Ը Սամվել

Րաֆֆի

Ժ

Թ

ԱՇՏԻՇԱՏԻ ՎԱՆՔԸ

Տարո՛ն, սրբավայր կրոնի և աստվածապաշտության: Տարո՛ն, բնագավառ հայոց աստվածների և աստվածուհիների: Ահա՜ կրկին երևաց վեհափառ Արածանին — հայոց սրբազան Գանգեսը: Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ ազատ, համարձակ արածում էին սպիտակ արջառները, որ նվիրված էին Անահտա տաճարին: Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ զբոսնում էին հայոց դիցուհու եղջերուները, որոնց պարանոցները զարդարած էին ոսկյա օղամանյակներով: Այդ գետի ափերի մոտ մի ժամանակ տեսավ նրանց Լուկուլլոս հռովմայեցին և սքանչացավ:

Սամվելի աչքի առջևն էր այդ գետը: Սամվելն անցնում էր Քարքեի վրայով: Դեռ վաղեմի դիցանվեր անտառները հովանավորում էին այդ լեռան գեղեցիկ բարձրավանդակները: Եվ Սամվելի տխուր հիշողությունները թռչում էին դեպի անցյալը, դեպի ոչ այնքան հեռավոր անցյալը: Այդ անտառների մթության մեջ, այդ սքանչելի բարձրավանդակների վրա, կանգնած էին հայոց Հաշտից տաճարները: Այնտեղ Հայաստանը հաշտության զոհեր էր մատուցանում յուր աստվածներին: Կարծես, Սամվելը հենց այդ րոպեում տեսնում էր «Վիշապաքաղ» Վահագնի տաճարը — քաջության աստծո տաճարը, որ լցված էր հայոց թագավորների գանձերով: Նրա մոտ բարձրանում էր «Վահագնի սենյակը», որի մեջ կանգնած էր հայոց անպարտելի դյուցազնի գեղեցկուհին — «ոսկեձույլ» Աստղիկը: Տեսնում էր և «ոսկեմայր-ոսկեծին» Անահտի տաճարը, որի մայրական խնամակալության ներքո Հայաստանը մի ժամանակ վայելում էր փառք և կենդանություն:

Այդ երեք մեծագանձ տաճարների խումբը ներկայացնում էր հայոց «Հաշտից տեղերը»:

Այնտեղ, հայոց տարեմուտին, Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր ընդհանրական աշխարհախումբ տոնակատարությունը: Հայտնվում էր հայոց արքան, հայտնվում էր հայոց մեծ քրմապետը, հայտնվում էին և հայոց նախարարները: Արքան յուր ձեռքով բաց էր անում զոհաբերության մեծ հանդեսը, հարյուր սպիտակ ցուլ, ոսկեզօծ եղջյուրներով, զոհ մատուցանելով յուր աստվածներին: Նրա օրինակին հետևում էին բոլոր մեծամեծները:

Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք: Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հառաջադիմության պտուղները: Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը` արհեստ, իսկ Աստղիկը` սեր և բանաստեղծություն:

Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ: Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը` յուր գեղարվեստի արդյունքը: Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը քաջի հետ և մարդը` կատաղի ցուլի կամ գազանի հետ: Լինում էին արշավանքներ` ձիաներով, կառքերով, կամ ոտով` արագավազ եղջերուների հետ: Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը: Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:

Նոր տարին բերում էր յուրր հետ և նոր կյանք: Հին տարին անցնում էր: Պետք էր քավել հին մեղքերը և նորոգված մաքրությամբ մտնել նոր կյանքի մեջ: Կատարվում էր ընդհանրական մկրտությանը: Մեծ քրմապետը առնում էր Արածանիի ալիքներից սուրբ ջուրը և ոսկյա ցնցուղով սրսկում էր բազմության վրա: Նրա օրինակին հետևում էին բոլոր ուխտավորները, ամենքը միմյանց վրա ջուր էին սրսկում: Այդ միջոցին օդը լցվում էր միլիոնավոր սպիտակ աղավնիների բազմությամբ: Յուրաքանչյուր ուխտավոր մի-մի աղավնի էր թռցնում: Եվ սիրո աստվածուհու (Աստղկա) նվիրական թռչունները, մաքուր, անբիծ, որպես սիրո անարատ ոգիներ, սավառնում էին, սլանում էին, ճախր էին առնում նրա սպիտակ մարմարիոնյա տաճարի շուրջը:

Զո՛հ, ջո՛ւր և աղավնի՛. որքան մեծ խորհուրդ կա ձեր մեջ: — Հաշտության, քավության և սիրո սուրբ խորհուրդը:

Ամեն տարեմուտի սկզբում, Նավասարդ ամսում, Վարդավառի տոնախմբության ժամանակ, Հայաստանը այդ հաշտությունը կատարում էր յուր «Հաշտից տեղերում», Քարքեի բարձրությունների վրա, յուր աշխարհախումբ զոհաբերության արյունով: Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր այդ քավությունը, մկրտվելով Արածանիի սուրբ ջրով: Ամեն տարեմուտի սկզբում Հայաստանը կատարում էր և սիրո այդ սուրբ խորհուրդը, Աստղկա տաճարին աղավնիներ ձոնելով:

Բայց այդ ավանդությունը շատ հին էր, և ավելի հին, քան թե ժամանակների սկիզբը:

Երբ աստված մաքրեց մեղավոր երկիրը ջրհեղեղով, — այդ համաշխարհական մկրտությունից հետո հայոց Նոյ նահապետը առաջինը եղավ, որ Նավասարդի սկզբում Արարատ լեռան գագաթից թռցրեց աստվածային սիրո ավետաբեր աղավնին: Հետո, դուրս գալով տապանից, նույն լեռան ստորոտում մատույց հաշտության առաջին զոհը: Ծերունի նահապետի ավանդապահ որդին, Սեմը, Արարատից գալով Տարոն և բնակվելով Սիմ լեռան ստորոտում նվիրագործեց խորհրդավոր ավանդությունը:

Անցան դարեր, անթվելի շատ դարեր, այդ ավանդությունը կատարվում էր հայոց աշխարհում, մինչև նույն աղավնին հայտնվեցավ Հորդանանի ջրերի վրա:

Նույն ավանդությունը սրբագործեց հեթանոս Հայաստանը Վարդավառի տոնախմբությամբ: Նույն ավանդությունը սրբագործեց և քրիստոնյա Հայաստանը դարձյալ Վարդավառի տոնախմբությամբ:

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլորն անցնում էր նրա մտքից, որպես ազգային անմոռանալի հիշողություն:

Այն օրից, երբ Սամվելը գնում էր Աշտիշատի վանքը, յոթանասուն տարի առաջ, երկու սպիտակ ջորիներ Տարոնի միջով տանում էին մի ծածկված կառք: Հայոց երկրի վեց նշանավոր իշխաններ, ձիաների վրա նստած, շրջապատել էին այդ կառքը: Դրանք էին` Հաշտենից իշխանը, Արծրունյաց իշխանը, Անձևացյաց իշխանը, Անգեղ տան իշխանը, Սյունյաց իշխանը և Մոգաց իշխանը: Կառքի ճակատին, որպես սրբազան դրոշակ, փայլում էր մի արծաթյա խաչ: Նրա առջևից գնում էր Հայաստանի Լուսավորիչը, երեսը սև և անթափանցիկ քողով ծածկած: Իսկ ետևից գալիս էին վեց իշխանների զորքերը` թվով 5080 հոգի: Այդ քրիստոնեական հոգևոր զինվորությունը` խորին սրբազան ոգևորությամբ անցնում էր Տարոնի միջով, և որտեղից անցնում էր, թողնում էր հեթանոս շրջակայքի վրա ահ և սարսափ: Կառքը տանում էր յուր մեջ այն սրբությունները, որ Լուսավորիչը բերել էր յուր հետ Կեսարիայից:

Դեռ առավոտը նոր էր լուսանում, երբ կառքը անցավ Արածանին և մոտեցավ Քարքեի բարձրություններին: Այստեղ երկու սպիտակ ջորիները կանգ առին և այլևս առաջ չգնացին:

Բայց կառքի մերձենալը ահեղ սոսկումով ազդեց լեռների վրա և դիցանվեր անտառի խաղաղությունը վրդովվեցավ: Հայոց տոհմային աստվածները զազրացան և կատաղած քուրմերը խումբերով դուրս վազեցին տաճարներից: Մի քանի ժամվա մեջ Արձան քրմապետի, նրա որդի Դեմետրեի և Մեսակես քրմապետի դրոշի տակ հավաքվեցան 6946 հոգի, որոնք բոլորը քուրմեր և մեհյանների պաշտոնյաներ էին: Սկսվեցավ արյունահեղ կռիվը — քրիստոնեության և հեթանոսության կռիվը:

Սրբազան անտառի խորքերից, որպես մի հսկայական մրջնանոցի միջից, դուրս խուժեց թաքնված զորությունը և բռնեց լեռների բոլոր անցքերը ու բոլոր բարձր դիրքերը: Արձան քրմապետը զինված էր, զինված էր և նրա որդին: Հայր և որդի դա՜ռն և նախատական խոսքերով մենամարտության էին հրավիրում հայոց իշխաններին, որ կռվում էին հայրենի աստվածների դեմ: Շուտով քուրմերն այնպիսի նեղ դրության մեջ դրեցին հայոց իշխաններին, որ Մոգաց իշխանը ստիպված եղավ Լուսավորչին փախցնել Մամիկոնյանների Ողական ամրոցը, որ թշնամու ձեռքը չընկնի: Փախչելու միջոցին Լուսավորիչը յուր Կեսարիայից բերած սրբությունները թաքցրեց անտառի մեջ, մի անհայտ տեղում:

Կռիվը տևեց մի քանի օր և մի քանի շաբաթ, մինչև հայոց իշխանները նոր զորություն ստացան: Հաղթությունը մնաց քրիստոնեության կողմը: Արձան քրմապետը, նրա որդի Դեմետրեն և Մեսակես քրմապետը ընկան պատերազմի դաշտում, սուրը ձեռքում, հերոսի պես: Ընկան քուրմերից և 1038 քաջեր: Քարքե լեռան սքանչելի տաճարները կործանվեցան... Հայոց արհեստի և ճարտարության գեղեցիկ գործը ոչնչացավ... Եվ մեծագանձ մեհյանների հարստությունը հայոց նոր խաչակիրների ավարառության առարկա դարձավ:

Ոսկին, արծաթը, մարմարիոնը հեշտ էր կործանել, բայց այն զգացմունքը, որ միացած էր ժողովրդի սրտի և հոգու հետ, այն հավատը, որ նա ուներ դեպի յուր հայրենական աստվածները — դրանք դեռ մնում էին և մնացին շատ դարեր այդ կործանումից հետո: Սուրը և հուրը չկարողացան ոչնչացնել նրանց: Կրոնը փոխվեցավ, բայց ժողովրդի վաղեմի սովորությունները մնացին:

Դրանք այն տաճարներն էին, որտեղ Նավասարդի սկզբում կատարվում էր Վարդավառի աշխարհախումբ տոնախմբությունը: Այդ տոնախմբությունը հեթանոսական դարերում կատարվում էր տարվա մեջ յոթն անգամ, և ամեն անգամին թե թագավորը, և թե մեծ քրմապետը ներկա էին գտնվում:

Լուսավորիչը նույն տաճարների տեղում հիմնեց առաջին սրբության սեղանը և Հայաստանի առաջին Մայր եկեղեցին, որ, պահպանելով յուր հին անունը, կոչվում էր Աշտիշատի վանք: Վարդավառի տոնախմբությունը փոխեց Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնախմբությունով: Բայց «Վարդավառի» նախնական սովորությունները մնացին: Դարձյալ տարին յոթն անգամ հայտնվում էր այնտեղ հայոց քրիստոնյա թագավորը յուր նախարարների և հայոց մեծ քահանայապետի հետ և բաց էին անում Աշտիշատի վանքի աշխարհախումբ տոնախմբության հանդեսը: Դարձյալ զոհեր էին մատուցանում, աղավնիներ էին թռցնում և ջուր էին սրսկում միմյանց վրա: Դարձյալ կատարվում էին նույն խաղերը, նույն մրցությունները և նույն պարգևաբաշխությունները, որ լինում էին հեթանոսական դարերում: Դարձյալ նույն վարդերը, որ մի ժամանակ զարդարում էին Աստղկա տաճարը, հետո նույնպես զարդարում էին Աշտիշատի վանքի սուրբ սեղանը: Եվ այդ տոնը դարձյալ կատարվում էր նավասարդ ամսի սկզբում և կոչվում էր Վարդավառի տոնախմբություն:

Այդ բոլորը գիտեր Սամվելը, այդ բոլոր հանդեսներին մասնակցել էր նա: Ոչ սակավ անգամ` խաղերի կամ մրցությունների ժամանակ` ստացել էր նա առաջին մրցանակը: Ոչ սակավ անգամ հայոց թագավորը համբուրել էր նրա ճակատը, կատարած քաջությունը տեսնելով:

Իսկ այժմ ներկայանում էր մի նոր կրոնական պատերազմ: Արդյոք ինչպե ս կմասնակցեր այդ պատերազմին ժողովուրդը, այն, ժողովուրդը, որ տակավին մնացել էր յուր հին, ավանդական նախապաշարմունքների մեջ: Այդ միտքը սարսափեցնում էր Սամվելին, երբ նա ցած իջավ ձիուց և ոտք դրեց Աշտիշատի վանքի սյամի վրա: