Ջաղացպան Անտոնը
Ջ Ա Ղ Ա Ց Պ Ա Ն Ա Ն Տ Ո Ն Ը
I

Գյուղից մոտ երկու վերստ հեռավորության վրա գտնվող գետափին էր էն ջաղացը, ուր Անտոնը ջաղացպանություն էր անում։ Թեև ջաղացը վաղուց արդեն իրենը չէր, բայց էլի նրա անունով էր կոչվում՝ «Անտոնի ջաղացը»։

Ջաղացը փոքր, ցածր ու խավար էր, էնպես որ ներս մտնելիս թվում էր, թե աչքերդ մի սև շորով կապեցին։ Աչքերդ լավ տրորելուց հետո միայն կարող էիր նկատել Անտոնին, որ եթե ծալապատիկ նստած էր, նման էր ալրով լիքը պարկի, իսկ եթե կանգնած էր, կարծես մարդ չլիներ շարժվողը, այլ ոչխարի մորթուց կտրած սպիտակ կարճ քուրք։

Տարին բոլոր, ամառ թե ձմեռ, գիշեր-ցերեկ միշտ Անտոնի քուրքը հագին էր։ Ջաղացպան դառնալուց հետո ոչ ոք նրան քուրքը հանած չէր տեսել, որովհետև քուրքը նրա համար ոչ միայն հագուստ էր, այլև անկողին։ Նրա սպիտակ մորուքն ու ալրոտ, ոչխարի մորթուց կարած մեծ փափախն էնպես էին միացել քուրքին, որ կարծես թե նրանք էլ էին քուրքիցը կարած, կպցրած։ Միակ սևին տվողը նրա դեմքին՝ աչքերն էին, որոնց վրա մի մշտնջենական թախիծ իր սև պատանն էր քաշել։

Անտուն էր Անտոնը։ Անտուն ու մենակ, ոչ ոք չուներ գյուղում, բացի հեռավոր ազգականներից, որոնք չէին կամենում Անտոնին իրենցը համարել, որովհետև... նրանից ո՛չ մի շահ, ո՛չ մի օգուտ չէին սպասում։ Սրանից զատ՝ կար մի հանգամանք էլ, չէին ուզում Անտոնի տունուտեղը խլող համփա Սողոմոնի աչքին վատ երևալ։

Դեռ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Անտոնը կորցրեց իր երկու տղին, որոնցից մեկը մի տարվա ամուսնացած էր, իսկ մյուսը՝ նշանված։ Նրանցից փոքրերն էլ, Նրանցից փոքրերն էլ, երեք հոգի, սև ծաղիկ ընկան, մեռան, կինն էլ՝ էս ցավերից հալվելով ու մաշվելով՝ մոմի պես բարակեց ու Անտոնին մենակ թողեց էս աշխարհի երեսին։ Մեծ արսն էլ, որ մի սիրուն ու փափլիկ տղա էր բերել, վերցրեց ու հորանց տուն գնաց, ուրիշ գյուղ, էնտեղ էլ ամուսնացավ իրենց գյուղացի՝ Բալախանում աշխատող մի տարտալշչիկ բանվորի հետ ու մարդու հետ գնաց Բալախանի:

Անտոնը պարտքի մեջ խրվել էր։ Համփա Սոլոմոնը, որ նրան «բարեկամաբար» փող էր պարտք տվել, վաղուց էր աչքը տնկել Անտոնի տան տեղի վրա, որ ինչպես ասում են՝ գյուղի աչքն էր, և օգտվելով Անտոնի ձախորդություններից, զավթեց նրա տունը, որը հիմնահատակ արավ ու տեղը մի երկհարկանի կրապատ տուն շինեց։

Անտոնը սրտամորմոք մի բան ասաց միայն համփա Սոլոմոնին.

— Էդ արարքդ քե՛զ էլ չի մնալ, Սոլոմոն, որ ես աչքս բաց, ոտիս վրա սաղ, դու իմ տունը քանդեցիր։

Բայց ի՞նչ կարող էր անել, ա՜խ քաշեց Անտոնը, թուքը կուլ տվեց ու վշտի շղթան փորում կուտակելով, ոնց որ ասում են, հոգին չանգռելով քաշվեց իր պապական ջաղացը, որտեղ մինչև հիմի էլ ջաղացպանություն է անում։ Տարբերությունն այն է միայն, որ համփա Սոլոմոնը հազար ու մի սուտ-ղորթով՝ «հին պարտքի տեղ» Անտոնի ջաղացն էլ խլեց և... «ողորմածաբար», ինչպես ինքն էր ասում, թողեց, որ Անտոնն իր իսկ սեփական ջաղացում մնա որպես Սոլոմոնի ջաղացպան։

— Անտուն մարդ ես, ապրի իմ շվաքի տակ,— ասաց «ողորմած» համփա Սոլոմոնը։

Անտոնն իր վշտի շղթային էս մի ծանր օղակն էլ միացրեց ու սուս կացավ։

Էն էր ու էն, Անտոնն էլ ոչ գյուղն էր մտնում, ոչ էլ մեկի հետ էդ անցքերի մասին զրից անում։ Թեև մի անգամ նա տերտերին խիստ անպատիվ էր արել ջաղացում, հայհոյելով նրա ավետարանն էլ, աստվածն էլ։ Ներկա եղողները պատմում են, թե տերտերը նրան ասել է.

— Եղբայր Անտոն, ամբողջ 5—6 տարի է ո՛չ գյուղ ես եկել, ո՛չ եկեղեցի ես մտել, ո՛չ էլ մեռելներիդ գերեզմանն ես օրհնել տվել, հոգիդ ինչո՞ւ ես սատանաների բաժին դարձնում...

116 ես օրհնել տվել, հոգիդ ինչո՞ւ ես սատանաների բաժին դարձնում․․․

Անտոնն էլ անպատիվ բան չէր թողել, որ տերտերի գլխին չթափի, բայց ամենից շատ ու ամենամեծ վիրավորանքն այն էր, որ Անտոնը մի քանի մարդկանց մեջ ուղղակի տերտերի ճակատին ասել էր.

— Քու աստոծն ու քրիստոսն էլ էն համփա Սոլոմոնի փողի գերին, դու էլ նրա գյադեն ես։ Թե էդ քու քրիստոս ու աստոծ ասածդ մեզպեսների պաշտպանն են, խի՞ համփա Սոլոմոնի պալատն իրան գլխին փուլ չեն ածում, ոնց որ նա իմ տունը քանդեց։ Թե դու լավ մարդ ես, խի՞ էն վախտը ձեն չէիր հանում, որ Սոլոմոնը տունս հիմնահատակ էր անում... Դու չէիր, որ խաչ ու խաչվառը ձեռիդ օրհնում էիր Սոլոմոնի տան հիմքը, որն ինձանից զավթած տան տեղը զուռնա-դհոլով պատում էր... Գնա՛ գնա՛ նրա մեռելներին օրհնի, քեզ փող կբաշխի, ես ի՞նչ ունեմ... Թե՞ եկել ես ունեցած-չունեցած էս քուրքս էլ քեզ տամ, որ մրսեմ, շանսատակ ըլեմ, բալքի հոգին արքայության գնա, սատաների բաժին չդառնա... Հոգի ունե՞մ, որ սատանի բաժին դառնա, կամ հրեշտակի՞... Հոգիս հրեն համփա Սոլոմոնի ձեռին, գնա նրանից ուզի...

«Խելքը երևի թռցրել է», ասացին գյուղի մեծամեծները և չթողին, որ տերտերը գանգատ տա Անտոնի վրա։

II

Սովի տարիներ էին իրար հաջորդում։ Մեծ պատերազմն ընկել էր, գյուղերի աշխատող ձեռքը պակասել։ Էլ առաջվա պես սայլերով աղուն բերող չկար, մարդիկ շալակով էին աղուն բերում կամ ամենաշատը մի ձիաբեռ կամ իշաբեռ։ Պակասությունն էնպես էր խեղդել մարդկանց, որ հարևանը հարևանին հացփոխ էլ չէր տալիս։ Համփա Սոլոմոնը վաղուց դուրս արած կլիներ Անտոնին, որովհետև ջաղացն օգուտ չէր տալիս, բայց քանի որ նա, Սոլոմոնը, նոր գործ էր սկսել, «մսի փոդրաթ» էր վերցրել և լավ էլ աշխատում էր, դրա համար էլ Անտոնին ձեռք չտվեց։ «Էսօր չէ էգուց էլի «Էսօր չէ էգուց էլի պետք ա գալու, թող հիմի մի կերպ գլուխը պահի»,— ասում էր Սոլոմոնը։

Ձմեռվա ցուրտ օրերից մեկն էր, երբ գյուղից երկու հոգի պարկերը շալակած եկան Անտոնի ջաղացը և հայտնեցին թե՝ «թագավորին թախտից գցել են»։ Ուրախ էին նրանք, որովհետև իմացել էին, թե պատերազմը կարող է դադարել ու տղերքը կռվի տեղից կվերադառնան։

Անտոնի համար միևնույն էր, թե ինչ է պատահել, նա ոչ ոքի չէր սպասում։

— Անտոն բիձա, էդ խի՞ դու էլ չես ուրախանում, անիծած թագավորին թախտիցը վեր են գցել, աշխարհս ազատութին ա ընկել, կռիվը վերջանալու ա, խաղաղ օր ա կյանք ենք քաշելու,— հարցրին աղուն բերող գյուղացիք։

— Ուրախանա՞մ... լավ եք ասում, համա... վերջն ա գովելի, — պատասխանեց Անտոնը։— Թագավորն ինձ ինչ ա արել, որ ուրախանամ յա տխրեմ։ Իմ փայ թագավորը հրեն գեղումը նստած։ Թագավորը հո տունս քանդել չի, ջաղացս ձեռիցս խլել, ինձ էս օրը գցել։ Թագավորին թախտիցը գցելն էն օրը կիմանամ ու կուրախանամ, որ գեղը լափող Սոլոմոնի պես շներին իրարից կապեն ու շանսատակ անեն։ Աշխարհիս խաղաղվելն էն օրը հաստատ կլի, որ տերտերի մորուքը կխուզեն, քյասիբներից զավթած հողերն ու բաղերը նրա ձեռիցը կխլեն, իրանց տերերին կտան, թե չէ... դուք ի՞նչ գիտաք, թե թագավորի տեղ՝ էտ ղայդի շներն ու գելերը չեն մեր ջանին ընկնելու, ու թե թագավորը մեր միսն ա կերել, դրանք ոսկորնիս էլ չեն կռծելու...

— Է, Անտոն բիձա, աշխարհն ըսենց եկել, ըսենց էլ գնալու յա, աստծու դրած օրենք ա, աշխարհիս երեսին մեծ էլ պետք ա ըլի, պուճուր էլ, աղա էլ պետք ա ըլի, նոքար էլ, դու հենց ուզում ես հավասար ըլենք դիփս էլ... էս ձեռս տեսնում ես, վրեն հինգ մատը կա, համա մինն էլ ա մեկէլին նման չի, ոչ էլ հավասար։ Աստոծ հու շաշ չի, որ ըսենց ա ստեղծել, դու ուզում ես փոխվի՞,— առարկեց վիճող գյուղացին։

— Չէ՛, բան չեմ ասում,— պատասխանեց Անտոնը, —զրից էր, ասացի, էլի՜, խոսքս էլ տեղ կհասնի, գլխիս մի նոր ցավ ու պատուհաս էլ նոր կգա, համա ձեռիդ հմար մի բան կասեմ մենակ, որ մատնեքը ջոկ-ջոկ խեղճ ու կրակ զադեր են, ուզում ա մեծ, ուզում ա պուճուր, բայց մի իրար հավաքի ու հուպ տու, հրես է, ըսենց, տեսնում էս, էս ի՞նչ բան ա սրան դմբուզ կասեն։ բան կասեմ մենակ, որ մատները ջոկ-ջոկ խեղճ ու կրակ զադեր են, ուզում ա մեծ, ուզումա պուճուր, բայց մի իրար հավաքի ու հուպ տու, հրես է, ըսենց, տեսնում էս, էս ի՞նչ բան ա սրան դմբուզ կասեն։ Աշխարհս որ կա՝ դմբուզակռիվ ա, ում դմբուզը պինդ ա ծեփում, նրա տարածն ա։ Դու հենց գիտում ես, իմ ցավը մենակ տունս քանդող Սոլոմո՞նն ա... Հրեն Սոլոմոնի կողքին էլ Արտեմն ա, Գրիշա բեգը, քյոխվա Զաքարը, էս ղոլի գեղումն էլ Սիմոն աղեն, աշխարհ թալանող առուտուրական Ջավադ խազեինը, մեր գործակալ տեր Օհանեսը... Ո՞ր մինն ասեմ... ո՞վ կարա դրանց իշին չոշ ասի, հավին՝ քիշ։ Սրանք տեսնո՞ւմ ես ոնց են իրար հետ կապված, փեսա ու հաներ են, խաչախպեր ու կնքահեր, սրանց կողքին էլ պրիստավը, կուբեռնատը, ես ինչ գիդամ՝ հազար ու մի նման շուն ու գել, գլուխներին էլ թագավորը բազմած։ Շատ էլ թե թագավորին թախտից գցել են, սրանք հու կա՞ն, սրանց դմբուզը հու ծեփո՞ւմ ա... էս եմ ասում, թե չէ, էսօր-էգուց գյոռբագյոռ եմ ըլելու, գերեզմանիս տեղն էլ չեն իմանալու որտեղ ա։ Ո՞ւմ ինչ վեջն ա թե աշխարհիս երեսին մի Անտոն ապրել ա, թե մեռել... Համա դու դմբուզակռիվը լավ միտդ պահի, թե մեռնենք ոչ, հրես մեր աչքովը կտենանք։

— Արա՛, Անտոն բիձա,— մեջ մտավ երկրորդ գյուղացին,— էտքան խելոք մարդ, էս ջաղացումն ի՞նչ ես շինում, խի՞ չես գալի գեղը...

— Սոլոմոնի դմբուզը հալա շատ ա զորավոր, քեզպեսներն էլ կռվի վախտը թիկունքումս կանգնիլ չեն, գամ որ քուրքս քամուն տա՞ն... Խելքն ինձ ո՞վ ա տվել, թե խելոք ի, տունս խի՞ խլեցին ձեռիցս. ջաղացպանն ինչ ա, թե իրեն ունեցած խելքն ինչ ըլի,— հեգնեց Անտոնը և տեղիցը վեր կացավ, որ ջաղացի ջուրը կտրի։

Գյուղացիք պարկերն ուսած ճամփա ընկան դեպի գյուղ, աշխույժ վեճ բանալով Անտոնի ասածների շուրջը, իսկ Անտոնն էլի լեզուն քաշեց իր բունը և լուռ ու մունջ նստեց ջաղացում, մտածելով թագավորին թախտից գցելու և պատերազմի վերջանալու մասին։

Տարիներ շարունակ նրա թմրած միտքն այժմ արտասովոր աշխատանք էր սկսել։ Իր մութ ու ցածլիկ ջաղացում նստած, Անտոնը զարմանալի ծրագրեր էր կազմում գյուղի կուլակներին կործանելու մասին, հաճախ «ա՜խ» քաշելով, որ ինքը մենակ է, և որ դժվար թե գյուղում գտնվեն մարդիկ, որոնք հետևեն իր խորհուրդներին և դիմեն դմբուզակռվի։

III

Շատ ժամանակ չէր անցել էն օրից, երբ պարկը շալակած միևնույն գյուղացիներից մեկը եկավ Անտոնի ջաղացը և դես «բարի լուս»–ը բերնումը՝ հայտնեց.

— Անտոն բիձա, հոգիդ սուրբ էր, դմբազակռիվը գեղն ա ընկել։ Ասում են մեծ Ռուսեթը բաժան-բաժան ա ըլել, երկրի ամեն մի բուրջում թազա թագավորութին ա ստեղծվել։ Բեգերը, գեներալներն ու նրանց պես մարդիկ ուզում են իրանք իշխեն, կռիվն էլ շարունակվում ա։ Աշխարհս հենց ա խառնուփնթոր դառել, որ չեմ իմանում ով ա տերը։ Մեր գեղն ինչ մեր գեղն ա, իր քյասիբ հալովը, աղալարների ճանկն ա ընկել։ Ժողով են արել թե գեղի կառավարիչ ջոկեն, քյսաիբներին խռկել են ու իրանց ձեռը հավաքել էդ քու Սոլոմոնը, Գրիշա բեգն ու տերտերի տղեն։

— Դե′, էլ ի՞նչ դմբուզակռիվ,— պատասխանեց Անտոնը, — ասա էլ էդ էն հին ջուրն ա, էն հին ջաղացը, հակառակ խոսող մարդ կա՞...

— Մի երկու հոգի ձեն հանեցին, համա հրեն բռնել ղալա են ղրկել, էլ էդ բանը տեսնողը կարա ծպտուն հանի՞... էրնակ քեզ, որ էս ջաղացումը նստած ո′չ խերի ես խառնվում, ո′չ շառի։

— Բան չկա, թող ղալա քաշեն, էսքան տարի ա ես ղալա եմ քաշում ես ջաղացումը, թող մի քիչ էլ նրանք էդ բանի համը տենան, բալքի խելքները տեղը գա ու զոռբա մարդկանց զեհին դիպչեն ոչ։ Դու էն ասա էլ ինչ նոր բան գիտես։

— Ըսկի′ ։ Նոր բանն էն ա, որ հայի, թուրքի ու վրացու սահմանը փակվել ա, էլ առաջվա պես կարալ չենք ազատ ու համարձակ յա Թիֆլիս գնանք, յա Բաքու, հիմի էդ տեղերում նոր թագավորութին ա ստեղծվել, սահմանին փակել են, ճամփեքը կտրել․ մնացել ենք չափարի մեջ, բանից էլ հենց ա երկում, որ կռիվ ա ընկնելու էս երեք թագավորութենի մեջ, ըսենց խոսք ու զրից կա։ — Դե′, բա ի՞նչ բանի կենան, որ կռիվ չանեն, թագավորութին ասած բանըդ էլ հենց նրա համար ա, որ կռիվ անի, սրա-նրա հողը խլի, բա ո՞նց ես ուզում, աղեն հու իրան հողը քեզ չի տալ, գնա, ջանդ թող դուրս գա, կռիվ արա, հարևանիդ հողը խլի, թե սաղ մնաս, խլած հողդ աղեն կզավթի, էլ ետ դու նրա նոքարը կըլես, թե չէ հա մեռար, դե ո՞վ չի մեռնելու որ... տերտերը վրեդ աղոթք կկարդա, հոգիդ արքայության մեջ կցնծա։

— Է՜, Անտոն բիձա, էսօր թարս ես վեր կացել, էլ էն առաջվա պես չես խոսում, դու էլ ես խարաբ ըլել։

— Դրուստ ա, թարս եմ վեր կացել, չունքի Սոլոմոնի ղամշու դաղած տեղերը հալա ցավում են։ Լիզուս ինձ քաշած վեր ընկած էի էս ջաղացումը, եկաք խոսացրիք, ես էլ մի երկու հակառակ զրից խոսեցի, ձեզանից ո՞րն էր նրան հասցրել, էգսի օրը մտավ ջաղացը, դուռը վրես փակեց ու...

— Ի՞նչ,— զարմացած ընդհատեց գյուղացին,— թակե՞ց...

— Թակե՞ց... ասա միսդ քրքրեց...

— Վայ անօրեն, անաստված... Անտոն բիձա, թող քոռեքոռ ման գամ, թե ես բան ասած ըլեմ, բա էդ ղայդի բան կըլի...

— Էդ հալա քիչ ա ինձ պես պառավ հայվանին, որ գիդում չեմ, թե ինչ զրից ում հետ անեմ։ Իմ օրում ինձ սիլլա տվող չի ըլել, նա ինձ վեր կոխեց ջարդեց...

— Խի՞ չես գանգատ անում, Անտոն բիձա։

— Ո՞ւմ գանգատ անեմ, իրանից՝ իրա՞ն․․․

***

Ձմեռնամուտի ցուրտ ու խավար գիշեր էր։ Թիփի բորանը քշել էր ամենքին իրանց բունը, դուրսը շունչ կենդանի չէր շարժվում։ Մառախուղը փաթաթվել էր ծառերին, թփերին ու պինդ կպել գետնին։ Գետը որբացած ու տկլոր երեխայի նման, զրկված ամառվա պճնանքից ու աշունքվա բարիքներից, տխուր-տրտում վշվշում էր, թե ինչպես շուտ անցան ծաղիկներն ու մրգեղենը, լողացող չարաճճի մանուկներն ու բազմաթիվ ծլվլան թռչունները... Այս զարզանդ գիշերն Անտոնը մենմենակ էր ջաղացում։ Նա հազիվ մի քանի փայտ էր հավաքել ցերեկով, կրակ արել կիսաքանդ բուխարում և շուտ-շուտ փչում էր, որ մխացող թաց փայտը վառվի։ Ճիշտ է, նա մենակության սովոր էր, բայց այժմ նրա սիրտն ավելի էր ճմլվում, հոգին խռովում, որովհետև տարվա այդ միջոցին՝ աշնան վերջին ու ձմեռնամուտին նա երբեք մենակ չի եղել։ Տարվա այդ ժամանակը ջաղացի ամենաեռուզեռի ժամանակն է։ Եթե մինչև անգամ մոտակա հայ գյուղերից աղուն բերող չի գտնվել, հեռավոր թուրք գյուղերի աղունի սայլերին հերթ ու տեղ չի ճարվել, էնքան շատ է եղել նրանց թիվը։ Իսկ հիմի... Հիմի կռիվներ կան հայ ու թուրքի մեջ, ճանապարհները փակվել են, իրար այգի են կրակի տալիս, տուն քանդում, ո՞վ է գլխից ձեռք վերցրել, որ անցնի մյուսի սահմանը...

Այսպես մտքերի մեջ խորասուզված՝ Անտոնի ծանրացած գլուխն իջել էր մինչև գոգը, տարօրինակ երազներ հյուսելով, երբ հանկարծ մի թրխկոց լսվեց։ Վեր թռավ Անտոնը, աչքերը տրորեց ու ականջը սրեց։ «Ո՞վ կարող էր էս խավար ու ղիամաթ գիշերին ջաղաց գնալ»,— միտք արավ նա։

Դռան թրխկոցի ձայնը կրկնվեց մի տեսակ երկյուղած ու անվստահ։

«Չլինի՞ թե գողեր են»,— անցավ Անտոնի մտքով։ Ու մեկ-մեկ սկսեց թվել իր զիտեցած պատմությունները ջաղաց թալանող գողերի մասին, երբ նրա մտածմունքներն ընդհատեց թրխկոցը, որին կցվեց կարծես ծանոթ տղամարդու մի ձայն։

Անտոնի սիրտը բաբախեց ուժգնորեն։ Նա ինքնապաշտպանության նպատակով ձեռքը երկարացրեց դեպի ջաղացի նիգը և շունչն իրեն քաշած սպասեց, որ ձայնը կրկնվի, թերևս կարողանա հիշել ձայնի տիրոջը.

— Անտոն պապ... Ա՜յ, Անտոն պապ, դուռը բաց արա։

Անտոնն ամբողջ մարմնով ցնցվեց ու դողաց։ Ձայնը շատ նման էր իր վաղուց մեռած, պատերազմում սպանված մեծ տղի ձայնին։

«Մեղա՜, մեղա՜... — կապտած շրթունքները հազիվ իրար բերելով շշնջաց Անտոնը,— երազումն եմ, թե՞ չարքերը պատեցին ջաղացս»։ — Անտոն պա՛պ...— թրը՛խկ, թրը՛խկ...— Անտոն պապ, բաց արա դուռը, ցուրտ ա...

— Ո՞վ էս, ինչ մարդ ես, էս կեսգիշերին ի՞նչ բան ունես դուրսը, ի՞նչ գործ ունես իմ ջաղացի դռանը,– տեղից ելնելով ասաց Անտոնն ու նիգը ձեռքին ամուր բռնած մոտեցավ դռանը։

— Բա՛ց արա, բա՛ց, Անտոն պապ, բա՛ց արա, հետո ամեն բան կպատմեմ,— ստիպողաբար պնդեց ձայնը։

«Ով կուզի թող լինի, ինչս ա տանելու»,— մտածեց Անտոնն ու դուռը գռռալեն բաց արավ։

Երկու հոգի շտապ ներս մտան։ Անտոնը մթության մեջ հազիվ նշմարեց նրանց բոյ ու բուսաթը և նկատեց, որ զինված են։ Անծանոթները մոտեցան կրակին և սկսեցին ձեռները տաքացնել։ Անտոնն ուշի—ուշով դիտում էր նրանց, հազիվ մխացող կրակի լույսով ու չէր իմանում ինչպես սկսի խոսակցությունը։ Երևում էր, որ եկվորները հեռու տեղից են գալի, շատ ցեխոտված ու հոգնած են, բայց թե ինչու ձիով չեն, չէր հասկանում։

— Ձի ունե՞ք, թե ոտով եք եկել... ի՞նչ կա էս սև հարամի գիշերին, որ տանից դուրս եք եկել չոլերն ընկել։ Մեր կողմի մարդ չեք երևում, որտեղա՞ցի եք,— խոսք բաց արավ Անտոնը...

— Ոտով ենք եկել, ա պապ, ընկերս էս տեղերին քիչ ծանոթ է, սա բերեց հասցրեց էս ջաղացին։ Մենք Բաքու ենք ապրում։ Իմ պապն էս մոտիկ գյուղացի է, բայց ես նրան չեմ տեսել, չեմ ճանաչում, ես մի քանի ամսական երեխա եմ եղել, որ հերս ռուս—ճապոնական կռվումն սպանվելուց հետո, մայրս թողել է պապիս տունը, ու ինձ հետն առել, Բաքու տարել...

Ու դեռ խոսքը չէր վերջացրել երիտասարդը, երբ հանկարծ Անտոնը բարձր հեկեկանքով «վա՜յ, բալա ջա՛ն» գոչեց ու ընկավ նրա գիրկը։

Վարար արցունքներն առատորեն հոսում էին Անտոնի աչքերից, երեխայի նման հեկեկում էր, արցունքներով ողողելով իր թոռան գոգը։

— Արի՝ մի աչքերդ պաչեմ, բալա ջա՛ն, ա՜յ իմ կորած բալա, ա՜յ իմ մինուճար որդի... Անտոնին թաղի ու էնպես գնա, ազիզ ջա՛ն, ձենդ էլ ա հորդ նման, դու էլ, այ ես քու շիմշադ բոյիդ մեռնեմ, ա՜յ նամուսով բալա, որ պապիդ սև ու խավար օրը պայծառացրիր... Անունիդ մեռնեմ, բալա՛, գլխումս խելք չի մնացել, այ որդի, մեռել էր պապդ ու քեզ չէր տեսել, ա՜յ, իմ կորած որդի՜... Թո՛ղ մի հերդ աչքը բաց անի, անհետ կորած գերեզմանիցը դուրս գա ու տենա, թե տղեն ի՛նչ ասլանի ճուտ ա դառել, ա՜յ ես նրա անգյուման գերեզմանին մատաղ ըլեմ...

— Պապի ջա՛ն, հերիք ա, հանգստացիր,— արցունքները կոկորդումը հուպ տալով՝ աշխատում էր հանգստացնել իր պապին երիտասարդ Արմենը, բայց անօգուտ։

Անտոնն այնպես աղիողորմ էր արտասվում, այնպես էր գալարվում, փաթաթվում իր թոռանը, որ կարծես կամենում էր ձուլվել նրան, ամփոփվել նրա մեջ։

— Վա՜յ, վա՜յ, բալա ջա՛ն, պապդ աննամուս ա, մի տուն չունի, թե քեզ ղոնաղ պահի, դիփ խլել են, տարել, քանդել...

Ու մին էլ վեր թռավ Անտոնը մոլեգնած, կարծես օձ խայթեց, կամ շիկացած երկաթով դաղեցին.

— Դե՛, վե՛ր կաց, վե՛ր կաց գնանք, Անտոնն էլ մենակ չի, մեջքին սյուն տվող կա, վե՛ր կաց գնանք, ես Սոլոմոնի գլուխը կճղեմ, ղուղը կերեմ ու մոխիրը քամուն կտամ, որ հոտն էլ չմնա էս աշխարհի երեսին... Քո հոր կռիվ ղարկողն էլ նա էր։ Ոնց իմ տղի գերեզմանի տեղը հայտնի չի, թող որ էն շունն էլ անգերեզման մնա...

Կանգնել էր Անտոնը բոցավառված աչքերով, նիգը ձեռին բռնած ու դողում էր ամբողջ մարմնով՝ կարծես հովազ լիներ կամ վագր, պատրաստ հարձակման դիմելու։

— Վե՛ր կաց, դատաստանի ժամն ա էս գիշեր...

— Նստի՛ր, պապի, նստի՛ր, հանգստացիր, դատաստանն էլ կանենք. բայց մի քիչ համբերիր։ Ոչ ոք չպետք է իմանա, թե այս գիշեր մենք եկել ենք քեզ մոտ։ Ոչ ոք չպետք է իմանա, թե ես, քու թոռը երևացել եմ էս կողմերում, մեր գործը շատ մեծ է, բայց շատ էլ գաղտնի։ Էս ջաղացը մեր գաղտնի հավաքատեղին ու զինապահեստը կլինի։ Շուտով, շատ շուտով դու կտեսնես, թե ինչպես ենք վերացնում Աոլոմոններին ու նրա պետերին, միայն թե ոչ ոք չպետք է իմանա, թե էս ջաղացում որևէ բան է կատարվում։ Մենք շուտով գնալու ենք, մինչև լույսը բացվելը, որ մեզ տեսնող չլինի։ Ամեն գիշեր մարդ կգա մոտդ ու հենց որ դուռը թակի ու ասի «Արմեն», դուռը բաց կանես։ Արմեն իմ անունն է, իմ անունով էլ եկողն ինչ բերի, կպահես, ինչ բան էլ ասի՝ կկատարես։

Անտոնը քիչ հանգստացած, նստեց բուխարու առաջ, աղոտ լույսով լավ տնտղեց Արմենին ու նրա ընկերոջը, որը լուռ էր, ապա կես տարակուսանքով հարցրեց.

— Շատվո՞ր եք, շատվոր... Թե՞ «դարդակ խոսամ քամին տանի...»։ Թիկունքներումդ ո՞վ կա... Ռուսեթի հետ կապ ունե՞ք...

Արմենի տված բացատրությունները գոհացրին Անտոնի անսպառ հետաքրքրությունը, որից հետո նա երկար գրկախառնվեց ու ճանապարհ դրեց «հյուրերին»՝ մի անգամ ևս խնդրելով թոռանը.

— Արմեն ջան, անունիդ մատաղ, մին—մին դու էլ արի, տենամ, կարոտս առնեմ... թե կարաս, մի օր էլ ցերեկով արի, մի լիսով բոյդ տենամ...

— Լավ,— ասաց Արմենը։

Գիշերվա խավարի մեջ, երկու հոգի ստվերների պես իրար կպած ձուլվեցին մթությանը, իսկ Անտոնը երկար ժամանակ կանգնած մնաց ջրաղացի դռան մոտ, ուրախության արցունքներն աչքերին և ապագա մեծ գործի հեռանկարների աղոտ ծրագրերն իր տանջված ուղեղում։

IV

Լույսը բացվելուն պես Անտոնը ջահել նորահարսի պես վեր կացավ, ավելը ձեռն առավ ու սկսեց ջաղացի քունջ ու պուճախն ավլել, մաքրել։ Տարիների կուտակված փոշին ու աղբը սրբում էր Անտոնը, օճորքից կախված սարդի բները քանդում, հետն էլ ինչ—որ ուրախ երգ դնդնացնում քթի տակ։

Ջահելացել էր Անտոնը, քսան տարեկան երիտասարդի պես աշխուժացել։ Գործը վերջացնելուց հետո մինչև անգամ քուրքն էլ հանեց, դուրսը թափ տվեց, փափախը խփեց դռան ծառին, տարիներով մորթու մեջը բուն դրած ալյուրի փոշին քամուն տվեց, ապա մոտեցավ ջաղացի տակով հոսող առվակին, երեսը չոփ—չոփ լվացավ ու զվարթացած ներս մտավ ջաղացը, խառնիխուռն թափված իրերն ու գործիքները հավաքեց, կարգավորեց, ամեն բան դրեց իր տեղը։

Խոր աշնանային արևի շողը փոքրիկ լուսամուտից ընկել էր ներս և ուրախ ժպիտով պտտվում, շորորում էր խավար ջաղացի մեջ, է՛լ ավելի պայծառացնելով Անտոնի սիրտը, որը կարծես խնդությամբ լի պատրաստվում էր դիմավորելու իր հեռավոր, կարոտած սիրեցյալին։

Ջաղացի ներսը կարգավորելուց հետո, Անտոնը դուրս եկավ, առվակն անցնելով բարձրացավ սարի լանջը, չոր փայտ հավաքեց, շալակն առած կրկին վերադարձավ, ջաղացի ջուրը կապեց ու «հոգապահուստ» մի խան[1] ցորենի կեսը լցրեց տաշտի մեջ, ջաղացի ոտի տակի սեպը ետ քաշեց, որ ալյուրը մանր աղա։ Ապա բուխարու կրակը վառեց ու թևերը ետ ծալելով՝ փոքրիկ տաշտն առաջը դրեց, ալյուրի կեսը մեջն ածեց ու սկսեց խմոր հունցել, որ կրկենի[2] թխի։

— Անտոն բիձա՜, էհե՜, Անտոն բիձա՜,— ձայնեց մեկը դրսից,— էդ ո՞ւմ աղունն ես աղում...

Անտոնը վեր թռավ, խմորակոլոլ ձեռները մաքրելով դուրս եկավ, որ տեսնի ով է կանչողը։

Գյուղի չարչին էր, որ ձին նստած պտտում էր գյուղեգյուղ՝ մանրուքը հացի հետ փոխում։

— Հա՛, Ներսես ջան, դո՞ւ ես,— ասաց Անտոնը,— ձենիցդ ճանաչեցի ոչ, խե՞ր ըլի, ի՞նչ ես ման գալի էս կողմերը։

— Ոչինչ, մի քիչ ցորեն եմ հավաքել, ասում եմ աղաս, մինչև ես էս մոտիկ գեղը գնամ գամ, մի թեթև առուտուրի բան ունեմ,— ասաց չարչին։— Կարելի ա՞...

— Ջուխտ աչքիս վրա, աղունդ ինձ տու, դու գնա,— պատասխանեց Անտոնը,— հենց աղամ, ոնց որ Ռուսեթի կրուչատկա։

— Էդ ո՞ւմ աղունն ա վրեն,— հարցրեց չարչին։

— Իմ աղունը։

— Խի՞, դու աղուն էլ ունե՞ս, էդ ո՞նց ա էն գազանը քեզ մոտ հատիկ թողել,— հետաքրքրությամբ ու հարցական հայացքով դիմեց չարչին Անտոնին։ — Տնաշեն, էս քսան տարուց ավելի ա ուրիշների համար եմ ջաղացպանութին անում, որ մի օր էլ ինձ համար անեմ, դադաղա ա...

— Չէ՛, բան չեմ ասում, Անտոն բիձա, քեֆիդ դիպչի ոչ, մենակ թե զարմանում եմ, որ էն ավազակի տղա ավազակը քեզ մոտ ցորենի հատիկ ա թողել, թե չէ... Հալբաթ որ իրավունք ունես...

Չարչի Ներսեսը խոսքը կարճելով՝ աղունը հանձնեց Անտոնին ու ինքը ձին քշեց Անտոնին պատվիրելով.

— Անտոն բիձա, քե մատաղ, աղունս լավ աղա ու մի կրկենի էլ թխի, որ հետս տուն տանեմ, քու թխած կրկենին շատ համով ա ըլում։

— Աչքիս վրա, Ներսես ջան, համա ետ գալիս հետդ մի քիչ չայ, շաքար բեր ինձ համար, քիչ մրսած եմ, խմեմ, բալքի քրտնեմ լավանամ։

Չարչի Ներսեսն արդեն հեռացել էր։ Անտոնը նրա աղունը ներս առավ, իրեն-իրեն մտածելով․ «էս աղվեսի թոռը կտա բանս խարաբ կանի, սրա հետ պետք ա օխտն Եզապոսի խելք ու լեզու ունենա մարդ»։

Անտոնը շուտով բաց արավ բուխարու թեժ կրակը, կրկենու համար լավ հունցած խմորը մեջ գցեց, ծածկեց, չարչի Ներսեսի աղունը տաշտն ածեց ու սկսեց աղալ։ Ապա նրա ալյուրից մի քիչ վերցնելով՝ երկրորդ կրկենին հունցեց ու իրենը կրակից հանելով՝ կրկին թեժ արավ օջախը, որ նորը թխի։

Իր աշխատանքով կլանված, չնկատեց, թե ինչպես անցավ ժամանակը, երբ չարչի Ներսեսը կրկին երևաց։

— Անտոն բիձա, աղունս աղացած, պատրաստ ա, կրկենիս թխել ես...

— Հա, քե մատաղ, հենց կրկենի եմ թխել, որ շահի սուփրի վրա էլ կերած չեն, ալիրդ էլ հրես, էնքան մանր եմ արել, որ ձեռներիցդ կկպչի։ Մենակ քեզ մի բան եմ խնդրում, որ ինձ մի գրվանքա շաքար ու մի քիչ էլ չայ տաս, սաղ ըլեմ մի օր պարտքդ կտամ, արած լավութինդ էլ իր կարգին։

Չարչի Ներսեսին ինչպես երևաց դուր չեկավ Անտոնի առաջարկը, բայց որպեսզի ծածկի իր տարակուսանքը, նա երեսը շուռ տալով բաց արավ իր խուրջինը, քար ու կշեռքը հանեց, մի ֆունտ շաքար կշռեց, մի քիչ էլ թեյի խոտ ածեց մի թղթի կտորի մեջ ու տվեց Անտոնին, կցելով այն անհրաժեշտ նախաբանը, որ միշտ պատրաստ ուներ ամեն մի մուշտարու համար։

— Ա՛ռ, Անտոն բիձա, անուշ-անուշ խմի, հալալ ա քեզ պես հալալ մարդուն, պարտքի մասին ավելորդ ա խոսալը, սաղ ըլես, մի օր կտաս, ամեն օր հու մարդու տեղը նեղ չի ըլի... Առակն ասում ա՝ «լավութինն արա ու ջուրը գցի, ձուկը թե չիմանա, խալխն էլա հո կիմանա...»։

— Շեն ու լիքը կենա օջախդ, հաստատ կենաս տանդ վրա, Ներսես ջան, հալբաթ որ... լավութինը մի անուշ հոտով ծաղիկ ա, որ ամառ-ձմեռ միշտ դալար ա մնում ու հոտ տալի թե՛ անողին, թե՛ ընդունողին, թե սաղ մնամ, ես լավութենի տակիցը դուրս կգամ, պարտքս կտամ, թե չէ հու մեռա, հենց իմացիր թե վրես գանձանակ ես գցել...

— Էտ էլ ի՛նչ խոսք ա, որ ասում ես Անտոն բիձա,— ընդհատեց չարչին,— հալա աչքիս շատ ջահել ես երևում, էսօր ռանգդ շատ պայծառ ա, հալա շատ կապրես, ես ասում եմ գաս գեղը մի ջահել-պառավ կնիկ գտնենք, պսակենք, դու մեռնելու մասին ես խոսո՞ւմ,— կատակեց չարչին, խուրջինն Անտոնի օգնությամբ գցեց ձիու վրա ու հեծնելով, ճանապարհ ընկավ մի բայաթի մռմռալով։

«Հալբաթ էսօր հունձն առատ ա ըլել, լավ ա խուզել գեղացոնց, բրդի հետ մի քիչ էլ մորթուց կտրելով»,— մտմտաց ինքն իրեն Անտոնը և ջուր շաղ տալով հատակին, նորից մաքրեց ջաղացը ու մի խտիտ չոր խոտ դրեց օջախի ղրաղին, որ գիշերը եկողի տակը փափուկ լինի։

Մութն ընկնելու վրա էր։ Տավարածի աստղը[3] երկնքի բաց կապույտի վրա ժպտում էր, թիթեռնիկի նման թափահարելով իր փոքրիկ թևերը։ Անտոնն ամբողջ օրը թեև ոչինչ չէր կերել, բայց և այնպես քաղց չէր զգում։ Նա իր թխած կրկենուն ձեռք չէր տվել, պահում էր «ազիզ ղոնաղի» համար, որ միասին ուտեն։ Թե ո՞վ էր լինելու էդ «ազիզ ղոնաղը» ինքն էլ չգիտեր, բայց այնպիսի կարոտով ու անհամբերությամբ էր սպասում նրան, որ կարծես տարիներով կարոտած, սերը սրտում բորբոքվող նորահարս լիներ իր ամուսնու գալուն սպասող։ Անտոնը շուտ-շուտ ներս ու դուրս էր անում, անհանգիստ ման-ման անում ջաղացի չորս բոլորը, բարձրանում ջաղացի կտուրը, աչքերը լայն չռում զանազան ուղղությամբ, որ միգուցե խավարի մեջ եկող նկատի կամ ականջը սրում, շունչն իրեն քաշում, որ լսի, թե հեռվից ձեն-ձուն հո չի՞ գալիս... Այսպիսի լարված ու ջղային դրությամբ, հանկարծ մի մկան խշտոց կամ թռչունի թպրտոց ցնցում էր նրա սիրտը, որն սկսում էր անհանգիստ ու արագ բաբախել, ու հուսախաբված ծերունին հառաչանք արձակելով, կամ ինչպես ասում են՝ հոգոց հանելով, գլուխը պտույտ էր տալիս, ինքն իրեն մտածելով՝ «վայ թե եկող չըլի, երկինքն աստղալից ա», կամ՝ «չլի՞ երեկվա կատարվածն երազ էր, մի հին հեքիաթ...»։

Գիշերն իր աստղազարդ վերմակով բարուրել ու քուն էր դրել ամենքին, միակ արթուն շունչը որ կար, դա Անտոնն էր, մեկ էլ ձորում հոսող առուն ու թեթև քամին, որ ծառերի վրա մնացած հատուկենտ տերևներն էր պոկում, առնում տանում...

Անտոնի հաշվով կեսգիշերն արդեն մոտ էր։ «Հրես ուր որ է կգան», հաստատ վճռեց իր մեջ ու մտնելով ջաղացը, կրակն իրար արավ, վառեց, վաղուց մոռացված, ունկը կոտրած չուգունե ախթափա չայնիկը դրեց վրան, մեջտեղից ճաքած ու մավթուլով կապած բաժակը լվաց, սրբեց փեշի ծայրով, ժանգը կերած դանակը մոխիրով մաքրեց, չարչուց առած շաքարը կոտրատեց մանր-մանր, կրկենու փոշին փչեց, այրված տեղերն սկսեց քերել դանակով ու խմորի փոքրիկ տաշտը շուռ տալով դրեց վրան, որ սեղանի տեղ ծառայի։

Էս սարգ ու կարգի մեջ էր Անտոնը, երբ մեկը դուռը բախեց։

— Ո՞վ է,— վեր թռավ Անտոնը, սիրտը հենց ծուլ ելավ, որ կարծես բերնիցն ուզում էր դուրս թռչի։ — Ես եմ, Անտոն պա՛պ, բա՛ց արա դուռը։ Արմենի մոտիցն եմ գալի։

Անտոնն արագ վրա թռավ, դուռը բաց արավ, եկողին ներս հրավիրեց, ապա դուռը կրկին պինդ փակեց, մեծ նիգը գցեց, որ ոչ ոք չկարողանա բաց անի ու կրակի լուսով նկատեց, որ եկողն Արմենի հետ եկած երեկվա տղան է։

— Էսքան էլ կուշանան, տնաշենի տղա, հենց իմացա երեկվա տեսածս երազ էր։ Դե՛, նստի՛, նստի՛, մրսած կլես, մի չայ տամ խմի, էսօր էլ հրես տեսնո՞ւմ ես, էս կրկենին թխել եմ, սոված կլես, կե՛ր, համա ամեն մի թիքեն ուտելուցդ առաջ թաթախ արա աղի մեջ, որ համով ըլի, կրկենին առանց աղ են թխում։

— Շնորհակալ եմ, կուշտ եմ,— պատասխանեց երիտասարդը։

— Էլի՛, ինչքան չըլի, բերանդ թաց ու ցամաք կանես, ուրիշ բան չունեմ, որ պատիվ անեմ, ես էլ եմ սոված, սաղ օրը մանանա չեմ դրել բերանս, քեզ եմ ճամփա պահել։ Համ էլ... անունդ ինձ բաշխի, անունդ ի՞նչ ա...

— Անունս Արսեն ա։

— Դե՛, Արսեն ջա՛ն, նստի էդ փափուկ խոտի վրա, համ չայ կխմենք, համ էլ մի քիչ զրից կանենք ձեր գործերիցը։

Անտոնն ու Արսենը նստեցին կրակի շուրջը։ Անտոնն ամեն կերպ աշխատում էր հյուրասիրել իր «ազիզ ղոնաղին», ինքն էլ ախորժակով ուտում էր կրկենին։

— Ես շտապում եմ, Անտոն պապ,— ասաց Արսենը,— էս կապոցը որ տեսնում ես, թղթեր են, էստեղ շատ բան կա գրած մեր գործի ու անելիքների մասին։ Սրանք պետք է տարածել գյուղացիների մեջ, որ կարդան։ Եթե էս առաջին գործն աջող կերպով գլուխ բերես, այնուհետև կանցնենք մյուս բաներին։

— Տնաշենի տղա, ձեր կռիվը թղթո՞վ ա,— հեգնեց Անոտնը,— թոփ ու թվանք ասա, թե չէ թղթով ո՞վ ա կռիվ արել... Դե՛, մի կարդա՛, կարդա՛, տենամ ինչ կա գրած, լուծը վզին գեղացու համար օգուտավոր բան կա՞, թե թագավորական պրիկազի ու մանիփեստի պես մի նոր կոռ էլ դուք եք ուզում քյասիբի շլինքին փաթաթեք։

Արսենն սկսեց ծանր ու հանդարտ կարդալ մի թուղթ, որ կլանեց Անտոնի խելքն ու միտքը։ Նա աչքերը չռած, բերանը բաց, անթարթ նայում էր Արսենի բերանին, որպեսզի ոչ մի բառ բաց չթողնի։ Ու երբ ընթերցանությունը վերջացավ, Անտոնը նոր գյուտ արած պատանու նման ուրախ բացականչեց.

— Այ, ինչ եմ ասել էդ ղայդի գրածին, յարաբ էդ ինչ մարդ ա գրել, էդքան խելոք ու էդքան մեր ցավին մոտ... Հե՛յ վա՜խ, որ ես կարդալ չեմ գիտում... համա ոչինչ, զորութինը հիմի իմացա, տուր մի հատը ծոցումս պինդ պահեմ, մեկէլները ես թե ոնց կհասցնեմ գեղականին, էդ դու հետով կիմանաս։ Մին էլ... մի բան ասեմ, Արսեն ջան։ Սա որ կա, ջաղաց ա, հազար ռանգի, հազար չեշիդ, հազար ջուռա, հազար ու մի խելքի տեր ա գալի, դու, կամ ձեր ղարկած մարդը որ գալիս ըլի, թող հետը մի քիչ աղուն բերի, հենց իմանանք, թե ջաղացավոր ա, թե չէ էսօրվա քեզ պես, որ գա ու դռնիցն ասի՝ Արմենի մոտիցն եմ գալի, էդ ո՞նց կըլի... Արի ու ասա, մոտս մի մարդ էր ըլում, կամ մի քանի հոգի, ի՞նչ կասեին, թե Արմենն ո՞վ ա, յա դու ո՞վ ես... էս էլ ասեմ քեզ, թե մոտս մարդ ըլի, ես դուռը բաց կպահեմ, թող գա ու տուն մտնի, ոնց որ աղուն բերող մի անծանոթ մարդ, թե չէ հու փակ ըլի, ես ներսից մինչև չհարցնեմ, թե որտեղացի՞ ես, նա թող Արմենի անումը տա ոչ... Դու հալա ջահել ես, էս աշխարհի շուն ու գելը շատ ա, ախպերն ինչ ախպեր ա, նրան էլ դժվար է հավատալը։

Արսենը հավանություն տվեց ծերունու խորհուրդներին ու թղթերի կապոցը թողնելով նրա մոտ, ինքը ճանապարհ ընկավ ասելով.

— Վաղը չէ՛, մյուս օրը կրկին մարդ կգա քեզ մոտ, Անտոն պապ, իսկ էս թղթերը տարածելու համար, թե մարդ պետք ըլի, փող ծախսելու կարիք ըլի, առ էս գումարը, ծախսի...

— Համա ի՞նչ խելոք ես, է՜, բալա ջան, ես որ մարդ բռնեմ էդ թղթերի համար ու փող էլ տամ, էդ հու իմ ձեռովն իմ տունը կքանդեմ... Ի՞նչ կասեն, թե ջաղացպան Անտոնին փողը որդիա՞ն ա, ո՞վ ա տվել, գետի ջուրը հո՛ չի բերել... Կասեն էս բանումը մի «և» կա, ու էդ «և»–ի պոչիցը բռնած քաշ կտան, դե հիմի դու գնա ու գլուխդ թափի շների ձեռիցը։ Փողը պահեցեք մի ուրիշ բանի պետք կգա, թղթերի բանն ինձ թող։

Շուտով նրանք բաժանվեցին իրարից։

Անտոնը ջաղացի դուռը կրկին պինդ փակեց, թղթերի կապոցը խնամքով թաքցրեց ջաղացի մի անկյունում ու բուխարու կրակի շուրջը մեկնվելով սկսեց մտածել, թե ի՛նչ ճանապարհով է տարածելու... ինքը գյուղ չի կարող գնալ, որովհետև իսկույն կկասկածեն, թե «էսքան տարվա ջաղացում փակված Անտոնն ինչ բան ունի գեղում, ո՞ւր ա եկել,— մտածում էր նա,— ուրիշ էլ ո՞ւմ վստահի...»։

Այս խոր մտածմունքների մեջ էլ Անտոնի քունը տարավ ու քնեց։

V

Բոլշևիկյան զորքը շրջապատել էր գյուղը։ Օրհասական կռիվ էր տեղի ունենում հարձակվողների ու պաշտպանվողների միջև։ Գյուղի վերի մասում, քարայրների ու կիրճերի մեջ նստած կառավարական զորքի մի մասն ու խմբերից մնացածները, թիկունքները քարին դեմ արած, անընդհատ կրակում էին եկողների վրա, որոնք իրենց հերթին ուժեղ կրակ էին բաց արել, որ դուրս քշեն քարածերպերին ապավինած հրոսակներին։

Անտոնը մի քանի հոգու հետ միասին բանտարկված էր գյուղի ծայրում գտնվող մի տան մեջ, որի լուսամուտից դիտում էր բոլոր անցուդարձը։ Նա ուզում էր դուրս թռչել բանտարկված տեղից, բայց դռան մոտ կանգնած պահակ զինվորը, մի խոժոռ դեմքով վայրենի մարդ, շուտ—շուտ մոտենալով լուսամուտին, գոռում էր վրան։

— Ետ քաշվի, վե՛ր ընկի տեղդ, թե չէ շանսատակ կանեմ իսկույն։

Անտոնը գլուխը թաքցնում է, բայց կրկին դուրս է հանում փոքրիկ ու նեղ լուսանցքից, որ դիտի, թե ինչով է վերջանալու։ Բանտարկված ընկերները հուսահատված «ախ ու վիշ» են անում, գիտակցելով իրենց մոտալուտ մահը։

— Մեզ մինչև չկոտորեն, չեն հեռանալու սրանք։ Ա՜խ, Անտոն բիձա,— ասում են նրանք,– դու մեռնես էլ, ոչինչ, թոռդ վրեժդ կհանի, համա մենք թամամ էշ նահատակ ենք դառնալու...

Կռիվն ավելի է սաստկանում, որոտում են թնդանոթները։

Մեկ էլ Անտոնը նկատում է, թե ինչպես համփա Սոլոմոնը մի խումբ զինվորների առաջն ընկած սարի գլխովը պտտեց ու անցավ բոլշևիկ զորքի թիկունքը։ Ահա գունդն անցավ, պահվեց սարի լանջին գտնվող թփերում, դիրք բռնեց, ուր որ է կրակ կբանա, կխանգարի եկողների հարձակումը։ «Հե՛յ վա՜խ,– մտածում է Անտոնը,— տանուլ են տալու, էդ Սոլոմոն շունը կործանելու է ամեն բան»։ Ահա Սոլոմոնի գունդն սկսեց կանոնավոր և ուժեղ համազարկ տալ։ Բոլշևիկյան զորքի թիկունքում խլրտում ընկավ։ Առաջապահ զորքերը ետ են նահանջում, իրարանցումն ուժեղանում է։ Կառավարական զորքն ավելի է ուժեղացնում կրակը, որոտում են թնդանոթներն և «ուռա՜» են գոչում։

Կռիվը սաստկանում է։ Հանկարծ, Անտոնը մին էլ էն տեսավ, թե ինչպես մի ձիավոր, դուրս գալով բոլշևիկյան զորքից, ձին ուղղակի քշեց դեպի Սոլոմոնի խումբը։ Մի ջահել տղա, անվախ ու համարձակ, ամրակազմ ու գեղատեսիլ, գլխին ինչ-որ մի պոպոզավոր գլխարկ, ճակատին մի խոշոր կարմիր աստղ։ Քշում է ձին անվախ ու վճռական։ Զարմանալի է, գնդակ չի կպչում նրան։ Ո՞վ է յարաբ... էս ի՞նչ հրաշք է։ Սրբում է Անտոնն իր ջրակալած աչքերը, հայացքն է՛լ ավելի լարում, որ ճանաչի, գուցե իր տեսած տղաներից է։

Ահա՛, Սոլոմոնը հրացանն ուղղել է երիտասարդի կրծքին, ուր որ է կկրակի։ Ափսոս տղա, կսպանվի... Ահա նա ձիու գլուխը թեքեց դեպի ձախ, Անտոնը ճանաչեց Արմենն է, իր Արմենը, իր իգիթ թոռը։

— Ե՛տ դառ, ե՛տ դառ, Արմեն,— գոչեց Անտոնը։

Սոլոմոնի հրացանը պայթեց։ Արմենի ձին մի քանի անկանոն պտույտ գործեց ու ընկավ։

— Արմե՛ն, Արմե՛ն,— գոռաց Անտոնը ու իր իսկ ձայնից վեր թռավ ամբողջովին քրտինքի մեջ կորած ու դողդողալով...

Խավար ջաղացում թնթկոտալով հեկեկում էր Անտոնը, դեռևս ծանր երազի տպավորության տակ։ Նրա ականջները վարար ու հանդարտ հոսող գետի պես թշշում էին, իսկ գլուխը ծանրացել ու բութ ցավ էր զգում։

— Ա՛յ, ես քու չար սատանին ինչ ասեմ, հա՜... էն շունը քիչ մնաց երեխիս սպաներ, լավ որ գյուլլեն ձիուն դիպավ...

Երազի մանրամասնությունները վերլուծելիս, Անտոնը հանկարծ հիշեց թղթի կապոցի մասին։ Նա իսկույն զգաստացավ, կրակն իրար արավ ու ջաղացի դուռն զգուշությամբ բաց արեց։ Ադամամութն ընկել էր։ Անտոնը թևի տակ թղթի կապոցը առած, լուս ու մութը խառնվելու պինդ խավարի մեջ, իջավ դեպի առուն, տրեխները հանեց, մտավ ջրի մեջ ու վազեց դեպի մեծ ճանապարհը, որը երկաթուղու կայարանը միացնում էր շրջանի գրեթե բոլոր գյուղերի հետ։ Տեղ հասնելով, նա ջրից դուրս եկավ ու թղթերը ճանապարհի երկարությամբ սկսեց փռել։ Մի քանի րոպե չանցած՝ ճանապարհը Ծիր Կաթինի աստղաշարքի նման փայլում էր բոլշևիկյան կոչի թռուցիկներով։

Անտոնն իր հետքը կորցնելու նպատակով մտավ մեծ ճանապարհի մոտով հոսող գետը և գետի հոսանքով իջնելով հասավ առվին ու կրկին վերադարձավ ջաղացի մոտ։ Տրեխները հագավ, բարձրացավ վերև, մտավ ջաղացը, կրակը վառեց, թրջված շորերն սկսեց ցամաքացնել։

Խավարն իր սև վարագույրը կամաց—կամաց ետ էր քաշում։ Լույսը բացվում էր։

VI

Պայծառ օր էր բացվել, բայց Անտոնը դեռ քնած էր։ Մին էլ ջաղացի դուռն ամուր բախեցին։ Անտոնը վեր թռավ տեղից, աչքերը տրորեց ու քունը գլխումը, զգաց, որ դռան թրխկոցն իսկի աղուն բերողի նման չի, ով որ է, շատ կատաղած է քացի տալիս դռանը։

— Է՜յ, ջաղացպան, ինչ ես շնթռել...

Սոլոմոնն էր։

Անտոնը խայթվածի պես ծլունգ եղավ տեղիցը, դուռը բաց արավ։

Բարի լույսի փոխարեն, Սոլոմոնն սկսեց գոռգոռալ ու հայհոյանքներ թափել. — Տո՛, քավթառ շուն, էսպե՞ս ես պահում ջաղացս։ Քեզ աղա եմ կարգել գլխիս...

— Դե՛, աղուն բերող չկա, մի քիչ նունջս տարել էր,— կմկմալով պատասխանեց Անտոնը։

— Աղուն բերող չկա՞... էլ ո՞վ աղուն կբերի խարաբախանա, ավերակ ջաղացը, դուռը որ փակ պահես, էլ ո՞վ մոտ կգա... Ո՞վ ա տեսել ջաղացի դուռը օրը կեսօրին փակ։ Քու ջաղացն իսկի փակ պահե՞լ ես, որ հիմի իմն ես պահում... Սաղ մի սհաթ ա, ջաղացի դուռը կոտրատում եմ, ձեն տվող չկա, աղուն բերողը գլուխն ի՞նչ քարովը տա...

— Էս տեսակ բան իսկի ինձ հետ պատահած չի, Սոլոմոն...

— Ձե՛նդ, հարամզադա՛ շնությունն էլ նոր ես սովորե՞լ... Ո՞վ ա գիշերս քեզ մոտ ղոնաղ կանչված ըլել, որ չայ—շաքար ես առել, կրկենի թխել, ջաղացդ էլ ավլել, մաքրել, որ եկողը թոզոտ չըլի։ Ասա՛, ղոնաղդ ո՞վ էր, ո՞ւմ կնիկն էր...

— Սոլոմոն, ամո՛թա, սպիտակ մորուքիս մուր մի քսիլ..․

— Կա՛ց, հալա, ես քեզ մուր շանց կտամ...

Ու ձին դռան ծառիցը կապելով՝ Սոլոմոնը ներս մտավ ջաղացը։

Բուխարու առաջ դեռ իրենց տեղն էին թեյամանը, բաժակը, շաքարը, կրկենու մնացորդը և այն խոտը, որի վրա նստել էր Արսենը։ Մոռացկոտ ծերունու անփութություն։

— Աֆֆերիմ պառավ,— հեգնեց Սոլոմոնը,— աֆֆերիմ, ջանիդ ղադրը լավ ես իմացել։ Էս սուփրա-սեղանը ես իսկի իմ տանն էլ չեմ սարքել, լավ եք քեֆ արել, խոսք չունեմ։ Սոլոմոնի ջանը թող դուրս գա, որ ամիսներով շաքարի երես չի տեսնում։ Բա զուռնա—դհոլն ուր ա, զուռնա—դհոլը։ Ես էլ հենց գիտենամ ջաղացս հալալ մարդու ձեռի ա, դու մի ասիլ գող ու ավազակի ճանկ եմ գցել։ Տարեկան քանի՞ թաղար[4] հաց ես ծախում...

— Սոլոմո՛ն, ինձ բիաբուռ, խայտառակ մի անիլ, էս ա մի ոտս գերեզմանումը մարդ եմ, էս հասակն եմ հասել մի մարդ ելա ինձ գող չի ասել...– զսպված զայրույթով առարկեց Անտոնը։

— Հա՜-ա՞... ուրիշներն էշ են, ես էլ հո՞ էշ չեմ, որ չհասկանամ... Թե գող չե՞ս, էս սովի տարին որտեղի՞ց ա քեզ ցորենը, որ աղացել, կրկենի ես թխել, թե գող չե՞ս, որտեղի՞ց ես տալու չարչի Ներսեսի պարտքը, թե գող չե՞ս, էս ո՞վ ա էս խոտի վրա նստել, հետդ լրբություն արել, ի՞նչ դուլ[5] կնիկ ես պահում, խալխի աչքիցը ծածուկ։ Դու ոչ թե ցորեն ու ալյուր ես գողացել, դու մարդ էլ ես գողացել, մա՛րդ...

— Սոլոմո՛ն, Սոլոմո՛ն, վերև երկինք կա, ձենդ կլսի, հոգուդ մեղք մի անիլ։

— Ա՛յ, խռով կենա գլխիդ երկինքն էլ ու գետինքն էլ, հալա ես եմ հոգուս մեղք անում... Դե՛, բաց արա բոխչեդ, ինչ—որ ունես գողացած, պահած, մեյդան հանի, թե չէ դիվանի ռեխը կտամ, ջանդ գյուլլով կքըրքրեն, մաղ կշինեն։

— Էս, ես, էդ դու, էս էլ ջաղացը, էլ հո տուն չունեմ, տեղ չունեմ, բարեկամ ու ազգական չունեմ, որ նրանց պահ տված ըլեմ։ Ման արի, քրքրի, ջաղացը տակնուվրա արա, թե մի ծեղ գտնես պահած, ուզում ես ինձ մորթի, ջիգյարս գցի էտ բուխարիկի կրակին ու կեր։ Համա... ինձ խալխի միջին խայտառակ մի անիլ, անումս տափը մի դնիլ, ես էլ մի մարդ եմ ելել մարդամիջում, նամուսով մարդ...

Սոլոմոնը կատաղած դես-դեն ընկավ, սուտ-սուտ ման եկավ, մի քանի քար ու փայտ տակնուվրա արավ, ապա դառնալով Անտոնին, գոռաց.

— Շորերդ հանի, դեսը դի, ինքդ տկլոր կանգնի շորերդ ման եմ գալու, դու թիկունքումդ կարած փող կունենաս։

— Արի՛, ա՜յ մարդ-աստուծո մտիկ արա, ես փող-զադ չունեմ,— կատաղության դողը բռնած ասաց Անտոնը։

— Աստոծ-մաստոծ չեմ ճանաչում, շորերդ հանի,— հրամայեց Սոլոմոնը։

Անտոնը հանկարծ հիշեց Արսենից վերցրած թուղթը։ «Բա որ բռնվի՞»,— միտք արավ նա։ Ու մինչդեռ Սոլոմոնը մութ անկյունում շուռ էր տալիս ցորենի կոտը, Անտոնն հանեց թուղթը, խառնեց խոտի հետ ու գցեց բուխարու կրակի մեջ։

— Ի՞նչ ես անում, շո՛ւն, էդ ի՞նչ կրակ ա։

— Ա՛յ, անաստված, ուզում ես բա տկլոր փետանամ, էս խոտը կրակի վրա եմ դնում, որ շանսատակ չըլեմ։

Սոլոմոնն անմիջապես մոտ վազեց գոչելով.

— Տո՛, գող շո՛ւն, փողերը կրակը գցեցիր, հա՞...

Ու մտրակը քաշեց, սկսեց ծեծել։

Անտոնն անշարժ կանգնած, մտրակի ամեն մի հարվածից հետո, աղիողորմ կրկնում էր՝ «էս էլ երկու, էս էլ երկու.․.»։

— Ինչ ես փնթփնթում, քավթառ ավազակ,— կատաղած գոռաց Սոլոմոնը դադարեցնելով հարվածելը։

— Ոչինչ, Սոլոմոն, սրանով երկու անգամ ա, դու ինձ թակում ես, նրա հաշիվն եմ անում։

— Հաշի՞վ ես պահում, հա՜, անզգամ քոփակ։ Հալա շորերդ հանի, հաշիվը քեզ ետով կասեմ։

— Իմ շորն էս մի քուրքն ա, էս էլ առ, աչքդ կոխի, տե՛ս, միջին Մանթաշովի խազնեն պահած կըլեմ։

— Բռները կրակն ածեցիր ու դարդակ քուրքն ես դեմ անում ինձ... Հանի՛, հանի՛։ Թե քեզ իփլիզ տկլոր ձիուս առաջն արած գեղը չտանեմ, թիկունքդ կապույտ լեղակ շինած, թող իմ ետևից Սոլոմոն չկանչեն, սև շուն կանչեն։

Կանգնել էր Անտոնը բոլորովին մերկ, բուխարու կրակի առաջ։ Սոլոմոնը դանակը ձեռին մուշտակի կարերն էր քանդում, երբ հևալով ներս ընկավ մի գյուղացի։ Նա մի րոպե ապշած կանգ առավ այս տարօրինակ տեսարանի առաջ, բայց մտաբերելով իր ասելիքը, դարձավ Սոլոմոնին.

— Խազեին, քեզ շատ վռազ գեղումը կանչում են։

— Ի՞նչ կա։

— Գիտեմ ոչ, մեր գեղից քու ախպոր տղի հարսանիքավորները, որ գնացել են թե էն հարսի գեղիցը հարսին բերեն, ինչքան որ ձիավոր են ելել, մոտ քառասուն հոգի, ախպորդ տղին էլ հետները, դիփին էլ բռնոտել են ու բաց չեն թողնում։

— Ի՛նչ ես սարսաղ—սարսաղ դուս տալի...

— Դե՛, ինչ գիդամ, խազեին, գեղումն էդ են խոսում, ինձ էլ ղարկել են, որ քեզ իմաց անեմ,— ասաց լրաբերը, ձեռները կրակին պահելով։ — Ադա՛, ասում ես նորափեսին ու իր մարդկերանցը բռնոտե՞լ են,— քուրքը թողած, մոտեցավ Սոլոմոնը գյուղացուն։

— Հա՜,— ծոր տվեց լրաբերը։

— Ո՞վ ա բռնել։

— Եսիմ, ասում են դիվանը։

— Որտե՞ղ են բռնել։

— Ա՛յ, էն հարսի գեղումն, էլի՛։

Սոլոմոնը շշմած այս լուրից, դուրս եկավ ջաղացից, ձին հեծավ ու ձիու վրայից կատաղած, մտրակը տմբտմբացնելով Անտոնի կողմը, ասաց լուր բերող գյուղացուն.

— Էդ քավթառին ասա, էս ջաղացիցդ ոտդ դուրս չըդնես, մինչև գալս... Բախտդ քաշեց, էսօր լավ պրծար ձեռիցս, համա դատաստանդ ետով կանեմ,— ու ձիուն ասպանդակեց։

֊ Ա՜յ, եդի գնալդ ըլի, հա՜,– զայրույթից փոթորկվելով ասաց Անտոնը և կարերի կեսը քանդված քուրքը հագավ, որ մերկությունը ծածկի։

Լրաբեր գյուղացին, որին Կուպր էին ասում իր սևության պատճառով, սրա-նրա տանը նոքար, ուրիշի հացին ու ջրին, անտուն-անտեր տղա էր, մոտ 25 տարեկան։ Նրան զինվորական ծառայության էլ չէին տարել, որովհետև «խելքից պակասի» տեղ էին դնում, թեև ոչ մի աննորմալ, անբնական բան չէր նկատվել նրա արարքների մեջ։ Բայց քանի որ շարունակ ամենքի ծաղրի առարկան էր գյուղում, այդ պատճառով էլ գյուղը որոշել էր, որ նա խելքից պակաս է, որովհետև նա՝ այդ Կուպր կոչվող Վարթևան-Թևանը, Թևին, Թևոսը, Վարթոն, Վրթոն, Վարթին ու Թևանտոսը, երբեք չէր բողոքում իր գլխին թափվող մեծի ու փոքրի ծաղրի համար, այլ՝ ընդհակառակը, եթե մինչև անգամ գլխին բամփում էին, նա ձեռները վեր քաշելով պար էր գալի։

— Էս գիղին էլ մի շաշ պե՞տք ա, թե չէ,– ասում էր Կուպրը և ինքն էլ իր կողմից ծաղրում մինչև անգամ գյուղի մեծամեծներին, որից նրանք չէին նեղանում, այլ՝ միայն ծիծաղում էին խելքից պակասի վրա, իսկ Կուպրը գիտեր, թե ինչ է ասում․ ծաղրում էր շատ սուր և հաճախ պարզ ոտանավորի ձևով-հանգերով։ Կուպրը ներս մտավ ջաղաց ու առաջին հարցը, որ տվեց Անտոնին, հետևյալն էր.

— Անտոն բիձա՛, Անտոն բիձա՛, դու էլ ինձ պես ո՛չ տուն ունես, ո՛չ քուն ունես... Մի ասա տենամ, էս ցրտին ի՞նչ էիր տկլորվել, որ տուն մտա, հենց իմացա, թե մեր պապ Ադամն ես, եկել ես, թե Սոլոմոն խազեինի հոգուն չոքես, հոգին հանես, առնես, հանես։

— Է՜հ, Վարթևան ջան, էլ հարցնիլ մի, իմը ծովն ա ընկել, նստի, սոված կըլես, երեկվանից մնացած մի քիչ կրկենու թիքա ունեմ, քեզ տամ կեր ու պատմի, թե էդ ի՞նչ հարսանիքի նաղլը արիր։

— Ա՜յ, ինչ եմ ասել քեզ պես մարդին... Սոված եմ, սով կուլ տամ, ծարավ եմ, ծով կուլ տամ։ Կրկենին տուր ես մանեմ, պատմութինն էլ լավ կանեմ։ Հարսանիքը... տի՛ր-նա՜–նի՜-նի՜... ճամփա ընկավ։

Ու Կուպրն ընդհատելով սկսեց պարի եղանակ դնդնացնել ու պարել, կրկենին ծամելով։

— Ա՛, Կո՛ւպր մեռած, քեզ բան եմ ասում, դու պար ես գալի,— ակամա ծիծաղելով ասաց Անտոնը։

— Բա ի՞նչ անեմ, պապար չանեմ... Գնացին թե հարսին բերեն... Հարսին բերին...

Հոլոլո՜, հոլոլո՜, հոփ ինջա,
Դահրա գցեմ, թո՛փ ինջա,
Ալա քոլի խնձորն ա,
Խնձորը կծեմ, ծուլ անեն,
Զիզի հարսին կուլ անեմ...

— Ա՜յ, մեռնես դու, մեռնես, ա Կուպր մեռած...

— Հազիր քու խազեին Սոլոմոնը մեռնի... Դե՛, լա՛վ, լա՛վ, արի պատմեմ։ Դե՛, հո գիտես, որ էս քու խազեին Սոլոմոնի ախպոր տղին՝ չոփուռ Մադուն, մեր գեղումն աղջիկ չտվին, շատ էր սիրուն, երեսը մկան կրծկրծոտած հացի պես, ինձ են Կուպր ասում, համա նա թամամ արաս էր, մարաս էր, կպրի կարաս էր։ Երեսի կեսն էրած էր, բեղի տեղն էլ ծաղկի կերած էր։

— Ա՛, Կուպր մեռած, ի՞նչ ես գլխիս շաիր դառել, բան պատմի, խոսք հասկանամ, Մադու գլուխն էլ էնտեղ թալլեմ,— ընդհատեց Անտոնը։ — Ե՛ս էլ թաղեմ, թաղ անեմ, խալխի միջին լաղ անեմ, պատմեմ, պատմեմ, պատ անեմ, քու հովսալեն[6] շատ անեմ։

— Տե՜ր մեղա..

— Մեղա, մեղա, տեր մեղա, էս մեր գեղը շան գեղ ա...

— Ա, ոչ ու փուչ, պատմելո՞ւ ես, չէ...

— Հա՛, բա՜ս, բա էս ի՞նչ բանի եմ, պատմում եմ, էլի... էս չոփուռ Մադու համար գնացել են ու էս մեր կողքի վարդապետանց գեղիցը մի աղջիկ ուզել։ Սաղ գիշերը հարսանիքը մեր գեղումը նստած կերել, խմել, քեֆ են արել ու լիսածեգին ճամփա ընկել դրա հարսնացուի գեղը։ Ձիավորները հարբած, քեֆները քոք, գալիս են հասնում գետի ղրաղի մեծ ճամփին ու մին էլ են տեսնում ճամփովն երկան ու մին փռած թղթեր։ Մի քանի հոգի ձիուց վեր են գալի էս թղթերը հավաքում, ուզում են կարդան, համա գինին գլխումը պար ա գալիս, մարդ ի՞նչ կարա հասկանա, թե ինչ ա գրած մեջը։ Կղկղացնում են, կղկղացնում, ու էս թղթերը իրար մեջ բաժանում, որ պապիրոսի համար պետք ածեն։ Թղթերը շատ են ըլում. հարսանիքավորների կատարն էլ կարմրած, ում որ ճամփին պատահում են, էտ թղթերիցը տալիս են, որ պապիրոս քաշի, իսկ որ մտնում են գեղը, զուռնա—դհոլի ձենը դրմբացնելով, ձին խաղացնելով քշում են, ու ինչքան իրանք են շաղ տալի, երկու էնքան էլ թղթերը հենց—իրանք քամու բերանն ընկած գեղով մին ցրվում են։ Ասում են՝ սաղ գեղի վրովը կասես սպիտակ աղունակներ ըլեին թռչելիս...

Այստեղ Կուպրը խորհրդավոր կերպով ընդհատեց իր պատմությունը։

— Հետո՞,– անհամբերությամբ հարց տվեց Անտոնը, որի աչքերը վառվում էին։

— Հետո՞... Կաց մի պկուս քոքեմ։ Լավ անգաճ կալ, նորափեսին ու նորահարսին դեպի եկեղեցի տանելու, պսակի հավեն են փչում։

Ու Կուպրը մաշված արխալուղի ծոցից հանելով իր պկուն[7], «պսակ գնալու» եղանակը փչեց։ Անտոնը համբերությունը հավաքած լսեց մինչև կեսը և ուզեց ընդհատի, բայց Կուպրը ձեռքով-ոտքով հասկացրեց, որ չխանգարի իրեն։ Նա պկուն բերնին դրած, թշերն ուռցրած բլդուղ—բլդուղ անելով փչում էր, աչքերը շուռ ու մուռ տալով։

— Ա, տափը մտած, պրծնելո՞ւ ես, թե չէ...

— Պրծա՛, — պկուն բերնից հանելով ասաց Կուպրը,— հիմա իմացա՞ր։

— Հա, լավ ես ածում, թամամ զուռնաչու պես։ Բա ետո՞վ...

— Ետով... Ընկնես մի փետով։ Դե՛, թե տղա ես, մնացածն էլ դու պատմի։

— Ասում էիր բռնոտել են հարսանքավորներին։

— Բռնոտե՜լ... մենակ բռնոտելը գիտաս, բա պկուս էս ինչի՞ համար փչեցի։

— Ես ի՞նչ գիդամ։

— Փչեցի, որ իմանաս, թե հենց որ հարս ու փեսան իրար կուռ ընկած գնում են, թե ժամը մտնեն, պսակվեն, վարժապետ Մեխակը մի քանի զինվոր ա հավաքում, գալի, հարսանքավորներին ղալ անում[8] ու բռնոտել տալի։ Հարսը մնում ա լողացրած, հա՛, հա՛, հա՛, հա՛...

— Պատճա՞ռը...

— Գնա Մեխակ վարժապետին հարցրու։

— Էլի՛, կիմանաս։

— Կիմանա՞մ... կիմանամ, բա՜ս, կիմանամ... էս ցավին ես ո՞նց դիմանամ... էդ թղթերի մեջ, ասում են մեր հիմիկվա խմբապետ-կառավարութենին հակառակ բաներ կա գրած, գրողն էլ բոլշևնիկն ա, գիդա՞ս, ինչ բան ա բոլշևնիկը...

— Չէ՜։

— Բոլշևնիկն ինձ նման անտեր-անտիրական կուպրերի կառավարութինն ա, ես նրա հոգուն մատաղ, թող հալա մի գա...

— Հա, տա որ եկավ, քեզ թախտի վերի ծերին են նստեցնելու, էլի, — հեգնեց Անտոնը։ — Ո՞վ պտի նստեցնիլ, ե՛ս, ինքս կընստեմ, ու մոտ եկող հակառակին էլ կդնգստեմ։ Հրե՜ս... տեսնում ես էս ի՞նչ բաներ են. սրանց ամեն մի հատը, մի միլիոն արժե, էս մին, էս երկու, էս երեք, էս չորս, էս էլ հինգ... Հինգ միլիոն։

Այս ասելով Կուպրը գրպանից հանեց բոլշևիկյան հինգ հատ թռուցիկ։ Անտոնը ճանաչելով իր իսկ ցրած թռուցիկները, միամտանալով, հարցրեց.

— Սրանք ի՞նչ բաներ են։

— Էն թղթերիցն էն, էլի՛։

— Ո՞ր թղթերիցը։

— Ա՜յ, էն որ հարսանքավորների մոտ բռնել են։

— Բա որտեղի՞ց են քու ճանկն ընկել։

— Ինձ որ դեսը ղարկեցին, որ գամ Սոլոմոն խազեինին իմաց անեմ, ես առաջ վազ տվի մեծ ճամփեն ու թփերի տակից հավաքեցի էս հինգ հատը, որ տանեմ մի թաքուն տեղ նստեմ ու գիրկապ անելով կարդամ, զորութինն իմանամ։ Ասում են թե էս թղթերից մի հատ է մենակ ընկել Մեխակ վարժապետի ձեռը, ու հենց որ հարսանքավորներին բռնել ա տվել, գեղացիք հենց աթտաղ — մութ տաղ են արել[9], որ ամեն մեկին մի միլիոն էլ տաս՝ չես գտնի։

— Բա դո՞ւ ինչ ես անելու... չի լինի՞ մինն ինձ տաս։

— Լավ մտիկ, տես ինչ եմ անելու... Տարա՜ն—նա՛նի՜—տի՜ր–նի՛–ն՛ի–ն՛ի, տի՜ր—նի —նա՛նի՜...

Թղթերը ծոցը կոխելով, ձեռները վեր բարձրացնելով Կուպրը, և պարի եղանակը զնգզնգացնելով՝ սկսեց պարել, հետզհետե մոտենալով ջաղացի դռանը, ապա մի ոստյունով դուրս ցատկեց ու հայդե...

Անտոնն անակնկալի գալով՝ քիչ շվարեց, բայց հետո ուշքի եկավ ու Կուպրի ետևից կանչեց.

— Ե՛տ արի, ա Կուպր, ետ արի վերջն էլ պատմի...

— Որ դուրս եկա, էլ գալ չեմ, էս թղթերից քեզ տալ չեմ, — պատասխանեց Կուպրը և անհետացավ վրա հասնող խավարի մեջ։
VII

Մութն էր արդեն։ Օրվա անցուդարձից շշմած, Անտոնը գլուխը թափահարելով՝ բուխարու կրակն իրար էր անում, որ տաքանա, երբ ջաղացի դուռը ճռռաց։ Անտոնը ետ նայեց ու տեսավ, որ ներս մտնողն իրենց գյուղացի Ավետիսն է։

— Բարի իրիկուն, Անտոն ապեր,— ողջունեց Ավետիսն ու մոտեցավ նոր վառվող կրակին։

— Բարու տեր ըլես, Ավետիս ջան, խեր ըլի, ի՞նչ կա էս մթանը, որ ջաղացն ես եկել։

— Ղարավուլ եմ, չէ՛, ղարավուլապետ եմ,— քմծիծաղով պատասխանեց Ավետիսը։— էսա մորուքս չալած մարդ եմ, Անտոն ապեր, համա ո՛չ էս ղայդի կառավարութին եմ տեսել, ո՛չ էլ էս ղայդի կառավարիչներ։ Անտեր Նիկոլայն ինչքան էլ փիսն էր, էլի մի բանի նման էր. օրենք կար, դիվան կար, քյոխվա-սուդյա կար, մեծ ու պստիկ կար, ծուռ ու դուզ էր ջոկվում։ Հիմի էս անտեր երկիրը թամամ դյարա բյագլիկ[10] ա դառել, տեղիցը վեր կենողն իրեն աշխարհի տեր ա համարում։

— Ի՞նչ կա որ, Ավետիս ջան, թազա բա՞ն կա...

— Էլ ըլի՞... Գեղը որցակի են բարձել[11]։ Դու հո գիտես, ես աշխարհ տեսած մարդ եմ, Փոյլվի[12] կարմունջը շինելիս, ես փետի մեծ փոդրաթ ունեի ձեռիս, հետո Գյանջա գնացի, սուդի չլեն Մոլոսկովի տանը ծառայել եմ։ Դիվանը որ գեղն էր գալի, մենակ ես ի, որ ռսերեն ի գիտում, ինձ ին կանչում, որ պրիստավի հետ զրից անեմ։ Վրացերեն գիտենալս էլ, դե աշխարհին ա հայտնի, Աղստափի վագզալի բուֆետչիկ Իլիկոն ինձ ախպոր չափ սիրում էր, էնքան իրար հետ որս ենք արել, որ էլ Ղազախի մահլումը կուրդղելի[13] չէր մնացել։ Հե՜յ գիդի, հա՛... օրենքն իրեն տեղը, մենք մեր պատվին։ Էն տարին լեսնիչուն[14] մի որսի թուլա բաշխեցի, սաղ քոլն իմ ձեռին էր: Ո՞ր մինն ասեմ...

— Ավետիս ջան, խոսքդ, շաքարով կտրեմ, ախր չասեցիր, թե ի՞նչ ա պատահել, որ ղարավուլ են շինել քեզ, մի էդ ասա պրծի, ետով շատ զրից կանենք հին բաներից,— ընդհատեց Անտոնը։

— Բա չե՞ս իմացել...

— էս ջաղացումը ճգնավորի պես մեն-մենակ փակված, ի՞նչ իմանամ...

— Տնաշեն, քու աղա Սոլոմոնի ախպոր տղի հարսանիքիցը խաբար չունե՞ս...

— Էն շաշ Կուպրն ըստեղ էր, մի քիչ պատմեց, համա բան չհասկացա, ասաց հարսանիքավորներին Մեխակ վարժապետը բռնել ա տվել։

— Մեխակ վարժապետ մի ասել ու ցա՛վ ասա, չո՛ռ ասա, երեկվա գյադեն, որ Ներսիսյան դպրանոցն ավարտեց եկավ էս քոլերումը մի քանի տարի լեսնիկ դառավ, սրա-նրա կացինը խլելով, շտրափ արավ, պրատակոլ գրեց, քյասիբների տունը քանդեց, քիչ մնաց, թե գլուխը թակեն, վեր կացավ կորավ, հիմի էլ ետ եկել ա ու մեր գլխին կոմիտե դառել, դաշնակցության կոմիտե։ Հիմի էդ կոմիտե Մեխակն ա մեր էս սաղ տասնօխտը գեղի տերը։ Հարսանիքավորներին բռնոտել, ծակն ա կոխել։ Ասում ա՝ «դրանք բոլշևիկի թռուցիկ ման ածող են, սուտ հարսանիք են սարքել, որ էդ թռուցիկնին ժողովրդի մեջ ցրեն, խալխի միտքը պղտորեն», որ խալխն էլ վեր կենա ու իրան պես կոմիտեներին ու խմբապետներին քշի։ Այ թե ինչ ա էդ քո Մեխակ վարժապետն ու ինչեր ա անում։

— Բա հիմի հարսանքավորնին ղալո՞ւմն են, էլի։

— Ջհանդամն իրենց գլուխը, թե ղալո՞ւմն են։ Էսօր ղալումն են, էգուց Սոլոմոնը նրանց կազատի, համա որ մեջտեղը մենք ենք կոռ քաշո՜ւմ...

— Ի՞նչ կոռ։ — Ա՛յ, էդ Մեխակ շունը կարգադրել ա, որ էն ճամփի վրա հերթով ղարավուլ կենանք ամեն գիշեր, ու ինչ անցուդարձ անող որ ըլի, բռնենք, տանենք իրեն մոտ։ Բոլշևիկ ա ման գալի, որ բռնի։

— Հա՜,— ծոր տվեց Անտոնը, մտածելով, որ դրությունը բարդանում է, և կարող են Արմենի մոտից եկող մարդուն բռնեն։

— Հա ու ջա՜ն,— նույնպես ծոր տվեց Ավետիսը։— Բոլշևիկի մերը չմեռնի, որ Մեխակի պես հայվանի ձեռն ընկնի։ Նա իրեն բանը լավ գիտի, թե ինչ ա անում։ Ես պետք ա ղարավուլի գլուխ քաշեմ, բոլշևիկն էլ գա ու էս ջաղացումն ասի «արի ինձ բռնի»... Եփեց, էլի՛...

— Բա թե ղարավուլ ես, էդ ո՞նց ա մեծ ճամփումը չես, Ավետիս ջան, վայ թե գան, գլխիդ մի փորձանք բերեն,–կեղծ անհանգստությամբ ասաց Անտոնը։

— Ես քեզ ասացի, թե ես ղարավուլապետ եմ։ Երկու հոգի հրեն ճամփի տակին ու գլխին նստած, ես էլ մրսելուց վախեցա, եկա էս ջաղացը, հրես մի քիչ վախտից կգնամ, տենամ ինչ բանի են, հո չե՞ն քնել։

— Քանի՞ օր ես դու ղարավուլ քաշելու։

— Երկու օր, էս գիշեր մին, էգուց գիշեր էլ երկու, թե որ երկու օրը մի հազար հատ բոլշևիկ չբռնեմ, կոմիտե Մեխակը մորուքս խուզելու ա, հայվանի թոռը հասկանում չի, որ բոլշևիկը երկնքում թռչող էրոպլանդով[15] բերել ա էդ թղթերը շաղ տվել ու ինքը թռել գնացել, եկել ա ինձ ղարավուլ շինել։ Կրակն իրար արա, թող լավ վառվի, գնամ տենամ տղերքն ինչ բանի են, բերեմ մի քիչ տաքանան, մեղք են։

Ավետիսը գնաց, բայց Անտոնը չափազանց անհանգիստ էր։ Արմենի մոտից եկող մարդը գալու էր մյուս օրը երեկոյան, ինչպե՞ս աներ, որ Ավետիսը նրան չտեսներ։ Միգուցե Ավետիսը կեղծում է, մտածեց Անտոնը, սա «հարյուր թալակից փախած աղվես ա», վայ թե ստեր է խոսում, գուցե դիտմամբ է ջաղաց եկել, գուցե Անտոնն էլ է կասկածի տակ, Ավետիսին դիտմամբ նշանակել են, որ ջաղացի վրա հսկի... Էսպես հազար ու մի մտքերի մեջ էր Անտոնը, երբ ներս մտան պահակները Ավետիսի գլխավորությամբ։

— Բարի իրիկուն, Անտոն բիձա։

— Բարով, հազար բարի, եկեք, տղերք ջան, եկեք մրսած կըլեք, եկեք տաքացեք,— կրակի փայտն ավելացնելով ասաց Անտոնը։

Պահակները հրացանները պատին դեմ անելով՝ մոտեցան բուխարու կրակին։

— Հրեն օխտը բոլշևիկ եմ բռնել, ծառիցը կապել, էգուց Մեխակ վարժապետին փեշքեշ եմ անելու,— ասաց պահակներից մեկը։

— Օխտը չի, ութն ա,— վրա բերեց երկրորդը։

— Արջն իրեն ահիցը կգոռա, — կրկին խոսեց առաջինը։ — էս հալա բոլշևիկի թուղթն ա երևացել, Մեխակ վարժապետը չի կարում դադար նստի, բա որ էգուց թղթի տեղ գյուլլա երևա, ո՞նց ա դոշը դեմ տալու։

— Դոշը չէ, մեջքն ա դեմ տալու, մե՛ջքը, հենց փախչի, որ ոնց-որ թազի տեսած աղվես, էլ ետ դոշը դեմ տվողը ես ու դա պտենք ըլել, ես ու դու,— կրկին խոսեց երկրորդը։

— Հա՜, ո՞նց չէ, եփել են հազիր արել: Թե ես բոլշևնիկի վրա գյուլլա գցեմ, թող իմ երեխանցը դիպչի։ Թե մի աչքս նրանց կըտենա՜... Ես թող շուն դառնամ, թե նրանց վրա թվանք մեկնեմ։ Ադրբեջանը քեզ օրինակ. քանի մուսավաթն էր, մեզ հետ կռիվը հո կռիվ էր, իրենց մեջ էլ շնաքոլոլ ընկած գզում ին, ոնց որ հիմա մեր գեղումը։ Մուսավաթն աղին թև ու թիկունք էր տվել, կատաղացրել, գցել քյասիբի ջանին... Բոլշևնիկն եկավ, էն օինը դրեց քու Մամմադ աղի ու Սամադ աղի գլխին, որ հիմի ով գիտա որտեղ են սոված զկըռտում, քյասիբն էլ դինջացավ ու իրեն վարուցանին ա, իրեն մշակութենին։

— Արա, ա Միդ, էլ ի՞նչ ենք եկել էս ճամփին ղարավուլ կանգնել, էնա եկ առավոտն էս Ավետիս դայուն ասենք մեզ աղաք անի, տանի Մեխակ վարժապետին տա, էլի՛։ Էլ քեզանից ու ինձանից լավ հակառակ ես որդի՞ գտնեմ. բոլշևնիկ ենք, թե ինչ ենք, էսա հրես էս կրակի ղրաղին նստած ենք, էլի՛... — Սխալ եք հաշիվ անում, տղե՛րք,– մեջ մտավ Ավետիսը,— թե որ Մեխակ կոմիտեին մարդ տանելու բան ըլի մեր գյուղումն ինչքան աղքատ-տնանկ կա, պետք ա բռնոտենք, որի հետ զրից ես անում, ձեզ պես են խոսում։

— Թաղեմ քու կոմիտեի շաշ գլուխը,— կրկին խոսեց Միդին,— ինքը փափուկ բարձին քնած, գիդում չի, թե սաղ գեղերը զզվել են էս կառավարութենիցը, դառել բոլշևնիկ։ Թող մի էն սարի ծերիցը մի բոլշևնիկի թվանք տրաքի, տես հալա ժողովուրդը դեպի նրանց կողմն ա անց կենում, թե չէ, տես քու էդ կոմիտեի մոխիրը քամուն են տալի, թե չէ... Եկողը գիդա՞ս ով ա... Թագավոր սպանող ու հարուստ խեղդող ռուսն ա, է՜, ռո՛ւսը, ես նրա շեկ ռանգին մատաղ։ Թող մի գա, էս Սոլոմոնի ու Գրիշա-բեգի պես շներին շանսատակ անի, է՜, որ գելի պես գեղն են ընկել, լափում են։ Հրես է՜, մեր մուսավաթն էլ դաշնակ ա, տեսնո՞ւմ են, ոնց են պաշտպանում հարուստներին...

— Համա ինչ բախտներս քաշեց, էս խաթեն Սոլոմոնի ախպոր տղի գլխին ընկավ, է՜, թե չէ մի խեղճ քյասիբի ձեռի որ էդ թղթերիցը բռնել ին, անխոսալ և անխոսացնել գյուլախորով ին անելու։

— Հա, բա՜... Խելքդ լավ էս կտրում... Տես էգուց հարսանքավորները զուռնա-դհոլով, հարսն առած գալիս են մեր գեղը, թե չէ... Մեխակ վարժապետը որ իմանար, թե նորափեսան Սոլոմոնի ախպոր տղեն ա, կբռնե՞ր... Ըհը՛, էգուց էս բեղերս կկտրեմ, թրքի մեջ կկոխեմ, թե քու էդ Մեխակ վարժապետ կոմիտեն հարսանիքի հետ մեր գեղը չգա, քեֆ չանի... Խալխը կարում չի թե ցամաք հաց ճարի, փորը մեջքիցն ա կպել, քու Սոլոմոնը կասես կերի մեջ պահած բուղա ըլի, երկու տարի ա, ես մսի համ չեմ տեսել, նա հրեն քեզանից, պարտքի տեղ խլած հերինջը հարսանիքումը մորթել ա, որ միսը թյունջի ըլի, փափուկ ու համով։

— Դա խի՞ ես նեղանում, այ որդի, ապրանքն իրենը չի՞, ինչ կուզի՝ կանի,— մեջ մտավ Անտոնը։

— Իրանն ա, բա՜ս, իրանն ա, Անտոն բիձա, էս ջաղացն էլ ա իրանը, չէ՞ քու տան տեղն էլ ա իրանը, չէ՞ իմ բաղն էլ ա իրանը, չէ՞... Դե՛, էլ ինչ ենք զուր տեղը գլխներիս փափախ դնում, սաղ գեղն իրենն ա, էլի՜, ինչ կուզի, կանի, մենք էլ եկեք գնանք ամեն մեկս մի տաշտակ առնենք, նրա ոտները լվանանք ու ջուրը խմենք, էլի՜...

— Վե՛ր կացեք, վե՛ր կացեք գնանք ղարավուլ քաշենք կեսգիշերն անց ա, մի բան կպատահի,— ասաց Ավետիսը։

— Ինչ ուզում ա թող պատահի,— վրդովված պատասխանեց Միդին։ — Ես գնամ ճամփին ղարավուլ քաշեմ, դու էլ գնա իմ տանը ղարավուլ քաշի, տե՛ս խումբի տղերանցից մեկնումեկը հո չի՞ եկել կնկանս ծոցը մտել... Թո՛ւ, էս ղայդի նամուսին։

— Վե՛ր կաց, վե՛ր կաց, ամո՛թ ա, ընտանիքդ անպատիվ մի անիլ,— հորդորեց Ավետիսը։

— Անպատիվ անողն արել պրծել ա, թե ես էլ կարամ իմը կանեմ,— ասաց Միդին ու վեր կացավ տեղիցը։

Պահակները դուրս եկան ջաղացից, իսկ Անտոնը մեկնվեց կրակի առաջ, որ հանգիստ տա իր տանջված ուղեղին, որը պայծառացել էր տեղի ունեցած խոսակցությունից։

— Հա՜, հիմի կհավատամ, որ Սոլոմենների վերջը մոտեցել ա,— ինքն իրեն շշնջաց Անտոնը և քնի գիրկն ընկավ։

VIII

Լուսաբաց էր։ Անտոնը վեր էր կացել անհանգիստ քնից, բուխարու կրակը վառել և Սոլոմոնի ձեռքով քանդած քուրքի կարերն իրար էր անում, երբ ջաղացի դուռն ամուր բախեցին։

— Ո՞վ ես,— ձայն տվեց Անտոնը։

— Ես եմ, ե՛ս, Անտոն բիձա, վեր կաց դուռը բաց արա, գինի տամ, բողազդ թաց արա։

Կուպրն էր։

Անտոնը բաց արավ ջաղացի դուռը և ներս հրավիրեց անսպասելի հյուրին, որից գինու հոտ էր փչում։

— Անտոն բիձա, բարի լույս, անգաճ արա սուս ու փուս...

— Ա՛ կուպր մեռած, թե մարդավարի զրից ես անելու, արա, թե չէ վեր կաց կորի, քու գլուխը չունեմ։

— Ա՜յ, զրից սա՛ կանի, ապա խմի, համը տես, դարդդ քամին կտանի,— այս ասելով Կուպրը գրպաններից հանեց մի-մի շիշ գինի, երկու բաժակ ու դրեց Անտոնի առաջ։ — Էս ի՞նչ բան ա... էս որտեղի՞ց ա...

— Հարսանիքից, Սոլոմոնի ախպոր տղի հարսանիքիցը։

— Ա՛ փուչ, դու հարսանիքումն ի՞նչ բան ունեիր։

— Ո՞նց թե... ո՞վ ա տեսել առանց շաշի հարսանիք։ Իրիկունը քու մոտից գնացի, թե տեսնամ ոնց են անում հարսանիքի բանը։ Գնացի տեսա, էս քու Սոլոմոնը սաղ գեղը գլխին հավաքած քեֆ ա անում։ Մեխակ վարժապետն էլ կողքին նստած, Սոլոմոնն ինձ կանչեց, պատիվ արավ ու էս երկու բոթիլ գինին տվեց, որ բերեմ քեզ տամ...

— Դենը տար, թե չէ հրես երկուսն էլ գլխիդ կջարդեմ։ Նա ղալաթ ա արել, որ քեզ ա տվել, դու էլ ղալաթ ես արել, որ բերել ես,— զայրացավ Անտոնը։

— Կա՛ց, կա՛ց, բանը խարաբ ես անում։ Շաշը ես եմ, դու ես շաշութեն անում... էս գինին բերել եմ, որ աղ ու հացով դուրս բերես հարսանիքի առաջը, հարսանիքը ճամփիցը ծռվելու ա, դեսն ա գալու: Սոլոմոնը հարսին բերում ա, որ ջաղացը նրան փեշքեշ անի, դու տրտինգ ես տալի՞,— ասաց Կուպրը և շշերը քաշեց մի կողմ։

Անտոնը մտածմունքի մեջ ընկավ։ Սա էլ մի նոր խայտառակություն իրեն համար, որ երեկվա անպատվությունից հետո, ինքը պետք ա աղ ու հացով դիմավորի գազան Սոլոմոնին։

— Չէ՛ ես էդ բանն անիլ չեմ, ինձ կսպանեմ ու անիլ չեմ,— զայրույթը հազիվ զսպելով փնթփնթաց Անտոնը։

— Անիլ չես, ջաղացիցը դուրս կանի,— վրա բերեց Կուպրը։

— Դուրս ա անում, թո՛ղ դուրս անի, զահլես տանիլ մի. վեր կաց կորի։

— Խաղաղություն էս ջաղացին, Անտոն բիձու աղ ու հացին...

Կուպրը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ հեռվից լսվեց զուռնի ձենը։

— Անտոն բիձա, դե, շուտ արա, աղ ու հացը վեր կալ դուրս արի, հարսանիքը գալիս ա,— ստիպողական պնդեց Կուպրը:

— Դուրս չեմ գալ, որ նրա պես հազար Սոլոմոն միջիցը տրաքի։ — Քեզ ասում եմ, բանը խարաբ ես անում, Անտոն բիձա, ջաղացիցը որ քեզ դուս անի․․․

— Ի՞նչ կըլի, որ դուս անի, ես ինքս կհեռանամ...

— Կհեռանա՞ս...

— Հա՛, ա՛յ, հենց էս սհաթին կհեռանամ, քու աչքի առաջ, չէ, կթողամ, որ շունը վրես ծիծաղի,— ու Անտոնը քուրքը հագավ, որ դուրս գա ջաղացից։

— Հիմի էտա գնում ես, էլի՛, Անտոն բիձա,— տարակուսած ձայն տվեց ետևից Կուպրը։

— Քո՞ռ ես, աչքդ տեսնո՞ւմ չի...

՚— Բա Արսենի ջուղաբն ո՞վ ա տալու։

— Ի՞նչ Արսեն,— թուքը կուլ տալով, սարսափած կանգ առավ Անտոնը դռան շեմքին, հազիվ արտասանելով բառերը։

— Դե՛, ետ արի, ետ արի աղ ու հացը վեր կալ, դուս արի Սոլոմոն աղի առաջը, թե չէ...

Անտոնը քարացած մնացել էր տեղը մեխված, կարծես մեկը նրա գլխին թոխմախով զարկել էր։ Աչքերը չռել էր, սառել, ականջները թշշում էին։

Հարսանիքը դուրս եկավ դիմացի թմբի ետևից, ձիավորները ձիերը խաղացնելով գոռում-գոչում էին ու հրացան արձակում։

Կուպրը շտապով մի տախտակի վրա դասավորեց գինով լի շշերը, բաժակները, կրկենուց մնացած մի կտոր և մի քիչ էլ աղ դրեց մոտը, ապա մոտեցավ Անտոնին, «մատուցարանը» նրան հանձնեց ու կողքին հրելով ասաց.

— Խելքդ գլուխդ հավաքի, դուրս արի, աղ ու հաց թավազա արա,— ապա ինքը մի թեթև ոստյունով դուրս թռավ ու սկսեց ջաղացի դռանը պարել։

— Կո՛ւպրը, Կո՛ւպրը, ա՜յ ոչ ու փուչ ըլես դու, ա՜յ Կուպր, որտեղ ասես, սխտորի պես դուրս ես պրծնում,— գոչեցին հարսանքավորներից մի քանի հոգի։

— Խլոպուզ ա, խլոպուզ...

Հարսանիքը կանգ առավ ջաղացի դռանը։

— Էս ջաղացը քեզ փեշքեշ, այ իմ նորահարս-թագուհի,— ասաց Սոլոմոնը,— տարին բոլոր ինչքան եկամուտ գա սրանից, քեզ ըլի:

— Շեն կենաս, շե՜ն,— գոչեցին ամենքը։
— էս ջաղացը քեզ փեշքեշ,

Հետն էլ մի ձի ու մի էշ,
Երդում կեր դու էս տոնին,

Որ պահես մեր Անտոնին...

Մինչ խալխը հռհռում էր Կուպրի ասածի վրա, նա շտապով ներս մտավ ջաղացը և Անտոնի թևից բռնած բերեց «մատուցարանը» ձեռին։

— Աֆֆերի՛մ Սոլոմոն խազեին, ջաղացպանիդ էլ ես գինով պանում,— ասաց Մեխակ կոմիտեն և մտերմաբար թոթվեց Սոլոմոնի ուսը։

— Էս Անտոնը գինով ա,

Առանց գինի՝ գինով ա,
էս ջաղացից թե տանեք,

Լավն էն ա հոգին հանեք...

— Աղ ու հացը մոտիկ տար, Անտոն բիձա, թող Սոլոմոն աղեն աղ ու հացը հալալ անի,– ասաց Կուպրը և սկսեց կեռիկ-մեռիկ պար գալ։

— Դու, որ էսօր իմ երեսը պարզ արիր, Անտոն, իմ ուրախության առաջն ուրախության գինով դուրս եկար, ամեն արարքդ բաշխում եմ, թող Կուպրի ասածն ըլի, խելոք մարդկանց խոսք շատ եմ կատարել, թող էս մի անգամն էլ շաշի խոսքը կատարեմ։ Քանի ես կամ ու էս ջաղացը կա, դու էս ջաղացի ջաղացպանն ես,— ասաց Սոլոմոնը և սկսեց բաժակները լցնել ու հյուրասիրել մոտիկներին։

— Ուռա՜... ուռա՜... կեցցե՛ Սոլոմոնը, կեցցե՛ սուրբ դաշնակցությունը...— մի քանի հրացան որոտաց միանգամից։

Հարսանիքը ծռվեց, թե ետ դառնա, Կուպրը պարն ընդհատելով կանչեց.

— Սոլոմոն աղա, կաց, բան եմ ասում։

— Ասա, ա Կուպր մեռած, ասա, տենամ ինչ ես ասում։

— Մեր Սոլոմոն աղեն ես,

Ինքդ վերի բաղեն ես,
Թե Կուպրի պես դու շաշ չես,

Կուպրին մի բան կբաշխես։
— Լավ ա ասում, Սոլոմոն, լավ ա ասում, մենք էլ կբաշխենք, մենք էլ,— ձայնեցին հարբած ձիավորներն ամեն կողմից։

Սոլոմոնն ստիպված եղավ քսակը բանալ։ Այս ու այն կողմից թղթադրամներ թափվեցին։ Կուպրն շտապ-շտապ հավաքում էր ու պարում։

— Դե մի բան էլ ասա ա գնանք,— ծիծաղից բերանը մինչև ականջի տակերը հասած, հռհռալով առաջարկեց Մեխակ կոմիտեն։

— Դու Մեխակ ես, Մեխակ ես,

Համ հասած ես, համ խակ ես,
Բոլշևիկը թե որ գա,

Պինդ կաց, տեղդ չճաքես։

— Հա՜, հա՜, հա՜,— էնպես պինդ ծիծաղեց Մեխակ կոմիտեն, որ քիչ մնաց ձիուց ցած ընկներ։

— Ա՛ շաշ, Կո՛ւպր, էդ ինչե՞ր ես դուրս տալիս,— վրա պրծավ մի զինվոր։

— Ձեռք մի տա, հիմար,— միջամտեց Մեխակ կոմիտեն։

— Շաշ եմ, շաշ եմ,, ես շաշ եմ,

Քեզ պես տասին կմաշեմ...

— Կերա՞ր․․․, էտ էլ քու բաժինը,— ուրախ տրամադրությամբ ասաց Մեխակ կոմիտեն ու մի քանի թղթադրամ էլ շպրտեց։

— Էս բռներ են, բռներ են,

Սիրուն-սիրուն բաներ են...

— Ա՛ Կուպր, մեռա՚ծ,— ընդհատեց Սոլոմոնը,— իրիկունը կգաս, որ ուրախացնես։

— Անտոնին էլ բերե՞մ...

— Դու գիտես,— պատասխանեց Սոլոմոնն ու ձին քշեց հեռացող հարսանիքի ետևից։
***

Հարսանիքն արդեն ծածկվել էր բլրի ետևը, բայց Կուպրը դեռ շարունակում էր պարել, իսկ Անտոնը կանգնած էր արձանի պես, շվարած, «մատուցարան» ֊տախտակը ձեռին բռնած, որի վրա դատարկ շշերն ու բաժակներն էին դարսած։ Նա այնպես էր գլուխը կորցրել կատարված բոլոր անցուդարձից, մանավանդ Կուպրի ասածից, որ չէր իմանում ինչ ասի Կուպրին, ինչպես իմանա նրա ասածի իմաստը։ Որտեղի՞ց կարող էր Կուպրն իմանալ Արսենի մասին, չէ՞ որ դա մի գաղտնիք էր, որ միայն իրեն էր հայտնի։ Անտոնին անհանգստացնում էր մի բան ևս, Կուպրի մոտի թռուցիկները, որի մասին Կուպրն ասել էր, թե գտել է ճանապարհին։ Գուցե խաբում է, գուցե հետևելիս է եղել իրեն, բայց ինչպե՞ս, չէ՞ որ ջաղացում մենակ ինքն է եղել։ Նման մտքերով պաշարված էր Անտոնի ուղեղը, երբ Կուպրը պարը վերջացնելով՝ մոտեցավ նրան.

- Ես պրծա, Անտոն բիձա, պրծա պարս։ Հիմի ինձ տար էդ բոթիլներն ու ստաքաննին, գնամ հարսանիք։

Անտոնը լուռ ու մունջ հպատակվեց նրա կարգադրություններին։ Կուպրը շշերն ու բաժակները գրպանները կոխեց, ապա հավաքած թղթադրամները հանեց իր ծոցից ու դարձավ Անտոնին.

- Ի՞նչ ես դմբրվել, տուն մտի էս փողը կես անենք, սա հալալ աշխատանք ա...

Անտոնն ու Կուպրը մտան ջաղացը։ Կուպրը, թղթադրամները բռի մեջ ամուր բռնած՝ դեմ արավ Անտոնին։

- Ա՛ռ,- ասաց նա,- ա՛ռ, որ չարչի Ներսեսի չայ-շաքարի պարտքը տաս։

- Դո՞ւ որտեղից գիտես, թե ես Ներսեսին չայ-շաքարի փող եմ պարտ,- ավելի շվարած հարցրեց Անտոնը։

- Բա որ երեկ Սոլոմոնը քուրքդ ճղրտում էր, էն ինչի՞ համար էր։ Ներսեսը հենց իմ կշտին պատմեց Սոլոմոնին, որ դու իրենից չայ-շաքար ես առել ու ծիծաղելով ավելացրեց, թե Սոլոմոնը քնած ա ու չի իմանում, որ դու նրա ջաղացը թալանում ես։ Սոլոմոնն էլ նրանից շնորհակալ ելավ, որ Ներսեսը նրա աչքերը բաց ա անում։ Դե՛ ա՛ռ ա՛ռ վեր կալ, անցածն անց ա կացել,— ասաց Կուպրը և թղթադրամները կոխելով Անտոնի ծոցը, կամեցավ դուրս գալ։

— Վարթևա՚ն...

— Հ՛'ը ի՞նչ կա,- շուռ գալով պատասխանեց Կուպրը։

— Ախր ինձ էս հալին թողնում, գնում ես, սիրտս կճաքի, մի բան ասա, է...

— Ի՞նչ բան։

— Էն ի՛նչ Արսենի մասին իր խոսում։

— Արսե՞ն... ի՞նչ Արսեն... Հա՞... միտս եկավ, էն մեր գեղացի Ղևանդանց Արսենի մասին էր. շատ խնդրեց, որ քեզ իմաց անեմ, ջաղացդ սարք ու կարգի անես, որ էս իրիկուն աղուն ա բերելու աղա, ի՞նչ ա, դու ուրիշ բան իմացա՞ր... Ռանգ-մռանգդ հենց գցեցիր, շշկլվեցիր, կասես մարդ էիր սպանել։

— Հա՜... Ղևանդանց Արսենի մասին էիր ասո՞ւմ... – հանգստացած ու ժպտադեմ ասաց Անտոնը։

— Ինձ ի՞նչ կա աշխարհիս երեսին, ինչքան Արսեն անունով մարդ կա, ես նրանց մասին եմ ասում, համ Ղևանդանց Արսենի մասին եմ ասում, համ էլ ա՛յ, էս Արսենի,–ասաց Կուպրը, և ծոցից հանելով բոլշևիկյան թռուցիկներից մեկը, դուրս պրծավ ջաղացի դռնից, և առաջին փոքրիկ հրապարակի վրա թռուցիկը ձեռքին բռնած, սկսեց պարել ու երգել.

— Հո՜յ Արսենն իմ, Արսեն իմ,

Ջա՜ն Արսեն իմ, Արսեն իմ,
Արսե՛ն, դուն բարով եկար,
Խավար գիշերով եկար,

Սպիտակ թղթերով եկար...

Անտոնը շշմել, քար էր կտրել, նա այնքան էր հուսահատվել, գաղտնիքը բացվելու պատճառով, որ քիչ էր մնում գլուխն առնի, կորչի, անհետանա։ Այլևս ոչ մի կասկած չկար, որ Կուպրն ամեն բան գիտեր։ Հիմի որ գնա ու ամեն ինչ պատմի Սոլոմոնին կամ Մեխակ կոմիտեին, ի՞նչ սուտ ու ղորթով է գլուխն ազատելու։ Իրան գլուխը ջհանդամը գնա, էդ հո տղերքն էլ կբռնվեն... Նա դուրս եկավ ջաղացից ու դռան մոտ կանգնած, չէր իմանում ինչ անի։

Իսկ Կուպրը երգի եղանակը փոխելով ճանապարհ էր ընկել դեպի գյուղ՝ պարելով ու երգելով.

— Բաքվի մաշիննեքը

Բերավ բոլշևնիկը,
Բոլշևնիկը վերջ կըտա—
Գեղի մաշեննիկը...

— Է՜յ, Թևանտոս, կանգնի, բան եմ ասում,— լսվեց մի ձայն առվի մյուս ափից։

Կուպրն ընդհատեց պարը։ Ձայն տվողը Միդին էր, որն առուն անցնելով մոտենում էր Կուպրին։ Անտոնը նույն դրությամբ, տեղը մեխված՝ դիտում էր իր առաջ կատարվող տեսարանը։

— Սոլոմոնի գինին շատ ա զորավո՞ր, փորդ ես ածել ու պար բռնել էս չոլի կիսումը, իսկի էս խալխի հալիցն էլ խաբար ունե՞ս, թե՝ հրես տամ կոկոշդ տապակ անեմ,—վրա պրծավ Միդին։

Կուպրն իսկի էլ բանի տեղ չդրեց Միդինի սպառնալիքին, նա շարունակեց իր պարը, երգելով.

— Մուհտա գինի—Կուպրի փոր,

Գինին համով—մեղրի ծոր,
Խմեմ, խմեմ, պար անեմ,
Սարսաղ գլխիդ քար անեմ։

Միդին ակամայից ծիծաղեց։ Ապա մեղմաբար դիմեց Կուպրին.

— Ա′, տափը մտած Թևանտոս, մի ասա տենամ, Մեխակ կոմիտեն էլ ա հարսանիքումը...

— Ո՞վ...

— Մեխակ կոմիտե վարժապետը։

— Հա′, բա՜ս, առանց իշի գլուխ հարսանի՞ք...

— Ա′ փուչ, ձենդ կտրի, կիմանան, գլուխդ կսխտորեն, — ծիծաղելով ասաց Միդին, ապա դառնալով դեպի Անտոնը, որը հետզհետե մոտենում էր, ավելացրեց,— Անտոն բիձա, տեսար, ես չէի ասո՞ւմ, թե Մեխակն ու Սոլոմոնն ըսենց են...— Միդին այս ասելով երկու ձեռքի ցուցամատները կպցրեց իրար, կողք-կողքի։

— Է, բալա ջան,— հոգոց հանելով ասաց Անտոնը,— ղոչաղ է, ղոչաղ։

Կուպրն ընդհատեց նրանց ու դառնալով Միդինին ասաց.

— Շատ ես կարոտել Մեխակ կոմիտեի՞ն, արի տանեմ շանց տամ.

Թե ղոչաղ ես, ղոչի պես,

Ինձ հետ արի, պոչի պես,
Սուփրեն հրեն գցած ա,
Կոմիտեն էլ նստած ա։

— Թքել եմ ես նրա հարամ սուփրին, սաղ գիշերը ջանս ցրտում դուրս եկավ,— վրդովված պատասխանեց Միդին։

— Կարացիր ոչ բոլշևնիկ բռնե՞ս,— ծիծաղեց Կուպրը։

— Հա′, փռել են ճամփի վրա, որ ես հավաքեմ։

— Թե շատ դարդ ես անում, ինձ բռնի, հրես նրանց շաղ տված թղթերիցը մինն էլ հազիր ձեռիս ա, ա′ռ կարդա.

Ես թուղթը տամ դու կարդա

Տես, թե գրողն ի՞նչ մարդ ա...

Միդին ագահությամբ վրա թռավ թղթին։

— Ձենով կարդա, ա Միդ ջան, ես էլ իմանամ, ինչ կա գրած,— խնդրեց Անտոնը։

— Հա′, լավ ա ասում, էդ խեղճը աշխարհիցս կտրված, բանից բեխաբար ա, կարդա, թող իմանա,— ժպտաց Կուպրը ու աչքով արավ Անտոնին, որն այլայլվեց։

Միդին բարձր ձայնով կարդաց թռուցիկը, ամեն մի խոսքին յուրահատուկ շեշտ տալով։

— Ա՜խ, ա′ գրող, յարաբ մեռնիլ չեմ, աչքս բաց քեզ կտենա՞մ... էսա գրել, հա՜, էսա իմ սրտի միջիցը խոսում, հա... էսա ջիգյարս քրքրում, հա՜... Բա էս թուղթը կարդացողը, սրա զորութինն իմացողը, սրա գրողին ձեռք կտա, բա ձեռը չորանալ չի դոշիցը կպչի... Էրնակ մի գիդենամ տեղը, գնամ ձեռը պաչեմ, դնեմ ճակատիս... — Ընթերցումը վերջացնելով թախծալի ասաց Միդին։ — Թե շա՞տ ա սիրտդ ուզում, հենց էս իրիկուն քեզ տանեմ էդ թուղթը գրողներից մեկի կուշտը,— կեսլուրջ, կեսկատակով ասաց Կուպրը։

— Է՛հ, շաշ մեռնես դու, ամեն բան էլ շաշութենի ես տալի, հանաք-մասխարութենի բա՞ն ա, էս գրածին տղա ա պետք, որ դիմանա, սա կռվի բան ա, Սոլոմոնի գինին հո չի՞, որ լակես ու պար գաս...

— Գինին էլ կխմեմ, էդ բանն էլ կանեմ, չէ՛, քեզ պես կգամ ցրտում ղարավուլ կկենամ, շաշը դու ես, դո՛ւ, որ սաղ գիշերը շան պես ցրտիցը կոնգոռնացել ես, առանց հասկանալու, թե ընչի՞, կամ ո՞ւմ համար... Համա ես համ էդ թուղթն եմ կարդացել, համ էլ հարսանիքումը քեֆ արել։ Քեզ բան եմ ասում, թե հաստատ խոսք կտաս, եկ քեզ իմ կուպրի կարասումը բոլշևնիկ մկրտեմ ու էս գիշեր էլ ծանոթացնեմ էդ թուղթը գրող բոլշևնիկի հետ, կգա՞ս,— պնդեց Կուպրը։

— Կգամ, համա թե ասածդ սուտ դուս գա, միսդ շան փայ կշինեմ։

— Բա որ դու կես ճամփիցը ետ դառնա՞ս...

— Էնքան տուր, որ հորս հարսանիքը միտս ընկնի։

— Լավ,— ասաց Կուպրը, ապա դարձավ Անտոնին.

— Անտոն բիձա, դու վկա,

Էս մեր Միդին կա ու կա,
Թե ուրիշն էլ ես ճարեմ,
Սրա փեշից կկարեմ...

Անտոնը բոլորովին խելքը կորցրել էր։ Նա հազիվ գլխով դրական շարժում արավ միայն։

— Դե՛, գնա՛նք, թե ուզում ես քեզ լավ-լավ բաներ պատմեմ մինչև տուն հասնելը, թե չէ հու Ավետիսիդ շա՜տ ես կարոտել, Կուպրը նրա հետ զրից չի անիլ, նա որ կա,–ջուր ա տեսնում՝ ձուկն ա դառնում, ցամաք ա տեսնում՝ գորտ ա դառնում,— ասաց Կուպրն ու առաջ շարժվեց։

— Անտոն բիձա, տեսնո՞ւմ ես, էս շաշին,— զարմանքով ասաց Միդին։

— Շաշ ես ասո՞ւմ, ա՛յ որդի, շաշ չի՛, շաշացնող ա։

— Հը՛... գալի՞ս ես, թե չէ... էդ թուղթն էլ ինձ տու, թե չէ կտանես կտաս կոմիտեին, կասես Կուպրը քեզ տվուց, ես շաշ գլուխս կազատեմ, համա դու քո խելոք գլուխը կրակը կգցես։

— Կա՛ց, կա′ց, գալիս եմ, ա′յ Կուպր, տափը մտած, գամ տենամ էլ ինչ ես ասում,— ասաց Միդին ու քայլերն ուղղեց դեպի Կուպրը։

Անտոնը երկար նայեց հեռացողների ետևից, ապա մտքերի ծովն ընկած, գլուխը թափահարելով ետ դարձավ՝ մտավ ջաղացը, մի լավ ծրագրելու համար, թե ինչպես անի, որ գիշերը Արմենի մոտից եկող մարդը ծուղակը չընկնի։

IX

Գիշերը վրա հասավ։ Անտոնը բուխարու մոտ նստած մտքերի հետ կռիվ տալով երբեմն ննջում էր, երբեմն վեր թռչում սարսափած, թե չլինի եկողն արդեն եկել է, իսկ որ գլխավորն էր, նրա մտքից չէր հեռանում Կուպրը։ Ախր ո՞վ է Կուպրը, ի՞նչ կապ կարող է ունենալ նա բոլշևիկների հետ։ Ճիշտ է, նա շատ քաղաքներ է ման եկել, շատ մարդ է տեսել, բայց շաշը ինչքան էլ ման գա, ինչքան էլ բան տեսնի, էլի էն շաշը կմնա, էս մեկ, երկրորդն էլ բոլշևիկը նոր բան է, Կուպրը շատ ջահել ժամանակներն է քաղաքից քաղաք պտտել, սրա–նրա մոտ աշկերտություն արել կամ տանը ծառայել։ Գլխին էնքան բամփել են, որ էլ մեջը բան կմնա՞ր... Միգուցե շաշ չի, սուտ շաշ է ձևացնում, որ սրա–նրա աչքերը կապի...

Անտոնն էսպես վերլուծում էր Կուպրի անցյալը, ներկան, նրա ասածներն ու պարերը, մտքում նրա արարքները բաժանում էր լավի ու վատի, խելոքի ու հիմարի և չէր կարողանում որոշել, թե որն է շատ, որ կողմն է գերակշռում։ Ահա էս տեսակ մտածմունքների մեջ էր, երբ դուռը թակեցին։

— Ո՞վ ես,— սրտի ուժգին բաբախումը հազիվ կառավարելով, տեղից վեր թռավ Անտոնը։

— Ես եմ, Անտոն բիձա, դուռը բաց արա։

Միդին էր։ — Խեր ըլի, ա Միդ ջան, ի՞նչ կա,— դուռը բանալով ներս հրավիրեց Անտոնը Միդինին։

— Խեր ա, ես շառ բանի ման եկող մարդ չեմ, եկել եմ, թե մի քիչ տաքանամ, էսօր Ավետիսին տանը թողեցինք, հիմի ես ու Չատին ենք ղարավուլ քաշում, մինչև կեսգիշեր ես եմ տաքանալու, հետո էլ կգնամ, Չատին կգա,— ասաց Միդին։

— Հա՛, լավ ես արել։ Դե նստի՛, նստի՛, պատմի, թե գեղումն ինչ նոր բան կա։

— Ոչինչ նոր բան չկա, սաղ գեղը հարսանիքիցն ու էն թղթերիցն ա խոսում։ Էդ Կուպրը, մեռածը, մի քանի հատ էլ թղթերիցը սրա–նրա ձեռն ա գցել, հրեն որը ծածուկ, որն աշկարա կարդում են ու պատմում ոնց որ ես եմ տեսնում, սաղ գեղը հեղափոխվել, բոլշևնիկ ա ուզում։

— Քու խելքն ինչ ա կտրում էս բանիցը, քու խելքը,— անհանգիստ հարցրեց Անտոնը։

— Իմ կարճ խելքն էն ա կտրում, որ գործը բոլշևնիկի տարած ա, ու ով որ խելք ունի, թող օր առաջ իր գլխի ճարը տեսնի, ով քյասիբ ա, թող անց կենա նրանց կողմը, ով հարուստ ա, թող կարողութինն ինձ ու քեզ կտակ անի, հոգին սատանին պահ տա,— վճռական տոնով ասաց Միդին, կարծես համոզելու համար Անտոնին, որ ինքն անվերադարձ կերպով որոշել է անցնել բոլշևիկների կողմը։

— Հիմի որ մինը գա ու քեզ ասի, թե արի գնանք բոլշևնիկի մոտ, կգնա՞ս...

— Կգնա՛մ։ Հալա հարցնո՞ւմ էլ ես, հենց կգնամ, որ դբա ետ էլ չեմ մտիկ անիլ։

— Բա տունտե՞ղդ, կնի՞կդ, երեխե՞քդ...

— Տնաշեն, հո չեմ գնում, որ կորչեմ. գնում եմ, որ ետ գամ էդ օձի ճուտերին կոտորեմ, որ վզներիս փաթաթված խեղդում են։

Այդ միջոցին ներս մտավ Արսենը, հագուստը փոխած իսկական գյուղացու շորերով, հագին տրեխներ, գլխին մի մեծ փափախ, ուսին մի խուրջին։ Ջաղացի դուռը բաց էր, և Արսենը գիտեր արդեն, որ ջաղացում Անտոնից զատ, ուրիշ մարդ էլ կա։ — Բարի իրիկուն ձեզ,— ողջունեց Արսենը, քիչ ձայնը փոխած։

— Բարով, հազար բարի ես եկել, ով որ ես,— պատասխանեց Անտոնը, որն առաջին հայացքից չճանաչեց Արսենին։ —Մոտ արի, խուրջինդ ցած դի, տաքացի, մրսածկըլես։

Արսենը խուրջինը ցած դրեց, ապա մի քննական հայացք գցեց Միդինի վրա ու մոտեցավ կրակին։

— Բեռդ ի՞նչ ա, այ ախպեր,— հարց տվեց Անտոնը։

— Բեռս աղուն ա, այ բերել եմ, որ աղամ, մեր գեղի ջաղացը խարաբ ա, — պատասխանեց Արսենը և շեշտակի նայեց Անտոնին, որը նոր ճանաչեց խոսողին։

Անտոնը թեև քիչ շփոթվեց, բայց ինքն իրեն հավաքելով, ժպտադեմ ասաց Արսենին.

— Թե շատ վռազ ես, ջաղացի ջուրը կապեմ, աղունդ աղա, առ գնա։

— Շատ լավ կանես, Անտոն բիձա, աղունս վրեն ածա, չէ′, դու նեղության մի քաշի, ես վրեն կածեմ, դու գնա ջուրը կապի։

Արսենը վեր կացավ, բաց արեց խուրջինի բերանը, աղունի մի մասն ածեց ջաղացի տաշտը, ու մինչև Անտոնի գալը խոսք բաց արավ Միդինի հետ.

— Ախպեր ջան, անունդ ի՞նչ ա, որտեղացի՞ ես, էսպես զինված իսկի ջաղացավորի չես նման։

— Անումս Միդի ա, ես էս վերի, Անտոն բիձա գեղացի եմ, դրուստ ա, ջաղացավոր չեմ, ես ներքի մեծ ճամփի վրա ղարավուլ եմ։ Երեկ չէ մեկել օրը մեծ ճամփի վրա բոլշևնիկի թռուցիկ են շաղ տվել, հիմի կոմիտեն որոշել ա, որ հերթով ղարավուլ քաշենք, բալքի մի կասկածավոր մարդ բռնենք, էդ բանին եմ, հիմի հրեն ընկերս, մեր Չատին ղարավուլ ա, ես էլ եկել եմ տաքանամ, որ կեսգիշերին գնամ, նա գա տաքանա։

— Հա՜... Լավ բանի եք, շատ էլ լավ եք անում...

Ջաղացի քարն սկսեց դժգոհությամբ խռխռալ, կարծես բողոքելիս լիներ, որ հանգիստը խանգարեցին։ Ապա հետզհետե արագացրեց ընթացքը, Անտոնը ներս մտավ ու դառնալով Արսենին, ասաց. -Ախպեր, ով որ ես, ամոթով եմ մնալու քեզ մոտ, կարող ա սոված ըլես, համա ուտելու բան չունեմ։

— Վնաս չունի, Անտոն բիձա, թուրքը մի խելոք խոսք ունի էդ մասին, ասում ա՝ «ուշ եկած ղոնաղն իր ջեբից կուտի»։ Հրես ջաղացն ալիր կանի, դու էլ կրկենի կթխես, կուտենք։

— Դու իմ ով ըլելը հարցրիր, ախպեր, հարցնելն ամոթ չըլի, անումդ ինչ ա, ո՞ր գեղիցն ես,– հարցրեց Միդին։

— Անունս Արսեն ա, դովշանլվեցի եմ, մի անհայտ մարդ եմ, որ մեր գեղումն իսկի ինձ մարդատեղ դնող, տեղս հարցնող չկա։ Էդ ինչ դու քիչ առաջ պատմեցիր բոլշևիկի թռուցիկի մասին, էդ թռուցիկները մեր գեղն էլ ա հասել, էնտեղ էլ են ղարավուլ դրել գեղի մեծ ճամփի վրա...

— Խալխն ի՞նչ ա ասում, խա′լխը, — խոսքն ընդհատեց Միդին։

— Ի՞նչ պտի ասիլ, շատ համաձայն են գրածների հետ։

— Հրետ էդ եմ ասում, է՜... Մի հալա մեր գեղացոնց էլ հարցրու դիփ բոլշևնիկ են դառել,— ոգևորված ասաց Միդին։

— Երևում ա, որ դու էլ ես բոլշևիկ դառել, մեր տղա, եկել ես, թե բոլշևիկ բռնես,— հեգնեց Արսենը։

— Ես թե էս ուր եմ եկել, հրես քիչ հետո դու կիմանաս, կաց մի մեր Կուպրը գա,— քիչ նեղացած պատասխանեց Միդին։

— Կո՜ւպրը... Հա′, հա′ , հա′... Նա ի՞նչ բան ունի ստեղ, էն շաշ, ծալը պակասը...

— Խի՞, Կուպրին դու էլ ես ճանաչո՞ւմ,— զարմացած հարցրեց Անտոնը։

— Կուպրին ո՞վ չի ճանաչում, մի շաշ ա, մի սաղ երկիր։

— Շաշ գիտեք, է՜, ամենքդ էլ, մի էսօր հետս ըլեիր ու տեսնեիր ինչ բաներ ա պատմում, մարդը թամամ խելոքա, թամա′մ, քիչ էլ չի...

— Թե ձեր խելոքը նա յա՜, վայն եկել ա, ձեր գեղի գլուխը տարել,— քմծիծաղելով ասաց Արսենը, ապա դարձավ Անտոնին, — Անտոն բիձա, տե′ս, աղունը կպրծնի, ջուրը կտրի, խմոր հունցի, կրկենի թխի։ Անտոնը սարգ ու կարգ արավ խմորի համար, ու ինքը դուրս եկավ ջաղացի ջուրը կտրելու։ Հենց էս միջոցին լսվեց Կուպրի պարերգի ձայնը, որը մոտենում էր ջաղացի դռանը։

— Ըհը՛, հրես Կուպրը գալիս ա, դե′, դու խոսեցրու բոլշևնիկներից ու տես, թե ինչեր ա պատմում,- պարծանքով ասաց Միդին Արսենին։

— Լա′վ, թող քու ասածն ըլի։

— Ա′ Կուպր, մեռա′ծ, էլի եկա՞ր,– հարցրեց Անտոնը, որ ջաղացի ջուրը կտրել և իջնում էր։

— Եկա չէ′, եկանք, է′ս ես, է′ս Չատին, սա էլ ա իմ հավատին․ ես պար կգամ, սա ծափ տա, Անտոնի քուրքը թափ տա։

Ներս մտան։

— Օհո՜, Անտոն բիձա, ղոնաղ էլ ունես, էս ո՞վ ա... հա՜... բարով, բարով, Արսենն ա, էս էլ Միդին, դուշմանս էլ չմնա քո ումուդին—ասաց Կուպրը և նստեց Արսենի կողքին։

— Ա′յ տղա, բա էն ճամփեն անտեր թողել, եկել ես, որ մի բան պատահի, ո՞վ ա ջուղաբ տալու,— զսպված զայրույթով ասաց Միդին։

— Ջուղաբը ես կտամ,— մեջ մտավ Կուպրը,— սա մարդ չի՞, սա տաքանալ չի ուզո՞ւմ…

— Ա′ Կուպր, փչացա′ծ, գեղիցը մարդ կգա...

— Ձենդ կտրի, գեղի կեսը քնած ա, կեսն էլ հրեն հարսանիքումը հարբած,— ասաց Կուպրը և դարձավ Արսենին,— դե′, ընկեր Արսեն, բոխչեդ բաց արա, ինչ ասելու ես, ասա′, ամենքս էլ բան ու գործի տեր մարդ ենք։

Արսենը նայեց Կուպրին և ակնարկեց Միդինի և Չատինի վրա։

— Հա, սրանք երկուսն էլ իմ կուպրի կարասումը մկրտված են, դու ասելիքդ ասա,— պնդեց Կուպրը։

Անտոնը սառած կանգնած էր մնացել տեղում. նա չէր իմանամ էս բոլորի համար լաց լինի, թե ծիծաղի։ Նա կարծես կամաց-կամաց ճանաչում էր Կուպրին։

— Է՜, Միդի, ես քեզ խոսք եմ տվել, որ էսօր մի բոլշևնիկ շանց տամ, դու էլ խոսք ես ավել, որ էդ բոլշևնիկն ինչ որ ասի, անես, ուր որ ղարկի գնաս, դրո՞ւստ ա,— հարցրեց Կուպրը։

— Դրուստ ա, խոսքիս տերն եմ, մենակ թող գա մի տեսնեմ, ո՞վ ա, ի՞նչ կերպարանք ունի,— վճռական ասաց Միդին։

— Լավ, մի քիչ համբերիր։ Ա′ Զատ, դու էլ ես խոսք տվել, խոսքիդ հաստա՞տ ես։

— Գլխով-ոտով պատրաստ եմ,— ասաց Չատին։

— Լա′վ։ Դե՛, ձեզ մի բան էլ ասեմ, էս գործին գնացողը պետք ա հերն ու մեր, քիր ու ախպեր, ազգական-բարեկամ չճանաչի, կյանքը էդ գործին չխնայի, էգուց-էլօր որ մի բան պատահի բոլշևնիկի ծրագրին դավաճանեք, թեկուզ ինձ պես տասը Կուպր էլ բռնեն, կոտորեն, դիփ մեկ ա, բոլշևնիկն եկած օրը, ձեր գլուխը սոխի պես կթրցնեն, սխտորի պես կջարդեն, միսներդ աղցան կշինեն։ Լավ իմացեք, հա՜... Ձեզ հետ խոսողը Կուպրը չի, շաշ Կուպրը, իմացա՞ք։

Կուպրի դեմքն այնպես լուրջ տեսք ուներ, որ սարսափ էր ազդում։

— Իմացանք,— խորհրդավոր կերպով պատասխանեցին Միդին ու Չատին։

— Մի բան էլ ասեմ։ Հավատո՞ւմ եք, որ բոլշևնիկի ուժը մեծ ա, զորավոր, որ գալու ա, թե չեք հավատում, լավն էն ա, գնաք ձեր բանին,— պնդեց Կուպրը։

— Ի՞նչ ես գլխներիս գելի ավետարան կարդում, ես քեզ ինչ ասել եմ՝ ասել եմ, տղամարդը խոսքը մի անգամ կասի. քեզանից բոլշևնիկ եմ ուզում էս սհաթին, բոլշևնիկ, — պնդեց Միդին։

— Դե՛, վեր կացեք, թվանքներդ վեր կալեք ու ինձ աղաք արեք, տարեք, տվեք կոմիտե Մեխակին, ասացեք բոլշևնիկը հենց էս Կուպրն ա, որ կա, ըհը′, էս էլ նրանց թղթերը։

Այս ասելով՝ Կուպրը ծոցից հանեց բոլշևիկյան թռուցիկները և դեմ արավ Միդինին ու Չատինին։

— Բոլշևնիկը ես եմ ու էս Անտոն բիձեն, էն ճամփի փռած թղթերը սա ա փռել, մի էդքան էլ ես եմ սրա-նրա ձեռով շաղ տվել հեռու-մոտիկ գեղերումը։ Անտոնը սփրթնել էր, Արսենը լուռ նայում էր Միդինի ու Չատինի դեմքերին, որոնք անակնկալի հանդիպած՝ չգիտեին ինչ դիրք բռնեն։

— Դե′, վեր կացեք, է՛, ի՞նչ եք տափիցը կպել, հազիր ձեզ փող էլ կբաշխեն, — կրկին պնդեց Կուպրը։

Տիրեց մի խորհրդավոր լռություն։

— Ի՞նչ եք պապանձվել, ասացեք, մեզ հետ եք, թե չէ... Հալա միտք եք անո՞ւմ... Էս որ հալա խոսքի վախտը գլուխնիդ քաշ եք գցում, բա գործի վա՞խտն ինչ եք անելու, մեծ-մեծ բրդելը հեշտ ա, դե բրդածը կերեք, է՜...

— Դե՛, հերիք ա, ինչքան անպատիվ արիր, է՜... Ըհը′, էս իմ, էս էլ Չատինի թվանքը, ա՛ռ, թե էս թվանքնին բոլշևնիկի վրա տրաքեն, թող մենք մեջներիցս տրաքվենք, էս էլ մի նամուս չի, որ մենք մեր փափախի տակին պահում ենք։ Է՜յ, ա՛ Չատ, ինձ արին խմող Միդի կասեն, թե հետս գալու չես, հիմիկվանից գլուխդ առ կորի,— ասաց Միդին ու հրացանները գցեց Կուպրի առաջ։

— Աֆֆերի′մ տղա, Չատի՛, դու ի՞նչ կասես, — հարցրեց Կուպրը։

— Որտեղ Միդին, էնտեղ էլ ես,— վճռական ասաց Չատին։

—Դե՛, բալշևնիկը հանի՛,— պնդեց Միդին,— մենակ դու բոլ չես։

— Դե, լավ մտիկ արեք, բոլշևնիկը հանում եմ,— ասաց Կուպրը և ձեռքը մեկնեց դեպի Արսենի փափախը, գոչելով, — «ալլե հո՛պ», բոլշևնիկն էս մոթալ փափախի տակին ա, լավ մտիկ արեք։— Ու փափախը վերցրեց։

Արսենն ակամայից ծիծաղեց։

— Սա՞ ա, — հիսաթափված հարցրեց Միդին։

— Հավան չե՞ս... Ինչ ա, հենց գիտեիր, թե քո տեսած գեներալի պես շալվարիցդ կարմիր կարած պտի ըլի՞լ, թե՞ ճակատին կոկարդ, հագին էլ չեքմեք ու զրնգան մեխերը դաբանիցը կպցրած, — հեգնեց Կուպրը, — բոլշևնիկն այ, դիփ էս ղայդի ա, որը տրեխով գեղացի, որը մրի մեջ կորած բանվոր, դրա համար էլ նրանց իշխանութինը կոչվում ա բան-վո-րա-գյու-ղա-ցիա-ա–կան... մինի ձեռին մանգաղ, մինի ձեռին չաքուչ, մանգաղով գեղի հարուստներին հնձում են, չաքուչով էլ Մանթաշովի պես բանվորների արին-քրտինքը լափողների գլխին ծեփում... Լավ մտիկ, տե՛ս ինչ տղա ա, սրա պես հարիր հազարներ կան, մենակ չի։

— Էն թուղթը գրողը դո՞ւ ես,— անվստահ ձայնով ու տարակուսած հարցրեց Միդին։

— Մենակ ես չեմ, ընկեր, մի քանի հոգով ենք գրել, մենք մենակ մի հոգով գործ չենք բռնում, ամեն բան խորհուրդով ենք անում,— պատասխանեց Արսենը։

— Դրա համար էլ ասած ա՝ խորհրդային իշխանություն, խորհրդային կառավարություն,— վրա բերեց Կուպրը, ավելացնելով.

Իշխանություն խորնուրդների

Գեղացի ու բանվորների,
Հարուստների հոգին հանող—

Քյասիբներին՝ գոգին պահող։

— Վա՛յ, մեռնես ոչ դու, մեռնես, ա՛ Կուպր բեդասլ, շաշ տեղովդ սաղ խալխին կշաշացնես,— ծիծաղելով ասաց Անտոնը։

— Բա հիմի մեր անելիքն ի՞նչ պտի ըլիլ,— հարցրեց Չատին։

— Հա՛, լավ ա ասում Չատին, մենք ի՞նչ պտենք անիլ,— վրա բերեց Միդին։

— Առաջինը, ընկերնե՛ր, ինչ որ ընկեր Վարթևանն ասեց, դուք համաձայնեցիք, էդ դուրս եկավ մի տեսակ զոռով բան, մենք էդպես ոչ մի մարդու մեր շարքերը չենք ընդունում, դուք պետք է լավ սովորեք, լավ հասկանաք մեր գործի էությունը, պետք է ձեր մեջ ոչ մի կասկած չլինի, որ մեր, ուրեմն և ձեր արածը ճշմարիտ է, ուղիղ։ Դուք պետք է համոզված լինեք, որ բոլշևիկները իսկապես մտածում են չքավոր գյուղացու և բանվորների մասին, ինչ ազգի էլ պատկանելիս լինեն նրանք, սա մեր հիմնական ծրագիրն է։ Եթե դուք էս բանին սիրով, հոժար կամքով, ձեր սեփական համոզմունքով չեք կպչի, մենք վախեցնելով կամ ստիպելով ոչ ոքի չենք ընդունի։

— էդ ոչինչ, Արսեն ախպեր,— ընդհատեց Միդին,— Կուպրը մեզ լավ ա ճանաչում. ասենք նրա թաթա տալն[16] էլ իր օգուտն ունի։ Գեղացին որ տենաս իրեն համար օգուտավոր բանից փախչում ա, չի հասկանում, բեյինը չի մտնում ասածդ, մի կողմից էլ պետք ա զոռով, ստիպելով, ետևիցդ քաշ տաս, մինչև իր աչքովը տենա լավն ու վատը, որ նոր խելքը գլուխը հավաքի ու ոնց որ ասած ա, հասկանա թե՝ եղը մածնիցն ա դուրս գալի, դու խոսքդ շարունակի, թե էսօրվանից դենը ո՞ւր ենք գնալու, ի՞նչ ենք անելու:

— Ձեր հերթական անելիքների մասին դուք ամեն օր կիմանաք ընկեր Վարթևանից, որը մեզ հետ կապ կպահպանի շարունակ, իսկ առայժմ, դուք ձեզ պես չքավորների հետ կխոսեք, նրանց տրամադրությունները կիմանաք, կամաց-կամաց կկազմակերպեք, կջոկեք հավատարիմներին, որ հաստատ համոզված լինեք, թե գործից չեն փախչի, չեն դավաճանի, բայց այս ամենը, իհարկե, էնպես, սովորական խոսք ու զրույցի միջոցով, որ ձեզ վրա չկասկածեն։ Հենց որ կնկատեք, որ այս կամ այն գյուղացին ձեզ հետ լիովին համաձայնում է, իմաց կտաք Վարթևանին, որը ձեզ անհրաժեշտ ցուցմունքներ կտա։

— Էս ասենք, թե խոսեցինք, համոզվեցինք, բա կռվի բանը ո՞նց պտի ըլիլ, վերջանալու ա, թե չէ, ախր տուններս քանդվում ա։ Ադրբեջանը ճամփեքը կապել ա, էնտեղ էլ, մենք իմացել ենք, որ բոլշևնիկի կառավարութին ա, մուսավաթն էլ կա ոչ, դե ճամփեքը բաց անեն, էլի, մենք էլ ենք գյուղացի, նրանք էլ, ի՞նչ կըլի, որ ճամփեքը բաց անեն, հալալ ապրենք, քանս հացից էլ ենք զրկվել չայ-շաքարից էլ, նորից էլ, ճոթ ու կտորից էլ։

— Շատ լավ ես ասում, ընկեր Միդի, մենք էլ հենց դրա մասին ենք մտածում, բայց ձեր հիմիկվա կառավարությունն էլ նրանց ճամփեքն ա փակել, խեղճերը ո՛չ կարողանում են սար բարձրանան, ո՛չ էլ կարողանում են էս անտառներից փայտ տանեն վառելու համար, դե ձեր կառավարությունից պահանջեցեք, որ ինքն էլ նրանց ճամփեքը բաց անի դեպի սարերը... — Վայե՜... բան չունե՞ս, մեր կոմիտե Մեխակը որ բոլշևնիկի անումն իմանում ա, քիչ ա մնում կրակ դառնա, աշխարհն էրի, խորովի, նրան ուզում ես բան հասկացնես, որ բոլշևնիկի, էն էլ թուրք բոլշևնիկի առաջ ճամփա բաց անի,— ընդհատեց Չատին։

— Դրուստ ա ասում,— վրա բերեց Միդին,— սրանից մի քանի օր առաջ գեղումն մեծ ժողով կար, կենտրոնից էլ մարդ էր եկել, անումը Մինասով էր, թե Մանասով, ասացին մինիստր ա, շատ խոսաց էդ մասին։ Մի քանի հոգի հարց տվինք, թե ճամփեքը բաց անեն, թուրք ու հայ գնան–գան, նա պատասխանեց, թե անկարելի ա ասեց, ձեր խելքը չի կտրում, բայց որ թուրքը սար բարձրանա, մեր թիկունքը կանցնի ու ձեզ դիփիդ էլ կջարդի, ասեց կառավարութինը վճռել ա, որ մեր երկրում ինչքան թուրք կա, կոտորի, ինչքան թուրքի գեղ կա քանդի, ավերի, սրբի, որ նրանց հոտը կտրվի մեր երկրից, հրեն Ղարա-Ղոյունլվի թուրքի գեղերն էլ գնացել են թալանել կոտորել: էս Կուպրը ետ դառավ ու ասաց, թե բա թուրքերը հիմի խի՞ չեն Ադրբեջանի հայ գեղերին ձեռը տալի, ախպոր պես ապրում են, նա համ վրա պրծավ Կուպրին, համ էլ ասեց, թե առաջ էլ նրանք են կոտորել, իսկի հայ ու թուրք հաշտ կապրե՞ն։ Կուպրն էլ ասեց, թե էն կոտորողը մուսավաթն էր, հիմի բոլշևնիկը մարդ չի սպանում։ Միտդ ա, ա՛ Կուպր, մեռա՛ծ, քիչ մնաց թե տեղնուտեղը քեզ շանսատակ աներ, էդ ասածիդ համար, էս ու էն կողմից մարդ մեջ ընկավ ու հասկացրեց, թե դու շաշ ես, դրա համար էլ ձեռ չտվին, էսքանը խելքս լավ ա կտրում, որ իրար կոտորելով բան չի դուրս գալ, համա մենք ո՞նց կռիվ սկսենք մեր հայ կառավարութենի դեմը։

Արսենը կամեցավ բացատրել, բայց Կուպրը մեջ ընկավ.

— Էդ որ ասում ես հայ կառավարութին, մի ասա տենամ նրանից ի՞նչ օգուտ ես ստացել, հը՞, ի՞նչ օգուտ: Եզդ տարել մորթել են խումբերի համար, դրո՞ւստ ա, էս մին, էս Չատինի էլ կովն են մորթել, էս երկու, վարուցանդ գլխիդ հարամ են արել, էսօր ղարավուլ, էգուց դիրքապահ, էլօր կոռ քաշող, տափդ մի հափուռ հատիկ ես գցե՞լ, չէ՛: Սոված ես, տկլոր ես, քեզ պես էլ շատ-շատերը: Թե՞ ասում ես ուրիշներն էլ են ինձ պես։ Սոլոմոնից երկու կով են մորթել, Գրիշա բեգից հինգ ոչխար... էդ են ասում, չէ՞, «թե ազգի բան ա»։ Սոլոմոնից թե երկու կով մորթած, թե ոչխարից մի մազ պոկած, համա քու լուծը տափին մնաց, մի եզդ մորթեցին, տունդ քանդվեց։ Մերը չմեռնի Սոլոմոնի ու նրա պեսների, հրեն գնացել ա Ղարա-Ղոյունլուն թալանել, ապրանքը բերել դուռը լցրել, խալիչեքն ու կարպետնին էլ պատերովը քաշել։ Ազգի բան ա... ի՞նչ ազգ, ի՞նչ բան, ինչ կառավարութին... Ա՛, Միդ, էս բաները դու հո ինձանից լավ ես հասկանում, խի՞ ես զուր գլխացավանք տալի։ Վճռած բան ա։

— Դրուստ ա, դրուստ ա, մեզ էրել, խորովել են, պետք ա վերջ տանք, հոգիներս դուրս եկավ, — գլուխը թափահարելով ասաց Չատին,– մենակ մի բան կա, որ զենք չունենք, որ զենք ըլի, շատ տղա կհավաքենք, կարա՞ք զենք հասցնեք։

— Զենքն իրան կարգին, առանց զենքի, դուք էլ գիտաք, որ կռիվ չի ըլիլ, համա քյասիբի բերանը փակողը փողն ա, փողը մարդու ձեռ ու ոտը կապում ա, շատերը որ Սոլոմոնի ու նրա պեսների ետևից գնում են, նրանց փողի գերին են։ Վախենում են, թե հակառակվեն, տան ունեցած-չունեցածը հանեն տանեն, տունը քանդեն, ոնց որ էս խեղճ Անտոն բիձու տունը, կարա՞ք մի քիչ էլ փող հասցնեք։ Ում հետ որ որ խոսաս, ինչքան էլ համաձայն ըլի քեզ հետ, էլի նրանց հակառակվել չի, որովհետև պարտքը նրա ոտին թոկ ա դառել, ծերը պարտատիրոջ ձեռին,— լրացրեց Միդին։

— Այդ ամենի մասին կմտածենք և կանենք, դուք զգույշ կացեք, ձեզ ինքներդ չմատնեք և ամեն օր տեսնվեցեք ընկեր Վարթևանի հետ, լսեցեք ու կատարեցեք նրա կարգադրությունները, իսկ հիմի ուշ է արդեն, ես շտապում եմ,— ասաց Արսենն ու տեղից վեր կացավ։

— Դե՛, դուք էլ գնացեք ճամփի վրա ձեր կոռը քաշեցեք,— ասաց Կուպրը։ — Հա, էգուց էդ ճամփի ղարավուլը փոխվելու ա, ում որ նշանակեն, դուք հետը պայման կապեցեք փողով կամ մի օր բան անելով, մի խոսքով ինչով որ համաձայնի, ու էլ ետ դուք ղարավուլ կացեք, ուրիշը չըլի. ճամփեն մեզ պետք ա, դե՛ գնացեք, հայդե, թազա թխված բոլշևնիկի... Կուպրի հրամանը լավ կատարեցեք, թե չէ ականջներդ կկտրեմ։

Միդին ու Չատին հրաժեշտ տվին ու հեռացան։ Կուպրը խոսեց մի քանի կազմակերպչական հարցերի մասին, հայտնեց Արսենին, որ շրջանի գյուղերում կան արդեն վստահելի տղաներ, նորերի ցուցակը հանձնեց, որ անմիջական կապ ստեղծեն նրանց հետ, ապա դառնալով Անտոնին, պատվիրեց.

— Անտոն բիձա, ջաղացիդ քարը փոխի, թե մինչև հիմի ալիր ես հանել, հիմի տակիցը բարութ պտես հանիլ։ Պինդ կաց ու ինձ հետ էլ ոնց որ մինչև օրս ես ելել, էլի էնպես կաց, դու ջաղացպան, ես շաշ Կուպրը։ Դե՛, ընկեր Արսեն, դու փախի, լուսը հրես ուր որ ա կբացվի, ես էլ գնամ, հարսանիքին հասնեմ, թե չէ, ով գիդա ինչ կպատահի, Սոլոմոն աղեն կնեղանա, որ շաշ Կուպրն ընդեղ չըլի։

— Վաղը գիշեր անելիքը չե՞ս մոռացել,— հարցրեց Արսենը։

— Ութ տղա պատրաստ ա, կգան կբերեն,— պատասխանեց Կուպրը, և ձեռքը մեկնեց Արսենին։

Արսենը խուրջինը դատարկեց, իսկ Անտոնն աղացած ալյուրը նրա մեջն ածեց ու գցեց ուսը։

— Մնաք բարով։

— Բարի ճանապարհ։

Արսենը դուրս եկավ ջաղացից և անհետացավ մթության մեջ։

— Շա՞տ ես շշկլված, ստառիկ, բա Կուպրին ո՞նց գիդաս։ Հենց կպապանձվես, ոնց որ թե ո՛չ տեսել ես, ո՛չ լսել, իմացա՞ր,— ասաց Կուպրն ու դուրս թռավ ջաղացից։

Անտոնն իրոք որ շվարել էր այս ամենից։ Նրա համար այս բոլորը մի անբացատրելի հանելուկ լիներ կարծես, մի երազ։ Նա ջաղացի դուռը փակեց և հոգնած գլուխը դրեց բուխարու մոտի քարին, որ հանգստանա։
X

Մառախլապատ գիշեր էր։ Երկինքը սառը թեփ էր մաղում։ Թեթև, բայց ծակող ցուրտ քամին բթաշաղը փռել էր, մանր, կլոր հատիկներն իրար գլխով տալով, որոնք գլորվելով սկսում էին թփերի տակ կուչ գալ կամ տեղավորվել ճամփի վրա գտնվող անասունների կճղակից, կամ սմբակից մնացած փոսիկներում։ Ամեն շունչ արարած քաշվել էր իր բույնը, ավելի խոր մտել, որ չմրսի։

Անտոնը բուխարու կրակը թեժ արած, թիկն էր տվել քարին, ու մալուլ-մուշկուլ խոհերով տարված, մտքի ծովն ընկել։

Հեռվում, մեծ ճամփի վրա, ուր հսկում էին Միդին ու Չատին, մի սայլ կանգ առավ։ Քիչ հետո, սայլի վրա բարձած տոպրակները շալակած՝ ութ հոգի մոտեցան ջաղացի դռանը, բախեցին։

— Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես,— հարցրեց Անտոնը տեղից վեր թռչելով։

— Բա՛ց արա, շո՛ւտ, Արմենի մոտից ենք գալիս։

Անտոնն անմիջապես դուռը բաց արավ։ Ներս մտան բեռնավորված մարդիկ, լուռ անցան դեպի ջաղացի խորքը, տոպրակներն իրար վրա դրին ու անմիջապես հեռացան, առանց որևէ խոսք ասելու։ Անտոնը նրանցից և ոչ մեկին չճանաչեց։

Ջաղացի դուռը փակելով նա մոտեցավ տոպրակներին, շոշափեց։ Ցորենով լի պարկեր են։ Ի՞նչ հանելուկ է սա. ովքե՞ր էին, ինչո՞ւ բերին, ինչո՞ւ ոչ մի բառ չասացին. գուցե պարկերի մեջ մի ուրիշ բան կա... Անտոնը նորից ստուգեց, չէ՛ ցորեն է, նա մինչև անգամ պարկերից մեկի կարը քանդեց մի քիչ, որտեղից թափվեցին իսկական կարմիր ցորենի հատիկներ։ Ի՞նչ անի ութ պարկ ցորենն Անտոնը, աղա՞, պահի, ի՞նչ պատասխան տա Սոլոմոնին, եթե հանկարծ վրա հասնի ու հարցնի, թե ո՞ւմն են, ո՞վ է բերել, որտեղի՞ց, ո՞վ է տերը...

Անտոնի ջանը դող ընկավ, սրթսրթում էր, ներքևի ծնոտը չէր հպատակվում կամքին, ատամներն անընդհատ չխկչխկում էին։ Ի՞նչ անի... Թաքցնի,— անցավ նրա մտքով, բայց որտեղ. ցրթոնի տակ, կթրջվեն, կփչանա ցորենը։ Դատարկի մեծ կոտի մեջ. մենակ է, չի կարող... Նրան թվաց, թե ով-որ մոտեցավ ջաղացի դռանը, ոտնաձայն լսվեց, դուռը բաց անի, թե չէ... Ականջները սրեց Անտոնը, ձայն չկա. կարծես մի քանի հոգի թմփթմփալով անցան ջաղացի կտրով... Սա ի՞նչ փորձանք էր, որ իր գլուխն եկավ... Տեսիլքի պես երևացին ութ հոգի, որոնք մրջյունների նման շալակած իրենց բեռը բերին ու դարսեցին ահա այստեղ։ Խորհրդավոր լռությամբ դարսեցին ու հեռացան, չքվեցին, աներևույթացան։ Էլի գալո՞ւ են, թե ոչ... Արմենի անունը տվին, ուրեմն՝ բոլշևիկներ են... Զարմանալի է, որ դեռ թուղթ բերին, հիմի էլ ցորեն, սրանցո՞վ են կռվելու...

— Բաց արա դուռը, շո՛ւտ,— լսվեց դրսից։

Անտոնի լեզուն կապ ընկավ։ Նա մինչև անգամ չի էլ կարողանում հարցնի, թե ով է։

— Քեզ եմ ասում, շուտ բաց արա դուռը,— ստիպողաբար պնդեց ձայնը։

Անտոնի ականջները թշշում են, նա չի կարողանում ձայնից ճանաչել կանչողին։

— Քնե՞լ ես, թե քառացել, քեզ եմ ասում, Անտոն բիձա, դուռը բաց արա, ես եմ, Կուպրն եմ։

Անտոնը կարծես խոր քնի միջից նոր արթնացավ։

Դուռը անախորժ ճռռոցով բացվեց։ Իսկ որ Կուպրն է։

Ի՞նչ ես կարկամել, գլուխդ կորցրել, էդ ա՞ քու բոլշևնիկութի՞նը...

— Ես... ես...

— Դե՛սն արի,— հրամայեց Կուպրը։

Նա Անտոնի թևից քաշելով մոտեցրեց պարկերին, գրպանից մի դանակ հանեց կտրտեց պարկերի կարերը։ Ցորենն սկսեց հոսել գետնին։

— Ափ...ափ...սոս ա... — հազիվ արտասանեց Անտոնը։

— Սո՛ւս կաց, բռնի, դեսը դի էս յաշիկը, կրակից հեռու,— հրամայեց Կուպրը։

Անտոնը վերցրեց ցինկից շինած փոքրիկ արկղը, որ բավական ծանր էր ու մի կողմ դրեց։ Ամեն մի տոպրակից երկու նման արկղ հանեց Կուպրը։ Ապա նրանցից երեք հատ դարսելով դատարկ տոպրակներից մեկի մեջ, շալակեց ու դուրս եկավ։

Անտոնը դեռ չէր կարողացել իրեն հաշիվ տալ, թե ինչ կարող է լինել ցինկից շինած արկղների մեջ, երբ Կուպրը կրկին վերադարձավ ու շունչը հազիվ պահելով՝ մի երեք հատ էլ տարավ։ Եվ այսպես, մի քանի ճամփում արկղիկները ջաղացից հանեց Կուպրը, ու երբ գործն արդեն վերջացած էր, նա տոպրակները ծալեց, վերցրեց ու Անտոնին կարգադրեց.

— Էն ցինկի յաշիկները պատրոն ա. էս ցորենը կամ դեն ածա կամ հենց տեղ պահի, որ մուկն էլ չիմանա տեղը, էդ բերող մարդիկը մերոնցից են. բայց նոր են, դեռ լավ չեն մկրտված կարասիս մեջ, ո՞վ գիտի մեջները կարող ա մուխաննաթ, մատնիչ մարդ ըլի, մատնի, կամ սարսաղ-մարսաղ դուս տա խալխի միջին. պատրոնները հրեն պահել եմ Սոլոմոնի խոտի դեզի տակին, թե բան ա, ինձ մի փորձանք պատահի, Արսենին կամ Արմենին տեղը կասես։ Միդինին կամ Չատինին պատրոնի տեղը չասես, հա՜... Հիմի ես էսա գնում եմ, առավոտը լուսը չբացված ջաղացի դռանը մոխիր շաղ կտաս, որ ոտների տեղը չերևա, միթոմ մարդ չի մտել ջաղացը, ոչով չի եկել, ինձ էլ չես տեսել։

Կուպրը համարյա խոսքը կիսատ՝ դուրս թռավ ջաղացից։

Անտոնը մնաց մենակ։ Այնպիսի գլխապտույտ արագությամբ տեղի ունեցավ այս ամենը, որ Անտոնը չգիտեր որի մասին մտածի, որն էր ավելի հանելուկային ու խորհրդավոր՝ մարդի՞կ թե Կուպրը... Բայց նրա աչքի առաջ փռված ցորենն ավելի ռեալ էր։ Ի՞նչ անի... բաց անի ցրթոնը, թափի ջրի մեջը, ափսոս է, ցորենը լավն է, խոշոր, կարմիր զարդա ցորեն է, էնքան սոված մարդ կա, որ երազում ցորենի հատիկ տեսնելիս վեր է թռչում, նա ո՞նց թափի գետի մեջ, ձկների բաժին դարձնի։ Չէ՛, թեկուզ կախեն էլ՝ Անտոնը ցորենը ջուրը չի թափիլ։ Նա շտապով վերցրեց կրկենի հունցելու տաշտը, լցրեց ու բարձրացնելով՝ թափեց դատարկ մեծ կոտի մեջ։ «Կասեմ իմն ա, ու պրծավ գնաց»։ Թե որտեղից կամ ինչպես, նրանց բանը չի, վճռեց իր մեջ Անտոնը և մինչև անգամ ուրախացավ, որ եթե իրեն տանջելու էլ լինեն ցորենի պատճառով, ինքն ուրաի կլինի թեկուզ թեկուզ հենց նրա համար, որ մասնակից է լինում բոլշևիկների գործունեությանը։

Ցորենն այնքան էլ շատ չէր, պարկերը փոքր էին, Անտոնը վերջացնելով աշխատանքը, գետնին թափված, հողակոլոլ հատիկներն ավլեց, ապա ցրթոնի տախտակը բարձրացնելով՝ թափեց ջուրը։ «Էս էլ թող ձկներն ուտեն ու բոլշևիկ դառնան» — ինքն իրեն ասաց Անտոնն ու մտքում ծիծաղեց։

Կեսգիշերն անց էր, բայց Անտոնն ինչ արավ-չարավ չկարողացավ քնի, քունը չի տանում, հազար ու մի տեսակ մտքեր իրար օղակված՝ երկար շղթայի նման գալիս էին ու անցնում։ Պարապությունից ու անքնությունից ստիպված՝ նա հավաքեց օջախի մոխիրը, լցրեց կես խանի մեջ ու պատրաստվեց դուրս տանելու, որ ինչպես պատվիրել էր Կուպրը, թափի ջաղացի դռանը։

Դուրսը նոր ձյուն էր դրել, գետինը կարծես կարկտան գցած հին շոր լիներ, տեղ-տեղ սպիտակ, տեղ-տեղ սև։ Անտոնը բավական առաջ շարժվեց, մոխիրը շաղ տվեց, ապա կրկին ետ դառնալով նորից լցրեց կես խանը և ետ ու ետ գալով ջաղացի դռան հրապարակն ու ճամփի մի մասը ծածկեց մոխիրով։

Լուսաբացը մոտ էր։ Անտոնը կրակ վառեց, կրակի լույսն ընկավ կոտին՝ ուր ցորենն էր։ Անտոնը նորից սկսեց անհանգստանալ՝ «բա հիմի որ գան ու բռնե՞ն»...

— Բարի լուս, Անտոն բիձա։

Անտոնը շփոթված ետ նայեց։ Նա մոռացել էր ջաղացի դուռը փակի։

— Բարով եկար, Ավետիս ջան, խեր ըլի, էսպես վաղ,– հազիվ իրեն հավաքելով պատասխանեց Անտոնը։

— Խեր էլ ա, մի քիչ խեր էլ չի, Անտոն բիձա, — ասաց Ավետիսն ու ներս մտնելով՝ ուղիղ անցավ կրակի մոտ։

— Ի՞նչ կա որ...

— Դրուստ ասա, Անտոն բիձա, էս գիշեր Միդին կամ Չատին ջաղաց չեն եկե՞լ,— հարցրեց խորամանկ աչքերը պրպտացնելով և մորուքը սղալելով։

— Չէ՛: Ի՞նչ կա որ...

— Ուրիշ մարդ էլ չի եկե՞լ...

— Չէ՛: Մի ասա տեսնեմ ի՞նչ ա պատահել, է՜... — Ինչ պիտի պատահիլ, երկուսին էլ բռնել են, քիչ էր մնում ինձ էլ բռնեին, էնքան բախտս քաշել էր, որ տանն էի ու ղարավուլ չէի, հիմի եկա, թե քեզանից իմանամ գիշերս հո ջաղաց չե՞ն եկել տաքանալու։

— Չէ՛, չեն եկել, չեն երևացել, բայց մի ասա, ինչի՞ համար են բռնել։

— Էս գիշեր թուրքերի սահմանից մի չորս ակնանի ֆուրգոն, թե սել ա մտել մեր սահմանը, էդ սելը, թե ֆուրգոնը եկել հասել ա մինչև էն տեղը, որտեղ Միդին ու Չատին ղարավուլ են ու էլ ետ ա դառել, անփորձ անվնաս մտել թուրքերի մեջ։ Առավոտ լուսը դեռ չբացված կոմիտեն մարդ ա ղարկում, թե իմանա ղարավուլները հո քնած չեն։ Էդ մարդը գալիս ա ու նոր ձյունահետքերով գտնում սելի, թե ֆուրգոնի ական կտրած տեղերը։ «Ի՞նչ սել ա, ումն ա, ո՞նց ա եկել ու գնացել»,— հարցուփորձ են անում, էս Միդին ու Չատին ուրանում են, թե իրանք ոչ մի բան չեն տեսել։ Ետ են դառնում, գնում թուրքի սահմանը, էնտեղի ղարավուլներին հարցուփորձ անում, նրանք էլ են ասում, թե իրանք ճամփովն անցնող սել ու ֆուրգոն չէ, որ իսկի ծիտ էլ չեն տեսել: Հիմի բանն էն ա, որ թուրքի սահմանումը միշտ խումբի տղերանցից են ղարավուլ ելել, իսկ էս գիշեր, թարսի պես մեր էս մոտիկ Սիմլու գեղի տղերանցից երկու հոգի են ելել։ Նրանց էլ են բռնել, հրեն ղալամը նստած։ Փիս բանա ա դառնալու, փի՛ս,— գլուխը թափահարելով վերջացրեց Ավետիսն ու հոգոց արավ։

— Բա հիմի խելքդ ի՞նչ ա կտրում էս բանիցդ,— հարցրեց Անտոնն անհանգիստ։

— Ըսկի՛, վախում եմ տղերանցը` կոտորեն, զուր տեղը հետները չեկա, միտդ ա, երեկ գիշեր ինչ ճառեր ասացին հենց էս օջախի ղրաղի՞ն... Թամամ բոլշևիկի ճառեր... Ախր ասա քյասիբ տղա ես, քո ցավին կաց, ի՞նչ գործ ունես բոլշևիկի հետ, է՜... Դու ո՛վ, բոլշևիկն ո՜վ...

Իմ սրտին աղ ես արել,

Ջիգյարս դաղ ես արել,
Ինձանից հեռացել ես–

Ինձ բեդամաղ ես արել:
․․․ Տա՛ր-նի՛-նա՜յ, տի՛ր-նա՛-նի՛-նա՜յ,
Տա՛յ-նա՛-նա-նա՜-ա...րի՜ նա-նա՜յ...

Կուպրի ձայնն էր։ Նա երգելով ու պարելով գալիս էր դեպի ջաղացը։

— Յարաբ, մարդ իմանա, թե էս շաշն ինչ բան ունի էս վախտիս էս կողմերում, որ աչքերի ճպուռը չսրբած՝ երգ ա ասում ու պար գալիս, իսկի մարդու ցավ էլ չի հարցնում, —դժգոհեց Ավետիսը, որին ըստ երևույթին դուր չեկավ Կուպրի երևալը։

— Է՜... խեղճ ու կրակ տղա ա, գեղից-ջաղաց, ջաղացից֊գեղ վազ ա տալիս, որ մի կտոր հաց ճարի, գլուխը պահի, խի՞ ես նեղանում, Ավետիս ջան,— պատասխանեց Անտոնը, լավ չըմբռնելով Ավետիսի դժգոհության պատճառը, որի գործը հավանորեն փչացնելու էր Կուպրը։

— Էշ ես առե՞լ, Անտոն բիձա, որ էսքան մոխիր ես փռել ջաղացի դռանը,— ոտով ու ձեռով մոխիրը շաղ տալով ասաց Կուպրն ու մտավ ջաղացը։— Բարի լուսը ինձ լսողին, ցավ ու պատիժ սուտ խոսողին,— ասաց Կուպրն ու աչքերը ոլորեց Ավետիսի վրա։

Ավետիսը բարևին չպատասխանեց։

— Էդ ո՞նց ա քեզ չեն բռնել, Ավետիս դայի․ դու ղարավուլների մեծավորը չէի՞ր... Թե՞... Մեծը՝ մեծ ցավի գա, պուճուրը՝ պուճուր... Քեզ պատժել են, որ ջաղացումդ նստես։

— Ես որ էս գիշեր հետները եկել էի, նրանց գլուխն էդ օինը գալ չէր,— գլուխը գովեց Ավետիսն ու ածխակոթն առաջ գցեց, որ կրակը թեժանա։

— Թե՞ գեղիցը փախել ես, որ չբռնեն։

— Ի՞նչ ես շաշ-շաշ դուրս տալի, ինձ բռնողը հալա չի ծնվել։

— Հազար թալակից փախած մարդ ես, իսկի կարա՞ն քեզ բռնեն ո՜ր...

— Խոսքիդ չափը ճանաչի, ո՞նց թե թալակից փախած, — վիրավորվեց Ավետիսը։

— Տնաշեն, ես քեզ գովում եմ, դու նեղանո՞ւմ ես... Դու հենց գիդաս, թե մենակ Միդին ու Չատին, մեկ էլ էն թուրքի սահմանի երկու ղարավուլն են բռնվա՞ծ... Գեղում ինչքան կասկածավոր մարդ կա, հրեն ցուցակ արած, բռնոտելու են, ցուցակումը դու էլ կաս։

— Հաստա՞տ։

— Հաստա՛տ։ Թե տղա ես գլխիդ ճարը տես, վեր կաց կորի, թե չէ տուն գնաս, գլուխդ տեսան թե չէ՝ կռներդ կապոտելու, գոմն են գցելու,– ահաբեկեց Կուպրը։

— Լա՛վ, ի՞նչ եմ արել որ...

— Էն ես արել, որ ղարավուլների հետ չես եկել։ Հիմի որ գան էս ջաղացումը քեզ բռնեն, ասելու են թե դու ամեն բանից տեղյակ ես, ինքդ բոլշևիկ ես ու... վա՜յ քու մեղքը։

— Ո՞վ կհավատա, որ սա բոլշևնիկ ա,— միջամտեց Անտոնը։

— Հալա մի կբռնեն, կնստեցնեն, նրանից հետով եկ ու հաստատի, թե բոլշևնիկ չես։

— Է՜յ, ո՞վ կա ջաղացում,– դրսից լսվեց մի ուժեղ ձայն։


— Իմ սրտին աղ ես արել,
Ջիգյարս դաղ ես արել,
Ինձանից հեռացել ես–

Ինձ բեդամա՜ղ... ա՛ղ ես արել...

Կուպրն սկսեց երգել ու պարել. Ավետիսը ենթադրելով, թե իր ետևից են եկել, պահվեց ջաղացի մութ անկյունում, իսկ Անտոնն առաջ կանգնեց, որ իմանա եկողի ով լինելը։

— Հարսանի՞ք է, ինչ է էստեղ,– գլուխը ներս կոխեց եկողը։

Հարսանիք ա, առանց փեսա ու հարսի.
Թե փիս մարդ ես-աստված քո բանը թարսի:

Ասաց Կուպրը և շարունակեց պարել։

— Անտոն բիձա, քեզ վռազ կանչում են գեղումը, արի՛,— ասաց եկվորը։

— Ես էլ ասեմ եկողը մարդն ա, դու մի ասիլ գզիր Ղանդոն ա,– ասաց Կուպրը և դադարեցրեց պարն ու երգը։

— Ղանդոյին հավան չե՞ս, շաշ Կուպր։

— Ո՞նց չեմ հավան... Հավ ասես, գողանում ես, ձու ասես, գողանում ես, սրա-նրա տուն ես մտնում արաղ խմում, տաշտիցը քու ձեռքով հաց վեր ունում, ստի տոպրակ ես, ինչքան կեղտոտ գործ ըլի, դու վկա ես, փողի համար գերեզմանիցը հորդ կհանես, կծախես, խարջից ազատ, կոռից ազատ, լվլվում ես գեղումը, որբևերի կնանոնց աչքով ես անում, մեռելատանը քելեխի գլխին ես նստած, կնունքին՝ սուփրի մեջտեղը, հարսանիքին՝ դռան տակին, գզիրես՝ գեղի տեր ես, համ ճղճղան, համ աներես, հարուստն ռեխիդ թքի, կուլ կտաս, նրա թուքը քյասիբի վրա դու կթքես, թքակոլոլ կանես, հարու տվողի ետևն են կաղնում, քացի տվողի առաջին, լավ մարդ ես, աստոծ գլխիցդ վերևը սաղ պահի...

— Լա՛վ, լա՜վ... ի՞նչ ես ջորու քացու նման վրա տալի, կաց մի տենանք ինչ ա ասում, է՜,— անկյունից դուրս եկավ ու միջամտեց Ավետիսը։

— Է՜, Ավետիս դայի, էն վաղի իրավունքը ձեռիս պտի ըլեր, ես սրա կաշին մաշկել էի, դու տեսել իր, թե ո՜նց են անպատիվ անում, համա ի՞նչ անեմ. թակեմ, կասեն Ղանդոն մարդ չի գտել, գնացել ա ջաղացումը Կուպրին թակել։

— Շաշի խոսքին գլուխ մի դնի, ասա տեսնամ ի՞նչ խաբար ա, Անտոնին ո՞վ ա ուզում,— հարցրեց Ավետիսը։

— Կոմիտեն։

— Ի՞նչ ա ուզում։

— Գիտեմ ոչ, կասկած կա ջաղացի վրա։

— Հը՜մմ,— արեց Ավետիսը։

— Հը՜մմ,— կրկնեց Կուպրը, Ավետիսի պես։

— Բա ջաղացս անտեր թողնե՞մ,— տարակուսած հարցրեց Անտոնը։

— Տարով հո չես գնալու, էսա ետ կգաս,— ասաց Ղանդոն։

— Ո՞ւզում ես, ես կմնամ քու տեղակ, գնա ու եկ, — առաջարկեց Ավետիսը։

— Չէ՛, թող Սոլոմոնը մի մարդ նշանակի, հետո գլխիս մի խաթա կգա,— կտրուկ հայտարարեց Անտոնը։

— Սոլոմոնը համաձայն ա,— ասաց գզիրը։

— Չեմ հավատում, թող ինքը գա կամ թուղթ գրի, խառը ժամանակ ա, մի բան կպատահի, ինձ ոտով-գլխով կկորցնեն: — Ախպեր, թեկուզ լավ թամաշա կլի, համա ձեզ ըլի էդ թամաշան, դուք գնացեք, ես կմնամ,— առաջարկեց Կուպրը։

Դուրսը ձիու ոտի դոփյուն լսվեց։ Երեք ձիավոր կանգնեցին ջաղացի դռանը։ Դրանք դաշնակցական խմբի տղաներից էին, զինված ու զայրույթից կարմրատակած աչքերով։

— Է՜, ջաղացպան։

Ամենքը դուրս եկան։

— Ի՞նչ մարդ եք, ի՞նչ եք շինում էս ջաղացում։

Բացատրեցին։

— Առաջ անցեք:

— Ո՞ւր։

— Կիմանա՛ք, շո՛ւտ, ոչ մի խոսք այլևս։

— Կարասս չկոտրեք,– ասաց Կուպրը և սկսեց պարել ու երգել.

Այ իմ կարաս, գինու կարաս,
Քոմագ արա, թե որ կարաս...

— Սա՞ ինչ մարդ է,— հարցրեց ձիավորներից մեկը։

— Սա մեր գեղի շաշն ա,— պատասխանեց գզիրը։


Կարասիս մեջ գինին լիքը,

Շարբաթ ըլի—ասես ինքը...

— Է՜յ, շա՛շ, որտե՞ղ է գինիդ,— հետաքրքրությամբ ու ժպտալով հարցրեց նույն ձիավորը։

Եկեք գնանք, շանց տամ տեղը,
Շատ ազնիվ ա, գինու ցեղը,
Թե մեռելն էլ տեսնի համը,
Կկոտրի աստծու ատամը...

Ձիավորներն ակամայից ծիծաղեցին։

— Ես սրանց հետ կգամ, ուր որ տանեք, մենակ մի բան եմ խնդրում, որ էս շաշին ելա թողեք մնա, ջաղացին տիրութին անի, խեղճ ջաղացպան մարդ եմ, ուրիշի ձեռին նոքար, մի փորձանք կպատահի, տերս ինձ դուրս կանի, կմնամ անհաց, անջուր,— խնդրեց Անտոնը։

— Ջաղացն ո՞ւմն է։ — Սոլոմոնինը։

— Սոլոմոնն ո՞վ է։

— Կոմիտեի մեջ ա,— վրա բերեց գզիրը։

— Կոմիտեի անդա՞մ է, հաստա՞տ գիտես։

— Այո՛, հաստա՛տ,— պնդեց Ավետիսը։

Ձիավորներն ինչ-որ փսփսացին իրար հետ։ Կուպրը դեռ շարունակում էր կեռիկ-մեռիկ պարել ու դնդնացնել։

— Է՜յ, կարա՞ս, մնա ջաղացում, մինչև ջաղացպանը ետ գա,— ասաց առաջին ձիավորը։

— Հը՞, մնա՞մ... չէ՛, էդ իմ բանը չի, դուք սրանց տանեք, իմ գինու կարասը բաց անեք, քեֆ անեք, ես ջաղացում մնա՞մ... չէ′, չեմ մնալ, ես էլ եմ գալիս, — ասաց Կուպրն ու առաջ ընկավ պարելով։

Ու մինչ ձիավորները նայում էին նրա ետևից, նա առուն անցավ, մտավ Սոլոմոնի այգին, ու սկսեց գետինը չանգռոտորել։ Ձիավորներից մեկը ձին քշեց, որ տեսնի, թե ինչ է անում Կուպրը։

Կուպրը Սոլոմոնի գետնում թաղած գինու կարասի քարե խուփը վերկալավ։ Գինին պճպճալով՝ ներսի գազի ուժից լահու տվեց, հոսեց։

— Գինի, տղերք, գինի,— գոչեց ձիավորը։

Մյուսները վրա հասան։

— Ծածկեցեք թո՛ղ մնա,— խորհրդավոր կերպով ասաց ձիավորներից մեկը։

Գինու կարասը ծածկեցին։

— Է՜յ, գզի՛ր, գնա գյուղ և ասա, թե մենք չթողեցինք, որ ջաղացպանին տանես. ջաղացպան, դու կմնաս, իսկ դու, անունդ ինչ որ է՝ Կիրակոս, Մարկոս, Փիլիպոս, թե ինչ...

— Ձեզ ծառա Ավետիս։

— Հա՛, այդ միևնույն է, դու էլ գնա գյուղ, ջաղացում մարդ չմնա ջաղացպանից զատ, բայց եթե գինու մասին որևէ բան եք ասել, խորովածի մսի պես թիքա-թիքա կանենք ձեզ։

— Ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել։

— Է՜յ, Կարա՛ս, դու մեզ հետ կգաս։

— Աղա ջան, ես ձիով, դուք ոտքով ձեզ հետ ո՞նց գա՛մ...

— Հիմար է, հիմար չի, խելոք է, խելոք էլ չի... — Հիմար է, հիմար չի, խելոք է, խելոք չի, աղա ջան, լավն էն ա, թող կորչի,– վրա բերեց Կուպրը։

— Դե՛ ուր կորչում ես կորիր,— ասացին ձիավորներն ու ասպանդակեցին ձիերին։

Ավետիսն ու գզիրը ճամփա ընկան դեպի գյուղ, իսկ Կուպրն Անտոնի հետ մտավ ջաղացը։

— Ցորենը դեն ածեցի՞ր,— հարցրեց անմիջապես Կուպրը։

— Չէ՛, պահել եմ։

— Լավ ես արել, ձեռաց մի մասն աղա, շատ փետ հավաքիր, կրկենի թխի, ես էլ գնամ մի տեղից միս ճարեմ, էս շները գիշերը գալու են, ինչպես երևում ա, էլ գեղի տղերանցից ղարավուլ չեն դնելու, չեն հավատում, ղարավուլը կամ սրանք պտեն ըլիլ, կամ սրանցից, էս գիշերն էնքան սրանց լակացնեմ Սոլոմոնի գինուցը, որ լիսն ու մութը խառնեն իրար։ Դե՛ ոնց որ ասեցի, ես գնամ Ավետիսին ու գզիրին հասնեմ, սիրտները հենց ահ գցեմ, որ տեղաշոր ընկնեն, հիվանդանան, տանից դուրս չգան, չէ թե գինու մասին բան պատմեն․ համ էլ տեսնամ տղերանց բանը ոնց ա, պինդ են կաղնա՞ծ, թե չէ։ Էսօր-էգուց կսկսվի կռիվը, տեղդ պինդ կաց...

Կուպրը դուրս թռավ ջաղացից, գզիրի ու Ավետիսի ետևից զիլ կանչեց ու վազեց։

XI

Մութն ընկավ, թիփի-բորանն սկսվեց։ Ինչ շունչ արարած որ կար սրթսրթալով քաշվեց իր բույնը։ Անտոնը կատարել էր Կուպրի պատվերը։ Կրակը թեժ էր, կրկենիները պատրաստ։ Մեզ հայտնի ձիավորները եկան։ Անտոնը ձիերը կապոտեց ջաղացի ներսը, Սոլոմոնի խոտի դեզից մի քանի խտիտ բերեց, գցեց առաջները։ Ձիավորները բուխարու առաջ կիսաշրջան կազմելով նստոտեցին։

— Բիձա, ուտելու բան չունե՞ս։

— Ունեմ, ձեզ մատաղ, կրկենի ունեմ, համա էլ ուրիշ բանի տեղակ չտաք։

— Միս չի՞ ճարվի էս մոտերքը։ — Չէ′։

— Իսկ գինի՞... Չե՞ս կարող էսօրվա կարասից մի քիչ գինի հանես, խմենք, տաքանանք, որ հերթով պահակ կանգնենք մեծ ճամփին։

Անտոնը չի իմանում ինչ պատասխանի, վա՜յ թե Սոլոմոնն իմանա, իրեն սաղ-սաղ կարասի մեջը կկոխի, կհորի։

— Հը′... ի՞նչ մտածմունքների ծովն ընկար, չե՞ս կարող։

— Չեմ իմանում, ինչ ասեմ, ձեր արևը վկա, Սոլոմոնը որ իմանա ինձ գինի կշինի, կխմի...

— Հա՜-ա, էդքան զոռբա ա քու Սոլոմոն խազեի՜նը, մենք գանք ազգի համար զոհվենք, նա իրեն տանը խռմփացնի, գինին էլ չխմենք... Ի՞նչ աման ունես, որ գինին լցնենք բերենք, մենք ինքներս կգնանք, դու աման տուր։

—Ունեցածս էս ունկը կոտրած կուլեն ա, մեկել էս պռոշը ջարդված պռատ փարչը։

Ձիավորներից մեկը ծանր ու թեթև արավ ամանները, ջուրը թափեց ու դարձավ ընկերներին.

— Ոչինչ, մի վեդրո կտանեն երկուսով, ճրագ կամ մոմուն ե՞ս։

— Ունեմ, մի ճրագ ունեմ։

— Դե′, Մուշեղ, դու գնա մեծ ճամփի վրա պահակ կանգնի, իսկ մենք երկուսով գնանք գինի բերենք, էսպես մի կես ժամ անց կգաս, ցրտում հո չե՞նք փետանալու։

Մուշեղը սարգ ու կարգ արավ, զենքերը հավաքեց, իսկ մյուս երկուսը ճրագը վառեցին, փարչն ու կուլեն վերցրին, որ գնան գինի բերելու։

— Կարասի տեղը հո լավ ես հիշում։

— Հա′։

— Դե՛, գնանք։

— Հե՜յ-հե՜յ... Գալիս եմ, ես եմ, սև կուպրի պես եմ. միս եմ բերում տավարի, խորովենք, ուտենք տնավարի, գինին խմենք պճպճան, երգեր ասենք կչկչան...

Կուպրն էր, որ հեռվից վազելով գալիս էր մի կովի ազդր շալակած։

Մուշեղը, որ հրացանը ձեռին ջաղացի դռան մո՛տ կանգնած էր և պատրաստվում էր գնալու, հրացանն ուղղեց դեպի Կուպրը։ — Կանգնի′ր, թե չէ կկրակեմ։

— Կկրակե՞մ... կկրակե՞մ... Ես տեղովս կրակ եմ, ես հո բոլշևիկ չեմ, որ ուզում ես ինձ սպանես, ձեզ համար միս եմ բերում։ Չատինի կովը մորթեցին, հրե՜ս, կովի ոտը բերել եմ, որ ուտեք։ Ես Կուպրն եմ, Կուպրը, էսօրվա ձեր տեսած շաշը։

Կուպրին ներս թողին։

— Հա′, էս էլ եղավ, գինին սա հենց ինքն էլ կբերի։

— Կբերի, բա՜ս, կբերի, որ մենք խմենք, Սոլոմոնի սիրտն էրի։

Ծիծաղեցին։

— Տո′, Կարա′ս, էս ցրտին ո՞նց եկար։

— Ոնց եկա՞ր... խելոք մարդը հո էս ղիամաթին տանիցը դուրս չի գալ, էնա միսը շաշին տվին, սա էլ բերեց,էլի′…

— Ի՞նչ արին բռնվածներին։

— Գոմն են արել, սոված, ծարավ պահում են։ Դրուստ ա, նրանք բոլշևիկ չեն, համա հրես, էն բռնված տղերանց մեկի՝ Չատինի կովը բոլշևիկ էր դառել, բռնեցին, մորթեցին։

Նորից ծիծաղեցին։

— Մուշեղ, դու գնա, հենց որ խորովածը պատրաստ լինի քեզ իմաց կտանք։

— Ես էլ գնամ գինին բերեմ,— ասաց Կուպրը։

— Հա՛, դու էլ լավ վրա հասար, գնա գինի բեր։

Դաշույնները փայլատակեցին, կտրատում էին Չատինի կովի միսը։

— Էսպես պիտի կտրատել ա՜յ, բոլոր բոլշևիկների մարմինը։

— Ա՜խ, թե մի մեկն ու մեկը ճանկս կընկնի...

— Բիձա, ճիպոտներ գտի շամփուրների համար։

Անտոնը պատատակերն ընկավ ճիպոտ գտնելու։

— Մենք նրանց ցույց կտանք, թե ովքեր ենք մենք։

— Էնպես ջարդենք, որ Ռուսաստանի ճամփեն մտներիցը գցած ուր փախչելը չիմանան։

Ներս մտավ Կուպրը փարչն ու կուլեն գինով լիքը ձեռքին բռնած։
— Սա գինի չի, երգ ու պար ա՛,

Ծարավ մարդու հոգու ճար ա՛,
Թե որ հավն էլ խմի մի պուտ,

Կասի «ես եմ արծվի ճուտ»։

Խորովածի շամփուրները շարվեցին կրակի շեղջի վրա։ Ջհանդամը թե Չատինի երեխաների թաց ու ցամաքը կտրվեց, միակ կովը դուրս քաշեցին, մորթեցին։ Ի՞նչ մեծ բան է մի կով, երբ մարդիկ իրենց «կյանքն են զոհում ազգի փրկության համար...» Անտոնի ջաղացում։ Մսի խջմնջոցն ընկել էր ջաղացը, ախորժակ էր գրգռում։ Սարգ ու կարգ արին, որ սեղան նստեն, Կուպրին ուղարկեցին Մուշեղի ետևից։

Կրկենիներն իջան իրենց տեղերից։ Մուշեղն ու Կուպրն էլ եկան։ Թեյի կոտրած բաժակը ձեռքից ձեռք էր անցնում, գինին ծծում էին, շրթունքները ծլփացնում, լիզում. համով էր, բավական դուրեկան և ուժեղ։ Սկզբում լուռ էին. ուտում էին խորովածը և գինին գլխին ածում, որ լավ մարսեն, բայց մի քանի բաժակ կոնծելուց հետո գլուխները տաքացավ և սկսեցին ճառել.

— Էս մի բաժակը խմենք դաշնակցության կենացը, էն դաշնակցության, որ երկու բռնակալ տապալեց — Սուլթան Համիդին և Նիկոլայ ցարին...

— Կամաց խոսա, կիմանան, ամոթ ա, սարսաղ-սարսաղ բաներ ես դուրս տալի,— ընդհատեց Մուշեղը։

— Ես գիտեմ, որ դու ազգի դավաճան ես, Մուշեղ, գիտեմ, որ դու կիսաբոլշևիկ ես, բայց ի՞նչ անեմ, հայ ես, կտամ կսպանեմ դաշնակցության ձեռից չեմ ազատվի...

— Խմի՛, խմի՛, գինիդ խմի, սպանես, չէ մի ոտներ, հավի ճո՞ւտ եմ, ի՛նչ է...

Գինու բաժակը մի անգամ էլ ավարտեց իր պտույտը. Կուպրը վազեց, որ էլի բերի։

— Բայց և այնպես մենք չենք հասկանում քո միտքը։ Ի՞նչ ես ուզում. դաշնակցությանը չես հավանում, որ Հայաստանն ազատեց, անկախ պետություն ստեղծեց, այժմ էլ պաշտպանում է արտաքին թշնամիներից, կռվում է ամեն բան ավերող ու քանդող բոլշևիկների դեմ, երկրի ներսը մաքրում է օտար տարրերից, մեր երկիրն այժմ ճանաչված Է այնպիսի մի հզոր պետության կողմից, որպիսին Անգլիան է. վաղը մյուս օրը կջնջենք բոլշևիկներին և մեզ համար ազատ կապրենք, էլ ի՞նչ ես ուզում, ի՞նչը չես հավանում, ուզում ես, որ բոլշևիկները գան մեր ազատությունը խլեն, դարձյալ Ռուսաստանի լծի տակ մնանք, մեր կանայք ու աղջիկներն ռուսների հետ ամուսնանան, ազգը կործանվի՞...

— Ես դեմ եմ բոլշևիկներին, բայց առանց Ռուսաստանի չենք կարող ապրել, հասկանո՞ւմ ես, մեր երկիրը կապված է նրան թե՛ տնտեսապես, թե՛ կուլտուրապես,— ասաց Մուշեղը։

— Լա՛վ, ասենք, թե հենց քո ասածն է, իսկ եթե այդ երկրում հիմի տեր ու տիրականը բոլշևիկներն են, ի՞նչ անենք, չկռվե՞նք, թողնենք, որ մեր նոր բացված ծաղիկը տրորեն, մեր հայրենիքը գան սրի՞ քաշեն...

— Ինչու են սրի քաշում, Ադրբեջանին սրի՞ քաշեցին։ Իսկ ինչո՞ւ ձեր Անգլիան Տաճկաստանի դեմ դուրս չեկավ կռվի, որ հայերիս ազատի...

— Որովհետև... Նրա համար որ... Անգլիան հեռու էր, չէր կարող ժամանակին օգնության հասնի։

— Խորովածիդ թիքեն կեր, խորովածիդ թիքեն, չսառչի, բթամիտ աշակերտի պես վարժապետիդ տված դասն էլ չես կարողանում մարդավարի կրկնես,— հեգնեց Մուշեղը։ —Հեռու էր բա՜ս, հեռու էր, հեռուն քու միտքն է, որ էդ հարցերին չի կարողանում մոտենա...

— Երկինքը վկա, որ վաղը քեզ կոմիտեի ձեռքն եմ տալու բլբլիչդ տակիցը կտրի։

— Գինին եկավ կուլեն լիքը.

Լավ պահեցեք վերի դիրքը.
Բոլշևիկի կովը կերեք,

Բոլշևիկին էսպես էրեք։

Կուպրը պարելով ու երգելով գինին բերեց: Վեճն ընդհատվեց։ Գինին շուտով կատարեց իր բարերար գործը։ Վիճողներն ամեն մի մանր-մունր հաշիվ մոռացած՝ համբուրվեցին։ «Տղերքը» գլուխներն օրորելով՝ շարվեցին բուխարու շուրջը, քուն մտան։ — Անտոն բիձա, ես թռչում եմ,—ասաց Կուպրը,—դուռը պինդ կփակես, որ մարդ չդուրս գա մինչև լուսաբաց։ Էգուց իրիկուն, եթե բան ա, պատահի, որ ես չգամ, դու սրանց էլի էսօրվա պես մի լավ կհարբեցնես, որ չկարենան տեղներիցը ժաժ գան։ Պինդ խմացրու։

— Բա վա՜յ թե սրանց տեղ ուրիշ մարդ գա, նրանց հետ ո՞նց վարվեմ,— տարակուսած հարցրեց Անտոնը։

— Սրանք էս գինու համը որ առել են, մինչև կարասի տակը չլիզեն, գնացող չեն, իսկ եթե բան ա, պատահի, որ ուրիշին ղարկեն, ես կերևամ։

Կուպրը մի ոստյունով դուրս ցատկեց ու կորավ խավարի մեջ։ Անտոնը դուռը պինդ փակեց, ընթրիքից մնացած բաները հավաքեց, կրակն անթեղեց ու ինքն էլ գլուխը դրեց կոճղին։

Ձիերի փռռոցն ու «տղաների» խռմփոցն ընկել էր ջաղացը։ Թվում էր, թե խավարի մեջ ինչ-որ մեկին մորթում են կամ խեղդում։ Ջաղացի խոնավ ու ծանր օդը ճնշում էր Անտոնի գլուխը, բութ ցավից աչքը չէր փակվում։ Նա մտածում էր Կուպրի մասին, պահած փամփուշտների մասին։ Նրա աչքի առաջ Չատին էր կանգնում, հուսահատ, ձեռները խաչած, կարծես ասելիս լիներ. «Անտոն բիձա, էս ի՞նչ օին եկավ գլուխս, կովս մորթեցին, տունս քանդվեց...»։

Ահա և Միդին. նա լուռ է, գլուխը կախ, չի խոսում, փոշմանել է, թե՞ ավելի է կատաղած... Վա՜յ թե մատնեն, Կուպրին ու իրեն բռնել տան, գաղտնիքը բացվի... էդ հո ամեն ինչ կորավ...

— Է՜յ, ջաղացպա՛ն...

Անտոնին թվում է, թե ինքը մի խոր հորի մեջ է, կարծես հեռվից մեկը կանչում է, իսկ ինքը չի կարողանում ձայն հանի։ Աչքերը չի կարողանում բաց անի, կարծես կոպերն իրար կարած լինեն։

Դուռն ամուր բախում են, քարեր են խփում:

— Ջաղացպա՜ն,— կրկնում է ձայնը ավելի ուժգին։

Անտոնը մեծ ճիգ է թափում, որ աչքերը բանա, փորձում է ճչալ, չի կարողանում. շատ է նեղվում, ուզում է շուռ գալ, կանգնել, չէ՛, բան չի դուրս գալի, կարծես կապոտած լինեն ոտ ու ձեռը։ — Հէ՛-է՛-է՜յ,— շունչը կտրելով, ձայնը կոկորդում խեղդված խռխռացնում է Անտոնը և հազիվ ուշքի գալիս:

— Բա՛ց արա դուռը։

— Ո՞վ ես,– քրտինքի մեջ կորած հազիվ հարցնում է Անտոնը: Նրան թվում է, թե ջաղացը գլխին պտույտ է գալիս։

— Բա՛ց արա դուռը, կիմանաս, ով որ եմ։

— Ասա, ո՞վ ես, բաց անեմ, էս կեսգիշերին ես դուռը բաց անող չեմ։

Դուրսը մի քանի հոգի ծիծաղում են։

— Ի՞նչ կեսգիշեր, տո՛ պառավ գոմեշ, արևը քաչալի գլուխ ա էրում։

Անտոնը վեր է կենում, առաջ է շարժվում, թե դուռը բանա։ «Տղերքը» մորթած հավերի պես թափված են իրար կողքի, ձիերը ծույլ-ծույլ ննջում են ետևի ոտները հերթով «կախ անելով», հանգիստ տալով։

Անտոնը դուռը բաց է անում, երեք ձիավոր են. մեկն իջել է ձիուց դուռը թակելու համար։ Անտոնը ոչ մեկին էլ չի ճանաչում։ Զինված են, խոժոռած դեմքերով։

— Ջաղացպանը դո՞ւ ես:

— Հրաման քեզ, ես եմ։

— Ջաղացումդ մարդ կա՞։

— Կան։

— Քանի՞ հոգի են։

— Երեք։

— Ի՞նչ մարդ են։

— Ղարավուլ։

— Ի՞նչ բանի են հիմի։

— Քնած են։

— Էսքան երկա՞ր, գիշերը քնել են, չեն կշտացել, որ ցերեկն էլ են քնո՞ւմ...

— Գիշերը չեն քնել:

— Բա ի՞նչ էին շինում։

— Հերթով ղարավուլ են քաշել մեծ ճամփի վրա։

— Բա ե՞րբ են քնել։

— Գիտեմ ոչ, լուսադեմին քնած կլեն։ — Ջահել ժամանակդ էլ սուտ խոսելիս ես եղե՞լ, թե նոր ես սովորել...

— Սուտը շան փեշակ ա, ես սուտ խոսող չեմ։

— Ղարավուլներից բացի, էլ ուրիշ մարդ ջաղացումդ եղե՞լ է, թե մենակ ղարավուլներ են եղել։

— Կուպրն էլ էր էստեղ։

— Կո՞ւպրը։

— Հա՛։

—Նա ի՞նչ էր շինում։

— Միս էր բերել ղարավուլների համար։

— Հետո ի՞նչ ելավ Կուպրը, նա էլ ա քնա՞ծ։

— Չէ՛, նա գնաց։

— Ո՞ւր գնաց։

— Գիտեմ ոչ։

— Սրան չթողեք, որ տեղից շարժվի,— պատվիրեց խոսողն ու ներս մտավ։

Մյուս ձիավորները իջան ձիերից, Անտոնին առան իրենց մեջ, կանգնեցին դռան շեմքում։

Ներս մտնողը մոտեցավ քնածներին, ոտով հրեց, որ վեր կենան, և մինչդեռ նրանք ճրրալով տրորում էին գինուց ու քնից ուռած աչքերը, նա հոտոտեց փարչն ու կուլեն։

— Աֆֆերիմ տղերք, լավ եք քեֆ արել,— ասաց նա ու դեմքը խոժոռեց։

— Էդ դո՞ւ ես, Վահան, ի՞նչ կա, քեֆ, չէ մի աստծու կրակ, սաղ գիշեր ջաններս դուրս եկավ ցրտումը...

— Դրուստ ա, ջաղացպանն էլ ասեց։

— Ինչ ասեց։

— Ինչ որ արել եք, էն ասեց, ի՞նչ պիտի ասեր։ Չեք ամաչո՞ւմ, ձեզ պահապան են նշանակել, դուք ամբողջ գիշեր գինով ու խորովածով տրաքվել եք։

— Հա՛, ի՞նչ է, աշխարհ հո չի՞ կործանվել, մի-մի բաժակ գինի ենք խմել, էլի՜...

— Գինին որտեղի՞ց էր։

— է՜, շատ երկարացրիր բանը. գինին որտեղից էր, հացը որտեղից էր, միսն ով տվեց, ջուրն ով բերեց, չի լինի՞ մի հարցնես, թե մեզ ով ծնեց ու ինչու ծնեց․․․ — Վեր կացեք գնանք, քննությունը հետո կկատարենք,– ասաց Վահանը և առաջ անցավ դեպի դուռը։

— Գնանք, գնանք, թող քո ասածը լինի։

Փեշերը թափ տալով ձիերը դուրս քաշեցին «տղերքը», հեծան։

— Ջաղացիդ դուռը փակիր ու առաջ անցիր,— պատվիրեց Վահանը Անտոնին։

— Բա ջաղացս անտե՞ր մնա...

— Շատ մի խոսիր։

Անտոնը ջաղացի դուռը փակեց ու գլուխը կախ ձիավորների առաջն ընկավ։ «Տեսնես ո՞ւր են տանելու,— մտածում էր Անտոնը։ — Յարաբ Կուպրը տեսնես որտե՞ղ ա...»:

Գնում էին դեպի գյուղ։

Ամբողջ ճանապարհին ձիավորները ոչինչ չխոսեցին։ Միայն մի անգամ՝ Վահանն ասաց մյուսներին.

— Բոլշևիկների ագենտը ձեզ հարբեցնում է, որ շնթռեք, ճանապարհն անտեր թողեք, որ զենք տեղափոխեն կամ թռուցիկներ տարածեն, դուք էլ միամիտների պես ջաղացում վեր թափված լակում եք։

— Ո՞վ է էդ ագենտը, ի՞նչ ես երեխա-երեխա խոսում։

— Ագենտը, ձեզ համար միս ու գինի բերողն է, որ իրեն հիմարի տեղ դրած, ձեզ էշացրել է։

— Կո՞ւպրը... հա՛, հա՛, հա՛...

— Ձեններ՛դ կտրեցեք։

Գնում է Անտոնը, մտքում հազար ու մի ծրագիր քաշելով, թե ինչ պատասխան է տալու հարցուփորձի ժամանակ, ստեր է հորինում, չեղած պատմություններ ծրագրում, իրեն– իրեն հերոսանում է, հայհոյում գոյություն ունեցող կարգերը, մինչև անգամ ապտակում է իշխանավորներին, որի համար նրան տանում են գնդակահարելու, իսկ ինքը համարձակ նայում է մահվան աչքերին և գոչում. «Կեցցե բոլշևնիկը», բայց մեկ էլ ընկճվում է, մտածում, որ ինքը ողջ գյուղի առաջ ծաղրուծանակի առարկա է դառնալու, մեծ ու փոքր թքելու են իրա վրա, որ էդ հասակում սարսաղվել է, խելքը տանուլ տվել, ընկել ջահել-ջուհուլների ետևից, հիմարացել, շաշ Կուպրի հետ ընկերացել... Չլինի՞ էս ամենը՝ երազ էր, սուտ, հնարովի բան։ Ամենն էլ սուտ, հեքիաթի հերոսի նման երազում երևացել ու անհետացել է... Բայց չէ՞ որ եկավ, ինքն իր աչքով տեսավ, ձենն էլ իր հոր ձենի նման էր, հապա Արսենը, հապա փամփուշտ բերող տղաները...

Գյուղ մտան։ Անտոնին առաջներն առած տանում են դեպի Սոլոմոնի տունը։ Ա՛խ, այդ տունը... Ինչո՞ւ քարուքանդ չի լինում, որ Անտոնն էլ տեսնի, քանի՜-քանի՜ վիշտ ու տառապանք է պատճառել նա ինչպես Անտոնին, այնպես էլ ուրիշներին։ Սոլոմոնը ձեռները մեջքին կանթած կանգնած է պատշգամբում։ Էն ո՞ւմ հետ է խոսում ու փառ-փառ ծիծաղում... Ավետիսն է։

— Բարով, հազար բարի ես եկել, այ իմ գլխի տեր, իմ թագավոր, արի երեսս ոտիտ տակ դնեմ,— վերևից ծաղրանքով ասում է Սոլոմոնը։

Անտոնը լուռ կանգնած է ներքևում, գլուխը կախ, ընկճված, բայց կուրծքը զայրույթով լի։ Վահանը հրամայում է Մուշեղին ու մյուս երկու «տղերանցը» զինաթափ անել։ Նրանք զենքերն առնում են ձեռներից և քշում դեպի տան ներքևի հարկը, նկուղը։

— Բարձրացի՛ր շտաբը,— հրամայում է Անտոնին նույն Վահանը։

Անտոնը ոտները հազիվհազ քարշ տալով վեր է բարձրանում։ Պատշգամբի ծայրին նրան դիմավորում է Սոլոմոնը։

— Վախես ոչ, քանի ես սաղ եմ, քու մազին չեն դիպչիլ, մենակ թե ամեն բան դրուստ խոսա։ Տես, սուտ բան չասես, միևնույն ա, մենք ամեն բան գիտանք, լավն էն ա, ինքդ ամեն բան դուզ ասես, կաշիդ թափես մաշկելուց։

Անտոնը ոչինչ չի պատասխանում, լուռ ներս է մտնում սենյակը։

XII

Պատերն ամբողջովին գորգով պատած մի սիրուն ու լուսավոր սենյակ է. առաստաղից կախված է մի լամպ, երկու երկաթե մահճակալ աբրեշումե անկողիններով ու ձյունի պես սպիտակ բարձերով դրված են պատերի տակ։ Պատերին զանազան նկարներ կան կախված։ Սենյակի մեջտեղը մի սեղան, վրան թղթեր, թղթեր, ոմանք փռված, ոմանք իրար վրա դասավորված, գրիչներ ու թանաքաման։ Սեղանի շուրջ նստած են երեք հոգի, որոնցից մեկը, մեջտեղի նստածը երկար ու թավ բեղերով մի մարդ է, մազերը չալած, իսկ մյուս երկուսը ջահել են։ Տան անկյունում իրար վրա թափված հրացաններ կան, մոտները կախված փամփշտակալներ, գետնին ճիշտ նույնպիսի, ցինկից շինած արկղներ, որոնց նմանը նա աոաջին անգամ տեսավ ջաղացում, և Կուպրը պահեց Սոլոմոնի խոտի դեզի տակ։ Չլինի՞ թե հենց սրանք են, գտել են, բռնվել են և տղաները... Ամեն ինչ կորա՞ծ է... Չլինի՞ թե Սոլոմոնը ճշմարիտ է ասում, որ ամեն բան գիտեն, այժմ ինքն ի՞նչ է ասելու, պատմի ամեն մի եղելություն իր մանրամասնություններով, թե չէ... Չէ՛, Անտոնը ոչինչ չգիտե, ոչ ոքի չի տեսել, հաստատ վճռում է իր մեջ... Դռան մոտ կանգնած է մի զինվոր, կարծես դժոխքի պահապան լինի, կարծես սպասում է հրամանի, որ իսկույն հրացանազարկ անի Անտոնին։ Լուռ են ամենքը, ոչ ոք չի խոսում։ Այս խորհրդավոր լռությունն ավելի է ճնշում Անտոնին։ Նա կանգնած է իր իսկ սեփական տան տեղը, հիշում է իր ողբերգական անցյալը, հիշում է իր տունը, կնոջը, երեխաներին, սիրտը փղձկում է, քիչ է մնամ լա, հեկեկա։ Իր քաշած լավ օրերի, երջանիկ տարիների պատկերները գալիս, անցնում են նրա երևակայության առաջով, բերկրանքով ու վշտով լցնում նրա տանջված սիրտը, իսկ սենյակում տիրող սև ու մռայլ լռությունն էլ ավելի է ծանրանում նրա տառապանքներով լի հոգու վրա։

Անտոնի ներսն ինչ-որ բան է գալարվում, ինչ-որ բան է ճռնչում... Դա նրա վշտի շղթան է, որի ամեն օղակը շարժվելիս, Անտոնին թվում է, թե աղիքներն են գալարվում և ուր որ է դուրս կթափվեն, շունչը կկտրի և Սոլոմոնից դեռ իր վրեժը չլուծած կմեռնի... Սոլոմոնը կտրորի նրա անշնչացած մարմինը, կապականի դիակը և կտոր-կտոր անելով շների առաջը կգցի։ Ախր ինչո՞ւ էն գիշերը, երբ Արմենն առաջին անգամ եկավ ջրաղաց, նա չկարողացավ համոզել իր թոռանը, որ միասին գան, շան սատակ անեն Սոլոմոնին... Լռությունն ընդհատեց Վահանը, որ ներս մտնելով դիք ցցվեց և զեկուցեց.

— Երբ տեղ հասանք, ջաղացի դուռն ամուր փակած էր, հազիվ զարթեցրինք այս ծերունուն, որը դուռը բաց արավ ու հայտնեց, որ տղերքը քնած են ջաղացում և որ, իբր թե, նրանք ամբողջ գիշեր հերթով պահակ կանգնած, հսկել են մեծ ճանապարհը։ Երբ ներս մտա ջաղաց, տղերքը քնած էին այնպես, որ կարծես թե մեկը նրանց ականջները հալած արճիճ էր լցրել, որ ոչ մի ձայն չլսեն։ Առաջները թափված խորովածից մնացած ոսկորները և գինու դատարկ փարչն ու կուլեն վկայում էին, որ նրանք գիշերը մինչ լուսաբաց քեֆ են արել, հարբել ու գլուխները կորցրած քուն մտել։

— Այդպե՛ս, այդպե՛ս,— մռլտաց խմբապետը և թավ բեղերը ոլորեց։

— Ջաղացում, բացի այս չորսից, որոնց կալանավորել ու բերել ենք, եղել է նաև մեզ հայտնի Կուպրը։

— Իսկ այդ Կուպրը բռնվա՞ծ չէ,— հարցրեց խմբապետը։

— Ո՛չ։ Նա իր գործը կատարելուց հետո անհետացել է, որի ուր լինելը ոչ ոք չգիտե, մի քանի հոգու ուղարկել եմ զանազան կողմեր, որ գտնեն։

— Լա՛վ, գնա՛, առայժմ ազատ ես։

— Լսում եմ,— ասաց Վահանը և պատվի առնելով դուրս գնաց սենյակից։

— Արձանագրեցեք ամեն մի բառ, ինչ որ կլսեք,— ասաց խմբապետը, ապա տեղից ելնելով մոտեցավ Անտոնին։

Սեղանի մոտ նստած երիտասարդները թուղթ ու մատիտ պատրաստելով՝ աչքերը հառած Անտոնին, սպասում էին, որ արձանագրեն նրա ասածները։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց խմբապետը։

— Անտուն։

— Անտո՞ւն...

— Հրաման քեզ, անտուն։

— Մարդավարի խոսի, անտուն անուն չկա հայոց անունների ցուցակում։

— Դե՛, առաջ, քանի էս տան տեղն իմ տունն էր, անուն էլ ուրիշ էր, հիմի որ ո՛չ տուն ունեմ, ո ՛չ տեղ, անտուն չեմ բա ի՞նչ եմ։ — Ուրեմն առաջ էս տան տեղը քոնն է եղել, հետո խլել են քեզանից, հիմի էլ դու բոլշևիկ ես դառել, որ տանդ տեղն էլ ետ խլես, էս տունն էլ հե՞տը...

— Չէ՛, աղա, ես ի՞նչ եմ, որ մարդու ձեռից, էն էլ Սոլոմոնի պես զոռբա մարդու ձեռից, տուն խլեմ. ես մի խեղճ ու կրակ ջաղացպան եմ, աշխարհիցս բեխաբար, էսօր կամ, էգուց չկամ, մի ոտս գերեզմանումը մարդ եմ, ի՞նչ իմ գործն ա, որ աշխարհիս խեր ու շառին խառնվեմ։

— Լա՜վ... Շատ խելոք ես խոսում։ Հիմի ասա տեսնեմ, թե տղերքը ոնց քեֆ արին էս գիշեր, պատմի, մի վախենա։

— Վախենալու ի՞նչ կա, որ վախենամ, էնքան ցավ ու կրակ ա անցել գլխովս, որ վախլանց եմ ելել, ինձ հո ուտելու չեք։ Հա՛, տղերքը, դե՛ սոված ու մրսած տղերք են. էլի դուք միս էիք ուղարկել Կուպրի ձեռքովը, նրանք էլ խորովեցին կերան, հու սովա՞ծ չէին մնալու։

— Իսկ գինի՞ն որտեղից էր։

— Գինին էլ Սոլոմոնի կարասիցն էր։

— Իսկ ո՞վ էր իրավունք տվել, որ Սոլոմոնի կարասը բաց անեք։

— Իրավունք... իրավունքը սոված ու ծարավ փորն էր տվել, ո՞վ պետք ա տար։

խմբապետը զարմացած Անտոնի տված պատասխաններից, ետ նայեց տղաների կողմը, որոնք նույնպես զարմանքով դիտում էին Անտոնին ու խմբապետին, կարծես հասկացնել տալու համար վերջինիս, որ պինդ բռնի գործը, քանի որ խելքը գլխին մարդու հետ գործ ունի։

— Նստիր,— ասաց խմբապետը,— պառավ մարդ ես, հոգնած կլինես, նստի՛ր, էնպես խոսենք։

— Շնորհակալ եմ, դու նստի, քեզ ա լայեղ էս տեսակ օթախը։

— Քանի՞ տարեկան ես։

— Միտս չի, դավթարս կորել ա. հոգեառն էլ ա ինձ մտահան արել, թե գա հոգիս առնի, բալքի պրծնեմ էս աշխարհի երեսին մարդկանց նեղութին տալուց։

— Ո՞վ ունես էս գյուղում, բարեկամ, ազգական...

— Ոչով չունեմ, աղա, քյասիբ մարդուն բարեկամ-ազգական կունենա՞... Բարեկամն ու ազգականը բողազի հետ են կապված, թե ուտելու բան ունես տանդ, կգան, կուտեն, կխմեն, բարեկամութինդ էլ պինդ կըլի, թե որ չունես, ինձ նման կըլես, ամենքի աչքիցն ընկած, մոռացված, էս աշխարհում կաս, թե չկաս, մին ա։ Դե՞, ես որ տուն էլ չունեմ, բարեկամ-ազգական որտեղի՞ց ունենամ...

— Հապա ասում են մի բոլշևիկ թոռ ունես, որ մեր դեմ կռվում է։

— Շատ բան են ասում, կարա՞մ մի հազար փութ բամբակ դառնամ, ասողների բերանը փակե՞մ... Քու մասին էլ են շատ բան ասում, թե փիս մարդ ես, քյասիբի արին խմող, հետդ խոսիլ չի ըլիլ, հավատա՞մ... Հրետ մարդավարի հետս զրից ես անում։

— Ուրեմն սո՞ւտ է, դու թոռ չունե՞ս։

— Ինձ համար սուտ ա, թե դու հավատում ես, քեզ համար էլ ղորթ ա, հալբաթ։

— Լսի՛ր, ծերո՛ւկ, ես չեմ կամենում քեզ տանջեմ կամ խիստ միջոցների դիմեմ, որ ասես ճշմարտությունը, եկ թող խոսակցությանդ այդ ձևը, պատմիր այն ամենը, ինչ կատարվել է վերջին ժամանակներս քո ջաղացում։

— Դե՛, ինչ գիդամ՝ էն էլ ասում եմ, էլ ինչպես պատմեմ, որ հավատաս կամ ի՞նչ ասեմ, որ քու ուզածն ըլի։

— Քու ջաղացում ի՞նչ են խոսացել ձեր գյուղացի Միդին ու Չատին։

— Շատ բան։

— Նրանք բոլշևի՞կ են։

— Ես ինչ գիդամ, իրանց հարցրու։

— Նրանք մեր կառավարությանը չե՞ն հայհոյել։

— Ես չեմ իմացել։

— Իսկ եթե վկա լինի, այսինքն՝ մի մարդ լինի, որ հաստատի, թե դու ջաղացումդ նստած, հենց քո ներկայությամբ, էդ Միդին ու Չատին գովաբանել են բոլշևիկներին ու մեզ հայհոյել, ի՞նչ կասես։

— Ի՞նչ պետք ա ասեմ, թող գա, տենամ էդ ով ա, որ ստեր ա մոգոնում։

— Բոլշևիկների թռուցիկը որ բռնվել էր, աոաջին օրը ովքե՞ր էին մեծ ճանապարհի վրա պահակ կանգնածները։

— Միդին էր, Չատին, մին էլ Ավետիսը։ — Դրանցից ո՞րն էր հայհոյում մեզ։

— Չեմ իմացել։

— Չես իմացե՞լ... Հրես կիմանաս,— ասաց խմբապետը և դառնալով դռան մոտ կանգնած պահակին, պատվիրեց,— Ավետիսին կանչի։

Ավետիսը ներս մտավ, փափախը վերցրեց գլխից, դրեց թևի տակին ու մորուքը շփեց։

— ճանաչում ես էս մարդուն։

— Как же,— պատասխանեց Ավետիսը,— սա մեր ջաղացպան Անտոնն ա։


— Դու էլ ճանաչո՞ւմ ես սրան։

— Ո՞նց չէ, աղա, մեր Ավետիսն ա։

— Ավետիս, էս համառ մարդը չի ուզում խոստովանել, որ Չատին ու Միդին մեր կառավարությանը հայհոյել են, ի՞նչ կասես։

— Как же, как же, հայհոյել են, ջաղացում, Անտոն բիձա, բա միտդ չի՞, դու հո մեղք չունես, ասա, էլի, բա ուշունց չtվի՞ն։

— Նրանք որ ուշունց են տվել, էդ դու ես ասում, իմ միտը չի, համա Ավետիս, մի՞տդ ա, որ ասեցիր — «Մեխակ վարժապետ մի ասիլ ու ցավ ասա, չոռ ասա, երեկվա գյադեն մեր գլխին կոմիտե ա դառել, դաշնակցության կոմիտե, ու ինչեր ասես չի անում...» ու էս ղայդի շատ-շատ բաներ, հիմի, աղա, ասա տեսնամ ո՞վ ա ուշունց տվել, սա՞, թե նրանք...

Ավետիսը կարմրեց, դեղնեց, գույն տվեց, գույն առավ, իսկ խմբապետը չէր իմանում, որին հավատա։

— Ես էդ ղայդի բաներ չեմ ասել,— կմկմալով ուրացավ Ավետիսը։

— Աղա ջան,— վրա բերեց Անտոնը,— թե վկադ սա ա, լավն էն ա, ինձ էլ խոսացնես ոչ. էս ղայդի օխտն աղվեսի պոչից մազ պոկած մարդուն որ դու հավատում ես ու ինձ էլ սրա խոսքով սուտ դուրս բերում, լավն էն ա ինձ սաղ-սաղ թաղես, որ սրա սև երեսը տենամ ոչ, սրա ձենը լսեմ ոչ։

— Երկսին էլ դուրս տար և Սոլոմոնին ներս ուղարկիր,— կարգադրեց խմբապետը։ Դռան մոտ կանգնած պահակը կատարեց խմբապետի հրամանը։ Սոլոմոնը ներս մտավ։

— Սոլոմոն,— դարձավ նրան խմբապետը,— էս քո ջաղացպանից ոչինչ չիմացվեց, ինչպես երևում է ոչինչ էլ չենք իմանալու, բայց հետաքրքրականն այն է, որ նա էդ քո Ավետիսին մեղադրեց հակակառավարական գործի մեջ, որի տակից չկարողացավ դուրս գա Ավետիսը։ Սա ի՞նչ հանելուկ է։

— Իմ ջաղացպանը որ օձի պոչ կծած ա, էդ ես լավ գիդամ, ինչ վերաբերում ա Ավետիսին, նա հավատարիմ մարդ ա, էս սաղ գիշեր նա ա ջաղացի անցուդարձին հետևել ու գաղտնիքը բաց արել։ Անտոնը ոչինչ չի ասիլ, մինչև հուպ չտանք, շունը շան ոտը չի կոխիլ։ Էնպես էլ Անտոնը քյասիբի դեմ չի գնալ։ Մի քիչ հուպ տու։

— Այսինքն՝ ի՞նչ անեմ։

— Ծեծի, բանտարկի, չարչարի...

— Չէ՛, Սոլոմոն, էդ մեկը հիմի չի կարելի անել, ժողովուրդը շատ կգրգռվի, երբ իմանա, որ անմեղ ծերունուն ծեծել ենք, ուրիշ հնար պետք է գտնել։

— Բանտարկի։

«Հը՜մմ» արավ խմբապետը, դեմքը կնճռեց, հոնքերը կիտեց։

—Ներս բեր ջաղացպանին։

Անտոնը կրկին կանգնեց խմբապետի առաջ։

— Խի՞ չես դուզն ասում, այ Անտոն, չես իմանո՞ւմ, որ ահեղ դատաստանի առաջ ես կանգնած,— ասավ Սոլոմոնը:

Անտոնը ոչինչ չպատասխանեց։

— Ինչո՞ւ չես խոսում,– հարցրեց խմբապետը։

— Ես մարդու հետ կխոսամ,– զուսպ զայրույթով պատասխանեց Անտոնը։

— Տո՛, շո՛ւն, ես մարդ չե՞մ, շո՞ւն եմ, դե արի ու էս տեսակ շներին լավություն արա,– զայրացած ասաց Սոլոմոնը և քիչ մնաց հարձակվի Անտոնի վրա։

— Սպասի՛ր, սպասի՛ր, Սոլոմո՛ն։ Դուք ինչպես երևում է հին հաշիվներ ունեք միմյանց հետ, այստեղ այդ հաշիվները մաքրելու տեղը չի։ Լսիր, ջաղացպան, քեզ կարող ենք բանտարկել, եթե չասես, թե ինչ են խոսել Միդին ու Չատին, ինչեր Է արել Կուպրը, ինչ ժողովներ եք ունեցել ջաղացում, ինչ եք որոշել, ովքեր են եղել այն բոլշևիկները, որոնք եկել են ձեզ մոտ, մի խոսքով այն ամեն անցուդարձը, որ տեղի է ունեցել այս կարճ ժամանակամիջոցում։

— Ձեր խոնարհ ծառան եմ, ինչ ուզում եք արեք, բանտ եք ասում, պատրաստ եմ, բանտը իմ ջաղացից ավելի լավ կըլի իմ հաշվով, ես ոչ մի բան ո′չ տեսել եմ, ո՛չ լսել։

— Ուրեմն հրաժարվո՞ւմ եք։

— Հա՛, աղա ջան, սուտ խոսելուց հրաժարվում եմ, ինչպես հրամայեցիր։

Դուրսն իրարանցում ընկավ։

«Կո՜ւպրը, Կո՜ւպրը... Կուպրին բռնել, բերում են...»։

Իրոք որ Երկու զինվոր Կուպրին առաջ արած, բերում էին, իսկ նա պարում էր ու երգում։

Խմբապետն ու Սոլոմոնը դարս եկան պատշգամբ։

Կուպրը դռան առաջի հրապարակը հասնելով սկսեց իր պարն ու երգը։

Ինձ թակել են, թակել են,

Կողքս թքով ծակել են,
Իրանք գինին լակել են,
Եթիմ Կուպրին թակել են։

— Վերև բերեք դրան,— հրամայեց խմբապետը։

Իրար վրա թափված ամբոխի միջից Կուպրին հազիվ վեր հանեցին։ Կուպրը նկատելով Անտոնին, բացականչեց.

— Վա՜հ, Անտոն բիձա, դա էլ էստե՞ղ... ղոնախլուղ ա, ինչ ա՞...

— Մի՛ խոսիր դրա հետ,— հրամայեց խմբապետը։ —Ասա, որտե՞ղ բռնեցիք դրան,— դարձավ նա բերող զինվորներին։

— Տրեխները հանում էր, թե գետն անցնի, վրա հասանք ու բռնեցինք։

— ճի՞շտ է,— հարցրեց խմբապետը։

— Հրաման քեզ, աղա ջան, դրուստ ա, համա ես ուզում էի շորերս հանեմ, որ գետումը լողանամ։

— Էս ցրտի՞ն...

— Ի՞նչ ցուրտ, Կուպրի համար ցուրտն ու տաքը մեկ ա ուզում ես, էս սհաթիս շորերս հանեմ, վրես մի կուժ սառը ջուր ածա, ուզում ես, տկլորվեմ, մտնեմ վառվող թոնիրը։

— Շա՞շ ես, թե մեզ ես շաշի տեղ դրել,— զայրացավ խմբապետը։

— Շաշ եմ, շաշի հետ, խելոք եմ, խելոքի հետ, խոզի կշտին՝ թռչուն եմ, լապստրակի կշտին... բըռ՜ռ՜ռ՜... խմբապետ եմ...

— Ձա՚յնդ, լիրբ անամոթ։

— Ձա՛յնդ, լիրբ անամոթ,— կրկնեց Կուպրը խմբապետից ավելի ուժեղ գոռալով։

— Դուրս տարեք այս սրիկային։

— Տուն բերիք ինչ խեր տեսաք, թե հիմի դուրս տանեք, ինչ օգուտ տենաք... հի՜, հի՜, հի՜, հի՜,— ձիու պես սկսեց խրխնջալ Կուպրը և ոտները գետին դոփել։— Հեռու կաց, քացի կտամ,— ասաց նա մոտեցող զինվորին և ինքը ցատկեց դուրս ու սկսեց պատշգամբում պարել։

— Դու ինչ կապ ես ունեցել Կուպրի հետ, ասա, թե չէ...— զայրացած վրա պրծավ Անտոնին խմբապետը։

— Ի՞նչ կապ. ես հո շաշ չեմ, որ շաշի հետ կապ ունենամ։

— Բայց նա ինչո՞ւ էր շուտ-շուտ ջաղաց գալիս քեզ մոտ։

— Քեզ եմ հարցնում, ինչի՞ էր գալի, շաշի առաջ գեղի ամեն դուռն էլ բաց ա, ես հու ջաղացի դուռը նրա առաջ կողպելու չի...

— Տարե՛ք, երկուսին էլ բանտարկեցեք,— հրամայեց խմբապետը։

Զինվորն առաջն արավ Անտոնին ու Կուպրի հետ միասին տարավ դեպի Սոլոմոնի գոմը։

Դուրսը հավաքված գյուղացիք աղմուկ բարձրացրին։

— Էս խեղճ քյասիբից ի՞նչ են ուզում։

— Էս շաշին ուր են տանում։

— Բոլշևիկը սրա՞նք են...

— Էս էլ Միդինի ու Չատինի նա՞ղլն ա...

— Եկեք գնանք, պահանջենք, որ Անտոնին ազատեն...

— Դե՛ որ Կուպրիցն էլ վախենում են, էլ ի՞նչ կառավարություն ա սա...

— Անտոնին ազատեցեք, Անտոնին ազատեցեք... Խմբապետը թեև դուրս եկավ պատշգամբ, որ բացատրություններ տա, բայց խալխը չլսեց․ նա պահանջում էր անմիջապես ազատել Անտոնին։

— Չի՛ կարելի,— ասաց խմբապետը և կարգադրեց, որ ուժով ցրեն աղմկարարներին։

— Սոլոմոն, եթե սրանք են բոլշևիկների ագենտները, սխալված ենք, մեկը խելագար, իսկ մյուսն աշխարհից անտեղյակ համառ ծերունի,— սենյակ մտնելով ասաց խմբապետը։

— Էդ լավ ես ասում, համա ես կարծում եմ, որ Անտոնին պետք ա հուպ տալ։

— Անձնական հաշիվներով ես առաջնորդվում, ես այդ բանն անել չեմ կարող, իսկ հասարակությունն ավելի է բորբոքվում։

— Էն ժամանակ բաց թող։ Թող էլի գնա ջաղացը, մենք ծածուկ հսկող կնշանակենք, իմ կարծիքով էդ ջաղացում ինչ-որ բան ա կատարվում։

— Իսկ Կո՞ւպրը։

— Կուպրին պետք ա պինդ պահես, նա թռուցիկ էր ման ածում։

Գիշերը կոմիտեն նիստ ուներ։ Չափազանց տաք վեճ էր բացվել բանտարկյալների շուրջը։ Ջաղացում հարբեցող տղաներից երկուսին որոշեցին ուղարկել կենտրոն, իսկ Մուշեղին առան հսկողության տակ, որովհետև նա ավելի կասկածելի էր հենց սկզբից։ Որոշվեց Չատինին ու Միդինին նույնպես հսկողության տակ պահել, իսկ երբ հարցը դարձավ Կուպրի և Անտոնի շուրջը, կեսգիշերն անց էր, երբ մեկ էլ էն տեսան Կուպրը երգելով ու պարելով գալիս է դեպի շտաբը։

— Սա՞ ինչ հանելուկ է։

Կուպրը բարձրացավ վերև, մտավ ներս և հայտարարեց.

— Ես գեղի հոգուն մատաղ, գեղացիք եկան, ձեր ղարավուլին բռնեցին, զենքը ձեռից խլեցին, գոմի դուռը կոտրեցին, ինձ ու Անտոնին ազատեցին։ Էս ես, հրես եկել եմ, Անտոնն էլ հրեն գոմում նստած, չի փախչում, ասում ա․ «էս աշխարհում օրենք կա, դիվան կա, ինձ գոմն են գցել, թող իրանք էլ ազատեն»։ Ես շաշ եմ օրենք-մօրենք չեմ ճանաչում, հրես էսա գնում եմ իմ բանին, դուք գիտաք նա, ինչ կուզեք արեք։

Ով էր գոմի դուռը կոտրողը, ով չէր, էնպես էլ չպարզվեց։ Գյուղն էր, գնա ու բռնի։

— Մնաք բարով, չասեք թե Կուպրը փախավ,— ասաց Կուպրը և այնպիսի արագությամբ դարս թռավ սենյակից ու խավարի մեջ անհետացավ, որ ետևից գնդակ չէր հասնի։

Կրակեցին Կուպրի ետևից, գյուղն իրարանցում ընկավ, վազեցին թե ճանապարհները փակեն, բայց էլ ո՞վ կբռներ Կուպրին։ Վազեցին դեպի գոմը. լուցկի վառեցին։ Խավարի մեջ նստած էր Անտոնը մեն-մենակ։

— Դո՛ւրս եկ,— հրամայեց խմբապետը։

Անտոնը դուրս եկավ։

— Դուռն ո՞վ կոտրեց։

— Գիտեմ ոչ։

— Շատվո՞ր էին…

— Տեսա ոչ։

— Քեզ չառաջարկեցին, որ փախչես։

— Ասեցին։

— Ինչո՞ւ չփախար։

— Ո՞ւր փախչեի, փախչելա տեղս իմ ջաղացն ա, որ գնայի էլի կբռնեիք, կբերեիք էստեղ ու հաստատ կվճռեիք,որ ես բոլշևիկ եմ։

— Բա մի մարդ էլ չճանաչեցի՞ր։

— Չէ′ ։

— Չոռն ու զահրումարը քեզ։

— Շնորհակալ եմ ձեր պատվից։

— Լեզուդ ծոծրակովդ կհանեմ, թե մեկ էլ էդպես խոսես։

— Շատ էլ լավ կանես, սա էլ լեզու չի, որ գլխիս կրակու փորձանք ա դառել։

Անտոնին խիստ հսկողության տակ առած տարան շտաբ։

— Լսի՛ր, ծերո՛ւկ,— ասաց խմբապետը,— քեզ նորից կուղարկենք ջաղացդ, էս անգամ ներում ենք, միայն մի պայման կա, ով որ այսուհետև գա քո ջաղաց, պետք է իսկույն մեզ հայտնես, իմացա՞ր։

— Լավ իմացա, համա... ես ո՞նց ջաղացս ամեն անգամ անտեր թողամ ու գամ ձեզ իմաց անեմ։ — Գալու կարիք չկա. միտդ կպահես անունը, հետո մեզ կհայտնես։

— Աղա, լավ չի՞ ըլիլ, որ մի գիր իմացող տաք ինձ, գա ինձ հետ ջաղացումը նստի ու ցուցակ կազմի... Համ ինձ կազատեք կասկածից, համ էլ ձեր հավատարիմ մարդն ինչ– որ տենա, կգրի, կպահի։

— Ուրիշ խոսքով քարտուղար ես ուզում, էլի՜։

— Ասածդ չհասկացա։

— Տո′, հարամզադա, ո՞վ ա իմացել, որ ջաղացպանը պիսեր ունենա,— հասկացրեց Սոլոմոնը։

— Աղա խմբապետ, եկեք ինձ ազատեցեք էդ ջաղացից, պահեցեք ձեր կշտին, ուզում եք շան տեղ էլ քարշ տվեք, մենակ թե ազատեցեք ինձ էդ խաթից։

— Չի՛ կարելի․ դու պետք է մնաս ջաղացում։

— Լավ, թող ձեր հրամանն ըլի։

— Դե՛, գնա՛։

— Բա պիսերը։

— Էդ մեր գործն է, մենք կկարգադրենք։

Երբ Անտոնը ցած իջավ բակը, նրա առաջը կտրեց Ավետիսն ու ասաց.

— Անտոն, գնա ու շնորհակալ մնա քու բախտից, գնա ու Սոլոմոնի համար աղոթք արա, որ մարդը սաղ գիշեր քեզ համար չալիշ եկավ, որ ազատի։

— Շատ շնորհակալ եմ քեզանից էլ, Սոլոմոնից էլ։ Սոլոմոնին կասես, թե նրա արած լավութինը մոռանալ չեմ, թե սաղ մնամ մեկին տասնապատիկ ետ կտամ։

Թեև խավար էր, գիշեր, բայց պատահած դեպքի առիթով գյուղացիք քուն չէին մտնում, ամեն մեկն իր դռանը պահապան է կանգնել հրացանը ձեռին։ Անտոնն անցնում էր գյուղի ծուռումուռ փողոցներով, լուռ, անխոս, գլուխը կախ։ Երբ մեծ ճամփան ընկավ, նրան կանգնեցրին պահակները։ Ենթադրելով, թե փախել է գոմից, ուզեցին ծեծել։ Անտոնի տված բացատրությունները նրանց չբավարարեց, ուստի իրենցից մեկին ուղարկեցին շտաբ, որ ստուգեն իսկությունը։ Պահակներից մեկն էր միայն Անտոնի գյուղից, մյուսներն օտարականներ էին, եկվոր «խմբի» տղաներից, որոնց հարցուփորձին Անտոնը կցկտուր պատասխաններ էր տալիս միայն։

— Ամեն բան ձեր մեծավորին ասել, պրծել եմ, գնացեք նրանից իմացեք, թե ես ով եմ, ինչ մարդ եմ, ինչ գործի տերեմ,— ասաց Անտոնը և ճամփան շարունակեց, երբ լրաբերը հայտնեց, թե իրոք Անտոնը փախստական չի։ Գյուղից դուրս գալիս Անտոնի համագյուղացին կամաց մի բան միայն շշնջաց նրա ականջին.

— Վախիլ մի, սրանց ժամանակը կարճ ա, հրես կսրբենք, սրանցից էլ կազատվենք...

XIII

Լուսը բացվելուն պես Անտոնը ջաղացը մաքրեց, կանոնավորեց։ Սոլոմոնը մարդ էր ուղարկել, որ այգում պահած գինին տեղափոխեն։ Թեև գյուղացիները մի քանի անգամ առաջարկեցին Անտոնին գինի վերցնել, բայց նա կտրականապես մերժեց և նույնիսկ ընդհատեց նրանց հետ ամեն մի խոսակցության։ Կեսօրին մոտ, երբ գինի տեղափոխողները հեռացան, վերջացնելով իրենց գործը, դիմացի սարալանջից մի մարդ իջավ ցած, ընկավ ճանապարհը և խուրջինն ուսից ուս գցելով քայլերն ուղղեց դեպի ջաղաց։ Սա մի սովորական գյուղացի էր, մոտակա գյուղից։ Ջաղաց մտնելուն պես, խուրջինը ցած դրեց, բարևեց Անտոնին ու ասաց.

— Շատ վռազ եմ, Անտոն բիձա, աղունս ձեռաց աղա, ետ գնամ։

— Աչքիս վրա, ախպեր ջան, անունդ ինձ բախշես...

— Անունս Միկիչ ա, ջաղացի ջուրը կապի, ես աղունք վրեն կածեմ, հետո կխոսանք։

Անտոնը դուրս եկավ, ջաղացի ջուրը կապեց ու աչքը ման ածեց դես-դեն, ստուգելու համար, թե ջաղացի չորս բոլորը հո կասկածելի մարդ չի երևում։

— Կուպրը փախավ Ադրբեջան, տղերանց մոտ,— ասաց Միկիչը, հենց որ Անտոնը ներս մտավ,— ես Արմենի խմբիցն եմ. ամեն բան գիդաս, պատմելն ավելորդ ա. ջաղացդ կասկածի տակ ա, բայց ինչ էլ որ ըլի, զենք ենք բերելու, սա մեր պահեստատեղին ա։ Էս գիշեր ներքի հանդումը մենք մի քանի թվանք ենք կրակ տալու, որ խմբապետների ուշքն էն կողմը գցենք, ջաղացը կասկածանքի տակից ազատենք։ Էգուց գիշեր էլ էն մեկ էլ կողմն ենք մի քանի տղա ղարկելու, որ ղարավուլների վրա սուտ կրակ տան, խմբապետների ու կոմիտեի միտքը շեղելու համար, երբ որ բոլորովին համոզվենք, որ էս ջաղացին էլ ուշք դարձնող չկա, երկու օրից հետո մի քանի ձիավոր զենք կբերեն, կպահես։ Մենք գործն էնպես կսարքենք, որ էս մեծ ճամփի ղարավուլը մեր գեղիցը դնեն։ Էս իրիկուն մեր գեղում ժողով կա, մենք ասելու ենք, թե ձեր գեղը բոլշևիկի գեղ ա, նրան չենք հավատում. պահանջելու ենք, որ ղարավուլը մեր գեղիցը ղարկեն, էդ ղարկող ղարավուլն էր մեր տղերանցից կլեն, հավատարիմ, բոլշևիկ տղերք, նրանք կգան քեզ մոտ, ուրիշների կշտին ուշանց կտան բոլշևիկներին, դու էլ նրանց հետ մեկտեղ ուշանց տու, անիծի։ Վախիլ մի, ժամանակը մոտեցել ա, ամիսը չթամամած, կռիվները կսկսվեն, սրանց հերը կանիծենք։ Դրսից մեր օգնությանը զենքն ա, որ մարդ էլ չգա, մեր գեղումն էնքան ծածուկ բոլշևիկ կա, որ հերիք կանի աղալարներին փրթելու համար։

Միկիչն այնպիսի արագությամբ վրա տվեց, որ Անտոնն իսկի ժամանակ էլ չգտավ մի կարգին նայելու խոսողի դեմքին, երբ ջաղացի դուռը բացվեց ու ներս մտավ խմբապետի շտաբում նստած գրագիրներից մեկը. Միկիչն անմիջապես խոսքը փոխեց.

— Ես ի՜նչ ասեմ ձեր գեղի նամուսին, դիփ բոլշևիկ են դառել, ազգը ծախել, հալբաթ որ քեզ էլ կբռնեն ու կչարչարեն։ Ափսոս չի մեր գե՞ղը... մերով-մանուկով դաշնակ են. անջախ հայոց ազգն ազատվել ա, ձեր գեղացիք ուզում են, որ էլի ռուսի պրիստավը գա կաշիներս մաշկի։

— Բարև ձեզ։

— Բարով, հազար բարի,— պատասխանեց Միկիչը։

— Ի՞նչ մարդ ես, ո՞վ ես, ի՞նչ գործ ունես էս ջաղացում...

— Եկել եմ էս ջաղացումը, գինու, արաղի դուքան բացանեմ, ասում են խմբի տղերքը լավ են խմում։

— Քեզ մարդավարի բան եմ հարցնում։ — Ես էլ մարդավարի ջուղաբ եմ տալի, էլի. ջաղացն եկողն ի՞նչի կգա, հրեն աղուն եմ բերել, աղում եմ, էլի...

— Անունդ ի՞նչ է, որտեղացի՞ ես։

— Անունս Միկիչ ա, հորս անունը՝ Մարտիրոս, ազգիս անունն էլ Մարկոսանց, ինքս էլ թունդ դաշնակ եմ, էս վերի գեղիցը։

— Ձեր գյուղում բոլշևիկներ շա՞տ կան։

— Ինչքան քեֆդ ուզի, առաջին բոլշևիկը մեր տերտերն ա, Վանո բեգը, քյոխվա Միրզեն, աղվեսի մորթուց քուրք հագնող միկիտան Վասիլը... Ո՞ր մեկն ասեմ։

— Իսկ դու՛, դու՛։

— Ես հո թալանչի չեմ, որ բոլշևիկ ըլեմ, ասում են բոլշևիկը թալանչի մարդն ա, մեր գեղի թալանչիքն էլ նրանք են, որ ասեցի, հենց թալան են անում, որ մեզ էլ թալանելու բան կմնա՞, որ ես կամ ինձ նման մարդն էլ թալան անի՞... Անտոն բիձա, ջուրը կտրի, աղունը վեր եկավ, քարը քարին ուտում ա...

Անտոնը դուրս եկավ ջուրը կտրելու, իսկ Միկիչն սկսեց ալյուրը խուրջինն ածել։

— Հրամանքդ ո՞վ ես,— հարցրեց Միկիչը գրագրին։

— Ես շտաբի գրագիրներից եմ։

— Հա՜... լավ մարդ ես, ուսում էլ ունես, ազգի գործիչ ես, աստված քեզ նմաններն անպակաս անի ազգի գլխից, բա չեք կարում էդ բոլշևիկներին ռադ անեք, պրծնե՞ք...

— Մենք էլ հենց դրանով ենք զբաղված։

— Հա՜... լավ եք անում, դե դուք պետք ա մեզ պես խեղճ մարդուն պահեք, թե չէ... ազգը հո ձեռից գնաց...

— Իսկի քեզ պես գիտակից մարդ կա՞, որ հասկանա՞, ժողովրդի մեջ վատ ու անհասկացող մարդիկ կան, որ մեր դեմ են խոսում, խալխի միտքը պղտորում, բոլշևիկություն քարոզում։

— Հա՜... էդ մինը լավ չի, ոչինչ, արտի միջին ալա էլ կըլի, կառը փուշ էլ, կոծոծ էլ, պետք ա էլի դուք մաքրեք,— Անտոն բիձա, եկա՞ր, առ բաժինդ վեր կալ, ինքդ էլ բոլշևիկից հեռու ման արի, տեսնում ես, քեզ էլ են չարչարում։

— Է՜... Միկիչ ջան, տո ես գիդամ բոլշևնիկն ի՞նչ ա... Հրես էս պատվական մարդը լավ-լավ, ազգի օգուտ բաներ ա խոսում, հիմի ես ինչ գիդամ սա բոլշևնի՞կ ա, թե ուրիշ՛ զադ։

— Բա խելքդ էդքան էլ չի կտրո՞ւմ, տեսնում չես մարդը հենց դաշնակ ա, որ օխտը գետի ջրով լվանաս, էլի էն դաշնակը կմնա... Դե՛, մնաք բարով։ Հա՛, բա հիմի, ախպեր ջան, էսա գնում եմ, մեր գեղն ի՞նչ խաբար տանեմ։

— Ասա՛, որ շուտով ամեն ինչ կխաղաղվի, բոլշևիկների կյանքը մի շաբաթվա կյանք է։

— Հա՜ա՞... խեր խաբարում կենաս, էդպես էլ կասեմ․ «մի շաբաթվա կյանք»։

— Խեր ըլի գալդ,— ասաց Անտոնը։

— Ոչինչ, էնպես, շրջում եմ, որ ծանոթանամ ձեր գյուղի հանդերի հետ։

— Հա՛, լավ ես անում, ասում են կռիվներ են ըլելու, լավ դիրքի տեղեր ջոկեցեք, որ էդ Ադրբեջանի թուրքերն ու բոլշևիկները գան ոչ մեզ կոտորեն։

— Է՜, բիձա, շատ դժվար է մեր գործը, շա՜տ... Մի կողմից մենք պետք է կռվենք և կռվում ենք մեր երկրի ներսը բուն դրած թշնամիների դեմ, մյուս կողմից բոլշևիկների։ Ներսի թշնամիների՝ թուրքերի գործը հեշտ է, նրանց արդեն մաքրում են մեր տղերքը, որպեսզի Հայաստանը դառնա միայն հայերի երկիր, իսկ բոլշևիկների հետ հաշիվ մաքրելը դժվար է. նրանք նախ շատ են և ուժեղ, մեջտեղն Ռուսաստան կա, իսկ երկրորդ՝ մեր երկրի ներսում կան շատ դավաճան հայեր, որոնք նույնպես բոլշևիկների կողմնակից են։ Դե՛, մի փոքրիկ երկիր կարող է արդյոք իր ուժերը ցրել մի քանի ճակատի վրա։

— Ախր, բալա ջա՛ն, մի ես չիմացա, թե էդ բոլշևնիկ ասածդ ի՞նչ ա ուզում մեզանից, որ էդքան կատաղած են նրանց դեմ, էնքան են կատաղած, որ ինձ էլ են բոլշևնիկի տեղ դնում, ի՞նչ կըլի մի հասկացնես։

— Ի՞նչ ասեմ, բիձա, բոլշևիկը որ կա, Ռուսաստանը քանդող, ավերողն է։ Ինչպես որ մի մեծ կրակ, մի հրդեհ վեր կենա ու լափի ամեն ինչ, մոխիր դարձնի, քանդի, ավերի ժողովրդի ունեցած-չունեցածը թալանի, տանի էդ ա։ Մեր երկիրը մի աղքատ երկիր է, բայց էլի մի կերպ կարողանում է Ամերիկայի օգնությամբ, էնտեղից բերած հացով ապրի, հիմի նրանք ուզում էն գան, էդ եղած-չեղածն էլ տանեն, մեր վիզը բոլորովին կտրեն։

— Հիմի քու ասելով բոլշևնիկը մեր երկրի, մեր հայերի դուշմանն ա, էլի՜...

— Էլ ասեցիր ա պրծար...

— Բա ոնց պտի անենք, որ ազատվենք։

— Մենք էլ հենց դրա մասին ենք էսքան գլուխ կոտրում, էլի՛. սաղ ազգը ոտի ենք հանելու, որ կռվի, միևնույն է, կոտորածն անխուսափելի է, թուրքի հետ միացած գալու են ու բոլորին սրի քաշեն։

— Պա՛, պա՛, պա՛.., էդ ի՞նչ զուլում ա... Լավ, բա ե՞ս ինչ բան ունեմ դրանց հետ, որ ինձ էլ են չարչարում, ես իմ օրումը ճանճ էլ չեմ սպանել, ինձ վրա էլ են կասկած տանում, չի ըլի՞լ մի ասես, թե ինձ վրա շառ մոգոնողն էդ ով ա...

— Ի՞նչ իմանամ։

— Էլի՛, օրենքի մարդ ես, կիմանաս։ Իմ կարճ խելքն էնպես ա կտրում, որ Չատինին ու Միդինին բռնել տվողը մեր գեղացի Ավետիսն ա, համա խելքս չի կտրում, թե նա ինձ վատութին անի, շառի մեջ գցի, ի՞նչ կասես...

— Չգիտեմ։

— Բա հիմի դուք ո՞նց եք ուզում բոլշևնիկի դեմ կռիվ անեք, պառավ մարդ եմ, էսօր-էգուց կմեռնեմ, մի իմանամ, որ էն աշխարհը գնալիս մի խաբար էլ ա տանեմ։

— Չե՞ս տեսնում ո՜նց... Հրես դիրք են բռնել, որ եթե հարձակվեն մեզ վրա, ջարդենք։

— Շատվո՞ր եք, շատվո՛ր, էն ասա, թե չէ, վայ թե նրանք հաղթեն ու ժողովուրդը ձեռից գնա։

— Էնքան էլ շատ չենք, բայց կդիմանանք, խոստացել են էլ զորք ուղարկեն։

— Էլի, մեր էս գեղրանքի գոլին կըլի՞ մի հարիր հազար թվանք բռնող։

— Որտեղի՞ց, շատ-շա՜տ մի երեք հազար հոգի լինի, բոլշևիկները հո միայն էս կողմով չեն գալի, նրանք ուրիշ գավառների վրա էլ են հարձակվում։

— Ասենք երեք հազարն էլ քիչ չի, թե լավ պաշար ունենանք, ես ինչ գիդամ, պատրոն, թոփ, թվանք... — Է՜, բիձա, մեր ցավն էլ հենց այդ է, զենքի ու զինամթերքի պաշար քիչ ունենք։

— Էլի՛, Էս ամենը, թե կռիվն սկսվեց ու գիշեր-ցերեկ տրաք հա տրաք, կրակ եք տալիս, քանի՞ ամիս հերիք կանի։

— Ի՞նչ ամիս, այ բիձա, մի չորս-հինգ օր, որ հերիք անի մեծ բան է։

— Էդ լավ չի, լավ չի, շա՜տ լավ չի, կռիվը հենց բռնացրեք, որ նրանց համ ջարդեք կամ էլ զենք խլեք։ Հայի աստոծը մեծ ա, մեզ քոմագ կանի, հենց որ կռիվն սկսվի, թող տերտերնին օր ու գիշեր աղոթք անեն,— հեգնեց Անտոնը։

— է, բիձա, մեծացել ես, բան չգիտես, այս կռվում ոչ մի աղոթք օգուտ չի անի։

— Խի՞ ես ասում, այ որդի, լուսավորիչի կրոնը մեծ ա, հաստատ, չարը կխափանի, բարին կառաջնորդի... Գնամ, բալա ջան, գնամ մի քիչ փետ բերեմ, կրակ անեմ, ցուրտ ա, գիշերս ինձ ղոնաղ կաց հազիր մենակ եմ, զրից կանենք աշխարհիս խեր ու շառից։

— Չէ՛, բիձա, ես գնալու եմ, մութը վրա է հասնում։

— Դու գիդաս, որդի, համա շատ խնդրում եմ, բալա ջան, բարեխոս ըլես, քու մեծավորի առաջ, որ էլ ինձ անտեղի տանջեն ոչ, թողան էս ջաղացումը վեր ընկնեմ, իմ ցավին կենամ, հայոց ազգի համար աղոթք անեմ։

— Լավ, կասեմ, բիձա, քեզ ձեռ չեն տա։

— Հա՛, որդի, շատ ապրես, թե որ սաղ մնամ, լավութենիդ տակիցը հալբաթ մի օր դուրս կգամ։

Անտոնը քայլերն ուղղեց դեպի դիմացի անտառը փայտ ու կռիվ ժողովելու, իսկ երիտասարդ լրտեսը ճանապարհվեց դեպի գյուղ։

***

Խավարը խառը երազներ էր ծնել ու պաշարել Անտոնի ուղեղը։ Նինջը կոխել էր Անտոնին, որը, գլուխը դրած բուխարու մոտի քարին, մրափում էր, երբ հրացանների ճարճատյունն ու ձիերի սմբակների դոփյունը զարթնեցրին նրան։ Անտոնը վեր թռավ, ջաղացի դուռը ծերպ արավ և նայեց դուրս։ Նրան թվաց, թե ինչ-որ ծառ ու քար կա, ոտք է առել, շարժվում է, վազում դեպի ցած, դեպի ներքևի սահմանագլուխը։ Ինչպես վարարած գետը քար ու փայտ իրար գլխով տալով աղմկում է, այնպես էլ դիմացի ճանապարհով քշում էին ձիավորները մթության մեջ իրար հրելով, գոռալով ու հրացան արձակելով։

«Մերդ չմեռնի, Միկիչ, տե′ս ինչ օին ա սարքել, է՜...»,– մտածեց ինքն իրեն Անտոնը, ապա դուռը կրկին փակեց ու սպասեց, թե ինչ լուր կբերեն իրեն։

Ջաղացի դուռը բախեցին։ Անտոնը վեր թռավ, մոտեցավ։

— Ո՞վ ես։

— Բա′ց արա։

Անտոնը ձայնից ճանաչեց Սոլոմոնին։ Ջաղացի դուռը բաց արավ ու խավարի մեջ մի քանի ձիավոր նկատեց, որոնցից մեկը խմբապետն էր։

— Էսօր ջաղացը մարդ չի՞ եկել,— հարցրեց խմբապետը։

— Եկել ա։

— Ո՞վ։

— Մինը ձեր տղերանցից էր, էն որ ձեր կշտին նստած գիր էր գրում, մին էլ էս վերի գեղից մի տղա, Միկիչ անունով, աղուն էր բերել, որ աղա։

— Ուրիշ ոչ ո՞ք։

— Ոչ ով։ Ի՞նչ կա, աղա′, խալխն էսպես դուրս թափված, որը ձիով, որը ոտով՝ գնացին։

— Ներքևի պահապաններին կոտորել են,— առանձին ոչ մի բան, զգույշ կաց քեզ էլ չգան ու չմորթեն ջաղացի միջին։

— Ջաղացդ մարդ չթողնես մտնի,— պատվիրեց Սոլոմոնը։

Ձիավորները հեռացան, իսկ Անտոնը քմծիծաղեց։ «Կոտորե՜լ, չէ′, չէ՛, ոտներ են արել, մի սուտ թվանքի տրաքոցից հալա ոնց են դողում, է՜... Մենակ ձեզ ղոչաղ գիտաք,— ինքն իրեն փնթփնթաց Անտոնը,— հալա մի էգուց գիշեր տեսեք գլխներիդ ինչ թազա տրաքոց ա գալու...»։

Լուսաբացին գյուղ էին վերադառնում գյուղացիները, քնկոտ, ջարդված, ջղային ու գազազած։

— Էս սրտով են կռիվ դուս գալի բոլշևնիկի դեմ...

— Սաղ խալխին տրևոգի մեջ են գցել, քնահարամ արել, թե ինչ ա մի բուդալա գյադա, ով գիդա, լապստրակի վրա կրակ ա տվել...

— Լապստրակ զադ չկա, իսկի թվանք էլ չի տրաքել, իրանք իրանց վախից գոռգոռացել են, միթամ թե շատ լավ դիրքապահ են մեր գեղացոնց էլ հավան չեն, անպատճառ ղարավուլը խումբի տղա պետք ա ըլի...

— Տեսար ո՞նց էր լեզու առած դակլադ անում էն մինը... ասում ա՝ «վալլա′ տաջիկ էր...»։

— Տաջիկ-մաջիկ չկա, իրան ձեռքի թվանքն էր տրաքել...

— Ղորթ, տենա՜ս...

— Հաստատ բան եմ ասում քեզ։

— Արա՛, մի ինձ ասա տենամ, թե դրանք բա ո՞նց են կռիվ արել, Սասունն ու Զեյթունն իրար խառնել, է՜...

— «Մի հայը տասը տաճկի դեմ կկռվի առյուծի պես»,—ասել են դաշնակ խմբապետները, տղերանցը սարսաղացրել գցել են սար ու ձոր, վերջն էլ...

— Վերջն էլ ինչ որ հայ կար վերջացրին Սասունում էլ, Զեյթունում էլ, ու ես ինչ գիդամ...

— Սաղ Տաճկահայաստան ասա ու պրծի, էլի...

— Հա′, հա՛, հա′ ...Լավ են սկսել, ես ու իմ հոր հոգին, Տաճկաստանից մաքրել են հայերին, հիմի էլ էստեղից են մաքրազարդելու...

— Էստեղ էլ հո տաճիկ չկա։

— Տաճիկ չկա համա բոլշևիկ կա։

— Խի բոլշևիկը տաճի՞կ ա...

— Բա չիմացա՞ր, որ ասեց «վալլա, տաճի՜կ էր»...

— Էտպես ա, ով դաշնակ չի, դաշնակին հակառակ ա, տաճիկ ա։

— Հիմի ասենք, թե ես հակառակ եմ, ուրեմն քու ասելով տաճի՞կ եմ։

— Տաճիկ ես, բա՜ս, պերվի սորտի, տաճիկ։

— Դու մի ինձ էն ասա, թե էս խառն օրերը, էս ղալմաղալներն ու կռիվները, էս տաճիկն ու հայը, էս վրացին ու քուրդը, էս ե՞րբ ա վերջանալու, ե՞րբ...

— Կոմիտեն ասում ա, էսա մեր Հայաստանի մեջ ապրող թուրքերին վերջ ենք տալի, պրծանք, էս մին, բոլշևիկներին Էլ կոտորելու ենք, էս երկու, Հայաստանն էլ մեծացնելու ենք, էս իրեք, գնալու ենք հասնենք մինչև Ամերիկա, էս էլ չորս, սաղ աշխարհի տերն ենք դառնալու, էս էլ հինգը...

— Յավա՚շ, յավա′շ... Հայոց թագավոր ենք շինելու, էս էլ վեց...

— Ես ու դու էլ նամեսնիկ ենք դառնալու, էս էլ օխտը...

— Հա′, հա′, հա′... Աշխարհիս երեսին ինչքան մարդ կա, դիփ ճանճեր են, հայերս էլ ծիծեռնակ ու ճանճակուլի ղուշ, թռչելու ենք ու կուլ տանք...

— Չէ′, չէ′, դիփ մորմոնջ* են, մենք էլ արջ, տրորելու ենք, վերջ տանք...

— Ո՞վ կարա մեր զարիբին դիմանա, փորներս սոված, լաշներս տկլոր, ջանից ու հարաքյաթից ընկած...

— Համա որ մին փչենք, բոլշևիկը բմբուլի պես երկինք ա թռչելու...

— Մենք սոված ենք, համա խմբի տղերքը հրեն կուշտ են, ամեն օր ամեն գեղում է՛ն պակասը չորս-հինգ կով են մորթում նրանց համար, ո՞ւմ ինչ վեջն ա, թե քյասիբ մարդու թաց ու ցամաքը կտրում ա...

— Ձենդ կտրի՛, հակառակ խոսալ մի, մարդիկ ազգ են ազատում։

— Դրուստ ա, ազգն ազատում են էս աշխարհի տանջանքից, դու մի տես թե էն աշխարհումը ոնց ենք հայր Աբրահամի գոգումը լվլվալու, է՜...

— Տղե′րք, եկեք բունտ սարքենք։

— Լավ ես ասում, համա մինն իծի պես դբա քարերն ավազ տալի, մինը գոմշի պես դբա ցեխը, ո՞նց բունտ սարքենք, միաբանութին կա, որ բունտ սարքե՞ս...

— Բա հմի ո՞նց պտի ըլիլ մեր բանը։

— Ձեններդ կտրեցեք, հրեն խմբի տղերքը գալիս են։

— Չէ՜, է՜, չէ մի ասա տենամ ո՞նց ա վերջանալու...

— Ձենդ կտրի′, էդ բոլշևիկը գիդա, նրա գործն ա, նա վերջ կտաճ։

— Եկեք գնանք բոլշևիկի կուշտը։

— Ջափա մի քաշիլ, հրես ինքը կգա։

  • Մրջյուն։ — Դե՛, թե գալիս ա, թող մի օրով էլ շուտ գա, էլ ո՞ւմ ճամփեն ա պահում...

— Նրա ճամփեն ա պահում, որ դու հասկանաս քու խերն ա շառը, իմանաս, որ բոլշևիկը քեզ դուշման չի, մեզ դուշման չի...

— Ախպեր, հասկացել եմ, մին էլ վրովն եմ հասկացել, թող գա էս կրակիցն ազատի...

«Խմբի տղաները», ինչպես գյուղացիք էին ասում, մոտեցան և խոսակցությունն ընդհատվեց։

* * *

Հետևյալ գիշեր նույնպիսի մի պատմություն ծագեց հարևան գետի վրա, սահմանապահների դիրքի մոտ, բայց այս անգամ հրացանաձգությունն ավելի երկար տևեց, որը հիմք տվեց կոմիտեին ու շտաբի պետին ենթադրելու, թե բոլշևիկներն իրենց ուժերը կենտրոնացրել են այն կողմը, ուստի իրենք ևս պետք է պահակն ուժեղացնեն այնտեղ, ուրիշ տեղերի դիրքերից խմբեր տեղափոխեն և օգնական զորքի պահանջ ուղարկեցին կենտրոն։

Անտոնի ջաղացը մոռացվել էր, նա այլևս առանձին վտանգ չէր ներկայացնում իրենից, մանավանդ որ կատարված ձերբակալությունների և սրա հետ կապված հարցաքննությունները ոչ մի հետևանք չունեցան, ոչինչ չպարզեցին։

Անտոնի ջաղացն անսովոր շարժման մեջ էր. ամեն գիշեր մեկ կամ մի քանի հոգի էին գալիս «Արմենի մոտից», հրացան ու փամփուշտ էին բերում ու իրենք ետ գնում։ Անտոնը նրանց հաղորդում էր այն մանրամասնությունները, որ գիտեր կառավարական զորքի քանակի ու զինամթերքի մասին։ Ցերեկները սովորաբար աշխատում էր ճամփով անցուդարձ անողներից նոր տեղեկություններ քաղել, ստուգել իրերի անցուդարձը, որպեսզի ընկերներին իրազեկ պահի ամեն բանի մասին։

Սոլոմոնի խոտի դեզի տակը կատարյալ զինապահեստ էր դառել. արդեն հարյուր հատ հրացան կար, բավականաչափ փամփուշտ և ձեռքի ռումբեր։

Խմբերից ու խմբապետներից զատ՝ կառավարական նոր զորք էր եկել, որը հիշեցնում էր ցարական ժամանակները, թեև զինվորների տարազը խառն էր՝ կես-անգլիական, կես-իտալական։ Խառն էին նաև հրացանի տեսակները։ Անտոնը պատահած զինվորին հարցուփորձ էր անում, տրամադրությունները շոշափում, թե որքան լարված են բոլշևիկների դեմ, կամ՝ որքան տրամադիր են կռվելու։ Անտոնը մի բան պարզեց, որ զինվորների մեջ բավականաչափ հակակառավարական տրամադրություն ունեցողներ կան, որոնց զենքի ուժով են քշում դեպի դիրքերը։ Մինչև անգամ մի զինվոր գաղտնի կերպով հայտնեց Անտոնին, որ իրենց մեջ կան բոլշևիկներ, որոնք կռվի ժամանակ մտադիր են անցնելու բոլշեվիկյան կարմիր բանակի կողմը։ Անտոնն այս տրամադրությունները ևս հայտնեց զենք բերող տղաներին, որոնք մի կապոց թռուցիկ տվին Անտոնին, զինվորների մեջ գաղտնի տարածելու համար։

XIV

Երկինքը ձյուն էր մաղում. առաջին ձյունն էր։ Ցերեկը քամին սրբել էր, մաքրել գետինը, որ ձյունի թիթեռների ճերմակ թևերը չկեղտոտվեն։ Օդը խաղաղ էր այժմ, երկնակամարը մոխրագույն հոնքերը կիտած՝ այնպես էր փակել սար ու ձորի բերան, որ ոչ մի տեղից քամի չփչի։ Գիշերը խորհրդավոր էր, լուռ, խավար, միայն հետզհետե ճերմակող գետինն էր լույս տալիս ու ժպտում, կարծես ուրախանալով, որ այնպես մաքուր ու ճերմակով են ծածկում իրեն, այնպես փափուկ շոր են գցում վրան, որ չմրսի։

Հեռվում մի հրացան պայթեց, որի ձայնը խանգարեց բնության անդորրությունը, կարծես մի նեղ ու մութ տեղից ազատվեց մեկը, սուր սուլեց, ու վզզաց դեպի անհայտ տարածություն։ Մահացու գնդա՞կ էր արդյոք, որ վրիպեց, թե հենց անզգուշության հետևանքով արձակված մի հրացան կամ գուցե ազդանշան էր...

Բայց ահա մի երկրորդ ձայն, երրորդը, չորրորդը... ապա համազարկեր... Անտոնը բարձրացավ ջաղացի կտուրը, աչքերը սրբեց, ոչինչ չի տեսնում, նա ուժ տվեց ոտներին և բարձրացավ դիմացի բլուրը։ Հեռվում, ուր սահմանն է, հազիվ նշմարվում էն պոչավոր լույսեր, որոնք անմիջապես հանգչում են, կարծես իրար վրա հարձակվող լուսատիտիկներ լինեն։ Բայց ահա մի սոսկալի որոտ, կարծես երկինքը փուլ եկավ։ Անտոնը դեռ իր կյանքում այդպիսի ձայն չի լսել։ Նրա ոտներն ակամայից սկսեցին դողալ, ատամները չխկչխկում են, շունչը սպառվում է, կարծես վառոդի ծուխ են լցնում նրա քիթ ու բերանը, թեև հրացանները և թնդանոթները հեռվում են պայթում, բայց նրան այդպես է թվում։ Ահա նորից որոտաց թնդանոթը։ Անտոնը մի րոպե սառավ, փետացավ, բայց քիչ հետո ուշքի գալով, մտքում հազիվ ասաց՝ «սկսվեց» ու սոթ տալով, գլորվելով իջավ ցած, մտավ ջաղացն ու դուռը պինդ փակեց։ «Տեսնես ինչ է լինելու սրա վերջը, ով է հաղթելու...»։ Էլ Անտոնի աչքը քո՞ւն կգա...Կծկվել է ջաղացի անկյունում, մտել է ցորենի մեծ կոտի ետևը, կարծես ավելի ապահով տեղ լինի որոնելիս․ աչքը դես-դեն է ման ածում, շոշափում մարմնի զանազան տեղերը, նրան թվում է, թե գնդակները պատը ծակելով իրեն են կպչում... Լեզուն կապ է ընկել, բայց միտքը չի դադարում գործելուց, նա շարունակ մի բան է կրկնում. «Թող գան, գան էս շներին քշեն, բալքի ջաններս դինջանա, արդար կռիվն էլ լավ ա, ով որ գալիս ա խեղճ մարդուն Սոլոմոնների պես գելերից ազատի, թող գա, թող կոտորի... Թող գան մեզ ազատեն...»։

Կռիվը քանի գնում սաստկանում է, առաջին սարսափն անցել է, Անտոնը սովորել է թնդանոթի ձայնին, էլ չի վախենում։ Դուրսը մեծ աղմուկով ու հրացան արձակելով ձիավորներ են գնում օգնության։ Անտոնը դուրս է գալիս ջաղացից, որ թամաշա անի։ «Հե՜յ գիդի ջահելութին... ղուշ դառնայի թռչեի մերոնց մոտ, տենաս հիմի Արմենս, Արսենը, Կուպրը ո՞րդի են...»։

Լուսադեմին կռիվն ավելի սաստկացավ, թնդանոթներն ավելի ուժգին են որոտում, բայց երկու կողմն էլ համառ են, ոչ ոք չի կամենում զիջել իր դիրքերը։ Լուսացավ, ձյունը կտրեց, արևը թույլ ճառագայթներով շոյում է նորեկ ձյունը, հալք, թփերի վրա թառած ձյունի քուլաներն արտասվում են, կռիվը դադարել է. հատուկենտ ձիավորներ են երևում, որոնք գնում են դեպի գյուղ, երևի լուր հադորդելու։ Անտոնը կանչում է, որ մոտենան, մի բան ասեն, լսող չկա շտապում են։ Բայց ահա երևաց մի սայլ, որի վրա յափունջով ծածկված վիրավորներ կան։ Սայլը կանգ է առնում ջաղացի դիմաց, մեկը վազում է Անտոնի մոտ. Միկիչն է։

—Մի ածխակոթ տու, կրակ անենք յարալուները քիչ տաքանան,— ասում է Միկիչը։

— Քանի՞ հոգի են։

— Չորս։

— Սպանված մարդ կա՞։

— Երկու հոգի։

— Ո՞վ են։

— Մինը ձեր գեղացի ա, հինգ երեխի տեր մի տղա։

— Էնդուր են ասել թե՝ գելն ընկավ ոչխարի սյուրուի մեջ, վայ մեկի տիրոջը...

— Էս գիշեր քեզ մոտ մարդ կգա, պատրաստ կաց։

— Լավ։

Միկիչը գնաց, կրակը տարավ․ դիմացի շևուտումը կրակ արին, սայլը մոտ քաշեցին, որ վիրավորները քիչ տաքանան։ Անտոնը փարչը ձեռին գնաց նրանց մոտ, վիրավորները ծանր են, կարող են մեռնեն։ Հայհոյում, անիծում են կռիվը։ Սայլը ճանապարհվում է։ Անտոնը կրկին վերադառնում է ջաղացը, նա զանազան ծրագրեր է քաշում, ծանր ու թեթև անում դրությունը։ Հեռվում նորից սկսվում է կռիվը։ Անտոնը լարված ուշադրությամբ հետևում է, ոչինչ չի կարողանում տեսնել։ Երկինքը նորից ամպակալեց, մութը շուտ վրա հասավ։ Անտոնը կրակ է արել ջաղացում և սրտատրոփ սպասում է, թե երբ և ով է գալու։ Նինջը մառախուղի պես պատել է նրա գլուխը, որը հետզհետե ծանրանում է, քնի գիրկն է ընկնում։ Գլուխը կշեռքի նժարի պես բարձր ու ցածր է անում․ հրացանների ու թնդանոթների դղրդյունին սովորել է ականջը, բայց եթե ընդհատվի այդ որոտը, նա իսկույն կարթնանա, ճիշտ այնպես, ինչպես քանի ջաղացաքարը պտտվում է ու աղմկում, ջաղացպանը հանգիստ քնած է, բայց հենց որ կանգ առնի, նա իսկույն կարթնանա։

— Անտոն բիձա, դուռը բաց արա,— մեկն շտապ ձայն է տալիս դրսից։ Անտոնը խայթվածի պես վեր է թռչում և առանց հարցwu–փորձի բաց է անում դուռը։ Ներս են թափվում մոտ հիսուն–վաթսուն մարդ։

— Ընկերնե՛ր, լուռ նստեցեք և ձայն չհանեք։

Խոսողն Արսենն է։

— Անտոն բիձա, եկ հետս։

Անտոնը լուռ հետևում է նրան։ Դուրսը էլի մարդիկ կան, նրանք ամենքը Արսենի գլխավորությամբ գնում էին դեպի Սոլոմոնի դեզը, հանում են հրացանները, փամփուշտները, ձեռքի ռումբերը և կրում ջաղաց։ Ամենքը զինված են, ուրախ, դեմքերը վառվում են։ Արսենը բաժանում է տասնյակների, ամեն տասնյակի հանձնում է մի մարդու։ Անտոնը նայում է, թե մարդ ճանաչի, նոր է նկատում Չատինին, Միդինին ու իրենց գյուղացի էլի մի ութ հոգու, մյուսներն ուրիշ գյուղացիներ են։ Սրանք բոլորն էլ կասկածելի, անվստահելի մարդիկ են, կոմիտեն զինաթափ է արել և դիրքերը չի ուղարկել։

— Պատրա՞ստ եք։

— Պատրաստ ենք։

— Պետք է շղթա կազմել, այսպես, տասը հոգի այս ճանապարհի մոտ, տասը՝ մեծ, մնացած տասնյակները, ինչպես կարգադրել եմ, ապառաժների ու սարալանջերի մոտ, մի տասնյակը շարունակ կապ կպահպանի բոլորի հետ, ոչ մի հրացան չարձակեք, մինչև իմ կարգադրությունը չստանաք, տեսեք, չխառնվեք, իրարանցում չգցեք, կանոնավոր։

— Դիփս էլ ռսին ղուլուղ արած մարդ ենք, ընկեր Արսեն, վախիլ մի,— ասում է մեկը։

— Այդպես, ապրե՛ք։ Ետ նահանջող զորքին կառաջարկեք անձնատուր լինել և զենքերը ցած դնել։ Հակառակ դեպքում կրակեցեք, առանց խնայելու։ Աչքաբաց եղեք, կատակ չէ, շտաբը պետք է գրավենք։ Դե՛, մարշ։ Զգույշ, Միդի, քո տասնյակը կապ պահողը կլինի։

— Լա՛վ։

Ցրվեցին։ Ձյունը նորից մաղում է։

— Դե՛, Անտոն բիձա, ես դիմացի սարի վրա եմ լինելու, առ էս լուցկու տուփը, հենց որ իմ հրացանի ձայնը լսես՝ անմիջապես կրակ տու խոտի դեզը և ինքդ փախիր հեռու, ջաղացը չմտնես, գնա ուր կուզես, միայն կրակից հեռու կաց։ Տե՛ս, ժամանակին արա, չուշանաս, քեզանից շատ բան է կախված։

— Լավ, Արսեն ջան, համա Արմենս ո՞րդի ա, սաղ ա՞։

— Սաղ ա, առողջ, թե գործներս աջող գնա, էգուց առավոտ կտեսնես, դե՛, մնաս բարով, կռիվ է, վայ թե էլ չտեսնվենք։

Անտոնը լացակումած ձեռքը մեկնեց Արսենին, որն ուժեղ թոթվեց ու դուրս թռավ ջաղացից։

Անտոնը լուցկու տուփը ձեռին կանգնած է ջաղացի դռանը, կարծես թե նրան տեղնուտեղը մեխել են, որ չշարժվի։ Ականջը սրել է, աչքերը հառել դիմացի սարի գագաթին։ Ե՞րբ է պայթելու Արսենի հրացանը... Րոպեներն օրվա չափ երկարում են։ Անտոնը սառել է, նրան թվում է, թե ինքը տեղից չի կարող շարժվել, փորձում է, չէ՛, կարողանում է, կարող է մինչև անգամ վազել։

Դիմացի սարին մի լույս երևաց, կարծես մեկը լուցկի վառեց. «Շը՜ր․․․ա՛խկ», լսվեց հրացանի ձայնը։ Արսենի հրացանի ձայնն էր։ Անտոնն առաջին պահ ցնցվեց, շփոթվեց, լուցկու տուփը ձեռքից ցած ընկավ, ամբողջ մարմնով դողում է։ Ի՞նչ պատահեց... Նրա գլուխը պտտվում է, քիչ է մնում գետին գլորվի, կռացավ, թե լուցկու տուփը բարձրացնի, ոտները դողում են, հիմի կծալվեն և էլ չեն շարժվի... «Տո′ տղամարդ չե՞ս»,— ինքն իր վրա գոռաց Անտոնը և իր իսկ ձայնից սթափվեց, ուժ տվեց ոտներին, վազեց դեպի դեզը։ Վառեց լուցկին, չորս կողմից կրակ տվեց ու փախավ դեպի դիմացի սարի կատարը։

Դեզը վառվում է։ Ծխի ծիրանի քուլաները բարձրանում, խառնվում են երկնակամարը փակած մառախուղին։ Դեզը բռնկեց, ալավը խանձում է երկնքի փեշերը, շուրջը մեծ լույս է։ Անտոնի սիրտն անհանգիստ տրոփում է, նա շունչն իրեն քաշած նայում է մեկ դեզի բոցերին, մեկ հեռվում, դիրքերի մոտ կատաղի որոտացող կրակոցների կողմը, որոնց ձայնը հետզհետե խլացուցիչ է դառնում։ Դիրքերում ինչ-որ աղմուկ բարձրացավ, շփոթություն է տիրում։ Գյուղին մոտ սարի գլխից մի ձայն կանչում է. — Սոլոմոնին իմաց արեք, ջաղացնու ջաղացի կշտի խոտի դեզն էրվո՜ւմ ա, էրվո՜ւմ ա... Հե՜յ, էրվում ա... Խոտի դեզն էրվո՜ւմ ա... Սոլոմոնի խոտի դեզն էրվո՜ւմ ա...

Սրան իբր պատասխան Արսենի սարի վրայից մեկ ուրիշ ձայն, ավելի ուժեղ, քան առաջինը, ազդարարում է.

— Է′հե՜յ, փախե՜ք... Բոլշևիկը մեր թիկունքը կտրել ա՜, բոլշևիկը մեր թիկունքը կտրել ա՜...

«Ա՜ ...ա՜ ...ա՜ ...ա՜ ...» արձագանքում է ձայնը, մտնելով ձորերն ու խութերը։ Ձայնը շարունակում է իր սարսափելի ելևէջները, որին միանում են այս ու այն կողմից պայթող հրացանների ճարճատյունները։ «Մեր տղերքն են,— մտածում է Անտոնը,— հալբաթ Արսենը հրաման տվեց»։

Դիրքերում կռիվը սաստկացավ, այնտեղից էլ են լսվում ինչ-որ աղաղակներ՝ «ա՜...ա՜...ա՜...»։ Անտոնին թվումէ, թե երկիր ու երկինք խառնվել են իրար, սոսկալի տարերք է սկսվել, կարծես իր ոտի տակի սարը շարժվում է, ոլորվում... խոտի դեզը կարծես կրակե շարժվող սյուն լինի, որ պատրաստվում է շրջել ու լափել ամեն ինչ... Սոսկալի խլացուցիչ դղրդյուն... Անտոնի ականջները դժժացին, և նա գետին ընկավ, կայծեր են փչվում այս ու այն կողմ, կարծես ինչ-որ աներևույթ հսկա բուռ-բուռ կրակի շեղջեր է շաղ տալիս... Մի դղրդյուն ևս...

— Փախե՜ք... փախե՜ք...— լսվում են աղաղակներ...

Անտոնը նայում է դեզի կողմը, մեկի փոխարեն այժմ մի քանի տեղ է կրակ վառվում։ Անտոնը չի հասկանում, թե որտեղի՞ց են մյուս կրակները...

Խոտի դեզի տակ թողած ռումբերն իրենց գործը կատարեցին։ Դիրքերում սոսկալի խուճապ սկսվեց. կռվողները փախչում են դեպի ետ։

-Զենքերը ցած դրեք,— առաջարկում են փախչողներին։

Խուճապի մատնվածները չեն առարկում, նրանք իսկույն շպրտում են հրացանները, միայն թե իրենց չկոտորեն։ Դիրքերը դատարկվել են, այլևս թնդանոթները չեն որոտում։ Հեռվից լսվում է զինվորական փողային նվագախմբի ձայնը, որ հետզհետե մոտենում է։ Անտոնի ծեր ոսկորները համաչափ շարժվում են, ռազմական քայլերգի հնչյունների համեմատ։ Նա իջնում է ցած՝ ուզում է միանալ եկվորներին, գտնի իր Արմենին, համբուրի նրա ճակատը...

Ջաղացում անսովոր իրարանցում կա։ Գերիներին լցրելեն ներս ու դռանը պահակ կանգնեցրել, բերում են նորերին։ Անտոնն ուրախությունից ինչ հարցնելը չգիտե։

— Կեցցե′ Խորհրդային իշխանությունը։

— Կեցցե′ Լենինը։

— Կեցցե՛ կարմիր բանակը։

Իրար ետևից լոզունգներ են կանչում ազատագրված սարերին ու ձորերին, եկողների «ուռռա»–ները թնդում են։ Ցնծության աղաղակները կպչելով ժայռերին ու խոր ձորերին, ետ են արձագանքում, կարծես իրար նետելով «ուռռա»–ն, որի «ա» հնչյունը լցրել է օդը բազմաթիվ «ա»–երով՝ ա՜...ա՜...ա՜...ա՜...

Արևելքում երկինքը ետ է քաշել ամպե քողը․ օրը լուսանում է։ Կարմիր բանակը միացած տեղական բոլշևիկ գյուղացիների հետ, շարունակում է հետապնդել փախչող թշնամուն, որ քշի, սրբի, նրա ոտը կտրի երկրից։ Զուռնայի ու թմբուկի ձայնն է լսվում Անտոնենց գյուղի կողմից։

— Շտաբը գրավված է,— աղաղակում է մեկը հեռվից։

Գալիս են, միանում, ուրախությունից իրար գրկում, համբուրվում, ոմանք շատ հուզվելուց արտասվում են, կան պարողներ էլ։ Աղմկում են, թռչկոտում։

Ինչպես գերիները, նույնպես և զորքը շարժվում են դեպի «շտաբի գյուղը»։ Անտոնն այնքան է շշմած, որ մոռանում է հարցնել, թե ո՞ւր է Արմենը, իր թև ու թիկունքը, խալխին ցավից ազատողը։ Բայց նա հանկարծ հիշում է Սոլոմոնին, զայրույթը խփում է նրա գլխին։

— Սոլոմոնը որտե՞ղ ա, Սոլոմոնը, բռնե՞լ եք, թե փախել ա...

Պատասխան տվող չկա։ Անտոնը հևիհև վազում է դեպի գյուղ․ նա և′ ուրախ է, և′ մտահոգ, թե չլինի Սոլոմոնն ազատվել է, փախել։

Գյուղն իրար է անցել, գոռում-գոչումը մարդ է խլացնում։ Սոլոմոնի տան չորս բոլորը խմբված են գյուղացիներ, մարդիկ, որոնք իրենց օրում գյուղի գործերին չեն խառնվել, սրա–նրա տանը հացփոր նոքար են եղել, լեզուներն իրենց քաշած, հիմի կարգադրություններ են անում, հրաման տալիս։ Սոլոմոնի տան պատշգամբից մեկը ճառ է ասում ժողովըրդին։ Անտոնն աչքերը սրբում է, որ ճանաչի, ավելի է մոտենում։ Արմենն է։ Անտոնի սիրտը թպրտում է, կարծես ուզում է դուրս թռչի, նա վազում է, բարձրանում վերև, Արմենի ճառն ընդհատում է, գրկում, համբուրում, լալիս... Խալխը շվարած է։ Ո՞վ է խոսողը։ Անտոնի ի՞նչն է... Շատերը զարմացած են, թե ինչո՞ւ է Անտոնը եկել...

— Ա՛ խալխ, սա իմ թոռն ա, իմ թոռն ա, իմ...— Անտոնի ձայնը խեղդում է, արցունքները խեղդում են նրա կոկորդը...

— Ուռա՜,— թնդում է գյուղը։

Արմենը ճառը վերջացնում է. նա առաջարկում է Կուպրին ընտրել Հեղկոմի նախագահ։ Ամենքը ծափահարում են, թեև կան մի քանի «անատամ գելեր», որոնք դժգոհ են, փնթփնթում են՝ «էլ ուրիշ մարդ չգտան, շաշին են մեր գլխին կառավարիչ նշանակում»։

Ցնծագին աղաղակներով ու ծափահարություններով Կուպրին բարձրացնում են և ձեռքից ձեռք տալով թռցնում օդի մեջ։ Կուպրը խախալի գլուխն ընկած խոշոր հատիկի պես պտտում է ամբոխի գլխավերը։ Անտոնն ուրախությունից ճչում է երեխայի պես։

— Ընկերնե՛ր,— գոչում է Կուպրը,— կռիվը հալա չի վերջացել, շարունակվում ա, ով որ սիրում ա խորհուրդային իշխանությունը, թող զենքն առնի ու գնա մեր առաջնորդի, ընկեր Արմենի ետևից։

— Ուռա՜... գնում ենք, գնա՜նք, գնա՜նք...

Արմենը ցած է իջնում, ձի հեծնում։ Նրան հետևում են գրեթե ամենքը, որը ձիով, որը ոտով։

Սա է վերջին կռիվը

Եվ պայքարը մեր մեծ...

Երգում են ռուսերեն մի խումբ կարմիրբանակայիններ։ Զորքը և ժողովուրդը շարժվում է։ Կանայք ու երեխաները բարձրացել են կտրները և ձեռքերը վեր բարձրացրած, բարի ճանապարհի նշան են անում։ — Դե՛, Անտոն բիձա,— ասում է Կուպրը, դիմելով շշկլված, գլուխն ուրախությունից կորցրած Անտոնին,— էս տունը քեզ փեշքեշ, ե՛կ, ապրի քու տանը, հալալ ա քեզ։

— Չէ՛, Վարթևան ջան, էս տանը ես ապրողը չեմ, էս տունն էլ ձեզ, ջաղացն էլ ձեզ, ես էլ ձեզ, ոնց որ էս տունն օրես դենը խալխինն ա, թող իմ ջաղացն էլ խալխինն ըլի, ես էլ նրա նոքարը, նրա ջաղացպանը։ Ես էլի կգնամ իմ ջաղացը, սարք ու կարգ կանեմ, կպահեմ, նրանից եկած օգուտն էլ թող խալխի քյասիբին ըլի, նրա փորը կուշտ պահի, տկլոր մարմինը ծածկի, ես գնում եմ ջաղացը։

— Բա ուրիշ էլ ի՞նչ խնդիր ունես, ասա կատարենք։

— Ոչի՛նչ, ձեզ ջան սաղութին եմ ուզում, մենակ... մի բան ասեմ...

— Հը՞, ինչ կա, ասա։

— Սոլոմոնը ո՞րդի ա։

— Սոլոմոնը բռնված ա։ Երբ որ իմաց են տալիս, թե խոտի դեզն էրվում ա, վեր ա կենում թե գնա, տեսնա ով աարել, ճամփին բռնում են տղերքը, քիչ ա մնում շանսատակ անեն, բայց էլ ձեռ չեն տալիս, բերել են՝ հրեն իրեն գոմը գցած, մի քանի ուրիշ իրեն պես մարդկանց հետ։

— Էդ լավ ա,— ուրախացած ասում է Անտոնը,— մենակ մի բան խնդրեմ, թե նոր օրենքին հակառակ չի...

— Ի՞նչ...

— Դու հո գիդաս, որ ես իմ օրումը ճանճ էլ չեմ սպանել, համա շատ սրտով ուզում եմ, որ էդ անօրենի դատաստանն ինձ տաք, իմ ձեռով անեմ, թե կարելի ա...

— Լա՛վ, Անտոն բիձա, դու գնա բանիդ, ես քու ուզածը կհայտնեմ մերոնց, ինչ որ վճռեն, քեզ իմաց կտամ։

— Շատ եմ խնդրում։

***

Անտոնն իջավ դեպի ջաղացը, մոտեցավ խոտի դեզի տեղին, տեսավ, թե ինչպես ռումբերը երկու խոր փոս են գցել, զարմացավ, ինքն իրեն փսփսաց՝ «էնդուր էր ասում, թե հեռու փախիր կրակիցը, հա՜... Հալբաթ գիտեր էլի էս բանի հունարը»։ Մտավ ջաղաց։ Ջաղացը ցեխոտ էր, կեղտոտ, իրերն իրար խառնված, թափած-թափթփած։ Անտոնը սրբեց, կարգի գցեց ամեն ինչ, մոտեցավ մեծ կոտին, ստուգեց, ցորենը հո չե՞ն տարել... Չէ՛, տեղն է։ Ցորենը լցրեց ջաղացի տաշտը, ջուրը կապեց, քարն սկսեց պտտվել։ Անտոնը սրբեց ալրի տաշտը։ «Դե՛, քար ջան, իմ անբաժան ախպեր ջան, օրես դենը լավ աղա, մինչև էսօր մի մարդու համար ես աշխատել, օրես դենը մի սաղ գեղ ես պահելու, աշխատանքդ ավելի մեծ ա ու ավելի օգուտավոր»,— ասաց նա ու սկսեց մի երգ դնդնացնել։

Անտոնը վերջացրեց իր գործը, բայց սիրտը չէր հանգստանում, նա չէր կարողանում առաջվա պես ջաղացում նստի, ուզում էր գյուղ գնա, նոր-նոր բաներ իմանա, թերևս ինքն էլ մի բանի պետք գա, մի գործ կարողանա կատարի, չէ՞ որ այժմ շատ բան կա անելու։ Բայց ջաղացն ինչպե՞ս անտեր թողնի։ Չէ՛, ջաղացն անտեր չի կարելի թողնել։ Գոնե մի մարդ գար, մի շունչ երևար, որ լուր բերեր։ Արմենը գնաց, ո՞վ գիտե ինչպես են գնում նրա գործերը...

Մտածմունքները տանջում էին Անտոնին, երբ ջաղացի դուռը ճռռալով բացվեց։

— Բարի իրիկուն, Անտոն բիձա։

— Բարու տեր ըլես, Միդի ջան, խեր ըլի, ի՞նչ կա էս մթանը։

— Գնանք, Կուպրը կանչում ա։

— Բա ջաղա՞ցը։

— Փակի։

Անտոնն ու Միդին գնացին։ Ամբողջ ճանապարհին զրույցը պտտում էր պատերազմի շուրջը։ Միդին հետաքրքիր բաներ էր պատմում թե՛ կռիվներից և թե՛ բոլշևիկներից։ Տեղ հասան։ Անտոնը բարձրացավ վերև, Սոլոմոնի տան երկրորդ հարկը, ուր այժմ գյուղի Հեղկոմն էր տեղավորված: Կուպրը նստած էր սեղանի մոտ մի երիտասարդ կարմիրբանակայինի հետ, որը զանազան թղթեր էր կարդում։

— Նստի՛, Անտոն բիձա,— ասաց Կուպրը։

Անտոնը նստեց ու սկսեց դիտել Կուպրին ու կարմիրբանակայինին։ Նա ակամայից վերհիշեց այն գիշերը, երբ Կուպրի տեղ խմբապետն էր նստած և իրեն հարցուփորձ էր անում։ Մտքերի թելն ընդհատեց Կուպրը։ — Անտոն բիձա, էս գիշեր Սոլոմոնին գնդակահարելու ենք, դրա համար էլ քեզ կանչել եմ, դու խնդրեցիր, որ նրա դատաստանը քեզ տանք, քու ձեռովն անես, մերոնք համաձայնեցին։ Ոչ ոք չպետք է իմանա, դու կըլես, մին էլ մեր կարմիրներից երկու հոգի, հետները կգնաս ու թե որ ուզես ինքդ քու ձեռովը կսպանես։ Համաձա՞յն ես։

Անտոնը միանգամից չկարողացավ պատասխանել։ Նա կարմրեց, սփրթնեց, մարմինը մի տեսակ դողով բռնվեց։

- Հը՛... ի՞նչ սուս կացար։

- Գիտեմ ոչ։

- Բա ասում էիր դատաստանը քեզ տանք։

- Հա՛... ասեցի։

- Դե՛, գնա ու արա, էլի։

- Յանի ասում ես սպանեմ, էլի՛։

- Հա՛-բա՜... Չէ՛, հետը քեֆի ենք ղարկում։

- Լա՛-ա՜վ, կգնամ,- հազիվ արտասանեց Անտոնը։

Կուպրը դուրս եկավ, կանչեց մի պարտիզանի, ինչ֊որ հետը փսփսաց, ապա ներս մտնելով Անտոնին ասաց.

- Դե՛, էս տղի հետ կգնաս։

Դուրս եկան։ Խավարի մեջ ոչ ոքի չէր կարելի նկատել։ Մոտեցան գոմի դռանը։ Պարտիզանն ինչ-որ բան ասաց պահակին, որից Անտոնը ոչինչ չհասկացավ։ Դուրս բերին Սոլոմոնին, ձեռները մեջքին կապած։ Երկու պարտիզան նրան իրենց մեջն առած, հրացանները կրակելու պատրաստ՝ շարժվեցին, Անտոնն էլ նրանց ետևից։

- Ո՞ւր եք տանում,— հարցրեց Սոլոմոնը։

- Խոսելն արգելված է, գնա առանց ձայն հանելու։

- Բայց ես...

- Ձա՛յնդ։

Գնում են լուռ, մինչև անգամ կարծես չեն էլ շնչում։ Գյուղը մրափում, ոչ մի մարդ չկա դուրսը, մեկ-մեկ միայն շներն են մարդահաչ տալիս կամ ոռնում։ Անտոնը հազիվ է ետևներից հասնում։ Գյուղից վաղուց են դուրս եկել, բայց դեռ գնում են, դեպի ո՞ւր, Անտոնն էլ չի կարողանամ որոշել տեղը։ Հասան «Մեծ ձորը», ժայռերի միջի արահետով գնացին մի ավելի մութ տեղ ու կանգ առան։ Խավարի մեջ երկու մարդկային կերպարանք ստվերի պես շարժվեցին։ ― Ս-ս՜ս՜...

Մեծ ժայռի տակ մի գերեզման է փորված։ Սոլոմոնին առաջարկեցին նստել գերեզմանի ափին։

― Ախր ի՞նչ եմ արել... Վա՜յ, ձեզ մատաղ...

— Ձա՛յնդ։

Սողոմոնը լռեց։

— Դե՛, բիձա՛, առ էս ատրճանակը։

Անտոնը վերցրեց ատրճանակը։ Ձեռքը դողում է։

- Ի՞նչ անեմ։

Սոլոմոնը ձայնից ճանաչեց Անտոնին։

― Վա՜յ, ― տոն ջա՛ն, քե մատաղ, ես քու շունն եմ, տունս էլ քեզ, կարողությունս էլ քեզ, ես կդառնամ քո ջաղացպանը, երեխանցս եթիմ մի թողնիլ...

― Դե՛, շո՛ւտ,― հրամայեց պարտիզանը։

Անտոնը մեկնեց ատրճան― ը, բայց ձեռն այնպես ամուր դողաց, որ ատրճանակը ցած ընկավ, պարտիզանն անմիջապես բարձրացրեց ատրճանակը, Անտոնին տարավ մի կողմ․

― Ի՞նչ ես անում, բիձա, հանա՞ք է, թե մասխարություն...

― Ձեզ մատաղ, ի՛նչ ուզում եք դուք արեք, ես կարալ չեմ մարդ― պանեմ... Եկեք էս անգամ բախշեցեք, մեղք ա..․

― Դե՛, լա՛վ, հեռու կանգնիր։

Անտոնը հեռացավ, նրան թվաց, ― վերևի սարն իր ամբողջ ծանրությամբ ճնշում է իրեն և ուր որ է կճխլի, փոշի կդարձնի։

Երկու խուլ պայթյուն։

Պարտիզանները եկան։ Ուր որ է հիմա կլուսանա։ Անտոնը մեքենայորեն հետևեց նրանց։ Երբ գյուղի ծայրին հասան, Անտոնը ետ նայեց ու հարցրեց պարտիզաններից մեկին.

― Ի՞նչ արիք։

― Ուղարկեցինք իր պապի ծոցը։

― Հիմի Սոլոմոնն էլ կա ո՞չ...― պարտիզանները նայեցին իրար, ― ապա շփոթված ծերունուն ու քմծիծաղեցին։

Անտոնը ծռեց ճամփան, որ բաժանվի։

― Ո՞ւր, բիձա։

― Գնում եմ ջաղաց։ Բաժանվեցին։

Գնում է Անտոնը գլուխը կախ, մտաբերում է Սոլոմոնի անօրեն արարքները, զայրանում, բորբոքվում է նրա դեմ, բայց չի կարողանամ հասկանալ, թե ինչու ինքը չկարողացավ «գեղը գելի պես վեր կոխած լափող» էն գազանին սպանել...

Անտոնը հասավ ջաղաց ու դուռը բանալիս խոր շունչ քաշեց, ասաց.

- Հա՜... հիմի կհավատամ, որ աշխարհքը կխաղաղվի...

Հեռու հորիզոնի վրա կարծես մեկը ետ քաշեց կրակի անթեղը։ Օրը բացվում էր։

  1. Կոտ—մոտավորապես 12 կլ.։
  2. Բաղարջ—անթթխմոր հաց։
  3. Առաջին աստղը, որ երևում է երկնակամարի վրա։ Գյուղացիք այդ աստղին ասում են «տավարածի աստղ», հավանորեն կցելով այն մտքի հետ, որ այդ աստղը դուրս գալիս տավարածը պետք է արդեն նախիրը տուն բերի։
  4. Թաղարը մոտ 30 փաթ է։
  5. Այրի։
  6. Համբերություն։
  7. Բարակ եղեգնից (չաթան) շինած երաժշտական գործիք։
  8. Ղալ անել — շրջապատել։ Ղալի մեջն անել — շրջանի, կլոր ցանկապատի մեջ անել։ «Հորթերը ղալն արին»։
  9. Աթտազ — մութ տաղ անել — անհետացնել, հետքը կորցնել։
  10. Դյարա բյագլիկ — թուրքերեն դյարա (ձոր) և բյագլիկ (բեգ), բեգություն — բառերից է կազմված, որի իմաստը մոտավորապես այն է, թե «ձորի իշխանություն» — վայրի իշխանություն է։
  11. Գեղը որցակի են բարձել — ժողովուրդը գործ է ածում այն իմաստով, թե գյուղը քանդել, ավերել են, որ եթե մնացածը բարձես մի աքլորի, կտանի։ Այսինքն՝ գյուղը դարձել է մի աքլորի բեռ։
  12. Փոյլի — կայարան, գտնվում է Թբիլիսի — Բաքու գծի վրա։
  13. Կուրդղելի – վրացերեն նապաստակ։
  14. Լեսնիկ — անտառապահ։
  15. Աերոպլան։
  16. Թաթա տալ — սպառնալ։