Պստիկ տղան
Պստիկ տղան
Կարմիր բալը կանաչ ծառից
Կախ էր ընկել դեպի ցած,
Պստիկ տղան կողքի քարից
Կուռն էր մեկնել հիացած։
— Ես էն կարմիր բալն եմ ուզում
Այ, էն բալը վարդագույն,—
Ծառս էր լինում, հետն էլ խոսում,
— Տե՜ս, կքաղեմ ես իսկույն։
Ու մինչ տղան կուռը մեկնած՝
Բալ էր ուզում, որ քաղի,
Մի սիրուն ծիտ՝ ճյուղին նստած՝
Տեր էր դարձել ողջ ծառին։
Մեկ մի անուշ բալ էր կտցում,
Մեկ ցատկոտում ճյուղից-ճյուղ.
Մեկ ծլվլո՜ւմ, տեղից շրջում,
Տաղ էր ասում աներկյուղ։
Կարմիր բալը կանաչ ծառից
Հա ժպտում էր տղային,
Պստիկ տղան կողքի քարից
Հա նայում էր բալերին։