Պոլիկրատեսի մատանին
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Պոլիկրատեսի մատանին
Տանիքի վերա նա բարձր կանգնած
Նայում էր, հոգին հրճվանքով լցված,
Իրեն հպատակ շքեղ Սամոսին։
«Հնազա՛նդ է ինձ այս ամենը, տե՛ս.
Խոստովանի՛ր, որ երջանիկ եմ ես»,—
Նա Եգիպտոսի ասաց արքային։
«Վայելում ես դու երկնից շընորհներ —
Ահա վաղեմի քո բախտակիցներ
Քո գայիսոնի ուժիցն ընկճվեցան։
Բայց կա վրիժառու մեկը տակավին.
Եվ մինչ կենդանի է քո թշնամին,
Երջանիկ քեզ չի՛ ասիլ իմ բերան»։
Եվ դեռ չէր արքան յուր խոսքն ավարտած,
Ահա Միլետից հրեշտակն ուղարկված
Եկավ, ավետիք բերեց իշխանին.
«Թող, տե՛ր, բորբոքվի զոհերի ճենճեր,
Եվ դալարագեղ զվարթ դափնիներ
Հյուսվին փառավոր պըսակ քո գլխին։
«Տիգահար արդեն ընկավ թշնամիդ.
Հաղորդում է այս լուրն ուրախառիթ
Պոլիդորն ազնիվ, զորավարըդ քաջ»։
Ասում է, բանում նա մի սև անոթ,–
Եվ արյունաթաթախ գըլուխը ծանոթ
Սոսկալով տեսան նրանք իրենց առաջ։
Եվ սարսուռ զգաց, նահանջեց արքան.
«Բայց մի՛ հավատար դու երջանկության»,–
Մտահոգ ասաց յուր բարեկամին.
«Հարուստ նավերիդ — այդ մի՛ մոռանա —
Բախտըն է լողում նենգ ալյաց վերա.
Կըփշրե՛ նոցա փոթորիկն ուժգին»։
Եվ հազիվ թե նա յուր խոսքն ավարտեց,
Մի ուրախ գանչյուն նորան ընդհատեց,
Որ ծովեզերքից հասավ թնդալով.
Ծանրացած գանձով օտար աշխարհի
Դառնում են ահա երկիրն հայրենի
Նավերն՝ իբր անտառ խիտ–խիտ կայմերով։
Ապշեցավ մընաց ու ասաց արքան.
«Հաջողում է քեզ այսօր ամեն բան.
Բայց ըզգուշացիր հեղհեղուկ բախտից —
Ահա կրետացվոց գնդեր զինավառ
Պատրաստում են արդ վըտանգ քեզ համար,
Արդեն հեռու չեն նոքա այս ափից»։
Եվ խոսքը բերնից դեռ նոր դուրս եկած՝
Տեսան նավերի դրոշները պարզած.
«Հաղթությո՜ւն»,—հազար ձայներ գոչեցին —
«Այլևս թշնամու չըկան արհավիրք.
Կրետացիներին ցրվեց փոթորիկ,
Եվ հասավ վախճան գոռ պատերազմին»։
Սարսափով լսեց հյուրն այս ավետիք.
«Իրավ, պիտի քեզ ասեմ երջանիկ։
Վախենում եմ սակայն ես կյանքիդ համար.
Աստվածոց նախանձն ահռելի է միշտ,
Եվ ուրախություն ոչ երբեք անվիշտ
Հողածնի բաժին տեսել է աշխարհ։
«Հաջողվում էր միշտ ի՛նձ ևս ամեն բան.
Բոլոր գործերումս ինձ միշտ անբաժան
Հովանավոր էր շընորհն երկնային։
Սակայն ունեի ժառանգ սիրասուն —
Ես տեսա նորա մահն անագորույն.
Պարտքըս հատուցի իմ ճակատագրին։
«Արդ ազատ լինել թե կամիս ցավից,
Աղաչի՛ր անմահ դու աստվածներից
Շնորհել և վիշտ ընկեր քո բախտին.
Ես դեռ չեմ տեսել, որ մեկի վերան
Միշտ լիաձեռըն մինչև յուր վախճանն
Աստվածներն ուրախ պարգև թափեին։
«Եվ թե չէ լսում աստված քո խնդիր,
Դու բարեկամիդ խըրատին միտ դի՛ր,
Ինքըդ քո գլխին կոչի՛ր դու փորձանք,
Եվ գանձերիդ մեջ եթե պատվական,
Սրտիդ սիրելի դու ունիս մի բան,
Ձգի՛ր, թո՛ղ տանի այս ծովի հորձանք»։
Եվ Պոլիկրատես սոսկալով ասաց.
«Իմ այս մատանին կղզում մթերված
Բոլոր գանձերիցս է ինձ սիրելի,
Կամիմ այս զոհել ես աստվածներին —
Թերևս հաշտ աչքով նայեն իմ բախտին»։
Եվ ծովն է նետում գոհարն յուր մատի։
Դեռ նոր էր բացվել հաջորդ առավոտ,
Մի ձկնորս մտավ թագավորի մոտ,
Եվ ուրախություն փայլում էր դեմքին.
Տե՛ր, այս ձուկն այսօր ընկավ իմ ուռկան,
Չեմ բռնել դեռ մինն ես սորա նըման.
Այս ընծա բերի քեզ, իմ իշխանին»։
Եվ երբ խոհարարն ձուկը կոտորեց,
Թագավորի մոտ ապշած նա շտապեց
Եվ խիստ զարմանքով գոչեց ու ասաց.
«Տեր, ահա տե՛ս քո սիրած մատանին,
Գտա նոր բերած ես ձկան փորին։
Ո՜հ, ի՜նչ անսահման բախտ է քեզ շնորհված»։
Եվ հյուրը դարձավ, սրտումն ահ ու դող.
«Էլ այստեղ», ասաց,— «մընալ չեմ կարող.
Այլևս բարեկամ դու չես ինձ համար —
Կորուստդ են խնդրում աստվածներն երկնից.
Փախչում եմ՝ քեզ հետ մեռնելու վտանգից»։
Եվ շուտ նավ նստավ. ընկավ ճանապարհ։