Ջոնաթան Սվիֆտը և նրա գիրքը

ՋՈՆԱԹԱՆ ՍՎԻՖՏԸ ԵՎ ՆՐԱ ԳԻՐՔԸ

1

Դժվար է գրել Ջոնաթան Սվիֆտի կյանքը։ Այդ ո՛չ միայն նրա համար, որ չի կարելի բազմաթիվ ուսումնասիրությունների մեջ հիշատակել թեկուզ երկուսը, որոնք միանման լուսաբանեն նրա կյանքի նույնիսկ քիչ թե շատ ուսումնասիրված դրվագը, այլև նրա, որ հաճախ, հենց այդ աշխատություններում իրական փաստն առարկվել և փոխարինվել է առասպելախառն պատմությամբ։

Երբեմն նրան նկարագրել են որպես մի բարի ծերունու, որ մանուկ ընթերցողների համար գրավիչ հեքիաթներ է հորինել Գուլիվերի մասին, ուղարկելով նրան մերթ թզուկների և մերթ հսկաների աշխարհը, նպատակ դնելով վերհանելու իսկական բրիտանացու առաքինի և վեհանձն վարքն այդ անծանոթ երկրներում։

Երբեմն էլ Սվիֆտը հանդես է բերվել իբրև խելագար, մաղձոտ, մեծամիտ, փառասեր, ամբողջ մարդկության համոզված հակառակորդ, որ մանր-մունր հաշիվներից դրդված՝ գրում էր կծու պամֆլետներ, վաճառում էր իր համոզումները նրան, ով ավելի կվճարեր, և անձնական փառասիրությունից դրդված ոտնահարում էր մարդկային կյանքի բարոյական բոլոր նորմերը։

Անկասկած, Գուլիվերի ճանապարհորդությունների հեղինակը եղել է և կմնա մանուկ ընթերցողների սիրելին, որովհետև գրավիչ են նրա հզոր երևակայությունը, պատմելու ձևը, պարզ լեզուն և այն արկածներից շատերը, որոնք անցնում են Գուլիվերի գլխով լիլիպուտների և հսկաների աշխարհում։ ճշմարիտ է և այն, որ Ջոնաթան Սվիֆտը գրել է մաղձոտ դառնությամբ, բայց, այնուամենայնիվ, նա չի եղել ոչ բարի ծերուկ և ո՛չ էլ անձնական փառասիրության մոլի երկրպագու։ Նա իրեն ճանաչել է որպես ժամանակակից հասարակական կյանքի այլանդակությունները պախարակող, Աննա թագուհու[1] արքունիքի և, առհասարակ, տիրող դասի ապականված բարքերը խարազանող ուժ, որ կարող էր իր երգիծանքի հրով այրել Ժամանակակից հասարակության թարախակալ խոցերը։

Գրքի հառաջաբանում, կապիտան Գուլիվերի նամակում՝ ուղղված նրա բարեկամ Ռիչարդ Սիմփսոնին, հեղինակն ասում է. «Ես խնդրել էի Ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան կուսակցական հաշիվներն ու խնդիրները. ե՞րբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ. փաստաբանները՝ ազնիվ, համեստ և թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր. ե՞րբ Սմիտսֆիլդը[2] կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից. երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփոխության կենթարկվի. իգական եհուները[3] կհորդան առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ ու առողջ մտքով, արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն, հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները, լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով...»։

Ջոնաթան Սվիֆտը խիզախ խարազանող է 17-րդ դարի վերջի և 18-րդի սկզբի անգլիական արքունիքի, պալատականների, հոգևորականության, փաստաբանների, կեղծ գիտնականների հասարակության և նրա սահմանած կանոնների։ Հեղինակն իրեն առաջադրել է ո՛չ թե զվարճալի պատմություններով հռչակ ձեռք բերել, այլ մինչև վերջ մաքառել «հասարակական բարօրության» համար, այսինքն՝ երկաթե ավելով սրբելու կեղծիքը, խաբեբայությունը, ստորաքարշությունը, գծծությունը, կեղծ հայրենասիրությունը, մարդկային մեծամտությունը և այն բոլոր ապականությունները, որոնք, ինչպես թունավոր սունկերն աղբի վրա, փարթամությամբ աճել էին նրա ժամանակ։

Իր երկասիրության և, առհասարակ, իր կոչման մասին Սվիֆտը հետևյալն է ասում ճանապարհորդությունների չորրորդ գրքում.

«Սակայն ամոթ կլիներ ինձ, եթե ես գրեի հռչակի համար. բայց որովհետև իմ միակ ձգտումը հասարակական բարօրությունն է, ուստի այդ հանգամանքն ինձ ամենևին չի կարող հիասթափեցնել։ Արդարև, ով կարող է կարդալ երանելի հուիհընհընմների իմ հիշատակած առաքինությունների մասին, առանց ամոթ զգալու իր սեփական մոլությունների համար, եթե նա իրեն համարում է, իր երկրի բանական և գերիշխող կենդանին»։

Բայց նախքան նրա հռչակավոր երկասիրության քննության անցնելը, համառոտ կերպով ծանոթանանք նրա գլխավոր դեպքերին:

***

Ջոնաթան Սվիֆտը ծնվել է 1667 թվի նոյեմբերի 30-ին, Դուբլինում։ Նրա հայրը չքավորությունից ստիպված թողել էր Անգլիան։ Ջոնաթանը ծնվել է հոր մահից 7 ամիս հետո, և որովհետև մայրը միջոցներից զուրկ էր, փոքրիկին դայակը վերցնում է իրեն մոտ և մորը վերադարձնում միայն 3 տարի անց։

Հետագա կրթության մասին հոգ է տանում նրա քեռին։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո 14 տարեկան Սվիֆտն ընդունվում է Դուբլինի համալսարանը: Նա համալսարանի առաջադեմ ուսանոդներից չէր։ Հայտնի է նրա ատելությունն աստվածաբանության և փիլիսոփայության դեմ, որ այնքան սխոլաստիկ ավանդում էին համալսարանում։ 1680 թվին, «առանձնահատուկ ողորմածությամբ»՝ speciali gratia, նրան շնորհում են բակալավրի աստիճանը, և Սվիֆտը հեռանում է համալսարանից, որտեղ նա հայտնի էր իբրև դասախոսների դեմ ուսանողական պամֆլետների և ծաղրական ոտանավորների հեղինակ։

1688 թվին, անգլիական հեղափոխությունից հետո, մայրը և որդին հեռանում են Իռլանդիայից։ Սվիֆտի մորը հաջողվում է որդուն տեղավորել իր հեռավոր ազգական, լորդ Ուիլյամ Տեմպլի կալվածքում։ Այդ ժամանակ լորդ Տեմպլը, երբեմնի նշանավոր քաղաքագետը, թողել էր դիվանագիտության ասպարեզը և քաշվել իր կալվածքը՝ Մուրպարկ[4]։ Սվիֆտի կյանքի այդ շրջանը շատ է նշանավոր։ Մուրպարկում նա հնարավորություն ունեցավ ծանոթանալու բազմաթիվ քաղաքական գործիչների, մինիստրների, եկեղեցական բարձրաստիճան անձանց և գրողների հետ, որոնք հաճախ էին լինում լորդ Տեմպլի մոտ։ Նրա տրամադրության տակ էր Մուրպարկի հարուստ գրադարանը․ վերջապես՝ նա քաղաքական բազմաբովանդակ նյութերի մասին զրույց էր անում Ուիլյամ Տեմպլի հետ, որ սուր մտքի և գրական ճաշակի տեր մարդ էր։ Այդտեղ է գրում նա իր «Գրքերի ճակատամարտը», մի շարք պամֆլետներ, և, անկասկած, այդ ամենի վրա լորդ Տեմպլի հետ ունեցած զրույցների ազդեցությունը կար։ Վերջապես՝ Սվիֆտը Մուրպարկում է տեսնում Եսթեր Ջոնսոնին, որի հետ ունեցած կապը վերջացավ տարիներ հետո այնպիսի ողբերգությամբ։

Սվիֆտի ինքնասիրությանը վիրավորում էր լորդ Տեմպլի տան հետ ունեցած անորոշ հարաբերությունը։ Երբեմն նա լորդի գրադարանն էր կարգի բերում, երբեմն անձնական քարտուղարի պաշտոն վարում և կատարում զանազան հանձնարարություններ։ Եվ այդ աշխատանքի ընթացքում նրան զգացնում էին լորդ Տեմպլից կախված լինելու հանգամանքը։ Եվ մի հասարակ առիթ բավական է լինում, որպեսզի Սվիֆտը հեռանա Մուրպարկից Իռլանդիա, նախ՝ որպես սարկավագ, ապա գյուղական քահանա։ Սակայն կարճ ժամանակից հետո նա նորից վերադառնում է Տեմպլի կալվածքը և ապրում մինչև 1699 թիվը, երբ մեռնում է Տեմպլը, Ջոնաթան Սվիֆտին կտակելով մի աննշան գումար և իր վերջին հեղինակությունների հրատարակության պարտականությունը։

Լորդ Տեմպլի կտակը կատարելուց հետո Սվիֆտը վերադառնում է Իռլանդիա, դարձյալ որպես գյուղական քահանա, թեև լորդ Բերկլին նրան խոստացել էր ավելի բարձր պաշտոն։ Հետաքրքիր է նշել այն, որ այդ տարիներում Սվիֆտի ի պաշտոնե ասած՝ կիրակնօրյա քարոզները հագեցված էին կծու հեգնությամբ և գազազած մարդու դառնությամբ: Նրա կենսագրությունից հայտնի է նրա միայն մի քարոզը՝ «Եկեղեցում քնելու մասին», որ նա ասել է որպես գյուղական քահանա։

1701 թվին վերադառնում է Լոնդոն։

Վիգերի կառավարության նախագահի՝ լորդ Սոմերսի դեմ տորիների կուսակցությունը կրքոտ արշավանք էր սկսել։ Ջոնաթան Սվիֆտը լինելով վիգերի կողմնակից, հեղինակում է մի փոքրիկ աշխատություն հին Հռոմի և Աթենքի քաղաքացիական կռիվների մասին։ Այդ աշխատության մեջ Սվիֆտը ջախջախիչ հարվածում է նրանց, որոնք նախանձից դրդված՝ պախարակում են պետական ականավոր գործիչներին։ Գիրքն աղմուկ է հանում, լորդ Սոմերսի հակառակորդները տեղի են տալիս, և հեղինակը, մանավանդ երեք տարի հետո, երբ լույս է ընծայում իր «Հեքիաթ տակառի մասին» գիրքը, իսկույն դասվում է Անգլիայի նշանավոր գրողների շարքը։

Սվիֆտը բարեկամների և, առաջին հերթին, լորդ Սոմերսի միջոցով աշխատում է ձեռք բերել եպիսկոպոսի պաշտոն։ Սակայն իզուր են անցնում նրա բարեկամների ջանքերը. նրա թեկնածության դեմ ծառանում են հին թշնամիների հետ և նորերը` մեծ մասամբ հոգևորականներից, որոնք գազազել էին «Հեքիաթի» հեղինակի համարձակ քննադատությունից` ուղղված եկեղեցականների դեմ:

Սակայն երբ տապալվում է վիգերի կառավարությունը, և իշխանության գլուխն են անցնում տորիները՝ Սվիֆտի նախկին հակառակորդները զարմանալի վարպետությամբ Սվիֆտը կարողանում է խզել իր կապերը նախկին բարեկամների հետ և անցնում է հակառակորդ բանակը, որտեղ նրան ընդունում են գրկաբաց, չնայած որ այդ բանակի շատ ղեկավարներ իրենց կաշվի վրա զգացել էին Սվիֆտի հեգնանքի սուր սլաքների խայթը։ «Հեքիաթի» և քաղաքական պամֆլետների տաղանդավոր հեղինակը շատ կարևոր ուժ էր տորիների համար։

Այս անձնական վարքագծի անհաստատ լինելը սովորաբար բացատրել են Սվիֆտի փառամոլությամբ։ Այդ մասին է ակնարկում Հերման Հետները[5], երբ գրում է հետևյալը. «Սվիֆտին ճնշում էր այն գիտակցությունը, որ ինքը սխալվել է իր կոչման մեջ։ Նա իրեն ծնված էր համարում պետական գործունեության համար, այնինչ չքավորությունը նրան ստիպել էր հոգևորական դառնալ։ Իսկ որպես հոգևորական, նա չէր կարող լինել պառլամենտի անդամ։ Ուստի ամբողջ եռանդով ձգտում էր եպիսկոպոսի պաշտոնին, որպեսզի մուտք ունենար Վերին պալատը։ Դրա համար էլ հարում էր քաղաքական մի կուսակցությունից մյուսին, վիգերից՝ տորիներին[6], որպեսզի ավելի հեշտությամբ իրագործի իր թանկագին ծրագիրը։ Սակայն, հակառակ դրան, նա երբեք չհասավ այդ նպատակին։ Այնինչ, վիրավորված ինքնասիրությունն ավելի և ավելի էր գրգռվում»։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ քայլից հետո, նա երբեք չդավաճանեց իր լիբերալ սկզբունքներին։

Տորիների կառավարության օրոք սկսվում է Սվիֆտի, որպես պետական գործչի հաջողությունների կարճատև շրջանը: Նա մինիստրների հետ բարեկամ է, լինում է Աննա թագուհու արքունիքում և ոչ միայն տեղյակ է քաղաքական կյանքի կարևոր անց ու դարձին, այլև համարձակ խառնվում է պետական բազմապիսի գործերի, մերթ որպես “The Examiner“ հանդեսի խմբագիր, մերթ որպես մինիստրների անձնական բարեկամ և խորհրդատու: Սակայն այս անգամ էլ նրան չի հաջողվում ստանալ եպիսկոպոսի պաշտոն, և թագուհին, զիջելով մինիստրներից ոմանց թախանձանքին, Սվիֆտին է հանձնում Դուբլինի սուրբ Պատրիկ եկեղեցու դեկանի պաշտոնը։

Հազիվ էր Սվիֆտը ստանձնել նոր նշանակումը, երբ մահացավ Աննա թագուհին, տապալվեց տորիների կուսակցությունը, և Սվիֆտը մի կերպ կարողացավ իրեն ազատել այն հալածանքից, որ սկսել էին հին կառավարության դեմ։ Նա խզեց իր կապերը Լոնդոնի գրական շրջանների հետ, անհանգիստ վիճակ ապրելով Դուբլինում, որտեղ նրան դիմավորել էին քարերի կարկուտով, իբրև դավաճանի, որ մասնակից էր եղել Իռլանդիայի ազատությունը խեղդող տորիների տապալված կառավարության գործերին։ Այնուամենայնիվ, սուրբ Պատրիկի դեկանը Դուբլինից շարունակում էր հետևել նոր կառավարության քայլերին, սպասելով առաջին պատեհության նրան խարազանելու համար:

Եվ այդ առիթը եղավ իռլանդական նոր դրամի օրենքը, ըստ որի՝ ոմն Ուիլյամ Վուդ կառավարությունից մենաշնորհ իրավունք էր ստացել նոր դրամ կտրելու Իռլանդիայի համար։ Ահա հենց այդ օրերին, իրար ետևից լույս են տեսնում այսպես կոչված «Մահուդագործի նամակները», որ Ջոնաթան Սվիֆտին դարձնում են դրոշակ, որի շուրջը հավաքվում են Անգլիայի քաղաքականությունից դժգոհ իռլանդական առաջադեմ տարրերը։ Առաջին երեք նամակներն ուղղելով Ուիլյամ Վուդի դեմ, չորրորդ նամակում Սվիֆտը, որ հանդես էր գալիս «Մ. Բ.» կեղծ անունով, դնում է Իռլանդիայի ազատության խնդիրը կատաղաբար հարձակվելով անգլիական թագի իրավունքների դեմ։ «Ձեր ազատության միջոցը ձեր ձեռքին է։ Ես սկզբնական նյութից մի քիչ շեղվեցի, որպեսզի կենդանացնեմ այն ոգին, որ ձեր մեջ զարթնել է, նպատակ ունենալով նրան առաջ մղելու, որպեսզի վերջապես դուք տեսնեք, որ ըստ Աստծո, բնության, ժողովուրդների և ձեր սեփական երկրի օրենքների, դուք նույնպիսի ազատ ժողովուրդ եք և պիտի դառնաք նույնպիսի ազատ ժողովուրդ, ինչպես ձեր եղբայրներն Անգլիայում»

Կառավարությունն իզուր էր ջանում հանգստացնելու այդ նամակների առաջ բերած հուզումը։ Օրենքը թույլ չէր տալիս Սվիֆտին ձերբակալելու, որովհետև նրա հեղինակությունը հնարավոր չէր հաստատեր իռլանդացիներից և ոչ մեկը չկամեցավ ստանալ կաոավարության նշանակած պարգևը՝ 300 ֆունտ ստեռլինգը, Սվիֆտին մատնելու: Վերջապես՝ կառավարությունն ստիպված եղավ վերացնել Վուդին տված մենաշնորհը: Այդ դեպքերն է ակնարկում Սվիֆտն իր տապանագրով, որ պատրաստել էր ինքը, երբ իրեն անվանում է «ազատության նախանձախնդիր» — strenuum libertatis vindicem...

Սակայն այդ դեպքերից հետո Սվիֆտը նորից փորձ է անում վերականգնելու իր խախտված դիրքը։ 1726 թվին մի անգամ էլ վերադառնում է Լոնդոն և տեսակցություն ունենում Ռոբերտ Ուոյլպոլի հետ։ Նա Լոնդոնում տեսակցում է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք մոտ էին կանգնած արքունիքին, նույնիսկ միջնորդություն է հարուցում Գևորգ II-ի[7] առաջ՝ եպիսկոպոսի աստիճան ստանալու, բայց ամեն տեղ հանդիպում է ձախողության և սառը վերաբերմունքի։ Գազազած այդ բոլորից՝ նա վերադառնում է Իռլանդիա, դժգոհելով իրենից, շրջապատից, հետզհետե ամփոփվելով ինքն իր մեջ, այլևս չմտածելով քաղաքական ասպարեզի մասին։

***

Անձնական կյանքի այդ անհաջողություններին զուգորդել էր այլ դժբախտություն, որ, կարելի է ասել, իսպառ կործանեց Ջոնաթան Սվիֆտի վերջին հավատը դեպի մարդը։ Այդ միաժամանակ երկու կնոջ՝ Ստելլայի և Վանեսսայի հանդեպ ունեցած նրա սերն էր, մի զգացում, որ, ինչպես նկատել է Հերման Հետները, «ամեն անգամ մարդկային սիրտը դիտողին մտածել է տալիս, և որը հազիվ թե երբևիցե ստանա բավարար բացատրություն»։

Եսթեր Ջոնսոնը (Ստելլա), որը, ինչպես վերը հիշեցինք, Ուիլյամ Տեմպլի դղյակում ծանոթացել էր Սվիֆտի հետ, 14 տարով փոքր էր նրանից։ Վանեսսան կամ Եսթեր Վանոմրիգը, որին առաջին անգամ Սվիֆտը հանդիպել էր Լոնդոնում, նրանց տանը, Ստելլայից ավելի դեռատի էր։ Եվ ահա՛ նախ Ստելլան, ապա Վանեսսան, հակառակ իրենց բնավորությունների և տարիքի տարբերության, սիրում են այդ խստաբարո, անձնական հարաբերությունների մեջ սիրալիր, դաժան, բայց միաժամանակ և զգայուն սրտի տեր Ջոնաթան Սվիֆտին։ Երբեմն թվում է, թե Ստելլան է նրա սրտին մոտ։ Երբ Սվիֆտը տեղափոխվում է Իռլանդիա, Ստելլան հետևում է նրան և տեղավորվում նրա բնակարանում։ Բայց, միաժամանակ, Սվիֆտը չի կարողանում իր կապերը խզել Վանեսսայի հետ, նրան սիրային նամակներ է գրում և խոստովանում, «որ ոչ ոք Ձեզ այնպես չի սիրել, հարգել, պաշտել, ինչպես ես»։ Բավական ստույգ տեղեկությունները վկայում են, որ Ստելլան և Սվիֆտը նույնիսկ ամուսնանում են՝ պայմանով որ այդ ամուսնության դաշնը գաղտնի մնա։ Դոկտոր Դելանին հայտնել է, որ ինքը տեսել է Սվիֆտին արցունքն աչքերին, պսակի ծեսը կատարող Ատս եպիսկոպոսի դռանը։ Եվ երբ այդ մասին նա հարցրել է Ատսին, վերջինս պատասխանել է․ «Դուք այժմ տեսաք ամենադժբախտ մարդուն, բայց նրա դժբախտության պատճառների մասին ինձնից երբեք չպիտի հարցնեք»։

Հերման Հետները այսպես է նկարագրում Ստելլայի, Վանեսսայի և Սվիֆտի հարաբերությունները. «Սվիֆտը վարժվել էր նույնիսկ անջատումից հետո ամենաքնքուշ զգացումները տածել Ստելլայի հանդեպ։ Նրան գրած նամակները շնչում են խորին կրքով։ Ստելլայի համար գրած հիշատակարաններում նա աննման պարզությամբ պատմում է նրան իր բոլոր առօրյա փորձությունները և իր բոլոր գաղտնի մտքերը»։ Բայց երբ Լոնդոնում ծանոթանում է Վանեսսայի հետ, այդ հիշատակարանները միանգամից խառնվում են։ Պղտորվում է այն ջինջ զգացումը, որ մինչ այդ կար Ստելլայի հանդեպ։ Լոնդոնում Վանեսսան արդեն հայտնել էր իր սերը, և նույնպիսի զգացումով նրան պատասխանել էր սուրբ Պատրիկ եկեղեցու դեկանը։

«Սվիֆտը,— շարունակում է Հետները,— որոշում է չամուսնանալ Վանեսսայի հետ, որովհետև, այդ բանին խանգարում են Ստելլայի մասին ունեցած հիշողությունները։ Բայց, միաժամանակ, ինքն իրեն չի կարողանում սանձել Վանեսսայից խուսափելու, իր կիրքը հաղթահարելու համար»։ Սվիֆտը հեռանում է Լոնդոնից և հրաժեշտի նամակում Վանեսսային խնդրում է չհետևել իրեն և չգալ Դուբլին։ Երիտասարդ աղջիկը չի լսում և մեկնում է Դուբլին։ Սվիֆտի սառը վերաբերմունքից ավելի է բռնկվում աղջկա սերը, այդ զգացումը մեղմացնում է Սվիֆտի սառնությունը, և Դուբլինում շարունակվում է այն, ինչ սկսվել էր Լոնդոնում։

«Խանդը և սերը Ստելլային մահվան անկողին հասցրին։ Սվիֆտը, իր խղճի խայթից տանջվելով և Ստելլայի տանջանքներից հաղթված, կարողանում է դուրս գալ իր արբեցման վիճակից։ Նա հիվանդի մոտ է ուղարկում իր ընկերոջը, Ստելլային հայտնելու, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անել, նրան մխիթարելու և հանգստացնելու համար»։ Կայանում է այն կեղծ ամուսնությունը, որի մասին մենք վերևն ակնարկեցինք, և Ստելլան առողջանում է։ Վանեսսան տեղեկանալով այդ մասին, հարցնում է Ստելլային։ Վերջինս հաստատում է նրա կասկածը, բայց միաժամանակ սաստիկ վրդովված Սվիֆտի անհաստատ վերաբերմունքից՝ թողնում և հեռանում է Դուբլինից։ Սվիֆտը հանցավոր ճանաչելով Վանեսսային, մտնում է նրա բնակարանը և Վանեսսային հանձնում այն նամակը, որով նա Ստելլային հարցրել էր նրանց ամուսնության մասին։

Այդ հարվածը ծանր է ազդում Վանեսսայի վրա։ Նա մահանում է։ Սվիֆտը հոգեկան անհանգստությունը փորձում է փարատել թափառումների մեջ։ Սակայն անօգուտ։ Նա նորից է հանդիպում Ստելլային, նրանք հաշտվում են, բայց այլևս նրանց հարկի տակ չի լինում հին խաղաղությունը։ Վանեսսան, որպես անողոք հատուցում, ամեն ժամ հիշեցնել էր տալիս իրեն։ Որպես հետևանք այդ ամենին դանդաղ մահանում է և Ստելլան։ 1728 թվին Ջոնաթան Սվիֆտը մեռած Ստելլայի մազերից կտրում է մի փունջ, որպես վերջին հիշատակ, փաթաթում ծրարի մեջ և մակագրում հետևյալ խորհրդավոր բառերը. «Միայն կնոջ մազերը»։ Սվիֆտը պարտավոր էր կատարելու Ստելլայի վերջին խնդիրը՝ հրապարակելու իրենց գաղտնի ամուսնության փաստը։ Բայց այո ծրարի կողքին ընկած էր և ձեռագրի մի օրինակն այն պոեմի, որ գրել էր Սվիֆտը Վանեսսայի համար՝ Cadenus and Vanessa[8]: Աղջիկը այդ պոեմի իսկական օրինակը և Սվիֆտին գրած բոլոր նամակները կտակել էր Բերկլի եպիսկոպոսին հրատարակության հանձնելու համար:

Այսպիսի վախճան ունեցավ այդ ինքնին հետաքրքիր սիրո պատմությունը, որի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ կան, սակայն գաղտնիքը մնացել է որպես անլուծելի առեղծված։ Կան բազմաթիվ բացատրություններ, որոնցից ամենահետաքրքիրը պատկանում է Վալտեր Սկոտին[9]: Վերջինիս կարծիքով՝ Եսթեր Ջոնսոնը (Ստելլան) և Ջոնաթան Սվիֆտն ապօրինի զավակներ էին Ուիլյամ Տեմպլի, և այդ գաղտնիքը նրանք խոստովանեցին միայն մի անգամ՝ պսակադրության օրը, Ատս եպիսկոպոսին։

Նրա կյանքի վերջին տարիները ծանր էին։ Արդեն նեղում էր նրան այն հիվանդությունը, որով վաղուց էր տառապում։ Սվիֆտը հաճախ էր գանգատվում գլխի սուր ցավերից, որ թեթևանում էին զբոսանքների ժամանակ։ Երբեմն նա օրերով թափառում էր ամայի դաշտերում. ինքն էր խուսափում մարդկանցից, և մարդիկ՝ նրանից, որպես կիսախելագար շրջմոլիկից։ Բայց վրա հասավ ծերությունը, սաստկացավ հիվանդությունը, որովհետև նա այլևս ուժ չուներ ոտքով շրջելու։ Ամբողջ շաբաթներ նա տնից դուրս չէր գալիս և միայնակ շրջում էր սենյակներում, երբեմն անկապ, անիմաստ բառերով արտահայտում վերջին մի քանի հավատարիմ բարեկամների համար անգամ անհասկանալի իր միտքը։ Գիշերները ցավից բառաչում էր, սարսափելով մահից։ Նա մեռավ 1745 թվի հոկտեմբեր 19-ին, վերջին տարիներին ապրելով որպես խելագար, ոչինչ չհասկանալով շրջապատից, և ինչպես նրա մասին ասել է մի անգլիացի գրող՝ «Բեմը խավարի մեջ թաղվեց ավելի կանուխ, քան կիջներ վարագույրը»։

2

1720—25 թվերին, իռլանդական հուզումների ժամանակ, Ջոնաթան Սվիֆտը գրում է իր գլուխ-գործոցը՝ «Գուլիվերի ճանապարհորդությունների» չորս գիրքը, որով նա համաշխարհային գրականության մեջ գրավում է իր տեղը հանճարեղ հեղինակների կողքին։ Ո՛չ այդ թվերից առաջ և ո՛չ էլ հետո, մինչև մահը, Սվիֆտի երկասիրություններից և ոչ մեկը չի հասնում «ճանապարհորդությունների» բարձր արժանիքներին։

Ընթերցողը կտեղեկանա գրքի վերջում եղած ծանոթություններից[10], որ Սվիֆտը «Գուլիվերի ճանապարհորդությունների» չորս մասերը չի գրել այն հաղորդականությամբ, ինչպես նրանք տեղավորված են տպագրության համար։ Նույն աղբյուրները վկայում են, որ տարբեր ոգևորությամբ է հեղինակը ստեղծագործել առանձին մասերը, երբեմն տարերային տաղանդով երկնել ամբողջական հատվածներ, երբեմն էլ փոփոխության ենթարկել, երբ գործն ավարտված էր տպագրության համար։ Բացի այդ, նրա կենդանության օրոք, ինչպես և հետագա հրատարակությունները, բազմաթիվ կրճատումների և փոփոխությունների են ենթարկվել, փոփոխություններ, որոնք զանազան ժամանակների առաջադրած պահանջների հետևանքն էին։

Ինչպես մյուս, նույնպես և այս աշխատությունը Սվիֆտը հրատարակել է առանց հեղինակի անունը հիշատակելու։ Ժամանակակիցները վկայում են, թե գրքի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ շատերը, նույնիսկ գիտնականի համարում ունեցող անձինք, զանազան քարտեզների վրա փնտրում էին լիլիպուտների երկիրը և կամ Լապուտան։ Գաղտնիքն այնքան լավ է պահվել, որ Սվիֆտի անձնական բարեկամները՝ ժամանակի նշանավոր հեղինակներ Պոպեն և Արբետնոտը, չգիտեին, թե ո՞վ է հեղինակը։ Նրանցից մեկը մյուսին հայտնում է, որ այդ գիրքը գրել է կա՛մ էրազմը (Ռոտերդամցի), կա՛մ սատանան (Erasmi aut diaboli)[11]:

Սվիֆտի ժամանակ կային ծովային բազմաթիվ ճանապարհորդությունների նկարագրություններ, որտեղ բավական շատ էին ֆանտաստիկ դիտողությունները։ Սիրանո դը Բերժերակի[12] «Երգիծական պատմությունները» «Գուլիվերի ճանապարհորդությունների» ծննդաբանությունը ճշտելու համար անհերքելի ապացույցներ են տալիս։ Անկասկած, Ջոնաթան Սվիֆտն օգտվել է ոչ միայն ծովային ճանապարհորդությունների նկարագրություններից և Սիրանո դը Բերժերակի գրքերից, այլև Ռաբլեի[13], Լուկիանոսի «Ճշգրիտ պատմություններից»[14], Արիստոֆանի «Թռչունների մասին»[15] երկասիրությունից և այլն:

Հազվագյուտ էրուդիցիայի տեր էր Սվիֆտը։ Նա քաջ գիտեր ո՛չ միայն հին դասական գործերը, այլև իր ժամանակակից գրականությունը։ Նրա հետաքրքրության հորիզոնը լայն էր: Նա և՛ քաղաքական խնդիրներով էր զբաղվում, և՛ հետևում էր գիտնականների վեճերին՝ աստղաբաշխությունից մինչև բժշկական գիտությունները, ուշադրությամբ ուսումնասիրում էր զանազան ժողովուրդների ստեղծագործությունները և, միևնույն ժամանակ, իր գրական ընկերների՝ Պոպի, Ադիսոնի, Ստիլի, Արբետնոտի համար (որոնցից յուրաքանչյուրն անվանի գրող էր) Սվիֆտը ճանաչված հեղինակություն էր գրական արվեստի խնդիրներում։ Նա ծանոթ էր Հոբսի փիլիսոփայության և նրան է ծաղրել իր «Հեքիաթ տակառի մասին» աշխատության մեջ։ Հռչակավոր Իսահակ Նյուտոնը ևս չի ազատվում նրա երգիծանքի թունավոր սլաքներից, ինչպես և Բենտլեյը, որ ճանաչված բանասեր էր։ Սվիֆտն ուշադրությամբ հետևում է Լոնդոնի արքայական ընկերության բոլոր նիստերին և նրանց բանավեճերին, որպեսզի ծաղրի գիտնականներին, բժիշկներին, փաստաբաններին իր գրքի այն հատվածում, որտեղ պատմում է ծրագրողների Ակադեմիայի մասին։

Ո՞րն է սակայն այս գրքի հաջողության գաղտնիքը, մի հաջողություն, որ երկու հարյուր տարուց ավելի անհողդողդ վայելում է նա ընթերցող մարդկության կողմից։ Սխալ չի չինի ասել, որ այդ հաջողությանն ամենից առաջ գրավիչ ֆաբուլայի և նմանը չեղած երևակայության մեջ է։ Սակայն այդ բոլորը չի։ Յուր ընկեր Պոպին 1725 թվին Սվիֆտը տեղեկացնում է, որ իր դրական գործի նպատակը ո՛չ թե մարդկանց զբաղեցնելն է գրավիչ պատմություններով, այլ տանջելը: Այս և Շերիդանին[16] գրածը, թե «Մարդկանցից մի սպասեք ավելի, քան կարող է տալ նման մի արարած, և դուք օրը-օրին մարդու և իմ նկարագրած եհուի միջև ավելի շատ նմանություն կգտնեք»,— հիմք են տվել հեղինակի հզոր երևակայության և գեղեցիկ ֆաբուլա հնարելու գաղտնիքը բացատրել նրա զարհուրելի մարդատյացությամբ։

Ամենից առաջ հարկավոր է նշել այն, որ ինքը` հեղինակը 18-րդ դարի աաջին քառորդի ամենաառաջադեմ մարդկանցից մեկն էր։ Այդ այն ժամանակ էր, երբ անգլիական բուրժուազիան գլխավորում էր ո՛չ միայն իր երկրի, այլև ամբողջ Եվրոպայի առաջավոր միտքը։ Համաձայն լինելով այդ առաջավոր հոսանքի հիմնական սկզբունքների հետ և նրանց դիրքերից հարձակվելով անգլիական արքունիքի բարքերի դեմ, Ջոնաթան Սվիֆտը միաժամանակ տեսնում էր, որ այդ բարձրացող ուժը ևս չի բերում մարդկային հասարակարգի արմատական բարելավումը։ Լինելով ուժեղ անհատապաշտ՝ Սվիֆտը խոր հուսահատության է հասնում, երբ տեսնում է այն չնչին բարեփոխությունները, որ այնպիսի շռինդով և աղմուկով մուծում էր բուրժուազիան՝ համարելով մարդկության գերագույն նպատակը։ Այստեղից արդեն բաժանվում է նրա միտքն իր դարի առաջավոր մարդկանց մտքերից և, ավելի բարձրանալով, կորցնում է բոլոր հենարանները, և բացառելով ամեն ինչ, հասնում է ծայրահեղության ամեն ինչի ժխտման, առհասարակ ամբողջ մարդկության և նրա ստեղծած բոլոր արժանիքների պախարակման։

Կա մի զուգահեռ նմանություն նրա անձնական կյանքի և «Գուլիվերի ճանապարհորդությունների» միջև։ Երիտասարդ բակալավրը եռանդով նետվում է քաղաքական կյանքի ասպարեզ, թվում է, թե զվարթ կանցնեն օրերը, սակայն հուսախաբության սև ալիքն առաջին հարվածն է հասցնում նրան, ապա նորից է մաքառում, նորից հույսը խոստանում է, այս անգամ նվազ շողշողուն, բայց ավելի ուժեղ է հարվածում ձախորդ փորձությունը, հետզհետե լեռնանում է դառնությունը, և նա հասնում է կատարյալ խելագարության, երբ ո՛չ ինքն էր հասկանում շրջապատը, և ո՛չ նրան էին հասկանում։ Ահա և Գուլիվերը թզուկների աշխարհում, ամենից գրավիչ գիրքը, որ իզուր չի սիրելի՝ մանուկների համար։ Ամեն ինչ զվարճալի է, նույնիսկ այն, որ այդ փոքրիկ թզուկների թագուհին էլ ունի արքայական պատվազգացություն, այնտեղ էլ կան քաղաքական կուսակցություններ և պալատական բանսարկություններ։ Ապա՝ Գուլիվերը հսկաների աշխարհում... Առաջին անգամ զգացվում է սովորական մարդու ոչնչությունը, նրա անօգնական լինելը, երբ տերերը հսկաներն են, որոնք վանդակի մեջ նրան պտտեցնում են, իբրև, մի հազվագյուտ խլեզ կամ առնետ։ Երրորդ գրքում, նկարագրելով թռչող կղզին, Սվիֆտը խտացնում է իր մաղձը, երբ քննադատում է ո՛չ թե մարդկային ընտանիքը կամ հասարակական այլ միավոր, այլ նրանց ստեղծած գիտությունը, կրոնը, արվեստը, այսպես կոչված հոգևոր կուլտուրան։ Կարելի է ափսոսալ, որ Սվիֆտը չի խնայում նույնիսկ իրեն ժամանակակից հռչակավոր Նյուտոնին, չհասկանալով նրա գյուտերի նշանակությունը, բայց այդ անտեղի ափսոսանք է, քանի որ հակառակ դեպքում Սվիֆտը պիտի հանգեր այն եզրակացության, որ կարելի է ճշգրիտ գիտության նվաճումների միջոցով դուրս բերել մարդկությանը դեպի ավելի լուսավոր ափ։ Ելքը՝ նա տալիս է չորրորդ և վերջին գրքում, նրա ամենից հանճարեղ ստեղծագործության մեջ, որ, ինչպես հայտնի է, Սվիֆտը գրել է տարերային թափով։ Ելքը՝ մարդու եհու լինելն է, մարդու ավելի ցածր տեսակի կենդանի լինելը, քան ուսյալ ձին, հուիհընհընմը, նույնիսկ նրա ծառա ձիաջորին: Կարծես այդ գրքում նա արդեն կորցնում է ստեղծագործության բոլոր կապերը շրջապատի հետ և հասնում մի սոսկալի բարձրության, որից դենը դաժան ամայությունն է։

Այնուամենայնիվ, Սվիֆտի գրքում, որքան էլ այս տարօրինակ լինի, մարդատյացությունը պայմանավորվում է նույնպիսի հիպերտրոֆիայի ենթարկված մարդասիրությամբ. Սվիֆտը, պախարակելով մարդուն և նրա գործը, կարծես նպատակ ունի հարվածելով շտկելու, թեև այդ մասին նա շատ կցկտուր է ասում։ Ճշմարիտ է, որ նա չի կամեցել գրավիչ պատմություններ հորինել, բայց խիստ է ասված և այն, որ նա նպատակ է դրել մարդուն տանջել։ Մեր կարծիքով՝ իր ժամանակի իրադարձությունների մեջ նա որոնում էր լույսի մի փոքր նշույլ, որ լուսավորեր ճանապարհը դեպի ավելի կատարյալ մարդկային հասարակություն, քան ստեղծում էր գրոհի ելած բուրժուազիան: Երբեմն երևում էր այդ շողը, իսկ հաճախ մի համատարած խավար ծածկում էր ամեն ինչ՝ և՛ ներկան, և՛ ապագան։ Նա այնքան էր դառնացած իր շրջապատից, որ կամենում էր տանջել մարդուն ոչ թե առհասարակ, այլ անգլիական թագուհու արքունիքի մինիստրներին, երկու ախոյան կուսակցությունների անդամներին և բոլոր նրանց, որոնք իրենց չնչին գաղափարներով մեծամտորեն համոզված էին, թե լուծել են մարդկային պրպտող մտքի բոլոր խնդիրները։ Պատահական չէ, որ Սվիֆտը Գուլիվերի հանդիպած միակ երեխային՝ Գլումդայլկլիչին, ո՛չ միայն չի ծաղրում, ինչպես նա ծաղրում է իր նկարագրած բոլոր մարդկանց, այլ նույնիսկ շռայլում է քնքուշ արտահայտություններ։

Սվիֆտն իր գործի վրա նայել է իբրև քաղաքական սատիրայի։ Եթե նա կարճ պամֆլետներ էր գրում այս ու այն քաղաքական գործիչի դեմ կամ որևէ նշանավոր դեպքի առթիվ, ապա այս գործը մի ամբողջական պամֆլետներ էր ուղղված անգլիական արքունիքի, գիտնականների, բժիշկների, գրողների, հռետորների, աստվածաբանության և, առհասարակ, բոլոր տեսակի փիլիսոփաների դեմ։ Սվիֆտը մաղձոտ դառնությամբ է ծաղրում։ Նրա կենսագրությունից հայտնի է, որ նա սիրում էր սրախոսել, սակայն իր սուր արտահայտությունների ժամանակ երբեք ինքը չէր ժպտում։

Գուլիվերի ճանապարհորդությունները գրված են ճշմարտությունը մինչև վերջ պաշտպանող լրջությամբ։ Հենց առաջին գլուխներից ընթերցողը գրավվում է նրա ճշմարտանման նկարագրություններով, մանավանդ որ հաճախ, օգտվելով անծանոթ երկրներ նկարագրելու առավելություններից, նա պատմում է իր շրջապատի մարդկանց, նրանց հասկացողություններն ու բարքերը, բազմաթիվ պատմական դեպքեր,—և այսպիսով՝ ավելի համոզիչ է դառնում ճանապարհորդությունների գրքի ճշմարտանման լինելը։

Հեղինակի երկյուղը գրքի և իր անձնական վիճակի համար արքունիքի առաջ,— ստիպել է նրան ո՛չ միայն գիրքը հրատարակել առանց հեղինակի անվան, այլև գործածել գովեստներ շռայլելու ձևերը, որ իրականում հակառակ իմաստ ունի։ Երբ Գուլիվերը հսկաների աշխարհում գովում է Մեծ Բրիտանիան, նրա թագավորին և մինիստրներին, այդ ո՛չ միայն պատմությունը ճշմարտանման դարձնելու ձգտումն է, այլև երգիծանքը թաքցնելու ակամա ձև։ Բայց Սվիֆտի երգիծանքի անհաս մեծությունն այնտեղ է, երբ հենց այդ նույն գլխում հսկաների թագավորը խորին վշտով հայտարարում է, թե ինքը համոզված է, որ այդպիսի չնչին արարածներն էլ ունեն տիտղոսներ և շքանշաններ, նրանք որջեր և բներ են կառուցում և անվանում են տներ, նրանք էլ են կռվում, բանավեճեր մղում, խարդախություններ անում և իրար դավաճանում։ Այս դառն խորհրդածությունների մեջ լսվում է Սվիֆտի իմաստուն սկեպտիցիզմը և արգահատանքն իր ժամանակակից հասարակության հանդեպ։

Գլխավորը այն դիրքն է, որից պետք է դիտել մարդկային հասարակությունը։ Այն, ինչ թզուկները կարող են համարել վիթխարի մեծություն, որ ներշնչում է միայն երկյուղ, հսկաների համար ուրախ զվարճալիք է։ Բայց, միաժամանակ, երկու դեպքում էլ թագավորը հեղինակություն է, երկրի բարձր իշխանությունը, բարոյական նորմեր կան, որ պարտադիր են բոլոր հպատակների համար։ Սակայն, Սվիֆտը չի բավականանում արձանագրելով, որ ամեն ինչ հարաբերական է և հոսուն վիճակում՝ նայած թե ո՞ր դիրքից է ինքը նայում: Նա գիտակցաբար խառնում է նույնիսկ իր դիտողությունները, ավելի է խորացնում իր քննությունը՝ վերջնական լուծում տալու իր հիմնական խնդրին, թե ինչո՞ւ ստորաքարշությունը նպաստում է բարձր դիրք գրավելու, ինչո՞ւ կեղծիքն անխուսափելի է մարդկային հարաբերությունների մեջ, և ո՞ւր է գնում մարդկությունն իր բոլոր արատներով, արդյոք երբևիցե նա պիտի ազատագրվի՞ այդ բոլորից, թե հավիտյան պիտի լինեն պատերազմներ, անիմաստ բանավեճեր, բանսարկություններ, ցեխի մեջ թաղված գեղեցկություն և մեծարված այլանդակություն, ծակ փիլիսոփաներ, իշխաններ և հպատակներ, ստախոսություն, անառակություն, մահվան երկյուղ և գազանային ագահություն դեպի ոսկին, հարստությունը և այլն։

Սվիֆտն այս հարցերին պատասխանում է դառն հուսալքությամբ: Մարդկության պայծառ ապագային նա չի հավատում։ Նրա կարծիքով այդ ամենագարշելի արարածն է բնության մեջ, որ միայն աղտոտում է երկիրը: Եվ այս տեսակետից ավելորդ է պայքարը մարդկային հասարակության մեջ, որովհետև միևնույն է՝ բոլոր կարգերն իրենց հետ բերում են ստորաքարշություն, կեղծիք, խաբեբայություն, շահասիրություն, քսություն և մատնություն։

***

Ինչո՞ւ այդ հանճարեղ մարդը հանգավ այդպիսի հուսահատ եզրակացության։

Մենք արդեն ասացինք, որ նրա ժամանակ անգլիական բուրժուազիան գյխավորում էր ոչ միայն իր հայրենիքի, այլև ամբողջ Եվրոպայի առաջավոր շարժումը։ Կատաղի պայքար կար իշխանության համար։ Անգլիական առևտրական բուրժուազիան հսկայական հարստություններ էր կուտակել գաղութներում և մայր երկրում։ Նրա նավերը, բեռնավորված թանկագին գանձերով, լողում էին բոլոր ծովերի վրա։ Իր հայրենիքում այդ բուրժուազիան կամենում էր պետական մեխանիզմն ամբողջովին հարմարեցնել իր շահերին, և նա արշավանք էր սկսել այդ նպատակի համար։

Ջոնաթան Սվիֆտը տեսնում է այդ։ Նա ինքն էլ դժգոհ էր հողատեր ավատականության և անգլիական արքունիքի բարքերից։ Սակայն նա ամբողջությամբ չկարողացավ հարել ո՛չ բուրժուազիային և ո՛չ էլ հին կարգերի կողմնակիցներին, թեև անձնական նկատառումներով կարողացավ անցնել մի հոսանքից մյուսի կողմը։ Նա ստեղծագործողի սուր դիտողությամբ տեսնում էր, որ այդ նոր ուժը ոսկու հետ միասին բերում է բարքերի նոր ապականություն, որ մրցության հետևանքով առաջանում են նոր պատերազմներ, և հետզհետե գլուխ են բարձրացնում չարչիական բնազդները։ Սարսափած այդ ահավոր տեսիլքից՝ Սվիֆտը քաղաքական բարեկարգումների միջոցը համարում էր լուսավոր և իմաստուն թագավոր ունենալը, անշահասեր մինիստրների նշանակումը, միաժամանակ անտեսելով աշխատավոր մարդկության այն շահագործումը, որ կար թե՛ Անգլիայում և թե՛ մյուս երկրներում։

Իր բոլոր ճանապարհորդությունների ընթացքում Գուլիվերն ուշի-ուշով դիտում է արքունիքները, լինում է թագավորների և նրանց մինիստրների հետ և շատ աննշան դիտողություններ է անում բուն ժողովուրդի մասին։ Կարելի է ավելին ասել, նա ընդունում է, որ միշտ պիտի լինեն հպատակներ և տիրողներ։ Այսպես, օրինակ՝ սայլապանները և գյուղացիները ստորին կարգի մարդիկ են. նույնիսկ նրա մեծարանքի առարկա հուիհընհընմներն ունեն մի առանձին տեսակի ստորադրյալ դաս, որ պարտավոր է շատ զավակներ ունենալ։ Լիլիպուտների երկրում նա գոհունակությամբ է դիտում կրթության սիստեմը, երբ ազնվական ծագում ունեցող երեխաները դաստիարակվում են վեհանձնության և հայրենասիրության ոգով, այնինչ բանվորների և գյուղացիների երեխաները չեն սովորում, որովհետև նրանք իրենց ծնողների նման պիտի մշակեն հողը:

Սվիֆտը հասարակության համար չի առաջարկում հիմնական բարեփոխումներ։ Եթե այս հարցերի մասին նա դատողություններ է անում, ապա միայն նպատակ ունենալով վատ իշխանավորին փոխարինելու ավելի մարդասեր և իմաստուն իշխանավորով։ Մարդկության պատմությունը նրա աչքին թագավորների մղած պատերազմներն են, արքունական հեղաշրջումները և վերևից նշած օրենսդրությունը։

Բայց այդպիսի խելացի թագավոր չկար։ Եվ Սվիֆտը կասկածում է, թե նույնիսկ երբևիցե այդպիսին եղել է։ Նա հոգեհարցության միջոցով ծանոթացնում է մեզ իր տեսակետներին՝ հին պատմության մասին, համոզելու, որ մեծարանքի արժանի ոչ մի անուն չկա մարդկության անցյալում։ Թեև առաջացել էր նոր ուժ, որ մի շարք անհրաժեշտ բարեփոխություններ էր առաջարկում, այնուամենայնիվ, այդ նոր ուժն էլ վերջիվերջո գռփողների և շահախնդիր ավազակների մի բանակ էր, որ եկել էր փոխարինելու հներին։

Սվիֆտը սրբազան զայրույթով է բողոքում ոչ միայն Իռլանդիայի ազատությունը խեղդելու դեմ, այլ առհասարակ նոր գաղութներ գրավելու սկզբունքի դեմ, գաղութներ, որ «հանուն թագավորի և աստծո» մեկը մյուսի հետևից գրավում էր անգլիական բուրժուազիան, իսկ նրա վարձկան գրիչները գովաբանում էին այդ ագրեսիան, որպես աստծուն և հայրենիքին հաճո հերոսություն։ Նա սուր երգիծանքով ծաղրում է և՛ «աստվածային իրավունքը», և՛ «նոր երկրների գրավելու քաղաքականությունը»։

Չորրորդ գրքում այս մասին նա հետևյալն է ասում. «Օրինակի համար փոթորիկն անհայտ ուղղությամբ տանում է մի խումբ ծովահենների, և ապա մի փոքրիկ տղա նավի կայմից նկատում է ցամաքը. նրանք ափ են իջնում, որպեսզի ավազակություն և կողոպուտներ անեն. նրանք այդտեղ գտնում են մի անվնաս ժողովուրդ, որ նրանց սիրալիր ընդունելություն է ցույց տալիս, նրանք այդ երկրին նոր անուն են տալիս և օրինական կերպով իրենց թագավորի համար տիրապետում. իբրև հիշատակ, նրանք մի փտած տախտակ կամ քար են տնկում, երկու կամ երեք տասնյակ բնիկներ են սպանում, մի քանիսն էլ նմուշի համար վերցնում են հետները, վերադառնում իրենց հայրենիքը և ներումն ստանում։ Եվ այսպես` hիմք է դրվում նոր տիրապետության, որ ձեռք է բերված աստվածային իրավունքով: Առաջին պատեհ առիթով նավեր են ուղարկում այնտեղ. բնիկներին կա՛մ դուրս են քշում, կա՛մ ջարդում. նրանց իշխաններին տանջանքի են ենթարկում, որպեսզի նրանք երևան հանեն իրենց ոսկին, և անառակ ու տմարդի գործողությունների համար ազատություն է տրվում. երկիրը ներկվում է իր բնակիչների արյունով։ Եվ այդ մսագործների գարշելի խումբը, որ կատարում է նման բարեպաշտ արշավանքներ, դառնում է մի Ժամանակակից գաղութ, որ առաքված է կռապաշտ և վայրենի ժողովրդին դարձի բերելու և քաղաքակրթելու համար»։ Գաղութների հանդեպ ունեցած Անգլիայի քաղաքականության մասին Սվիֆտի այս մեղադրանքը մինչև այժմ էլ չի կորցրել իր սրությունը։

Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից և պաշտպանելով այն հարձակումը, որ մղում էր առևտրական բուրժուազիան հին հասարակության դեմ, Ջոնաթան Սվիֆտը միաժամանակ լինովին չի ազատագրվում ազնվականության և արքունիքի մասին ունեցած իր խոր հավատից, որ սնուցել էր Դուբլինի համալսարանը և լորդ Տեմպլի միջավայրը։ Նրա վիթխարի հանճարը ճիշտ է զգում սոցիալական չարիքը, սակայն գիտակցությունը չի բարձրանում այն աստիճանը՝ լուծելու համար այն, որ ժամանակի սոցիալական չարիքը կարող է վերանալ միայն այն դեպքում, երբ իսպառ կանհետանա մարդու շահագործումը մարդու ձեռքով։ Այս դիրքից չի նայել և չէր էլ կարող նայել Սվիֆտը. ահա թև ինչու նրան բաժին է ընկնում դառն հուսահատությունը և իմաստուն երգիծանքը, որպես փրկության միակ ելք։

Մեր ընթերցողի համար պարզ է այն, որ կեղծիքը, սուտը, ստորաքարշությունը, քսությունը, թույլին ոտնահարելը և այլանդակության փառաբանումը պատմական կատեգորիաներ են և անհետանում են մարդու, որպես սոցիալական շահագործման առարկայի, ազատագրման հետ։ Այդ տեսակետից, մեզ համար դեռևս չեն կորցրել իրենց սրությունը Սվիֆտի այդ արատները պախարակող էջերը ո՛չ միայն որպես մի ամբողջ դարաշրջանի պատմական վավերագրեր, այլև առօրյա պայքարի զենքեր։ Քանի դեռ մնում է մարդու շահագործումը մարդու ձեռքով, քանի դեռ կապիտալիստական երկրներում կա մրցակցությունը, գաղութների ստրկացումը, աշխատավոր մարդու ստորացումը, քանի դեռ ամբողջ աշխարհում մարդկային հասարակությունը չի կազմակերպված իբրև մի կուռ և միասնական բանակ,— Ջոնաթան Սվիֆտի էջերն անմոռաց կմնան որպես նշավանքի հարվածներ հին հասարակարգի հանդեպ։

***

Մի քանի խոսք էլ հայերեն հրատարակության առթիվ։ Ընկ. Կարեն Միքայելյանն իր ձեռքի տակ ունեցել է Օքսֆորդի 1924 թվի հրատարակությունը, որը, սակայն, ունի մի շարք կրճատումներ։ Այդ թերությունը թարգմանիչը վերացրել է, համեմատելով Acadcmia-ի ռուսերեն հրատարակության հետ, որ թարգմանված է Հարոլդ Ուիլյամսի 1926 թվի լիակատար և հոբելյանական հրատարակությունից։ Գրքին կցված ծանոթությունները թարգմանված են ռուսական հրատարակությունից:

Ջոնաթան Սվիֆտի ամբողջական գործն առաջին անգամն է հրատարակվում հայերեն։ Այս փաստն ինքնին մի նշանավոր տարեթիվ է մեր գրականության պատմության մեջ։ Պետհրատն այդ գրքով նախաձեռնել է լույս ընծայելու համաշխարհային գրականության ականավոր գործերի շարքը։

Ինչ խոսք, որ միայն խորհրդային իշխանության օրոք էր հնարավոր այսպիսի խոշոր և մեր անցյալում նմանը չունեցող գործի նախաձեռնումը։ Այն բազմահազար ընթերցողները, որոնք գործարաններից և դաշտերից բարձրացան միայն մեր ժամանակներում, կապիտալիստական կարգերի օրոք, Սվիֆտի լեզվով ասած՝ «ճնշված եհու» էին, որոնցից երջանիկները, եթե մի կերպ հնար ունենային գրագիտություն ձեռք բերելու, հայերեն գրքերի ցանկում պիտի կարդային «Գուլիվերը հսկաների և թզուկների աշխարհում» պատկերազարդ հեքիաթը և չպիտի հասնեին մարդկային մտքի այն բարձունքներին, որին հասել է Ջոնաթան Սվիֆտը։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16