Պետք է մեռնի՜լ
Դժգույն գիշեր մ՚էր քաղցրաբույր աշնային,
Երկինքն աստղեր զերթ «սիրո վերքք» ցոլային,
Դեղնած ու չոր թերթից՝ լուսինն իր բեկբեկ
Շողքը ցողեր ամրան վարսիցն աղեբեկ.
Շամբերուն մեջ կը սողոսկեր ուղխ մ՚անհետ,
Կայծեր, աստղեր կը կխաղային ալյաց հետ.
Սյուքը խաղար տերևներուն հետ թեթև,
Կը շոյեր գլուխս՝ այրած ճակատս վառե թև,
Նա իր շնչովն իս գոհ ընել կը կարծեր,
Բայց կ՚արծարծեր, ո՜հ, իմ սիրույն բյուր կայծեր…
Ոգի մ՚անցավ սրտես՝ թողուց հոն ըստվեր,
Աստեղց բույլ մը… միայն գիտեն զ՚այս աստղեր…:
Համբույրի մը հիշատակն էր սյուքին շունչ,
Իր դողդոջ ձայնն՚ տերևներուն սա շըշունջ.
Գունատ ճակտին տխրիկ պատկերն այս լուսին…
— Ո՜հ, կյանք պետք է տալ՝ սիրտ տրվի թե կուսին:
Կը սիրե նե, նայվածքին մեջ կը թառմի.
Ո՜հ, ի՞նչ է նե — ձյունով շաղված մի անդրի,
Վըսեմ ճակտին վըրա զույգ մը աստղեր վառ՝
Եթե սիրե՝ հալի, թ՚ատե՝ կտրի սառ…:
Լոկ հուր աչեր, ժըպիտ, արցունք տեսի նախ,
Կուրծս ուռուցիկ լանջ մը ըզգաց սիրաբախ,
Սիրո մրմունջ, հառաչ լսեցի բեկբեկ խոսք,
Դողդոջ ու գիրգ՝ պաղ ձեռք մ՚ըզգաց ձեռքըս սոսկ.
Թևերուս մեջ լույս մը, հով մը մարեցավ.
Էակ չ՚էր նե, այլ սեր, հուր, շունչ, ժըպիտ, ցավ.
Գոհար աչեր, վարդ այտ, այլ ինքն էր թախիծ.
Այն գիսավոր աստղեն «քար մը» մընաց ինձ…
Հիշատակ մը, գերեզման մը… սո՛ւրբ սափոր,
Ուր հեկեկով սիրտըս կ՚ընե միշտ թափոր…:
Երանի՜ թե ըլլամ շիթ մ՚արտասուք
Եվ անհետիմ դամբանիդ քով սիրասուգ.
Իցի՜վ թե խոտ մ՚ըլլամ ու ես ցամքիմ հոդ,
Ծաղիկ կ՚ըլլամ, բայց առանց քեզ չ՚ունիմ հոտ.
Լույս թե մութ, քուն, շուքըդ պիտի չ՚անհետի,
Հառաչելով ուշ պիտ՚ըլլամ ոսկր ու դի,
Շիրմիդ վարդքը չը թոռմած քեզ գրկեմ ես…
«Կյանք կուտաս՝ սիրտ թե տաս» ըսեն ետևես:
1869
Աղբյուր
խմբագրելhttp://web.archive.org/web/20041010010259/users.freenet.am/~tigran/06.html