Ռուսաստանին
թարգմանությունը Եղիշե Չարենցի։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ


Ահա քայլում եմ ես ―
անդրծովյան ջայլամ ―
հանգով ու վանկով փետրազարդ։
Աշխատում եմ
հիմարըս
գլուխս թաքցնել՝
թաղելով փետրում երգաձայն։

Քոնը չեմ ես, այլանդակություն ձնի․
խորը
հոգիս՝
փետուրներում թաղվիր,
և կբացվի ուրիշ մի հայրենիք,
տեսնում եմ՝
հրկիզված հրով հարավի։
Շոգ ու տապի կղզի։
արմավներով պճնած։
«Է՛յ,
ճանապարհ տվե՛ք»։
Անրջանք եմ հյուսում․
Եվ կրկին,
մինչ մյուս օազիսը,
հյուսում եմ նոր հետքեր վայրկյանների փոշով։
Ոմանք փախչում են․
― Երևի կծում է։
Ոմանք՝
ստոր
քծնում։
«Մայրի՛կ,
այ մայրի՛կ,
ածո՞ւմ է նա ձու»։
«Չգիտեմ, հոգյակս,
երևի ածում է»։

Վրնջում են էտաժները։
Փողոցները դժժում։
Շնչում են ջրի ցրտություն։
Ամբողջովին խոցված մատներով ու ծխով՝
անցնում են տարիներս ցուրտ։
Դե, ի՞նչ, խեղդի՛ր հիմա ինձ գգվանքով զազիր,
Թո՛ղ կորչեմ,
օտար ու սառնասիրտ,
բոլոր ձմեռներդ մրրիկների ներքո։