Սաքուլն ուխտ գնաց

Դուրգար Սաքուլը կամաց բաց արեց դուռը և ներս մտավ։

Նրա կինը՝ Նատոն, թևերը մինչև արմունկները քշտած՝ պպզած էր հատակի վրա և լվացք էր անում կոծկած թաբախում։ Բուխարու մեջ կասկարայի վրա դրած կաթսայի տակ մի քանի բարակ փայտ էր ծխում։ Հողե հատակի վրա բավական ցեխ էր գոյացել և լվացքի սապնոտ ջուրը տեղ-տեղ գուբ էր կապել։ Սենյակի օդը հագեցած էր խոնավության, սապնաջրի և ծխի գարշ հոտով։ Թախտի վրա դրած օրորոցի մեջ քնած էր ծծի երեխան։

Կինը նայեց մարդու հիվանդոտ, թախծալի երեսին, և նրա սիրտը ճմլվեց։ «Էլի լավ չի»— մտածեց նա և վշտահար մնաց նայելիս մարդու երեսին։

Սաքուլը դուռը ետ դրեց, գնաց դեպի թախտը, մութաքեն առաջ քաշեց և պառկեց։

— Մի բան գցի վրես,— ասաց նա թույլ ձայնով և ոտները կուչ ածեց։

Նատոն սապնոտ ձեռները սրբեց, վեր կացավ, բարձրացավ թախտը, ցեխոտ չուստերը թողնելով գետնին, ծալքից հանեց բավական մեծ ու հաստ մի վերմակ և ծածկեց մարդուն։

— Լավ ծածկի, ջանս սրթսրթում ա,— ասաց Սաքուլը, վերմակը գլխին քաշելով։

Նատոն վերմակի ծայրերը ներս կոխեց կողքերից, որ բաց տեղեր չմնան։

— Ուզո՞ւմ ես, մի լըհեբ էլ ծածկեմ,— ասաց։

— Ծածկի։

Նատոն բերեց մի ուրիշ վերմակ էլ գցեց նրա վրա և նորից կողքերը տապտպեց։ Այժմ Սաքուլը ոտով-գլխով կորած էր վերմակների տակ։ Նատոն լվացքը մոռացած՝ առժամանակ նստած մնաց մարդու մոտ։ Կարճ, թախծալից լռությունից հետո վերմակների ծայրերը ետ քաշեց մարդու երեսից և շշնջաց.

— Սաքո՞ւլ։

Սաքուլն աչքերը բաց արեց և նայեց նրան հարցական հայացքով։

— Բա չգնացի՞ր հիվանդանոց։

— Գնացի։

— Ի՞նչ ասեցին։

— Տասը շայի են ուզում։

— Բա ասում են, ով չունի՝ չեն ուզում։

— Ասեցին պոլիցիցը ան տերտերիցը թուղթ բեր, որ չունես։

— Ետո, գնացի՞ր պոլիցեն։

— Սև գրողը տեսնի պոլիցի երեսը. նրանց «զավթրի» գլուխը ո՞վ ունի։

— Դե տերտերի մոտ կգնայիր։

— Տերտերի հերն էլ ընտեղ անիծեմ։ Նոր չէ՞ր, որ տեսա մեյդանումը փորը ցցած։ Տասը շային ի՞նչ ա, ասում ա, ջահել մարդ ես, մի օր որ բանես, ասում ա, տասը շայի չէ, իրեք մանեթ էլ կվեկալնես։ Ախր, տեր հայր, ասում եմ, ջանս չի գալիս։ Լավ, ասում ա, հանաք եմ անում. կիրակի օրը ժամ արի, ասում ա, կտամ։

— Ա՜յ, նրա ջանը դուրս գա,— սրտով բացականչեց Նատոն։— Էդ հալով մինչև կիրակի ո՞նց մուլափ տաս։ Քելեխ ըլեր, ձեռաց ո՜նց վազ կտար։

Ու լռեց դաղված սրտով։ Եվ երկար ժամանակ անասելի վշտով նայում էր մարդու մաշված, դեղնած դեմքին, որի վրա հիվանդությունը մեռելային անզգայություն էր դրոշմել։ Երեք ամբողջ տարի է, որ այդ անհասկանալի հիվանդությունը օր-օրի վրա հալում, մաշում է Սաքուլին։ Էլ դեղ չմնաց, որ փորը չածեց, էլ հեքիմ չմնաց, որին չդիմեց։ Օրեր ու շաբաթներ խաչերի դռանն անցկացրին, մատաղներ մորթեցին, կարմիր ու սպիտակ հագցրին, բայց և այնպես ոչի՜նչ, ոչի՜նչ չօգնեց։ Ընդհակառակը՝ Սաքուլն օր-օրի վրա վատացավ, հիվանդությունն ավելի խոր բնակալեց։ Սկզբներում էլի քիչ ու միչ կարողանում էր բանել, բայց վերջին ժամանակներն ուրագը մի քանի անգամ վրա անելուց հետո շունչը կտրվում էր և սիրտն այնպես արագ բաբախում, որ կարծում էր, թե դուրս պիտի պրծնի բերնից։ Այդ երեք տարվա ընթացքում նրանք քանդվեցին, քարը քսվեցին, տանն է՛լ ոսկեղեն ու արծաթեղեն չմնաց՝ գրավ դրին, ժամանակին չկարողացան թափել — կորցրին, ավելորդ բաները ծախեցին-ծախծխեցին, հետո պարտքերի մեջ թաղվեցին և այսօր, երբ երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու դարման անելու համար «տասը շայի» են ուզում, չկա։

Նատոն մի ծանր թառանչ քաշեց։

— Սաքո՞ւլ,— շշնջաց նորից։

Սաքուլն աչքերը բաց արեց։

— Սոված չե՞ս։

— Չէ։

— Ախր ոչ երեկ, ոչ էսօր զադ չես առել բերանդ, մի բան էլ ա կե, որ ուժ ունենաս։ Հեղնարանք մատաղ են բերել, քեզ հմար եմ պահել, վեր կաց, կե։ Ազին էլ հրես փըռնիցը հացերը կբերի։

— Որ չեմ ուզում, ի՞նչ ուտեմ։

— Հաջաթ չի, զոռով կե։ Թե չէ, բերանդ ըտենց հուպ տված խո ջլիս հալից կընկնես։ Վեր կաց։

— Էէ՜հ,— նեղսրտությամբ արտասանեց Սաքուլը և աչքերը նորից փակեց։

Նատոն կրկին հառաչեց և կարճ ժամանակ նստած էր լուռ ու վշտահար մտածմունքի մեջ։

— Հա՛, Սաքուլ ջան,— հանկարծ ասաց նա, ըստ երևույթին, մի բան հիշելով։— Առավոտն ուզում էի պատմեմ քեզ, վեր կենամ տեսնեմ գնացել ես։ Գիշերս ախր մի զարմանալի էրազ տեսա։ Մթամ թե դու ըտենց թախտի վրա պառկած ես, մեկ էլ տեսնեմ մի կարմիր ձիավոր թուրը ձեռին նի ընկավ ու վրա պրծավ քեզ։ «Ի՞նչ ես պառկել, ասում ա, ընչի՞ չես գալի։ Էս սըհաթիս թրովս կտամ, ասում ա, կես կանեմ, թե չես էկել»։ Ու թուրը ղորթ, որ վրա չբերե՜ց։ Հա՛, ըստեղ ես զարթեցի։ Սիրտս ընենց լքլքոցն էր ընկել, որ կարծում էի ղորթ էր։ Հըմի, Սաքուլ ջան, ասում եմ, ազին որ գա, բացանողի մոտ ղրկենք։ Ես ի՞նչ գիտամ, բալի էլի խաչիցն ես, ու անմեղ տեղը քեզ պտի փչացնես դեղերով։

— Տո, էլի՞ խաչ,— վրա բերեց Սաքուլը դառն հանդիմանությամբ։

— Վո՜ւյ, ըտենց մի՛ ասի, Սաքուլ ջան, խաչը կնեղանա,— ասաց Նատոն վախեցած։— Ղորթ ա, խաչերի դուռը շատ ենք ման եկել, համա ի՞նչ կա որ, էս մեկն էլ փորձենք։ Ախր չես իմանում, է՜, իմ օրումս ըսենց ափաշքարա տեսած չեմ, կասես էս նըմուտին էլ կանգնած ա աչքիս առաջը ձիուն նստած, թուրը հանած։ Հը՞, Սաքուլ ջան, ազին որ գա, ղրկե՞նք։

Սաքուլն արդեն ծածկել էլ աչքերը ձանձրացած։

— Է՜հ, արեք, ինչ ուզում եք,— ասաց նա խորին անտարբերությամբ։

— Հա՛, Սաքուլ ջան, ղրկենք, ղրկենք։

Օրորոցի երեխան լաց եղավ։

Նատոն վեր կացավ, գնաց չոքեց օրորոցի մոտ, նախ սկսեց օրորել, հետո որ տեսավ ձայնը չի կտրում, ծիծը բերանը դրեց և, մի ձեռքով օրորոցը գրկած, մտախոհության մեջ ընկավ աչքերը մի կետի հառած։
* * *

Դուռը բացվեց։ Կապույտ սուփրի մեջ հացերը շալակին, տնքտնքալով մտավ ազին — Սաքուլի մայրը, կարճահասակ, չորացած պառավ մի կին, վշտահար, խորշոմած բարի դեմքով։ Հետևից մտավ նրա թոռը — չորս-հինգ տարեկան վտիտ մի աղջիկ, ձեռներով երկու հաց իրար վրա պինդ սեղմած կրծքին։ Հացերից մեկը, տակինը, սահել էր ներքև և սպառնում էր ընկնել։ Նա վազելով հասավ թախտին, բարձրացավ ոտների ծայրերի վրա և հացերն անվնաս դրեց թախտի ծայրին։

— Ըհը, հըլա չէր պառկել,— տխուր քրթմնջաց պառավը, տեսնելով որդուն թախտին։— Ասա, որ կարում չես, էլ խի՞ ես ծեքծքալի դուրս գնում։

Շալակի հացը դրեց թախտի վրա և կամաց դարձավ հարսին.

— Աղջի, քնած ա՞։

— Գիտում չեմ, նոր զարթուն էր,— պատասխանեց Նատոն։

Պառավը մոտեցավ որդուն և խոնարհվեց նրա վրա։

— Սաքուլ ջա՞ն։

— Հը՛։

— Քնած չե՞ս։

— Չէ։

— Ո՞նց ես։

— Է՛հ, եսի՞մ ոնց եմ։

— Տաք-տաք հաց եմ բերել, վե կաց կե։

— Օ՛հ, զահլա տարաք, է՛լի,— ջղայնոտությամբ արտասանեց Սաքուլը վերմակների տակից և շուռ եկավ մյուս կողքին։

Պառավը, խորին վշտով համակված, մի կարճ ժամանակ խոնարհված մնաց որդու վրա, հետո մի ծանր թառանչ քաշեց, գնաց բաց արեց կապոցը և սկսեց թեժ-թեժ հացերը փռել թախտի վրա, որ սառչեն։ Այժմ սենյակի մեջ տարածվեց տաք-տաք հացերի ախորժալի հոտը։

— Աղջի, բա հիվանդանոց չի գնացե՞լ,— կամաց հարցրեց հարսին, որ ծիծ տալը վերջացնելով, սկսել էր օրորել երեխային։

Նատոն պատմեց, որ հիվանդանոցում առանց չքավորության վկայականի չեն ընդունել ձրի։ Պատմեց և այն, որ տերտերն ասել էր, թե վկայականը կիրակի օրը կտա։

— Ա՛յ, տափը դնեմ նրա գլուխը,— վրդովված բացականչեց բարի պառավը։— Բա նա հոգի ունի՞։ Էս հալին ո՞նց մնա մինչև կիրակի, աղջի. ըսօր երկուշաբթի ա ախր, հը՞։

— Դե ես ի՞նչ գիտամ,— տխուր ու հուսահատ պատասխանեց հարսը և օրորոցը մի կողմ քաշեց, որովհետև թախտի մի տախտակը խիստ ճռճռում էր նրա տակ։— Աղջի, արի մի օրորի, է՛, լվացքս մնաց,— դարձավ նա աղջկան, որը թաժա հացից մի կտոր կտրած ախորժակով կծոտում էր։

Փոքրիկ աղջիկը բարձրացավ թախտը, ծալապատիկ նստեց օրորոցի մոտ և մի ձեռքով սկսեց օրորել երեխային, իսկ մյուսով շարունակում էր կծոտել հացը։

Նատոն իջավ թախտից, մերկ ոտներին հագավ չուստերը, բայց լվացքին դիմելուց առաջ նստեց սկեսոր մոտ և փսփսաց նրա ականջին.

— Ազի ջան, արի մի ձեռաց գնա բացանողի մոտ, տենանք ի՞նչ կասի էն իմ էրազի հմա, առավոտը որ քեզ պատմեցի։ Այ կտեսնես, թե ս. Գևորգը չըլի էն ձիավորը։

— Դե ես ի՞նչ գիտամ, որդի,— վշտահար արտասանեց պառավը:— Ս. Գևորգն էլ էն էր, որ գնացինք, մատաղն էլ էն էր, որ մորթեցինք, ճար չըլավ ու,— մեռնեմ նրա ոտին։

Եվ պառավը երկյուղածությամբ բռնված, ծանր հառաչեց։

— Չէ, ազի ջան, ազի, հոգուդ մեռնեմ, վե կաց հենց հիմիսկևեթ գնա,— աղաչեց հարսը։— Այ, մի աբասի ունեմ, տամ։

Նատոն դերիայի գրպանից շտապով հանեց թաշկինակը, ետ արեց ծայրին կապած մի քսանկոպեկանոց և տվեց սկեսորր։ Պառավը, լուռ ու մտախոհ, դրամը կապեց իր բռնոթոտ, դեղնած թաշկինակի մեջ, գրպանը կոխեց, ծածկեց իր խունացած սև շալը և դուրս գնաց։

* * *

Անցավ մոտ երեք ժամ։ Նատոն պարզաջրել էր լվացքը և փռում էր փողոցում կապած թոկի վրա, որ վերադարձավ սկեսուրը։

— Վեր կացա՞վ, աղջի,— հարցրեց պառավը։

— Չէ. ընենց լավ քնած ա որ,— պատասխանեց Նատոն և իր կողմից հարցրեց.— ընչի՞ էսքան ուշացար։

Պառավը վրայից վերցրեց շալը և նստեց դռան մոտ գետնին ամրացրած նստարանի վրա։

— Ըսկի ճար ու ճամփա կա՞ր որ,— ասաց նա։— Ինչքա՜ն մուշտարի ունի քոռացածը, տունը զմփում էր։

— Յանի լավ իմացա՞վ, ազի ջան,— հարցրեց հարսը։

— Ընենց մին-մին ետ ասեց, ոնց որ մեր տանը նստած ըլեր։

— Ի՜...

— Քու արևը։

Նատոն արագ նստեց սկեսոր կողքին։

— Ի՞նչ ասեց,— հարցրեց նա չափազանց հետաքրքրված։

— Որ ասեմ, ասում ա, կորուստ ա՝ կորուստ չի. որ ասեմ, ասում ա, ճամփորդ ա՝ ճամփորդ չի։ Էս ով-որ որ ա, ոչ ըրեխա յա, ոչ ծեր։ Էս ի՞նչ ա, ասում ա, առաջն ընկած ուրագ ա, թե ինչ— չեմ գիտում, համա ի՞նչ արած, ասում ա, որ խեղճը ձեռումը ղվաթ չունի վե կալնի։

— Ի՜, ղո՞րթ, ազի ջան,— բացականչեց Նատոն զարմանքից տարված։

— Էն աստոձը։ Ափսուս, ասում ա, ըժում ի՛նչ լավ ադամորդի ա, է՜։ Էս ե՞րբ ա, ասում ա, հիվանդացել, որ ըսենց թել ա կտրվել։ Հրես պարզ ըրևում ա, էլի՛, ասում ա. ունեցած-չունեցածը դեղ ու դարմանի ա տվել, համա զադ չի դառե։ Էս ովքե՞ր են, ասում ա, էրկուսը պստիկ են, մեկը — մենձ։ Էս մենձը քիրն ա, ասում ա, թե կնիկը, շատ ա դարդ անում։ Հրես մեկն էլ կա, ասում ա, պառավ ա. սա էլ ա, ասում ա, շատ տարակուսած։ Դե էս էլ դու ես, է՜լի, ասում ա, ի՞նչ ես շատ զահլա տանում։

— Վույ, ղո՞րթ, ազի ջան,— բացականչեց Նատոն, որի աչքերը վառվում էին ծայրահեղ զարմանքով և հիասքանչումով։

— Ղորթս ո՞րն ա, աղջի։ Ասում ա, է՜լի, ընենց մին-մին ետ ասեց քոռացածը, ոնց որ մեր տանը նստած ըլի։

— Ըժո՞ւմ։

Ըժում... Էս ի՞նչ ա, ասում ա, ձիավոր ա՞, թե թևավոր, համա հողեղեն չի։ Հրես-հրես, ասում ա, պռնկներից կրակ ա թափվում, կասես թոնիր ըլի։ Դե խաչ ա, է՞լի, ասում ա, ես խո իմաստուն չեմ, ասում ա, որ ամեն բան դրուստ իմանամ։ Ո՞ւմ համբուրող ա, ասում ա, ս. Սարգսի՞, թե ս. Գևորգի, ուխտ պտի գնա։ Դե ուրիշ ի՞նչ ասեմ, ասում ա, էս ա, էլի։ծ

— Վույ, մեռնեմ ս. Սարգսի էլ, ս. Գևորգի էլ օղորմութենին,— արտասանեց Նատոն և, աչքերը երկինք գցած, ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը։— Տեսա՞ր, էրազս ղորթ դուրս էկավ։ Քոռանամ ես, անցկացած տարին դոխտուրների հետևից ընկանք, չգնացինք Թելեթ ու հըմի տեսնում ե՞ս...

— Հա՛, էս էլ ասեց,— ընդհատեց նրան պառավը, մտաբերելով բացանողի պատվերը,— իրեք օր ու գիշեր, ասում ա, պտի պառկած մնա խաչի տակը. օճորքը երկինքը պտի ըլի, ասում ա, կողինքը՝ գետինքը, չունքի, ասում ա, հրեղեն-թևավոր ձիավորը թռչում ա երկնքի ու գետնքի մեջտեղը։

Նատոն նորից ու ավելի ջերմեռանդությամբ խաչակնքեց երեսը և ասաց վճռական կերպով.

— Ես էս ա, մում եմ ետ դնում Թելեթի ս. Գևորգի հմար, մեռնեմ նրա սուրբ զորութենին։

Նա վեր կացավ, շտապելով փռեց լվացքի վերջին կտորները և ներս գնաց սենյակը։ Սկեսուրը հետևեց նրան։ Նատոն չուստերը թողեց ցեխոտ հատակին, բարձրացավ թախտը, պատի մեջ գտնված պահարանից հանեց երկու դեղին մեղրամոմ, զգուշորեն, որպեսզի թախտի տախտակները չճռճռան ոտի տակ, մոտեցավ քնած ամուսնուն, մոմերը պտույտ տվեց նրա գլխի վերևը, հետո նույն զգույշ քայլերով իջավ, հագավ չուստերը և մոմերը տարավ դրեց բուխարու գլխին, ուր երևում էին ամեն շաբաթ գիշեր վառվող մոմերի սևացած հետքերը։

* * *

Հիվանդը տնքաց և շարժվեց վերմակների տակ։

Պառավը մոտեցավ նրան.

— Սաքո՞ւլ։

— Հը՛։

— Զարթուն ե՞ս։

— Հա։

— Գնացի ախր բացանողի մոտ։

Սաքուլը վերմակների ծայրերը ետ քաշեց երեսից և հետաքրքրությամբ նայեց մոր աչքերին.

— Հա-ա՜։ Ի՞նչ ասեց։

Նրա կարմրատակած թաց երեսից և տենդոտ, պլպլացող աչքերից երևում էր, որ քնի մեջ կազդուրիչ քրտինք էր եկել։

— Վո՛ւյ, էդ ի՛նչ լավ ա ըլել, Սաքուլ ջան, հրեդ քրտինք ա էկել,— մոտ վազելով բացականչեց Նատոն ուրախացած և, իսկույն իր գլխի սպիտակ աղլուխն առնելով, սրբեց ամուսնու երեսի քրտինքը։— Բաց չըլես, Սաքուլ ջան, բաց չըլես,— ավելացրեց նա և սկսեց տապտպել վերմակների ծայրերը նրա շուրջը։— Ընենց լավ իմացել ա, Սաքուլ ջան, որ արմացք։ Ազի ջան, մի պատմի, է՛։

Պառավը ծալապատիկ նստեց որդու մոտ և սկսեց ավելի մանրամասնորեն պատմել բացանողի գուշակությունները։

Նատոն նստել էր մարդու ոտների մոտ և շարունակ նայում էր նրա դեմքին, կարծես ստուգելու համար, թե բացանողի ճիշտ գուշակությունն արդյոք նրա՞ն ևս նույն զարմանքն ու հիացմունքն է պատճառում, ինչ որ իրեն։

Սաքուլը լսում էր լուռ և, ըստ երևույթին, անտարբեր․ միայն չորացած շրթունքներն էր լպստում։

Փոքրիկ աղջիկը մի ոտով օրորում էր օրորոցը և տիկնիկ էր խաղում։ Այդ տիկնիկն ինքն էր շինել, մի տափակ կոճակի վրա սպիտակ փալաս էր փաթաթել, կոճակը կարի սև թելով կապկպել էր մի փոքրիկ փայտի ծայրին, փայտին հագցրել էր դերիայի պես իր ձեռքով կարած մի փոքրիկ տոպրակ, և տիկնիկը կազմ ու պատրաստ խաղում էր նրա ձեռքին։ Նրա տիկնախաղն էլ պարզ էր, ինչպես իր տիկնիկը․ շրթունքներով ճղճղացնում էր պարերգի պես մի բան և ձեռքերով պար էր ածում տիկնիկը թախտի վրա։

— Հըմի ի՞նչ ես ասում, որդի ջան, գնում ե՞նք Թելեթ, թե չէ,— հարցրեց պառավը պատմությունը վերջացնելուց հետո։

— Ընչո՞վ գնանք, է՛,— ասաց Սաքուլը։— Տասը շայի չունեմ, որ հիվանդանոցումը տամ, Թելեթ ո՞նց գնանք։ Էլի քիչ-քիչ մի էրկու թուման հերիք չի։

— Ի՜, Սաքուլ ջան, ըտենց մի ասի, խաչը կնեղանա։ Էրկու թումանն ի՞նչ ա, որ չես կարա միկից ճարի։ Կգնաս, աստծու օղորմութենով կլավանաս, կգաս կբանես, սլարտքդ էրկու շաբթումը կտաս։

Սաքուլը երկար ժամանակ չէր համաձայնում նոր պարտք անելու, քանի որ արդեն բավական հին պարտքեր ուներ վճարելու։ Բացի դրանից, նրա վիճակը տեսնելով, ո՞վ էր գժվել պարտք տալու նրան։

— Տունդ գրավ դի, գլուխը քարը, տունը ջանիցդ խո լավ չի՞,— ասաց Նատոն։

— Դու էլ բան ասացիր,— նկատեց Սաքուլը ջղայնացած։

— Բալքի չլավացա, մեռա, ընչո՞վ եք թափելու։ Հաց շատ կճարեք, ա՛յ, ուտելու, որ տան քրեհ էլ քաշեք։ Էս մի քնձռոտ տունն ա էլի՛, թողեք էս էլ ա մնա ձեզ, որ քուչումը չմնաք։

— Էհ, ընչե՞ր ես ասում, Սաքուլ ջան, որդի ջան,— բացականչեց պառավը մեղմ կշտամբանքով։— Էդ ի՞նչ ասելու բաներ են, որ ասում ես։ Մի քիչ էլ մեզ խեղճ արի, է՛, սիրտներս կրակ ես գցում, փթոթում։

Եվ պառավի բարի վշտահար աչքերը թաց եղան։

— Դա ըսկի աստված ունի՞ որ,— բեկբեկ ձայնով արտասանեց Նատոն և գլխի աղլուխի ծայրը սեղմեց աչքերին։

Մի րոպե սենյակում ճնշող լռություն տիրեց։ Լռել էր նույնիսկ փոքրիկ աղջիկը և, տիկնիկը գոգին դրած, երեխայական հետաքրքրությամբ նայում էր տատին, մորը, հորը...

— Լավ, էս մեկն էլ թող ձեր ասածն ըլի,— վերջապես համաձայնեց Սաքուլը, որ ինքն ևս զգացել էր իր վերջին խոսքերի ծանրությունը։

* * *

Երեկոյան դեմ նա գնաց իրեն լավ ծանոթ մի կապալառուի մոտ, որն ամբողջ քաղաքի հյուսների, որմնադիրների և մշակների շրջանում հայտնի էր Սերգեյ Ստեփանիչ կամ պարզապես աղա Սերգո անունով։

Սերգեյ Ստեփանիչը,— խոշոր արտաքինով, խոշոր բեղերով, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, սև ատլասի արխալուղով, որի վրա հուրհրատին էր տալիս ժամացույցի ոսկի հաստ շղթան,— նստած էր մի նոր հսկայական շինության բակում իրար վրա դարսած հաստ տախտակների վրա, արխալուղի վրայից հագած ամառվա վերարկուի փեշերը գոգին հավաքած, և «տերողորմյան» ձեռքին՝ դիտում էր օրվա վերջին աշխատանքները։ Տասնյակ վարպետներ և մշակներ ղժվժում էին կիսաշեն պատերի գլխին, տախտակամածների վրա, բակի մեջ, ցեմենտի տակառների, ավազի, հողի, ցեխի, գաջի ու կրի կույտերի և բուրգեր կազմած աղյուսների շուրջը։ Մի շատ բարձր պատի գլխին որմնադիրներից մեկը — մի պարսիկ— փափախը գլխին, մայր մտնող արևի կարմիր ճաճանչներով ողողված, համ շարում էր պատը, համ կլկլացնում մի բայաթի շատ ախորժալուր տենորով։

— Ուստա Սաքո՞ւլ,— բացականչեց Սերգեյ Ստեփանիչը։

— Տո, էդ ի՞նչ ա հալդ, էլի հիվանդ ե՞ս։

— Հա, աղա ջան։

— Տնաշեն, բա ո՞նց չլավացար մինչև հըմի։ Ըսկի դեղ-մեղ անում ե՞ս։

— Ընչոր ունեի, դիփ դեղի ու հաքմի տվի ու, ես ի՞նչ գիտեմ։ Էս անտեր ցավը մտել ա ջանս, դուրս չի գալիս։

— Բա ըսկի չե՞ս բանում։

— Թե որ լավ եմ ըլում, ընչի՞ չէ, մին-մին բանում եմ, համա դե մին-մին բանելով ի՞նչ կըլի։ Մի տուն օղլուշաղ պահելը դժար ա, աղա։

— Այ, թե ուզում ես, բան շատ ունեմ, ըստեղ էլ, ուրիշ տեղ էլ, արի բանի։

— Ուզում եմ, ո՞նց չեմ ուզում, աղա. այ, սրանց որ տեսնում եմ (Սաքուլը ձեռքով ցույց տվավ շուրջը), ջանս կրակ ա ընկնում, համա որ էս անտեր ձեռներումս հարաքաթ չկա։

— Բա ընչի՞ ես եկել։

— Եկել եմ, որ...— կմկմաց Սաքուլն աչքերը վայր թողնելով և չվերջացրեց։

— Որ էլի փող ուզես, չէ՞։

— Հա, աղա ջան, — արտասանեց Սաքուլը՝ խեղճ-խեղճ նայելով նրան։

— Բա էն առաջվա տասը մանեթը։

— Դե էն առաջվա տասը մանեթն էլ... դե, իհարկե,— նորից կմկմաց Սաքուլը և ավելացրեց,— թե որ...

— Ի՞նչ թե որ։

— Թե որ... ես ի՞նչ գիտամ, գրավ կուզես...

— Ի՞նչ գրավ։

— Դե գիտաս էլի, աղա ջան, մի տուն ունեմ...

— Տո՜ւն էլ ասում ա։— Սերգեյ Ստեփանիչն անկեղծ զվարճությամբ ծիծաղեց, կայտառ պատանու պես վեր թռավ տեղից և ձեռքով թափ տվավ քամակը:— Տո, տանդ որ մի քացի տամ, շուռ կգա։ Բան ունես, բան ասա։

— Դե, ի՞նչ ասեմ, աղա, էդ ա, ինչ որ ունեմ։ Ուզում ես՝ առ, չես ուզում՝ ասա գնա Քուռն ընկի։ Ուրիշ ճար չունեմ, աղա։

Սերգեյ Ստեփանիչը նորից ծիծաղեց։

— Վա՛յ, խե՛ղճ իմ Սաքուլ, ի՛նչ լավ մարդ ես,— ասաց բարեսրտությամբ խփելով նրա ուսին։— Դու ինձ էս ասա, էլի ինչքա՞ն ես ուզում։

— Էլի որ մի քսան մանեթ տաս, աղա...

— Քսա՞ն մանեթ։ Տո, քսան մանեթն ի՞նչ ա. քսան մանեթին մեկ փչեցի, հանգավ,— շարունակեց ծիծաղելով Սերգեյ Ստեփանիչը։

— Դե, հլա քսան մանեթ էլ հերիք ա, աղա,— նրա խոսքերից սրտապնդված ասաց Սաքուլը,— ու թե որ վերջը...

Սերգեյ Ստեփանիչը հանկարծ լուրջ դեմք ընդունեց։

— Է՛, էդ չըլավ, էդ չըլավ, ուստա Սաքուլ,— շտապեց ընդհատել նրան։— Քսան մանեթն էլ որ տալիս եմ, Սաքուլ ջան, հոգուս խաթեր եմ տալիս, չունքի լավ մարդ ես, լավ ուստա ես, ինձ հմար շատ ես բանել, համ էլ խմող չես։

— Աստված քեզ երկար կյանք տա, աղա ջան։ Ես էլ քու հացը շատ եմ կերել, շնորհակալ եմ. դե ինչ ասեմ, աղա ջան, թե որ լավացա, չմեռա, էն ես գիտամ էլի։

— Դե, հըմի մի քիչ սպասի, հրես շաբաշ կանեն, կգնանք ինձ մոտ մի վեքսիլ կգրենք յառսուն մանեթի,— էն առաջվա տասը մանեթն էլ հետն եմ ասում,— ու վերջը, երբ որ կլավանաս կամ փողը կտաս, կամ փողի տեղ կբանես։ Հը, լավ չեմ ասո՞ւմ,— հարցրեց Սերգեյ Ստեփանիչը, տեսնելով, որ Սաքուլը, վեքսիլի անունը լսելով, մի քիչ մտատանջության մեջ ընկավ։

— Դե ոնց որ ուզում ես, աղա ջան,— ասաց Սաքուլն ականջի հետևը քորելով։

— Չէ, դո՞ւ ոնց ես ուզում։ Վեքսիլ նրա հմար եմ ասում, որ տան գրավը ղալմաղալ բան ա — էլ նատարիուս, էլ կուպչի, էլ պոշլինի,— օրեր կքաշի, համ էլ անմեղ տեղը ծախսեր կգնա։

— Լավ, թող վեքսիլ ըլի,— համաձայնեց Սաքուլը։

* * *

Հետևյալ օրն ևեթ Նատոն մի քանի արշին սպիտակ միտկալ գնեց, շապիկ կարեց և հագցրեց Սաքուլին արխալուղի վրայից, իսկ մի քանի օրից հետո «թելեժկեն» բարձած, իրենք էլ երեխաներով վրեն նստած՝ առավոտյան վաղ բռնեցին Թելեթի ճանապարհը։ «Թելեժկի» հետևը ոտներից պինդ կապկապած՝ պառկած էր մատաղացու ոչխարը և գլուխը դրած «թելեժկի» ճռճռացող տախտակներին՝ իր ոչխարամիտ հայացքով նայում էր հետևից երկար ու մեկ ձգվող արևակեզ փոշոտ խճուղուն։

Երկար քարքարոտ ճանապարհը, «թելեժկի» տատանումը, տոթ եղանակը բոլորովին ուժասպառ արին Սաքուլին, այնպես որ, երբ ճաշի դեմ Թելեթ հասան, մոր և կնոջ օգնությամբ հազիվ կարողացավ իջնել «թելեժկից» և, ոտները քարշ տալով, գնաց նստեց հսկայական ընկուզենու տակ երկայն նստարանի ծայրին։

Նույն ընկուզենու րնդարձակ հովանու տակ քառակուսի տախտակամածի վրա հավաքված էին զուգված-զարդարված մի խումբ տիկիններ, օրիորդներ և դպրոցական տղաներ ու աղջիկներ թիֆլիսեցի հարուստ բազազների, բախկալների ու գինեվաճառների ընտանիքներից, որոնք ծառաներով ու աղախիններով եկել բռնել էին վանքի ամենալավ սենյակները ոչ այնքան իբրև ուխտավոր, որքան իբրև ամառող։ Նույն տեղը առանձնակի նստած էին իրար կողքի գյուղի երկու քահանաներ, ամեն մեկի ձեռքին մի հովանոց, և աչքերը քաղցած գայլերի պես տնկել էին դեպի ուխտավորների բնակարանների երկայն պատշգամբը, որտեղ աղախինները և ծառաները սուրճի պատրաստություններ էին տեսնում սպիտակ սփռոցներով ծածկված սեղանների վրա։

Վանահայրը — խոզ կտրած մի վարդապետ, կապայով և թասակը գլխին — իր բնակարանի պատշգամբում, զանգակատան տակ, նարդի էր խաղում ուխտավոր ընտանիքներից մեկին պատկանող մի երիտասարդի հետ։

— Դուք գնացեք համբուրեցեք, մինչև ես տեղաշորը կգցեմ ու բարգն էլ տուն կածեմ,— ասաց Նատոն սկեսորն ու ամուսնուն։

Պառավն առավ Սաքուլի թևը, մտան եկեղեցի, մոմ վառեցին, համբուրեցին, ծունր դրին, աղոթք արին, դարձյալ համբուրեցին, «պահպանիչ» ասել տվին քահանաներից մեկին, որը շտապել էր ներս մտնել եկեղեցի նրանց հետևից։ Այդ բոլորը տևեց այնքան երկար, որ երբ դուրս եկան, Նատոն բացանողի պատվերի համաձայն, արդեն անկողին էր պատրաստել եկեղեցու տակ, հետևի կողմը և հետները բերած իրեղենները թափել էր դատարկ սենյակներից մեկում։ Ծծի երեխան լաց էր լինում փոքրիկ աղջկա գոգին, որը օրորելով և «սը-սը» անելով ապարդյուն աշխատում էր լռեցնել նրան։

Եկեղեցուց դուրս գալուն պես Սաքուլը պառկեց անկողնում։

Մայրը թողեց նրան և գնաց հարսին օգնելու, որ սենյակը կարգի դնեն։

Սենյակը խոնավ և աղտոտ էր: Այդ և հետևյալ օրը գիշեր-ցերեկ Սաքուլը պառկած էր անկողնում եկեղեցու պատի տակ։ Գիշերները նրա մոտ նստած հսկում էր մայրը համարյա անքուն։ Բարեբախտաբալւ այդ երկու օրը եղանակը լավ էր, և Սաքուլը բավական լավ էր զգում իրեն։ Երկրորդ օրը առավոտյան մատաղը մորթեցին։ Ամենալավ կտորները և մորթին տարան վանահայրը, տերտերները, տիրացուն և ժամկոչը, մնացածից շատը բաժանեցին հարևան ուխտավորներին, իսկ մսաջուրը տարան գյուղի բոկոտն երեխաները և կանայք, որ հավաքվել էին հազար ու մի տեսակ ամաններ ձեռքներին։

Օրը տոթ էր, շունչ քաշել չէր լինում։ Երեկոյան դեմ երկինքը թխպեց, արագորեն սևացավ, հրեղեն կայծակներն սկսեցին պատռել ամպերի կուրծքը նախ հեռավոր ու խուլ, հետո ավելի ու ավելի մոտեցող և ուժգին որոտումներով. օդը սկսեց շարժվել և ցրտել. հետո հանկարծ այնպիսի մի ուժգին փոթորիկ բարձրացավ շրխկոցով ու թրխկոցով, որ երկինք ու երկիր խառնվեցին իրար փոշով ու աղբով։ Մի ինչ-որ ցուրտ բան, կլորիկ ու պստիկ, հրացանի կոտորակի պես թրխկաց Սաքուլի երեսին, որ վերմակի տակ պառկած դիտում էր մոլեգնած բնության այդ արհավիրքը։ Մի կոտորակին հետևեց երկրորդը, երրորդը... ավելի ու ավելի հաճախ ու խոշոր։ Սաքուլը շտապեց շուռ գալ կողքի և գլուխը ծածկեց վերմակի տակ։ Նույն րոպեին զգաց, որ կարկտախառն անձրևը թակում է վերմակը։ Նատոն ձեռաց վազացրեց մի մեծ կապերտ և ձգեց նրա վրա։ Պառավն էլ մի երկու տոպրակ բերեց և ձգեց կապերտի վրա։

Սաքուլը կուչ էր եկել այդ ծանրության տակ, ճնշվելով օդի պակասությունից, և ականջ էր դնում, թե ինչպես կարկտախառն հորդառատ անձրևը շփշփոցով թակում էր տոպրակներն ու կապերտը, թե ինչպես երկինքը գոռգոռում է ահեղագոչ որոտումներով համարյա թե անընդհատ, թե ինչպես հառաչում ու շառաչում էին ընկուզենին ու մյուս ծառերը փոթորկի ուժգին թափահարումներից։ Նա զգաց, թե ինչպես անձրևի ջրից գոյացած մի առվակ ծլլալեն ներս խուժեց բարձի վրայով, անախորժ սառնությամբ սողաց ականջի մոտով և սկսեց գուբ կապել տակը, ծծվելով ներքնակի մեջ։ Առվակներ էին, որ վազում էին անկողնի կողքերից։

Կինն ու մայրը, հորդահոս անձրևի տակ թրջվելով, շփոթված, չէին իմանում ինչ անեն։ Բացանողը պատվիրել էր որ հիվանդը երեք օր ու գիշեր պետք է պառկած մնա խաչի տակ բացօթյա, մինչդեռ երեք օր ու գիշեր դեռ չէր լրացել, իսկ հիվանդին այդ հորդահոս անձրևի տակ թողնել անկարելի էր։

— Աղջի, վեր առնենք տուն տանենք,— ասում էր պառավը։

— Բա որ իրեք օրը չի թամամել,— առարկում էր Նատոն։ — Աղջի, բա էս անձրևը չես տեսնո՞ւմ։

— Դե ասում եմ որտեղ որ ա՝ կկտրի։

— Ո՞րդիան կկտրի, աղջի, տես, է՛, ոնց ա հուրհրատում։

Հիրավի, անձրևը կարծես միտք չուներ կտրվելու։ Այժմ կարկուտն էլ անձրևի էր փոխվել, և ջրերը թափվում էին այնքան հորդ ու առատ, որ նրանց թանձրության մեջ երկնքի փայլատակումները հազիվ էին լուսավորում մթագնած երկիրը։ Երկնքի համարյա անընդհատ որոտի ձայները, անձրևի շփշփոցը, մոտակա ձորակի միջով վազող ջրերի քչքչոցը և ծառերի շառաչը միախառնվելով՝ այնպիսի մի ժխոր էին բարձրացրել, որ իրար մոտ կանգնած հարս ու սկեսուր հազիվ էին լսում իրար ձայնը։

Սաքուլը, անկողնու մեջ կուչ եկած, զգում էր, թե ինչպես այս ու այն կողմից ներս ծորացող առվակները շատանում են, և վերմակն անձրևի ջրերից թրջված տոպրակներից ու կապերտից հետզհետե խոնավանալով ճնշում էր իր վտիտ մարմինը։ Օդ չկար, որ շնչեր և շնչածն էլ բաղնիքի տաք գոլորշու պես մի բան էր, որից քիչ էր մնում խեղդվեր։ Տեսնելով, որ այլևս չի կարողանում դիմանալ, վրայի ծանրությունը մի կողմ շպրտեց և նստեց անկողնում։ Այժմ անձրևն սկսեց թակել ուղղակի նրա գլուխն ու մեջքը։

— Տո, բա դուք աստված չունե՞ք. ինձ խո սպանեցիք ըստեղ,— կանչեց նա։

Կինն ու մայրը շտապեցին նրան վեր կացնել և հորդահոս անձրևի տակ մի կերպ տեղափոխեցին սենյակ։

* * *

Երեք օրվա ուխտն արդեն կատարված էր, թեև Սաքուլը երրորդ օրվա գիշերը չէր անցկացրել բաց երկնքի տակ։ Չորրորդ օրը «թելեժկեն» քաղաքից եկավ, որ մեր ուխտավորներին տուն տանի։ Սաքուլին պառկեցրին «թելեժկի» մեջ ուժից բոլորովին ընկած։ Ճանապարհին մի գլուխ բղավում էր կողերի մեջ զգացած անտանելի ծակոցներից. դադարում էր բղավելուց այն ժամանակ միայն, երբ հազը բռնում էր։ Հազում էր չոր ու թույլ, որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս գալիս։ Երբեմն պարզապես շնչասպառ էր լինում։ Մայրն ու կինը նստած էին կողքին և հետները վերցրած գինու շշից երեսին ջուր էին ցրցամ տալիս, որ շունչը ետ բերի։

* * *

Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը, գլուխը կապած սպիտակ փաթաթանով, որի տակից դուրս են պրծել երկարացած մազերը և, քրտնքից ու կեղտից թաղիք դարձած, կպել ոսկրացած քունքերին։ Դեմքին մնացել է միայն քիթը խոշոր ու սուր, և աչքերը, ահագին ու պսպղուն ապակու պես, նայում են բաց դռնով դեպի դուրս։ Այնտեղ ամառվա միջօրեի արևը հրաշեկ ճառագայթներով կիզում է դիմացի տան պատը և այն աստիճան շողշողում, որ ուղիղ նայելիս մարդու աչքերը ցավում են։ Ուղղակի դռան առջև, ստվերի մեջ նստած է փողոցի պառավ շունը և, կարմիր լեզուն հանած, հեթեթում է տապից։ Սաքուլը բարձն ի վեր կիսանստած, անթարթ նայում է դուրս բթացած հայացքով և ծանր շունչ քաշում։ Երկու օր է, որ կողերի մեջ այլևս ծակծկոցներ չի զգում. հազն ևս քչացել է. բայց այնտեղ, ներսը, ինչ-որ տարօրինակ դատարկություն է զգում. կարծես թոքը, սիրտը և ամբողջ փորոտիքը հանել դուրս են թափել։

Անհուն վիշտը ցամաքած դեմքին՝ մայրը նստած է մեռնող որդու կողքին և թաշկինակով քշում է ճանճերը նրա դեմքից։ Նատոն օրորոցի մոտ չոքած՝ ծիծ է տալիս երեխային և հուսահատ հայացքով անթարթ նայում սենյակի պուճախին, որտեղ աններկ գաջն առատորեն ծծել է գետնի խոնավությունը և տեղ-տեղ թափվել։ Նրա հայացքը ցույց է տայիս, որ նա առաջուց արդեն հաշտվել է անխուսափելի թշվառության հետ։ Թախտի վրա, լուսամուտի առջև չոքած է փոքրիկ աղջիկը և աշխատում է բռնել ապակիների վրա բզզացող ճանճերը։

Ծանր ու չարագուշակ լռություն է տիրում սենյակում և դուրսը։ Այդ լռությունը խանգարում է խառ թութ ծախող մի կինտո, որը թաբախը գլխին և կշեռքն ուսին՝ անցնում է դռան մոտով և իր առողջ թոքերի ամբողջ թափով աղաղակում. «Թութա՛, թութա՛, ախառի՛ թութա»։ Նա մի րոպե կանգ է առնում բաց դռան առջև, նայում է ներս, իր թավ ձայնով հարցնում՝ «խառը թութ չեք ուզո՞ւմ» և, տեսնելով, որ պատասխան չի ստանում, շարունակում է ճանապարհը կշեռքը շխկշխկացնելով և փողոցն աղմկելով իր հուժկու կանչով։ Ու կյանքի առօրյան հիշեցնող այդ կանչր, մի րոպե վանելով մահվան ուրվականը, լսվում է մի առժամանակ ևս, մինչև որ հետզհետե խլանալով լռում է վերջապես, և մահվան ուրվականը նորից գալիս է իր փսփսուքը տարածելու մեռնողի սենյակում առաջվանից ավելի ծանր ու չարագուշակ լռության մեջ։

Հիվանդն այժմ պառկած է աչքերը փակ, և եթե ծանր հևքը չլինի, տեսնողը կկարծի, թե մեռած է։ Պառավ մայրն անհանգստացած՝ աչքը չի հեռացնում նրա դեմքից. նրա գլուխը սաստիկ շարժվում է. ըստ երևույթին, ուզում է ինչ-որ ասել, բայց չի համարձակվում։ Վերջապես դադարում է ճանճերը քշելուց և, խոնարհվելով որդու դեմքի վրա, շշնջում է անհամարձակորեն.

— Սաքուլ ջա՞ն...

Սաքուլը կամաց բաց է անում աչքերը և նայում նրան։

— Ի՞նչ կըլի, որ տերտերին իմաց տանք։

— Տո, էլի տերտե՞ր,— բացականչեց Սաքուլը զայրույթի այնպիսի հանկարծական բռնկումով, որ մայրն էլ, կինն էլ ապշեցին, թե ո՞րտեղից նա, որի ձայնը մինչև այժմ հազիվ էր լսվում, հանկարծ այդպիսի մի ուժ հավաքեց իր մեջ։— Տո, ձեր տերտերն ու խաչը չէ՞ր, որ ինձ էստեղը հասցրին... էլ ի՞նչ եք ուզում ինձանից... թողեք, է՛լի, հանգիստ հոգիս տամ...

Նրա ձայնը հանկարծ կտրվեց, աչքերը լցվեցին արտասուքով, և նա այլևս ոչինչ չկարողացավ արտասանել։

— Դե ես ի՞նչ գիտամ, որդի ջան, ասում եմ բալի...— արտասանեց մայրը կսկծալից և առանց խոսքը վերջացնելու լռեց, որպեսզի այլևս չգրգռի որդուն։

Ու առժամանակ խանգարված չարագուշակ ծանր լռությունը գալիս է նորից թագավորելու մեռնողի սենյակում։

Սաքուլը կամաց-կամաց հանգստանում է և մտառու հայացքը տնկում դիմացի տան արևակեզ պատին։ Երկար լռությունից հետո նրա շրթունքները շարժվում են. ինչ-որ բան է ասում, բայց դժվար է լինում որոշել արտասանածը։

— Ի՞նչ, Սաքուլ ջան,— հարցնում է մայրը, խոնարհվելով նրա դեմքին։

Նատոն, որ դեռևս շարունակում է ծիծ տալ երեխային, դեմքը դարձնում է դեպի նա և ականջը սրում։

— Ասում եմ, փոթրադչիկ Սերգոն,— շշնջում է մեռնողը, ամեն մի խոսքի վրա հազիվ շունչը ետ բերելով,— էն, որ իրեք թուման եմ պարտ... փիս մարդ չի... կըլի, որ չուզի... Համա թե ուզի... յարաղս տվեք... Թե հերիք չանի... քամարս ծախեցեք... հոգիս չծանրացնեք...

Խեղճ պառավ մայրը միանգամայն կարկամում է և չի իմանում ինչ ասի։

Նատոն զգում է, թե ինչպես ամուր մի բան բռնում է բուկը։ Գլուխը դնում է օրորոցի վրա, դեմքը ծածկում կռների մեջ և ամեն կերպ աշխատում է զսպել խեղդող հեծկլտանքը։

Իսկ փոքրիկ աղջիկը շարունակում է մատները շարժել լուսամուտի ապակիների վրա, որ բռնի ճանճերը, և նմանեցնելով կինտոյի կանչին, մեքենայաբար կանչում է կամացուկ՝ «Թութա, թութա՛, ախառի՛ թութա»։