Սամվել
 Ե

Զ

ԱՄՐՈՑԸ

«Ատրուշանս շինէին ի բազում տեղիս, եւ զմարդիկ հնազանդէին օրինացն Մազդեզանց. եւ բազում յինքեանց սեփականսն շինէին ատրուշանս, և զորդիս եւ զազգայինս իւրեանց տային յուսումն Մազդեզանց: Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաց... մայր իւր»...

Փաւստոս:

Անցավ աշունը, անցավ և Հայոց դառնաշունչ ձմեռը:

Տարոնի ընդարձակ դաշտավայրը դեռ նոր էր սկսել կանաչազարդվիլ նորաբույս խոտերով, դեռ նոր նորեկ ծիծեռնակը ավետում էր գարնան ուրախալի վերադարձը: Լռեց փոթորիկը, դադարեց բքաբեր բորեասը, և նրանց փոխարեն` անուշ սյուքը մեղմ ալիքներով անցնում էր թավշապատ հովիտների վրայով, տարածելով դեպի ամեն կողմ կյանք և զորություն:

Գարնանամուտի առաջին առավոտն էր:

Ողական ամրոցը այս առավոտ մի առանձին հրապուրիչ տեսք էր ստացել: Պատերը և սենյակների ճակատները դրսից ու ներսից պատած էին կանաչ թուփերով ու թարմ տերևներով: Ծառաները, սպասավորները, նաժիշտներն ու աղախինները, ամենքը տոնական հագուստներով զարդարված, ձեռքները և մազերը կարմիր` ներկած, վազվազում էին այս կողմ ու այն կողմ, և օրվա պատշաճին վայել պատրաստություններ էին տեսնում: Ամբողջ ամրոցը շնչում էր խորին, հոգեզվարթ բերկրությամբ:

Արևի առաջին ճառագայթներփ հետ որոտացին պալատական նվագարանները և շարունակում էին անլռելի հնչյուններով ածվիլ: Ողական ամրոցը տոնում էր գարնանամուտը, որ, միևնույն ժամանակ, էր պարսից տարեմուտը:

Դա չէր հայոց սիրելի Նավասարդը, հայոց նոր տարին, որ յուրաքանչյուր ամի` աշխարհախումբ բազմությամբ` տոնվում էր Աշտիշատի ծաղկազարդ տաճարներում: Դա հայոց համար բոլորովին խորթ և բոլորովին օտար մի տոն էր, որ առաջին անգամ կատարվում էր Մամիկոնյանների ամրոցում: Դա պարսկական տոն էր:

Ինչե՛ր չփոխվեցան, ի՛նչ ներմուծություններ չեղան սկսյալ այն օրից, երբ Սամվելը թողեց այդ ամրոցը: Հին, իրանց նախնական ծեսերին ու սովորություններին հավատարիմ մնացած ծառաներն ու աղախինները այլևս չկային: Ոմանք կամովին հեռացան, ոմանց հեռացրեց Սամվելի խստասիրտ մայրը: Նոր ծառաներն ու նոր աղախինները կրում էին պարսկական հագուստներ, խոսում էին պարսկերեն: Նրանցից շատերը պարսիկներ էին: Հայ քահանան այլևս մուտք չուներ այդ ամրոցում: Նրա փոխարեն յուր կրոնական պաշտամունքը կատարում էր պարսիկ մոգը: Տնային վարժապետները, դաստիարակները, դայակներն անգամ, որոնք կրթում էին մանուկներին քրիստոնեական ոգով, քրիստոնեական առաքինություններով, փոխված էին: Նրանց պաշտոնը կատարում էին պարսիկ մոգերը, ուսուցանելով Մազդեզանց կրոնի հրահանգները: Կերակուրներն անգամ փոխված էին, ըմպլեիքներն անգամ փոխված էին: Փոխված էր և սենյակների կահավորության, սարք ու կարգի ձևը: Հին, ավանդական սովորությունների փոխարեն` տիրապետում էր նորը — պարսկականը: Վաղեմի, նահապետական կարգերի փոխարեն, որոնց գեղեցկությունը հենց նրանց պարզության մեջն էր, տիրապետում էր պարսկական զեխությունը, պարսկական շռայլությունը:

Չկային նաև ամրոցի մյուս բնակիչները: Մուշեղ Մամիկոնյանի ընտանիքը տեղափոխվել էր Տայոց երկրի Երախանի բերդը: Վարդան Մամիկոնյանի այրին` տիկին Զարուհին յուր զավակների հետ գտնվում էր նույնպես Երախանի բերդում: Չկար և նազելի Որմիզգուխտը` Սամվելի խորթ մայրը: Նա հենց այն ժամանակ թողեց Ողական ամրոցը և գնաց Պարսկաստան, երբ Սամվելը հեռացավ այդ ամրոցից:

Ամրոցում մնացել էր միայն Սամվելի հարազատ մայրը` տիկին Տաճատուհին, որ այժմ միանգամայն նրա տերն ու թագուհին էր:

Նա այս առավոտ միայնակ շրջում էր ամրոցի մեծ դահլիճում, ուշադրությամբ զննում էր յուրաքանչյուր առարկան, յուրաքանչյուր մանրամասնությունը, տեսնելու, արդյոք ամեն ինչ յուր տեղո՞ւմն էր, արդյոք ամեն ինչ կա՞ր, թե մի բան պակաս էր: Նրա ամբողջ հագուստը փայլում էր ոսկու և գոհարների մեջ: Փայլում էր և նրա սիրուն դեմքը: Մերուժանի մեծամիտ քույրը, Մերուժանի գեղեցկությունն ուներ, բայց զուրկ էր եղբոր դեմքի վսեմ արտահայտությունից:

Դահլիճը, տոնի պատշաճին համեմատ, շքեղ կերպով զարդարված էր: Հատակը պատած էր ամենաթանկագին գորգերով ու օթոցներով: Պատերը ծածկված էին ամենանուրբ դիպակներով և մետաքսյա գույնզգույն կերպասներով: Լուսամուտներում, հախճապակյա գեղեցիկ թաղարների մեջ դրված էին նոր բացված ծաղիկներ և զանազան մշտականաչ բույսեր: Ջրի, գինու, օշարակների անոթներն անգամ, որ շարված էին սեղանի վրա, պատած էին հրաշալի կանաչազարդությամբ: Ամեն կողմում կանաչ, ամեն կողմում դալարիք, ամեն կողմում ժպտում էին ծաղիկները — նորեկ գարնան բերած պարգևները: Ամբողջ դահլիճը սրսկած էր անուշահոտ վարդաջրով և բուրում էր ախորժելի հոտավետությամբ:

Նոր տարին քաղցրացնելու համար պատրաստված էին զանազան տեսակ նուրբ քաղցրավենիներ, որ համեմած էին արևելյան անուշահոտ համեմներով: Տեղային պտուղներից, ընդարձակ. նախշուն խաներով, դրված էին սեղանի վրա յոթն տեսակ չոր մրգեղեններ, որ խառնել էին միմյանց հետ:

Թեև այդ տոնը հայոց համար բոլորովին խորթ էր և նորամուտ, բայց Սամվելի մայրը` տոնի թագուհին այնքան շնորհք և ճաշակ ուներ, որ կարողացել էր բավական վայելուչ ձև տալ նրան: Այդ էր պատճառը, որ շատերը պատրաստվել էին մասնակցել, եթե ոչ համակրելով, այլ ավելի տեսնելու բաղձանքով: Բայց կային և այնպիսիները, որոնց թիվը փոքր չէր, որ պատրաստվել էին մասնակցել ամենայն սիրով և հաճությամբ: Հեթանոսական հին սովորությունների և հին պաշտամունքների խորին հետքերը դեռ ոչ իսպառ ջնջված էին քրիստոնյա Հայաստանից: Իսկ ոմանք ստիպված էին մասնակցել, երկյուղ կրելով տիրոջ չար վրեժխնդրությունից: Մերուժանի քույրը և՛ Մերուժանի անգթությունն ուներ, բայց զուրկ էր եղբոր մեծահոգությունից:

Նա դեռ միայնակ ճեմում էր շքեղազարդ դահլիճի մեջ, որ կազմ ու պատրաստ սպասում էր այցելուներին, որ պիտի ներկայանային յուր նոր տարին շնորհավորելու: Նայում էր շրջապատող առարկաների ճոխության վրա և հիանում էր: Բայց նրա հիացմունքը այնքա՛ն կարճատև, այնքա՛ն րոպեական էր լինում, երբ դառնում էր յուր սրտին, յուր ներքին զգացմունքներին: Վաղուց էր, որ ոչինչ տեղեկություն չուներ ամուսնից: Տեղեկություն չուներ և որդու` Սամվելի մասին: Չգիտեր նաև, թե ինչ էր շինում եղբայրը` Մերուժանը: Շարունակ հինգ ամիս` դառնաշունչ ձմեռը այնպես սաստկությամբ կտրել էր ամեն հաղորդակցություն, որ նրան դեռ հայտնի չէր, թե ի՛նչ աղետներ, ի՛նչ ողբալի գործեր էր կատարվել Հայոց աշխարհի հյուսիսային կողմերում: Բայց նա ներքին խուլ բնազդմամբ մի բան զգում էր, — և անախորժ բան:

Նրա շրջապատողների մեջ արդեն տարածվել էր մի ինչ-որ շշունջ, մի ինչ-որ քրթմնջոց, որ ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել: Այդ նկատում էր նա, և նրա ալետանջ սրտում ծագում էին զանազան կասկածավոր խոկումներ: Մյուս կողմից, յուր հպատակների մեջ նկատում էր մի տեսակ սառնություն, մի տեսակ բռնադատյալ խոնարհություն, որ հակամայից ցույց էին տալիս նրան: Ի՞նչ էր նշանակում այդ: — Նա դժվարանում էր ինքն իրան հաշիվ տալ:

Եղբոր` Մերուժանի պարտության լուրը և ամուսնու սպանման բոթը` յուր հարազատ որդուց, — դեռ նոր էին հասել Տարոն: Բայց տակավին պտույտվում էին անստուգության մթության մեջ: Ոմանք դժվարանում էին հավատալի ոմանք, եթե հավատում էին, վախենում էին մի ուրիշին հայտնել: Բայց, այնուամենայնիվ, այդ համբավները խորին ուրախություն պատճառեցին նրա հպատակներին, թեև դեռ ոչ ոք չէր համարձակվում յուր զգացմունքները արտահայտել:

Նա կատարեց ավելի, քան կարելի էր կատարել: Այն նորամուտ և խորթ ներմուծությունները, որ նրա ամուսինը և եղբայրը չկարողացան սրով ու հրով մտցնել Հայոց աշխարհում, նա մտցրեց Մամիկոնյանների խաղաղ տան մեջ անարյուն պատերազմով, — ա՜յն տան մեջ, որ ամենահին ժամանակներից` միշտ ներկայացել էր որպես մի ճշգրիտ տիպար քրիստոնեական բարեպաշտության: Որքա՛ն ուրախ էր, որքա՛ն գոհ էր յուր հաջողություններով: Սա արդեն հողը պատրաստած էր համարում և սերմը ցանած էր համարում, սպասում էր ցանկալի հունձքին: Եվ որքա՛ն պիտի սիրեր նրան ամուսինը, երբ յուր տանը վերադառնալու ժամանակ` ամեն ինչ պատրաստ կգտներ:

Բայց ի՞նչն էր դրդում այդ փառասեր կնոջը` նետվիլ կրոնական խնդիրների մեջ, որ ավելի մեծ հանճարների գործն էր: Իսկապես, ոչինչ: Եվ եթե նրա ամուսինը և եղբայրը զանազան քաղաքական նպատակներով էին առաջ տանում իրանց ապօրինի ձեռնարկությունները, նա, ընդհակառակն, նրանց նկրտումներն անգամ չուներ: Նա չուներ նաև կրոնական հաստատ համոզմունքներ: Բայց իբրև կին և նորասեր կին, նա ուներ մի բան: Նա ազնվական էր, այդ բառի բուն նշանակությամբ: Նրա համար ինչ` որ վերևից էր գալիս, ինչ որ վերևումն էր կատարվում, — բոլորը լավ էր: Պարսից արքայական գերդաստանի հետ խնամության կապեր ունենալով, նա շատ անգամ առիթ էր ունեցել պարսից արքունիքում լինելու և ծանոթ էր Շապուհի ընտանիքի հետ: Արքունիքը հիացրել էր նրան: Եվ որպես Շապուհի կանանց հագուստն ու զարդերը նրան դուր էին գալիս, նույնպես և դուր էր գալիս նրան Շապուհի պաշտած կրոնը: Աշխատում էր նմանվիլ: Աշխատում էր, որ յուր զավակները նույն լեզվով խոսեին, որով խոսում էին արքունիքում, աշխատում էր, որ նրանք նույն բարձր կրթությունն ստանային, որ վայել էր արքունիքին: Ինչ որ ազգային էր, և ինչ հայկական էր, նրան խիստ սոսկական էր թվում և, մինչև անգամ, ամոթալի: Ինչո՞ւ միշտ կարմրել պարսիկների մոտ, ինչո՞ւ միշտ պակաս մնալ, — այդ մտքերը վրդովեցնում էին նրան: Նա մոտեցավ լուսամուտին, նայեց արեգակին: «Ինչո՞ւ այդքան ուշանում են... ի՞նչ է նշանակում այդ... » — մտածեց ինքն իրան, և նրա անհամբեր դեմքի վրա երևացին բարկության նշմարներ: Միթե յուր բոլոր պատրաստությունները պետք է ապարդյո՞ւն մնային:

Սպասավորները մեկ-մեկ ներս էին մտնում ու դուրս էին գնում, զանազան իրեղեններ բերելով ու տանելով: Ներս մտավ և ներքինապետը, հաճոյամոլ Բագոսը, յուր լերկ ու լպիրշ դեմքով:

Թեև Բագոսը վայելում էր յուր տիկնոջ խորին հավատարմությունը, բայց դարձյալ տիկինը բոլոր արժանապատվությունից ստոր համարեց հայտնել նրան, թե կասկած ունի, մի գուցե տոնախմբությունը այն շքեղությամբ չկատարվի, որքան ցանկալի կլիներ: Բայց խորամանկ ներքինին ա՜յն աստիճան ուսումնասիրած էր յուր տիկնոջ բնավորությունը, որ հենց նրա երեսին նայելով, հասկացավ, թե ի՜նչն է աղմկում նրա փառասեր սիրտը, և կեղծ ժպիտը երեսին ասաց.

— Մի քանի իրեղեններ պետք է դուրս տանել, տիկին:

— Ինչո՞ւ:

— Որովհետև տեղ չի լինի բոլոր այցելուների համար:

— Այդ ահագին դահլիճո՞ւմ :

— Բայց այցելուների բազմությունն էլ ահագին կլինի:

Տիկինը ուրախացավ: Բայց թաքցնելով յուր ուրախությունը, դարձավ դեպի ներքինապետը, փոքր-ինչ զայրացած ձևանալով.

— Պետք է կարգի ու կանոնի սովորեն, Բագոս: Հարկավոր չէ, որ ամեն մի այցելու մնա դահլիճում և ավելորդ տեղ բռնե: Նրանք կգան, ընդունված բարեմաղթությունները կանեն, և իմ օրհնությունը առնելով, դուրս կգան կից սենյակը, այնտեղ կսպասեն: Երբ կվերջանա ընդունելությունը, այնուհետև ինձ հետ միասին կգնան ատրուշանը, երկրպագություն տալու սրբազան կրակին և ներկա գտնվելու հանդիսավոր զոհաբերության արարողությանը: — Հասկացա՞ր: Գնա, ասա տաճարապետին, նա այդ կարգերը լավ գիտե, թո՜ղ այնպես կարգադրե բոլոր ծեսերը, որ ամեն ինչ ըստ պատշաճի կատարվի և վայելուչ:

Ներքինապետը գլուխ տվեց և անվերջ ժպիտը երեսին հեռացավ:

Տիկինը մնաց միայնակ: Այժմ նա հանգիստ էր, այժմ լիապես հույս ուներ, որ տոնախմբությունը փառավոր հաջողություն կգտնե:

Քառորդ ժամ չանցավ, երբ սենեկապետներից մեկը ներս մտավ, հայտնելով, թե ավագանին և աստիճանավորենրը խնդրում են ներկայանալ:

Նա անցավ դահլիճի վերին կողմը, նստեց թանկագին գահավորակի վրա: Այդ միջոցին պալատական բարձր դրանիկները կարգով շարվեցան նրա բազմոցի շուրջը: Ամենքը զարդարված էին տոնական հագուստներով, ամենքը զրահավորված էին ոսկեզարդ զենքերով:

Ներս մտան աստիճանավորները և ամբողջ ավագանին: Նրանք խորին կերպով գլուխ տվին և լուռ կանգնած մնացին դահլիճի պատերի մոտ: Տիկինը մի առանձին հաճությամբ դարձավ դեպի այցելուները այդ խոսքերով.

— Փա՛ռք և գոհությո՛ւն պայծառ Արամազդին, որ ինձ պարգևեց երջանիկներից ամենաերջանիկը լինելու վիճակը, և ես բախտ ունեմ, ո՜վ սիրելի ավագներ, ձեզ հետ միասին տոնելու այն մեծահանդես օրը, որ ստնում է ամբողջ տիեզերքը: Թռչունն ու անասունը, վայրի խոտն ու ծաղիկը և անտառի հսկա եղևնինը այսօր ուրախ են, որովհետև նորեկ գարունը բերել է նրանց համար նոր տարի և նոր կյանք: Մարդը նույնպես պետք է յուր խնդակցությունը խառնե բնության ընդհանուր հրճվանքի հետ: Անցավ ձմեռը յուր մահաբեր սառնամանիքներով, անցավ մռայլի ու մառախուղի թագավորությունը: Ծագեց մեզ նոր օր յուր լուսապայծառ ջերմությամբ: Իջավ երկնքից սրբազան հուրը և յուր կենսագործող զորությամբ շունչ պարգևեց սառած տիեզերքին: Մեռած գետինը ուժ է ստանում, քնած ծառերը զարթնում են: Ամենուրեք շնչում է աստուծո հոգին, ամենուրեք հարություն է առնում մահացած կյանքը: Բնության ընդհանուր գործունեության հետ` սկսվում են և մարդու աշխատությունները: Հերկավարը յուր արորը տանում է դաշտը, այգեգործը սկսում է բրել խոնավ երկիրը: Կանաչազարդ արոտների վրա սփռվում են հովվի ոչխարները: Աշխատանքը սկսում է եռ գալ որպես եռ է գալիս ներշնչված, ոգևորված գետինը: Ո՜չ միայն անհրաժեշտ է, ո՜վ սիրելի ավագներ, այլ մարդու սրբազան պարտքն է, որպես բոլոր արարածներից ավելի ուշիմագույնին և որպես բոլոր արարածներից ավելի առատությամբ վայելողին բնության պարգևները, որ նա՜ նախքան յուր աշխատությունների սկսելը, յուր գոհությունը մատուցանե այդ բոլորի բարիքները իրան պարգևողին: Այդ իսկ նպատակով մեր արժանահիշատակ նախնիքը սահմանել էին գարնանամուտի տոնախմբությունը: Բայց մենք, մեր նախնյաց ապաշնորհ հետևողներս, դադարեցինք կատարել: Վերանորոգենք արդարն ու ճշմարիտը, վերադառնանք բնականին, ով սիրելի ավագներ: Ահա՜ այնտեղ, անշեչ ատրուշանի մեջ, վառվում է աստվածային հուրը, — ամբողջ տիեզերքին կյանք և ջերմություն պարգևող արարչագործ զորությունը: Գնանք և հանդիսավոր զոհաբերությամբ` մեր սերն ու գոհությունը մատուցանենք այն զորությանը, որ անհասանելի և անքննելի աստուծո սրբազնագույն օրինակն է մեր երկրի վրա, և թո՜ղ օրհնյալ լինի նրա փառքն ու պատիվը:

Տիկնոջ ճառը այն աստիճան խորին տպավորություն գործեց հանդիսականների վրա, որ ամենքը միաձայն կրկնեցին... «Եվ թո՜ղ օրհնյալ լինի նրա փառքն ու պատիվը»:

Այնուհետև առանձին-առանձին մոտենում էին և, ծունր դնելով տիկնոջ առջև, համբուրում էին նրա աջը, և ամենաջերմ բարեմաղթություններով` ցանկանում էին նոր տարու հետ և նոր բախտավորություններ:

Տիկնոջ գահավորակի աջ և ձախ կողմերում դրված էին մի-մի ափսեներ, որ բոլորած մատուցարանների ձև ունեին: Աջակողմյան ափսեն ոսկուց էր շինված, և նրա մեջ դիզված էին ոսկյա դրամներ: Իսկ ձախակողմյան ափսեն արծաթից էր շինված, և նրա մեջ դիզված էին արծաթյա դրամներ: Այդ խորհրդավոր դրամները, իբրև նշան արծաթյա և ոսկյա բախտավորության, հատկապես կտրված էին նոր տարու անունով: Պարսից արեգնափայլ արքան միայն իրավունք ուներ նոր տարու սկզբում բաժանել յուր ավագներին այս տեսակ դրամներ, և ընդնմին պարգևել նրանց արծաթյա և ոսկյա բախտավորություններ: Իսկ Մամիկոնյան տիկինը, իբրև ընդհանուր Տարոնի թագուհին, ցանկանալով ոչինչ պակաս չթողնել ընդունված սովորություններից, իրան թույլ էր տվել մի այսպիսի արտոնություն: Երբ ավագները մերձենում էին նրա աջը համբուրելու, նա ձեռքը տանում էր դեպի արծաթյա և ոսկյա ափսեները և լի բռնով վերցնելով յուր մոտ դիզած դրամներից, խառնում էր միմյանց և ապա ընծայում էր նրանց, փոխադարձապես ինքն ևս ցանկանալով նոր տարու հետ և նոր բախտավորություններ:

Սենեկային մանկլավիկները, ոսկյա նախշուն սրվակներով, թափում էին այցելուների ափերի մեջ անուշահոտ վարդաջուր, որով նրանք օծում էին իրանց երեսն ու մազերը, հետո մոտենում էին անուշեղենների սեղանին, վայելելու նոր տարվա քաղցրությունները: Այնտեղ դրված էին ամեն տեսակ բարիքներ և ամեն տեսակ զվարճալիքներ, որոնց մեջ գլխավոր տեղը բռնում էր յոթնատեսակ չոր մրգեղենների կույտը` հայրենի երկրի բնության բարիքը:

Մի խումբ սպասավորներ, շքեղ կերպով հագնված, վարդապսակ գլուխներով, կանգնած էին, և յուրաքանչյուրն ձեռքում ուներ արծաթյա մեծ անոթներ, լի զանազան տեսակ անուշահամ օշարակներով և գինիներով: Անդադար լցնում էին, և ոսկյա գավաթներով մատուցանում էին հյուրերին:

Դրսում նվագարանները հնչում էին: Երգում էր քաղցրաձայն գուսանը:

Այցելությունները տևեցին բավական երկար: Բազմությունը խումբ-խումբ ներկայանում էր և, վայելելով տիկնոջ շնորհն ու քաղցրությունը, դուրս էին գալիս կից սենյակը, ուր պիտի սպասեին` ներկա գտնվելու հանդիսավոր զոհաբերությանը: Կից սենյակում ևս հյուրերի համար ամեն տեսակ մեծարանք պակաս չէր: Այստեղ նրանք ավելի ազատ, ավելի հոգեզվարթ կերպով անձնատուր էին լինում իրանց բավականություններին: Խոսում էին, ծիծաղում էին, և յուրաքանչյուրը լի գոհունակությամբ արտահայտում էր յուր ուրախությունը:

Տղամարդերի ընդունելությունը վերջանալուց հետո սկսվեցավ կանանց ընդունելությանը: Այդ վերջինների թիվը այնքան շատ չէր: Ներկայացան միայն ամրոցում ծառայող կանայքը և մի քանի աստիճանավորների տիկիններ:

Կրակի սրբարանում արդեն սկսվել էր պաշտոնակատարությունը:

Ամրոցի այն կողմում, ուր վաղեմի ժամանակներից կանգնած էր Մամիկոնյանների տոհմային եկեղեցին, ուր մի շարք խուցերում բնակվում էր Դրան երեցը յուր պաշտոնյաների հետ, և կերակրվում էին իշխանական սեղանից, — այժմ նույն եկեղեցու տեղում շինված էր մի պարսկական ատրուշան: Սամվելի մայրը քանդել տվեց եկեղեցին և նրա տեղում հիմնեց ատրուշանը: Քրիստոնեական կրոնավորների խուցերում այժմ բնակվում էր Դրան մոգպետը յուր մոգերով:

Բարձը, սյունազարդ տաճարի մեջտեղում, մարմարիոնյա քառակուսի սեղանի վրա, վառվում էր որմզդական սուրբ հուրը և յուր անշեջ բոցերը տարածում էր մինչև տաճարի ընդարձակ կամարները: Մոգերը, զգեստավորված ճերմակ հագուստներով և օծված անուշահոտ յուղերով, հնչեցնում էին ձեռքներին բռնած փոքրիկ զանգակները, և երգելով թափոր էին կատարում կրակի շուրջը: Բազմությունը, ծունր դրած տաճարի կամարների ներքո, լսում էր, և երկյուղածությամբ երկրպագություն էր տալիս:

Տաճարի մոտ պահած էին հարյուր հատ առողջ ու անբիծ խոյեր, սպիտակ, ձյունափայլ գեղմով և ոսկեզօծ եղջյուրներով, որ պիտի հազեին:

Այն օր բոլոր հանդիսականներր պետք է ուտեին սուրբ տաճարի սեղանից, ճաշակելով զոհված միս:

Երբ սկսվեցավ հազման արարողությունը, հայտնվեցավ Մամիկոնյան տիկինը, շրջապատված յուր դրանիկների վայելչակազմ բազմությամբ: Հանդիսավոր կերպով մերձեցավ սուրբ տաճարի սյամին, և խորին ջերմեռանդությամբ ներս մտնելով, նախ երկրպագություն տվեց կրակին և ապա երեք անգամ պտույտվեցավ սեղանի շուրջը:

Այդ միջոցին բազմության մեջ անցավ մի շշուկ, մի հանկարծակի իրարանցում, որ վերջը աղմկեցավ ուրախաձայն բացականչություններով: Բոլորի զարմացած աչքերը դարձան դեպի այն կողմը, ուր բացվում էին ամրոցի գլխավոր դռները:

Անհամբեր քայլերով ընթանում էր մի բարձրահասակ երիտասարդ, իսկ նրա ետևից` մի ստվար խումբ զինված մարդիկներ:

«Սամվե՜լ»... անունը հնչվեցավ հազարավոր բերաններում, և բազմությունը մի կողմ քաշվելով ճանապարհ տվեց:

Երիտասարդը մոտեցավ տաճարին:

«Սամվե՜լ»... — կրկնեց նաև մայրը, և տաճարից դուրս վազելով, գրկեց որդուն:

Հանդիպումը խիստ սրտաշարժ էր և միևնույն ժամանակ խիստ եղերական:

— Ա՛խ, ո՜րքան ուրախ եմ ես, ո՜րքան երջանիկ եմ ես, սիրելի Սամվել, — ասում էր կարոտյալ մայրը, բաց չթողնելով որդուն յուր գրկից, — որ դու Ժամանում ես քո հայրական ամրոցը մի այնպիսի բախտավոր րոպեում, երբ քո մայրը կատարում է գարնանամուտի մեծահանդես տոնախմբությունը: Քո ներկայությունը, սիրելի Սամվել, մի նոր փայլ, մի նոր շուք կտա այդ տոնախմբությանը:

Անսպասելի տեսարանը ա՜յն աստիճան հուզեց, ա՜յն աստիճան սաստիկ խռովության մեջ դրեց անբախտ երիտասարդին, որ նա բոլորովին շփոթվեցավ, և մի բառ անգամ չգտավ պատասխանելու մորը:

Մայրը բռնեց նրա ձեռքից, ներս տարավ տաճարը:

Սամվելը թախծալի աչքերով նայեց կրակի վրա, նայեց և մոգերի վրա: Փոփոխությունը չափազանց անմխիթարական էր: Մտաբերեց, որ այժմյան ատրուշանը այն եկեղեցին էր, որտեղ աղոթել էին յուր նախնիքը, և որի սուրբ ավազանից ինքը ծնունդ էր առել:

— Մա՜յր, — ասաց նա խռովյալ ձայնով, — ես ինձ բոլորովին դժբախտ եմ համարում, որ վերադառնալով իմ հայրենական ամրոցը, ամեն կարգ, ամեն սրբություն խանգարված եմ գտնում: Եթե ցանկանում ես, որ ես քո որդին լինեմ, հանգցրո՛ւ այդ կրակը:

Մոր աչքերը վառվեցան բարկության բոցով:

— Ես աստվածասպան լինել կարող չեմ, Սամվել, — պատասխանեց նա, զայրացած կերպով հրաժարվելով: — Եթե դու իմ որդին ես, պետք է երկրպագություն տաս այն սրբությանը, որ պաշտում է քո մայրը:

— Ուրեմն, ես կսպանեմ քո աստծուն, մա՜յր:

— Չե՜ս համարձակվի, Սամվել:

Մոգերն ու մոգպետը երկյուղից մի կողմ քաշվեցան: Սամվելի մարդիկը շրջապատեցին նրանց: Բազմությունը ապշած կերպով նայում էր, թե ի՜նչով կվերջանա մոր և որդու կռիվը: Տիկնոջ դրանիկներից մի քանիսը իրանց ձեռքը տարան դեպի սրերը և զայրացած դեմքով սպասում էին նրա հրամանին: Սամվելի մարդիկը նկատեցին այդ, իրանք նույնպես ձեռքները տարան դեպի սրերը: Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ որդուն: Նրա սպառնական դեմքը այդ րոպեում ահռելի էր: Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով.

— Կրկնում եմ, մայր, հանգցրո՜ւ այդ կրակը...

— Անկարելի է, Սա՜մվել...

— Կրկնում եմ, հանգցրո՜ւ այդ պղծությունը, եթե ոչ...

— Եթե ոչ, ի՞նչ կանես...

— Քո արյունով կհանգցնեմ...

— Անիրա՛վ...

— Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թո՜ղ մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜ այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը...

Վերջին խոսքերի հետ` նա ձեռքը տարավ դեպի մոր գլուխը, բռնեց երկար գիսակներից, քարշ տվեց կրակի սեղանի մոտ: Սուրը շողաց, տաք արյունը թափվեցավ սեղանի վրա...

Բազմության միջից լսելի եղան ուրախաձայն աղաղակներ.

— Արժանի՛ էր...