Պսակադրություն՝ ժամանակից դուրս, կամ՝ անընտել փուշ

Պսակադրություն՝ ժամանակից դուրս, կամ՝ անընտել փուշ
ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ, ԿԱՄ՝ ԱՆԸՆՏԵԼ ՓՈՒՇ


Կենսական տառապանք։ Մոխիրներ։
                                Ստվերախիտ լույսեր։ Ծաղիկը
        տեսնել այն խորության մեջ, որ կա ինձանում։ Ան-
        ընտել փուշ։ Ազնվությունը կրքով պաշտպանում են
        անազնիվները, իսկ ազնիվները (՞) կարողանում են լինել
        ընդամենն ազնիվ։ Լույսի պայթյուններ է
                             գրանցում «սեյսմիկ» պահը։

Գերեզմանները թաքստարաններն են մեր
                               պարտված վիճակների։ Թեեւ՝
        ինչ կիմացվի։ Անապատի ուղտերի մեջ կար մեկը, որից
        ուղտապանը երբեք չէր իջնում, ասում են,
                               դա նրա Համբերութ-
        յունն էր։ Խորագետ երկինք։ Ամեն մեկն իրեն խաբում է
        խնամքով, որ չկորցնի հավատը ինչ որ բանի հանդեպ։

Ես իմ ստվերներից զգեստներ եմ ձեւում
                                օրվա համար, երբ զգում եմ, որ
        այլեւս իզուր եմ սպասում քո գալուն։
                                Անձրեւի գալն ուղղակի
        փրկություն է անակնկալ։ Քարերը իմ
                                լռության վրա քանդակում են
        նախշազարդեր։ Բառավարում եմ
                                երգեցողությունը խոտերի,
        եղանակավորում քարերի լռությունը,
                                լեզվաբանում միտքը։

Այսպես, ամեն ինչ հոսում է։ Եվ ես Կոնֆուցիոսի
                                հետ դիտում եմ, թե
        ոնց է Գիյոմ Ապոլիները եկեղեցու դուռը
                                ասպետորեն բացում իր
        եւ Ջոկոնդայի առաջ՝ պսակադրության համար։
                                (Քավորը Պիկասոն է)։ Իսկ
        հետո նրանց ոտքերի տակ ճանապարհը
                                 հոսում է Սենա գետից
        խիստ վարար, Լեոնարդո դա Վինչիի
                                 արեւային հայացքի ներքո։

Աչքերս Լիմբիոնի պատուհանից դուրս, թե՞
                                ներս են նայում։ Երբեք չեմ
        սիրվել։ Եվ մեկ-մեկ, թվում է, թե ես
                                ապրում եմ Վեներա մոլորակում,
        ուր արեւը ծագում է արեւմուտքից։
                                Ինքնասեր ու ոչ դիպվածային։
        Գոյունակ։ Եվ աչքերս անքայքայելի
                                կաթիլներ են կալորիկի՝
        թերթերին այն ծաղկի, որ ամեն մեկի մեջ է՝
                                չերեւացող խորքերում։