Պօէտին
Ալեքսանդր Պուշկին
թարգմանությունը՝ Հարություն Թումանյանի

Պօէտին


Պօէտ դու բնաւ մի հրապուրւիլ համայնքի սիրով!
Բուռն գովեստի վաղանցուկ ձայնը կըլռի շուտով.
Կըդատապարտի անմիտը, վըրադ սառը կըխնդան,
Սակայն դու եղիր հաստատ, անսասան, հանգիստ ու դաժան։

Դու թագաւոր ես—ապրիր միայնակ! Ուր որ քո անկախ
Խելքը քեզ տանի—գնա համարձակ, ազատ ու անվախ,
Հասունացնելով սիրած խոհերիդ քաղցր պտուղներ,
Վեհ գործքիդ համար չըպահանջելով վարձ ու նւէրներ։

Քո մէջ են նոքա։ Մեծ դատաւոր ես ինքըդ քեզ համար,
Բոլորից էլ խիստ դու ես գին դնում գործիդ անաչառ։
Քո գործից գոհ ես, դու խստապահանջ գեղարւեստագէտ?
Գոհ ես դու արդեօք? Դէ ուրեմն թող ամբոխը տգէտ
Անարգի նորան, վառւող կըրակիդ սեղանին թըքի,
Մանկան չարութեամբ սուրբ զոհարանդ ցնցի, տատանի!