Ես իմ ձիուն բաց եմ թողել,
թամբը հանել՝ բաց եմ թողել,
սանձը հանել՝ բաց եմ թողել.
բաց եմ թողել...
Ասել եմ՝ վերջ, էլ չեմ ուզում,
սարեր, արեւ, վարգ չեմ ուզում,
թռիչք ու սեր, կյանք չեմ ուզում.
չեմ, չեմ ուզում...
Ձին իր ճերմակ բաշը պարզել,
թռել է, քո դուռը հասել,
յոթ օր-գիշեր վրնջացել.
բան չես խոսել...
Հողը փորել, դոփել է ձին,
դունչը քսել դուռ-բռնակին,
արծաթ-խրխինջ լաց է լացել.
դուռ չես բացել...
Ձին սրտաբեկ ընկել հանդեր,
քարեքար է զարկում իրեն,
վրնջում է՝ անտուն-անտեր.
բաց եմ թողել...
Ու աստղը նրա ճակտի
խամրեց, հանգավ... Լույսն էլ բախտի
այդ աստղի հետ գնաց-կորավ...
Իմ լքված ձի,
մոլորված ձի,
անմոռաց ձի,
իմ անմար ձի,
իմ Կաթնծիր,
իմ ձի,
Ի-ի-ի-ի...