Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը

Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը
Տպագրվել է «Հորիզոն» թերթում, 1913, մայիսի 25, № 113։

Ժողովրդի բուռն ցանկության ընդառաջ գնալով Հայ Գրողների Ընկերությունն էսօր Թիֆլիսում կրկնում է Սայաթ-Նովայի երեկույթը։

Մեզանում էնպես մարդիկ կան, որ կարծում են, թե Սայաթ-Նովայի երեկույթի արտակարգ հաջողության պատճառը նորությունն էր, իբրև թե մի մոդա էր նա, որ բերեց Գրական Ընկերությունը, և անցնելու է երբևիցե։

Ի՜նչքան են սխալվում էս տեսակ մարդիկ, ի՜նչ մակերեսային հայացք են հայտնում, ի՜նչ անծանոթություն Սայաթ-Նովայի հետ, ի՜նչ թեթև կարծիք նրա մեծ տաղանդի ու ստեղծագործության վրա։

Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի, նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի, և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա։ Գեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա, և հայի, և վրացու, և թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և հայերեն, և վրացերեն, և թուրքերեն։

Թիֆլիսը Կովկասի լեռների անցքի առջև տարածված մեծ հանգույցն է եղել հին ժամանակներից, նրա մեջ եկել, խառնվել, միացել էին Արևելքի զանազան ժողովուրդները իրենց բարբառներով, կրոններով, փիլիսոփայություններով ու ազգային ստեղծագործություններով ու ստեղծել էին մի ինքնատիպ քաղաք, որի վրա հիանում էր ամբողջ Փոքր Ասիան ու Մերձավոր Արևելքը։ Եվ հեռավոր ժողովուրդները ամեն անգամ երբ պատերազմով վեր էին կենում դեպի Կովկաս՝ Թիֆլիսն էին երազում ու Թիֆլիսի «գյոզալները» – սիրունները։

Ահա, ինչպես մի ուրիշ անգամ էլ նկատել եմ, էդ Թիֆլիսի նման մի ինքնատիպ մեծություն էր Սայաթ-Նովան, իբրև Արևելքի բանաստեղծ։ Եվ եթե Արևելքի ժողովուրդները հեռվից հեռու վառվում էին Թիֆլիսի սիրունների կարոտով՝ ինչ ասել կուզի, որ էս հոյակապ աշուղը, աշուղ, որ Արևելքում շատ իմաստուն կերպով և բանաստեղծ կնշանակի և սիրահար միաժամանակ – էդ միևնույն սիրունների սիրով պետք է բռնկեր անմարելի ու իր կրակով վառեր թե իր ժամանակակիցներին և թե գալոց սերունդներին, ինքն էլ այրվեր, հատներ իր կրակի սաստկությունից, որովհետև, ինչպես ասում է իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ – «Աշուղլուղ քուրա դուր, յախար, յանդըրար» – աշուղությունը հնոց է, կէրի, կավերի։ Եվ ի՜նչ գեղեցիկ է, ճշմարիտ, որ էսպես է մեր վիթխարի Սայաթ-Նովան. մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկած սիրո հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով և՛ դեպի էն «զալումը», որ իրեն կրակ տվեց ու միշտ մնաց անտարբեր, և դեպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճվեցին էն կրակով, որի մեջ էրվում էր ինքը, և դեպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կյանքում։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց։

Ռուս հայտնի բանաստեղծ Я<ков> Полонский–ն, որ երևի Մոսկվայում մեր Գ<եորգ> Ախվերդյանի ուսանողական ընկերներից է եղած, անցյալ դարու հիսնական թվականներին Կովկաս եղած ժամանակ Ախվերդյանի մոտ տեսել է Սայաթ-Նովայի երգերի տետրակը, նրա միջոցով ծանոթացել Սայաթ-Նովայի հետ և երգերից մի քանիսը թարգմանել, հիացմունքով է խոսում մեր Սայաթ–Նովայի երգերի բնավորության վրա։

Ասում է՝ Սայաթ-Նովայի երգերի բնավորության մասին ընդհանրապես խոսելով, դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ նրանք իսկի նման չեն ոչ հարևան ցեղերի երգերին, ոչ էլ էն երգերին, որ եկել են Արևելքից, թեև հիշեցնում են նրանց։ է՛սպես, օրինակ, կովկասյան բոլոր լեռնական ժողովուրդների երգերի ոգին ռազմական է։ Ձին ու թուրը, սերն ու վրեժը, արյունն ու սպանվածի դիակի վրի ողբն են նրանց երգերի հատկանիշները։

Սայաթ-Նովան հեռու է կռվից, Քուրդիստանի լեռներում ապրող Վանա հայերի ռազմական ոգին չէր կարող նրան ոգևորել, նրան, որ ծնվել էր Թիֆլիս, ուր, օտարության մեջ, հայերն առել էին ուրիշ բնավորություն, ուրիշ ուղղություն։

Թաթարական երգերում պատմվածքը վերջին տեղը չի բռնում։ Նրանցից շատերը լեգենդի բնավորություն ունեն, շատերն էլ կարծես թե ինչ-որ անհայտ ժամանակներից եկած ու անհայտ երգիչների երգած՝ երկար պոեմների հատվածներ են, ինչպես օրինակ Քեոռ-Օղլու և իր ձիու երգը։

Սայաթ-Նովան, ընդհակառակը, զուտ քնարական բանաստեղծ է, և, թերևս, մեր ժամանակի հասկացողությամբ, չափազանց անհատական։

Վրացական երգերում մեծ տեղ է բոնում սերը, քեֆը և երբեմն անհույս տխրությունը, բայց նրանք կարծես հենց նրա համար են, որ ինքը երգողն էլ, իր լսողներն էլ մի առ ժամանակ, գինու օգնությամբ, մոռանան ամեն ցավ ու դարդ ու նրանց հնչյունների մեջ գտնեն մխիթարություն։

Սայաթ-Նովան ընդհակառակը – մխիթարություն չի ուզում, նրան ավելի դուր է գալիս, երբ ծիծաղի տակ արցունք է նկատում, քան երբ լսում է ծիծաղը, որ արցունքը ճնշում է։

Նրա երգերը հաճախ հանդիսավոր–խրատական են։ Էնպես – նա իր սրտին ասում է.

«Արի ինծ անգաճ կա՛լ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրե՛, ադաբ սիրե՛, ար սիրե՛.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի,
Աստվաձ սիրե՛, հորի սիրե՛, յար սիրե՛»։

Սայաթ–Նովայի երգում քիչ կան էն վառ փայլուն գույները, որոնցից Արևելքում բնությանը հաճախ առնում է մի տարօրինակ ու խաբուսիկ արտաքին փայլ։ Չկան և էն ֆանտաստիկ պատկերները, որոնց ասես թե հաշիշն է ծնում։ Առհասարակ նրա երգերում քիչ երևակայություն կա – շատ զգացմունք։ Եվ էդ զգացմունքները նրա երգերում մեծ մասամբ արտահայտում են էնքան մեղմ ու անվրդով խաղաղություն, որ նրա սերը նման է ընկերության, ընկերությունը սիրո։ Որ հայրենի քերականության մեջ էլ արականի ու իգականի տարբերությանը չկա – Սայաթ–Նովայի մի քանի երգերում դժար է հասկանալ, իր ոգևորված խոսքով ում է դիմում նա՝ քնքույշ սիրով սիրած ընկերի՞ն, թե տարփալի սիրով սիրած կնոջը։

Նրա հոգու տարրը, ոգևորության ժամերին, չի կարողանում հաշտվել գգայնականության հետ, ինչպես կրակը չի կարող հաշտվել ջրի հետ։ Նա էնքան է բարոյական, որ աշուղի կոչմանն էլ նայում է բարոյական տեսակետից։ Իր երգերից մեկի մեջ ասում է. «Աշուղի լիզան բըլբուլ է, օրհնանք ունե, անեծք չունի», թեև երբեմն նրան համակում է սոսկալի թախիծը։

Իհարկե, իր հարևանցի ծանոթությունով ու ամեն տեսակի խորթությունով, ռուս բանաստեղծի համար դժար էր ըստ ամենայնի ճիշտ ըմբռնել ու հասկանալ առհասարակ մեր և մասնավորապես Սայաթ–Նովայի ստեղծագործությունն ու հոգին, բայց նա էլ է նկատել, և նրա կարծիքն ու տպավորությունը մեջ բերի շեշտելու Սայաթ–Նովայի երգերի բնավորությանը, որոնց պարզության մեջ ափաշկարա երևում է նրա բարի, քնքույշ սիրտը ու նրա ազնիվ, խորը հոգին, և էդ ամենը միանգամայն առողջ ու ամբողջական։ Մի առողջ, ոգևորված բանաստեղծ, որ աշխարհք է մտել սազով ու սիրով, ինչպես ինքն է ասում իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ՝ «Ջունուն օլմիշ, սազ ալընդա չալան դըր Սայաթ-Նովա». Այսինքն – սիրահարված, սազը ձեռին նվագում է Սայաթ-Նովան։

Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.

Աշխարհըս մե փանջարա է,–
Թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի,–
Դաղերումեն բեզարիլ իմ.
Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,–
Վաղերումեն բեզարիլ իմ...

Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։

«Գուզիմ թըռչի բըլբուլի պես,–
բաղերումեն բեզարիլ իմ...»։

Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։

1913