Պոետին (Ալեքսանդր Ծատուրյան)

ՊՈԵՏԻՆ

Պոե՛տ, դու հպարտ, սեգ արծվի նման,
Բարձրից մի՛ նայիր տըգետ ամբոխին.
Եվ կըծու երգով մի՛ ծաղրիր նորան,
Շանթեր մի՛ թափիր խղճուկի գըլխին։

Ինչո՞վ է, ասա՛, ամբոխն հանցավոր,
Որ խորթ են նորան քո հոգու ձայներ.
Դու վարդ ես երգում, պոե՛տ բախտավոր,
Երբ նորա կյանքին պատած են փշեր...

Ի՞նչ անե ամբոխն, ի՞նչպես հասկանա
Քո գողտրիկ տաղերն, երբ թևեր առած,
Դու միշտ ապրում ես ամպերի վերա,
Կյանքից անջատված, եթեր վերացած...

Ամբոխը, պոե՛տ, զավակ է երկրի,
Լուսազուրկ զավակ, քրտնաթոր մշակ,
Նա միշտ կարո՜տ է կյանքի երգերի —
Երգի՛ր նորան հաց և արդար վաստակ։

Երգի՛ր նորան լույս, բարիքներ ուսման,
Եղի՛ր ամբոխին ուսուցիչ-ընկեր.
Նստի՛ր նորա հետ մի ճաշի սեղան,
Շոշափի՛ր մոտից դու նորա վերքեր...

Ապրի՛ր նորա հետ, նորա տանջանքով,
Մի՛ զզվիր նորան ձեռքըդ պարզելու.
Դու ուժ ներշնչիր սորան քո երգով —
Խավարի կապանքն անվա՛խ փշրելու...

Եվ տե՛ս, ո՛վ պոետ, քեզ այն ժամանակ
Որպիսի՜ սիրով կըսիրե ամբոխ.
Սե՛րն այդ կըհյուսե քեզ դափնե պսակ,
Սե՛րն այդ կըկանգնե քեզ հավերժ կոթող...

[1898]