Սաբու
Նրանք անտառում են ապրում, և որովհետև անհիշելի ժամանակից ի վեր գյուղը խիտ անտառների մեջ է, ճանապարհներից զուրկ,— Սաբու գյուղի երեխան այնպես է կարծում, թե աշխարհն անվերջ անտառ է, որտեղ մարդը քարուտներում ցանում է կորեկ, իսկ արջերը հավաքում են ընկած կաղինները, ծառերը ճղակոտոր անում և հագեցած պառկում կորեկի արտում։
Անտառն իր կնիքն է դրել Սաբուի վրա։ Ոչ միայն ափսեներն են անտառի փայտից, արորն ու շերեփը, այլև անտառից է նրանց ուտելիքի մեծ մասը՝ վայրի տանձն ու սալորը, զանազան ընդեղեն և արմտիք, որ նույնքան համեղ են նաև անտառի խորքերում ապրող վարազների համար։
Ոչ մի տեղ արջին այնքան լավ չգիտեն, որքան Սաբու գյուղում։ Երեխան էլ կասի, թե արահետի թարմ հետքը արջինն է, թե գայլ է անցել և կամ պախրան է իջել ձորը՝ ջրի։ Նրանց պատմությունների մեծ մասը վայրի գազանների մասին է։
Ահա առասպել մի հերոս, անունը Գեուշ, որի գերեզմանի սուր քարը հիմա էլ սրբատեղ է Սաբու գյուղում։ Ծերունիները երիտասարդ որսորդներին ավանդում են Գեուշի պողպատե թրի մասին, որի մի հարվածով նա կիսում էր արջի գլուխը։ Մի այլ հերոս, որի վրա հարձակվել են երեք արջ, կոխ է բռնել մարդը նրանց հետ, մեկին սպանել, ապա բարձրացել ծառը, ոտքի թաթը թողնելով գազանի երախում։
Շատ տներում պատերից կախ արջի մորթիներ կան, դռան ճակատին մեխել են պախրայի գլուխը, ճյուղավոր եղջյուրներով, գանգի խոռոչում՝ խոտ, աչքերի փոսում գունավոր փալաս: Բաց բերանից չոր խոտի ծղոտներ են երևում, ասես պախրան գիշեր-ցերեկ խոտ է ուտում։ Ով գիտե, գուցե վերջին մամուռը դեռ մնացել է ատամների արանքում, երբ Սաբուի որսորդը ծառի ետևից պախրայի վրա կրակեց կայծքարով հրացանը։
Կա մի հին աղանդ Սաբու գյուղում։ Մթնած այդ աշխարհում հին առասպելների հետ հավասար մնացել է այդ աղանդը։ Եվ ինչպես անտառի գազանը մնացել է անաղարտ, Սաբու գյուղում այդ հնօրյա հավատքը մնացել է, ինչպես անտառի կուսական թավուտը։
Մագաղաթյա մի ձեռագիր խոսում է վաղեմի արևորդիների մասին, որոնք տեղավորված էին Արաքսի ձախ ափի լեռնաշխարհի վրա։ Եվ աշխարհն այդ կոչվում էր Արևիք։ Բարձր չինարներ կային արևորդիների աշխարհում, և ամեն առավոտ արևածագին չինարների տակ արևին ծունր էին դնում։ Գուցե և կրակապաշտ Իրանից մի կայծ թռել է Արաքսի այս ափը և դարձել ուրույն հերձված։
Այդ աշխարհում է Սաբուն։ Այնտեղ էլ կան բարձր չինարներ, սակայն արևին ծունր չեն դնում, գուցե նրա համար, որ խավարաձոր անտառներում քիչ են արևոտ օրերը: Հիմա էլ չինարները սուրբ են, և չար աչքի դեմ նրանց բներին կապում են գունավոր փալասներ։
Սաբու գյուղում թուրքեր են։ Որովհետև աղանդավոր են եղել, հնում հալածել են նրանց և ենթարկել ծաղրի։ Սաբուն ավելի է քաշվել իր պատյանի մեջ և պինդ փակչել հին հավատքին։ Տարիներ շարունակ թավուտները մնացել են սաղարթախիտ, արևի շողը չի թափանցել խորքի ստվերուտը, փտել են ընկած գերանները, և հողի հետ բորբոսնել է գերան ու տերև։ Սաբուն մազ չի խուզում, բեղ ու միրուք կտրելը համարում է մահացու մեղք։ Դրա համար էլ մարդիկ երկարամորուս են, բրդոտ։ Մազ է պատել այտոսկրին, մազոտ են ականջի խոռոչները։ Ճակատի մազերը կախվում են մինքև ունքերը, և ճակատը չի երևում։ Նրանք ծիծեռնակի թևի նման սև միրուքներ ունեն։
Սաբուն մռայլ է։ Անտառն է վարժեցրել ունքերը կախ և կացնի կոթից պինդ բռնած լուռ ման գալ ծառերի տակ։ Կացնով կարելի է ոչ միայն գերան կտրել, այլև ջարդել արջի գանգը առասպել Գեուշի պես։
Խուսափում են ուրիշ գյուղից աղջիկ ուզել։ Շատ հազվադեպ են ուրիշները համաձայնվում աղջիկ տալ Սաբուին, որովհետև աղանդը գաղտնի ծեսեր ունի, որոնց մասին հարևան գյուղերը հազար ու մի պատմություն են պատմում։ Եվ քանի որ ծեսը կատարում են այն ժամանակ, երբ գյուղում օտար մարդ չկա, դրա համար էլ ճշգրիտ ինչ շատ քչերը գիտեն, թեև ոմանք պնդում են, որ իրենք այդ ծեսին ականատես են եղել։
Սկզբում Սաբու գյուղում ընդունված կարգ է եղել, որ մի կին մի քանի մարդու հետ ապրի, բայց Իրանից եկել է աղանդի մեծը և հայտարարել, որ մարգարեն այլևս նման ծես չի ընդունում։ Այդ վաղուց է եղել, թեև հիմա էլ շատերը ասում են, որ Սաբու գյուղում այդ ծեսը դեռ մխում է մոխրի տակ անթեղած կրակի նման։
Կա մի գիշեր, երբ ոչ լուսնյակ է երևում, ոչ աստղեր: Ամպ է իջնում անտառների վրա, ամպը ձորակներով սողում է մինչև գյուղը, իբրև ծուխ փաթաթում տուն ու մարագ։ Այդ գիշեր ամպի հետ գազաններն անցնում են գյուղի փողոցներով։ Արջը թաթը կոխում է կավով ծեփած քթոցի մեջ, լիզում մեղրը, գայլը լիզում է գառան տաք արյունը։ Շներն իզուր են կաղկանձում, թաքնվելով դեզերի մեջ:
Այդ գիշեր Սաբու գյուղի երեխաները գլուխները կոխում են բարձի տակ, ոմանք լաց են լինում: Եթե լույս լիներ, Սաբու գյուղի աղջիկներին ու կանանց կարելի էր տեսնել աղոթատան կտուրի վրա իրար մոտ կանգնած, որպես գայլից խրտնած հոտ:
Ներսում խավարի մեջ մի քանի հոգի ողբ ասող կանանց նման աղիողորմ հեծկլտում են, ասում աղոթքի արաբերեն բառերը: Ամեն մի երգից հետո ներսը մութի մեջ ձգվում են հարյուրավոր բրդոտ ձեռքեր դեպի երդիկը, վերից կանայք հերթով ներքև են կախում իրենց գունավոր գոտիները: Աղոթատան բազմությունից մեկը խլում է այդ գոտին և ապա, երբ վերջին աղջիկն ամոթխած արձակում է բարակ գոտին, աղոթքից հետո բազմությունը խուժում է դեպի անտառ, քարշ տալով կանանց և աղջիկներին, որոնց գերի են 10 վարում հենց այդ գոտիներով: Այդ գիշեր ոչ լուսին կա, ոչ աստղալույս: Հին աղոթատանը մինչև լուսաբացի վերադարձը հեծկլտում ու աղոթում են պառավները:
—
Արաքսի մյուս ափին մի գիշեր երևաց ոտքից գլուխ կանաչ հագած սեյիդը, հին աղանդի մարգարեն, որ երբեմն հեռավոր Իրանից ծպտյալ անցնում էր սահմանը և հասնում մինչև Սաբու:
Սեյիդն անցավ սահմանը, և նրա մետաքս զգեստի փեշերին, երբ ձին ճեղքում էր գետը, Արաքսի ջուրը ցողեց պղտոր կաթիլներ:
Այդ գիշեր Սաբու գյուղում մանկամարդի մի աղջիկ տորքի առաջ գորգ էր 20 գործում: Բարակ ծամեր ուներ աղջիկը, ծամերի ծայրից կախ էին մետաղյա բոժոժներ: Աղջիկը գլուխը աջ ու ձախ էր դարձնում, դեղնած մատներով բռնում գունավոր թելերը, թելը թելին հագցնում, ապա ծանր սանրով կոփում հանգույցները: Դարսվում էին իրար վրա հանգույցները, ծնվում էին նախշեր, նռան ճյուղեր, տերևներ, տերևների մեջ երկու թև, որ աղջկան թվում էր երգող թռչուն: Ամեն անգամ, երբ աղջիկը սանրը զարկում էր հյուսածին, շարժվում էին գույնզգույն կծիկները, զրնգում էին և ծամերի բոժոժները:
Երբ ձիավորներն անցան փողոցով, շները հաչեցին կանաչ աբայի վրա: Աղջիկը գլուխը թեքեց, սեյիդը ճրագի լույսով տեսավ և գորգը, և տորքի առաջ նստած աղջկան: Նրան թվաց, թե աղջիկն ինքը մի գունավոր նախշ է գորգի վրա:
Այդ տարին էլ եկավ մթին գիշերը: Եվ երբ խավար աղոթատան մեջ դադարեց առաջին երգը, կանաչ աբայի երկու թևեր ձգվեցին վեր, դեպի երդիկ: Վերևից կանայք հրեցին մանկամարդ աղջկան, և 10 մութի մեջ մի քանի կանացի ձեռքեր արձակեցին աղջկա անմեղ գոտին և նրա բարակ մատները երդիկով կախեցին գոտին: Ամոթխած զրնգացին ծամերի բոժոժները: Այդ գիշեր մի գայլ պիտի լիզեր գառան անբիծ արյունը: Եվ երբ անտառում աղջիկը ահից ճչաց, բնի մեջ քնած մի միրհավ զարթնեց և փոխեց տեղը:
Առավոտյան սեյիդը նոր պատգամներ կարդաց: Նրա ամեն մի խոսքը սրբազան օրենք էր Սաբուի համար: Եվ այն, ինչ հայտնեց նա աղջկա ծնողներին, ընդունվեց իբրև մարգարեի խոսք:
Հարկավոր էր գորգն ավարտել, որովհետև գորգը պիտի կախվեր 20 սեյիդի տան պատից, իսկ աղջիկը պիտի քաղցրացներ նրա դառն ծերությունը: Գորգի թերի մնացած նախշերը խառնիխուռն դուրս եկան: Գույները տեղ-տեղ վառ էին, ասես հրդեհվում էին գույները, տեղ-տեղ ավերված, գորշ: Աղջկա մատները դողում էին, երբ բռնում էր գունավոր կծիկները:
Շները մի անգամ էլ հաչեցին, երբ ձիերը գլուխները թեքեցին դեպի հարավ: Մի ձիու վրա փռված էր գորգը, վրան՝ աղջիկը: Աղջիկը վերջին անգամ նայեց պարապ տորքին, մորը, տեսավ հայրենի անտառը, և գորգի նախշերի վրա արցունք կաթեց: Հիմա Արաքսը կաթիլներ չի ցայտում կանաչ աբայի փեշերին։ Անտառների մեջ դեռ մնում է Uաբուն։ Սև միրուքով մարդիկ գերաններ են կացնահատում և ժողովում վայրի տանձ։
Մյուս ափին Իրանի լերկ ապառաժներն են, արևից խանձված տափարակները։ Գյուղերը կանաչ օազների պես են, ժայռերից կախված պարտեղներ, որոնց միջով առուները հոսում են և ավազ խառնում Արաքսի պղտոր ջրին։
10 Այն ափի գյուղում մի պառավ կին, երբ առվի ջրի մեջ լվանում է մաշված գորգը, ձեռքը ճակատին դրած, նա նայում է հեռու, ուր անտառների մեջ պահված է հայրենի Սաբուն։
Խունացած գորգի նախշերը առվի ջրում հանկարծ պայծառանում են, և պառավին այնպես է թվում, թե ծամերի ծայրին հնչում են մանկության անուրախ բոժոժները: