Սամվել Վիրաբյան դերասանը

Սամվել Վիրաբյան դերասանը
(մենագրություն)
Աղբյուր՝ ԱՆՏԻՊ։

Քնարական շեղում

Ս Կ Ի Զ Բ Ը


Աշնանային արևը հաճախ է «ինքնամոռացության» մեջ ընկնում և զգում ես գարնան բույրը, ամռան հմայքը։ Տաք արևը նստում է ուսերիդ ու մոռանում ես, որ շուրջդ... աշուն է։ Բայց երբ աշունը կրկին վերագտնում է իրեն` շուրջ-բոլորքդ մառախլապատ է դառնում, սկսում է բարակ անձրև մաղել։

Քայլում ես աշնանային քաղաքում և մայթեզրի ծառի ճյուղերից ծիկրակին տվող ու արդեն «քաղցրացած» արևի շողերով ես ջերմանում։

...Գեղեցի՜կ է աշնանային Ստեփանակերտը։ Ընդհանրապես, քաղաքը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, բայց ուրիշ է աշնան փայլը` բազմագույն-բազմերանգ։

Քայլում ես մայթով ու անցորդներն այնքա՜ն ծանոթ են թվում, որ անցնելիս ուզում ես անպայման բարևել, բայց դիմացինի սառը հայացքը հանկարծ ետ է պահում քեզ։ Իսկ եթե փոքրիշատե հայտնի դեմք ես` ամենուր շոյվում ես ծանոթ-անծանոթ հայացքներից։

...Նա սիրում էր ճեմել իր հարազատ քաղաքի փողոցներով, Ազատամարտիկների պողոտայով իջնել ներքև` գլխի թեթև շարժումով պատասխանելով անցորդների բարևին, իսկ հաճախ էլ` կանգ էր առնում, ժամերով զրույցի բռնվում։ Խոսում էր կյանքից, առօրյա հոգսերից, բեմից, բարեմաղթում լավն ու բարին և նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ տալիս զրուցակցին։

Այո, երիցս ճիշտ էր մեծ անգլիացին, երբ ասում էր, թե «կյանքը բեմ է, մարդիկ դերասան», և ամեն մեկն իր դերը յուրովի խաղում անցնում է։ Կյանքի բեմից` մահվան կուլիսները։ Եվ ամեն մեկն իր խաղացած դերո՛վ է անմահության դափնիներ վաստակում։ Շատ հաճախ` նույնիսկ կենդանությա՛ն օրոք։ Ժողովրդի՛ կողմից։ Նա էլ` վաղուց ստացել էր իր մասնագիտական կոչումը։ Ժողովուրդը նրան հենց այդպես էլ կոչում էր` արտիստ Վիրաբյան։

Սամվել Միքայելի Վիրաբյանի համար հարազատ քաղաք էր Ստեփանակերտը, ուր ողջ գիտակցական կյանքն էր անցկացրել, արմատներ ձգել, զավակներ ու թոռներ ունեցել։


Գլուխ առաջին

Ս Կ Ի Զ Բ Ը


...Ցարական բանակի գեներալ, ղարսեցի Աղաջան Սուքիասի Վիրաբյանի և գյումրեցի գեղջկուհի Սաթենիկի տասներեք զավակներից ամենակրտսերը` Միքայելը, ծանր մանկություն է ունեցել։ Վաղ տարիքում զրկվելով ծնողներից, մեծացել է Գյումրիի ամերիկյան որբանոցներից մեկում։ Օնիկ Թաթոսի Կարապետյանը (ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը) և Հովհաննես Լևոնի Կարապետյանը (Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնի ապագա երկարամյա գլխավոր բեմադրիչը) Միքայելի որբանոցային ընկերներից են։ Ինքը` Միքայելը, կրթություն ստանալ չի կարողացել, հազիվ գրել-կարդալ է սովորել, բայց Վանաձորում ստեղծած իր ընտանիքում նա միշտ արթուն է պահել սերը արվեստի (մասնավորապես` թատրոնի) նկատմամբ։ Եթե մեկ-մեկ ժլատություն էլ է արել, ապա թատրոն հաճախելու համար չի խնայել ոչինչ, վերջին կոպեկն էլ տվել է երեխաներին, որ գնան հերթական ներկայացումը դիտելու։ Հաճախ ինն երեխաների հետ ինքն էլ էր գնում թատրոն ու հիանում դերասանների հմայիչ խաղով, երազում` իր փոքրիկներից մեկն ու մեկին տեսնել մեծ արտիստ դարձած։ Երեխաների համար հեքիաթներ, առակներ ու անեկդոտներ էր պատմում, իր բնատուր հրաշալի ձայնով երգում Սայաթ-Նովա ու Ջիվանի։

Թատրոնի նկատմամբ տածվող հոր ջերմ սերն ավագ որդուն` Սամվելին փոխանցվեց։ Նա դպրոցական տարիներին թեև զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, սամբոյով, ծանրաձողով, այլ մարզաձևերով, հոգու մի անկյունում թաքուն տեղ ուներ նաև արվեստի համար, ինչն էլ մի որոշ ժամանակ անց բացարձակվեց. հիմնական զբաղմունքն արդեն քանդակելն էր, նկարելը։ Դա էլ` հետո հոգեկան տարերքի վերածվեց։ Բայց հոր խոսքը` «թատրոնը դպրոցների դպրոցն է», փոխեց ամեն ինչ։ Թատրոնը բարձրացավ նրա աչքում, դարձավ ամենաառաջնայինն ու ամենաանհրաժեշտն իր կյանքում։ Ու թեև միջնակարգն ավարտելուց հետո, 1966-ին, 16-ամյա պատանին մեծ ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով այլ աշխատանքով էր վաստակում հանապազօրյա հացը, երեկոներն անց էր կացնում Վանաձորի քիմիական կոմբինատի ակումբում, մասնակցում Աշոտ Գևորգյանի թատերախմբի փորձերին։

Որոշ ժամանակ անց թատերախումբը, որի լիիրավ անդամն էր պատանի Սամվելը, ժողովրդական թատրոնի կարգավիճակ ստացավ։ Իսկ հետո մետաքսաթելի գործարանի ժողովրդական թատրոնի բեմադրիչի կողմից հրավեր ստանալով` իր արժանի մասնակցությունը բերեց այդ թատրոնի կայացմանը։ Բայց երբ ուզում էր որպես դերասան աշխատանքի տեղավորվել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մայրը կտրականապես դեմ էր` հաշվի առնելով դերասանի չնչին աշխատավարձը։

Հայրը, սակայն, պաշտպանեց որդուն.

-Ա՛յ Վարդ, էս լակոտը ծնված պահից է դերասան...

1968 թվականից Սամվել Վիրաբյանը սկսեց աշխատել Վանաձորի պետական թատրոնում։ Ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի հետ պետթատրոնին առընթեր թատերական ստուդիա հիմնադրեց և դարձավ առաջին սաներից մեկը, իսկ 1971-ին գերազանց գնահատականներով ավարտեց այն։

Ի դեպ, բոլոր շրջանավարտներն էլ, շնորհալի տղաներ ու աղջիկներ, ուզում էին շարունակել ուսումը բարձրագույնում։ Եվ ի հաճոյս բոլորի, նույն` 1971-ին, Վանաձորում, մանկավարժական ինստիտուտին առընթեր, բացվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մասնաճյուղը` Ռաֆայել Ջրբաշյանի գլխավորությամբ, ով միաժամանակ դասախոսելու էր և՛ Երևանի մայր բուհում, և՛ Վանաձորի մասնաճյուղում։ Ստուդիայի բոլոր շրջանավարտները որոշել էին մասնաճյուղի ընդունող հանձնաժողովին դիմել լրիվ կազմով (15 հոգով), բայց Սամվելն իր համար հաստատ վճռել էր մեկնել Երևան։ Ու թեև ողջ դասարանով փորձում էին համոզել նրան, հատկապես, որ Վանաձորում ընդունելության ժամանակ այնպիսի մրցույթ չի լինի, ինչպիսին Երևանում է, բայց` ապարդյուն։

Սամվելն անդրդվելի էր։ Նա մեկնեց Երևան, գեղարվեստա-թատերական ինստիտուտում գերազանց գնահատականներով հանձնեց ընդունելության վեց քննություններն ու 1971-72 թթ. ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից հրամանագրվեց որպես դերասանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող (660 դիմորդների համար այդ ֆակուլտետում միայն ութ տեղ էր նախատեսված)։

Ինստիտուտում նրան դասավանդում էին այնպիսի ճանաչված դեմքեր, ինչպիսիք էին պրոֆեսոր Սերգեյ Քոչարյանը, ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ռուբեն Զարյանը, թատերագետ Լևոն Հախվերդյանը, շեքսպիրագետ, պրոֆեսոր Լևոն Խալաթյանը, մյուսները։

Սամվելը սովորում էր ջանասիրաբար և ընթացիկ քննությունները հանձնում գերազանց գնահատականներով։ Նա օր-օրի կատարելագործում էր իր արտիստական կարողությունները, հաջողությամբ մասնակցում ներկայացումներին, և անընդհատ արժանանում դասախոսների գովեստներին։ Միաժամանակ նկարահանվում էր և՛ «Հայֆիլմում» («Рыжий самолет» գեղարվեստական ֆիլմում), և՛ հեռուստաներկայացման («Անձրև վաճառողը») մեջ։ (Ցավոք, այդ երկու գործերն էլ, Արցախ տեղափոխվելու պատճառով, մնացին կիսատ)։

Ռիչարդ Նեշի «Անձրև վաճառողը» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացման մեջ Ս. Վիրաբյանը Կարի էր խաղում և շատ լավ էր ստացվում։ Նրա խաղում վարպետության նշաններ կային, որոնք չէին կարող աննկատ մնալ դասախոսների կողմից։ Իսկ բացարձակ ինքնաբացահայտման հասավ Գ.Սունդուկյանի «Պեպոյում»։ Լսարանային քննության ժամանակ Պեպո խաղաց, իսկ պետականի ընթացքում, որպես դիպլոմային աշխատանք, Զիմզիմովի դերակատարմամբ հանդես եկավ։ Երկու դեպքում էլ հաջողությունն աննախադեպ էր, գովեստները` շռայլ։ Պրոֆեսոր Սերգեյ Քոչարյանի բեմադրության մեջ կերտած նրա Զիմզիմովը արվեստագիտության դոկտոր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի կողմից բնորոշվեց որպես քանդակ։

- Քո տարիքի՛, քո փորձառությա՛ն, նոր-նոր արվեստի աշխարհ մտնող դերասանիդ համար հիշվելու արժանի, մեծագույն գնահատականի արժանի Զիմզիմո՛վ խաղացիր, ինչ-ինչ տեղերում` անգամ հիշեցնելով մեր բեմի մեծագույն վարպետներին,- բեմից հնչեց նրա ազդու խոսքը։

Այնուհետև` հարցով դիմեց ուսանողին.

- Ասա` տեսնեմ, դու քո այդ տարիքում ի՞նչ մեծություններ ես տեսել բեմի վրա։

- Ի՞նչ մեծություններ, չեմ հասկանում,- հարցին հարցով պատասխանեց Սամվելը։

- Այ, օրինակ, ասենք` բեմի վրա կամ կինոյում, տեսե՞լ ես Ավետ Ավետիսյանի խաղը։

- Ավե՞տն ով ա, տո՛,- վրա տվեց նա` լոռեցու անկեղծ ու միամիտ անմիջականությամբ, մատն Ավետի պես վեր տնկած։ Ե՛վ բեմում, և՛ դահլիճում` միաժամանակ պայթեց ծիծաղը։ Ռուբեն Զարյանը, մեղմ ժպիտը դեմքին, ծնողավարի գրկեց Սամվելի գլուխն ու կրծքին սեղմեց։

- Տղա՛ս,- ասաց նա,- իրոք, շատ լավ ես խաղացել։ Եթե ընտրել ես ա՛յդ ուղին` ոչ մի դժվարության առաջ կանգ չառնես։ Գիտեմ, ընտանիք ունես, երկու երեխայի հայր ես, բայց ընտանիքդ սիրելով` ամենադժվարին պահին էլ բեմը չթողնես։ Քո տեղը բեմի վրա է։ Քեզ` կանաչ ճանապարհ։ Թող բեմական ուղիդ հաղթանակներով լցվի...

Սամվել Վիրաբյանն ինստիտուտն ավարտեց 1976-ին, գերազանցության դիպլոմով։ Ավարտական ներկայացմանը ներկա էր նաև Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գուրգեն Գաբրիելյանը, ում հրավերով էլ եկավ Արցախ։


Գլուխ երկրորդ

ՀԱՄԱՌՈՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ`ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆԸ


...Դեռևս 1932-ի օգոստոսի 11-ին հանդիսատեսի դատին ներկայացված «Օղակում» (Վ. Վաղարշյան) պիեսի բեմադրությամբ իր ստեղծագործական դժվարին, բայց և պատվավոր ու պատասխանատու ուղին սկսած Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնն անցած տասնամյակների ընթացքում լուրջ հաջողություններ է ունեցել։ Թատրոնի հիմնադիր, արվեստի վաստակավոր գործիչ Կարո Սողոմոնի Ալվարյանը, ով Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում աշխարհահռչակ Վահրամ Փափազյանի դասընկերն էր, կարողացավ կարճ ժամանակամիջոցում համարյա զրոյից թատրոն ստեղծել։ Նրան ըստ ամենայնի աջակցեց Ստեփանակերտ ժամանած շնորհաշատ դերասանուհի Աննա-Մելիքը (Աննա Մելիքսեթյան)։ Կ. Ալվարյանին հաջողվեց այնպես անել, որ արհեստավարժ դերասաններ Միքայել Կորգանյանը, Իվան Հովհաննիսյանը, Հմայակ Դանիելյանը, Գուրգեն Ջանոյանը, Արուս Ղազումյանը, Նինա Հովսեփյանը, Գուրգեն Գրիգորյանը, Հակոբ Մելոյանը, Լեոնիդ Ռշտունին, Մինաս Մինասյանը և շատ ուրիշներ չկարողացան մերժել իր հրավերն ու եկան Ստեփանակերտի նորաբաց հայկական թատրոնում աշխատելու։ Ի դեպ, թատրոնի ստեղծման երկրորդ տարում Ստեփանակերտ ժամանեց նաև Կ. Ալվարյանի աշխարհահռչակ դասընկերը, տեսավ ու հիացավ ընկերոջ աշխատանքով, «Պաղտասար աղբարում» Օգսեն խաղաց նրա հետ և հիացմունքով ասաց.

- Սիրելի՛ Կարո, այս Պաղտասարն էլ քո՛ Օթելլոն է1...

Աննա Մելիքի և Կ.Ալվարյանի հիասքանչ խաղընկերությամբ իր հանրահայտ Օթելլոն ներկայացրեց, Համլետ, Կորրադո, Դոն Ժուան խաղաց և թատերասեր հասարակայնությանը հիացրեց իր արվեստով։ Վահրամ Փափազյանից առաջ, նույն` 1933-ին, Ստեփանակերտ էր ժամանել և Օթելլո խաղացել Բաքվի հայկական թատրոնի ճանաչված դերասան Ալեքսանդր Հովհաննիսյանը։ 1934-ի դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտ եկավ հայ բեմարվեստի նվիրյալ Իսահակ Ալիխանյանը ու մինչև հունվարի 13-ը բեմ հանեց Է. Վոյնիչի «Բոռը», Ս. Բաղդասարյանի «Արյունոտ անապատը», Լ. Ֆուլդայի «Հիմարը» և Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորները», իսկ 1935-ի հուլիսյան Ստեփանակերտն ամբողջությամբ լցված էր Ժասմենով, ում ներկայացրած Սևիլի կերպարն անչափ հիացրել էր համանուն պիեսի հեղինակ Ջաֆար Ջաբարլուն.

-Ես հենց այդպիսին էի պատկերացնում իմ Սևիլին։ Ինչ լա՜վ է, որ Դուք կաք և շունչ ու կենդանություն տվիք իմ հերոսուհուն2,- հիացմունքով բացականչել է նա` դիմելով տաղանդաշատ ու հմայիչ դերասանուհուն։

Ի դեպ, 1930-ականների Բաքվի հայկական թատրոնում գործում էր հայ թատերարվեստի մի հիասքանչ աստղաբույլ։ Իսկ առանձին-առանձին` մի ուրույն թատերաշխարհ էին ներկայացնում Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Ժասմենը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Աստղիկ Երամյանը, Խորեն Հարությունյանը, ովքեր հաճախակի էին հյուրախաղերով լինում Ստեփանակերտում, հիացնում թատերասերներին, ոգևորում տեղի թատրոնի դերասաններին3։

Կ. Ալվարյանը, որոշակի ընդհատումներով, մինչև 1963 թվականը գլխավորել է թատրոնի գործունեությունը (1932-35, 1947-63 թ.թ.)։ Անցած տասնամյակների ընթացքում թատրոնի գեղարվեստական միտքն ուղղորդել են բեմադրիչներ Գուրգեն Թավրիզյանը (1935-37, 1945-47 թ.թ.), Բենիկ Բժիկյանը (1938 թ.), Հրայր Գրիգորյանը (1939-44 թ.թ.), Իվան Հովհաննիսյանը (1958-68 թ.թ.), Հովհաննես Կարապետյանը (1968-1979 թ.թ.), Ռեմ Սարգսյանը (1974 թ.), Արտաշես Հովսեփյանը (1979-82 թ.թ.), Լեոնիդ Հարությունյանը (1987-88 թ.թ., 1995-2008թ.թ.), Անդրանիկ Գամջյանը (1991 թ.), Կարեն Աբրահամյանը (1994 թ.)։ Առանձին պիեսների բեմադրություններով հանդես են եկել բեմադրիչներ Լևոն Երամյանը, Թադևոս Սարյանը, Ժիրայր Ավետիսյանը, Մանվել Ավագյանը, Վահե Շահվերդյանը, Ալֆրեդ Հակոբյանը և ուրիշներ։

Արցախի թատրոնի բեմում փայլատակել են տարբեր ժամանակներում հյուրախաղերով Ստեփանակերտ ժամանած բեմական այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Իսահակ Ալիխանյանը, Ժասմենը, Արուս Ոսկանյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ։ Այստեղ իրենց բեմական կյանքն են իմաստավորել տաղանդաշատ դերասաններ Աննա Մելիքը, Միքայել Կորգանյանը, Գուրգեն Հարությունյանը, Արուս Ղազումյանը, Օվսաննա Սարիբեկյանը, Թամարա Մելքումյանը, Նինա Հովսեփյանը, Սուրեն Համզոյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Նվարդ Ասատրյանը, Մամիկոն Միքայելյանը, Զինավոր Գևորգյանը, Միքայել Հարությունյանը, Ժորա Մովսիսյանը և թատրոնի բազում այլ նվիրյալներ։

Ստեփանակերտի թատրոնում բեմական կյանք են ստացել «Օթելլո», «Համլետ», «Ձմեռային հեքիաթ», «Դոն Ժուան», «Կորրադո», «Սեր և խարդավանք», «Ավազակներ», «Բոռ», «Ռուս մարդիկ», «Ռուսական հարց», «Անմեղ մեղավորներ», «Հացի խնդիր», «Սոս և Վարդիթեր», «Մելիքի աղջիկը», «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», «Մխիթար Սպարապետ», «Վարազդատ», «Անահիտ», «Սամվել», «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Քաոս», արտասահմանյան ու հայրենական բազմաթիվ հեղինակների դասական ու ժամանակակից հարյուրավոր այլ ստեղծագործություններ։ Ստեփանակերտի թատրոնը միակն է հայ թատերարվեստի պատմության մեջ, ուր բեմադրվել են Ալեքսանդր Շիրվանզադեի բոլոր պիեսները4։

Անցյալ դարի 70-ական թվականներին միանգամայն հաստատուն դիմագիծ ուներ թատրոնը։ Բեմի վրա էր հանրաճանաչ դերասանների մի հրաշալի համաստեղություն` Թամարա Մելքումյան, Մարգո Բալասանյան, Սուրեն Համզոյան, Բենիկ Օվչյան, Նվարդ Ասատրյան, Մամիկոն Միքայելյան, Իվան Հովհաննիսյան, Շուշիկ Գրիգորյան, Վահան Առուշանյան, Գուրգեն Գրիգորյան, Բոգդան Բաբայան, Ասյա Սիմոնյան, Ժորա Մովսիսյան, Միքայել Հարությունյան, Զինավոր Գևորգյան, Ժաննա Գալստյան, Քաջիկ Հարությունյան, Արեգա Պետրոսյան, Արմելա Առաքելյան, Սամվել Բաղինյան, Ղարիբ Սարգսյան, Սամվել Եվրիյան, Ջուլյա Ստեփանյան, ուրիշներ։

Այդ համաստեղությունում իր ինքնատիպ փայլն ու ինքնադրսևորման ուրույն զգացողությունն ուներ Սամվել Միքայելի Վիրաբյանը` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի գերազանցության դիպլոմով շրջանավարտը, ով, 1976-ին Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնում մշտական աշխատանքի հրավիրվելով, կարճ ժամանակամիջոցում կոլեկտիվի լիիրավ անդամը դարձավ։


Գլուխ երրորդ

ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐԸ ԵՎ «ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ»


Արցախի մայր թատրոնի համար երևի թե դա ամենաարգասավոր շրջանն էր։ «Թատերախումբն ինձ ընդունեց ջերմորեն, առաջին իսկ օրվանից օտարություն չզգացի։ Ես ամենաերջանիկ դերասաններից մեկն եմ, ում բախտ է վիճակվել գալ թատրոն այն ժամանակ, երբ, կարելի է ասել, մեր թատրոնի ամենածաղկուն շրջանն էր, երբ բեմի վրա էին նրա տաղանդավոր ուժերը5»,- տասնամյակներ հետո, մի հարցազրույցի ընթացքում, կխոստովանի Սամվել Վիրաբյանը։

Անմիջապես ներգրավվելով Մ. Աթեշի «Սկեսրոջ սնդուկը» պիեսի արդեն պատրաստի բեմադրության մեջ, որի առաջնախաղը տեղի ունեցավ նույն 1976-ի հունիսի 26-ին, Ս. Վիրաբյանը ներկայացրեց Ֆիքրեթի դերը։ Ներկայացման գլխավոր դերում (Շարաֆ) զբաղված էր հանրապետության ժողովրդական արտիստ Թամարա Մելքումյանը։ Մյուս դերերում հանդես եկան արտիստներ Ա. Օհանյանը (Մինավար), Ռ. Գրիգորյանը (Դիլշաղ), երիտասարդ դերասաններ Ս. Եվրիյանը (Աքիֆ), Ջ. Առաքելյանը (Թարգյուլ) և Բ. Գևորգյանը (Նահիդ)։ Որպես փոխարինող դերասաններ` ներկայացման մեջ զբաղված էին նաև Շ. Գրիգորյանը (Շարաֆ), Ա. Հարությունյանը (Ֆիքրեթ), Մ. Ավագյանը (Աքիֆ)6։

Թատրոնի 44-րդ թատերաշրջանում գլխավոր բեմադրիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Կարապետյանի ինչպես այս ու հաջորդ բեմադրություններում («Մեծ լոռեցին», «Նամուս», «Ձմեռային հեքիաթ», «Ձեռներեց մարդիկ», «Այստեղ ապրել է մարդը»), այնպես էլ` բեմադրիչներ Ալֆրեդ Հակոբյանի («Սոֆիկի սխալը») ու Լեոնիդ Հարությունյանի («Դավիթ Կոպերֆիլդ») ձեռնարկած ներկայացումներում ևս Սամվել Վիրաբյանը կարողացավ ինքնադրսևորվել ու դրվատանքի արժանանալ։
Օգոստոսի 16-ին բեմ բարձրացած «Սոֆիկի սխալը» ներկայացման մեջ նա որոշակի հաջողությամբ հանդես եկավ Ռաֆայել Դավոյանի, իսկ «Մեծ լոռեցին» պիեսում (առաջնախաղը` հոկտեմբերի 23-ին)` Սաքոյի դերերում։

«Մեծ լոռեցին» (Վ. Օվյան) ներկայացման մեջ զբաղված էին հանրապետության ժողովրդական արտիստներ Բենիկ Օվչյանը (Հովհ. Թումանյան), Թամարա Մելքումյանը (Փեփել), թատրոնի գլխավոր բեմադրիչ, վաստակավոր արտիստ Հովհաննես Կարապետյանը (Խորհրդավոր ծերունի), վաստակավոր արտիստներ Իվան Հովհաննիսյանը (Գաբո), Սուրեն Համզոյանը (Հաթամ), արտիստներ Մամիկոն Միքայելյանը (Բարեկենդան), Քաջիկ Հարությունյանը (Մոսի), Սամվել Եվրիյանը (Սարո) և ուրիշներ7։ Սամվել Վիրաբյանի` Սաքոյի դերի հաջող անձնավորումը գրավեց հանդիսատեսի ուշադրությունը։

Արցախի թատրոնում երրորդ անգամ բեմ հանված «Նամուս» (Ալ. Շիրվանզադե) ներկայացման (1934 թ., 1968 թ., 1976 թ.) մեջ միանգամից մի քանի դեր զբաղեցնելով` Ս. Վիրաբյանը լուրջ հաջողություններ գրանցեց իր հաշվին։

Բարխուդարի կերպարում նրան հաջողվեց խտացնել տվյալ ժամանակաշրջանի ողջ ներկապնակը` հին նահապետական բարքերն ու սովորությունները, ավանդապաշտությունը, դրանք ներկայացրեց հավաստի երանգավորումներով։ Բեմի վրա, իրոք, հեղինակային մտահղացումն էր և դերասանն իր փայլուն խաղով հավատարիմ մնաց Ալ. Շիրվանզադեի նկարագրած գավառական տիպաբանության ամենաբնորոշ հատկանիշներին։ Վիրաբյանի Բարխուդարը հենց այդպիսին էլ կար` շիրվանզադեական մեկնաբանությանը համապատասխան` և՛ արտաքնապես («բարձրահասակ, հաստ և բավական երկայն բեղերով, սափրած երեսով, խիտ հոնքերով, որոնց տակ տեղավորված էին նրա շագանակագույն աչքերը»8), և՛ հոգեվիճակային ընդգրկումներով։

Բարխուդարի դժբախտության պատճառներից ամենահիմնականը երևի թե նրա տաքարյունությունն էր, «եթե զայրացավ, ոչ ոք իրավունք չուներ առարկելու ոչ տանը, ոչ էլ արհեստանոցում9», ինչն էլ, վիրաբյանական փայլուն խաղով, ցայտունորեն ներկայացվեց բեմի վրա։ Եթե իր հին ու հավատարիմ բարեկամ Հայրապետի նման մեղմ ու բարեսիրտ լիներ` գուցե թե դեպքերի ընթացքն այդ աստիճան ողբերգական սրություն չունենար։

Նույն կոպտությունն ու կոշտությունը երևաց Ս. Վիրաբյանի խաղում, երբ նա անձնավորում էր Ռուստամի կերպարը։ Բարխուդարի պես նա ևս ավանդապաշտ է, նամուսի, ադաթի գերի, ինչն էլ նրան մարդասպանության հասցրեց։ Բայց այդ կատաղի մարդը, որի դեմքից միայն դաժանություն էր կաթում, Սեյրանի խոստովանությունից հետո զղջաց իր արածի համար։ Այդ լայնաթիկունք, ուժեղ տղամարդն ասես հանկարծ դարձավ թույլ ու անօգնական։

Ներկայացումից հետո անմիջապես էլ` հետևեց մամուլի արձագանքը։ Հանրապետության վաստակավոր արտիստ Սուրեն Համզոյանը Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթում գրեց, որ «կարճ ժամանակամիջոցում հանդիսատեսի ուշադրությանն են արժանանում Ս. Վիրաբյանի անձնավորած մի շարք դերեր։ Շնորհալի երիտասարդը տքնաջան աշխատանքով, ուժերի լարումով հասնում է կերպարը մեկնաբանելու ինքնատիպության։ Դժվարին ու պատասխանատու այդ աշխատանքը միաժամանակ լայն հնարավորություն է տալիս դերասանին` արվեստում կատարելագործվելու, իր սեփական ոճն ստեղծելու համար»։ Այնուհետև թվարկելով Ս. Վիրաբյանի հաջող անձնավորումները Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Սոֆիկի սխալը» (Դավոյան), Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին» (Սաքո), Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), Վիլյամ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Կամիլո), Վասիլի Շուկշինի «Ձեռներեց մարդիկ» (Ճաղատ), Չարլզ Դիքենզի «Դավիթ Կոպերֆիլդ» (Բրուքս), Ժորա Հարությունյանի «Այստեղ ապրել է մարդը» (Ադամյան), Սամեդ Վուրղունի «Վագիֆ» (Էլդար) պիեսների բեմադրություններում, թատերախոսն ավելացրեց. «Երիտասարդ դերասանն ունի հաճելի ձայն, բեմի վրա ֆիզիկական լավ տվյալներ, պարզ ու հետաքրքիր առոգանություն... Նա գտնվում է ստեղծագործական որոնումների մեջ։ Վիրաբյանի մարմնավորած դերերն ասում են, որ հանդիսատեսները դեռ շատ առիթներ կունենան հիանալու երիտասարդ դերասանի բեմական արվեստով»10։

Անդրադառնալով «Նամուսում» կերտած նրա Բարխուդարին` Ստեփանակերտի պետթատրոնի գրական մասի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Իսահակ Ալավերդյանն իր «Սիրով ու հավատով» դիմանկարում նշեց, որ Բարխուդարի հաջող դերակատարումը «արտիստի պոտենցիալ կարողությունների առհավատչյան դարձավ»։ «Վիրաբյանի Բարխուդարն ավանդապահ է, տաքարյուն, խստասիրտ։ Նրա խստությունը դաժանության է հասնում, որովհետև վախենում է նոր բարքերից, նա դողում է սեփական պատվի համար, աղջկա պատվի համար։ Նրա Բարխուդարն անողոք է, բայց մարդ է, հայր։ Աղջկան ծեծելուց հետո, զգում ես, որ կծկվել է սիրտը, Հայրապետին իր տնից հեռացնելուց հետո սրբում է աչքերը։ Եզրակացությունը պարզ է` մեղավոր են անմարդկային սովորություները, որոնք ստրկացրել են Բարխուդարին։ Վիրաբյանի Բարխուդարը պրոֆեսիոնալ կատարում էր, ստեղծագործական որակ»11,- գրեց նա։

1977-ի փետրվարի 17-ին տեղի ունեցավ «Ձմեռային հեքիաթի» առաջնախաղը։ Դա անգլիացի մեծ դրամատուրգի` Ստեփանակերտի պետթատրոնի թատերախմբի կողմից ներկայացված երրորդ գործն էր («Օթելլոյից» ու «Համլետից» հետո), որը լավագույնը ճանաչվեց թատերաշրջանում։ Բեմադրությունն իրականացրեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Կարապետյանը։ Ներկայացման մեջ Ս. Վիրաբյանի Կամիլոյին զուգակցվեց Բենիկ Օվչյանի (Լեոնտես), Միքայել Հարությունյանի (Պոլիքսենես), Մարգո Բալասանյանի (Հերմիոն), Իվան Հովհաննիսյանի (Անտիգոնես), Ժաննա Գալստյանի (Պերդիտա) մյուս տարեց ու երիտասարդ դերասանների հիանալի խաղընկերությունը։

Աբգար Դանիելյանի «Այրվող պատիվ» պիեսը բեմ բարձրացավ Հովհ. Կարապետյանի անխոնջ ջանքերի շնորհիվ, 1973-ի դեկտեմբերի 30-ին, և 207 անգամ ներկայացվեց հանդիսատեսի դատին։ Թատրոնի գլխավոր բեմադրիչը 1977-ին վերականգնեց ներկայացումը` լրացնելով նոր դերակատարներով։ Ս. Վիրաբյանը, ստանձնելով Վռամի դերը, կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը` ողջ խորությամբ ներկայացնել Վռամի զգայուն ներաշխարհը, ներքին էությունն ու բարդ հոգեվիճակը։
Ընդհանրապես, շատ հուզիչ է «Այրվող պատիվ» պիեսի թեման` Վարդաբլուր գյուղի երջանիկ ընտանիքներից մեկի ողբերգական ճակատագրի մասին12։ Իհարկե, ողջ դրամատիզմի հիմնական պատճառը կարելի է պատերազմը համարել, բայց ոչ պակաս էին նաև տեղական թափթփուկները, որոնք, օգտվելով առիթից, անում էին ամեն հնարավորը` ռազմաճակատում գտնվող Արմեն Ազարյանի և նրա սիրող կնոջ` գյուղական ուսուցչուհի Զարուհու, անուններն արատավորելու համար։ Արմենի դերում զբաղված էր հանրապետության ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանը։ Մյուս դերերում հանդես եկան հանրապետության ժողովրդական արտիստ Թամարա Մելքումյանը (Շուշանիկ), վաստակավոր արտիստներ Զինավոր Գևորգյանը (Հարություն), Նվարդ Ասատրյանը (Զարուհի), արտիստներ Մամիկոն Միքայելյանը (Բուդաղ), Քաջիկ Հարությունյանը (Սարգիս Կարպիչ), Գուրգեն Գրիգորյանը (Վարդան Գեղամիչ) և ուրիշներ13։

Հովհ. Կարապետյանը նույն թատերաշրջանում վերականգնեց նաև 1971-ի փետրվարի 11-ին բեմական կյանք ստացած «Տոսկանայի արծիվը» (Արտաշես Բաբայան) ներկայացումը, ուր Ս. Վիրաբյանին Ֆաշիստ սպայի դերն էր հատկացվել։ Երիտասարդ դերասանը մինչ այդ արդեն հասցրել էր հաջողությամբ հանդես գալ գլխավոր ու պատասխանատու մի շարք դերերում (Դավոյան, Սաքո, Բարխուդար, Ռուստամ, Կամիլո և այլն)։ Ֆաշիստ սպայի դերում ևս Ս. Վիրաբյանը գտավ իրեն, դարձավ այդ դերի ճշմարիտ մեկնաբանը։ Եվ նրա նոր հաջողությունը ներկայացման հաջողությունը դարձավ։ Նրան «ընկերացան» Բ. Օվչյանի Անտոնիոն, Մ. Բալասանյանի Լուչիան, Զ. Գևորգյանի Զիբերտը, Ս. Համզոյանի Վինչեցոն և մյուսները14։

Վ. Շուկշինի` «սատիրայի ժանրով թատրոնի համար գրված պատմվածքը15»` «Ձեռներեց մարդիկ» խորագիրը կրող գործը (Ա. Դավթյանի հաջող թարգմանությամբ) մեկ ընդմիջումով հիանալի ներկայացման վերածվեց, ուր կատարողական ինքնատիպ վարպետությամբ առանձնացավ Սամվել Վիրաբյանի անձնավորած Ճաղատը։ Իրենց արտիստական բարձր մակարդակի վրա մնացին նրա խաղընկերները։ «Ձեռներեց մարդիկ» թատերախոսության16 մեջ Իսահակ Ալավերդյանը նշեց, որ, իրոք, «իսկական սատիրական ներկայացում» է ստացվել։ «Բեմադրության մեջ մերկացվում և դատապարտվում են «սեփական գրպանի ձեռներեցները»,- գրեց նա,- որոնք իրենց «անմաքուր ձեռքերը» խոթում են պետության գրպանը։ Սատիրական ծաղրի է ենթարկվում նրանց ընչաքաղցությունը և անասնական վախը, երբ պիտի պատժվեն»։

Ի. Ալավերդյանը ներկայացումը վերլուծող հոդվածում առանձնակի կարևորություն էր տվել Ս. Վիրաբյանի անձնավորած Ճաղատին, նշելով, որ իր խաղով նա լավ մակարդակ է դրսևորել։

Խաղաշրջանի հաջորդ ներկայացումը, որը նոր փայլով բացահայտեց Ս. Վիրաբյանի դերասանական կարողությունները, բեմ բարձրացավ մայիսի 28-ին և արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Չ. Դիքենզի «Դավիթ Կոպերֆիլդում» նրա կերտած Բրուքսը որակական նոր աստիճանի հասցրեց դերասանի կատարողական արվեստը, որոշակիացրեց Ս. Վիրաբյանի ստեղծագործական որոնումների ճանապարհը, նրան ինքնահաստատման կայուն արդյունքի հասցրեց։ Բրուքսի հետ դրան նպաստեցին նրա նախորդ ու հետագա մի շարք դերերի անձնավորումները` Բարխուդարը, Ռուստամը, Կամիլոն, Ադամյանը, Նիլը, Կապիտան Չորնին, Ծմակի մարդը և այլն։ Բրուքսի կերպարի փայլուն անձնավորումը յուրահատուկ ուշադրության արժանացավ, բարձր գնահատվեց հանդիսատեսի և քննադատության կողմից։

1977-78 թթ. թատերաշրջանը Ս. Վիրաբյանի համար սկսվեց Ժորա Հարությունյանի «Այստեղ ապրել է մարդը» («Խաչմերուկ») պիեսի բեմադրությամբ, ուր անձնավորեց գլխավոր հերոսի` Վարդան Ադամյանի կերպարը։ Ի դեպ, այդ դերի բեմականացումը դերասանի հերթական լուրջ քննությունն էր, որի համար նրան շնորհվեց երիտասարդ կատարողների հանրապետական ստուգատես-մրցույթի հաղթողի դիպլոմ։ Պարբերական մամուլի արձագանքը ևս չուշացավ, մարզային ու հանրապետական թերթերն իրենց հրապարակումներում դրվատանքի ջերմ խոսքերով էին անդրադառնում նրա անկրկնելի դերակատարմանը։ «Այո, արտիստին հաջողվել է իր խաղով ընդգծել մարդու մեջ մարդկայինը, ազնիվը, ամենահաղթ բարությունը, մարդասիրությունը։ Ադամյանի դերակատարությամբ Վիրաբյանը ինքնաբացահայտման լուրջ քայլ կատարեց17»,- գրեց մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթը։ Սամվել Վիրաբյանը վաղուց արդեն փնտրված դերասան էր, ով իր անձնվեր վերաբերմունքով, ստեղծագործական լուրջ կարողություններով ու բնական օժտվածությամբ կարողացավ ժամանակին հաղթահարել «բեմարվեստի դժվարությունները, կանգնել ինքնահաստատման ճանապարհին18»։

Իր խաղընկերների հետ նա կարողացավ երկու մասից բաղկացած դրամատիկական պատմությունը բեմի վրա ջերմ մթնոլորտով լեցուն միջավայրի վերածել` կյանքային իրական դրվագապատում դարձնելով այն։

Ստեփանակերտցի դերասաններն «Այստեղ ապրել է մարդը» («Խաչմերուկ») պիեսի բեմադրությամբ հանդես եկան նաև Ս. Վիրաբյանի հայրենի Վանաձոր քաղաքում։ «Հայրս, որ վատառողջ էր և մորս հետ եկել էր ներկայացումը դիտելու, այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել, որ ես եմ գեներալի կերպարը մարմնավորում»,- հետագայում հիշում է անվանի դերասանը19։ Ներկայացումն ավարտվելուց հետո որդին հոր շնորհավորանքին էր սպասում, իսկ հուսահատ հայրը դիմելով որդուն` խեղճ-խեղճ ասաց. «Տղա՛, դու էն գեներալի դերը խաղացողի պես արտիստ պիտի դառնաս, որ քեզնով հպարտանամ»։ Բայց երբ իմացավ, որ ներկայացման «գեներալը» հենց իր որդին էր` զարմանքից հապաղեց մի պահ, ապա հուզմունքը հաղթահարելով` հայացքը դեպի վեր ուղղեց և արտաբերեց արցունքախառն. «Տե՛ր Աստված, տանս արտիստ ծնվեց...»։ Դա ամենամեծ գնահատականն էր, որը երբևէ ստացել է Սամվել Վիրաբյանը թատերական բնագավառում ունեցած իր երկարամյա գործունեության համար։


Գլուխ չորրորդ

ՀԱՄԱՌՈՏ ԱՆԴՐԱԴԱՐՁ`ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՆ

(Սկզբից մինչև 1988 թվականը)


1977-ի դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտի պետթատրոնում երրորդ անգամ բեմ հանվեց Ս. Վուրղունի «Վագիֆ» դրաման (բեմադրիչ` Հովհ. Կարապետյան), ուր Ս. Վիրաբյանն իր վարպետ խաղով անձնավորեց Էլդարին։

Ի դեպ, «Վագիֆին» բեմական կյանք էին պարգևել դեռևս թատրոնի նախկին գլխավոր բեմադրիչներ Հրայր Գրիգորյանը (1940-ի մայիսի 12-ին) և Կարո Ալվարյանը (1949-ի հունիսի 7-ին), որոնց շնորհիվ այն հասցվել էր մասնագիտական բարձր մակարդակի։ Երախտագետ հանդիսատեսների հիշողության մեջ երկար մնացին Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թամարա Մելքումյանի Խուրամանը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Սարգսյանի Վագիֆը, Գուրգեն Գրիգորյանի Էլդարը, Ա. Արշակունու (Հարությունյան) Կաջարը, Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստ Իվան Հովհաննիսյանի Վիդադին։

Ներկա բեմադրության մեջ պետթատրոնի գլխավոր բեմադրիչ Հովհ. Կարապետյանին հաջողվեց ոչ միայն պահպանել նախկին ավանդույթները, այլև նոր որակ ու բեմական գունավորում հաղորդել ներկայացմանը։

Ընդհանրապես, հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ Ստեփանակերտի հայկական պետական թատրոնի բեմում իր ուրույն տեղն ուներ ադրբեջանական դասական ու ժամանակակից դրամատուրգիան։ Թերթելով թատրոնի պատմության էջերը,20 տեսնում ենք, որ համարյա յուրաքանչյուր թատերաշրջան ունեցել է իր բաժին ավանդն այդ գործում։ Իսկ դրամատիկական մի շարք երկեր բազում անգամ են բեմական կյանք ստացել մեր դերասանների անձնվեր ու պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ։ Հարկ է առանձնացնել Ջաֆար Ջաբարլու պիեսները, Սամեդ Վուրղունի «Վագիֆը» (որի մասին արդեն խոսվեց), Միրզա Իբրահիմովի, Ուզեիր Հաջիբեկովի, Սաբիթ Ռահմանի, Էլդար Մամեդխանլու, Միրզա Ֆաթալի Ախունդովի, Սուլեյման Ռուստամի, Բախտիյար Վահաբզադեի, Նաբի Խազրու, Իմրան Կասումովի, Անարի և շատ ուրիշների հինգ տասնյակից ավելի թատերական ստեղծագործություններ, որոնք Արցախի մայր թատրոնի բեմի վրա էին ընդհուպ մինչև 1987 թվականը։ Միայն «Սևիլը» բեմ է բարձրացվել վեց անգամ։ Այդ ստեղծագործությանը թատրոնի գործունեության տարբեր ժամանակաշրջաններում անդրադարձել են թատերական անվանի գործիչներ Կարո Ալվարյանը, Ժասմենը, Գուրգեն Թավրիզյանը, Արզո (Արտաշես) Արզումանյանը, Հովհաննես Կարապետյանը և Իվան Հովհաննիսյանը։

Հետաքրիր է նաև այն հանգամանքը, թե անցած տասնամյակների ընթացքում հայկական թատերարվեստն ինչ վերաբերմունքի է արժանացել Բաքվում։ Հիշեցման կարգով նշենք, որ Բաքվի հայկական թատրոնը գործում էր դեռևս 19-րդ դարի 70-ական թվականների սկզբից։ Ավելի ստույգ` թատրոնի բացումը տեղի է ունեցել 1870-ի փետրվարի 28-ին և տեղակայված էր Ն. Կրասիլնիկյանի նորակառույց տանը21։ Թատրոնի գոյության առաջին տարում թատերախումբը բեմադրեց երկու, իսկ երկրորդ տարում` հինգ պիես։ 1880-ին, այլ գործերի թվում, բեմադրիչ Ստեփան Սաֆրազյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց նաև «Վարդան Մամիկոնյան» թատերերկը։ Թատրոնի կայացմանը մեծապես նպաստել են Ալեքսանդր Շիրվանզադեն, Ալեքսանդր և Հովհաննես Աբելյան եղբայրները։ Այստեղ իրենց բեմական գործունեությունն են ծավալել Սիրանույշը (Մերոպե Սահակի Գանթարճյան), Գևորգ Պետրոսյանը, Գրիգոր Ավետյանը, Պողոս Արաքսյանը, Արամ Վրույրը, Զարուհին (Նունե Վրույր), Արշակ Հարությունյանը, Իսահակ Ալիխանյանը, Վարդուհին (Աննա Նամուրազյան-Չիլինգարյան), Սաթենիկ Ադամյանը և շատ ուրիշներ։ Բաքվի հայկական թատրոնում բեմական կյանք են ստացել Վ. Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Ալ.Դյումա-որդու, Ալ. Օստրովսկու, Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Ն. Գոգոլի բազմաթիվ ստեղծագործություններ։

Հայ դերասաններն ու բեմադրիչները մասնակցել են նաև Բաքվի ադրբեջանական թատրոնի գործունեությանը։ Ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ Դեզդեմոնա է խաղացել Ե. Մելիք-Շահնազարյանը (1910-ին)` խաղընկեր ունենալով Հ. Արաբլինսկուն (Օթելլո), իսկ առաջին անգամ բեմ բարձրացված «Արշին մալ-ալան» (Ուզ. Հաջիբեկով) կատակերգության Ասյային բեմական կյանք է շնորհել հանրահայտ Արուս Ոսկանյանը (1913-ին)։

Հայ թատերական մի շարք գործիչներ իրենց օժանդակությունն են բերել Բաքվի կոմունայի գործունեությանը, իսկ 24-ամյա դերասանուհի Ժասմենը (Մարիամ Գրիգորյան) որպես գթության քույր մասնակցել է Կոմունայի պաշտպանությանը22։ 1920-ին Բաքվի հայկական թատրոնը պետական կարգավիճակի արժանացավ, իսկ 1939-ից ստացավ հանրապետական նշանակություն` անվանվելով Ադրբեջանի Լևոն Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն։ 1920-30-40-ական թվականներին որակական նոր բարձրության հասցվեց հայկական թատերարվեստը Բաքվում` բեմականացնելով հայկական, ռուսական, ադրբեջանական, եվրոպական դասական ու ժամանակակակից դրամատուրգիայի լավագույն նմուշները։ Եվ թեկուզ բեմադրությունների հիմնական մասն ադրբեջանական դրամատուրգիան էր կազմում (բեմադրվել են Ջ. Ջաբարլու բոլոր պիեսները), այնուամենայնիվ, 1948-ի մարտի 11-ին Ադրբեջանի Լևոն Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը փակվեց վերջնականապես ու անդառնալիորեն23։

Ստեփանակերտի թատրոնը ստիպված էր իր ուսերին առնել Բաքվի ու Ադրբեջանի հայաբնակ շրջանների բնակչության սպասարկման ոչ դյուրին գործը ևս։

Ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է խոստովանենք, որ մեկ տարի հետո` 1949-ին, Երևանում նույնպես փակվել է ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը24, բայց 1967-ին այն կրկին վերաբացվել ու շարունակել է իր գործունեությունը մինչև արցախյան պահանջատիրության համաժողովրդական շարժման բռնկումը։


Գլուխ հինգերորդ

ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՇՐՋԱՆ


Ինչևէ, վերադառնանք 1977 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ասացինք, որ այդ օրը առաջնախաղն էր երրորդ անգամ Ստեփանակերտի պետթատրոնի բեմ բարձրացած «Վագիֆ» դրամայի, ուր Ս. Վիրաբյանը Գուրգեն Գրիգորյանի վարպետությանը հարիր մարմնավորել էր Էլդարի կերպարը։

Թատրոնի գլխավոր բեմադրիչ Հովհ. Կարապետյանը թատերաշրջանի հերթական բեմադրությունը (իր իսկ հեղինակած «Ինչ կապույտ է երկինքը» պիեսը) հանդիսատեսի դատին ներկայացրեց 1978-ի մարտի 31-ին։ Ս. Վիրաբյանը ներկայացման մեջ հաջողությամբ անձնավորեց Տիգրանի կերպարը։

Սամվել Վիրաբյանի դերասանական շնորհքը փայլուն կերպով դրսևորվեց Մ. Գորկու «Քաղքենիներ» պիեսի բեմավորման մեջ։ Բեմադրությունը ձեռնարկել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի 1976-ի շրջանավարտ, երիտասարդ բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանը, ով մինչ այդ հաջողությամբ էր իրականացրել «Երջանկության որոնումներ» (1976 թ.) և «Դավիթ Կոպերֆիլդ» (1977 թ.) պիեսների բեմականացումը։

«Քաղքենիներ» դրաման որոշակի բարդություններ ուներ, որոնք առանձնապես կապված էին 20-րդ դարասկզբի հեղափոխական գաղափարների պրոպագանդման և գորկիական խորիմաստ մտածողության ու ճաշակի ճշտորեն ընկալման ու վերամարմնավորման հետ։ Բեմադրիչ Լ. Հարությունյանը կարողացավ ճշտորեն ընկալել ներկայացվող ժամանակաշրջանի ոգին և ճիշտ ուղու վրա դնել դերասանների աշխատանքը` հնի ու նորի, հայրերի ու որդիների, կաղապարվածի ու հեղաշրջողական բնավորության ճշտորեն բացահայտման համար։

Բեմադրիչի ու դերասանների հիմնական նպատակը ռուս մեծ գրողի անունը կրող թատրոնում Մ. Գորկուն, իրոք, արժանի ներկայացում ունենալն էր։

«Քաղքենիները» Մ. Գորկու երկրորդ պիեսն էր, որ բեմ էր հանվում Ստեփանակերտում։ Դեռևս 1937-ին (իսկ այնուհետև` 1968-ին) բեմ հանվեց մեծ գրողի «Հատակում» պիեսը, որը թեև բարդ ու պատասխանատու գործ էր, այնուամենայնիվ, բեմադրիչ Ի. Հովհաննիսյանը կարողացավ հաջող ընթացք տալ ներկայացմանը։

«Քաղքենիների» բեմադրությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Մամուլի արձագանքը ևս չուշացավ։ Թատերախոսության մեջ առանձնացվեցին Մ. Հարությունյանի Բեսսեմենովը, Մ. Միքայելյանի Պերչիխինը, Ս. Վիրաբյանի Նիլը, Ժ. Գալստյանի Ելենան, Ա. Պետրոսյանի Պոլյան։ «Հեղաշրջող ոգու քննություն է բռնում Նիլը։ Նա առաջինն է հեռանում քաղքենի, ճղճիմ միջավայրից` իր հետ տանելով Պոլյային (Ա. Պետրոսյան) դեպի բանվորական աշխարհը։ Ս. Վիրաբյանի Նիլը ուղղաձիգ գաղափարական է։ Արտիստը եռանդով, համարձակ արտասանում է տեքստը, որի խոհերն ընդունելի են, հեղափոխական։ Նրա խաղը հավաստի գույներ է ստանում Պոլյային սեր բացատրելիս»,- գրեց թերթը25։

Ներկայացումը բեմադրիչից ու դերասաններից պահանջեց «գորկիական խորիմաստ խոսքի ընկալում, ճաշակ, մետաֆորային մտածողության կարողություն»։

Սեպտեմբերի 10-ին բեմ բարձրացած «Մարդը մարդ ունի» (Անար) ներկայացման մեջ ևս Ս. Վիրաբյանը հաջողությամբ անձնավորեց Ալի Այրիզադեի կերպարը։ Ներկայացման բեմադրիչ Ի. Հովհաննիսյանին հաջողվեց ճիշտ կողմնորոշել թատերախմբին և անսխալ ներկայացնել պիեսի մտահղացումը։ Ս. Վիրաբյանի անկաշկանդ ու անբռնազբոս խաղի մասին մարզային թերթը գրեց. «Միայն մի տեսարանում է հանդես գալիս Վիրաբյանը «Մարդը մարդ ունի» կատակերգությունում և հիշողության մեջ դրոշմվում է նրա Ալի Այրիզադեն` փողով հարբած, կնամեծար, ամբարտավան, և այս ամենը` համոզիչ, հավաստի խաղագույներով26։

1979-ի հունվարի 16-ին բեմ բարձրացավ Գրիգոր Յաղջյանի «Մի կաթիլ արև» պիեսը (բեմադրությունը` Ալֆրեդ Հակոբյանի), ուր Ս. Վիրաբյանը զբաղված էր Սուրենի դերի անձնավորումով։ Արտիստի կատարողական վարպետության մասին անմիջապես «արձանագրվեց» մարզային թերթում.27 «Բարեխիղճ աշխատանքի արդյունք է Ս. Վիրաբյանի Սուրենը` բարեսիրտ, ուղղամիտ»։

Թատերախմբի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ ներկայացմանը տալ բարձր որակ, այն հանդիսատեսին ներկայացնել որպես թատերարվեստի մի հիանալի նմուշ։ Նման եզրահանգման եկավ նաև թատերախոսության հեղինակը. «Եվ եթե արվեստն այն է, ինչ մարդուն դարձնում է ավելի լավ, ավելի մարդկային, ապա մաքրագործող ուժ ունեցող այս ներկայացումն էլ իսկական արվեստի օրինակ էր»,- հոդվածի վերջում գրեց նա։

1979-ի մայիսի 27-ին Ստեփանակերտի պետթատրոնում Ի. Հովհաննիսյանի ջանքերով վեցերորդ անգամ բեմ բարձրացած «Սևիլում» (Ջ. Ջաբարլի) Ս. Վիրաբյանն անձնավորեց Բալաշի կերպարը։

Բեմադրիչ Ալֆրեդ Հակոբյանի հաջորդ ներկայացման մեջ ևս (Ա. Կոլոմիեց, «Կապույտ եղնիկներ») կարևոր ու պատասխանատու դեր էր հատկացվել Ս. Վիրաբյանին (Կապիտան Չորնի), որը նույնպես դերասանական փայլուն կատարումով նշանավորվեց։

Ի դեպ, Ս. Վիրաբյանը 1976-ից ի վեր մշտապես զբաղված էր բոլոր նոր ներկայացումներում և ստանձնած դերերի փայլուն կատարումների համար բազում անգամ է արժանացել թատերագետների բարձր գնահատականին ու թատերասեր հասարակայնության ջերմ համակրանքին ու վստահությանը։

1979-ի տարեվերջը նշանավորվեց Վազգեն Օվյանի «Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին։ Ներկայացման մեջ կերտած նրա Ծմակի մարդը մի իսկական թատերական գլուխգործոց էր։ Հանդիսատեսն առանձնակի հուզմունքով էր հետևում արտիստի ամեն մի շարժուձևին, ձայնի ելևէջներին։ «Ծմակի մարդու համակրելի կերպարի» հիանալի անձնավորման մասին մամուլը գրեց. «Նա շիտակ խաղաձևերով կերպարին հաղորդում է ըմբոստ ոգու անսքող գործելակերպ։ Նրա սերը հմայիչ է և ինչ որ տեղ բանաստեղծական, որից այն դառնում է կենդանի, իսկ վերջին տեսարանում` դրամատիկ28»։

Բեմադրության մեջ Պըլը Պուղու կերպարն անձնավորել էր ժողովրդական արտիստ Բենիկ Օվչյանը։ «Հյութեղ, կոլորիտային կերպարներ էին Մ. Միքայելյանի Պետոն, Ժ. Գալստյանի Մալայիկը, Ս. Վիրաբյանի Ծմակի մարդը, Ղ. Սարգսյանի Չալի բեկը, Ժ. Մովսիսյանի Վիտիս բեկը, Ի. Հովհաննիսյանի Կաթողիկոսը, Մ. Հարությունյանի Մելիք Շահնազարը»,- գրեց թատերախոսը29։

1980-ին, Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (առաջնախաղը` մարտի 25-ին) և Վարդան Հակոբյանի «Հայելիներ» (առաջնախաղը` մայիսի 11-ին) պիեսների բեմականացման ընթացքում Մաուրիսիոյի և Գենոյի դերերի հիանալի անձնավորումով Ս. Վիրաբյանը հաջողությամբ եզրափակեց իր չորրորդ թատերաշրջանը։

Չորս թատերաշրջանի ընթացքում Ս. Վիրաբյանը մասնակցեց 20 ներկայացման, անձնավորեց 23 կերպար և կարողացավ ոչ միայն արժանանալ հանդիսատեսի ջերմ համակրանքին, ավելին, գտավ դեպի երկրպագուների սիրտը տանող ճանապարհը, որովհետև ինչպես ժամանակի մամուլը նշեց, «հենց սկզբից դրսևորեց բեմական արվեստի շոշափելի իմացություն», որի արդյունքում էլ «նրան վստահվեցին անձնավորելու ժանրով և բնույթով միանգամայն տարբեր շատ պատասխանատու դերեր30»։


Գլուխ վեցերորդ

ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ


Հաջորդ թատերաշրջանում Ս. Վիրաբյանը հանդես եկավ Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա» (Ժելեզնով), Ազատ Աբդուլինի «13-րդ նախագահը» (Վյուգին), Անարի «Ամառը քաղաքում» (Աղառեֆի) և Վարդան Հակոբյանի «Քո սերը քո տունն է» (Գարեգին) պիեսների բեմադրություններում։

Մարզային թերթում հրապարակված «Խղճի դատ» թատերախոսության մեջ վերլուծելով ներկայացումը` թատերագետ Ի. Ալավերդյանը Ս. Վիրաբյանի ներկայացրած Վյուգինի մասին գրեց. «Ծավալուն չէ Վյուգինի դերը, բայց ընդգծված բնավորություն է դառնում Ս. Վիրաբյանի կատարմամբ։ Պատումի մեջ պահելով առողջ, կյանքային հումորը, ճշմարիտ ներկայացնելով հաշմանդամի իրավիճակը, արտիստը կենցաղային հավաստիության է հասցնում կերպարը31»։

Ս. Վիրաբյանի Վյուգինին անդրադարձավ նաև «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթը, նշեց, որ «իր (Ս.Վիրաբյանի - հեղ.) խոսքը շաղախելով կենսախինդ, առողջ հումորով... արտիստի Վյուգինը դառնում է շատ համակրելի, սիրելի կերպար32»։

1981-82 թթ. թատերաշրջանում Ս. Վիրաբյանի անձնավորումով հանդիսատեսին հասան այնպիսի խոսուն կերպարներ, ինչպիսիք են Անուշավան Ենգոյանը` «Ո՞վ է սպանել» (Արտ. Բաբայան) պիեսում, Դևդարիանին` «Մեղադրական եզրակացությունում» (Ն. Դումբաձե), Պրեզիդենտը` «Սեր և խարդավանքում» (Ֆ. Շիլլեր) և այլն։

1982 թվականի ամռանը հանդիսավորությամբ նշվեց Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի 50-ամյա հոբելյանը։ Թատրոնի կեսդարյա բեղմնավոր ուղին նշանավորվեց կառավարական բարձր պարգևով` «Պատվո նշան» շքանշանով։ Թատրոնի ստեղծագործական կազմը նոր եռանդով լծվեց հայ թատերարվեստի զարգացման գործին։

Հոբելյանական տարին Ս. Վիրաբյանը եզրափակեց Ա. Իլովայսկու «Մարդն ու նամարդը (Երեք դեղահաբ)» պիեսի Ռեմ Սարգսյանի բեմադրության մեջ ներկայացրած Ալեհեր Ջինի անձնավորումով։

1983-ին Ս. Վիրաբյանն անձնավորեց Ակոբի (Ա. Ցագարելի` «Խանումի արարքները»), Հովումյանի (Ժ. Անանյան` «Բնակարանամուտ») և Սալեհի (Մ. Իբրահիմով` «Կինը կանաչ դռան ետևում») կերպարները։

Ռեմ Սարգսյանի բեմադրած «Խանումի արարքները» ներկայացման մեջ Ս. Վիրաբյանի հիանալի դերակատարման մասին մամուլը գրեց. «Վիրաբյանը հին Թիֆլիսի վարքն ու բարքը ներկայացնող կոլորիտային հյութեղ կերպար է ստեղծել... Եվ բնորոշ ինտոնացիան դերախոսքով, էքսցենտրիկ խաղագույներով արված պար ու երգով դերակատարումը վերածվում է իսկական համերգային համարի33»։

Հետաքրքիր ու գունեղ խաղաոճով հանդես եկավ Ժ. Անանյանի «Բնակարանամուտ» պիեսի բեմադրության ժամանակ։ Ս. Վիրաբյանը կարողացավ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, ուր ողբերգականն ու ծիծաղելին միախառնվեցին իրար ու դարձան մի անտրոհելի ամբողջություն։ Ինչպե՞ս դուրս գալ նման իրավիճակից։ Վիրաբյան-Հովումյանը կարողացավ ինքնատիրապետել և իրավիճակը ներկայացնել հավաստի ու համոզիչ խաղաերանգներով։

Մամուլը բարձր գնահատեց դերասանի խաղը։ Մարզային ու հանրապետական թերթերում Ի. Ալավերդյանը հանդես եկավ թատերախոսություններով։ «Սովետական Ղարաբաղ» թերթի հրապարակումը նվիրված էր բեմադրության վերլուծությանը, իսկ «Կոմունիստում» անվանի թատերագետը հանրապետության հայ թատերասեր հասարակայնությանը ներկայացրեց երիտասարդ դերասանի արածն ու մտահղացումները։ «Անձնավորելով ամենատարբեր խառնվածքի (կատակերգական, դրամատիկ, ողբերգական) կերպարներ, Վիրաբյանը կանգնել է ճշմարիտ արվեստի կախարդիչ ճանապարհի վրա34»,- խոստովանեց նա։

Թեև կահույքի ֆաբրիկայի տնօրեն Հովումյանը «խիստ հակասական ապրումներով հարուստ մի կերպար էր», բայց դերասանին հաջողվեց հաղթահարել բոլոր «իրարամերժ ապրումներն» ու «սուր կատակերգական իրավիճակները» մեկնաբանել «հոգեբանորեն համոզիչ, հավաստի» գույներով։

«Իր աթոռն ամուր պահելու միտումով, անսալով վերադասի հեռախոսազանգ-հրամանին», ֆաբրիկայի տնօրենը, մեղանչելով իր խղճի դեմ, «անձուկ պայմաններում ապրող Սերոբին հասանելիք բնակարանը փորձում է տալ վերևից հրահանգված մարդուն` Հաբեթին35», ով իր հարմարավետ բնակարանն ընդլայնել է ուզում, բայց ծանր հոգեվիճակում հայտնված Հովումյանը երկընտրանքի մեջ է` ի՞նչ անել, անսալ իր խղճի ձայնի՞ն, թե՞ կատարել վերադասի հեռախոսազանգ-հրամանը։ Վիրաբյան - Հովումյանի տառապանքը տեսանելի է բեմի վրա, որն, ի վերջո, ինքնամերկացման է հասցվում։ Արտիստն իր վարպետ կատարումով կարողանում է ազդել հանդիսատեսի մտքին ու զգացմունքների վրա, հատկապես, երբ նրա մեջ հաղթում է արդարամտության զգացումը և ա՛յն համոզմունքը, որ «ամեն մարդ նախ և առաջ պետք է պատասխան տա իր խղճի առաջ»։ Իր «բարոյական կոնֆլիկտը» նա կարողանում է լուծել «արդարացիորեն, մարդասիրաբար36»։

Լ. Հարությունյանի (Գ. Խուգաև` «Անդրոն ու Սանդրոն») և Ռ. Սարգսյանի (Ջ. Պատրիկ` «Տարօրինակ միսիս Սևիջը», Ի. Էֆենդիև` «Այրված օրագրեր») 1984-ին բեմադրած երեք ներկայացումներում ևս ինքնարտահայտման նոր ձևեր գտավ Ս. Վիրաբյանն ու նորովի ներկայացավ հանդիսատեսին։ Կարողանալով «մանրամասնորեն մշակել բեմական կերպարի արտաքինը, շարժուձևը, խոսքը և ստեղծել ամենատարբեր խառնվածքի դերապատկերներ` իրենց ներաշխարհով, հոգեկան նրբերանգներով37», Ս. Վիրաբյանը վաղուց արդեն արժանացել էր թատերասեր հասարակայնության ջերմ համակրանքին։

1985-ին պետթատրոնի ներկայացրած չորս բեմադրություններից երեքում Ս. Վիրաբյանն իր արժանի մասնակցությունը բերեց։ Ռեմ Սարգսյանը ապրիլի 30-ին բեմ հանեց Ա. Դուդարևի «Շարքայիններ» պիեսը, ուր հիանալի Բուշտեց խաղաց Ս. Վիրաբյանը։ Նա բեմադրիչի մյուս ներկայացման («Ե. Շվարց` «Ձյունե թագուհին») Խորհրդականին ևս կարողացավ փայլուն կերպով բեմ հանել, ճշգրտորեն բացահայտելով իրեն վստահված դերերի հոգեբանության էությունը։

Հայ դասական հեղինակների ստեղծագործությունների բեմադրումն իր եզրափակումն էր գտել Գաբրիել Սունդուկյանի` 1978-ին բեմ հանված «Էլի մեկ զոհով», որին անմիջապես հետևեց ժամանակակից հեղինակների էստաֆետի ընդունումը Գրիգոր Յաղջյանի և Արամաշոտ Պապայանի կողմից։ Բեմադրիչներ Ալֆրեդ Հակոբյանի և Լեոնիդ Հարությունյանի կողմից հաջորդ թատերաշրջանում բեմավորվեցին նրանց «Մի կաթիլ արև» ու «Գնա մեռիր, արի սիրեմ» պիեսները։

1980-ականներն, ընդհուպ` մինչև պատմական 1988-ը, չգիտես` ինչու, «ամենևին էլ նպաստավոր չէին» դասական հեղինակների համար։ Ի հակակշիռ դրա` հանդիսատեսին «ներկայացան» հայ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչները։ Բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանն իրար հետևից բեմ հանեց Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (1985 թ.), Արտաշես Քալանթարյանի «Մովսես ապերը, Խ. Ավագյանի «Անահիտը»` (երկուսն էլ` 1986 թ.) և այլն։

1985-ի նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում Լ. Հարությունյանի կողմից բեմ հանված «Վերջին ուսուցիչը» ներկայացումը ցնցող ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա։ Այս անգամ էլ Ս. Վիրաբյանը հանդիսատեսին գերեց իր հիանալի Մամյանով։

1986-ի թատերական տարին ևս բեղմնավոր էր Ս.Վիրաբյանի համար, նա իր անկրկնելի թատերախաղով մասնակցեց տարվա բոլոր հինգ ներկայացումներին, Գարուշ խաղաց «Մովսես ապերում» (Ա.Քալանթարյան), «Բյուրեղապակյա դղյակում» (Ի. Էֆենդիև) ներկայացման մեջ` Բայանդուր, «Անահիտում» (Խ. Ավագյան)` Վարուժան, «Թահմինա և Զաուրում» (Անար)` Զաուր, «Բուրատինոյի նոր արկածներում» (Ա. Կոզլովսկի)` Արտեմոն։

1987-ին նույնպես Ս. Վիրաբյանն զբաղված էր տարվա բոլոր նոր բեմադրություններում։ Նրա Արքան ու Քաղաքագլուխը` «Երջանիկ արքայազնում» (Ա. Շահինյան), Տանուտերը` «Գողացված երջանկությունում» (Ի. Ֆրանկո), Կուլիկովը` «Այգի առանց հողի» (Լ. Ռազումովսկայա) պիեսում, մյուս դերակատարումները կրկին անգամ հիացրին հանդիսատեսին։


Գլուխ յոթերորդ

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔԻ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ


1988-ին, հասկանալի պատճառներով, միայն երկու նոր բեմադրություն եղավ։ Մարտի 15-ին բեմադրիչ-դերասան Մանվել Ավագյանը բեմ հանեց Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» պիեսը, իսկ հուլիսի 6-ին թատրոնի գլխավոր բեմադրիչ Լեոնիդ Հարությունյանը հանդիսատեսի դատին ներկայացրեց Ալ. Շիրվանզադեի «Չար ոգին» (Արցախի բեմում` երկրորդ անգամ, Ի. Հովհաննիսյանի 1964-ի բեմադրությունից հետո), կրկին անդրադառնալով հայ դասական դրամատուրգիային։

Ս. Վիրաբյանն զբաղված էր միայն երկրորդ ներկայացման մեջ` Գիժ Դանիելի դերում։ Նա իրեն հատուկ խաղաոճով կարողացավ ոչ միայն պահպանել այն լավ ավանդույթները, որ թողել էր Գիժ Դանիելի նախորդ դերակատար Գուրգեն Հարությունյանը, այլև նորովի մեկնաբանել իր հերոսի հոգեվիճակը։ Բայց մի չար զուգադիպություն, այնուամենայնիվ, եղավ. «չար ոգին» կրկին իրեն զգացնել տվեց, երկրաշարժի զոհ դարձած մինուճար դստեր` Մանուշակի մահը սգացող հոր դերակատարը տարեվերջյան ահավոր երկրաշարժի ժամանակ հարազատներ կորցրեց ավերակված Գյումրիում։ Երկրաշարժը կրկնապատկեց սումգայիթյան եղեռնագործության ցավը։

Ցավը` ցավ, բայց որ 1988-ն արդեն նոր դարագլուխ էր բացել հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, դա արդեն իսկ` կատարված փաստ էր և ոչինչ այլևս հնարավոր չէր փոխել. արցախահայությունն էր ոտքի ելել` իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար։

Դեռևս 1985-ին ամբողջ Խորհրդային միությունով մեկ հայտարարված Վերակառուցումը, Բացախոսությունն ու Ժողովրդավարությունը Արցախ-Հայաստան մշակութային կապի սերտացման հույսի ներշնչում էր միայն։ Հայաստանի կողքին, բայց Հայկական թատերական ընկերությունից արհեստականորեն անջատված ու մեկուսի գործող Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմի վրա անցած տասնամյակների ընթացքում իրենց բեմական կյանքն էին ստացել արտասահմանյան ու խորհրդային ժողովուրդների թատերական հարյուրավոր ստեղծագործություններ։ Հայ դերասաններն այնպիսի ոգևորությամբ էին խաղում դրանք, որ, բառիս բուն իմաստով, հայացնում էին օտարաշունչ ցանկացած ստեղծագործություն, բայց ժամանակ առ ժամանակ պոռթկում էին հայրենասիրության ու ազատատենչության վեհ գաղափարներն ու բեմի վրա հանկարծ հայտնվում էր... «Մխիթար Սպարապետը», «Գևորգ Մարզպետունին», «Սամվելը», «Ռուզանը», «Անահիտը», «Մելիքի աղջիկը», հայ ազատատենչ ոգին մշտարթուն պահող մյուս գործերից որևէ մեկը։ Մի արգելք սակայն մշտապես մնում էր անբեկանելի. Ստեփանակերտի հայկական թատրոնի թատերախումբն իրավունք չուներ հյուրախաղերով հայտնվել Հայաստանի տարածքում։

1988-ի համաժողովրդական զարթոնքի օրերին լուծվեց նաև ա՛յդ հարցը։ Թերևս, 1988-ը ծնվեց նաև ա՛յդ հարցին լուծում տալու համար։ 1988-ի աշնանը վերջապես բացվեց «մեր հոգսերի վարագույրը». Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալվեց Երևանում և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում ներկայացրեց Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», Ժ. Անանյանի «Բնակարանամուտ» և Լ. Ռազումովսկայայի «Այգի առանց հողի» պիեսները։ Աննկարագրելի էր համայն հայության մայրաքաղաքի թատերասեր հասարակայնության ընդունելության ջերմությունը, որն իր արձագանքը գտավ նաև հանրապետական մամուլում: «Հայրենիքի ձայն» թերթը հանդես եկավ ծավալուն մեկնաբանությամբ38։

Սամվել Վիրաբյանը ներկայացված երեք գործերից միայն մեկում էր զբաղված. «Բնակարանամուտի» ֆաբրիկայի տնօրեն Հովումյանի դերում։ Բեմադրությունը Երևանի հանդիսատեի դատին ներկայացվեց երկու անգամ` լեփ-լեցուն դահլիճում։ Արցախցի հայրենակարոտ դերասանների հմայիչ խաղաոճով, հերոսների գեղեցիկ կերպավորումներով հիացած էր հանդիսատեսը, որովհետև, ինչպես «Հայրենիքի ձայն» թերթի հրապարակման մեջ էր նշվում, ստեփանակերտցի դերասանները տաղանդի անվիճելի դրսևորումներով «Բնակարանամուտ» կատակերգությամբ երևան հանեցին ազգային բնավորության, «կատակերգական վառ ու գունեղ բնավորությունների կերտման, նաև չափի զգացումով վերահսկվող իմպրովիզի կարողությունը39»։

Անդրադառնալով կահույքի ֆաբրիկայի տնօրենի դերակատարի խաղին` թերթը գրեց. «Հրաշալի է Սամվել Վիրաբյանը ֆաբրիկայի տնօրեն Հովումյանի դերում, նա կարողանում է նրբորեն ու անկեղծորեն հաղորդել կերպարի իրարամերժ կողմերը։ Մեկ նա անհուսալի բյուրոկրատ է, մեկ` կարգին մարդ, ով անտարբեր չի կարող լինել վաստակած բանվորի ընտանեկան ծանր պայմանների պատմությանը։ Դերակատարը հաղորդում է թե՛ կերպարի սեփական, բնածին բարեմասնությունները և թե՛ օտարածինը` իբրև ստացյալ, խորթ մի բան, կյանքի մերժելի ընտելությունների ծնունդ»։

Ստեփանակերտցի դերասանները Մայր-Հայաստանից վերադարձան հուսավառված ու ամրապինդ ոգով։ Բայց երկրամասի տնտեսական լիովին կազմալուծման պայմաններում հնարավոր չէր թատրոնի ինտենսիվ ու կայուն աշխատանքի ապահովումը պահպանելը։ Մի շարք հեղինակավոր դերասաններ (Բենիկ Օվչյանը, Ժաննա Գալստյանը, ուրիշներ) իրենց վրա վերցրին քաղաքական անհնազանդության դիմած ժողովրդին առաջնորդելու սրբազան առաքելությունը։

Այնուամենայնիվ, արդեն վերանվանված (Վահրամ Փափազյանի անվամբ) թատրոնը շարունակում էր գործել, թեև 1988-ի պես 89-ին ևս հաջողվեց ընդամենը երկու նոր ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին։ Փետրվարի 23-ին Մանվել Ավագյանը բեմ հանեց «Դավաճանություն» (Ա. Յուժին-Սումբատով) ներկայացումը, ուր Ս. Վիրաբյանն զբաղված էր Սմբատի և Անանիա Գլախայի դերերում։ Թատերաշրջանի մյուս` «Վաճառքի ենթակա չէ» (Արտաշես Քալանթարյան) ներկայացման մեջ, որի բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել էր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, Ս. Վիրաբյանը հանդես եկավ Սեկոյանի դերում։

1990 և 1992 թվականներին նոր բեմադրություններ չեղան։

1991-ին թատրոնի նորանշանակ գլխավոր բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անդրանիկ Գամջյանը բեմ հանեց Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» դրաման և Աղասի Այվազյանի «Դիպլիպիտո» պիեսը։ Ս. Վիրաբյանն իր խաղընկերների հետ կարողացավ վարպետորեն իրականացնել Նինոսի («Արա Գեղեցիկ») և Զաբոզլյանի («Դիպլիպիտո») կերպարների անթերի բեմավորումը։

Հանդիսատեսի կողմից ջերմորեն սիրված դերասանը 1993-ին ևս նույն վարպետությամբ մասնակցեց «Ադելաիդան նորահարս» (Տ. Վարդազարյան) և «Վարազդատ» (Լ. Միքայելյան) պիեսների բեմադրությանը։

1994-ին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի հետ արդեն նոր գլխավոր բեմադրիչ էր աշխատում` Կարեն Աբրահամյանը։ Նա հանդիսատեսի դատին ներկայացրեց Ժիրայր Անանյանի «Թռչող ափսեից իջած մարդը» և Վարդան Հակոբյանի «Արցախյան բալլադ» պիեսները, ուր հերթական անգամ հաջող քննություն բռնեց Ս. Վիրաբյանը։ Նրա արտիստական մեծ վարպետությունն ընդգծված ձևով ներկայացավ հատկապես Գյումրեցի զինվորի դերում («Արցախյան բալլադ»)։

1995-ին Ստեփանակերտի թատրոն վերադարձավ Լեոնիդ Հարությունյանը։ Նա թատրոնի գեղարվեստական ղեկավար վերանշանակվեց և նորովի սկսեց իր գործունեությունը Ստեփանակերտում։

Հրադադարի հաստատումից անցել էր մեկ տարի, բայց պատերազմ ապրած երկրամասում կյանքը բնականոն հունի մեջ մտնելու որևէ միտում դեռևս չէր նկատվում` ավերված տնտեսություն ու բնակավայրեր, մարդկային խեղված ճակատագրեր։ Բայց ոգով ամրապինդ ժողովուրդը, որը կարողացավ հաղթանակով դուրս գալ հակառակորդի կողմից պարտադրված պատերազմից, սկսեց խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զբաղվել։ Թեև թատրոնի դահլիճն այդպես էլ երկար ժամանակով մնաց կիսադատարկ, թատերախումբն, այնուամենայնիվ, շարունակում էր նոր բեմադրություններ ներկայացնել հանդիսատեսի դատին։

1995-ին երեք նոր բեմադրություն բեմ բարձրացվեց` «Մելիքի աղջիկը», «Առլեկինը` արքա», «Տարեմուտի հրաշքներ»։

Իվան Հովհաննիսյանը Գուրգեն Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (հայ մեծ պատմաբան ու պատմավիպասան Լեոյի համանուն վեպի հիման վրա) պիեսը հանդիսատեսի դատին էր ներկայացրել դեռևս 1955 թվականին` Գրիգոր Ծատուրյանի պատմականի ու արցախյան ազգային կոլորիտի համադրումներով կատարված գեղեցիկ ձևավորմամբ40։ Ազգային ազատագրական շնչով ներարկված ստեղծագործության բեմավորմանը կարոտ արցախցիները, ինչպես նաև` բաքվաբնակ հայությունը մեծ խանդավառությամբ էր ընդունել ներկայացումը։ Արժանի գնահատականով հանդես էր եկել նաև ժամանակի մամուլը41։

Վաստակաշատ բեմադրիչի` ուղիղ քառասուն տարի անց երկրորդ անգամ, նկարչական նոր ձևավորմամբ, ստեփանակերտցի հանդիսատեսի դատին ներկայացված բեմադրությանն արդեն հաջորդել էր արցախյան ազգային ազատագրական հուժկու շարժումը, զինված պայքարն ու փայլուն հաղթանակը։ Հանդիսատեսը, ով արդեն տեսել ու հաջողությամբ դիմակայել էր ադրբեջանական ռազմական մեքենայի սարսափազդու բոլոր գործողություններին, ապրել պատերազմական ժամանակաշրջանի ողջ դաժանությունը, նահատակված հարազատների ու ավերակված հայրենի տան կորստի կսկիծն ու դառնությունն ատամների տակ սեղմած իր արժանի մասնակցությունը բերել համազգային պայքարին, և, վերջապես, զգացել եղբայրության դիմակով խորհրդային հանրապետությունների ընտանիք սողոսկած արյունարբուի իրական վարքագիծը, նորովի ընկալեց 18-րդ դարի` բեմում իրար հաջորդող ողբերգական իրադարձություններն ու արժանի գնահատականը` հայրենասիրության ջերմ զգացումներով համակված իշխանադուստր Գայանեի ոգեղեն կերպարը։ Քառասուն տարի առաջ Գայանեի անկրկնելի դերակատարումով հանդես եկած Մարգո Բալասանյանն այս անգամ ինքնատիպ կատարումով ներկայացրեց Աննա խաթունին, Բենիկ Օվչյանը` նույն արյունռուշտ Սուլեյման բեկին։ Գայանեի դերը բեմավորեցին Ա. Հարությունյանն ու Ն. Ավետիսյանը, մյուս դերերում հանդես եկան թատրոնի տարեց ու երիտասարդ դերասանները։ Սամվել Վիրաբյանն այս ներկայացման մեջ մարմնավորեց թուրք տասնապետ Ահմեդի դերը, հանդիսատեսի առաջ հետաքրքիր խաղաոճով բացեց նրա խարդախ ու խորամանկ ներաշխարհը` ամբարտավան գործելակերպն ու ինքնահավան գոռոզությունը, իսկ վտանգի ու պարտության պահին` խուճապի մատնվելն ու սարսափը, մահվան նկատմամբ ունեցած անասնական վախը։

Լեոնիդ Հարությունյանը հանդիսատեսի դատին ներկայացավ «Առլեկինը` արքա» (Դ. Ռեկարդու) և «Տարեմուտի հրաշքներ» (Լ. Հարությունյան) պիեսների բեմադրությամբ։ Երկու ներկայացումներում էլ` Ս. Վիրաբյանն առանցքային ու պատասխանատու դերեր էր զբաղեցնում, հատկապես, հաջողությամբ բեմ հանեց Բոեմոնդի դերը` նոյեմբերի 20-ին հանդիսատեսի դատին ներկայացված «Առլեկինը` արքա» պիեսի բեմադրության մեջ։

1996-ի թատերական տարում թատերախումբը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելի լայն խաղացանկով ներկայացավ հանդիսատեսին։ Եթե պատերազմական տարիներին ընդամենը երկու (իսկ լավագույն դեպքում` երեք) բեմադրությամբ էր հանդես գալիս թատերախումբը, նույնիսկ` ցրտի ու սովի որոշ տարիների նոր բեմադրություններ չեղան, 1996-ին չորս նոր ներկայացում բեմ հանվեց։ Անակնկալներից մեկն էլ այն էր, որ ՀՀ թատերական գործիչների միությունը կազմակերպեց «Սյունիք-96» թատերական փառատոնը և մասնակցության հրավեր ուղարկեց նաև Արցախի մայր թատրոնի թատերախմբին։ 1996-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը վերականգնեց «Ծառերը կանգնած են մահանում» (Ա. Կասոնա) պիեսի հիման վրա 1980-ին բեմ հանված ներկայացումը, բեմադրեց Հովհ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե», ինչպես նաև` Ռ. Աբրահամյանի «Հարսեր... Կեսուրներ...», իսկ Ժաննա Գալստյանը` Ե. Չապովեցկու «Արջուկն ու քոթոթը» գործերը։

Ս. Վիրաբյանը Մաուրիսյոյի («Ծառերը կանգնած են մահանում»), Բաքոյի («Սիամանթո և Խջեզարե»), ինչպես նաև` «Հարսեր... Կեսուրներ...» ներկայացման մեջ երկու (Ամուսին և Դե’Բուշ) դերակատարումներով կրկին նվաճեց հանդիսատեսի ջերմ համակրանքը։

Ստեփանակերտցի դերասանները 1996-ի մայիսին կայացած «Սյունիք-96» թատերական փառատոնին ներկայացան երկու բեմադրությամբ («Առլեկինը` արքա», «Սիամանթո և Խջեզարե»)։

1997-ին միայն երկու նոր բեմադրություն հնարավոր եղավ իրականացնել։ Ապրիլի 6-ին բեմ բարձրացավ «Այլանդակ Էլզան» (Է. Ռսլակկի), իսկ հոկտեմբերի 26-ին` «Անդրոմաքեն» (Եվրիպիդես)։ Առաջին բեմադրության մեջ Ս. Վիրաբյանը հանդես եկավ Էրկիի, իսկ երկրորդում` Մենելայոսի դերերում։ Երկու բեմադրություններն էլ հաջողությամբ իրականացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը։ Ավելին, նա այնպիսի քայլ ձեռնարկեց, որը, չգիտես ինչու, դուրս էր մնացել Արցախի մայր թատրոնի բեմադրիչների տեսադաշտից. դա անտիկ աշխարհի ողբերգակների գործերի բեմադրությունն էր։ Արցախցի բեմադրիչների ու դերասանների այդ «բացը» վերացվեց միայն 1997-ին` Եվրիպիդեսի «Անդրոմաքե» ողբերգության բեմադրությամբ։

Ի դեպ` նույն տարում երկու բեմադրություններն էլ ներկայացվեցին Հայաստանյան թատերական փառատոններում։ «Այլանդակ Էլզան» և նախորդ թատերաշրջանում բեմ հանված «Հարսեր... Կեսուրներ...» ներկայացումներն արժանացան «Լոռի-Շիրակ», իսկ «Անդրոմաքեն»` «Անտիկ աշխարհը և մենք» թատերական փառատոնների հանդիսատեսների ու թատերագետների ուշադրությանն ու համակրանքին։

Նկարահանվել և Հայաստանի հեռուստատեսության առաջին ալիքով ցուցադրվել են ստեփանակերտցի դերասանների ջանքերով բեմ բարձրացված «Այգի առանց հողի» և «Առլեկինը` արքա» ներկայացումները։

1998-ին ևս երկու նոր ներկայացում բեմ հանվեց։ Ճանաչված դերասան ու թատերագիր Զինավոր Գևորգյանը ներկայացրեց իր իսկ հեղինակած «Պապ, կրակում են...», իսկ հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը` Խ. Ասատրյանի «Ձկնորս Սանոն և որսորդ Վանոն» պիեսները։ Ս. Վիրաբյանն զբաղված էր երկու պիեսներում էլ` իր վարպետությանը հարիր թատերախաղով։

«Ձկնորս Սանոն և որսորդ Վանոն» մեկ գործողությամբ կատակերգության մեջ Ս. Վիրաբյանը (ձկնորս Սանո) և Մ. Միքայելյանը (որսորդ Վանո) կարողացան իրենց վարպետ խաղով իրականություն դարձնել թատերագրի ու բեմադրիչի մտահղացումը` բեմում ստեղծելով, իրոք, կատակերգական իրավիճակ։

Թատերախմբի` 1999-ին հանդիսատեսի դատին ներկայացրած հինգ բեմադրություններից միայն երկուսում էր զբաղված Ս. Վիրաբյանը։ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» պիեսում (բեմադրությունը` Էդ. Հակոբյանի) նա անփոխարինելի Անտոնիո էր, արժանի խաղընկերներ ունենալով Նաիրա Աղաջանյանին (Ռիտա), Քաջիկ Հարությունյանին (Ռոդոլֆո), Մամիկոն Միքայելյանին (Ագոստինո), Նվարդ Ասատրյանին (Բեթինա), Միքայել Հարությունյանին (Աթիլիո), Արման Ասլանյանին (Արթուրո) և Կարեն Մկրտչյանին (Միքելե)։

Ստեփանակերտցի հանդիսատեսի վրա ցնցող տպավորություն թողեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 10-րդ տարեդարձի առթիվ բեմադրված «Սուրբ Շուշանիկ» (Ռ. Աբրահամյան) թատերախաղը, որն իր յոթ հուշատեսիլների միջոցով ներկայացրեց հայոց ոսկեդարի կեսերին տեղի ունեցած ողբերգական որոշ դրվագներ։ Թատերախաղում ներգրավված դերասանների բոլոր ջանքերը մեկ նպատակակետի էին միտված` ազդել հանդիսատեսի մտքին ու զգացմունքներին։ Եվ, կարելի է ասել, դա լիովին հաջողվեց։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի շառավիղը` Սահակ Պարթևի թոռ ու Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը, ով կնության էր տրված Գուգարաց բդեշխ Վազգենին, չկարողացավ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և իր մեջ ոգու անբավ ուժ գտավ աշխարհիկ կյանքի բոլոր դժվարություններին դիմակայելու համար։

Կարելի է կարծել, որ իր տիրույթների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով Ս. Վիրաբյան-Վազգեն-բդեշխն ուրացավ իր կրոնն ու այլադավան դարձավ։ Բայց նման պատճառաբանությունը երբեք չէր կարող ընդունել հայ քրիստոնյա կնոջը վայել ամուսնական երդմանն անմնացորդ հավատարմությամբ ծառայած իշխանուհին։ Ամուսնու արարքը նա ո՛չ միայն ստորացուցիչ համարեց, այլև` դավաճանություն, և չանսալով ո՛չ եպիսկոպոսի հորդորներին, ո՛չ զավակների ու Ջոջիկ իշխանի թախանձանքներին, Քրիստոսահավատ Շուշանիկ-Ժ. Գալստյանը պատերազմ հայտարարեց նախնյաց սուրբ հավատքը ոտնակոխ անողների դեմ։ Դիմանալով ամուսնու բոլոր դաժանություններին, եռակի կապանքներով շղթայված` Ուփրեթի բերդի մահապարտների խցում, սնվելով միայն ջրով ու չոր հացով, նա յոթ տարի մարտունակ ոգով մաքառեց հանուն իր ճշմարիտ հավատքի վերահաստատման` պատվիրան ունենալով «խաչով` հավատքը, սրով` երկիրը» պահպանելու գաղափարը։

Ներկայացման ողջ ընթացքում բեմ-դահլիճ տարանջատում չկար։ Դահլիճը լրիվությամբ համակվեց ներկայացմամբ, ապրեց բեմի վրա կատարվող իրադարձություններով, տառապեց Ժ. Գալստյան-Շուշանիկի ցավով, ատեց Ս. Վիրաբյանի անզուգական վարպետությամբ ներկայացված անողոք իշխանի պարսավելի վարքագիծը, հասկացավ ժողովրդական արտիստ Մամիկոն Միքայելյանի, վաստակավոր արտիստներ Միքայել Հարությունյանի, Ժորա Մովսիսյանի, Քաջիկ Հարությունյանի, արտիստներ Ռուդոլֆ Ղևոնդյանի, Սվետլանա Թովմասյանի, մյուսների` անբռնազբոս ու անկեղծ կերպավորումները։

2001-ի հինգ ներկայացումներից միայն երեքում էր զբաղված Ս. Վիրաբյանը, «Գիքորում» (Հովհ. Թումանյան) բազազ Արտեմ խաղաց, «Ծաղկասարում» (Ա. Բարսեղյան)` Երվանդ բիձա, դերասանական փայլուն մասնակցությամբ նպաստեց «Եղել ենք, կանք ու գալու ենք դեռ» պիեսի բեմականացման հաջող ընթացքին։

2002-ը հոբելյանական տարի էր Արցախի Վ. Փափազյանի անունը կրող մայր թատրոնի համար։ Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հանդիսատեսի դատին ներկայացվեց հինգ նոր բեմադրություն, որոնցից միայն երկուսում էր զբաղված Ս.Վիրաբյանը։ Անատոլ Ֆրանսի «Համր կինը» պիեսում նա հաջողությամբ բեմականացրեց Լեոնարդո Բոտալի, իսկ Սամվել Խալաթյանի «Քառասուն օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիայում` Գոգիի կերպարները։

Մամուլի արձագանքը չուշացավ, ներկայացման առաջնախաղից ընդամենը ինն օր անց «Հայրենիք» թերթը գրեց. «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը իր հոբելյանական` 70-րդ տարին բոլորելուն հինգ օր մնացած` (լրացավ օգոստոսի 11-ին...) հանդես եկավ հետաքրքիր առաջնախաղով։ Ավելի ճիշտ կլիներ ասել` համարձակ ներկայացմամբ։ Դրա համար նախ և առաջ արժանին պիտի հատուցել թերևս «Քառասուն օր համբառնալուց առաջ» պիեսի հեղինակին։ Շատերը չէ, որ հանդգնում են արվեստի նյութ դարձնել այսօրը, ճշմարտապես մտածելով` առարկաները լավ են երևում... հեռավորությունից...42»։ Ներկայացնելով բեմադրությանը խանգարող օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառաբանվածությունները, բեմադրության մեջ զբաղված և «բնական, անսուտ, չգունազարդված կերպարներ» ստեղծելուն ունակ դերասանների անզուգական խաղը, թատերախոսության հեղինակը կարևորեց «գող ու մարդասպան դարձած Գոգիի կերպարի» Վիրաբյանական վերարտադրությունը։ Մեջբերենք։ «Անկեղծ լինելու համար թերևս պետք է անսամբլից փոքր-ինչ առանձնացնենք (պայմանով, որ դա դույզն-ինչ ստվեր չի նետելու մյուսների վրա) Գոգի-Վիրաբյանի խաղը։ Գող ու մարդասպան դարձած Գոգիի կերպարն է հենց դարձել ներկայացման քվինտ-էսենցիան։ Այդ անկյալ հրեշտակն է, որ իր անօրինակ-անզիջում անկեղծությամբ... անկեղծության է մղում և մյուսներին։ Սամվել Վիրաբյանը, որքան նկատել եմ տարիների ընթացքում, «հանգիստ» խաղալ չի իմանում, և դա դառնում է հաջողության կռվան։ Զգացմունքայնությունից ասես խեղդվող այդ դերասանը ձգտում է ինքնամոռացման, մինչ այդ` հասցնելով հանդիսատեսին ևս վառել նույն կրակով։ Ներկայացման ընթացքում ես նույնիսկ ահ էի զգում, թե ահա-ահա` նա կուժատվի, որովհետև ներքին էներգիա խնայել չունի, թե ուր որ է` չի հերիքի շունչը, կբեկվի ձայնը...43»։

«Ազատ Արցախ» թերթը գրեց. «Բավականաչափ թրծված հարուստ կերպարներում` Վիրաբյանի վարպետության կուտակած հարուստ փորձը ժայթքեց «Քառասուն օր համբառնալուց առաջ» պիեսի Գոգիի կերպարում, համամարդկային մի կերպար կարծես, որ տարավ հանդիսատեսին դեպի մաքրագործում... Եվ կարծես ներկայացման ընթացքում ողջ դահլիճը խաղի մեջ էր Վիրաբյանի հետ, հանդիսատեսը, պարզ ասած, ապրում էր Վիրաբյանի խաղով44»։

Օգոստոսի 11-ին հանդիսավորությամբ նշվեց մայր թատրոնի ստեղծման 70-ամյա հոբելյանը, թատերական մի խումբ գործիչներ արժանացան կառավարական պարգևների, հանրապետության ժողովրդական ու վաստակավոր արտիստի կոչումների։ Թատրոնն իր 70-ամյա գործունեության համար պարգևատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Սամվել Վիրաբյանը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ունեցած «վաստակաշատ աշխատանքի համար և թատրոնի 70-ամյակի կապակցությամբ45» պարգևատրվեց ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով։

...Անցան տոնական օրերը։ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան (Խորհրդային միության «Պատվո նշան» (1982) և Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» (2002) շքանշաններով պարգևատրված) պետական դրամատիկական թատրոնի աշխատանքը կրկին սովորական հունի մեջ մտավ։

2003-ին երրորդ անգամ ստեփանակերտցի հանդիսատեսի դատին ներկայացվեց Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսը։ Սա ոչ թե 1988-ի բեմադրության վերականգնված տարբերակն էր, այլ բոլորովին նոր ներկայացում, որովհետև համարյա այլ դերասանական կազմ էր ընդգրկված ներկայացման մեջ, փոխված էին բոլոր գլխավոր դերակատարները` բացի Սամվել Վիրաբյանից, ով Գիժ Դանիելի դերի կերպավորմանը զուգընթաց ստանձնել էր նաև Ուստա Ոսկանի դերը (այդ դերում, փոխարինաբար, հանդես էր գալիս նաև Քաջիկ Հարությունյանը)։

«Ազատ Արցախ» թերթը թատրոնի միջազգային օրվա առթիվ անդրադառնալով «թատրոնի շնչառությանը»` «Չար ոգի» պիեսի երրորդ բեմականացման առիթով գրեց46. «Հենց առաջին արարից ներկայացման մեջ ընդգրկված բոլոր դերասաններն իրենց խաղով գրավեցին դահլիճում նստածների ուշքն ու միտքը և մինչև վերջ այդպես էլ պահեցին իրենց «ձեռքում»... Ահա Գիժ Դանիելը, որի դերը (արդեն երկու անգամ) հիանալի խաղաց փորձառու դերասան Սամվել Վիրաբյանը։ Ճակատագրից հալածված նրա հերոսը կորցրել է հոգեկան հավասարակշռությունը», որովհետև ահավոր երկրաշարժի ժամանակ քարերի տակ էր մնացել Մանուշակը` միակ դուստրը։ Հուզված է դերասանը, «գիժ-դանիելավարի» է նրա շարժուձևը, որովհետև աչքերի առաջ են 1988-ի Գյումրին, ահավոր երկրաշարժի հետևանքով նահատակված հարազատները, ուստի, նրա աչքերում հայտնված արցունքները չեն կարող չհուզել նաև հանդիսատեսին»...

«Չար ոգի» և «Քառասուն օր համբառնալուց առաջ» պիեսների բեմադրությամբ թատերախումբը 2003-ին հանդես եկավ «Երևանյան մեծ փառատոնում»` արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելությանն ու թատերագետների արժանի գնահատանքին։ 2003-ին բեմ բարձրացվեցին նաև Գ. Սարգսյանի «Դաս կանանց» ու Գ. Խանջյանի «Բոլերո» պիեսները։ «Դաս կանանցում» Ս. Վիրաբյանն անձնավորեց Հայկարամի կերպարը, իսկ «Բոլերոյում»` Առաջին տղամարդուն։

Թեև բավականին ուշացումով, եկավ նաև Սամվել Վիրաբյանի վաստակի արժանիորեն գնահատելու ժամանակը։ 2004-ին նա տարվա լավագույն դերասան ճանաչվեց47 և Բազազ Արտեմի («Գիքորը»), Գիժ Դանիելի («Չար ոգի»), Գյումրեցու («Արցախյան բալլադ»), Գոգիի («Քառասուն օր համբառնալուց առաջ») ու այլ դերակատարումների համար արժանացավ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին48։ 2005-ը ևս կրկնակի տոնական էր հանդիսատեսի կողմից ջերմորեն սիրված դերասանի համար, տարեսկզբին (հունվարի 21-ին) լրացավ Ս. Վիրաբյանի ծննդյան 55-րդ տարեդարձը, իսկ հունիսի 4-ին, ԼՂՀ նախագահի հրամանագրով, «բարձր վարպետության, արվեստի զարգացմանը նպաստող գործունեության և Հայոց գրերի գյուտի ու Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակի կապակցությամբ»49 նրան շնորհվեց ԼՂՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։

2005-ին Ս. Վիրաբյանը մասնակցեց «Կողոպուտ կեսգիշերին», «Բոլերո» (երկրորդ բեմադրություն) և «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» ներկայացումներին։

Միրոսլավ Միտրովիչի «Կողոպուտ կեսգիշերին» կատակերգությանն արցախցի հանդիսատեսը ծանոթացել էր դեռևս 1970-ին` բեմադրիչ Իվան Հովհաննիսյանի շնորհիվ։ Թատրոնի նորօրյա ղեկավարությունը գտավ, որ խորհրդային ժամանակաշրջանում գրված այդ պիեսը այսօր էլ արդիական է հնչում, որովհետև մարդկության զարգացման բոլոր հասարակարգերում էլ եղել են նրանք` անպատժելիության հիանալի միջոցով (պաշտոնով) օժտված «հեղինակավոր» գողերը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանն այդ պիեսի վերաբեմադրությունն իրականացնելով ոչ միայն առաջնորդվեց «ամեն նորը լավ մոռացված հինն է» հայտնի ասացվածքը կարգախոս դարձնելու միտումով միայն, այլ անդրադառնալով պիեսի թեմային` ուզում էր մշտարթուն պահել հասարակության միտքը, թեկուզ` ծիծաղով, թեկուզ` կես կատակ - կես լուրջ ասված խոսքով։ Ներկայացման մեջ զբաղված դերասանները (ԼՂՀ ժողովրդական արտիստներ` Ք. Հարությունյան, Մ. Հարությունյան ու Ժ. Մովսիսյան, ԼՂՀ վաստակավոր արտիստներ` Ս. Վիրաբյան, Ա. Պետրոսյան, արտիստներ` Կ. Առաքելյան, Ա. Գաբրիելյան, Ա. Առաքելյան) համադրելով իրենց բոլոր ունակությունները` կարողացան իրականացնել բեմադրիչի մտահղացումը։

2005-ին համայն հայությունը նշեց Հայոց գրերի գյուտի 1600-ամյակը։ Հանդիսություններն ավելի գունեղ ու բովանդակալից անցան հատկապես Արցախում, որովհետև զուգահեռաբար տոնվում էր նաև Ամարասում Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած առաջին դպրոցի հոբելյանը։

2005 թ. հունիսի 2-ին Արցախի պետական համալսարանի նիստերի դահլիճում միջազգային գիտաժողովի անցկացումից հետո, հաջորդ օրվա առավոտյան տոնակատարության մասնակիցների համար կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Ամարաս։ Հենց Ամարասի վանքային համալիրի բակում, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ներկայացրեց Սոկրատ Խանյանի «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» (Վարդան Հակոբյանի համանուն պոեմի մոտիվներով) պիեսի բեմադրությունը, ուր ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Վիրաբյանը հանդես եկավ Առան իշխանի դերում։ Բեմադրությունը խոսուն էր ու գունագեղ, վառ երևակայությամբ վերարտադրվեցին պատմական այն օրերը, երբ Հայոց Հայրապետի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցը եկավ Արցախ և Ամարասի վանքում «բացեց առաջին դպրատունը»50։

Առան իշխանի դերում Ս. Վիրաբյանն, արդեն քանիերորդ անգամ, վերահաստատեց թատերարվեստում ունեցած իր մասնագիտական հմտությունները ցուցադրելու ունակությունը, վարպետ խաղով վերստին արդարացրեց հանդիսատեսի սպասելիքները։


Գլուխ ութերորդ

ԴՐՎԱԳՆԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ


Սամվել Վիրաբյանը, դեռևս Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելու տարիներին, ուսումնառությանը զուգընթաց էր մտածում ընտանիք կազմելու մասին։

Աչքադրել էր մեկին, ով նույնպես Զեյթունի «ուսանողական թաղամասում» էր ապրում։ Սովորում էր «Էլեկտրոնային-հաշվողական մեքենաներ» տեխնիկումում։ Մի ահագին ժամանակ հետևելուց հետո միայն Սամվելը որոշեց մոտենալ, սիրտը բացել։ Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղից էր այդ աղջիկը` Վիոլետա Ասրիյանը, ով անպատասխան չթողեց սիրահար երիտասարդին, համաձայնեց երրորդ կուրսի գերազանցիկ ուսանողի ամուսնության առաջարկին և 1973-ի աշնանն արդեն նրանք օրինական ամուսիններ էին։ Առաջնեկը ծնվեց 1974-ի հուլիսի 27-ին և պապի անունով Միքայել մկրտվեց, իսկ 1975-ի հուլիսի 24-ին ծնված դստերն ավանդապահ հայրը մոր Վարդուհի անունը շնորհեց։

Վիոլետայի համար անչափ դժվար էր ուսման ու երեխաների խնամքի զուգակցումը, ուստի, դեռ առաջնեկի ծննդից անմիջապես հետո, Նորշեն գյուղում միայնակ ապրող մայրը` Ֆլորան, անմիջապես տեղափոխվեց իրենց մոտ և հանձն առավ երեխաների խնամքը։ Ուսանող ամուսինները թեթևացան այդ հոգսից ու շարունակեցին ուսումնառության հաջող ընթացքը։

1976-ի ամռանը Ստեփանակերտի պետթատրոն հրավիրվելով, Սամվել Վիրաբյանի ընտանիքը միայն մինչև տարեվերջ ապրեց վարձու բնակարանում. 1976-ի դեկտեմբերին ապահովվեց երկու սենյականոց բնակարանով։ Իսկ ընտանիքը տարեցտարի համալրվում էր նոր անդամներով։ Թատերական բեղմնավոր գործունեությանը զուգընթաց, բազմանդամ ընտանիքում մեծացած արտիստն ուզում էր իր ընտանիքն այդ առումով հոր ընտանիքին նմանեցնել։ 1977-ի հունվարի 10-ին ծնվեց ընտանիքի երրորդ երեխան` Վարդանը, 1978-ի հոկտեմբերի 20-ին` չորրորդը` Նարինեն։ 1980-ին արդեն մասնագիտական ուրույն վարպետությամբ փայլող դերասանի բազմանդամ ընտանիքին հինգ սենյականոց բնակարան տրամադրվեց, իսկ հաջորդ տարում` 1981-ի սեպտեմբերի 9-ին, ծնվեց ընտանիքի ամենակրտսերը` Աշխենը։

Արցախյան պատերազմն իր հորձանքի մեջ է առել նաև Ս. Վիրաբյանի երկու արու զավակներին։

Միքայելն անմիջապես ընդգրկվել է հետախուզական ստորաբաժանման կազմում, մասնակցել մի շարք մարտերի։ Վիրավորվել է 1994-ի հունվարի 9-ին, Ֆիզուլու շրջանի Վերին Սեիդահմեդլի գյուղի մերձակայքում։ Ապաքինվելուց հետո որպես կապավոր տեղափոխվել է Կենտրոնական պաշտպանական շրջան, եղել է զորամասի կապի պետի տեղակալը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։

Վարդանն ընդամենը 15 տարեկան էր51, երբ Արցախյան պատերազմը «գտավ» իրեն։ «Վաչոյի ջոկատի» քաջերի հետ էր մարտնչում։ Հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրման ռազմագործողության ժամանակ ակտիվորեն մասնակցել է Ջանհասանի ուղղությամբ մղված մարտին։ Վիրավորվել է երկու անգամ (1992-ի դեկտեմբերին` Լաչինում, 1993-ի աշնանը` Հորադիսում)։ Եթե առաջին վիրավորվածությունը (ցնցակաթված) մեղմ ասած` հեշտությամբ է տարել, կարողացել է ապաքինվել ու կրկին շարք վերադառնալ, ապա երկրորդ անգամ կրկին գլխից վիրավորվելուց հետո ստիպված է եղել երկար բուժվել, իսկ արդյունքում` երկրորդ կարգի հաշմանդամություն, երբ հրադադարի հաստատմանն ընդամենը հաշվված օրեր էին մնացել։

Սամվել Վիրաբյանի հինգ զավակներն էլ բարձրագույն կրթություն են ստացել։ Միքայելը 1992-93-ին սովորել է Վանաձորի «Սանահին» Անդրկովկասյան կառավարման ինստիտուտում` «Մենեջմենթ» մասնագիտության գծով։ 1993-ից ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի ժողտնտեսության ֆակուլտետում` «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։ Համալսարանն ավարտել է 1997-ին, ամուսնացած է, ունի երեք դուստր (Անի, Նանե, Նարե) և մեկ որդի (Տիգրան)։ Վարդուհին Վանաձորի «Սանահին» Անդրկովկասյան կառավարման ինստիտուտում, ուր ավագ եղբոր հետ սովորում էր 1992-ից, նախընտրել էր «Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն» մասնագիտությունը, 1993-ին տեղափոխվելով Ստեփանակերտ` նա ուսումը շարունակեց Արցախի պետական համալսարանի ժողտնտեսության ֆակուլտետում` նույն մասնագիտությամբ։ Համալսարանն ավարտել է 1997-ին, ամուսնացած է, ունի երեք երեխա (Գարեգին, Շուշանիկ, Օֆելյա)։

Սամվել Վիրաբյանի հաջորդ երեք զավակները նույնպես Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ են։ Վարդանը համալսարանն ավարտել է 1999-ին («Կերպարվեստ»), Նարինեն` 2004-ին («Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա»), Աշխենը` 2003-ին («Հոգեբանություն»)։ 2005-ին Աշխենն ավարտել է նաև ԱրՊՀ-ի մագիստրատուրան` նույն մասնագիտությամբ։ Ի դեպ, Աշխենը 2010-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժինը։

Վարդանն ամուսնացած է, ունի երկու երեխա (Վիոլետա, Սամվել)։

Նարինեն նույնպես ամուսնացած է և ունի երեք երեխա (Ալբերտ, Վիկտորյա, Գոռ)։ Ստեղծագործում է, տպագրվում պարբերական մամուլում52։

Աշխենն ամուսնացած է, ունի մեկ դուստր (Ֆլորենա), ապրում է Լոնդոնում, ուր նա շարունակել է ուսումը և 2020-ին նրան շնորհվել է Մեծ Բրիտանիայի մագիստրոսի կոչում` «Հոգեբան» մասնագիտությամբ։ 2020-ի սեպտեմբերի 11-ին նա նաև մասնակցել է Ակադեմիայում կազմակերպված «Խորհրդատվություն և հոգեթերապիա» դասընթացներին, արժանացել դիպլոմի։

Սամվել Վիրաբյանի խոստովանությամբ` նրանք հանրահայտ դերասանի հինգ մեծագույն դերերն են, բեմի վրա մարմնավորած կերպարներից բացի, որոնք Արցախ աշխարհին Վիրաբյան-արցախցիների նոր ծիլ տվող արմատներ են արդեն։ «Դրանք իմ կյանքում խաղացած լավագույն կերպարներն են` իմ հինգ երեխաները` Միքայել, Վարդուհի, Վարդան, Նարինե, Աշխեն, էլ չեմ խոսում թոռներիս մասին53»,- սիրում էր կրկնել նա ու այսպիսի բնութագրումներով ներկայացնել նրանց. «Միքայելս սրտիս առաջին զարկերակն է, սրտիս աշխատանքը, առաջին թիքյաս, վեհանձն հպարտությունս։ Վարդուհիս համեստության տիպար է, հոգու մաքրություն« արդարություն, սրբություն։ Մորս նման քնքուշ է, շատ սիրուն է ու մեր ցեղի ամենահամեստը։ Վարդանս` հոգի ու կյանք տվող արարիչս, աշխարհի կարողությունն ունի, իմ ազգի պարծանքը` Վարդան Մամիկոնյանս է։ Նարինես` սրտաբաց, մեծահոգի, ժպիտն երեսին հրեշտակս« իմ արիստոկրատը, սիրտ տվող, հույս ու հավատ ներշնչող է, բառիս բուն իմաստով` անշահախնդիր։ Աշխենս մեր սիրո կրտպրտանքն է, իմ` աղջիկ տեսակը։ Որպես տան փոքրը` ինձանից էլ մեծ է։ Իմ շունչը, իմ էներգիան նրա մեջ է, արտիստիզմը զարգացած է այդ փոքրիկի աշխարհում։ Խոսքով կարող է սառեցնել դիմացինին` ինչպես իր հայրը»։


ԿԱՐՃ ՎԵՐՋԱԲԱՆ


Սամվել Վիրաբյանը դեռ շատ անելիքներ ուներ Արցախյան թատրոնի բեմում, երազում էր նույնիսկ Օթելլո խաղալ, բայց անողոք ցավը նրան ընդմիշտ գամեց հիվանդանոցային մահճակալին։ Իսկ մեկ-մեկ, երբ որոշ չափով թեթևանում էր ցավերից, նա` արդեն անկարող մասնակցել ներկայացումներին, մի կերպ, հևալով, հասնում էր թատրոն` շնչելու կուլիսների այնքա¯ն ծանոթ ու հարազատ օդը։ Եվ նա ասես դրանից թեթևություն էր ստանում։

Երկարատև, ծանր հիվանդությունը բջիջ առ բջիջ հյուծեց նրա մարմինը, և 2006-ի ապրիլի 11-ին54, 56-ամյա Մեծ Մարդը` արցախահայ թատերարվեստի ազնիվ ու անմնացորդ նվիրյալը, կնքեց իր մահկանացուն։

Ապրիլի 13-ին նա վերջին անգամ բեմ բարձրացավ։ Հանդիսատեսներն արտասվում էին ու ծափահարում մեծ արտիստին։ Բայց ո՛չ բուռն ծափահարությունները, ո՛չ էլ որոտընդոստ բացականչություններն այլևս անկարող էին կրկին բեմ հրավիրել արդեն կուլիսներն անցած բեմի անմնացորդ ու անշահախնդիր վարպետին։

...Որքան հեռանում ենք մարդու ապրած ժամանակաշրջանից, այնքան ավելի տեսանելի են դառնում նրա արածն ու թողածը, իսկ այն, որ հանրաճանաչ դերասան, ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Միքայելի Վիրաբյանի կյանքն անցել է բոլորիս աչքի առաջ, պարտավորեցնում է մեզ` անսալ մեր քաղաքացիական պարտքին ու գիտակցականությանը և հարգել հիշատակը մի մարդու, ով բոլորանվեր տրվել է արցախահայ բեմարվեստի զարգացմանը։

17.10.2005-19.04.2007

ք.Ստեփանակերտ


ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ


  • Թատրոնն իմ տարերքն է...
  • Թատրոնն իմ կյանքն է, ես ամբողջ կյանքս նվիրաբերել եմ բեմին։
  • Իմ առաջին և վերջին տունը թատրոնն է։ Ամբողջությամբ այնտեղ եմ։ Ամենաբարձր կոչումն ինձ տվել է ժողովուրդը` արտիստ։ Արտիստ Վիրաբյան։
  • Թատրոնը ազգի դեմքն է, պետականության ուժի արտահայտությունը։ Այն ազգը, որը թատրոն չունի, կայացած համարել չի կարելի։
  • Ամեն նոր ներկայացում ինձ համար վերածնունդ է։
  • Ինձ համար անգերազանցելի վարպետներ են Վահրամ Փափազյանը, Ժան Գաբենը։
  • Ռեժիսորներից երբեք դերեր չեմ խնդրել, բայց ինձ վստահել են և ես միշտ արդարացրել եմ նրանց վստահությունը։
  • Դասական կերպար խաղալը շատ է պատասխանատու։ Ես կասեի` դա երջանիկ առիթ է, որով դերասանը հղկում է իրեն, հղկում վարպետությունը, կատարելագործում խաղարվեստը։
  • Բեմ մտա լավագույն աստղերի հետ` Թամարա Մելքումյան, Սուրեն Համզոյան, Մամիկոն Միքայելյան, Գուրգեն Գրիգորյան, Շուշիկ Գրիգորյան, Մարգո Բալասանյան, Բենիկ Օվչյան... Ես ձգտել եմ միշտ սովորել նրանցից, հղկվել նրանց միջավայրում` նրանց հետ մեկտեղ իմ երիտասարդ ուսերին կրելով թատրոնի բեռը։
  • Իմ ստեղծագործական անցած ճանապարհի համար ես պարտական եմ բեմի ուսուցիչներիս` արվեստաբաններ Ռուբեն Զարյանին և Լուիզա Սամվելյանին, ճանաչված ռեժիսոր Հովհաննես Կարապետյանին, ովքեր օգնեցին իմ տեղը գտնել բեմում և հանդիսատեսին հուսախաբ չանել։
    Ես բազմանդամ ընտանիքում եմ մեծացել։ Եվ, բնականաբար, պարտական եմ և ծնողներիս։ Ի դեպ, գլխավոր «մեղավորը» հենց հայրս էր, որ ինձ ճակատագրով ընդմիշտ կապեց թատրոնին և ես ոտից գլուխ սիրահարվեցի...
    Նա հրաշալի ձայն ուներ, երգում էր Սայաթ-Նովա, Ջիվանի։ Արվեստասեր էր, թատրոնի գիժ։
  • Բեմն ինձ համար ամենից առաջ իմ շնչառությունն է, իմ ներշնչման աղբյուրը, իմ հոգեկան բուժարանը։
  • Դրական կերպարներն ինձ ավելի հոգեհարազատ են, որոնք ինքնամաքրվելու, զուլալվելու հնարավորություն են տալիս։
  • Կարող էի այլ մասնագիտություն ընտրել, բայց արտիստը` դա ի վերուստ տրված շնորհ է, կոչում է։
  • Կյանքն առանց դժվարությունների` հետաքրքիր չէ։ Դժվարություններն իմաստ են դնում կյանքի բոլոր երևույթների մեջ։
  • Ինձ հատկապես գրավում են այնպիսի մարդիկ, ովքեր անկեղծորեն սիրում են կյանքը, ինքնամոռաց աշխատում, ապրում ու արարում են հանուն ժողովրդի...
  • Քանի որ ունես պետություն, ժողովուրդ և իշխանություն, հետևաբար` ուժեղ ես, կաս։ Կա նաև աշխատանք, կա կյանք...
  • Ունենք պետություն, ժողովուրդ և իշխանություն, հետևաբար` ազգը հարատևելու է... Ով չունի` թող ունենա, ով կորցրել է` թող գտնի, ով գտել է` պահի։ «Պատերազմ» բառը չլինի։
  • Բարեմաղթեմ նաև հայոց աղջիկներին` իրենց տանողի տանը մնան, ծնեն ու դաստիարակեն արծիվներ, արժանի սերունդ։


ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՄԱՍԻՆ


  • Վիրաբյանը հենց սկզբից դրսևորեց բեմական արվեստի իմացություն և նրան վստահեցին անձնավորելու ժանրով ու բնույթով միանգամայն տարբեր շատ պատասխանատու դերեր... Եվ այսօր ուրախությամբ եմ ուզում նշել, որ Վիրաբյանը կարճ ժամանակամիջոցում յուրացրել է բեմարվեստի լեզուն, թափանցել թատերախաղի գաղտնիքների մեջ, հղկել իր արվեստը, ձեռք բերել անձնավորումների զգալի փորձ։
    ...Սամվել Վիրաբյանը կարողանում է մանրամասնորեն մշակել բեմական կերպարի արտաքինը, շարժուձևը, խոսքը և ստեղծել ամենատարբեր խառնվածքի դերապատկերներ` իրենց ներաշխարհով, հոգեկան նրբերանգներով։
    Սամվել Վիրաբյանը մեր հանդիսատեսի համակրանքը վայելող երիտասարդ արտիստներից է։

Իսահակ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ


  • Շնորհալի երիտասարդը տքնաջան աշխատանքով, ուժերի լարումով հասնում է կերպարը մեկնաբանելու ինքնատիպության։ Դժվարին ու պատասխանատու այդ աշխատանքը միաժամանակ լայն հնարավորություն է տալիս դերասանին` արվեստում կատարելագործվելու, իր սեփական ոճը ստեղծելու համար։
    Երիտասարդ դերասանն ունի հաճելի ձայն, բեմի վրա ֆիզիկական լավ տվյալներ, պարզ ու հետաքրքիր առոգանություն... Նա գտնվում է ստեղծագործական որոնումների մեջ։ Վիրաբյանի մարմնավորած դերերն ասում են, որ հանդիսատեսները դեռ շատ առիթներ կունենան հիանալու երիտասարդ դերասանի բեմական արվեստով։

Սուրեն ՀԱՄԶՈՅԱՆ


  • Սիրելի Սամվել« իմ լավ ընկեր ու բարեկամ« հրաշալի արտիստ։ Երջանիկ եմ« որ քեզ նման ընկեր ունեմ« քո բեմական աշխարհը հարուստ է ու բազմազան« քո ծառայությունները արցախյան բեմին արժանի են մեծագույն պարգևի։

Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


  • Հետաքրքիրն այն է, որ Սամվել Վիրաբյանն իրեն հավասարապես է դրսևորում և՛ կատակերգական, և՛ դրամատիկ ու ողբերգական խառնվածք ունեցող դերերում։

Սոկրատ ԽԱՆՅԱՆ


  • Սամվել Վիրաբյանը բազմաժանր դերասան է։ Նա բեմի վրա հավասարապես ողբերգականն ու զավեշտականը կարողանում է իրենը դարձնել, մտնել դերի մեջ և գրավել հանդիսատեսի ուշադրությունը։

Հրաչյա ԲԵԳԼԱՐՅԱՆ


  • Նրա խաղի մեջ ոչ միայն տեսանելի, այլև «շոշափելի» են կերպարների խառնվածքն ու բնավորությունը, ժամանակի բարդ ու հակասական երևույթները... Խոսքն ու դիմախաղը միահյուսվում են իրար, և նա ձգտում է նորովի ընկալել ու բացահայտել աշխարհը...

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


  • Սամվել Վիրաբյանը, որքան նկատել եմ, «հանգիստ» խաղալ չի իմանում, որն էլ դառնում է հաջողության կռվան։ Զգացմունքայնությունից ասես խեղդվող այդ դերասանը ձգտում է ինքնամոռացման, մինչ այդ` հասցնելով հանդիսատեսին ևս վառել նույն կրակով։

Նվարդ ԱՎԱԳՅԱՆ


  • Վիրաբյան արտիստը քայլում է ճշմարիտ արվեստի կախարդիչ ճանապարհով։ Հարուստ է նրա ստեղծագործ ոգու ներկապնակը, որով Վիրաբյանը վառվում է ու փայլում, մոխրանում, ապա` նորից վառվում։ Այո, նա ներքին այրման արտիստ է, բեմի վարպետ...

Անահիտ ՔՈՉԱՐՅԱՆ


  • Դերասանի հաղթանակ ասածը նրա հանդեպ հանդիսատեսի ունեցած ու չթուլացող հետաքրքրություն ապահովող սերն էր, որը հենց սկսնակ դերասանից ծնեց արտիստ Վիրաբյանին։

Էռնեստ ԵՍԱՅԱՆ


  • Տարիների հետ ավելի ցայտուն են դրսևորվում կերպարակերտման խնդիրների անսխալ բացահայտումը, ինքնատիպ խաղարկուն ոճը, խոսքի հուզական հարուստ ելևէջները, հումորի բնատուր նրբին զգացողությունը, արտահայտիչ դիմախաղը։

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


  • Դերասանական վարպետությունը, հիանալի դիմախաղը, շարժուձևերի հղկվածությունը, թատերական միջոցների չափավոր օգտագործումը, բեմական խոսքի անկաշկանդ տիրապետումը Սամվել Վիրաբյանին դարձնում են ժամանակակից հայկական (արցախյան) դերասանական արվեստի լավագույն անուններից մեկը...

Վահագն ԱՎԱՆԵՍՅԱՆ


  • ...Նա արվեստի՛ մարդ է։ Բե՛մն է նրա տարերքը...

Վարդիթեր ՀԱԿՈԲՅԱՆ


  • Սամվել Վիրաբյանի համար «արտիստը» դա «դիագնոզ» էր։ Նա հիվանդ էր բեմով ու բեմը դարձել էր նրա կենսակերպը։

Վոլոդյա ՍԱՐԳՍՅԱՆ
Հանդիսատես


ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ


ԴԵՐԸ ՊԻԵՍԸ ՀԵՂԻՆԱԿԸ ԲԵՄԱԴՐԻՉԸ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ


ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

1966
Տվյալներ չկան


ՎԱՆԱՁՈՐԻ ՄԵՏԱՔՍԱԹԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

1967
Տվյալներ չկան


ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀ. ԱԲԵԼՅԱՆԻ ԱՆՎ. ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

1968-1971
Տվյալներ չկան


ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
1976

Կարի Անձրև վաճառողը Ռ. Նեշ
Պեպո,
Զիմզիմով
Պեպո Գ.Սունդուկյան Ս.Քոչարյան


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Մ. ԳՈՐԿՈՒ (1988-ԻՑ` Վ. ՓԱՓԱԶՅԱՆԻ) ԱՆՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
1976

Ֆիքրեթ Սկեսրոջ սնդուկը Մ.Աթեշ Հ.Կարապետյան 26.01
Դավոյան Սոֆիկի սխալը Գ.Տեր-Գրիգորյան Ա.Հակոբյան 16.08
Սաքո Մեծ լոռեցին Վ.Օվյան Հ.Կարապետյան 23.10
Ռուստամ,
Բարխուդար,
Սերգեյ բեկ,
Ջավադ,
Խաչեղբայր
Նամուս Ալ.Շիրվանզադե Հ.Կարապետյան 30.12


1977

Կամիլո Ձմեռային հեքիաթ Վ.Շեքսպիր Հ.Կարապետյան 17.02
Ֆաշիստ սպա Տոսկանայի արծիվը Ա.Բաբայան Հ.Կարապետյան 11.02 (1971)
Վռամ Այրվող պատիվ Ա.Դանիելյան Հ.Կարապետյան 30.12 (1973)
Ճաղատ Ձեռներեց մարդիկ Վ.Շուկշին Հ.Կարապետյան 27.04
Բրուքս Դավիթ Կոպերֆիլդ Չ.Դիքենզ Լ.Հարությունյան 28.05
Ադամյան Այստեղ ապրել է մարդը
(Խաչմերուկ)
Ժ.Հարությունյան Հ.Կարապետյան 31.08
Էլդար Վագիֆ Ս.Վուրղուն Հ.Կարապետյան 30.12


1978

Տիգրան Ի՜նչ կապույտ է երկինքը Հ.Կարապետյան Հ.Կարապետյան 31.03
Նիլ Քաղքենիներ Մ.Գորկի Լ.Հարությունյան 25.08
Ալի Այրիզադե Մարդը մարդ ունի Անար Ի.Հովհաննիսյան 10.09


1979

Սուրեն,
Արջ
Մի կաթիլ արև Գ.Յաղջյան Ա.Հակոբյան 16.01
Բալաշ Սևիլ Ջ.Ջաբարլի Ի.Հովհաննիսյան 27.05
Կապիտան Չորնի Կապույտ եղնիկներ Ա.Կոլոմիեց Ա.Հակոբյան 4.08
Ծմակի մարդ Եվ Պըլը Պուղին մի առակ պատմեց Վ.Օվյան Ա.Հովսեփյան 25.12


1980

Մաուրիսյո Ծառերը կանգնած են մահանում Ա.Կասոնա Լ.Հարությունյան 11.05
Գենո Հայելիներ (Մարդու անունը) Վ.Հակոբյան Ա.Հակոբյան 11.05
Ժելեզնով Վասսա Ժելեզնովա Մ.Գորկի Ա.Հովսեփյան 30.12


1981

Վյուգին 13-րդ նախագահը Ա.Աբդուլին Ա.Հովսեփյան 22.02
Աղառեֆի Ամառը քաղաքում Անար Ա.Նեյմաթով 4.04
Գարեգին Քո սեր քո տունն է Վ.Հակոբյան Ա.Հովսեփյան 17.06
Անուշավան Ենգոյան Ո՞վ է սպանել... Ա.Բաբայան Տ.Զահալյան 12.12


1982


Դևդարիանի Մեղադրական եզրակացություն Ն.Դումբաձե Լ.Հարությունյան 27.03

- 55 Բանովշայի սերը Մ.Իբրահիմով Ի.Հովհաննիսյան 10.08

Պրեզիդենտ Սեր և խար- Ֆ.Շիլլեր Ռ.Ջրբաշյան 28.08

                   դավանք

Ալեհեր Ջին Մարդն ու Ա.Իլովայսկի Ռ.Սարգսյան 28.02

                   նամարդը

1983 Ակոբ Խանումի Ա.Ցագարելի Ռ.Սարգսյան 10.03

                   արարքները

Հովումյան Բնակարա- Ժ.Անանյան Ռ.Սարգսյան 10.06

                   նամուտ

Սալեհ Կինը կանաչ Ռ.Իբրահիմբեկով Ի.Հովհաննիսյան 23.02

                   դռան ետևում

1984 Անդրո Անդրոն ու Գ.Խուգաև Լ.Հարությունյան 16.03

                   Սանդրոն

Ջեֆռլի Տարօրինակ Ջ.Պատրիկ Ռ.Սարգսյան 31.08

                   միսիս Սևիջը

Ադալաթ Այրված օրա- Ի.Էֆենդիև Ռ.Սարգսյան 30.12

                   գրեր

1985 Բուշտեց Շարքայիններ Ա.Դուդարև Ռ.Սարգսյան 30.04 Խորհրդա- Ձյունե թագու- Ե.Շվարց Ռ.Սարգսյան 25.07

 կան             հին
          

Մամյան Վերջին ուսու- Վ.Պետրոսյան Լ.Հարությունյան 27.11

                    ցիչը

1986 Բայանդուր Բյուրեղապա- Ի.Էֆենդիև Ռ.Սարգսյան 15.01

                   կե դղյակում

Գարուշ Մովսես ապեր Ա.Քալանթարյան Ռ.Սարգսյան 26.03 Վարուժան Անահիտ Խ.Ավագյան Լ.Հարությունյան 6.08 Զաուր Թահմինա Անար Ա.Զիյադխանով 15.11

                   և Զաուր

Արտեմոն Բուրատինոյի Ա.Կոզլովսկի Վ.Շահվերդյան 31.12

                   նոր արկած-
                   ները

1987 Արքա, Երջանիկ Ա.Շահինյան Լ.Հարությունյան 30.01 Քաղաքա- արքայազնը

 գլուխ

Տանուտեր Գողացված եր- Ի.Ֆրանկո Մ.Ավագյան 27.03

                     ջանկություն

Պրոֆեսոր Բախտավոր Ժ.Հարությունյան Լ.Հարությունյան 15.05

                     մարդիկ

Կուլիկով Այգի առանց Լ.Ռազումով- Ա.Էլբակյան 27.07

                     հողի                սկայա

Մսյո Ժորդան Մսյո Ժորդանը Մ.Ախունդով Ն.Ծատուրյան 16.11

                   և դերվիշ Մասթա-
                        լի շահը, Լենքորա-
                       նի խանության վե-
                       զիրի արկածները

Մարդակեր Դարի չարագոր- Վ.Քոչարյան Լ.Հարությունյան 29.11

                   ծությունը

1988

 -                Գիշատիչների  Վ.Քաչա            Մ.Ավագյան      15.03
                     խնջույքը 

Գիժ Դանիել Չար ոգի Ալ.Շիրվանզադե Լ.Հարությունյան 6.01

1989 Սմբատ, Դավաճանու- Ա.Յուժին-Սում- Մ.Ավագյան 23.02 Անանիա թյուն բատով

 Գլախա

Սեկոյան Վաճառքի են- Ա.Քալանթարյան Վ.Շահվերդյան 7.07

                     թակա չէ

1991 Նինոս Արա Գեղեցիկ Ն. Զարյան Ա.Գամջյան 26.01 Զաբոզլյան Դիպլիպիտո Աղ.Այվազյան Ա.Գամջյան 24.05

1993

 -                 Ադելաիդան     Տ.Վարազդատ-  Զ.Գևորգյան        4.06
                     նորահարս       յան
 -                 Վարազդատ   Լ.Միքայելյան  Ի.Հովհաննիսյան   25.11

1994

 -                 Թռչող ափսե-  Ժ.Անանյան     Կ.Աբրահամյան   27.03
                     ից իջած մարդը

Գյումրեցի Արցախյան Վ.Հակոբյան Կ.Աբրահամյան 5.06

 զինվոր         բալլադ

1995 Ահմեդ Մելիքի աղջիկը Գ.Թավրիզյան Ի.Հովհաննիսյան 25.02 Բոեմոնդ Առլեկինը` արքա Դ.Ռեկարդու Լ.Հարությունյան 20.11 Արջ Տարեմուտի Լ.Հարությունյան Լ.Հարությունյան 25.12

                     հրաշքներ

1996 Մաուրիսյո Ծառերը կանգ- Ա.Կասոնա Լ.Հարությունյան 29.01

                     նած են մահանում

Բաքո Սիամանթո և Հովհ.Շիրազ Լ.Հարությունյան 4.04

                     Խջեզարե

Ամուսին, Հարսեր...Կե- Ռ.Աբրահամյան Լ.Հարությունյան 4.11 Դե’Բուշ սուրներ...

1997 Էրկի Այլանդակ Էլզան Է.Ռսլակկի Լ.Հարությունյան 6.04 Մենելայոս Անդրոմաքե Եվրիպիդես Լ.Հարությունյան 26.10

1998

 -                Պապ, կրակում են Զ.Գևորգյան   Զ.Գևորգյան          18.03      

Ձկնորս Ձկնորս Սանոն Խ.Ասատրյան Լ.Հարությունյան 28.06

 Սանո           և որսորդ Վանոն

1999 Անտոնիո Ցիլինդր Էդ. դե Ֆիլիպպո Էդ.Հակոբյան 3.02 Վազգեն Սուրբ Շուշա- Ռ.Աբրահամյան Լ.Հարությունյան 27.09

                     նիկ

2001 Բազազ Գիքորը Հովհ.Թումանյան Լ.Հարությունյան 27.03

 Արտեմ

Երվանդ Ծաղկասար Ա.Բարսեղյան Զ.Գևորգյան 25.07

 Բիձա

Առաջին Եղել ենք, կանք Լ.Հարությունյան Լ.Հարությունյան 2.09

 դերասան     ու գալու ենք դեռ

2002 Լեոնարդ Համր կինը Ա.Ֆրանս Հ.Մեհրաբյան 13.02

 Բոտալ 

Գոգի 40 օր համբառ- Ս.Խալաթյան Լ.Հարությունյան 6.08

                     նալուց հետո  

Որսորդ Հաջողակ որս Ե.Չեպովեցկի Լ.Հարությունյան 26.12

2003 Ուստա Չար ոգի Ալ.Շիրվանզադե Լ.Հարությունյան 11.06

 Ոսկան,

Գիժ Դանիել Հայկարամ Դաս կանանց Գ.Սարգսյան Տղամարդ Բոլերո Գ.Խանջյան Մ.Դավթյան 10.07

  առաջին 

2005 Դյոլա Կողոպուտ Ս.Միտրովիչ Մ.Դավթյան -

                     կեսգիշերին

Տղամարդ Բոլերո Գ.Խանջյան Մ.Դավթյան -

  առաջին  

Առան Մեսրոպ Մաշ- Ս.Խանյան 3.06

 իշխան          տոցն Ամարա-
                     սում



ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐՈՒՄ

2006 Ժորա Ճակատագիր Գոռ Վարդանյան


ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ


  • 1950, հունվարի 21` վանաձորցի (նախկինում` Ղարաքիլիսա, իսկ այնուհետև` Կիրովական) Վարդուհի և Միքայել Վիրաբյանների ընտանիքում ծնվել է անդրանիկ որդին (հետագայում` ճանաչված դերասան, ԼՂՀ վաստակավոր արտիստ)` Սամվել Միքայելի Վիրաբյանը։
  • 1966` Աշխատանքային գործունեության սկիզբը։
  • 1968` Աշխատանքի է ընդունվել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
  • 1971` Գերազանց գնահատականներով ավարտել է նշված թատրոնին կից նորաստեղծ թատերական ստուդիան։
  • 1976` Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինտիտուտի դերասանական ֆակուլտետը։
  • 1976-2006` Աշխատել է Ստեփանակերտի Մ.Գորկու (այժմ` Վ.Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում։
  • 1996` Բոեմոնդի («Առլեկինը` արքա») և Բաքոյի (Սիամանթո և Խջեզարե») դերակատարումներով մասնակցել է ՀՀ թատերական գործիչների միության կողմից կազմակերպված «Սյունիք 96» թատերական փառատոնին։
  • 1997` Մասնակցել է «Լոռի-Շիրակ 97» և «Անտիկ աշխարհը և մենք» թատերական փառատոններին։
  • 2003, մայիսի 10` Ստեփանակերտի Մ.Գորկու (այժմ` Վ.Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում ունեցած «վաստակաշատ աշխատանքի և թատրոնի 70-ամյակի կապակցությամբ» պարգևատրվել է ԼՂՀ կրթության« մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով։
  • 2003` Գիժ Դանիելի («Չար ոգի») և Գոգիի (Քառասուն օր համբառնալուց առաջ») դերակատարումներով մասնակցել է Երևանյան մեծ փառատոնին։
  • 2004, դեկտեմբերի 21` Բազազ Արտեմի («Գիքորը»), Գիժ Դանիելի («Չար ոգի»), Գյումրեցի զինվորի («Արցախյան բալլադ»), Գոգիի («Քառասուն օր համբառնալուց առաջ») ու այլ դերակատարումների համար արժանացել ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին (ԼՂՀ կառավարության որոշում, թիվ 527)։
  • 2004, դեկտեմբերի 29` ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության (թիվ 172/Մ հրաման) կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասան և արժանացել նախարարության պատվոգրի ու դրամական պարգևի։
  • 2005, հունիսի 4` ԼՂՀ նախագահի հրամանագրով (ՆՀ-217), «բարձր վարպետության, արվեստի զարգացմանը նպաստող գործունեության և Հայոց գրերի գյուտի ու Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակի կապակցությամբ», Ս.Վիրաբյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
  • 2006, ապրիլի 11` Ս.Վիրաբյանի մահը։


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՎԵԼ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՄԱՍԻՆ


1. Ալավերդյան Իսահակ, Ձեռներեց մարդիկ, «Սովետական Ղարաբաղ», թիվ 133 (11922), 9 հունիսի 1977 թ., էջ 4։

2. Ալավերդյան Իսահակ, «Վագիֆ», «Սովետական Ղարաբաղ», 3 մարտի 1978 թ.էջ -։

3. Ալավերդյան Իսահակ, Երկու ներկայացում, «Սովետական Ղարաբաղ», թիվ 230 (12324), 6 հոկտեմբերի 1978 թ., էջ 4։

4. Ալավերդյան Իսահակ, Մի կաթիլ արև, «Սովետական Ղարաբաղ», թիվ 44 (12438), 21 փետրվարի 1979 թ., էջ 4։

5. Ալավերդյան Իսահակ, Սիրով ու հավատով, «Սովետական Ղարաբաղ», թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ., էջ 4։

6. Алавердян Исаак, С любовью и верой (Об артисте Самвеле Вирабяне), §Советский Карабах¦, 4 сентября 1980 г.

7. Ալավերդյան Իսահակ, Խղճի դատ, «Սովետական Ղարաբաղ», թիվ 93 (13085), 17 ապրիլի 1981 թ., էջ 4։

8. Ալավերդյան Իսահակ, Մեր թատրոնի ուղեկիցը (Ալ. Շիրվանզադեի պիեսները Ստեփանակերտի թատրոնում), «Սովետական Ղարաբաղ», թիվ 105 (13697), 6 մայիսի 1983 թ., էջ 4։

9. Ալավերդյան Իսահակ, Բնակարանամուտ, «Սովետական Ղարաբաղ», թիվ 156 (13748), 7 հուլիսի 1983 թ., էջ 4։

10. Ալավերդյան Իսահակ, Ինքնահաստատման ճանապարհին, «Կոմունիստ», 25 սեպտեմբերի 1983 թ.։

11. Ալավերդյան Իսահակ, Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն - 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983 թ.։

12. Ալավերդյան Իսահակ. Կյանքը, մանկավարժական գործունեությունն ու ստեղծագործությունը ժամանակակիցների գնահատմամբ, նամակներում ու լուսանկարներում (կազմեց` Կարինե Ալավերդյանը), Ստեփանակերտ, «Ազատ Արցախ» հրատ., 2001 թ.։

13. Արժանացել են մրցանակի, «Ստեփանակերտ», թիվ 1 (293), 13 հունվարի 2005 թ., էջ 1։

14. Ավանեսյան Վահագն, Արվեստ` ստեղծագործական ոճով ու անհատական կնիքով, «Ստեփանակերտ», 2004 թ., էջ 3 (ամսաթիվն` անհայտ)։

15. Արամյան Ն. (Նվարդ Ավագյան), Բեմում` ինչպես... կյանքում, «Հայրենիք», թիվ 19 (37), 15 օգոստոսի 2002 թ., էջ 7։

16. Բալայան Սուսաննա, Թատրոնն իմ տարերքն է, իմ առաջին ու վերջին տունը, «Ազատ Արցախ», թիվ 89 (2509), 24 հուլիսի 2010 թ., էջ 6։

17. Բաղդասարյան Սիրուն, Մեր թատրոնի շնչառությունը, «Ազատ Արցախ», թիվ 31 (1552), 27 մարտի 2007 թ., էջ 5։

18. Բեգլարյան Հրաչյա, Միշտ բեմի վրա, միշտ արվեստի հետ, «Եղիցի լույս», թիվ 6-7, 2004 թ., էջ 10։

19. Գարաքյան Արամայիս, Նա կլիներ 60 տարեկան, «Արհմիություններ», թիվ 3 (105), 1-15 փետրվարի 2010 թ., էջ 4։

20. Գրիգորյան Արիս, Արտիստ Վիրաբյան. ժողովուրդն այդպես էր նրան մկրտել, «Ակունք», թիվ 9 (54), 13 ապրիի 2005 թ., էջ 7։

21 Գրիգորյան Արիս, Սամվել Վիրաբյան. կյանքն ու գործունեությունը (հատվածներ անտիպ գրքից), «Մարտիկ», թիվ 3-9 (հունվար-մարտ), 2008 թ., էջ 6։

22. Գրիգորյան Արիս, Թատերարվեստի նվիրյալը, «Ազատ Արցախ», թիվ 8 (2430), 26 հունվարի 2010 թ., էջ 6։

23. Եսայան Էռնեստ, Արտիստը, «Դեմո», թիվ 2 (21), 31 հունվարի 2005 թ., էջ 14։

24. Եսայան Էռնեստ, Արտիստի բոլդինյան... տարին հաստատում է «լավ է ուշ, քան երբեքը», «Ստեփանակերտ», թիվ 24 (316), 20 օգոստոսի 2005 թ., էջ 3։

25. Խանյան Սոկրատ, Վաստակաշատ դերասանի ծաղկալից ուղին, «Ստեփանակերտ», թիվ 10 (302), 30 մարտի 2005 թ., էջ 3։

26. Խոսք հիշատակի (Սամվել Միքայելի Վիրաբյան), «Ազատ Արցախ», թիվ 43 (1858), 13 ապրիլի 2006 թ., էջ 7։

27. Հակոբյան Վարդիթեր, Իր տարերքի մեջ, «Լուսարար», թիվ 4, 2000 թ., էջ 7։

28. Հակոբյան Վարդիթեր, «Համբառնալու» ուժով..., «Ազատ Արցախ», թիվ 146 (1360), 12 դեկտեմբերի 2002 թ., էջ 11։

29. Համզոյան Սուրեն, Շատերից երկուսը, «Կոմունիստ» (հայերեն), Բաքու, թիվ 49 (16380), 26 փետրվարի 1978 թ., էջ 4։

30. Մարտիրոսյան Մ., Իմ ամենագլխավոր դերերը, «Լուսարար», թիվ 4 (90), 28 փետրվարի 2005 թ., էջ 7։

31. Միլոնյան Մելանյա, Ամեն ինչ կանեի, որ մեր թատրոնը ծաղկեր..., «Լուսարար», թիվ 2 (223), 25 հունվարի 2010 թ., էջ 7։

32. Միքայելյան Դավիթ, Պարզապես արտիստ Վիրաբյան..., «Հայաստանի Հանրապետություն», 9 փետրվարի 2005 թ., էջ 5։

33. Նա մեր թատրոնի կենսատու երակներից էր, «Արհմիություններ», թիվ 14 (116), 16-31 հուլիսի 2010 թ., էջ 3։

34. Սարգսյան Վոլոդյա, Կորուստ, «Ստեփանակերտ», թիվ 11 (339), 22 ապրիլի 2006 թ., էջ 2։

35. Սողոմոնյան Նվարդ, «Քանի որ ունես պետություն և իշխանություն, հետևաբար ուժեղ ես», «Ազատ Արցախ», թիվ 5 (1674), 15 հունվարի, 2005 թ., էջ 14։

36. Ստեփանակերտի թատրոնը Երևանում, «Հայրենիքի ձայն», թիվ 50 (1218), 23 նոյեմբերի 1988 թ.։

37. Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական թատրոն, «Թատերական Երևան» (Հայկական թատերական ընկերություն), թիվ 24 (642), 1977 թ.։

38. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն. 1932-2002 (կազմեց` Կարինե Ալավերդյանը), Ստեփանակերտ, «Ազատ Արցախ» հրատ., 2003 թ.։

39. Քառասուն տարի` բեմի վրա, «Ստեփանակերտ», թիվ 2 (294), 22 հունվարի 2005 թ., էջ 4։

40. Քոչարյան Անահիտ, Նրա անունը միշտ իր հետ է` արտիստ Վիրաբյան, «Ստեփանակերտ», թիվ 23 (280), 31 օգոստոսի 2004 թ., էջ 3։


ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՑԱՆԿ


ա) Արխիվային նյութեր

1. Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան «Պատվո նշան» և «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր պետական դրամատիկական թատրոնի արխիվ։


բ) Գրքեր

1. Աբրահամյան Հրանտ, Մարտնչող Արցախը, 1917-2000, գիրք Բ, (1923-1985), Երևան, «Զանգակ-97» հրատ., 2005, էջ 238։

2. Ալավերդյան Իսահակ, Ստեփանակերտի Մ.Գորկու անվան պետական հայկական դրամատիկ թատրոն, Բաքու, 1982։

3. Алавердян Исаак, Степанакертский государственный армянский драматический театр имени М. Горького, Баку, 1982.

4. Ալավերդյան Իսահակ, Ստեփանակերտի Մ.Գորկու անվան հայկական պետական դրամատիկ թատրոն - 50, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1983։

5. Ալավերդյան Իսահակ, Գուրգեն Հարությունյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1972։

6. Ալավերդյան Իսահակ, Մարգո Բալասանյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1981։

7. Ալավերդյան Իսահակ, Բենիկ Օվչյան, Երևան, 1989։

8. Ալավերդյան Իսահակ. Կյանքը, մակավարժական գործունեությունն ու ստեղծագործությունը ժամանակակիցների գնահատմամբ, նամակներում ու լուսանկարներում (կազմեց` Կարինե Ալավերդյանը), Ստեփանակերտ, «Ազատ Արցախ» հրատ., 2001։

9. Ալավերդյան Կարինե, Լեոնիդ Հարությունյան, Ստեփանակերտ, «Ազատ Արցախ» հրատ., 2000։

10. Գրիգորյան Արիս, ...Եվ այսպիսի ճակատագիր, «Պոլիգրաֆ», Ստեփանակերտ, 1998։

11. Թերզիբաշյան Վ., Ժասմեն, Երևան, 1959։

12. Ժասմեն, (ալբոմ-Ժողովածու), Երևան, 1976։

13. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, 1976։

14. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երրորդ, Երևան, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, 1977։

15. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր չորրորդ, Երևան, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, 1978։

16. Հայ սովետական թատրոնի պատմություն, Երևան, 1967։

17. Շիրվանզադե Ալեքսանդր, Երկեր հինգ հատորով, հատոր երկրորդ, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986։

18. Սովետական Լեռնային Ղարաբաղ, Բաքու, 1983, էջ 142-143։

19. Սովետահայ թատրոնի տարեգրություն, հատոր երկրորդ, Երևան։

20.Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն 1932-2002 (կազմեց` Կարինե Ալավերդյանը), Ստեփանակերտ, «Ազատ Արցախ» հրատ., 2003։

21. Վրաց երկինք (Վրաց գրականություն. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), «Արևիկ» հրատ., Երևան, 1990 (Շուշանիկի վկայաբանությունը` էջ 48-57)։

22. Տերտերյան Արսեն, Շիրվազադեի գրական տիպերի հանրագիտարանը, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1959։


դ) Պարբերական մամուլ

1. «Ազատ Արցախ», թիվ 88 (1151), 31 հուլիսի 2001 թ. // թիվ 146 (1360), 12 դեկտեմբերի 2002 թ. // թիվ 31 (1552), 27 մարտի 2004 թ. // թիվ 149 (1669), 31 դեկտեմբերի 2004 թ. // թիվ 5 (1674), 15 հունվարի 2005 թ. // թիվ 27 (1696), 8 մարտի 2005 թ. // 9 հունիսի 2005 թ. // թիվ 43 (1858), 13 ապրիլի 2006 թ.։

2. «Ազգ», թիվ 230 (3161), 22 դեկտեմբերի 2004 թ.։

3. «Դեմո», դ 2 (21), 31 հունվարի 2005 թ.։

4. «Եղիցի լույս», թիվ 6-7, 2004 թ. // թիվ 1, 2005 թ.։

5. «Թատերական Երևան», թիվ 24, 1977 թ.։

6. «Լուսարար», թիվ 4 (90), 28 փետրվարի 2005 թ. // 30 հունիսի 2005 թ.։

7. «Կոմունիստ», թիվ 49 (16380), 26 փետրվարի 1978 թ. // 25 սեպտեմբերի 1983 թ.։

8. «Հայաստանի Հանրապետություն», թիվ 7 (3623),19 հունվարի 2005 թ. // 9 փետրվարի 2005։

9. «Հայրենիք», թիվ 19 (37), 15 օգոստոսի, 2002 թ.։

10.«Հայրենիքի ձայն», թիվ 50 (1218), 23 նոյեմբերի 1988 թ.։

11. Սովետական Ղարաբաղ», թիվ 133 (11922), 9 հունիսի 1977 թ. // 3 մարտի 1978 թ. // թիվ 230 (12324), 6 հոկտեմբերի 1978 թ. // թիվ 44 (12438), 21 փետրվարի 1979 թ. // թիվ 34 (12726), 9 փետրվարի 1980 թ. // թիվ 93 (13085), 17 ապրիլի 1981 թ. // թիվ 154 (13146), 28 հունիսի 1981 թ. // թիվ 105 (13697), 6 մայիսի 1983 թ. // թիվ 156 (13748), 7 հուլիսի 1983 թ.։

12. «Ստեփանակերտ», թիվ 9 (266), 3 ապրիլի 2004 թ. // թիվ 23 (280), 31 օգոստոսի 2004 թ. // թիվ 2 (294), 22 հունվարի 2005 թ. // թիվ 1 (293), 13 հունվարի 2005 թ. // թիվ 8 (300), 12 մարտի 2005 թ. // թիվ 24 (316), 20 օգոստոսի 2005 թ. // թիվ 11 (339), 22 ապրիլի 2006 թ.։