Սամվել
 Դ
Զ 

Ե

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳԻՇԵՐՎԱ ԱՌԱՎՈՏԸ

Դեռ մութն էր, դեռ բավական ժամանակ կար մինչև առավոտ:

Մի սպիտակ ձիավոր, շրջապատված մի խումբ թիկնապահներով, անդադար արշավում էր խռովյալ քաղաքի մի փողոցից դեպի մյուսը, որտեղ հուզմունքը ավելի սաստկանում էր: Նա անցնում էր կրակների միջով, նա անցնում էր կործանվող շինվածքների տակով, առանց ամենափոքր երկյուղ կամ վտանգ զգալու: Նրա ծայրահեղ անձնավստահությունը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես, այդ վեհապանծ ձիավորի մարմինը դյութված կամ կախարդված լիներ, որ անմխելի էր դարձել ամեն զորությանց առջև: Եվ իրավ, նրա մասին մի այդպիսի կարծիք կազմվել էր հասարակության մեջ:

Դա Մերուժան Արծրունին էր:

Յուր փառասիրության չափ փառահեղ էր ստեղծել նրան բնությունը, իսկ յուր անզուսպ անգթության չափով — սոսկալի: Նրա տոհմային ասորական արյունը խառնվելով հայկականի և Ջայմար ամրոցի վիշապազունների արյան հետ, տվել էին նրա հզոր կազմվածքին վիշապի ահավորություն: Նույն ահավորության մեջ նա գեղեցիկ էր և վայելչակազմ, որքան գեղեցիկ է լինում հոգեառ Սադայելը:

Յուր պղնձյա ամրակուռ զրահավորության մեջ, յուր զենքերի շողշողուն փայլով, հրդեհների վառ ճառագայթների առջև փայլում էր նա յուր անվան համեմատ, որպես մի արեգակ լուսապայծառ, որ աչք էր շլացնում:

Ամեն տեղ, ուր և հայտնվում էր նա, լռում էր աղմուկը, դարդարում էր խռովությունը: Բայց հենց որ անցնում էր, նրա ետևից լսելի էին լինում անեծքի խուլ մրմունջներ: Յուր սեփական քաղաքացիքը նզովում էին նրան: Բայց կար ժամանակ, և այդ ժամանակը շատ հին չէր, երբ նա անցնում էր այդ քաղաքի փողոցներով, մանկահասակ աղջիկները ծաղիկներ էին սփռում նրա սպիտակ նժույգի ոտների ներքո, իսկ կանայքը օրհնության ներբողներ էին երգում…

Նա անցավ մեծ հրապարակը, որ գտնվում էր յուր ապարանքի առջև: Գեղեցիկ, սյունազարդ ապարանքը այրվում էր: Բայց նա այրվում էր ո՜չ թե թշնամու կրակներից, այլ քաղաքացիների նետած կրակներից: «Երբ մեր տները հրդեհի կերակուր են դառնում, ա՜յդ ևս թող դառնա», — ասացին նրանք և այրեցին: Նա նայեց յուր նախահարց շքեղ բնակարանի վրա և երեսը սրտմտությամբ շուռ տվեց:

Ապարանքը դատարկ էր, որովհետև նրա ընտանիքը և ազգականները գնացել էին ամառանոց` Արծրունյաց բնիկ Ոստանում: Այստեղ մնացել էին մի քանի ծառաներ և սպասավորներ միայն:

Հրապարակի վրա հավաքված էր մեծ բազմություն: Այրվող տներից փախած կանայք, երեխայք, ազատված կարասիների հետ միասին, խառնափնթոր կերպով դիզված էին միմյանց վրա: Հրդեհի լուսավորության ներքո այդ ապշած, սասանված թշվառների կուտակությունը ներկայացնում էր մի զարհուրելի տեսարան:

Երբ նա մերձեցավ`

— Մի՜ մոտենար, Մերուժա՛ն, — ձայն տվին կանայքը:

— Հանգցրո՜ւ կրակը, — աղաղակեցին երեխայքը:

Նա ձեռքը տարավ դեպի աչքերը: Ի՞նչ էր, որ սրբեց այնտեղից: Միթե արտասվել կարո՞ղ էր այդ քարեղեն սիրտը: Բայց երեխաների ձայնը փշրե՛ց քարը, խորտակեց ապառաժը…

Նա դիմեց դեպի քաղաքադռներից մեկը: Այստեղ ինչ-որ աղմուկ կար մի խումբ քաղաքացիների և դռների վրա հսկող պարսիկ պահապանների մեջ:

— Կամենում են բաց անել դռները, — զեկուցում տվին նրան:

— Կոտորեցե՜ք, — հրամայեց նա:

Սկսեցին կոտորել նրա սեփական քաղաքացիներին:

Նա անցավ:

Նրան ուղեկցում էր մի նշանավոր պարսիկ աստիճանավոր: Երբ փոքր — ինչ հեռացան, նկատեց նա

— Անհնարին կլինի երկար պաշտպանվել, իշխան:

— Ինչո՞ւ:

— Որովհետև այս րոպեիս ականատես եղանք, թե որպես քաղաքացիք կամենում էին դռները բաց անել և թշնամուն ներս թողնել:

— Դրա համար էլ ես հրամայեցի նրանց կոտորել:

— Ո՞ր մեկին կոտորել:

— Բոլորին, եթե այնպես կվարվեն:

— Այն ժամանակ մեզ անհնարին կլինի կռվել թե՜ քաղաքացիների հետ և թե՜ դրսի թշնամու հետ:

— Եթե այդ անհնար կլինի, մեռնելը, կարծեմ, շատ հնարավոր է:

— Այդ սպասում է մեզ... Բայց ավելի լավ չէ՞ր լինի քանի դեռևս մութն է օգուտ քաղել գիշերային խավարից և, պատառելով պաշարվող թշնամու շղթան, հեռանալ քաղաքից:

— Այդ այնքան հեշտ չէ Ռշտունյաց գազանների շղթան պատառել: Պետք է պաշտպանել քաղաքը մինչև վերջին շունչը: Երբ փոքր-ինչ կլուսանա, այն ժամանակ մենք դուրս կգանք կռվելու:

Պարսիկ աստիճանավորը լռեց: Նրանք դիմեցին դեպի քաղաքի մյուս դռները, որոնք նույնպես սաստիկ հսկողության ներքո էին դրած:

Գիշերը անցավ կրակի և բոցերի դժոխային գործողության մեջ: Իսկ առավոտյան լուսաբացին, մոխիր դարձած քաղաքի ավերակների վրա, սկսվեցավ սոսկալի կոտորածը: Գիշերը կործանվում էին շինվածքներ, իսկ այժմ կործանվում էին մարդիկ…

Դեռ վաղորդյան շամանդաղը նոր էր սկսել պարզվիլ, դեռ նոր թռչունները իրանց ուրախ մնչյուններով սկսել էին ավետել տվնջյան լուսատուի ըղձալի ծագումը, երբ քաղաքի դռներից մեկը խորտակվեցավ: Նա խորտակվեցավ թե՜ ներսի բնակիչներից, և թե՜ դրսի պաշարողներից: Ներս խուժեց կատաղի բազմությունը:

«Թո՜ղ մի կողմ ջոկվին քրիստոնյաները…» — որոտացին հազարավոր ձայներ:

Քաղաքի բնակիչները, մոռանալով իրանց կրած ծանր վնասը, միացան իրանց տները այրող, իրանց դժբախտացնող լեռնականների հետ, և սկսեցին կոտորել պարսից զորքերին: Այժմ գործում էր նիզակն ու սուրը: Փայլում էր երկաթը և յուր փայլատակման հետ` լսելի էր լինում երկաթապատ վահանների սաստիկ տրոփյունը: Կռիվը կատարվում էր փողոցներում: Պարսիկ զորքերը օրհասական տագնապի մեջ մարտնչում էին, — մարտնչում էին, որ մեռնելուց առաջ գոնե մի քանիսին իրանց հետ տանեին: Մերուժան Արծրունին սպառել էր յուր լեզվի բոլոր ճարտարությունը նրանց խրախուսելով: Հրամանները այլևս չէին ազդում: Նա կայծակի նման անցնում էր մեկ փողոցից դեպի մյուսը, երբ նկատում էր, որ պարսիկները այն կողմում թուլանում են:

Այդ միջոցին մեկը միջնաբերդի բարձրությունից խոժոռ դեմքով նայում էր, թե ինչ է կատարվում ներքևում: Ո՜րքան նայում էր նա, այնքան նրա դեմքը ավելի տխուր, ավելի հուսահատական արտահայտություն էր ստանում: Մերուժանի քաղաքացիները, միանալով Մերուժանի թշնամիների հետ, կոտորում էին նրա Պարսկաստանից բերած զորքերին: «Որքա՞ն սխալ հասկացողություն ունենք մենք հայ ժողովրդի մասին…» — մտածում էր նա, և նրա զայրացած սիրտը լցվում էր անհնարին դառնությամբ:

Այդ մարդը Վահան Մամիկոնյանն էր, որը տիկին Համազասպուհիի հետ ունեցած անհաջող բանակռվից հետո դուրս էր եկել դիտելու քաղաքի խռովությունը:

Դեռ արևը չէր ծագել: Բայց վաղորդյան մթին աղջամուղջը սկսել էր նոսրանալ, և շրջակայքր հետզհետե տեսանելի էին լինում:

Միջնաբերդի բարձրությունից նկատեց նա, որ լեռնականներից մի ստվար խումբ ուղիղ դիմում էր դեպի յուր կողմը: Նրանց առաջնորդում էր մի հաղթանդամ տղամարդ, որ հազիվ երևում էր յուր զրահավոր և ասպարափակ թիկնապահների միջից: Նա մոտեցավ և, միջնաբերդի ստորոտից դեպի վեր նայելով և տեսնելով այնտեղ կանգնած Մամիկոնյան իշխանին, ձայն տվեց.

— Մամիկոնյան տե՜ր, ինչո՞ւ ես այնտեղ՝ երկչոտ աղվեսի նման կանգնել այդ բարձր քարերի գլխին, ցած իջի՜ր, մենամարտենք և մեր կռվով վերջ տանք արյունահեղ կոտորածին: Դու, թեև կորցրիր քո տոհմի առաքինությունը, գոնե մի արատավորիր նրա քաջությունը:

— Մեզ համար չէ՜ ազնվության դասը լեռնացիից առնել, Ռշտունյաց տեր, դու, եթե չէիր ցանկանում հազարավոր անմեղների արյան հոսումը, դու, եթե չէիր ցանկանում հազարավոր տների կրակի ճարակ դառնալը, — դու պետք է այդ հրավերը սկզբից անեիր, երբ դեռ ո՜չ մի արյուն չէր թափված: Այն ժամանակ ես պատրաստ կլինեի դուրս գալ քաղաքից և իմ բազուկների ուժը չափել քոնի հետ: Բայց երբ սկսվեցավ կռիվը այդպես տմարդի կերպով, թո՜ղ նույն կերպով և շարունակվի…

— Լեռնացին այդ տմարդությունը քեզանից սովորեց, Մամիկոնյան տեր: Նա որ գողի նման մտնում է յուր քրոջ անպաշտպան ամրոցը, և հափշտակում է նրան յուր անմատչելի ննջարանից, նա իրավունք չունի խոսք խոսելու մարդավարության մասին...

Մամիկոնյան իշխանը խոսք չգտավ պատասխանելու, յուր փեսայի լուտանքները նետի նման ցցվեցան նրա սրտում: Նա դարձավ դեպի բերդապահ պարսիկ զորքը, հրամայեց, որ պաշտպանեն բերդը:

Իսկ Գարեգին Ռշտունին հրամայեց յուր լեռնականներին հարձակում գործել բերդի վրա:

Հայոց երկիրը, յուր լեռնային և քարքարոտ դիրքի համեմատ, յուր զորքերի թվում ստեղծել էր առանձին գունդեր, որ կոչվում էին «քարագնացներ»: Դրանք վարժված էին անհնարին ապառաժների վրա մագլցել, այդ պատճառով դրանց գործ էին ածում բերդերի և ամրոցների գրավման համար, որոնք Հայասաանում ըստ մեծի մասին շինված էին բարձր և անմատչելի ժայռերի գագաթին:

Բայց Ռշտունյաց և Մոկաց լեռնականները, քարերի հետ ապրելով և քարերի հետ սնվելով, երեխայությունից ի վեր սովորած էին մողեսի նման վազել ապառաժների վրա: Դրանք պատրաստի «քարագնացներ» էին: Իսկ այժմ նրանց առջև ներկայանում էր մի հսկա, ուղղաձիգ քարաբլուր, որի հետ հեշտ չէր գործ ունենալ: Այդ քարաբլուրի գլխին կանգնած էր հզոր միջնաբերդը, և նույն բերդի մեջ պահված էր նրանց սիրելի տիկինը: ՜

Հարձակումը գործեցին բերդի արևմտյան կողմից, որ նայում էր դեպի ծովը: Այդ կողմիցն էր միակ մուտքը, որ բարձրանում էր սանդխտաձև աստիճանների վրայով, որ փորված էին ապառաժի մեջ: Ուր բնությունը թերի էր թողել յուր ամրությունը, այնտեղ արհեստը լրացրել էր առանձին պարիսպներով և մարտկոցներով, որոնք կարգ-կարգ բարձրանում էին մինչև քարաբլուրի գագաթը:

Ռշտունյաց «քարագնացներ» սկսեցին վեր բարձրանալ: Նրանք զինված էին երկաթյա ճանկերով, որոնցով մագլցում էին միապաղաղ ապառաժների կուրծքի վրա: Այդ հանդուգն, աներկյուղ շահատակներին վերևից գանակոծում էին նետերի անթիվ հարվածներով: Բայց «քարագնացները» պաշտպանված էին կաշյա լայն վահաններով, որ մեծ ամպհովանիի ձև ունեին, և կապել էին իրանց ուսերի վրա: Նետերը դիպչում էին այդ անմխելի ասպարներին և անզոր փետուրների նման ցած էին թափվում:

— Քարեր նետեց ե՛ք, — հրամայեց Մամիկոնյան իշխանը:

Սկսվեցավ սարսափելի քարեկարկուտը: Հարյուրավոր ձեռքեր, ծանր քարե գնդակները պարսատիկների մեջ դրած, պտույտացնում էին օդի մեջ և նետում էին դեպի ցած: «Քարագնացների» կաշյա վահանները այժմ անզոր էին այդ վիմային ռմբակոծության դեմ պաշտպանելու նրանց: Քարը դիպչում էր և յուր ծանրությամբ գլորում էր նրանց դեպի ցած:

Այդ միջոցին միջնաբերդի հյուսիսային կողմում կատարվում էր բոլորովին այլ գործողություն:

Ավելի քան երկու հարյուր ձեռքեր առաջ էին մղում մի փայտեղեն այլանդակ հրեշ, որ յուր վիթխարի ծանրությամբ հազիվհազ շարժվում էր թանձր անիվների վրա: Նա այն տափակ սայլակների նմանությունն ուներ, որ գործ են ածում հայ շինականները: Զանազանությունը նրանումն էր միայն, որ շինականի սայլակը ձգում են առջևից լծած անասունները, իսկ նրա անիվները տակից շարժում էին մարդիկ, որ թաքնված էին ամրակուռ տախտակամածի ներքո և ամենևին էին երևում:

Բազմաթիվ ձեռքեր բահերով ու բրիչներով հարթում էին նրա ուղին, և հրեշը, որպես մի մարմնացած ահավորություն, դանդաղ կերպով առաջ էր ընթանում: Նրա մռայլ, սպառնական երևույթը սարսափ ձգեց բերդապահների վրա: Ամենքը իրանց ուժերը դարձրին դեպի նրա կողմը: Վերևից սկսեցին պարսատիկներով քարե գնդակներ նետել: Գնդակները դիպչում էին նրա թանձր կազմվածքին և ոստոստելով մի կողմ էին ընկնում: Հրեշը ոչինչ չէր զգում, այլ որպես մի խուլ զարհուրանք շարունակում էր յուր ուղին:

Դա սոսկալի «փիլիկվանն» էր, — բերդերի և ամրոցների հիմքը փորող հսկա խլուրդը:

Միջնաբերդը, որ երեք կողմից բարձրաբերձ, ուղղաձիգ և անմատչելի դիրք ուներ, այդ կողմից միայն նրա ապառաժային կողքը փոքր — ինչ թեքված էր և այդ պատճառով ամրացրել էին հաստահիմն պարիսպներով և աշտարակներով:

Հրեշը մոտեցավ և, յուր ահարկու գլուխը հպարտությամբ վեր բարձրացնելով, հենվեցավ պարսպի վրա, որպես փափուկ բարձի վրա: Նրա կազմվածքի գաղտնածածուկ խորշերում թաքնված էին բազմաթիվ մարդիկ, որոնք զինված էին բահերով, բրիչներով և մուրճերով: Սկսեցին փորել պարսպի հիմքը: Կրակը միայն կարող էր ազատել բերդը այդ վիթխարի թշնամուց: Վերևից սկսեցին հրային գնդակներ նետել: Նա ոչինչ չէր զգում: Նրա տախտակամածը պատած էր թանձր թաղիքներով, որ թրջված էին ջրով: Հրային գնդակները ընկնում էին նրա վրա, թշշում էին և իսկույն հանգչում էին, թողնելով օդի մեջ անախորժ խանձահոտություն:

Հրեշի ներքո պատսպարված մարդիկ շարունակում էին եռանդով փորել պարսպի հաստահիմն ստորոտը: Արդեն բացվել էր մի մեծ ծակ, բայց ծակի առաջը փակում էր պարսպի ետևի ապառաժը: Երկար բրիչներն ու մուրճերը մաքառում էին այդ ժայռի հետ, բայց արդյունավոր հետևանքի չէին հասնում: Մտածեցին բարձրացնել քանդակի լայնությունը դեպի վեր, գուցե կարելի լիներ ազատվել ապառաժից:

Այդ գործողության միջոցին վերևից նայում էր Մամիկոնյան իշխանը: Նրա սառն դեմքը արտահայտում էր և՜ տխրություն, և՜ ծիծաղ: «Հիմարնե՛ր, — մտածում էր նա, — Ի՞նչ պիտի շահեք, եթե խորտակելու լինեք այդ պարիսպը…»: Եվ, իրավ, ոչինչ չպիտի շահեին, որովհետև, տիրելով այդ պարսպին, նրանց առջև դուրս կգար երկրորդը, երրորդը... որոնք կարգ-կարգ և աստիճան առ աստիճան բարձրանում էին միմյանց ետևից, որքան բարձրանում էր քարաբլուրը, որի գագաթին կանգնած էր հզոր միջնաբերդը:

Բայց իշխանին տանջում էր այն միտքը, թե լեռնականները այդ պատրաստությունները չէին կարող ունենալ, անտարակույս, նրանք վեր էին առել քաղաքից, ուրեմն, նրանք կատարելապես տիրապետել էին քաղաքին: Ի՞նչ եղավ Մերուժանը, ի՞նչ եղան պարսիկ զորքերը, որ պահպանում էին քաղաքը: — Այդ հարցը սաստիկ վրդովեցնում էր նրան: Մերուժանին կորցնելով, նա իսպառ կորած և սպանված էր համարում այն գաղափարը, որը յուր համար այնքան մեծ նշանակություն ուներ, և որի իրագործման համար նա զոհել էր ամեն ինչ…

Ոչ սակավ խռովության մեջ էր գտնվում և պարսիկ բերդապահ զորքը: Նրանք պարզ տեսնում էին, որ քաղաքը գրավված էր, իսկ իրենք մնացել էին քարի գլխին, պաշարված անթիվ թշնամիներով: Նրանց գլխավորը մոտեցավ իշխանին և շնչասպառ ձայնով ասաց.

— Տագնապը մե՛ծ է, տե՜ր իմ:

— Տեսնում եմ:

— Պետք է անձնատուր լինել, տե՜ր իմ:

— Երբե՜ք:

— Մի քանի րոպեից հետո ներս կխուժե վայրենի բազմությունը:

— Անկարելի է: Դու, ուրեմն, այդ բերդր չես ճանաչում:

— Եթե բերդի ամրությունը կարողանա պաշտպանել մեզ դրսի թշնամուց, հետո ինչո՞վ կարող ենք պաշտպանվել մենք ներսի թշնամու դեմ` քաղցի և ծարավի: Նրանք, պաշարման մեջ պահելով մեզ, բոլորիս սովամահ կանեն:

— Ավելի լավ: Կմեռնեք և կազատվեք...

— Ինչո՞ւ իզուր տեղը մեռնել:

— Որ չարատավորվի արքայից արքայի դրոշի փառքը: Որ չասեն, թե պարսիկ զինվորը երկչոտ է:

Սպան լռեց և գլուխ տալով հեռացավ:

«Անպիտաննե՛ր, — ասաց նրա ետևից զայրացած իշխանը, — դուք քաջ եք այն ժամանակ միայն, երբ թշնամին ձեր առջևից փախչում է…»:

Միևնույնը պատահեց ներքևում, քաղաքի մեջ: Երբ լեռնականները, խորտակելով քաղաքի դռները, ներս մտան, այդ ժամանակ պարսիկները բոլորովին վհատության մեջ ընկան: Մերուժանի բոլոր ջանքերը քաջալերելու նրանց — մնացին ապարդյուն: Մի հուսահատական ընդդիմադրությունից հետո պարսիկների մի մասը անձնատուր եղավ, իսկ մնացածները, քաղաքի մյուս դռներից դուրս գալով, փախան:

Մերուժանը մնաց միայնակ, լքված յուր քաղաքացիներից, և լքված պարսիկներից, որոնց վրա մեծ հույսեր ուներ: Նա վերջին անգամ յուր վշտալի հայացքը դարձրեց դեպի մոխիր դարձած քաղաքը, ուր ապրել էին, ուր իշխել էին նրա նախնիքը, և, օգուտ քաղելով ընդհանուր խռովությունից, յուր թիկնապահների փոքրիկ խումբով դուրս եկավ քաղաքից և անհայտացավ վաղորդյան մթության մեջ...

Իսկ այժմ վաղորդյան մթությունը բոլորովին չքացել էր, տեղի տալով նախաարփյան ախորժելի լուսավորության: Արշալույսը սկսել էր շառագունիլ, ներկելով հորիզոնը ոսկերանգ ծիրանիներով: Շատ չանցավ, արևի առաջին արյունագույն ճառագայթները հանդիպեցան մի արյունոտ գործի...

Առաջին պարսպի քանդակը այն աստիճան լայնացել էր, որ լեռնականները ներս էին մտել և այժմ սկսել էին փորել երկրորդ պարսպի ստորոտը: Հրեշը մնացել էր դրսում, նա յուր վիթխարի մարմնով այդ բացված քանդակից անցնել չէր կարող: Միջնաբերդից համարյա ընդդիմադրություն չէին գործում: Պարսիկները այժմ իրանց փրկությունը միայն անձնատուր լինելու մեջ էին գտնում, թեև պաշտպանվելու ամեն միջոցներ ունեին: Մամիկոնյան իշխանը վաղուց հասկացած լինելով այն ճշմարտությունը, թե վտանգի ժամանակ պարսիկ զինվորի վրա հույս չի կարելի դսել, — նրանց թողել էր իրանց կամքին:

Մյուս կողմից, «քարագնացները» մեծ հառաջադիմություն էին գործել: Նրանցից մեկը արդեն մագլցելով հասել էր մինչև բերդի մուտքը, և յուր դաշույնի ծայրը ցցել էր երկաթապատ դռան վրա:

— Բա՜ց արեք, — աղաղակում էր նա, — եթե չեք ցանկանում, որ իմ հազարավոր ընկերների դաշույնները այսպես ցցվեն ձեր է սրտում:

Դռներր բացվեցան: Վերևում բարձրացրին անձնատուր լինելու նշանը: Իսկ ներքևում տիրեց ընդհանուր ցնծություն բոլոր լեռնականների մեջ:

Այժմ Ռշտոլնյաց նահապետը, շրջապատված յուր ավագներով, հանդիսավոր կերպով մոտեցավ բերդի ստորոտին: Նույն միջոցին վերևից ցած իջավ բերդապահների պարսիկ գլխավորը և, առաջարկելով նրան բերդի բանալիները, ասաց.

— Հաղթված Մերուժանի բերդը հանձնում եմ հաղթողների ամենափառավորյալին: Ընդունիր այդ բանալիները, Ռշտունյաց տե՜ր: Այժմ թե՜ նվաստիս, թե՜ իմ հրամանի ներքո գտնված բերդապահների գլուխները խոնարհվում են ձեր սրերի և ձեր մեծահոգության առջև:

Լսելի եղան հաղթական ընդհանուր աղաղակներ, որ կրկնվեցան մի քանի անգամ:

Ռշտունյաց նահապետը ընդունեց բանալիները, պատասխանելով.

— Ձեր գլուխները ազատված կլինեն մեր սրերից, և թե՜ դու և թե՜ քո հրամանի ներքո գտնված բերդապահները` կվայելեք իմ կատարյալ մեծահոգությունը, եթե ցույց կտաք, թե որտեղ է պահված Ռշտունյաց տիկինը:

— Իսկույն ցո՛ւյց կտան… — միջնաբերդի բարձրությունից լսելի եղավ մի ձայն, որ խլացավ ընդհանուր աղաղակների մեջ:

Դա Վահան Մամիկոնյանի ձայնն էր: Դեռ միայնակ կանգնած էր նա վերևում և լի դառնությամբ դիտում էր, թե ինչ է կատարվում ներքևում: Երբ նկատեց բանալիների հանձնվելը, այնուհետև ամեն հույս կորած համարելով, նա դարձավ դեպի յուր մարդիկը և մի ինչ-որ խորհրդավոր նշան տվեց և ինքը հեռացավ…

Այդ միջոցին միջնաբերդի արևմտյան կողմի աշտարակներից մեկի բարձրությունից քարշ ընկավ մի սպիտակ մարմին, որ ձյունի պես փայլում էր արևի առաջին ճառագայթների առջև: Ամենքը նայեցին նրա վրա և սարսափեցան...

Չսարսափեցավ միայն Մամիկոնյան իշխանը: Բայց նա վշտացավ: Յուր տխուր հայացքը դարձրեց դեպի սպիտակ մարմինը, սրտի բոլոր բաբախմունքով նայեց նրա վրա, հետո սրբեց աչքերի արտասուքը, և յուր դողդոջուն քայլերը ուղղեց դեպի միջնաբերդի հյուսիսային կողմը: Ամբողջ տիեզերքը խավարած էր նրա համար: Նա գնում էր, բայց չգիտեր, թե ո՜ւր է գնում: Համարյա բնազդմամբ մոտեցավ նա այն քարակոփ անձավներից մեկին, որի մուտքը փակված էր երկաթյա դռնով: Գրպանից հանեց մի փոքրիկ բանալի բաց արեց դուռը: Ներս մտավ և դուռը յուր ետևից կրկին կողպեց: Անձավի մի խորշում, քարյա հատակի մեջ, ագուցած էր մի քառանկյունի սալ, որ յուր գույնով ամենևին չէր որոշվում հատակից: Նա ոտքը դրեց սալի մի անկյունի վրա, և նրա ճնշումից խուփը ինքն իրան բարձրացավ: Տակից հայտնվեցավ մի վիրապի նեղ բերանը, որից մի մարդ հազիվ կարող էր անցնել: Նա երկու ձեռքերը դրեց նրա բերանի երկու շրթունքների վրա, և անհայտացավ վիրապի մեջ: Բերանը դարձյալ փակվեցավ:

Դա մի ստորերկրյա գաղտնի անցք էր, որ ծառայում էր որպես փախուստի ճանապարհ:

Համարյա միևնույն ժամանակ, երբ հայրը մտավ գաղտնի վիրապի մեջ, Վանա մեծ քաղաքադռներին հասավ որդին — Սամվելը:

Առաջինը, որ գրավեց երիտասարդի ուշադրությունը, երկու թևավոր վիշապներն էին, որ հսկում էին այդ դռան աջ և ձախ կողմերում: Արհեստի այդ սքանչելի արդյունքները այժմ փշրված, խորտակված էին: Նա ներս մտավ: Մոխիր դարձած քաղաքը տակավին մխում էր դեռ չհանգած կրակների մեջ:

Նրա աչքին ընկավ աշտարակի բարձրությունից կախ ընկած սպիտակ մարմինը, որ դեռ ձյունի նման փայլում էր արևի առաջին ճառագայթներից:

— Այդ ի՞նչ է, — հարցրեց նա սոսկալով:

— Ռշտունյաց տիկնոջ մարմինն է, — պատասխանեցին նրան:

— Ո՞վ կախաղան հանեց:

— Վահան Մամիկոնյանը:

— Կայե՛ն,... — բացագանչեց խեղճ երիտասարդը, աչքերը բռնելով: — Նա սպանեց եղբորը, իսկ դու-քո քրոջը...