Պրոֆ. Ավ. Ա. Քալանթար, «Կաթնատու կովի կերակրումը

ՊՐՈՖ. ԱՎ. Ա. ՔԱԼԱՆԹԱՐ. «ԿԱԹՆԱՏՈՒ ԿՈՎԻ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ»

Շատ քչերին է հաջողվում մի փոքրիկ բրոշյուրով տալ գյուղատնտեսական այնքան գիտելիք, ինչպես հաջողվել է հեղինակին։ Այս gրքույկը[1] ընթերցանության շատ հարմար նյութ է ոչ միայն գյուղացու, այլև մեր տեղական ագրոաշխատավորների համար։ Բացի այդ, մեր գյուղական դպրոցների աշակերտները նույնպես կարող են օգտվել այս գրքույկից իրենց դպրոցական պարապմունքների ընթացքում։

Առաջին հարցը, որ հեղինակը տալիս է, մեր կովերի քիչ կաթ ու արդյունք տալն է։ Եվ կարևորն այդ պատասխանի մեջ ոչ թե այն է, որ մենք կեր քիչ ունենք, այլ որ շատ անգամ կեր լինելիս էլ գյուղացին չի կարողանում լավ արդյունք ստանալ՝ «գործին հմուտ չլինելու պատճառով, նա շատ անգամ կերը վատնում է կամ անտեղի կերպով խնայում է կերը և զրկվում ավելի թանկարժեք կաթից» (եր. 7)։

Բացատրելով կենսապահ ու արդյունաբեր կերերի նշանակությունը՝ հեղինակը շատ համոզիչ թվերով ապացուցում է, թե ինչքան է կորցնում մեր գյուղացին, երբ աշնան սկզբին խոտն անհաշիվ կերպով կովին տալով գարնան սկզբին, երբ կովը ծնում է և ավելի շատ կաթ տալ կարող է, կեր չլինելու պատճառով կովից շատ կաթ չի ստանում։ Մեր կերապակաս երկրում էլ գյուղացին իր կովից կարող է ավելի օգուտ ստանալ, քան այժմ, եթե միայն նա կովի կերակրումը կատարի հաշվով ու չափով։ Չէ՞ որ «կթաններին կերակրելու ամբողջ հմտությունը հենց այն է, որ հեշտությամբ որոշվի, թե ե՛րբ պիտի նրանց պահել միայն կենսապահ կերով, ե՛րբ և ի՛նչ չափով ավելացնել արդյունատու կերը և ինչից կազմել այդ կերը» (եր. 10), որովհետև «կերակրելու էությունը ոչ միայն առատ կեր ունենալու մեջ է, այլև այդ կերն ըստ տարվա եղանակների և կաթի չափի կանոնավոր դասավորելու մեջ» (եր. 40)։

Հեղինակը խոսում է մի գլխում գոմի և կովի խնամքի մասին։ Այս գլուխն այնքան էլ հաջող չպիտի համարել, ծանրության կենտրոնը ռուս գյուղի գոմն է և նրա գլխավոր պակասը` ցուրտ լինելը, այնինչ մեզանում գլխավոր պակասը գոմի մութ լինելն է։ Թեկուզ հեղինակը նպատակ է դրել միայն կովի կերակրման մասին պատմելու, բայց այս գլուխը կարծես շեշտում է այն, որ գիրքն ավելի լրիվ ձեռնարկ կլիներ, եթե մի քիչ ավելի ասվեր խնամքի մասին։

Գրքում սպրդված են մի քանի անհարթություններ. անհաջող բառ է «տնտեսատեր», « գարունքահուն»։ Սննդարար նյութերը բաժանելով սպիտակուց պարունակող և ոչ սպիտակուցային նյութերի և թվելով այդ նյութերը, աrանձին է մնացել «փայտանյութը», պարզ չի, թե փայտանյութն այդ երկու տեսակից որի՛ն է պատկանում։ Անորոշ է և այս նախադասությունը. «կրծի կաթ պատրաստելու ընդունակությունը չի սահմանափակվում ա'յն քանակի կաթ արտադրելով, ինչքան որ պետք է hորթին՝ նոր ծնված ժամանակ» (եր. 13), կամ՝ «սպիտակուց պարունակելու տեսակետից ամենաաղքատ կերը դարմանն է, որի մեջ սպիտակուցը 20—25 անգամ պակաս է ոչ սպիտակուցային նյութերից» (եր. 19)։


Շատ անորոշ է՝ «քուսպ», և այդ՝ ոչ միայն այն պատճառով, որ «կոպտոնին» մեր մի շարք գավառներում «քուսպ» են ասում, այլև գրքում «քուսպ» մերթ որպես «գարեջրի քամած մնացորդ» է (եր. 19), մերթ էլ որպես «կոպտոն»։ Կերի բաղադրության աղյուսակում կա «կարմիր երեքնուկի» և «կապույտ առվույտի» բաղադրությունը օսլային համարժեքով, բայց չկա մեզանում շատ ընդունված կորնգանը։ Մի ուրիշ դիտողություն. հարկավոր է ընդմիշտ վերջ տալ անունների խայտաբղետության, որպիսին նկատվում է թե մեր գրքերում և թե գյուղատնտեսական պարբերական մամուլում: Կարծես՝ ընդունված է «կերի բազուկը», բայց այս գրքում գործ է ածվում «ճակնդեղ»։ Մենք ասում ենք՝ «անարատ կաթ» և ոչ «անաղարտ»։

Իհարկե, այս մանր թերությունները շատ չեն պակասեցնում գրքի արժեքը։ Գրքույկի լեզուն պարզ է, հրատարակությունը՝ խնամքով։ Մեզ մնում է ցանկանալ, որ մեր գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերյալ ևս «Գյուղացու գրադարանը» տա նման գրքեր։ Իսկ այս գիրքը հարկավոր է տարածել, հասցնել մեր ամենախուլ գյուղերն անգամ։ Նյութի ամփոփ դասավորումը, համոզիչ բացատրությունն ու հարուստ բովանդակությունն արդեն գրավական են, որ այս գիրքը հաջողությամբ, որպես օժանդակ ձեռնարկ կարող է դառնալ մեր գյուղական ինտելիգենցիայի և գրագետ գյուղացու համար։

  1. 1