Կայծեր
 ԺԵ
ԺԷ 

ԺԶ

ՍԻՐԱՀԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Մյուս օրը ես զարթեցա խիստ ուշ: Ճանապարհի հոգնածությունը, որ առաջին անգամն էր իմ կյանքում, բաշխել էր ինձ հանգիստ և երկարատև քուն: Ընկերներիցս ոչ մեկը չկար այնտեղ, ես մենակ էի մնացել քնարանում: Իսկույն հագնվեցա և դուրս եկա, որ տեսնեմ ո՞ւր են գնացել նրանք:

Գեղեցի՜կ էր լեռնային առավոտը. ճնճղուկները տակավին չըկչըկում էին վարսագեղ ուռիների վրա, որոնցմով հովանավորված էր որսորդի տնակը, և արևի առաջին ճառագայթներով լուսավորված բակում հավերն ախորժանոք քաղում էին գետնից հունդերի հատիկները, որ ցրվում էր Մարոն:

Դուրս գալով իմ սենեկից, ես առաջին անգամ նկատեցի, որ Ավոյի տնակը թե իր շինվածքով և թե մաքրությամբ համարյա մի պալատ էր, գյուղի մյուս խրճիթների հետ համեմատելով: Նա կանգնած էր գետնի մակերևույթից բավականին բարձր. պարունակում էր իր մեջ մի քանի փոքրիկ սենյակներ, նեղ պատուհաններով, ուր ապակու փոխարեն լուսամուտները պատած էին թղթով: Պատերը թե ներսից և թե դրսից ծեփած էին սպիտակ կավով, որոնք շատ կոկելուց մի առանձին փայլ էին ստացել: Խրճթի մեկ մասը բաժանած էր անասունների համար, այնտեղ զետեղված էին` ախոռը, մարագը և ոչխարների գոմը:

Մարոն ինձ տեսնելով, մոտ վազեց և հեգնական ժպիտը երեսին, ասաց.

— Տե՛ս, նրանք գնացին, քեզ այստեղ թողեցին, ի՜նչ տղա ես, այսքան էլ կքնե՞ն. կասես թե, շատ ճանապարհ է եկել, — մի օր և կես, այն էլ ձիով, — դրա համար հոգնել է... Ծո՛ւյլ: — Ես ոտով մինչև Բարդուղիմեոս գնացի, ինչքան հայրիկն ասաց, ձին չնստեցի, ուխտ էի արած: Երբ այնտեղ հասանք, չես հավատա Ֆարհատ, ողջ գիշերը չքնեցի, հենց պար էի գալիս և թռչկոտում...: Ա՜խ, ի՜նչ լավ էր այն գիշերը, ափսոս այնտեղ չէիր, Ֆարհատ: Ուխտավորները հենց ածում էին, ածում, «ջան գյուլում» ասում, ու խաղում էին մինչև լույս...:

Որքան ինձ ախորժելի էր լսել Մարոյից նրա ուխտագնացության ուրախալի, միևնույն ժամանակ անկապ պատմությունը, այսուամենայնիվ ես անհամբերությամբ նրա խոսքը կտրեցի, հարցնելով, թե ո՞ւր գնացին տղերքը և ինչո՞ւ ինձ թողեցին:

Նա ասաց, թե տղերքը տեսնելով, ես քնած եմ, թողեցին հանգստանալ, իրանք գնացին որսորդության. թե նրանք պատվիրեցին Մարոյին հայտնել ինձ` եթե ես ցանկություն կունենայի մասնակցել որսորդությանը, կարող էի գտնել նրանց Խանա-Սորի ձորի մեջ:

— Կուզե՞ս ասեմ, որ Մըհեն քո ձին թամքե, — հարցրեց Մարոն: — Դու մի բան չե՞ս ուտի, ճանապարհը հեռու է, մինչև Խանա-Սորի ձորը, շատ հեռու է, կքաղցես: Ես հիմա կաթը տաքացրի, սերը քեզ համար պահեցի: Կուտե՞ս բերեմ:

«Քեզ համար պահեցի»... — այս խոսքերը հնչեցին իմ ականջին, որպես քրոջ խոսքեր իրանց բոլոր անուշահոտությամբ: Նա դեռ մտերիմ էր ինձ հետ, որպես առաջ, երբ դեռ երեխա էր, երբ իրանց տանից կերակուր էր բերում մեզ, որը բարի որսորդը բաժանում է իր աղքատ դրացու հետ:

— Բե՛ր, կուտեմ, — պատասխանեցի ես: — Ինչո՞ւ հենց «ինձ համար» սերը, — հարցրի հետո:

— «Լավ է նոր սատանան, քան հին քահանան», — ասաց նա ծիծաղելով: — Կարոն և Ասլանը էլ այնքան երեսի տեղ չունեն, Սագոն խո զահլա է տանում. ես նրան համբերել չեմ կարող: Բայց մենք վաղվա ընկերներ ենք, այդպես չէ՞, Ֆարհատ:

— Ես այդպես չէի մտածում, ես մտածում էի, երբ Մարոն ինձ տեսնե, կասե, դու իմ ընկերը չես, դու ինձ ծեծում էիր, երբ երեխա էի:

— Ի՞նչ անենք, ես էլ Մարիամին ծեծում էի, մի օր երեսը ճանկռտեցի, արյուն դուրս եկավ. հիմա այնքա՜ն ուզում եմ, այնքան ուզում եմ, որ նրան տեսնեմ: Նա հիմա ինձ չի կանչի «բոշա». նա հիմա խելոքացել է, չէ՞, Ֆարհատ:

— Ավելի, քան Մագթաղը: Բայց դու Մագթաղին շատ էիր սիրում:

— Մագթաղը խեղճ երեխա էր, Մարիամը գազան էր. ա՜խ, աստված, մեկ օր չէր անցնի, որ մենք մեկ մեկու պատահելիս` չկռվենք: Ի՜նչքան հիմարներ էինք մենք...:

Վաղեմի հիշողությունները զարթնեցրին նրա մեջ տխուր զգացմունքներ, և ուրախ աղջկա պայծառ երեսը մռայլվեցավ սև թախիծներով:

— Ա՜խ, ի՜նչ լավ էր Սալմաստը, Ֆարհատ, այն այգիները, այն պարտեզները... Այստեղ, այս սարերի մեջ մանր թուփերից ավելի ոչինչ չես տեսնի: Ա՜խ, ի՜նչ լավ էր այնտեղ:

— Օ՜հ, ես իստակ մոռացա քո նախաճաշիկը... — ասաց նա և վազեց դեպի մերձակա սենյակը:

Ես մտա քնարանը, որ միևնույն ժամանակ տանուտիրոջ հյուրանոցն էր: Խաթունը, ծերունի որսորդի տնակալուչ պառավը, արդեն հավաքել էր իմ քնաշորերը և սենյակը սարքել էր: Պառավի հնացած աչքերը չկարողացան ճանաչել ինձ. նա խիստ կարճատես կերպով նայեց իմ երեսին, ինչ-որ փնթփնթաց քթի տակից, և դողդոջուն քայլերով դուրս գնաց:

Քանի րոպեից հետո, փոքրիկ փայտյա մատուցարանի վրա դրած, Մարոն ներս բերավ իմ նախաճաշիկը, որ բաղկանում էր սերից խառն մեղրի հետ. ես սկսեցի ուտել սպիտակ լավաշներով: Մարոն կանգնած էր իմ մոտ և պտտեցնում էր յուր «թեշին»: Կարծես, այն գեղեցիկ մատները չէին սովորել անգործ մնալ:

— Ֆարհատ, դու շուտով չես գնա մեր տանից. այդպես չէ՞, — հարցրեց նա շարունակելով «թեշին» պտտեցնելը: — Ի՜նչ վատ բուրդ է, սատանան տանե, որքան աշխատում ես բարակ մանել, գլուխ չէ գալիս:

— Դու ուզո՞ւմ ես, ձեզ մոտ մնամ:

— Ինչո՞ւ չեմ ուզում: Բայց այստեղ լավ չէ գյուղումը. ես հայրիկին կասեմ մեզ տանե «օբան», այնտեղ լավ է, շա՜տ լավ է չադրների մեջ: Առավոտյան վեր ես կենում, մտիկ ես տալիս չորս կողմդ, ամեն տեղ կանաչ է, ծաղիկները վառվում են ուլունքների նման, գառները, ոչխարները թրթռում են դեպի արոտները...:

Սույն միջոցին հայտնվեցավ Մըհեի վիթխարի կերպարանքը, նա կիսով չափ կռանալով, անցավ դռնից և կանգնելով շեմքի մոտ, ասաց.

— Ձին հազիր է, — և ծուռը կերպով նայելով Մարոյի երեսին, դուրս գնաց:

Ես հրացանս քաշ տալով ուսիցս, պատրաստվեցա ճանապարհ ընկնել:

— Դու ճանապարհն իմանում ե՞ս, — հարցրեց Մարոն:

— Չեմ իմանում, բայց կգտնեմ:

— Դժվար է: Ես քեզ կհասցնեմ մինչև «Ծակ-քարը», այնտեղից ուղիղ ճանապարհ կա մինչև Խանա-Սորի ձորը:

— Հետո դու կարո՞ղ ես մենակ ետ դառնալ:

— Ես գիշերն էլ չեմ վախենում, երբ սարերի վերա մենակ ման եմ գալիս, — պատասխանեց նա ժպտալով:

— Բայց ինձ այն ասա՛, նրանք ձիո՞վ գնացին:

— Չէ՛, ոտով:

— Ես ինչո՞ւ չեմ գնում ոտով: Մըհե, ինձ պետք չէ:

— Ձի՜ն պետք չէ՛... — կրկնեց վիթխարին, դժդոհությամբ իմ երեսին նայելով: — Էդ պետք էր առաջ փիքր անել և սատանայի տանջանք չտալ մարդուն...:

— Նա գի՞ժ է, ի՞նչ է, — հարցրի Մարոյից, երբ ծառան հեռացավ:

— Նա շատ լավ մարդ է, բայց կտրաքվի, թե մի բանի վրա չխոսա, երբ նրան դուր չէ գալիս:

Մի նեղ շավիղ, որ տանում էր դեպի Ծակ-քարը, ոլոր-մոլոր պտույտներով անցնում էր բլուրների միջով, անդադար դեպի վեր բարձրանալով և դեպի վայր իջնելով: Մարոն հագած ուներ մի պարզ, խայտաճամուկ զգեստ, որը կարելի էր տեսնել քուրդ հովվուհիների հագին: Նրա սև գանգուրները գեղեցիկ կերպով ծածանվում էին բարակ քամուց, որ փչում էր ծովակից: Ամենահամարձակ այծյամն այնպես թեթև, այնպես հանդուգն չէր կարող թռչել այն քարաժայռերի միջով, որպես Մարոն: Լեռնային օդը և շտապ ճանապարհորդությունը ազդեցին մանուկ օրիորդի երեսի վրա, և նրա արևից այրված թուխ-թավիշյա թշերը ստացան մույգ — վարդագույն պայծառություն:

Ես բոլորովին հիացած էի այն կիսավայրենի լեռնաբնակի սիրուն և վայելուչ կազմվածքով, որ այնքան առաձգական էր և թեքուն: Ես երբեք երևակայել չեմ կարող այնպիսի գեղեցիկ աչքեր, մե՜ծ սևորակ աչքեր, հովանավորված խիտ թերթերունքով, այնպիսի գեղագրական հոնքեր, որոնք միանում էին խոտորնակի գծերով: Ո՜րքան ինքնավստահություն կար նրա համարձակ շարժվածքների մեջ. ո՜րքան կյանք կար այն բնության ազատ և հավատարիմ զավակի մեջ...: Ես իմ մտքում նրան համեմատում էի գեղեցիկ Սոնայի հետ, որի ամեն մի գծերից արտահայտվում էր ընտանեկան բռնությունից ճնշված և տանջված աղջկա երկչոտ-ամոթխածությունը... Մե՜ծ տարբերություն...:

Մի տեղ, ճանապարհի կողքին, կուտակված էր փոքրիկ բլուր, որ բաղկանում էր քարերի մանր կտորներից. հասնելով այնտեղ, Մարոն առեց գետնից մի քար և նետեց նույն բլուրի վրա: Ես հարցրի այս խորհրդական գործողության պատճառը: Նա պատասխանեց, թե այս բլուրին ասում են «սիրահարի գերեզման» և պատմեց մի հին ավանդություն, որպես թե, մի տղա և մի աղջիկ միմյանց շատ սիրելիս են եղել. հայրը չէ ուզեցել յուր աղջկան տղային տալ. նրանք միաբանվում են, և տղան մի գիշեր փախցնում է իր սիրուհին: Հայրն իմանում է, աղջկա ետնեն է ընկնում, և այս ձորի մեջ բռնելով առանց մի խոսք ասելու իր խենջարը խրում է նրա սիրտը և սպանում է: Տղան այս տեսնելով, չէ կարողանում համբերել իր կսկիծին, և մի ժայռի գլխից իրան վայր է գցում և մեռնում է: — Մարոն ցույց տվեց բարձր ժայռը, որի մոտ նույնպես կուտակված էին մանր քարերի կտորտանք: — Աղջկան թաղում են այնտեղ, ուր թափվել էր նրա արյունը, իսկ տղային այնտեղ, ուր ընկած էր նա ժայռից: Այն օրից նզովք էր դրվել, որ ամեն մի ճանապարհորդ, այնտեղից անցնելով, մի քար գցում է նրանց գերեզմանի վրա, ի նշան այն նախատինքին, որով այն աղջիկը մրոտեց իր հոր և մոր անունը:

— Դու էլ այն աղջկան վա՞տ ես համարում, որ քարկոծում ես խեղճի գերեզմանը, — հարցրի ես:

— Մեկ աղջիկ, որ ուրիշ տղայի ետնեն է ընկնում, այդ վատ չէ՞ — հարցրեց նա պինդ ձայնով:

— Ապա ի՞նչ պետք է անե, երբ սիրում է տղային: Սիրելն ինչով է վատ:

Նա սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր ինձանից մի հիմար խոսք:

— Աղջիկն ի՞նչպես կարող է սիրել տղային, երբ հերն ու մերը ատում են: Հա՛ թող սիրե, այդ ոչինչ, նրա կամքով խո չէ՞, որ օտարի տղայի ետևից թրև է գալիս: Ամոթ չէ՞:

Ես ուզեցի հերքել նրա ասածը, բայց նա իմ խոսքը կտրեց, և մի կծու խոժոռմունք գործելով յուր գեղեցիկ երեսի վրա, ասաց.

— Է՜հ, դատարկ բաներ մի՛ խոսի, գլուխս տանում ես...:

Նա վազեց առաջ:

Ճանապարհը Մարոյի համար սովորական լինելով, չէր զգում նրա երկարությունը: Ես համարյա թե հոգնեցա: Բարձրանալով բլուրի գագաթին, նա կանչեց.

— Դիբո՜, Դիբո՜:

Նրա զիլ և ձգական ձայնը արծաթե հնչյուններով տարածվեցավ հեռու սարերի մեջ:

Հանդիպակած բլուրի ետևից հայտնվեցան մի քանի փոքրիկ կերպարանքներ, որոնք թռչկոտելով և ճիչ բարձրացնելով, վազեցին Մարոյի առաջ: Դրանք երեք կիսամերկ աղջիկներ էին, այնտեղ արածացնում էին Կ. գյուղի ուլերը և գառները: Մարոն բաժանեց նրանց հաց և պանիր, որ բերել էր իր հետ: Փոքրիկ հովվուհիքն ուրախությամբ ընդունեցին առատ նվերը բարերար ձեռքից և իսկույն սկսեցին ուտել:

Ես խոսեցրի մեկին, որին Մարոն կոչում էր Դիբո:

— Ի՞նչ կանես, եթե գայլը քո գառներից մեկը գողանա:

— Սորոն չի թողնի, — պատասխանեց փոքրիկ հովվուհին, խոժոռած աչքերով նայելով իմ երեսին:

— Ո՞վ է Սորոն:

Նա փոխանակ պատասխանելու, երեսը շուռ տվեց, և մատները բերնին դնելով, շվացրուց: Ժայռերի ետևից հայտնվեցավ կապտագույն շուն, որ մազոտ պոչը թափ տալով, վազեց Դիբոյի մոտ և խորին մտերմությամբ սպասում էր նրա հրամանին:

Տեսնելով գազանին, ես ետ քաշվեցա:

— Մի՛ վախիր, — քաջալերեց ինձ Դիբոն: — Սորոյին կասեմ` քեզ չկծե:

Ես ծիծաղեցա: Մարոն գրկեց Դիբոյին, համբուրեց նրա այրված թշերը:

— Այստեղից մենք կբաժանվենք, — դարձա ես դեպի Մարոն:

— Կուզե՞ս, քեզ կտանեմ մինչև Խանա-Սորի ձորը, — ասաց նա ուրախ դեմքով: — Վախենում եմ ճանապարհը կորցնես:

Ես պատասխանեցի, թե այդ խիստ դժվար կլիներ նրա համար, որովհետև արեգակն արդեն սկսել էր այրել, և խնդրեցի միայն ցույց տալ, թե ո՞ր կողմից պետք է գնալ: Նա այնպիսի ճշտությամբ նկարագրեց ճանապարհի ընթացքը, մինչ ես մտածում էի, թե աչքերս խփած կարող եմ գնալ: Երևում էր, այն լեռների բոլոր շավիղները, իրանց պտույտներով, իրանց ելևէջներով նրան ծանոթ էին: Նա գիտեր յուրաքանչյուր ժայռերը, աղբյուները, առվակները: Նա ճանաչում էր մինչև անգամ նշանավոր թուփերը:

Ես հեռացա: Մարոն երկար կանգնած «Ծակ-քարի» գլխին. հետազոտում էր իմ գնացքը, մինչև բլուրները թաքցրին իմ տեսությունից նազելի դեմքը: