Սամվել
 Ե
Է 

Զ

ԵՐԿՈՒ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆԵՐ

Մամիկոնյան նախարարները, վաղեմի ժամանակներից, վայելում էին հայոց սպարապետության արտոնությունը: Այդ բարձր պաշտոնավարության իրավունքը անցնում էր նրանց տոհմի մեջ ժառանգաբար, որդին փոխարինում էր հորը նրա վախճանից հետո: Թեև եղել են բացառություններ, որ հայոց մյուս նախարարական տներից ևս սպարապետներ են ընտրվել, բայց այդ եղել է այն ժամանակ միայն, երբ թագավորի և Մամիկոնյանների մեջ որևէ, թշնամություն է տեղի ունեցել:

Տարոնի ամբողջ գավառը Մամիկոնյանների ժառանգությունն էր: Այստեղ` Գլակա վանքում դրած էին նրանց տոհմային շիրիմները. այստեղ` Ողական ամրոցը ներկայացնում էր նրանց իշխանական ոստանը: Բայց Մամիկոնյաններից մի ճյուղ, բաժանվելով, ապրում էր Տայոց երկրի ամրությունների մեջ և այնտեղ ուներ յուր անմատչելի բերդը, որ կոչվում էր Երախանի:

Բացի սպարապետության պաշտոնից, իբրև քաջ, առաքինի, հայրենասեր և ամեն ազնիվ հատկություններով հայտնի մի տոհմ, գլխավորապես Մամիկոնյաններից էին ընտրվում հայոց թագաժառանգների դաստիարակները և նրանց սնուցանող դայակները: Այնքան մեծ էր այդ տոհմի բարոյական ազդեցությունը, որ հայոց մյուս նախարարները միշտ խորին հարգանքով էին վերաբերվում դեպի Մամիկոնյանները, և ինքը, թագավորն անգամ մի առանձին ակնածություն ուներ նրանցից: Այդ էր պատճառը, որ Հայաստանում, ամեն մի դժվարին դեպքերում, ոչ մի գործ հնարավոր չէր համարվում, եթե Մամիկոնյանները չմասնակցեին: Անձնազոհությունը, բարձր առաքինությունը, հերոսական քաջազնությունը այդ տոհմի հատկանիշն էր:

Արշակ թագավորի օրերում Մամիկոնյաններից հայտնի էին երկու եղբայրներ` Վասակ և Վահան: Վասակը, որ Արշակի մանկության դայակն էր, հետո սպարապետության աստիճան ստացավ, իսկ Վահանը հազարապետի պաշտոն էր վարում:

Այդ երկու եղբայրներից Ողական ամրոցում ոչ մեկը չէր մնացել: Վերջին երկու սուրհանդակները երկու եղբայրների մահվան բոթը բերեցին Տիզբոնից: Վասակը սպանված էր պարսից Շապուհ թագավորից, իսկ Վահանը մահացել էր բարոյապես... Ամրոցում մնացել էին երկու եղբոր որդիները միայն`

Սամվելը` Վահանի որդին և

Մուշեղը` Վասակի որդին:

Գիշեր էր: Ամրոցի այն բաժնում, որտեղ Վասակի ընտանիքն էր բնակվում, բոլոր սենյակների ճրագները մարած էին: Միայն մի սենյակի լուսամուտների թանձր վարագույրների ետևից աղոտ լույս էր երևում: Այստեղ դեռ չէին քնել: Մի տղամարդ, անհանգիստ կերպով, երբեմն անցուդարձ էր անում սենյակի մեջ, երբեմն նստում էր բազմոցի վրա, և նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի դռները: «Այդ ի՜նչ է նշանակում... — մտածում էր նա, — Սամվելը խնդրել է ինձանից գաղտնի տեսություն... ի՞նչ է պատահել, ի՞նչ խոսելիք ունի... մի՞թե դարձյալ վատ լուրեր են ստացվել... եթե մի ուրախալի բան լիներ, ինչո՞ւ էր նա գիշերով գալիս ինձ մոտ»...

Այղ տղամարդը Մամիկոնյան Վասակի որդի Մուշեղն էր: Վեց կամ յոթն տարի միայն մեծ կլիներ Սամվելից: Մի հոյակապ և բարեկազմ տղամարդ, որի ամեն մի գծերից երևում էր լավ պատերազմողի վեհությունը:

Սենյակը, որի մեջ գտնվում էր նա, զուրկ էր առանձին շքեղությունից: Կոշտ մազե օթոցներով ծածկված էր հատակը, և պատերի մոտ դրած էին մի քանի բազմոցներ, որոնք նույնպես պատած էին կոշտ գորգերով: Այստեղ և այնտեղ երևում էին զենքեր, որոնք զուրկ էին հարուստ զարդարանքներից: Դեպի ամեն կողմ, ուր և նայում էիր, աչքի էր զարկում պարզություն և անփառասիրություն: Երևում էր, որ այդ սենյակի բնակիչը, յուր իշխանական տան մեջ անգամ, սիրում էր պահպանել զինվորական կյանքի խստակեցությունը: Նրա հագուստի պարզությունը բոլորովին համապատասխանում էր յուր օթևանի անշքեղությանը: Նրանց մեջ նկատվում էր ավելի ամրություն և դիմացկոտություն, քան թե նրբություն կամ ճաշակ:

Նա մոտեցավ լուսամուտին, ետ քաշեց վարագույրը և բաց արեց փեղկերից մեկը: Երկար, անշարժ կանգնած, նայում էր դեպի դուրս: Ոչինչ չէր երևում, ոչինչ չէր լսվում: Ամեն ինչ նիրհում էր խորին մթության մեջ: Նայում էր դեպի այդ մթությունը, և նրա սրաթռիչ միտքը սլանում էր հեռու և հեռու, դեպի Տիզբոնի արքունիքը: Այնտեղ էր նրա սիրելի հայրը, այնտեղ էր և նրա սիրելի թագավորը: Այն օրից, որ գնացել էին նրանք, ոչինչ տեղեկություն չուներ: Ի՞նչ էր այդ լռության պատճառը... մի՞թե խաբե՛ց Շապուհը... մի՞թե բոլոր ճանապարհները փակվա՛ծ էին... Նա ոչինչ չգիտեր, նրան ոչինչ հայտնի չէր: Եվ նրա տխուր մտածությունները նույնպես խարխափում էին անստուգությունների մեջ, որպես նրա բարկությամբ լի աչքերը խարխափում էին գիշերային խավար մթության մեջ:

Այդ դրության մեջ գտավ նրան Սամվելը, երբ, սենյակի դուռը կամաց բաց անելով, ներս մտավ և, ետևից ձեռքը դնելով նրա ուսի վրա, սթափեցրեց խորին մտահուզությունից: Նա ետ նայեց, ասելով.

— Դու բավական տանջեցիր ինձ, Սամվել:

— Մորս լրտեսներով շրջապատված է իմ բնակարանը, — պատասխանեց Սամվելը զայրացած կերպով: — Հազիվ կարողացա դուրս պրծնել:

— Ուրեմն մի բան կա, որ քո մայրը լրտեսներ է դնում, — ասաց Մուշեղը և նրա թախծալի դեմքը ընդունեց ավելի մռայլ կերպարանք:

— Նստենք, կպատմեմ բոլորը:

Երկու եղբորորդիները նստեցին գահավորակի վրա, և Սամվելը մի քանի րոպե տատանվում էր, թե ո՜րտեղից և ի՜նչպես սկսե յուր պատմությունը, որ Մուշեղին մեծ ցավ չպատճառե: Նա սկսեց մի փոքր հառաջաբանով, թե ինքը համոզված է, որ Մուշեղը այնքան կամքի զորություն և սրտի ամրություն ունի, որ սառնությամբ կլսե բոլորը, և միասին կխորհեն աղետավոր պատահարների առաջը առնելու: Բայց Մուշեղը անհամբերությամբ ընդհատեց նրան, ասելով.

— Ի սեր աստուծո, առանց այդ ավելորդությունների, պատմի՜ր, ինչ որ ասելու ունես. դու կարող ես վստահ լինել, որ ես կնոջ նման արտասուք չեմ թափի:

Սամվելը պատմեց սուրհանդակի բերած լուրերը, թե ինչպես յուր հայրը և Մերուժանը միաբանվել են, ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը, և պարսից մոգերով ու զորքերով գալիս են նվաճելու Հայաստանը: Պատմեց և այն, որ Շապուհը յուր քույր Որմիզդուխտին կնության է տվել Մերուժանին և խոստացել է նրան հայոց թագավորությունը, եթե նա կհաջողացնե հայոց նախարարներին ու նշանավոր եկեղեցականներին կալանավորել և Պարսկաստան ուղարկել, և այնուհետև տարածել հայոց երկրում պարսից կրակապաշտությունը: Պատմեց և այն, որ յուր հայրը ստացել է հայոց սպարապետությունը, իսկ Արշակ թագավորը աքսորված է Անհուշ բերդում:

— Իսկ իմ հա՞յրը, — ընդհատեց Մուշեղը:

Սամվելը, շփոթվելով կանգ առեց, և ապա պատասխանեց.

— Քո հայրը նույնպես...

— Աքսորվա՞ծ է:

— Այո՜, աքսորված է...

— Թագավորի՞ հետ:

— Այո՜, թագավորի հետ...

Սամվելը սուտ չխոսեց: Բայց այնտեղ, Անհուշ բերդում, աքսորված էր, և շղթայակապ թագավորի աչքի առջև դրել էին նրա հարդով լցրած պաճուճապատանքը միայն: Դեռ չտեսնված Մուշեղի հետ, Սամվելը ամբողջ օրը տանջվում էր այն մտքով, թե ի՜նչպես հայտնե նրան հոր չարաչար մահը Շապուհից: Այդ կարող էր սաստիկ ծանր ներգործություն ունենալ նրա հայրասեր սրտի վրա և անմխիթար սուգի մեջ դնել նրան: Վերջը ընտրեց երկու հարվածներից փոքրագույնը, հայտնելով, թե հայրը աքսորված է թագավորի հետ:

— Խաբեբա պարսի՛կ, — բացագանչեց նա սրտմտությամբ լի ձայնով, — քեզ համար խոսքի և խոստմունքի սրբություն չկա... Վարազագիր մատանիով աղ կնքեցիր դու, որ քո կրոնի մեջ ամենամեծ երդումն է, և ուղարկեցիր, կոչելով իմ հորը և նրա թագավորին քո մոտ, իբր հաշտության ուխտ դնելու, բայց տարար և վատությամբ աքսորեցիր: Անամո՛թ...

Այդ խոսքերը վերաբերում էին Շապուհ արքային, որ նենգավոր խոստումներով հայոց թագավորին և հայոց սպարապետին Տիզբոն հրավիրեց:

Նա դարձավ դեպի Սամվելը:

— Իրավ է, իմ հայրը ամբողջ երեսուն տարի անընդհատ պատերազմեց Շապուհի զորքերի հետ և ամեն անգամ ջարդեց նրանց: Բայց պատերազմեց ազնիվ կերպով: Եթե Շապուհը փոքր ի շատե մարդավարություն ունենար, նա չպիտի մոռանար այն մեծահոգությունը, որ իմ հայրը ցույց տվեց նրան: Երբ նա հաղթված, խորտակված, փախչում էր իմ հոր առջևից, նրա ամբողջ բանակը և ամբողջ կանանոցը գերի ընկավ իմ հոր ձեռքում: Բայց հայրս նրա կանանցը պատվով և ժանվարներով ետ ուղարկեց պարսից արքունիքը: Այդ բոլորը մոռացավ նա: Դավաճանեց յուր երդմանը և խաբեց... Վա՛տ մարդ...

Այսպես, լի մաղձային դառնությամբ թափվում էին խոսքերը վշտացած երիտասարդի շրթունքներից, և նրա սիրտը բորբոքվում էր վրեժխնդրության բոցով: Նա զայրացած դեմքով վեր կացավ և, կանգնելով յուր հորեղբորորդու առջև, ասաց.

— Լսի՜ր, Սամվել, մենք մեր հայրերի զավակը չենք լինի, մենք պոռնիկորդի պիտի համարվինք, եթե այդ բոլոր անիրավությունները կմնան անպատիժ: Համբերության բաժակը լցվեցավ. թշնամին մինչև ծայրը հասցրեց յուր վատությունը...

Նա մի քանի քայլ անցավ սենյակի միջով, նկատեց, որ լուսամուտը բաց էր մնացած, փակեց և ցած թողեց վարագույրը: Անհնարին էր նայել այդ մարմնացած սրտմտության վրա, որի խոշոր աչքերից կրակ էր ցայտում, որի շրթունքները դողում էին տենդային տապով: Գունաթափ էր այրական դեմքը, գունաթափ, որպես մարմարիոն: Նա կրկին կանգնեց Սամվելի առջև և, ուղիղ նրա թախծալի աչքերի մեջ նայելով, հարցրեց.

— Ինչո՞ւ ես լուռ, ինչո՞ւ չես պատասխանում:

— Դու ավելի բախտավոր ես, քան թե ես, Մուշեղ, — ասաց Սամվելը, — քո հայրը մի հերոս էր և հերոսի վախճան ունեցավ... Նա յուր ամբողջ կյանքը անցկացրեց, պատերազմելով հայրենիքի թշնամիների հետ, և վերջը յուր անբախտ թագավորից չբաժանվեցավ... Սուրհանդակը պատմում էր ինձ, թե ինչպես նա յուր բոլոր վեհությամբ կանգնած էր Շապուհի ատյանում և հանդիմանում էր ուխտազանց թագավորի խաբեությունը: Ամբողջ ատյանը և ինքը թագավորը զարմացած էին մնացել նրա համարձակության վրա: Բայց ես անբախտ որդի եմ: Իմ հա՜յրը, արժանավոր հարազատի անարժան եղբայրը դավաճանեց յուր հայրենիքին, դավաճանեց յուր թագավորին: Այժմ, Շապուհի ձեռքում մի անարգ գործիք դարձած, գալիս է ծածկելու հայրենի երկիրը հրով և արյունով... գալիս է ոչնչացնելու այն եկեղեցիները, որոնց մեջ ինքը մկրտված է և որոնցից շատերը յուր նախնիքն են կառուցել... գալիս է մեզ ստիպելու, որ պարսկերեն աղոթենք և պարսից աստվածներին եկրպագենք...

Արտասուքը թույլ չտվեց նրան ավարտել յուր խոսքերը, երկու ձեռքով բռնեց աչքերը և սկսեց դառն կերպով հեկեկալ: Նա չուներ Մուշեղի խստասրտությունը և ոչ նրա ամուր բնավորությունը: Նրա սիրտը այնքան քնքուշ էր և նրա զգացմունքները այնքան նուրբ էին, որ ամենաթեթև պատահարներն անգամ սաստիկ ազդում էին նրա վրա: Բայց Մուշեղը ուշադրություն չդարձրեց նրա արտասուքի վրա և կատաղությամբ գոչեց.

— Այո՜, քո հայրը դավաճանեց... և Մամիկոնյանների տոհմի վրա մի մեծ բիծ դրեց... պետք է մաքրե՛լ այդ բիծը...

Նա երեսը շուռ տվեց, և նրա աչքին ընկավ յուր պապի` Վաչեի պատկերը, որ քարշ էր ընկած պատից: Մի քանի րոպե կանգնեց պատկերի առջև, խորին պատկառանքով նայում էր նրա վրա: Հետո դարձավ դեպի Սամվելը և, ձեռքը մեկնելով դեպի պատկերը, խոսեց.

— Երբ այդ հերոսը ընկավ պատերազմի դաշտում, այն արյունահեղ կռվի մեջ, որ մղում էր պարսիկների դեմ, այդ ժամանակ հայոց ամբողջ աշխարհը սուգի մեջ մտավ: Լաց էր լինում թագավորը, լաց էր լինում զորքը, լացում էին և շինականները: Նրա թաղման հանդեսում հայոց մեծ քահանայապետ Վրթանեսը, Գրիգոր Լուսավորչի որդին, յուր ճառի մեջ այդ խոսքերով մխիթարեց ժողովրդին.

«Մխիթարվեցե՜ք Քրիստոսով, դա մեռավ, բայց՜ յուր մահվամբ անմահացավ: Որովհետև դա յուր անձը զոհեց մեր աշխարհի, մեր եկեղեցիների և մեր աստվածագործ կրոնի համար: Դա մեռավ, որպեսզի մեր աշխարհը, գերի դառնալով, չքանդվի, որպեսզի սուրբ եկեղեցիների կարգը չխանգարվի և մեր տաճարների սրբությունները անօրենների ձեռքը չընկնեն: Եթե մեր թշնամիները տիրելու լինեին մեր աշխարհին, անշուշտ իրանց անաստված կրոնը կհաստատեին այնտեղ: Իսկ այդ բարեպաշտ նահատակը դրա համար պատերազմեց, որ չարությունը հալածե, հեռացնե մեր աշխարհից, և դրա համար ևս մեռավ, որ մեր աստվածասեր երկրում անօրենությունը մուտք չգործե: Քանի որ կենդանի էր դա, միշտ արդար վաստակով պատերազմեց, իսկ յուր մեռնելու ժամանակ` յուր անձը զոհեց տերի ճշմարտության համար և նրա հոտի փրկության համար: Նա՜, որ յուր հայրենիքի, յուր եղբայրների և յուր սուրբ եկեղեցու համար յուր անձը չխնայեց, նա՜, կրկնում եմ, դասակից կլինի Հիսուս Քրիստոսի նահատակների հետ: Արդ, լաց չլինենք այդ մեծ կորուստով, այլ հարգենք հանգուցյալի անձնազոհությունը, օրենք դնելով մեր աշխարհում, որ դրա քաջության հիշատակը, հավիտենից հավիտյան, Քրիստոսի սուրբ նահատակների հետ, անխափան տոնվի մեր եկեղեցիներում»:

Վերջացնելով այդ ճառը, որ Մամիկոնյանները անգիր գիտեին, որ նրանց ուխտի ավանդական հանգանակն էր, Մուշեղը ավելացրեց.

— Հայոց եկեղեցին յուր սուրբ սեղանի վրա, պատարագի ժամանակ, յուր նահատակների թվում հիշում է և մեր պապին. բայց այսուհետև նույն եկեղեցին անեծք կկարդա նրա անարժան թոռան վրա...

— Եվ դա իմ հա՛յրն է... — գոչեց Սամվելը ողբալի ձայնով:

Մուշեղը պատասխանեց.

— Հայրենիքի թշնամին, հայրենիքի դավաճանը ոչ քո հայրը կարող է համարվել, և ոչ իմ հորեղբայրը: Այսուհետև նա մեզ համար օտար է և ավելի օտար, քան թե մի պարսիկ: Համաձա՞յն ես, Սամվել:

— Բոլորովին:

— Տո՜ւր ինձ ձեռքդ:

Սամվելը մեկնեց յուր դողդոջուն ձեռքը:

— Վճռված է... — ասաց Մուշեղը և նստեց նրա մոտ: — Այժմ խորհենք, թե ի՜նչ պետք է անել:

Երկար երկու կողմից ևս տիրում էր լռություն:

— Լսի՜ր, Սամվել, — խոսեց Մուշեղը, — երբեք Հայաստանը այսպիսի ճգնաժամի մեջ չէ գտնվել, որպես այժմ: Թագավորը աքսորված է, հայրապետը աքսորված է, իմ հայրը` սպարապետը աքսորված է: Թշնամիները այդ անտերությունից կարող են ամեն տեսակ օգուտներ քաղել: Ներքին երկպառակությունը ավելի մեծ վտանգ է սպառնում, քան թե արտաքին թշնամին: Իմ ստացած տեղեկությունների համեմատ, մեր նահանգներից, մեր գավառներից շատեր ապստամբվել են, մտածում են թոթափել հայոց թագավորի լուծը: Ապստամբվել է Աղձնյաց բդեշխը և, Ջորո կոչված ահագին պարիսպը կառուցանելով, յոււր աշխարհը բաժանել է մեր երկրից: Ապստամբվել է Նոր-Շիրականի բդեշխը: Ապստամբվել են` Մահկեր տան, Նիհորական, Դասսընտրեի բդեշխները: Ապստամբվել է Գուգարաց բդեշխը: Ապստամբվել են` Ձորոց գավառի տերը, Կողբա գավառի տերը և Գարտմանաձորի տերը: Ապստամբվել են` Արցախի ամուր գավառը, Տմորյաց ամուր գավառը, Կորտրյաց ամուր աշխարհը և Կորդվաց գավառի տերը: Ապստամբվել են` ամբողջ Ատրպատականը, Մարաց ամուր աշխարհը և Կասպից աշխարհը: Ապստամբվել են նաև Անձտյաց և Մեծ Ծոփաց իշխանները: Պարսից սահմանակիցները բռնել են պարսից կողմը, իսկ Հունաց սահմանակիցները բռնել են հունաց կողմը:

Սամվելը, որ խորին վրդովմունքով լսում էր այդ բոլորը, ընդհատեց Մուշեղի տեղեկությունները, բացագանչելով.

— Անիրավնե՛ր, նրանք, որ մեր հայրենիքի կողմնակալներն ու սահմանապահներն են, այժմյան ընդհանուր ճգնաժամի ժամանակ, փոխանակ պաշտպանելու երկիրը արտաքին թշնամիներից, նախ իրանք են լինում, որ ապստամբվում են և բարեկամական ձեռք են մեկնում թշնամուն: Այլևս ի՞նչ է մնում մեզ, երբ գլխավոր ուժերը ապստամբվել են...

— Մեզ մնում է ժողովուրդը, — պատասխանեց Մուշեղը խրոխտալի ձայնով: — Թշնամին մի մեծ սխալ գործեց, և մենք այդ սխալից կարող ենք օգուտ քաղել: Թշնամին դիպավ ժողովրդի ամենա սրբազան զգացմունքներեն — նրա եկեղեցուն: Եթե քո հայրը և Մերուժան Արծրունին ճանաչած լինեին հայի սիրտն ու հոգին, նրանք պետք է ձեռնամուխ չլինեին դեպի եկեղեցին, այն ժամանակ, գուցե, կարող էին նվաճել Հայաստանը: Իսկ այդ ձեռնարկության մեջ, ես վստահ եմ, որ նրանք անպատճառ տանուլ կտան:

— Բայց ժողովուրդը դեռ ոչինչ չգիտե:

Այդ դեպքում հոգևորականությունը մեր զորեղ դաշնակիցը կլինի: Դու, Սամվել, ավելի մոտ հարաբերություններ ունես Աշտիշատի վանքի հետ, էգուց, առանց ժամանակ կորցնելու, կգնաս այնտեղ և ինչ որ պետք է, կկարգադրես: Իսկ ես իմ կողմից բոլոր վանքերը մարդիկ կուղարկեմ:

— Բայց ես չգիտեմ` ինչպե՞ս վարվեմ իմ մոր հետ: Նա բոլորովին կաշկանդել է ինձ:

— Քո մայրը, Սամվել, մի սարսափելի կին է. նա կարող է շատ բան փչացնել, եթե նրա հետ զգուշությամբ չվարվես:

— Որպեսի՞ զգուշությամբ:

— Դու պետք է քեզ այնպես ձևացնես, որ կամակից ես նրա հետ:

— Ուրեմն ես պետք է կեղծավորվե՞մ: Դա շատ ծանր կլինի ինձ համար:

— Առայժմ ուրիշ ճար չկա: