― հարցրեց ծերունին անհանգստությամբ։

― Ոչինչ․․․ այնպես․․․ հարցնում եմ․․․

― Երևի, այստեղի՞ց ևս կամենում են հալածել ինձ․․․

― Ոչ․․․ բայց․․․ վատ չէր լինի՝ փոքր֊ինչ զգույշ լինել․․․

― Ո՞րտեղ փոխեմ, ո՞ւր գնամ,― պատասխանեց ծերունին դառնացած կերպով։― Կար ժամանակ, որ իմ ուժերը դեռ սպառված չէին, աչքերումս լույս կար և ոտներումս զորություն։ Թափառում էի մեր աշխարհի մի ծայրից մյուսը, դիմանում էի քաղցի, ծարավի և եղանակների խստությանը։ Իսկ այժմ ո՞ւր կարող եմ գնալ, ո՞րտեղ կարող եմ քարշ տալ այդ քայքայված մեքենան։― Նա ձեռքը տարավ դեպի իր անձը։― Իմ կյանքը անցավ ցավերով և դառնությամբ. չմնաց մի տանջանք, որ ես կրած չլինեի։ Իսկ այժմ մի՞թե այդ մխիթարությունից ևս կամենում են զրկել ինձ, և թույլ չեն տալիս, որ գոնե իմ ծերության վերջին օրերը անցկացնեի այդ խոնավ գերեզմանի մեջ։― Նա ցույց տվեց իր կացարանը և րոպեական լռությունից հետո շարունակեց ավելի դառնացած կերպով.

― Ես թողեցի, հեռացա նրանցից, սկսեցի առանձնության մեջ որոնել իմ սրտի հանգստությունը։ Ես նրանց թողեցի հարուստ վանքերը և գավառների շահավետ եպիսկոպոսությունները։ Թող վայելեն, թող ոսկի և արծաթ դիզեն, որովհետև քաղցր է նրանց համար աշխարհի վայելչությունը։ Ես նրանց չեմ խանգարում, և որքան էլ ցանկանայի, անկարող պիտի լինեի, որովհետև նրանք իրանց կողմն ունեն իրանց նման նախարարների ուժը և օտարի պաշտպանությունը, որ հայրենիքի շահերը վաճառելու գնով են ստանում։ Այլևս ի՞նչ են պահանջում ինձանից։ Ինձ տվեցին Բագրևանդի եպիսկոպոսությունը, միայն ինձ ծաղրելու համար, որ բարձրացնեն և այնտեղից ցած գլորեն, որպեսզի իմ կործանումը ավելի զգալի լինի։ Ես բոլորը տարա, ամեն զրկանքի համբերեցի։ Իմ կռիվը փառքի համար չէր։ Ես պատերազմում էի խավարի, տգիտության և հայրենիքի դավաճանների դեմ։ Ես հաղթվեցա, ես ընկա, և իմ կործանման մեջն է իմ փառքը։ Այժմ ինչո՞ւ չեն թողնում ինձ հանգչիլ իմ փլատակների վրա։ Ես պատսպարվեցա իմ հայրենական աղքատ տնակում։ Ահա իմ բոլոր հարստությունը։― Նա ձեռքը մեկնեց դեպի իր մոտ դրած գրքերը։― Ես զրկվեցա աշխարհից և մարդկային հասարակությունից, մի՞թե չեն թողնելու, որ այդ լուռ, անբարբառ մագաղաթների հետ խորհրդակցեմ և նրանցով մխիթարեմ իմ դժբախտության րոպեները։ Ամեն ինչ խլեցին ինձանից,― մնաց մի գրիչ միայն։ Մի՞թե այդ ևս պիտի խլեն, որ անկարող լինեմ ավանդել իմ մտքերը, իմ սրտի դառն զգացմունքները․․․

Վշտացած ծերունու բերանով խոսում էր ժամանակի հալածված ճշմարտությունը։

― Պետք է զգուշանալ ավելի վատթարից․․․― պատասխանեց երիտասարդ աբեղան զգացված կերպով։― Այդ խավարասերները իրանց հալածության մեջ չափ չունեն։ Նրանք անդադար նորանոր առիթներ են որոնում ձեզ հարվածելու։ Իսկ վերջին հարվածը ձեզ համար խիստ կորստաբեր կլինի․․․

― Մտածում են իրանց վաղեմի սովորության համեմատ թունավորե՞լ ինձ,― հարցրեց ծերունին դառն արհամարհանքով։― Ես թույնից չեմ վախենում։

― Իրավ է, չեք վախենում. այդ փորձը մի քանի անգամ արել են ձեզ հետ։ Բայց․․․

― Այլևս ի՞նչ կարող են անել, բացի սպանելուց։ Դրանից ավելի դժվար վիճակ չէ կարող լինել, որին ենթարկեին ինձ։ Թող այդ ողորմելի խրճիթից ևս արտաքսեն ինձ։ Լեռների, ժայռերի խոռոչներում կգտնեմ մի այր պատսպարվելու համար։ Մեր լուսավորիչ հայրը, հալածված խավարասերների տգիտությունից, մի նույնպիսի այրի մեջ մեռավ։ Իսկ ես նրա նվաստ աշակերտը լինելու արժանավորություն չունեմ։

― Եթե մինչև այստեղ հասներ հալածասերների վրեժխնդրությունը, դրանով ևս պետք էր գոհ լինել։ Բայց նրանց դիտավորությունը ավելի չար է․․․

― Ասացե՛ք, վերջապես, մի՛ տանջեք ինձ։ Ի՞նչ են կամենում անել։

― Նրանք մտածում են հափշտակել ձեր բոլոր գրավոր աշխատությունները և ոչնչացնել։ Նրանք մտածում են ոչնչացնել այդ պատմությունը, որ ձեր վերջին տարիների ծանր վաստակների արգասիքն է։ Ես հենց այդ ցավալի լուրը ձեզ հասցնելու համար, գաղտնի կերպով դուրս եկա վանքից, շտապեցի ձեզ մոտ, որ նախազգուշացնեմ։

― Անիրավնե՜ր․․․― գոչեց ծերունին խորին վրդովմունքով։― Ես ամեն ցածություններ կսպասեի նրանցից, բայց այդ երևակայել անգամ չէի կարող։ Դա մի սարսափելի եղեռնագործություն է,― սպանել պատմությո՜ւնը։ Դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնյաց գործերը և հավիտենական մոռացության մե՞ջ թողնել մեր հայրենիքի հիշատակները, որպեսզի իրանց վատ գործերն ևս նրանց հետ ծածկվեն, մոռացվեն և ապագայի համար ամոթի ու նախատինքի առարկա չդառնան։― Այո, դա կլիներ ինձ համար մահացու հարված, եթե նրանք հասնեին իրանց նպատակին։ Այդ գիրքն էր մնացել իմ վերջին մխիթարությունը, նրա մեջն էի ամփոփել իմ սիրտը, իմ հոգին, իմ բոլոր զգացմունքները։ Նրա մեջն էի դրել իմ արտասուքը, որ թափել էի հայրենյաց ավերակների վրա․․․

Նա գլուխը քարշ ձգեց և ձեռքը տարավ դեպի ճակատը։ Ալևոր մազերը թափվեցան պատկառելի ծերունու դեմքի վրա, և ծածկեցին արտասուքը, որ հեղեղի նման հոսում էր նրա աչքերից։ Մի քանի րոպե մնաց նա այդ թախծալի դրության մեջ։ Հետո շարունակեց ավելի զայրացած կերպով.

― Ինձ չէ վշտացնում հանգամանքների այդ դժբախտ հետևանքը։ Մեր ժամանակում լույսի և խավարի կռիվը այլ կերպ չէր կարող վերջանալ։ Մեր Սահակ և Մեսրոպ հոր առաջին աշակերտները պատերազմողների առաջին դասակարգն էին։ Նրանք ընկան։ Նույն երանելի հարց կրտսեր աշակերտները ― ես և իմ ընկերները ― պատերազմողի երկրորդ դասակարգն էինք։ Մենք անցանք մեր նախորդների դիակների վրայով. թեև բավական հեռու գնացինք, բայց դարձյալ ընկանք։ Մեր ուժերը անհավասար էին։ Մենք պետք է արմատախիլ անեինք դարերով աճած, ստվարացած տգիտությունը, նախապաշարմունքը,― մենք պետք է սրբեինք ժողորդի սրտից դարերով բարդված, թանձրացած բարոյական կեղտը։― Այդ հեշտ գործ չէր։ Մենք նույնպես պետք է ընկնեինք, որպես մեր նախորդները։ Մի քանի սերունդ պետք է զոհվեր, մինչև նրանց դիակների վրայով ճանապարհ բացվեր դեպի լույսը, դեպի ճշմարտությունը և դեպի բարին։ Իմ ընկերները այժմ միևնույն հալածանքների մեջն են, որպես ես։ Մենք մեր անձերի վրա չենք մտածում։ Բայց ցավալին այն կլիներ, երբ մեր թշնամիները կհաջողեցնեին սպանել մեր գործը, մեր աշխատությունների արդյունքը․․․

― Դեռևս հուսահատվելու չէ, դեռևս շատ հնարներ կան ազատելու ձեր գրավոր աշխատությունները,― պատասխանեց երիտասարդ աբեղան մի առանձին վստահությամբ։― Այդ պատմությունը դուք գրել եք ձեր մեկենասի, Սահակ Բագրատունու, խնդիրքով։ Դուք դիտավորություն ունեիք անձամբ տանել ձեր աշխատանքը և ձեր ձեռքով նվիրել ազնիվ իշխանին։ Այդ հասկացել են ձեր թշնամիները։ Նրանք պատրաստվել են՝ կամ ձեր տան մեջ, կամ ճանապարհին կողոպտել ձեզ և հափշտակել այդ թանկագին գանձը։ Ժամանակ կորցնելու չէ։ Եթե իմ բարի վարժապետը վստահություն ունի իր անձնանվեր աշակերտի վրա,― ես պատրաստ եմ հենց այս գիշեր ճանապարհ ընկնել և տանել հանձնել իշխանին ձեր գիրքը։ Նրա ձեռքը հասնելուց հետո, ձեր աշխատությունը կազատվի վտանգից։

Ծերունին գրկեց իր մտերիմ աշակերտին և, օրհնելով նրան ասաց.

― Դու միշտ բարի ես եղել և հակամետ դեպի ճշմարիտը ու օգտակարը, Հուսիկ։ Գովում եմ քո անձնանվիրությունը և մխիթարվում եմ, որովհետև դու ինքդ իմ աշխատության պտուղներից մեկն ես։ Եթե քեզ նմանների թիվը շատ լինի, մեր հույսերը պետք է պսակված համարել։ Մենք մեր գործը կատարեցինք, մեր վարը վարեցինք, մեր ցանքը ցանեցինք։ Այսուհետև ձեզ է մնում մշակել, սնուցանել նորաբույս ցանքը, որ փուշերը և տատասկները չխեղդեն նրան։ Այսուհետև դուք և ձեր նմանները պետք է լինեն մեր սկսած գործի շարունակողները։ Օրհնում եմ քեզ, հաստատուն կամք, եռանդ և զորություն եմ խնդրում ամենակալից։ Տար այդ գիրքը և հանձնիր իշխանին։ Նա միայն է, որ գիտե գնահատել դրան, նա միայն է, որ հարգում է իր նախնյաց հիշատակները, նա միայն է, որ ինձ հետ ցավակից է եղել ներկա թշվառությունների մեջ։ Բագրատունիք միշտ հավատարիմ են եղել դեպի հայրենյաց շահերը։ Նա կպահե այդ գիրքը, որպես մի սրբություն, և կավանդե իր հաջորդներին։ Հոգվո աչքով տեսնում եմ, որ մի օր Բագրատունիների տոհմից պիտի կրկին ծագե հայոց իշխանական գավազանը։ Եվ այն տոհմը, որ հայոց արքաների գլխին թագ էր դնում․― իր գլխին պիտի դնե այդ թագը։ Իմ մարգարեությունները դու հաղորդիր իշխանին։

Գիրքը դրվեցավ մի կաշյա պարկի մեջ. երիտասարդ աբեղան կապեց մեջքի վրա, իսկ նրա վրայից հագավ իր վերարկուն։ Հետո նա առավ իր ճանապարհորդական ցուպը, և համբուրելով ծերունու աջը, ուղի ընկավ։

Դրսում փոթորիկը դեռ փոթորկվում էր. անձրևը հեղեղի նման թափվում էր. սոսկալի քամին ժայռերը շարժում էր իրանց տեղից, բայց քաջասիրտ ուղևորը հաստատուն քայլերով դիմում էր դեպի Սահակ Բագրատունու ամրոցը, որ մի քանի օրվա ճանապարհով հեռու էր Խորենացու գյուղից։ Զանգահարությո՜ւն․․․ տարաժամ զանգահարությո՜ւն․․․ որ սոսկում է ազդում։ Ամեն կողմից լսելի էր լինում զանգակի ծանր, թախծալի հնչյունը։ Նա լսելի էր լինում գյուղական փոքրիկ ժամատնից, լսելի էր լինում վանքերի բարձր զանգակատնից, լսելի էր լինում խուլ ձորերի և անբնակ լեռների մեջ առանձնացած, մենավոր մատուռներից։ Ամեն տեղ ղողանջում էր անսիրտ մետաղը։ Մի չարագուշակ, հրավիրական ձայնով ղողանջում էր նա։ Դա այն ձայնը չէր, որ հրավիրում է աղոթասեր շինականներին աստուծո տաճարը՝ իրանց գոհության փառաբանությունը մատուցանելու ամենակալին։ Դա այն ձայնն էր, որ սարսափ է ազդում, որ գուշակում է մի որևիցե արհավիրք, մի որևիցե տագնապ, մի որևիցե պատուհաս, որ վտանգ է սպառնում։

Օրը նոր էր լուսանում։ Երկինքը խաղաղ էր. արեգակի պայծառ ճառագայթները ժպտում էին ցողազարդ դալարենիների հետ։ Բնությունը հրճվում էր յուր սքանչելի գեղեցկության մեջ։ Նա, երևի, չէր լսում զանգակների սոսկալի ձայնը և չէր վրդովվում։

Իսկ մարդիկ սաստիկ վրդովմունքի մեջ էին։ Ամեն ոք դուրս էր վազում իր բնակարանից, տեսնելու, թե ի՞նչ էր պատահել։ Խումբերով դուրս էին վազում սևազգեստ աբեղաները, ոմանք վեղարով, ոմանք անվեղար, ոմանք ժամանակ չգտնելով իրանց հողաթափերը հագնելու։ Չարագուշակ ձայնը հասնում էր մինչև լեռնային քարանձավի մեջ առանձնացած ճգնավորի մենարանը, նա ևս թողնում էր իր մթին խորշը։

Շինականները դեռ նոր էին սկսել դաշտային աշխատությունները։ Հնձվորը թողնում էր հունձը և մանգաղը ձեռին գնում էր։ Հերկողը թողնում էր իր արորն ու գութանը և խարազանը ձեռին վազ էր տալիս։ Գյուղերից դուրս էին նետվում խաղաղասեր շինականները բահերով և բրիչներով։ Կինը, մանուկը գրկած, հետևում էր ամուսնուն։

Ո՞ւր էին շտապում։― Իրանք ևս չգիտեին։ Զանգակները հնչում էին։ Եկեղեցու ձայնը կոչում էր նրանց։

Մի տեղ մռայլ կույտի նման նշմարվում էր անորոշ մթություն։ Շինականները դիմում էին դեպի այն կողմը։ Հեռվից փոքր էր երևում կույտը, բայց որքան մոտենում էին, նա աճում էր, ընդարձակվում էր և մարդիկների բազմության էր նմանում։

Ամեն կողմից դիմում էին դեպի այդ կենտրոնը։ Դա ամբոխի այն արբեցյալ դրությունն էր, երբ վայրենի բնազդումները հրեշավոր բորբոքման են հասնում, և նա այլևս ինքն իրան հաշիվ չէ տալիս, այլ իբրև մի մոլեգնած հեղեղ, առաջ է մղվում, և գազանային անգթությամբ խորտակում է, ոչնչացնում է ամեն ինչ, որ պատահում է նրա ճանապարհի վրա։

Ռամկի կատաղությունը ավելի սարսափելի կերպարանք է ստանում, երբ նրան առաջնորդում է կղերը,― երբ գործի մեջ խառնվում է կրոնական մոլեռանդությունը։ Այդ դեպքում վայրենությունը սրբագործվում է եկեղեցու և Աստուծո անունով։ Սույն մոլեռանդությունը ստեղծեց ամոթալի ինկվիզիցիան և բազմացրեց աու–տո–դաֆեների թիվը։

Այստեղ կատարվում էր նույնպես մի աու֊տո֊դաֆե։ Բայց այրում էին ոչ թե կենդանի մարդիկ, այլ անշունչ առարկաներ։

Հրապարակի վրա վառվում էր խարույկը։ Հոգևորականությունը շրջապատել էր նրան։ Թանձր ծուխը բարձրանում էր փայտակույտից և, տարածվելով ու սև ամպերի նման պատելով սևազգեստ աբեղաների խումբը, պատկերացնում էր մի մթին կոլորիտ, որ խիստ հատկանիշ էր այն սև գործին, որը պատրաստվում էր կատարվել։

Խարույկի մի կողմում դիզված էին գրքեր։ Աբեղաներից մեկը կարդաց նզովքը, հետո վերառեց գրքերից մեկը և նետեց փայտակույտի վրա։ Մյուսները հետևեցին նրա օրինակին։ Մագաղաթը, կենդանի ողջակեզի նման, սկսեց խանձվել, սկսեց այրվել։ Եվ մի մեծ մարդու դարևոր աշխատությունները մի քանի րոպեի մեջ մոխիր դարձան…

Ռամկի ուրախության աղաղակը թնդացրեց օդը։ Ամեն բերանից լսելի էր լինում, «ազատվեցա՜նք աղանդավորի գրքերից․․․ այլևս մեր երկրում ցավ, ժանտախտ, երաշտություն չի լինի․․․»։

Դրանով չվերջացավ ռամկի սնահավատությունը և կղերի հալածասիրությունը։― Մնում էր՝ ցավի, ժանտախտի, երաշտության և այլ զանազան պատուհասների ծագման մի այլ աղբյուր։― Այն ևս պետք էր ոչնչացնել։

Ռամկի բազմությունը խուռն հոսանքով սկսեց ընթանալ դեպի մի այլ կողմ։ Ընդհանուր աղմուկի և աղաղակների շփոթության մեջ ոչինչ չէր հասկացվում։ Բոլորին տիրել էր մի տեսակ կատաղի հիվանդոտ ոգևորություն։ Նրանք շրջապատեցին մի անշուք գերեզման, որ պատած էր մացառներով։ Աբեղաներից մեկը առաջին օրինակը տվեց, առեց բրիչը, սկսեց բրել։ Բազմաթիվ բահեր և բրիչներ հետևեցին նրա օրինակին։ Մի քանի րոպեի մեջ գերեզմանը բացվեցավ։ «Աղանդավորի» մարմնի նշխարները լեցրին պարկերի մեջ։ Կանայք մի առանձին եռանդով գերեզմանի հողն էին ածում իրանց գոգնոցների և հագուստի դրոշակների մեջ։ Բոլորը մաքրեցին, բոլորը հավաքեցին։ Գերեզմանի հետքն անգամ չմնաց։ Հետո ցնծության աղաղակներով հանդիսավոր թափորը դիմեց դեպի մերձակա գետը։ «Աղանդավորի» ոսկերքը և նրա գերեզմանի փոշին ածեցին գետի մեջ։ Ալիքները ծփացին, գետը շարունակեց իր խաղաղ հոսանքը և կղերի հալածասիրության զոհը ծածկեց իր սառն կոհակների տակ․․․

Այդ ― Մովսես Խորենացու մարմնի փշրանքն էր։

Նույն միջոցին, երբ կատարվում էր այդ ամոթալի գործը, մի երիտասարդ աբեղա, միայնակ կանգնած մի բարձրավանդակի վրա, հեռվից նայում էր։ Որպես մարմնացած սրտմտություն, խորին վրդովմունքով նայում էր նա, և նրա դողդոջուն շրթունքներից դուրս էին թռչում հետևյալ խոսքերը.

― Խավարի՜ զավակնե՛ր․․․ մեր նորածին գրականության այդ բազմավաստակ մշակին դուք հալածեցիք նրա ամբողջ կենդանության ժամանակ։ Նրա ծերությունը անցավ ցավերով և դառնությամբ։ Գերեզմանի մեջ միայն նա պետք է հանգստություն գտներ։ Իսկ այդ հանգստությունից ևս զրկեցիք նրան… Ապագա սերունդը անեծքով և նզովքով կդրոշմե ձեր անիրավ վարմունքը։ Իսկ Նա, որի հիշատակը դուք աշխատեցիք ջնջել աշխարհի երեսից,― Նա հավիտյան անմահ կմնա յուրաքանչյուր հայի սրտում․․․

Այդ բողոքողը Խորենացու աշակերտ Հուսիկն էր[1]։

――――――――――――――――

  1. Գրելով «Պարույր Հայկազն», մենք թույլ տվեցինք մեզ մի փոքրիկ անախրոնիզմ անել, որպեսզի Պարույրի և Խորենացու ժամանակները մոտեցնենք միմյանց, թեև շատ հեռու չեն։ Իսկ պատմական ճշտությունները պահպանեցինք, որքան ներելի է բանաստեղծության մեջ։ Մեր աշխատության միայն համառոտությունը տպվեցավ «Աղբյուրի» մեջ, իսկ նրա ընդարձակը կտպվի առանձին գրքույկով։
    Ծանոթ. հեղ.։