Ջրվեժ


Քչքչալով սարի լանջից
Ցած է իջնում
Գետը բարակ,
Ցած է իջնում, ձորի միջից
Դուրս է փախչում
Արագ-արագ։
Դուրս է փախչում ձորի միջից.
Առաջ վազում
Ոլոր-մոլոր,—
էն ահավոր ձոր ու կիրճից
Գալիս հասնում
Անդունդը խոր...
էդ անդունդի մի վիթխարի,
Լեռ ապառաժ մի մեծ քարի
Գլխից հանկարծ ընկնում է ցած
Ընկնում է ցած՝
Գահավիժվում...
Ջուրը վիժվում,
Ջուրը գժվում,
Գոռում, գոչում
Ու հառաչում,—
— Ջըրրր-վեշշ,
Չըրրր-վեշշ...
— Ջը՜րրր-վե՜շշ,
Ջը՜րր-վե՜ժժ...