Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Պոետ


Թող քո երգում եռա հուրը բարկության.
Թող երգդ այրե հոգի անկեղծ արցունքով,
Թող արձագանք լինի ազնիվ ցանկության,
Ոգևորե հայրենիքի սուրբ սիրով։
Նորա ամեն թող ձայնն առաջ մեզ կոչե,
Հույս ներշնչե ահեղ մարտից ընկճվածին,
Անմահությամբ թող անկածին պսակե,
Նշավակե երկչոտությամբ փախչողին։
Ստության հետ և խավարի կռիվ մտած՝
Ճշմարտությա՛ն, լուսո՛ համար մարտնչենք,—
Այն ժամանակ քո առաջին խոնարհած՝
«Դու պոետ ես», քեզ հրճվանքով մենք կասենք։
Թող երգդ հնչե, որպես վտակ կարկաչուն,
Որ սահում է մեղմ հորձանքով արծաթի.
Որպես աղբյուր եռան հույսեր, ցանկություն,
Եվ ուժ լսվի և մի ծիծաղ կենդանի։
Թող մոռացվինք մատաղ ձայներ լսելով,
Թռչենք քեզ հետ երազների այն աշխարհ,
Ուր չեն թափվում դառն արտասուք տանջանքով.
Ուր կա հանգիստ, գեղեցկություն սիրավառ.
Զվարճանանք՝ թողած ամեն վիշտ, հոգսեր,
Եվ մանկության անուրջներով մենք ապրենք,–
Եվ մենք կօրհնենք այն ժամանակ քո գործեր,
«Դու պոետ ես», քեզ հրճվանքով մենք կասենք։

Թարգմանության տարի՝ 1887