Պարտություն փիլիսոփայական ֆրոնտում

Պարտություն փիլիսոփայական ֆրոնտում

ամբողջ օրն աշխատում ես և ստանում ես 14 դոլլար, իսկ ես միայն երեք ժամ նստելով ստանում եմ 25 դոլլար:

--Երևի մինչև հիմա հեռախոսը չի զանգահարել:

--Այո:

Եղբայրս հեգնորեն ժպտաց, գլուխը երերցրեց:

Ես ոչինչ չհասկացա, կարծեցի թե դեռևս նա իր ատամներն է կրճտացնում, որ ես չափահաս դառնալով՝ ազատվեցի այն կապանքներից, որ ամերիկյան օրենքը սահմանում էր անչափահասների համար, տալով նրանց իրենց ծնողների, մեծ եղբայրների կամ հորեղբայրների խնամքին և բռնապետության:

Պատահեցի մի քանի բարեկամների:

--Ու՞ր ես ծառայում:

--Մեռելաթաղի գրասենյակում:

--Ոհո՜...

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, ինչ կարող է պատահել,-մտածում եմ:

Առավոտյան պատահում եմ մեռելաթաղի դիրեկտորին:

--Ինչպե՞ս է ձեր գործը,-հարց է տալիս:

--Չափազանց լավ,- պատասղանում եմ:

--Ուրախ եմ, շատ ուրախ եմ, խոստանում եմ եկող ամիս ավելացնել քո ռոճիկը,-ասում է դիրեկտորը:

Հրճվում եմ: Ման եմ գալիս ամբողջ քաղաքում գտնելու և պատմելու նրան իմ հաջողությունները:

Դիրեկտորն ամեն պատահելուն՝ ուսս ծեծում է և ասում.

-- Եթե ինձ մոտ մնաս՝ ես ամեն ամիս քո ռոճիկը կավելացնեմ:

Չորրորդ օրը, երբ զբաղված էի Դանտեով, ժամը տասին մոտ, հեռախոսը զանգահարեց.

--Հըլո՜...

--Հըլո՜...

--Լոյդի մեռելաթաղի գրասենյակն է:

--Այո:

--125-րդ փողոցի N600 տանը մեռավ պրն. Վիլյամ Հովրդ Ջոնսոնը, խնդրում եմ գալ տանել:

--Շատ լավ, շատ լավ, այս րոպեիս:

Ես հրահանգ ստացել էի, որ եթե այդպիսի հեռախոս լինի՝ անմիջապես լուր տամ Լոյդ մեռելաթաղի ընկերության ախոռը, որպեսզի տանեն հուղարկավոռական կառքը և բերեն մեռելը: Ամերիկայում մեռելը երբեք տանը չեն պահում: Մեռելաթաղի ընկերությունը բերում է նրանց սառցատուն, պահում մինչև հուղարկավորության օրը՝ տանելու մեռելատիրոջ նշանակած վայրը: Անմիջապես զանգահարեցի ախոռը, հայտնեցի մեռելի անունը և հասցեն ու շարունակեցի կարդալ Դանտեն, բայց մի քիչ կարդալուց հետո՝ ակամա մտածեցի մեռնողի մասին:

--Մենք բոլորս էլ պիտի մեռնեք,- տրամաբանեցի և շարունակեցի Դանտեի վերծանումը:

Կես ժամ անց այս անգամ դուռը զանգ տվին և ես բաց արի դուռը: Սև կառքը կանգնած էր դռանը և ինձ թվաց, որ նա այնքան խոշոր է ու բարձր, ինչպես մի հսկա ժայռ: Նախ՝ կարծեցի, որ կառապանը մեռելի կառքը կանգնեցրել է իմ գրասենյակի դռանը, որպեսզի արձանագրություն կազմեմ և ապա տանի սառցատունը, բայց կարծիքս մի րոպեում ջախջախվեց, երբ չորս հոգով սկսան մեռելը վար առնել և բերել իմ գրասենյակը:

--Գրասենյակումն եք պահելու, ինչ է, -- գոռացի:

--Սառցատունն ենք դնելու, -- ասաց կառտպանը:

Հիշեցի, որ իմ գրասենյակի մեջ բացվում էր մի դուռ, որ թաղիքով և խնամքով ծածկված էր և վրան ծաածկագրով բացվող մի մեծ կողպեք կար:

--Երևի դա է սառցատունը,-- մտածեցի, երբ արդեն մեռելը պառկեցրել էին թաղիքն դռան առաջ և կառտպանը հեգելով կողպեքը բաց էր անում:

Աչքս նետեցի մեռելի վրա և...ցնցվեցի, մի պառավ և նիհար մարդ, բերանը բաց, որի մեջ ցցված էր մի համառ և մաշած ատամ, ծնոտն աջի վրա ծռած, աչքերը կիսափակ և անկենդան. երբեք չէի տեսել մարդկային մարմինն այդքան այլակերպ, ոհ, նրա ձեռները, այնքան երկար և այնքան բարակ, կարծես ռենտգենյան ճառագայթներով հանված լուսանկար լինեին:

Կառտպանը, դուռը բանալուց հետո՝ ձեռքը երկարեց ներս, սեղմեց էլեկտրական կոճակը: Սառցատունն լուսավորվեց: Չորս հոգի էլի գրկեցին Վիյամ Հովըրդ Ջոնսոնը, տարին ներս և մերկացնելով նրան նետեցին մի սառույցե անկողնի մեջ: Այն ժամանակ տեսա, որ այնտեղ հանգչում էին հինգ-վեց հոգի ևս: Կառտպանը Ջոնսոնին տեղավորելուց հետո ցույց տալով մեռելներից մեկին՝ ասաց.

--Սրան վաղը պետք է տանենք գերեզման, արդեն երկար պառկեց այստեղ,--ու, բռռնելով նրա ձեռքը, հարգալիր բարևեց ր սկսեց խոսել նրա հետ.

--Դրսում շոգ է, բայց դու այստեղ երևի լավ ես զգում սառույցի մեջ, վաղը քեզ էլ կտանենք գերեզման, հա, չես ուզում, քո տերը երկար չի կարող վճարել, այստեղ նհյուրանոցից թանկ է, իմանում ես:

Կառտպանը դարձավ մեզ և՝

-- Սրա թորը բավական մեծ էր, բայց հիմա համեստցել է, խոտը քիչ էր, ինչ անենք:

Կառտպանը ցույց տալով մի պառավ կնոջ՝

--Սրա տերերը մոռացել են սրան, քավթառն սկսել է հոտել, սառույցն էլ չի օգնում:

Ապա կառապանը, ցույց տալով մի թոքրիկ մատղաշ երեխայի, ժպտաց և՝

--Դեռևս ծիծաղում է, իհարկե ոչ մի ցավ չտեսավ կյանքում:

--Անհամ կատակներ ես անում, Հերրի,- ասացի:

Կառապանն ուշադրություն չդարձրեց իմ խոսքին:

--Ես ասել եմ, որ մեռնելուց հետո ինձ այստեղ չպահեն,- հարեց կառտպանը:

--Ցուրտ է դրա համար, հարց տվեց իր օգնականներից մեկը:

--Չէ, ցուրտը ոչինչ, ծախսը շատ է, սրանց տերերն օրեկան 10 դոլլար են վճարում, ափսոս չէ փողը մեռնելուց հետո:

Բոլորը դուրս եկան: Կառապանը նոր ծածկագրով կողպեց դուռը, և բոլորը հեռացան: Ես մնացի մենակ: Նստասեղանի առաջ և քաշեցի Դանտեն առաջս, բայց զգացի, ոև ատամներս սղմվում են իրար: Մեռելների վախը պաշարեց ինձ, և ավելի ուժգին անդրադարձավ իմ վրա, երբ միվայրկյան հիշեցի, որ այդ մեռելների կողքին ամբողջ չորս գիշեր մնացել էի առանց գիտենալու: Գերագույն կամքով ես ինձ սիրտ տալով՝ սկսա կարդալ, բայց ականջիս ներսից ձայներ հասան, կարծեցի, որ սառույցների ձայն է:

--Երևի մեկն ու մեկը վրայից նետեց սառույցները և մոտենում է դռան,- արտասանեցի բարձրաձայն:

Դեռևս նստած եմ: Չեմ շարժվում: Ոչ գիրք է երևում աչքիս,ոչ սեղան, միայն լսում եմ չարագուշակ ոտնաձայն: Էլի կամքիմի կոչում: Սկսում եմ փիլիսոփայել -բոլորս էլ պետք է մեռնենք, այդ մեռելներն ուրիշ բան չեն, եթե ոչ քիմիական մի զանգված, ոչինչ, ես էլ պետք է մեռնեմ, հայրս էլ մեռավ, ես մեռելներ շատ եմ տեսել:-ինչ են իմանում մեռելները կեղպեքի ծածկագիրը: Չեն կարող բանալ դուռը:

Բայց դռան ճեղքից նշմարում են Վիլյամ Հովըրդ Ջոնսոնի աչքերը:

Միայն հույսս մնում է փիլիսոփայությունը: Դիմում եմ բոլոր փիլիսոփայական ֆրազներին-

«Գերեզմանից սկսում է լույսը»:

«Կյանքը ունայն է»:

«Մահը հավիտենական խաղաղություն է»:

«Երանի նրանց որոնք...»:

Վիլյամ Հովրըդ Ջոնսոնն ուզում է կողպեքը բանալ և դուրս գալ: Հիշում եմ այն փոքրիկ երեխային: Խղճում եմ այն նրան:Ով է բանտարկել այդ անմեղ մանուկը պառավների հետ:

--Եթե այդ երեխան չի վախենում, ես ինչու եմ վախենում,- մտածում եմ ինքս ինձ սիրտ եմ առնում, ոտներս խփում եմ գետնին, գնում եմ, նստում սեղանի առաջ: Հանկարծ մի գոռոց և ահռելի պայթյուն: Սրտիս բոլոր սյուները քանդվում են: Ատամներս սկսում են կափկափել: Շարժվում է տակիս աթորը: Մեկը հետս է խոսում: Սկսում է բղավել և տարերային կերպով շարժվել: Հանկարծ ինքս ինձ գտնում եմ փողոցում: Ահա Օպընհայմը: Ինչ գործ ունի Օպընհայմը մեռելների հետ: Միթե փողոցում չեմ:

--Պր-ն Օպընհայմ, բարև ձեզ:

--Բարև ձեզ:

--Ուր եք գնում: --Կաֆե: Գնանք միասին,-ասում է Օպընհայմը: Դժգունել եք Դուք:

Մտնում ենք կաֆե: Մարդիկ խոսում են, ծիծաղում: Վերագտնում եմ ինքս ինձ: Ամբողջ գիշերը ման եմ գալիս և չեմ գնում սենյակս մինչև արևի ծագումը:

Առավոտյան մտածեցի գնալ գրասենյակ, պաշտոնապես հրաժարվել պաշտոնից և ստանալ երեք օրվան աշխատավարձ: Քայլերս ուղղեցի դեպի գրասենյակ, բայց ոտներիս աշխույժը կամաց-կամաց նվազեց:

--Վաղը կգնամ,- մտածեցի և հետաձգեցի վաղվան:

Այդ վաղը մինչև հիմա շարունկվում է: