Սահմանադրական դատարանը ականապատեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը
Ս.թ. մարտի 5-ին ես Սահմանադրական դատարանի ուշադրությունը հրավիրեցի երկու իրավական հարցի վրա։ Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի համաձայն՝ վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր գրանցվել ՀՀ նախագահի թեկնածու, այն է՝ եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ, և քանի որ Սերժ Սարգսյանը այդպիսի կարգավիճակ չուներ, հետևաբար նրա գրանցումն անօրինական է։ Իսկ ըստ ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածի՝ «Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում»։ «Նախագահի ընտրություն» նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից մինչև բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ Սահմանադրական դատարանի որոշումը։ Ուստի, քանի որ Սահմանադրական դատարանի նիստերը կայացել են այդպիսի դրության պայմաններում, ապա ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել։ Իմ կողմից բարձրացված այս հարցերի վերաբերյալ դատարանում իր առարկությունները ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանն ուներ ընտրական օրենսգրքի 78.1 և ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածների վերաբերյալ թե՛ դիմող, թե՛ պատասխանող կողմի կարծիքները։ Ըստ այդմ, դատարանը պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և համապատասխան եզրակացության հանգել, ինչը զարմանալիորեն տեղի չունեցավ։
Սա նշանակում է մեկ բան. Սահմանադրական դատարանը, իրավական փակուղու առջև չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաանառարկելի հիմքերին։ Սակայն գերադասելով անտեսել այդ հիմքերը՝ Դատարանն ընկավ ավելի անպատվաբեր և խայտառակ վիճակի մեջ. փաստորեն լռելյայն անվավեր ճանաչելով անցած ընտրությունները և ական դնելով Սերժ Սարգսյանի լեգիտիմության տակ։
Հայտարարություն 2008թ մարտի 11 ի մամլո ասուլիսում