Սամվել
 ԺԴ
ԺԶ 

ԺԵ

ԼԵՌՆԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ

Սև սփածանելիքի մեջ ծածկված կինը դանդաղ, համրընթաց քայլերով անցնում էր ամրոցի ոլորապտույտ փողոցներով, հազիվ-հազ կարողանալով իրան ոտքերի վրա պահել: Սամվելից բաժանվելուց հետո, դեռ նոր տիրեց նրա մեջ այն հիվանդոտ, վհատական թուլությունը, որ տեղի է ունենում գրգռված, բորբոքված դրության անցնելուց հետո:

Երկու սպասավորներից մեկը տանում էր նրա առջևից վառած լապտերը, իսկ մյուսը գնում էր նրա ետևից: Ճանապարհին նա մի բառ անգամ չխոսեց յուր սպասավորների հետ: Լուռ և անարգել ընթացքով անցնում էին նրանք ամրոցի զանազան դռներից, որ դրած էին պահապանների զգույշ հսկողության ներքո: Լապտերի վրա կարմրին էր տալիս տիկին Որմիզդուխտի նշանը: Այդ բավական էր պահապաններին նախազգացնելու համար, թե անցնողը տիկնոջ կանանոցիցն էր:

Ամբողջ ամրոցի մեջ տիրում էր մի տարօրինակ ծանր, ճնշող լռություն, միայն երբեմն աշտարակների բարձրությունից լսելի էր լինում գիշերապահ զինվորի արթնության նշանաձայնը: Մեկի ձայնին պատասխանում էին մյուս աշտարակներից, և լռությունը րոպեապես դղրդվում էր: – — Այդ խոսում էր ամրոցը յուր ահարկու, երկաթյա լեզվով:

Ծածկված կինը արդեն հասել էր յուր բնակարանին: Երբ մերձեցան կանանոցի դռանը, երկու սպասավորները այստեղ կանգ առին, և կինը միայնակ ներս մտավ ներքինիների այդ փակյալ աշխարհը, ուր տղամարդի ոտքը դնելու կայան չունի:

Յուր քնարանը մտնելուց հետո միայն` նա մի կողմ ձգեց դիմակն ու ծածկոցը և այնպես, առանց հանվելու, պառկեց յուր անկողնի վրա: Հոգնած էր նա, հոգնած էր հոգվով, հոգնած էր և սրտով: Նա աչք ածեց դեպի յուր գեղեցիկ, զարդարուն շրջապատը: Ոչ ոք չէր երևում: Աղախիններից ոչ ոք չհայտնվեցավ: Միթե ամենքը քնա՞ծ էին, միթե այդքան անցե՞լ էր գիշերից: Այդ ավելի լավ էր. գոնե ոչ ոք չէր խանգարի նրան: Նա բորբոքված երեսը թաքցրեց բարձերի փափուկ խորության մեջ, և այնպես երկար մնաց լուռ ինքնամոռացության մեջ: Մի խուլ, սրտատոչոր մրմունջ երբեմն ընդհատում էր այդ խորհրդավոր լռությունը, և աչքերից հոսող ակամա հեղեղը թանում էր փափուկ բարձերը: Ինչու էր լաց լինում նա, — ինքն էլ չգիտեր: Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդ ինքն իրան հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին:

Նա գլուխը վեր բարձրացրեց և կրկին պղտոր աչքերով նայեց դեպի յուր գեղեցիկ շրջապատը: Ցանկանում էր խոսել, ցանկանում էր թեթևացնել ամբոխված վշտերը: Դարձյալ ոչ ոք չկար: Միակ առարկան, որ փոքր ի շատե կենդանության նշույլ էր ցույց տալիս, էր ճրագը, որ վառվում էր արծաթյա աշտանակի վրա: Երկար նայում էր նրա վրա և մտքով խոսում էր նրա հետ: — Հո՜ւր, ջերմությո՜ւն և նյո՜ւթ, — ինքն յուր մեջ այրվում էր, ինքն յուր մեջ սպառվում էր... Այդպես էր և նրա սիրտը:

Նա դարձյալ երեսը թաքցրեց բարձերի խորության մեջ, դարձյալ արտասուքը սկսեց վազել նրա աչքերից: Կից սենյակից լսելի եղավ մի ձայն, — նույնպես լացի ձայն: Այնտեղ լաց էր լինում քնից նոր զարթաց զավակը, այստեղ լաց էր լինում անքուն մայրը: Այդ ձայնը սթափեցրեց նրան, — այդ ձայնը հիշեցրեց նրան, որ նա մայր էր և ամուսին...

Նա ցած իջավ մահճակալի վրայից, սրբեց աչքերը և շտապեց դեպի կից սենյակը: Ծծմայրը քնած էր օրորոցի մոտ, չէր լսում երեխայի ձայնը: Տիկինը զարթնեցրեց նրան: Քնաթաթախ կինը գլուխը մեքենաբար վեր բարձրացրեց և կուրծքը մոտեցրեց երեխայի բերանին: Երեխան լռեց: Այժմ լսելի էր լինում նրա ախորժակով ծծելու մրմրչոցը միայն:

Տիկինը մայրական հիացմունքով կանգնած, նայում էր օրորոցի վրա: Նրա մեջ դրած էր նրա հոգին, նրա սիրո անդրանիկ պտուղը: Հանկարծ սոսկալով նկատեց, որ ծծմայրը գլուխը խոնարհեցրեց օրորոցի դաստակի վրա և կրկին քունը տարավ: Երկյուղը` խառն բարկության հետ շարժեց նրա սիրտը:

— Դու միանգամ այդ երեխային կխեղդե՛ս, — ձայն տվեց նա և ոտով խթեց նրա կողքը:

Քնեած կնոջ սև դեմքի վրա փայլեցին նրա խոշոր աչքերի ճերմակ սպիտակուցները, և նա զգաստացավ:

Ես քնած չէի... — ասաց նա և գլուխը դարձյալ խոնարհեցրեց դաստակի վրա:

Ծծմայրը խափշիկ էր: Խափշիկի ջերմ կուրծքից բխած կաթը սննդարար է համարվում երեխաների համար:

Որտեղի՞ց որտեղ. — մայրը` պարսիկ, ծծմայրը` խափշիկ, իսկ երեխան Մամիկոնյան իշխանազն...

Նա դեռ կանգնած էր օրորոցի մոտ, մինչև երեխան կշտացավ և քնեց: Հետո խոնարհվեցավ, շրթունքը մոտեցրեց կլորիկ թշերին և հեռացավ, պատվիրելով ծծմայրին, որ արթուն մնա:

Կրկին դարձավ յուր քնարանը. փորձեց քնել: Առանց աղախիններից մեկին կանչելու, ինքը հանվեցավ, մտավ անկողնի մեջ: Փափկության մի ախորժելի գրգարան էր այդ շալեղեն և մետաքսեղեն ճոխ անկողինը, բայց այս գիշեր, կարծես, փուշերով լցված լիներ: Նա անդադար շուռ էր գալիս մի կողքից դեպի մյուսը, բայց ոչ մի կողմում հանգստություն չէր գտնում: Նրա ներսը ալեկոծության մեջ էր: Խառն և անորոշ մտքերով ամբոխված էր նրա անմեղ գլուխը, որպես պարզ, լուսապայծառ հորիզոնը հանկարծ մռայլվում է ամպերի մթին կոհակներով: Մտածում էր Սամվելի մասին, մտածում էր այն բախտավոր արարածի մասին, որին սիրում էր նա և, վերջապես, սոսկալով մտաբերեց յուր ներքինապետին և նրա վարմունքը...

«Արդյոք Սամվելը համոզվեցա՞վ, որ ես անմեղ եմ, արդյոք փարատվեցա՞վ նրա կասկածը իմ մասին»... մրմնջում էր նա, ներկայացնելով իրան այն տխուր րոպեն, թե ո՜րքան անախորժ տպավորություն ունեցան յուր հաղորդած տեղեկությունները վշտացած երիտասարդի վրա: — «Նա այնքան բարի է, նա այնքան ազնիվ է, որ կներե ինձ, նա չի կասկածի, որ ես կամակից եմ եղել իմ ներքինապետի վատություններին... Բայց դրանով խո չէ սրբվում իմ մեղքը: Ո՞ւմ առիթով մտավ այդ տան մեջ այդ նենգավոր մարդը, եթե ոչ իմ առիթով: Ես բերեցի ինձ հետ այդ տան մեջ մի լրտես... Ոչ, ոչ, ես ոչինչ չգիտեի, ինձ հետ ուղարկեցին այդ լրտեսին... Բայց դարձյալ հանցանքի ծանրությունը իմ վրա է ընկնում... Եվ ես պետք է քավեմ այն, ինչ որ առանց իմ գիտության կատարվել է, որպեսզի խիղճս հանգստանա... Ես Սամվելին համոզել չկարողացա: Նա հակառակեց իմ Տիզբոն գնալու դիտավորությանը: Այդ դեպքում ևս նա ցույց տվեց յուր անսահման բարեսրտությունը: Բայց ես պետք է գնամ, պետք է աշխատեմ ամոքել իմ եղբոր անգթությունները... Ես չեմ կարող այստեղ մնալ և հանդիսատես լինել ողբալի տեսարանների... Բայց իմ ամուսի՞նը... ի՞նչ կմտածե իմ ամուսինը... նա կգա և ինձ յուր տան մեջ չի տեսնի»...

Վերջին հարցի վրա մնաց նա:

Երկար մտատանջություններից հետո, նա ձայն տվեց յուր աղախիններին: Ոչ ոք չհայտնվեցավ: Վեր առեց յուր մոտ դրած ասրյա սպիտակ շալը, փաթաթվեցավ նրա մեջ և դուրս եկավ անկողնից: Այդ շալի մեջ կիսամերկ գեղեցկուհին նմանում էր մի նազելի հավերժահարսի, որ կիսով չափ դուրս է երևում նախշուն ոստրեի միջից:

Մտավ մյուս սենյակը: Այստեղ աղախինները, մինը մյուսի վրա գլուխը դրած, խմբով պառկել էին: Երևում էր, նրանք երկար սպասել էին իրանց տիկնոջը, և այնպես քուները տարել էր: Տիկինը նայեց նրանց վրա և խղճացավ զարթնեցնել: Նա դուրս եկավ և անցավ մի այլ սենյակ: Այստեղ մի չափահաս կին, միայնակ նստած բազմոցի վրա, նիրհում էր: Դռան բացվելու ձայնը փոքր– ինչ զգաստացրեց նրան, աչքերը բաց արավ, նայեց յուր շուրջը, և դարձյալ գլուխը խոնարհեցնելով, սկսեց նիրհել:

Տիկինը վերադարձավ յուր քնարանը:

Նա մոռացավ, թե ի՞նչ բանի համար էր կամենում կանչել յուր աղախիններին, մոռացավ և այն, թե ինչո՞ւ համար մտավ վերջին սենյակը, ուր բազմոցի վրա նիրհում էր չափահաս կինը:

Խարխափելով անցավ նա քնարանի միջով, որպես թե մի բան որոնում էր: Աչքը ընկավ արծաթապատ արկղիկի վրա, որ դրած էր պատուհանում: Այդ գեղեցիկ արկղիկը սարսափեցրեց նրան: Մի առանձին զզվանքով ձեռքը տարավ դեպի կողպեքը, բաց արեց և նրա միջից հանեց մի քանի գրվածքներ: Դրանք զանազան նամակների պատճեններ և զանազան սևագրություններ էին, որ այնօր ջոկել էր նա յուր ներքինապետի թղթերի միջից: Նրանցից մեկը մոտեցրեց ճրագին, սկսեց կարդալ: Նրա ուշադրությունը գրավեցին հետևյալ տողերը.

... «Այստեղ մնացած Մամիկոնյան տոհմից երկու երիտասարդներ կարող են վտանգավոր լինել. մեկը` Վահան իշխանի որդի Սամվելը, մյուսը` նրա հորեղբոր որդի Մուշեղը: Առաջինը, թեև անփորձ, դեռահաս մի երիտասարդ է, բայց խելագարի նման սիրահար է թե՜ յուր թագավորին և թե՜ յուր հայրենիքին: Այդ սերը լրացնում է նրա մեջ փորձի և հմտության պակասությունը: Քաջ է և համարձակ: Սիրված է յուր հասարակությունից և նրա ձայնին շատերը կհետևեն: Անկաշառելի է: Ոչնչով չէ կարելի խախտել նրա հայրենասիրությունը: Այդ մոլեռանդ երիտասարդը կարող է շատ հոգսեր պատճառել արյաց զորքերին, եթե վաղօրոք նրա մասին չխորհվի... Երկրորդը, Մուշեղը, առաջինի հայրենասիրության հետ` ունի փորձ և ընդարձակ հմտություններ պատերազմի գործերում: Դա մի սոսկալի մարդ է: Պարսկաստանը շատ կշահվի, եթե մի ամբողջ գավառ անգամ նշանակելու կլինի նրա կյանքի վճարման համար, որպես գլխագին: Մեծ է դրա ազդեցությունը թե՜ ազնվական և թե՜ հոգևոր դասակարգերի վրա: Լավ զորապետ և քաջ պատերազմող է, և ոխերիմ թշնամի արիներին»...

Նա չկարողացավ շարունակել. ձեռքերը դողացին և մագաղաթի կտորը ընկավ հատակի վրա: Այդ միջոցին ներս մտավ չափահաս կինը, որը մի քանի րոպե առաջ, մյուս սենյակում, բազմոցի վրա նստած, նիրհում էր:

— Ա՛խ, Որմիզդուխտ, աչքի լույս, — ձայն տվեց նա, — դու դեռ քնած չե՞ս:

Նա մոտեցավ, սկսեց փայփայել յուր տիկնոջ հերարձակ գլուխը: Բայց նրա այլայլված դեմքը սարսափեցրեց պառավին, որը զարհուրելով ետ քաշվեցավ և հարցրեց.

— Ի՞նչ է պատահել քեզ հետ... ինչո՞ւ այդքան ուշացար... ի՞նչ ասաց Սամվելը... ե՞րբ եկար... — և նա զանազան հարցերով շփոթեցրեց առանց դրանց ևս շփոթված Որմիզդուխտին:

Այդ նիհար, ցամաքած պառավը Որմիզդուխտի տղայության ստնտուն էր. երեխայությունից սնուցել էր նրան յուր գթոտ կուրծքի վրա: Երբ ամուսնացավ Որմիզդուխտը, երբ ուղարկեցին նրան հայոց երկիրը, այդ խելացի, փորձված պառավին դրեցին անփորձ հարսի հետ իբրև խորհրդական, իբրև խնամակալ:

Պառավի հայտնվիլը փոքր-ինչ սփոփեց Որմիզդուխտին: Լինում են րոպեներ, դա՜ռն, հուսահատական րոպեներ, երբ մարդ յուր տխուր միայնակության ժամանակ սփոփանք է գտնում մինչև անգամ կատվի մեջ, երբ հանկարծ ներս է մտնում սենյակը և կարեկցաբար քսքսվում է տառապյալի փեշերին:

Տիկինը անցավ մահճակալի վրա, մտավ անկողնի մեջ և կանչեց պառավին յուր մոտ:

— Նստիր այստեղ, Հումայի, մոտ նստիր, — խնդրեց նրանից նվաղած ձայնով:

Պառավը տեղավորվեցավ նրա բարձերի մոտ:

— Ձեռքդ դիր ճակատիս վրա, շփի՜ր նրան, շա՜տ շփիր:

Պառավը յուր ոսկրոտ ձեռքը դրեց նրա ճակատի վրա, որ պատած էր սառն քրտինքով:

Մի քանի րոպե լուռ էր նա և բոցավառ աչքերը հածում էին սենյակի շուրջը: Հետո աչքերը խփեց և ասաց պառավին:

— Խոսի՜ր, Լումայի, շա՜տ խոսիր, ես լսում եմ:

Պառավը խոսք չգտավ ասելու: Տիկնոջ այդ տենդային դրությունը շվարեցրել էր նրան:

— Խոսի՜ր, Հումայի, մի բան ասա՜, — կրկնեց նա, յուր թախծալի աչքերը բաց անելով և դարձնելով դեպի պառավը: — Մոռացե՞լ ես, Հումայի, լինում էին գիշերներ, երբ ես դեռ օրիորդ էի, դու այդպես, ինչպես այժմ, նստում էիր իմ անկողնի մոտ, խոսում էիր, խոսում էիր, և քո խոսքերին վերջ չէր լինում... Անցնում էին ժամեր, աքաղաղները կանչում էին, ես քնում էի, ես զարթնում էի, և դարձյալ լսում էի քո խոսքերի շարունակությունը... Ա՛խ, ո՜րքան լավ էր այն ժամանակը. ոչ հոգ կար, ոչ ցավ կար. ապրում էի ինչպես մի ուրախ թռչուն, և բնավ ծանոթ չէր ինձ, թե ի՜նչ է տխրությունը...

Աչքերը դարձյալ փակեց նա, ասելով,

— Խոսի՜ր, Հումայի, մի բան պատմի՜ր, որ քունս տանե...

Շվարած պառավը ձեռքը տարավ դեպի նրա կուրծքը, որ սաստիկ զարկում էր:

— Այնտեղ կրակ կա, Հումայի, այնտեղ մի բան այրում է ինձ... — մրմնջաց նա և դարձյալ աչքերը բաց արեց:

Պառավը այժմ սկսեց վախենալ:

Ե

— Դու չես խոսում, Հումայի, դու լուռ ես... ես կխոսեմ... ես ուզում եմ խոսել... շա՜տ խոսել...

Պառավը այժմ սկսեց մրթմրթալ: Նա աղոթում էր:

Տիկինը յուր տաք ձեռքերով բռնեց պառավի ցամաք ձեռքը և հարցրեց.

— Հիշո՞ւմ ես, Հումայի, այն տարին, Աշտիշատի տոնախմբության օրը. այդ վերջին հանդիսավոր տոնախմբությունն էր, որ կատարվեցավ: Մենք նստած էինք հայոց տիկնոջ (թագուհու) ծիրանի վրանում, այնտեղից նայում էինք հանդեսի վրա: Թագավորը մեծ քահանայապետի և գլխավոր նախարարների հետ նստած էին առանձին վրանում, մեզանից փոքր-ինչ հեռու, և դիտում էին կատարվող մրցությունները, կատարվող խաղերը: Հիշո՞ւմ ես այդ օրը:

— Հիշո՞ւմ եմ, — պատասխանեց ապշած պառավը:

— Հիշում ես և այն, երբ սկսվեցավ մականախաղը, երբ նախարարների երկաթապատ որդիները երկու հակառակ խումբերի բաժանվեցան, և երբ շառաչում էին մականները և փայտյա խոշոր գնդակները փոթորկի նման մի կողմից դեպի մյուս կողմ էին տարվում, այդ ջերմ մրցության միջոցին հայտնվեցավ մի օրիորդ, ոսկեգույն նժույգի վրա նստած: Հիշո՞ւմ ես այդ օրիորդին:

— Հիշում եմ, — պատասխանեց պառավը:

— Հազարավոր ձայներ` խուռն ծափահարությամբ` ողջունեցին նրա հայտնվիլը: Թագավորը երկար ճոճում էր յուր թաշկինակը: Նա հայտնվեցավ, ինչպես մի դիցուհի, և յուր հայտնվելով նոր ուժ, նոր ջերմություն ներշնչեց խաղին: Գեզեցի՛կ էր այդ մանկահասակ օրիորդը յուր սքանչելի զրահավորության մեջ: Կուրծքը պատած էր պողպատյա ոսկենկար լանջապանով. պղնձյա փոքրիկ սաղավարտը շողշողում էր արևի ճառագայթներից, շողշողում էին և նրա ոսկեգույն գիսակները, որ ծածանվում էին երկաթի մեջ սեղմված թիկունքի վրա: Նախշուն երեսակալի նեղ ճեղքից հազիվ երևում էին նրա լուսափայլ աչքերը և սևորակ, աղեղնաձև հոնքերը: Հնչում էր փողը, որոտում էին թմբուկները և երկար, ծանր մականը նրա վարժ ձեռքում պտտվում էր, ինչպես մի թեթև փետուր: Գեղեցիկ նժույգը, որպես մի օդագնաց թռչուն, ճախրում էր, ահագին ոստյուններ էր գործում, և քաջազնա օրիորդի մականի ճարպիկ հարվածներով գնդակը սլանում էր մինչև ասպարեզի վերջը... Հիշո՞ւմ ես, թե ո՜ւմ հետ էր մրցում նա:

— Սամվելի հետ:

— Այո՜, Սամվելի հետ... Երբ վերջացավ խաղը, հայոց տիկինը (թագուհին) հրավիրեց նրան մեզ մոտ, մեր նստած վրանում: Յուր ձեռքով նվիրեց նրան առաջին մրցանակը — մի ոսկեղեն գեղաքանդակ թաս: Նա մնաց մեզ մոտ, ճաշեց մեզ հետ և ճաշի ժամանակ երգեց մի երգ: Հիշո ւմ ես այդ երգը:

— Հիշում եմ:

— Այդ մի լեռնական երգ էր, Հումայի: Լեռնցի օրիորդը երգում էր յուր լեռների, յուր ձորերի երգը: Նրա անուշիկ ձայնը հնչում էր, ինչպես լեռնային զեփյուռը, որ զարկվում է ապառաժներին, զարկվում է դարևոր եղևնիներին, սաստկանում է, սաստկանում և ապա փոքր առ փոքր մեղմանալով, վերջը խուլ, տխրաձայն հնչյուններով հանգչում է ձորերի հեռավոր խորության մեջ... Կարծես, և այս րոպեում զարկում է իմ ականջներին կախարդիչ երգի թախծալի մեղեդին, կարծես, և այժմ նայում եմ ես հափշտակված օրիորդի վառված աչքերի մեջ, ուր այնքան կրակ կար, ուր այնքան հրապուրանք կար, ուր այնքան սեր կար... Հիշո՞ւմ ես, Լումայի, թե ով էր այդ օրիորդը:

— Ասում էին, որ Ռշտունյաց իշխանի դուստրն է:

— Այո՜, Ռշտունյաց իշխանի դուստրն էր — ահարկու լեռների և մթին անտառների բախտավոր դուստրը... Նա յուր հետ բերել էր յուր լեռների քաջերին: Քա՛ղցր էր նայել այդ հովիվ ժողովրդի պարզ և անպաճույճ զրահավորության վրա, որ հայտնվել էին հանդեսում իրանց` այծերի մազից գործած` թեթև ասպարներով, իրանց ոչխարների բուրդից պատրաստած կաճյա զրահներով ու սաղավարտներով և իրանց նույնպես մազից հյուսած թանձր տրեխներով: Ոտքից գլուխ մազով ու մորթով էին պատած նրանք, բայց երկաթի ամրություն ուներ այդ կոշտ-կոպիտ հանդերձանքը: Կոշտ-կոպիտ էին և իրանք — լեռնականները, — բայց բոլոր հանդիսականները սարսափում էին նրանց աղեղներից, որ երեք կանգուն տարածություն ունեին, և նրանց նետերից, որ մի նիզակի չափ երկարություն ունեին: Խրոխտ էին այդ քաջերը և դյուրագրգիռ, իսկ նրանց թագուհին փայլում էր բոլոր հանդիսականների մեջ, որպես մի լեռնային դիցուհի...

Վերջին խոսքերի միջոցին նա յուր աչքերը փակած ուներ, կարծես, խոսում էր քնի կամ երազի մեջ:

— Այդ քաջերը, — շարունակեց նա, — հրեղեն աչքերով և թավամազ դեմքով, թավամազ առյուծների նման, հսկում էին իրանց իշխանուհու վրա: Մահը մի ակնթարթում վճռված կլիներ այս ազատանի երիտասարդի, որ կհամարձակվեր մի փոքր ծուռն աչքով նայել նրա վրա: — Նա տարավ այդ տոնախմբության մրցությունների ժամանակ երկու փայլուն մրցանակներ. մեկը` ոսկեղեն թասը, որ ընդունեց հայոց տիկնոջ ձեռքից, մյուսը — Սամվելի սիրտը...

Նա լռեց, այլևս ոչինչ չխոսեց:

Երկյուղած պառավը սարսափով նայում էր նրա գունաթափ դեմքի վրա, որ երբեմն թրթռում էր տենդային ցնցումներով: Թրթռում էին և նրա կարմիր շրթունքները, որ ամուր սեղմված էին միմյանց հետ: Նա դեռ շարունակում էր խոսել, բայց խոսում էր, ո՜վ գիտե, ում հետ, խոսում էր երազների հափշտակության մեջ, և նրա ձայնը չէր լսվում...

Պառավը ծածկեց նրան և մինչև լույս անքուն նստած, նայում էր յուր սնուցած սանիկի վրա, որ վառվում էր տապի և քրտինքի մեջ: Եվ խեղճ կնոջ շիջած աչքերից արտասուքը մեղմ կաթիլներով գլորվում էր ցամաք երեսի վրա...