Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Պոետ


Մերթ հիմար եմ, մերթ իմաստուն.
Մերթ ոչ այս եմ, ոչ այն,
Դրության շեփոր եմ.
Ոչ երկրինն եմ, ոչ երկնքին։

Մի հալածիր, եթե տեսնես հիմար,
Մի՛ հիանար իմ իմաստության վրա,
Ուրիշն է ինձ վրա իշխում,
Իմ մտքին, իմ զգացմունքին։

Այս սիրտը հայելի է,
Բնության պարգևն է.
Ցույց է տալիս
Միայն իրեն նայող դեմքը։

Լեզուս էլ այն է ասում,
Ինչ որ ականջս է լսում
Աչքս է տեսնում
Կամ միտքս չափում կշռում։

Այն չեմ, ինչ որ կարծում եք,
Այն էլ չեմ, ինչ ուրիշներն են կարծում.
Միջակ մարդ եմ հասարակ,
Մերթ երկրինն եմ, մերթ երկնքինը։