Սիրանույշ



Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻՐԵՑՅԱԼ ՄՈՐՍ


ՏԻԿԻՆ ՆԱԶԼԸ ՎԱՀԱՆ

Ողջ էիր, մա՛յր, հորժամ գրեցի զգրքույկս այս զՍիրանույշ։ Զքեզ ընդ երկար ուսումնասիրելե և քու վրադ անհուն հիացմամբ զարմանալե վերջը երբ զքեզ տիպ կընտրեի ճշմարիտ մոր, և երբ ի տիկին Հայնուռ ոչ թե քու խորասույզ միտքդ, ոչ թե քու թափանցող դատողությունդ, ոչ թե քու լուսավորյալ գաղափարներդ կը ջանայի անձնավորել, ալ միայն մայրենի սիրույդ գերագույն բարձրությունը, և անձնվիրությանդ անհուն վսեմությունը, ո՞վ կրնար հավատալ թե օր մի այս նույն գրքույկը անմեռ հիշատակիդ պիտի նվիրեի. ո՞վ կրնար հավատալ, մա՛յր իմ։

Եվ սակայն ծունր դրած հայն վայր իսկ ուր շունչդ ավանդեցիր բազկացս մեջ, և հանդեպ սրբանվեր կենդանագրիդ, կը ձոնեմ քեզ, ո՜վ մայր իմ, ինչ որ որդիական գորովս կրնա նվիրել սուրբ հիշատակիդ՝ այսինքն սրբազնագույն տուրքս առ ճշմարտութուն։ Այո՛, քեզմով ճանչցա ինչ որ մայրությունն հինքն կը պարունակե վսեմություն, զի մեն մի օրդ, մեն մի վայրկյանդ, բոլոր կյանքդ վերջապես քու երկու որդվոցդ պարգևեցիր ամբողջապես։ Չգիտեմ եթե քունիդ մեջ անգամ միտքդ կը հեռանար վայրիկ մը մեզմե։

Ո՛հ, յոթն օրե ի վեր բաժնվեցար դու մեզմե, և այն աղետալի օրեն ի վեր կը մոռնամ թե մայր եմ ես ինքնին, հիշելու համար անընդհատ թե ոչ ևս մայր ունիմ։ Ո՜չ ևս մայր ունիմ…

Մահն հոշոտեց սրտիս գրքեն ամենեն թանկագին և ամենեն գեղեցիկ էջերեն մին. ի՜նչ դատարկություն։ Գուցե հայեցվածքս վարժի օր մի վերջապես այդ զարհուրելի դատարկության, բայց սիրտս պիտի՞ վարժի արդյոք, պիտի՞ ուզե վարժիլ, պիտի կարողանա. երբե՜ք, երբե՜ք։

Մեկնեցար, մա՛յր, հոգիս պատառելով, և թողուցիր ինձ ի փոխարեն օրինակը քու անբիծ կենացդ՝ զոր գովելի և մեծ գործեր զարդարեցին։ Դու գծեցիր ինձ ուղին ուր կը մտնեն աշխատելու, լուսավորելու, օգնելու և ներելու համար։ Իցի՜վ թե կարողանայի, մա՛յր, հառաջանալու այդ գեղեցիկ ճամփուն մեջ՝ ուր դու ընթացար անխոնջ հարատևությամբ։ Իցի՜վ թե հոն ամրապինդ կենայի, և օր մի հելանելս կենաց դոնեն վայրիկ մի հոն կանգ առնելով և անունդ հնչելով՝ հարցնեի քեզ «Հոգի՛դ դու սուրբ, ստո՞ւյգ չէ արդյոք որ քու դուստրդ բոլորովին քեզ անարժան չեղավ»։

Այդ եղանակավ միայն գուցե կարենամ հատուցանել քեզ պարտքս երախտագիտության իմն՝ որ թեև անսահման, ոչ երբեք կրնա հավասարիլ քու բարյացդ ինձ նկատմամբ։

Զգացմունք կը դիզվին, կը խառնվին, կընդհարկանին հոգվույս մեջ՝ ուսկից շփոթ ճիչ մի կը բխի միայն։ Ոհ, եթե սակայն հաջողեի գտնալ բառ մի հայտնելու համար բոլոր այն սերը, վիշտը, սուգը որ զէությունս համայն գրաված է, այդ բառը մեծ պիտի ըլլար իբր զհոգիդ, մա՛յր իմ։

Օ՛ն, ընդունե՛ գորովանոք սրտաբուխ վերջին այս վանկս, սիրո հետին այս ձոնս, զի ոչ այլ ինչ ունիմ քեզ մատուցանելու, ավա՛ղ, մա՛յր իմ պաշտելի։

ՍՐԲՈԻՀԻ ՏՅՈԻՍԱԲ

24 հուլիս 1884

Սան-Ստեֆանո
ՀԱՌԱՋԱԲԱՆ

Սիրանույշ անուն փոքրիկ վեպս՝ ի լույս ընծայելով նպատակ ընտրած եմ դարձյալ ուսումնասիրել և դատապարտել ընկերական անիրավությանց մեկ քանիներն որք զկին կը ճնշեն ամուսնական պայմանաց ներքև։

Ամուսնությամբ ընտանիքը կը կազմվի, ընտանյոք՝ ընկերությունը։ Որչափ ամուսնություններն երջանիկ ըլլան՝ նույնչափ զավակները բարեկիրթ կը հանդիսանան, և նույն համեմատությամբ ընկերությունն ընտիր անդամոք կը ճոխանա։ Ամուսնությունն ընկերության հիմն է ուրեմն, և ամոլից մեջ միաբանությունն ընկերային բարեկարգությունը կը ձևացնե, ինչպես և բարոյականությունը սիրո հիմն կը հաստատե։ Ուր որ սեր չկա՝ պարտականության գաղափարը կա պարզապես, և միայն այդ գաղափարը ամուսնական հարկին ներքև կը ներկայե մարմին մի առանց հոգվո՝ այսինքն կենաց կմախքը։

Դժբախտաբար այսօր ամուսնություններն առավել փառասիրության և վաճռականության խնդիր դարձած են քան թե մտերմական հոդերու նույն ժամանակեն ի վեր որ հրաժեշտ տվինք այն վսեմ դրության, երբ մեն մի մարդ հավատարիմ ընկերուհի մի կորոներ հանդորր յուր կենաց։

Բայց ի՞նչ կը հետևի այս շահախնդիր և առևտրական գործողություններե։ Կը հետևի որ ամոլք օր ըստ օրե երևան կը հանեն իրենց անհաշտ բնավորությունները՝ զորս կամ բաղձանք և կամ ժամանակ չէին ունեցած փոխադարձապես ուսումնասիրելու, և կամ քողարկած էին թաքուն դիտավորությամբ։ Կը հետևի որ սրտերը փոխանակ օր ավուր իրարու հոդերով միանալու, հակակրությամբ իրարմե կը հեռանանք իրարու թշնամի կը դառնան՝ ամուսնական հարկը դժոխքի վերածելով։

Այրը վայելած անսահման ազատությամբն ընտանյաց հատկացյալ ժամանակը տունեն դուրս կանցունե, զվարճությանց, զեխությանց մեջ կը յուղի, քանի որ ո՛չ ընկերային և ո՛չ օրենսդրական արգելք մի յուր ապօրինավոր ընթացքը կը խափանե։ Անբարոյականության բարումներ յուր տունը հետը կը տանի, ու նույն թունալից բարումներով զկին կաղարտե, կընտելացնե մոլության գաղափարին, ու հետո առանց խիղճ ընելու անոր դատավոր կը կանգնի զայն մոլորեցնելեն վերջը։

Ընկերային բարուց գոյությունը միայն մեկ սեռին բարոյականությամբն անհնարին է հաստատել, քանի որ երկու սեռից ջանից միությամբն է, և ի նույն ընտիր կետ նկրտելով է որ ընկերային գործին գեղեցիկ ամբողջությունը կը կազմվի։ Որչափ այր մարդկանց անառակությունները բազմանան՝ նույն չափով պիտի շատնա և անպարկեշտ կանանց թիվը է քանի որ երկու սեռերը անընդհատ հարաբերության մեջ կապրին։

Բազում հեշտասեր հարուստներ կենաց զազիր մթնոլորտին մեջ կապրին, ու կը պահանջեն միանգամայն սիրվիլ ու հարգվիլ իրենց կանանցմե։ Սիրվի՜լ, հարգվի՜լ. զարմանալի հավակնություն, հիմարական երազ։

Սիրվելու համար պետք է սիրել և հարգել։ Իսկ այրն անառակ ո՞ր հանգամանացը վրա կը հիմնե այդ պահանջումը։ Արդյո՞ք մեծափարթամ հարկերուն վրա, որք կնոջն արտասվաց ավանդարանն դարձած են, և որոնց շուրջր կը դիզե բանտապանի ամեն խստություննը` Օթելլոյի կասկածներովն ու նախանձներով անարատ կյանք մի չարչարելով։ Որպիսի դժոխային վիճակ է երբ կին հրեշտակն այր սատանի մի լծակցած է։

Սիրտն զգացմամբ կը շահվի և ոչ թե ոսկվով, և կը ցամքի երբ սիրավառ հոգի մի չի պատասխաներ իրեն։ Կինը սիրտ ու բանականություն է. միով կապրի, մյուսով կը խորհի։ Եթե միտքը հաղթահարե ի վնաս սրտին, մեռած է ի կին անձնվիրության հրեշտակն որ սիրելով գիտե զոհվիլ։

Մարդն այն որ ուղղակի կամ անուղղակի բոնաբարությամբ տիրացած է սրտի՝ որ ազատ չէ, զոհի միայն տիրացած է. հայնժամ վա՜յ այն ամուսնույն։ Մանավանդ վա՜յ այն ծնողաց որք իրենց զավակները մարտիրոս կընեն, դահճի դեր կը խաղան անոնք։

Սիրտն յուր սեփական օրենքն ունի ինչպես ամեն ինչ. զանոնք այլափոխվելու փորձ փորձելն հիմարություն է, քանի որ բնության օրենքն անայլայլելի է։

Գուցե հանդուգն անվանեն զիս դարձյալ այս հայտարարությանցս համար։ Բայց ինչ որ ոմանց համար հանդգնություն է, ինձ համար պարզապես պարտականություն մ՚ է։ Տեսնել չարն և ծածկել զայն հարվածվելու և հալածվելու երկյուղիվ՝ արդարև հոգվո արիություն չի հայտներ։ Մեն մի մարդ որ կը կարծե նշմարել անիրավություն մի և զայն կը լռե՝ ընդդեմ արդարության գողություն կր գործե։

Երբ Մայտան երևցավ, այր մարդկանց շատերն հուզվեցան սաստիկ, և ոմանք ալ գայթակղեցան իսկ։

Ինչո՞ւ սակայն այդ հուզումն, ինչո՞ւ այդ գայթակղությունը։ Եթե հայտնածներս իրավացի են՝ արդարության դատին ծառայած կըլլամ՝ և հայնժամ փոխանակ երկյուղի և ցասման գոհունակություն պետք էր որ ազդեի։ Իսկ եթե խնդրածներս երևակայական անգործադրելի պահանջումներ են, բնավ կարևորություն տալու չէր անոնց, վասն զի իբր ամեն երևակայական ցնորք վաղ իսկ պիտի անհետանային։

Սակայն կան այնպիսի գաղափարներ զորս մտքերը՝ տակավին հասուն չըլլալով, դժգոհության զգացմամբ մի կընդնշմարեն հազիվ հազ, և զանոնք ըմբռնելու կարողություն չունենալով՝ կը բողոքեն անոնց դեմ հաջորդ դարուց թողլով զանոնք ուսումնասիրելու հոգը։ Նոո տեսություն մ՚ որ ընդունված օրինաց, կարծյաց և սովորությանը դեմ կը կանգնի, ընդհանրապես չծառայեր այն դարուն հորում ծնունդ կառնու` քանի որ մտքերն ըստ բավականի հարդարված չեն մինչև անոր հանգամանացն հասնելու։ Քանի՜ դրություններ որք իբր անհնարին հրեշներ նկատվեցան հառաջընթաց գարուց մեջ, և որք սակայն իբր բնական ինչ ընդունված են այսօր։ Վստահ եմ որ նույնը պիտի հանդիպի նաև Մայտայի նկատմամբ, զի ժամանակն և հառաջադիմությունը պաշտոն ունեին նոր գաղափարները հասցնելու։

Սակայն պարտք անձիս կը համարիմ խոստովանելու թե մեծ եղավ գոհունակությունս նկատելով թե երևելի գրագետներ ու լրջամիտ մտքեր, ինչպես և տաղանդավոր գրագիտուհիներ ու ազատասեր ազնիվ հոգիներ ձայնակից եղան ինձ։

Անցնինք ուրիշ խնդրո մի։

Հոռվույն և լավին գիտությամբն է՝ այսինքն մարդկությունն ամեն գույներովը ներկայացնելով է որ կենաց ուսմունքը կստացվի։ Հոռին ծածկելը զայն բուժել չէ, և զայն մատնանիշ ընելը չարը հռչակել չէ, ինչպես ոմանք ուզեցին կարծել, և կամ կարծեցին անկեղծորեն։

Հոռին ճանաչելու է անկե խույս տալու, անոր դիմադրելու և հաղթահարելու համար։ Այդ ընթացքը մտաց կորովը ու սկզբանց հաստատությունը կապացուցանե, այդ է առաքինությունը։ Չարին անտեղյակ ըլլալն անմեղություն է պարզապես, և անմեղության մեջ արժանիք չկա, քանի որ ոչ մրցում կա հոն և ոչ ալ հաղթանակ։

Թեև Սիրանույշի մեջ Պոլսեբնակ հայոց ընկերային պատկերին դույզն մի մասն նկարագրել աշխատած եմ, հանդերձ այսու եվրոպական աշխարհին մեջ ևս փոքրիկ քայլեր առած եմ՝ հոնկե քաղելու մտոք նկարագիրներ, որք՝ թեև մեր ազգային բարուց հետ բոլորովին հարաբերություն չունին, սակայն կերպիվ իվիք տարբեր երևույթներ և զգացումներ, արվեստական թեթև ճաշակներ, պատմական տեսություններ. նկարելով՝ ընդհանուր պատկերն առավել հետաքրքրական կը հանդիսացնե գուցե։

Մարդկությունը մի է, ազգերը նույն մարդկության զավակներն են՝ զորս կլիմաները, հեռավորությունը, ընկերային շահերը, մարդկային կիրքերը իրարու թշնամի դարձուցած են, բայց վերջապես իրենց ծագումը նույնն է քանի որ մարդկության մեծ մարմինն է։ Նույնն է և յուրյանց նպատակը՝ այսինքն հառաջադիմությունը։

Ուստի մարդկության մեծ ընտանիքեն անխտիր փոխ կառնում ինչ որ կը նպաստե լավը, գեղեցիկը և կամ տգեղը ներկայացնելու։ Մեկ կողմ թողուլ պարագա մի, դեպք մի, տաղանդ մի, պատմական իր մի՝ վասն զի ազգային չէ, զայդ բնավ չեմ ըմբռներ։ Ինչո՞ւ ուրեմն օտար ազգաց պատմությունը, մատենագրությունը և գեղարվեստներն ուսումնասիրենք եթե հարկ է որ մեն մի ազգ կղզիանա մարդկության ովկեանին մեջ։ Կուսնինք քննելու, բաղդատելու, դատելու և գործելու համար։

Երբ վեպի մեջ օտար զգացումներ, տեսություններ մերիններուն կը մերձենան տարբեր երևույթներ ի հանդես բերելով, զգալի կընեն մեզ այն առավելությունները զոր ունինք ուրիշ ժողովրդոց վրա, ինչպես և կը հայտնեն այն թերություններն որոնցմե ազատ են ուրիշ ազգերը։ Առաջին պարագային մեջ գոհունակության ու քաջալերության զգացում մր կը ծնանի ի մեզ. և երկրորդին գրգիռ մի զանոնք թոթափելու։

Բաղդատութենեն միշտ օգուտ կը ծագի, վասն զի բաղդատությունը մրցումն է, մրցումը՝ հառաջադիմություն, հառաջադիմությունը՝ ճշմարտություն։

Ստույգ է որ բաղդատության ոգվով զբաղիլ չէ նպատակս, և ոչ ալ ուրիշ ազգաց բարքն ու վարքն ի հանդես բերել։ Քաղեցի միայն պատկերներն զորս իմ փոքրիկ և համեստ ծրագրույս նպաստավոր կարծեցի։ Ընթերցողս տարի մինչև Հռովմ, հերկիրն այն ավանդական, որուն ամեն տեսակ մեծագործությամբք բարեկիրթ և ուսումնական միտք սնած է ի տղայությանն, որուն մեծ հոգիներուն վրա զմայլած է, և տգեղներով՝ սորված է անպիտանն ու վատն ատելու։ Հռովմայեցվով, ինչպես և Հունաց պատմությունն ամեն լուսավորյալ ազգաց պատմությունն է, ինչպես և ամեն գեղարվեստի բարեկամաց հայրենիքը։

Իսկ՝ ինչպես ըսի արդեն, օրինակներն ու տիպերր կը քաղեմ ուր որ գտնամ զանոնք. բավական է որ ճշմարիտ ըլլան։ Հոռի տիպն գաղղիացիներեն քաղելուս պատճառն այն է որ մեր մեջ բարեբախտաբար անբարոյականությունը հետին կետն հասած չըլլալոյի մինչև եղեռնական տրամերը սովորական բանի վերածելու աստիճան. ընտրեցի անձինքս գաղղիացվոց այն ստորին մասին մեջե ուր անբարոյականության աղետալի օրինակներ կը վխտան։

Եթե մեծ է Գաղղիան որդվոցը զգացմամբը, տաղանդովն ու հրաշագործությամբը, և եթե լուսավորյալ ընկերության կեդրոնատեղին է, այս չարգիլեր սակայն որ բարուց ապականությունը չտիրե մի մասնավոր կարգի մեջ, ինչպես կը հանդիպի ամեն մեծ մայրաքաղաքաց նկատմամբ։ Բայց որովհետև գաղղիացի կանանց հրապուրիչ ձևերր շատ ի՛սկ ծանոթ են, նախապատիվ դասեցի գաղղիացի կին մ՚ընտրել,- քանի որ առավել կը համապատասխանե վիպասանական նպատակիս գործադրության քան թե ուրիշ որևէ եվրոպացի կին մի։

Պարզ է ծրագիրս. մի է նպատակս, կինն ամուսին։ Մեծ է հավատքս, վասն զի համոզման մի վրա հիմնված է։ Մեծ է քաջությունս, վասն զի պարտականության գաղափարեն արտադրված է։ Եթե, ինչպես կը կարծեմ, արդար դատ մ՚ է վարածս, ճշմարտության խոնարհագույն սպասուհիներեն մին եղած պիտի ըլլամ, որով և տկար ձայնիս տկար արձագանքը գուցե գոհունակության մրմունջ մ՚ արթնցնե օր մի ողջամիտ մտաց ու ազատ և արդարասեր սրտերու մեջ։

Ս. Տ.
ՍԻՐԱՆՈՒՅՇ
ԳԼՈԻԽ Ա.

Գատրքյոյ՝ իբրև թագուհի Մարմարա ծովուն, սիգապանծ կը կանգնի յուր գեղեցիկ տուներով, շքեղ պարտեզներով, ծաղկազարդ բլրակներով, կանաչավետ հրվանդաններով. ու թվի փառավորվիլ յուր գեղեցկության պատկերը դիտելով կապույտ ալյաց հայելվույն մեջ, զի Մարմարան յուր հեղուկ հանգույցներովը սեղմելով այս նշանավոր գյուղը՝ սիրո ալիքներով կողողե ամեն կողմանե։

Ասիո այս գեղանազ բամբիշը թվի ի պայքար մտնել Վոսփորա թագուհվույն՝ արքայանիստ Ստամպոլին հետ, որ յուր դիրքով, ապարաններով, մզկիթներով, նոճիե մահագուշակ պսակներով, յուր նավահանգստին խուռներամ նավերով, ծովեզերյա տաղավարներով եզական կը հանդիսանա աշխարհիս մեջ։

Եվ եթե Կոստանդիանոսի քաղաքն եզական յուր անցյալ պատմությամբ կը փառավորվի՝ վաղեմի Քաղկեթոնն ալ զուրկ չէ պատմական բարձր արժեքե, քանի որ Կոստանդիանոսի հաջորդները բազմիցս ազատեց օտար թշնամյաց հարձակումներե, ու գահընկեց թագավորաց ապաստան եղավ, մինչդեռ սպառազեն բազուկներ իրենց կենաց կը սպառնային։

Եվ ո՞վ արդյոք կրնա մոռնալ թե Քաղկեթոն կեդրոնատեղի եղած է այն կրոնական ժողովույն ուր Եվտիքեսի վարդապետությունը նզովեցավ, և ուսկից ծագումն առավ Հայոց եկեղեցվույն բացարձակ անկախությունը. որով սա յուր սեփական կյանքովն սկսավ ապրիլ՝ և զերծ մնաց Հռովմա լուծեն որ ժամանակ մի բաժինն եղավ գրեթե համայն քրիստոնեության։

Բայց վաղեմի Քաղկեթոնը՝ այժմյան Քատըքյոյը, ոչ օտար արշավանաց դեմ թումբ կը կանգնի այսօր, և ոչ ալ կրոնական վեճերու վկա։ Հեշտավայր մ՚է արդ ուր մարդս աչերը Մարմարայի մերթ հեզասահ և մերթ բարկացայտ ջուրերուն վրա տարածելով, մտածելով, երազելով, հառաչելով, օրհնելով, անիծելով կապրի, կը նվաղփ, կանցնի, կանհետանա աշխարհիս ու ես տեսարանին վրայեն։

1872 տարվան ամառվան օր մ՚ էր. համայն բնությունն սաստիկ ճնշված էր տաքեն, ծաղիկը գլուխը ծռած էր յուր ճյուղին վրա, տերևն անշարժ՝ չուներ և ոչ մրմունջ մի, թռչունն դալարազարդ հովանվույն ներքև կը հանգչեր անխոս, ուր մարդկանց կուրծքին ելևէջը կը հայտներ թե ո՛ր աստիճանի ամենքը կարոտ էին վերջապես սակավ ինչ զովության։ Օրն կը հառաջանար, ու Քատըքյոյի արևմտյան հանդիպակաց լեռներուն գագաթը ոսկեծիր գոտին մի շրջապատելով բոսորագույն շողով կը ներկեր զՄարմարան որ լուսեղեն ալիքներ կը թավալեր ամեն ուրեք։

Ձկնորսին նավակը՝ իբրև շարժուն կղզի, մերթ կը տատաներ այդ շողուն հատակին վրա, և մերթ անոր վրայեն սուրալով կանհետանար իբր ստվեր։ Երեկոյան ժամն էր ուր արեգակն յուր հրաժեշտի ողջույնը կուտար բնության, և լուսինը՝ զինքը նսեմացնող հրացայտ բռնավորին հեռանալը դիտելով, արևելյան հորիզոնին վրայեն կերևար, և գոհունակության նայվածք մի կարձակեր երկնային նսեմ դաշտերուն վրա ուր աներկյուղ պիտի գահակալեր։ Ժամն էր ուր հոգնաբեկ հոգին՝ օրվան աղմուկեն և ճնշող ջերմութենեն ու արեգական ակնախտիղ պայծառութենեն ձանձրացած աղու շող ու զովացուցիչ հով մի կը փնտրեր ի հանգստություն, տխրախառն գոհունակության հառաչ մ՚ արձակելով։

Մինչ լռություն կը տիրեր բնության մեջ, և լուսինը կը փայլեր բոլորաձև, Քատըքյոյի մի բարձրադիր շքեղ բնակարանին պատուհաններեն լույս կը ցոլար, նույնպես և պարտեզեն ուր այլ և այլ գունեղ կանթեղներ՝ իբրև շողշողուն ծաղկունք քաղցրաբույր սյուքեն կը տատանեին։ Ընտիր նվագարանի ներդաշնակության հեղեղներ կողողեին այս գեղեցիկ վայրը, ուր անթիվ հանդիսականք կը խռնեին հաճելի իմն շփոթությամբ։ Հո՛ս, սրահին մեջ, մեծափարթամ տիկնայք կը գահակալեին իրենց ադամանդներով, մինչ խոնարհագույնները կը ջանային զանոնք նսեմացնել իրենց ժպիտներուն նոր քաղցրություն՝ ու նայվածքներուն նոր փայլ մ՚ ավելցնելով։ Անխոս մրցում մի, լռին պերճախոսություն մ՚ էր այս՝ հարստության ու անձնական հրապույրներու մեջ։ Առաջինները ակնածանաց առարկա էին, իսկ երկրորդները՝ հիացման և համակրանաց նյութ։ Հո՛ն շնորհալի օրիորդներ ոսկեթել մազերով ու անդիմադրելի եթերական գեղեցկությամբ, և կամ թխագույն բոցավառ աչերով, սրահից նեղանալի ջերմութենեն խույս տալով, ծառերուն հովանյաց ներքե կը շրջագայեին, ջանադիր ըլլալով զսպելու մատնտու քրքիչ մի՝ ծնունդ հեգնալից անմեղ ակնարկությանց և կամ գրգռիչ անվնաս քոքեթության։ Նույնպես երիտասարդները ժուռ կուգային այդ լուսազարդ և հոտավետ հովանյաց ներքև, հիացման նայվածքներ արձակելով գեղանիներուն կողմը. և անոնցմե ոմանք երկյուղալի համարձակությամբ օրիորդաց մոտենալով բողոքալից բառ մի կարտասանեին նախ, որուն կը հաջորդեր երկրորդ և երրորդ մի և որոնց վերջինը կուսական անմեղ սրտերուն մեջ երկարաձիգ արձագանք մի կարթնցներ։

Այդ բազմությունը հավաքված էր Պ. Հայնուռի հոյակապ ապարանին մեջ օրիորդ Զարուհվո՝ անոր որդեգրին, հարսանյաց հանդեսին ներկա ըլլալու համար։ Խիստ շնորհալի էր հարսն սպիտակ զգեստներովն և այն մելամաղձային գոհունակությամբն որ յուր դեմքին վրա կուրվագրվեր։ Մեկ տարին ի վեր յուր կուսական սիրտը կը բաբախեր սիրով Հրանտ երիտասարդին համար, որ աշխատած էր բուռն եռանդյամբ անշուք վիճակ մ՚ ապահովելու, որպեսզի յուր սիրելի Զարուհվույն հետ անբաժանելի կերպիվ ապրի։ Հասած էր վերջապես նույն օրը, և իրենց երանությունն այնչափ մեծ էր որ կը կարծեին երազել։ Ծայրահեղ երջանկությունը, ինչպես և ծայրահեղ վիշտը մարդս կը թմրեցնե։

Պսակի խորհուրդը մեծ հանդիսիվ կատարվեցավ, և նույն վայրկյանեն սիրո խորանին վրա երկու հոգի ի մի ձուլված էին։ Եկեղեցական ձայնակցության հաջորդեց զվարթ երաժշտություն մի։ Երիտասարդ դեմքերն աշխուժով ոգևորեցան ընդարձակ սրահին մեջ՝ ուր ծաղիկները լույսերուն հետ կը խառնվեին, և սիրուն շփոթություն մ՚ սկսավ տիրել անդ։ Անհամբերության ցույցեր կը տրվեին, երիտասարդներն աչքե կանցընեին նազելի օրիորդներն որոնց սրտերը կը տրոփեին պարելու մոտալուտ հուսով։ Վերջապես նվագարանը վճռողական նշանը տվավ, պարն սկսավ։ Պարողները թեթև քայլերով, զույգ զույգ սկսան սահիլ գետնին վրայեն՝ արագել իրենց շարժումը վալսին հեշտավետ սաստկությամբը, թոչիլ, վայրիկ մի դադարիլ նոր ուժ առնելու և նոր եռանդյամբ սուրալու համար վերստին՝ երբ պարողներ ոճն քանիները կը համառեին պարունակելու մինչև երաժշտական վերջին վանկին հնչմանը։ Երիտասարդուհյաց դեմքերն առույգ գույներով կը փայլեին մինչդեռ կը նստեին հանգչելու համար. աչերնին նոր բոցերով կը շողային, և իրենց կուրծքերուն ելևէջն հաճելի հոգնություն մի կը հայտնեին։ Բայց այս հոգեզվարճ աղմուկին մեջ պակսեցավ հանկարծ օրիորդ Սիրանույշ՝ Պ. Հայնուռի չքնաղ դուստրը, նազելյաց նազելին. այնչափ սքանչելի էր նա յուր մելամաղձոտ կապույտ աչերովը, ոսկեթել մազերովը, թափանցիկ ճերմակ մորթովը, դեմքին գծերուն կանոնավորությամբը ու հասակին բարձրությամբը։ Բազում երիտասարդներ տհաճությամբ դիտեցին օրիորդին բացակայությունը, և մանավանդ Պ. Դարեհյանը՝ որուն աչերը համառելով կորոնեին զինքն ամեն կողմ։ Ո՞ւր էր չքնաղն Սիրանույշ։

ԳԼՈԻԽ Բ.

Պ. Հայնուռի պարտեզին մեկ անկյունն ընդարձակ ավազան մի կար ծառերով շրշապատված, որոնց ճյուղերն իրարու խառնվելով մերթ խիտ հովանի մի կը ձևացնեին՝ ուր թևարկու երաժիշտներ իրենց ձայները տարածելով քաղցրալուր մեղեդյաց աշխարհ մի կը կազմեին, և մերթ ճյուղերն իրարմե բաժանվելով նազելաբար կը ծռեին մինչև ջուրին երեսը զայն մեղմիկ գգվելով, մինչդեռ գորտերն ավազանին հատակեն երբեմն դեպի վեր ցատկելով դյուրաջինջ փրփուրներ կը ձևացնեին, ու եզերքեն վեր ելնելու անհաջող փորձն ընելեն վերջը ջուրին խորը կը նետվեին անախորժ ճիչ մ՚արձակելով։ Ավազանին չորս կողմը կանգնած մարմարիոնե առյուծներու բերնեն հորդառատ ջուրեր կը ժայթքեին, և ավազանին մեջ կը վիժեին գեղեցիկ մրմունջ մի կազմելով ու սոխակներուն ներդաշնակությանը հետ միանալով։ Ավազանին մեջտեղեն տաղավար մի կը ցայտեր իբր թե ջուրերուն մեջեն բխած։ Հայս վայր փայտաշեն գեղջական նստարաններ կային հանգչելու, վայելելու ու խորհելու համար, մինչ ձեռքն ազատ էր պատուհանեն վար երկննալով հեզասահ ջուրերուն հետ խաղալու։

Այս տաղավարին մեջ նստած էր քնքուշն Սիրանույշ դառն արտասվոք ողողյալ դիմոք: Իրեն մոտ կար սևաչյա, գեղեցիկ, երկայնահասակ երիտասարդ մի որ կարծես տխրության պատկերը կը ներկայացներ:

— Սիրանո՛ւյշդ իմ,— կըսեր երիտասարդը,— թույլ տուր ինձ գոնե վերջին գիշերվան համար լուսնի լուսովը զմայլիլ գեղեցկությանդ վրա. թույլ տուր խնդրել քեզմե վերստին որ բացակայությանս ժամանակ սրտիդ վրա դու անձամբ հսկես, իբր իմ օրինավոր գանձիս վրա։

— Գնա՛ ի Հռովմ հանգիստ սրտով, Երվանդ,— կը պատասխաներ կույսն շնորհալի.-ի դարձիդ պիտի գտնաս նույն հավատարիմ Սիրանույշը։ Հաջողեցա վայրիկ մը սրահեն հեռանալու՝ հավատարմության ուխտս վերստին երկրորդելու համար քեզ։

Օրիորդին ձեռքն յուր շրթանց մոտեցնելով Երվանդ անբիծ համբույր մի դրոշմեց անդ։ Արտասվաց երկու հրատապ կաթիլներ անկան երկու տարփալյաց աչերեն ու սահեցան անոնց սիրահոդ ձեռացը վրա։ Այն արտասուքն երկու անարատ հոգիներու հեղուկ խունկերն էին որք անեզրության հետ խառնվեցան։

Կարճատև լռութենե վերջը՝ Սիրանույշ ըսավ երկինքը դիտելով. «Վաղը՝ այս ժամուն, երբ շոգենավն զքեզ հեռացուցած պիտի ըլլա ինձմե, նայե լուսնին որ վկա է արդ մեր խոսակցության, և մեր երկուքին նայվածքն անոր վճիտ դեմքին մեջ թո՛ղ միանան»: Լռեցին նվագարանները, պարողները խումբ խումբ պարտեզ խռնեցան։ Երկու սիրահարներն իրարմե արտորնոք բաժնվեցան առանց և ոչ մեկու ուշադրությունը գրավելու։

Այգուն առաջին դողդոջուն շողերը խավարը հալածելու սկսած էին երբ Պ. Հայնուռի տանը վերջին լույսերը շիջան։ Հայնժամ Սիրանույշ կարողացավ յուր հոգվույն վրա դիզված արտասվաց ազատ ուղի մի բանալ: Արեգակն արշավասույր կընթանար յուր ընդարձակ սահմանին մեջ, ու քունը Սիրանուշին աչերը չէր գրաված տակավին։ Երվանդեն բաժնվելու վիշտը կարծես թե տքնության արձանի փոխած էր զինքը։ Ցորչափ յուր սիրելվույն վհատած հոգվույն զորություն տալու հարկը կզգար՝ ինքը կարողացած էր իշխել յուր խոր վշտին, բայց երբ առանձին մնաց, հաղթվեցավ յուր տկարութենեն, կարծես թե առանց հոգվո մարմին մ՚ էր. այնչափ հուսաբեկ էր գեղանին։

ԳԼՈԻԽ Գ.

Տգիտության խավարը դարերե ի վեր տարածված էր թրքահայոց վրա։ Այս մթին կացության մեջ ժողովուրդք մտավոր աշխարհի հրաժեշտ տալով նյութական կյանքով կը սնանին, ու իրենց բոլոր ճիգը կը թափեն հարստություն համբարելու համար, և հոն կը գտնան իրենց փառքը, քանի որ փառաց զաղափարն կազնվանա առավել կամ նվազ՝ մարդկային մտաց կամ զգացման հառաջադիմության համեմատ։

Հայերը ազնվաբարո, լուրջ և գործունյա ժողովուրդ մի, նաև ամեն ժամանակ իրենց արքունական տիրոջ հավատարիմ հպատակ ըլլալով, նյութական շքեղ ապագա մի դյուրավ հաստատեցին, և ոսկվո անդիմադրելի ուժով բավական բարձր դիրք մ՚ ստացան Պոլսո մեջ։ Գրեթե հազիվ կես դար հառաջ հայերը թեև քաղաքական պաշտոններե զրկված՝ սակայն տաճիկ գլխավոր պաշտոնակալներուն սեղանավորներն ըլլալով, բախտակից կլլային սույն բարձրաստիճան անձանց հաջողության կամ անկման, որով անուղղակի կերպիվ քաղաքականության աշխարհին մեջ մուտք մ՚ ունեցած կըլլային, ու սեղանավորաց ազնվականությունը կը գոյացնեին՝ Ամիրայի տիտղոսով մկրտվելով։

Այս Ամիրաները բռնավորաց դաս մի կը կազմեին որոնց կամքերն օրենք Էին, և որոշումները՝ վճիռ, ներքին ընտանեկան կենաց ինչպես և ազգային գործոց մեջ։ Անիրավություն, բռնարարություն, կողոպուտ, ըստ հարկին զամեն ինչ կը գործեին իրենց ազդեցությունն գործադրելու և կամ հարստությունն ավելցնելու մտոք։ Ժամանակին ոգին զայս կը պահանջեր գուցե: Բայց ինչպես ամեն բռնավորները նույնպես և Ամիրաներն ազգին շահերուն ի նպաստ կր գործեին երբ իրենց անձնական շահուց և կամ կառավարության օրինաց վնասելու երկյուղ չկար, որով իրենց ամիրայական իշխանության ազդեցություն առավել ևս կը հաստատվեր։ Ամենախոնարհ վիճակի մարդր կրնար մինչև ամիրայության հասնիլ սեղանավորության շնորհիվ: Եվ ով որ Ամիրայի թոռն էր բավական հին ազնվականության դասուց վրա մանավանդ բացարձակ առավելություն ստանալ: Այս էր իրաց վիճակը գրեթե կես դար առաջ:

Բայց ժամանակը քայլեց, դեպքերը փոխվեցան, գիշերվան մռայլը մասամբ փարատեցավ, մտքերը բավական լուսավորվեցան, քաղաքականությունն ուրիշ կերպարանք մ՚ առավ, հայերը կոչվեցան տերության պաշտոնատարության ի փոխարեն իրենց ավանդական հավատարմության խալիֆաներուն նկատմամբ: Վերջացավ սեղանավորաց պաշտոնը, մեռավ ամիրայությունը, ասոր հաջորդեց ազնվականությունը՝ այսինքն տերության պաշտոններից ազնվականությունը, որուն հետ կը մրցի՝ ազդեցության մասին, հարուստ վաճառականաց խումբը: Իսկ երրորդ դաս մ՚ ալ՝ այսինքն ուսումնականացը, մասնավոր էությամբ կը հանդիսանա մյուս երկու կարգերուն մոտ: Պաշտոնի, ոսկվո և լուսո կռիվն է այդ: Ոչ-պաշտոնեությունը՝ հպատակություն է, հարստությունը՝ անկախություն, և գիտությունը՝ հառաջադիմություն, այսինքն ապագան:

Ուստի ուսումնականաց դասը թեև ինքն յուր ույժը կը կրե և նով օր ավուր կը զորանա, hանդերձ այսու խոնարհ դիրք մ՚ ունի ի մեջ տակավին երկու մյուս կարգերուն առջև։

Պ. Հայնուռ յուր ճյուղագրության մեջ քանի մի ամիրաներ կրնար հաշվել, ու անցյալ փառաց հիշատակավն յուր ներկա հարստությունը կը վայելեր։ Ինքն որևէ գիտութենե զուրկ ըլլալով բնավ ուսման հարգ չէր րնծայեր, և ով որ հարստութենե կամ բարձր պաշտոնե բաժին չուներ՝ խղճալի արարած մ՚էր աչացն առջև։ Յուր սիրո երկու գլխավոր առարկաներն էին Սիրանույշ դուստրը և ոսկին. միայն և մյուսույն վրա գրեթե նույն խնամոք կը գուրգուրար. թեև խոստովանելու է որ արժանավայել հարգանք կընծայեր յուր ազնիվ կողակցին որ բարոյական գեղեցիկ ձիրքերով օժտված էր ընտանեկան համեստ կացությանը մեջ ու միտքն ուսմամբ զարդարված։ Երեսուն տարեկան տիկին մ՚էր նա որ անցյալ դիմական գեղեցկության հետքերը կը պահեր, ու նույնչափ համակրություն կազդեր որչափ ակնածություն։ Յուր ազնիվ վարմունքին ու ֆիզիկական ձրից շնորհիվ յուր անշուք վիճակեն ելած էր Պ. Հայնուռի կինն ըլլալու համար. մինչ տասնևինն տարեկան էր և ամուսինն երեսունուվեց՝ ծնած էր քնքուշ Սիրանույշը։ Իբր մայր ուշիմ և գորովագութ՝ մասնավոր կերպիվ հոգ տարած էր նախ մանկանը առողջության և աճման, ինչպես և ապա մտադիր եղած էր անընդհատ հսկել աղջկանը դաստիարակության վրա։ Կաճեր ուրեմն Սիրանույշ մայրենի իմաստուն հոգատարության ներքև, մորմեն կը խրատվեր ու անկե կառաջնորդվեր։ Եվ մինչ տասը տարեկան հասակին մեջն էր, այնպես ծանրաբարո էր, հանդարտ և ուսումնասեր որ թվեր ծաղկահասակ աղջիկ մի տղայության մեջ։ Ուսնիլ և սիրել՝ այս էին յուր հաճույքը։ Տղայական խաղերե խույս տայով յուր գոհունակությունը մայրենի ընկերության մեջ կը գտներ առանց որեէ մանկան ընկերությունն որոնելու։ Մինչդեռ այսպես մենիկ կաճեր, ահա բախտը տասնամյա հասակակից ընկերուհի մի շնորհեց իրեն։ Տիկին Հայնուռի հեռավոր ազգականներեն մին մեռնելով երկու որբեր թողուց անտեր և անարծաթ։ Զարուհին մայր մի գտավ ի Տիկին Հայնուռ, և Երվանդ որ տասնչորս տարեկան էր, որդեգրեցավ ազնվասիրտ ազգականեն։  Գեղեցկությամբ ու իմաստությամբ կաճեր Սիրանույշ յուր ընկերուհվույն հետ. կանցնեին արագորեն օրերն ու տարիները, և շնորհազարդ օրիորդին հետաքրքիր միտքը կը ջանար միշտ զարգանալ։ Ուսնիլ՝ սիրելի երազն էր Սիրանույշին, մանավանդ հին և նոր ազգաց պատմությանց տեղեկանալ, ինպես և այլազգի մատենագրությանց։ Կը սիրեր ազգաց զարգացման ու անկման պատճառներն ուսումնասիրել, և կը դիտեր թե մեծ ձիրքերն ինչպես և մտավորական լույսերը ժողովրդոց կյանք տված էին, ինչպես և մոլություններն ու տգիտությաններր՝ մահ։ Առաքինությունն ու գիտությունը սրտին ու մտացը պետքն ըրավ, անոնցմով ապրեցավ ընկերության մեջ. ըստ կարելվույն մեկուսացավ, զի թեև ծաղկահասակ՝ զզվանք կզգար արդեն ստության, նախապաշարմանց և այն ամեն նողկալի փոքրոգիությանց դեմ որոնցմե մարդիկ դժբախտաբար ազատ չեն. կը դիտեր մանավանդ դյուրությամբ կր նվաստանան բոլոր անոնք որ շահախնդիր նպատակե դրդյալ յուր հորը բարձր դիրքեն կը ջանային օգտիլ. ի՜նչ շողոքորթություն, ի՜նչ նախապատրաստություն անոր կիրքերը շոյելու, թշնամյացը թշնամին հանդիսանալու, և յուր բարեկամացը բարեկամ։ Արհամարհանոք կը հաստատեր թե մարդիկ գործերու բերմանց համեմատ կուսակցության կփոխեն, ինչ որ այսօր կը հարգեն վաղը կը թշնամանեն, ինչ որ այսօր կը պաշտեն վաղը կանգոսնեն, կարծես ջանադիր ըլլալով հռչակելու թե սկզբունք չունին։ Նամանավանդ մեծ էր յուր սրտմտությունը երբ կը դիտեր թե կրոնքը որ հուսահատ մարդկության հույսն և ապավենը պիտի ըլլար ու բարոյական ճշմարտության ընդունարանը, կրոնքը նույն իսկ անարգ գործիք եղած էր կրոնականաց շատերուն ձեռքը, անոնց անձնական շահերը ապահովելու, խղճերը մոլորեցնելու, մարդիկը թալլելու, և մարդկության մեջ երկպառակությանց, թշնամանաց, ոխակալության սերմերը ցանելու և աճեցնելու համար։ Այո՛, մեծ եղավ օրիորդին զայրույթը մանավանդ երբ նկատեց թե կրոնական թաքուն ազդեցությունն անդիմիադրելի ույժ մ՚ է, քանի որ ընդհանրապես տգետ խղճերու վրա կտարածվի անողորմաբար, և թե մտավորական լույսն որ այդ զոհողությանց վերջ կրնար տալ և փրկության խարիսխ մ՚ըլլալ, տակավին խիստ աղոտ էր և սահմանափակ։ Սիրանույշի արյունը կեռայր նշմարելով կանանց նվաստ և ողորմելի դիրքն ընկերության մեջ, երբ անոնք ոչ ազատ կարծիք մի հայտնելու կը համարձակեին, ոչ՝ իբր անհատ՝ իրենց օրինավոր բնական իրավանց տիրանալու գաղափարն ունեին, և ոչ նախապաշարմանց շավղեն հեռանալու քաջությունը։ Կը հաստատեր թե օրիորդք անվնաս արարածներ հանդիսանալու փառքը կը փնտրեին, իրենց մտավոր կարողությունը, կորովամտությանը քողարկելու ջանադիր ըլլալով, այնչափ կը վախնային որ չըլլա թե իրենց ձիրքերն երկյուղ ազդելով հակառակ սեռին՝ արգելք կանգնեին իրենց ամուսնության։ Կը մտածեր թե այս պայմաններու ներքև քանի աղջկունք արդյոք հինքյանս մեռուցած էին այն ձիրքերն որք բողբոջելու բերմունք ունեին, և թե քանի տաղանդներ ոչնչացած էին մարդկության օվկիանին մեջ առանց իսկ գիտակցությունն ունենալու իրենց կարողության։ Կեռայր սրտմտությամբ, բայց որու՞ կրնար յար զայրույթն հաղորդել, ի՞նչպես կրնար բողոքել գտնված միջավայրի մեջ, երբ հայր մ՚ ուներ որ առաջինը պիտի ըլլար յուր բողոքները դատապարտելու, քանի որ համոզված էր թե կանանց, մանավանդ օրիորդաց ներելի չէ բարձրաձայն խոսիլ և ազատ գաղափարներ հռչակել։ Սիրանույշ, երբեմն երբ բացարձակ կերպիվ կարծիքները կը հայտներ, անմիջապես հորը դատապարտող ձայնը բարկությամբ կը բարձրանար ու աչերեն բոցեր կը ցայտեին. հետևաբար օրիորդն զգույշ կը կենար տանը մեջ վրդովմունք պատճալե։ Տասնևութը տարեկան կույս անձուկ սահմանի մեջ ապրելով, այնչափ հետազոտող և լուրջ միտք մի անկարող էր ունենալու առանց առաջնորդի, և Սիրանույշ զԵրվանդ ունեցավ իբր առաջնորդ։

ԳԼՈԻԽ Դ.

զԵրվանդ որդեգրողն արժանավոր, ազատամիտ և ուսումնական անձ մ՚ էր որ ոչ միայն հորդորներով կը ջանար պատանվույն միտքն ուղղել, այլև ամենայն միջոց ի գործ կը դներ լավ և կանոնավոր ուսում տալու անոր ու ոչինչ կը խնայեր այդ նպատակին հասնելու համար, թեև ինքը չափավոր հարստության տեր ըլլար: Երվանդ որ մեծ ընդունակություն ուներ, գրեթե ըստ մասին բնազդմամբ կզգար շատ անգամ այն արդար և բարձր սկզբունքները զորս յուր իմացականությանն անկարող էր լիովին ըմբռնելու։ Բայց պատանին աճելով մտավոր ձիրքերն ալ աճեցան յուր հետ, ինչպես ընդունած սկզբունքներն արմատացան, ծլեցան, բողբոջեցին։ Երվանդ երկու գլխավոր զգացումներ ուներ կենացը մեջ. մին էր յուր բարերարին նկատմամբ, և մյուսն Սիրանույշին որուն հետ ըստ ամենայնի կը համաձայներ զգացմանց, ճաշակի ու գաղափարաց մասին. իսկ քույրն Զարուհի երկրորդական կարգի տեղ մի գրաված էր սրտին մեջ՝ թեև անհունապես կը գուրգուրար անոր վրա:

Թեպետ Երվանդ Պ. Հայնուռի տանը մեջ չէր բնակեր սակայն հոն կանցըներ գրեթե բոլոր ազատ վայրկյանները. ուստի ինքն ու Սիրանույշ իրարմով կր սնանեին, կը բարձրանային, նախապաշարմանց դեմ կր գոռային, ու իրենց սրտմտությունն և արհամարհանքը կը միացնեին զեղծմանց դեմ: Մին ինչպես և մյուսը երիտասարդական աղմկալից ցնծություններե խույս կուտային, իրարու կը բավեին, ու իրենց օրերը կը սահեին երկնային երանությամբ:

Զարուհին կատարելապես տարբեր բնություն մ՚ ուներ յուր եղբորմեն ու Սիրանույշեն: Կարծես թե Մայիսի զվարթ օր մ՚ էր նա, անոր մեղեդիքներով, զարդերով, ժպիտով, ու բույրով։ Տխրության մռայլն անկարող էր մթնեցնել ուրախ աղջկան հոգվույն արևը. սահելով, կանցներ միայն անոր վրայեն ու կը հեռանար։

Մինչդեռ Երվանդ ընկերային կամ իմաստասիրական խորհուրդներով կզբաղեր Սիրանույշին հետ, Զարուհին՝ անփույթ այդ խնդրոց նկատմամբ, իբրև գողտրիկ թռչուն ծաղկե ծաղիկ կոստոստեր ու յուր աղու ձայնիվ կը պատասխաներ սոխակին, կը ժպտեր լուսնին, կը ժպտեր ծովուն, կը ժպտեր համայն բնության, կը ժպտեր յուր սիրելի ընկերուհվույն, անոր մորը, Երվանդին, կը ժպտեր նույն իսկ խոժոռադեմ Պ. Հայնուռի, զի ինքն ամբողջապես սեր էր ու զվարթություն, և ժպտիլ գիտեր միայն, կույսի մի գեղեցկագույն ժպտյուն՝ զոր բնությունը շնորհած է կանանց՝ սրտերը դյութելու և մխիթարելու համար։ Հարկ չկար հարցնել թե ո՞ւր էր Զարուհին, ինքը կը գտնվեր հայն վայր ոսկից շնորհալի քրքիջ մի կը լսվեր, կամ սրտագրավ երգ մի։ Նա բնության խանդավառ որդին էր, և ուզած էր գլխավորապես պարապիլ բանահյուսությամբ և երաժշտությամբ, ու այս երկու ճյուղերուն մեջ կատարելապես հաջողած էր։ Կը դժկամակեր յուր միտքը զբաղեցնելու միշտ ընկերական կամ փիլիսոփայական բարձրագույն խնդիրներով որք յուր սրտին բնավ սնունդ չէին մատակարարեր։ Ինքն ընտանյաց զվարթ թռչունն էր, մինչդեռ Սիրանույշ՝ իմաստուն թագուհին: Զարուհվույն հոգին կերգեր Տիկին Հայնուռի, յուր ընկերուհվույն և եղբորը համար. այս երեք արարածները կը բավեին իրեն ու առավելը չէր փնտրեր մինչև այն օրն ուր յուր սիրտը ճառագայթ մ՚ունեցավ, յուր բերանը՝ հառաչանք մի ու յուր աչքն՝ արտասուք մի։ Երգող թռչունը տեղի տվավ մելամաղձոտ կույսին, Զարուհին նվաճյալ էր, զի կը սիրեր զՀրանտ:

Սա գեղեցկադեմ երիտասարդ մ՚ էր, որդի անշուք և համեստ ընտանյաց, որ կը փայլեր ուսմամբը որչափ և զգոնությամբը, լրջմտությամբը և ազնվասրտությամբը. կարծես թե նա ոչ պատանեկություն ունեցած էր և ոչ ալ երիտասարդություն, այնչափ կենաց մեջ յուր ընթացքը կարգավորյալ եղած էր, և բարքն անբասիր։ Խոսքերն սակավաթիվ էին բայց ծանրակշիռ, ձևերը պարզ այլ ազնվական։ Մուտք գտած էր երիտասարդը Պ. Հայնուռի տան մեջ՝ յուր Երվանդ մտերմին միջամտությամբը։ Երբ Զարուհին ճանչցավ զՀրանտ, հինքն անծանոթ շարժում մի զգաց, անհանգստություն մի, տխրություն մի, անասելի անձկություն մի վերջապես։ Նույն տագնապալից վիճակին ենթարկված էր և Հրանտ, զի երկուքին մեջտեղ համակրալից հորձանք մի հաստատված էր: Շարունակեց երիտասարդն յուր այցելությունները Հայնուռի ընտանյաց, և մեր երկու սիրահարաց զգացումն ևս քան զևս սաստկացավ։

Օր մի Զարուհին ընկճելով յուր սրտին բեռին ներքև, և կարծես հիմարած յուր բուռն զգացումեն փութաց մխիթարություն գտնելու յուր սիրելի ընկերուհվույն մոտ: Ամոթխածությունը, նամանավանդ արժանապատվության զգացումը լեզուն լռության դատապարտած էր մինչև նույն օրը, քանի որ չգիտեր ստուգիվ Հրանտին տրամադրությունները յուր նկատմամբ, այլ միայն թվեր իրեն թե երիտասարդը չէր անտարբեր յուր շնորհաց։ Բայց հոգին երբ շատ լի է, պետքը կզգա ավելորդ մասը ուրիշ սրտի մեջ լեցնելու։ Խոսեցավ ուրեմն երիտասարդուհին, հայտնեց Սիրանույշին այն բուռն սերը որ լիովին գրաված էր յուր էությունը, ու անոր գոգն իյնալով լացավ դառնագին, կարծես թե ցավոց հուրն արտասվաց զովությամբը կը հովհարի։ Երկու գեղանիները իրենց աչաց ցողերը իրարու խառնեցին, միատեղ հառաչեցին, իրենց սրտին բաբախումները իրարու միացուցին։ Զարուհին կուլար Հրանտին համար. իսկ Սիրանույշը ի վշտակցություն յուր մտերմույն միայն կուլա՞ր արդյոք:

Արտասովոր այլայլությամբ Սիրանույշ մոտեցավ Երվանդին, որ սենեկի մի մեջ առանձին՝ ոտքի վրա կեցած, ծովուն կը նայեր այնպես խորասույզ յուր մտածությանց մեջ որ օրիորդին ներկայությունը չզգաց անգամ։ Այլ երբ Սիրանույշ հուզյալ ձայնիվ անոր անուն տվավ, Երվանդը սթափեցավ իրր թե երազի մ՚ ազդեցութենեն մերկանալով։ Զարուհվույն սիրային վշտերն անհուն պերճախոսությամբ նկարագրած ժամանակը չէր զգար թե յուր սրտին տագնապացն իսկ պատկերը կը հանդիսացներ։ Երվանդ անդիմադրելի հափշտակութենե գրավվելով մոռցավ ինքզինքը, և սիրատոչոր աչոք անոր նայելով «Արդյո՞ք, Սիրանույշդ իմ, ըսավ, ես նվազ կը սիրեմ և նվազ կը տառապիմ քան զքույրս». մինչդեռ աղերսագին ու բազկատարած աղջկան պատասխանին կսպասեր։ «Փոխանակ մեկ անձի՝ երեք են ուրեմն հալ և մաշ եղողներն» պատասխանեց գեղանին։

Սիրո կայծն որ Հրանտի աչերեն արտադրված էր, հրդեհներ վառած էր յուր շոuրջը։ «Ո՛հ, Սիրանույշդ իմ, հաջողեցավ ըսելու Երվանդ՝ հետ կարճատև լռութենե որ հետևանք էր յուր անհուն հուզման. Սիրանո՛ւյշդ իմ, խոստովանեցա քեզ այն գաղտնիքն որ կարծես թե զիս խեղդամահ կըներ։ Քա՜նիցս արդյոք անհամբեր սիրտս ուզեց գոչել քեզ, Սիրանույշ, կը պաշտեմ զքեզ, գերիդ եմ ես, ու միայն գերիդ կրնամ ըլլալ, զի դու հարուստ ես, մինչ ես աղքատ եմ»։ — Սիրո մեջ աղքատ ու հարուստ չկա, Երվանդ։ Ես քա՞նիցս արդյոք գիշերվան հանձնեցի իմ դառն արտասուքս հուսահատությամբ մաշելով լռին և անմխիթար։ Թեև Զարուհին քույրս է, սակայն ոչ երբեք համարձակեցա այդ խոստովանությունն ընել անոր, զի կը կասկածեի թե քու հայտնած համակիր զգացումներդ ինձ նկատմամբ եղբայրական ըլլային գուցե պարզապես, և այս կասկածեն համակված կը ջանայի ստվարացնել քողն այն որով սիրտս կը ծածկեի խորասույզ նայվածքեդ։

— Կը տեսնեմ, Սի՛րանույշ, թե չափազանց երջանկությունը մարդս չմեռցներ, եթե ոչ` կյանքն արդեն խույս տված պիտի ըլլար ինձմե։ Բայց ծայրահեղ երանությանս մեջ անգամ անձկություն կզգամ մտածելով թե ի՞նչ եղանակավ արդյոք կրնամ զքեզ վիճակակից ընել ինձ, քանի որ, թույլ տուր որ կրկնեմ, աղքատ ծնողաց որդի եմ, և վիճակս անշուք է։ Վեհ հոգի մի ինձ հայր կանգնելով, թողուց ինձ փոքրիկ ժառանգություն մի որով երեք տարիներե ի վեր, անկախ բայց համեստ կացությամբ կապրիմ, ժամանակս նկարչության նվիրելով ու սիրտս քեզի, բայց անշուք վիճակիս ինչպե՞ս արդյոք կրնամ մասնակից ընել քեզ, չնաշխարհիկդ իմ դու էակ։

— Երվա՛նդ, քսանևչորս տարեկան ես տակավին, մինչդեռ ես քսան։ Ես սրտիդ ընկերն եմ, դու հոգվույն արևն ես, ի՞նչ կը պակսի մեր երջանկության, քանի որ ապագան մերն է։

— Կը պակսի այն ապահովությունը թե իմս ես, և թե ոչ ոք զքեզ կրնա հափշտակել ինձմե։

— Ներելի՞ է քեզ տարակուսիլ ինձմե, Երվանդ։

— Քե՞զմե, ո՛հ, ոչ երբեք. այլ փառասեր հայրդ սոսկում կազդե ինձ։

— Ստույգ է որ հայրս փառասեր է. բայց քանի որ զիս շատ կը սիրե, վստահ եմ որ կամքս չի բռնաբարեր. եթե բռնաբարե իսկ, սիրտս պիտի կանգնի թումբ յուր կամացը դեմ։

— Կյանք կզգենում վերստին, խոսե՛, Սիրանույշ, խոսե, թեև ուժ և վստահություն կուտան ինձ խոսքերդ, չարգիլեր սակայն որ երկյուղիվ չի նայիմ իմ անշուք ծագմանս վրա որ արհամարհանք միայն կընա ազդել քու հորդ։

- Զարմանքս կը շարժես, Երվանդ, ո՞ւր է հայոց արդի ազնվականությունը. որո՞նք են իրենց մեծագործությունները, քանի՞ դարերու տևողությունը ունին իրենց գերդաստանները, որպի՞սի երևելի գործերով մեծ հանդիսացած են արդյոք:

— Իրավացի են խոսքերդ կատարելապես: Եթե իրական ազնվականություն չկա ի մեզ արդ, գեթ հարաբերական ազնվականություն մի կա, այն է հարստության և կամ տերության պաշտոնեից ազնվականությունը: Ես համեստ գործավորի որդի եմ, և միշտ անշուք ծննդյանս կնիքը պիտի պահեմ ընկերության առջև:Իրավ է որ փառավորվելով կը պահեի այդ համեստ ծնդյանս կնիքը եթե հորդ մեծամտութենեն չվախնայի: Վերստին կրկնեմ քեզ` քանի որ զիս հայդմ կը դրդեմ, իմ գաղափարներս ազնվականության մասին յուր ընդարձակագույն ասմամբը:

Ի վաղուց անտի նկատած եմ ազնվականությունը իբր ժառանգության մ՚արյան, դափնյաց և ամոթո։ Դափնիները լուսո մեջ կը հանդիսանան ի շլացումն աչաց, մինչդեռ ամոթը մթության մեջ կը վարագուրի առաջիններուն փայլին ետևը։ Ազնվականությունը մեկ մարդու մեծագործություններն են, մեկ մարդու տիտղոսներն որոնցմով՝ արյան ժառանգությամբ, բազմաթիվ անձինք կը խրոխտան իրենց անձնական անպիտանությունը քողարկելով ու զարդարելով։ Ազնվականությունը դժոխային խտրոց մ՚ է ընդ մեջ զավակաց ընկերային մարմնոցն. հարստահարության ամենակարող ձեռքն է որ տկարը կը ջախջախե, արդարությունը կսպաննե, և որ կարհամարհե տաղանդը, արժանավորությունը, ու պատվակեր աղքատությունը։ Ազնվականությունը իրեն կը սեփականե փառքն ու հարստությունը՝ ռամկին գոչելով. «Դու պիտի ունենաս անշքությունը ի բաժին, ու հոգնաբեկ ճակտիդ քրտինքը իմ կենաց վայելքը պիտի պատրաստեն»։ Ազնվականությունն արհամարհոտ ակնարկ մ՚ արձակելով առ խուժան, բարձրեն պատառ մի հաց կը նետե անոր որպեսզի չի մռնչե զայրագին, ու կըսե «Տիղմը քու սահմանդ է, ինձ միայն վերապահված են տիտղոսք ու բարձր աստիճանք»։ Եվ այս հայհոյանքը մարդկային մեկ մասեն կարձակվի մյուսին երեսին։

Իսկ ուրիշի փառաց փայլովը սիգալն ամենուն իրավունք կուտա հարցնելու սիգացողին թե «Ո՞ւր է քու գործերեդ արտադրված արդյունքը. ի՞նչ ես դու քեզմով. ու՞ր են քու մեծագործությունքդ. ո՞ւր են տաղանդիդ ծնունդները»։ Մեն մի մարդ կուզե երկրիս վրա ի հաշիվ առնվիլ, հռչակվիլ, տիրել թե զորությամբ և թե անվամբ։ Երբ անկարող է ինքզինքովն անձնավորություն մի հանդիսանա, հայնժամ ուրիշի փառքը փոխ առնելով կը հպարտանա առանց վերահասու ըլլալու թե ուրիշի արժանյոք պանծալն յուր անձնական ոչնչությունն երևան հանել է միայն։

— Ուրեմն, Երվա՛նդ, քեզմով պիտի ըլլաս ինչ որ ըլլաս, այսինքն տաղանդիդ շնորհիվ, ու անով պիտի բարձրանաս մինչ ցգեղեցիկ և մինչ ցճշմարտություն, քանի որ գեղարվեստն լավ ու գեղեցիկն է։ Մեր սերը փոխանակ արգելք մ՚ըլլալու հանճարիդ զարգացման, ընդհակառակն զսպանակ մի թող ըլլա կարողություններդ շարժելու և զարգացնելու. ներշնչվե ուրեմն հիշատակավս և նույնչափ Հռովմա նկարչական հրաշալիքներով:

— Ո՛ւր էր թե, շնորհալի՛դ իմ կույս, Ռափայելի տաղանդն ստանայի, իբրև սուրբ Ֆոռներինա՝ ճարտար վրձինով անմահացնելու համար զքեզ։ Գիտես արդեն թե ո՛ր աստիճանի կը պաշտեմ նկարչությունը, մանավանդ քանի որ կը հուսամ անով մինչև քու բարձրությանդ հասնիլ. սակայն խոստովանի՞մ քեզ անկեղծապես, նույն իսկ գեղարվեստն իբր թշնամի կը նկատեմ այս վայրկյանիս քանի որ զիս պիտի հեռացնե քեզմե։ Բայց գոնե անգամ մի ևս խոստացիր անխախտ սիրով հավատարիմ մնալ ինձ, Սիրանո՛ւյշ։

— Եվ եթե կամենայի զքեզ պաշտելե դադրիլ, կարելի՞ էր ինձ արդյոք հաջողիլ: Երբ սերը զհոգին լիապես գրավե, ո՞վ կարող է արդյոք անոր հանգույցները ջախջախել։

— Խոսե՛, անզո՛ւյգ դու հոգի, խոսե որպեսզի հոգիս հագենա ձայնիդ ներդաշնակութենեն։ Բառ չունիմ քեզ պատասխանելու, կարծես թե միտքս կը ննջե, ու սիրտս արթուն է միայն զքեզ տեսնելու համար։

- Սակայն լուր ինձ, Երվանդ. պետք չէ որ մայրս գիտնա մեր գաղտնիքը, նամանավանդ մեր փոխադարձ հավատարմության խոստումը։ Լավ գիտես թե ինչ անձնվիրության ու գորովո գանձ է նա, և թե որչա՜փ դյուրագրգիռ է անոր հոգին։ Ավելորդ է ուրեմն այժմեն զինքը մտատանջության ենթարկել մեր ապագային նկատմամբ, մանավանդ որ շատ իսկ պիտի հուզվի Զարուհվույն տառապալից կացությունն իմանալով, զոր անհապաղ պետք է իրեն հաղորդենք։ Բայց, Երվա՛նդ, մոռցանք խեղճ քույրդ, տես սերը որչա՜փ անձնասեր է։ Ըսե՛, ի՞նչ միջոց պիտի գտնես յուր ցավն սփոփելու։

Մտահույզ էր Երվանդ. ստույգ էր որ Հրանտ յուր մտերիմն էր. սակայն ի՞նչպես կրնար քրոջը սրտին վիճակը հայտնել անոր, քանի որ կանգիտանար ունեցած տրամադրությունները։ Շփոթած կը մտածեր երիտասարդն երբ Զարուհին սենյակեն ներս հանկարծ վազելով զՍիրանույշ գրկեց և արտասվախառն ժպիտով մնչեց յուր ականջին՝ «Հրանտ կսիրե զիս»։

Երվանդ լսեց քրոջն այդ խոսքերր թեև ջանադիր եղած էր նա ցած ձայնիվ խոստովանությունն լինելու, և հանչափս գոհ եղավ:

Իսկ Սիրանույշ, ուրախության ճիչ մ՚արձակեց և զԶարուհին սրտին վրա սեղմելով ըսավ. «Քույրս սիրելի, ահա չորս սրտեր զորս սերն այսօր երջանիկ ըրավ»։

Տխրության վերջին քողը փարատած էր, քանի որ Զարուհին ևս յուր բաղձանաց կը հասներ։ Կարծես թե երկու երիտասարդուհյաց սերը կրկնապատկվեցավ նոր ազգականության սերտ հոդերու զորությամբ։

ԳԼՈԻԽ Ե.

— Զարո՛ւհի, գոչեց Երվանդ, — կը փափագիմ գիտնալ թե ի՞նչպես հաջողեցար տեղեկանալու Հրանտին ունեցած զգացմանց քու նկատմամբ։

Զարուհվույն դեմքը կարմրեցավ, ու աչերը խոնարհեցնելով լուռ կը կենար։

— Արդեն սկսար մեզմե գաղտնիք ունենալ,— ըսավ Երվանդ, քրքրիչ անմեղ չարամտությամբ։

— Ես քեզմե կրնա՞մ արդյոք գաղտնիք ունենալ, եղբայրս,— պատասխանեց Զարուհին, հանդիմանող ձայնիվ։

— Խոսե ուրեմն, քո՛ւյրս, ամենայն անկեղծությամբ։

— Պարտեզը նստած էի ծառի մի ներքև ու կարտասվեի երկնից ուղղելով սրտաբուխ աղոթք մի։ Այնպես խորասույզ էի իմ ջերմեռանդ զգացմանս մեջ, այնպիսի եռանդյամբ աստուծմե օգնություն կը խնդրեի որ բնավ չզգացի թե Հրանտ գտնված տեղիս կը մերձենար։ Կերևա թե հուսահատությանս մեջ՝ հանդեպ երկնից, Հրանտի անունը կուտայի, երբ հանկարծ ձայն մի լսեցի որ կըսեր. «Ստո՞ւյգ է արդյոք, սխալ չլսեցի՞, իմ անո՞ւնս հնչեցիր, տարփելիդ իմ Զարուհի»։

Դարձուցի գլուխս դեպ այն կողմ ուսկից կուգար այդ սիրելի ձայնը և տեսա զՀրանտ։ Այդ հանկարծական տեսությունը դող ազդեց ինձ, ամոթահար եղա գաղտնիքս այսպես մատնած ըլլալուս համար, ու դեմքս ձեռացս մեջ պահելով սկսա լալ դառնագին։ Մեր տեսության մանրամասնությունները թող որ սիրտս պահե իբր սուրբ ավանդ։ Գիտցի՛ր միայն որ Հրանտ խոստացավ ինձմե բնավ չբաժնվելու եթե յուր համեստ վիճակին ուզեմ մասնակցիլ:

Սիրանույշի աչերեն մարգարիտներ կը հոսեին յուր գեղեցիկ այտից վրա։ Սիրով համակված սիրտ մի լավ կզգա ուրիշի սիրահարական դիրքը, Սիրանույշ կարծես թե մինչև անգամ յուր սիրելի ընկերուհվույն սրտին բաբախումները կզգար, այնչափ երկու օրիորդաց մեջ վիճակի նմանություն կար։

Իսկ Երվանդ հեգնելով զքույրը կըսեր. «Վստահ եմ՝ չընդունեցիր Հրանտին բախտակից ըլլալու առաջարկր»։

Զարուհին չարաճճի ժպիտով մի պատասխանեց անոր։

Ուրեմն, ըսավ Երվանդ, շինծու գժգոհություն մի ձևացնելով, դուն գործդ կարգադրեցիր առանց որևէ հաճության սպասելու։

— Կը ներես, եղբա՛յրս, Հրանտ պաշտոնական կերպիվ պիտի ուզե զիս Տիկին Հայնուռե և քեզմե։

— Եվ եթե մերժենք, քո՛ւյրս, պիտի հնազանդի՞ս մեզ արդյոք,— հարցուց Երվանդ խնդալով։

— Գիտեմ որ չի պիտի մերժեք, — պատասխանեց գեղանին, քանի որ ես որբ աղջիկ մ՚եմ, թեև իրավ է որ Պ. Հայնուռի հարկին ներքև՝ անզույգ մայր մի և քույր մի գտա։ Հանդերձ այսու մոռնալու չենք թե աղքատ աղջիկ մ՚ եմ ես և թե Հրանտի վիճակն՝ որչափ ալ համեստ ըլլա, ինձ համար նախանձելի է, նամանավանդ երբ այնչափ հատկություններով օժտված է նա։

— Լավ, լավ, հանգիստ եղիր, քո՛ւյր իմ, կարծեմ ոչ ոք մերժողական բառ պիտի ունենա Հրանտիդ նկատմամբ, դու լավ գիտես մանավանդ թե ո՛ր աստիճանի կը գնահատեմ զինքը, և հետևապես որչափ սիրելի է ինձ եղբոր անունը տալ անոր:Բայց ու՞ր է Հրանտ:

— Մեկնեցավ,— պատասխանեց Զարուհին։

— Անշուշտ,— հարեց Սիրանույշ, չարաճճի եղանակավ մի.— հիմա որ Հրանտ գործը կարգադրեց, մեզմե ոչ ևս պետք ունի։

— Ընդհակառակն,— ըսավ Զարուհին,— մեկնեցավ որպեսզի ժամ հառաջ ձեզի դիմելու միջոցը պատրաստե։

— Կը հասկնամ,— հարեց Երվանդ խնդալով,— այս միջոցիս իրարու օտարացանք հետո առավել մոտենալու համար։

— Անշուշտ,— ըսավ Զարուհին։— Իսկ դու, եղբա՛յր, ե՞րբ և դու նույն պաշտոնական ձևերու պիտի ձեռնարկես։

— Երբ վիճակս արժանի ընե զիս Պ. Հայնուռի աղջկա հետ ամուսնանալու:Քույր իմ, կը խնդրեմ քեզմե խորհրդապահության այս մասին. ոչ ոք՝ բացի քեզմե մեր գաղտնիքը գիտնալու է:

— Սակայն և դու մի՛ մոռնար, եղբա՛յրս, որ Հրանտ ու ես մեկ հոգի ենք, և եթե միայն անոր հսղորդեմ քու գաղտնիքդ, խոստմնազանցություն ըրած չեմ ըլլար։

— Կաղերսեմ քեզ, քո՛ւյր, համբերե մինչև ամուսնությանդ խնդրեմ զայդ քեզմե իբրև շնորհք։

— Եվ այդ շնորհքը կը խոստանամ քեզ, թեև սրտիս վրա պիտի ծանրաբեռնի այդ գաղտնիքր։

Այս խոսակցության երկրորդ օրը Հրանտ յուր բարեկամներե մին հղեց օրիորդ Զարուհին ի հարսնություն խնդրելու համար Հայնուռյան ընտանիքեն։

Արդեն Սիրանույշ և Երվանդ նախապատրաստած էին զտիկին Հայնուռն այս ամուսնական առաջարկությունը լսելու, և ազնիվ տիկինր ի սրտե կը ցնծա երբ յուր ամուսին են արժանությունն ստացավ յուր սիրելի Զարուհվույն երջանկությունը հաստատելու։ Կը սահեին օրերն անամպ և անխռով։ Ինչպես նավն որ ծովուն ջուրերը ճեղքելով կը սահի առանց բնավ գիծ մի թողլու հոն, նույնպես և երջանկությունը կը սուրար մեր չորս բարեբաստիկ երիտասարդաց կենաց վրայեն առանց որևէ հետք թողլու։ Հինգ ամիսներե հետո հասավ վերջապես օրն այն որ գԶարուհին յուր սիրելվույն միացուց, և զՍիրանույշ Երվանդեն բաժնեց։ Առաջինն ուներ խինդն ի բաժին, երկրորդը՝ արտասուքը. կենաց երկու հակառակ բևեռները։

ԳԼՈԻԽ Զ.

Ծովեզերյա միահարկ փոքրիկ տան մի սրահին շուրջը հինգ սենյակներ իրարու բոլորաձև կը հաջորդեին։ Հոնկե նայվածքը մեկ կողմեն Մարմարայի ջուրերուն, և մյուս կողմեն Հայտար փաշայի ընդարձակ դաշտին վրա կը թափառեր։ Այս համեստ հարկին մեջ ոչ սպասավորներ կային, ոչ ոսկեզօծ մահոգենի կարասիներ, ոչ թավշյա կամ մետաքսյա թանկագին կերպասներ, և ոչ ալ ակնախտիղ բյուրեղյա ջահեր։ Այլ ամեն ինչ պարզ էր, մաքուր և զվարթ։ Տանը ներքին արմունքը ճերմակ գույնով ներկված էին, ու գետինը պարզապես տախտակներով ծածկված էր. կաղնի փայտե նոր կարասիներ ճերմակ կտավով գոցված էին, և նմանագույն բանված լայն վարագույրներ կախված էին պատուհաններեն վար։ Իբրև զարդ՝ սենյակներն ունեին քանի մի պարկեշտ հայելիներ, ու սակավաթիվ գեղեցիկ յուղաներկ փոքրիկ տեսարաններ։ Այս խոնարհ հարկն առավել բնության քան թե հարստության զարդյուքը պաճուճյալ էր։

Հոտավետ տունկեր թափառական բաղեղին հետ խառնվելով՝ սողոսկելով մինչև տանը պատուհանները կը հասնեին՝ բնական կանանչ զարդերով վարագուրելով զանոնք։ Փայտյա թաղարներու մեջ զետեղված ծաղիկներն իրենց բույրը կը ծավալեին սենյակներուն մեջ, մինչ թռչունները պատուհաններին վար կախելով իրենց բույնը՝ կերթևեկեին, կը ճռվողեին, կերգեին խառն ի խուռն հեշտալուր ճիչեր արձակելով շուրջ։ Հոն կը բնակեր Զարուհին յուր ամուսնույն հետ։

Երբ երկու սրտեր ամուսնական սիրով զոդված են, իրենց բնակարանը դրախտավայր կը դառնա։ Երկու հոգիներ որ նույն բաղձանքն ունին, նույն պետքերը, նույն ձգտումները, նույն երազները, երբ ջանադիր են իրարու փափագներն հասկնալու և զանոնք լռին կատարելու. երբ միույն շրթանց վրա ուրվագրված ժպիտը մյուսույն շրթանց վրա կը գծագրվի. երբ միույն հառաչանքն արձագանք կը գտնա մյուսույն քովը, այդ երկու հոգիներն աշխարհիս իշխաններն են։ Ահա՛ իրենց գահը՝ բնությունը. ահա իրենց լուսավորությունը՝ երկնից ջահերը։ Ահա իրենց նվագարանները՝ թռչնոց ներդաշնակությունները։ Եվ կամ լավ ևս ըսեմ՝ սիրո շողը զիրենք կը լուսավորե, սիրո ձայնը իրենց մեղեդիքներն են, սիրո բույրն՝ իրենց խունկը, սիրո բույնն տիեզերքը։ Ամուսնական անդորրավետ և խաղաղ օրերը վճիտ լճի մը ջուրերն են ուր արևը կը շողշողա անընդհատ։

Զարուհին յուր տան ոգին էր, նա երգ էր և լույս։ Ձայնը նվագ մ՚էր երբ ամուսնույն կուղղվեր, ու նայվածքը շող մի երբ անոր աչքին մեջ կը ցոլար։

Հրանտ լիաթոք կր վայելեր յուր երջանկությունը. աշխատիլ և սիրել՝ այս էր յուր կյանքը։ Հայթայթել Զարուհվույն մշտատև հանգստություն կենաց մեջ՝ այս էր յուր երազը։

Երբ երկու հոգիներ սերտ կերպիվ իրարու հոդված են, այնչափ իրենց զգացման խորության մեջ կը թաղվին, որ ավելորդ բաները կարծես թե կարհամարհեն։ Ի՞նչ է ճոխությունն, քանի որ իրենց զգացմանց ոչինչ կավելցնե։ Խոնարհ դիրքի և կենաց միակերպության մեջ կը գտնան իրենց հաճույքը. զի մեն մի ցուցամոլ արտահայտությանց մեջ իրենց երջանկության մասունքը կը ցնդին, և հայնժամ հոգին մեղեդիք մի նվազ ունի, ժպիտ մի նվազ, հոգ մ՚ավելի, տագնապ մ՚ավելի։ Սիրո գոհունակությամբ հոգին կը սնանի, կաճի, կը ծաղկի, փառամոլ տենչերով կը վատթարի, կը տկարանա, կը հյուծի, և ընտանեկան հարկին երանության ճառագայթը կը նսեմանա, դժգոհության գիշերը կը տարածվի։

Անցած էին քանի մ՚ամիսներ ամուսնական անամպ երջանկությամբ մեր երկու ամոլից համար։ Հրանտ թեև գործունյա երիտասարդ մ՚էր, սակայն յուր վարած պաշտոնը ազգային հարուստ վաճառականի մի քով՝ ապրուստի մեծ միջոցներ չէր հայթայթեր իրեն. հետևապես խիստ չափավոր բարեկեցություն մի կրնար պատճառել յուր կնոջը։ Ստույգ է որ Զարուհին խիստ գոհ էր ու երջանիկ, և բնավ չէր հիշեր այն ճոխությունները զորս վարժ էր վայելել Հայնուռի տան մեջ։ Ինչ են զարդք և պաճուճանք սրտի գանձերուն առջև։ Զարուհին կը դիտեր ցավելով թե յուր ամուսինը կը տառապեր իրենց նյութական վիճակին բարելավությունը հաստատելու համար, և առավել անդորրավետ ընելու իրենց ներքին կյանքը։ Հետևապես օր մի հանկարծ գաղափարն ունեցավ ամուսնույն օգնելու յուր երաժշտական ու գրական կարողությանց կիրառությամբ և այդ հառաջադրությամբ անհուն գոհունակության և սփոփման զգացումն ունեցավ։ Արդարև քանի՜ մխիթարական է սիրելի անձի մի բեռը թեթևցնելու տրամադրությունը:

Զարուհին հայտնեց յուր դիտավորությունր Հրանտին՝ և սա ընդդիմացավ ուժգին։ Բայց մանկամարդ կինն այնչափ աղերսեց, արտասվեց համոզիչ փաստեր հառաջ բերելով, որ վերջապես ամուսինն սկսավ զիջանող ձև մ՚առնուլ։ Ո՞ր սիրտ, ո՞ր միտք կրնա դիմադրել սիրելի կնոջ մի պերճախոսության երբ սա մանավանդ յուր հոգին կը քաղե այն սքանչելի և գրավիչ բառերը որք իբր անձնվիրության մարգարիտներ կը հոսեն անոր բերնեն։ Զարուհին կես մի հաղթանակը տարած համարելով՝ ևս քան զևս պնդեց յուր խորհրդույն գործադրության համար, և յուր մեղույշ ժպտով, ու արտասվալից աչոք Հրանտին երեսը նայելով կաշխատեր անոր հավանությունն ստանալ։ Սա անկարող ըլլալով այնչափ շնորհաց և թախանձանաց դիմադրելու՝ ըսավ.

«Զարուհիս, չգիտես որպիսի մեղաղրանաց պիտի ենթարկես զիս. գուցե կարծվի թե հետդ ամուսնացա տաղանդեդ օգուտ քաղելու նպատակավ։

— Լո՛ւր ինձ, Հրա՛նտ, երբ լավ խորհուրդ մի կունենա ոք՝ զայն զործադրելու է առանց մտածելու թե որպիսի ենթադրությանց ծնունդ կրնա տալ։ Մարդիկ կը սիրեն քննադատել ամեն ինչ, հակամետ են պախարակելու, դատապարտելու նույն իսկ ինչ որ ամենայն գովասանությանց արժանի է։ Երբ ոք կը գործե՝ մխիթարություն ունենալու է մտածելու թե ընկերային կամ ընտանեկան պիտոյից ի նպաստ կաշխատի. երբ այդ հավատքն ունի անտարբեր կըլլա ամեն պարսավանաց։ Վստահ եղիր սակայն որ օր մի պարսավողներն նույնիսկ գեղեցիկ օրինակ մի տվողին պիտի հետամտին։ Եթե ոչ ոք նորանոր քայլեր առնելու քաշությունն ունենա ինչպե՞ս ընկերային մարմինը հառաջ կրնա երթալ։ Ըսե, ի՞նչ անպատեհություն կրնաս տեսնել երբ իմ աշխատությունս քուկինիդ միացնելով բեռդ թեթևցնեմ մեր բարեկեցությունն ավելցնելով։ Փոխանակ պարապո երկար ժամերս անօգուտ բաներու զոհելու, թույլ տուր ինձ օգտակար նպատակի նվիրելու զանոնք։

«Զարուհի՛, հիշե սակայն որ մայր ըլլալու վերակոչված ես օր մի, և թե որդյակդ բոլոր ժամանակդ պիտի գրավե հայնժամ։

- Գիտնաս որ երբ մեր գործերը լավ կերպիվ կը կարգադրվին, մեր ժամանակը շատ առավել կերկարի՝ օգնելով մեզ բազմազբաղ կյանք մի վարելու։ Միթե դժվարի՞ն ինչ է ըսածո փորձով հաստատել. թույլ տուր ինձ մեծագույն բաղձանացս լրման հասնելու իմ աշխատությունս քուկինիդ միացնելով, և եթե մերժես խնդիրքս՝ կանանց թշվառագույնը կընես զիս, ապահով եղիր։

- Կը վախնամ թե գուցե ընկճիս աշխատությանդ բեռին ներքև, ո՜վ անձնվիրության հրեշտակ։

- Ընկճի՞լ. չգիտե՞ս արդյոք, Հրա՛նտ, որ գոհունակութենե արտադրված զգացումը նոր զորություն կուտա մեզ։

- Բայց բացատրե ինձ նախ ի՞նչ տեսակ աշխատությամբ կուզես պարապիլ, Զարուհի՛ս։

- Պարզ է նպատակս. գիտես որ բավական լավ երաժիշտ մ՚եմ, ու բավական ալ ուսում առած եմ. քանի մ՚աշակերտուհիներ տանս մեջ ընդունելով անոնց հարկ եղած դաստիարակությունը տալու համար։ Կրնամ հատկացնել անոնց շաբաթվան չորս օրերը, և ի պահանջել հարկին նույն իսկ ամեն օր երեք կամ չորս որոշյալ ժամեր նվիրելով անոնց դասատվության համար։ Մնացորդ ժամանակը դարձյալ ինձ կը վերապահեմ, և սպասուհի մ՚առնելով տնական աշխատությունս կը թեթևցնեմ ազատ վայրկյաններս ավելցնելով։ Եվ համարելով թե բավական աշակերտուհիներ չունենամ, լրագրաց համար կաշխատիմ անգլիերենե կամ գաղղիերենե թարգմանություններ ընելով։ Դու ինքդ դատե, Հրանտ, թե գործելու այս եղանակը որչափ հաճելի կրնա ըլլալ ինձ համար։

— Կուզե՞ս ուրեմն հրաժարիլ ազատութենեդ, բարեկամուհիներեդ ու այցելություններեդ, անձդ գերության դատապարտելով տանդ մեջ։

- Ոչ երբեք գերի կըլլամ, մի՛ վախնար։ Ընդունելության ժամերս կունենամ ինչպես և ազատ վայրկյաններս, ու տոնի օրերը քեզ կը ձոնեմ ամբողջապես։

- Դու ապաքեն վհուկ մ՚ես, Զարո՛ւհի, գիտես ամեն ինչ մոգիչ գույներով հանդիսացնել։

Այս խոսակցութենեն քանի մ՚օր վերջը, բարեկամներ գալով հայցելություն Հրանտի, Զարուհին իմացուց անոնց յուր դիտավորությունը դասատվություն ընելու։ Ոմանք քաջալերեցին զինքը և մանավանդ ծափահարեցին տալիք գեղեցիկ օրինակին համար. իսկ այլք՝ զայս նվաստություն համարեցին յուր ամուսնույն արժանապատվության համար։

Բայց Զարուհին կը պատասխաներ այս վերջիններուն ըսելով. «Եթե ամուսինս անգործ մնար ծալության պատճառավ ու ես զինքը կերակրեի, կրնայիք իրավունք ունենալ։ Բայց ես կը հարցնեմ ձեզ, թե ո՞ւր կը մնա արանց արժանապատվությունը երբ սակարկության կը մտնան իրենց ամուսնության ժամանակ, երբ կը վաճառվին իրենք առավել բարձր կամ համեստ գնով, ու այդ ընդունած դրամով շատ անգամ իրենց տանը ապրուստը կը հոգան, գործի կը ձեռնարկեն, և երբեմն՝ ինչ որ առավել դատապարտելի է, կը վատնեն այդ դրամն ի պետս իրենց հաճոյից»։ Այս վերջին խոսքերը Զարուհին մասնավոր կերպիվ շեշտեց վասնզի ուղղակի ակնարկություն մի կար ոմանց նկատմամբ որք դատապարտողաց կարգեն էին, և որք ակնկոր՝ լռություն պահելու պարտավորեցան։

Զարուհվույն դասատվություն ընելու դիտավորությունն իմացվելով, բազմաթիվ մայրեր փափագեցան օգուտ քաղել այդ առթեն իրենց աղջկանց նկատմամբ։ Բայց Զարուհին սահմանյալ թիվ մ՚աշակերտուհյաց որոշելով՝ շաբթվան մեջ չորս օրերուն կես մասն անոնց հատկացուց յուր լեզվագիտության ու երաժշտության տաղանդին կիրառությամբը: Յուր ժամանակը այնպիսի լավ կերպիվ կարգադրեց որ կարծես թե ավելորդ աշխատություն մի բնավ չէր ստանձնած։ Գրեթե յուր ամուսնույն չափ կը շահեր մանկամարդն, և չգիտեր ինչ եղանակով հայտնել անոր յուր երախտագիտությունը զինքն ազատ թողած ըլլայուն համար աշխատելու, և իրենց տնական վիճակին պայծառության նպաստելու:

ԳԼՈԻԽ Է.

Ստեպ կերթար Սիրանույշ այցելության Զարուհվույն, կը վայելեր այն երջանկության բույրն որ անոր տանը մեջ կը ծավալեր, և ցնծությամբ կերևակայեր այն ամուսնական սիրույն մթնոլորտն ուր ինքն ալ օր մի պիտի ապրեր յուր Երվանդին հետ: Տխրության ժամերը կերպով կսփոփեին երբ յուր ընկերուհվույն հետ Երվանդի վրա ազատաբար կը խոսեր, անունը կը հնչեր, ու անվան հնչվիլը կը լսեր: Բայց ինչ կույսն ապագային կը ժպտեր, հանկարծ դեմքը տխրութամբ կը վարագուրեր հորը մեծամտութան գաղափարներեն վախնալով: Սակայն ինքն յուր բնության կորովին կապավիներ՝ ի պահանջել հարկին հայրական կամաց դեմ մրցելու համար և նույնչափ մորն աջակցության կը վստահեր, որ հրեշտակ մ՚ըլլալով սիրո և անձնվիրության՝ կարող էր մինչև իսկ կյանքը զոհել պաշտպանելու համար յուր միակ դուստրը որևէ վշտի դեմ։ Եվ իրոք այնքան անհուն սիրով առաջնորդած էր զինքը մանկութենեն ի վեր՝ անոր սիրտն ու միտքը ուղղելով. այնչափ անոր հառաջադիմությամբ հրճված էր ու առաքինությամբը փառավորված, որ Սիրանույշ յուր հոգվույն լավագույն մասն եղած էր ու յուր արգահատության և գուրգուրանաց միակ առարկան։ Տեսնել զինքը գոհ և ուրախ՝ այս էր յուր միակ բաղձանքն ու միակ երազը։ Կը ճանչնար աղջկանն զգացմանց նրբությունը, ու անոր փափուկ թելերը յուր մայրենի աչոքը կը խորազններ։ Կիմանար որ այդ զգացումներն եթե չի գնահատվեին ըստ արժանավույն, և եթե անոր սրտին արձագանքն անարձագանք մնար, այո, վստահ էր թե դուստրը անկարող էր տոկալ այդ մարտիրոսության. հետևապես կուզեր զինքն ազատ թողուլ ամուսնական որոշմանցը մեջ, քանի որ մանավանդ կը ճանաչեր Սիրանույշի դատողությունը և կիրթ ճաշակը։

Տիկին Հայնուռ դստերը բնությունը լավ ուսումնասիրած էր ուրեմն, և մինչև անոր հոգվույն խորը թափանցած։ Ոչինչ այնչափ սուր է որչափ լուրջ մոր մի տեսությունը, զի մայրենի սերը կը կրկնապատկե անոր զորությունը։ Տիկինը հասկցած էր որդվույն գաղտնիքը, թեև ոչինչ կը հայտներ անոր։ Երվանդի հանճարույն վրա ունեցած համարումն՝ ու անոր անձին համար՝ սերը, ախորժելի կընեին գաղափարն զնա աղջկանը փեսայացնելու։ Կը մտածեր թե Երվանդ զՍիրանույշ տղայութենեն ի վեր կը ճանաչեր. թե երկուքը միատեղ ապրած ու մեծցած էին. թե նույն ճաշակներն ու սկզբունքներն ունեին, քանի որ յուր դուստրը Երվանդին գաղափարաց աշակերտած էր և անոնցմով սնած ու աճած։ Կը խորհեր Տիկինը թե փույթ չէր եթե Երվանդ հարուստ չէր քանի որ գեղեցիկ տաղանդ մ՚ուներ, և մանավանդ ժամանակ՝ հառաջադիմելու, զի Սիրանույշ խիստ ծաղկահասակ էր տակավին, և հետևապես կրնար բանի մի տարի սպասել։ Այս խորհրդածությունները իրեն տեսակ մ՚ապահովություն կուտային աղջկանը ապագային վրայոք, թեև պարագայից կը թողուր վերջնական որոշումը տալու անոր բախտին նկատմամբ։ Գուցե՝ կը մտածեր, դեպքերն ուրիշ տնօրինություն մ՚ընեին, և ճիշտ այս նկատմամբ էր որ զինքն արգիլած էր Սիրանույշին սիրո հույսերը քաջալերելու։

Յոթն ամիսներ անցած էին այն օրեն ի վեր ուր Զարուհինին ամուսնացած էր ու Երվանդ մեկնած։ Այդ անցյալ ամիսները Զարուհվույն թվեցան կարճատև ու անուշ՝ իբր վաղանցուկ ազդեցությունն սոխակին սրտագին մեկ վանկին որ զլուսին կողջունե, երբ սա երկնից բևեռած՝ մելամաղձոտ ակնարկ մի կը նետե շուրջ։ Մինչդեո Սիրանույշի համար այդ օրերը կը նմանեին անաստղ և անվերջանալի գիշերվան մ՚որ կորուսյալ ճամփորդին քայլերն ևս քան զևս կը մոլորեցնեին։ Երջանկությունը լուսաճաճանչ երազ մ՚է, իսկ դժբախտաթյունը՝ սև իրականություն մի։ Զարուհին ներկայն էր որ խինդ ու շող կը սփռեր շուրջը. իսկ Սիրանույշ՝ անորոշ ապագան որուն մեջ զԵրվանդ կընդնշմարեր հուսով և երկյուղիվ։
ԳԼՈԻԽ Ը.

Երբ մեկնեցավ Երվանդ Պոլսեն, լքման ու խոր վհատության զգացմամբ համակվեցավ բոլորովին, մանավանդ երբ շոգենավը Մարմարայի ծովն հասավ ուսկից կը տեսներ պաշտած առարկային բնակատեղին՝ Գատըքյոյը, ու յուր մանկությունն անցուցած էր, ուր կը թողուր գերեզմաններն յուր սիրելյաց, յուր քույր, տիկին Հայնուռը, և մանավանդ յուր Սիրանույշը։ Աչերը խոնավացան, կաթիլ մ՚արտասուք անկավ յուր դեմքին վրա, կաթիլ մի որ հոգվույն բոլոր դառնությունը կը պարունակեր։ Սուրաց նավը ջուրերուն վրայեն, անհայտ եղավ Գատըքյոյը, անհայտ՝ և Պոլսո վերջին տեսարանները, երկինքն ու ծովը. տարածությունն ու վիշտը, ահա ինչ որ մնաց Երվանդին, մնաց նաև Սիրանույշի հիշատակն որ համայն տարածությունր կը լեցներ։ Կամրջակին վրա անշարժ կեցած, թևերը լայն կուրծքին վրա խաչաձև դրած, աչերը կուղղվեին հայն կողմ ուր յուր էությունը կը բովանդակվեր։ Կը նայեր, ո՞ւր. կր տեսներ, զո՞վ. զայդ ինքը գիտեր, ինքը կզգար։ Հոգին ինչպես երևակայությունն իրենց տեսությունն ունին, աներևույթ կը տեսնեն, անով սրտին կարոտը կսփոփեն։

Շոգենավը կը հառաջեր զանազան քաղաքներու, կղզիներու առջև կը կենար, ճամփորդներ կարձկեր, ճամփորդն օր կառներ, ապրանք կը հանեին, ապրանք կը մտցնեին, մարզիկ զիրար կը մղեին, մակույկներ շոգենավին վրա հարձակելով ձայն մի անոնց մեկուն մեջեն կը լսվեր, ճիչ մի մյուսեն, զվարթ խառնաշփոթություն ամեն ուրեք, զանազան դեմքեր, տեսարաններն. հոս զիրար կողջագուրեին, քանի մ՚ամսվան, քանի մի տարվան կարոտն կը հագեցնեին, հոն հրաժեշտի դառն ողջույնը կուտային։ Վերջապես այդ շարժումն ու աղմուկը բնավ ազդեցություն չէին ըներ Երվանդի վրա կարծես թե առարկաներն յուր քովեն կը սահեին անխոս և անշշուկ, այնչափ յուր միտքը կատարելապես գրավված էր Սիրանույշի հիշատակեն։

Բայց երբ հասավ ավանդական երկիրը վերջապես անզգայությունը թոթափեց, ոգևորեցավ, հույսեն ողողեցավ։ Ի Հռովմ՝ հանմահ նկարչական հրաշալյաց սրբավայրը եկած էր՝ ուր յուր հանճարը պիտի զարգացներ ու Սիրանույշին ընկերական վիճակին բարձրության պիտի հասցներ զինքը, քանի որ հանճարն ամեն բարձրությանց հավասար է։ Սիրտը կը բաբախեր ուժգին, բոլոր մարմնովը կը դողար, երևակայությունը վառված ինքզինքեն դուրս ելած էր։ Բայց երբ առաջին ավյունալից ազդեցությունն անցավ, հայնժամ կայնեցավ, ակնարկ մի նետեց չորս կողմը, ու այդ օտար երկրին մեջ զանձն յուր մենիկ և անծանոթ տեսնելով, տխրեցավ ու արձանացավ։ Հանկարծ հիշեց թե հանձնարարական նամակ մ՞ուներ բարեկամի մի կողմանե ուղղյալ առ ծեր իտալացի երգեցող մի։ Ձեռքը կուրծքին տարավ, գրպանը խառնեց ու անկե նամակ մի հանելով վրայի հասցեն կարդաց, ու անոր շնորհիվ անցորդաց դիմելով, իտալական լեզվին գիտությամբը հաջողեցավ գտնելու երգեցողին տունը, որ Հռովմա համեստ փողոցի մի մեջ էր: Դռնապանին հարցուց Երվանդ թե Պ. Լեոնարտոն հոն կը բնակեր. և իմանալով անկե թե տան երրորդ հարկը կը բնակեր երգեցողը, ուղղվեցավ դեպի հոն, ու գոց դռան մի վրա Պ. Լեոնարտոյի անունը կարդալով, զանգակր քաշեց. դուռը բացավ գեղեցիկ երիաասարդուհի մի, հարցնելով անոր թե զո՞վ էր խնդրածը, ամենայն քաղաքավարությամբ։

- Պ. Լեոնարտոյի համար հանձնարարական նամակ մ՚ունիմ,— ըսավ երիտասարդը.— արդյո՞ք կը հաճի ընդունել զիս։

- Բարեհաճեցեք ներս մտնել, պարո՛ն։

- Շնորհակալ եմ, օրիո՛րդ։

Առաջնորդվեցավ Երվանդ դեպի պարզ բայց մաքուր սենյակ մի, որուն որմերեն կախված էին քանի մի յուղաներկ պատկերներ. մեկ անկյուն բիանո մի կար որուն վրա գեղեցիկ շփոթությամբ երաժշտական տետրակներ կը վխտային։ Քանի մի թիկնաթոռներ, բազմոցներ, մեծկակ սեղան մի որուն վրա թուղթեր ցիր ու ցան էին, կաղամար մի անոնց մեջ տեղ, համեստ դրքատուն մի, ահա բոլոր զարդերն այդ սենյակին, որ առավել աշխատության սրահի կը նմաներ քան թե ընդունելության։

Մինչ Երվանդ հետազոտող նայվածք մի յուր շուրջը կարձակեր, հանկարծ շնորհադեմ ծերունի մի սենյակեն ներս մտնելով ողջունեց զայն համակիր ձևով։ Նույն կերպով պատասխանեց երիտասարդը ու անմիջապես հանձնարարական նամակը ներկայեց անոր։ Առավ կարդաց զայն Պ. Լեոնարտոն, ու ձեռքն երկնցնելով Երվանդին ըսավ.

«Պարոն, այժմեն հիս ունիք բարեկամ մի. հանձնարարված եք անձե մի զոր թե շատ կը սիրեմ և թե շատ կը հարգեմ: Բավական տարիներ ապրեցանք իբր եղբայր իրեն հետ Հռովմա մեջ, ու յուր մեկնելեն վերջը հոսկե Պոլիս վերադառնալու համար՝ միշտ մեր բարեկամությունն անայլայլելի մնաց»։ Երվանդ ջերմ կերպիվ յուր շնորհակալիքը հայտնեց ծերունվույն և անձը երջանիկ դավանեց իրեն հայտնված համակիր զզացմանց համար:

Պ. Լեոնարտո աշխույժ և ազնվասիրտ մարդ մ՚էր որուն դեմքը բարության դրոշմ կը կրեր։ Այնպիսի անձինք կան որոնց հետ մեկ ժամվան մեջ ավելի դյուրին է ընտելանալ քան թե այլոց հետ բազմաթիվ տարվան միջոցին, այնչափ ամեն ինչ ինքնաբուխ, պարզ և անկեղծ է իրենց շարժմանց ու խոսքերուն մեջ։ Այս կարգի անձանց կը վերաբերեր և Իտալացի երգեցողը։ Անմիջապես յուր դուստրը կոչելով ներկայեց զայն մեր հայ երիտասարդին։ Դժվարություն չունեցավ Երվանդ ճանչելու թե այդ օրիորդը քիչ մի հառաջ դուռը բացած էր ու զինքը սենյակը առաջնորդած։ Գեղեցիկ և թարմ գույներով էր երիտասարդուհին, ու դիմացը վրա կը նշմարվեին անկեղծությունն և զգայնությունը, ու ձևերուն մեջ անարատ պարկեշտություն մի։ Հազիվ թե ժամ մի կար որ երկու ազնիվ Իտալցվոց ընկերությունը կը վայելեր Երվանդ, և այնպես ընտանեցած էր արդեն անոնց հետ, որ կարծես թե հին բարեկամաց այցելության եկած էր։

Դուռը զարնվելով օրիորդը գնաց բանալու, և վերադարձավ հետը բերելով ազնվադեմ երիտասարդ մի. «Ահա որդիս Վիրճինիոն ըսավ ծերունին Երվանդին դառնալով, որուն վրա խոսեցա քեզ քիչ հառաջ»։ Եվ յուր որդվույն ուղղելով խոսքն հարեց. «Ահա քեզ նոր բարեկամ մի»։ Երկու երիտասարդներն իրարու ձեռք թոթվեցին ուժգին, հետո սկսան խոսակցիլ:

Վիրճինիո աշխույժ, ազնվասիրտ ու տաղանդալից երիտասարդ մ՚էր որուն հոգին ազատության ու գեղարվեստին սիրով սնած էր։ Նա նկարչությանը կը հետևեր այն մեծ խանդիվ որ կազդե հաջողելու ապահովությունը։ Երբ Վիրճինիո իմացավ երիտասարդին դիտավորությունը Հռովմա մեջ պատկերահանություն սորվելու, ճաշակի նմանությունն առավել զգալի ըրավ իտալացի երիտասարդին սրտին մեջ այն համակրությունը որ Երվանդին վարքն ու խոսակցությունը ազղած էին արդեն։ Խոստացավ անոր ամեն պարագայի մեջ օգնել, և անմիջապես զինքն առաջնորդելով այն մեծ քաղքին փողոցաց մեջ, ջանաց հարմար բնակության տեղ մի գտնել, և հայթայթել ամեն պետքերը որք անծանոթ տեղի մեջ զգալի կըլլան օտարականի մի համար։ Անկեղծ բարեկամության կայծը վառված էր երկու եբիտասարդաց սրտին մեջ՝ կայծ զոր ժամանակը պիտի արծարծեր։ Սակայն թողունք առ այժմ իտալացի ընտանյաց հետ առավել ևս ծանոթանալու հոգը՝ Երվանդով զբաղելու և Հռովմա երկրեն կրած այլ և այլ ազդեցությունները նկարագրելու համար։

Վիրճինիո յուր նոր բարեկամին ուղեկցելով՝ ցույց տվավ անոր անմահ քաղաքին նկարչական հրաշալիքներն ու երևելի շենքերը։ Երվանդին հիացումն ի տես անհամար սքանչելյաց խիստ սաստիկ եղավ ու բորբոքյալ երևակայությունը առավել ևս արծարծելով, խանդին ու սրտին բուռն ազդեցության ներքև հետևյալ նամակն ուղղեց առ Սիրանույշ քանի մ՚օր ետքը։

ԳԼՈԻԽ Թ.

Սիրեցյալդ իմ Սիրանույշ.

Ավելորդ է նկարագրել քեզ մեր բաժանում են կրած դառնությունս: Զգացածեդ կրնաս դատել և իմ զգացածս։ Այնչափ երջանիկ տարիներ քեզի հետ ապրեցա և ահա անողոք հարկը կը բաժնե զմեզ։ Բաժանո՜ւմն… ի՜նչ սոսկալի բառ: Այդ բառը հինքն կը պարունակե հոգվույն աղետալի ճիչը, գոհունակության մութ քողի ներքև ծածկվիլը կը հայտնե, և սրտին կարոտին հսկայանալը։ Բաժանումն… այսիքն բաղձանք, երազ, կամք որք կը փշրվին սև անկարելավույն դեմ հեղձամղձուկ հառաչ մ՚արձակելով։ Շոգենավը ծովուն վրայեն կը սուրար. ոչ փոթորկաց սաստկութենեն կը քստմնեի, և ոչ ալ կոհակաց խաղալիքն եղած ըլլալս կզգայի. միակ անշարժ գաղափար մի գրաված էր զիս, անով միայն զբաղյալ էր: Անցան օրերը սողալով. ինչպես անվերջանալի էին, ավա՜ղ. խաղաղեցավ փոթորկաց սրտմտությունը, հասա վերջապես ի Հռովմ։ Այդ մեծ քաղքին շարժումը, մարդկանց անընդհատ երթևեկությունը, իմ առանձնությունս, օթևանելու հարկը, անտարբերութենես դուրս հանեցին զիս. հիշեցի հանձնարարական նամակ մ՚ունենալս առ Պ. Լեոնարտո, և ուղղակի իրեն գնացի։ Անոր սիրալիր ընդունելությունը, դստերը քաղաքավարի ձևերը, և մանավանդ Վիրճինիո որդվույն ինձ հայտնած համակրությունը մասամբ վիճակիս դառնությունր սփոփեցին, եթե այդ դառնությունը կրնա սփոփիլ երբեք։ Նոր բարեկամիս հետ գրեթե ամբողջ շաբաթն Հռովմա գլխավոր շենքերու ու նկարչական հրաշալյաց հայցելություն գնացինք, և զմայլմամբ հաստատեցի թե հանճարն ամեն հրաշք գործելու կարող է։

Դու, Սիրանո՛ւյշդ իմ, խնդրած էիր ինձմե հաղորդել քեզ կրելիք տպավորություններս ի տես երկրին հին Հռովմայեցվոց՝ որոնց առաքինի կիներն ինչպես և դյուցազներն սովոր էին հարգել և պաշտել։ Մեն մի խնդիրդ նվիրական է իձ համար, և հնազանդիլ քեզ իմ երջանկությունս է։ Ահա՛ նկարարեմ քեզ ուրեմն բոլոր տպավորություններս ու զգացումներս Հռովմա մասին։

Օր մի բարեկամս զբաղյալ ըլլալով՝ ես առանձին կը քայլեի Հռովմա փողոցաց մեջ, մեծ շենքերուն առջև զմայլմամբ կանգ առնելով. կը մտախոհեի Իտալիո անմահ հանճարներու վրա, կզմայլեի և կը փափագեի… երա՜զ… որ մենք ևս այդպիսի հայ հանճարներ ունենայինք փառավորվելու համար։ Ստույգ է որ հանճարները բոլոր մարդկության անխտիր զարդերն ու գանձերն են. սակայն ցորչափ եսության զգացումն կա ի մեզ, բնական փափագ մ՚է մեր արյան, մեր ցեղին վերագրել վսեմին և գեղեցկին հեղինակը։

Բայց ինչ որ մասնավոր տպավորություն մ՚ըրավ վրաս՝ հին Հռովմա դյուցազանց հողին վրա կոխելու գիտակցությամբս էր, հող որ անոնց աճյուններով խաոնված էր։ Իտալիո որդի չեմ, բայց ինչ փույթ. մեծն և առաքինին ամեն սրտի պերճաբարբառ կը խոսի։ Հետևապես բոլորովին խանդ էի և հուր։

Հիշեցի թե հո՛ս պարկեշտ Լուքրեցիան սուրն ի սիրտ մխեց, և թե յուր անարատ արյան կաթիլներեն անթիվ վրեժխնդիրք ծնան…։ Թե Բրուտոսն՝ բնության օրենքեն վեր բարձրանալով, հայրության բողոքը խեղդած էր հասարակաց բարվույն ծառայելու մտոք։ Թե անարատ Վիրճինիայի կուսական արյունը ժայթքած էր ձեռամբն հորը՝ որ պատիվը վեր դասած էր քան զկյանս։ Թե Հռեքողոս շղթաներն ուսին վրա առնելով՝ հոսկե մեկնած էր կամովին ի Կարթագինե մահ րնդունելու նպատակավ………։ Թե Կամիլլոս իրեն եղած նախատինքը մոռնալով ընթացած էր վերստին Հռովմա պաշտպանության՝ գաղիացվոց լուծեն ազատելու համար զայն։ Թե Պոստումիոս՝ ի պատիժ յուր պարտության, ինքն անձամբ շղթա խնդրած էր այն բազկաց համար որք զթշնամին տապալելու անկարող էին եղած։

Հիշեցի թե Աննիբաղա սուրեն ազատած Հռովմայեցիներն հավաքելով՝ իբր մարդկային բեկոր, Վարոն անոնց հոս առաջնորդեր էր հաղթանակի պատիվն ընդունելով։ Թե հո՛ս Սկիպիոն՝ հաղթողն Աննիբաղա, կը վերադառնար շքեղացած Կարթագինյա փառազարդ աճյուններովը։

Թվեր ինձ տեսնել զանորդի Կուռնելիան, որ յուր երկու Գրակկոսներուն փառքը կորդեգրեր ի մխիթարություն յուր մեծ վշտին։

Կը խորհեի թե հո՛ս Մարիոս՝ բարբարոսներն հարվածելով՝ կը հռչակվեր իբր երկրորդ հիմնադիր Հռովմա։ Թե հո՛ս Սիդդա՝ բոլոր թշնամյացն հաղթելով, ի վեր բարձրացած էր քան զամեն հռովմայեցի։

Կը հնչեր ականջիս Կիկերոնի պերճ բարբառը…։ Կը տեսնեի եռյակ մեծ հռովմայեցիներն որք երեքն ևս բռնի մահվամբ կը մեռնեին։ Կասիոս Պարթևաց հալած ոսկին կլլելով շունչն կավանդեր։ Պոմպեոս Միհրդատա դափնյաց վրա կոխկռտելով՝ և Կեսարու հաղթող սուրեն ազատելեն վերջը, յուր փառազարդ գլուխը անարժան Պտղոմյանց հարվածոց մատնած կիյնար։ Մինչդեռ Կեսար փառաց և մեծության բարձրագույն աստիճանին հասնելեն վերջը՝ կսպաննվեր նույն միջոցին հորում անկախ Հռովմա մահ տալու կը պատրաստվեր։

Կատովն հոսկե մեկնելով արյամբն ոռոգեց զմեծ դագաղն Հռովմա… մահվամբն ուղի բացավ Բրուտոսի ու Քասիոսի որոնց բերնեն վերջնական կերպիվ Հռովմ յուր հետին շունչն ավարտեց։

Աչացս առջև կը պատկերանար Օգոստոս՝ որ Կեսարու թագն արյան գետերու մեջեն քաղելով յուր գլխուն վրա կամրապնդեր աներկյուղ։

Նույն վայրկյանեն մեռան հռովմայեցվոց մեծ ձիրքերը, մեռան մեծ առաքինությունները, մեռան մեծ նահատակությունները։ Անոնց հաջորդեցին սև մատնություններ, ապականություններ, արյան գետեր։

Իզուր Օգոստոսներ, Վեսպասիանոսներ, Տրայանոսներ, Մարկոս– Ավրեղիանոոներ, Թեոթոսներ և Կոստանդիանոսներ փառաց պսակ կը բոլորեին Հռովմա մեռելատիպ ճակտին։

Նույն միջոցին Ս. Պետրոսի հոյակապ տաճարին առջևեն կանցնեի։ Միքել Անճելոյի հանճարին հրաշալյաց վրա անկան աչերս։

Վսեմ հանճարս այդ վսեմ մարմնավորությունը զիս ապշեցուց։ Տեսա թե զորավոր շունչ մ՚անցած էր այդ մարմարիոնին վրայեն և թե հոգի մի տված էր անոր, այնչափ մեծ եղավ իմ վրաս ըրած ներգործությունը։

Ավյունս սաստկացավ, հիշեցի թե հոս Ռափայել յուր Ֆոռնարինան անմահացուցած էր վրձինովը։ Մտածեցի թե ես ևս ունեի իմ սուրբ և անարատ Ֆոռնարինաս։ Այս գաղափարը զիս նոր հրով ոգևորեց, և զգացի թե զսպանակ մ՚էր կարողությանցս զարգացման։

Հոս աչացս առջև ունիմ նկարչական հրաշակերտներ, կենդանության, լույս, հոգի, մինչ սրտիս մեջ կը կրեմ սերն՝ հզորագույն մղիչը աշխատելու, բարձրանալու, մինչ քեզ, Սիրանու՛յշս, հասնելու վերջապես։ Արվեստն և սերը, ահա՛ աշխարհ, մին զմյուսը կարծարծե։ Սերն երկնային իդեական մ՚է արվեստին ներգործությամբը, և արվեստն՝ սիրո ազդեցությամբ անմահություն է։ Ուրեմն, Սիրանույշս, մեզ կը մնա համբերել և զիրար սիրել անդրդվելի հաստատամտությամբ»։ Երբ Սիրանույշ ստացավ Երվանդին նամակը սաստիկ հուզվեցավ ու մխիթարվեցավ միանգամայն։ Ինքն ուրեմն պիտի ըլլար այդ հանճարույն մղիչն ու հոգին, իրմով պիտի ոգևորեր նա, պիտի հառաջանար, պիտի զարգանար, ինքն էր մրցանակն որուն կը ձգտեր Երվանդ։ Յուր փափուկ հոգին անմեղ հպարտությամբ կը փքանար, և այդ զգացման մեջ փաքըն ու երջանկությունը կը գտնար։ Ոչինչ սիրտը այնչափ մեծ գոհունակությամբ կը լեցնե որչափ վեհ նպատակի առարկայն ըլլալու գիտակցությունը։

ԳԼՈԻԽ Ժ.

Պ. Դարեհյան՝ որուն վայրիկ մի հանդիպեցանք Պ. Հայնուռի տանը մեջ՝ Զարուհվույն հարսանյաց առթիվ, ինչպես ըսինք արդեն, բարձրաստիճան երիտասարդ պաշտոն յա մ՚էր տոհմային ծննդյան ազնվականությամբ ու ժառանգական հարստության առավելությամբ սիգացող։ Յուր կենաց շքեղությունը, տանը ճոխությունը, վատնած մեծագումար ոսկիները, յուր երիտասարդութունը, վայելուչ դեմքը, ունեցած տիտղոսները՝ համայն ծնողաց բաղձանքր կը գրգռեին իրենց աղջկանց նկատմամբ, առանց ի նկատի առնել տալու անոնց նույն անձին անբարոյականությունը, ու յուր հռչակյալ զեխությունքն՝ որոնցմով ինքը կը փառավորվեր իբր հռչակավոր գործող հեղինակ։ Պ. Դարեհյան այնպիսի հեշտություն կը գտնար յուր ազատ կենաց մեջ, որ ամուսնական խորհուրդներն արհամարհած էր միշտ, նամանավանդ արգիլած էր որևէ հարսնցուի առաջարկությունը։ Զինքը շրջապատող հացկատակաց համար խիստ հաճելի էր ամուսնության դեմ այդ հակակրությունր՝ զոր կը ջանային ամրապնդել, քանի որ իրենք ևս առատ բաժին կունենային այդ անառակութենեն ու մսխված ոսկիներեն։ Հացկատակին համար տան տիրուհին թշնամի մ՚է որ կը ջանա զինքն ամուսինեն հեռացնելու ամեն անառակ զեղծմանց չափ դնելու կամությամբ։

Պ.Դարեհյան ընդունելով հրավերն Պ. Հայնուռի առավել պատշաճողության պարտք մի կատարած էր՝ քան թե անձնական ճաշակացը հնազանդած։ Որևէ ընկերային քաղաքավարական պահանջմանց հպատակելու հարկը նեղանալի ինչ էր իրեն, զի խոսակցության մեջ սանձարձակ ազատության սիրահար էր։ Ուստի մտադիր եղած էր պատշաճողական կարճատև այցելություն մ՚ընել Հայնուռ ընտանյաց և ապա մեկնիլ անմիջապես։

Պ. Հայնուռի տան ճոխությունները բնավ յուր վրա ազդեցություն չէին կրնար ընել բնականապես քանի որ ինքն անհամեմատ կերպիվ ճոխագույններն ուներ։ Հետաքրքիր ակնարկ մի նետեց գտնված կանանց ու օրիորդաց վրա՝ որոնցմե շատերը թեև շնորհալի երևցան իրեն սակայն ոչ մասնավոր ուշադրության արժանի։ Բայց երբ զՍիրանույշ տեսավ՝ ապշեցավ այդ աննման գեղեցկության վրա։ Երբեք այդչափ արժանապատվություն ու պարզություն չէր տեսած մեկ անձի վրա միացած։ Մինչդեռ մյուս գեղանիները կը ջանային անմեղ արվեստ մի գործածել անոր ուշադրությունը գրավելու, Սիրանույշ ընդհակառակն կարհամարհեր ամեն կուսական քոքեթություն, ու մինչ ամենքը յուր վրա կզմայլեին, ինքը միայն կարծես յուր արժեքը կանգիտանար։ Երբ Պ. Դարեհյան խոսեցավ Սիրանույշի, երբ լսեց անոր աղու ձայնն ու խոսակցության ազնիվ եղանակը, յուր սիրտը սկսավ թրթռալ՝ այնչափ արարածն այն շնորհալի խոր տպավորություն մ՚ըրավ վրա։ Ազատ կենաց սիրահարը գեղեցկության գերին եղավ, ու առաքինությունը հանգիստն հաղթեց մոլության։ Նույն վայրկյանեն Պ. Դարեհյանի բախտը վճռվեցավ, մտացր մեջ հեղաշրջում եղավ, ամուսնական հարկը իբրև դրախտավայր փայլեցավ աչացն աոջև, ու Սիրանույշ՝ իբրև էությանն իշխանուհին։

Միայն մեկ երկու ժամ անցընելու դիտավորություն ունեցած էր Պ. Հայնուռի տունը, և ահա ինքը վերջիններեն մին եղավ մեկնելու նույն գիշերը, մանավանդ որ զարմացավ ժամանակին այնչափ արագորեն սահելուն վերա։ Երբ նա տուն վերադարձավ ամեն ինչ յուր հարգը կորուսած էր իրեն համար, յուր հացկատակները, ապականյալ ընկերությունները, ու յուր իերն՝ որք յուր գլխավոր հաճոյից մին կը կազմեին, բնավ ազդեցություն չունեին անձին վրա։ Զվարճությանց մեջ ձանձրույթ կը գտնար, աղմուկին մեջ՝ սրտնեղություն, քունը աչերեն խույս կուտար, անշարժ գաղափար մի գրաված էր զինքը։ Սիրանույշ յուր բացարձակ թագուհին էր, և ոչ կին մի շնորհալի թվեր աչացն, ամենքն ալ անկյալ հրեշտակներ էին։

Սրտին անհամբեր դրդմանց հնազանդելով արժանավայել անձ մի կը փնտրեր զՍիրանույշ ի հարսնություն խնդրելու համար յուր հորմեն, երբ ահա անակնկալ կերպիվ արտաքո կարգի պաշտոնով կառավարության կողմանե օտար երկիր ղրկվեցավ փութով։ Բարձրագույն հրամանի որևէ ընդդիմություն ընելն անկարելի ըլլալով՝ ցավ ի սիրտ մեկնեցավ առանց որևէ առաջարկ ընել տալու Պարոն Հայնուռի աղջկան նկատմամբ, մոտալուտ վերադարձին հուսովը միայն մխիթարվելով։ Բայց յուր պաշտոնն առավել երկարաձգվեցավ քան ինչ որ կսպասեր. նորանոր դժվարություններ կարծես յուր վերադարձն անհնարին կընեին։ Օրերը կը հաշվեր, անհամբերությունր գրաված էր զինքը լիովին, զի ոչ յուր կատարած գործոց կարևորությունը և ոչ իսկ ժամանակը կարողացած էին Սիրանույշի հիշատակը տկարացնել։ Վերջապես պաշտոնը տասն ամսե վերջը հաջողությամբ լրացավ, և ինքր նոր փայլով վերադարձավ ի Պոլիս։ Խոտովանելու է որ եթե Պ. Դարեհյան բարոյականության տիպար չէր, սակայն քաղաքականության կնճիռներու համար մասնավոր հաջողություն մ՚ուներ։

ԳԼՈւԽ/ԺԱ.

Երբ Դարեհյան վերադարձավ Պոլիս՝ առաջին գործն եղավ յուր փափագանաց լրման համար աշխատիլ. ուստի փութաց պաշտոնական կերպիվ զՍիրանույշ ուզելու պատվավոր անձի մի միջնորդությամբ։ Երբ Պ. Հայնուռ իմացավ Պ. Դարեհյանի բաղձանքն իրեն հետ խնամություն ընելու, կարծես թե չափազանց ուրախությունր զինքը պիտի հիմարացներ։ Անմիջապես յուր հաճությունը տվավ առանց կնոջն հավանությունն անգամ խնդրելու՝ թող թե աղջկանը։ Ինքը հայր չէ՞ր արդյոք, ու բացարձակ իշխանություն չունե՞ր յուր որդվույն բախտր վճռելու, մանավանդ այսպիսի փառավոր պարագայի մեջ։

Մինչ ավետաբեր դեսպանը Պ. Դարեհյանի կիմացներ յուր հաջողությունը բանակցության մեջ, Պ. Հայնուռ կը փութար՝ յուր կողմեն, հաղորդել կնոջն ամուսնության ուրախառիթ առաջարկը։ Բայց մեծ եղավ յուր զարմանքն երբ փոխանակ անհուն գոհունակաթյան՝ Տիկին Հայնուռ առարկեց փեսացուին անառակ վարմունքն որ չէր կրնար համապատասխանել որդվույն նուրբ զգացմանց։

Հայնժամ գոռաց ձայնը Պ. Հայնուռի.

-Ի՞նչ կըսես, կանգիտանա՞ս արդյոք փառազարդ վիճակը Պ. Դարեհյանի։ Մեր աղջիկը հարստության և մեծության մեջ պիտի լյուղի, յուր տանը բացարձակ իշխանուհին պիտի ըլլա, և դու այդպիսի փայլուն վիճակի առջև այդ բարձրաստիճան անձին երիտասարդական վարմունքը իբրև արգե՞լք կուզես հարուցանել։ Վերջապես արք ազատ են, և ոչ ոք անոնց կենաց ընթացքին կրնա խառնվիլ,— ըսավ վճռողական կերպիվ։

—Այո՛, ազատ են,— սլատասխանեց Տիկինը,— ցորչափ կին մի չունին, ցորչափ փափուկ սիրտ մի խոցոտելու երկյուղը չեն կրեր. բայց նույն օրեն որ սուրբ, մաքուր հոգի մ՚իրենց բախտակից կըլլա, հոգի մի՝ որ յուր երջանկությունը կորոնե հաստատապես սիրելուն ու փոխադարձաբար սիրվելուն մեջ, նույն օրը, կըսեմ, արք կը դադրին ազատ ըլլալե, նույն օրը իրենց վրա կը ծանրաբեռնի՝ որչափ որ կանանց, ամուսնական պարտքը, նույն օրը վերջ կուտան կենաց ապօրինավոր հեշտությանց, ընտանեկան հարկին մեջ ամփոփելու համար իրենց իղձերն ու երազները։

—Այսչափ դարերե ի վեր արք իրենց ազատությունը վայելած են,— ըսավ բորբոքյալ ամուսինը,- և հանդերձ այսու կանայք երջանիկ ապրած են։

—Կը սխալիս. ընտանեկան բարօրությունը հաստատված է, ցորչափ արք կենաց զեխությանց հրաժեշտ տալով՝ պարկեշտ եղած են իրենց կենաց մեջ, և հավատարիմ՝ իրենց կնոջ նկատմամբ։ Տես նույն իսկ ի մեզ, որչա՜փ ամեն ինչ փոխված է։ Երբ հայերը իրենց արժանապատվությունը կը պահեին, երբ կնոջ չափ գրեթե իրենց պատվույն նախանձախնդիր էին, ու հավատարմությամբ կապրեին իրենց լծակցին նկատմամբ, ի՜նչ անդորրավետ կյանք ընտանեկան հարկին ներքև, որչա՜փ առաքինություն, ի՜նչ խաղաղություն։ Բայց քանի որ արք սկսան ազատության դրոշմը պարզել ամուսնական կենաց մեջ, ներքին երանությունը քայքայելու վրա է և անիշխանությունր տիրելու բացարձակապես։

—Կանանց արդի հավասարության պահանջումները դարուս նոր ախտերն են որք ի վնաս րնտանեկան բարօրության կը ներգործեն։ Երբ կին մի հարստությամբ ու փառոք կապրի ի՞նչ կրնա առավելն փափագիլ։

—Կրնա փափագիլ հավատարիմ սիրտ մի գտնելու, սիրտ մի՝ որ մասնակից կրլլա յուր ուրախության ինչպես և վշտին։

—Եթե փառքն ու պատիվը երջանկությունը չեն կազմեր, ուրեմն աղքատ հարկերուն մեջ կը բնակի երջանկությունը. և սակայն ոչ ոք աղքատաց բախտին կը նախանձի,— խրոխտալով վճռեց Պ. Դարեհյան, իբր թե պատճառաբանությանց զորավորագույնը գտած ըլլար։

—Աղքատությունը,— հարեց Տիկինը,— հետևանք է շատ անգամ մոլության և տգիտության որք մարդկությունը կրծող զորավոր ախտերն են։ Այն աղքատ հարկերուն ներքև ուր հոգիներն ապականած չեն, ուր արժանապատվության նշույլ մի կա, հոն սրտերը կը մոտենան զիրար սփոփելու, դժվարությանց տոկալու, ու հոն ձեռքերն կը միանան աշխատության բեռը թեթևցնելու համար։ Այն աղքատ հարկին ներքև ուր շահասիրություն չկա, ուր շքեղություններ վայելելու և փառավոր ընծաներ ընդունելու հույսը չկա, հո՛ն ուր տիտղոսներու մասնակցելու հավանականությունը չկա. հո՛ն ուր կը բնակին զրկումն, աղքատությունը, կենաց մարտիրոսությունը, հոն վերջապես ուր կիսամերկ տղայք պատառ մի հացի կը կարոտին, հո՛ն ուր մտատանջության գիշերը կը տարածվի. հոն ուր ծնողք կը տքնին առօրյա ապրուստի միջոց փնտրելու համար՝ մինչդեռ մանկտիք կը ննջեն քիչ մի հաց երազելով. այո՛, թշվառության այդ վայրը երկու սրտերու ընդհարումեն արտադրված լուսովը կը փայլի վայրիկ մի, հույսը կոգևորե այդ հուսահատ հոգիներն որք իրարու փոխադարձ ուժին վրա հենլով, կը տքնին, կը մրցին, կը հաջողին, կը հաղթանակեն, և կամ նկուն կը մեռնին ձեռք ձեռքի տված բախտին կամաց հպատակելով։ Երկու հոգիներ որ զիրար կը հասկնան ու կը սիրեն, աշխարհիս բոլոր հարստությունները կարժեն, վստահ եղիր։

Թեև Պ. Հայնուռ կնոջը խոսքերեն բնավ չհամոզվեցավ, սակայն անկարող ըլլալով առարկությանցն դեմ պատերազմելու, «Ըսածներդ ոչինչ խոսքեր են», ըսավ, վերջ տալով այդ վիճաբանության ուր յուր հաղթվիլը կզգար, հորդորելով զինքն յուր հրամանն աղջկանը անմիջապես իմացնելու։

ԳԼՈԻԽ ԺԲ.

Դժվար էր Տիկին Հայնուռի կատարելու պաշտոնը աղջկանը նկատմամբ, քանի որ ինքն հասկցած էր արդեն անոր տրամադրությունները Երվանդի նկատմամբ. կզգար թե հարված մի պիտի տար անոր փափուկ սրտին, և սակայն անհնար էր իրեն խնայել անոր։ Հարկը կը պահանջեր որ խոսի, այդ էր ամասնույն կամքը, և պետք էր հպատակիլ, պետք էր աղջկանը որոշ տրամադրությունները ճանչնալ, տարտամ վիճակե մ՚ելնել վերջապես, թեև առաջուց կը գուշակեր յուր բանակցության աննպաստ հետևանքը։

Սիրանույշ առավոտյան սպիտակ զգեստ մի հագած, հերարձակ դաշնակին առջևը նստած՝ ներդաշնակության մելամաղձոտ հեղեղներ կը տարածեր շուրջը, այնչափ հոգվույն խանդն յուր փափուկ մատվըներեն կարտադրվեր։ Կտոր մի կը նվագեր Շոպենի՝ այն անմահ սիրահարին անմահ Ժորժ Սանի, որուն մեն մի խաղը սիրո հառաչ մ՚է՝ սիրո արտասուք մ՚է՝ սիրո ներդաշնակություն մ՚է՝ կը նվագեր օրիորդն՝ նվագարանին մեջ գտնելով այն սիրո վանկերն որ յուր հոգվույն վիճակին կը համապատասխանեին։

Տրտմահույզ մայրն սենյակեն ներս մտավ առանց Սիրանույշին ուշադրությունը գրավելու, այնչափ անձայն կը քայլեր. կայնեցավ աղջկանը ետևը բոլոր ուշադրությունը նվիրելով այդ հոգեզվարճ երաժշտության։ Երբ Շոպենի սրտագին մրմունջին վերջին վանկն՝ իբր հառաչ մի օդին մեջ նվաղեցավ, ոտք ելավ դաշնակահարն ու զմայլրն նշմարելով զարմանաց ու գոհունակության ճիչ մ՚արձակեց.

— Մա՛յր, դու հոս էիր, և ես ոչինչ գիտեի։ —Այո՛, քեզ ունկն կը դնեի սքանչանալով. խոստովանելու է թե լավ երաժիշտ մ՚ես։

—Գիտես, մա՛յր, արդեն թե որչափ երաժշտությունը սիրելի է ինձ, մանավանդ Շոպենի գործերն որք հոգին արբշիռ կընեն անբացատրելի զգացմամբ գրավելով զայն։ Բայց, մա՛յրիկ, մտահույզ կը թվիս ինձ, կը սխալի՞մ արդյոք։

—Մտահույզ եմ իրոք, և կրնա՞մ արդյոք ուրիշ ձևով ըլլալ, երբ քո երջանկությանդ վերաբերող խնդրով մի զբաղյալ եմ։

—Ի՞նչ խնդիր, մա՛յր,— հարցուց Սիրանույշ այլայլելով։

Տիկինը շփոթած էր, չգիտեր ինչ եղանակավ հաղորդել աղջկանն հորը կամքը. քանի մ՚անիմաստ խոսքեր ըրավ ամուսնության վրայոք որք Սիրանույշին սարսափ ազդեցին սակայն, զի հասկցավ թե զինքն ամուսնացնելու խորհուրդ մի կար. վերջապես անհուն հուզմունքով և այլայլությամբ գոչեց «Մա՛յր, խոսե բացարձակապես, կը հայցեմ քեզ»։

Մինչ Տիկին Հայնուռ կը լսեր աղջկան տագնապր նշմարելով, Սիրանույշ վերստին կրկնեց թախանձանքը, որով սրտաբեկ մայրը պարտավորեցավ յուր ամուսնույն կամքը հայտնել անոր։

Երբ Սիրանույշ եղելությունն իմացավ, այնպիսի ապշությամբ ու ցավով գրավվեցավ որ լռեց ու արձանացավ, արտասուք՝ իբր անմռունչ վկայք, աչացը մեջ կերերային յուր հոգվույն հուսահատությունը հայտարարելու համար։ Տիկին Հայնուռ անմխիթար կուսին գլուխը թևերուն մեջ առած՝ անխոս, անոր վշտին կը մասնակցեր։ Վերջապես Սիրանույշ մորը բազկաց մեջեն ելնելով ըսավ. «Մա՛յր իմ անուշ, թույլ տուր որ հայտնեմ քեզ այսօր սրտիս գաղտնիքը, զոր ծածկած էի քեզմե միմիայն մայրենի վեհ հոգվույն անձկություն չպատճառելու համար։ Տղայութենես ի վեր վարժեցա Երվանդին հետ ապրելու, անոր գաղափարներով ու զգացումներով ապրելու, անով հրճվելու, ցավելու և սփոփելու։ Մա՛յր իմ, զիս Երվանդեն բաժնելով սիրտս ու երիտասարդությանս ծաղկունքը կը հոշոտեք։ Ես խոստացա Երվանդին մշտատև հավատարմություն։ Գուցե զարմանաս թե զայս ամենայն գաղտագողի գործեցի։ Բայց վստահ եմ որ զքեզ որևէ մտատանջութենե ազատ պահելու դիտավորությունս ըմբռնելով՝ կատարածս չես դատապարտեր։ Հայրս չստիպե զիս Պ. Դարեհյանի վիճակակից ըլլալու վասնզի անհնարին է ինձ այդ։ Մա՛յր, դու օգնե ինձ, ազատե՛ զիս, մա՛յր…»։ Վերջին բառը հեծկլտանքի մեջ նվաղեցավ։

Տիկին Հայնուռ սաստիկ հուզվելով ջանաց զինքը մխիթարել առանց որևէ խոստում ընելու և փութաց հաղորդել ամուսնույն Սիրանույշի որոշումը։

Պ. Հայնուռ սաստիկ նեղանալով այդ ընդդիմության վրայոք աոանց էական պատճառը գիտնալու, սկսավ յուր կինը սաստիկ մեղադրել՝ աղջկանը միտքը սին գաղափարներով թունավորված ըլլալուն համար՝ ըստ յուր բացատրության, ու ես քան զես զայրանալով սպառնաց երիտասարդին կամքը բռնաբարել։

Հայնժամ շվարյալ մայրը պարտավորեցավ հայտնել անոր՝ թե Սիրանույշը կը սիրեր զԵրվանդ, և թե հաստատ որոշում ըրած էր ուրիշ մեկուն հետ չամուսնանալու։

Ի լուր այդ խոստովանության կարծես թե Պ. Հայնուռ անսանձ փոթորիկ դարձավ.

«Ի՞նչ, ըսավ, որոտընդոստ ձայնիվ, կը կա՞րծես երբեք թե աղջիկս գործավորի զավկի՝ անպիտան նկարչի կը հաճիմ տալու. նախապատիվ կը համարիմ մահվան հետ ամուսնացնելու զայն։ Ի՜նչպես հանդգնեցավ այդ ապիրատ բոկոտնը աչերը բարձրացնել մինչև ամիրայազուն ցեղե իջած օրիորդի մի։ Ա՞յս էր ուրեմն զԶարուհին հոգալու, խնամելու հետևանքը. ա՞յս էր քաղելիք երախտագիտական արդյունքս։ Վա՜յ այն անզգամ տղուն եթե երբեք հանդգնի ոտքը տանս մեջ դնելու։

Այսպես խոսելով պնդեց թե որևէ նկատմունք կարհամարհեր և թե Սիրանույշի ամուսնությունը Պ. Դարեհյանի հետ իբր կատարված իր կը նկատեր։

ԳԼՈԻԽ ԺԳ.

Սիրանույշ անհնարին տենդով հորը որոշման կըսպասեր։ Երբ տեսավ գունաբեկ մայրն որ դեպ իրեն կուգար, երբ նկատեց անոր լուռ պերճախոսությունը, հուսահատած ճիչ մ՚արձակեց «կիմանամ, կիմանամ» ըսելով, ու ապա լռեց։ Չլացավ, չհառաչեց, այլ գլխիկոր և անմռունչ, աչերն գետնին վրա բևեռած՝ կարծես թե հիմարության զոհ պիտի երթար։ Սենեկին մեջ փակված, հորմեն հեռու, ոչ գիշերը քուն ուներ և ոչ ցերեկը, հազիվ թե քիչ մի սնունդ կը տաներ բերանը. մորը հուսահատ թախանձանքեն զգածվելով։ Երբ մայրը աղերսագին կը խնդրեր իրմե որ պատասխանե հարցմանը, «թողուցեք որ մեռնիմ» կըսեր միայն հեգ կույսը, ու դարձյալ լուռ և անարտոսր կը կենար։ Սիրտն հառաչանք չուներ, և ոչ բերանը բողոք մի։ Կարծես թե համայն շնորհք, երիտասարդություն և զգացում ցավոց պատանքին մեջ խորասույզ եղած էին։ Կզգար որ սոսկալի կռիվ մի պիտի ծագեր ընդ մեջ հորն և սրտին, կը զարհուրեր հետևանքներեն ու դառն համբերությամբ կսպասեր։

Այդ լուռ հուսահատության առջև հալ և մաշ կըլլար թշվառ մայրը, կարծես թե հոգվույն ուժը կը նվազեր, մայրենի սիրտն հոշ հոշ կըլլար անկարողության հանդեպ որևէ դարման մ՚ընելու աղջկանն անտանելի վիճակին։ Մեն մի անգամ որ տիկին փորձած էր Սիրանույշին տագնապալի վիճակը ներկայել յուր ամուսնույն, սա զինքը սաստելով լռության դատապարտած էր: Որդվույն մի տառապանքր, մոր մ՚արտասուքը բնավ մուտք չէին գտնար փառամոլ հոր սրտին մեջ։ Պ. Հայնուռ զԴարեհ փեսա ունենալով՝ դստերն համար ունեցած երազներուն գերագույն իրականության կը հասներ, և ով որ այդ ամուսնությունն իբր նախանձելի վիճակ չնկատեր՝ հիմարաց կարգը կանցներ յուր առջև։ Փառամոլ մարդը կըրնա՞ ըմբռնել արդյոք այն փափուկ զգացումն անարատ սիրո որ սնունդ կուտա, կյանք կուտա, երանություն կուտա երբ երջանիկ է, և հուսահատություն ու մահ՝ երբ դժբախտ է։

Երեք սև օրեր անցած էին Սիրանույշին ու մորն համար, և երեք հուսալիր օրեր Պ. Հայնուռի համար, երբ սա իմացուց թե չորս օրեն զփեսայացուն ընդունելու համար շքեղ պատրաստություններ պիտի սկսվեին տան մեջ։ Թշվառ մայրը ջանաց ծածկել յուր զավկեն այդ վերջին տնօրենությունը։ Բայց սիրահար հոգվո բոլոր նրբամտությամբ կույսն անմիջապես գուշակեց եղածը, և սիրո հուսահատությամբ.

«Մա՛յր, գոչեց, հայրս իզուր կուզե կամքս բռնաբարել, անհնար է ինձ ետ առնուլ տված խոստումս Երվանդին, անկարելի է ազատել սիրտս յուր հանգույցներեն։ Բայց եթե հայրս հոժարակամ չէ անհնազանդությանս ներելու, ես կքաշվիմ վանք մի, ու հոն, մենակությանս մեջ քու և Երվանդին սիրով կապրիմ, և կը շարունակեմ սիրել ևս զհայրն որ զիս կուզե զոհել։ Մի՛՞թե կարելի է մոռնալ մեկ վայրկյանի մեջ այնչափ տարվան իմ վայելած հայրենի գորովը, ոչ, ոչ, չեմ ապաշնորհ այնչափ բարյաց։ Երանի՜ թե հայրս կենացս զոհն ուզածս ըլլար. պիտի տեսներ հայնժամ թե մինչև ո՜ւր կը հասնի անձնվիրությունս յուր նկատմամբ։ Մա՛յրիկ, կուզե հափշտակել նա ինձմե ինչ որ իմս չէ, ինչ որ սիրտս Երվանդն ձոնած է։ Հայրս երկու սիրտ պիտի ջախջախե, երկու կյանք պիտի մարե։ Փույթ չէր եթե զիս միայն նահատակեր։ Բայց նահատակել զԵրվանդ. անոր հոգին պատառել, հանճարույն հուրը մարել, ո՜հ, ո՛չ, ո՛չ, անկարող եմ զայդ գործելու։ Մա՛յր, վերջին ճիգ մ՚ ըրե, խնդրեմ, խոսե մայրենի սիրույդ րոլոր ճարտարությամբ, մայր… բայց ոչ, լավագույն է որ ես անձամբ ներկայանամ իրեն մեծ վշտի հետին արտահայտությամբ. թերևս կարեկից ըլլա ինձ, թերևս հոգվույս աա զհէսսլաց վերահասու րլլա ու ողորմի ինձ վերջապես շնորհքով արտասվացս ինչ որ մերժեց քու ձայնիդ, մա՛յր»։

Տիկին Հայնուռ ուզեց արգիլել զՍիրանույշ անձամբ հորը դիմելու է վասնզի վստահ էր գրեթե որ նա ամրապինդ պիտի մնար յուր որոշման մեջ. հետևապես կը վախնար թե գուցե խիստ խոսքեր լսելու ենթարկվելով, որդվույն կարեվեր հոգին առավել կը վիրավորեր։ Բայց Սիրանույշ հաստատ մնալով յուր որոշման մեջ, դիմեց դեպի սենյակն ուր հայրն առանձին նստած էր։ Սա ժպտով մ՚ընդունեց յուր դուստրը՝ զոր չէր տեսած նույն օրեն ի վեր որ նա դժկամած էր յուր կամացն հնազանդելու, և կարծելով թե կուգար յուր անհնազանդության զղջումն հայտնելու, ձևերովը քաջալերեց զՍիրանայշ խոսելու, մինչ դյուրահավան անմեղ արարածը այդ անուշ ձևերեն խաբվելով կը հուսար հաղթություն տանիլ։ Հետևապես հորը ոտքն իյնալով «Հայր, գոչեց. լալահառաչ, գիտեմ որ դու կը սիրես զիս, զի միշտ վրաս գուրգուրացած ես, ու հայրենի սրտիդ գանձերով զիս միշտ ողողած։ Լուր ուրեմն թախանձանացս»։

—Ի՞նչ է խնդրածդ, աղջի՛կս,— ըսավ, զինքը գետնեն վեր վերցնելով։

—Հա՛յր, ունկն դիր որդիական ձայնիս, խնայե ինձ, թույլ տուր որ մերժեմ բախտն որ կը պատրաստես ինձ։

— Թո՜ւյլ տամ։ Սիրանո՛ւյշ, երիտասարդ ես դու տակավին ու չգիտես թե ինչ է երջանկությունը և ինչով կը գոյանա։

—Հա՛յր, եթե կանգիտանամ թե ի՛նչ է կյանքը, գոնե չեմ անգիտանար թե ի՛նչ է սիրտը։

— Սիրտը պարզ երևակայական բառ մ՚է, երիտասարդական ցնորք մի՝ որ իրականության առջև կոչնչանա։

—Բայց, հա՛յր իմ, սիրտ մ՚որ գոհ է, որ համակրությամբ լի է, ու ուրախությամբ կը թրթռա, ահա ճշմարիտ երանավետ կյանքը։

—Աղջի՛կս, համարելով թե ըսածդ ստույգ ըլլա, սրտին գոհունակությունն ու երջանկությունը՝ ինչպես դու կուզես անվանել, շուտ կոչնչանա եթե կենաց անդորրությունը պակսելու ըլլա։ Իսկ կենաց առավելությունները կը վայելես, բաղձանքներդ կը կատարես, երազներդ կիրականացնես, կը շոյվիս, կը փայլիս, կը փառավորվիս։ Եթե ավելցնես հարստության առավեկությանց վրա շքեղ պաշտոնական վիճակ մ՚ալ, հայնժամ իշխանուհվո կացությունը կունենաս։

—Ի՞նչպես արդյոք կրնամ այդ շքեղությունը, այդ պերճանքը վայելել, երբ սիրտս իբր ողջակեզ մատուցանելու եմ նույն խորանին առջև ուր բախտս օտարի մը ձեռաց պիտի հանձնեմ։ Երբ սիրտս մեռած է հիս, ինչո՞վ կրնամ այդ փայլուն վիճակը վայելել։ Պսակի խորհուրդը մահվան խորհուրդն ալ պիտի ըլլա միանգամայն։ Հա՛յր իմ, թո՛ղ որ ապրիմ, հրաժարե խորհուրդեդ։

—Այսինքն կուզես որ հաճիմ բոկոտն նկարչի մի տալու զքեզ ի հարսնություն, գործավորի զավկի մի, ուրիշի ողորմությամբ սնած անանուն սրիկայի մի որ հյուրրնկալութենես օգուտ քաղեց զքեզ զգլխելու, մինչև անվանս, մինչև հարստությանս հասնելու համար։ Մի՛ հուսար երբեք թե հաճությունս կստանաս, ո՛չ, ո՛չ, զի այդ նվաստանար։ Իսկ եթե կը ճանչնաս իրոք իմ հայրենի գորովս քու նկատմամբ, անմիջապես հպատակե կամացս. ընդվզելովդ արդեն ոճիր գործեցիր, և անմիջական զղջմամբ միայն ներումս կստանաս։

— Հա՛յր,— գոչեց, նվաղյալ ձայնիվ, հեգ աղջիկն,— ողորմե՛ ինձ։

— Ողորմիլ չգիտեմ ես, հպատակե կըսեմ քեզ,– գոռաց սրտմտյալ հայրը։

Պ. Հայնուռի ձայնն որ հետզհետե բարձրացած էր՝ նվազեցավ հանկարծ հուզմանը սաստկութենեն ։

Տիկինն՝ ամուսնույն վերջին սպառնալից խոսքերը լսելով՝ սենյակեն ներս ընթացավ հօգնություն յուր աղջկան։

Պ. Հայնուռ զինքը տեսնելուն պես մեղադրանաց խոսքեր արատասնեց տիկնոջ դեմ, անվանելով աղջկանը երանության դահիճը՝ որ իբր մայր՝ կույր և անպիտան՝ ապերասան երիտասարդի շահախնդիր դիտավորությանց վերահասու չէր եղած։

Կը լռեր համբերատար մայրը։ Բայց Սիրանույշ չկարենալով հանդուրժել այդ նախատալից խոսքերուն յուր մորը նկատմամբ՝ գոչեց.

-Հա՛յր, ինչո՞ւ կը մեղադրես մայրս եթե չկարողացավ արգիլել այն սուրբ զգացումն երիտասարդի մի համար որ ազնվամիտ է և առաքինի, և զոր համակրությամբդ կը պատվեիր։

-Ըմբոստ աղջի՛կ, դու կը համարձակի՞ս պաշտպանել տակավին այդ անզգամը, կորի՛ր առջևես։

Տիկին Հայնուռ դողասարսուռ՝ փորձեց ամուսնույն կիրքը սեղմելու, բայց նա՝ իբր հրեշ մոլեգին գոռաց.

-Ա՛ռ աղջիկդ և սենյակեն դուրս ելիր։ Դու ես բոլոր բարկությանս պատճառը, ու զքեզ տանս իբր մեծագույն թշնամին պիտի նկատեմ միշտ։

Ողորմելի մայրը կարծես թե ոչ ևս շունչ ուներ, ու կը հանդիսանար իբր վսեմ զոհ մայրենի եզական սիրույն։ Բայց երբ նշմարեց Սիրանույշին դեմքին այլագունիլը, և աչերուն նվաղիլը, ճիչ մ՚ արձակելով դեպ աղջկանն ընթացավ, ու ժամանակին հասավ զինքը բազկացը մեջն առնելու համար։

Նվաղյալ էր Սիրանույշ։
ԳԼՈԻԽ ԺԴ.

Գեղեցիկ բայց պարզ ճաշակով զարդարված սենեկի մեջ, ճերմակ վարագույրներով շրջապատված կուսական անկողնո վրա տարածված էր Սիրանույշ անզգայության վիճակի մեջ։ Նվաղման երկարիլը, ու մահատիպ դեմքն օրիորդին՝ զտիկին Հայնուռ ցավող գերագույն աստիճանին կը հասցնեին։ Ամենեն գողտրիկ անունները կուտար անոր, զորս մայրենի սիրտը միայն գիտե ստեղծել. կը խնդրեր աղերսագին որ արթննա վերստին ու խոսի իրեն։ Բայց ողորմելի երիտասարդուհին մայրենի ձայնին անզգա կը մնար, մինչ Պ. Հայնուռ որդվույն նվաղման վիճակեն կը հուզվեր, ու խոժոռ նայվածք մի կնոջն ուղղելով՝ զինքն այդ չարյաց պատճառ կը համարեր։

Վերջապես Սիրանույշին բերնեն տխուր հառաչանք մի լսվելով, տառապյալ մայրը շունչ առավ։ Անտիական աղջիկն աչերը սկսավ բանալ աստիճանաբար ու անզգայաբար նայիլ շուրջն եղած աղմկալի շարժման։ Մայրը քովը կեցած երեսը կը շոյեր, մինչ լռին արտասուքը աչերեն կը սահեին, իսկ հայրը անկողնույն մոտ կայնած էր խռովահույզ դիմոք։ Տակավ առ տակավ Սիրանույշ սթափեցավ. բոլոր անցյալը հետզհետե միտքն եկավ, հորը նայեցավ ու «Մայր իմ» մնչելով, աչերը գոցեց ու վերստին նվաղեցավ։ Տիկին Հայնուռ պատվիրեց որ ամենքր սենյակեն դուրս ելնեն, ու քովը մեկ սպասուհի միայն պահելով հաջողեցավ վերստին աղջիկր սթափելու։ Ահաբեկ մայրը մինչև առավոտ Սիրանույշի սնարին մոտ անցուց անքուն, անոր փոթորկալից քունին վրա հսկելու, շունչը քննելու և ամեն խնամք մատակարարելու համար։ Գիշերն ի բուն վշտաբեկ կույսն զառանցելով Երվանդին անունը տվավ։ Իսկ հաջորդ առավոտուն արթնցավ չափազանց հուզման հաջորդող հանդարտությամբ։ Բայց այնչափ դալկահար էր և տկար որ կարծես թե երկարատև հիվանդությամբ տառապած էր։ Սակայն ի՞նչ է մարմնույն ցավը բարոյական վշտին բաղդատությամբ։ Մին մարմնույն՝ այսինքն նյութին ախտն է. մյուսը. հոգվույն՝ այսինքն այն ամեն մասունքներու որ կզգան կը խորհին, կը սիրեն, կը տառապին ու կը հյուծին։

Սիրանույշ մորը նայելով խանդաղատանոք հարցուց եթե գիշերն անքուն անցուցած էր յուր քովը. և այնպես ըլլալն իմանալով՝ մորը ձեռքը նախ շրթանցը տարավ և ապա սրտին։ Կը նայեր անոր երախտագիտությամբ ջանադիր ըլլալով զինքը կրծող ցավին խորության հասնելու համար, մինչ յուր անբուժելի վիշտը հոգվույն մեջ կը փորձեր թաղելու ի մխիթարության յուր սիրելի մոր։ Կը ժպտեր անոր երբ յուր սիրտը դառնապես կուլար։ Ոչինչ այնչափ զարհուրելի է որչրսփ կեղծ ժպիան որ արյունաթաթավ հոգվո մի սոսկալի հեգնությունն է։

Սակայն տիկինն անհանգստություն մի կզգար որ վայրկյան առ վայրկյան կավելանար զՍիրանույշ սաստիկ հուզելով։

-Խեղճ մայրի՛կ, կըսեր, ինձ համար նահատակվեցար, և ո՞ գիտե տակավին որչափ պիտի նահատակվիս։

Փույթ չէ, զավա՛կս, բավական է որ դու գոհ ըլլաս. աներկյուղ ապրե՝ հիս պիտի գտնաս միշտ ապավեն։

Ո՜հ, ինչու՞ ես նախասահմանյալ ըլլամ ծնողացս այսչափ մտատանջություն ու ցավ պատճառելու երբ զիրենք այսչափ կը սիրեմ։ Բայց կերևա որ հայրս անխախտ կը մնա յուր որոշման մեջ քանի որ երեկվընե ի վեր զիս ապահովելու բնավ լուր մի չղրկեց։ Ով սիրելի մա՛յր իմ, ներե՛ ինձ եթե ես ամրապինդ կը մնամ դիտավորությանս մեջճ՝ գուցե քեզ նորանոր հուզումներ պատրաստելով։

Սակայն տիկին Հայնուռ գրեթե չլսեց Սիրանույշի վերջին այս խոսքերն՝ այնչափ տենդն՝ որ զինքը կը նեղեր քանի մի ժամերե ի վեր, գրաված էր լիովին։

ԳԼՈԻԽ ԺԵ.

Ընդարձակ սենեկի մեջ ուր հարստությունն այլ և այլ շքեղություններ միացուցած էր, ուր պատուհանները մետաքսյա վարագույրներով զարդարված էին, ուր կարասիները ծիրանեփայլ էին և հայելիները հիանալի, փառավոր անկողնու վրա տարածված էր մահատիպ տիկին մի զորս կը խնամեին երկու երիտասարդուհիք: Հիվանդն էր տիկին Հայնուռ, իսկ երկու խնամակալուհիք` Սիրանույշ և Զարուհի։

Հուլիսի շողշողուն արև մի լուսով կողողեր լեռները, դաշտերը, ջուրերը. ամեն կողմանե նվագ ու բույր կը տարածվելդ ամեն ինչ զվարթ ու ախորժելի էր՝ ինչպես կը հանդիպի երբ բնությունը կը զարդարվի յուր շքեղությունները տոնելու համար։ Իսկ հիվանդին սենեկին մեջ ամեն ինչ տխուր էր, մութ և լռություն։ Արեգական ճառագայթները մուտք չէին գտնար թանձր վարագույրնեըուն մեջեն որք` իբր սգահար ուռենիք, պատուհաններեն վար կախված էին մթություն կազմելու համար տառապալից անկողնույն շուրջը։ Պատուհան մի միայն բաց էր, ուսկից մաքուր օդ կը մտներ՝ սենեկին թունալից մթնոլորտը նորոգելու համար, և ուսկից երբեմն թռչնոց զվարթ երգը կը սպրդեր կարծես իբր հեգնություն գուժաբեր լռության այդ տեղվույն։

Երկու երիտասարդուհիք հազիվ կը համարձակեին խոսիլ իրենը երկյուղը փսփսալու համար իրարու ու չարագուշակ կասկածները է մինչ հիվանդն անհնարին տենդով կը չարչարվեր, կը բանդագուշեր, զՍիրանույշ կը կոչեր, փրկություն կը խոստանար իբր թե վտանգի մատնված ըլլար այն։

Տասնևհինգ օրե ի վեր՝ նույն իսկ այն առավոտեն ուր անքուն գիշեր մ՚անցուցած էր աղջկանը սնարին մոտ, տիկին Հայնուռ այս ծանր վիճակին մեջ կը գտնվեր։ Այնչափ տառապանք և հուզում ճնշած էին վերշապես այդ փափուկ հոգին Որ յուր Սիրանույշին վշտով կր վշտանար, անոր հրճվանքով կը հրճվեր, և անոր կյանքովը կապրեր։ Տիկնոջ հիվանդությունը գլուխն էր ու աոաջին օրեն սպառնալից հանգամանք մ՚առած էր։ Մեծ էր երկյուղը բժշկաց. լռություն, հանդարտություն, ուշադիր և անընդհատ խնամք կը պահանջվեին հիվանդին համար, քանի որ փոքրիկ անխոհեմություն մի վճռողական հարված մի կրնար տալ այդ հոգնաբեկ մարմնույն։

Երբ Սիրանույշ մորը վիճակը տեսավ, մոռցավ յուր անձնական տկարությունր, որդիական գորովն ուժ տվավ իրեն: Մեկ կողմ թողուց ամեն նկատմունք, ամեն մտածություն, բոլոր միտքն ու սիրտը մեկ կետի վրա ամփոփեց, այսինքն յուր սիրելի մոր վրա, ու անոր քով հսկեց շարունակ առանց այղ թանկագին կենաց խնամակալությունը ուրիշ ձեռաց հանձնելու։

Զարուհի տիկին Հայնուռի հիվանդությունը լսելով՝ թողուց անմիջապես տունն և աշակերտուհիները, Սիրանույշին հետ միանալով հսկելու համար այդ պատվական անձին վրա այն լուրջ խնամքով որ սիրելի անձ մի կորսնցնելու երկյուղը կազդե։ Գրեթե անքուն կը տքնեին երկուքն ալ. բայց երբ բնությունն յուր հարկը կը պահանջեր, մին վայրիկ մի կը ննջեր բազմոցի վրա նստած կամ տարածված, մինչդեռ մյուսը կը շարունակեր մեն մի դարմանն որ պիտի կատարվեր վայրկյան առ վայրկյան՝ ըստ բժշկաց հրամանին։ Երբ մին՝ րոպե մի սենեկեն դուրս ելներ բռնի` քիչ մի սնունդ առնելու յար խնամարար պաշտոնին շարունակությունր կարենալ վարելու համար, մյուսն հիվանդին անկողնույն մոտ կը հսկեր աչալուրջ։

Սակայն այսչափ անձնուրաց հոգատարություն ոչ միայն գոհագուցիչ արդյունք մի չէր արտադրեր, այլ ընդհակառակն հիվանդ տիկնոջ վիճակը օր ավուր կը սաստկանար։ Բժշկաց դաժան կերպարանքը, անոնց անորոշ պատասխանն երբ շատ իսկ կը հայտարարեին մոտալուտ վտանգի երկյուղը։ Վերջապես օր մի երբ տիկին Հայնուռ կարծես օրհասական պահուն հասած էր, Սիրանույշ բժշկաց ետևեն սենեկեն դուրս ելնելով, լալահառաչ խնդրեց անոնցմե որ մորը վիճակը չքողարկեն իրմե այլ անկեղծապես խոստովանին եթե ամեն հույս կորսված էր։ Երբ հասկցավ թե գրեթե վճռված էր մորը բա խաբ, անմխիթար աղջիկը մտավ յուր կուսական սենյակը զոր տասնեհինդ օրե ի վեր թողած էր ու սկսավ լալ դառնագին՝ ըսելով. «Մայր, մայր, ես զքեզ կսպաննեմ, զքեզ իմ սրտիս զոհեցի, ձեռամբս կուտամ քեզ մահացու հարվածը։ Տառապեցար առանց գանգատանաց, և արդ կուզես մեռնիլ առանց ինձ դեմ բողոք մ՚արձակելու։ Բայց ոչ, չեմ հանդուրժեր ---անիս. ես զքեզ առ մահ մղեցի, ես զքեզ մահվան ճիրաններեն պիտի ազատեմ։ Մա՛յր, պիտի ապրիս, որդիական զոհս պիտի փրկե զքեզ։ Ապրե՛ ու ես կուխտեմ առաջի երկնից զոհելու քեզ սիրտս ու համայն էությունս, այսինքն զոհելու քեզ Երվանդս, կուխտեմ, մա՛յր, կը լսե՞ս»:

Յուր մատուցանելու սիրո ողջակեզին անհունությունը կարծես խղճեն բեռնավոր հողին սփոփեց. թվեցավ իրեն թե այդ արժանավոր հատուցում մ՚էր մորը տանջանաց։ Առավել թեթև խղճիվ մոտեցավ մայրենի անկողնույն ուր հիվանդը կը բանդագուշեր, զինքը կը կոչեր, ու երբեմն տեղեն իսկ կուզեր ոստնուլ որդվույն փրկության ընթանալու համար։

Սիրանույշ՝ խռովահույզ տիկնոջ սնարին մոտեցավ, մորն երեսը համբուրեց զայն հորդառատ արտասուքներով ողողելով, ու յուր ականջին քանի մի բառ փսփսաց։ Հիվանդը չլսեց այդ բառերը որք կատարվելիք մեծ զոհի մի խոստումն էին սակայն հեգ կույսը կրկնեց զանոնք կարծելով թե այդ ուխտադրությամբ մորը կյանքը պիտի վերահաստատեր։

Նույն օրեն ի վեր անցան հինգ ես անսպառ մահագույժ օրեր։ Տենդը, բանդագուշանքը, անկողնեն դարս վիժելու կամեությաններն սաստկացան՝ այնպես որ այդ տխուր տռամին վերջը հասած կերենար։ Սակայն Սիրանույշ առանց հույսը կորսնցնելու կը տքներ, կը հսկեր, և կարծես կրկին արիությամբ կուզեր անպատճառ հաղթանակը տանիլ մահվան դեմ, մինչ Զարուհի ամենայն հույս կտրելով յուր երկրորդ մոր կորուստը կուլար արդեն ողբագին։ Երբ Սիրանույշ վստահ եղանակավ կապահովեր զԶարուհին ըսելով «Մի՛ լար, մեր մայրը չպիտի մեռնի, այլ մեզի համար պիտի ապրի տակավին», մանկամարդն զարհուրմամբ կը նայեր անոր կասկածելով թե գուցե ցնորած էր։ Սիրանույշ ցնորած չէր, այլ յուր մատուցանելու զոհին ի փոխարինություն կր կարծեր թե յուր մորը կյանքը պետք է որ իրեն ընծայվի։

Վեցերորդ օրր հիվանդությունը կանգ առավ. աղո՛տ հուսո նշույլ մի փայլեցավ տանը մեջ, սրտերը սկսան դողալով ուրախանալ, թե մի գո՞ւցե խաբեական բարելավություն մ՚է։ Այս անորոշ վիճակը կը խոստանար թե՛ մահը բոլոր յուր սոսկմամբը, և թե կյանքը՝ բոլոր խինդերովը։ Բայց երկրորդ, երրորդ և հետևյալ օրերը բարելավության վիճակը հաստատվելով, վտանգը կը հեռանար, հույսը կը մերձենար, սրտերն աներկյուղ կը ցնծային թե՛ տանը մեջ և թե՛ այլուր, վասնզի տիկին Հայնուռ խիստ սիրելի էր յուր շրջակա անձանց որքան և օտարականաց, այնչափ բարեսիրտ էր այն և ազնիվ։ Ավելորդ է խոսիլ մեր երկու երիտասարդուհյաց ուրախության վրա։ Իսկ արդար ըլլալու համար խոստովանելու է թե Պ. Հայնուռ կատարելապես մեկ կողմ թողուցած էր աղջկանն ամուսնության խնդիրը՝ կինը կորսնցնելու վախեն ամբողջապես գրավված, և թե անկեղծորեն կը ցնծար այդ ապաքինության վրա։ Վտանգի օրերը տանը մեջ փակված էր ամեն գործ մեկ կողմ դնելով, և մեծ մասամբ հիվանդին սենյակին դռան մոտ նստած ամեն ձայնի ունկնդիր էր, և շարունակ լուր առնելու ակնդետ: Վասնզի ինչպես արդեն գիտենք, բացի երկու երիտասարդուհիները և սպասուհին մի որ հարկ եղած ժամանակ միայն սեյնակն ներս կը մտներ, ոչ որ հրաման ուներ հիվանդին մոտենալու:

Սիրանույշ ուրեմն յուր սիրելի մայրը, բայց ի՞նչ պայմանով. զայդ ինքը միայն գիտեր։ Կզգուշանար կատարելիք զոհին խորության վրա ակնարկ մի նետելու. սիրտն անզգայության կը մղեր, կուզեր մեռցնել զայն Երվանդի պատկերով արտաքսելով յուր հոգիեն, որպեսզի արիությամբ գործադրե այն խոստումը զոր ըրած էր երբ մայրը մահվան ավարն ըլլալու կը պատրաստվեր։

Ապաքինության վիճակը շարունակելով տիկին Հայնուռ անկողինեն ելած էր քանի մ՚օրե ի վեր, ու երկար բազմոցի մի վրա տարածված պատուհանին առջև։ Առավել կմախք մի կը հանդիսացներ նա քան թե կենդանի արարած, այնչափ մեծ էր և սոսկալ՝ նիհարության աստիճանը։ Տիկինը հոգնաբեկ աչերը մերթ ընդ մերթ յուր շքեղ պարտեզին ուղղելով կը վայելել գեղեցիկ ծաղկանց ու դալարեաց տեսարանը մինչ գլուխը Սիրանույշին ուսին վրա կոթնած էր, ու Զարուհին ձեռքը բռնած կը շոյեր զայն շարունակ, կը խոսեր, կը դայլայլեր, և շատ անգամ կը լռեր հիվանդը հոգնեցնելու երկյուղիվ։

Անխոս կը կենար Սիրանույշ, միտքն այլ ուր էր. Զարուհվույն ուրախալից ձայնը չէր լսեր նա, չէր գիտեր թե ո՜ւր էր, չէր զգար որ մայրը սրտին վրա կը հանգչեր։ Սիրելի պատկեր մի հանդեպ իրեն կեցած էր տխուր և հուսահատ. զայն ինքը միայն կը նշմարեր հոգետեսությամբ. կը թախանձեր իրմե որ զինքը չզոհե՝ այլ սիրե ինչպես սիրած էր միշտ, և հիշե իրեն ըրած հավատարմության խոստումը։ Հանկարծ թվեցավ իրեն որ զինքը «Ուխտադրուժ» կանվաներ սրտմտյալ ձայնիվ։ Սիրանույշ յուր տկարանալն զգաց, կարծեց թե՝ պիտի նվաղեր։ Բարեբախտաբար ոչ մայրը և ոչ իսկ Զարուհին կրնային զինքը տեսնել՝ առած դիրքին պատճառավ, հետևապես դիտել յուր տարապայման վիճակը։

Բայց ահա տիկին Հայնուռ աղջկանը ձայնը չլսելով ըսավ «Ի՞նչ ունիս, Սիրանո՛ւյշ, ինչո՞ւ չես խոսիր. մի գուցե՞ հիվանդ ես» ու այլայլությամբ գլուխը վեր առնելու հաջողելով ուզեց անոր երեսը նայիլ։

Սիրանույշ ցնցվեցավ այդ մայրենի ձայնին քաղցրությամբը, ու բռնի ժպտով մի պատասխանեց, ըսելով.

«Մայրի՛կ, Զարուհվույն մտիկ կընեի։ Հանգիստ եղիր քաջառողջ եմ ու ապաքինությամբդ կը հրճվիմ»։

Այս խոսքերն ըսելով Սիրանույշ մորը դալուկ երեսին վրա աչերը խոնարհեցնելով՝ հուզվեցավ. ու բնավ բան չհայտնելով զինքը սրտին վրա սեղմեց եռանդագին, նորեն մորն երեսը նայեցավ, ու վայրիկ մ՚իրմե հեռանալու հրամանը խընդրեց աննշան պատճառ մ՚առարկելով։ Հաճեցավ տիկին Հայնուռև մանավանդ զինքն ուժգին հորդորեց երթալ պարտեզը շրջագայելու։ Սիրանույշ դուրս ելավ վերստին մորն ակնարկ մ՚ուղղելով, զի անոր ներկայութենեն ուժ կը փնտրեր յուր վհատյալ սրտին։ Քայլեց արիությամբ դեպի սենյակն այն ուր հայրն առանձին էր։ Տիկնոջ հիվանդության ժամանակ իրարու մեջ բնավ դժգոհության պատճառ տեղի չէր ունեցած, այնչափ անոր վտանգալից վիճակն ամեն անհամաձայնությանց վերջ էր տված։ Բայց երբ ամեն վտանգ անցավ, ապահովությունն ու հանդարտությունն սկսան տիրել տան մեջ, Պ. Հայնուռ վերստին խրոխտ կերպարանք մ՚առավ, կարծես աղջկանը հիշեցնելու դիտավորությամբ թե ամրապինդ կեցած էր առաջին պահանջմանցը մեջ։

Երբ Սիրանույշ սենեկեն ներս մտավ, հայրը զարմացավ անոր նայվածքին տարապայման վայրենության վրա. հուսահատությունը զինքն այլակերպված էր, հեգն ինքնին յուր կընթանար. բերնովը պիտի ջախջախեր այն երկնային հոդն որ երկու հոգիներ ի մի կը ձուլեր. ինքը վերջին հարվածը պիտի տար յուր բախտին. ինքը խարույկը պիտի վառեր՝ ուր պիտի վիժեին գեղեցիկ հուսույն բոլոր ծվեներովը։ Ժպիտն ու խինդը պիտի արտաքսեր, հառաչն ու արտասուքը որդեգրելու համար, կյանքեն խույս կուտար՝ մահվամբ ապրելու համար. ինքը սիրո մարտիրոսն էր որդիական սիրո ծաղիկներով զարդարյալ։

ԳԼՈՒԽ ԺԶ.

Սիրանույշ լավ կզգար թե տիկին Հայնուռ կատարելապես առողջանալուն պես՝ հայրը պիտի նեղեր դարձյալ զնա. ձևերն արդեն շատ իսկ կը հայտարարեին զայդ։ Ուստի չէր հանդուրժեր որ այդ գորովո հրեշտակին կյանքը վայրիկ մ՚անգամ վտանգի կամ դառնության մատնվի. քանի որ զոհ մի պետք էր այդ զոհն ինքը պիտի ըլլար։ Հետևապես փութաց հորն իմացնելու թե կատարելապես յուր կամացը կը հպատակեր։

«Հա՛յր, ըսավ, իմ անհնազանդությունս զքեզ վիրավորեց, գիտեմ, և մայրս մահվան դուռ հասուց։ Կզգամ թե հանցավոր մ՚եմ, և կուգամ այսօր հանցանքս քավելու։ Ե՛րբ կը կամիս՝ նշանտուքի պատրաստությունները սկսե։ Միայն եթե կը կամիս, թույլ տուր որ քանի մ՚օրեր ևս անցնին, որպեսզի ուրախության հուզումը որևէ անհանգստություն չպատճառե մորս՝ որ գուցե աղետալի կըլլա իրեն։ Մանավանդ կը խնդրեմ քեզմե որ բնավ բառ մի չարտասանես իրեն այս նյութույն վրայոք, ու ինձ շնորհես իրավունքն այդ լուրն իրեն աստիճանաբար հաղորդելու»։

Պ. Հայնուռ մեծ ուրախություն հայտնեց աղջկանը զղջման մասին, ապահովեց զինքը թե փայլուն ու երջանիկ ապագա մի յուր հնազանդության վարձատրությունը պիտի ըլլար, խոսեցավ իբր պատգամ, ու վերջապես խոստացավ իրմե խնդրված լռությունը պահելու մորը նկատմամբ։

Այս խոսակցությունը՝ թեև կարճ, արդեն շատ երկար երևցած էր կիսամեռ կուսին։ Խույս տվավ սենեկե ցնորածի նման քայլելով և ուղղվելով դեպ այն տերևազարդ հովանոցն ուր Երվանդի հավատարմության երդում ըրած էր Զարուհվույն հարսանյաց իրիկունը։ Գնաց նույն տեղը ծնրադրեց ուր նստած էր անոր քով ու լացավ անմխիթար. այն օրվան և այս օրվան մեջ ի՜նչ տարբերություն։ «Խեղճ Երվանդ, կըսեր, այժմեն մեր մեջ ամեն ինչ վերջացավ և, սակայն կը զգամ որ երբեք այս վայրկյանիս չափ զքեզ սիրած չէի։ Ի՞նչ պիտի մտածես արդյոք երբ իմանաս անգթությունս քեզ նկատմսւմբ՝ և ըրած խոստմնազանցությունս. արդյոք ի՞նչ գույներով պիտի նկարես զիս մտացդ մեջ. գուցե կարծես թե զքեզ մեծությանց զոհեցիք թե հրեշ մ՚եմ, թե բնավ խղճմտություն չըրի վեհ հոգիդ հոշոտելու որպեսզի պերճանք և փառք վայելեմ։ Եվ սակայն, Երվա՛նդ իմ պաշտելի, ոչ ոք կրնամ սիրել բացի քեզմե։ Լավագույն էր ինձ խրճիթ մի քեզմով քան թե ապարան մ՚ուրիշի հետ»։ Հեծկլտանաց մեջ ձայնը նվաղեցավ, ու հետո գոչեց դառնագին.

«Մա՛յր, մա՛յր, որչա՜փ մեծ է սերս քեզի համար որչափ անհուն է կատարած զոհս։ Զքեզ հորս կշտամբանաց ու նախատալից խոսքերուն չենթարկելու համար անգամ մի ևս զԵրվանդս տառապանաց ու արտասվաց կը մատնեմ, թող թե նաև սիրտս կսպաննեմ, և զքեզ, մայր, անորդի չթողլու համար վանաց անդորրավետ կյանքեն կը հրաժարիմ։ Սակայն մի՛ կարծեր, մա՛յրիկ, որ կը գանգատիմ քեզի դեմ, ո՛չ, ո՛չ, քավ լիցի, հոգիս բողոք չբառնար, ոչ երբեք, այլ միայն կարյունի վասնզի Երվանդս որբ կը մնա աշխարհիս վրա։ Ողորմելի՜ Երվանդ, ողորմելի՜ Սիրանույշ. երջանկությունն զմեզ յուր ծոցեն վանեց. միանանք ուրեմն վշտին մեջ»։

Կարտասվեր դառնապես հեգ կույսը, և ոչինչ ուներ ի մխիթարություն. կուլար անհույս զի երջանկության արևը վար իջած էր յուր կենացն հորիզոնեն։ Կը նայեր ապագային զարհուրմամբ ու կը տեսներ հոն ժանտ դեմք մ՚որ զինքը կը սարսափեցներ։

«Ո՜հ, կը կոչեր ողբագին, չէր այն դեմքն որով այնչափ տարիներե ի վեր հոգիս վարժած էր հրճվիլ…։ Մա՛յր, մա՛յր, և սակայն պետք է որ ապրիմ քեզի համար, սիրովս փոխարինեմ անհուն սերդ, ծածկեմ քեզմե դժոխքն որ կը կըրեմ հիս, ու զվարթադեմ ներկայանամ աչացդ»։

Այսպես կը հեծեր Սիրանույշ մինչ յուր մայրը կը կարծեր թե պարտեզը կը շրջագայեր։ Սակայն անոր կասկածները չարթնցնելու համար պտույտ մ՚ըրավ պարտեզին մեջ, փունջ մի ծաղիկ քաղեց, ծաղիկ՝ որ յուր հուսո գերեզմանեն կարտադրվեին, ու զանոնք մորը ներկայացուց անվրդով կերպարանոք։

Խեոճ մա՜յր, հոտոտեղ զանոնք առանց գիտնալու թե աղջկան աչաց արտասվոք թրջված էին անոնք։

ԳԼՈԻԽ ԺԷ.

Զարուհին կը շարունակեր յուր զվարթ խոսակցությունը, կը զվարճացներ զտիկին Հայնուռ։ Իսկ Սիրանույշ յուր խոր վիշտը զսպելու համար ձեռագործ մ՚առավ և աչերն անոր վրա խոնարհեցնելով զբաղեցավ շարունակ, իբր թե մտացը տարբեր ուղղություն մի տալու համար։ Վերջապես ամեն եղանակավ ջանաց օրն ի բուն հաղթել յուր ցավոց, և այս կամավոր բռնաբարության մեջ կսկծին կրկին սաստկանալը կզգար։ Անհամբերությամբ գիշերվան կսպասեր որպեսզի սենեկին մեջ առանձնանա ու ազատորեն արտասվե։

Նույն օրն արևը մայրը մտնելու վայրկյանին մոտեցած էր, երբ Սիրանույշ ոչ ևս կարողանալով հանդուրժել յուր դառն վիճակին, մորը խուցեն դուրս ելած էր, ու սենեկի մեջ առանձին պատուհանի մ՚առջև նստած՝ աչերն անեզրության մեջ կը թափառեին մինչդեռ միտքը մեկ սիրելի առարկայի վրա բևեռված էր, և ահա Զարուհին զվարթ աղաղակներով զինքը կոչելով առ նա կընթանար հանձնելու համար նամակ մի զոր Հրանտ բերած էր նույն վայրկյանին. «Տե՛ս, տես, կըսեր, նամակն աչացն շողացնելով, Երվանդեն է»։

Նույն վայրկյանին կարծես թե Սիրանույշին հոգին պիտի փշրվեր, ա՜յնչափ թշվառ աղջկան բոլոր զգացումները միատեղ ելան զինքը շանթահարելու համար։ Առավ նամակը և ըսավ Զարուհվույն. «Քո՛ւյր իմ, թո՛ղ զիս աոանձին»։

Զարուհին ուրախության վերագրելով Սիրանույշի հուզմունքը «Լավ, ըսավ չարաճճիությամբ, անձնասեր ես, կը տեսնեմ, զի կուզես այդ ընթերցման ուրախությունը քեզ հատկացնել լիովին»։ Եվ զայս ըսելով սենեկեն դուրս ելավ, առանց նշմարելու սև հառաչանքն որ յուր մտերմուհվույն հոգիեն կը բխեր։

Առավ նամակը Սիրանույշ, բերնին տարավ, աչերը գոցեց, ու այս դիրքին մեջ բավական ժամանակ անշարժ և անլաց մնալեն վերջը, «Ավա՜ղ, ավա՜ղ» մնչեց, նամակը գրպանը դրավ առանց բանալու և վերստին մորը քով գնաց անխռով կերպարանոք։ Գիշերվան կսպասեր Երվանդին գրած տողերը կարդալու երբ խուցին մեջ առանձնանար վերջապես։ Կը գուշակեր թե այդ ընթերցումն յուր հուզմունքը շատ առավել սաստկացնելով անկարող պիտի ըներ զինքը յուր վիշտը մորմեն ծածկելու։

Տիկին Հայնուռ օր ավուր զորանալով կանուխ հանգչելու պետքը չէր զգար, որով և Սիրանույշին նամակը կարդալու անհամբերությունն այն աստիճանի կը զայրանար որ տենդը սկսած էր զինքը գրավել։ Չարչարանաց վերջին կետին հասած էր երբ տիկին Հայնուռ գնաց վերջապես հանգչելու։ Փուլթաց Սիրանույշ յուր սենյակր մտնելու, բացավ նամակը ու կարդաց։ Երվանդ՝ ըստ յուր սովորականին, կը հայտներ այն զորավոր զգացումն որ հոգին գրաված էր յուր նկատմամբ և որով հեռավորության դառն ժամերը կսփոփեր. կը նկարագրեր անհուն եռանդյամբ գեղարվեստից հուրն որով ինքն ամբողջապես համակված էր, ինչպես և կը հաստատեր յուր տաղանդին արտահայտությունն որ Հռովմա երևելի հանճարները կը զարմացնեին և որոնցմե անհունապես կը քաջալերվեր փառավոր ապագայի ակնկալությամբ։ Կը հայտարարեր Սիրանույշին թե ինքն է յուր հանճարույն ջահը, և թե իրմով կը հուսար նույնիսկ օր մի յուր դեմքն անմահացնել։ Կը խոստովաներ վերջապես թե մեն մի նպատակ իրեն կը ձգտեր, թե մեն մի բաղձանք զինքը կը պարունակեր։ Կը վերջացներ նամակը ապագա երջանիկ օրերու հուսով՝ որոնց քաղցրությամբ պիտի ջնջվեր, կըսեր, բաժանման վայրկյաններու դառնությունը, և կը հանձնարարեր յուր սրտին նույն իսկ իրենց սիրույն տևողությունն՝ իբրև ապահովագույն ավանդարանի։

Երբ Սիրանույշ ավարտեց նամակին ընթերցումը՝ զգաց թե ամպ մի տեսությունը կը գրավեր, թե սենյակը խույս կուտար ոտիցը ներքև և ահա հեգ երիտասարդուհի գետին անկավ նվաղած։

ԳԼՈԻԽ ԺԸ.

Տիկին Հայնուռի հիվանդութենեն ի վեր Զարուհին թողած էր յուր բնակարանը ու ամուսնույն հետ միատեղ սույն տիկնոջ տանը մեջ կը բնակեր։

Գեղեցիկ գիշեր մ՚էր. խումբ֊խումբ ամպեր երկնից վրա տարածված էին։ Լուսինը մերթ մեկ ամպին ծայրեն կը մտներ անոր թափանցության մեջ անհայտ ըլլալով, մինչ շողո ճաճանչ մի այդ օդային վարագույրին շուրջը լուսավորելով գեղանվույն ներկայությունը կը մատներ, և մերթ ամպին հակառակ ծայրեն ելնելով հաղթանակավ կը սիգար այն լուսով և պայծառությամբ։ Բնությունր կարծես թե շունչ չուներ և ոչ ձայն, այնչափ ամեն ինչ հանդարտ էր և անխոս։

Զարուհին պարտեզ իջավ Հրանտին հետ, շրջագայեցավ, ամուսնույն թևին վրա հեցյալ. նայեցավ երկնից, ծաղկանց, տերևալից հովանյաց և գոչեց.

—Հրա՛նտ, տես սա ամպը, կարծես թե գորովո ճնշմամբ կը սեղմե զլուսին, տես ծաղիկը որպիսի գուրգուրանոք կը խնամվի յուր փափուկ ճյուղին վրա հառաջ քան գեղաբույր դեմքն օդին մեջ ծածանելու: Տե՛ս, ինչպես տերևներն իրարու վրա կը հենուն և ինչպես հաշտ կերպիվ կը թրթռան նույն ճյուղին վրա, մինչ թռչնիկը հոն կը զետեղե սիրո բույնը, հոն կերթևեկե, հոն կերգե, հոն կը հրճվի։ Տե՛ս, մենք ևս սեր ենք, թևս քուկինիդ վրա ապաստան փնտրած է՝ ինչպես և հոգիս հոգվույդ վրա։

—Զարուհի՛դ իմ,- պատասխանեց Հրանտ, — բնության մեջ ըստ ինքյան ամեն ինչ ներդաշնակություն է։ Ուր ուժերը հավասար են, հոն ճնշում չկա, հոն հարստահարություն չկա, հոն զեղծում չկա, հոն բնության օրինաց տապալումը չկա. այլ ուժերը հավասարակշիռ ըլլալով ամեն ինչ հանդարտությամբ, կարգավորությամբ կը գործե, իրեն սահմանված շրջանին մեջ կընթանա առանց խոտորնակ ճամփաներ մտնելու, և առանց դրացիին ընթացքը խափանելու։ Միույն գործը մյուսինով կը կատարելագործվի, կը զորանա, նույն շղթային օղակներու միակերպ շարունակությունը կլլա, ներդաշնակությունը կը հաստատվի ու սերը կը գոյանա։ Երբ մարդիկ անիրավություն գործելու պետք չունենան, երբ տիրելու դիտավորություն չունենան, երբ իրենց շահերուն համար չստեն, չկեղծեն, իրարու դեմ մարտ չվարեն, կնոջ քովեն յուր ամուսինը չկորզեն, մոր ծոցեն զորդին չհափշտակեն արյան գետերու մեջ վիժելու համար զանոնք, հայնժամ բնական ընթացքով՝ նույնիսկ իբրև այս ամպն որ զլուսին կը գրկե, իբրև զծաղիկ որ կանաչ խշտյակին մեջ կը պատսպարի, իբրև զտերև որ հովանի կը պարգևե թոչնույն, հայնժամ կըսեմ, մարդիկ զիրար ընդգրկելով, իրարու ապաստան, իրարու հովանի կըլլան։

Դիտե՛, Զարուհի, ինչո՞ւ մենք երջանիկ ենք. վասնզի մեր մեջ հավասարության կա, վասնզի մենք երկուքս ալ համեստ ընտանիքե ենք, երկուքս ալ անարծաթ՝ իրարու վրա կը հենունք, զիրար կը պաշտպանենք, զիրար կը խնամենք, իրարու վրա կը գուրգուրանք։ Իսկ արդ բաղդատե մեզի հետ եղբայրդ Երվանդը։ Եթե Սիրանույշ Պ. Հայնուռի դուստր չըլլար, եթե ընկերական անհավասարություն չըլլար, եթե ծննդյան զեղծմունքը չըլլար, եթե Երվանդ յուր վիճակին դեմ մրցելու պետք չունենար, այս վայրկյանիս Սիրանույշ ևս երանելի կըլլար իբր զմեզ յուր սրտին ընտրելվույն հետ։ Մինչև ցարդ թշվառ Սիրանույշը տառապեցավ յուր դիմադրությամբը հորը փառամոլ կամացը դեմ, ու մորը հիվանդությունը պատճառեց։ Ո՞ գիտե տակավին թե որչա՜փ հուզմունք, որչափ այլայլությունք և ինչ հետևանք պիտի ունենա Սիրանույշին ընդդիմությունը Դարեհյանի հետ ամուսնանալու։ Կը տեսնես որ ընկերական ուժերու անհավասարությունն ինչ աղետք կը պատճառե նույն իսկ հանդեպ քոլ տեսությանդ և այսպիսի փոքրիկ սահմանի մեջ։ Այս տեսածեդ կրնաս աչացդ պատկերացնել ընկերային մարմնույն վիճակը եթե կրկնապատկես օրինակները՝ այնպես որ իբրև բնական ընթացք ու առօրյա իր համարիս անհավասարութենեն հետևած ընդհատումները, ազնվականութենեն ծնած իշխանության ճիվաղներր, կրոնքի կեղծավորութենեն կազմված ատելության աղբյուրները, փառամոլ տենչերե հետևած նվաստությունները, զարնողին ու զարնվողին մեջ տիրած զորության տարբերությունները, սիրողին և չսիրողին մեջ՝ մեկ կողմե երևցած վիշտերն, ու մյուս կողմեն նենգությունները։ Եթե այս ամենայն միացնես, կասեմ, խառնակության, մոլության, անբարոյականության, ատելության, մաքառման հրեշ մի կը ծնանի՝ այսինքն ընկերության արդի վիճակը կունենաս աչացդ հանդեպ:

Բայց մարդս այնչափ ամեն բանի կը վարժի որ կընտելանա նույն իսկ տգեղին, չարին, արյունահեղության, տանջանաց, ստրկության, անոթության, և նույնիսկ մահվան։ Կը նեղվի առանց սակայն ճշտիվ ըմբռնելու յուր տառապանաց պատճառ ու առանց հետազոտելու զայն։ Կապրի իբր անասուն մերթ համակերպելով, մերթ մռնչելով, մերթ մաքառելով, մինչև օր մի յուր վիճակն զգա, յուր էությունը քննե, պահանջե, և պահանջածը ստանա։ Բայց ո՞րն է այն օրը։

Այն օրը կը ծագի երբ մտքերն իրենց խոր գիշերեն կելնեն, ու խիղճերր կրոնական շղթաներեն կազատին։ Հայնժամ մարդիկը կը նային տգեղին, չարին, արյան, տանջանաց, անոթության, զզվանոք նայվածք մի կարձակեն անոնց, դառնության զգացում մի կզգան, իրերը կը հետազոտեն, պատճառները կը քննեն, կը շարժին, կը գործեն, կը մրցին, ու կըսեն «Մինչև ցարդ ապրեցանք իբր անասուն, այսուհետև ապրինք իբր մարդ»։

Լռեց Հրանտ, մինչ Զարուհին լսածին վրա կը մտախոհեր, և ահա դիպվածով աչերը Սիրանույշին պատուհանին ուղղելով «Հրա՛նտ, գոչեց, քույրս չէ քնացած տակավին քանի որ լույս կա սենեկին մեջ։ Վստահ եմ որ Երվանդին նամակը կը կարդա դեռ. բայց արդյոք քանի՞ երրորդ անգամն է ընթերցելու։ Եկո՛ւ երթանք և ճիշտ հաշիվը պահանջենք իրմե, ըսավ խնդալով։ Տեսնենք եթե կարող է տալ զայդ»։

Ժպտեցավ Հրանտ ու «Երթանք» ըսելով, հասան միատեղ օրիորդին գոց դռանն առջև։ Զարուհին ընդ հառաջ երթալով զՍիրանույշ կոչեց առանց բնավ պատասխան մ՚ընդունելու. երկրորդ և երրորդ անգամ նույնն ըրավ, և սակայն նույն լռությունն ունեցավ ի պատասխանի։ Հայն ժամ փութաց այլայլելով դուռը բանալու, և տեսավ զՍիրանույշ գետին տարածված նամակ մի ի ձեռին։ Ճիչ մ՚արձակեց Զարուհին խուցեն ներս ընթանալով, Հրանտին հետ մոտեցավ տառապելույն, ձեռքը բռնեց, սառած էր այն. բերնին մոտեցավ, շունչ չուներ այն. իսկ դեմքին վրա տարածված էր մահվան դալուկը։

«Ո՜հ, գոչեց Զարուհին, հետին հուսահատությամբ, Սիրանույշս մեռավ»։

Թեև Հրանտ նույն կասկածն ունեցավ մեկեն ի մեկ, սակայն զամուսինն ապահովելու համար հաստատեց թե նվաղյալ էր աղջիկը միայն, և թե ամենայն խնամք լռությամբ և հանդարտությամբ մատակարարելու էր անոր՝ զտիկին Հայնուռ չարթնցնելու՝ ու իրեն որևէ այլայլություն չպատճառելու համար, քանի որ այդ կրնար աղետալի ըլլալ իրեն։

Երկու ամոլք զետեղեցին զՍիրանույշ անկողնույն վրա. ու Զարուհին անմիջապես գեղեցկաբույր ջուրեր մոտեցնելով անոր քթին՝ զինքն անով շփեց սառած մարմնույն ջերմություն ազդելու ու կյանք վերադարձնելու համար։ Հրանտ յուր կողմեն բոլոր պատուհանները բացավ որպեսզի օդին զովությամբ սթափի Սիրանույշ, բայց ամեն խնամք ապարդյուն կը մնային։ Երբ վարագույրները բացվեցան լուսինը յուր մելամաղձոտ նշույլներն արձակեց նվաղյալ աղջկան երեսին վրա. կարծես թե երկնային կանթեղ մի կը փայլեր երկրային այդ նահատակին վրա։

Բայց երբ հուսահատելով Զարուհին կը պատրաստվեր բժշկին օգնության դիմելու, վերջապես ահա Սիրանույշին մարմինն սկսավ տակավ առ տակավ ջերմանալ, արյունը շրջան առնուլ, երակները մեղմաբար բաբախել։ Հանգստացավ ահաբեկ մանկամարդին սիրտն, ապահով էր թե յուր սիրելին մեռած չէր։ Վերջապես Զարուհվույն անխոնջ խնամոց շնորհիվ ինչպես և անոր ամուսնույն՝ Սիրանույշի բերնեն թեթև հառաչ մի լսվեցավ, նվաղյալը տակավ առ տակավ սթափեցավ, աչերը բացավ, անզգայաբար նայվածքը շուրջ տարածեց, վերստին աչերը գոցեց, վերստին բացավ, աստիճանաբար ինքզինքին եկավ, տեսավ զԶարուհին որ ծնրադրած էր յուր մոտ ու ձեռքերը կը շփեր. նայեցավ Հրանտին որ կը հովհարեր զինքը, նայեցավ հիշեց, և հաջողեցավ ըսելու «Ո՞ւր է նամակս» բայց այնպիսի տկար եղանակավ, որ առավել օրհասականի հառաչանքի կը նմաներ քան թե մարդկային բնական ձայնի։ Տվին նամակն իրեն, ուժ չուներ բռնելու զայն, քովը դրին։ Քիչ մի ժամանակ անցավ, և խոսելու կարողությունը ավելնալով «Ավա՜ղ, մնչեց ի ձայն բեկբեկ, գոհությունը կատարվեցավ, զմայրն իմ ազատելու համար Երվանդս զոհեցի, ու սրտիս դահիճն եղա։ Ո՜հ, այլ ևս չկա Երվանդ ինձ համար, Դարեհյանի գերին պիտի ըլլամ, ափսոս»:

Զարհուրեցան երկու ամոլք։ Զարուհին մեկ կողմ երթալով առանց Սիրանույշեն տեսնվելու, երկու ձեռքերը միացուց ու մրմնջեց. «Խե՛ղճ, խե՛ղճ եղբայրս, ի՜նչպես այս խիստ հարվածին պիտի տոկաս դու»։

Վերջապես Սիրանույշին վշտաբեկ հոգին քիչ մը սփոփանք կը գտներ քունին մեջ, մինչդեռ Հրանտ ու յուր կինը երկայն բազմոցներու վրա տարածված՝ երբեմն արթուն և երբեմն ի քուն, հսկեցին անդուլ թշվառ աղջկան վրա մինչև առավոտ։

Երբ արևը զվարթ ու պայծառ ծագեցավ՝ Սիրանույշ նայելով անոր ու դառն ժպտով մ՚ըսավ.

«Տեսե՛ք երկնից հսկա ջահը սրտիս հսկա ողջակեզը կը լուսավորե»։

Լուռ կը կենար Զարուհին. ի՞նչ կրնար ըսել ի սփոփում անհուն վշտի։ Այսպիսի պարագայի մեջ մխիթարական խոսքեր ցավին նկատմամբ սոսկալի հեգնություն մ՚են։ Կը մտախոհեր Սիրանույշի անտանելի վիճակին, և մանավանդ յուր եղբորը նսեմ բախտին վրա, որ օտար երկրի մեջ, օտարականներե շրջապատյալ, յուր ընտանիքեն ոչ զոք ուներ իրեն ցավակցելու, երբ յուր գեղեցիկ հույսերուն քայքայման լուրն առնուր։ Ի՞նչպես պիտի տոկար այդ անակնկալ խիստ հարվածին. յուր կարեվեր հոգին որո՞ւ վրա պիտի կռթներ, ո՛վ պիտի քաղեր հուսահատ սրտի մի լեղի շիթերը։ Այսպես մտածելով առաջին մղումն եղավ թողուլ զհրանտ որ երջանիկ էր, դիմելու համար ի Հռովմ ի մխիթարություն եղբորը։ Կը հաստատվեր այս որոշմանը մեջ՝ երբ հանկարծ հանդիսացավ աչացն առջև սոսկալի կացությունը Սիրանույշի։ Որո՞ւ կրնար թողուլ այդ հոգնաբեկ հոգին, ո՞վ իրեն նեցուկ ըլլար ամուսնության ժամանակը, ո՞վ անոր սրտին օգներ մահվան հարվածն ընդունելու։ Եթե անհանդուրժելի էր Երվանդին վիճակը՝ դժոխային էր Սիրանույշինը։ Ստուգապես Երվանդ կենացը գանձ կը կորսնցներ, բայց վերջապես ազատ էր յուր վիշտը ողբալու, և յուր կորստյան դառնությամբն հոգին գալարելու՝ իբր զարհուրելի հրճվանք։ Իսկ Սիրանույշ խորանին առջև, բոլոր երջանկության ծաղիկները առաթուր կոխելով, հավատարմություն պիտի ուխտեր ատելի անձի մի՝ հակառակ սրտին բարձր բողոքներուն։ Հասկցավ թե անհնարին էր բաժնվիլ յուր տղա տիոց ընկերուհիեն, հետևապես պարտավորեցավ հրաժարիլ եղբորն այցելության երթալու խորհուրդեն։

Փոթորկահույզ գիշերվան հաջորդող առավոտուն խիստ տժգույն էր Սիրանույշ և տկար. անկարող էր անկողնեն ելնելու, ուստի որոշվեցավ որ նույն օրն ինքն հանգիստ ընե, ու յուր հանգստությունը ֆիզիկական պատճառի մի վերագրվելով հորն ու մորն առջև բուն իրողությունը ծածկվի։

Տիկին Հայնուռ առավոտուն արթննալեն անմիջապես վերջը Սիրանույշը հարցուց և և իմանալուն պես Զարուհիեն թե փոքրիկ տկարությամբ կը նեղվեր՝ իսկույն անոր քով գնաց ու սաստիկ այլայլեցավ գունաբեկ դեմքը տեսնելով։ Խեղճ մայրը կը կարծեր գուշակել յուր զավկին վշտին շարժառիթը, բայց Սիրանույշ համառեցավ կեղծ պատճառի վերագրել յուր անհանգստությունը։ Իսկ Պ. Հայնուռ բնավ կարևորություն չտալով աղջկանը վաղանցուկ տկարության՝ թեև գորովովը կողողեր, օրիորդաց երջանկագույնը կը համարեր զայն․ իսկ յուր անցյալ անհնազանդությունը՝ տղայական կամեություններու կը վերագրեր Երվանդի նկատմամբ՝ որք բոլորովին անհետանալով, յուր բախտին մեծությունը արդեն զգացնել կուտային անշուշտ իրեն։ Անցան երեք օրեր նույն ավետալի գիշերեն ի վեր, Սիրանույշ հոտս կանգնեցավ վերստին, սահեցան երկու շաբաթներ, մոտեցավ վերջապես օրն հորում Պ․ Դարեհյան իբր խոսնայր պիտի ընդունվեր Հայնուռի ընտանյաց մեջ։ Կարծես թե մեն մի օր հեգ կ ուսին Հուսո փունջեն ծաղիկ մը կը Հափշտակեր, ու ոտիցը ներքև ևս քան զևս կը պեղեր վշտին վասն՝ ուր պիտի թաղվեր ինքն կենդանի։

Տիկին Հայնուռ քանի ժամանակե ի վեր զարմացմամբ կը դիտեր զվարթ կերպարանքն յուր ամուսնույն, և ընդ վայր կաշախատեր պատճառն հասկնալու։ Այդ գոհունակության արտահայտուքն չէին արգիլեր սակայն որ տիկինը մեծ մտատանջություններ ունենար Պ. Դարեհյանի խնդրույն լուծման նկատմամբ․ եթե՝ Պ․ Հայնուռը չհրաժարեր խնամության խորհրդույն գործադրութենեն։ Վերստին Սիրանույշ նույն սարսափները, նույն այլայլություններեն պիտի անցներ, և ո՞ գիտե ինչ վերջավորություն պիտի ունենային անոնք։ Մինչդեռ ալեծուփ՝ այդ տխուր խորհրդածությանց մեջ կը տատաներ, ահա Սիրանույշ որ սենեկեն ներս կը մտներ առերևույթ հանդարտ կերպարանոք՝ մինչդեռ ներքնապես բոլորովին ալեկոծյալ էր։ Մտադիր էր վերջապես հաղորդել մորն յուր որոշոմն քանի որ հորը հետ ունեցած պայմանաժամը լրանալու վրա էր, և քանի որ ինքն ուզած էր ստանձնել ամուսնության լուրն իմացնելու անոր, որպեսզի փափուկ սիրտը չվրդովի հայրենի բռնաբարութենեն կասկածելով։

—Եկո՛ւ, որդյա՛կս,— ըսավ տիկինը,— գուցե լուծես դու խնդիր մի որ զարմանքս կը շարժե նույնչափ և հետաքրքրությունս։ Ի՞նչ է պատճառն արդյոք հորդ տարօրինակ զվարթության երբ քանի մ՚օր հառաջ տակավին խրոխտ կերպարանք մը ուներ։

-Մա՛յրիկ, գուցե հայրս կը հրճվե մոտալուտ ամուսնությանս հուսով,— պատասխանեց Սիրանույշ ձայնով մի որ հուզմամբ կը թրթռար հակառակ զորավոր կամացը։

-Ի՞նչ ամուսնություն,— հարցուց տիկինը ապշելով։

Մտածեցի թե ամուսնությունս Երվանդին հետ անհնարին է քանի որ ինքն աղքատ է և զիս չկրնար խնամել առանց հորս ձեռնտվության։ Բայց քանի որ հայրս աննպաստ է անոր, ու որևէ օգնութենե հույս չկա հետևապես Երվանդին կենակից ըլլալու փափագս սին երազ մի կը համարիմ։ Խորհեցա թե հիմարություն է պայծառ ապագա մի զոհելը իդեական երևութի, ու փութացի հորս զղջումս իմացնել յուր կամացը դեմ ըմբոստ ըլլալուս համար։ Հայրս հաճությամբ լսեց խոստովանությունս, և հարկ եղած պատրաստությունները պիտի ընե յուր փեսայացուն մոտերս ընդունելու համար։

—Սիրանո՛ւյշդ իմ,— կոչեց խռովահույզ մայրը,— դու խաբել կուզես զիս. քու կամքդ է զոհվիլ ինձ համար, ո՛չ, ո՛չ, չեմ կրնար հաճիլ երբեք։ Եթե հարկ է մաքառիլ հորդ դեմ՝ ես կը մաքառիմ. եթե հարկ է նախատանաց նպատակ ըլլալ ես կը նախատվիմ առանց բնավ փույթ ընելու, բավ է ինձ տեսնել զքեզ գոհ և ուրախ, այսու պայմանավ հանդուրժելի է ինձ ամենայն ինչ։

-Ո՜վ հրեշտակ սիրո,— գոչեց Սիրանույշ, մայրենի գիրկն իյնալով,- եթե քու գոհունակությանդ կարենամ նպաստել ահա իմ գերագույն երջանկությունս։ Բայց, լո՛ւր ինձ խնդրեմ ըսավ, հոտս կանգնելով, լուր ինձ և հավատա խոսքերուս։ Մի՛ զիս իբրև զոհ նկատեր քանի որ հայրս բնավ նոր բռնաբարության մի չըրավ և ոչ իսկ բառ մ՚արտասանեց անցյալ վեճերնուս նկատմամբ մեր վերջին խոսակցութենեն ի վեր։ Կերդնում քեզ թե խոստովանությունս կատարելապես ճշմարիտ է։ Մա՛յր, կուզե՞ս ուրեմն որ հալածեմ բախտն որ ինձ ընդ հառաջ կուգա։

-Դու հոգվույս հատորն ես, և ի՞նչպես կրնաս մտածել թե մինչ սրտիդ խորը թափանցելու անկարող ըլլամ, զավակս,— ըսավ դժբախտ մայրը։– Համոզված եմ որ դու սիրով միայն կրնաս ապրիլ, ու սիրո մեջ կրնաս գտնալ կենացդ երջանկությունը։ Դու ճշմարիտ կինն ես որուն սնունդը գորովո զգացումն է։ Վա՜յ այն կնոջ որ յուր սիրույն ցոլացումը ուրիշ սրտի մեջ չփնտրեր, ու բնավ չզգար պետքը ուրիշի երջանկության յուր անձը նվիրելու, և ուրիշ հոգվո մի փոխադարձ անձնվիրությամբը ապրելու։ Եթե մարդս բանականությամբը մեծ է, զգացմամբը վսեմ է. իսկ ոչ ուրեք սիրո զգացումն այնչափ նրբացած է որչափ կնոջ սրտին մեջ։ Այո՛, կնոջ սիրտը դաշնակ մ՚է որ կը թրթռա գորովո ցնցման ներքև երկնային նվագ մ՚արձակելով։ Բայց ընդհակառակն երբ փառամոլությունը պաշտոն կը վարե սիրտը շարժել տալու կը պայթի այն սոսկալի որոտմամբ։ Հոգի մի որ անբիծ սիրո ենթակա չէ անարև աշխարհ մ՚է, մոլությանց բույն մ՚է ուր ճիվաղները խորհուրդ կը կազմեն։ Սիրանո՛ւյշ, կուզե՞ս արդյոք որ դու ևս այդ հրեշներուն բույնը եղած ըլլաս. ո՛չ, զավա՛կս, ոչ երբեք հավանությունս կուտամ կարծյաց փոփոխության Երվանդի մասին երբ դու զինքը այնչափ կը սիրես։ Ի՞նչպես արդյոք հաջողեցար այսչափ սուղ միջոցի մեջ գրավել այն խորին զգացումն որ հայտնած էիր անոր նկատմամբ։ Որդիական սրտիդ զոհը ոչ երբեք կրնամ ընդունիլ, ապահով եղիր:

-Լու՛ր, մա՛յր. նույն օրն որ դու հիվանդացար՝ զԵրվանդ իբրև պատճառ աղետիցդ նկատեցի, և երբ թանկագին կյանքդ կորստյան մատնված տեսա, այնպես Երվանդեն զզվեցա որ ուխտեցի երկնից առջև անոր ընկերակիցն երբեք չըլլալ: Ուխտեցի, մայր, և փոխանակ ուխտադրուժ ըլլալու երկնից՝ կը նախադասեմ վանքի մեջ երիտասարդությունս թաղեի կ՚երդնում քեզ թե այս է վերջին իմ որոշումս։

-Վա՞նքը, երբեք, վանքը դառնագույն է քան զմահ, զի կենաց մեջ ամեն վայրկյանի մահն է, զավակս։

-Ուրե՜մն, մա՛յր…

-Համարելով թե իրոք անմեղն Երվանդ իմ աղետիցս պատճառն ըլլար և դու կամենայիր իրոք զինքն հալածել քու սրտեղ, ինչո՞ւ կուզես այսպես փութով բախտակից ըլլալ Դարեհյանի, ինչու՞ կուզես զոհվիլ, աղջի՛կս։

- Մա՛յր, երջանկությունս պիտի ապահովեմ ամուսնությամբս այդ անձին հետ, քանի որ հաճելի թվեցա իրեն, և հետս կուզե ամուսնանալ ոչ թե շահախնդիր նպատակի, այլ պարզապես սրտին վրա ազդեցություն ըրած ըլլալուս համար։ Անշուշտ երջանկություն կենացը նպատակ ընտրած պիտի ըլլա, ի՞նչ առավելն կրնամ փափագիլ ուրեմն։

—Սիրանո՛ւյշդ իմ, սիրտդ բողոք կը բառնա այդ խոսքերուդ դեմ. դու ընդ վայր կը ջանաս զոհվիլ քու որդիական սիրույդ. երբեք հաճություն չեմ տար քեզ, կը կրկնեմ դարձյալ։ -Համարելով, մա՛յր, որ զոհ մի պիտի ընեմ, զայդ ապահովապես պիտի կատարեմ սակայն, երկնից առջև ուխտադրուժ, և հորս առջև խոստմնազանց չհանդիսանալու համար։

-Ազատ ես դու, ըստ քմացդ գործելու ուրեմն, առանց մայրենի հավանությունն ստանալու։

-Մա՛յր իմ, մա՛յր իմ,— գոչեց սրտաբեկ աղջիկն, մորն ոտիցն առջև իյնալով.-խնայե ինձ, ոհ, մի՛ այլևս ընդդիմանար կը թախանձեմ քեզ, զի շատ ուշ է արդեն, Պ. Դարեհյան մեր հյուրը պիտի ըլլա հոս երեք օրեն. կը տեսնես ուրեմն որ ամեն ինչ տնօրինված է այժմեն։ Մա՛յր, հավա՛տա սակայն որ երջանիկ պիտի ըլլամ քանի որ Պ. Դարեհյանն հետս ամուսնանալովը ինձ համար ունեցած համակրությունը կը հայտնե։ Միթե չգիտե՞ք որ ամեն ծնողք կը փափագեին իրենց աղջիկն տալ անոր ի հարսնություն, և սակայն ինքը զամենքը մերժած էր, վասնզի անոնք յուր սրտին վրա բնավ ազդեցություն չէին ըրած կերևա, և հետևապես անոնց հետ ամուսնանալով չէր ուզած թշվառության մատնել զանոնք։ Երբ սիրվիլս զգամ ի՞նչ պատճառ կրնամ ունենալ երջանիկ չըլլալու, մա՛յր։

Զայս ըսելով՝ Սիրանույշ միշտ ծնրադրած մորն առջև, ձեռքերը կը համբուրեր անոր հավանությունը խնդրելով։

Տիկինը զորդին գրկելով վեր առավ ու ըսավ.

-Որդյա՛կս, երանի՜ թե այդ կատարելու զոհեդ երջանկություն բխի քեզ համար. երանի թե որդիական ազնիվ սիրույդ վարձատրությունը ստանաս։ Բայց այժմեն կըսեմ քեզ, եթե՝ երկինք մի արասցեն, տառապիլդ տեսնեմ, մի՛ կարծեր որ կրնամ ականատես ըլլալ վշտացդ, մի՛ կարծեր որ կրնամ ապրիլ։

-Ոչ, մա՛յր, պիտի ապրիս,— գոչեց ողորմելի կույսը, ոգեսպառ եղած յուր սրտին և մորը դեմ այդպիսի դժոխային մարտ մի մղելեն վերջը։

Տիկին Հայնուռ յուր ձեռացը մեջ առավ զգգվելի գլուխն յուր դստեր, համբուրեց զայն մայրենի սիրույն բոլոր ուժովն ու այլայլալ ձայնիվ ըսավ.

«Զավա՜կս, երանելի եղիր»։ Սիրանույշ՝ անկարող յուր հոգվույն տառապանաց հանդուրժելու, յուր սենյակը մտավ, անկավ նստարանին վրա իբր հուսահատության պատկեր և հեծկլտանոք գոչեց «Երվա՛նդ, Երվա՛նդ, ո՜հ բերանս ուրացավ զքեզ, բայց սիրտս, բայց հոգիս սպասարկուքդ են միշտ։ Ո՜վ էակդ պաշտելի, հրաժարեցա՜ ուրեմն քեզմե, ես ձեռամբս պատնեշ մի հորինեցի մեր մեջ, ավա՜ղ…»։

Լացավ դառնագին անմխիթար աղջիկն, և ապա իբր թե վեհ տրտնջանաց հանցանքը քավելու համար «Գոնե դու, մա՛յր, մնչեց. ոչ ես պիտի նահատակվիս հորմես իմ պատճառավս, ու ոչ ևս մայրենի սիրույդ մարտիրոսը պիտի ըլլաս»։

ԳԼՈՒԽ ԺԹ.

Գրեթե մեկ տարիե ավելի անցած էր այն օրեն ի վեր որ Երվանդ հեռացած էր Սիրանույշեն՝ ու Հռովմա մեջ հաստատվելով՝ անխոնջ կերպիվ աշխատած էր սլատկերահանական տաղանդը զարգացնելու, այնպես որ ակադեմիա երևելի հանճարաց զարմանքր գրաված էր նկարչական կարողությանն արտահայտությամբ։ Յուր անբավ սիրույն մեջ կը գտնար ներշնչությունը, ու հաջողությանը մեջ՝ նոր ուժ հառաջանալու։ Կերազեր արդեն յուր ապագա բախտը, որուն փայլը Սիրանույշին վրա պիտի ցոլար, կերազեր այն երջանկավետ օրերն որք պիտի սահեին ընդ մեջ յուր տարփելվույն և պատկերահանության, կերազե՜ր… և ի՜նչ արդյոք չերազեր խանդավառ երևակայություն մի. կը ժպտեր ոսկեզօծ հուսույն, և անով բաժանման դառնությունը մասամբ սփոփելով՝ օրերը կը սահեին հանդարտորեն։

Երիտասարդ Վիրճինիոյի հետ ունեցած բարեկամությունն որ ավուր զորանալով՝ Երվանդ եղբայր մի գտավ օտար երկրի մեջ, սիրտ մի որուն վրա կրնա հենուլ, ապավեն մի յուր առանձնության մեջ։ Իրարու կապվեցան անկեղծ զգացմամբ երկու ազնիվ սրտեր որոնց վրա չեն փչած տակավին իրենց ապականյալ շունչովը մոլությունն ու անբարոյականությունը։ Երկուքն ալ նույն խանդավառ բնությունն ունեին, երկուքն ալ ազատամիտ էին, գեղեցկին ու լավին սիրահար, երկուքն ալ պատկերահան, երկուքն ալ ազնվասիրտ ու դյուրագրգիռ։ Վիրճինիո որդի էր երգեցողի մի որ նշանավոր հանդիսացած էր Իաալիո մեջ յուր երիտասարդության ժամանակը։ Բայց երգեցողաց թատերական կյանքը կարճատև է, վասնզի երբ իրենց ձայնին թարմությունր կը կորսնցնեն բարձր պատվանդանեն վար իջնալով՝ կր հրաժարին թատերական բեմեն որուն ավանդած են իրենց ներշնչմանց և զգացմանց մասունքը, և ուսկից հուզած, ալեկոծած, բարձրացուցած են հանդիսականները. զի հոգին գործիք մ՚է որ կը ցնցվի տաղանդին զորավոր շունչեն, կը թրթռա, կր մրմնշե, կը հառաչե, կսպառնա, այդ շնչույն ներգործած ազղեցության համեմատ։

Վիրճինիոյի հորը երաժշտական արևը շատոնց մայրը մտած էր արդեն։ Լեոնարտոն թատերական աստիճաններեն վար իջած էր՝ տանը մեջ յուր տաղանդին ավերներովն ու անցյալ փառացը հիշատակավն ապրելու համար։ Երբեմն կը գոցեր աչերը, յուր անձը թատերական բեմին վրա կը կարծեր, թվեր իրեն տեսնել ժողովուրդր որ յուր ձայնեն, շարժումեն, ձևերեն եռանդագին գրգռվելով՝ կը հայտներ յուր ավյունը ծափահարությանց սաստկությամբ։ Թվեր իրեն լսել այն ահագին գոչյունը հանդիսականաց որ՝ կարծես ի մի ձայն վերածված, զինքն ի բեմ կը կոչեին դարձյալ որպեսզի երգե, զիրենք դյութե ու զգլխե վերստին։ Հայնժամ երևակայությունը կը տաքնար, կը ցնծար, կը ցնորեր, ու տեղեն ցայտելով կսկսեր երգել, բայց, ո՜վ պատրանք… յուր ձայնը զինքը կը մատներ, անկարողությունը կզգար, ու սրտամաշ վհատությամբ աթոռակին վրա իյնալով՝ կը մրմնջեր «Ավա՜ղ, ավերակ մ՚եմ միայն»։

Այդ հյուծալի տաղանդն ընտանեկան հարկին ներքև կապրեր չափավոր հարստությամբ մի՝ որ արդյունք էր յուր անցյալ փառավոր կենաց։ Մեռած էր յուր ամուսինր՝ չքնաղ Լուքրեցիան, որ իրեն նման թատերական արվեստի զավակ էր։

Շատ անգամ բեմին վրայեն հայտնված կեղծ զգացումներն իրականության կը վերածվին, ու թատերական կատակերգությունն էական տռամի կը փոխվի. նույնը հանդիպած էր Լեոնարտոյի։

Բեմին վրա սեր ձևացուցած էր նախ, ապա սիրած էր անհաջողությամբ, և վերջապես հաջողած էր սիրվելու։ Երբ հուսահատն Լեոնարտո դժբախտ սիրո վանկը ժողովրդյան երեսին կարձակեր՝ հոգիները կը հուզվեին առանց գիտնալու թե զիրենք այլայլող, դյութող խազերը սրտի մ՚երկունքն էին։ Գեղանի դերասանուհին նախ արհամարհանոք լսած էր այդ երկունքը, բայց ապա ընկճած էր անոնց բուռն ազդեցութենեն։

Լուքրեցիան թեպետ երևելի տաղանդ մի չէր, սակայն նշանավոր եղած էր անձնական շնորհքներովն, ու շատ առավել զոհեր ըրած էր գեղեցկությամբը քան թե երաժշտական կարողությամբը։ Երբ Լեոնարտոն անոր հետ ամուսնացավ՝ կարծես թե յուր ձայնին մեջ շող մի կար, որ լուսավառ հոգվույն արտահայտությունն էր։ Բայց այդ շողը շուտ նսեմացավ, զի վեց տարիե վերջը մեռավ չքնաղ Լուքրեցիան՝ թողլով ամուսնույն երկու որդի, ու երջանիկ անցյալ օրերու հիշատակը։ Ինչպես որ Լեոնարտոն լույս մ՚ունեցած էր երգին մեջ երբ բարեբասա էր, նույնպես սև թառանչ մի, հեծկլտանք մ՚ունեցավ երբ դժբախտ եղավ. յուր ձայնը կուլար ողբագին բեմին վրայեն. աոամն որ կը ներկայացներ, յուր խափանյալ կենաց առումն էր։

Զուրկ յուր ամուսինեն՝ Լեոնարտո յուր երկու որդվոց՝ Վիրճինիոյի ու Ճուլիայի համար ապրեցավ միայն, անոնց հայր ու մայր եղավ, և բոլոր վայրկյանները թատրոնեն դուրս՝ զավակացը հատկացուց։ Վիրճինիոն ու Ճուլիան երկու փայլուն աստղունքն էին որք յուր սրտին ավերակները կը լուսավորեին։

Վիրճինիոն գեղեցիկ, սևաչյա երիտասարդ մ՚էր, կանոնավոր դիմական գծերով։ Իսկ Ճուլիան՝ կապույտ աչերով, սպիտակամորթ, փափուկ գծերով, խոհուն դիմոք, չքնաղ և նրբատիպ պատկեր մ՚էր որ զյուր մայր կը հիշեցներ Լեոնարտոյի կրկին անգամ սրբանվեր հանդիսացնելով զինքը։ Այս երկու շնորհալից արարածները զիրար կը սիրեին եղբայրական սերտ սիրով, ինչպես իրենց հայրը կը պաշտեին որդիական անհուն զզացմամբ։

Երբ Լեոնարտո կերգեր յուր սենեկին մեջ, Ճուլիայի հոգին կարծես թե քնար մ՚էր որ կը թրթռար հորը շունչին ազդեցության ներքև։ Իսկ հրավառ Վիրճինիոյի աչերը կը բևեռվեին պատեն կախված յուղաներկ պատկերի մի վրա որ ընտիր տաղանդի կը վերագրվեր։ Հայնժամ թվեր երիտասարդին որ ներկված մարմինները կը շարժեին, ներդաշնակության աշխարհին հրաշալիքը կը լսեր. իսկ Վիրճինիոն անսահման իդեականին գեղեցկությունները կը նշմարեր։ Երաժշտություն և նկարչություն, այսինքն մեղեդիք և ճառագայթք. երկուքն ալ հոգվույն կը հասնին տարթեր ուղիներով։

Երաժշտություն հոգիները մխիթարելու, բարվոքելու և արիացնելու նպաստած է միշտ, ազգաց կացության համակերպելով. վայրենի, թուլամորթ թե վսեմ, ժողովրդոց ճաշակաց պատկերը հանդիսացուցած է։ Սրտերը քաղցր երգերով առ գեղեցիկ տարած է, և կամ վսեմ վանկերով ի հուր ի բոց մղած է՝ մեծ դատի, մեծ սկզբան ի պաշտպանություն։ Աղոթելու, ուրախանալու և հառաչելու համար, տարբեր ձայներ կը մատակարարե երաժշտությունը, որք ամենն ալ իրենց տեսակին մեջ եզական են ու հոգեգրավ։ Ով որ անտարբեր կը մնա նվագարանի անդիմադրելի ազդեցությանն, զգայարանք մի նվազ ունի, և կամ անգործածութենե կատարելապես ժանգահար է այն։

Երբ Ճուլիան տասնևհինգ տարեկան եղավ, սկսավ երգ ուսնիլ հորմե։ Այնչափ զգացմամբ կերգեր նա, որ եթե ընդարձակ ձայն մ՚ունենար անշուշտ փայլուն ապագա մի կունենար թատերական ասպարեզին մեջ։ Բայց Ճուլիան նախասահմանված էր համեստ և լռին կացության. կյանքն ինչպես և մահն անշշուկ պիտի անցանեին իբր մեղմ հառաչանք մի։ Կաճեր նա շնորհոք ու համեստությամբ ընտանեկան և երաժշտական վայելից մեջ, ու թեև գոհ կապրեր, շուրջը դատարկություն մի կզգար, և կամ լավ ևս ըսեմ կիմանար թե սրտին մեջ ճառագայթ մի կը պակսեր զայն լուսավորելու համար։

Քսան տարեկան էր Ճուլիան և քսաներկու՝ Վիրճինիոն. սա նվիրած էր անձը նկարչության և ընտանյացը, նվիրած էր նաև գեղեցկադեմ աղջկան մի՝ անթերի անձնվիրությամբ պարկեշտ ու բուռն հոգվո մի որ առաջին անգամ կը սիրե սուրբ և անկեղծ սիրով։ Նույն ժամանակին հանդիպեցավ Երվանդին։ Երկու երիտասարդաց հանապազօրյա տեսությունը, նույն ճաշակները նկարչական արվեստին մասին, գրեթե նույն կյանքը, փոխադարձ համակրություն մի, երկու բնավորության անկեղծ ազնվությունը, երկակողմանի վստահություն մի, ասոնք ամենքը նպաստեցին վերջապես երկու երիտասարդաց բարեկամությունը բարձրագույն աստիճանի հասցնելու քիչ ժամանակի մեջ։ Իրարու հոգին կը ճանչեին, իրարու սրտին գաղտնյաց տեղյակ էին։

Երվանդ՝ իբր երկրորդ որդի կը հաճախեր Լեոնարտոյի տունը, ու գրեթե հոն կանցներ բոլոր ազատ վայրկյանները։ Թառամյալ տաղանդը զնորածիլ տաղանդը կողջուներ, պատկառելի ծերությունը՝ զաշխույժ երիտասարդությունը։ Իսկ Ճուլիայի վրա կարծես ձգողական ազդեցություն մ՚ունեցավ Երվանդ։ Անասելի հրապույր մի զօրիորդն առ նա կը մղեր. անոր ազնվական ընթացքը, վայելուչ ձևերը, խոսակցության ճոխությունը, ազատամտությունը, զգոնությունը, վերջապես առնական գեղեցկությունն զարմանալի կերպիվ ներգործեցին յուր վրա։ Կույսն այն՝ սիրահար վսեմին և գեղեցկին, երազած իդեականը կը գտնար վերջապես։

Օրերն գեղեցիկ հանդարտությամբ կը սահեին իտալացի ընտանյաց և մեր հայ երիտասարդին համար։ Մերթ Լեոնարտո յուր անցյալ փառքերը կը պատմեր այլ և այլ երաժշտական հանճարից զանազան առավելությունները հանդիսացնելով. մերթ Երվանդ ու Վիրճինիո նկարչական ու գրական հրաշալյաց վրա կը վիճեին. և կամ Վիրճինիո ազատական երկեր կը կարդար այն եռանդյամբ և հուրով որ բնական է Իտալիո զավակաց, ինչպես և երբեմն Ճուլիան զգայուն ձայնիվ կերգեր արվեստին այն ամեն նրբությամբ՝ զոր ստացած էր ճարտար առաջնորդությամբը։ Լեոնարտոն զարմացմամբ կը դիտեր սակայն թե յուր աղջիկը ժամանակե մ՚իվեր զորավոր շեշտեր կուտար յուր երգոց։ Ոչ ոք, և ոչ իսկ Ճուլիան, այղ փոփոխության պատճառը կը հետազոտեր ու կը հասկնար։ Երբ նա յուր հանկուցիչ ձայնը կարձակեր՝ Երվանդ տարօրինակ կերպիվ կը հուզվեր, ու յուր հոգին կը թոչէր ի Պոլիս՝ յուր Սիրանույշին մոտ, ու այլ և այլ տպավորությանց կենթարկվեր մինչ հավարտումն երաժշտության։ Եվ երբ մոգիչ ձայնը կը դադրեր, անզուսպ եռանդյամբը կը շնորհավորեր զՃուլիան՝ որ սաստիկ կը հրճվեր այդ բուռն զարմացման արտահայտութենեն։ Օրիորդն քիչ կը խոսեր, մելամաղձոտ էր բնությամբ և խիստ զգայուն։ Երբ յուր բարեկամությունը նվիրեր անձի մի՝ չկար զոհ որ ծանր երևար իրեն. նա սիրտ մ’ուներ որ բոլորովին սեր էր. կուզեր սիրել զոհվելու համար: Յուր հոգին չէր ճանաչեր շահասիրության նվաստ զգացումները ամուսնության մեջ. չէր փնտրեր ընկեր մի դյուրակեցի կամ փայլուն կյանք մ’ապահովելու համար անձին. այլ պարզապես կուզեր ամուսնանալ սիրելու համար ազնիվ սիրտ մի որ զինքն փոխադարձ անձնուրաց սիրով պիտի վարձատրեր։

Ճուլիայի սիրտը անգամ մի բաբախեց երիտասարդի մի համար որ իրեն մեծ համակրություն կը հայտներ, և որ ուզած էր անոր հետն ամուսնանալ։ Թեև երիտասարդը համակրելի էր իրեն և անոր ընկերակից ըլլալով փայլուն ապագա մի կը բացվեր յուր առջև, հանդերձ այսու հետն ամուսնանալու հավանությունը չտվավ անմիջապես՝ երիտասարդին բնությունը լավ ուսումնասիրելու ժամանակ ունենալու համար։ Կնոջ մի հատուկ նրբամտությամբ եբիտասարդուհին շուտով վերահասու եղավ թե նա առավել շողշողուն քան թե ազնիվ հանգամանք ուներ, թե անձնվիրության ցույցերու ներքև մեծ անձնասիրություն մի կը քողարկեր, ու պերճախոսությամբը մեծ թեթևամտությունը կը ծածկեր։ Մերժեց ամուսնական առաջարկը առանց որևէ բռնադատության հանդիպելու հորը կողմեն։

Անցած էր գրեթե մեկ ու կես տարի ու կուսին սիրտն ամլության մեջ էր. սոսկալի դատարկություն մի կզգար, դատարկություն՝ զոր Երվանդ ամբողջապես լցուց առանց ամենափոքր գիտակցությունն ունենալու, իսկ Ճուլիան իրեն համար մտերիմ քույրն էր, և կամ յուր քույրն էր պարզապես։ Եղբայրական ազնիվ և վայելուչ համարձակությամբ կը վարվեր անոր հետ, թեև կուսին վարմունքն այնչափ բնական չըլլար երիտասարդին նկատմամբ։ Կը վախնար օրիորդն քիչ մի շատ խոսելու թե մի գուցե յուր լեզուն կամ ձևերը մատնեին սրտին գաղտնիքը։ Կը դիտեր Երվանդի մեն մի շարժումը, կը ջանար գտնալ անոր խոսքերուն մեջ բառ մի, շեշտ մի որ փոխադարձաբար սիրվելուն վրա զինքն ապահովեր։ Բայց անոր հետևած րնթացքն առավել եղբայրական էր քան թե սիրահարական, որով Ճուլիա կը մաշեր լռին, ցավն հինքն ամփոփելով՝ առանց որևէ խորհրդապահ մ՚ունենալու։ Ստույգ է որ երբ կույսը կերգեր, Երվանդ սաստիկ կը հուզվեր, ու անսովոր խանդիվ կը խոսեր իրեն յուր տաղանդին վրա, բայց այդ զարմացումն ու խանդը առավել արվեստին սիրույն կը վերագրեր քան թե յուր անձին։ Այո դառն վիճակին մեջ երիտասարդուհին կը տառապեր, կսպասեր ու կը հուսար։ Արդեն վեց ամիսե ի վեր յուր սիրտը կը հյուծեր առանց որևէ հառաջադիմություն մի հաստատելու ձևերուն մեջ Երվանդի՝ որ իրեն համար միշտ անձնվեր բարեկամ մ՚եղած էր։ Բայց որչա՜փ տագնապալի է բարեկամությունը սիրավառ հոգվո համար. սրտին բոցերը բոց կը պահանջեն, և ոչ թե բարեկամական մեղմ ջերմությունը, որ նույնչափ անտանելի է որչափ անտարբերությունը։

Երվանդ օր մի Լեոնարտոյին ներկայեց հիանալի գլուխ մի, որուն թե՛ զիմական և թե՛ արվեստական կատարելությանը վրա իրավ տուր զարմաղած էր Վիրճինիոն, և զոր ասոր դրդմամբը բերած էր հոն նույն օրը։ Թե՛ հայրն և թե՛ աղջիկն սքանչացան անոր իդեական գեղեցկության վրա, բայց սիրամոլ սրտի մ՚անհամբեր անձկությամբ Ճուլիան հարցուց թե արդյոք այդ պատկերր բնակա՞նեն օրինակված էր։

Այո՛,— ըսավ Երվանդ, անմեղ հպարտությամբ մի, և ինքզինքը մոռնալով սկսավ բնատիպ օրինակին թե՛ ֆիզիկական և թե՛ մտավորական ձիրքերուն վրա այնպիսի սքանչացմամբ խոսիլ որ Ճուլիան կանացի մտաց նրբությամբ անմիջապես գուշակեց թե Երվանդ սույն անձին համար սիրո մեծ զգացում մ՚ուներ։ Խեղճ աղջիկը կը զարհուրեր հասկացածեն, և սակայն իբր թե վերջին հարվածը տալու համար արյունոտ սրտին՝ Երվանդին հարցուց եթե իրեն մեկ ազգականը կը ներկայացներ այդ կենդանագիրը։

Դու այնքան սիրելի ես ինձ,— պատասխանեց Երվանդ,— որ չեմ վարանիր հայտնելու քեզ թե իմ հոգվույս հատորն է՝ այսինքն կենացս ապագա ընկերուհին է այդ։

Ողորմելի Ճուլիան այդ հարցմամբը դաշույնը սրտին խորը մխեց՝ զայն բազմիցս վերքին մեջ դարձնելով։ Կարծես թե սենյակը գլխուն վերև փլավ, թե ինքր ավերակ դարձավ։ Սակավիկ մի համբերեց յուր այլայլության, ու ոչ ևս կարող ըլլալով զսպելու յուր բուռն hուզմունքն և խռովությունը՝ սենյակը քաշվեցավ։ Իսկ մյուսները Սիրանույշի վերաբերյալ խոսակցության հրապույրներով գրավված՝ չդիտեցին անգամ թե սրտաբեկ կույսն անկարող ըլլալով անծանոթ ոսոխի մ՛առավելությունները լսելու, կառանձնանար յուր արտասուքը գիշերվան խորհրդավոր գոգը հանձնելու համար։ Նույն օրեն վճռվեցավ Ճուլիայի բախտը․ առավել սակավախոս եղավ, և առավել առանձնության բարեկամ։ Իսկ զԵրվանդ թե՛ կը փափագեր տեսնել և թե՛ կուզեր խույս տալ անկե։ Զինքը տեսնելը մարտիրոսություն մ՛էր, իսկ չտեսնելը՝ մահ։

Լեոնարտոն զարմացմամբ ու երկյուղիվ կը հաստատեր աղջկանը կրած կերպարանափոխությունը ու տխրությունը, առանց պատճառն իմանալ հաջողելու։ Իզուր յուր սիրելի դստեր կը հարցներ եթե վիշտ մի, եթե սեր մ՛ուներ. իզուր կը խոստանար անոր ամեն ջանք ի գործ դնել յուր բաղձանաց կատարման հասնելու համար։ Բայց ընդ վայր Լեոնարտոն հարց ու փորձ կըներ, ընդ վայր խոստումներ կըներ։ Ճուլիան անթափանցելի էր իբր գերեզման մի, և ոչ մեկա մ՛աչքը կարող էր մինչև յուր հոգին ժամանել։ Վշտահար օրիորդն հալ ու մաշ կըլլար․ գիշերները կուլար հուսահատ, իսկ ցերեկը կը հառաչեր տխրագին, և կամ երաժշտության անսահմանության մեջ անդորր կորոներ։ Երաժշտությունը խազեր ունի ամեն զգացմանց համար։ Ներդաշնակությունը անեզրություն մ՛է ուր հոգին գալարելով յուր ցավը կը վայելե։ Բայց ի՞նչ է վայրկենական դառն այդ սփոփումը հարատև մտատանջության առջև։

Ճուլիան գիտեր թե Երվանդ ուրիշը կը սիրեր, ուրեմն ինքն ոչինչ կրնար հուսալ։ Բյուրիցս երանի կատար Երվանդին սիրուհվույն, և ի՞նչ չէր զոհեր անոր բախտը գոնե օր մի վայելելու համար անոր նման պաշտվելով։ Սակայն անկարելի էր այդ երազը։ Անհնարինը՝ իբր սոսկալի հրեշ, հանդեպ իրեն կանգնած էր։ Կյանքն առանց հուսո մեն մի վայրկյանի մահն է։

Լեոնարտոյի հարկն ուր կր տիրեր քիչ հառաջ խինդն ու գոհունակությունը, սկսավ տխրության քողով վարագուրիլ իզուր Վիրճինիոն կը ջանար յար քույրը զվարթացներ․ իզուր Երվանդ՝ գեղեցիկ անձնվիրությամբ, կը ճգներ անոր կսկիծը թեթևցնել, առանց երևակայելու թե ինքն անձամբ անմեղ դահիճն էր Ճուլիայի:

Հեգ աղջկան աչերուն փայլը սկսավ նվաղիլ, դեմքին վարդերը դալկանալ, ձայնը տկարանալ։ Երբ կորաքամակ ու դանդաղաշաժ կը շրջեր սենեկին մեջ, ո՞վ արդյոք կրնար ճանաչել զՃուլիան։ Գարնանային վարդը սիրո ցուրտին սաստկութենեն կը թարշամեր. կը մեռներ վասնզի սրտի շող մի մերժված էր իրեն:

ԳԼՈՒԽ Ի.

Օր մի Լեոնարտոն մասնավոր ստիպողական զբաղմունք մ՚ունենալով, և չուզելով զյուր դուստրը առանձին թողուլ տան մեջ նույն իսկ քիչ ժամանակի համար, հարմար առիթ դատեց օգուտ քաղելու: Երվանդի ներկայութունեն՝ հանձնարարել յուր խնամոց զՃուլիան մինչ յուր վերադարձին։ Մեկնեցավ հայրն հանգիստ սրտիվ, ու մեր երկու երիտասարդները մնացին առանձին։ Օրիորդն սկսավ շփոթիլ, դալկահար դեմքն թեթև կարմրությամբ մի ներկվեցավ, ու հազիվ հազ կրնար պատասխանել հարցմանց Երվանդի որ ապշությամբ կը դիտեր անոր այլայլությունը։

-Ճուլիա՛,— ըսավ հուզվելով,— ի՞նչ եղար, ի՞նչ կզգաս։

-Ոչինչ,– պատասխանեց աղջիկը, աչերը գետնին վրա բևեռած:

-Խոսե՛,— կը կրկներ աղերսագին,— ի՞նչ է ցավդ, ի՞նչ կը փափագիս, ինչո՞ւ այսպես անխոս կը հյուծիս զմեզ տխուր մտատանջության մատնելով։ Դու կը տարակուսի՞ս արդյոք անսահման բարեկամութենես քեզ նկատմամբ, կը տարակուսի՞ս անձնվիրութենես։

-Ո՜հ, ոչ երբեք։

-Ուրե՞մն, Ճուլիա։ Դու քույր մ՚ես ինձ համար, խոստովանե ինձ վիշտդ, ու վստահ եղիր թե պիտի ջանամ զայն սփոփել որևէ կամքդ կատարելով։

-Եվ եթե անկարելի է,— ըսավ Ճուլիան հուզվելով,— ի՞նչ կընես հայնժամ։

-Գուցե քեզ համար անկարելին ինձ համար կարելի է։ — Քեզ համար, Երվանդ, բոլորովին անկարելի է,– պատասխանեց կույսն հառաչելով։

—Կը խնդրեմ, քո՛ւյր իմ, հաղորդե՛ ինձ զքեզ մաշեցնող գաղտնիքը, և կը խոստանամ քեզ զայդ ինձ համար պահել միայն։

— Ավա՜ղ…։

— Կուզեմ սրտիդ ծանրությունը թեթևցնել, և ոչ թե հետաքրքիր ակնարկ մ՝արձակել հոն, հավատա ինձ Ճուլիա։ Կուզեմ զքեզ երջանիկ տեսնել վերստին, ինչպես և Լեոնարտոն ու Վերճինիոն՝ որք ի զուր կր մաշին ախտդ գտնելու և անոր դարման մատակարարելու համար։ Խոսե՛, Ճուլիա՛, խոսե՛, քո՛ւյր իմ, եթե ատելի չէ քեզ իմ աղաչանքս։

— Քու աղաչա՜նքդ։

— Եթե ազդեցություն անի օտարականի մ՚աղերսը որ քու վրադ իբր եղբայր կը կարեկցի, խոստովանե չարչարանացդ առարկան։

— Չարչարանացս առարկա՞ն կուզես ճանչնալ,— հարցուց անհնարին հուզմամբ։

— Այո՛, կը փափագիմ անձկությամբ, խոսե՛ շուտ։

— Ո՜հ, և չհասկցա՞ր տակավին։

— Քանի որ չես խոստովանիր, Ճուլիա՛, մի՛ ծածկեր ինձմե այդ գաղտնիքդ որ քեզ կը մաշեցնե, կը թախանձեմ քեզ հանուն մեր մտերմության։

Այնչափ աղու էր Երվանդի ձայնը, այնչափ հիգացելույն հոգվույն խորը թափանցեց այն, այնչափ հեշտալի էին իրեն այդ աղերսալից ձևերը, որ Ճուլիայի մահատիպ դեմքին վրա կենդանության գույն մի տարածվեցավ, հոգին վայրկենական երանություն մ՚ունեցավ, աչերը փայլեցան։ Բերանը սըրտին գաղտնիքը պիտի մատներ վերջապես երբ ինքզինքին գալով՝ հանկարծ Երվանդին սրտին տիրուհին հիշեց, ու անմիշապես եռանդն սպառեցավ, ու վհատյալ ձայնիվ պատասխանեց.

«Ո՛չ, ոչ, ոչինչ ունիմ հաղորդելու, դու չես կարող զիս փրկել։ Միայն թե երախտագետ եմ քու հայտնած բարեկամությանդ համար»։

Ձայնը նվաղեցավ ու արտոսր մի հոսեցավ աչերեն: «Խոսե՛, Ճուլիա, պնդեց Երվանդ, հուսալով իմանալ վերջապես այն գաղտնիքն որ կը տառապեցներ Լեոնարտոն ու Վիրճինիոն։ Խոստովանե, ի՛՞նչ կը վախնաս․ եթե անզոր եմ քեզ օգնելու, գոնե կարող եմ քեզ վշտակցելովս՝ ցավդ սփոփվելու։ Կը տեսնեմ դժբախտաբար որ բնավ վստահություն չեմ ազդած քեզ»։

Ճուլիայի բոլոր էությունը սկսավ դողալ։ Տխուր ժպտով նայեցավ Երվանդին և ըսավ․

-Կը խոստանամ հաղորդել քեզ իմ գաղտնիքս երբ ժամանակը հասնի։

-Ո՞ր ժամանակին կսպասես, Ճուլիա՛։

-Կսպասեմ մահվանս վայրկենին․ հայնժամ քեզ միայն պիտի հայտնեմ սրտիս անբույժ վերքը, ու գերեզման պիտի իջնեմ։ Գուցե՝ առանց խիղճ ընելու, կարեկից արտասուք մի ունես ինձի մխիթարություն ցուրտ շիրմիս։

Զայս ըսելով դեմքը ձեռքերովը ծածկեց ու սկսավ լալ դառնագին:

Երվանդ զարհուրամբ կարծեց գուշակել գաղտնիքն այն որ համառելով ուզած էր իմանալ, ու այլայլության մեջ գոչեց հանկարծ:

— Ո՜հ, Ճուլիա՛, արդյո՞ք իրավ է որ ես եմ ցավոցդ պատճառը։

— Ավա՜ղ, ի՞նչ օգուտ, դու ուրիշը կը սիրես։

–Ո՜վ դժբախտություն,— գոչեց Երվանդ հուսահատելով․— ես եմ ուրեմն տառապանացդ առարկան։

Սոսկումն ու զարմանքր զինքը պաշարած էին բոլորովին: Ինքն ուրեմն հանգետս յուր սիրելի բարեկամաց ընտանեկան անդորրը վրդոված էր։ Լուռ հուսահատության այդ դառը մտածության մեջ էր խորահույզ:

Ճուլիան որ կը հասկնար Երվանդի տհաճությունը հանչափս կը զղջար սրտի գաղտնիքը մատնած ըլլալուն համար, որով հոգվույն ամենայն դառնությամբ գոչեց․

–Ո՜հ, կը տեսնեմ թե քեզ զարհուրանք ազդեցի։ Լավ կըմբռնեմ թե ուրիշ սքանչելի պատկերի բաղդատությամբ խոր զզվանք կազդե քեզ։ Անգութ Երվանդ, ինչո՞ւ սրտիս մեջ ուզեցիր հետաքրքիր նայվածք մ՚արձակել: Երվանդ այս խոսքերեն զգացվելով խիղճ ըրավ, մոտեցավ աղջկան, ու ձեռքը բռնելով ըսավ.

- Ճուլիա՛, նույնչափ նվիրական ես ինձ որչափ էիր։ Լռությունս մի՛ զզվանաց վերագրեր այլ վշտիս, զի թե զքեզ և թե ընտանիքդ հակամայս ապերջանիկ ըրի։ Այնչափ մեծ է բարեկամությունս ձեզի համար, աչնչափ փափագելի էր ինձ ձեր երջանկությունը, և սակայն ահա ես, թշվառս, դժբախտություն մտցուցի այս առաքինի տան մեջ։ Ի՜նչ աղետք է ինձ համար։

— Գիտեմ,—ըսավ Ճուլիան վշտահար ձայնիվ,— որ զգացումս տաժանելի է քեզ համար. և եթե զայդ հայտնեցի քեզ՝ դու պահանջեցիր, դու ստիպեցիր զիս և ես հնազանդեցա քեզ։ Հուսացի, ես հեգս, թե գուցե խիղճ չես ըներ իմ հառաչանացս արձագանք մի տալու. բայց սխալեցա։ Ուրիշի համար ունեցած սերդ այնչափ մեծ է որ նույնիսկ օրհասական ձայնս անգամ անպատասխան պիտի մնա։

- Մի՛ մեղադրեր զիս, Ճուլիա՛, եթե սիրտս նվիրած եմ արդեն։ Բայց ինչ որ հանգստությանդ, ու երջանկությանդ կրնա նպաստել պատրաստ եմ գործադրել զայդ։

- Այսուհետև երջանկությունս մահվան մեջ պիտի փնտրեմ։

- Ո՜հ, Ճուլիա, ապրե՛, կը թախանձեմ քեզ։

- Ապրիմ, և որո՞ւ համար։

- Հորդ, եղբորդ և ինձ համար։

- Քե՞զ համար. բայց կը մոռնա՞ս արդյոք սրտիդ շղթաները։ Քանի որ սիրտդ չես կրնար պարգևել, կը մնա ինձ մեռնիլ միայն։

- Ո՛չ, ո՛չ, չեմ հավանիր, պետք է որ ապրիս, Ճուլիա։

- Ապրիմ, բայց ի՞նչ պայմանավ։

Երվանդ այն աստիճանի գրավված էր զՃուլիան փրկելու բաղձանքեն, որ նույնիսկ կյանքը պիտի խոստանար անոր։ Բայց ահա հանկարծ աչացն առջև ներկայացավ Սիրանույշի պատկերն, որ կարծես թե սրտմտելով անհավատարմությունը երեսին կուտար։ Սարսափեցավ, թվեցավ իրեն սրբապղծություն մ՚ըրած ըլլալ այդ նվիրական պատկերին նկատմամբ․ կարծեց յուր սիրույն դեմ մատնություն գործած ըլլալ, և յուր ալետանջ հոգին այնպես կը հուզվեր որ կուզեր ներումն իւնդրել այդ սրբանվեր երևույթեն, երբ Ճուլիա որ անհնարին անհամբերությամբ Երվանդին պատասխանին կապասեր, ըսավ այլայլելով.

–Չես կա՞միր ուրեմն պայմաններդ իմացնել։

–Ճուլիա՛, ես քեզ համար անկեղծ, անձնվեր եղբայր մ՚եմ։ Խնդրե՛ և կատարեմ, հրամայե և հնազանդիմ։ Ի՞նչ առավել կուզես:

–Խոստացածդ թե շատ է և թե շատ քիչ, ոչ խնղիրք ունիմ մատուցանելու, և ոչ ալ հրաման տալու։ Ես սիրտդ կուզեմ միայն, կարո՞ղ ես զայդ շնորհելու ինձ։

-Եթե սրտիս տերն ես ըլլայի ապահովապես ստացվածքդ պիտի համարվեր այն: Բայց, Ճուլիա՛, գթա՛ իմ վրաս, ու մի՛ զիս իբրև դահիճ ներկայացներ հորդ, եղբորդ և իմ խղճիս առջև: Գթա ու ապրե:

–Ապրեմ որպեսզի զքեզ խղճե՞դ ազատեմ: Ապրիմ որպեսզի թողուս զիս՝ ուրիշի հետ երանություն վայելելու համար, մինչ ես մենիկ, անհույս, սիրո խաչը ուսերուս վրա առած թափառական շրջիմ հեռու այն երանելի աշխարհեն որուն մուտքն ինձ արգիլյալ պիտի ըլլա ուրիշ հակառակ սիրուհվո մի ձեռամբ, ապրիմ մինչ…:

Ձայնը խեղդվեցավ սև հեծկլտանքի մեջ, ու նստարանին վրա գրեթե անշունչ մնաց աչքերը գոց:

Երվանդը կարծելով թե Ճուլիան նվաղած էր, դեպ անոր ընթացավ յուր դալկահար գլուխը թևերուն մեջ առնելով, ու սրտահույզ եղանակավ գոչեց-

–Ճուլիա՛, Ճուլիա՛, արթնացի՛ր, խոսե՛, ճանչցի՛ր զիս:

Ճուլիան նվաղյալ չէր, այլ տկարության ու սաստիկ հուզման հետևանքեն անշարժ մնացած էր գրեթե կիսամեռ: Երվանդին մերձավորությունը, անոր թախանձանքը ու այլայլությունը քաղցր ազդեցություն մ՚ըրին յուր վրան: Աչքերը բացավ, նայեցավ երիտասարդին մինչ գլուխը անոր կուրծքին վրա հենած էր: Չէր խոսեր, այլ կը վայելեր այդ երանելի րոպեն՝ միակն որ իրեն քիչ մի մխիթարություն կուտար տառապալից ամիսներե վերջը: Կը փափագեր որ մահը այցելեր իրեն նույն վայրկյանին մինչ երջանիկ էր: —Ի՜նչ երանելի եմ,— ըսավ,— կզգամ թե կրնայի ապրիլ և սակայն պետք է որ մեռնիմ։

Երվանդ ետ քաշվելով օրիորդին քովեն՝ ըսավ.

— Ո՛չ, ո՛չ, չպիտի մեռնիս, մեյ մ՚ալ աչդ խոսքը մի՞ զրուցեր։

— Ուրեմն պիտի սիրե՞ս զիս — հարցուց աղջիկն տարօրինակ այլայլությամբ մի որ կարծես թե յուր ուժը կրկնապատկած էր։

Երվանդ կը լռեր։

Ճուլիան որ այնչափ զորությամբ մարմինը վեր առած էր, բոլորովին ուժաթափ եղած, գլուխը նստարանին վրա նետեց ու ապա ըսավ խոր վհատությամբ.

— Կը տեսնես, Երվա՛նդ, որ իրավունք ունեի ըսելու քեզ թե խնդրածս անհնարին էր։ Ոչ այլ ինչ կը մնա քեզ ընել եթե ոչ թողուլ զիս սև բախտիս։

Երվանդի վիճակն անհանդուրժելի էր, դժոխային տանջանոք կը ծփար գթության և սիրո պարտազանցության ու պարտուց գաղափարին մեջ։ Աչքն Ճուլիայի մահագույժ երեսին վրա անկավ, ու հոգուն և խիղճը չարժեցան հանկարծ։

—Ճուլիա՛, զիս կսպաննես,— գոչեց հուսահատությամբ, ու անոր մոտենալով ձեռքը առավ յուր ձեռաց մեջ և զայն ուժգին սեղմելով,— «Ճուլիա՛, Ճուլիա՛, գթա իմ վրաս, պիտի հիմարիմ»։

Նույն միջոցին ոտքի ձայներ լսվեցան։

Ճուլիան այլայլությամբ ըսավ Երվանդին.

—Երդում ըրե և ոչ մեկու հաղորդելու կենացս սուրբ գաղտնիքը։

–Կերդնում,— պատասխանեց երիտասարդը։

Նույն վայրկենին Լեոնարտոն գործն ավարտած ըլլալով աղջկանը սենյակը կը մտներ, շնորհակալ ըլլալով Երվանդին յուր կատարած եղբայրական հոգատար պաշտոնին համար։

Թողունք այդ Իտալացի ընտանիքն և դառնանք Հայնուռ ընտանյաց։
ԳԼՈԻԽ ԻԱ.

Պ. Դարեհյան Պոլիս վերադառնալեն վերջը երբ կը պատրաստվեր յուր իղձը գոհացնել Սիրանույշի տեսությամբ, ահա տիկին Հայնուռի հիվանդությունը նոր պատնեշ մ՚եղավ ընդդեմ տենչանացը: Սրտնեղությունը տիրած էր վրան, ու հացկատակաց ամեն հնարքը կը նպաստեին միայն յուր անհամբերությունը գրգռելու։ Տիկին Հայնուռի հիվանդության միջոցին Դարեհյանի գլխավոր զբաղմանց մին եղած էր անոր վիճակին վրայոք մանրամասն տեղեկություններ ստանալ․ ու այդ հիվանդության ծանրության մեջ յուր բաղձանաց հետաձգումը տեսնելով կարծես թե վրան մոլեգնություն մ՚եկած էր։ Ոչինչ այնչափ անհանդուրժելի մարդու մի որ հարստության շնորհիվ վարժ է կամացն անմիջական գործադրությունր տեսնելու, որչափ արգելքն որ նպատակեն զինքը կը հեռացնե։

Վերջապես հասավ Պ․ Դարեհյանի համար փափագելի օրն Հայնուռ ընտանյաց այցելության երթալու։ Լի էր նա դյուրագրգիռ և անհամբեր այն զգացմամբ որ արգիլյալ բաղձանք մի կը զարթուցանե սրտին մեջ։ Վերջապես ներկայացավ յուր կարոտալից աչացը Սիրանույշի պատկերր։ Օրիորդին դալկահար ու մելամաղձոտ կերպարանքր զինքը կրկին գեղեցկությամբ կը փայլեցներ։ Կարծես թե նա՝ մայրը մտնող արեգակե մի լուսավորված աշնանային տխրազգաց օր մ՚էր։ Եվ ստուգիվ Սիրանույշին սիրո աշունն էր այն օրը զոր Երվանդին հիշատակը աղոտ նշույլոք կը պայծառացներ տակավին, մինչ յուր թարշամյալ հուսո տերևները ատելի շունչե մի յուր շուրջը կը տարուբերեին։

Թշվառ կույսը բախտին հարվածոց առջև գլուխր կը խոնարհեցներ․ և իբր արձան թախծության ամեն ջանք կըներ մորմեն ծածկելու համար այն փոթորիկն որ զինքր կալեկոծեր։ Դարեհյանի քաղաքավարական ու հիացման խոսքերն անեծք մ՚էին իրեն համար։ Կը փափագեր ագատ ըլլալ գոչելու համար «Կատեմ զքեզ բոլոր սրտովս և միշտ պիտի ատեմ, խույս տուր ինձմե»։

Երկու ժամու չափ Դարեհյանի ուշադրության և սիրաբորբոք նայվածոց առարկան եղավ Սիրանույշ։ Հանդուրժեց անոր ուրախալից ձայնին՝ որ կարծես, իբր օձ կը սուլեր ականջին։ Թեև սակավաթիվ և կատարելապես ցուրտ ցամաք էին պատասխաններն առ Դարեհյան, հանդերձ այսու կը թվեր Սիրանույշի որ այդ նույն իսկ շատ էր, կը կարծեր Երվանդին իրավունքը բռնաբարել, և այդ գաղափարը բոլոր արյունը կեռացներ։ Բայց տիկին Հայնուռի համար նայվածքը զՍիրանույշ ինքզինքին բերելով՝ կը պարտավորեր կեղծ ժպտով մ՚յուր հոգվույն սևությունը ծածկել․ վայրիկ մի, նա սենեկեն դուրս կելներ, ու նոր ուժ կը քաղեր մարտիրոսի դերը շարունակելու համար։ Իսկ Պ․ Դարեհյան Սիրանույշին ներկայությունը վայելելով, ու անհագ աչերն անոր տեսքովն հրճվելով, վերահասու չէր ըլլար բնավ գեղանվույն ողորմելի վիճակին։ Անոր տխրությունը պարկեշտության զգացման կը վերագրեր, առիթ գտնալով նոր առաքինության վրա հիանալու։ Մեն մի մարդ իրեն ըստ յուր քմաց կը դատե, ուսկից կը հետևին աղետալի թյուրիմացություններ։

Տիկին Հայնուռ գրեթե շարունակ ակնդետ յուր դստեր, մերթ կը կասկածեր անոր կրած մարտիրոսութենեն, և մերթ կը հուսար թե ժամանակն անոր սրտին վերքը բուժելով՝ թույլ կուտար յուր զգացմանց տարբեր ուղղություն մ՚առնելու։ Եթե մարդս պատիր հույսերով չի սնանիր, ի՞նչպես արդյոք կրնար հանդուրժել իրաց դառնության։

Պ. Հայնուռի գալով՝ հարց երջանկագույնն էր, ու բոլոր դեմքն ուրախությամբ լուսավորված։ Երկու ժամ խոսակցութենե վերջ Պ. Դարեհյանի հետ, նշան մ՚ըրավ յուր կնոջը՝ զոր սա ըմբռնելով, աղջիկն առավ ու դուրս ելավ սենեկեն։ Դարեհյան աոանձին մնալով Պ. Հայնուռի հետ անմիջապես որոշում տվավ երկու շաբաթե հարսանիքը կատարելու և այս որոշումը փութացնելու համար էր որ հայրն ուզած էր զդուստր յուր հեռացնել, զի լավ կզգար թե փեսայացուն չպիտի համարձակվեր ամուսնական խնդրույն վրա խոսելու ի ներկայության օրիորդին։

Երկո՜ւ շաբաթ. անոնք անվերջանայի կը թվեին Պ. Դարեհյանի. և եթե յուր կամքեն միայն կախում ունենար ամեն կարգադրություն, երկրորդ օրն իսկ հարսանյաց հանդեսը կը կատարեր, քանի որ ամեն ինչ պատրաստ էր արդեն յուր հարսնացուն արժանավայել շքեղությամբ ընդունելու համար յուր հարկին ներքև։

Իսկ Սիրանույշի նկատմամբ, երկու՜ շաբաթ, անողորմ րոպե մ՚էր որ յուր երջանկության երազները պիտի առներ տաներ, թաղեր, ոչնչացներ։ Երկու շաբաթ ուներ միայն շոյելու համար այն սրբանվեր պատկերն որ պիտի աքսորեր՝ ոչ յուր սրտեն, այլ ի սպառ յուր կյանքեն:

ԳԼՈԻԽ ԻԲ.

Մոտեցավ վերջապես օրն որ ահագին անջրպետ մի պիտի դներ Սիրանույշի ու Երվանդի մեջ։ Երբ սա Ճուլիայի կարեվեր հոգին կը մխիթարեր չէր գիտեր թե ինքն ընդհուպ որպիսի թունաբեր սլաքով պիտի խոցոտվեր, և թե պետք պիտի ունենար նույն մխիթարությունեն, որ ինքն ուրիշի առատապես կը մատակարարեր։ Թեև ինքը բոլոր յուր էությունը Սիրանույշի նվիրած էր, հանդերձ այսու խիղճ կըներ գորով ու արգահատանք հայտնելու Ճուլիայի՝ երբ հեգն անոր մեկ նայվածքին ու խոսքին մեջ անհուն վայելք կը գտներ։ Սրտաբեկ աղջկան մատակարարված մեն մի սփոփիչ բառերը, խիստ անդրադարձություն մի կընեին Երվանդի խղճին վրա, ու յուր անձը խարդախ ու մատնիչ համարելով՝ հոգին կը գալարեր։ Ա՞յս էր ուրեմն ըրած խոստումն առ Սիրանույշ. և եթե սա եղածն իմանար ի՞նչ մեկնություն պիտի տար յար վարմունքին, չպիտի՞ բողոքեր իրեն դեմ արդյոք, ո՜վ անտանելի կացություն։ Եվ սակայն ի՞նչ կրնար ընել, ի՞նչպես կրնար դաժան կերպարանք մ՚ունենալ թշվառ Ճուլիայի նկատմամբ, անխիղճ և անգութ ըլլալ, մարդասպան ըլլալ երբ կարող էր յուր մտերմին քրոջ փոքր ինչ սփոփանք հայթայթել, անոր կյանքը փրկել ու Լեոնարտոյի հուսահատությունը մեղմել։ Ստույգ է որ երբեմն Ճուլիայի վշտին սաստիկ արտահայտության ազդեցությունը կրելով Երվանդ սակավ ինչ եռանդյամբ կը խոսեր անոր, այնպես որ սիրակեզ աղջկան աչաց խաբուսիկ հուսո նշույլ մի կը փայլեր՝ ու անհունապես կուրախանար։ Երիտասարդը զայդ նշմարելով սաստիկ կը տանջվեր տված ակամա ակնկալությանց համար, երբ ինքն ոճիր կը համարեր որևէ համակրական զգացում, բառ, ձև, որ ուղղակի Սիրանույշին ուղղյալ չէին։ Անկեղծապես կը փափագեր ապրիլ մի միայն անոր հիշատակավ առանց որևէ առարկայի վրա յուր ուշադրություն դարձնելու։ Բայց ի՞նչպես կրնար յուր հոժարությանց համեմատ վարվիլ առանց Ճուլիայի մահ տալու, առանց ալևոր հոր մի ծերության մխիթարությունը հափշտակելու, և մտերմե մ՚ընդունած սիրալիր հյուրընկալության փոխարեն իբր ապերախտության հրեշ չներկայանալու։ Ի՞նչպես կրնար սուգ տարածել տան մի մեջ ուր քանի մ՞ամիս հառաջ ուրախություն և գոհունակություն կը տիրեր։

Երվանդ փորձեց չափավորել յուր այցելությունները Լեոնարտոյի ընտանյաց. բայց երբ օր մի զանց կըներ սովորական այցն՝ երկրորդ օրը կը տեսներ զՃուլիան այնպես տխուր, ուժաթափ և հիվանդ, ու այնպիսի կշտամբալից պերճախոս նայվածք մի կարձակեր իրեն որ Երվանդ յուր անձը կը դատապարտեր դահճի դեր խաղացած ըլլալուն համար։ Իսկ երբ անուշ խոսքով մի, կամ գորովալի նայվածքով մի զինքը կը մխիթարեր, Ճուլիան վերստին կերպարանափոխ կըլլար, նոր ուժ, նոր հոդի կզգենուր, աչերեն կայծ կը ցայտեր։ Անտանելի էր այս վիճակն Երվանդին համար. անհանդուրժելի էր այս կյանքն ընդ մեջ գթության և խղճի խայթերուն և սակայն այդ տարապայման բռնի կացության կը համակերպեր։ Բայց մոտեցած էր վայրկյանն ուր վերջ պիտի տար ամեն վարանմանց, զղջման, և դժգոհության՝ սիրո ահագին վհին մեջ կործանելու համար։

ԳԼՈՒԽ ԻԳ․

Շքեղ պատրաստություններ կըլլային Պ. Հայնուռի տան մեջ Սիրանույշի ամուսնության առթիվ։ Բայց կույսն այդ շփոթությանց և զբաղմանց մեջ կարծես թաղման հանդեսի տնօրինությունը կը տեսներ։ Առանձնացավ սենեկին մեջ Երվանդին ձոնելու համար վերջին օրն այն հորում անձը ազատ էր տակավին։ Հիշեց անցյալ երջանիկ վայրկյաններն երբ Երվանդին հետ հուսո գեղեցիկ փունջեր կը հյուսեին. հիշեց անոր ամեն բառերը զորս յուր սրտին մեջ էր ամփոփած լիովին. հիշեց յուր խոստումը մշտատև հավատարմության, խորհեցավ յուր կատարելիք խոստմնազանցության վրա, ինքզինքին նկարագրեց Երվանդին ցավն ու մոլեգնությունը, և գուցե մահը։ Աստիճանաբար սկսավ կորսնցնել զորությունը յուր զոհը կատարելու։ Օրիորդն կզգար սիրո հոդերուն ամրապնդիլն նույնիսկ այն միջոցին որ պիտի ջախջախներ զանոնք։ Կը տեսներ աչացն առջև Երվանդն ու զինքր կը հանդիմանեը ուխտադրուժ ըլլալուն համար. կը լսեր անոր ձայնն որ կը դրդեր զինքն առ ինքն վերադառնալու, զիրար հավետ սիրելու համար: Այո՛, կը տեսներ յուր աոջև՝ ծունը դրած յուր Երվանդին որ աղերսագին կը խնդրեր, կը պաղատեր զինքը չզոհելու. կը լսեր ողբը, կը տեսներ հրավառ աչերտ, այնչափ Սիրանույշի երևակայությանը բորբոքած, այնչափ միտքը ցնորած էր։

Հանկարծ տեղեն ցայտելով գոչեց հուսահատորեն.

«Ոչ, ո՛չ, անհնարին է։ Թո՛ղ դադրին հարսանյաց ամեն չարագուշակ պատրաստություններ. թող զիս ազատ թողուն, ոչինչ կուզեմ, ոչինչ կը խնդրեմ, ոչինչ, միայն ազատությունս կը պահանջեմ, Երվա՛նդ, Երվա՛նդ, քուկդ եմ ի սպառ»։

Մինչ այսպես Սիրանույշ կը զառանցեր, մորը ձայնն հանկարծ հասավ ականջին։

— Ո՜վ տխուր իրականություն,— ըսավ. — ո՜վ մայր իմ, ո՜վ ուխտ իմ…:

Անկավ աթոռակին վրա սրտաբեկ ու անմրմունջ ու կեցավ անշարժ։ Ապա ելավ տեղեն, համրաքայլ մոտեցավ գրասեղանին, աթոռ մ՚առավ ու նստավ, թևը գրասեղանին, իսկ գլուխը ձեռքին վրա դրավ, գոցեց աչերը, հառաչանք բխեց հոգիեն ու «Հարկը կը պահանջե» ըսելով, գրիչն առավ ու «Վերջին անգամ կրնամ տակավին իբրև սիրահարի հետդ խոսիլ, ով Երվանդ իմ» գոչելով, յուր հոգվույն ամենայն դառնությամբը հետևյալ նամակը գրեց.

«Սիրելի Երվանդ.

Եթե այս անգամ ուշացա նամակիդ պատասխանելու քանի մ՚օր ևս քեզ խնայելու բաղձանքն էր պատճառը։ Անցյալ տարի հոգիս արև մի կը կրեր, և այս տարի մութ խավարը։ Ժպտուն հույսն էի, մահահրավեր անհուսությունն եմ։ Ապագան մերն է, կը գոչեի քեզ ցնծալով, արդ անցյալը կորոնեմ սարսափելով։ Կը փափագեի արևը փութացնելու յուր շրջանին մեջ, արդ կյանքս կուտամ զայն կասեցնելու համար։ Դու և ես հոգվույս նկատմամբ մեկ անձ մ՚էինք, արդ երկու տարբեր անձինք ենք․ զքեզ քովս կը բաղձայի, այժմ հարկն, այլ ոչ սիրտս, զքեզ կարտաքսե, կը բաժնե ինձմե։ Ո՜հ, ո՞ւր էր թե մեռնեի։ Երվանդ, ես զքեզ ձեռամբս կը կորսնցնեմ ուրիշի մի կենսակից ըլլալու համար։ Ես անձամբ զոհս պիտի կատարեմ, ես անձամբ ձեռքս ատելի ձեռաց պիտի միացնեմ, ու բերանս պիտի խոստանա այն հավատարմությունը զոր սիրտս ուխտած է քեզ։ Երվա՛նդ, քեզմե կը բաժնվիմ, և հեգս՝ կապրի՞մ տակավին։ Հոգվույս մեջ արմատացած պատկերը կը խլեն և դեռ սիրտս կը բաբախե։ Բերանս մնաս բարյավ կը մնչե քեզ, մինչ հոգիս անունդ կը հոլովե անդադար։ Սի՜րել էությանս բոլոր զորությամբն և հրաժարիլ կամովին ամեն բանե որ զիս կը ցնծացնե, կոգևորե, կապրեցնե, ահա՛ կատարածս, ո՛վ Երվանդ։ Սակայն մի՛ մեղադրեր զիս, ողբա վրաս, կամ թե ողբանք միասին մեր նսեմ բախտին վրա։ Ո՜հ լուր ինձ։

Նույն օրն ուր քրոջդ երջանկությունը կը հաստատվեր, ուր երկու հոգիներ կը միանային ցկյանս, նույն օրը զմեզ կը բաժներ, մինչդեռ մեր սրտերր փոխադարձ հավատարմություն կուխտեին իրարու։ Թշնամին որ պիտի բաժներ զմեզ հոն էր, Երվանդ, հոն էր և մենք ոչինչ զգացինք։ Մեր դժբախտության համար Դարեհյանի ուշադրությունր գրավեցի ու զիս խնդրեց ի հարսնություն։ Կը ճանաչես հորս մեծամեծ իղձերը, և կը մակաբերես անշուշտ թե որպիսի ցնծությամբ յուր հաճությունը տվավ։ Երբ իմացա աղետալի լուրն՝ ընդդիմացա, ընդվզեցա հորս կամացը դեմ, և հայտնեցի որոշումս չրնկճելու որևէ բռնաբարութենեն, ու քեզ հավատարիմ մնալու միշտ։ Ի՜նչ փույթ էր ինձ կրած հուզումս, տագնապս, նվազումս, հիվանդությունս ցորչափ ազատ էի։ Բայց մայրս որ կօգներ ինձ մայրենի սիրույն անբավ զորությամբն, որ հորս ամեն սոսկալի նախատանաց կը հանդուրժեր, որ իբր մարտիրոս կը նահատակվեր սիրահար սրտիս ու քեզ ի պաշտպանություն, որ պատրաստ էր նոր նահատակության ենթարկվելու, մայրս կըսեմ, երկարատև նվազմանս տեսութենեն ու զիս կորցնելու վախեն լիովին զգացված՝ հիվանդացավ այն զարհուրելի ախտիվ որուն տեղյակ ես առանց պատճառը գիտնալու սակայն։

Մայրս գրեթե անկենդան տարածված էր անկողնույն վրա․ ոչ ևս կը ճանաչեր զիս, խուլ էր իմ թախանձալից ձայնիս որ պատասխան մի կը փնտրեր իրմե։ Յուր կյանքը դատապարտված էր, զինքն սպաննողն ես էի։ Երևակայե ուրեմն, Երվա՛նդ, անհնարին վիշտս զգացած խղճի խայթս։ Հայնժամ վերջին աստիճանի հուսահատութենե դրդյալ ուխտեցի մորս, ոհ, սիրույս դառն զոհը՝ եթե ինքն ի կյանս վերադառնար։ Ապրեցավ նա, և արդ ես կենդանի կը մեռնիմ։

Այսօր վերջին օրն է ուր ազատ եմ գոչելու քեզ «Երվանդ, ցորչափ կյանք ունիմ քուկդ է սիրտս, և մինչ զքեզ կը կորսնցնեմ հիշատակդ առավել ևս կարմատանա սրտիս մեջ։ Թույլ տո՛ւր որ անգամ մի ևս կրկնեմ․ «Երվա՛նդ, կը պաշտեմ զքեզ ու միշտ պիտի պաշտեմ»։

Մի՛ անիծեր զիս հոգվույդ դառնության ժամանակ․ մի՛ դատապարտեր, այլ ըմբռնե զոհիս մեծությունը, լա՛ց իմ վրաս։ Բայց ես միայն անձս կը մտածեմ. իսկ դուն, Երվա՛նդ, ինչպե՜ս պիտի տոկաս այդ բաժանման, ի՜նչ պիտի ընես, ո՜հ…… Հոգիս կողբա, սիրտս կարյունի, կը մտածեմ քու տագնապդ և սակայն անկարող եմ արգիլել հարվածն որ էությունդ պիտի դղրդե։ Հե՛գ Երվանդ, հե՛գ Սիրանույշ…։

Եթե օր մի ուրիշ սեր մի մոտ գտնա սրտիդ մեջ, մի՛ ատեր զիս, թող սրբանվեր ըլլա հիշատակս միշտ, իբր հիշատակը մարտիրոսի։ Քու դժբախտության մեջ ազատություն ունիս գոնե ցավովդ մխիթարվելու․ բայց ես պիտի ունենամ միայն սև շղթաներ, բանտ մը, և բանտապահ մի։ Պիտի ունենամ աչացս առջև զա՛յն որ հիգության կը դատապարտե զիս․ ձա՛յն որ երջանկությանս ծաղկունքն ոտնակոխ կընե․ ձա՛յն որ հոգիս կը մեռցնե։ Ո՜վ անգութ ճակատագիր, երանության հրաշալի պատկերը մեր տեսության ներկայելեն վերջն, ի՜նչպես արդ թշվառության սև կենդանագիրը կարձակես մեր երեսին։ Հասավ վայրկյանն ըսելու քեզ «Մնաս բարյավ, Երվա՛նդ իմ, մնաս բարյավ անգամ մի ևս։ Ամեն ինչ վերջացավ մեր մեջ. վաղվընե սկսյալ շղթաներս պիտի փայփայեմ։ Վաղվընե սկսյալ անցուցած օրերս ի հաշիվ պիտի առնեմ, ու հետ ավարտման մեն մի օրվան պիտի գոչեմ հաղթանակավ․ «Քայլ մ՚առավել առի դեպի մահ»։

Մնա՛ս բարյավ, մոռցիր զիս, երջանիկ եղիր։ Ոհ, բայց երջանիկ եղիր առանց սակայն զիս բոլորովին մոռնալու։ Կուզեմ վերջացնել ողբս ազնիվ հոգիդ չհոշոտելու համար, և սակայն սիրտս կը դրդե զձեռքս այլ ևս բառ մի գծելու, զի ավաղ, ավաղ, այսօր միայն տակավին ազատ է գրելու։ Ուրեմն ստուգիվ զքեզ կը կորսնցնեմ։ Միտքս կը մոլորի, ո՜հ, և սակայն կը հուսամ տակավին երբ ամեն հույս մեռած է։ Մնաս բարյա՜վ, Երվա՛նդ իմ պաշտելի։ Համբերե քու դառն վիճակիդ։ Կը թողում քեզ ի մխիթար մեր անցյալ գեղեցիկ օրերուն հիշատակն և գեղարվեստր. մին սիրո անսահմանություն է կենաց սահմանափակ շրջանին մեջ, և մյուսն՝ անմահությունը արվեստին անեզրության մեջ։ Մեն մի անգամ որ վրձինդ ձեռքդ պիտի առնես հիշե՛ զիս, զի պաշտեցի հանճարդ ինչպես պաշտեցի հոգիդ, Երվա՛նդ իմ․ կը նվաղիմ, բարյավ մնաս»։

Անկավ գրիչը Սիրանույշի ձեռքեն, աչերն ամպոտեցան, միտքը շփոթեցավ, կռթնեցուց գլուխը բազմոցին վրա ու աչերը գոցվեցան։ Ամեն ինչ խառն ի խուռն յուր մտաց առջևեն կանցներ, առանց որևէ առարկա, որոշ պատկեր մի ձևացնելու իրեն։ Դիպաց արագ հաջորդությունը, անոնց ընդհատումը այնպես երևակայությունը կը մոլորեցնեին որ կարծես թե փոթորկի մի խաղալիք եղած էր, թե կերազեր արթնությանը մեջ։ Բայց միտքն աստիճանաբար հանդարտելով՝ իրերն սկսան գծագրվիլ, պատկերները պարզվիլ, երազն իրողության վերածվիլ․ սկսավ տեսնել վերստին զյուր Երվանդ և անոր քով սպառնալից, ժանտ կերպարանք մի։ Սարսափեցավ ու հեգն հորդ արտասվաց մեջ ջանաց անհնարին բեռը թեթևցնել։

Նույն միջոցին Զարուհվույն անուշ ձայնը լսեց որ յուր անունը տալով սենեկեն ներս կը մտներ։ Սիրանույշ անոր գիրկն իյնալով «Քույր իմ, գոչեց, շատ մեծ է դառնությունը կատարած զոհիս։ Օգնե՛ ինձ զի կարողությանս նվազիլը կզգամ»։

Զարուհվույն դեմքը տխրության քողով վարագուրված էր. խնդության թռչունը զվարթ ճիչ չուներ արձակելու։ Առավ թշվառ Սիրանույշը բազկացը մեջ ու հոգվույն վրա սեղմելով ըսավ.

«Զո՜վ լամ, զքե՞զ թե եղբայրս։ Ի՜նչ սփոփանք տամ քեզ երբ ամեն սփոփանք խաղալիք է։ Միայն հիշե՛ մայրդ և արիացիր»։

ԳԼՈԻԽ ԻԴ.

Վոսփորի եվրոպական ափանց վրա կր տարածվի Յենիքյոյ։ Հոն ծովն ընդլայնելով ընդարձակ անջրպետ մի կը թողու Եվրոպիո ու Ասիո եզերաց մեջ տեղ, որք կարծես իբր ոսոխ հեռվեն զիրար կը դիտեն, մինչդեռ Վոսփորի վարի կողմերուն երկու ներհակ եզերքներն իրարու կը մոտենան, իրարու կը նային, ու իրար առջև իրենց բնական գեղեցկությանց տեսարանները կը պարզեն։

Յենիքյոյի ծովեզրը զարդարված է գեղեցիկ տուներու մի շարքե։ Այս տուներուն շատերր կը կանգնին մեծածախս պարտեզներու մեջ տեղ, ուր զարմանազան ծաղկանց գույները՝ ծովուն կապույտին հետ գույներու ներդաշնակություն կը կազմեն, ինչպես և տերևներուն մրմունջը ալյաց հառաչանաց հետ ձայնի ներդաշնակություն կը գոյացնեն։

Պ. Դարեհյանի ընդարձակ ապարանը Յենիքյոյի՝ կը փայլեր այն ամեն ճոխությամբ զոր շռայլ հարստություն մի կրնա պարգևել։ Հարսանյաց գիշերը հասած էր, ու այդ շքեղ բհակարանը հրեղեն շենքի վերածված էր, նույնպես հուր կը տեղար պարտեզեն։ Ծառաստաններուն բարձունքեն լույսեր կը սպրդեին՝ իբր թե կանաչ տերևներուն մեջեն աստեղաց նշույլներն ըլլային։ Պարտեզին մեջ, հովանյաց ներքև, ու ջրվեժներու մեջեն այնչափ շող կարձակվեր շուրջ որ կարծես թե լուսեղեն հատակի մեջեն դուրս կը ցայտեին ծառերը, ծաղկներն ու ջուրերը։ Հրախաղություն, երաժշտություն, բազմություն հրավիրելոց, մեծահաց խնջույք, վերջապես ինչ որ կրնա զարմացնել, նախանձ շարժել, բաղձանք գրգռել, ամեն ինչ ամբողջապես միացած էր Դարեհյանի հարսանյաց շքեղությանն համար։  Ոչ նվազ մեծ էին եկեղեցական ճոխությունքն. քահանայք, վարդապետք, եպիսկոպոսունք Դարեհյանի սրահը խռնած էին հարսանյաց հանդեսին կատարման համար։ Կես գիշերին երաժշտության զվարթ խաղերը տեղի տվին խորախորհուրդ ժամերգությանց։ Թվեցավ Սիրանույշի թե մեռելոց երգն էր. և դագաղ մի կը բաղձար միայն նույն վայրկանին։ Զարուհին մոտեցավ իրեն նույն միջոցին ականջին մնչելով «Տե՛ս, մայրս որպի՜սի անձկանոք կը դիտե զքեզ ու արիացիր»։

Առին տարին հարսը. ո՞ւր, ինքն ալ չէր գիտեր։ Կերգեին, բայց մտացը մեջ քաոս մի կար, ոչինչ կը հասկնար։ Սակայն երբ զգաց ձեռք մի որ իրենը կը սեղմեր, հայնժամ սարսուռ մ՚ունեցավ՝ իբր թե օձեն սաստիկ խայթված ըլլար։ Այդ ձեռքը խարազանն էր որ վերջին հարված կատար իր երջանկավետ ակնկալությանց։ Այդ ձեոքը պատուհասն էր որ կյանքը պիտի հարստահարեր։

Երբ ժամերգաթյան վերջին վանկը հնչվեցավ, երբ զոհողությունը կատարվեցավ, սրտաբեկ հարսը հառաչանքի նման ձայնիվ ինքզինքին մնչեց. «Ոհ, Երվանդ, ի սպառ բաժնվեցանք»։

Տիկին Հայնուռ աղջկանը կը նայեր անդադար, ու անոր խռովահույզ վիճակն ըմբռնելով կը տագնապեր լռին։ Եվ երբ պսակի խորհուրդեն վերջը Սիրանույշ գնաց յուր ձեռքը համբուրելու. «Աղջիկս, ըսավ, զքեզ երջանիկ տեսնեմ ու մեռնիմ»։

Իսկ Պ. Հայնուռ հարց երջանկագույնն էր․ այնչափ մեծություն, հարստության, ճոխություն, պատիվ. կին մի ի՞նչ առավել կրնար երազել երկրիս վրա, և ի՜նչ եղածեն ավելի կրնար մաղթել յուր զավկին։ Ուստի խրոխտանոք ու գոհունակությամբ կը նայեր յուր կատարած խնամության վրա։

Ի վերջո Զարուհին մոտենալով տարաբախտ նորապսակ հարսին իբր բարեմաղթություն մնչեց յուր ականջին.

«Երջանիկ օրերուդ անձնվեր ընկերուհին էի, արդ նոր քույր մ՚ունիս թշվառ կացությանդ մեջ»։ Ո՜վ արդյոք կրնար հավատալ թե այդչափ ադամանդաց․ ծաղկանց ու շնորհաց ներքև, կարեվեր սիրտ մի կարյուներ հորդառատ։ Ո՜վ կրնար երևակայել թե այդչափ պերճանաց ա շքեղությանց մեջ հոգի մի կարհամարհեր բոլոր այդ մեծ ցույցերու արտահայտությունը։ Այո՛, ո՜վ կրնար հավատալ երբ մարդկանց համար երջանիկ ամուսնությունն ոսկին ու պատիվներն են, և ոչ թե մարդը, ոչ թե բանականությունը, ոչ թե բարի հանգամանքն։ Իբր թե մարդն անասուն մ՚ըլլար, նյութ մ՚ըլլար պարզապես, և ոչ թե հոգի, ոչ թե զգացումն. իբր թե ոսկին ու շքանշաններն արտասուքը ջնջեին, հառաչանքը խեղդեին, վիշտը բժշկեին. իբր թե սրտին հեշտ բաբախումն ազդեին, սիրո աղբյուր կազմեին, երանության օրեր գոյացնեին:

Ամուսնությունն երկու հոգիներու մեջ սուրբ դաշնադրություն մ՚է, փոխադարձ անշահախնդիր երաշխավորություն մ՚է իրարու երջանկության աշխատելու, իրարու ծանրությունը թեթևցնելու, զիրար սիրելու։ Բայց ամուսնությունը այսօր տարբեր ուղղություն մ՚առած է, նվաստ առ և տուր մ՚եղած է։ Անպիտանը և ծույլը փոխանակ ջանադիր ըլլալու գործունեությամբն ապագա մի հարդարելու անձին, կերազե հարուստ հարս մի որուն հարստության վրա կը հիմնե կենաց անդորրությունը։ Այսօր ամուսնության պայմանն է ոչ թե բարոյական հանգամանքն, այլ ոսկին։ Չի հարցվիր թե ինչպես է անձը, այլ ինչ ունի։ Չի փնտրվիր բարոյական էակն՝ այլ նյութականը։ Ի՜նչ զարմանք ուրեմն եթե ամուսնություններն այսօր այնչափ անհաջող են, եթե բնավորություններն իրարու հետ չեն հաշտվիր, եթե կամքերն իրարու չեն համաձայնիր, եթե փոխանակ միաբանության անմիաբանություն կա, փոխանակ սիրո անտարբերություն կամ հակակրություն։ Ի՜նչ զարմանք եթե ոսկվո ներքև հրեշ մի երևան կելնե հանկարծ, հրեշ չարության, անզգայության և անձնասիրության։ Ի՜նչ իրավամբ ոք կրնա գանգատիլ հայնժամ քանի որ անփույթ եղավ ոսկվո ներքև սատանը փնտրելու։ Ոսկին ընտիր հոգին չէ, ու ընտիր հոգին միայն գիտե զոհվիլ և սիրել։ Ոսկին զբոսանքն է, հեշտությունն է, բայց սերը միայն երջանկությունն է: Հարսանյաց երկրորդ առավոտ Սիրանույշ առանձին էր սենեկին մեջ, հոգնած յուր վշտերեն, և գիշերվան ուրախության ցույցերեն՝ որք բախտին հեգնությունը կը թվեին իրեն։ Մեկնած էին հայրն ու մայրը, մեկնած էր նաև Զարուհին՝ յուր մտերիմն, ուսկից ոչինչ կը ծածկեր․ առանձին էր, և մատնված իշխանության այն անձին, որ Երվանդին իրավունքը կը գրավեր յուր կենաց մեջ։ Նայեցավ երկնից սգահար աչոք ու ըսավ. «Մնաք բարյա՛վ, հաճո՛ւյք անմեղ օրերուս․ մնաս բարյավ, սերդ իմ։ Ողջույն, պարտավորությունդ իմ․ ո՜վ ցուրտ բառ երբ սերն չէ զայն առաջնորդողը։ Ողջո՛ւյն անհուսության, ողջույն տառապանաց։ Պարտավորության խորանին վրա մեն մի օր սրտիս մասունքը պիտի մատուցանեմ իբր ողջակեզ»։

ԳԼՈԻԽ ԱԵ.

Ինչպես գիտենք արդեն Պ. Դարեհյան կենաց զեխությանց մեջ կը գտնար յուր հաճույքն հառաջ քան զՍիրանույշ ճանաչելու։ Կանացի անմաքուր դասերուն մեջ ունեցած բազմաթիվ հարաբերություններն ապականյալ աշխարհին դյուցազն հանդիսացուցած էր զինքը։ Անասնական կերպարանաց ներքև ծածկված կանայք՝ որք իրենց սեռին նախատինքն են, կը մերկանան ամենայն բարոյական գեղեցկություններե, հոգվո բարձրութենե, սրտի նրբութենե ու կապրին մի միայն նյութական կենաց վայելքն ստանալու, հագվելու, շքվելու և հարստանալու համար։ Այդ անասուն կանայք ի պայքար կը մըտնեին զԴարեհյանն իրենց շահասիրության որսն ընելու, յուր քմահաճությունները հաստատելու, և իբր տզրուկ յուր քսակին ոսկիները ծծելու համար։

Ստույգ է որ Դարեհյան ոսկիները կը սրսկեր առատապես, բայց քմահաճությանցն ազատությունը յուր անձին կը պահեր, մինչև այն օրն հորում Գաղղիացի անառակ կին մի յուր հաղթանդամ մարմնովն, դեմքին շքեղությամբը, և մանավանդ մտաց չար կարողությամբը հաջողեցավ արատավոր սիրո շղթաներով կաշկանդել։

Երբ կանայք իրենց պարտավորության զգացումը կը կորսնցնեն, այսինքն այն զգացումն կանացի բարձրության, մաքրության, բարոյական գեղեցկության որով միայն ճշմարիտ կին կը ձևանան, երբ այդ զգացումը կը կորսնցնեն՝ մարդկության մինչև ամենանվաստ աստիճանները կիջնան, կը ստեն, կը հնարեն, կը քծնին, կը փայփայեն, ամեն ուղի կընտրեն, ամեն դիմակ կը գործածեն, բավական է որ իրենց շահախնդրության նպաստավոր միջոց մի գտնեն. նույն իսկ առաքինությունը կը կեղծեն անոր հովանավորության ներքև իրենց կիրքերը, դավադրությունները, անօրենությունները քողարկելու համար։ Որչափ կին մի անբարոյականության մեջ հառաջանա նույնչափ ալ բազմադիմի են հնարքները. ու որչափ միտքը լուրջ ըլլա նույնչափ վտանգավոր են միջոցները։

Գաղղիացի Ժանեթն հաջողած էր Դարեհյանի տիրելու հանկուցիչ գեղեցկությամբը, հանկուցիչ ձևերովը, թրթռակ լեզվովը, զվարթությամբն ու մտաց բազմադիմի հրապույրներովը։ Անձին նոր կերպարանք տալու կը հաջողեր միշտ. մերթ զվարթ, մերթ մելամաղձոտ, մերթ սրտմտյալ, մերթ ժպտուն, մերթ սրտաբեկ և մերթ հրավառ սիրուհի, վերջապես բազմադիմի էակ մի կը ներկայացներ։

Պ. Դարեհյան ոչինչ խնայած էր այդ կնոջմե, ոչ ադամանդ, ոչ շքեղ զգեստ, և ոչ առատ ոսկի։ Փառք անոր՝ Ժանեթ հարուստ կնոջ կացությամբ կապրեր։ Բայց այդ կացությունը անոր մեծամիտ նպատակը չէր գոհացներ, քանի որ փափագը մինչև Դարեհյանի անունն օրինավորապես կրելու կը ձգտեր։ Նա առերևույթ պարկեշտ կնոջ կանոնավոր կյանքը կը վարեր։ Դարեհյանի անձնուրաց սիրուհին էր, որ բուռն զգացումե գրավյալ՝ կը սիրեր անկեղծաբար, անկարող ըլլալով առանց յուր սիրահարին ապրելու, ու անձը պատրաստ դավանելով մինչև աշխարհիս ծայրը հետամուտ ըլլալու անոր։

Ընդհանրապես մարդիկ սնափառությունն այնչափ հեռու կը տանին մինչև կարծելու թե իրենց անձնական առավելությանցն համար սիրված են և ոչ թե իրենց ոսկվույն շնորհիվ։ Այս կարգեն էր և Պ. Դարեհյան։ Հավատաց Ժանեթի սիրույն և երեք տարի անոր հնարամտությանց խաղալիք եղավ։ Բայց երբ նա տեսավ զՍիրանույշ՝ անկե գրավվելով անտարբերություն զգաց Ժանեթի նկատմամբ, նամանավանդ նողկանք։ Յուր ճամփորդությունը պատճառ եղավ այն կնոջմե հեռանալու, և հետ յուր վերադարձին հարաբերությունները դադրած մնացին։

Այսպիսի կորուստ մի աղետալի էր Ժանեթի համար. մանավանդ երբ իմացավ անոր ամուսնական խորհուրդներն ուրիշի հետ, կատաղությունը չափ չունեցավ քանի որ բոլոր հույսերը կոչնչանային։ Կը տեսներ Ժանեթ թե ինքը մոռցված էր, բայց գիտցավ համբերել, սպասել, և անծանոթ ոսոխին դեմ յուր հարվածները մթության մեջ պատրաստել. կուզեր ձերբակալել վերստին որսն այն՝ որ խույս կուտար իրմե և զոր յուր սեփական ստացվածքը կը համարեր։

ԳԼՈԻԽ ԻԶ.

Պ. Դարեհյան այնչափ գրավված էր նորապսակ կնոջմե, որ նա թվեր աչացն ամեն շնորհաց անձնավորությունն, ու ամուսնական հարկը՝ դրախտավայր մի։ Չգիտեր թե ինչ ձևով մեծարե ու սիրե զՍիրանույշ․ և արդեն ընծայած ծանրագին աղամանդաց ուրիշ ինչ նորեր ավելցնե, յուր շուրջն ինչ զարդեր դիզե, ինչ անվամբ անվանե զայն, ինչ հոգ, ինչ խնամք մատակարարե անոր։ Կը կարծեր թե Սիրանույշ աշխարհային բարյաց բովանդակությունն էր. հոն կուզեր ամփոփել բոլոր իղձերն, անով ապրիլ, հարսին կը բաղձար ձոնել վերջապես կյանքն ամբողջ։

Սիրանույշ կը համբերեր սիրո այդ արտահայտությանը որք մահ կուտային վշտաբեկ սրտին։ Կընդուներ շքեղ ընծաներն որք յուր հոգվույն ավերակաց վրա առավել կը ծանրաբեռնեին։ Կը լսեր անխափան հավատարմության խոստումներն որք Երվանդի ուխտերն հիշեցնելով իրեն՝ յուր էությունը կը սասանեին։ Այո՛, կը համբերեր, կը համակերպեր յուր դառն վիճակին, պարտավորությունը կը կատարեր, և այդ պարտավորության գաղափարին մեջ կը գտնար արիությունը սրտին բողոքաց դիմադրելու։ Հոգին սև էր, ու դեմքը մելամաղձոտ, սակայն վարմունքը միշտ ազնիվ էր, ձևերը միշտ քաղաքավար, խոսքերը սակավաթիվ բայց վայելուչ։ Խաղաղ կերպարանաց ներքև կը ծածկեր հոգվույն փոթորիկը. ոչ գոհունակություն կը հայտներ և ոչ դժգոհություն, ոչ սեր և ոչ ատելություն. միակերպ էր յուր ընթացքը, բնական հետևանք ընթացքի մ՚ուր ամեն ինչ ի հաշիվ առնված է, կարծես կարկինով չափված։ Սիրտն է միայն որ հանկարծական ցնցումներ, փայլակներ, այգեր, գիշերներ ունի. զի սիրտն կանոնավորությանը մեջ նույնիսկ անկանոնություն է, նամանավանդ երբ սերը անոր շարժումները փութացնե։

Սիրանույշի վարմունքն այնչափ վայելուչ էր ու պատշաճ ամուսնույն նկատմամբ ինչպես և տանը հաճախող և ծառայող անձանց՝ որ ոչ ոք կրնար զինքը մեղադրել ամենափոքր թերության մի համար, մանավանդ թե հարգված ու սիրված էր բոլոր զինքը շրջապատողներեն։

Գոհ էր Պ. Դարեհյան, երջանիկ էր ընտանեկան մթնոլորտի մեջ, ու բաղձանքն հարսին զոհելն էր բոլոր ազատ վայրկյանները։ Մերթ փառավոր կառոքն, և մերթ շքեղ նավովը կը շրջագայեր անոր հետ։ Մերթ հիանալի պարտեզին հովանյաց ներքև կամ տաղավարին մեջ առավոտյան կամ գիշերային զեփյուռը կը շնչեր, և կամ քարափանց վրա ծովային զովությունը կը վայելեր։

Այս եղանակավ անցան հինգ երանելի ամիսներ Պ. Դարեհյանի համար։ Բայց այնուհետև սկսավ քիչ մի ձանձրացուցիչ գտնալ Սիրանույշի ձևերուն կանոնավորությունն ու միակերպությունը, նույն կերպը միշտ, նույն քաղաքավարութունը վերջապես։ Բաղդատեց կինը Ժանեթին հետ, ու հիշեց անոր հնարամտությունը նորանոր հրապույրներ ստեղծելու, կենաց միակերպությունը փարատելու, և միշտ նոր գույներով փայլելու։ Ձանձրույթն օր ավուր սաստկացավ, մոռցված հիշատակն արթնցավ։

Թե Սիրանույշ համակրելի ու բարեկիրթ ընկեր մ՚ էր՝ զայդ չէր ուրանար Պ. Դարեհյան, միայն թե կը խոստովաներ անձին թե անկարող էր նա յուր եռանդը միշտ վառ պահելու։ Սկսան ուրեմն անհամբերության ցույցերն որք հետզհետե սաստկացան։ Պ. Դարեհյան առանձին պտույտներ կըներ, բացակայությունները կերկարեին. օր մ՚ալ իմացուց թե տունեն դուրս պիտի անցըներ գիշերը, ու հետզհետե բացակայությունները կրկնվեցան։ Պ. Դարեհյան յուր նախկին անառակությանց մեջ անկավ, Ժանեթի ճիրաններուն մատնվեցավ վերստին։
ԳԼՈԻԽ ԻԷ.

Ժանեթ՝ իբր ճարտար ռազմագետ, հաշված էր թե ապականակիր անձի մի ընտանեկան ճաշակներն երկար ժամանակ չէին կրնար տևել․ հետևապես ջանադիր եղած էր հարմար եղանակն որոնել Դարեհյանի վրա յուր նախկին իշխանությունը վերահաստատելու՝ երբ նա ամուսնական կյանքեն ձանձրացած տաղտկանաց ցույցեր տալու սկսեր էր։

Հաջողելու համար յուր խորհրդոցը մասին լրտեսի մի պետք ուներ. և զայդ դյուրավ ստացավ ոսկվո շնորհիվ, իրեն գործիք ընտրելով Պ. Դարեհյանի սպասավորներեն մին՝ զոր կը ճանչնար արդեն։ Չար մարդիկ զիրար շուտ կը հասկնան։

Լրտեսները մարդկային գործոց ավազակներն են, և կամ ընկերային մարախներն՝ որք առանց խիղճ ընելու կը թալլեն, կը կողոպտեն մտաց ու խղճի գաղտնիքն, ու կը վաճառեն ինչ որ սուրբ է, իրավացի և արդար, նույնպես և ինչ որ չար է և տգեղ։ Լրտեսն ընտրության ոգին չունի, զի լոկ շահասիրական է նպատակլը Լրտեսը կր մատնե Հայրենիքը, կրոնքր, ընտանիքն ու համայն ինչ։ Գալարող օձն է որ յուր Հանգույցներուն մեջ փոքրանալով կը պահվրտի, ամեն ուրեք սոդալով կը սպրդի լռին, կը լսե, կը տեսնե, կը գիտե, ու ապա յուր թույնը կը ծավալե շուրջը, կապականե, կը վիրավորե ու կը մեռցնե։

Մելքոն որ անզգամ գավառացի մ՚էր, հաջողած էր երեք տարիներե ի վեր Պ. Դարեհյանի ծառայելով սպասավորացն ավագագույնը հանդիսանալու։ Այդ մարդը՝ տիրոջն հրամանավ Ժանեթին տուն ստեպ գացած ըլլալով, ու յուր ճարպիկության և արթնության բազմաթիվ փորձեր տված ըլլալով, Ժանեթեն պաշտոն ստանձնեց զՍիրանույշ լրտեսելու, վարուցը, բարուցն ու ընթացիցը վրայոք գաղափար մի տալու համար իրեն։

Ժանեթ՝ Մելքոնին տված տեղեկություններեն դատելով շուտով հասկցած էր թե Դարեհյանն երկար ժամանակ գերի չէր կրնար մնալ այնպիսի հանդարտաբարո ամուսնո մի, երբ ինքը լավ կը ճանաչեր անոր փոփոխամիտ ու քմահաճ բնությունը։

Բազմադիմի զվարթությամբն ինքն հաջողած էր զնա յուր օրինաց ներքև պահելու, և սակայն օր մի կարողացած էր ընդվզելու։

Երբ Ժանեթ իմացավ յուր լրտեսեն որ Սիրանաւյշ մեկ կողմ սկսված էր թողվիլ, հաշվեց թե հասած էր ժամն զինքը վերստին ձերբակալելու, և ըստ այնմ յուր զենքերը պատրաստեց։

Թեև Դարեհյան սաստիկ կը փափագեր Ժանեթին հետ յուր վաղեմի հարաբերությունները նորեն հաստատելու, սակայն հարմար առիթ մի կը փնտրեր անոր մերձենալու՝ այնպես հանկարծական կերպիվ իրմե հրաժարելեն վերջը։

Ժանեթի զալով զԴարեհյան որսալը չէր ուզեր հայտներ, ոչ թե պատվասիրութենեն շարժյալ՝ այլ մի միայն անոր փափագները բորբոքելու մտոք։ Տեղեկացավ Մելքոնեն թե՝ ո՛ր շոգենավով Դարեհյանն կուղևորեր Պոլիս. և նույն ժամուն՝ իբր թե պատահմամբ շոգենավ մտավ, ու այնպիսի տեղ մ՚ընտրեց նստելու՝ ուսկից կրնար դյուրությամբ տեսնվիլ անկե՝ անոր բնավ ուշադրություն չընել ձևացնելով։

Այդ արվեստական անտարբերությունը, ու կնոջ արտասովոր գեղեցկությունը այնպիսի զորավոր ազդեցություն մ՚ըրին Դարեհյանի վրա, որ ոչ ևս կարող ըլլալով հանդուրժելու սրտին փափագանացը՝ կերպով մի մոտեցավ անոր, խոսակցություն մ՚ունեցավ հետը՝ զոր ոչ ոք իմացավ, ու այդ օրվան տեսութենեն վերջը Դարեհյան գերին եղավ Ժանեթի։

Սիրանույշի առանձնությունն ու լքումն օր ավուր զգալի կըլլային, և բացորոշ կերպիվ կը հայտնվեր թե ոչ ևս նա ազեդցություն ուներ ամուսնույն սրտին վրա՝ թեև անոր կողմանե ամեն հարգանաց ցույցեր կը վայելեր։ Իրավ է որ այդ անտարբերությունը Սիրանույշին սիրտը չէր հարվածեր, բայց ոչ նույնպես էր և յուր անձնասիրության նկատմամբ: Սակայն չփոխեց վարմունքը, չգանգատեցավ, այլ միօրինակ ձևով ընթացավ։ Երբեմն պարտազանց ամուսինն երկու երեք օր չէր վերադառնար տուն, երջանիկ համարելով զանձն յուր Ժանեթի օձապտույտ հանգույցներուն մեջ. և սակայն լքյալ կինն երբեք չէր հարցներ անոր բացակայությանն պատճառը, ու նույն հանդարտ և մեղմ կերպարանոք կընդուներ զինքը վերստին։ Սիրանույշի այս վարմունքը խիստ հաճելի էր Պ. Դարեհյանի է քանի որ բնավ որևէ անհանգստություն չէր պատճառեր իրեն, նույնիսկ գանգատ մի լսելու. նեղությունը։

Սիրանույշի կյանքը մութ փոս մ՚էր ուր և ոչ խնդության շող մի կը ժամաներ։ Յուր ընկերական հարաբերությունները խիստ սահմանափակ էին, նույնպես և յուր առանձին շրջագայությունները, քանի որ Դարեհյան նախանձոտ բնավորություն մ՚ուներ, ու կը կասկածեր ամեն հարաբերություններե։ Մանավանդ թե ոչ երբեք սիրած էր ընկերային պատշաճությանց հպատակիլ, այլ հաճույք գտած էր հացկատակաց ընկերության ու լկտի կանանց մթնոլորտին մեջ։

Սիրանույշ կը նայեր յուր խավարապատ սրտին մեջ և հոն կը տեսներ սիրո գերեզմանը. շուրջը կը դիտեր՝ և կը հանդիպեր ամուսնական լքման։ Կյանքն ահագին դատարկություն մ՚էր զոր սրբանվեր հիշատակ մի առավել ևս կընդլայներ։ Յուր վիշտն հոգվույն խորը կը թաղեր ու անցյալ երջանկության ավերները վրայե վրա դիզելով յուր հոգին այդ ցավոց կույտին կը հենուր։ Սուգն էր յուր ընկերը, ինչպես և ընթերցումն յուր միակ մխիթարությունը։ Կը կարդար այն պարբերականները որոնց վրա սքանչացած էր երբեմն Երվանդին հետ։ Կը բանար այն էջերն ուր անոր նշանակած մասնավոր տեղերը կը տեսներ տակավին. կը հիշեր, կը հուզվեր, ու կը սովորեր արիանալ կենաց հարվածոց դեմ մարդկության երևելի մարտիրոսությանց առջև։

Երբեմն տանը ծովեզերքին վրա նստելով մանկամարդ կինը կը նայեր ջուրերուն խորության ու կը մտածեր թե նույնչափ անհատակ էին և յուր վիշտերը։ Կը նայեր հեզասահ ալյաց որք լուսո փրփուրներ թավալելով կանցնեին կերթային, կը հիշեր թե նույնպես անցած էին յուր երջանկության պայծառ օրերը։ Երբեմն միայն կառքով լեռանց շրջագայության կերթար, ու ծառի մի ներքև կառանձնանար. շուրջը կը նայեր՝ ամայություն․ հոգվույն մեջ կը նայեր՝ ամայություն. «Ոչինչ, ոչինչ, կըսեր, իմ վշտերուս արձագանք տալու համար»։

Սիրանույշ կախորժեր առանձնանալ յուր բնակած ծովեզերյա տան դիմացի պարտեզին մեջ ուր զառ ի վեր մի լեռան կուշտը կը տաներ։ Հոն գեղեցիկ ճերմակ տաղավար մի կը ներկայանար որ հինգ սենյակներ կը պարունակեր ու պարզ ճաշակավ զարդարյալ էր։ Ցայդ վայր՝ աշխարհային աղմուկե հեռու, և բնության հանդեպ հինքն կը բովանդակվեր, կը մատխոհեր, անցյալովը կապրեր, ներկային մեջ զԵրվանդ կը տեսներ, անոր հետ կը խոսակցեր, ու յուր հուսահատությունը անհագաբար կը վայելեր։ Այդ տեղը սրբավայր մ՚եղած էր իրեն համար։

Հայնուռի ընտանյաց Պ. Դարեհյանի հետ հաստատած հոգերը խիստ չափավոր էին։ Անառակ մարդը կզգուշանա կնոջը ծնողաց դժգոհ նայվածքին ենթարկվելհ, թեև այդ սանձ մի չըլլա պախարակելի ընթացքին։

Մին մի անգամ որ Պ. Հայնուռ այցելության գնացած էր աղջկանը, գոհանակության զգացմամբ կը փքանար այդչափ ճոխություն ու հարստություն տեսնելով անոր շուրջը, նամանավանդ կը փառավորվեր այդ ամուսնությամբ որ յուր գործը՝ այսինքն կենացն հրաշակերտն էր։ Աչերն այնչափ շլացած էին պերճանաց տեսութենեն որ բնավ չէր տեսներ թե Սիրանույշ անոնց մեջ կը շրջեր իբր թշվառության ուրվական։

Բայց նույնը չէր Տիկին Հայնուռի մասին որուն թափանցող նայվածքը զավկին դժբախության աստիճանը հաշված էր արդեն։ Ի զուր խեղճ մայրն աշխատած էր խոստովանցնելու որդվույն զինքը կրծող տառապանքը. իզուր ուզած էր նեցուկ մ՚ըլլալ սգահար սրտին։ Սիրանույշ խնայելով մորր փափուկ զգացմանց, կը համառեր յուր վիշտն անձին պահելու, ու մորը հարցմանց կը պատասխաներ թե յուր ամուսինը զինքը կը հարգեր ու կենաց ամեն անդորրր կը մատակարարեր։ Տիկին Հայնուռ կը լռեր իհարկե, բայց հոգին կը գալարեր ու կարյուներ։

Ողորմելի մոր անտանելի ինչ էր տեսնել աղջկանն այլակերպած դեմքն՝ որուն վրա վիշտն յուր կնիքը դրոշմած էր, նամանավանդ սոսկալի էր իրեն գաղափարն այն թե Սիրանույշ որդիական անձնվիրությանը զոհ եղած էր։ Դուստրն այն որ յուր հոգվույն հատորն էր, ու կենացը մխիթարությունն և պարծանքը, որուն համար արյանը վերջին կաթիլը թափելու պատրաստ էր, դուստրն այն կերպիվ իվիք ինքը վիժած էր հուսահատության անդունդին մեջ։

Անձը խստիվ կը մեղադրեր վայրկյան մ՚իսկ հավանական կարծած ըլլալուն որդվույն երանությունը Դարեհյանի մի հետ։ Դյուրազգաց մայրն ինքզինքը յուր զավկին դահիճը համարելով անձեն կը խորշեր։

Ո՞վ արդյոք առավել ապերջանիկ էր, Սիրանո՞ւյշ թե յուր մայրը։ Բայց Սիրանույշ գոնե սա մխիթարությունն ուներ թե որդիական սուրբ պարտականություն մի կատարած էր․ մինչդեռ մայրն ընդհակառակն զավկին դժբախտության պատճառն ըլլալուն հաստատ համոզումն ուներ։ Այս գիտակցությունը, այս վիշտը ուժգին ներգործելով առողջության վրա՝ Տիկին Հայնուռ սրտի ախտիվ սկսավ ճարակիլ։

ԳԼՈԻԽ ԻԸ․

Երվանդ մտատանջության մատնված էր քանի որ անպատասխան կը մնար յուր վերջին նամակն որ այնքան հուզմունք ազդած էր Սիրանույշին։ Տարիե մ՚ավելի բացակայության միակ մխիթարությունը թղթակցության մեջ զտած էր, որուն կանոնավորությունն ոչ երբեք խախտած էր մինչև նույն օրը։ Եվ ահա երեք շաբաթ անցած էին և տակավին Սիրանույշեն լուր չուներ և ոչ իսկ յուր քրոջմե։ Միտքը կը տանջվեր այլ և այլ անախորժ ենթադրությամբ, սիրտը կր հուզվեր զՍիրանույշ դժբախտ պատահարի զոհ կարծելով. կը սարսափեր, ամեն ինչ մտքեն կանցներ բացի այն իրականութեն են որ զինքը պիտի ոչնչացներ։

Երվանդ ըստ յուր սովորականին ժամանակը նկարչության նվիրած էր, իսկ պարապ ժամերուն մեկ մասն Լեոնարտոյի ընտանյաց։ Ճուլիայի վիճակը բարվոքած էր այն ժամանակեն իվեր ուր յուր խոստովանությունն ըրած էր Երվանդին. և ասոր գորովալից վարմունքը կերպիվ իվիք զինքը գոհ կըներ, բայց ոչ երջանիկ քանի որ անոր սրտին բացարձակ տիրուհին չէր եղած տակավին։ Կը հուսար, կը սիրեր ու կապրեր։

Թշվառները միշտ երևակայական ցնորքով կը սփոփին, իրերը տարբեր կերպով կը տեսնեն, խոսքերը ուրիշ եղանակավ կը մեկնեն, շուքին մարմին կուտան վերջապես։ Նույնը կը հանդիպեր Ճուլիայի. ինչ որ պարզապես գթալից կարեկցություն էր՝ սիրո սկզբնավորություն կր համարեր. և այս կարծիքը կը բավեր կենացը հորիզոնին սևաբույր ամպերը վարդագունի վերածելու։

Լեոնարտո աղջկանը շրթանցը վրա ժպտին ուրվագրիլը նշմարելով անպատում ուրախությամբ համակված էր, որով վերջ կուտար այն ամեն հետազոտությանց անոր սգույն պատճառն իմանալու համար։ Լեոնարտոն երանելի էր. ինչ փույթ էր իրեն այն թանձր ամպն որ զավկին հոգին մթնցուցած էր, քանի որ ցրված էր նույն պահուն. և ոչ իսկ կուզեր հիշել այն անցյալն ուր այնչափ մտատանջության վայրկյաններ ունեցած էր, այնչափ երկյուղներ յուր սիրելի Ճուլիայի կենաց նկատմամբ, ու այնչափ անքուն գիշերներ։ Դուստրն յուր կյանքն էր, ինքն ամեն ինչ անով էր։

Օր մի Լեոնարտոյի սյցելության գնացած ըլլալով Երվանդ, այդպիսի սև տխրությամբ ծածկված էր դեմքը, որ Ճուլիա սարսափելով ուզեց պատճառն իմանալ։ Երվանդ բոլորովին անհնարին կասկածներեն գրավված, և առանց բնավ հիշելու կուսին սիրային տրամադրությունները յուր նկատմամբ, գոչեց խոր հուսահատությամբ «Ո՜հ, նախազդեցություն մ՚ունիմ որ դժբախտ պատահար մի հանդիպած է Սիրանույշին և եթե վախերս ստուգվին, կորուսյալ մարդ մ՚եմ․ ապրիլն անհնար է ինձ այնուհետև»։

Ճուլիայի դեմքը մթնցավ, սիրտը ջախջախվեցավ, հույսերն ոչնչացան։ Հայտնի էր թե Երվանդին հոգին Սիրանույշի նվիրված էր ոչ ևս տարակուսանաց տեղի կար։ Հեգն գլուխը խոնարհեցուց բախտին ահավոր հարվածին ներքև, ու մահվան գաղափարին մեջ մխիթարություն գտավ։

Նույն վայրկյան են որ Երվանդ ճանչցած էր Ճուլիայի զգացումներն յուր նկատմամբ, զգուշացած էր Սիրանույշի անունը հնչել անոր առջև. և այդ փափուկ զգուշությունն նպաստավոր կերպիվ մեկնած էր Ճուլիա, իբրև մոռացության նշան համարած էր։

Երվանդ մեկնելով Լեոնարտոյի տունեն փութաց յուր սենյակը վերադառնալ Պոլսեն լուր ընդունելու ակնկալությամբ, իրոք յուր հույսերն ի դերև չելան. նամակ մ՚իրեն կսպասեր։ Ճանչցավ սիրելի անձե մի գծված տառերը, ուրախությամբ համակվեցավ, բացավ թուղթը անհամբեր ձեռամբ, ու թրթռացող սրտիվ սկսավ կարդալ։ Բայց նամակին պարունակությունն՝ որ մեզ արդեն ծանոթ է, այնպիսի ապշություն, ցավ ու այլայլություն պատճառեց Երվանդին, որ իմաստները գլխուն մեջ զարմանալի իմն շփոթությամբ խառնվեցան, ու թվեցավ իրեն աղետալի երազի մը ազդեցությունը կրել. ուստի ոտք ելավ և անձը ցնցեց ապահով ըլլալու համար թե արթուն էր։ Բայց բուռն հուզմունքը հանդարտելովն երբ կարող եղավ իրականությունը հաստատել, կը տարակուսեր տակավին, չէր կրնար հավատալ թե Սիրանույշ կը հրաժարեր իրմե, ուխտը կը դրժեր ուրիշի մի ստացվածքն ըլլալու համար: Վերստին նամակը կը կարդար, գուցե սխալ ըմբռնված իմաստին բուն նշանակությունը տալու համար, և սակայն նույն գաղափարին մեջ կը հաստատվեր, թյուրիմացություն չէր նշմարեր. իրոք Սիրանույշ ինքն անձամբ կիմացներ զինքն զոհած ըլլալն յուր մոր։ Ուրեմն մորը վնասելու խղճմտությունը կըներ, և յուր տղայությունն ընկերոջը, սրտին մտերմին մահ տալու բնավ փույթ չէր բներ։ Ուստի այս էր, ուր լռության պատճառը․ դավադրություն մի պատրաստած էր իրեն դեմ, և այդ կիմացներ երբ զայդ ապարդյուն հանելու երկյուղեն ազատ էր բոլորովին, իրենց մեջ վիհ մի բանալեն վերջը մատնանիշ կըներ զայն։ Դառնացյալ հոգվո բոլոր հուսահատումթյամբն գոչեց «Անի՛ծյալ ըլլաս, Սիրանո՛ւյշ, ինչպես սիրտս հոշոտեցիր, նույնպես հոշոտեցիր և քուկինդ»։

Այդ անեծքը կարծես իրեն թեթևություն տվավ, վայրենի ժպտով մի ժպտեցավ ու աչերը տարօրինակ կրակով փայլեցան։ Այդ տարապայման հուզման հաջորդեց մահատիպ հանդարտություն մի որուն մեջ ընկղմած էր կարծես զգալու և մտածելու բոլոր կարողությունը։ Քիչ մի ժամանակե վերջը յուր սիրտն սկսավ վերականգնիլ, ցավիլ, և յուր կորստյան դառնությունը զգալ․ հեծկլտանոք սկսավ լալ դառնագին կրկին և կրկին անգամ Սիրանույշի անունը տալով գուրգուրանոք։ Սրտմտության հաջորդած էր գութը, վայրենության՝ արգահատանքը։ Առավ վերստին աղետալուր նամակը, նորեն կարդաց, անդրադարձավ այն հրատապ տողերուն վրա որք Սիրանույշին վիճակին խստությունը կը հայտարարեին։ Խիղճ ըրավ, յուր սիրելվույն կատարած զոհին վսեմությունն զգաց, և անձը կշտամբեց արձակած անեծքին համար։ Լացավ հորդառատ արտասվոք, ֆիզիկական ույժը փարատեցավ, անզգայության վիճակի մեջ անկավ գրեթե, կարծես յուր էությունն անգամ ոչ ևս կզգար։

Նույն միջոցին Վիրճինիոն սենեկեն ներս մտավ, ու արձանացավ յուր բարեկամին մահատիպ գեմքը տեսնելով։

Երիտասարդ ժամանակե մ՚ի վեր խոր տպավորությունը կը կրեր իտալացի օրիորդի մի ֆիզիկական շնորհաց, և յուր սիրույն մեջ մերթ երկնային վայելք կը գտնար, և մերթ դժոխային տառապանք․ օրիորդին առ ինքն հայտնած համակրական և կամ անտարբերության նշաններուն համեմատ։ Երիտասարդ իտալացին գաղտնի պահած էր սրտին բոցն յուր ընտանիքեն քանի որ ամուսնանալու վիճակի մեջ չէր, և մանավանդ թե յուր սիրուհվույն հողդողդ բնավորության զինքը կը հուսահատեցներ։ Մեն մի անգամ որ քմահաճ և փոփոխամիտ աղջիկն յուր ցուրտ ձևերուն կենթարկեր զՎիրճինիոն՝ սա յուր փոթորկահույզ հոգվույն արտասուքը Երվանդին գոգը կը թափեր միշտ։ Նույն օրը դարձյալ ալեկոծ սրտի մի դառն տուրքը կը բերեր յուր մտերմին, երբ շանթահար եղավ Երվանդին քանի մի ժամվան միջոցին մեջ կրած սոսկալի այլակերպությունը հաստատեց։ Թվեցավ իրեն որ քանի մի տարիներ անցած էին հայ երիտասարդին գլխուն վրայեն, այնչափ ցավը սև ակոսներ գծած էր դեմքին վրա։

Հանդեպ այս տխուր տես արանին Վիրճինիոն մոռցավ յուր վիշտը բարեկամին ամեն սփոփանք հայթայթելու մուտք։ Յուր հանկուցիչ ձայնը, վշտակցությանն անկեղծ արտահայտությունը ներգործեցին վերջապես Երվանդին վրա․ կյանքը տակավ առ տակավ սկսավ շրջան առնուլ յուր թմրյալ մարմնույն մեջ, սթափեցավ, ու կորուստն աչացը ներկայացավ բոլոր դարհոլրելի իսկությամբը։ Հազիվ կարողություն ունեցավ բարեկամին իմացնելու յուր կրած անդարմանելի հարվածը։ Վիշտերն որք հոգվույն վրա դիզված էին իբր սառնակույտեր՝ ամոքեցան մասամբ անձնվեր մտերմի ջերմ շնչույն ազդեցությամբ։ Գիշերն ի բուն Վիրճինիոն հսկեց անքուն՝ թշվառ Երվանդի վրա որուն աչեր են քունը խույս կուտար բոլորովին։

Երկրորդ առավոտ իտալացի նկարիչը յուր տունը վերադառնալով դառնալով բացակայությանն պատճառն իմացուց, բոլոր յուր մանրամասնությամբն պատմելով Երվանդի արկածները, աոանց զգալու թե քրոջը կենաց թելը վերջնական կերպիվ կը խորտակեր նույն միջոցին։

Վճռողական հարվածը տրված էր ուրեմն հեգ Ճուլիայի։ Իբրև փափուկ տունկ որ կը թարշամեր մահաշունչ քամիե, յուր երիտասարդության ծաղիկներն ալ կը թառամեին դժբախտ սիրո ծանր բուքեն։ Սկսավ նվաղիլ կույսն, ու մահվան դալուկը հետզհետե յուր դեմքին վրա տարածվեցավ։ Քանի որ չսիրված ըլլալուն ապահովությունը ստացավ, կյանքը տաժանելի էր իրեն համար։

ԳԼՈԻԽ ԻԹ.

Անցան հինգ օրեր նույն վայրկյանեն որ Երվանդ յուր կորուսյալ սերը կողբար. սենեկին մեջ գոցված դուրս ելնելու բնավ կամք չուներ։ Կարծես թե մարդս անհուն վիշտը կուզե սահմանափակ վայրի մեջ ամփոփել՝ անոր մաշեցուցիչ դառնությունն առավել ևս վայելելու մտոք։ Թվեր Երվանդին՝ թե աշխարհք ոչ ևս հաճույք ուներ ընձեռելու, թե կենաց գործիքին հետին թելը կտրված էր՝ բոլոր հույսերն միատեղ փշրելով։ Հալ և մաշ կըլլար նա մերթ հոգվույն վիշտը մոլեգնաբար հայտնելով, և մերթ լռությամբ փայփայելով զայն։ Սգո մեջ բոլորովին խորասույզ՝ չէր մտածեր Ճուլիայի վրա, չէր հարցներ թե ինչ կըլլար նա, թե ինչ կըներ։ Ցավը սոսկալի անձնասեր մ՚է. ուրիշն իրեն համար ի հաշիվ չի մտնար։

Իսկ խեղճ Վիրճինիոն մտերմին ու քրոջը մեջ տեղ կը տառապեր առանց միույն կացությունը մյուսին հաղորդելու։ Եվ երբ Ճուլիա Երվանդին վիճակին վրա տեղեկություն կը խնդրեր, գոհացուցիչ պատասխաններ կընդուներ, որպեսզի գրգռյալ անձն առավել ևս չվնասվի. զի վերջապես Լեոնարտո և Վիրճինիո սկսան վերահասու ըլլալ Ճուլիայի տառապանաց բուն պատճառին, Երվանդին տխուր պատահարեն ի վեր, և սարսափմամբ կը հաստատեին անոր հիվանդության հառաջադիմությունը։

Ճուլիա գրեթե չէր խոսեր. բայց մեն մի անգամ որ բառ մի կարտասաներ, Երվանդի կը վերաբերեր այդ։ Եվ երբ սիրելվույն անունը կարտասաներ, ձայնը կը դողար, ու թեթև կարմրությունը երեսները կը գունավորեր։

Թշվառ Լեոնարտոն կը ճանչնար վերջապես աղջկանն ախտին պատճառը զոր այնչափ զգուշությամբ ծածկած էր նա իրենցմե։

Կըմբռներ անոր համառությունը այդ գաղտնիքը պահելու քանի որ իրեն ծանոթ էր Երվանդին տածած սերն ուրիշի մի նկատմամբ, և կարդարացներ Ճուլիայի արժանապատվության զզացմունք: Տարարախտ հայրը կը գուշակեր սոսկալի վերջը յուր զավկին և ցավին սաստկութենեն կարձանանար լռությանը մեջ:

Օր մի Ճուլիայի վիճակը սաստկանալով՝ զգաց թե մերձ էր ի մահ: Կոչեց հայրն ու ըսավ «Հա՛յր, գիտես թե որպիսի՜ գթով համակված էի քեզ համար, և որչափ կը փափագեի ապրիլ ծերությանդ ի մխիթարություն. բայց սև ճակատագրին խաղալիքն եղա: Սիրեցի, և երբ համոզումն ունեցա թե բնավ սիրված չեմ, և թե գթության առարակ եմ միայն, սիրտս ու արժանապատվությունս ուժգին հարվածվեցան։ Հա՛յր ի՛մ, ներե ինձ, եթե դու այնչափ գորովագութ, անձնվեր և բարի ըլլալեդ վերջը ես զքեզ սիրույս կը զոհեմ: Եթե կամքս զորավորագույն ըլլար քան զսիրտս, պիտի ապացուցանեի թե ո՛ր աստիճանի երախտագետ եմ քեզ նկատմամբ ու պիտի ապրեի: Բայց անդիմադրելի զորություն մի զիս հառաջ կը մղե դեպի գերեզման: Հա՛յր, մի՛ անիծեր անմեղ առարկան իմ սիրույս, անպարտ է նա, յուր միակ հանցանքը շատ կատարելություններ ունենալն է: Տեսա զինքը ու գրավվեցա. պաշտեցի զինքը, մինչ նա կանգիտանար թե սրտիս խորանին աստվածն էր: Պիտի մեռնիմ, բայց ներե՛ ինձ, հա՛յր, եթե կը փափագիմ անգամ մի ևս զինքը տեսնել:Կը հուսայի հետս տանիլ սրտիս գաղտնիքն ի գերեզման. սակայն անոր մնաս բարյավ ըսելու բաղձանքս այնչափ մեծ է որ ամեն նկատման մասին անտարբեր կըլլամ արդ»: Վայրիկ մի լռեց կույսն զի ոչ ևս շունչ ուներ խոսելու, ու ապա շարունակեց, մինչդեռ Լեռնարտոն սրտակտուր ձայնիվ կը թախանձեր աղջկանն որ չմեռնի:

«Հայր իմ, շարունակեց Ճուլիան, հազիվ իմանալի եղանակավ, ավա՛ղ, կյանքս խույս կուտա ինձմե, կարողություն չունիմ զայն ետ բերելու։ Լո՛ւր ինձ, հա՛յր իմ, քանի որ տակավին կարող եմ խոսելու։ Ես կուզեի ծածկել քեզմե սիրած անձիս անունը որպեսզի այն տարաբախտ երիտասարդին դեմ ատելություն չունենաս, ու զինքն իբր որդի ընդունիս միշտ և սիրես զինքը՝ զի արժանի է գթույդ յուր դժբախտությամբը։ Եթե ինքն իմ թշվառությանս պատճառն եղավ, ուրիշ մ՚ալ նույնն ըրավ անոր նկատմամբ։ Առանձին է նա, հա՛յր, պանդուխտ է, որբ է։ Հիս որդի մի կը կորսնցնես, թող նա ըլլա քեզ որդի:Սիրե զինքը զի ես սիրեցի զայն, ու անոր հայր ըլլալովդ թվի ինձ թե հոգիս անոր պիտի ավանդեմ»։

Հառաչելով կարտասվեր տարաբախտ ծերունին մինչ աղջկանը վտիտ ձեռքերը կը համբուրեր եռանդագին։ Եվ հանկարծ արտասվացը վերջ տալով գոչեց խոր հուսահատությամբ. «Ճուլիա՛, դո՛ւստր իմ, ինչպե՜ս հանձն կառնուս զիս աոանձին թողլու երկրիս վրա։ Ո՞վ պիտի սիրե զիս այսուհետև»։

- Վիրճինիոն ու Երվանդը, հա՛յր իմ։

- Երվա՜նդը, ա՞յն որ Ճուլիաս կը հափշտակե ինձմե։

- Հա՛յր, իբրև վերջին շնորհք կը հայցեմ քեզմե որ բնավ ոխ չունենաս Երվանդին դեմ, զի անպարտ է նա. խոստացիր զայդ եթե կուզես որ հանգիստ մեռնիմ։

— Կարողութենես վեր է այդպիսի խոստում մի, զավկիս դահիճը սիրել․ ո՛չ, ո՛չ,— ըսավ ծերունին բորբոքելով։

- Սակայն հա՛յր, ի՜նչ կրնար ընել Երվանդ եթե ինքն անդիմադրելի էր։

- Քեզմե սիրված ըլլալը չէ՞ր գիտեր նա արդյոք։ - Հա՛յր, զայդ կատարելապես կանգիտանար մինչև օրն այն հորում վերջապես անզուսպ բերանս սրտիս գաղտնիքը մատնեց իրեն։ Նա բնավ չխոստացավ զիս սիրել, ընդհակառակն հույսերս փշրեց իմացնելով ինձ թե յուր սիրտը նվիրած էր արդեն. հանդերձ այսու ես հուսացի ու շարունակեցի զինքը պաշտելու։

— Բայց եթե անկարող էր նա քու սերդ յուր սիրովը փոխարինելու ինչու՞ տունս հաճախեց։

— Վասնզի ես զայդ կը խնդրեի իրմե։ Ամեն անգամ որ մեկ կամ երկու օր չէր այցելեր մեզ, հուսահատ նայվածքս ու բերանս բողոք կը բառնային իրեն դեմ։ Նա գթության լուման կը շնորհեր ինձ, մինչ ես սիրո նվերը կը կարծեի զայդ, ավաղ։ Եթե հանցավոր մի կա, ես եմ, հայր։ Եթե կուզես զիս պատժել՝ ահավասիկ եմ, պատուհասե զիս Երվանդին տեսութենեն զրկելով իմ վերջին վայրկյաններս։

Ճալիա՞ս, ոչինչ կրնամ մերժել քեզ։

Նույն իսկ զԵրվանդ սիրելու խոստումը կընե՞ս ինձ։

Պիտի ջանամ, որդյա՛կդ իմ անուշ։ Ո՜հ, ինչո՞ւ ես քեզ հետ չեմ մեռնիր։ Դու էիր մութ օրերուս լույսը. դու էիր Լուքրեցիայիս կենդանի պատկերը, դու էիր վերջապես իմ էությունս։ Ո՜հ, Ճուլիա՛ս, ո՜վ պիտի սիրե զիս իբր զքեզ։

Նույն միջոցին Վիրճինիոն սենեկեն ներս կր մտներ։

-Ահա՛, հա՛յր,- մնչեց Ճուլիան,— սա պիտի սիրե զքեզ կրկին սիրով։

Եվ ապա եղբորը դառնալով ըսավ.

—«Վիրճինիո՛, իբրև սուրբ ավանդ մեռյալի մի՝ ընդունե հորս ալևորությունը ու գթով խնամե զայն ինչպես ես պիտի խնամեի։

— Քույր իմ, կրնա՞ս տարակուսիլ արդյոք։

— Ուրիշ բան մ՚ալ, եղբա՛յրս, պիտի խնդրեմ քեզմե։ Գնա փութով իմացու Երվանդին թե հրաժեշտի վերջին ողջույնը կուզեմ տալ իրեն։ Ա՛ռ զինքն և հոս բեր շուտ. գուցե աչերս գոցվին առանց զինքը տեսնելու։

Վիրճինիոն գնաց իմացուց Երվանդի հիվանդին անհույս վիճակն ու անոր բաղձանքը զինքը վերջին անգամ մի տեսնելու։ Երվանդ իբր թե քունեն արթննալով՝ հիշեց վերստին զտարաբախտ Ճուլիան։ Անոր մոտալուտ վտանգին լուրն յուր թմբած էությունը ցնցեց. հուզվեց նա, կարեկցությունն արթնացավ հոգվույն մեջ, խիղճը խայթվեցավ, արտորնոք մեկնեցավ յուր տունեն, ու հասավ Ճուլիայի սենյակն՝ ուր անկողնու վրա տարածված էր մահատիպ մարմինը հյուծյալ կուսին։

Երբ զիրար տեսան երկու թշվառները՝ իրարու զարհուրելի այլակերպության վրա զարմացան։ Ճուլիան զգաց թե կը նվաղեր չափազանց հուզմունքեն զոր կը պատճառեր Երվանդին ներկայությունը։ Դժբախտ երիտասարդն ի խոր ցավ համակյալ՝ յուր արտասվաց հոսումն անկարող էր արգիլելու։ Հոն կուսին վրա կուլար ինչպես և չուր վշտին․ երկու ցավ ի մի ձուլած էին

—Երվանդ,— ըսավ վերջապես Ճուլիա, հազիվ իմանալի ձայնիվ և բազմիցս խոսքերն ընդհատելով,— տեսա զքեզ ու կրնամ հանգիստ մեռնիլ։ Խիղճ մ՚ըներ բնավ մահվանս վրայոք, վասնզի դու եղբայր մ՚էիր ինձ համար պարզապես. և եթե ես առավելն ուզեցի առանց զայդ ստանալու՝ հանցանքն ոչ քուկդ էր և ոչ ալ իմս, զի մրցեցեա զիս նվաճող զգացմանս դեմ առանց սակայն հաջողելու։ Ես կը մեռնիմ ու կը հանձնեմ քեզ հայրս․ իմ թողած դատարկությունս գթովդ լրացուր։ Այսուհետև ազատ է խիղճդ, զի երկյուղ չես կրեր ուրիշի մի հիշատակին անհավատարիմ ըլլալու։ Իսկ իմ հիշատակս միության հոդ մի թող համարվի ձեր երեքին մեջ։

Համբուրեց հայրն ու եղբայրը, Երվանդին ձեռքը բռնեց սրտին տարավ, որ անոր աչաց մեջ նայելով վերջին շունչն ավանդեց։

Լեոնարտոյի անզուսպ հուսահատությունն աղջկանը ցուրտ մարմնույն առջև լռության կը դատապարտեր երկու երիտասարդաց լեզուները։

Մխիթարիչ բառերը հեգնություն կը թվին մեծ սգո։


ԳԼՈՒԽ Լ․

Վարդագույն թափանցիկ բեհեզով վարագուրյալ օրորոցի մեջ մսոտ, ճերմակ էակ մի կը ննջեր, մինչ շնորհալի մանկամարդ մի օրորոցին վրա ծռած՝ ննջող էակին կը նայեր այն աննման ժպտով որ մոր մի շրթանց վրա կուրվագրի երբ մանկանն կը ժպտի։ Մանկամարդը Զարուհին էր որ յուր եռամսյա ուստեր քնույն վրա կը հսկեր անհուն գորովով։

Մանկիկը մարդկային կոկոն մ՚է որ հինքն ունի անմեղության բույրը։ Մանկիկն երկնային հոգի մ՚է որ կենաց սեմոց վրա մայրենի գոգն ունի իբր ապաստան։ Այն գեղաբույր շունչը, այն փոքրիկ հոգին որ մերթ կը ժպտի ի նինջ, և մերթ շուրթերը լալու կը պատրաստե․ որ կամք չունի, որ համայն տկարություն է, որ նեցուկի ու սիրո կը կարոտի, այն էակն ըստ ինքյան զորություն մ՚՛է՝ որուն մեն մի ճիչը, ժպիտը, արտասուքն օրենք մ՚է մորն համար։

Ստնտու մայր մ՚որ իբր սնունդ յուր արյունը կը մատուցանե որդվույն՝ անբացատրելի հեշտություն կիմանա, անոր հաղորդելով յուր լավագույն մասն՝ այսինքն կենաց մասունքը։ Մայրն զմանկիկ սրտին վրա սեղմելով անհուն հաճություն կզգա․ և մանկիկը զայդ գորով կը վայելե բնազդմամբ, և կը փոխարինե գողտրիկ ցույցերովը, աչերուն փայլովը, թևերուն բաբախմամբը, խնդալից աղաղակներովը․ այդ դիեցիկ էակին և դայակ մոր մեջ եղած հարաբերություններն երկնային են։

Մայր մի որ կամովին կը մերժե մանկանն յուր կաթն իբրև սնունդ, կիսով չափ մայր է միայն, քանի որ այդ փափկիկ էակն օտար անձի արյամբ կը սնանի, ու անոր ախտերով կը համակվի շատ անգամ։

Մայրությունը շարունակական վսեմ զոհողություն մ՚է։ Մոր մեն մի արյան կաթիլն, մեն մի վայելքը ու մեն մի օրն՝ որդվույն իրավունքն է։ Առույգ կին մ՚որ առանց պատճառի օտար կաթով կը դիեցնե յուր որդին՝ մայրության դեմ գողություն կը գործե, բնության հրեշ մի կը ներկայանա, անասունեն նվաստ կըլլա քանի որ անասունը մայրենի օրինաց կը հպատակի, առանց գորովո բնական ներդաշնակությունն ընդհատելու օտար արյան միջամտությամբ։

Զարուհին ճշմարիտ մայր էր, զի մայր դայակ էր։ Նորածին արարածը նոր երանության արշալույս մ՚էր իրեն համար, նոր սիրո աղբյուր մի, և կամ յուր ամուսնական երջանկութենեն բխած նոր ճյուղ մի։ Մանկիկը միության վսեմ գիծն (trait d՚union) ընդ մեջ Զարուհվույն և Հրանտին՝ կեդրոնն էր ուր իրենց էությունը միացուցած էին, իրենք էին վերջապես մանրանկարի մեջ։ Հրանտ, Զարուհի և մանկիկն՝ երրորդություն մ՚էին ի սիրո կազմակերպած։

Հրանտ կնոջը մոտ կը մոռանար օրվան տագնապալի պարագաները․ և հետին դժգոհության դրոշմը մանուկը կը ջնջեր մեկ ժպտովը կամ մեկ գողտրիկ համբույրովը։ Մանուկն ամուսնոց սիրո պահապանն է որ անոնց շուրջը կը թևարկե գորովո հոդերն առավել ևս ամրապնդելով։ Զարուհին հաջողած էր յուր հանապազօրյա աշխատությամբն իրենց ընտանեկան վիճակին անդորրն ավելցնելու։ Շաբթվան գրեթե մեն մի օրվան երեք կամ չորս ժամերն հատկացուցած էր յուր աշակերտուհյաց՝ որք կը հաճախեին յուր տունը, ոմանք լեզվագիտության և ոմանք ալ երաժշտության դաս առնելու համար. իսկ մնացորդ ժամերը տանն ու որդվույն հոգատարության կը նվիրվեր օգնությամբ աղախնո մի՝ որ իբր լավ մեքենա կարգավորյալ կերպիվ կը գործեր, այնչափ ամեն ինչ գեղեցիկ տնօրենություն մ՚ունեցած էր տան տիկնոջ կողմանե։

Գուցե շատերը զարմանան երբ անձամբ հաստատեն թե լավ տնօրենությամբ իրենց ժամանակին կրկինը կրնան գործել, և արդյունավորել շռայլությամբ վատնված վայրկյանները։

Զարուհին յուր բազմազբաղ կենաց մեջ նորանոր հաճույք կը գտնար. ամուսին երանելի էր, մայր սիրակաթ, և պիտանի անդամ ընկերության։ Գոհ էր սրտիվ, գոհ էր և յուր արժանապատվության զգացմամբը։

ԳԼՈԻԽ ԼԱ.

Սիրանույշ Գատըքյոյ գացած էր քանի մ՚օր անցունելու դիտավորությամբ մորը հետ որուն առողջության վիճակն օր ավուր վատթարանալու վրա էր։ Անկարելի էր զգայուն տիկնոջ հաստատել որդվույն տաժանելի կացությունը, լքումն, առանձնությունը, անխոս տառապանքը վերջապես, առանց հյուծելու։

Սիրանույշ յուր կողմեն վշտերուն սաստկանալը կզգար ի տես մայրենի տանջանաց։ Մայրը կը մնար իրեն իբրև գորովո փարոս մենակեցիկ մութ օրերուն մեջ, և ահա կը մաշեր ահ ու դողով այդ թանկագին կենաց վրա։

Ամեն ինչ կը նսեմանար հեգ Սիրանույշի համար։ Երվանդ և յուր մայրը կենացն երկու աստղունքն էին. մին խավարած էր, և մյուսույն խավարմանեն կը վախնար։ Ամպամած էր կենացն հորիզոնը, չկար իրեն համար լույս սփոփարար։

Երբ Սիրանույշ մորը կերթար, անհնարին էր իրեն չայցելել Զարուհվույն: Անոր համեստ հարկին ներքև կարծես թե մխիթարություն կը գտնար, այնչափ ամեն ինչ գոհունակության մթնոլորտով շրջապատված էր, մանավանդ քանի որ նորեկ այցելուն խինդ կը սփռեր շուրջը, ու Զարուհին առավել սրտագրավ խաղեր կը հնարեր յուր մանկանն երգելու համար։

Երբ Սիրանույշ տեսավ փոքրիկ էակն. «Ո՜հ, ըսավ, որչա՜փ Երվանդին կը նմանի, ի՜նչ զմայլելի է»։

Ու տղան բազկացը մեջ առնելով սրտին վրա սեղմեց ուժգին, և աչերեն արտասուք մի գլորելով անմեղ էակին կարմիր երեսին վրա անկավ։ Կը նայեր նա մանկան անհագարար, կը խոսեր անոր աղու ձայնիվ, և հոգին ցնծալով կը մաշեր այնպիսի մեծ նմանություն մի հաստատելով ընդ մեջ Երվանդին և անոր քեռորդվույն։

Սիրանույշ կր դիտեր այդ անպաճույճ հարկն որ հակապատկեր մի կը ներկայացներ յուր ճոխ ապարանին հետ, ինչպես և յուր տառապալից կյանքն այդ համեստ տանն բնակչաց հետ։ Այո, կը դիտեր, կը տխրեր, ու բոլոր ցավն հինքն կամփոփեր։ Չէր ուզեր Զարուհվույն փափուկ սիրտը վշտացնել յուր հուսահատությունն անոր աչացն առջև պատկերացնելով, թեև Սիրանույշին մանկության ու երիտասարդության ընկերուհին լռելյայն կողբար անոր նսեհ բախտին վրա։

Վշտահար մանկամարդն մեկնեցավ Զարուհվույն տունեն ի խոր ցավ համակյալ, և վերադարձավ հայրենի հարկը։ Կայնեցավ պարտեզին մեջ, դիտեց վայրն այն ուր գիշեր մի անխախտ հավատարմության խոստումն ըրավ Երվանդին․ անցյալ հիշատակները բուռն զորությամբ արթնցան հոգվույն մեջ, տարօրինակ սրտնեղություն մի տիրեց վրան. կը կարծեր թե սիրտը պիտի պայթեր, և կզգար թե անկարող պիտի ըլլար հոգվույն դառն վիճակր քողարկելու մորմեն։ Կուզեր առանձնությանը մեջ թաղվիլ, ու հոն ազատ ընթացք մի թողլով յուր արտասվաց զինքը ճնշող բեռը թեթևցնել։ Ուստի որոշեց անմիջապես յուր տունը վերադառնալ ստիպողական շինծու պատճառ մ՚առարկելով, և մեկնելու դիտավորությունը գործադրեց հակառակ տիկին Հայնուռի թախանձանաց։

Ութ օր Սիրանույշ կեցած էր հորը տունը, և Պ. Դարեհյան երկու անգամ միայն գնացած էր յուր տիկինը տեսնելու։ Պ. Հայնուռ անսովոր պատվով ընդունած էր միշտ զփեսան։ Սա մեծ էր դիրքովն ու հարստությամբ, և այդ կը բավեր անտես ընելու համար բոլոր անոր սրիկայությունները։ Իսկ տիկին Հայնուռի ընթացքն թեև խիստ քաղաքավար էր, սակայն յուր վարմունքին մեջ լռին կշտամբանք մի կար զոր Դարեհյանն կզգար տեսակ մ՚անհանգստությամբ։ Լռություն կա որ առավել պերճախոս է քան զբարբառ, զի հոգվույն բոլոր դառնությունը մեկ նայվածքի խստության մեջ կամփոփվի։ Տիկին Հայնուռ հայեցվածքով կարծես համառ կը պահանջեր Դարեհյանեն կնոջը նկատմամբ պախարակելի ընթացքին համար։ Զայդ կիմանար անառակ փեսան և անհամբեր էր հույս տալու այդ նայվածքին ճնշում են, ինչպես և անհամբեր էր մանավանդ ժամանակը նվիրելու Ժանեթի։

ԳԼՈԻԽ ԼԲ.

Քանի որ որոշված էր որ Սիրանույշի բացակայությունը յուր տունեն բավական ատեն պիտի երկարաձգվեր տակավին, Ժանեթ բաղձանք հայտնած էր տիկին Դարեհյանի տեղը գրավել անոր ապարանին մեջ, արդյունավոր ընելու դիտավորությամբ յուր այցելությունը։ Պ. Դարեհյան ընդդիմացած էր նախ, բայց ապա անկարող ըլլալով դիմադրել այն կնոջ բուռն փափագանաց, այդ պախարակելի քմահաճության հպատակած էր անպատիվ կինը տանը մեջ զետեղելով։ Նախանձալից աչոք կը դիտեր Ժանեթ բոլոր այն շքեղություններն որք յուր շուրջը կը տարածվեին, և չէր ներեր Սիրանույշի անոնց բացարձակ տիրուհին ըլլալը, երբ ինքն երազած էր երբեմն անոր տեղ գրավելն։ Հոգվույն բոլոր զորությամբ կատեր զայն, և ամեն միջոց կը խորհեր անմեղ կինը Դարեհ յանեն հեռացնելու և անոր հաջորդ կանգնելու այդ ճոխ ապարանին մեջ։

Սիրանույշ յուր տունը վերադարձավ ուրեմն երբ ոչ ոք յուր գալստյան, կսպասեր։ Փողոցին դռնեն ներս մտնելով բարևեց զդռնապանն յուր սովորական մարդասիրությամբ, ու հարցուց եթե Պ. Դարեհյան տունն էր նույն միջոցին։ Ի պատասխանի այդ հարցման շվարյալ մարդը քանի մի բառ թոթովեց որք անիմանալի եղան, և՛ փութաց հեռանալ տիկնոջ գալուստն սպասավորաց իմացնելու համար՝ որք ամենքն ալ անհայտ եղած էին նույն պահուն։ Բայց Սիրանույշ արգիլեց զայդ միամտաբար՝ պատվիրելով մարդուն դռան վրա հսկելու անզուր:Եվ հայրենի տան հին սպասավորին՝ որ իրեն ուղեկից եղած էր, պատվիրելով որ երթա հանգիստ ընե ու կազդուրի՝ ինքն անխոս և անձայն դիմեց դեպ յուր սենյակն, բացավ դուռը, ներս մտավ, ու սարսափեցավ տեսածեն։

Իրեն հատկացյալ ընդարձակ նստարանի մի վրա տարածված էր գաղղիացի կինը, մինչ Պ, Դարեհյան անոր ոտիցն առջև նստած էր փոքրիկ նստարանի մի վրա իբր գերի մի:

Այդ անակնկալ տեսարանին առջև՝ նախատյալ կնոջ մ՚իրավացի սրտմտությամբ Սիրանույշ հրամայական եղանակավ գոչեց.

«Պարո՛ն, սենեկես դուրս վանե սա կինն անմիջապես»։

Դարեհյան շանթահար եղած կնոջը ներկայութենեն կը խնդրեր բերնովն ու աչերովը Ժանեթեն որ տունեն մեկնի։

Բայց գաղղիացին տեղացն իսկ չշարժելով ու հաղթահարող ժպտով մի աչերը դարձուց դեպ յուր ոսոխն՝ որ հանդեպ իրեն կեցած էր ալեկոծյալ կերպարանոք:

— Դո՛ւ, Դարեհյան,— պատասխանեց,- իմ իրավունքս էիր՝ զի տարիներե ի վեր զիս կը սիրեիր. և սակայն,- ըսավ, արհամարհոտ ձևով զՍիրանույշ ցույց տալով,— զքեզ հափշտակեց ինձմե։ Ինչո՞ւ կը բարկանա եթե արդ նույնը կը գործեմ յուր նկատմամբ։ Քանի որ հոս եմ, կուզեմ հոս կենալ։

Սիրանույշ ամենայն արժանապատվությամբ և սեգ ձևով սենեկեն դուրս ելավ առանց բառ մ՚ավելի արտասանելու։

Ժանեթ բնավ տեղեն շարժելու հոժարություն չէր հայտներ. մանավանդ թե յուր որոշումը կիմացներ գրաված տեղը ամրապինդ պահելու։ Այդ խորամանկ արարածը լավ կըմբռներ թե Պ. Դարեհյան քաջությունը չուներ զինքն արտաքսելու տունեն. և քանի որ յուր ներկայությունն անկարելի ինչ էր տան տիրուհվույն, ու լավ համոզված էր թե յուր տարփածուն իրմե չէր կրնար դյուրավ հրաժարիլ, ջանաց օգուտ քաղելու հուսահատ ամուսնո մի տարապայման վիճակեն։

Երբ Դարեհյան կը թախանձեր գաղղիացիեն որ հեռանա՝ հիշեցնելով անոր խոստումն որ ըրած էր յուր տունեն մեկնելու Սիրանույշի վերադարձեն հառաջ, կինը կը պատասխաներ թե իրոք յուր խոստումը պիտի կատարեր եթե ժամանակին անոր գործադրությունը խնդրեին իրմե։ Բայց, կըսեր, քանի որ դուն կնոջդ նախատանաց ենթարկեցիր զիս, քանի որ նա հանդգնեցավ վանելու զիս իբր կենդանի մի, ես ևս իրմե իմ վրեժս պիտի լուծեմ հոս կենալովս։

Հայնժամ Դարեհյան աղաչանացը ոսկիներ կավելացներ, զորս գաղղիացին արհամարհել կը ձևացներ։ Նոր թախանձանք, նոր ոսկիներ, նոր մերժում, նոր ընդդիմադրություն: Երբ Ժանեթ հաստատեց թե խոստացյալ գումարն գեղեցիկ չափ մի գտած էր՝ իբր թե զիջավ մի միայն յուր տարփածուին աղերսանքեն զգացյալ տունեն մեկնելու համար, առանց որևէ վարձատրություն փափագելու։ Այդ արվեստակյալ անձնվիրությունն իրեն խոստացյալ գումարին կրկնապատկվելուն օժանդակեց։ Եվ իբր թե վերջին շնորհք մ՚ալ ընելու դիտավորությամբ Դարեհյանի նկատմամբ՝ Ժանեթ ոսկիները գրպանեց և թողուց վերջապես անոր շքեղ բնակարանը։

ԳԼՈԻԽ ԼԳ.

Ժանեթի մեկնելովը մեծ դժվարության միույն առջևը առնված կը համարեր Պ. Դարեհյան։ Կը մնար երկրորդն որ էր յուր կնոջը սիրտն առնուլ։ Նա կը մտածեր թե կին մի որչափ ալ սրտմտյալ ըլլա, գեղեցիկ ընծաներու շնորհիվ դյուրին էր հաղթել անոր տհաճության։ Ուրեմն մտավ գոց սենյակ մի ուր երկաթյա հաստատ արկղ մի կար և որուն բանալին ոչ ումեք կը հանձներ։ Բացավ արկղը, ընտրեց թանկագին ադամանդյա մատանի մի, նայեցավ անոր, շքեղ գտավ, հաղթանակը տարած համարեցավ յուր անձը, գոցեց վերստին արկղն և սենյակը, բանալիներն առավ, և գնաց դեպի խուցն ուր Սիրանույշ առանձին նստած, հոգվույն կրկին դառնությամբը մաշիլը կզգար վերջին կրած նախատինքեն ի վեր։

Երբ Սիրանույշ ամուսնույն իրեն մոտենալը նշմարեց, նողկանոք երեսը դարձուց։

Բայց Դարեհյան չվհատեցավ այդ արհամարհոտ ձևեն և քովն երթալով ըսավ․ -Տե՛ս, Սիրանո՛ւյշ, որպիսի գեղեցիկ ադամանդ մի կը նվիրեմ քեզ։ Դու խելացի կին մ՚ես և կըմբռնես անշուշտ թե օտար կանանց համար վաղանցուկ քմահաճություններ կրնամ ունենալ որք ներելի են ամեն արանց: Բայց դու ես իմ միայն մշտատև ընկերս, և ոչ ոք կրնա քո տեղդ գրավել։

Սիրանույշ ամենայն մեծանձնությամբ ոտք ելնելով ըսավ.

-Չբավեր քեզ սենյակս սրբապղծելդ նողկալի արարածի մի ներկայությամբն, և ահա կը համարձակիս հետս վարվիլ ինչպես անոր հետ՝ ընծաներ մատուցանելով ինձ։ Մինչև այսօր բնավ բերանս չբացի քու բացակայությանցդ նկատմամբ կշտամբանք մ՚ընելու և ի պաշտպանություն իմ ամուսնական իրավանցս զքեզ իմ քովս պահանջելու։ Չուզեցի հետազոտել քու կյանքդ, զքեզ ազատ թողուցի։ Չխոսեցա մինչև ցարդ վասնզի վստահ էի որ եթե արժանապատվության զգացումը բողոք դառնար րնդդեմ քեզ՝ դու անկարող պիտի ըլլայիր զայդ ըմբռնելու, ուստի լռեցի և համբերեցի։ Դու լավ գիտես թե ծնողացս անհուն գուրգուրանաց առարկան էի, զի անոնց միակ զավակն էի։ Դու զիս անոնց գրկեն հափշտակեցիր խնամք և գորով խոստանալով ինձ, և սակայն դատապարտեցիր անձս լքման, դատապարտեցիր զիս բանտարկության, և ես երբեք չգանգատեցա։

Բայց երբ դու կը հանդգնիս մինչև իմ բնակած տունս, մինչև իմ սենյակս նույնիսկ բերելու ամոթն և լրբությունը. երբ դու անկարող ես կնոջդ պատիվը պահելու, ես կիմացնեմ քեզ թե այսօրվընե ես եմ իմ անձնական պատվույս նախանձախնդիրը։ Անկարող եմ հարգել զքեզ զի նախատելի անձ մ՚ես. ու այս վայրկենեն դու ինձ համար օտարական մ՚ես։

Պատվույս միշտ ես անձամբ պիտի հսկեմ ոչ թե քու անունդ կրելուս համար՝ այլ իմ անձնական արժանապատվությանս համար, և մի միայն պատկառելի մնալու համար մարդկանց առջև։

-Ներե՛ ինձ, սիրելիդ իմ Սիրանո՛ւյշ,— ըսավ Դարեհյան,— կնոջ ձեռքերը բռնելու փորձ ընելով։

Սիրանույշ ետ քաշվեցավ ցասմամբ ու պատասխանեց.

—Ըսի քեզ արդեն, ես բնավ գաղտնյացդ թափանցել չուզեցի, և ոչ իսկ վարքդ ու բարքդ հետազոտել, թեև դյուրըմբռնելի էր կենացդ ընթացքը։ Ես ջանացի՝ իբր ամուսին, պարտքս կատարել քու նկատմամբ տնական անդորրդ ապահովելով։ Բայց երբ դու խիղճ չըրիր անամոթ վարմունքդ մինչեվ աչացս ներկայելու սենյակս պղծելով, վերստին կըսեմ քեզ, դու ինձ համար այսուհետև պարզապես օտարական մ՚ես։

Քու հարկիդ ներքև պիտի բնակիմ մորս կարեվեր սրտին նոր հարված մի չտալու համար։ Իսկ եթե կը հուսաս ինձմե ներումն ընդունիլ, արդարև զիս վատ մի համարելու ես։ Լավ գիտցիր թե պարտուցը գերի կինը կարհամարհե պարտազանց ամուսինը։

Դուք, արք, կը կարծեք թե կինը ձեր քմահաճությանց խաղալիքն է։ Թե կրնաք ստանալ զայն, ապա մեկ կողմ թողուլ, առնել վերստին երբ կամք է ձեզ։ Կը սխալիք, զի կինը սիրտ ու պատվասիրություն ունի։

Թեև դո՛ւ, Դարեհյա՛ն, ոչ երբեք սրտիս մեջ վայր մի գրավեցիր, հանդերձ այսու ուզեցի հարգել զքեզ իբր կենացս ընկերը, և ըստ այսմ զքեզ երջանիկ ընել։ Բայց մարդ մի որ չգիտեր յուր կինը պատվել՝ յուր դեմքն իսկ ցեխով կը մրոտե։

Այս վայրկենեն կը թողում քեզ ուրեմն ապականակիր սենյակդ և այս անարատ խուցն իմ անձիս համար կընտրեմ։ Եվ արդ խնդրեմ, ըսավ, դուրս ելիր հոսկե գոհարներդ հետդ տանելով՝ եթե չես ուզեր որ ծովն նետեմ զանոնք։ Կնոջ սիրտը սիրով ու անձնվիրությամբ կը գրավվի և ոչ թե ադամանդներով։ Գնա պարգևե գոհարներդ այն կարգի կանանց որք զքեզ ոսկիներուդ համար կը փնտրեն միայն։

Բայց Դարեհյան փոխանակ նահանջի՝ ուզեց հաղթանակը տանիլ, և կրկին փորձ մ՚ըրավ կնոջր մոտենալու։ Սիրանույշ արհամարհոտ ակնարկ մ՚արձակելով անոր՝ սենեկեն դուրս ելավ արժանավայել մեծանձնությամբ։

Դարեհյան ապուշ եղած՝ ոչ ևս կը ճանաչեր յուր կինը. որչափ տարբեր էր այդ գոռոզ կերպարանքն անոր սովորական համակիր և անուշ ձևերեն։

Ոչինչ այնչափ անըմբռնելի է որչափ կնոջ մի սիրտը, զի անհատակ է այն։
ԳԼՈԻԽ ԼԴ.

Նույն օրեն որ Երվանդ իմացավ յուր սիրային հույսերուն փշրվելը՝ կատարելապես փոխվեցավ։ Աշխարհ ոչ հաճույք ուներ իրեն համար, և ոչ ալ նպատակ հայթայթելու։ Գործոցը շարժառիթն, հանճարույն մղիչն իսկ Սիրանույշն էր. երբ զայն հափշտակեցին իրմե, ներշնչման թևերը բեկան, խանդին թռիչը խափանեցավ, և յուր վրձինն՝ որ կարծես հոգի մի կը կրեր հինքն՝ ավերակ դարձավ։ Հանճարույն ջահը շիջած էր, ինչպես երբեմն Քոսթուինը յուր անհույս տրիփին առջև։ Ոչինչ այնչափ անտանելի է որչափ սիրելի առարկայի ողջ ըլլալուն գիտակցությունը, և անոր բարոյապես մեռյալ ըլլալուն վստահությունը:

Երվանդ վարժված էր զՍիրանույշ յուր սեփականությունը համարիլ, և արդ այդ սերը կը հափշտակվեր օտար ձեռքե մի: Սովորած էր միշտ ընդ հառաջ ընթանալու գորովալի նպատակի մի ձգտելով. և արդ կենաց ասպարեզին մեջ հանկարծ կը կենար, երիտասարդությանը, ակնկալությանցը և հանճարին ավերակաց մեջ արձանացած։

Իտալիո երևելի հանճարներն որք երբեմն սքանչացած էին Երվանդին վրձնույն, կորովույն, ու երևակայությանն հրույն վրա, ցավոք կը նկատեին թե անոր հանճարին կայծերը շիջած էին հանկարծական կերպիվ, ու մակաբերած էին բարոյական մեծ հեղափոխության մի էությունը։ Մեր հայ երիտասարդը ֆիզիկապես ինչպես և մտավորապես այլակերպած էր, կենդանի մարդեն մեռյալ մարդ մի ծնած էր. լույս, խինդ, ամեն ինչ լմնցած էր։

Իրավ է որ Երվանդ մերթ ընդ մերթ կը պարապեր նկարչության, բայց մեքենայաբար և առանց բնավ հոգվույն օժանդակությանը. ինչպես և առանց հաճույքի յուր սովորական այցելությունները կը շարունակեր Լեոնարտոյի տան։ Առաջին պարագայով սփոփում կը փնտրեր աշխատության մեջ. և երկրորդով՝ խղճի պարտականություն մի կը կատարեր մեռյալ աղջկան հետին հրամանները գործադրելով։

Բայց դժբախտ Լեոնարտոն դժվարավ կը հանդուրժեր Երվանդի ներկայության, զի անդադար ներքին ձայն մի կը լսեր որ զհայ նկարիչը յուր Ճուլիային դահիճը կանվաներ։ Սակայն ի՞նչպես կարելի էր ծերունվույն արհամարհել յուր սիրելի զավկին թախանձանքն երբ սա խնդրած էր իրմե որ յուր սիրած անձն յուր որդին նկատե։

Հետ մահվան Ճուլիայի՝ անոր հուսահատ հայրն արագաբար վար կիջնար կենաց աստիճաններեն․ և այդ բացահայտ կերպիվ կերևար մանավանդ այն չարագույժ ակոսներեն, որք ծերունվույն գունաբեկ այտերը կը փորեին։ Կարծես թե վախճանյալ կույսը հետը տարած էր հորը կենաց լույսը և թե սև գիշեր թողած էր ի փոխարեն:

Երիտասարդությունը կենսական ուժ ունի և ցավոց կը դիմադրե, բայց ապիկար ծերությունը շուտ կը հաղթվի վշտեն։

ԳԼՈԻԽ ԼԵ.

Օրերը կանցնեին աոանց Երվանդին սգույն սփոփում բերելու։ Օր մի երբ սովորականեն ավելի հուսահատած էր մեր վշտաբեկ երիտասարդը՝ այցելության գնաց Ճուլիայի գերեզմանին ինչպես սովոր էր գործելու, ու ծաղկանց փունջերով զարդարելու այն ցուրտ շիրիմը։ Հոն խիղճը մասամբ կը խաղաղեր, և տառապանացր մխիթարություն կը գտնար քանի որ աչացն առջև ուներ սիրո սուրբ նահատակ մի։

Խավարր սկսած էր տարածվիլ և ահավոր լռություն մի կը տիրեր ի վայր հավիտենական հանգստյան։ Եվ ոչ հառաչ մի կարձակեին շիրիմք՝ որք զերդ անթափանցելի անջրպետ կը կանգնեին ընդմեջ մահու և կենաց։ Եվ ոչ մրմունջ մ՚ունեին ալևոր ծառերն՝ որք իբրև խորհրդավոր պահապանք մահվան՝ անձայն կը հսկեին այն գերեզմանաց վրա ուր երիտասարդուհին յուր հույսը թողած էր, մայրն յուր ապագա երազները, մանկիկը կենացն արշալույսը, և ալևորն յուր դառն գիշերը:

Գերեզմանատունը կենաց մեծագույն վեպերը կը պարունակե՝ դյուցազնականն ինչպես և սիրայինները։ Ավազակը, քաջը, մոլությունը, առաքինությունը, փոքրությունը, մեծությունը, ամենքը հոն կը մերկանան իրենց բաղձանքներեն, երազներեն, խորհուրդներեն, փառասիրութենեն, և մարդը կը դառնա անկորնչելի մաս բնության ընդհանուր ամբողջության հետ խառնվելով։

Բայց ոչինչ այնչափ ահավոր է որչափ մարդկային այն ավանդատեղին՝ երբ գիշերն յուր մութ վարագույրները կսկսի տարածել մարդկային կենաց մշտատև վերարկուին վրա, այդ երկու խորհրդավորությունքն իրարու միացնելով։ Այլայլյալ երևակայությունը կը կարծե հայնժամ թե մեն մի վեմ շարժուն ստվեր մ՚է որ հավիտենականությունը գլխուն վերև բերելով մահվան անթափանցելի գաղտնիքը հայտնելու կը հառաջադրե, որով մարմինը ակամա սարսուռ մի կունենա, և սիրտը ուժգին բաբախում մի։

Թեթե մթություն մի համածավալ տարածվելով առարկաներն անորոշ կերպիվ աչաց կը հանդիսանային։ Այդ սրբանվեր վայրը, խոր լռությունը, գիշերվան մոտենալը, ահավոր ազդեցություն մ՚ըրին Երվանդին վրա։ Մինչ դող ի սիրտ և ամենայն երկյուղածությամբ Ճուլիայի տապանին կը մերձենար, զանգված մի նշմարեց անդ առանձ էր. յուր հոգին ցավոց լավաներ կը թավալեր։ Բայց ինչ ըլլալը կարենալ որոշելու հետաքրքրութենե մղյալ, մոտեցավ անոր, ու ահաբեկ ճանչցավ զԼեոնարտոն ծնդրադրյալ, ու գլուխն ի հեց աղջկանն ցուրտ շիրմին։ Զարհուրած երիտասարդը զինքը կոչեց, բայց Լեոնարտոն ոչ ևս բառ մ՚ուներ արտասանելու․ վիշտը մեռուցած էր անմխիթար հայրը։

Երվանդ հիմ արած այդ երևութեն ծերունվույն սառնանաբեկ ձեռքերը կաշխատեր շունչովը ջերմացնելու ու կյանքը վերստին շրջել տալու, բայց ի զուր։ Երբ նկատեց ջանիցն ապարդյուն մնալը, «Ո՜հ, գոչեց հուսահատորեն, ահա՛ կատարած եմ երկու ոճրագործությունքս։ Բայց Ճուլիա՛, Լեոնարտո, անփույթ եղեք զի ես առավել թշվառ եմ քան զձեզ։ Դուք կը հանգչիք մինչ ես կայրիմ։ Վիշտն ի ձեզ դադրած է մինչդեռ անողոքաբար կը կեղեքե զիս։ Ճուլիա, երիտասարդությանդ գեղեցիկ ծաղիկները ձեռամբս փետտեցի։ Լեոնարտո՛, ծերությանդ փառքն ու մխիթարությունը քեզմե հափշտակեցի. սակայն ես մեկ վայրկենի մեջ կորուսի հույս, սեր, հանճար, ապագա։ Սիրո որբն եմ ինչպես և տաղանդին որբը. ճակատագրին դատապարտյալն եմ ես։ Մեն մի օր նա սրտիս տաղանդիս բեկոր մի կը նետե երեսիս վշտեբս կրկնապատկելով։ Ո՜վ դուք սիրեցյալ հոգիք, մահու կայանին մեջ հանդարտ ննջեցեք զի ճակատագրին անեծքը կենացս ընկերն է. ճակատագրին լուծեց ձեր վրեժը»։

Երվանդի աչերը շանթեր էին, ձայնր որոտում, երբ ոգեսպառ եղած այնչափ հուզմունքե հանդարտեցավ սակավ ինչ ու կը պատրաստվեր այդ տխուր վայրեն հեռանալու, Լեոնարտոյի մարմինը փոխադրել տալու և անոր որդվույն սոսկալի լուրն իմացնելու համար, ահա Վիրճինիոն որ հորն անսովոր բացակայությունը նկատելով մինչ գիշերը վրա կը հասներ, և կասկածելով թե՝ ըստ յուր սովորականին, աղջկանը գերեզմանին այցելության գնացած ըլլա, փութացած էր զինքը փնտրելու հայդ վայր։

Բայց անմիջապես որ Երվանդ կարողացավ նշմարել զՎիրճինիոն քանի մի քայլ հեռավորությամբ մթության մեջ, զայն յուր բազկաց մեջ առնելով «Վիրճինիո, գոչեց, քույր չունեիր և արդ ոչ ևս հայր ունիս, հիս եղբայր մ՚ունիս միայն, բայց եղբայր մի որ տանդ դուռը գոցեց, ավա՜ղ»։

Իտալացի երիտասարդը ճիչ մ՚արձակեց և ընթացավ դեպ այն կողմ զոր Երվանդ մատնանիշ կըներ, իբր թե ինքն իրավունք չունենար երկու գորովո նահատակաց մերձենալու։ Սիրաբեկ որդին հորը ցուրտ մարմինը գրկեց անհնարին ցավով, խոսեցավ անոր․ բայց Լեոնարտոն ամբողջ հոգին յուր սիրելի աղջկանը ձոնած էր։

Լուսինը նույն միջոցին ծառոց մեջեն երևալով ծերունվույն սպիտակահեր գլուխը լուսո ճաճանչով պսակեց։

Թողունք երկու երիտասարդաց թաղման հանդեսը կարդա գրելու տխուր պաշտոնը և վերադառնանք ի Պոլիս։

ԳԼՈԻԽ ԼԶ.

Նույն օրեն ի վեր որ Ժանեթ նախատանոք արտաքսվեցավ Սիրանուշեն, ատելության ոգին հինքն առավել ևս սաստկանալով պատրաստ էր ամեն միջոց գործածել յուր սև վրիժառությանն համար։ Ժանեթ՝ փառք Դարեհյանի, ճոխաբար կապրեր, յուր բարեկեցությանը մասնակցել տալով Ալֆոնս անուն երիտասարդ գաղղիացի մի որ սքանչելի գեղեցկությամբ օժտված էր, բայց անխիղճ, անսիրտ, անպատիվ ապիրատ մ՚էր։

Մինչ տակավին պատանյակ՝ հայրենի պարկեշտ հարկեն վռնտված էր նա յուր անառակ բարուց համար։ Իզուր հայրն՝ որ պատվակիր աշխատավոր մ՚էր, ամեն ջանք ըրած էր զինքն զգաստացնելու. իզուր բարեպաշտ մայրն արտասվաթոր և աղերսալից ձայնիվ զինքն քաջալերած էր ուսման կամ որևէ արվեստի հետևելու։ Բայց ծնողացն ամեն հորդորանաց և թախանձանաց հակառակ՝ Ալֆոնս անառակ բարեկամաց ընկերությամբ հառաջացած էր հետզհետե սրիկայության ու գողության ճամփան մեջ։ Մինչ տակավին քսաներկու տարեկան՝ երեք անգամ բանտարկված էր արդեն զանազան գողության համար։ Բայց յուր անօրենությանդ չափը լրացոլց երբ տասնևչորս տարեկան որբ աղջիկ մ՚առևանգելեն վերջը՝ մեկ կողմ թողուց զայն անպաշտպան և առանց օթևանի, և լքված զինքն որդեգրող ընտանիքեն։

Դատարանի կոչվեցավ գաղղիացի ապիրատը։ Բայց փոխանակ արդարության ատյանին առջև ներկայանալու պատժո վճիռն ընդունելու համար, հաջողեցավ նա վաճառական նավու մեջ՝ իբր պարզ նավաստի ծառայելով, Ասիո հեռաբնակ երկիր մ՚երթալ․ նավապետին հանձնարարությամբն առ հարուստ գաղղիացի վաճառական մի՝ Ալֆոնս ապրուստի միջոց մի հայթայթեց յուր անձին անոր ծառայելով։ Այնպիսի հանկուցիչ ձևեր ուներ նա, և այնպես գիտեր իրեն նպաստավոր եղանակավ երևալ, որ համակրություն կազդեր բոլոր անոնց որք իր հոռի վարմունքն կանգիտանային։ Եվ ինչպես կարողացած էր նավապետը գրավելու՝ նույն բախտն ունեցավ լուր նոր տիրոջը քով։

Թեև Ալֆոնսի հմտությունը կը պակսեր, սակայն յուր ճարպիկությամբն օգտակար անձ մի կը հանդիսանար։ Հաջողեցավ պատվակիր անձ մի հանդիսանալու յուր արվեստակյալ վարմունքովն, և հետզհետե տիրոջը վստահությունը գրավելով, փոքրիկ գումարներ սկսավ գողնալ որք աննշմարելի եղան նախ։ Բայց ամեն մոլություն հանդուգն կըլլա երբ անպատիժ մնալը կը հաստատե։ Ուստի գաղղիացին փոխանակ փոքրիկ շահերե գոհանալու, մեծագույն դրամական առավելություններ ցանկաց, գողության ասպարեզն ընդլայնեց, այնպես որ ժամանակե մի վերջը կասկածանաց տեղի տվավ։ Բայց հառաջ քան անոնց հաստատվիլը, մեր ճարպիկ ավազակը հաջողեցավ փախչելու՝ Պոլիս ուղևորելով։

Սակայն բախտը կը ժպտեր ամենուրեք այդ անպիտանին։ Շռայլ վարմունքովն յուր գանձին սպառիլը կը նկատեր ու չքավորության պատկերն աչացը կը ներկայանար։ Մինչ խոր մտատանջության մեջ էր և նոր հնարք մի կորոճար խարդախության՝ ահա կը հաջողի Ժանեթի ուշադրությունը յուր վրա դարձնելու։

Գաղղիացի կինը սովորություն ուներ ամառային եղանակին մեջ Բերայի հասարակաց պարտիզին մեջ յուր գեղեցկությունն ու զարդերն ի հանդես բերելու։ Երեկոյան դեմ օր մի անդ ծառի մի հովանվույն ներքև առանձնացած էր, մինչ երաժշտությունը ներդաշնակության հեղեղներ կը տարածեր շուրջ։ Ինքը գրավիչ ձևով նստած էր առանձին, ու թե՛ ձևերովն, թե՛ գեղեցկությամբն և թե՛ ճաշակալից զարդերովն ամենուն ուշադրությունը կը գրավեր։ Կը հպարտանար նա ըրած մեծ ազդեցությանը վրա, և ընդհանուր սքանչացման առարկա մ՚ըլլալուն համար էր որ ստեպ կերթար նույն պարտեզը։ Բազմությունը յուր առջևեն կանցներ կը դառնար․ արանց շատերր նշանակությամբ լի նայվածքներ ու խոսքեր կուղղեին իրեն, բայց ինքը մասնավոր կերպիվ և ոչ մեկուն. կը պատասխաներ։ Երբեմն թեթև ժպիտ մի կուրվագրվեր յուր շրթանց վրա, և կամ արհամարհոտ ակնարկ մի յուր դժգոհությունը կը հայտներ։

Նույն օրն ուրեմն Ժանեթի նստած տեղեն քիչ հեռավորությամբ, երիտասարդ մի լավ հագված և ըստ ամենայն պահանջմանց նորաձևության, եկավ բազմեցավ նստարանի մի վրա՝ փոքրիկ սեղան մ՚ունենալով յուր առջև։ Կարծես և ոչ մեկու ուշադրություն կըներ, և ոչ մեկու կը խոսեր։ Ըմպելիք մի հրամայեց սպասավոր տղուն որ սեղանին առջև եկավ կանգնեցավ։ Բերին զայն ու տեղավորեցին յուր առջև. պարպեց գավաթը, պարունակյալը կուլ տալով կամաց կամաց, ծխեց և շարունակեց յուր արհամարհոտ ձևերը։ Ժանեթ դիտեց այդ երիտասարդը, անոր արտասովոր գեղեցկությունը ինչպես և վայելուչ ձևերը։ Հաստատեց անոր անտարբերությունը յուր նկատմամբ ու արժանապատվության զգացումը զայրացավ։ Ուզեց անոր ուշադրությունը գրավել և ամեն ճիգ թափեց։ Տեղեն ելավ, քայլեց, երիտասարդին առջևեն անցավ, անոր մասնավոր նայվածքներ արձակեց, վերստին տեղը նստավ, վերստին ելավ, վերջապես ամեն կանացի արվեստ ի գործ դրավ յուր նպատակին հասնելու համար։

Երիտասարդը դիտած էր զԺանեթ, հիացած էր անոր գեղեցկության վրա ներքնապես, գուշակած էր ո՛ր դասու կանանց վերաբերիլը, և զայն գրգռելու մտոք այդ անտաբերությունր ձևացուցած էր։ Մակաբերած էր նաև թե հաջող ելք մի պիտի ունենար յուր հետևած ընթացքը, և աշխատած էր հաղթանակը տանիլ հուսո դուռ մի բանալով յուր առջև։

Վերջապես Ժանեթի համբերության ու անձնվիրության բավական մեծ հարված մի տալեն վերջը, իբր թե հաճեցավ անոր լուռ առաջարկությանը պատասխանելու։ Նայվածքներու և ժպիտներու հաջորդությունը, ու բացորոշ քաջալերության նշանները հաջողեցան վերջապես տանելու զերիտասարդը գաղղիացի կնոջ նստած տեղին մոտ։ Գրեթե մութ էր երբ կինը տեղեն ելնելով խնդրեց երիտասարդին որ իրեն ուղեկցի առանձնության վտանգներե ազատ ըլլալու համար փողոցաց մեջ։ Նա ամենայն քաղաքավարությամբ բայց ծանրությամբ միանգամայն ընդունեցավ այդ առաջարկը, և նույն օրեն սկսավ այցելել այդ կնոջ։

Սույն երիտասարդն Ալֆոնսն էր։

ԳԼՈԻԽ ԼԷ.

Ժանեթ այնպիսի անհնարին տրիփով գրավվեցավ որ չգիտեր թե ինչ միջոցավ զԱլֆոնս բոլորովին յուր անձին կաշկանդե։ Նա որչափ զորավոր էր ուրիշ արանց նկատմամբ, նույնչափ տկար էր յուր նոր տարփածուին առջև։

Գաղղիացի սրիկան յուր հարաբերությանց սկիզբներն զգուշավոր ծանրությամբ վարվեցավ գաղղիացի կնոջ հետ. և աստիճանաբար մտերմական լեզու մի գործածելով՝ իբր թե ի նշան սիրո, հանձն առավ վերջապես հայտնելու այն մեծ դրամական գործողություններն որոնց ընդհուպ պիտի ձեռնարկեր, և որոնց հաջողության վրա բնավ չէր տարակուսեր։ Քողարկյալ կերպիվ հետն ամուսնանալու դիտավորությունը փայլեցրուց Ժանեթի աչաց, ինչպես և արհամարհանք Դարեհյանի նկատմամբ։

Ժանեթ խորամանկությամբ հանդերձ կը խաբվեր Ալֆոնսի մեծաբարբառ լեզվեն, կատարելապես կը հավատար անոր, ու օր ավուր առավել կը պաշտեր զայն։

Սիրահար սիրտ մի հակամետ է հավատալու, քանի որ հավատքն յուր երջանկությունը կը կազմե, ու կը սոսկա տարփելվույն որևէ գործեն երկբայելու՝ անոր անկեղծութենեն ևս երկբայելու երկյուղիվ։

Ժանեթ կրկին եռանդյամբ կերազեր Դարեհյանի վրա տիրել զայն կողոպտելու դիտավորությամբ, քանի որ կը փափագեր վայելել տալ Ալֆոնսի՝ մինչ հավարտ անոր ձեռնարկած երևակայալ գործոց, կենաց բոլոր ճոխությունները և նա մանավանդ՝ եթե հնարավոր էր, այնչափ մեծ գանձերու տիրանալ որոնցմով կարողանար ժամ հառաջ յուր սիրելվույն հետ անբաժանելի կերպիվ ապրելու։

Բայց այդ նպատակին հասնելու համար հարկը համարեր զՍիրանույշ աղարտել, և անոր ինչքերուն տիրանալ, վասնզի ինքն ապահով էր թե նույն օրն որ Դարեհյան համոզվեր կնոջը վերագրված անպարկեշտ ընթացքին վրա՝ զայն անմիջապես յուր տուն են կը վաներ՝ զրկելով զինքն բոլոր այն ծանրագին գոհարներեն որ իբր նվեր ընդունած էր։ Եվ հայնժամ վստահ էր տիրանալ բոլոր այդ գանձուց յուր կանացի հնարքն ի գործ դնելով։ Այս բաղձանաց ավելցած էր նաև կրկին վրեժխնդրության իղձն նույն օրեն ի վեր որ յուր անձը սաստիկ նախատված համարեց Սիրանույշեն՝ երբ սա արտաքսեց զինքն յուր սձնեկեն։

Երեք ամիսե ի վեր սկսված էին Ժանեթի հարաբերությունքն Ալֆոնսին հետ, երբ այդ կինը Սիրանույշի արհամարհանացն ենթարկվեցավ․ Դարեհյանի տունեն արտաքսվելով հազիվ հազ յուր բնակարանը վերադարձած էր՝ երբ ահա Ալֆոնս կը ներկայանար յուր առջև։ Դյուրին է երևակայել թե որպիսի բերկրուկթյամբ ընդունեց զյուր սիրահարն հետ կարճատև բաժանմանցն, սիրահարն այն որ բոլոր յուր պարապ ժամանակները գրաված էր Դարեհյանի բացակայության ժամանակ։

Ժանեթ պատմեց երիտասարդին յուր ընդունած պարսավներն և կրած անզուսպ սրտմտությունը։ Գաղղիացին աշխատեցավ նախ այդ կնոջ բուռն զայրույթը հանդարտեցնել։ Բայց երբ Ժանեթ փոխանակ համոզվելու ընդ հակառակն հայտնեց յուր վրիժառության գաղափարն զՍիրանույշ անպատիվ ներկայելու ամուսնույն առջև, և պարզեց անկե հետևելիք նյութական արդյունքն, հայնժամ Ալֆոնս խոսելու եղանակը փոխելով՝ անձը պատրաստ դավանեց՝ ի նշան սիրո կնոջ վրեժը լուծելու, քանի որ, կըսեր, այնչափ նախանձախնդիր էր այն մասին։ Այդ խոստման մեջ Ժանեթ վսեմ անձնվիրության ապացույց մի կը նկատեր, մինչ երիտասարդը նոր ոսկիներ գրպանելու երազ կը տեսներ։

Երկու ճիվաղներ սև կարգադրություններ ըրին անարատ և սուրբ կենաց մի նոր վշտեր հատուցանելու համար։

Մեկը ինչպես և մյուսը շատ մի անգործադրելի խորհուրդներ ընելեն և զանոնք մեկ կողմ թողլեն վերջը, Ալֆոնս նոր գաղափար մ՚ունեցավ զոր Ժանեթի քննության ենթարկեց։

Կառաջարկեր անօրեն բախտախնդիրը զՍիրանույշ զգլխել սիրահարի դերը խաղալով, և զինքը խայտառակելով ամուսինեն բաժանել։

Բայց Ժանեթ վախենալով թե այդ կեղծ սիրահարությունը գուցե իրականության կը փոխվեր, ընդդիմացավ խստիվ, մանավանդ որ Սիրանույշի գեղեցկությունը զարմանք ազդած էր իրեն։

— Գիտես, Ալֆոնս,— կըսեր գաղղիացի կինը,— որ վրեժխնդրությունս մեծ է Դարեհյանի կնոջ նկատմամբ, բայց զգացումս քու նկատմամբ անհուն է։ Կրնա այդ կինն զքեզ գրավել, ինչպես գրավեց երբեմն զԴարեհյան։ Զայն կորսնցնելով ոսկվո կորուստ մ՚ըրի միայն. իսկ եթե զքեզ կորսնցնեմ անձս կսպաննեմ։

— Ի՞նչպես կրնաս մտածել թե որևէ կին քու պատկերդ կըրնա հոգիես ջնջել իրենը զետեղելու համար, երբ անձդ, կիրքերդ և մինչև անգամ վրեժդ պաշտելի են ինձ համար. և երբ կը գիտես թե որպիսի՜ արագությամբ քեզ վրեժխնդիր կանգնեցա, ու հանգիստ չի պիտի ըլլամ մինչև որ զայն չլուծեմ։

— Գիտեմ, Ալֆոնս, սակայն վախը զիս կը գրավե։

— Ուրեմն դու հավատք չունիս իմ վրաս:

— Անշուշտ ունիմ, և եթե չունենայի ապերջանիկ կըլլայի։

— Ո՜ւրեմն։

— Բայց միթե Դարեհյան չմոլորվեցա՞վ երբ զիս անչափ կը պաշտեր։

— Հետևապես Դարեհյանի կարգը կուզես դնել զիս, Ժանեթ։

— Քավ լիցի. սակայն գիտես անշուշտ որ սիրողն երկչոտ կըլլա։

— Հապա ես ի՜նչ ըսեմ երբ կը տեսնեմ ուրիշե պաշտվիլդ. եթե կուրաբար չհավատայի քեզ՝ դժոխք էր ինձ համար։

— Հարկը կը պահանջե, Ա՛լֆոնս, մեր երկուքին շահերը կը պարտավորեն զիս գոնե ժամանակի մի համար այսպես գործելու։

— Նույնպես ուրեմն հարկն՝ այսինքն սրտմտությունդ ու արժանապատվությունդ պարտքը կը դնեն վրաս վրեժդ լուծելու. և նպատակիս հասնելու համար ուրիշ միջոց չեմ տեսներ եթե ոչ սիրահարի դերը խաղալ. եթե լավագույնն ունիս, հայտնե զայն։

— Կը խոստովանիմ թե մեր խորհրդոց հարմարագույնն է այդ, և կը ծափահարեի այդմ եթե նախանձը չտանջեր զիս, և մանավանդ որ գործադրության եղանակը դյուրին կը թվի ինձ, քանի որ Սիրանույշ գրեթե առանձին պարտիզի տաղավարին մեջ կանցընե բոլոր յուր օրերը, որով առիթ կունենաս զինքն ստեպ տեսնելու ու անդիմադրելի շնորհքներովդ զինքն հրապուրելու և մանավանդ որ Մելքոն՝ յուր անբաժանելի սպասավորն ևս մեծ ձեռնտվություն կրնա ընել քեզ։

ԳԼՈՒԽ ԼԸ.

Սիրանույշ ոչ միայն ցերեկներն այլ և գիշերները գրեթե միշտ կանցըներ յուր բնակած տանը հանդեպ, պարտեզին մեջ, կառուցված փոքրիկ բանաստեղծական հարկին մեջ, Դարեհյանի բացակայության ժամանակ։ Թեև ցուրտ կերպիվ կը վարվեր անոր հետ ու բնավ չէր զիջաներ օտարականի ընթացքը փոխել այն օրեն ի վեր որ յուր պատվասիրական զգացումը խիստ հարված կրած էր Ժանեթի ներկայությամբդ, հանդերձ այսու օտարականաց ու տանը մարդոց առջև տեսակ մի քաղաքականության կը դիմեր առ երևույթս՝ գրեթե յուր անցյալ դիրքը պահելով։ Իրավ է որ տանը սպասարկուք տեղյակ էին այն գայթակղալից հանդիպման Սիրանույշի և Ժանեթի։ Բայց անտարբեր ձև մի գործածելով է միայն որ մարդս կը հաջողի բանսարկու լեզվաց չարախոսությանց նոր սնունդ չտալու, և խռովասեր ակնկալություններն ի դերև հանելու։

Սիրանույշ մինչ տերևազարդ հովանյաց ներքև առանձնացած՝ օգոստոսի ցերեկյան ջերմության դեմ զովարար օդ կը փնտրեր, նշմարած էր անծանոթ երիտասարդ մի որ մերթ ընդ մերթ իրեն սեփականյալ բնակարանին շուրջը կը շրջագայեր․ դիտած էր մանավանդ անոր ակնարկներն որք պարտեզը շրջապատող ցած որմին վրայեն մինչև իրեն կը ժամանեին։ Առաջին անգամները պարզ հետաքրքրության վերագրեց այդ վարմունքը, բայց շուտ վերահասու եղավ թե վիպական նպատակ մ՚ունեին անոնք, ու հետին անտարբերությամբ պատասխանեց հրավառ այդ նայվածոց։

Ալֆոնս սքանչանալով Սիրանույշի զարմանալի գեղեցկության ինչպես և ազնվական շարժմանցը վրա, կը փափագեր անոր սրտին ճամփան գտնել թե զինքր վայելելու և թե յուր հարստության մասնակցելու նպատակով, ինչպես կը գործեր Ժանեթի նկատմամբ որուն համար սակայն կատարյալ անտարբերություն կզգար։ Սակայն ցավելով կը տեսներ թե հաջոդիվր դյուրին խնդիր չէր։

Ժանեթ սաստիկ կը նեղանար, նկատելով թե Ալֆոնսի մեքենայություններն ամենևին արդյունք չէին արտադրեր գրեթե երկու շաբաթե ի վեր, և թե համառ անտարբերությամբ կը պատասխաներ Սիրանույշ անոր սիրահարական ցույցերուն։

Ոչինչ այնչափ տաժանելի է անպարկեշտ կնոջ մի որչափ առաքինության երևույթն որ իրեն նվաստությունն առավել ի լույս կը հանե յուր սիրողին առջև:

— Անշուշտ, կըսեր Ժանեթ, Դարեհյանի կինը սիրահար մ՚ունենալու է զոր Մելքոն կը ծածկե մեզմե, և այն է պատճառն յուր անտարբերության քու նկատմամբ։

— Չեմ կարծեր, կը պատասխաներ Ալֆոնս, զի և ոչ այցելու մի նշմարեցի մինչև զարդ։

— Բայը դու գիշեր և ցերեկ այն կնոջ հե՞տ կը բնակիս ամեն ինչ դիտելու համար. պիտի տեսնես որ ժամանակն ինձ իրավունք պիտի տա վերջապես, կըսեր Ժանեթ։

Ալֆոնս նկատելով որ հետևած ընթացքը բոլորովին ապարդյուն կը մնար՝ ուրիշ միջոցի մի դիմեց. ուստի նամակավ մի առ Սիրանույշ յուր շինծու սերն հայտնեց, յուր հուսահատությունը նկարագրեց, և վերջապես արձագանք մի խնդրեց յուր թախանձալից ձայնին։

Օր մի երբ Սիրանույշ գիրքն աոած գնաց յուր սովորական տերևաշեն հովանոցին ներքև նստելու, տեսավ նամակ մի զարմացմամբ. բացավ զայն, կարդաց ու հասկցավ թե անծանոթ երիտասարդին կողմանե ուղղված էր իրեն։ Սրտմտությամբ բորբոքեցավ նախ այդ հանդուգն ընթացքին առջև և ապա վախով գրավվեցավ։ Յուր ներքին դրդման անմիջապես անսալով՝ թե յուր անձն ապահովելու և թե այդ անծանոթին հույսերը բոլորովին ջնջելու համար ի հապճեպ թողուց յուր տաղավարն, ու ծովեզերյա տունը գնաց առանց քանի մ՚օր անկե բնավ շարժելու։ Բայց այդ կամավոր աքսորը սրտին սիրելի վայրեն՝ տխուր կերպիվ ներգործեց յուր վրան:

Խեղճ Սիրանույշն հեռի էր մորմեն՝ որ գրեթե բնակարանեն դուրս ելնելու անկարող էր, այնչափ հիվանդությունը տիրացած էր վրան՝ աղջկանը տարապայման վիճակեն հուզվելով։ Հեռի էր յուր Զարուհիեն որուն այցելությունները խիստ հազվագյուտ էին, մանավանդ որ նա ջանադիր էր միշտ Դարեհյանի չհանդիպելու, զի այդ մարդուն հպարտ ձևերն և գոռոզ կերպարանքը կարծես յուր խոնարհ վիճակը կարհամարհեին։ Հեռու էր Երվանդեն որմե երկար ժամանակե ի վեր լուր չուներ՝ այնչափ սակավաթիվ էին պատասխաններն առ յար քույրն նույն օրեն ուր դժբախտության մեջ ինկած էր։ Արդ հա՞րկ էր ուրեմն որ հեռի ապրի և սփոփանացն այն բույնեն՝ ուր տեսակ մի կյանք կազմած էր անձին, և ուր ամփոփած էր սրտին և մտաց հիշատակները։ Հոն ուր և ոչ մեկ օտար անտարբեր դեմք մի կուգար պղծելու այն սրբավայրն յուր զգացմանց։ Երբ Սիրանույշ հոնկե ակնարկ մի կը նետեր տարածության, ծովուն, լեռներուն վրա, երբ միտքը կը սուրար անհունության մեջեն ու կերթար մինչև ի տար աշխարհ կը թափաոեր սիրելի անձի մի հանդիպելով, այդ երևակայության ցնորից մեջ տեսակ մի հաճություն կզգար, և կերպով մի ազատություն կը վայելեր կենացը շղթայից մեջ։ Հոն վերջապես դույզն ինչ մխիթարություն կը գտնար յուր տառապանաց. հոն կերպիվ իվիք կապրեր դառն առանձնության մեջ ամփոփվելով, մինչդեռ ծովեզերյա տունը կիջներ միայն երբ ամուսնույն ներկայությունը կամ ուրիշի այցելությունը կը պահանջեր այդ։

Այս էր կյանքը զոր ինքն իրեն կազմած էր Սիրանույշ, և զոր կը հարգեր Դարեհյան քանի որ պատճառ չուներ ընդդիմանալու. մանավանդ որ կրկին ակնածությամբ կը վարվեր կնոջն հետ այն օրեն ի վեր որ աններելի պարտազանցության տեսարանը ներկայացած էր անոր աչացը։ Սիրանույշ մեյ մ՚ալ ոչ ակնարկություն ըրած էր այդ դեպքին և ոչ ալ որևէ գանգատ։

Դարեհյան կրկին և կրկին անգամ փորձեց կնոջը խոցոտյալ սրտին մերձենալու․ բայց անոր նայվածքին խստությունը կարծես զինքը կարձանացներ։ Կին մ՚անկեղծ զղջման կրնա ներել միայն, առանց սակայն լիովին կարենալ բուժելու հարվածոց բոլոր այն հետքերը զորս յուր սիրտը կրած է։ Իսկ ուր կատարյալ զղջում չկա՝ նախատանաց հիշատակը միշտ կենդանի կը մնա։

Դարեհյանի պարտության ազդեցությունն ու խղճի խայթերը դյուրավ կանհետանային Ժանեթի դյութական ներկայությամբը։ Բայց ի՞նչ ուներ Սիրանույշ ի մխիթարություն։
ԳԼՈՒԽ ԼԹ․

Ծանր թվեցավ Սիրանույշի ինքնահոժար բանտարկությունը ծովեզերյա տանը մեջ։ Ուզեց վերստին զետեղվիլ յուր սիրելի բնակարանին մեջ։ Կը մտածեր թե յուր ցույց տված արհամարհական ձևերեն անշուշը վհատած կըլլար անծանոթ երիտասարդը: Բայց յուր կատարյալ ապահովությանն համար որոշեց յուր կասկածներն հայտնել հաստաբազուկ Մելքոնին՝ որուն հավատարմության վրա բնավ երկբայելու իրավունք չունենալ կը կարծեր։ Սիրանույշ չէր հանձն առած մինչև նույն պահուն որևէ ակնարկություն մ՚ընել յուր սպասավորին անծանոթ երիտասարդին նկատմամբ բայց նույն օրը զինքը կոչելով,

-Մելքո՛ն,—ըսավ,– օտարական մի ժուռ կուգա այս բնակած վայրերուս շուրջը։ Գուցե ավազակ մ՚է,— հարեց չուզելով մտերմության նշաններ տալ անոր։— Ես այս տաղավարս ապահով վայր մի չէի համարեր եթե չճանաչեի քո բազկիդ ույժն և քու անձնվիրությունդ։ Ստույգ է որ ուրիշ պահապաններ կան պարտիզին մեջ, բայց չվստահացներ զիս այդ։ Ուստի քեզ մասնավորապես կը հանձնեմ այսուհետև բնակությանս հսկողության պաշտոնը։

-Տիկի՛ն,— պատասխանեց Մելքոն, կեղծ երախտագիտության ձևերով երկու ձեռքերը կուրծքին վրա դնելով,— եթե հարկ ըլլա տասը կյանք տալ ձեր ու տիրոջս ապահովության համար՝ տասն ալ կուտայի։

-Գիտեմ արդեն այդպես ըլլալը, Մելքոն։

-Տիկի՛ն, դուք հանգիստ եղեք, բնավ մի՛ վախնաք. այդ հանդուգն երիտասարդն ա՛լ չեք տեսներ։ Եթե կուզե մարմինը հոս թողուլ թող վերադառնա, արդեն ճանչցավ բազկիս ուժը։

-Բայց ո՞վ է այն, Մելքոն։

-Չգիտեմ, տիկին, ո՛վ կուզե ըլլա, քանի որ ես հոս եմ, մեկը իրավունք չունի այս կողմերս շատ գալու։ Երբ այդ անզգամը նշմարցի քանի մ՚անգամներ, օր մի շիտակ իրեն գացի և հարցուցի թե ի՞նչ է փնտրածը մեր պարտիզին շուրջը։

Նա պատասխանեց թե բնության ինչպես և մեր պարտիզին գեղեցկությունները կը վայլելեր։ Ես այդ մարդուն իմացուցի կերպով մի որ եթե գլխուն փորձանք շուղեր բերել, այս տեղերուն շատ չմոտենա։ Անկե վերջը հեռվեն կանցներ և ես ըսելիք չունեի։ Բայց երբ սկսավ նորեն երեսը ցուցնել շատ մոտեն՝ ու պարտիզին պատին վրայեն վար ծռելով հոս նայիլ, կամաց-կամաց գնացի ու օձիքեն հանկարծ բռնելով զինքը պիտի խեղդեի, բայց նա սարսափելով խոսք տվավ ինձ մեյ մ՚ալ այս կողմերս չգալու։

— Բայց ե՞րբ պատահեցավ այս դեպքը, Մելքո՛ն։

— Դուք ծովեզերյա տունն էիք, տիկին, նույն ժամանակին:

— Միշտ այսպես հավատարիմ եղիր մեզ, և անշուշտ վարձատրությունդ կստանաս։

— Մի՛ կարծեք, տիկին, թե ես ձեր վրա հսկելե մեկ վայրկյան կը դադրիմ․ նույն բանը կընեն և մեր պահապան պարտիզպանները։ Արդեն, տիկին, իմ տերս այս տեղերուն վրա հոգ տանելու պարտքը ինձ թողած է, և եթե զայդ ուրիշի հանձներ, այնչափ ծանր կը թվեր ինձ որ ինքզինքս կսպանեի։

Սիրանույշ գրպանեն քանի մի ոսկի հանելով Մելքոնին տվավ ի վարձատրություն յուր կարծեցյալ ծառայության։

— Աստված կյանք տա ձեզ, տիկին, և նույնպես մեր տիրոջը,— ըսավ Մելքոն, քծնող կերպարանոք, և ծռեցավ տիրուհվույն ձեռքը համբուրելու համար։ Բայց Սիրանույշ այդ խոնարհության նշանը չընդունելով ձեռքը քաշեց ու հեռացավ:

Երիտասարդ կինը ապահովված էր կատարելապես քանի որ յուր վրա այդպիսի հսկողություն մ՚ըլլալը կը կարծեր։ Ահա Մելքոն կատարած էր ինքնահորդոր, կը մտածեր, ինչ որ ինքը չէր համարձակած առաջարկելու իրեն՝ այսինքն այդ անծանոթ մարդը վանելու փորձը փորձել։ Չէր հանձն առած, որևէ դիտողություն մ՚ընել օտարականը հեռացնելու համար խորհելով թե գուցե սինլքորի մի հանդիպելով կրնար աղմուկ հարուցանել որ գայթակղություն պատճառել։ Բայց լռին կուրախանար թե Մելքոնի նախատեսությունը յուր չափազանց երկչոտության կրցավ հաղթել։
Գլուխ Խ․

Երվանդի բորբոքած երևակայությունը սաստիկ հարված մ՚ընդունելով Լեոնարտոյի մահվամբ։ Ծերունվույն անկենդան մարմինն աչացն առջև էր շարունակ, և թվեր իրեն թե նա անեծք կը կարդար անընդհատ յուր վրան։

Օր մի ուզած էր՝ ըստ յուր սովորականին, Ճուլիայի գերեզմանին մերձենալ ծաղիկ սփռելու համար անդ. բայց սոսկմամբ ետ քայլած էր կարծելով թե սրտմտյալ հայրը զինքը կը վաներ իրենց մահվան անդորրն ևս յուր ներկայությամբը չվրդովելու համար։ Սիրույն անշեջ հուրն և երևակայության հուզյալ վիճակն ի խոր ներգործեցին քայքայալ առողջությանը վրա, զինքն իբր ցնորյալ մարդ հանդիսացնելով:

Անկարող էր վրձին շարժելու, ինչպես և անկարող ուրիշ որևէ աշխատությամբ պարապելու. իբրև թափառաշրջիկ փողոցաց մեջ կերթևեկեր առանց ըրածն զգալու։ Երեք անձինք յուր մտածությանց մշտատև առարկաներն էին, այսինքն Սիրանույշ, Ճուլիա և Լեոնարտո. միտքն անոնցմով գրավված էր լիովին։ Մերթ կը կարծեր թե Սիրանույշ յուր ստացվածքն էր տակավին, ու անոր կը ժպտեր անհուն գորովով, երբ հանկարծ յուր առջևը կը տեսներ Ճուլիայի սգահար դեմքը ցավով վարագուրած որ զինքը կը հանդիմաներ, մինչ Լեոնարտո ծնրադրած տապանի մ՚առջև զինքը մարդասպան կանվաներ։ Երևակայության այս մշտատև բորբոքումը վերշապես Երվանդին միտքը ցնորեցուց։

Վիրճինիո՝ ճշմարիտ բարեկամության անկեղծությամբ ու անձնվիրությամբ ամեն խնամք հայթայթեց անոր։ Բայց բժշկաց հորդորանացն համեմատ հիվանդանոց փոխադրելով հիվանդը՝ ոչինչ խնայեց որպեսզի լավ դարմանվի և ամեն հանգստություն վայելե։ Հիվանդանոցի մեջ կանցըներ յուր ազատ վայրկյանները, և հոն մտերմին մոտ կը կենար որչափ որ ախտացելոց հարկին կանոնները կը ներեին զայդ նմա:

Վերջապես Երվանդ լավագույն խնամքները վայելելե վերջ՝ փառք Վիրճինիոյի անդուլ հսկողության, երկու ամսե վերջը առողջացած էր, զի մտացը խանգարումը ջղային սաստիկ ցնցման հետևանք էր միայն, և ոչ թե ուղեղի հիվանդության։ Սակայն բժիշկներն որք տեղյակ էին Երվանդի ախտին բուն պատճառին, խորհուրդ տվին Վիրճինիոյի զԵրվանդ հեռացնելու այն վայրերեն որք տխուր հիշատակներ կը պարունակեին իրեն համար, և ղրկել զինքն յուր սիրույն առարկային բնակած երկիրը, որպեսզի անոր մերձավորությամբը սրտին կարոտը գոնե մասամբ կարենա հագեցնել։

Դառն էր Վիրճինիոյի յուր բարեկամեն բաժնվելու գաղափարն երբ իրեն ոչ ոք կը մնար ընտանիքեն, և երբ վարժած էր նկատել զԵրվանդ իբր յուր եղբայրը։ Բայց ամենայն անձնվիրությամբ մեկ կողմ թողլով որևէ շահասիրական նպատակ, առաջարկեց յուր մտերմին ուղևորիլ ի Պոլիս, առարկելով թե հայրենի երկրին օդը և ընտանյաց ներկայությունը օգտակար ներգործություն կրնային ունենալ յուր վրա, ըստ վկայության բժշկաց։

— Հայրենի՜ք, ընտա՜նիք, ոչինչ ունիմ,— գոչեց Երվանդ,— քանի որ զՍիրանույշ հափշտակեցին ինձմե։

— Բայց գոնե ապահովությունն ունիս,– պատասխանեց իտալացին,— թե անոր սիրտը քուկդ է, և այդ մխիթարություն մեծ է քեզ համար. իսկ ես այդ սփոփանքն անգամ չունիմ զի վատորեն մատնվեցա։ Մինչդեռ կը կարծեի սիրված ըլլալ՝ անսիրտ աղջկան խաղալիքն էի միայն։ Գոնե դու կարող ես հառել աչերդ սիրային դեմքի մի վրա որ զքեզ կը գոչե գուցե հուսահատ։

— Կուզե՞ս ուրեմն, Վիրճինիո՛, որ Պոլիս վերադառնամ սիրո քայքայալ բույնս տեսնելու համար։ Կուզե՞ս որ երթամ հաստատեմ թե իմ գանձս սրբապիղծ ձեռաց ստացվածքն եղած է։ Կուզե՞ս որ երթամ նկատեմ ժանտատեսիլ այն կերպարանքն ոսոխի մ՚որ սիրտս, հոգիս և հանճարս անգթաբար հարվածեց։

— Բայց, Երվա՛նդ, քու թշնամիդ Սիրանույշի ամուսինն եղած չէ՝ այլ անոր հայրը։ Դարեհյան հավնած է քու սիրուհվույդ, ուզած, և հետն ամուսնացած է առանց նույնիսկ գիտակցությունն ունենալու յուր գործած չարյաց։

— Ի՞նչ փույթ, չարգիլեր որ թշվառ ըլլամ։

— Իրավ է որ այդ մարդուն ներկայությունը քեզ հաճելի չի կրնար ըլլալ․ բայց իրեն պետք է որ հանդուրժես յուր տանը մեջ մուտք գտնելու համար։

— Եվ ո՞վ կապահովե զիս թե այդ մարդը թույլտվություն պիտի ընե զՍիրանույշ տեսնելու, եթե իմանա մեր համակիր հարաբերությունները։

— Բայց այդ ընտանեկան գաղտնիք մ՚է զոր Սիրանույշ կրնա ծածկել յուր ամուսնեն առանց բնավ խղճմտություն ընելու։

— Այլ ի՞նչ բանի կը ծառայե ինձ տեսնել զայն որ իմս ոչ ևս կրնա ըլլալ։

— Ի՞նչ կըսես, Երվանդ։ Ես մատնվեցա, սրտիս մեջ բուռն ատելություն կզգամ այն անօրենին դեմ որ այսօր ուրիշ մարդու անունը կը կրե, և հանդերձ այսու՝ համոթ իմ կը խոստովանիմ, որ մեծ է փափագս զինքը տեսնելու թեև խույս կուտամ իրմե։

— Եվ դու կը կարծես թե կյանքս չէի՞ զոհեր Սիրանույշս տեսնելու համար։ Բայց այն մյուս կերպարանքն որ կից է իրեն, սարսուռ կազդե ինձ։

— Թերևս հնարավոր ըլլա քեզ տեսնել մին առանց մյուսույն։

— Դու չես ճանաչեր տակավին թե Սիրանույշ ի՛նչ առաքինության հրեշտակ է։ Զոհեց զիս յուր մորը, կը զոհե նաև յուր պարտականությանը, վստահ եղիր։ Ապահով եմ որ նա անկարող է զիս մոռնալու, բայց անկարող է միանգամայն յուր խիստ սկզբանց անհավատարիմ ըլլալու։ Ոհ, երանի թե այնչափ առաքինի չհանդիսանար և ոչ այնչափ մայրասեր, որով երջանիկ կըլլայինք արդ։

— Ուրեմն կը մերժե՞ս հօգուտ նկարչական տաղանդիդ միակ բարիքն որ մնաց քեզ արդ, երթալ, կազդուրվիլ հայրենի երկնից ազդեցությամբ։ Կը մերժե՞ս տեսնել սիրականդ՝ որ գուցե զքեզ իզուր կր կոչե թե արթուն և թե ի քուն։ Կը մերժես անոր մխիթարություն մի պարգևել, զինքն ոգևորել մեկ խոսքովդ ու մեկ նայվածքովդ մինչ նա թերևս անհավատարիմ կը կարծե զքեզ։ Չե՞ս ուզեր որ նա յուր շունչովն արծարծե քու նվաղյալ հանճարդ։ Ըսե՛, Երվա՛նդ, երե՞ս կը դարձնես բոլորովին սրտիդ ու հանճարիդ, երկո՞ւքն ալ կուրանաս։

- Վիրճինիո՛, մ՚ըներ այդ հայհոյանքը։

- Ուրե՜մն։ Տե՛ս, իբր կենդանի մեռյալ շուրջ կը թափառիս: Ոչինչ մնաց քեզ բացի նկարչութենեն։ Տաղանդդ զքեզ պիտի վերականգնեք պիտի փրկե, և անոր վերջին հարվա՞ծը կուզես տալ դու։

- Վիրճինիո՛, նկարչութենեն ի զատ շատ բան մնաց ինձ, քանի որ դու իմ բարեկամս ես։

- Ուրեմն հանուն բարեկամությանս հնազանդե՛ ինձ. կը խնդրեմ զարդ իբր մեծագույն ապացույց մեր մտերմության։

- Քանի որ կուզես՝ կը հավանիմ։ Ո՜հ, ի՜նչ մեծ զոհ է կատարելիքս, Վիրճի՛նիո:

- Կընդունիմ այդ զոհդ ի սրտե։

Եվ զայս ըսելով Իտալացի պատկերահանն յուր բարեկամին ձեռքն ուժգին սեղմեց, մինչդեռ աչացը մեջ արտասվաց կայլակ մի կը փայլեր։

ԳԼՈԻԽ ԽԱ.

Սկսավ Երվանդ ճամփորդության պատրաստություններն ընել: Որչափ դժկամություն ունեցավ նախ Հռովմեն բաժնվելու՝ նույնչափ անզուսպ եռանդյամբ գրավվեցավ Պոլիս ուղևորվելու համար երբ մեկնելու որոշումը տվավ։ Միայն թե ծանր էր իրեն հեռանալ Վիրճինիոյեն՝ որուն հետ գրեթե երկու տարիեն ի վեր իբրև ճշմարիտ եղբայր վարված կը։ Բայց եթե միշտ մի կը թողուր ի Հռովմ, մյուս կողմեն հույս ուներ յուր փշրյալ երջանկության մասունքն հավաքելու ի Պոլիս, մեկ նայվածքի, մեկ խոսքի մեջ, եթե Դարեհյան տեղյակ չէր իրեն սիրային վեպին։

Հասավ վերջապես օրն հրաժեշտի։ Վիրճինիո տարօրինակ տխրությամբ համակված էր, և ջանք կըներ զայն ծածկելու մերմին աչք են։ Ծնողք, քույր, սիրուհի, ամեն ինչ կորուսած էր, և ահա յուր վերջին մխիթարությունն ևս կը կորսնցներ:Ստույգ է որ ինքն հորդորած էր զԵրվանդ մեկնելու հօգուտ յուր անձին, բայց սիրտն յուր օրենքն ունի. կը ճզմվի, կարյունի, կը հառաչե, կը բողոքե նույնիսկ ինքնահոժար կատարած զոհին դեմ։ Սրտաշարժ էին երկու երիտասարդաց մնաս բարյավները Երվանդի խուցին մեջ։

- Երվա՛նդ,— կըսեր Վիրճինիո,— հայրենի երկիրն յուր սուրբ հրապույրներովը զիս մոռացության չմատնե։ Դու միայն մնացիր ինձ. բախտը զիս մատնեց ամեն պարագայի մեջ. բայց գու գոնե հավատարիմ մնացիր ինձ։ Վերադարձիդ անհամբերությամբ պիտի սպասեմ։

- Վիրճինիո՛, միատեղ խառնեցինք մեր հույսերը, մեը պատրանքը և արտասուքը։ Անոնք որ թշվառության մեջ եղբայր եղած են՝ ցկյանս եղբայր կը մնան։

- Ուրեմն պիտի տեսնե՞մ հոս զքեզ վերստին։

- Խոստովանի՞մ քեզ, կարծես թե տխուր նախազդեցություն մ՚ունիմ թե ոչ ևս պիտի գամ ի Հռովմ․ և թվի ինձ թե վերջին անգամն է որ կը տեսնեմ զքեզ, սիրելի Վիրճինիո։

- Ինչո՞ւ այդպես վհատյալ կը խոսիս սիրտս վշտացնելով։

- Վիրճինիո՛, ընդունե՛ այս իմ կենդանագիրս՝ զոր՝ ինչպես գիտես, նկարեցի երբ հոգիս հույս էր և լույս։ Սիրանույշին համար պատրաստած էի զայդ երբ նա վրձնույս հոգին էր և ես բոլորովին ներշնչում։ Իմ կենդանագիրս իրավունք չկրնար ունենալ անշուշտ անոր տանը մեջ փոքրիկ վայր մ՚անգամ գրավելու։ Ուստի լավագույն ձեռաց չեմ կրնար հանձնել ինչ որ սիրույս, հույսերուս և ներշնչմանցս կնիքը կը կրե։ Սիրանույշի պատկերին գալով՝ ինձ պիտի մնա միշտ, զի հոն ամփոփեցի տաղանդիս բոլոր կատարելությունները, երեվակայությանս բոլոր ուժը, ու սրտիս բոլոր զգացումները։ Կը հիշե՞ս, որպիսի զարմանք ազդեց Ակադեմիայի մեծ տաղանդաց պատկերն այն, և ինչ փառավոր ապագա ավետեցին ինձ։ Տաղանդս սիրույս բախտակից եղավ. շուրջս ավերակներ մնացին միայն։

- Չէիր կրնար լավագույն հիշատակ մի թողուլ ինձ քան զայն որ տաղանդիդ արտահայտության հետ քու դեմք կը հիշեցնե ինձ։ Ես ի փոխարեն պիտի նվիրեմ քեզ իմ յուղաներկ կենդանագիրս զոր գիտես թե հորս ձոնած էի։

Երվանդ այլագունեցավ, և Վիրճինիո անոր հուզումն դիտելով հարցուց այլայլությամբ․ -Ի՞նչ եղար, Երվա՛նդ, ի՞նչ ունիս։

-Հայրդ գուցե բողոքե այդ նվերիդ դեմ սրբապղծություն համարելով զայդ։

-Կը տեսնեմ թե երևակայությունդ սնոտի կասկածներով կուզես տանջել միշտ։

Լուռ էր Երվանդ, ու այլայլության վերջին հետքերը աստիճանաբար ջնջելեն վերջը ոտք ելավ, փոքրիկ սենյակի մեջ մտավ, ու ապա վերադաձավ ձեռքը բռնելով գեղեցիկ փունջ մի ճերմակ ծաղիկներե ու կանաչ տերևներե կազմված, և զայն Վիրճինիոյին հանձնելով ըսավ.

Ա՛ռ զայս,և զետեղե Ճուլիայի գերեզմանին վրա, «մնաս բարյավ» ըսելով անոր իմ կողմանես։ Անկարող եմ յուր տապանին այցելելու, զի թվի ինձ թե հայրդ պիտի արտաքսե զիս այդ սրբավայրեն։

Համբուրեց ծաղկյա փունջն և «մնաս բարյավ, Սիրելի Ճուլիա», գոչելով, ամենայն պատկառանոք Վիրճինիոյի հանձնեց զայն։

Ի տեսություն, ըսե, Երվա՛նդ, և ոչ թե մնաս բարյավ»,– մրմնջեց Վիրճինիո՝ ձայնիվ մի զոր արտասուք կը խեղդեին։

Երկու երիտասարդք երկրորդելով իրենց մշտատև անխախտ բարեկամության խոստումը իրարու գիրկ նետվեցան, և ապա այդ համեստ հարկեն մեկնելով գնացին շոգեկառքին կայարանը։ Հոն անգամ մի ևս գիրկընդխառն արտասվեցին, զիրար համբուրեցին, և հեծկլտալով հրաժեշտի ողջույնը տվին իրարու։

Երվանդ շուրջը նայեցավ, խոր հառաչ մի բխավ սրտին ներքին ծալքերեն, ու հուսակտուր եղանակավ գոչեց․

— Մնաս բարյա՛վ և դու Հռո՛վմ, երկիր քաջաց և հանճարից զոր միշտ պաշտեցի։ Երբ ոտքովս առաջին անգամ սուրբ հողույդ վրա կոխեցի հետս կը բերեի հույս և տաղանդ։ Արդ կը մեկնիմ որբ տաղանդով և որբ սրտով։ Անմա՛հ դուք նկարիչք Հռովմա, ձեր հրաշալիքն անկարող եղան պահպանել տաղանդս սիրո անողորմ հարվածներեն։ Կենդանի եկա, ավերակ կը վերադառնամ։ Բարյա՛վ մնայք։

Վերջին անգամ երկու մտերիմները իրարու ձեռք սեղմեցին ուժգին, ու ապա Երվանդ շոգեկառք մտավ մինչդեռ աչերովն ու ձեռքերովը Վիրճինիո վշտալից նշաններ կըներ։ Զանգակը զարնվեցավ, շարժուն շենքը դղրդեցավ, սկսավ հառաջանալ, և տակավ առ տակավ Վիրճինիոյի աչերեն հեռացավ, անհետացավ, մուխե կազմված թանձր ամպերու մեջ կորսվելով։

Խեղճ Իտալացին կը նայեր կառախումբին տակավին մինչդեռ բոլորովին անտեսանելի եղած էր։ Ցավն ուներ միայն իբր ընկեր։

Մեկնողն ոչ նույն չափով կզգա բաժանման բոլոր դառնությունը որչափ մնացողը։ Առաջինն ունի մտաց զբաղմունք, հազար ու մեկ կատարելիք գործեր, բազմաթիվ խորհուրդնեը որք իրարու արագաբար կը հաջորդեն, և ստիպողական շարժում մի կը կազմեն շուրջը։ Նոր վայրեր, նոր տեսարաններ, նոր դեմքեր, տեսակ տեսակ շշուկ ու խոսակցություններ, ուրախության արտահայտություններ, տխրության պատկերներ, ասոնք ամենքն ալ միտքն զբաղեցնելու միջոցներ են։ Ստույգ է որ այս զանազան փոփոխությանց, տեղափոխությանց և խորհրդոց մեջ՝ թողված վայրերն, հիշատակներն ու բարեկամները սրտին մեջ գրաված տեղերնին ամրապինդ կը պահեն, ու մարդուս աչացն և հոգվույն առջև կը ներկայանան իբրև առարկաներ զորս անջատման դառնությունը առավել ևս նվիրական կը հանդիսացնեն։ Մեն մի անգամ որ բազմազբաղ միտքը նոր հրապույրներով քիչ մի երկար ժամանակ կը գրավվի, հեռավոր սիրելյաց հիշատակը իբր խղճի խայթ կը ներկայանա ուղևորին առջև։

Բայց մնացողը չունի հետաքրքրությունը կամ ուշը շարժող առարկաներ, չունի երևակայությունը հափշտակող տեսարաններ։ Այլ ամեն իր յուր շուրջը մտացը մեջ հիշատակ մի կը զարթուցանե, ու սրտին մեջ արձագանք մի։ Դատարկություն մի կը հաստատե զոր բացակային հիշատակավն կը ջանա մասամբ լեցնել, և մտաց ու սրտին հարատև ձգտումն դեպի նույն առարկայն զհոգին հոգնեցնելով կսփոփե․ այդ վիճակն էր բաժինը Վիրճինիոյի։
ԳԼՈԻԽ ԽԲ․

Ալֆոնս նկատելով թե անկարող էր զՍիրանույշ գրավելու, ուրիշ միջոց մի փնտրած էր յուր նպատակին հասնելու։ Ուստի խորհուրդ ըրած էր Մելքոնին հետ տաղավարին անմիջապես քովի որմեն պարտեզն իջնալ գիշերը, գաղտագողի սպրդիլ մինչև Սիրանույշի սենյակն, ուր ինքն առանձին էր, նույն հարկին մեջ տեսակ մի որդեգիր աղջիկ մ՚ունենալով Մարիամ անվանյալ, և զՄելքոն իբր յուր սեփական պահապանը։ Իսկ մյուս երեք պարտիզպաններն՝ երեք առույգ և զինյալ մարդիկ, պարտեզին այլ և այլ կողմերը ցրված էին։ Չմոռանանք հիշելու միայն թե Մելքոն կատարելապես կիշխեր Մարիամին սրտին վրա, որով ինքը կը կարծեր թե անոր աջակցությանն ապահովապես կրնար ունենալ։

Կբ մակաբերվեր թե Սիրանույշ Ալֆոնսի հանկարծական ներկայութենեն այլայլելով պիտի աղաղակեր օգնություն խնդրելու համար Մելքոնեն։ Բայց այս անօրենն յուր աչալուրջ հսկողութենեն իբր թե դրդյալ՝ թույլտվություն ըրած պիտի ըլլար կասկածելի թված օտարականին մինչև տիկնոջ խուցն երթալու, որպեսզի ամուսնույն նկատմամբ մատնության ապահովությունն ստանա, և զինքն` իբր կին ուխտադրուժ մատնե յուր տիրոջը։ Պահապանները պիտի կոչեր հետո իրենց տիրուհվույն անպատվության հանդիսական ըլլալու, անոր աղաղակները վերագրելով զյուր հոմանին սպանելու համար ըրած սպառնալյաց։

Եվ պիտի ավելցներ թե ապահովապես այդ սրիկան պիտի մեռցներ եթե ազատ ըլլար հետամտիլ անոր՝ փոխանակ հանցավոր տիկնոջ մոտ կենալու, անոր հավանական փախուստը արգիլելու դիտավորությամբ։ Յուր խոսքերը պիտի հաստատեին հեռավոր դոփյունը ձիու մի որ արագընթաց արշավելով` այդ վայրերեն կը հեռացներ մարդ մի որ պիտի նկատվեր իբր հոմանին տիկնոջ, և որ պիտի նշմարվեր լուսնին արձակած ճառագայթից շնորհիվ։

Կը մնար Մելքոնին` Մարիամին աջակցությունն ստանալ ի հաջողություն յուր չար խորհրդոց, և այդ դժվարագույն եղավ քան ինչ որ կը կարծեր նա, վասնզի աղջիկն ընդդիմացավ ուժգին որևէ սուտ վկայություն մ՚ընելու ընդդեմ յուր տիրուհվույն։ Իսկ եթե հանկարծ բոլոր ճշմարտությունն հայտնելու ըլլար Մարիամ ի փրկություն յուր սիրելի տիկնոջ՝ Մելքոնի շահասեր ակնկալություններն ոչ միայն ի դերև կելնեին, այլ մեծ պատուհասներու կենթարկվեր։ Ուստի անօրեն մարդն ամեն ճիգ ըրավ աղջիկը մեղսակից ընելու իրեն։

Երբ թախանձանք ոչինչ արտադրեցին, կարգն եկավ սպառնալյաց։ Եթե չօգնես ինձ, կըսեր Մելքոն Մարիամի, կը հեռանամ քեզմե, ու քու նախանձդ շարժող աղջկան հետ կամուսնանամ. իսկ եթե մատնություն մ՚ընես ինձ դեմ, զքեզ անպատճառ կսպաննեմ։

- Սպաննե՛ զիս,— գոչեց Մարիամ,— բայց բարերարուհվույս, որբ քրոջս և եղբորս պաշտպանին խնայե։

- Լսե ինձ, Մարիա՛մ, ես վրեժխնդրության մեծ պատճառներ ունիմ, և հաջողիլն անկարելի է ինձ եթե չօգնես ինձ։ Իսկ եթե գործն ի գլուխ չհանեմ, կախաղանը կսպասե ինձ։ Այն ժամանակ մի՛ կարծեր որ զքեզ հանգիստ պիտի թողում. գիշեր և ցերեկ իմ ուրվականս զանձդ պիտի հալածե, զքեզ դահիճ գոչելով։

Սարսուռ ազդեցին այդ խոսքերն անմեղ աղջկան, ու ձեռքերն աչացը տանելով ծածկեց զանոնք իբր թե այդ նկարագրին ազդեցութենեն խույս տալու համար։

Մելքոն հաստատելով խոսքերուն ըրած նպաստավոր ազդեցությունը, ըսավ.

— Որոշե՛, Մարիա՛մ, կամ ինձ օգնել ու միշտ սիրվիլ, կամ զիս մահվան ղրկել։ Իսկ եթե հաջողիմ առանց ձեռնտվությանդ, պատրաստվե քու նախանձորդդ իմ կինս տեսնել, վասնզի նա ամեն զոհի պատրաստ է ինձ համար։

— Ո՛հ,- գոչեց աղջիկը հուսահատ ձայնիվ,— գիտես անգութ, ո՛ր աստիճանի զքեզ պաշտելս և անոր համար այսպիսի խիստ պայմաններ կը դնես ինձ։ Հրեշ մի պետք է որ ըլլամ ուրեմն քեզ կամ տիրուհվույս նկատմամբ։

— Աստված իմ, — աղերսեց հեգ Մարիամը,— օգնե՛ ինձ, տե՛ս թշվառ կացությունս, և մի՛ թույլ տար որ չարիք հասցնեմ իմ սիրելյացս։ Տիրո՜ւհիս և Մելքոն, երկուքն ալ սիրելի, երկուքն ալ պաշտելի։ Այդ բացականչությունը կը բավեր զՄելքոն ապահովելու համար. վստահ էր թե աղջիկն անկարող էր զինքը մատնելու, և հույս ուներ անոր աջակցությունն ևս ստանալու։

— Մտածե՛— կըսեր ապիրատը,— կամ մշտատև սեր իմ կողմանես քեզ համար, կամ քեզմե կախաղան ինձ համար։ Եվ սակայն, Մարիա՛մ, զքեղ կը պաշտեմ, և ուրիշ բան չեմ երազեր եթե ոչ հետդ ապրիլ, զքեզ պաշտել և քեզմե սիրվիլ: Հիշե սիրո բույնը զոր պիտի պատրաստեմ. մտածե ինչ երջանկություն է երկու սիրահարաց համար անբաժանելի կերպիվ միատեղ ապրիլը, և դու փոխանակ այդ երջանկության կուզես զի մահվան ղրկել:

Ո´չ, ո´չ, Մելքոն, ապրե´, մի՛ այդպես խոսիր։ Բայց ըսե´, ի՞նչ վրեժխնդրության պտսւճաո ունիս տիրուհվույդ դեմ երբ նա բարության հրեշտակ մ՚է:

- Զայդ չեմ կրնար խոստովանիլ, զի երդում ըրած եմ այդ գաղտնիքը ծածկելու մինչև որ վրեժս լուծեմ։

Մինչ Մելքոն կաշխատեր խեղճ արարածը դյութելու սիրո երջանկության պատկերը փայլեցնելով անոր աչաց, ահա Սիրանույշ՝ որ զՄարիամ կը կոչեր անուշ ձայնիվ։

Կարծես թե այդ ձայնը աղջկան խղճին դատապարտության ձայնն էր։ Թողլով զՄելքոն, ընթացավ դեպի սենյակն ուր կը գտնվեր տիկին անոր հրամաններն ընդունելու համար։ Կարծես թե ճնշող անողորմ ձեռաց աղդեցութենեն կազատեր հեգն, մինչ Մելքոն սաստիկ նեղացած այդ ընդհատմանեն, յուր չար խորհուրդները կորոճար անդադար։

ԳԼՈԻԽ ԽԳ.

Անցած էին երկու օրեր նույն վայրկենեն որ Սիրանույշ Մելքոնի խոստումներեն ապահովված յուր տաղավարը վերադարձած էր։ Կը մխիթարվեր հոն յուր առանձնության մեջ, և յուր անցելույն գիրքը բանալով անոր պարունակությամբ կապրեր։ Յուր հիշատակաց բույնին մեջ գտնվելով այնպիսի ուրախություն կզգար նա որ յուր տխուր դեմքը պայծառացած էր սակավ ինչ։ Մարիամ նկատելով այդ անսովոր բերկրությունը որուն պատճառը կանգիտանար սակայն, այնպիսի գորով ու կարեկցություն զգաց, որ քիչ մնաց տիկնոջ ոտքն իյնալով իրեն դեմ եղած դավադրությունը պիտի իմացներ։ Բայց հանկարծ միտքն եկավ թե՝ զյուր տիրուհին ազատելով զՄելքոն կը կորսնցներ, անոր պատիժ և գուցե մահ պատրաստելով։ Սոսկաց և լռեց. խիղճը կը գոռար, սիրտը կարյուներ։

Այգ ներհակ երկու զգացմանց խաղալիքն եղած՝ այնպիսի հուզմամբ լի էր՝ որ թոթոված անիմաստ պատասխաններեն Սիրանույշ զարմացած, ու կասկածելով թե գուցե նա ցավ մի կզգա, անուշ ձայնիվ հարցուց.

- Ի՞նչ ունիս, Մարիամ, հիվա՞նդ ես, վի՞շտ մ՚ունիս։

- Ո՛չ, տիկինդ իմ, ոչինչ ունիմ,— պատասխանեց աղջիկն, այլագունելով։

- Ուրեմն ինչո՞ւ այդպես վրդոված ես։

- Վասնզի քիչ մ՚անհանգիստ ըլլալս կզգամ։

- Հետևապես բան մ՚ունիս եղեր: Դու գնա հանգչե, և աղախիններեն մին թող գա ինձ սպասավորելու։

- Ոչ, ոչ, տիկի՛ն։ Դուք վարժ եք իմ ծառայությանս և չեմ հաճիր որ նեղվիք, զի դուք այնչափ բարի եք ինձ համար։

Եվ զայս ըսելեն ետքն այնչափ ի գութ շարժեցավ տիկնոջ ազնիվ ընթացքը նկատելով, որ սկսավ հեղձամղձուկ լալ դառնագին։ Բայց սերը հաղթահարելով դարձյալ երախտագիտության ու գթո ձայնը խեղդեց։

- Խոստովանե վիշտդ, Մարիա՛մ,- կը պնդեր տիկինը,– և ես կը խոստանամ օգնելու քեզ եթե դարմանելի է ցավդ, խոսե՛, աղջիկս, ես մայր մի եմ քեզի համար։

- Ո՛հ, տիկինդ իմ, շա՜տ իսկ գիտեմ զայդ։

- Ուրեմն ինչո՞ւ ինձմե գաղտնիքդ կը ծածկես. անվեհեր պատմե ինձ զամեն ինչ։

Բայց այդ խոսակցությունն ընդմիջեցավ սպասավորի մի ներկայությամբ որ Դարեհյանի գալուստը կիմացներ։

Մարիամի աչաց մեջեն ուրախության փայլակ մ՚անցավ, զի յուր տիրուհին ամեն վտանգե ազատ էր նույն իրիկունը։

Բայց տխուր ազդեցություն մի կրեց Սիրանույշ յուր բնակարանեն հեռանալու ստիպվելովն, ու ցավ ի սիրտ ծովեզերյա տունն իջավ, առանց աղջկանը դեմքին փոփոխությունը նշմարելու:

Կը ցավեր տիկինը պարագայի մի վրա որ իրեն փրկություն կը պատճառեր, վասնզի նույն գիշերն իսկ Ալֆոնս ու Մելքոն կը հուսային իրենց վատ խորհուրդը գործադրել Սիրանույշի վրա, որով դյուրին է ըմբռնել թե որպիսի տհաճության պատճառեց Դարեհյանի անակնկալ գալուստը նույն օրը:

ԳԼՈՒԽ ԽԴ․

Երվանդ Հռոմվեն մեկնելով զարմանալի անհամբերություն մի զգաց Պոլիս հասնելու համար։ Կարոտին տենդը կարծես թե զինքը կը մաշեցներ: Շոգեկառքով քաղաքներե կանցներ, շոգենավ կը մտներ, ջուրերուն վրայեն կը սահեր, բայց և առարկա մի յուր ուշադրության գլխավորապես արժանի կը համարեր զի անշարժ գաղափար մի կը տիրեր յուր վրան` այն էր յուր սիրելին տեսնելու գաղափարը։

Հետ ամուսնության Սիրանույշի՝ միտքը դրած էր Երվանդ ոչ ևս Պոլիս վերադառնալ։ Բայց երբ Վիրճինիոն համոզեց զինքն հակառակը գործելու, ահա հսկայաբար կը զարթնույր հինքն այն իղձը զոր մեռած կը կարծեր՝ այսինքն յուր մանկության երկիրը տեսնելու բաղձանքը։

Երբ Մարմարայի ծովը մտավ, հեշտությամբ բարևեց Պոլսո առաջին գյուղերը։ Բայց երբ հասավ Գատըքյոյի առջև, սիրտն այնպես կը բաբախեր որ կարծես թե պիտի պայթեր: Կը մտածեր թե որքան տարբեր էին յուր տրամադրություններն երբ վերջին անգամ նույն տեղերեն անցած էր։ Շոգենավր կը հառաջանար, ու ինքը կամրջակին վրա կեցած, թևերը կուրծքին վրա խաչաձև դրած՝ յուր դառն մտածությանց մեջ էր խորասույզ։

Հասան վերջապես Պոլսո նավահանգիստը. շոգենավեն փոքրիկ նավակի մեջ նետվելով կամուրջ ելավ Երվանդ, և հոնկե Գատըքյոյ գացող շոգենավը մտնելով հասավ հայն վար ուր թողած էր բոլոր յուր սրբազան առարկաները։

Մինչ սույն գյուղին փողոցներեն կը քայլեր դեպ յուր քրոջը Տունը երթալու համար, աչերն հանդիպեցան Պ. Հայնուռի որ դեպի նավամատույց կուղղվեր։ Այդ հանդիպումը չարագուշակ համարեց զի նա էր յուր երջանկության կործանիչը: Խույս տվավ անկե առանց անոր ուշադրությունը գրավելու, մինչ յուր եռացող արյունը գլուխը կելներ։

Դիմեց քրոջը ծովեզերյա տունը զոր այնքան լավ կը ճանչեր յուր քեռայրին հետ զայն զարդարած ըլլալուն քրոջն ամուսնության առթիվ։ Մեն մի քայլ, մեն մի վայր, մեն մի տեսարան անցյալ հիշատակ մի կարթնցներ հինքն։ Կը հառաչեր, շուրջը կը նայեր, կը լռեր, իսկ հոգին իբր հրաբուխ ներքնապես կը գործեր, կը վառեր, կը բորբոքեր։

ԳԼՈԻԽ ԽԵ.

Տակավին առավոտ և խիստ կանուխ էր․ հանդերձ այսու Հրանտ կը պատրաստվեր տունեն մեկնելու։ Զարուհին զմանկիկը գիրկն առած հորը կը մոտեցներ զայն։ Այդ փափկիկ էակին նազելի ձևերը, սիրուն ճիչերը, մորը բազկաց մեջ համառ ճիգերն առ հայրն երթալու այնպես զՀրանտ կը գրավեին որ զորդյակն յուր գիրկն առնելով հորդ գգվանոք կը տանջեր զայն, հետը կը խաղար, և այնչափ լիովին գրավված էր որ բնավ չէր լսեր Զարուհվույն հանձնարարությունները։ Բայց սա սիրուն անհամբերությամբ ամուսնույն մերձենալով և թևին զարնելով ըսավ.

— Բայց լո՛ւր ինձ, Հրանտ, ես կը խոսիմ և բնավ ուշադրություն չես ըներ խոսածիս։

— Խոսե, Զարուհի, ի՞նչ է խնդրածդ նայինք։

— Այսօր նայե՛, կաղաչեմ, եթե թղթատունը նամակ կա Երվանդին։ Երբեք այսպիսի երկարատև լռություն չէր պահած. հավատա թե մեծ անհանգստությամբ և տարկուսանոք կը տագնապիմ։

— Կերթամ կը նայիմ, անփույթ եղիր։

Զայս ըսելով զմանկիկ մորը կը վերադարձներ, մինչ անմեղ արարածը կուլար զհայրը վերստին խնդրելով։ Հրանտ վար կիջնար սանդուղեն ու Զարուհին կուղեկցեր իրեն՝ երբ հանկարծ դուռը զարնվեցավ, բացավ զայն երիտասարդ կինը, ճիչ մ՚արձակեց յուր առջևը տեսնելով զԵրվանդ։ Ընդգրկեց զնա մեկ թևովը մինչ մյուսովը մանկիկը կը բռներ։ Երկու երիտասարդները զիրար համբուրելեն վերջը՝ երեքը միասին վեր ելան, մտան զվարթ սենյակ մի լի ծաղիկներով ու բուրմամբ, ուր ամեն ինչ պարզ էր բայց մաքուր։

Երվանդ քրոջը ձեոքեն զմանուկ առնելով նայեցավ անոր զմայլմամբ, համբույր մի դրոշմեց կարմիր այտիցը վրա, հառաչեց, և զայն քրոջը վերադարձնելով ըսավ.

– Քո՛ւյր իմ, գոնե՛ դու երջանիկ ես, և այդ մխիթարություն է ինձ։

– Բայց դու, եղբա՛յր իմ, որքա՜ն փոխված ես․ հիվա՞նդ էիր՝ արդյոք:

– Այո՛, ծանր կերպիվ հիվանդացա, և գուցե բարեկամիս խնամոց միայն կը պարտիմ այս կյանքս։ Տխո՜ւր պարգև,– հարեց խոր հառաչանոք։

— Ինչո՞ւ սիրտս կր խոցոտես, Երվանդ:

Հրանտ քիչ մի ևս նստավ Երվանդին հետ, հարցուց ճանապարհորդությանը պարագայից վրա և զայլոց, առանց որևէ ակնարկություն մ՚ընելու երիտասարդի տխուր արկածից, և ապա մեկնեցավ, երկուքն առանձին թողլով։

Երկու մտերմաց մեջ էլեկտրական հորձանք մի կանցնի զոր երրորդի մի ներկայությունը կոչնչացնե։ Երբ երկու սիրահոդ հոգիներ զիրար կը գտնեն երկար բացակայութենե վերջը, կարծես թե զգացմանց հորդություն մի կը գոյանա։

ԳԼՈԻԽ ԽԶ.

Անմիջապես որ Երվանդ առանձին մնաց քրոջն հետ սկսավ տեղեկություն խնդրել Սիրանույշի վրայոք։

Զարուհին սա միայն իմացուցած էր յուր թղթակցությամբը թե Սիրանույշ երջանիկ չէր, և թե հավատարիմ մնացած էր յուր անցյալ սիրույն հիշատակին։

Սիրված ըլլալու գիտակցությունը միակ մխիթարությունն է կարեվեր և լքյալ հոգվո մի համար, քանի որ մոռցված ըլլալու հավանականությանը դժբախտության մեջ կրկին դժբախտություն է։

Երվանդ կուզեր իմանալ մանրամասն պարագաները յուր պաշտած անձին վերաբերող․ թե ի՞նչպես կյանքը կանցըներ նա, ո՞ւր կը բնակեր, ամուսինն ի՞նչ տեսակ մարդ էր, և կնոջն հետ ի՞նչ էր վարմունքը․ վերջապես կը փափագեր գիտնալ ամենաչնչին կետերն որք անտարբեր մարդու համար բնավ կարևորություն չունին, և սակայն մեծ արժեք կստանան սիրող անձին համար։

Զարուհին պատմեց եղբորը Սիրանույշի վայելած բոլոր շքեղությունները, ունեցած ադամանդները, սպասավորները, մեծագին կարասիները, սքանչելի ապարանը, ճոխ պարտեզները, և բոլոր այս պերճանաց մեջ անոր վհատությունը, և կատարյալ անտարբերությունը ամեն բանի նկատմամբ, ու վարած քաշված կյանքը գրեթե իրեն սեփական եղած մեկ փոքրիկ տաղավարի մեջ։

Բայց երբ Երվանդ իմացավ Դարեհյանի անառակ վարմունքը.

— Ո՛վ անզգամ,— գոչեց սրտմտությամբ. — այդպիսի հրեշտակ մ՚ստանալ և հարկը չճանա՜չել։

Մինչդեռ այս խոսակցությունը տեղի կունենար Երվանդի արյունը կեռար, բոլոր յուր վաղեմի հիշատակները կը զարթնուին, վիշտ կարոտ, կատաղություն, ամենքը խառն ի խուռն վրան կը տիրեին զինքը գրգռելով։ Ելավ տեղեն, արագորեն սենեկին մեջ քայլեց յուր մտածությանց անդունդին մեջ ընկղմելով, և հանկարծ Զարուհվույն առջև կայնելով ըսավ.

— Քո՛ւյր, այսօր նույնիսկ պետք է որ զՍիրանույշ տեսնեմ։ Զգալ թե անոր այսչափ մոտ եմ, թե կրնամ զինքը տեսնել, զիս լափող կարոտն հագեցնել, քիչ մի կյանք վայելել, կամովին այդ բարիքեն հրաժարիլ, ո՜հ շատ ծանր է այդ ինձ համար։ Քույր, եթե ճանաչեիր վիճակս՝ իբր կենդանի մեռյալ իմ վրաս կուլայիր։

— Խե՜ղճ եղբայրս, դեմքդ շատ իսկ կը հայտարարե կրած վշտերդ։

— Ուրեմն թույլ տուր որ անմիջապես քեզմե բաժնվիմ Սիրանույշին երթալու համար։ — Ի՜նչպես, Երվանդ, կուզե՞ս զՍիրանույշ տեսնել հառաջ քան տիկին Հայնուռի այցելություն մ՚ընելու. այդ վարմունքդ պատշաճության ամեն կանոնի հակառակ է։ Այն խեղճ կինը մայրենի սիրույն զոհն է, և սրտի հիվանդությամբ կը մաշի՝ հիշե թե որչափ բարի և ազնիվ եղած է մեզ նկատմամբ, և մի՛ յուր սիրտը վիրավորեր քու անհոգությամբդ։

- Լա՛վ. քույր. երթամ ուրեմն տիկին Հայնուռի, և ապա ուղևորիմ դեպի Յենիքյոյ։ Ապահովապես արգելք չկա Սիրանույշեն ընդանվելուս վրայոք քանի որ կը հաստատես թե Դարեհյան ոչինչ գիտե մեր սիրային հարաբերությանց վրայոք:

- Դու անոր իբր եղբայրը կրնաս նկատվիլ, որով և այդ մարդուն նախանձը չշարժելու հաջողիլ:

— Եվ սակայն իմս ըլլալու վիճակված էր Սիրանույշ։

— Մեկ կողմ թող անցյալը, և զգույշ եղիր միայն սրտիդ վիճակը չմատնելու երբ սիրույդ առարկային առջև ըլլաս։

- Մի՞թե ենթարկված եմ Դարեհյանի հանդիպելու դժբախտության։

— Ինչպե՞ս որոշ պատասխան կրնամ տալ քեզ։

— Չգիտե՞ս արդյոք թե այդ մարդն ո՞ր ժամանակ տունեն կը մեկնի։

- Ընդհանրապես կես օրեն հառաջ կարծեմ։

— Ես մինչև որ Յենիքյոյ հասնիմ կես օրը կանցնի։

Եվ մինչ Երվանդ անհամբեր էր մեկնելու, Զարուհին ձեռքեն բռնելով ըսավ․

— Չեմ թողուր որ երթաս հառաջ քան քիչ մի սննդյամբ կազդուրելու։

— Սնո՜ւնդ։ Ա՛հ, քո՛ւյր, դու այնքան երջանիկ ես որ դժբախտ սրտի վիճակը չես հասկնար բնավ: Մարդս լավ կըմբռնե ինչ որ ինքն յուր անձին վրա կը փորձե։ Կը մաղթեմ որ միշտ տգիտությանդ մեջ մնաս վշտի մասին։

— Եվ կը կարծես թե հոգիս չա՞րյունիր քեզ նկատմամբ։

— Ինչ որ դու արյունիլ կըսես պարզապես կեղեքիլ է, քանի որ քու երջանկությունդ պատվար մ՚է որ կարգիլե ուրիշի դժբախտության ազդեցությունը մինչ քու սրտիդ խորը հասնելու, անոր երեսը կը կեղեքվի միայն․ իսկ քու երանությանդ մեջ ամեն սև կետ մութ աշխարհ մի կը թվի քեզ։

— Ի՜նչպես անիրավ ես․ ուրեմն անտարբե՞ր եմ քեզ համար։

— Մի՛ նեղանար, քո՛ւյր․ ես բնության օրինաց համեմատ կը խոսիմ։ Չեմ ըսեր թե անտարբեր ես, թե կարեկից չես ինձ, քավ լիցի։ Գիտեմ որ կը ցավիս անհունապես, և թե տրամադիր ես նույն իսկ զոհով մի զիս երջանիկ տեսնել։

— Ուրե՜մն։

— Բացատրեմ։ Ամուսինդ պայծառ աշխարհ մ՚է քեզ համար, և զավակդ այլ ևս աշխարհ մի որուն վրա կը ցոլա առաջնույն լույսը։ Փոքրիկ սև զանգված մի ոչ միայն անկարող է նսեմացնել այդ երկու աշխարհաց շքեղությունը, այլ ինքը կը խափանի անոնց լուսույն փայլատակմանեն։ Բայց, Զարուհի, ժամանակը կանցնի, թող որ հեռանամ։ Այսուհետև ժամանակ ունինք երկարորեն խոսակցելու։

— Անշուշտ նախ տիկին Հայնուոի պիտ այցելես։

— Մոռցեր էի թե այդ պարտականությունը կատարելու էի նախ։ Ի տեսություն ուրեմն, քույր։

— Երվանդ, կրկին անզամ կը հորդորեմ զքեզ խոհեմությունը ձեոքե չթողլու Սիրանույշի հետ տեսնված ժամանակդ։ Մտածե որ մեկ անխոհեմությունդ թե քեզ և թե անոր տաժանելի կըլլա։ Խորհե և ըստ այնմ գործե։ Եթե զինքն աոանձին տեսնելու հաջողիս մի՛ մոռնար թե շուրջդ լրտեսող աչեր և լսող ականջներ կը գտնվին։

— Երբ կը մտածեմ թե Սիրանույշ իմս էր և հափշտակեցին ինձմե՝ միտքս կը ցնորի։

— Ավելորդ է զայդ հիշելն արդ։ Բայց ըսե ինձ, ե՞րբ պիտի գաս վերստին. գիտես որ ամեն ինչ պատրաստ է զքեզ ընդունելու համար։

— Շնորհակալ եմ, քո՛ւյր։ Սակայն բնավ որոշ պատասխան չեմ կրնար տալ։ Մինչև որ զՍիրանույշ տեսնելու չհաջողիմ չեմ գար, ապահով եղիր։

Երվանդ Զարուհվույն ձեռքը թոթվեց, զմանկիկ գգվեց, ապա ուղևորեցավ դեպի տիկին Հայնուռի տունը։
ԳԼՈՒԽ ԽԵ.

Բաց էր Պ. Հայնուռի պարտեզին դուռը, հոնկե ներս մտավ Երվանդ, ու տեսավ այն վայրերը ուր յուր տարփելվույն հետ բազմիցս շուռ եկած էր։ Բայց երբ նկատեց ավազանի մեջի փոքրիկ տաղավարն ուր գիշեր մի՝ Զարուհվույն հարսանյաց առթիվ, իրարու փոխադարձ հավատարմություն ուխտած էին, ոտքերը սկսան դողալ, և աչերը խավարելով կանգ առավ։ Սակայն շուտ ինքզինքին եկավ սպասավորի մի դեպ իրեն մերձենալը նշմարելով։

Երիտասարդը ճանաչելով այդ մարդը հուզմունքը սաստկացավ՝ զի Հայնուռ ընտանյաց այդ ալևոր սպասավորը գուրգուրանոք կը հսկեր Սիրանույշի մանկության վրա։

— Բարև, Բարսեղ եղրայր, ի՞նչպես ես,— հարցրուց Երվանդ, այլայլությանը հաղթելով։

— Ես աղեկ եմ, փառք Աստուծո․ բայց դուք ինչո՞ւ այդչափ փոխված եք։

— Հիվանդ էի բավական ժամանակ։

— Աստված կատարյալ բժշկության տա։

— Շնորհակալ եմ։ Բայց ի՞նչպես է տիկին Հայնուռը,— հարցրուց, մինչ կը հառաջանար պարտեզին մեջեն։

— Խեղճ տիկինս օր ավուր կը հյուծի և հազիվ մինչև պարտեզ կրնա իջնել երբեմն։ Քանի որ դուք հեռացաք Պոլսեն հանգիստ օր մը չունեցանք։

Հասավ Երվանդ տան առջև, վեր ելավ սանդուղներեն, սպասավորը դուռ մը բացավ, ներս մտավ երիտասարդը, ու դուռը վերստին գոցելով հեռացավ սպասավորը։ Բազմոցին վրա ընկողմանյալ էր կին մի նիհար, դալկահար և հյուծյալ․ Երվանդ հազիվ ճանչցավ զտիկին Հայնուռ, որ նույնչափ դժվարությամբ ճանչցավ զնա։ Երվանդ մոտենալով տիկնոջ ձեռքն համբուրեց, մինչ նա անոր ճակատը կը համբուրեր։ Երկուքն ալ սաստիկ հուզյալ էին, երկուքին աչերեն լուռ արտասուք կը հոսեր, երկուքն ալ անկարող էին խոսելու։

Վերջապես տիկինն ըսավ․ «»Ողորմե՛լի Երվանդ» և ձայն նվաղեցավ։ Հազիվ հազ երիտասարդը կարողացավ պատասխանել․ «նույնչա՜փ ողորմելի մայր»։

Երկուքին այլայլությունը քիչ մի հանդարտելով՝ տիկին Հայնուռ փորձեց անտարբեր կերպարանք մ՚առնուլ, ու սկսավ հարց ու փորձ ընել Հռովմա մեջ ըրած պատկերահանական ուսմանցը՝ տեղվույն սովորության, բարուց, և ունեցած հարաբերությանց վրայոք։

Երիտասարդն ըստ բավականի գոհացուցիչ կերպիվ պատասխանեց տիկնոջ հարցմանը՝ առանց սակայն ամենափոքրիկ ակնարկություն մը ընելու Լեոնարտոյի որ անոր դստերն տխուր արկածից։ Բռնազբոսիկ էր խոսակցության գույնը․ մին՝ ինչպես և մյուսը կզգուշանային թե՛ Պ. Հայնուռի և թե՛ Սիրանույշի անունը հնչելու․ նույնպես կզգուշանային իրենց սրտին դառն վիճակին վրայոք որևէ խոսք մ՚ընելու, թեև վերահասու կըլլային այն տագնապաց որք իրենց վրա կը ծանրանային նույն պահուն։

Լռության մեջ պերճախոսություն մը կա երբեմն որ կը գերազանցե ամեն ճարտարախոսություն, զի լռությունն է բարբառ մեծ վշտաց ինչպես և մեծ ուրախությանց։ Խորունկ զգացումները բառ չունին․ նայվածքը կարտահայտեն զանոնք։

Վերջապես գրեթե կես ժամու այցելութենե վերջը Երվանդ հրաման խնդրեց մեկնելու, և ընդդիմացավ տիկինը․ բայց երիտասարդը ստիպողական պատճառ մ՚առարկելով, և ընդ հուպ դարձյալ այցելու խոստամամբ մեկնեցավ փութով։

ԳԼՈԻԽ ԽԸ.

Շոգենավը Վոսփորի ջուրերուն վրայեն սահելով կը տաներ զԵրվանդ, աչացն առջև պարզելով Ասիո և Եվրոպիո եզերաց հրաշալի տեսարանները ուր բնությունը համայն ճոխությունները լուսո, գույնի և ջրո բովանդակած է միտքն ու սիրտը դյութելու համար։ Սակայն մեր երիտասարդն անտարբեր նայվածք մի կարձակեր շուրջը, և թվեր իրեն թե ժամանակն անշարժության մեջ կեցած էր։ Մեն մի կայարան ուր շոգենավը կը կայներ ճամփորդ հանելու կամ առնելու համար, ոչ ուրիշ բանի կը ծառայեր եթե ոչ հիշեցնելու իրեն թե տակավին հեռու էր այն վայրեն որ լուր գանձը կը պարունակեր։

Բայց հետզհետե հեռավորությունը նվազեցավ, հետին կայարանին հասավ շոգենավը։ Յենիքյոյի առջև վերջապես։ Երվանդին հոգին համայն հուր էր, մարմինը՝ համայն շարժում։ Ցամաք ելավ, կը քայլեր այն անձկությամբ զոր կազդե սիրո տենդը, և սակայն կը թվեր իրեն թե ոտքերն համրաքայլ էին։ հուսկ հետո յուր անհամբեր աչացն երևցավ Դարեհյանի ապարանքը։ Կարծես երիտասարդին անձը քանի մի սրտեր կը բովանդակեր՝ այնչափ բազմաթիվ և ուժգին էին սրտին բաբախումները։ երբ հասավ փողոցի դռանն առջև, դռնապանը ոտք ելավ.

— Տիկին Դարեհյան տո՞ւնն է արդյոք,— ըսավ Երվանդ։

— Ոչ, պարոն։

Կարծես թե մահվան ձայնը հնչեց երիտասարդին ականջին։ Բայց շարունակեց յուր հարցմունքը.

— Ո՞ւր գնաց տիկինը։

Դռնապանը օտարականին համառիլը նկատելով սակավ ինչ զարմացմամբ հարցուց.

— Ո՞վ եք դուք, պարո՜ն։

— Ես յուր մերձակա ազգականն եմ, հեռավոր երկրե կուգամ, և պետք է զինքն անպատճառ տեսնեմ։

— Եթե այդպես է, գործը կփոխվի, վասնզի տիկինը սովորություն չունի օտարականներ ընդունելու տիրոջս բացակայության ժամանակ։

— Կը հասկնամ կատարելապես։ Բայց ո՞ւր է տիկինը։

— Պարտիզի մեջ յուր փոքրիկ բնակարանն է։ Դուք տունը հրամայեցեք, և մենք իմաց տանք իրեն։

— Ոչ, ի՜նչ հարկ զինքն անհանգիստ ընել, միատեղ երթանք իրեն գտնված տեղը։

— Ոչ զոք կընդունի հոն բացի յուր ընտանյաց վերաբերող քանի մ՚անձերե։

— Ես ևս յուր ընտանիքեն եմ, տիկին Զարուհվույն եղբայրն եմ․ ուրեմն առաջնորդե ինձ, խնդրեմ։

Դռնապանը զարմացմամբ երիտասարդին երեսը նայելով ըսավ. — Եթե այդպես է տարբեր բան է։ Ուրեմն, պարոն, ահա տիկնոջ երթալու անտառակին մուտքը,— հարեց,— տանը դռան դիմացի կողմը ընդարձակ դուռ մի ցույց տալով որ առաջինեն փողոցավ մի բաժնված էր։

– Լավ, բայց ո՞ր կողմեն երթալու եմ։

— Երբ ներս մտնեք հոն պարտիզպանաց պիտի հանդիպիք, և անոնք ձեզ կառաջնորդեն։

Մինչ Երվանդ իրեն ցույց տրված դռնեն ներս կը մտներ, պարտիզպանի մի հանդիպեցավ որ զինքը չճանաչելով փորձեց ընթացքը խափանել։

Բայց երիտասարդն ով ըլլալն իմացնելով մարդը հանձնառու եղավ իրեն ընկերանալու մինչև տիկնոջ գտնված վայրը։ Երկուքը միատեղ կելնեին զառիվերե մ՚որուն երկու կողմերը հովանավորված էին թանձրախիտ ծառերե որք իրենց ճյուղերն իրարու հետ միացնելով՝ իբր պատվար կը կանգնեին արեգական ճառագայթից դեմ։ Հոն թռչունք իրենց բույները զետեղած էին, հոն կերթևեկեին, կերգեին, և զայդ վայր սիրով, մեղեդիոք և կյանքով կը լեցնեին։ Անտառակին կատարը ճերմակ փոքրիկ տաղավար մի կը կանգներ դարևոր ծառե մի վարագուրյալ։ Անոր դռան առջև գեղեցիկ ավազան մի կար որուն ջուրերուն մեջեն կարմիր ձուկեր մերթ վեր կելնեին և մերթ ի խոր կը սուզեին։ Այդ ավազանին շուրջը հանգիստ ընելու սահմանված նստարաններ կային կանաչ կաշյոք զարդարված, ուր Սիրանույշ սովոր էր հանգչելու օրվան մեծ մասը ծառին անթափանց հովանվույն ներքև, և ի լուր թռչնոց ներդաշնակությանց։ Ջուրերուն մրմունջը, թևավոր երաժշտաց մեղեդիքը կարծես յուր ցավն օրորելով կը մեղմացնեինք։ Բնությունն և առանձնությունը ամենեն մեծ դարմանն է արմատացյալ վշտաց։

Պարտիզպանն որ կուղեկցեր Երվանդի, կայնեցավ երբ տիկնոջ բնակարանն երևան ելավ, ու զայն ցույց տալով ըսավ.

– Պարո՛ն, քիչ մ՚ալ շարունակեցեք նույն ուղղությամբ և տաղավարին դռան առջև պիտի գտնվիք․ հոն կամ սպասավորի մի պիտի հանդիպիք, կամ նույն իսկ տիկինը պիտի գտնեք մոտակա ծառին ներքև։ – Լավ,— փութաց պատասխանել մեր երիտասարդն՝ որուն այնչափ փափագելի էր Սիրանույշի ներկայանալ առանց վկայի:

Չէր զգար նա թե զառ ի վեր այնչափ արագորեն ելած էր, և թե շունչը բռնվելու վրա էր, կը հառաջանար անհնարին անհամբերությամբ մինչև որ ալևոր ծառի մի ներքև նշմարեց, քիչ հեռավորությամբ, սպիտակազգեստ երևույթ մի որ քամակը կը դարձներ իրեն, և որուն խարտյաշ մազերն ուսերուն վրա կը ծփային։ Նա երկայն նստարանի մի վրա տարածված էր, գլուխը ձեռացը վրա հեցյալ, ու թվեր մտւսծությանցը մեջ խորասույզ

ԳԼՈԻԽ ԽԹ.

Երվանդ ճանչցավ Սիրանույշին ձևն ու մազերը. ոտքերն սկսան դողալ, կանգ առավ վայրիկ մի, մինչ աչերը բևեռած էին սիրեցյալ երևույթին վրա․ և ձեռքերը սրտին վրա դնելով կը ջանալ անոր բաբախումները մեղմել։ Համայն անձն առ այդ փափկասուն էակ կը ձգտեր, ճիգ մ՚ըրավ, թռավ դեպի վայրն ուր գեղանին նստած էր, ու հազիվ կարողություն ունենալով խոսելու։

— Սիրանո՛ւյշդ իմ,— մրմնջեց, անոր առջև ծնրադրելով։

— Ո՜վ Աստված իմ, դո՞ւ ես, Երվանդ, աղաղակեց մանկամարդն՝ անհուն ապշությամբ գրավված։ Վեր ցայտեց տեղեն ու Երվանդին ձեռքեն բռնելով ոտք հանեց զայն. երիտասարդն անհագաբար կը համբուրեր յուր սիրելվույն ձեռքերն անկարող ըլլալով որևէ բառ մ՚արտասանելու։

Սիրանույշ յուր քովը նստեցուց անայլայլելի ընկերն յուր սրտին, մինչ արտասուք յուր այտեբեն վար կը հոսեին։

Իրարու կը նայեին խորհրդավոր լռության պերճախոսում թյամբըչ իրարու փոխադարձ տեսությամբ հրճվելով։

Վերջապես Երվանդ զսպել հաջողելով հոգվույն բուռն եռանդն, ըսավ.

— Միշտ հիանալի ես, ո՜վ իմ կորուսյալ հրեշտակս։

Ապշությունը, և ուրախությունը, զորս ազդած էին հանկարծական գալուստն երիտասարդին՝ անկարող կընեին զՍիրանույշ բառ մ՚արտասանելու։ Աչերն հառած յուր սիրելվույն վրա կը կարծեր երազել, ու ցավ ի սիրտ կը հաստատեր անոր այլակերպությունը:

— Սիրանո՛ւյշդ իմ, խոսե՝ որպեսզի լսեմ ձայնդ որմե զուրկ եմ երկու տարիե ի վեր,— կըսեր Երվանդ։

— Հե՛գ սիրելիդ իմ, որչափ փոխված ես, ավաղ, — մրմնջեց մանկամարդն հեծկլտանոք:

- Զիս արտաքսելովդ կյանքն ալ արտաքսեցիր ինձմե։ Ես կմախք մ՚եմ, իսկ դու միշտ հիանալի ես։ Իրավ է որ այտիցդ վարդերն անցած են, բայց գեղեցկությունդ ավելի իդեական է, ով պաշտելիդ իմ էակ։

– Եթե քեզ չափ փոխված չեմ, կերպարանքս կը ստե սրտիս։

Թե կարո՜ղ ըլլայի հոգվույս վիճակը հայտնելու, կը դատեիր անձամբ թե որչափ ողորմելի եմ ես, ավաղ։

Ամեն ինչ մեռավ հիս նայն վայրկյանեն որ անողոքելի բախտն զմեզ բաժնեց. հիշատակդ միայն կանգուն մնաց, և այդ խիստ նվազ է առ այդ սրտի մի համար որ սիրով կը հորդե։ Հիշատակն անցյալն է, և հոգին ներկայի կը կարոտի՝ թևերն ապագային բանալով։ Ինձ համար ներկա չկա և ապագան մեռած է։

— Խո՛սե, խո՛սե միշտ․ կարծես թե կյանքը կըսկսի շրջիլ ցամքած երակացս մեջ։ Դո՞ւ ես ուրեմն, աչերս չեն խաբեր զիս, Սիրանույշս ես։ Ո՛հ, բայց ոչ, ուրիշի Սիրանույշն ես։

— Այսինքն ուրիշ մի կենացս վրա կիշխե բայց ոչ սրտիս, զի սիրտս քուկդ է ի սպառ։

— Ի՞նչ օգուտ, քանի որ այն բացարձակ տերդ է մինչդեռ ես հեգ վտարանդին եմ։ Սիրանո՛ւյշ, ի՞նչպես քաջությունն ունեցար զիս զոհելու։

— Անձս, սերս, երջանկությունս, զքե՛զ, զամեն ինչ զոհեցի հորս խստութենեն զմայրս ազատելու համար․ և այդ զոհս կատարելու համար նույնիսկ մորս դեմ մաքառեցա, զի կուզեր ցավը իրեն պահել՝ և ինձ զերանություն թողուլ։

— Կը պատուհասեի զայն եթե հայրդ չըլլար։

Այդպիսի հրեշե մի ի՞նչպես հրեշտակ մի ծնավ։ — Մի՛ այդպես նախ ատ անոք խոսիր հորս վրա. նա կենացս հեղինակն է որով պարտիմ միշտ զինքն հարգել:

— Զավակ մի պարտի հարգել և սիրել ծնողքը ոչ թե անկե կյանք ստացած ըլլալուն պատճառավ, այլ ընդունած անձնուրաց ծնողական ծառայութանցն համար։ Քանի՜ցս արդյոք չենք լսած ծնողներ որք կը տրտնջան որդվոցն տալիք կենացն համար։ Կը տեսնես ուրեմն թե իբր հեղինակ մեր կենաց մեծ երախտագիտություն պահանջելու իրավունք չունին։ Ծնողաց կատարած զոհից և հայտնած գորովույն համեմատ պետք է ըլլան և մեր երախտագիտական զգացումները։ Իսկ քու հայրդ թշվառությանդ պատճառ եղավ, ահա անոր մեծագործությունը։

— Հորս արյունը երակացս մեջ կընթանա և այդ բավ է զինքը սրբանվեր հանդիսացնելու համար։

— Նո՞ւյն իսկ երբ երջանկությանդ կործանիչն է:

— Հարկ չկա ըսել քեզ, Երվա՛նդ, թե մարդիկ տարբեր գաղափարներ ունին երջանկության վրայոք։ Մեն մի մարդ յուր տեսության կետն ունի, ընդունած դաստիարակության, ապրած միջավայրին և վկա եղած դեպքերուն համեմատ։ Հայրս կը կարծե թե առանց հարստության երջանկություն չկա, թե փառքն ու պատիվը կը գոյացնեն երանությունը։

Կամքս բռնաբարելով ինքը կը հուսար բացարձակ կորուստե փրկել զիս և հրաշալիք մի գործել պերճանաց կյանք մի պատրաստելով ինձ։ Հայրս երջանկագույնն է արանց քանի որ զիս կանանց երջանկագույնը կը համարի։

— Եվ այդ կը բավե՞ արդյոք հայրդ արդարացնելու համար։

— Բայց հիշե որ ամենքը եթե իրերն ըստ ճշմարտության դատեին ոչ այդչափ մոլորություններ կըլլային, և ոչ ալ այնչափ ընկերության զոհեր։

— Բայց ըստ քեզ, Սիրանույշ, ոչ ոք հանցավոր կլլա աշխարհիս մեջ քանի որ յուր տեսության կետն է հանցավորն, որով մարդուս գործելդեն արտադրված չար հետևանքն արդարանալի են։

— Բայց երկու որոշ կետեր կան զորս իրարու հետ շփոթելու չէ. մին տեսության կետեն բխած չարիքն է, և մյուսը կրից սաստկութենեն։ Առաջին կետին մեջ տգիտություն կա, իսկ երկրորդին՝ չարություն. մին ակամա չարիք մ՚է, մյուսը կամավոր։

— Հորդ ակամա չարիքը, Սիրանո՛ւյշ, նույնչափ աղետալի եղավ մեզ որչափ կամավոր մեծագույն թշնամանքը։

— Այդպես է իրոք։

— Նա հափշտակեց ինձմե ինչ որ կյանք, լույս, հանճար էր հիս, թափառական աննպատակ ուրվական մ՚ընելով զիս, մինչդեռ կրնայի երջանիկ ըլլալ, սերս ու տաղանդս վայելել և կուզե՞ս որ այդ մարդը չատեմ, ու այդ մարդուն դեմ անեծք չարձակեմ։

— Լռե, եթե կը սիրես զիս պետք է հայրս հարգել։

— Հարգե՜լ, ե՞ս։

— Տես, մի՞թե ես նվազ դժբախտ եմ քան զքեզ։ Նայե բանտիս,— ըսավ, յուր բնակատեղին ցույց տալով․— դիտե՛ բանտապաններս, — ավելցուց, աշխատող պարտիզպանները մատնանիշ ընելով։— Հոգիս որ սեր և ազատություն կը շնչեր, արդ զուրկ է մեկեն և մյուսեն։

– Ոհ, Սիրանույշ։

– Դու ազատ ես շրջելու, արտասվելու, գործելու կամ չգործելու, երևալու կամ չերևալու, բայց ինձմե համառ կը պահանջվի շարժմանցս, արտասվացս, գործոցս և բացակայությանցս վրայոք, քանի որ ընկերության օրենքը տեր մի տված են ինձ։ Ես կապբիմ մարդու մի հետ զոր չեմ սիրեր, բայց որուն ամեն պատիվ և ամեն խնամք պարտական եմ նվիրելու։

— Արհամարհանք կը պարտիս անոր և ոչ թե պատիվ։

– Դու կապրիս հիշատակներովդ միայն, երբ իմ բոլոր տեսածներս, լսածներս հակառակ են զգացմանցս ճաշակացս և գաղափարացս․ այսու հանդերձ կը համակերպիմ նսեմ բախտիս և կըսեմ «Այս է կյանքը»։ Մեն մի մարդ տառապանաց բաժին մ՚ունի. իմս ծանրագույններեն է, ու պիտի ընկճիմ անշուշտ բեռիս ներքև․ բայց կյանքն ըստ ինքյան պարտություն մ՚է որ կը հանգի գերեզմանին, և գերեզմանը իմ հանգստյան կայանս պիտի ըլլա։ — Ո՜հ, Սիրանույշ, ի գերեզմա՞ն պիտի եզրականան մեր սիրո գեղեցիկ երազները։

— Անողոքելի պատճառներ այսպես վճռեցին։

— Կրկնե գոնե որ զԴարեհյան բնավ չես սիրեր, տուր ինձ այդ միակ մխիթարությունը։

— Հարկ է՞ արդյոք զայգ զրուցել։

— Նո՞ւյնն է սերդ ինձ նկատմամբ։

— Եվ մի գուցե կարողացա՞ր հակառակը կարծելու։ Ուխտած էի քեզ սիրտս և անձս նվիրելու վերջնույն նկատմամբ պարտազանց եղա, իսկ առաջնույն մասին նույնն է ուխտս։

— Որչա՜փ ատելի է ինձ այդ Դարեհյանը։

— Եվ սակայն պետք է հետը տեսնվիս։

— Ե՞ս, Սիրանույշ, ե՞ս այդ հրեշին հետ տեսնվիմ․ երբեք։

— Ուրեմն զիս ալ տեսնելու հաճույքեն պիտի զրկվիս։

— Ի՞նչ կըսես։

— Անշուշտ։ Այսօր իբր եղբայր զքեզ ընդունեցի ես որ ոչ զոք կընդունիմ առանձին․ իսկ ի՞նչ իրավամբ զքեզ երկրորդ երրորդ անգամ պիտի հյուրընկալեմ այնպիսի տան մեջ որուն տիրոջմե խույս կուտաս դու, և ինչպե՞ս պիտի արդարացնեմ այդ ընթացքդ Դարեհյանի առջև նույնիսկ։

— Ոհ, այդ անունը մի արտասաներ, ականջներս կը խայթե։

— Եվ սակայն։

— Ես կուգամ անտես և լռին և նա ոչինչ կիմանա, Սիրանույշ։ — Մեն մի պահապան՝ լրտես մ՚է հոս արդեն, սակայն եթե երկինքն և անապատը վկա ունենայի ինձ միայն, ոչ երբեք հակամետ պիտի գիտնայիր զիս խաբեության դիմելու, ապահով եղիր։

- Կը ճանաչեմ զքեզ, ո՜վ առաքինության հրեշտակ։

— Պարտականությունս կը պահանջե որ այսպես վարվիմ։ Եթե այլապես գործեի դու ինքդ պիտի ըլլայիր զիս առաջին մեղադրողը։ Դու իմ եղբայրս ես, և իբր այն ճանչցվելու ես տան մեջ։ — Պե՞տք է ուրեմն հանդուրժել այն անօրենին ներկայությանը որ գուցե գոռոզությամբն անշուք վիճակս հեգնե։

— Եթե կը սիրես զիս ու կուզես որ տեսնվինք, ամեն բանի համբերելու ես։

– Քեզ համար ամեն ինչ կը գործեմ, կը սեղմեմ նույնիսկ այն ձեռքը որ երանությունս կործանեց։

Մինչ այսպես կը խոսակցեին մեր երկու սիրահարները, որմին վրայեն զգուշավոր ոտքի թեթև ձայներ լսելով՝ Սիրանույշ ուղղեց երկյուղալի աչերը դեպ այդ կողմ, բայց ոչինչ չտեսավ։

— Ի՞նչ եղար, Սիրանո՛ւյշ, ինչու՞ այդպես այլագունեցար։

— Պատմեմ քեզ, Երվա՛նդ։ Անծանոթ մարդ մի այս որմերուն բոլորտիքը կը շրջեր ստեպ, և օր մի համարձակեցավ նույնիսկ անանուն նամակ մի դնել մինչև նստած տեղս։ Նույն պահուն որ զայդ տեսա այնպես զարհուրեցա որ անմիջապես թողուցի այս վայրը և ապաստանեցա ծովեզերյա տան մեջ։ Բայց կյանքս աոավել ծանր թվելով ինձ հոն, փութացի այստեղ վերադառնալ՝ զոր քու հիշատակիդ ձոնած եմ։

— Բայց հոս արդյոք բավական ապահովություն կա՞ քեզ համար։

— Անշուշտ, մեր հավատարիմ Մելքոնը աչալուրջ կը հսկե անընդհատ։

— Եթե ձերբակալեմ այդ ապիրատը որ կը հանդգնի աչերը մինչև քեզ բարձրացնել, վայ անոր։

— Մի՛ գայթակղական տեսարաններ պատրաստեր, կը հայցեմ քեզ, Երվանդ։

Բայց երիտասարդն արդեն հեռացած էր Սիրանույշի քովեն, և ճիգ կըներ մարդը տեսնելու եթե իրոք հոն էր. սակայն ոչինչ նշմարելով կենդանվո մի քայլից վերագրեց այդ շշուկը:

Մելքոն տաղավարին մեջ Մարիամի դիմաց նստած անոր կը կրկներ նույն գիշերը խաղալիք դերը տիկնոջը նկատմամբ։

Աղջիկը կարտասվեր ըսելով. «Հրեշ մ՚ըլլալու եմ այդպիսի ազնիվ տիրուհվո մի չարություն հասցնելու համար»։

Խղճի այդ արտահայտության առջև Մելքոնի պատասխանը նույնն էր միշտ։ «Ուրեմն, կըսեր, քանի որ զոհ մի չես կարող կատարել ինձ համար, դու զիս չես սիրեր, թող որ հրաժարիմ քեզմե, ու դուն նոր սեր մի փնտրե»։

Եղկելին այնպես բուռն կերպով գրավված էր այն անօրեն մարդեն որ անկարող էր բացարձակ մերժում մ՚ընել, որով նույն ապիրատն իրավունք կունենար յուր ազդեցությունն անդիմադրելի համարելու։

Բայց ահա Մելքոն որ Երվանդին գալուստը կը նշմարե նույն պահուն, ինչպես և Սիրանույշի առջև ծնադրելը ու ձեռքը համբուրելը։ Դիտեց նա ուշադրությամբ անոնց շարժումներն, և շուտով վճռեց թե տարփածու մ՚էր նա յուր տիրուհվույն։ Սիրահարաց խոսքերը լսելու հարկ չկա իրենց զգացման վերահասու ըլլալու համար քանի որ անոնց հայեցվածքը, շարժումը, ամեն ինչ վերջապես զիրենք մը մատնե։

Մելքոն ևս քան զևս կը զարմանար նկատելով այդ նորեկ հյուրը զոր առաջին անգամ կը տեսներ։ Զանոնք լավ լրտեսելու համար ամենայն զգուշությամբ անոնց մոտեցավ թավուտ ծառոց շնորհիվ, որ հաջողեցավ քանի մի բառեր լսելու որք բնավ տարակույս չթողուցին անոնց սիրային հարաբերությանց վրայոք։ Եվ երբ նա Երվանդ անունը լսեց՝ հիշեց թե Զարուհին այդ անվամբ եղբայր մ՚ուներ Եվրոպիո մեջ, ու բնավ տարակույս չունեցավ փեղուրավոր երիտասարդին ով ըլլալուն վրա։

Չար մտաց հատուկ ճարտարությամբը մտածեց թե լավագույն առիթ քան զայս չէր կրնար գտնալ գայթակղական տեսարան մի ներկայելու, Երվանդին ու Ալֆոնսին մեջտեղ կռիվ մ՚արծարծելով։ Շշուկ, աղմուկ, մրցում և գուցե արյուն, ի՞նչ առավել կրնար խնդրել յուր տիրուհին արատավորելու համար։

Որոշված էր որ Ալֆոնս գա նույն օրը, տաղավարին մերձակա վայր մի պահվի անտես Սիրանույշեն, որպեսզի նույն գիշերը իրենց սև խորհրդոց գործադրությունն ընեն։

Մելքոն կը նայեր չորս կողմ, կերթար, կուգար, բայց Ալֆոնս չէր երևնար տակավին։ Օրը վերջանալու վրա էր, գուցե Երվանդ կը մեկներ և ահա գեղեցկագույն առիթը կը կորսնցներ յուր նպատակին հասնելու. մանավանդ որ փոխանակ մեկ սիրահարի երկու նախանձորդներ պիտի հանդիսացներ։ Վերջապես նշմարեց Ալֆոնսի գալուստը, փութաց զինքը դիմավորելու Երվանդի անակնկալ ներկայությունը իմացնելու համար։ Զինքն հորդորեց երիտասարդին ուշադրությունը գրավելու, նախանձը շարժելու, զինքը գրգռելու, կռվո առիթ հայթայթելու, զինքը վիրավորելու և այդ դյուրին էր քանի որ գաղղիացին զինյալ էր մինչդեռ անշուշտ մյուսը զուրկ էր ամեն զենքե։ Բայց միանգամայն կը խրատեր զհակառակորդը չմեռցնելու քանի որ կենդանի սիրահար մի առավել վտանգավոր կը հանդիսանա ամուսնո մ՚առջև քան մեռյալը։

Ալֆոնս ծափահարելով բախտին մատուցած շնորհքին՝ կը պատրաստվեր գործողությունն սկսելու առանո ժամանակի կորստյան։

ԳԼՈԻԽ Ծ.

Գաղղիացի սրիկան աոաջին անգամ մոտեցավ որմին որուն մոտ նստած էր Սիրանույշ Երվանդին հետ, և խոտերուն մեջեն այնպես քայլեց որ երկուքին ուշն արթնցնե առանց սակայն տեսնվելու․ այդ եղանակ մ՚էր կիրքերը շարժելու և մարտը գրգռելու։ Քիչ մ՚անցավ և ահա նույն քայլի ձայներ լսվեցան։ Երվանդ տեղեն ցայտեց երկրորդ անգամ ու որմին վրա նայելով տեսավ երկու փայլուն աչեր որ զիրենք կը լրտեսեին։

Սիրանույշ սոսկալի աղաղակ մ՚արձակեց զգաղղիացին ճանաչելով, իսկ Երվանդ նախատալից ու սպառնական խոսքեր արձակեց մարդուն դեմ։

Ալֆոնս իբր թե սրտմտելով այղ գրգռիչ խոսքերեն, որմեն վար նետվեցավ անմիջապես, ու դաշույն ի ձեռին Երվանդին վրա հարձակելով զինքը թեթև կերպիվ վիրավորեց թևեն, մինչդեռ Սիրանույշ զարհուրմամբ յուր սիրելվույն օգնություն կընթանար յուր փափուկ մարմնովր զայն պատսպարելով և բարձրաղաղակ զՄելքոն գոչելով։

Երվանդ զերիտասարդուհին հեռու կը մղեր հարձակողին ետևեն սուրալու համար։ Բայց Սիրանույշ նկատելով արյունը որ երիտասարդին բազկեն կը հոսեր գետնին վրա՝ հուսահատաբար գոչեց: - Կեցի՛ր, Երվա՛նդ, ո՜հ կը մեռնիմ ես։

Երիտասարդը տեսնելով ողորմելի վիճակը յուր պաշտելվույն, մոռցավ զյուր թշնամին, և ճիշտ ժամանակին հասավ գրկացը մեջ առնելու համար նվաղյալ մարմինը Սիրանույշի։ Այդ պարագայեն օգուտ քաղելով Ալֆոնս խույս տվավ երկու անգամ ատրճանակ պարպելով օդին մեջ՝ պարտիզպաններուն ուշը գրավելու համար։

Արդեն Մարիամ հասած էր յուր տիրուհվույն քով մինչ երկու հակառակորդ իրարու դեմ կը կռվեին, և անկեղծ վշտակցությամբ բարձրաձայն օգնություն կը խնդրեր պարտիզպաներեն։

Ատրճանակին պայթյուններն և աղջկան աղաղակները լսելով՝ սլարտիզպաններր փութացին գալու հայն վայր ուր չարագործություն մը կը մակաբերեին։

Սիրանույշ Երվանդին բազկաց մեջ էր տակավին նվաղյալ, և յուր սպիտակ հագուստին վրա կարմիր կայլակներ կային որք Երվանդին վերքեն կը հոսեին։

Պարտիզպանները տիրուհվույն վիճակը տեսնելով և կասկածելով թե երիտասարդն էր անոր աղետիցը պատճառը սպառնական ձևեր առին։ Բայց Մարիամ իմացուց սխալմունքին՝ հայտնելով թե ոճրագործը փախած էր որմին վրայեն: Մարդիկը չարադրուժին ետևեն արշավեցին, բայց շուտ վերադարձան իրենց ապարդյուն աշխատության վրա ողբալով, քանի որ ձիավորն արագընթաց կը փախչեր լեռնեն, և անհնար էր իրենց հասնելու անոր։

Նույն միջոցին Սիրանույշ կսթափեր ազատ օդին ներգործությամբ, ինչպես և Երվանդին ու Մարիամին խնամոց շնորհիվ։ Երբ աչերը բացավ, առաջին փնտրածն Երվանդն եղավ։ Սա անփույթ յուր վերքին՝ մահաբեր երկյուղ կը կրեր յուր սիրելվույն նկատմամբ։ Մանկամարդր անոր վրայի արյան շիթերը նշմարելով ճիգ մ՚ըրավ Մարիամին հասկցնել տալու համար որ անոր պետք եղած դարմանը հայթայթե շուտ։

Նույն պահուն Մելքոն վրա հասնելով յուր ծառայությունը մատույց, ափսոսալով յուր կարճատև բացակայությանը վրա, երբ նպատակ ունեցած էր, կըսեր, տիկնոջ մեկ հանձնարարությունը կատարելու։ Հուսահատության կեղծ ձևեր ցույց կուտար անօրենը, ըսելով թե ինչ պիտի պատասխաներ տիրոջն երբ իրեն թողած էր տիրուհվույն ապահովության վրա հսկելու պաշտոնը։

Սիրանույշ յուր նստարանին մեջ տարածվեցավ մինչև որ Մելքոն պետք եղած խնամքը մատակարարե Երվանդին, և ապա սենյակն ելավ Մարիամ և Երվանդի օգնությամբ։

Տիկնոջ հագուստը արյամբ ներկյալ էր, և աղջիկն առաջարկեց զայդ փոխելու. բայց նա ընդդիմացավ յուր տկարությունն առարկելով, մինչդեռ բուն պատճառն այդ չէր։

— Երվանդ,— կըսեր հեգ կինը,— սիրելի է ինձ վրաս կրել կենացդ այս սուրբ մասունքը զոր ինձ համար շռայլեցիր։

– Բոլո՜ր կյանքս կը նվիրեմ քեզ, Սիրանույշ։

– Վստահ եմ, ո՜հ։ Բայց դու ո՞ւր միտք ունիս մնալու,– հարցուց անհանգիստ ձևով․– գիտես անշուշտ որ հոս ես չեմ կրնար զքեզ հյուրընկալել։

– Դարձյալ զիս կարտաքսե՞ս ուրեմն։

– Ճակատագիրս է բարյացդ փոխարեն միշտ ապերախտ գտնվիլ:

— Ես որո՞ւ խնամոց կրնամ հանձնել զքեզ։

— Մարիամը կա քովս. բայց երկու աղախիններ ևս թող գան հոս վարի տունեն,- հրամայեց։

– Անոնք սպասարկող ձեռքեր են, բայց ոչ ծառայող սրտեր։

– Մարիամ ինձ շատ հավատարիմ է, վստահ եղիր։ Բայց ինչ որ զիս մտատանջության կը մատնե Դարեհյանի վրա դժբախտ պատահարին ընելիք ազդեցությունն է։ Չգիտես ո՛րչափ նախանձոտ է նա և ո՛րչափ պատվույս նախանձախնդիր։

- Արդյո՞ք նույն չափ նախանձախնդիր է և յուր անձնական պատվույն նկատմամբ։

-Այդ խնդիրը հուզելու ժամանակ չէ արդ։ Անշուշտ այս դեպքին արտադրած առաջին ազդեցությունը նպաստավոր չի կրնար ըլլալ քեզ։ Փութա հեռանալու, ես ամեն ինչ պատմեմ անոր այդ հանդուգն անծանոթին նկատմամբ ինչպես և ինձ մատուցած քու պաշտպանությանդ, և ապա հետը կը տեսնվիս: — Չեմ հասկնար խորհրդածելու եղանակդ։ Չգիտեմ ո՞ւր է ինձ աննպաստ կետը։ Լիրբ մարդ մի կը համարձակի զքեզ նախատելու. երբ քու արժանապատվությանդ պաշտպան կը կանգնիմ՝ կարծեմ թե ինքը շնորհապարտ ըլլալու է ինձ։

Հապճելով Մարիամ սենյակեն ներս մտնելով Դարեհյանի գալուստն իմացուց։

ԳԼՈԻԽ ԾԱ.

Դարեհյանի գալուստը խիստ շուտ հաջորդեց երկու երիտասարդաց կովյուն։ Երբ սպասավոր մի եկավ Մելքոնին իմացնելու թե իրենց տերն զտիկին կը հրավիրեր ծովեզերյա տունն երթալու, ապիրատ ծառան փոխանակ զայդ յուր տիրուհվույն իմացնելու փութաց ինքն անձամբ ներկայանալու յուր տիրոջ, կնոջ հիվանդության լուրը տալու համար անոր։

— Այս առավոտ լավ վիճակի մեջ թողուցի տիկինը, ի՞նչ է արդյոք հանկարծական հիվանդության պատճառը,— հարցուց Պ. Դարեհյան։

– Տեր իմ,— ըսավ Մելքոն,— անծանոթ երիտասարդ մի ներկայացեր է դռնապանին, և հայտնելով թե մեր տիկնոջ մերձակա ազզականն է, պնդեր է զինքը տեսնելու։ Տիկինը ծառին հովանվույն ներքև նստած էր, մինչ ես տաղավարին մեջ զբաղյալ էի։ Ձայն լսելով գլուխս վեր րրի և տեսա մարդ մի ղոր առաջին անգամ կը տեսնեի, և որուն հետ տիկինը ընտանությամբ կը խոսեր։ Եվրոպացի մի կարծեցի զինքը, և փութացի իրենց մոտենալու մեծ անհանգստություն մ՚զգալով, զի գիտեմ թե այդ ձեր կամաց հակառակ էր։ Կամաց կամաց մոտեցա անոնց, ականջ դրի, հայերեն կը խոսեին, ու տիկինը զինքն Երվանդ կանվաներ։ Սիրտս հանգստացավ վասնզի շուտ իմացա թե տիկին Զարուհիին եղբայրն է։

Տիկինը հանձնարարություն մ՚ըրած էր ինձ և փութացի զայն երթալ կատարել՝ պարտիզպանաց կրկին հսկողություն ընելու պարտքը թողլով բացակայությանս ժամանակ։

Տեր իմ, զարհուրեցա երբ տաղավարը վերադառնալով տեսա մեր տիկինը մարած Պ. Երվանդին բազկաց մեջ, ու զգեստներն արյամբ ներկված։ Կարծեցի թե այդ երիտասարդը չարիք մի հասուցած էր տիկնոջը և զինքը կտոր կտոր պիտի ընեի, երբ Մարիամ իմացուց թե…

— Թե ի՞նչ, շարունակե:

— Տե՛ր իմ, ինչպե՞ս ըսեմ…

— Խոսե՛ շուտ, կը հրամայեմ քեզ,— ըսավ Պ. Դարեհյան սրտմտելով։

Եվ մինչ Մելքոն խոսքերը կը ծամծմեր իբր թե չհամարձակելով եղածը պատմելու:

— Անպիտա՛ն դու, խո՛սե շուտ,— գոռաց Պ. Դարեհյան, տեղեն ելնելով և դեպ անոր քայլելով:

— Տե՛ր իմ, կերևա թե բացակայությանս ժամանակ այդ երիտասարդը ազատորեն կը վարվեր, երբ օտարական մի պարտեզին որմին վրայեն եղածը տեսնելով հեգներ է զանոնք ըսելով՝ «Պ. Դարեհյան շատ երջանիկ ըլլալու է կնոջը սրտին ընկեր ունենալով այդպիսի սիրուն երիտասարդ մի»։

Այդ խոսքերը լսելով, և իրենց սիրային վարմունքը վկա մ՚ունեցած ըլլալը հաստատելով՝ Երվանդ օտարականին վրա ուզեր է հարձակիլ․ բայց նա որմեն վար նետվելով հայ հակաոակորդին վրա հրոս տվել է, մինչ սա կը փորձե եղեր մյուսին բռնած դաշույնր ձեոքեն հափշտակելու անոր լեզուն պապանձելու համար։

Բայց տիկինը նկատելով թե Երվանդ վտանգի ենթարկված էր դեպ անոր ընթացեր է ամեն վտանգ արհամարհելով, և աղաղակելով,

— Երվանդ, եթե մեռնիս, ես ևս կը մեռնիմ։

— Թեև հայ սրիկային թևը վիրավորյալ, ու թեև անզեն՝ կաշխատի եղեր մրցիլ տակավին, բայց տիկնոջ աղերսագին ձայնը լսելով սուրացեր է առ այն՝ և զինքը գրկացը մեջ առնելով բավական ժամանակ նվաղյալ պահեր է այնպես։

Նույն միջոցին հարձակող օտարականը փախչելու հաջողեր է հակառակ ջանիցն մեր պարտիզպանաց որք ատրճանակի պայթյուններ ու Մարիամին ճիչերը լսելով վազեր են ի վայր կռվույն։ Զայս ամենայն Մարիամ պատմեց ինձ, ու պարտիզպաններն հաստատեցին ձիավոր օտարականին փախուստը։ Դարեհյանի երեսին գույնը այնպես դեղնեցավ որ կարծես թե դիակ մ՚էր։

— Ի՞նչ ըրիք այդ հայ սրիկան,— հարցուց Դարեհյան, հրացայտ աչոք։

— Տե՛ր իմ, տաղավարն է տակավին, տիկնոջ քով։

- Ո՜վ անպիտաններ․ ձեզմե և ոչ մեկն ուրեմն մարդ եղավ զայն սատկեցնելու համար։ Այդպե՞ս էր ուրեմն ձեր հավատարմությունը, ամենքնիդ ալ կորեք։

— Տե՛ր իմ, հավատարմությանս արհամարհեց ամենայն վարձատրություն որ խոստացվեցավ ինձ լուռ մնալու համար։ Եվ եթե թողացի որ այդ լիրբ երիտասարդը տիկնոջ տունը բնակի, պատճաոն այն էր որ դուք անձամբ զինքը տեսնեք, քանի որ գիտեմ թե կանայք ճարտարամիտ են եղածն ուրանալու և զիս իբր ամբաստանիչ ներկայելու։ Դուք որո՞ւ պիտի հավատայիք, տե՛ր իմ, տիկնո՞ջ թե ինձ․ մանավանդ երբ աղքատաց վկայությունն ոչինչ է հարստաց առջև։

ԳԼՈԻԽ ԾԲ.

Պ․ Դարեհյան հուր բոց դարձած գնաց դեպի կնոջը բնակատեղին նույն միջոցին որ Երվանդ կը պատրաստվեր մեկնելու հոնկե։

Երբ Սիրանույշ իմացավ Մարիամեն ամուսնույն մոտենալը չարաչար հուզվեցավ․ իսկ Երվանդին համայն ատելությունն արթնցավ։

Պ. Դարեհյան կնոջը սենյակը մտնելով գտավ զինքն արյունաներկ զգեստով. քովը երկու սպասուհիք կեցած էին, և քիչ մի հեռու՝ Երվանդը։ Յուր խոժոռ հայեցվածքը Սիբանույշեն երիտասարդին ուղղվեցավ։

— Ո՞վ է սա,— հարցուց կնոջն արհամարհանոք, Երվանդի ակնարկելով։

— Եղբայրս է, պատասխանեց անվեհեր կերպիվ Սիրանույշ, մինչ աղախիններուն նշան կըներ որ սենեկեն դուրս ելնեն։

— Լավ ևս սիրահարս է, ըսե, անպարկեշտ դու կին,— հարեց Դարեհյան։— Զգեստիդ վրայի կարմիր հետքերը լուռ վկաներն են իմ պատվույս կրած նախատանաց։

— Ընդhակառակն,— փութաց պատասխանել Երվանդ, որուն սրտմտյալ հոգին հրդեհ մ՚էր եղած.— այդ արյան կաթիլներն իբր ձեր պատվույն երաշխավորները կրնաք համարիլ:

— Դու, պարո՛ն, ի՞նչ իրավամբ հոս ես, ի՞նչ իրավամբ կինս կը պաշտպանես, և ի՞նչ իրավամբ լրբաբար հետս կը խոսիս։

Դո՛ւրս ելիր հոսկե անմիջապես։

Սիրանույշ բոլոր արժանապատվության զգացմամբը զորացած կը պատրաստվեր խոսելու, երբ Երվանդ զինքն ընդհատելով հպարտ ձևով մ՚ըսավ.

— Ես հոս կը գտնվիմ մեր տղայութենեն ի վեր հաստատված եղբայրական հարաբերությանց իրավամբ։ ԶՍիրանույշ պաշտպանեցի ոչ թե քու անունդ կրելուն՝ այլ քույրս ըլլալուն պատճառավ։ Եվ հետդ կը խոսիմ այն իրավամբ որ ամեն պատվակիր մարդ ունի խոսելու երբ զինքը գրգռեն։

— Չբավեր քեզ տանս մեջ անպատվություն մտցնելը և ահա կը համարձակի՞ս լրբորեն հետս խոսելու կեղծ եղբայրական իրավանցդ վրա վստահելով։ Դո՛ւրս ելիր շուտ հոսկե կըսեմ քեզ, — գոռաց Դարեհյան։

— Ես պիտի ելնեմ հոսկե, պարո՛ն, ոչ թե հրամանավդ այլ երբ ժամանակն հասած համարիմ։

Խնդիրը ծանր կերպարանք մի կառնուր երբ Սիրանույշ միջամտելով թախանձեց որ երկուքն ալ լռեն ու խոսքն իրեն թողուն։

Բայց Պ.Դարեհյան սաստիկ զայրանալով նախատալից անուններ կուտար յուր կնոջ՝ սպառնալով հորը տունը ղրկելու զինքը։ «Թեև չգիտեմ, կը շարահարեր, եթե հայրդ անգամ հանձն կառնու զքեզ ընդունելու հոմանիներուդ պատմությունը և գայթակղական մենամարտությունն իմանալեն վերջը:

— Վա՜յ քեզ, Դա՛րեհյան,— գոչեց Երվանդ, բուռն կրյուք,— վայ քեզ եթե այս մաքրության հրեշտակին անիրավես։ Եթե այլանդակ հայրը զինքը չընդունի, առաքինի մոր գոգը պատրաստ է Սիրանույշին համար. և եթե նույնիսկ այն ևս զինքն ուրանա՝ ես կը մնամ իրեն ծառայելու, և զինքը պատվելու համար իբր թագուհիս։

— Գիտեմ, պարո՛ն, որ ձեր երկուքին փափագածն ալ այն է։ Բայց Սիրանույշ շուտով կը ձանձրանա քու աղքատութենեդ, և ափսոսալով տանս մեջ վայելած ճոխությունը շուտ կսկսի փնտրել։

— Տեսնենք սակայն եթե այդ ճոխություններդ զինքն երջանիկ ըրա՞ծ են։

— Ուրեմն քեզ հաղորդած է յուր սրտին գաղտնիքը։

— Եվ ին՞չ զարմանք եթե այնպես գործած է իսկ։ Սիրանույշ մանկությանս ընկերն է, քույրս է այն։

— Արդյո՞ք վարմունքով եղբայր մի քրոջը հետ կը շարժի օտար հանդիականաց գայթակղություն ազդելու չափ։

— Սուտ կը խոսիս,— գոչեց Երվանդ, սաստիկ զայրույթով։

— Ի՞նչ է ուրեմն այդ արյունը սա կնոջ հագուստին վրա, ապիրա՛տ։

— Արյունը հայտարարություն մ՚է թե լիրբ օտարական մի որ զՍիրանույշ անհանգիստ կըներ անպատկառ վարմունքովը՝ արժանավայել պատիժը պիտի ստանար եթե զենք մունենայի ձեռացս մեջ։

Ես քեզմե տեղեկություն չեմ խնդրեր․ շուտ դուրս ելիր այս խուցեն եթե չես ուզեր ուրիշ եղանակով վռնտվիլ։ Ես քեզ հետ գործ չունիմ, ասոր հետ հաշիվ ունիմ կարգադրելիք,— ըասվ, յուր կինը ցույց տալով։

— Եվ ի՞նչ կը կարծե՛ս գործել, պարո՛ն։

— Եվ տեր եմ գործելու, ըստ իրավանց նախատյալ ամուսնո, քեզ համար տալու պետք չեմ տեսներ։

— Եվ դու կը կարծես թե անմեղությունը հրեշի որկորին զոհ ըլլալու պիտի հավան՞մ երբեք։

— Երվանդ,— գոչեց Սիրանույշ,— հանուն մեր անարատ զգացմանց թող այս խուցը ու մեկնե։ Իբր շնորհք, իբր առհավատչյա մեր բարեկամության կը խնդրեմ զայդ քեզմե։

— Եվ ո՞վ ունիս զքեզ պաշտպանելու,— հարցուց Երվանդ։

— Անմեղությունս։ — Անմե՜ղությունդ, խեղճ Սիրանույշ։ — Ագան կամ անագան կը հաղթանակե այն։ Կը նախանձեմ քեզ մեկնե, ու թող զիս առանձին որ ամեն ինչ խոստովանիմ։ Քո ներկայությունդ վիճակս կը դժվարացնե հանցավորի մի դիրք տալով ինձ։ Ուրեմն բարով մնաս, Երվա՛նդ։

— Բարով մնաս, Սիրանույշ, քանի որ կը հրամայես։

ԳԼՈԻԽ ԾԳ.

Երբ Դարեհյան առանձին մնաց կնոջ հետ, ծանր կերպարանոք հարցուց անոր ի՛նչ փաստերով ինքզինքը պիտի արդարացներ։

— Ճշմարտությամբ,– պատասխանեց Սիրանույշ։

— Գուցե շինծու ճշմարտությամբ, կին դու կեղծ։

— Խնդրեմ քեզմե որ առավել պատկառանոք խոսիս հետս մինչ հավարտ խոստովանությանս։

— Մտիկ կընեմ,— ըսավ ամուսինը, հեգնական ձևով, և նստարան մ՚առնելով կնոջ դեմ բազմեցավ։

— Խնդրեմ լուր ինձ առանց զիս ընդհատելու, ապա ազատ ես պատասխանելու։

— Մտիկ կընեմ,— պատասխանեց դարձյալ Պ. Դարեհյան կծու ժպտով, և այսպես խոսեցավ Սիրանույշ․

— Ես Երվանդին հետ անցուցի մանկությունս։ Ինքը ինձմե քանի մի տարու մեծ էր։ Ազատամիտ անձե մի պաշտպանվեցավ յուր մանկությունը, ու ինչպես գիտես արդեն որ անոր քույրն ալ ծնողքս խնամեցին։

Երվանդ ընդունեցավ ուսումն և լավ դաստիարակություն, ու գրեթե իմ ուսուցիչս եղավ, այնչափ ներգործեց սկզբանցս ու գաղափարացս վրա։

— Հարե նաև զգացմանցս,— ըսավ Դարեհյան հեգնությամբ։

— Եթե ժամանակ թողվիր զայդ ևս պիտի ավելցնեի։ Աճեցանք միատեղ տղայական սիրով․ բայց օր մի երկոքին ևս զգացինք թե սուրբ և անհուն զգացում մի մեր հոգիները գրաված էր։ Փոխադարձ խոստովանություն մ՚ըրինք իրարու խոստանալով մշտատև հավատարմություն։ Ինքն աղքատ էր և հայրս հարուստ։ Յուր աղքատությունը ինձ համար թերություն մի չէր, և ես պատրաստ էի իրեն բախտակից ըլլալու եթե հայրս նույն ձևով ըմբռներ կենաց խնդիրը։

Երվանդ նկարչական տաղանդ ուներ, որոշեցինք ուրեմն որ Հռովմ երթա կատարելագործե զայն, յուր հանճարովն ընկերական վայելուչ դիրք մի պատրաստելով ինքն իրեն, և զիս ստանա իբրև մրցանակ յուր աշխատությանց։

Զարուհվույն հարսանյաց գիշերն իսկ երբ մենք սուրբ ուխտը կընեինք իրարու հավատարիմ մնալու, դու զիս տեսար, և օր մի՝ խնդրեցիր զիս հորմես ի հարսնություն։ Հայրս հավանեցավ առաջարկդ ընդունեք առ անց իմ հաճությունս ստանալու: Բայց երբ յուր որոշումն իմացա, ընդդիմացա սաստիկ: Հայրս վշտացավ, սրտմտեցավ, սպառնացավ, սակայն ես մերժմանս մեջ հաստատ կեցա։

– Այնպես որ վերջապես հոժարակամ հաճեցար։

– Կը սխալիս, հոժարակամ չհաճեցա՝ այլ իբր որդիական սիրո ողջակեզ զոհվեցա։

– Զայդ չեմ հասկնար։

Կը հասկցնեմ եթե քիչ մի համբերես, մանավանդ թե չընդհատես: Հայրս զքեզ փեսա ունեիր իրեն մեծ փառք կը համարեր քանի որ հարուստ էիր և տիտղոսներ ունեիր. իսկ մայրս՝ որ երջանկությանս միայն նախանձախնդիր էր, նեցուկ կանգնեցտվ ինձ հորս դեմ, և այդ վամրունքովը յուր ամուսնույն հարստահարությանց առարկա եղավ։ Հայրս իմ աննկուն կամքս բռնաբարելու դիտավորությամբ զմայրս նախատալից խոսքերով հարվածեց։ Ծանր թվեցավ ինձ այդ մայրենի մարտիրոսությունը. սաստիկ հուզվեցա ու հիվանդացա։

Մայրս կասկածելով թե կյանքս վտանգի մեջ էր, տքնելով, վարանելով, վախնալով, ինքն ևս հիվանդացավ, այնպես որ մահվան դուռը հասավ, ու բժիշկներն ամեն հույս կորուսին։ Անձս մորս դահիճը համարելով ուխտ ըրի զոհվիլ եթե նա ի կյանքս վերադառնար։ Մայրս առողջացավ, և դու եղար իմ բախտիս տերը։

– Բայց ոչ սրտիդ, ըսել կուզես։ — Սիրտս իմս չէր, խոստովանեցա արդեն։

— Այդ վարմունքդ պախարակելի է։

— Բայց դու բնավ փույթ չըրիր տեղեկանալու եթե սիրտս, ազա՞տ էր, և եթե կարո՞ղ էի զքեզ սիրելու․ հորս հավանությունն ստանալով դու գոհ եղար։ Դու անձս ուզեցիր և անձս ստացար հետևապես իրավունք չունիս գանգատելու եթե սիրտս ուրիշի պահեցի և պիտի պահեմ ցկյանս։

— Եվ այդ պատճառավ անշուշտ առատաձեռն շնորհքներովդ ուզեցիր զայն ապացուցանել քիչ հառաջ։

— Լուր ինձ, Դարեհյան, ես զքեզ չեմ սիրած և պիտի չսիրեմ երբեք։ Սակայն վստահ եղիր որ ամուսնական պատիվդ անարատ է և պիտի ըլլա. ոչ թե քու անվանդ արատ չբերելու համար, քանի որ զայն տղմաթաթավ ըրած ես. ոչ թե արժանապատվությունդ պահելու համար, քանի որ դու իմս ոտնակոխ ըրիր արդեն. ոչ թե քեզ նկատմամբ երախտագիտական զգացումե դրդվելուս համար, քանի որ դուն մեն մի օր լքման, առանձնության և բանտարկության դատապարտած ևս զիս.և այլ վասնզի իմ կանացի արժանապատվությանս ու անձնական պատվույս ես ինքս նախանձախնդիր եմ․ վասնզի կուզեմ մեծ և անարատ ըլլալ իբր կին, և իբր այն սիրվիլ Երվանդեն ու հարգվիլ ամենեն։

— Իրոք զարմանալի կը թվին ինձ այդ տրամադրություններդ և սկզբունքներդ հիանալի երանի թե նույնչափ գեղեցիկ ըլլար և գործելու եղանակդ։

— Գիտեմ որ մոլությունը չըմբռներ առաքինությունը, և չհավատար վեհ վարմունքի, և սակայն ես ճշմարտությունը կը խոսիմ քեզ։

— Ավարտեցի՞ր ըսելիքդ արդյոք։

— Ոչ տակավին, երբ լմնցնեմ կիմացնեմ քեզ և դու կը պատասխանես հայնժամ։ Քիչ մի ևս ուշադրություն կը խնդրեմ։

—Ուշադիր եմ։

—Իմ կյանքս այսուհետև զոհ մ՚է զոր կամովին նվիրեցի մորս, զոհն է իմ սրտիս, երազներուս և երջանկությանս։ Քու մեկ վաղանցուկ քմահաճությունդ ու հորս փառասիրական կամ թյուր գաղափարը երանությանս շենքը տապալեցին։ Այո, կենաց զոհն եմ, և ըստ այնմ կը հպատակիմ այն վիճակին որ քեզ նկատմամբ և կամ ընկերային պահանջմանց վերաբերությամբ պարտականության վրայոք ունեցած գաղափարս պատրաստեց ինձ։ Կապրիմ քեզ հետ թեև անառակ վարքովդ հոգիս վիրավորած ես ուժգին՝ զազիր կին մի ինձ վերադասելովդ։ Մի՛ կարծեր թե կնոջ սիրտը կրնա մոռնալ երբեք իրեն դեմ եղած նախատինքը, երբե՜ք, երբե՜ք։ Ազատությունս բռնաբարած ես, երիտասարդությունս կը թարշամի, կզգամ թե կը մարի հիս ինչ որ մտավորական հուր է, և կիմանամ թե կսպառի հիս ինչ որ սիրո հանք մ՚էր։ Այդ ամեն բանի կը հանդուրժեմ, կը համակերպիմ, վասնզի ընկերությունն ինձ իրավունք չտար ընդդեմ վարմունքիդ բողոք բառնալու, վասնդի իրավունք չտար ինձ քեզմե բաժնվելու կնոջ հպատակող հանգամանաց հակառակ չգործելու համար։ Եվ սակայն ընկերությունը չուզեր հաշվել հոգվույս ներքին կռիվը, պատրանքս, լքումս, դառնություններս, և քեզնով կրած մարտիրոսություններս։

Դարեհյան լուռ կեցած մտիկ կըներ զինքը դատապարտող խոսքերուն

Դո՛ւ,– հարեց սրտմտյալ կինը,— ի լուր աշխարհի գլայթակղական կյանք մի կը վարես, և սակայն ընկերությունը քեզ դատախազ չկանգնիր, ամեն ուրեք պատվով կընդունվիս ու կը մեծարվիս։ Բայց դու կը հանդգնիս զիս նախատելա, զիս պարատավորելու, զիս պիղծ, ուխտադրուժ կին համարես, որովհետև Երվանդ ձեռքս համբուրած է։ Դարեհյան, զայն լավ միտքդ պահե թե Երվանդ եղբայրս է և եղբայրս պիտի մնա։ Ահա ըսելիքս լմնցավ, կրնաս և դու խոսիլ եթե կը կամիս։

Դարեհյան բերանաբաց կը մնար կնոջն այդ համարձակ փաստաբանությունը լսելով, մինչ կը կարծվեր թե այն բառ մի չի պիտի ունենար յուր անձը արդարացնելու համար։ Կը հիանար իրոք առանց սակայն բոլորովին համոզվելու անոր անմեղությանը վրա։

— Համարելով,— ըսավ կնոջը,— թե ըսածներդ ստույգ ըլլան, ի՞նչ հարկ ուրեմն որ Երվանդ մենամարտության դիմեր եթե գրգռված չըլլար: — Հայերն իրենց փառք կը համարին լռությամբ պատասխանել նախատանանց։ Որչափ նախատինք մ՚անխոս մարսվի, այնչափ իրենց համբերատարության և արժանապատվության ի նպաստ գործած կըլլան։ Բայց չէ այդպես եվրոպականաց կամ եվրոպական ոգվով սնած անձանց համար։ Փոքրիկ նախատինք մի կենաց և մահու խնդիր կըլլա, մինչդեռ զայն անխոս տանիլը վատության նշանակը համարվի։ Երվանդ որ եվրոպական դաստիարակություն մ՚առած է, տեսնելով որ լիրբ օտարական մի հանգստությունս կը վրդովեր՝ ուզեց անոր դաս մի տալ։

— Բայց ինչո՞ւ ուրեմն այդ օտարականը ըսեր է թե «Պ. Դարեհյան շատ երջանիկ ըլլալու է կնոջը սրտին այդպիսի սիրուն ընկեր մի ունենալով»։

— Այդ կատարելապես սուտ է,— գոչեց Սիրանույշ, աչերեն բոց արձակելով։— Պատմեմ քեզ եղելությունը։

— Մտիկ կընեմ։

— Քիչ ժամանակե իվեր անծանոթ մարդ մի, զոր եվրոպացի ըլլալը կը մակաբերեմ, այդ տաղավարին շուրջը կը դառնար. տեսա զինքը բայց անտարբերությամբս արհամարհեցի։ Օր մի հանդգնեցավ միչև նստած տեղս նամակ մի դնելու հայնժամ բնավ մարդու մի երկյուղս չհայտնելով՝ թողուցի այս վայրը ու վարի տունը իջա։ Մեծ զոհ մ՚էր այդ ինձ համար, ուստի վերադարձա հոս կրկին՝ հսկողություն պատվիրելով Մելքոնին։ Սա զիս ապահովեց թե ոչ երբեք պիտի տեսնեմ այդ օտարականը վերստին զոր ինքն ևս դիտած էր, և որուն ցույց տված էր բազկին ույժը, կըսեր։

Այսօր Երվանդին հետ նստած երբ կը խոսակցեինք, լսեցի ոտքի ձայներ, գուշակեցի ինչ ըլլալը, եղածն Երվանդին իմացուցի։ Եվ երբ հաստատեցինք թե այդ անծանոթ մարդն եկած էր դարձյալ բնակարանիս շուրջը թափառիլ, Երվանդ զինքը հանդիմանեց, որով նա սպառազեն անոր վրա հարձակեցավ։ Ես այս տեսարանեն սարսափած խնդրեցի Երվանդին որ վերջ տա կռվույն, և ապա կերևա թե նվաղեցա։ Երվանդին թևը վիրավորելով անոր արյունը հագուստիս վրա վազեց մինչ նա կը ջանար զիս սթափելու։

— Ո՞ւր էր Մելքոն նույն միջոցին։ – Կոչեցի զինքը առանց բնավ պատտասխան առնելու. կըսեր թե բացակա էր։

— Բայց ինչո՞ւ բնավ բան մի չհայտնեցիր ինձ այդ օտարականին վրայոք։

– Ե՞րբ դու փույթ ըրիր արդյոք ներքին վիճակս ճանաչելու։

– Ինչ որ անվանս կը վերաբերի՝ իմ պատիվս է, չգիտե՞ս զայդ արդյոք։

– Ոչ զոք։ Դարեհյան, առավել նախանձախնդիր կը համարիմ պատվույս քան նույն իսկ իմ անձս։ Զարմանալի կը թվի ինձ սա կետը թե դու քո պատիվդ ոտնակոխ կընես, նվաստ և արհամարհելի հարաբերությանց մեջ ապրելով առանց բնավ խղճմտություն ընելու։ Եվ երբ գործը իմ պատվույս կը վերաբերի զարմանալի դյուրազգացություն կը հայտնես այդ մասին։

— Չգիտե՞ս դու արդյոք թե այր մարդն ազատ է և թե անոր վրայեն արատը կը սահի աներևույթ ըլլալով, մինչ կնոջ վրա անջնջելի կերպիվ կը դրոշմվի։

- Այսինքն կուզես հաստատել թե արք այնչափ վարժ են ստելու, ուխտադրուժ հանդիսանալու, արատավորելու ապականյալ մթնոլորտի մեջ, որ իրենք անբարոյականության սև հատակ մի ձևացնելով որևէ խավար կետ աննշմարելի կը մնա հոն։

— Բայց չըսես ի՞նչ են կանայք. մի՞թե նույնչափ ապականյալ չեն անոնք, մի՞թե նույնչափ խարդախ և ուխտադրուժ չեն արդյոք։

— Եթե կատարելապես ձեզ կը նմանին կանայք ինչո՞ւ ուրեմն այդչափ խիծ ու բիծ կորոնեք անոնց ընթացքին մեջ։ Կամ խոստովանեցեք թե անոնք անհամեմատ կերպիվ կը տարբերին ձեզմե բարոյականության ու վսեմ զգացմանց մասին և կամ եթե ձեզի պես հավասարորեն աղարտյալ են, զիրենք դատապարտելե դադրեցեք։

—Կանայք մոլորության գործիք են մեզ համար։

-Ո՞ւր է ուրեմն ձեր զորությունը եթե անկարող եք դիմադրել անոնց հրապուրանաց։ եթե կընկճիք անոնց առջև ուրեմն չեք զորավոր սեռը, ինչպես կանվանեք զձեզ։ — Բայց կրնա՞ս ուրանալ թե ապականյալ կանանց մեծ թիվ մի չկա։

– Զայդ չեմ ուրանար և կը խոստովանիմ թե իրենց սեռին հրեշներն և իրենց սեռին ամոթն են։ Երկու դասու բաժնե զկանայս. մեկը անասուն կանանցմե կը բաղկանա, և մյուսը ճշմարիտ առաքինի կանանցմե որք արդի դաստիարակության թերությանց, անբարոյականության հորձանաց գայթակղական տեսարանաց, ու նույն իսկ իրենց զգացմանց դեմ դնելով՝ հանդիսացած են տիպար մաքրության, մեծության և բարոյականության։

– Բայց դու կսիրե՞ս զԵրվանդ:

– Այդ նոր բան չէ։

– Եվ պիտի սիրե՞ս միշտ։

– Միշտ։

– Եվ ես այդ բանին պիտի հանդուրժե՞մ։

– Հանդուրժեցիր մինչև ցարդ։

– Կանգիտանայի զայդ։

– Սակայն երբեք զգալ չեմ ձևացուցած քեզ նկատմամբ սեր մի զոր չեմ զգացած, և դու բնավ ջանադիր չեղար սրտիս վիճակը ճանաչելու։ Իբր կարասի մ՚ընտրեցիր իմ անձս արտաքին ձևերեն դատելով զիս. և իբր կարասի մեկ կողմ թողուցիր երբ բավականացար։ Ես իբր կենակիցդ՝ զքեզ արտաքին հարգանաց ցույցերով պատվեցի, և դու գոհ եղար զառավելն չորոնելով։ Դու երջանիկ կապրեիր առանց գիտնալ ուզելու եթե ես ևս երջանիկ էի։

Դարեհյան չարաչար կը նեղվեր կնոջն իրավացի կշտամբանքներեն․ և հարձակողական դիրք մ՚առնելու համար հարցուց անոր.

– Ո՞վ կապահովե զիս թե դու անմեղ ես։

– Նույն իսկ ճշմարտության ձայնը զոր իմ բերնես կը լսես։

-Եվ ո՞վ գիտե եթե ճշմարտության ձայն ըսածդ նույն իսկ սուտը չէ։

-Ինչո՞ւ և դու, Դարեհյա՛ն, նույն քաշությամբ չխոսեցար երբ ես զքեզ բռնեցի քու սիրուհվույդ միատեղ. ինչո՞ւ կարկամեցար, ինչո՞ւ լռեցիր, ինչո՞ւ թախանձեցիր հայնժամ: Տե՛ս, ես որչա՜փ տարբեր կերպիվ վարվեցա. ոչ չռեցի, ոչ շվարեցա, և ոչ ալ աղաչեցի, զի ճշմարտությունը խոնարհիլ չգիտեր, այլ միշտ բարձրահոն կը կանգնի։

Դարեհյան ապըած լուռ կը կենար կնոջը սեգ խոսքերը լսելով։ Կարծես թե Սիրանույշ թագուհի մ՚էր, և ինքը անոր հպատակը։ Բայց անոր իշխող ազդեցութենեն ազատելով ուզեց վերստին հարձակողական ձև մ՚առնուլ և հարցուց անոր.

— Դու ուրեմն կը համարձակիս հայտնելու թե զԵրվանդ սիրելու պիտի շարունակես։

— Այո՛, հոգվույս ամենայն զորությամբ, և սիրո ամենայն սբրությամբ։

— Բայց ես կիմացնեմ քեզ որ թույլ չեմ տար որ զինքն ընդունիս. և եթե հակառակ կամացս վարվիս բնավ ներում չես ստանար ինձմե։

— Ես ներումն չեմ հայցեր երբեք. արժանապատվությունս և անարատ վարմունքս պետք չունին ներման։

— Սակայն ո՞վ կապահովե զիս թե դու իմ կամացս դեմ չպիտի գործես։

— Ե՛ս։

— Եվ ո՞վ կերաշխավորե ինձ քեզի համար։

— Իմ պատիվս, և նույնիսկ Երվանդին համար ունեցած հարգանքս։

— Ուրեմն չպիտի՞ տեսնես զենքը:

— Այսինքն հոս զինքը չեմ ընդունիր. իսկ եթե պատահմամբ հանդիպիմ իրեն զայդ կիմացնեմ քեզ։ Միայն թե պայման մի կը դնեմ․ եթե մահս մոտենա պիտի պահանջեմ զինքը վերջին անգամ տեսցնել, գիտցած եղիր։

Դարեհյան կը զարմանար ևս քան զևս այդպիսի հանդուգն մեծանձնության վրա որուն գաղափարն իսկ չուներ։ Եվ ճնշելով հոգվո այդ բարձրութենեն որ իրեն դեմ անվեհեր կը մաքառեր, կը պատրաստվեր ծովեզերյա տանը վերադառնալու՝ երբ Սիրանույշ ըսավ.

— Կիմացնեմ քեզ թե Երվանդի պիտի գրեմ անգամ մի՝ զինքը չընդունելու որոշումս իմացնելու համար իրեն։

Այսչափ հուզմունք, կիրք, ցասումն ոգեսպառ ըրած էին հեգ կինը. անկավ բազմոցին վրա, և զՄարիամ կոչելով անոր խնամքը խնդրեց։

Դարեհյան հանձնարարեց զյուր կինն աղախիննեբուն, և Մելքոնին իմացուց թե զինքը պատասխանատու կը համարեր որևէ անախորժ դիպվածի համար որ կրնար պատահիլ մինչև օրն այն հորում Սիրանույշ վերջնական կերպիվ պիտի կարողանար փոխադրվիլ ծովեզերյա տունը, զի այդ տաղավարը ոչ ևս ապահովություն կազդեր իրեն։

Մելքոն տիրոջը դժգոհ կերպարանքը նկատելով կասկած ունեցավ թե մեղսալից ընթացքը գուցե լավ հետևանք չունենա, և նեղանալով գոչեց. «Կանայք սատանաներուն քույրն են. Աստված ազատե մարդն անոնց լեզվեն»։

ԳԼՈԻԽ ԾԴ.

Դարեհյան կնոջմե հեռանալով անոր ըրած ազդեցությունն հետզհետե տկարացավ։ Սկսավ խորհիլ, վարանիլ․ Սիրանույշի համարձակ խոսելու եղանակն անկեղծությանը վրա տարակույս չէր թողուր։ Բայց յուր հավատարիմ Մելքոնը բոլորովին տարբեր պատմություն մ՚ըրած էր իրեն անցյալ դեպքերուն վրա։ Կը մտածեր թե այդ մարդն ի՞նչ շահ կրնար ունենալ զյուր տիրուհին արատավորելու քանի որ անոր բարությունները կը վայելեր և այդ մատնությամբը անոր առատաձեռնություններեն պիտի զրկվեր։ Ստախոս մի կար, բայց ո՞վ էր, Սիրանույշ թե Մելքոն։ Յուր կինը ամեն շահ ուներ ճշմարտությունը ծածկելու, իսկ Մելքոն ոչ միայն առավելություն մի չուներ, այլև վնաս կը կրեր խոստովանությամբ։ Ուրեմն Սիրանույշ ըլլալու էր հանցավորը, և սակայն ի՜նչ կորով խոստովանությանը մեջ, ի՜նչ համարձակություն սերը հայտնելու մեջ։

Այս անորոշության մեջ կը ծփար նա երբ հրաման ըրավ որ Մելքոն գա ներկայանա։

— Եկավ սպասավորը կեղծ խոնարհությամբ կայնեցավ տիրոջն հանդեպ, ձեռքերը կուրծքին վրա դրած, և աչերը գետինը բևեռած։

— Մելքո՛ն,— ըսավ Պ. Դարեհյան,— քու պատմածդ տիկնոջ ըսածներուն հետ բնավ հարաբերություն չունի։ — Տե՛ր իմ, ո՞ր հանցավորը հանցանքն կը խոստովանի։

— Բայց պատմության ձևին մեջ ճշմարտությունը կը հայտնվի:

— Քանի որ ինձ հավատացիք առաջին անգամ հայտնի է որ պատմությանս ձևը ճշմարտությունը կը պարունակեր։

— Բայց քանի որ երկուքեն մեկը սուտ խոսած է ո՞վ կապահովեր զիս թե սուտ խոսողը դուն չես։

— Տե՛ր իմ, պարոնը զոր անձամբ տեսաք, ըսածս կը հաստատե։ Իրավունք չունեի՞ ըսելու թե դուք ձեր աչոքն եթե չտեսնեիք զինքը՝ տիկինը կարող էր անոր ներկայությունը ուրանալ։

— Դու ներկա չէիր մինչ այդ պատմած անցքերդ տեղի կունենային. ուստի ի՞նչպես կրնաս հաստատել թե պատմածիդ մեջ սխալմունք չկա։

— Տեր իմ, ժամանակին հասա աչոքս տեսնելու համար թե տիկինը այդ պարոնին գիրկն էր:

— Բայց այդ երիտասարդր տիկնոջ գրեթե եղբայրն է:

— Տեսածս հետևանքն էր չտեսածիս։

— Ո՞վ է ուրեմն վկան չտեսածիդ։

— Մարիա՛մը, տեր իմ։

— Մարիա՞մը։

— Այո՛, տեր, Մարիամն իսկ։

— Թող Մարիամը շուտ հոս բերվի։

Մինչ Մելքոն կը պատրաստվեր երթալ աղջիկը կոչելու.

— Դո՛ւ տեղդ կեցիր,— հրամայեց Դարեհյան,— ուրիշ սպասավոր մի երթա զինքը կոչելու։

Զանգակը զարկավ Դարեհյան, սպասավոր մի ներկայացավ։

— Գնա՛ Մարիամին ըսե որ անմիջապես հոս գա։

Մեկնեցավ սպասավորը մինչև Մելքոնի սիրտն սկսավ տրոփել թե գուցե աղջիկը ստելու կարողություն չունենա։ Ինքն ուզած էր երթալ զինքը բերելու որպեսզի ժամանակ ունենա անոր սրտին խոսելու, և այդ հաշիվը չի կարողացավ զործադրել։ Ի՞նչ պիտի ըներ Մարիամն արդյոք, պիտի մատնե՞ր զինքն զտիրուհին ազատելու համար։
ԳԼՈԻԽ ԾԵ.

Երբ Մարիամ սենեկեն ներս մտավ, Պ. Դարեհյան հրաման ըրավ Մելքոնին որ դուրս ելնե։ Մինչ քամակը դարձուց տիրոջը՝ սենեկեն դուրս երթալու ժամանակ այնպիսի թախանձալից ակնարկ մ՚արձակեց աղջկան որ ասոր բոլոր էությունը սասանեց։

—Մա՛րիամ,— ըսավ Դարեհյան,— Մելքոն կը հաստատե թե դու տիրուհվույդ անվայել ընթացքը տեսած և վկայած ես։ Հանուն Աստուծո կերդմնցնեմ զքեզ որ շիտակ խոսիս։ Եթե տիկինդ իրոք հանցավոր է՝ տանս մեջ ոչ ևս կրնա բնակիլ իսկ եթե Մելքոն համարձակեցավ տիրուհվույն դեմ այդպես աններելի ամբաստանություն մ՚ընել՝ պիտի խստիվ պատուհասվի։ Դատե՛ ուրեմն թե վկայությունդ ի՛նչ կշիռ ունի։ Իսկ եթե խաբես զիս չարաչար պիտի պատժեմ զքեզ, գիտցած եղիր։

Ճշմարտությունը զոր կը խնդրեր Դարեհյան՝ Մելքոնին դատապարտությունն էր։ Ինքն Մարիամ յուր պաշտած առարկային պատուհասն ըլլալեն նախապատիվ կը դասեր մահը։ Իսկ յուր սիրահարը ազատելու համար մատնե՞ր նվիրական տիրուհին, երբ այն թե՛ յուր և թե՛ ընտանյացն բացարձակ բարերարուհին էր։ Ո՛չ, ո՛չ։

Բայց երբ վճռողական բառը հնչելու վայրկյան հասավ, Մարիամ զարհուրեցավ, լեզուն կասեցավ։ Երկուքեն ո՞րը զոհեր։ Այս խորհրդածությունները փայլակի արագությամբ անցան մտքեն, հետևապես երկար չեղավ ընելու որոշումը։

— Տեր իմ,– ըսավ Մարիամ,– տիրուհիս հրեշտակ մ՚է, իսկ Մելքոն ծառայության մեջ վիճակակից ընկերս է։ Ոչ մին և ոչ մյուսը կը դատապարտեմ։

– Կը հրամայեմ քեզ խոսելու։

— Ոչինչ ունիմ խոսելու։

– Զքեզ խստիվ կը պատժեմ։

– Պատրաստ եմ ձեր վճռույն հպատակելու․ նույն իսկ եթե մահ սպառնաք ինձ ոչինչ ունիմ հայտնելու։

—Ուրեմն կը համառիս գիտցածդ ծածկելու։ — Տեր իմ, ոչինչ կը ծածկեմ։

Պիտի զղջաս զի զքեզ գործակից պիտի նկատեմ հանցավորին։

— Իբր հանցավոր թե այժմեն զիս պատժեք առանց տրտնջանաց ձեր հրամանին կը հպատակիմ։

Դարեհյանի սրտմտությունը չափ չէր ճանաչեր ալ։

ԳԼՈԻԽ ԾԶ.

Սոսկավիթխար ու ահարկու կերպարանոք դաղմատացի մ՚էր Պ. Դարեհյանի դռնապանր։ Դաղմատացվոց հավատարմությունն իրենց տիրոջը նկատմամբ մինչև անձնուրացության վերջին կետը կը հասնի, գուցե օր մի նույնչափ մեծ վրեժխնխրության զգացման վերածվելու համար, երբ համարին թե անիրավության զոհ են իրենք։ Արդ Պ. Դարեհյանի դռնապանը կատարյալ դաղմատացի մ՚էր յուր հանգամանոքն, հետևապես կասկածանաց բնավ տեղի չէր տար եթե Մարիամ անոր խիստ հսկողության հանձնվեր։ Ողորմելի աղջիկն այդ դռնապանին հսկողության հանձնվելով առանձին սենյակի մեջ բանտարկվեցավ․ նույն հսկողության ներքև մտավ նաև Մելքոն։

Պ. Դարեհյանի կասկածները կնոջը նկատմամբ սաստկացան քանի որ Մարիամ կը մերժեր որևէ խոստովանություն մ՚ընելու և կը կասկածեր թե գուցե կաշառված էր։

Հարցաքննությունը և բանտարկությունը կը կատարվեր Սիրանույշի տխուր արկածից հաջորդող առավոտուն։

Պ. Դարեհյան այցեություն չըրավ կնոջը քանի որ չէր կարողացած ստուգել անոր անբասիր կամ հանցավոր ըլլալը։ Այս խառնաշփոթության մեջ վախնալով սխալ քայլ մ՚առնելու, որոշեց ի հապճեպ չգործել․ այլ ամենայն զգուշությամբ զործը քննել առանց ի նանիր գայթակղություն հարուցանելու։ Հետևապես գնաց Ժանեթի քով քիչ մ՚սփոփանք գտնալու յուր նեղանալի վիճակին։
ԳԼՈԻԽ ԾԷ.

Սիրանույշ նույն առավոտուն գեշ կերպիվ արթնցավ, այնչափ տարբեր հուզմանց բուռն ներգործությունը կրած էր։ Քունին մեջ կը հանդիսանային յուր առջև ամեն ուրախ կամ տխուր դեպքերն որք տեղի ունեցած էին նախընթաց օրը. զԵրվանդ կը տեսներ յուր քով, ու անոր գլխուն վրա սպառնալից ձեռաց ծածանիլը նշմարելով զարհուրմամբ կարթննար, և ապա կը ննջեր վերստին մերթ յուր ամուսնույն սպառնացող ձայնը լսելով, և մերթ յուր սիրելվույն տխուր մնաս բարյավը։

Արեգակը բավական ժամանակե ի վեր իշխանաբար կը գահակալեր երկնից անսահման դաշտաց մեջ երբ ապերջանիկ կինը զարթյավ վերջնական կերպիվ։ Յուր հոգնած ու տկար մարմինը անկողնույն վրա տարածած կը մտածեր թե որքան հանկարծական կերպիվ Երվանդ երեցած էր աչացը, նույն եղանակավ աներևույթ ըլլալու դատապարտվելով, քանի որ ինքր խոսք տված էր զայն ոչ ևս ընդունելու. միայն յուր օրհասական վայրկենին համար վերապահելով զայն տեսնելու իրավունքը։ Որպեսզի անձկանոք կը փափագեր այն վայրկենին որ շատ ավելի երանություն պիտի ընծայեր իրեն քան թե կենսալից ժամերը։

Սակայն ուրիշ դառն մտածություն մի զինքը չարաչար կը տանջեր. կը մտածեր թե Դարեհյան արդյոք ուրիշի ազդեցութենե՞ն դրդված էր այնպիսի վստահությամբ հաստատելու համար իրեն դեմ աննպաստ պարագաներ որք բնավ տեղի ունեցած չէին, և գործածել մանավանդ այնպիսի նախատալից բացատրություններ։ Կասկածները դեպ Ժանեթ ուղղվեցան նախ. բայց խորհեցավ թե այդ կինը ներկա չէր նախընթաց օրվան պատահարաց՝ յուր ամուսնույն վրա ներգործելու համար։ Ուստի ուրիշ թաքուն թշնամի մ՚ուներ. սակայն ո՞վ կրնար ըլլալ այդ, և որպիսի՞ նպատակե մղյալ։

Այս դառն կասկածանաց մեջ կը ծփար երբ հիշեց թե աղետալի պարտականություն մ՚ուներ կատարելու, այն էր՝ իմացնել Երվանդին զինքը չտեսնելու ըրած անտանելի որոշումը։ Որչա՜փ ծանր էր աչդ պաշտոնը իրեն համար։ Մի՞թե կոչումն ուներ անընդհատ հալածելու զայն որ կը փափագեր կցորդել հոգվույն անբաժանելի կերպիվ։ Այո՛, կարտաքսեր զայն որ օր մի հառաջ իսկ յուր կյանքն ի վտանգ մատնած էր իրեն համար։ Եվ սակայն ի՞նչ զոհ չէր կատարեր կարենալ կոչելու համար «Երվա՛նդ, բոլոր օրերս քեզ կը նվիրեմ արհամարհելով ամեն վտանգ, զրկանք և չքավորություն»։ Բայց զայդ երազելն անհնարինը երազել էր, երանության անսահմանությունը բաղձալ էր թշվառության անդունդին մեջ։ Եվ արդ երկրորդ անգամ էր որ ինքը սահմանված էր յուր սիրելվույն հույսերը փշրելու, և անոր հոգին ջախջախելու։

Այս մտածությունները կարծես թե կյանքը հինքն կը կասեցնեին․ բայց խորհելով այն աղետից վրա որք կրնային հետևիլ, եթե հանկարծ Երվանդ վերստին ներկայանար իրմե լուր առնելու անզուսպ բաղձանքեն դրդյալ՝ ուզեց յուր անողոքելի որոշումն ժամ հառաջ իմացնել անոր։

Ճիգ մ՚ըրավ ուրեմն, ելավ յուր տեղեն, աչերն անկան այն ճերմակ զգեստին վրա որ յուր մտերմին արյամբն ներկյալ էր, առավ զայն, սրտին վրա սեղմեց, արյան կաթիլներն երկյուղածությամբ համբուրեց՝ իբր մարտիրոսի մ՚արյունը․ ուրիշ ճերմակ զգեստ մի հագավ առանց որևէ օգնական ձեռաց, զի չէր կամեր որ ոչ ոք վկա ըլլա յուր հոգվույն դառնության։ Նվաղուն քայլերով մոտեցավ զրա սեղանին, նստավ աթոռակի մի վրաճ ինչպես նստած էր երկու տարի հառաջ հրաժեշտի նամակը գրելու առթիվ։ Հեծկլտանք մի լսվեցավ, արտասուք մ՚անկավ․ դողդոջուն ձեռամբ առավ գրիչն ու շարադրեց նամակն առ Երվանդ։ Կարճ էր այն բայց հրո տառերով շարադրված։ Պահարանի մեջ դրավ թուղթը, հասցեն գրեց և երբ զայն հուղարկելու վայրկյանն հասավ զգաց թե քաջություն չուներ վերջին հարվածը տալու Երվանդին։ Աչերը դեպ երկինք ուղղելով․

- Տե՛ր աստված,— մնչեց,— այս կրկին զոհողությունս խիստ մեծ է սրտիս համար։

Մտացն առջև բերավ Երվանդի հուսահատություն իրմե արտաքսվելու լուրն առնելով՝ հոգին չարաչար կը մաշեր։ Նամակը սեղանին վրա նետեց, անկավ նստարանին վրա, մտախոհեց, հառաչեց, արտասվեց, և հանկարծ տեղեն ելնելով վճռված եղանակավ գոչեց. «Պատիվս կը պահանջե»։

Մարիամը ուզեց, բայց աղախիններեն մին անոր վարի տունը գացած ըլլալն իմացուց տիրոջն հրամանավ։ Մելքոնը խնդրեց, նմանապես ինքն ևս կոչված էր, ու երկուքն ալ տակավին չէին վերադարձած։

Հրաման ըրավ Սիրանույշ որ յուր երկու սպասավորներն առ ինքն վերադառնան, բայց մեծ եղավ ապշությունն իմանալով թե երկուքն ալ խիստ հսկողության ներքև էին։ Ի՞նչ կը նշանակեր այդ ընթացքը։

Սպասավորի մի հանձնեց առ Երվանդ նամակը հասցնելու անմիջական պաշտոնը, և լուր ղրկեց ամուսնույն թե կը փափագեր զինքն անմիջապես տեսնել։ Բայց երբ տունեն արդեն անոր բացակա ըլլալն իմացավ, սաստիկ զարմացավ, քանի որ այցելություն մի կակնկալեր անոր կողմանե։ Կը մտածեր մանկամարդ կինը թե նախընթաց օրը համոզված կը թվեր նա յուր անմեղությանը վրա, և ահա նույն օրը աննպաստ երևույթ մ՚առած կերևային իրերը։ Ուրեմն նոր թշնամանք կար, բայց ո՞վ էր արդյոք զինքը թշնամանողը։ Չար մեքենայություն կար իրեն դեմ, և գուցե Երվանդ մաս ունենար պատրաստված չարությանց։

Երիտասարդուհին՝ անմեղությամբն զորացած, բոլոր յուր քաջությունը կը կորսնցներ Երվանդին վտանգաց ենթարկության հավանականության առջև, նախընթաց դառն օրերը տենչանոք որոնելով։ Կը ցավեր նաև նկատելով թե յուր երկու սպասավորները պատժո դատապարտված էին, զանոնք ևս մեղսակից համարելով իրեն անշուշտ։

Անհամբերությամբ կսպասեր Սիրանույշ ամուսնույն վերադարձին, եղածն իմանալու, մակաբերված զրպարտությունները ցրվելու, և զրպարտչին դեմ անողոքաբար գործեմլու համար։

Սակայն ինչ որ պատվակիր կնոջ զայրույթ կազդեր՝ այն գաղափարն էր թե յուր անմեղության դատախազն անմաքրությունն էր իսկ՝ այսինքն Դարեհյան մի։ Մարդ մի որ ամուսնական ուխտազանցության ու հեշտության զեղծման տիպարն էր, դատավոր կը կանգներ յուր անբիծ պատվույն․ և այդ իրավունքն կստանար մի միայն այր ըլլալուն համար։ Անասուն մարդը կին հրեշտակին դատավոր կը կանգներ, և մարդկային խիղճն ու կանանց արժանապատվությունը բողոք չէին բառնար սակայն այնպիսի անհեթեթ ընթացքի դեմ։ Կը մտածեր թե կանանց պատիվը սրբազան խնդիր մ՚եղած է ընկերության առջև, այնպես որ բիծ մ՚անգամ գլխավոր մեղադրանաց, քննադատությանց ու դատապարտությանց առարկա կըլլար, և սակայն կանանց ընթացից կամ խորհրդոց թյուր և անպատիվ նպատակներ վերագրելով շատ անգամ՝ առանց խղճմտության և ամենայն թեթևությամբ կը հարվածեր կնոջ պատիվը առանց պատժո ենթարկելու այր հարվածողը։ Զոր օրինակ Դարեհյան հեռացնելով իրմե յուր սպասավորները՝ անմեղությանը վրա կասկածներ կը հարուցաներ, երբ ինքն ամենայն հարգանաց արժանի էր։ Եվ սակայն՝ ինքը կին, բողոքելու իրավունք չուներ ընդդեմ առն ի պաշտպանություն յուր պատվույն։

Սիրանույշի սրտմտությունը ևս քան զևս ավելնալով այս ըրած խորհրդածություններեն, հանկարծ գոչեց դառն հեգնությամբ մի. «Ո՜վ մարդկություն որչա՜փ հետագնաց ես երբ հառաջադեմ ըլլալը կը կարծես. և որչա՜փ անիրավ՝ երբ արդարությամբ գործելուդ կը հավատաս»։

ԳԼՈՒԽ ԾԸ․

Երբ Երվանդ Սիրանույշեն բաժնվեցավ արդեն օրն հառաջացած էր, որով շոգենավ չկար զինքը կամուրջ տանելու։ Ուստի փոքրիկ նավակի մեջ մտնելով մտադիր էր նույն գիշեր քրոջը տունը վերադառնալ ի Քատըքյոյ։ Նավակը կը սուրար ջուրերուն վրայեն՝ իբր սև նետ մի աներևույթ ձեռքե մղված։ Օդը մեղմ էր իբր անուշ շունչ մի, և ծովը հանգիստ իբրև հանդարտ խիղճ մի, մինչ լուսինը իբրև անմեղ չքնաղ կույս, հորիզոնին վրայեն պարկեշտ ակնարկ մի կը նետեր բնության վրա։ Ասիո և Եվրոպիո եզերաց ցրված լույսերը կը բազմանային իբր երկնային աստղունք՝ իրենց երկնային քույրերուն՝ մեծ ու փոքրիկ համաստեղոլթյանց ժպտելով։ Լեռները՝ որոնց շուքը ծովուն մեջ կարձակվեր իբրև ննջող հսկա, թվեին վիթխարի պարիսպներ ընդ մեջ երկնից և երկրի։ Ահագին զրահավոր նավեր կարծես ծովուն պահապաններն էին։ Հոնկե մերթ ընդ մերթ կելներ ձայն մ՚իմացնելու համար թե հսկող աչք մ՚անքուն կը տքներ, և այդ ձայնն օդին ու ջուրին մեջեն ընթանալով, ու քանի մ՚արձագանք արթնցնելով կանհետանար անեզրության մեջ, իբրև հառաչ մի որ մտերիմ սրտի մեջ հիշատակ մի գրգռելեն վերջը կը նվաղի անդարձ։ Մինարեներն՝ օդին մեջ կանգուն, թվեին հսկա մատունք որք դեպ երկինք ուղղվելով՝ ջանադիր էին զԱստված մատնանիշ ընելու։

Կը հառաջանար միշտ նավակը զԵրվանդ մեղմիկ օրորելով։ Երիտասարդը սաստիկ զգացված էր օրվան դեպքերեն. զգացում և խորհուրդ զիրար կընդհարկանեին․ տրիփ, գոհունակություն, զայրույթ, կարոտ, իրարու խառնվելով քաոս մի կը ձևացնեին։

Բնության գեղեցկությունները սաստիկ կը ներգործեին յուր վրա և ամեն շրջակա նյութերու մեջ, ի վեր և ի վեր զՍիրանույշ կր նշմաբեր, զինքը վերստին տեսնելու անհագ կարոտեն ընկճելով։

Վստահ էր թե նա ամեն ինչ պիտի կարգադրեր անմեղությամբը զինյալ, և թե Դարեհյան կնոջմեն ընդունած բացատրություններեն գոհ ըլլալով և իրենց սուրբ հարաբերությանց վրա վստահանալով թույլ պիտի տար իրեն այցելությունները շարունակելու յուր սիրեցյալ Սիրանույշի։

Հույսն աղոտ լույսն է ի մութ զիշերի որ դերբուկ ճամփաներու մեջեն առ խարխափս զմեզ կառաջնորդե, իրերն ներկայելով ոչ ինչպես են իրոք, այլ ինչպես կը փափագեինք որ ըլլան։

Երվանդ կը կարծեր իրավունք ունենալ Սիրանույշի վրա յուր անցյալ հարաբերությամբն և սուրբ զգացման զորությամբը՝ հառանց հաշվելու թե ամուսնո սրտին մեջ՝ նույնիսկ անտարբեր ամուսնո, նախանձու և անձնասիրության ջիղ մի կա որ կը գրգռի նախանձորդի ներկայութենեն, և այդ ջիղը կը մղե զամուսինը բացարձակապես տիրելու այն առարկային զգացմանց վրա՝ թեև այդ առարկան նվիրական կամ սիրալի չըլլա իրեն։
ԳԼՈՒԽ ԾԹ

Նավակը անձուկ Վոսփորեն ելած՝ Մարմարայի ընդարձակ ջուրերուն մեջ էր մտած։ Երվանդին ձախ կողմը Յուսկյուտարի լեռներուն գագաթները կը ծածանեին լուսնին երերուն շողին ներքև. իսկ աջ կողմը պալեոլոգներուն անցյալ փառաց ավերներն իրմե խույս կուտային, մինչդեռ Մարմարայի ծովն ևս քան զևս ազատորեն կը տարածվեր յուր առջև։

Այդ լեռները կարծես թե հետզհետե կը խոնարհեին առավել մոտ են վայելելու համար ծովուն զովությունը, ինչպես և անոր մելամաղձոտ մրմունջը և կամ վայրագ մռնչյունը։

Մարմարայի վրա նայող ձախակողմյա դարատափի մի վրա՝ կանաչ ծառոց մեջ տեղեն ճերմակ կետեր ցիր ու ցան կերևային, որք թվեին ճերմակ ուրվականներն անոնց՝ որք հողին ներքև կը կննջեին. անգլիացվոց հետին հանգստարանն էր այդ։

Ղրիմու պատերազմին առթիվ երբ անգլիացիք և գաղղիացիք ձեռնտու եղան օսմանյան տերության ռուսաց դեմ կռվելու համար, Սեվաստոպոլի նվաճումը տեղի ունեցավ բազում քաջաց կենաց զոհովը։

Տաճիկը կը մարտնչեր այն զարմանալի քաջությամբ զոր կազդեն ճակատագրին անփոփոխելի տնօրենությանը վրա ունեցած հավատքը, ու ճակատամարտի նահատակությանց փոխարեն վայելելիք հավիտենականությունը։ Երբ ամեն երկրային նկատմունք կը դադրի ի մարդ, գրեթե գերբնական էակ մի կըլլա նա. ու կը մեռնի պատերազմ ի դաշտին վրա՝ անփույթ յուր մարմնույն տառապանաց ու վիրաց, մարտիրոսի մ՚ույժ կզգա, կը կարծե հավիտենական վայելքը ճաշակել երկրեն իսկ։

Գաղղիացի զինվորը կը կռվի այն աննման հրով, պատվասիրությամբ և քաջությամբ, զոր կազդե հայրենյաց խանդը դյուրագրգիռ և ազնվական երևակայությանց վրա։

Իսկ անգլիացին անշարժ կը դիմադրե հարձակման, և կը հարձակի այն աներկյուղ համառությամբ զոր պարտականության զգացումը կարտադրե. և այդ դյուցազնական համառության դեմ շատ անգամ բուռն հարձակմանդ սաստկությունը կը փշրվի։

Ղրիմու պատերազմին անգլիացի զոհերուն մեկ մասը ստացավ իբրև վերջին հանգստարան Մարմարայի վրա նայող այդ դարատափը, իբր թե ծովուն ձայնը լսելով կարծեին անոնք թե իրենց մահվան քունը օրորված ըլլար Թայմիզի ջուրերուն մրմնջովը։

Այս մահաբույր վայրեն կանցներ Երվանդ երբ հանկարծ լսեց ձայն մի հեռավորութենե սակավ ինչ տկարացած, և որ կարծես սև խաչերն էին մահաշուք այդ վայրեն բխած․ բուն էր որ կեղերերգեր հանդորր մեռելոց։ Թվեցավ երիտասարդին թե այդ ժանտ հնչյունը յուր սիրույն մահը կը գուժեր: Սրտին մեջ տխուր արձագանք մ՚արթնցավ, սև թառանչ մ՚ելավ հոնկե, ամեն ինչ մթնեցավ շուրջը, թեև երկինք կը նմաներ եթերային պարտեզի մի շողշողուն ծաղիկներով սփյուռ, և լուսինը՝ իբր պայծառ աչք մի անքուն հսկելով, համայն բնությունը կը լուսավորեր։

Իզուր Երվանդ յուր նախապաշարումը կը հեգներ մտացը կորովույն դիմելով։ Իղուր կորոներ զապահովություե որ փախուստ կուտար իրմե։ Սիրտը նախազգացություններ ունի զորս ի զուր բանականությունը կուզե մեկնել։

ԳԼՈԻԽ Կ.

Վերջապես հասավ նավակը Գատըքյոյ, դուրս ելավ մեր հուզյալ ուղևորը, ու քայլեց դեպի քրոջը տունը։ Ուշ չէր բոլորովին, ու Զարուհին և յուր ամուսինը անհանգիստ սրտով կսպասեին անոր վերադարձին։

Փողոցին դուռը զարնվեցավ. մանկամարդ կինը՝ սիրտ ի դող տեղեն ցայտելով «Երվանդն է» ըսավ, ու սանդուղներեն վար վազելով փութաց դուռը բանալու։ Բայց եղբորը տխուր կերպարանքեն ներգործվելով սաստկապես, հարցուց այլայլությամբ։

— Եղբա՛յր իմ, աղե՞տք մի կա արդյոք։ Սիրանույշ չընդունեցա՞վ զքեզ։ — Տեսա զինքը. սիրո, գեղեցկության և բարության հրեշտակ մ՚է միշտ։

Զարուհվույն սիըտը հանդարտելով առավելն չհարցուց։

Երկուքը միատեղ վեր ելան, մինչ Հրանտ ընդ հառաջ կուգար յուը հյուրը դիմավորելու։ Իրարու ձեռք թոթվեցին, նստան մինչ Զարուհի կը փութար եղբորը ճաշը պատրաստելու։ Քիչ մի վերջը մաքուր սեղանի վրա համեղ ուտեստներ շարելով, երիտասարդուհին հրավիրեց եղբայրը սեղանին մոտենալու:

Երվանդ բնավ դժվարություն չըրավ այդ առաջարկն ընդունելու զի քանի մի ժամվան ուղևորությունը ախորժակը սաստիկ գրգռած էր։ Բազմեցավ ուրեմն սեղանին առջև, կերավ ախորժակավ՝ մինչդեո յուր քույրը կսպասավորեր իրեն այն նուրբ և եռանդուն եղանակավ զոր գորովը միակ կրնա ազդել, առանց աղախնույն ներելու այղ գողտրիկ պաշտոնեն մաս մ՚ունենալու:

Ճաշը լրացավ, սեղանը մերկվեցավ յուր կազդուրիչ ծանրութենեն, և անոր շուրջը մեր երեք անձինք նստելով՝ Զարուհին անհանգիստ հետաքրքրությամբ ըսավ.

— Եղբա՛յրս, հաղորդե մեզ այսօրվան տեսությանդ պարագաները։

ԳԼՈԻԽ ԿԱ.

Երվանդ պատմեց մանրամասնաբար Սիրանույշի ու անոր ամուսնույն վերաբերող բոլոր դեպքերը, և մինչև անգամ յուր տխուր նախազգացությունները գերեզմանատան առջև։

Զարուհին՝ հուզյալ բայց անխոս, կսպասեր որ ամուսինն յուր դատաստանն ընե այդ դեպքերուն վրայոք։

— Երվա՛նդ,— ըսավ Հրանտ, քիչ մի մտախոհելեն վերջը,— լսածես դատելով շատ կը վախենամ որ Սիրանույշի հետ տեսակցելու մեծ դժվարություններ ունենաս և նույնչափ կը վախնամ որ Դարեհյան խիստ միջոցաց դիմե կնոջ նկատմամբ։

— Ի՞նչ կըսես, Սիրանույշ չտեսնել ինձ համար պատուհաս մ՚է,— պատասխանեց Երվանդ։ — Զայդ դյուրավ կըմբռնեմ ես. բայց ի՞նչ փույթ է այդ Դարեհյանին։

— Այդ մարդն ի՞նչ իրավամբ պիտի արգիլե մեր տեսությունները։

— Այն իրավամբ որ կուտա իրեն ձեր սիրային հարաբերությանը գիտակցությունը։ Այդչափ գայթակղական տեսարաններե վերջը, Սիրանույշ պիտի պարտավորի ամեն ինչ խոստովանելու ամուսնույն իսկ ի պաշտպանություն ձեր սիրույն անարատության։

— Ուրե՞մն։

— Կուզես որ Դարեհյան հանգի՞ստ աչոք նկատե կնոջը սիրահարին տանը մեջ հաճախելը։

— Բայց ի՞նչ կըսես, Հրա՛նտ։ Սիրանույշ ամուսնույն բոլոր անառակությանց կը հանդուրժե, և այդ մարդը կնոջն անարատ զգացմանց դեմ ըմբո՞ստ պիտի հանդիսանա։

— Եվ ո՞վ կապահովե այդ մարդը թե նույն անարատ վարմունքը պիտի կարենա շարունակվիլ։

— Նույն իսկ Սիրանույշի մեձանձնությունը և առաքինությունը։

— Բավական փաստե՞ր են ատոնք արդյոք մարդու մի համար որ կենաց տգեղ կողմը կը ճանաչե միայն առանց հավատք ունենալու առաքինության և անկե հետևած մեծագործությանց վրա։

— Այդ մարդն ի՞նչ եղանակավ կրնա մեր տեսություններն արգիլել։

— Յուր կամքն հայտնելով, հրաման ընելով, և ի պահանջել հարկին խիստ միջոցաց դիմելով։

— Որո՞նք են խիստ միջոցները։

— Այսինքն յուր կինը մինչև հորը տունը ղրկել, անկե բաժնվելով։

— Եվ դու պատի՞ժ կը համարես ընթացք մի որ զիս մարդկանց երջանկագույնը կընե։

— Ի՞նչ կը հուսաս ընել, համարելով որ Սիրանույշ բաժնվի ամուսինեն։

— Կը հարցնե՞ ս

– Այո՛, կը հարցնեմ զի հետաքրքիր եմ գիտնալու։ — Ընելիքս դյուրին է մակաբերել։ Կյանքս իմ սիրելվույս կը նվիրեմ՝ իրեն համար կաշխատիմ, իրեն համար կապրիմ, և իրմով երանելի կըլլամ։

— Այսինքն կուզես զՍիրանույշ անպատվության ծոցը վիժել ոտնակոխ ընելով բարոյականության ամեն սկզբունք, և ջնջելով ամուսնական օրենք։ Ընկերության մեջ եթե նվիրական ինչ կա՝ ընտանիքն է. այն սերտ օրինավոր կապակցություններն են որք երկու էակաց մեջ կը հաստատվին, և անոնցմե հառաջ եկած ծնունդներն են որք ընտանեկան հարկը կը զարդարեն։ Ինչ որ իբրև պարգև կրնան որդիք ընդունիլ ի ծնողաց՝ իրենց ծննդյան օրինավորությունն է։

Համարելով թե դուն և Սիրանույշ անտարբեր կարենաք ըլլալ ընդհանուր արհամարհական կարծյաց ձեր ապօրինավոր կացության նկատմամբ, համարելով որ դուք կարողանաք կղզիանալ ընկերության մեջ իսկ ամեն հարաբերություններե հեռու մնալով, և դեմ դնել ամեն պարսավանաց որք ձեր վրա պիտի տեղան, համարելով որ կարելի ըլլա շարունակելի ընել ձեր սրտին զգացումն՝ որ անտարակույս այնչափ հալածանաց, խայտառակությանց և հեգնությանց հարվածներեն պիտի տկարանա, համարելով նաև որ Սիրանույշ հոժարի ընդունելու ապօրինավոր սիրո պարգևը, ու հոն ձեր երանությունը հաջողիք ստուգապես գտնելու քանի որ սերունդ չունիք։ Բայց կը հարցնեմ քեզ, երբ զավակներ ունենաք, երբ ընկերութենեն անոնց արհամարհվիլ հաստատեք օր մի, երբ ձեր սիրո ծնունդները մշտատև նախատանաց առարկա ըլլան, երբ մեկուսանան իբր անջատյալ մասունք ընկերության, ու լքվին ձեր մեղապարտ սիրույն ամոթալի կնիքը կրելով իրենց ճակտին վրա՝ ընդդեմ ձեզ բողոքելով այն կենաց համար որ անպատիվ եղանակավ մատուցիք իրենց, կը հարցնեմ քեզ, Երվանդ, ձեր ծնողական սիրտն խիստ հարված մի չի՞ պիտի ընդունի արդյոք, մինչև անգամ ձեր սիրույն վճռողական հարված մի տալու աստիճան։ Խո՛րհե։

Նկա՛տե զմեզ, հարուստ չենք. երկուքնիս ևս կաշխատինք, մեկ սպասուհի ունինք միայն, ճոխ կարասիներ չկան, կենաց բազմաթիվ վայելքներե կը զրկվինք քանի որ զանոնք ստանալու համար նեղվելու ենք. հանդերձ այսու երկու տարիե ի վեր մեր սերն անխախտ և նույն չափ հաստատ կերպիվ կը շարունակե, վասնզի մեր խղճին վրա ոչ անիրավության գաղափարը կը ծանրանա, և ոչ ալ մեր արժանապատվությունը նվաստ զգացման որևէ հարված ընդունած է։ Մեր սրտին մեջ գտանք միշտ գոհունակության պատճառներ՝ որք թե՛ ընկերային և թե ընտանեկան պարտականությանց կատարմանեն կարտադրվին։ Իզուր պիտի ըմբոստանաս ընկերային օրինաց դեմ. ընկերությունն յուր վրեժը կը լուծե քու վրադ զքեզ դժբախտության մատնելով, վստահ եղիր։

— Դու այդ ընթացքն արդա՞ր կը գտնաս, Հրանտ։ Կը հաճի՞ս ուրեմն որ պատվակիր կին մի անիրավ կասկածանաց ենթարկվելով արհամարհվի և գուցե հալածվի, ու ոչ ոք անոր ձեռք կարկառե որով այդ անոք, լքյալ արարածն հուսահատության և աղքատության անդունդին մեջ վիժելով կորսվի, այսինքն կինն այն որ պատվակիր էր անպատիվ ըլլա․ այն որ մաքրություն էր անմաքրություն ըլլա. այն որ հրեշտակ էր տիղմ ըլլա։ Ամեն միջոց փրկության կը հափշտակվի կնոջմե, գահավիժելով կը կորսվի նա, և փոխանակ իրեն կարեկցելու, իրեն ձեռնտու ըլլալու, կը ծաղրեն, կը հեգնեն զայն բարձրագոչ․ և զայդ արդարությու՞ն կը կոչես դու:

— Արդարություն չէ այդ անշուշտ։ Օրենքը սրբագրելու է, ընկերային իրավանց պաշտպան կանգնելու է, հիգացելույն, տկարին վիճակին բարվոքման աշխատելու է, այո՛, բայց վերջապես տիրող օրինաց հպատակելու է։ Առանց ընտանեկան հոդերու սրբության ի՞նչ է ընտանիքը. առանց օրինաց ի՞նչ է ընկերությունը։ Ամուսնություն և օրենք ընտանեկան ու ընկերային հարաբերությանց ներդաշնակության համար հաստատված են․ վերցու օրինավոր ամուսնությունը՝ ամուսինը յուր կինը չճանչնար, հայրը զորդին կուրանա։ Վերցու օրենքը՝ մարդն յուր ստացվածքին տերը չէ, տկարը զորավորին խաղալիքն է։

— Օրենք առավել տկարորեն պաշտպանելու կը նպաստեն քան թե բացարձակապես սանձահարելու։ Որչափ ընկերություն մի վատթարանա նույնչափ օրինաց անաչառ խստության կը կարոտի։ Շատ անգամ ընկերային մի զեղծում նոր անիրավությամբ կը սրբագրվի։ — Համամիտ եմ քեզ այս մասին, Երվանդ։ Սակայն եթե օրինաց խստությունը կերպով իվիք բարուց ապականությունը կը հայտարարե, ինչո՞վ կուզես ուրեմն այդ ապականության դեմ թումբ կանգնիլ, եթե ոչ օրինոք։ Անշուշտ օրենք զեղծումներ կը պարունակեն, բայց վերջապես ժողովրդոց ոգվույն, հառաջադիմության, բարուց և սովորությանը պատկանյալ՝ կանոնի և ներդաշնակության միջոց մ՚է որ կայլայլի ու կը բարվոքի ժողովրդոց պիտոյից և ընթացից համեմատ։

— Բայց մինչև որ այդ բարվոքումները կատարեն, քանի՜ օրինաց զոհեր պիտի տեսնվին. քանի՜ անմեղներ պիտի լան, քանի՜ անարատ արյուններ պիտի հոսին․ քանի՜ դրուժաններ պիտի սիգան, քանի՜ հոգիներ պիտի վիրավորեն, քանի՜ զոհեր պիտի րլլան։

— Հառաջադիմության մեն մի քայլն, Երվանդ, զոհերու վրա կոխելով կը կատարի, չգիտե՞ս զայդ դու արդյոք։

— Խիստ լավ գիտեմ դժբախտաբար, քանի որ կը հաստատեմ թե մարդկությունը զոհերով կուռճանա, կը զարգանա, կը բարգավաճի, այսինքն փառամոլության, տգիտության, կրոնամոլության և սիրո զոհերով։

— Բայց այս է մարդկության ընթացքը, ի՞նչ կարելի է ընել։

— Շատ բան, Հրանտ։ Զոր օրինակ ամուսնությունը ընտանեկան ներդաշնակությունը պահելու պետք է ծառայե, և երբ փոխանակ ատոր՝ ուրիշ վնասաբեր արդյունք կարտադրե, ինչու չլուծել այդ ամուսնական հոգը երկու հուսահատ և վշտալի հոգիներու ազատություն տալով։

— Այսինքն ամուսնաթողությա՞մբ կուզես ըսել։

— Անշուշտ։ Երկու ներհակ բնություններ իրարու պատուհասն ըլլալով իրենց ամուսնական չուծին ներքև, արձակելով՝ երկուքն ալ երջանիկ կըլլան։ Ի՞նչ բարիք կրնա արտադրվիլ գժտության, անհամաձայնության և ատելության ընթացքե մի։

— Ի՞նչ կընես զավկըները։

— Բայց մի՞թե երջանիկ ընել է խեղճ արարածներն որք ոչ այլ տեսարան ունին եթե ոչ ծնողաց հանապազօրյա կռվույն տեսարանը։ Ի՞նչ բարոյականություն կը ծագի հոնկե, ի՞նչ օրինակ, և ի՞նչ հետևանք։

— Սակայն կը հուսա՞ս թե օտարական ոք հոր մի զգացումներն ունենա յուր կնոջ որդվոցը նկատմամբ։

— Կին մի, Հրա՛նտ, որ կը հաճի յուր հաճոյիցն համար որդվոցն ապագան զոհել անպիտան կրկնամուսնությամբ՝ այդ կինը մոր մի հանգամանքներե զուրկ է, մայր հրեշ մ՚է, և հրեշե մի ոչ երբեք բարիք կսպասվի որևէ վիճակի մեջ։ Իսկ այր մի, վստահ եղիր, ոչ այնչափ դյուրավ կստանձնե ամբողջ ընտանյաց մի հայրության պաշտոնը ի վնաս յուր շահուց և անդորրության։

— Շարունակե։

– Դիտավորությունս միայն քանի մի խոսք ըսել է ամուսնաթողության վրա. ուստի կեզրակացնեմ. ոչ ոք կուզե յուր ընտանեկան բույնը ցրվել եթե դժոխքի մի վերածված չէ այն։ Բայց երբ բանավոր պատճառներ կան ամուսնական կյանքն անկարելի ընելու համար, ինչո՞ւ համառիլ, պնդել անկարելվույն դեմ, մանավանդ երբ զավկի խնդիր ալ չկա, որով ամեն դժվարություն կանհետանա։ Տե՛ս Եվրոպիո զանազան քաղաքաց մեջ, մի՞թե ամուսնաթողությամբ բարքերն ավելի ապականյալ են։ Գուցե արձակվելու երկյուղը սանձ մ՚ալ ըլլա ամուսնական զեղծմանց դեմ։ Արդեն ամուսնությունները սակավաթիվ են, հետևապես կանայք մեծ շահ չեն ունենար իրենց գտած ամուսինը թողլու եթե բանավոր պատճառե դրդյալ չըլլան առ այդ։

— Բայց, Երվա՛նդ, դիտե որ ամեն կանոն, ամեն օրենք ժողովրդոց ու ճաշակաց համապատասխանելու է։ Հայերուն բարքերը համեմատաբար մաքուր են տակավին, և ընտանեկան կյանքը գոհացուցիչ. ինչո՞ւ ուրեմն դեղ փնտրել հիվանդության մեջ որ դեռ սպառնական դիրք մ՚առած չէ, ինչու՞ կուրորեն հետևիլ եվրոպացվոց։ Շատ բաներ օգտակար կըլլան այն ինչ պարագայի մեջ, վնասակար դառնալու համար ուրիշ առթիվ մի։ Եվ նույնն է ամուսնաթողության խնդիրն արդ մեզ նկատմամբ։

— Կը հասկնամ այդ խորհրդածություններդ երջանիկ մարդու մի համար։ Բայց հարցուր և Սիրանույշի, հարցուր ինձ։ Այդ հրեշտակ կինն սատանի մի գերին եղած է, մինչդեռ ինձմով գերերջանիկ կըլլար, և ես իրմով՝ շնորհիվ ամուսնաթողության։

— Լա՛վ, բայց առանձին կամ հազվագյուտ դեպքերն ընդհանուր համարելով՝ պատճառ մի չէ իբր համաճարակ ախտի դեմ մարտնչիլ անոնց դեմ։ Գիտես որ ամեն դրություն, ամեն սկզբունք, ամեն կանոն յուր զոհերն ունի. ասոնք կը տուժեն ուրիշներն երջանիկ ընելու համար։

— Ավա՜ղ, այդ զոհերեն մին եմ ես արդարև։ Հառաջ քան երիտասարդությունս վայելելու՝ թարշամեցա։ Հառաջ քան տաղանդիս փայլիլը՝ տեսնելու շիջավ այն․ և հառաջ քան ապրելու՝ մեռա։ Մի՛ կարծեր սակայն թե ապրիլ կը փափագիմ, ոչ. զի կյանքը մեն մի օր լեղի արտասուք մի ու դառն հառաչ մի պիտի բերե հետն ինձ համար։

— Եղբա՛յրս,— կոչեց Զարուհին արտասվելով,— ինչո՞ւ անյդպես հուսահատ կը խոսիս։

— Վասնզի հուսահատությունն ինձ եղբայր եղած է, և դժբախտությունը մայր։

— Բայց գոնե գորովը քեզ քույր մնացած է։

Զարո՜ւհի, Զարուհի, թանկագին է արդարև գորովդ իմ դժբախտությանս մեջ. բայց դու ի՞նչ կրնաս ընել երբ անողոք բախտը կորզեց ինձմե անգին գանձս։

— Եղբա՛յր, հուսա՛ դարման ժամանակեն։

— Դարման չկա ինձ համար. բայց գուցե սակավ ինչ մխիթարություն գտնեմ հրեշտակիս մոտ ապրելով և զինքը տեսնելով։ Սակայն չգիտեմ երբ ծովուն վրա էի տխուր նախազդեցություն մի պաշարեց զիս՝ որմե ընդ վայր կը ջանամ խուսափիլ:

— Լռեց հեգ երիտասարդն վայրիկ մի և հետո վայրենորեն գոչեց.

— Սիրա՛նույշդ իմ, պիտի տեսնե՞մ զքեզ արդյոք վերստին։

Զայս ըսելով, գլուխը ձեռացը մեջ առավ ու լուռ արտասուք սահեցան անդ։

Զարուհին սաստիկ հուզմամբ եղբորն մոտենալով, ու ձեռքն անոր ուսին վրա դնելով ըսավ. — Երվա՛նդ իմ սիրելի, հոգնած ես և այլայլած, եկու սենյակդ հանգչելու։

— Իրավունք ունիս, քո՛ւյր, եթե քունը չըլլար մեր ցավն ամոքելու գոնե առ ժամանակյա կերպիվ, անհնար կըլլար մարդուն յուր տառապանաց հանդուրժել։

Զարուհին ու Հրանտ տարին զԵրվանդ փոքրիկ բայց վայելուչ սենյակի մեջ՝ ուր մաքուր անկողին՝ ու հանգիստ ընելու համար ամեն պարզ և պարկեշտ կարասիներ կային. և բարի գիշեր մաղթելով մեր տառապելույն՝ թողուցին զինքն առանձին։

ԳԼՈւԽ ԿԲ.

Ժանեթ իմացած էր Ալֆոնսեն Սիրանույշի պարտիզին մեջ տեղի ունեցած կռվույն ամեն մանրամասնությունքն։ Նա կը ցնծար արդեն աննպաստ հետևանացն համար զոր կը մակաբեր եր յուր հակառակորդին մասին։ Վերջապես վրեժխնդրությունը կը հագենար, և ինքը բացարձակ տիրուհին կըլլար երազած գոհարներուն և ուրիշ ծանրագին ինչերուն։ Այս գեղեցիկ երազները կավելցներ Ալֆոնսի մեծամեծ խորհրդոց վրա, որոնց գործադրությունն՝ ըստ յուր կարծյաց, երանավետ կյանք պիտի ապահովեր իրենց օր մի։

Գաղղիացի կինն ուրիշ գոհունակություն մի ևս ուներ, այն էր յուր գուշակության հաստատվիլը՝ այսինքն թե Սիրանույշի անտարբերությունն Ալֆոնսի նկատմամբ ուրիշ սիրահարութենեն հառաջ եկած էր և ոչ թե յուր առաքինութենե: Ինքը կը հաղթահարեր վերջապես․ գոհ էր, ուրախ էր, և անհամբեր զԴարեհյան տեսնելու, անոր գործադրելիքն իմանալու համար։

Երկար ժամանակ չսպասեց Ժանեթ քանի որ տեսանք թե Պ. Դարեհյան՝ կռվույն հաջորդ առավոտը կը պատրաստվեր գաղղիացի կնոջ այցելու։

Երբ կինն սպասած անձին գալուստը տեսավ՝ ուրախությունը ծածկեց անկե, և կարեկից ու գորովագութ ձևով ընդունեց, և տեղեն ելնելով Դարեհյանի ընդ հառաջ գնաց նույն օրը, թեև այդպիսի քաղաքավարությանց չէր վարժեցուցած զինքը. բայց ստույգ է ոբ նա ամեն քնքուշ ձև և աղու կերպարանք կառներ զինքն ընդունելու ժամանակ, եթե շարժառիթ մի չունենար խոժոռադեմ ձևանալու իբր թե նախանձե շարժյալ, և կամ վշտաբեկ երևնալու նորաստեղծ քմահաճության մ՚անկատար մնալուն համար։ Մեն մի րոպե նոր դեր մի կարտադրեր Ժանեթի՝ նույն պահուն ունեցած բաղձանացն համեմատ։ Նա ձևը, ձայնը, նայվածքը, շարժումը կայլակերպեր նույն դյուրությամբ որ ուրիշ մի զգեստ կը փոխեր։ Սուտն իրեն բնություն եղած էր, և սուտը բազմադիմակ է։

Հետևապես նույն օրը Ժանեթ այն գութը կը հայտներ Պ. Դարեհյանի, որով մայր մի կընդունի զյուր վշտաբեկ որդին։ Զեռքը բռնեց անոր, և զայն յուր ձեռաց մեջ պահելով, ու անձին վշտակցության գույն մի տալով, «Տխուր ես այսօր» ըսավ, մասնավոր ակնարկ մ՚ուղղելով անոր։

Դարեհյան կը վայելեր այդ համակրական ձևերն առանց պատճառն ըմբռնելու, և առանց բացորոշ պատասխան մի տալու։

— Կըմբռնեմ տհաճությունդ,— կրկնեց խորամանկ կինը։

— Ի՞նչ տհաճություն, Ժա՛նեթ։

— Զարմանալի՜ հարցում։ Կրնա՞ս դժգոհություն և տրտմություն չզգալ երբ անունդ այնչափ եպերելի ըրավ կինդ երեկ ու ամեն հեգնությանց առարկա։

— Ինչպե՞ս, լուրր տարածվա՞ծ է արդեն,— հարցուց Դարեհյան զարմանալով։

— Եվ կը հարցնե՞ս։

— Բայց դու ինչպե՞ս այսպես շուտ իմացար։

— Այս առավոտ բարեկամուհին երես մին եկավ և պատմեց այն հետաքրքրական տեսարանը զոր կինդ ներկայացուցած է աչացն նորեկ գաղղիացի երիտասարդի մի. սա պատահմամբ լեռներուն վրա շրջագայած ժամանակը մինչև պարտիզիդ ցած որմերուն մերձեցած էր, և ներսն ակնարկ մի նետելով այնպիսի հետաքրքրական և սիրահարական դեպքի մը վկա է եղեր որ զինքն զարմացմամբ պաշարեր է։

— Գիտե՞ս անուն այդ գաղղիացվույն։

— Ոչ, քանի որ կը ծածկեն այդ անունն ամեն զգուշությամբ։ Սա չափը գիտեմ թե խիստ երևելի անձ մ՚է։ — Ստո՞ւյգ է ուրեմն որ Սիրանույշ անվանս անպատվություն բերավ։

— Ես ներկա չէի ստուգելու համար զայդ, միայն իմացածս կը հաղորդեմ քեզ։ Թեև կնոջդ ոխերիմ թշնամին եմ՝ զայդ լավ գիտես, հանդերձ այսու չէի ուզեր որ այս եղանակավ վրեժս իրմե լուծեի, քանի որ դու հեգնության նյութ կըլլաս։ Սերս այնչափ մեծ է քեզ նկատմամբ որ նախապատիվ կը համարեի ատելությանս առարկային բարձրահոն կանգնիլը քան թե քու խայտառակվիլդ տեսնելն հասարակաց կարծյաց առջև, զի կնոջ մի անառակության ամոթն ամուսնույն վրա կանդրադառնա։ Բայց դու անշուշտ անցած գացածը գիտես, քանի որ մեծ կռիվ ծագեր է ու այդ գայթակղական դեպքը վկաներ ևս ունեցեր է։

— Անօրեն կինն ըրածին պատիժը պիտի ընդունի, հանգիստ եղիր, Ժա՛նեթ։

— Եվ չընդունեցա՞վ տակավին, չվանեցիր զինքր դեռ, քու հարկիդ ներքև՞ է մինչև ցարդ, ու կը վայելե անունդ, փառքդ, չըսեմ պատիվդ։

— Չվանեցի զինքր վասնզի համոզիչ խոսքերով յուր անմեղությունն ուզեց հաստատել։ Ես հարկադրեցա հավատալ իրեն վասնզի չէի հուսար թե սուտին այնպիսի բնական կերպարանք մի կրնա տրվիլ անձե մի՝ որ պատվավոր ընտանյաց զավակ է։

— Չարը ծածկելու կարող անձը ճարտար կըլլա կեղծելու։

– Իրավացի է ըսածդ կը տեսնեմ։

— Ես սրտի հոդերով կապված եմ քեզ և ոչ թե օրինավորապես. հանդերձ այսու ոչ երբեք կարող կըլլայի այնպես վատաբար խաբել զքեզ, թեև ոչ անվանդ ժառանգորդ եմ և ոչ փառացդ մասնակից։

— Վասնզի ազնիվ հոգի մի կը կրես դու։

— Եթե հնարավոր ըլլար ինձ, Դարեհյա՛ն, զքեզ սիրելե դադրիլ՝ նույն օրն իսկ կը դադրեի ևս շնորհքներդ ընդունելե: Մեկ կողմ են ընդունիլ և մյուս կողմ են մատնել՝ այդ անսիրտ և անպատիվ կնոջ ընթացք է։

— Ապերախտության հրեշի՞ մի հետ կապրիմ եղեր ես ուրեմն։ – Կուզեի գիտնալ եթե ես փոքրիկ կասկածանաց՝ թող թե անհավատարմության ապացույց մի տված ըլլայի քեզ, այսչափ զարմանալի համբերություն կունենայի՞ր արդյոք և ինձ նկատմամբ։

– Ո՞վ ըսավ քեզ թե համբերատար եմ՝ այսինքն վատ կուզես ըսել։ Հանգիստ եղիր, շուտով կիմանաս իմ ո՜վ ըլլալս եթե չգիտես արդեն։

– Շուտ իսկ կը ճանաչեմ քու պատվակիր զգացումներդ. և եթե այնպես չըլլար, զիս այդչափ չէիր շլացներ։ Չկա նվաստացուցիչ պարագա մի այր մարդու համար որչափ եպերելի թույլտվություն մ՚իրենց վերաբերող կանանց մասին, որ օրինակ եթե դու իմ անհավատարմությունս ներողամտությամբ պատժեիր, հավատա որ նույն վայրկյանեն սրտիս իշխան ըլլալե կը դադրեիր։

– Գիտեմ, Ժանե՛թ, որ դու համայն սիրտ և անձնվիրություն ես քանի որ զիս երբեք չմատնեցիր ուրիշի մի համար։

– Եվ զայդ գիտնալովդ հանդերձ զիս թողուցիր ուրիշ մի բախտակից ընտրելով անձիդ։ Առ ի՞նչ ուրեմն ծառայեց հավատարմությունս և սերս։

— Ծառայեց քեզ առավել ևս սրտիս թագուհին հանդիսացնելու, մինչդեռ ուխտադրուժները սրտմտությանս զոհը պիտի ըլլան։ Սիրույդ և հավատարմությանդ վարձատրությունը կստանաս խիստ մոտերս։ Ձեռքն այն որ գիտե պատուհասել զիտե նաև պարգևներ շռայլել։

Ժանեթի հոգին կը ցնծար լռին, վստահ էր արդեն տիրանալ Սիրանույշի գոհարներուն։ Բայց արվեստավորյալ անձնուրացությամբ մ՚ըսավ։

– Ինձ համար մեծագույն պարգևը սրտիդ ձոնն է։

– Զայդ ունիս արդեն ու շատ առավելն պիտի ստանաս․ ուխտադրուժ ամուսնո մի տրված նվերները հավատարիմ սրտի գույքը պիտի ըլլան։

Թեև Ժանեթ անհնարին ցնծությամբ կը տրոփեր ներքնապես, ըստ ամենայն յուր հաջողիլը կարծելով. ուստի ամենայն ճարտարությամբ խոսակցության տարբեր ընթացք մի տվավ անտարբեր ձևանալու մտոք, և մանավանդ չարադրուժ նպատակ մ՚ունենալուն վրա որևէ կասկած չտալու նպատակավ։ Ջանաց մոռցնել տալ յուր վիշտը Պ.Դարեհյանի սրտին ծանրությունը սփոփելով, ու անձնվիրության և գորովո կրկին և կրկին ապացույցներ տալով։ Զինքը մատնված համարող ամուսինը երջանիկ կը համարեր զանձն յուր այսպիսի ընտիր հոգվո մի հանդիպած ըլլալուն՝ ի մխիթար կնոջը նենգությանց։

Այս նենգող կնոջ դյութիչ խոսքերուն բավական ժամանակ խաղալիք ըլլալե վերջը՝ մեկնեցավ վերջապես Պ. Դարեհյան ու յուր տունը վերադարձավ, անհամբեր ըլլալով կնոջն արժանավայել պատիժը մատուցանելու համար։

ԳԼՈԻԽ ԿԳ.

Պ. Հայնուռ աղջկանը այցելության կուգար նույն միջոցին որ յուր փեսան դոնեն ներս կր մտներ՝ հետ այն խոսակցության Ժանեթի հետ՝ որուն ունկնդիր եղանք արդեն։

— Հարմար ժամանակին կուգաք,— ըսավ սրտմտյալ ամուսինը յուր աներոջը․— ես ալ իմաց պիտի տայի ձեզ թե հետներիդ տեսնվիլ կուզեի:

— Պատրաստ եմ ձեզ ունկնդիր ըլլալու,— պատասխանեց Պ. Հայնուռ, յուր փեսին հաճոյանալու ձևով, թեև նշմարեց անոր երեսին վրա դժգոհության նշան մի։

Երկուքը միատեղ վեր ելան մարմարիոնե սանդուղներե, մտան փառավոր սենեկի մի մեջ, նստան, քաղաքավարական փոխադարձ պատշաճողական ձևերը կատարեցին, վասնզի անոնց հարաբերություններն առավել պաշտոնական էին քան թե մտերմական, հետո Պ. Հայնուռ աղջիկը չտեսնելով հարցուց.

— Ո՞ւր է Սիրանույշ։

– Երեկ անհանգիստ էր, բայց այսօր ինչպես ըլլալը չգիտեմ։

Այլայլեցավ աներն. հիվանդության պատճառը հարցնելով և տեղեն հանկարծ ելնելով «Երթանք զինքը տեսնելու» ըսավ։

- Ձեր դուստրը յուր տաղավարը կը գտնվի. երթանք հոն եթե կը հաճիք, և դուք անձամբ կրնաք անհանգստությանը պատճառն հարցնել իրեն։

Այլագունեցավ Պ. Հայնուռ ու լռեց, կասկածելով թե տհաճո վեճ մի ծագած էր երկու ամուսնոց մեջ, և բնավ հարցում չըրավ յուր փեսին։

Երկուքն ալ չէին խոսեր։ Ճամփա ելան, անցան պարտիզին մեջեն, ու հասան Սիրանույշի բնակարանը։

Մանկամարդ կինն յուր հայրը հեռվեն տեսնելով բնավ գոհ չեղավ, քանի որ գիտեր անոր հակակրությունն Երվանդի դեմ, և չէր ուզեր որ նա ներկա գտնվի այն բացատրությունը զորս կենթադրեր թե պիտի պարտավորեր տալու վերստին, վասնզի լավ կը հասկնար թե խնդիրը լուծված չէր ամուսնույն և իրեն մեջ տեղ: Բայց ոչինչ հայտնեց, և տակավին տկար ըլլալով, միայն մինչև նստած սենեկին դռան առջև գնաց հորն ընդառաջ, ու ամուսնույն ժանտ կերպարանքը նկատելով գուշակեց թե մոտակա փոթորիկ մի կը պատրաստվեր:

Անմիջապես որ հայրը զյուր աղջիկը տեսավ, հետախուզիչ ակնարկով մ՚ուզեց անոր դիրքը հասկնալ։ Բայց երիտատասարդուհվույն մեծանձն և արժանավայել ձևը նկատելով՝ մեծ սփոփանք մ՚ստացավ, և հարցուց միայն անոր թե ինչո՞ւ այնպես գունատ էր կերպարանքը, և թե ինչո՞վ կը տառապեր:

– Զարմանալի և անակնկալ դեպքե մի հուզվելով հիվանդացա,- պատասխանեց նա:

– Կպա՞տմես այդ դեպքերն,- ըսավ Պ.Դարեհյան, հեգնելով զնա:

– Ինչու՞ չպատմեմ,- պատասխանեց կինն հպարտ եղանակավ:

– Միայն թե հորդ նկատմամբ առավել անկեղծ կըլլաս հուսամ քան ինչ որ եղար ինձ համար:

– Ինձ համար մեկ անկեղծություն կա, և նույնը կը գործածեմ ամենուն նկատմամբ,— պատասխանեց Սիրանույշ խրոխտ դիմոք:– Ինչ որ ես քեզի պատմեցի անցելույս վերաբերյալ՝ նույնը հայրս կրնա հաստատել։

– Ի՞նչ անցյալ, աղջիկս,- հարցուց հայրը այլագունելով: — Կակնարկեմ Երվանդի համար ունեցած համակրությանս:

— Աղջի՛կս խելագա՞ր ես, ի՞նչ ես։

– Ո՛չ, հա՛յր, եմ ինչ որ էի և եղածը կը հաստատեմ, այսինքն այն սուրբ համակրությունն զոր ունեցած եմ Երվանդի համար։

— Ի՞նչ խոսքեր են ադոնք, ինչպե՞ս կը համարձակիս հայտնել համակիր զգացումներ այն անպիտան տղուն նկատմամբ, և նույնիսկ անոր անունը հնչել երբ Դարեհյանի մի կին ես։

— Հա՛յր իմ, Դարեհյանի կին ըլլալը առավել պատիվ չբերեր ինձ քան քո աղջիկդ ըլլալը։

— Եվ գուցե,— ըսավ Պ. Դարեհյան ծաղրելով,— քան Երվանդին կինն ըլլալը։

— Ճշմարտություն մի խոստովանեցար, եթե դու հարուստ ես դրամով՝ Երվանդ ճոխ է սրտով ու տաղանդով։

— Սիրա՛նույշ, կը հրամայեմ քեզ, դադրե այդ անզգամին անունը տալե. կը բանդագուշե՞ս արդյոք,— ըսավ Հայնուռ:

— Տե՛ս վիճակդ. հայրդ՝ իբր պատվավոր մարդ քեզ օժանդակ ըլլալը կը մերժե. դու անձամբ դատե վիճակդ, Սիրանու՛յշ։

— Ես օժանդակ չեմ խնդրեր բնավ, զի իմ զորությունս առաքինությանս մեջ կը գտնեմ,— պատասխանեց երիտասարդուհին արժանավայել մեծանձնությամբ։– Ես պարզապես վկա մի կը փնտրեմ և իբր այդ կը դիմեմ հորս։ Եվ անոր դառնալով հարցուց.

— Հա՛յր, կրնա՞ս ուրանալ թե ընդդիմացա Դարեհյանին հետ ամուսնանալու, վասնզի սիրտս Երվանդին նվիրած էի։

Պ. Հայնուռ այլագունելով ըսավ.

– Աղջի՛կ, արգիլեցի քեզ արդեն այդ սրիկային անունը արտասանելու։

— Եվ ի՞նչ պատճառ ունիս արգիլելու հայր։ Եթե ապիրատի մ՚անունն ըլլար, ես առաջինը կըլլայի այդ անձը մոռացության դատապարտելու։ Ինձ հավնիլը, ինձ հետ ամուսնանալ ուզենալը անպատվությո՞ւն մ՚էր արդյոք իրեն համար։ Եթե այդպես ըլլար նույնչափ անպատիվ է և Դարեհյան։ — Պ. Դարեհյան մեծատուն, արժանավոր անձ մ՚է որով թե քեզ հավնելու և թե հետդ ամուսնանալու իրավունք ուներ. իսկ մյուսը՝ աղքատի որդի աղքատ մ՚է որուն համար լրբություն էր այդ երազն ունենալը։

– Եթե աղքատ էր, հա՛յր իմ, շատ առավել հարուստ էր բարոյականությամբն և հազվագյուտ ձրյուքը քան շատ մի հարուստներ։ Ոսկին սիրտը չազնվացներ, և գուցե կը նվաստացնե ամեն տեսակ ճաշակները գոհացնելու նպաստելով։ Ուստի աղքատն՝ որչափ հարուստը՝ նույն իրավունքն ունի հավնելու, սիրելու և բաղձալու։ Բնությունն այդպիսի խտիր չէ դրած մարդկանց մեջ. ինչպե՞ս ուրեմն դուք բնության գործը կուզեք սրբագրել:

– Բնության օրենքը լավ ուսումնասիրած ըլլալուդ համար է ուրեմն որ բնական ձգտմանց ազատ հետևողն ևս եղար՝ Երվանդին առատորեն շնորհելով քու անձիդ վայելքը, առանց խտիր դնելու հարուստին և աղքատին, ամուսնույն և սիրահարին մեջ, ըսավ Դարեհյան կարմրելով:

Պ. Հայնուռ տեղեն ցայտերով.

– Ո՜վ ապիրատ դու աղջիկ,- գոչեց կատաղաբար:

Արհամարհոտ ժպտով պատասխանեց Սիրանույշ:

– Արդ եթե պատվույս նախանձախնդիր ըլլալով,- հարեց Պ. Դարեհյան,- ուզեմ ըստ օրինի պատմել ձեր դուստրը, կարծեմ թե դուք, Պ. Հայնուռ ինձ դեմ վշտանալու իրավունք չեք ունենար երբեք:

Պ. Հայնուռ դողահար՝ դեպի փեսին դառնալով, աղերսագին ու լալահառաչ ըսավ․

– Ճերմակ մազերուս խնայեցերժք՝ ողորմելով Սիրանույշի:

– Հայր իմ, դու ինձ համար շնորհք խնդրելու պետք չունիս զի ես անպարտ եմ, պատվավոր կին մ՚եմ, ապահով երկիր:

– Ինչո՞վ կապացուցանես այդպես ըլլալդ,- հարցուց Պ. Դարեհյան։

– Դու ինչո՞վ կապացուցանես հանցավոր ըլլալս:

– Զայդ աշխարհ կը վկայե:

– Ո՞վ է աշխարհդ,- հարցուց Սիրանույշ, արհամարհոտ կերպիվ: — Ամենքը,— պատասխանեց Պ. Դարեhյան, խոսքերը ծամծմելով։

– Կը հարցնեմ քեզ ո՞վ են ամենքն ըսածներդ. անուն մի տուր գոնե, եթե երկու հատը գտնելու դժվարություն կը կրես։

— Կո՞ւզես որ անուն մի տամ, լավ։ Ահա Մարիամ հանցավոր ըլլալդ կը վկայե։

— Մարիա՞մը, հարցուց մանկամարդ կինը, անհնարին զարմացմամբ։

– Այո՛.

– Մարիամը քե՞զ հաստատեց զայդ։

– Կը զարմանաս անշուշտ այդ մատնության վրա զինքը կաշառակեր ընելեդ վերջը։

— Կը հարցնեմ քեզ վերստին, ըսածդ Մարիա՞մը վկայեց։

— Ոչ ինձ, այլ Մելքոնին։ Գուցե ապշիս թե աղքատին ու հարուստին մեջ խտիր չդնելով աղքատաց վկայության կը դիմեմ. բայց այդ մասին քու գաղափարացդ համեմատ կը վարվիմ, ինչպես կը տեսնես։

– Ինձ համար ոչ աղքատ կա և ոչ հարուստ, միայն պատվակիր մարդը կա։

– Լավ։

— Մելքոն ու Մարիամ հանցավոր ըլլալս կը վկայեն, կսես. ինչո՞ւ ուրեմն խստիվ կը վարվիս հետերնին։

— Ես ալ իմ պատճառներս ունիմ անշուշտ։

— Դժոխային մեքենայություն մի կը կարծեմ նշմարել։ Պատվիրե որ երկուքն ալ հոս գան. այս մութ խնդրույն վրա լույս կուզեմ տարածել ու ամեն զրպարտություն երևան հանել։ Եթե դու իմ հանցանքս ի լույս բերես, ես հարկիդ ներքև և ոչ մի վայրկյան մի կը բնակիմ, համարելով թե դու հորս ծերության խնայելով ինձ ներում շնորհես. զի ներումը չվերադարձներ պատիվը, զոր կինր կորույս։ Իսկ, Դարեհյան, եթե ոչինչ կարենաս ապացուցանել, և հաստատվիմ թե դու դավակցության մի կամովին մասնակցած ես, հայնժամ կարհամարհեմ զքեզ ու կը մերժեմ տունդ, կը մերժեմ անունդ, կը մերժեմ վերջապես ինչ որ քեզ կը վերաբերի։

— Կը հավանիմ։

– Ես զքեզ տեսա ծնրադրած նույնիսկ սենեկիս մեջ անմաքուր կնոջ մ՚առջև։ Ես տեսա՝ և սակայն լռեցի, ոչինչ խոսեցա ոչ հորս և ոչ մորս, ի պատիվ անվանդ զոր կը կրեմ: Իսկ դու առանց փաստի զիս կը նվաստացնես, կարատավորես, կը հեգնես հորս առջև, և առանց հանցանքս կարենալ ապացուցանելու պատիժս կը պատրաստես։ Օ՜ն ուրեմն, ըսե՛ որ հոս գան անմիջապես Մարիամ և Մելքոն։

– Թո՛ղ գան,— ըսավ Պ. Դարեհյան. և սպասավոր մի կոչելով հրաման ըրավ որ երկուքը գան ներկայանան։

– Դա ինձմե կը կասկածեիր,— շարունակեց սրտմտյալ կինը,– իսկ արդ ես քեզմե կը կասկածիմ։ Դու ըսիր թե աշխարհն ամենայն հանցանքս կը վկայե և սակայն անկարող եղար բացարձակապես վկա մի ցույց տալու տակավին։ Դու ինձ դատավոր ուզեցիր ըլլալ իսկ ես քո դատավորը պիտի ըլլամ արդ:

Պ. Հայնուռ շունչ կառնուր, աղջկանը անմեղության կսկսեր հավատալ:

Իսկ Պ. Դարեհյանի վիճակը նեղացուցիչ էր. գլխավոր փաստ չուներ հառաջ բերելու, Ժանեթի վկայության չէր կըրնար դիմել․ կերպիվ իվիք դատապարտյալի դիրք կառնուր աներոջն և յուր կնոջ առջև, մինչդեռ իբր դատախազ սկսած էր վարվիլ:

ԳԼՈՒԽ ԿԴ․

Ներս մտան Մարիամ ու Մելքոն. առաջինը գունատ էր և կիսամեռ․ կարծես թե տիրուհիեն շնորհք կը խնդրեր նայվածքովն, մինչդեռ նույնը կը գործեր Մելքոն աղջկան նկատմամբ:

– Մա՛րիամ,– ըսավ Սիրանույշ,— իրա՞վ է որ դու զիս կը մեաղադրես. ազատ խոսե՛։

– Ա՛հ, տիկի՛նդ իմ, ոչ բնավ չմեղադրեցի զձեզ։

Սիրանայշ հաղթահարող ձևով ամուսնույն դառնալով,

– Ուրե՞մն,– ըսավ։

– Մելքո՛ն, դու այդպե՞ս չվկայեցիր,— հարցուց Պ. Դարեհյան անհուն սրտմտությամբ:

– Տե՛ր իմ, այնպես իմացա Մարիամեն,– կը պատասխաներ անխիղճ մարդն մինչդեռ կը հաջողեր աղերսահայց ակնարկ մի ուղղելու խեղճ աղջկան։

– Ստո՞ւյգ է, Մա՜րիամ,— հարցուց Սիրանույշ։

– Ո՜վ հրեշտականման տիկին մաքրության,— մնչեց Մարիամ ի ձայն բեկբեկ․ սկսված վանկը կոկորդին մեջ մարեցավ, երբ աչքը Մելքոնին վրա անկավ որ իբր դատապարտյալ յուր փրկությունը կը հայցեր իրմե։ Մարիամ հառաչ մ՚արձակեց, աչերը գոցեց, և գետինը տարածվեցավ անշարժ։

Սիրանույշ փութաց նվաղյալ աղջկան հօգնություն երթալու։ Սպասուհիները կոչելով փոխադրել տվավ զայն ուրիշ սենեկի մեջ, և խնամեց զինքն իբր թե որդին ըլլար՝ յուր անձնական տկարությունը մոռնալով իսկ։

Բավական երկար տևեց Մարիամի նվաղումն. բայց հուսկ հետո կենաց նշան տվավ, աչերը բացավ ու ճանչցավ զյուր տիրուհին որ իբր գթո հրեշտակ յուր վրա կը հսկեր։ Հառաչ մ՚արձակեց՝ թևերն դեպ անոր բանալու ու խոսելու փորձն ընելով։ Բայց Սիրանույշ արգիլեց ամեն ճիգ և ամեն արտահայտություն որ կրնար զինքն հուզել, ապահովելով զհեգն թե իրմե չէր տարակուսեր բնավ. ողորմելի արարածը մեռելի կերպարանք առած էր։

Ազնվասիրտ կինը աղախիններուն խնամոց հանձնելով աղջիկը վերադարձավ հորը և ամուսնույն քով, մինչդեռ Մելքոն կեղծավորի դիմոք, թևերը կուրծքին վրա դրած, տիրոջը հրամանին կսպասեր դռան առջև կեցած։

– Դարեհյա՛ն,— գոչեց Սիրանույշ,— կուզեմ որ Մելքոնի վրա մասնավոր հսկողություն ըլլա։ Եթե ոք անոր փախստյան նպաստե զքեզ միայն պատասխանատու կը համարիմ, և կասկածներս ամենայն իրավամբ քու վրադ կը բարդեմ։ Իսկ Մարիամի գալով՝ ոչ ոք հետը պիտի խոսի այս նյութին վրա մինչև որ եղկելին բոլորովին առողջանա։ Սոսկալի կնճիռ մի կը նշմարեմ․ բայց անոնց հեղինակները շուտ երևան կելնեն։

Պ. Դարեհյանի կասկածները սաստկացան Մելքոնի նկատմամբ քանի որ անոր աղերսահայց ակնարկները դիտած էր, և մանավանդ հաստատած անոր խոսելու եղանակին տարբերությունը յուր տիրուհվույն առջև։ Կը մտածեր թե Մելքոն զրպարտիչ մ՚ըլլալու է. բայց Ժանեթ ինչպե՞ս կնոջը պախարակելի ընթացքին կրնար տեղյակ ըլլալ եթե իրոք անծանոթ մարդը տեսածը պատմած չըլլար։ Այս միակ փաստն ուներ առանց սակայն հայտնել համարձակելու։ Ինչպե՞ս կրնար Ժանեթի վկայությունն հառաջ բերել առանց արհամարահոտ քմծիծաղ մի գրգռելու յուր կնոջը շրթանց վրա, և առանց անոր կասկածանաց ենթարկվելու։ Լռեց ուրեմն ամենայն համբերությամբ, և խոստացավ յուր ամուսնույն սպասելու մինչև Մարիամի ապաքինության օրը:

Սիրանույշ պնդեց վերստին թե ոչ ոք պիտի մերձենար Մարիամի մինչև խոսաովանաթյան վայրկենին ժամանիլը, ամենայն արտոնություն թողլով Դարեհյանի սակայն որևէ միջոցի դիմելու յուր ապահովության համար, որպեսզի վստահ ըլլա թե պարգևի խոստմամբ բնավ ազզեցություն չպիտի գործածվեր աղջկան վրա, զինքը յուր դատին նպաստավոր ընելու մտոք

Բայց Դարեհյան ոչինչ խնդրելով «Առ այժմ Մարիամ տաղավարին մեջ թող մնա» ըսելով, մեկնեցավ հոնկե, զՊ. Հայնուռ աղջկանը հետ առանձին թողլով։

ԳԼՈՒԽ ԿԵ.

Պ. Հայնուռ շունչ կառնուր, վստահ էր գրեթե բոլորովին որդվույն անմեղություն վրա լսածեն ու տեսածեն դատելով։ Մանրամասնաբար պատմել տալով Սիրանույշի անցյալ դեպքերը, Մելքոնի ընթացքը խիստ կասկածելի թվեցավ իրեն, ու նույնը դուստրը: Զոր օրինակ, ինչո՞ւ Մարիամ չէր ուզած խոսիլ, և ինչո՞ւ նվաղած էր Մելքոնին նայելով։

Արդեն անոնց փոխադարձ գաղտնագողի ակնարկները դիտած էին երկուքն ալ, ուրեմն անոնց մեջ մտերմական հարաբերություններ կային, ու մեղապարտ խորհրդո մի կը ծառայեին անոնք:

Մինչ այս խորհրդածությունք տեղի կունենային, «Ո՛հ, ըսավ Սիրանույշ, կիմանամ, խեղճ Մարիամը ապիրատ Մելքոնին սիրահարած է։ Այժմ կըմբռնեմ եղածը։ Կերևա թե աղջիկն իրեն գործակից կուզե ընել, և այդ հեգն կը դժկամի ինձ վնասելու։ Բայց ո՞ր դժոխային խորհրդո խաղալիքն եմ արդյոք, ո՞վ է հեղինակն այս մութ գործին։ Անպատճառ ամեն ինչ պիտի լուսաբանեմ։

– Այդ թշվառական աղջիկն ինչո՞ւ ճշմարտությունը խոստովանելու խղճմտություն կընե, եբբ դու իրեն համար նախախնամություն մ՚ես։

—Հա՛յր իմ, եթե կը սիրե այն անպիտան մարդը, ի՞նչ կուզես որ ըներ։ Դոլ չգիտես ի՛նչ է սերը, և ի՛նչ բաներ ուրանալու, և ի՛նչ բաներ գործելու կարող է։

— Անիծյալ ըլլա ձեր սերը, աղջիկ։ Բայց բացատրե ինձ, Մելքոն ինչ պատճառ ունի քեզ թշնամություն ընելու։ Թշնամի ունենալեդ կը կասկածի՞ս։

— Ես, հա՛յր իմ, և ոչ մեկու մի չարիք հասուցած եմ։

— Բայց ո՞վ էր կինն այն որ սենեկիդ մեջ գտար ամուսնույդ հետ։

— Գաղղիացի անառակ կին մ՚է։

— Անկե չե՞ս կասկածիր։

— Անշուշտ, բայց կասկածը փաստ չէ։ Մարիամին առողջանալուն կսպասեմ ճշմարտությունն իմանալու համար, քիչ մի համբերե ևս, հայր իմ։

Լռեցին երկուքն ալ, և մինչ հայրն ոտք կելներ մեկնելու համար «Հա՛յր, գոչեց Սիրանույշ, խնդրեմ բնավ բան չհայտնես մորս այս նողկալի դեպքերուն վրայոք։ Արդեն անոր վիճակն ողորմելի է, և զայգ առավել տաժանելի ընելն անգթություն է։

Խոստացավ զայդ Պ. Հայնուռ և ապա գնաց կասկածներն փեսին հաղորդելու, մինչ Սիրանույշ փութաց Մարիամին քով երթալ անոր վրա հսկելու համար անդուլ։

Տիկնոջ խնամքը առավել ևս կը հուզեին ողորմելի արարածը։ Աչերն արտասվոք կը լեցվեին մինչ յուր բարերարուհվույն կը նայեր, ու բերնեն խոր հառաչ մի կելներ։

Սիրանույշ կիմանար որ ահեղ փոթորկե մի կը տատաներ անոր հոգին, և կը ջանար զինքը մխիթարել թե՛ աղու խոսքերով և թե՛ գորովալից ընթացյուք, առանց որևէ ակնարկություն մ՚ընելու սակայն սրտին վիճակին։ Երեք օրեր անցան, ու Մարիամ անկողնեն ելնելով՝ առավել մեռելի կերպարանք ուներ քան թե կենդանի արարածի, այնչափ պարտականության և սիրույն, խղճին ու սրտին մեջ ալեծուփ կը տանջվեր։

ԳԼՈԻԽ ԿԶ.

Մարիամ կը վերաբերեր համեստ ընտանյաց մի։ Յուր հայրր՝ Պետրոս անվանյալ, խիստ չափավոր բարեկեցությամբ կապրեցներ յուր ընտանիքը։ Բայց Պետրոս նույն օրն որ փայլուն ասպարեզ մի երազեց յուր ընտանյաց համար, աղիտից աշխարհ մի պատրաստել անոնց։ Դրամանենգությամբ յուր կացությունը շքեղացուց առ ժամանակյա կերպիվ միայն. զի հանցանքը շուտով երևան ելնելով թիապարտության մատնվեցավ նա: Կին մի կը թողուր անպաշպան և երեք որդիք, որոնց մին արու էր: Անդրանիկը՝ Մարիամ, տասնչորս տարեկան էր, և կրտսերագույնը՝ Զարեհ, տասնևմեկ:

Երբ Մարիամի մայրը հանկարծական կերպիվ և առանց բնավ տեղեկություն ունենալու իմացավ յուր ամուսնույն գործածած ապօրինավոր միջոցները, և տեսավ թե մեկ վայրկյանի մեջ կը կորսցներ զավակացը հայրը, տանը նեցուկը և ընտանյաց պատիվը, այդ անակնկալ խիստ հարվածը զինքը կաթվածահար ըրավ:

Մարիամ Պոլսո աղջկանց վարժարանը կը հաճախեր քրոջն հետ, ինչպես և եղբայրն արուաց դպրոցը։ Մարիամ թեև շատ հառաջադիմած չէր ոչ ալ գաղղիարենի մեջ, սակայն աշխատասեր բարեկիրթ աղջիկ մ՚ըլլալով կը խոստանար օր մի լավ աշակերտ մի հանդիսանալ։

Նույն վայրկեանեն որ հորն հանցանքն զմայրը յուր անգործության կը դատապարտեր, ծնողասեր պատանուհին վարժարանը թողուց, զայն խնամելու և տանը պետքերը հոգալու համար:

Տիկին Պետրոսի հանկարծական աղիտիցն ի լուր բարեկամք խուժեցին անոր շուրջը. բայց արգահատական զգացումներն հետզհետե տկարանալով գրեթե անապատ դարձավ տարաբախտ կնոջ շուրջը, քանի որ ամենքը խույս կուտային անոնցմե վախնալով թե գուցե այդ տառապյալ ընտանյաց անպատվութենեն իրենք ևս մաս կունենային, և կամ անոնց օգնելու կը պարտավորեին։

Պետրոսի տղայքը մատնանիշ ըլլալով իրենց հաճախած վարժարանաց մեջ իբրև թիապարտի որդիք՝ և կերպով մի հալածված ամենեն, օր մի Մարիամի քույրն Աննան՝ չկարենալով տոկալ այդ նախատանաց որք օր ավուր կը սաստկանային, տուն վերադարձավ լալով, ամրապինդ յուր որոշման մեջ ոչ ևս վերադառնալու ի վարժարան։ Հայնժամ քրոջն օրինակեն քաջալերյալ փոքրիկ Զարեհն ևս հեծկլտանոք ըսավ «Զիս շարունակ դպրոցի տղայք կը պախարակեն դրամանենգին զավակն անվանելով»։

Տարաբախտ մայրը կը լսեր այդ եղելություններն ու յուր աղիքը կը գալարեին։ Անմե՜ղ որդիքը կը տուժեին ուրեմն իրենց հորն հանցանքը։ Անպատվության գաղափարն իսկ չունեին և ահա անպատվության դրոշմով կնքված էր իրենց անմեղ ճակատը։ Սիրելու և սիրելու տարիքի մեջ էին, և ահա ամենքը զիրենք կը հալածեին: Փոխանակ մանկության զվարթ արշալույսին գիշերվան մռայլ կը տարածվեր անոնց հոգվույն մեջ, և փոխանակ վստահությամբ կենաց նայելու՝ կասկածոտ ակնարկ մը կարձակեին անոր։ Չէին համարձակեր ոչ մարդու մոտենալու և ոչ այլ խոսելու։ Դատապարտյալներն էին, բայց որն էր հանցանքն այդ խեղճ տղայոց։ Հազիվ հազ կենաց դռնեն ներս մտած էին և հանկարծ ընկերությունը զիրենք կը վաներ յուր ծոցեն վասնզի դրամանենգի որդիք էին։

Ի՞նչ կը նշանակեր այդ բառը։ Ողորմելի տղայքը կանգիտանային իսկ, և սակայն սարսափմամբ կը լսեին այդ ահավոր բառը։ Երբ փողոցի մեջ անծանոթի մի կը հանդիպեին, չէին համարձակեր անոր երեսը նայելու՝ թե գուցե ճանչցվելով կենթարկվեին դարձյալ սոսկալուր դրամանենգի խոսքը լսելու։

Տիկին Պետրոս ոչ ևս կարողանալով հանդուրժել այդ դժբախտ կացության, մտածեց թե լավագույն միջոցը Պոլիս թողուլ էր և շրջակա գյուղերուն մեջ բնակության տեղ մի փնտրել։ Տակավին քիչ մի դրամ ուներ որով կարող էր այդ տեղափոխությունն ընել և քիչ մի ժամանակ ապրուստի միջոց հայթայթել զավակացը:

ԳԼՈՒԽ ԿԸ․

Մարդկությունը միայն սև կետերե բաղկացյալ չէ բարեբախտաբար, այլ լուսավորք ևս կը փայլին հոն, իբրև աստղունք գիշերվան մեջ: Այնպիսի հոգիներ կան որք համայն սիրտ են՝ այսինքն կարեկցություն և գութ. կը սիրեն զտառապյալ մարդկություն յուր ամեն վիճակին մեջ, առանց որոնելու եթե դժբախտությանց պատճառները դատապարտելի են, և առանց ամենուրեք սև բիծեր գտնելու ջանդրությամբ: Կը սիրեն տառապյալը վասնզի անոր հոգին կարյունի ու կենաց մարտիրոսն է: Ի՞նչ փույթ և մարտիրոսության պատճառն անոնց: Անկյալին ձեռք կը կարկառեն, տկարին նեցուկ կըլլան, և վիրավորելույն սպեղանի: Եթե քսակնին ոսկի չպարունակե՝ գոնե իրենց սիրտը սիրո շող մ՚ունի, և իրենց աչքը գթության արտասուք մի:

Պ. Սարգսյան մարդկային գոհար մ՚էր, գութ էր, սիրտ էր: Համայն սեր էր երիտասարդության մեջ, համայն սեր մնաց ծերության մեջ: Ինքն ընտանիք չուներ, բայց մարդկությունը յուր ընտանիքն էր: Դժբախտներն ազգություն չունեին իրեն համար, ամենքը եղբայր էին, և ինքն անոնց հայրն էր: Մինչ հարուստ էր աղքատաց ու թշվառաց ոսկի և սեր բաշխեց․ և երբ ոչ ևս ոսկի ուներ մատուցանելու՝ սիրտը մնաց նվիրելու:

Երբ Պետրոսյանք իրեն պետք չունեին, սակավաթիվ էին Պ. Սարգսյանի այցելություններն անոնց։ Բայց երբ տեսավ տիկին Պետրոսի հուսահատ վիճակը՝ մոտեցավ անոր, զինքը մխիթարեց, առաջնորդեց, և յուր ծառայությունները մատույց: Գնաց Վոսփորի զանազան գյուղերը հարմար տնակ մի գտնելու, և վերջապես հետ բավական աշխատության հաջողեցավ Յենիքյոյի մեջ երկու սենյակով փոքրիկ խրճիթի նման բան մի ձեռք ձգելու։ Օգնեց տեղափոխության, զետեղեց ընտանիքը, և հսկեց անոնց վրա իբրև ճշմարիտ հայր:

Արմիսներ անցան և Պետրոսյանց ապրուստի աննշան միջոցները կսպառեին։ Մայրն անկարող էր գործելու անդամալուծության պատճառավ։ Իսկ Մարիամն մորն և տանը հոգատարությամբ զբաղյալ բնավ ժամանակ չուներ որևէ ուրիշ աշխատությամբ պարապելու։

Պ. Սարգսյան կը տեսներ այս ողորմելի վիճակն թշվառ ընտանյաց առանց սակայն մեծ դարման մ՚ընելու, զի յուր դրամական վիճակն ևս խիստ սահմանափակ էր։

Օր մի խիստ տագնապալի եղավ Պետրոսյանց կացությունը, քանի որ բնավ դրամ մի չկար տանը մեջ։ Թեթև ակնկալություններ կային քիչ մ՚արծաթ ընդունելու պարտատերե մի. բայց ե՞րբ իրականություն պիտի ստանային այդ հույսերը։

Դրացիները տեղյակ էին արդեն իրենց տխուր պատահարաց, ու թեև բացարձակապես ոչինչ կըսեին, սակայն Պետրոսյանց ներկայությունը միշտ կասկածելի և անախորժ փսփսուքներու տեղի կուտար, որով որևէ սերտ հարաբերություն անկարելի կըլլար։ Չունեին բարեկամներ և ոչ իսկ գրեթե այցելուներ: Որո՞ւ դիմել երբ Պ. Սարգսյան ներկա չէր զիրենք անտանելի վիճակե մ՚ազատելու համար, թեև ստույգ է որ իրենց ամեն մեկ նեղությունը չէին իմացներ անոր, քանի որ այն ևս չքավոր էր։ Բայց այս նեղ պարագային մեջ ինքը կարող էր գոնե առ ժամանակյա փոքրիկ սփոփանք մի հայթայթել իրենց։ Սակայն քանի ժամանակե ի վեր իզուր անոր կսպասեին. զի հիվանդ էր նա։

Ամեն հույս կսպառեր ուրեմն, հացագործը բարձրաղաղակ պահանջները կուզեր, ոչ ևս խոստմանց ականջ կախելով, զի համբերությունը սպառած էր, կըսեր, և կը դժկամեր հաց տալու վերստին։ Նույն օրը ոչ միայն ուտեստ չկար ուրեմն, այլ և հացն ալ կը պակսեր։ Իրարու կը նայեին անխոս՝ իրարու դառն վիճակը հասկնալով։

Վերջապես Զարեհ տեղեն ցայտելով որոշ կերպիվ մ՚ըսավ.

— Ես մինչև ցարդ ոչինչ ըրած եմ քեզ համար, մայր, տեսնենք եթե այսօր քեզ ծառայելու կը հաջողիմ։

Զայս ըսելով տղան փողոցին դուռը բացավ ու հաջողելու հավատքով դուրս ընթացավ։ Նայեցավ անցորդներուն, յուր վեհերոտության հաղթելով անոնց մոտեցավ, ու այնպես ազնվական և կարեկցության արժանի ձևով մի ողորմություն խնդրեց, որ հավաքած ստակովը կարողացավ մորը հաց մի բերելու։ Ախտաբեկ մայրը արտասվալից աչոք հացը ճաշակելով օրհնեց զյուր որդին որ կատարած գործին վրա հանչափս կուրախանար։

Բայց ողորմությամբ ապրիլն անկարելի էր անշուշտ ընտանյաց մի համար որ արժանապատվության զգացումն ուներ։ Ուստի հետևյալ օրը տիկին Պետրոս զյուր որդին կոչելով ըսավ. «Որդյակ, մուրալը նվաստ միջոց մ՚է ապրուստի։ Դուրս ելիր այսօր դարձյալ, ծառայությունդ մատո մանր մունր պարագայից մեջ, և ջանա մեր առօրյա հացը մատակարարելու մինչև Պ. Սարգսյանի գալուստը»։

Զարեհ մայրենի խորհրդոց հնազանդելով դեպ նավամատույց զնաց, որ շոգենավեն ելլողներեն թեթև բեռներ առնելով հաջողեցավ ընտանյացը հաց և քիչ մ՚ուտեստ մատակարարելու։ Նույնպես շարունակեց տղան քիչ մի ժամանակ և ամենայն գոհունակությամբ կատարեց յուր պաշտոնը։

Բայց անկիրթ գործակից տղայոց հանապազօրյա ընկերությանը Զարեհի բարուց ու վարուց նպաստավոր չէր կրնար ըլլալ անշուշտ: Զինքը մերթ նշաններով և մերթ խոսքերով կը գրգռեին: Ազնվամիտ տղան արհամարհեց նախ անկիրթ ցույցերը, բայց հետզհետե վարժելով այդ նվաստ արտահայտությանց, ինքը ևս ձևով և խոսքերով պատասխանեց, կռիվներ ծագեցան, զիրար ծեծեցին, օր մ՚ալ Զարեհ արյունթաթավ տուն վերադարձավ:

Խեղճ մայրը կը տեսներ յուր որդվույն կորուստը առանց կարենալու որևէ դարման մ՚ընել. կը տառապեր և կը հուսահատեր լռին։ Ոչ միայն զավկին ձևերն ու շարժումները փոխցած էին, այլ նույնիսկ յուր զգացումները, զի ոչ ևս ուներ այն եռանդն ընտանիքը սնուցանելու. գործածը ծանր կերևար իրեն։

Երկու ամիսներ բավեցին մատաղ մարդկային տունկի մի վնասելու. և գուցե անողորմաբար վճռված ըլլար անոր կորուստը եթե Պ. Սարգսյան առողջանալով վերջապես ժամանակին չհասներ զայն փրկելու համար։ Ցավելով իմացավ նա յուր բարեկամաց անհնարին վիճակը, ինչպես և մեծ տխրությամբ հաստատեց Զարեհի կրած զարմանալի աննպաստ փոփոխությունը: Շուտ հասկցավ թե օր մ՚անգամ կորսնցնելու ժամանակ չկար։

ԳԼՈԻԽ ԿԷ.

Երբ այս վերջին դեպքերը տեղի կունենային Պետրոսյանց տան մեջ՝ Սիրանույշ հինգ ամիսե ի վեր ամուսնացած էր արդեն:

Պ. Սարգսյան հիշելով թե յուր բարեկամուհիներեն մին բազմիցս խոսած էր իրեն տիկին Դարեհյանի առատաձեռնության ու ազնիվ զգացմանց վրայոք, անոր դիմեց յուր անմիջական բարեխոսությունը խնդրելով Պետրոսյան ընտանյաց համար սույն ազնվասիրտ տիկնոջ քով։

Երբ Սիրանույշ իմացավ անտանելի վիճակն այդ տարաբախտ ընտանյաց՝ այնպես սաստիկ հուզվեցավ որ առանց հապաղման հրաման ըրավ որ յուր կառքը պատրաստեն, և մեջը մտնելով գնաց այցելու աղքատ խրճիթին ու անոնց հեգ բնակչաց: Թվեր ոգին ողորմության որ զթշվառությանը կուգար մխիթարել։

Երբ Սիրանույշ տեսավ անդամալույծ կինը որ տակավին ծեր չէր, ու Մարիամի համակրական դեմքը դիտեց ինչպես և անոր վայելուչ ձևերը, ու մատակարարած խնամքներն հաստատեց, թե մորն և թե երկու մյուս մանկանց նկատմամբ արգահատություն մեծ զգաց բոլոր այդ ողորմելի ընտանյաց վրայոք, և մասնավոր համակրություն Մարիամին համար: Հայտնեց յուր դիտավորությունը զԶարեհ գիշերօթիկ դպրոց մի դնելու, առատ դրամ թողուց, և ընդհուպ վերադառնալու խոստմամբ տուն վերադարձավ՝ հիվանդին ու յուր ընտանյաց օրհնություններն հետը տանելով։

Տիկին Պետրոսի ուրախությունն այնչափ մեծ եղավ այդպիսի բարերար մի ստացած ըլլալը տեսնելով՝ որ նույն գիշերն զգացման սաստկությամբը կաթվածի կրկնությամբ մեռավ։

Երկրորդ օրն երբ այդ տխուր եղելությունն իմացուցին Սիրանույշին, հրաման ըրավ որ համեստ բայց վայելուչ կերպիվ կատարվի թաղման հանդեսը տառապյալ կնոջ։

Պ. Սարգսյան՝ Զարեհին ու երկու ուրիշ անձանց ընկերությամբ հետամուտ եղավ անտեր դագաղին մինչև յուր վերջին հանգստատեղին։

Աղքատ փոսին վրա քահանան արագընթաց աղոթք մի մրմռաց. Զարեհ որբ հորդ արտասվոք և անկեղծ զղջմամբ լացավ մայրն այն զոր վիրավորված էր վերջին ժամանակները, և Պ. Սարգսյան ազնիվ սրտի արգահատական զգացմամբ վերջին հրաժեշտի ողջույն տվավ այն փոսին որ յուր բարեկամը կընդուներ։

Երեք գողտրիկ որբերը, երեք անմեղ դատապարտյալները, հանցավոր հոր մի երեք անբիծ ծնունդները, զիրենք ուրացող ընկերության երեսին իբրև սև մրուր պիտի ժայթքեին, ու պիտի կոխկռտվեին անկե գուցե, եթե Սիրանույշ գթության գոգը բանալով զիրենք յուր տան մեջ չընդուներ՝ իբրև երկրորդ մայր հանդիսանալու խոստմամբ։

Քանի մ՚օրեն վերջը երբ որբերուն ցավը սակավ ինչ մեղմացավ՝ Զարեհ ու յուր կրտսեր քույրը գիշերօթիկ դպրոցաց մեջ տեղավորվեցան Սիրանույշի խնամոք։ Իսկ Մարիամ ազնվասիրտ տիկնոջ մոտ կեցավ անոր անձնական թեթև ծառայությանցն համար։ Բայց նա առավել իբր մայր կը վարվեր որբ աղջկան հետ քան իբր տիրուհի, և մինչև անգամ անոր ուսում տալու կը պարապեր թե հայերեն և թե գաղղիերեն։

Մարիամ երջանիկ էր ու հոգվույն բոլոր զորությամբը կը սիրեր զտիրուհին։ Բայց դժբախտությունն ունեցավ սիրելու զՄելքոն անմեղ սրտի համայն ուժովը։ Զայդ մարդ ստեպ տեսնելու առիթ ուներ, քանի որ այն ևս կերպիվ իվիք տիկնոջ գլխավոր սպասարկուն էր, և բացարձակ առաջնություն ուներ մյուս բոլոր տան մարդոց վրա։

Մելքոն առույգ, գեղեցիկ, երեսուն տարեկան մարդ մ՚էր. զՄարիամ շնորհալից գտնելով աշխատած էր անոր սրտին տիրելու, ու կատարելապես հաջողած էր։ Գուցե զերիտասարդուհին ի կորուստ վիժեր օր մի եթե մեր գիտցած դեպքերը վրա գալով զանձն չփրկեին զյուր սիրտը հոշոտելով։
ԳԼՈԻԽ ԿԹ․

Երվանդ անհանգիստ գիշեր մ՚անցուց Սիրանույշեն ետ դառնալեն վերջը։ Զարհուրելի երազներ քունը կը վրդովեին շարունակ։ Մերթ թվեր իրեն թե յուր սիրելի են կը հալածվեր և մերթ թե նա յուր ձեռաց մեջ շունչը կը փչեր։ Սոսկմամբ արթնցավ ցուրտ քրտինք թափելով։ Քունն աչերեն խույս տալով օրվան բոլոր դեպքերն յուր առշևեն կանցնեին, բայց տիըող գաղափարը Սիրանույշի երևույթն էր։ Արշալույսը ծագեցավ և մեր երիտասարդը արթուն էր տակավին։ Վերջապես բնությունը հաղթահարեց յուր համառ տքնության որով հանդարտ հանգիստ մի վայելեց քիչ մի ժամանակ։

Զարուհին՝ իբր մայր գորովագութ որ որդեկին օրորոցին վրա կը հսկե, կը ջանար խոր լռություն պահել տան մեջ եղբորը առավոտյան հանգիստը չվրդովելու համար։

Արդեն մանկիկն արթնցած էր, և մորն անհագ համբույրները վայելած. սպասուհին պարտեզ տարած էր զայն՝ անոր զվարթ ճիչերը Երվանդին ականջեն հեռացնելու մտոք։ Մանկիկը կերգեր յուր մանկական ճարտարությամբը մինչ ծաղկանց մեջ խնամակալ կնոջ ծնկացը վրա նստած էր։

Խանդակաթ մայրը մերթ պատուհանին կը մոտենար սիրո ակնարկ մի նետելու համար տղուն վրա, և մերթ Երվանդին դռանը մոտենալով ուշադրությամբ ունկնդիր կըլլար թե մի՛ գուցե յուր եղբայրն արթնցած էր, որպեսզի թե անոր փոթորկյալ վիճակին վրա տեղեկություն ստանա և թե՛ հորդորե զինքը կաթի և կարագի նախաճաշն ընելու՝ ըստ սովորությանն։ Կարծես եղբայրն կրկին անգամ սրբանվեր եղած էր իրեն հետ յուր դժբախտության։

Մանկամարդ կինը կերթևեկեր վեր-վար, ամեն ինչ աչքե կանցըներ տանը կարգադրությունն անխախտ պահելու ջանադիր ըլլալով և նույն հաջողականությամբ կը կատարեր տանտիկնության պարտականություններն որչափ մոր և դաստիարակի պաշտոնը։ Յուր մանուկը կաճեր առույգ և գեղեցիկ, և յուր աշակերտուհիք կը հառաջանային թե՛ ուսման և թե՛ երաժշտության մեջ յուր հարկին ներքև։

Նույն օրը տոն էր որով և ազատ ամեն դասատվութենե, և կարող՝ օրն ի բուն եղբորը հետ մնալու։ Յուր սիրելի Հրանտը միայն այդ հանգստյան օրեն օգուտ չէր քաղեր գործերուն պատճառավ և ի սրտե կը ցավեր այդ պարագային վրա։

Մինչ այս մինչ այն փողոցին դուռը կը զարնվի հանկարծ։ Զարուհին սրտի բաբախում մ՚ունեցավ ինչպես կը հանդիպի անոնց որ դող մ՚ունին սրտին մեջ։ Ինքը փութաց երթալ դուռը բանալու։ Շնորհոք զգեստավորյալ սպասավոր մի նամակ մի հանձնեց իրեն և իսկույն մեկնեցավ։ Զարուհին ճանչցավ անմիջապես Սիրանույշի սպասավորին ինչպես և գիրն հասցեին որ Երվանդին ուղղյալ էր։ Սիրտն սկսավ առավել ուժգին տրոփել: Սպասավորին հանկարծական կերպիվ նամակը թողուլն ու մեկնիլը ծանր նշանակություն մ՚ունենալը կը հայտներ։

Մտահույզ էր երիտասարդ կինը, թե ի՞նչ կրնար նամակը պարունակել արդյոք. ինչպե՞ս կրնար եղբորն հանձնել զայն երբ գուցե անախորժ լուր մի անոր փոթորկյալ անձին մեջ նոր փոթորիկ կրնար հարուցանել։ Որոշեց ուրեմն նամակը բանալ և իմաստը ճանչնալ ըստ այնմ գործելու համար։ Թուղթին ընթերցմանեն հետո շանթահար եղած ձեռքը ճակտին զարնելով ըսավ «Խե՜ղճ եղբայրս, ինչպե՜ս պիտի տոկաս այսպիսի խիստ հրամանի»։

Առավոտը կը հառաջանար և տակավին Երվանդ սենեկեն դուրս չէր ելներ և ոչ իսկ կենդանության նշան կուտար։ Սև կասկածներ ունեցավ Զարուհին, և այլայլելով եղբորը սենեկին մոտենալով դողահար ձայնիվ «Երվանդ» գոչեց։

Երվանդ արթնցած էր ու մտացը մեջ կը հուզեր առ Սիրանույշ վերադառնալու խնդիրը նույն օրը, թե՛ յուր վիճակին վրա և թե՛ Դարեհյանի տված բացատրությանցն և հետևանացը վրա լուր առնելու համար։ Բայց երբ քրոջը ձայնը լսեց «Ահավասիկ եմ» ըսելով տեղեն ցայտեց, պաատրաստվեցավ, սենեկեն դուրս ելավ, զքույրն ողջագուրեց, ու ապա սեղանին մոտենալով իրեն հատկացյալ նախաճաշը կերավ։ Յուր անցուցած անքուն գիշերն իմացուց Զարուհվույն, և յուր դիտավորությունը երթալ Սիրանույշեն լուր առնելու համար։

Այլագունեցավ կինն ու ընդդիմացավ այդ խորհրդույն գործադրության, առարկելով թե յուր այցելություններն այնչափ ստեպ կրկնելով ինքն Դարեհյանի սրտմտության առարկա կրնար ըլլալ, և Սիրանույշի համար անհանգստության պատճառ։

— Ոչ քո՛ւյր իմ, անհնար է ինձ անձկության մեջ ապրիլը,— պատասխանեց Երվանդ։— Համարելով թե Սիրանույշ զիս չընդունի՝ վերջապես իրեն որպիսության վրա լուր մի կունենամ։ Եվ ի՞նչ պատճառ կրնա ունենալ զիս չընդունելու։

Ստույգ է որ Դարեհյանի հետ կռվեցանք որովհետև տարակուսելի դիրք մ՚ունեի իրեն առջև։ Այլ երբ Սիրանույշ իմացնե անոր թե ինձ վերագրված անվայել ընթացքն ոչ միայն անհիմն էր, այլ թե ես պաշտպան կանգնած էի իրեն, անշուշտ այդ մարդուն կասկածները հիմնովին ցրվելով ամեն իրավունք կստանամ յուր տան մեջ մուտք գտնելու վերստին։

— Եղբա՛յր, մի՛ ամեն ինչ ըստ քմացդ դատեր։

— Զարմանալի ես. քո՛ւյր։

— Հիշե թե Դարեհյան կասկածոտ է իբր ամեն նախանձոտ մարդ, որով զքեղ հանգիստ աչոք չկրնար տեսնել։

— Ուրեմն առավել մեծ պատճառ մ՚ըսածդ վիճակիս ստույգ գաղափար մ՚ունենալու։

— Երվա՛նդ, հանուն սիրույդ, հրաժա՛րե այսօր զսիրելիդ տեսնելու խորհուրդեդ։

— Ինչ պահանջելդ գիտե՞ս արդյոք։

— Սպասե մինչև իրիկուն, Հրանտ թող գա, հետը տեսնվե և ապա գործե։

— Կուզե՞ս որ երկյուղի ու վարանմանը մատնված օր մ՚անցընեմ, ո՛չ։

— Նախազդեցություն մ՚ունիմ թե զՍիրանույշ չպիտի տեսնես։

— Ուրեմն պետք է որ երթամ և ըսածդ հաստատեմ։

Եվ զայս ըսելով երիտասարդը ոտք ելավ պատրաստվելով մեկնելու։

Բայց Զարուհին ձեռքեն բռնելով վերստին նստեցուց աթոռակին վրա։

— Անհնարին է, քու՛յր, պիտի երթամ։

— Ո՜հ, քանի որ կը համառիս, խեղճ եղբայրս, արիացիր ուրեմն, ա՛ռ և կարդա,— ըսավ հուսահատ կինը, նամակը տալով։ Հափշտակեց զայն Երվանդ, կարդաց, ու մահվան դալուկը դեմքին վրա տարածվեցավ։

— Անգո՜ւթ Սիրանույշ,– գոչեց տարաբախտ սիրահարը,— կը կորզես ինձմե սիրտս, տաղանդս. կյանքս միայն կը պակսի քեզ, և գուցե այդ ըլլա պահանջածդ։ Կը հալածե՜ս զիս ուրեմն ցկյանս, օրհասական վայրկյանդ միայն ինձ նվիրելով, ու կը թախանձես ինձ որ զքեզ տեսնելու ջանադիր չըլլամ։ Ո՞վ առավել անգութ է, վա՞գր թե դու:

Ինչ որ հուսահատ սիրտ մի լեղի տրտունջ ունի՝ ամենքը Երվանդին բերնեն դուրս ժայթքեցին հորդառատ. ապա սիրտն ու բերանը լռության մեջ կայնեցան անխլիրտ։

Զարուհին բառ մի չուներ արտասանելու ի մխիթարություն։ Երբ հոգին շատ լի է թախիծով ամեն սփոփիչ խոսք ցավոց բաժակը հորդել կուտա։

ԳԼՈԻԽ Հ․

Մելքոն տան մեջ հսկողության ներքև ըլլալով անհնարին վարանմամբ կը տառապեր, մանավանդ կասկածելով թե գուցե Մարիամ վերջապես յուր գաղտնիքը երևան հանե: Այդ մատնությամբ ոչ միայն Ժանեթեն խոստացված վարձատրությունները կը կորսնցներ այլ և անտարակույս մեծ պատժոց կենթարկվեր։ Կը մտածեր թե համարելով որ յուր պահապանին աչալուրջ հսկողութենեն խույս տալու հաջողեր, յուր վրա իրավամբ կը հաստատվեր ամեն կասկած, և եթե ձերբակալվելու ըլլար, նույնչափ կը պատուհասվեր։ Ուստի որոշեց ամենայն համբերությամբ սպասել հանդուգն անտարբերության դիրք մ՚առնելով։ Եվ եթե Մարիամ զինքը մատներ իսկ՝ կուզեր բողոքել անոր դեմ, ուժգին ուրանալով որևէ մասնակցություն ունենալն անցյալ դեպքերուն մեջ։ Այս ընթացքը լավագույնը կը համարեր, մանավանդ քանի որ Ժանեթ իրեն օժանդակ պիտի կանգներ անշուշտ ամեն դավակցության կասկածեն զինքն ազատելու համար։

Մյուս կողմանե գաղղիացի կինը նույնչափ անհանգստությամբ կը մաշեր նկատելով Պ. Դարեհյանի տարակուսանքը ամուսնույն հանցավորության մասին։ Այդ չարադրուժ արարածը չէր համարձակեր անհամբերությունն հայտնել Պ. Դարեհյանի, զինքն մղելով կնոջը տրվելիք պատիժը փութացնելու՝ վախնալով թե յուր անձին վրա անոր կասկածները կրնար դարձնել։ Նամանավանդ մտադիր էր այդ նյութին վրայոք արվեստավորյալ լռություն մի պահել ի նշան արհամարհանաց։

Պ. Դարեհյան խոստացած էր կնոջը, համբերել քանի մ՚օր, և ստուգիվ խոսքը կը բռներ, մանավանդ որ ինքզինքն ալ անկարող կը տեսներ այսպիսի կնճռոտ ու փափուկ գործի մեջ որևէ որոշում մ՚ընելու։

Չորս օր անցած էին Մարիամի հիվանդութենեն իվեր որով բռնված էր հետ Սիրանույշի հարցաքննութնեն։ Պ. Դարեհյան հինգերորդ առավոտ Բերա գնաց Ժանեթի այցելու վերստին։ Տանը փողոցին դուռը բաց էր, մտավ անշշուկ և անտես, փափագելով հանկարծական ներկայությամբը անակնկալ հաճույք մ՚ընձեռնել գաղղիացի կնոջ։ Մինչ պարոն համրաքայլ սանդուղներեն վեր կելներ և սենեկին կը մոտենար, այրական անծանոթ ձայն մի հասավ ականջին։ Հետաքրքրությունը շարժեցավ, կայնեցավ գոց դռան աոջև և ուշադրությամբ ունկնդիր եղավ եղած խոսակցության։

— Չգիտեմ, կըսեր Ժանեթ, թե ինչպե՞ս պիտի վերջանա այս գործը։ Մելքոն չերևցավ և ոչ իսկ լուր մի ղրկեց։ Եթե այդ մարդը կասկածելի երևնալով նեղը դրվի ու մատնե քու և իմ դավակցությունը, երևակայե թե ինչպես զարհուրելի պիտի ըլլա մեր վիճակը, Ալֆոնս։

— Բայց հուսամ թե Մելքոն ոչինչ հայտնած է մինչև ցարդ։

— Միջոց մի գտնելու է կրկին վարձատրություն խոստանալու, որպեսզի ի պահանջել հարկին քու անունդ ծածկե բոլորովին։ Դարեհյանի կողմանե կնոջը դեմ տրվելիք դատապարտության հապաղումը կասկածելի կը թվի ինձ։

— Նույնպես և ինձ։

— Այդ մարդը բնավ պետք չէ որ քեզմե կասկածի, և առ այդ անհապաղ պիտի աշխատիմ։

— Ինձմե չկասկածելու համար պետք է որ դո՞ւն երևան ելնես ուրեմն։ Ի՞նչ փույթ ինձ եթե այդ մարդը չկորսնցնելու համար քեզմե բաժնվելու վտանգին կենթարկվիմ։ Եթե Մելքոն զիս չմատնե, ուրիշ գործակից մի ճանաչելու կը պարտավորի, Ալֆո՛նս։

— Դու փույթ մ՚ըներ. հառաջ քան Դարեհյան ինձ վնաս հասցնե, ես խույս կուտամ հոսկե։

— Ես զիս կը թողո՞ւս։ Դու կը կարծես թե քեզմե հեռու ապրելու հանձն կառնո՞ւմ երբեք։

— Զքե՜զ թողուլ, Ժանե՛թ, երբե՜ք. չգիտե՞ս արդյոք թե դու իմ հոգիս ես։ Ես քիչ միջոցի համար Փարիզ կը վերադառնամ, դու կօգնես ինձ հոսկե Դարեհյանի ոսկվով մինչև որ քիչ մի ժամանակ անցնելով խնդիրը բոլորովին խափանի։ Հայնժամ կը դառնամ վերստին առ քեզ և կը տեսնենք թե ի՛նչ թակարդ կը լարենք Դարեհյանի՝ համարելով թե այս անգամվանը չհաջողի։

— Բաժանման պարագան անտանելի կը թվի ինձ։

— Հուսանք թե այդ միջոցին դիմելու պետք չենք ունենար։ Բայց ըսե, Ժանե՛թ, դու մանրամասն տեղեկություն չունի՞ս Դարեհյանի գործելիքին վրայոք։

— Ոչ, նոր բան չեմ գիտեր, մանավանդ որ քանի օրե ի վեր չերևցավ նա, և այդ պարագան զիս անհանգիստ կընե։

Նույն միջոցին փողոցի դուռը կը գոցվեր.

— Ո՛հ,— ըսավ Ժանեթ,– չըլլա որ Դարեհյան ըլլա, դռան գոցվիլը լսեցի։

Ունկնդիր եղավ կինը բայց բնավ ձայն չլսելով սիրտն հանգստացավ։

Նույն միջոցին Պ. Դարեհյան Ժանեթի ընդունելության խուցին մեջ վայրիկ մի պատսպարվեցավ ուր սակավաթիվ անգամ գաղղիացի կինը ներս կը մտներ, զի կը նախադասեր զյուր գեղեցիկ սրսկապանը։

Ամեն ձայն դադրելով տանը ստորին կողմեն, և ապահովվելով թե ոչ ոք վեր կելներ, Պ. Դարեհյան յուր առաջին տեղը վերադարձավ ու վերստին ամենայն ուշադրությամբ ականջ դրավ երկու հիշյալ անձանց մեջ եղած խոսակցության։

— Երևակայե՛ եթե Դարեհյան վեր ելնելով հանկարծական կերպիվ զմեզ այսպես քովե քով նստած տեսներ,- ըսավ կինը։ – Բայց սպասավորդ հսկելու և յուր գալուստն իմացնելու պաշտոնն ունի, մինչև ցարդ գանգատանաց իրավունք չունիս անոր դեմ։

– Արդարացի է ըսածդ, բայց փոքրիկ անզգուշություն մի ծառային կողմանե ծանր հետևանք կունենա։ Կը մտածեմ թե ի՜նչ աղմուկ, ի՜նչ փոթորիկ կրնա հարուցանել այն բթամիտ Դարեհյանը որ կը կարծե ինձմե սիրվիլ՝ եթե զքեզ իմ քովս տեսներ հանկարծ։

– Եթե որևէ խոսք ընելու համարձակեր, կը տեսնե՞ս սա դաշույնը, — ըսավ Ալֆոնս, գրպանեն հանելով զայն, — անմիջապես սիրտը կը մխեի։

Պ. Դարեհյան քաջ չէր. հետևապես սարսափը վրան տիրեց լսելով այդ սպառնալից խոսքերը մարդու մի զոր չէր տեսներ և չէր գիտեր ի՞նչ տեսակ արարած մ՚ըլլալը։ Ուստի դատեց թե լավագույն միջոցը խույս տալ էր առանց յուր ներկայության վրա կասկած տալու։ Նայեցավ չորս կողմ, ոչ ոք կար. իջավ սանդուղներեն վար, դուռը բացավ, ու մինչ կը մեկներ արտորնոք, Ժանեթի խոհարարը զինքը դիտեց և հասկնալով անոր տհաճության պատճառը փութաց գաղղիացի կնոջ եղածն իմացնելու՝ մի միայն հսկելու պաշտոն ունեցող սպասավորին թշնամանք ընելու մտոք։

Ժանեթ եղածին վրա զարհուրեցավ, զի ոսկվո հանք մի կը կորսնցներ. իսկ Ալֆոնսի հույսերը կը փշրվեին ի մեծ հուսահատություն յուր։

ԳԼՈԻԽ ՀԱ.

Երբ Դարեհյան Ժանեթի տունեն մեկնեցավ, հոգվույն մեջ փոթորիկ կար։ Կը մտածեր թե ի՜նչպես խաղալիք եղած էր կնոջն այն զոր այնչափ սիրած էր, որուն առատ շնորհքներ ըրած էր, որուն բարեկեցությունը հաստատած էր, և որուն հավատարմության վրա երբեք չէր տարակուսած։ Այնպիսի դառնություն կզգար նա յուր կրած պատրանքեն, այնպես սաստիկ հարված մը ընդունած էր յուր անձնասիրությունը, որ սրտմտությունը, զզվանքն ու ցավն զյուր հոգին լիովին գրաված էին: Դժգոհության առաջին վայրկյանեն արտադրված գլխավոր զգացումը դժվարին է ճշտել, զի նույն պահուն կիրքերը խառն ի խուռն իրարու կը շփվին քաոս մի հարուցանելով։ Բայց վերջապես բոլոր այդ տարբեր կիրքերը մեկ զգացման կը հանգին՝ այսինքն վրեժխնդրության։

Պ. Դարեհյան կուզեր վրեժ լուծել, բայց ի՞նչ եղանակավ։ Երթալ դրուժան կի՜նը խայտառակել. բայց նա պիտի հեգներ, զինքը յուր ոսկիները քաշելու ակնկալությունը չունենալով: Մարդո՜ւն դեմ բողոքե․ բայց ինչպե՛ս դատաստանի հրավիրել զինքը քանի որ կնոջն անունը կար գործին մեջ՝ այսինքն յուր բուն անունը։ Եվ մանավանդ ի՞նչպես գրգռել մարդ մի որ դաշույնը ծոցը կը պահեր ու սպանություն գործելու այնչափ հակամետ էր։

Ըսինք արդեն. Պ. Դարեհյան քաջության տիպար չէր, ու հազար նախատինք կը մարսեր վայրկյան մի վտանգի չենթարկվելու համար։ Հեռավոր աղետք մի, մոտակա աղմուկ մի կը բավեր զինքը սարսափեցնելու համար։ Ուստի քանի որ Ժանեթին քով զինյալ ձեռք մի նշմարելու հնարավորությունը տեսավ՝ իբր զգուշության լավագույն միջոց անկե հեռու կենալը համարեց՝ զինքը վերջնական կերպիվ սրտեն ջնջելու տրամադրությամբ։ Իսկ յուր վրեժխնդրության բաղձանքը հագուրդ կը գտնար այն զաղափարին մեջ միայն թե՝ նենգավորն Ժանեթ նույն վայրկյանեն յուր շնորհած մեծագույն ընծաներեն պիտի զրկվեր։

Բայց ուրիշ մտատանջության կետ մ՚ալ ուներ Պ. Դարեհյան, այն էր կնոջն առջև ստանալիք պարտյալի մի դիրքը, զինքը այնքան անիրավաբար նախատելե ետքը։ Խափանել մեղադրանաց այն խնդիրը, լռության մեջ թաղելով զայն՝ անհնարին էր քանի որ դերերը փոխված էին, և ինքը նախ իբր դատավոր կանգնելեն ետքը սահմանված էր իբր դատապարտյալ հանդիսանալու։ Մտածեց ուրեմն ամենայն անկեղծությամբ անցած գացածը խոստովանելու կնոջը՝ այսինքն Ժանեթի դավադրությանց գործիքը ըլլալը և անկե մատնվիլը։ Կը խորհեր թե այս խոստովանությամբ կնոջը սրտմտութունը կը մեղմացներ, և յուր զղջմամբ զուցե անոր սիրտը մինչև մեկ աստիճանի շահելու կը հաջողեր։ Որքա՜ն անհանդուրժելի է ամբարտավան անիրավին արդարության առջև խոնարհելու հարկը։ Երբ փոքր սրտի համար որևէ բարոյական հատուցումն նվաստություն ու անկումն է, ազնիվ հոգվո համար երջանկություն մ՚է ընդ հակառակն յուր սխալմունքը խոստովանելով արժանավոր հարգանք ընծայել ճշմարտության։

Այնչափ տարբեր խորհուրդներով և այլ և այլ կիրքերով գրավված էր Պ․ Դարեհյան Բերայեն մեկնելու ժամանակ, որ կամուրջն հասավ առանց զգալու։ Շոգենավ մտավ, անցավ Վոսփորի ջուրերուն վրայեն, հասավ յուր տունը, քիչ մի հանգչեցավ կնոջն ընդ փույթ այցելու տրամադրությամբ։

ԳԼՈԻԽ ՀԲ.

Մինչ Պ. Դարեհյան տանը մեջ սակավ ինչ կը հանգչեր, Մարիամ յուր տիրուհվույն առջև ծնրադրած կուլար բոլոր հոգվովը։

— Դու կը պնդես, Մա՛րիամ, թե երբեք զիս չես ամբաստանած։

— Ոչ, տիկի՛նդ իմ, քավ լիցի։

– Ուրեմն Մելքոն քու անվանդ ներքև զրպարտեց զիս։ Բայց ոտք ելիր, Մարիա՛մ։

— Տիկի՛ն, թողուցեք զիս այս դիրքին մեջ։

— Կը հրամայեմ քեզ վեր կանգնե՛։

— Աղջիկը կը համառեր նույն աղերսարկու դիրքին մեջ մնալու։

— Բայց դու չպատասխանեցիր իմ հարցմանս։

— Չգիտեմ, տիրուհի՛դ իմ, ի՛նչ ըսած է Մելքոն, և եթե հանցավոր է թե ոչ։ Սակայն դուք խնայեցեք իրեն, խոստացեք զինքը պատժոց չենթարկելու եթե նույնիսկ հանցավոր ըլլա։

— Ըսե՛, զավա՛կս, ի՞նչ պատճառ ունիս այդչափ կարեկցելու անոր։

Մարիամ այլագունելով լռեց։

— Խոսե՛, խոստովանե ճշմարտությունը, ես քու մայրդ եմ։ Մի գուցե սիրտդ գրավա՞ծ է նա. հայտնե զայդ աներկյուղ։

Խեղճ աղջիկը դեմքն յուր ձեռաց մեջ պահելով սկսավ լալ դառնագին հեծկլտանոք, մինչ Սիրանույշ ի գութ շարժյալ՝ մխիթարական խոսքեր ուղղեց անոր, հորդորելով զնա ազատորեն խոսելու, և խոստանալով Մելքոնին ներելու ամեն յուր հանցանքը։

Նույն միջոցին Պ․ Դարեհյան ներս մտնելով խոժոռ նայվածք մ՚արձակեց Մարիամին ու գոչեց սրտմտությամբ։

— Դու ապերախտության հրեշ մ՚ըլլալու ես ընդունած բարյացդ փոխարեն տիրուհվույդ վնասելու բաղձանք ունենալովդ։

— Տե՛ր իմ, ե՞ս ուզեմ տիրուհվույս վնասել. երկինք բոլոր շանթերր գլխուս վրա թափե եթե այդպիսի բաղձանք մ՚ունեցա երբեք։

— Ինչո՞ւ ուրեմն լռեցիր մինչև ցարդ։ Հոս կոչեցեք զՄելքոն,— գոռաց Դարեհյան։

Անմիջապես գնացին բերին սպասավորը։ Անոր տժգնությունը, հազմունքը զոր իզուր կը ջանար ծածկել, շատ իսկ յուր ներքին տառապանքը կը հայտարարեր։

— Անօրե՛ն դու,– զոչեց Դարեհյան, անմիջապես որ տեսավ զհանցավորը,— եթե մի առ մի չխոստովանիս բոլոր դավադրություններդ զքեզ մեծագույն տանջանաց պիտի ենթարկեմ։

— Տե՛ր իմ,— պատասխանեց Մելքոն,— ես անպարտ եմ, ո՞ր դավադրության կակնարկեք։

— Տակավին կը համարձակի՞ս խոսելու, ապի՛րատ։

— Ոչինչ գիտեմ ես. տիրոջս ու տիրուհվույս հավատարիմ ծառան եղած եմ միշտ։

— Ժանեթեն դրամը ընդունելու ակնկալությամբ, և Ալֆոնսի չարագործությանց օժանդակ ըլլալով ընդդեմ տիրուհվույդ և զիս խաբելու ջանադրությամբ՝ ուզեցիր ուրեմն հավատարմությունդ հայտնել:

Երբ Մելքոն հասկցավ թե յուր տերն ամեն ինչ գիտեր, կարծես բերանը պապանձեցավ, ու բոլոր էությունը անզգայության մեջ անկավ։ — Կը տեսնես ուրեմն,— ըսավ Պ. Դարեհյան,– թե ամեն բանի տեղյակ եմ, հետևապես ճշմարտությունը ուրանալը ոչինչ կը ծառայե քեզ. խոսե ուրեմն։

– Տե՛ր իմ,— թոթովեց Մելքոն, ու լռեց վրդոված։

– Կամ ամեն ինչ խոստովանե մանրամասն պարագայուքը, և կամ զքեզ իբր ոճրագործ արդարության կը մատնեմ ու հոն կը խոստովանիս ինչ որ հոս կը ծածկես։

Մելքոն արդարության անունը լսելով սարսափեցավ՝ որով փութաց հանցանքն մեղմացնել ըսելով.

— Տե՛ր իմ, անկարող եմ հանցանքս այլևս ծածկելու։ Ես հպատակեցա Ժանեթին ոչ թե խոստացած վարձատրությանն համար, որքան անոր սպառնալյաց երկյուղեն՝ զիս ձեր առջև արատավորելու։

Ապիրատը կը հուսար այս սուտովն արդարանալ։

– Լավ պատճառ մ՚է այդ քեզ նման անզգամի յուր անձն անբասիր ընելու։ Կը կրկնեմ քեզ, կամ ամեն ինչ հայտնե ըստ ճշմարտության կամ պատրաստվե պատուհասվելու,– ըսավ Դարեհյան սպառնալից ձևով։

— Խոսե՛ անկեղծորեն և աներկյուղ,— հարեց Սիրանույշ,– ես խոսք կու տամ քեզ ներումդ ստանալ։

Մելքոն՝ ներման բառը լսելով հոգի առավ, զի հայտնի կերևեր թե յուր տիրուհին անկեղծորեն կր խոստանար։ Ուստի պատմեց Ժանեթի կողմանե իրեն խոստացված վարձատրությունն յուր մատնությանն համար, և Ալֆոնսի գործակցությունը. ամեն պարագաներն մի ըստ միոջե հայտնելով, զԵրվանդ արդարացուց կատարելապես քանի որ բոլոր յուր ակնկալություններն Սիրանույշի վրա էին։ Եվ ապա Պ. Դարեհյանի առջև ծունր դնելով.

— Տե՛ր իմ,— ըսավ,— տիկինը մաքուր է իբր հրեշտակ մի, Մարիամն անպարտ է, ես եմ միայն մեղավորը և կը զղջամ։

— Կորի՛ր առջևես,— գոչեց Պ. Դարեհյան։

Բայց անամոթ մարդը առանց քաջությունը կորսնցնելու յուր տիրուհվույն դառնալով,

— Տիկին,– ըսավ,– հիրավի դուք բարության հրեշտակ մ՚եք, և ըստ այնմ ձեր ներողամտության կը դիմեմ թեև ամեն պատժո արժանի ըլլալս կը ճանաչեմ։

— Անզգա՛մ դու,— գոչեց Պ․ Դարեհյան,— գթությո՞ւն կը հուսաս տակավին։

Մարիամ՝ որ անհուն տառապանոք ունկնդիր եղած էր այդ խոսակցությանց, և ականատես յուր անարժան սիրահարին տագնապեցուցիչ վիճակին, լուռ բերնով բայց մեծաբարբառ աչոք կը հայցեր տիկնոջը։

— Դարեհյան,— ըսավ Սիրանույշ,— խոստացա յուր ներումն սա մարդուն և պետք է որ խոստումս կատարեմ։ Եթե այս ներմամբ կը հաջողինք զինքը բարի մարդու վերածելու, ահա՛ մեր գեղեցկագույն վրիժառությունը։

Այնպիսի երախտագիտական նայվածք մ՚արձակեց Մարիամ յուր տիրուհվույն որ հազար բառերու պերճախոսությունը կարժեր։

– Սակայն,- հարեց Սիրանույշ,— զՄելքոն անմիջապես Պոլսեն պիտի հեռացնեմ հայրենիքը ղրկելու համար։

Մելքոն՝ իբր թե շնորհապարտ, Սիրանույշի ոտքն անկավ, մինչ Մարիամ կարծես մահվան պատկերը կը ներկայացներ։

Նայն միջոցին Պ. Դարեհյան հրաման կըներ որ Մելքոն ու Մարիամ հեռանան իրենց ներկայութենեն, և ինքն առանձին մնալով,

— Սիրանու՛յշ,— ըսավ,– գիտեմ որ քեզ նկատմամբ մեծ անիրավություններ գործեցի, բայց ոչ թե արդարությանդ՝ այլ մեծանձնությանդ կը դիմեմ։

Սիրանույշ՝ իբր ճշմարիտ մեծ հոգի որ ավելորդ կշտամբանքը կարհամարհե, պատասխանեց միայն սա խոսքերով.

— Միակ մխիթարությունն որ մնաց ինձ աշխարհիս վրա, անհիշաչար ըլլալն է։

Եվ զայս ըսելով սենեկեն դուրս ելավ վեհանձն կինը հեգ Մարիամին այցելու համար, որ գրեթե կիսամեռ տարածված էր իրեն հատկացյալ խուցին մեջ Մելքոնին մոտալուտ բաժանման լուրն առնելով։

Պ. Դարեհյան փութաց հեռանալ կնոջը տաղավարեն նեղանալի դիրքե մ՚ազատելու բաղձանոք, ու վերադարձավ յուր ծովեզերյա տունը։ Սիրանույշ հրաման ըրավ որ ամեն պատրաստություն ըլլվի զՄելքոն թե՛ տունեն և թե՛ Պոլսեն հեռացնելու համար, և երկրորդ օրն իսկ մարդը դեպ յուր հայրենիք կուղևորեր։

Հեգ Մարիամը յուր սիրեցյալ տիրուհվույն ծոցը կը թափեր յուր հուսահատ արտասուքը։

— Մարիա՛մ,– կըսեր տիկինը,– սիրտդ կարյունեմ ապագադ ազատելու համար։ Մելքոն հրեշ մ՚է և դու անոր հետ տարաբախտ կըլլայիր։ Ինձ վիճակված է զքեզ երջանիկ ընելու պարտքը, ապահով եղիր։

— Տիկինդ իմ, աններելի է ինձ համակրիլ մարդու մի որ ձեզ նկատմամբ իբր նենգավոր վարվեցավ և ձեզ այնչափ հուզում պատճառեց։ Կզգամ հանցանքս, և սակայն խիղճս ու կամքս ոչինչ կարող են ընել սրտիս բռնության դեմ։ Ներեցեք ինձ, տիկին, և գթացեք։

— Սերը բռնավոր մ՚է, Մարիամ, որուն ամեն ինչ կը հպատակի։ Մի՛ ընդ վայր խիղճ ըներ, կը հասկնամ վիճակդ և կը կարեկցեմ քեզ։

ԳԼՈԻԽ ՀԳ.

Մինչ Սիրանույշ կը մխիթարեր զկարեվեր հոգին Մարիամի, ինքը ոչ զոք ուներ յուր անհատակ ցավը սփոփելու համար։ Երբ մանավանդ կը մտածեր թե անչափ մոտ էր յուր սիրույն առարկան, և թե անկարելի էր իրեն սակայն զայն տեսնել, կարծես թե յուր կարոտն ու վիշտը կը կրկնապատկվեին, և հուսահատության օվկիանոսին մեջ կը ծփար իբր խաղալիք բախտի։ Տուր ցավը կը մեղմանար միայն փոքր ինչ այն մտածությամբ թե գոնե յուր մայրը ոչինչ գիտեր անցած տհաճո արկածներեն։ Սաչափ տեղյակ էր միայն թե Երվանդի այցելություններն ոչ ևս պիտի կրկնվեին Սիրանույշի տան՝ միմիայն Պ. Դարեհյանի կասկած չտալու դիտավորությամբ։ Խեղճ մայրը կը ծափահարեր աղջկանն այդ դառն որոշման․ որուն մեջ մեծ խոհեմության ապացույց մի կը տեսներ։

Պ․ Դարեհյան կնոջն ապահովությանն համար խնդրեց իրմե որ հրաժարի տաղավարին մեջ բնակելու խորհուրդեն, և սա սիրով ընդունեց այդ առաջարկն՝ զի մենաստանն այն զոր յուր անձին հատկացուցած էր, խիստ տխուր և աննպաստ ազդեցություն մի թողած էր իրեն վերջին նեղանալի դեպքերեն ի վեր։

Մեզի ծանոթ եղած եղելություններեն գրեթե շաբաթ մի վերջը Սիրանույշ վերջնական կերպիվ թողուց վայրն այն ուր այնչափ խորհած, զգացած, վայելած և ցաված էր, և հաստատվեցավ ծովեզերյա տան մեջ իրեն համար մասնավոր խուց մ՚ընտրելով։ Հոն զառանձնություն ուներ իբր ընկեր յուր ցավոց, և զարտասուս իբր սնունդ յուր հոգվույն։

Պ․ Դարեհյան կրկին անգամ անտանելի եղած էր հեզ կնոջ, և դժվարությամբ կը հաջողեր նա քողարկելու ամուսնեն այն նողկալի զզացումն որ ևս բան զևս կը սաստկանար անոր նկատմամբ։ Պատվակիր հոգի մի ուժգին կիմանա իրեն եղած նախատինքն և դյուրավ չի կրնար ջնջել անոր հետքն։

Պ. Դարեհյան մեծ դատարկություն գտավ շուրջը Ժանեթե հեռանալովը։ Ուստի ջանադիր եղավ նոր Ժանեթներու քով նոր հրապույրներ գտնել, և այնու եղանակավ թե՛ կնոջն արհամարհոտ անտարբերության, և թե՛ սիրուհվույն անհավատարմության մասին ուրիշ մխիթարություններ գտնել։ Հեշտասեր անձանց վերքերը շուտ կը դարմանվին․ ճշմարիտ սիրո խոցերն անբուժելի են միայն։

ԳԼՈՒԽ ՀԴ․

Երբ Վիրճինիո յուր միակ բարեկամեն հեռու պարտավորեցավ ապրելու, այդ առանձնության մեջ խոր վհատություն ու տխրություն զգաց և շուտ իմացավ որ եթե անոնց հաղթելու չաշխատեր, դյուրավ պիտի նվաճվեր։ Ուստի մրցեցավ անձին դեմ ու արվեստին գոգն իյնալով լիաբուռն, հոն գտավ մխիթարություն և նոր հրապույր ի պետս հոգվույն և մտացը։ Արվեստն իրեն համար սիրուհի մ՚էր որ յուր սրտին կը խոսեր, զինքն կոգևորեր, կը սնուցաներ և կը բարձրացներ, և որով ինքն առ հռչակ կընթանար։

Զարվեստն ուներ ուրեմն իտալացի երիտասարդն, անով կսփոփեր հորը ու քրոջը կորուստը, և բարեկամին՝ կամ լավ ևս է ըսել, եղբորը բաժանումը։ Ուրիշ հաճույք մ՚ալ ուներ Վիրճինիոն՝ այն էր յուր թղթակցությունն Երվանդին հետ, բայց այդ հաճույքն ալ տխրախառն էր զի կիմանար յուր բարեկամին նոր վշտերը, պատրանքը, զրկումները, վերջապես զյուր Սիրանույշ տեսնելու ապարդյուն ակնկալությունները։

Կը հաստատեր թե Երվանդ առողջ էր մարմնով, ուստի միտքը դրավ զայն վերստին Հռովմ բերել տալ, ու զինքն փրկել ուժգին մղելով գեղարվեստին ասպարեզին մեջ։ Հետևապես Վիրճինիո այնպիսի հրատապ տողերով կը խոսեր նկարչության ու անոր նոր հրաշալյաց վրա, այնպիսի խանդիվ կը նկարագրեր գեղարվեստի մեջ գտած մխիթարությունն և հաճույքն յուր մենակեցիկ կենաց մեջ, որ Երվանդ այդ հորդորը լսելով վայրիկ մի յուր ջլատ վիճակեն դուրս կելներ, կը զորանար, կզգար թե երակացը մեջ կյանք կար վերստին, և տրամադիր էր դառնալ ի Հռովմ, ու երթալ արվեստին ու բարեկամին բազկացը մեջ իյնալու։ Բայց այդ աշխույժը հանկարծ կը մարեր, յուր կենդանությունը կը դադրեր, զի աներևույթ պատկեր մի աչացն աոջևեն անցնելով կամքն ու ավյունը ոչնչացուցած էր․ տարաբախտ սերն արվեստը կը մեռցներ։

ԳԼՈԻԽ ՀԵ.

Երբ Սիրանույշ երեկոյան դեմ ծովեզերյա ափանց վրա կը շրջագայեր տապ օրերուն դեպ զովություն փնտրելու համար, և կամ երբ ձմեռային օդին մեղմությունը կը ներեր իրեն այդ պտույտը, ստեպ դիտած էր թե մեկ թիով նավակի մեջ անձ մի նստած ու պատսպարված էր լայն հովանոցի մի ներքև, այնպես որ համայն անձն աներևույթ կըլլար գրեթե։ Այդ նավակը կանցներ ամիսներե ի վեր ամեն անգամ որ օդը արգելք չէր ըլլար թիավարելու։ Սիրանույշ նշմարելով զայդ ծովափունքեն և կամ յուր սենեկեն, հետաքրքրություն ունեցած էր իմանալու թե ո՞վ էր արդյոք այն անձը որ օդին խստության դեմ մաքառելով շատ անգամ յուր ծովային պտույտն ընելու ինչպես և անծանոթ մնալու կը համառեր։ Գաղտնի նախազգեցությամբ իմն համակիր զզացում մ՚ուներ այդ աներևույթ անձին համար, և տեսակ մ՚անձկությամբ անոր անցնելուն կսպասեր:

Օր մի ձմեռվան արեգակն հազիվ բռնազբոսիկ ակնարկ մի կարձակեր բնության վրա՝ երբ սև ամպեր քողարկեցին զայդ, ու իբր մահագույժ սուրհանդակներ սպառնացան շուրջ ծավալ։ Հովը սրտմտությամբ ուռած՝ իբր կատաղի հրեշ ծովուն վրայեն անցնելով անոր աղիքը կը գալարեր ճերմակ փրփուրներ ժայթքեցնելով։ Ջուրերը կը գոռային հովուն երեսին, և հովը կը պատասխաներ կատաղաբար մռնչելով։

Մինչ տարերց այս ահարկու կռիվը տեղի կունենար՝ Սիրանույշ հանկարծ սենեկեն նշմարեց փոքրիկ նավակն որ երկու կատաղությանց հեգնության խաղալիք եղած՝ ծովուն սապատողին վրա բարձրանալով՝ և ապա անոր վրայեն խոնարհելով մինչև մատնիչ ջրոց խորք թվեր մահվան վհին վրա երերալ։

Օդին սաստկության չկարողանալով դիմադրել անշուշտ նավակին մեջի անձը գոցած էր հովանոցն՝ որով Սիրանույշ նախ սրտովն և ապա աչերովը ճանաչեց սոսկալով զԵրվանդ այդ մեծ վտանգին ենթարկված։ Հուսահատ և վայրենի ճիչ մ՚արձակեց նա պատուհանը բանալով, և «Երվա՛նդ» գոչելով, մինչ թևերը դեպի նավակը կը տարածեր կես մի հիմարած։

Այո՛, զինքը ծածկող ուղևորն Երվանդն էր նույնիսկ որ Ցենիքյոյի մեջ սենյակ մի վարձած էր յուր սիրելվույն մոտ ապրելու համար։ Եվ ամեն օր կանցներ նավակով զՍիրանույշ գոնե հեռվեն տեսնելու ակնկալությամբ քանի որ մոտեն անհնարին էր։ Երբ կը հաջողեր ծովափանց վրա անոր ճեմելը դիտել և տեսությամբը զինքը վայելել՝ երջանիկ կը համարեր գանձն, մխիթարություն կզգար, երբ ամեն մխիթարութենեն զուրկ էր թշվառը։ Իսկ ձմեռ եղանակ պատուհանին ետևեն միայն կը նշմարեր յուր տարփելվույն ձևը առավել հոգվովն քան թե աչերովը։

Սիրանույշ յուր կողմեն, ինչպես արդեն հայտնեցինք, ամեն օր այդ նավակին կսպասեր անմեկնելի անհամբերությամբ և անձկությամբ․ կարծես թե լուռ դաշնադրություն մի տեղի ունեցած էր այդ երկու հուսաբեկ սիրահարաց մեջ։

Մինչ նավավարն ամեն ճարտարություն կը գործադրեր դեմ դնելու հանկարծահաս փոթորկին որ գրեթե անակնկալ կերպիվ զիրենք պաշարած էր, և հաջողելու համար եզերաց մոտենալու։ Երվանդ՝ ճանչնալով զսիրելին որ բազկատարած պատուհանեն դուրս կախված էր, մոռցավ ամեն վտանգ. ի՞նչ փույթ էր մահն իրեն երբ Սիրանույշի աչացն առջև և անոր համար կրնար մեռնիլ։ Ինքը յուր կողմանե «Սիրանո՛ւյշ» գոչեց հոգվույն ամենայն զորաթյամբը։ Բայց հոգվույն այդ անհնարին վանկը ծովային անդունդն ընկղմեց հառաջ քան Սիրանույշին հասնելու։

Ալետանջ նավակը հուսահատ կնոջ աչացն առջև էր՝ և սա ոչ օգնությանբ կրնար դիմել և ոչ ալ փրկարար ձեռք մի կարկառել անոր։ Հալ և մաշ եղավ ողորմելին մինչև վայրկյանն այն հորում վերջապես նավակն հաջողեցավ մերձենալու դյուրամատչելի եզերքի մի՝ ուր Երվանդ ամենայն դժվարությամբ կարողացավ ոտքն հողի վրա դնել։ Հոն կանգ առավ վայրիկ մի, երեսը դարձնելով տակավին դեպ յուր սիրելվույն տունն որ հեռվեն կը ներկայանար աչացը միայն։

Երբ Սիրանույշ ապահով ելավ թե Երվանդ ամեն վտանգե ազատ էր, պատուհանեն հեռացավ, ու նստարանին վրա իյնալով իբր հեղեղ դառն արտասուք թափեց։ Կը մտածեր թե Երվանդ յուր կյանքը կը զոհեր իրեն համար կրկին և կրկին անգամ և ինքը անոր փոխարեն զայն կը հալածեր անդադար։ Կուլար անմխիթար տարաբախտ կինը, և ոչ ոք արձագանք կուտար արտասվացը։ Յուր աղետիցն էին վկայք ամեն այն ծանրագին կարասիներն որք զինքը կը շրջապատեին. ցուրտ ոսկվույն վրայեն կը սահեր սրտին ջերմ արտոսրը։

ԳԼՈԻԽ ՀԶ.

Տասն ամիսե ի վեր Երվանդ վերադարձած էր Հռովմեն և տասն ամիսեն ի վեր բոլոր օրերը Սիրանույշի նվիրած էր։ Յենիքյոյի սենեկին մեջ կապրեր առանձին մերձավորությամբ տունն յուր պաշտելվույն։ Յուր ժամանակը կանցներ շուտ՝ երազելով, ծովուն վրա շրջելով երբ կարելի էր, քիչ մ՚ընթերցմամբ և նկարչությամբ. բայց ոչինչ կուսումնասիրեր հատուկ և ծանր կերպիվ. յուր միտքը փտելու վրա էր, սիրտը միայն համայն կորով էր և կենդանություն։

Զարուհին կը հորդորեր զինքն աշխատելու յուր վշտին մխիթարություն գտնելու մտոք։ Իսկ Հրանտ կառարկեր միշտ թե բանավոր էակի ներելի չէր անգործությունը։ Երվանդ իրավունք կուտար անոնց, մտադիր էր նկարչությամբն իրապես զբաղվելու և սակայն օրերն կանցնեին և յուր խորհուրդն անգործադրելի կը մնար։

Սիրանույշի շուրջ տակավ առ տակավ կղզիացավ, Երվանդ հալածված էր, Զարուհին չէր համարձակեր Դարեհյանի տանն երթալու քանի որ իմացած էր Սիրանույշ խոստովանած ամուսնույն յուր մտերմական հարաբերությունները Երվանդին հետ, որով ինքը կասկածելի կերպարանք մի կառնուր այդ նախանձոտ մարդուն առջև։ Տիկին Հայնուռի վիճակն օր ավուր վատթարանալով անկարող էր յուր տունեն դուրս ելնելու։ Եվ ոչ սակավ նեղացավ նա իմանալով խիստ պատվերն ամուսնույն Երվանդի արտաքսման վրայոք յուր տունեն՝ քանի որ կանգիտանար յուր փեսին հակակրությունն անոր դեմ։ Ծանր էր այդ զրկումն հիվանդ տիկնոջ համար, վասնզի ի սրտե կը սիրեր զԵրվանդ։

Պ. Հայնուռի միակ մտերիմ այցելուն էր ուրեմն Սիրանույշի։ Բայց անոր ի՞նչ կրնար պատմել լքյալ կինը, ի՞նչպես կրնար յուր վշտերին հաղորդել երբ ինքն անոնց հեղինակն էր, և երբ մանավանդ նա չէր կրնալ ըմբռնել թե ոք կրնա ապերջանիկ ըլլալ հարստությանց և փառաց մեջ։

Ժամանակը կանցներ, և Սիրանույշի ցավոց մեծ մասն հետն կառնուր կը տաներ մեն մի օր, հաջորդ օրն ուրիշ ահագին մաս մի հետը բերելով։ Թշվառության միակերպությունն էր այն որ կը վարժեցներ զծանրաբեռնյալ հոգին հլու հպատակության։

ԳԼՈԻԽ ՀԷ.

Օր մի անձրևը կը տեղար, հովը կը սուլեր, ցուրտն զգալի էր, ձմեռն էր բոլոր յուր սաստկությամբը։ Պ. Դարեհյան առավոտուն մեկնած էր տունեն անհանգիստ, և երեկոյան վերադարձավ հիվանդ։ Տենդը հետզհետե զինքը գրավեց, վիճակը սաստկացավ, սպառնալից նշաններ երևցան որք ծանր հիվանդության մի սուրհանդակներ էին. և իրոք քանի մ՚օրեն թիֆոյի հիվանդությունն երևան ելավ թեև բոլորովին աղետալի տեսակեն չըլլար։

Նույն վայրկենեն որ Սիրանույշ հաստատեց Դարեհյանի հիվանդությունն, իբր հիվանդապահ անոր սենեկին մեջ զետեղվեցավ քովն երկու սպասուհիք ունենալով իբր օժանդակ։ Գիշեր և ցերեկ կը հսկեր նա անդուլ, ձեռամբը կուտար դեղերը խղճմտավոր ճշտությամբ, ինքը գրեթե կը հոգար ամեն պետքերը, և ամեն խնամք կը մատակարեր իբր թե սիրելագույն անձի կենաց վերաբերեին անոնք։ Եվ իրոք ինչ որ անձնուրաց հոգատարություն կրնա մատուցանել գորովագութ արարածի՝ զայն ամենքն ունեցավ Դարեհյան կնոջը կողմանե։

Սիրանույշ կը մոռնար թե հիվանդը զինքը լքման, նախատանաց ու դժբախտության մատնող անձն էր, հիշելու համար միայն թե կենացն ընկերն էր, թե տառապող արարած մ՚էր նա։

Փա՜ռք ճարտար բժշկաց խնամոց՝ Պ. Դարեհյան հետ քսաներկու օրվան տանջանքե ազատած էր ամեն վտանգե։ Տենդը մեղմացավ, զառանցումները դադարեցան, ինքզինքին եկավ աստիճանաբար, ճանչցավ զկինն յուր, տեսավ անոր անձնվեր հոգատարությունը, և երբ բավական ույժ ունեցավ խոսելու՝ ըսավ.

— Սիրանո՛ւյշ, ճշմարիտ հրեշտակ մ՚ես. եթե ապրիմ օրերս զքեզ երջանիկ ընելու պիտի հատկացնեմ։

Տարաբախտ կինը գիտեր արդեն թե այդ խոստումներն ի՜նչ կարժեն. և եթե անկեղծ ըլլային նույնիսկ՝ դյուրավ կրնայի՞ն ջնջվիլ արդյոք անցյալ ցավոց հիշատակներն։

Նույն օրեն որ Պ. Դարեհյան ապաքինութենեն հարաբերական առողջության վիճակի մ՚անցավ, հիվանդապահի պաշտոնը մեկ կողմ թողլով Սիրանույշ՝ նախնի ձևը ձեռք առավ վերստին յուր մենիկ սենեկին մեջ պատսպարվելով։ Ինքն իբր անձնվեր դայակ վարված էր յուր ամուսնույն նկատմամբ, և ամուսինն իրավունք չուներ գորովալից զգացմանց ակնկալելու քանի որ այնչափ խիստ հարվածներ տված էր կնոջը թե սրտին և թե պատվասիրությանը։

Պ. Դարեհյանի հիացումն ևս քան զևս աճեցավ կնոջը տրված մեծանձնության նոր ապացույցին վրա, և անկեղծորեն փափագեցավ քավել յուր հանցանքն անոր նկատմամբ հավատարմությամբն և անձնվիրությամբը՝ ցորչափ տան մեջ փակված ըլլալով անոր ուղղակի հանապազօրյա ազդեցությունը կը կրեր, և հեռու էր ամեն գայթակղական և գրգռիչ առիթներե։ Բայց երբ կատարելապես առողջանալով կարողացավ դուրս ելնել, հայնժամ ամուսնույն յուր վրա ըրած տպավորությունն հետզհետե տկարացավ զվարճությանց և հեշտությանց տիրող զգացմանց ներքև։

Մոլությունը սաստիկ հորձանք մ՚է որ յուր շրջանին մեջ կառնու կը տանի ինչ որ ուժգին կերպիվ չընդդիմանար անոր։ Հեշտությանց մթնոլորտը զմարդը թունավորելով իսկ անոր անհրաժեշտ կենսատու տարրը կը դառնա, և զայն արվեստական կերպիվ առ ժամանակյա ձևով կազդուրելով՝ իրականապես կսպաննե։

Հետևապես Պ. Դարեհյանի համար խույս տալն այդ նեխահոտ մթնոլորտեն կենաց ամեն վայելից հրաժեշտ տալ էր, կամ լավ ևս ըսեմ ասլրելե դադրիլ էր։ Սիրանույշի ծանր կերպարանքն և անոր համակերպությունն ամեն դիպվածոց որ իրեն տհաճո էին, յուր անսանձ ամուսնույն խղճի խայթերը կը գրգռեին իրոք. բայց նա զանոնք լռության կը դատապարտեր՝ անձին խոստանալով անագան թե կանուխ կնոջն արժանավայել հատուցում մ՚ընելու վերջապես յուր հավատարմությամբն առ նա։

Դյուրաձիգ խղճեր կան որ հանգստորեն կը վայելեն իրենց անառակ ներկայն ապագային ապահով երաշխավորությամբ:

ԳԼՈԻԽ ՀԸ.

Վիրճինիո նպատակ ըրած էր իրեն թղթակցությամբը Երվանդի աշխույժը գրգռել պատկերահանության մասին, և զինքը վերստին Հռովմ վերադարձնել. բայց յուր ջանից ապարդյուն մնալը ցավոք կը հաստատեր։ Օր մի իտալացի նկարիչը կատարյալ հաղթանակ մի տարավ պատկերահանդեսի մեջ՝ ուր ի լույս բերած էր յուր գեղեցիկ մեկ աշխատությունը։ Յուր անունը նույն ժամանակեն սկսավ հռչակ գտնալ, և ապագան ժպտիլ իրեն շլացուցիչ տեսարաններ ներկայելով յուր փառատենչ հոգվույն։

Մինչ Վիրճինիո ստացած հաջողությամբն էր արբշիռ, նույն ազդեցության ներքև նամակ մը ուղղեց յուր հայ բարեկամին ուր խանդավառ աղաղակով իմն կը կոչեր զայն ի փառս։

«Եկու՛ր, Երվանդ, կըսեր արվեստից առավելությանց վրա շատ մի խոսելե վերջը. եկուր, զի արվեստը համայն մարդոց տիեզերքն է։ Դու արվեստին ընտրելիներեն ես, ներելի չէ ուրեմն մեռցնել ինչ որ սահմանյալ է ի քեզ ապրելու ու փայլելու։ Նույն իսկ Սիրանույշդ առավել սիրույն արժանի պիտի համարի զքեզ եթե ազնիվ սրտիդ նվերին ավելցնես և տաղանդիդ շողը։ Կարողությունդ մեծագույն է քան զիմս, հետևապես մտածե թե ինչե՜ր կրնաս արտադրել։ Ի Հռովմ կսպասեն քեզ փառքն ու պատիվը, եկուր։ Արտաքսեցի զքեզ, երբ հիվանդ էիր, և արդ կը վերակոչեմ զի ոչ ևս անկար ես մարմնով, զի ժամանակ է աշխատելու։ Եկուր ի հավիտենական քաղաքն գեղեցիկ ուր հրավեր կարդան քեզ նկարչության անմահ հանճարները»։

Երբ կարդաց Երվանդ այդ նամակն, ամբողջ արյունն եռաց։ Ուրախացավ ի սրտե նախ բարեկամին հաջողության վրա, և ապա զգաց թե արվեստին հուրն հինքն կարծարծեր։ Կր բաղդատեր զանձն յուր Վիրճինիոյի հետ, և յուր ստորանալը կզգար ու անշքության մեջ իյնալը, զի քաջ գիտեր թե տաղանդն անգործությամբ կը ժանգահարի։

— Այո, Վիրճինիոն իրավունք ունի,— կըսեր Երվանդ,– անգործությունը մարդուս արժանապատվությունը կր ջնջե, արարածը կը նսեմացնե անասնական վիճակի առաջնորդելով զինքն։ Իբր անասո՞ւն մարդ դատապարտված եմ ուրեմն ներկայանալ իմ տարփելվույն հիշատակին։ Ուրիշներն արդյունք պիտի արտադրեն, հռչակ պիտի ստանան, մեծ ու պատկառելի պիտի հանդիսանան Սիրանույշի առջև, մինչդեռ ես գթության լոկ առարկա պիտի ըլլամ։ Այդ գաղափարը զինքն ոգևորեց, ելավ ոտքի վրա, քայլեց դեպ Վիրճինիոյի կենդանագիրն որ սենեկին որմեն վար կախված էր, նայեցավ անոր ու ըսավ.

— Ազնի՛վ բարեկամ, իրավունք ունիս, Սիրանույշեն միշտ սիրվելու համար արժանավոր կերպիվ պետք է որ յուր հոզվույն ևս արժանի ըլլամ, զի մեծ հոգիները մեծը կրնան սիրել հավետ։ Արգահատությունը սեր չէ, այլ սրտին ողորմությունն է միայն։ Կուգամ քեզ փութով, բարեկամ, կաշխատիմ եռանդյամբ, կորսված ժամանակ կը շահիմ, հռչակ կը հանեմ, այնպես որ Սիրանույշ ամոթահար ըլլալու է բնավ պատճառ չունենա յուր սրտին առջև։

Ապա քանի մի քայլեր առավ, դարձուց հայեցվածքը դեպ ուղղություն տան յուր սիրելվույն և կոչեց.

— Սիրանո՛ւյշ, դու զամեն ինչ մերթ կը լուսավորես ու մերթ կը խավարեցնես։ Դու զիս կը ջլատես, դու զիս կոգևորես, դու կմեռցնես, դու հարություն կուտաս։ Եթե դու ինձմով դժբախտ եղար՝ կուզեմ որ երբեք պատճառ չունենաս նվաստանալու զիս սիրած ըլլալուդ համար, այլ կը փափագիմ որ խրոխտալով կարողանաս ըսել օր մի «Երվանդ՝ այն մեծ տաղանդն որ ուրիշներուն կը տիրեր հանճարովն, իմ գերիս մնաց միշտ»։

Երիտասարդն յուր մոտալուտ ճամփորդությունն որոշելով գնաց շուտով խորհուրդն իմացնելու Հրանտին ինչպես և Զարուհվույն, որք երկուքն ալ ծափահարեցին յուր որոշման, մանավանդ ջանացին փութացնել զայդ՝ վախնալով թե գուցե միտքը կը փոխեր։

ԳԼՈԻԽ ՀԹ.

Սիրանույշ յուր կողմեն գաղտագողի կողբար ոչ միայն Երվանդին ապագային սաստիկ հարված մի տված ըլլալուն համար այլ և ի նմա բարոյական մարդն սպաննած ըլլալուն համար․ կը մտածեր թե ու՞ր պիտի հանգեր հուսահատ սերն յուր սիրելվույն։ Հեգն յուր անհնարին վշտին կավելցներ այդ դառն մտածությունն ևս, ու այնպիսի մեծ ցավով կը պաշարվեր որ կը փափագեր զԵրվանդ տեսնել գոչելու համար անոր.

— Ես զքեզ քովես հալածեցի, ամեն ինչ ի քեզ սպաննեցի, ես դահիճդ եղա․ այլուր գնա՛ ուրեմն, ուրիշ սիրտ մ՚որոնե որպեսզի հրահրե ի քեզ ինչ որ ես շիջուցի, կենդանացնե ինչ որ մեռուցի։

Ծանր էր Սիրանույշի բնականապես Երվանդին ուրիշով վերականգնելու գաղափարը. քանի որ այդ ուրիշը ամենահզոր նախանձորդ մի կրնար ըլլալ, այդ ուրիշը յուր հիշատակը կրնար ջնջել բոլորովին, որով և յուր մխիթարության հետին ավերը առնել տանիլ զինքը մոռացության մատնելով։ Եվ սակայն այդ ուրիշը կը փնտրեր, կը փափագեր գտնել և յուր հոգվույն ընկերոջը ներկայացնելով զայն ըսեի.

— Ահա, Երվա՛նդ իմ, անձն որ զքեզ պիտի վերականգնե, որ մութ գիշերիդ լույս պիտի տա, ու շրթանցդ ժպիտ։

Այո՛, այդ անհնարին զոհն իսկ կատարելու հոժարամիտ էր ողորմելի կինն, բայց ո՞ր սրտի կրնար հանձնել զյուր Երվանդ երջանիկ ընելու նվիրական պաշտոնը. ո՞ւր էր այն կույսն որ սիրտ մի միայն կը խնդրեր զայն անկեղծորեն երանելի ընելու համար, առանց շահախնդիր ակնկալության ամուսնությամբ դյուրակեցիկ և ազատ վիճակ մի գտնելու մտոք։ Կային անշուշտ վեհ և ազնիվ հոգիներ որք մարդկության վրա կը փայլին իբրև անձնվիրության փարոսներ. բայց ինչպե՞ս կրնար վստահ ըլլալ զանոնք գտած ըլլալուն․ ո՞ւր էր այդ հոգին, ո՞ւր էր այդ կույսը։

Հալ և մաշ կըլլար Սիրանույշ առանց ոչ սրտին և ոչ իսկ խղճին բեռը կարենալ թեթևցնելու։ Ինքզինքը մեղապարտ կը համարեր․ և ի քավություն Երվանդին պատճառած դառն ցավոց․ կը ջանար գոնե թշվառաց ձեռք կարկառել մերթ ոսկվով և մերթ արգահատության լուման ձոնելով։

Իսկ Մարիամ առավել ևս նվիրական եղած էր իրեն նույն օրեն որ ձեռամբը անոր մատաղ սիրտը հարվածած էր։ Եվ յուր կարեկցության զգացումները մինչև անգամ անոր եղբորը ու քրոջը վրա կը տարածեր որք, ինչպես գիտենք արդեն, երկու ազգային գիշերօթիկ դպրոցաց մեջ կը գտնվեին շնորհիվ Սիրանույշի։

Հեգ երիտասարդուհին կը կարծեր հոգվույն բեռը թեթևցնել այլոց դժբախտությունը մեղմելով։
ԳԼՈԻԽ Ձ.

Սուրբ Հակովբա՝ որով և Պ. Հայնուռի անվանակոչության տոնեն երկու օր հառաջ, Սիրանույշ Գատըքյոյ գացած էր հորը տունը, ու հոն պիտի գտնվեր նաև Պ. Դարեհյան տոնախմբության գիշերը։ Ամեն տարի բազում հանդիսականք կը խռնեին Պ. Հայնուռի հարկին ներքև Սուրբ Հակովբա գիշերն՝ որով ճոխ հյուր ընկալության ամեն պատրաստություններ տեղի կունենային։

Գոհ էր տիկին Հայնուռ յուր սիրելի դստեր ներկայությամբը, թեև այդ գոհունակությունը տխրության քողեն վարագուրված ըլլար, քանի որ մայրենի թափանցող աչերը մինչև Սիրանույշին հոգվույն խորը կը ժամանեին։

Զարուհին Սիրանույշին գալստյան լուրն առնելով նույն օրն իսկ եկած էր իրեն այցելու մտերմական անզուսպ տեսության իղձեն դրդված և նույն չափ Երվանդին վերաբերող քանի մի կետերու կարգադրությանն համար։ Սեկ միջոց մի հեռացան երկու երիտասարդուհիք տիկին Հայնուռի քովեն Երվանդին վրայոք խոսելու համար։

Զարուհին կը պատմեր թե որպիսի հուսահատական անգործությամբ եղբորը կենսական ուժը կսպառեր, և թե ինչ երկյուղներ կզգար զրեթե տարիե մ՚ի վեր նշմարելով անոր անհույս սիրո տառապանքը։ Այսպես Զարուհին կը նախապատրաստեր յուր բարեկամուհին Երվանդին մեկնելու գաղափարին։

– Արդարև,– պատասխանեց Սիրանույշ,– կրկին ցավ է ինձ Երվանդի տարապայման վիճակը իմ դառն կացությանս մեջ։ Չկա զոհ որ չկատարեի իրեն երանության համար և սակայն ես բուն պատճառն եմ աղետից։

— Այսինքն փոխադարձաբար պատճառ եք իրարու դժբախտության։

- Արդյոք չե՞ս կրնար զինքը համոզել Հռովմ վերադառնալու որպեսզի հո՛ն, յուր ընտրած պատկերահանական ասպարիզին մեջ, ջլատած տաղանդը գուցե մղում մ՚ընդունի։

— Եվ մենք զայդ կը փափագեինք և առ այդ կը ձգտեինք, բայց իզուր։ — Կրկնապատկեցեք ձեր ջանքը, ո՛վ Զարուհիդ իմ, հաջողելու աշխատեցեք։

— Վերջին օրերս իտալացի բարեկամին հորդորները կարողացան զինքը ցնցելու. և այդ նպատակին հասավ նա հաստատելով եղբորս թե ինքն անարժան պիտի հանդիսանա սիրույդ անշուք դիրք մ՚առնելով։

— Ուրեմն մտադի՞ր է Երվանդ ի Հռովմ վերադառնալու,— հարցուց Սիրանույշ դող ի սիրտ, մոռնալով թե առ այդ կը ձգտեր քիչ հառաջ։

– Այնպես կը կարծեմ։

— Ո՛հ, կը մեկնի դարձյալ ուրեմն։

– Լավագույնը չէ՞ արդյոք, և դու զայդ չէի՞ր բաղձար։

— Ուրեմն մոտե՞րս կերթա հոսկե․ ոհ, խոսե, Զարուհի, մի՛ ծածկեր ինձմե, կարող եմ այդ հարվածին դիմանալու։

— Գուցե քիչ օրեն կուղևորի. բայց յուր երազն զքեզ տեսնել է հառաջ քան հեռանալն հոսկե։

— Ա՜հ, ինչպե՜ս կը փափագեի որ մահվանս վայրկյանը մերձեցած ըլլար որպեսզի այս տեսությունը շնորհելու թույլտվությանն ունենայի։ Որչափ կենսավետ պիտի ըլլար այդ մահահրավեր վայրկյանս։

— Ուրեմն Երվանդ առա՞նց զքեզ տեսնելու պիտի ճամփա ելնե։

— Զարուհի՛ս, խնայե՛ ինձ, մի՛ հուսահատությունս առավել սաստկացներ, զի կը ճանաչես արդեն իմ դառն դաշինքս Դարեհյանի հետ։

— Խե՜ղճ Երվանդ։

— Հարե՛ և «խեղճ Սիրանույշ»:

— Իրավունք ունիս։

— Բայց խիստ մո՞տ է արդյոք Երվանդին մեկնելու օրը, խոսե՛, Զարուհի՛դ իմ, կը պաղատիմ քեզ։

— Գուցե։

— Ափսո՜ս:

Սիրանույշ գլուխը Զարուհվույն ուսին վրա դրավ, աչերը գոցեց, և երկու լեղի շիթեր հոսեցին այդ երկու ցավոց աղբյուրեն։ — Բաբե՜,— գոչեց Զարուհի,— ո՞րն արդյոք թշվառագույն է ձեր երկուքեն։

Վեր առավ գլուխը սրտաբեկ կինը, լուր մտերմին ձեռքը ձեռացը մեջ առնելով, ու սգալից աչոք անոր նայելով ըսավ.

— Ըսե եղբորդ թե պիտի պաշտեմ զինքը մինչև վերջին շունչս։ Պատվիրե իրեն իմ կողմանես որ աշխատի հռչակ ստանալու․ գոնե այդ տեսությամբ մխիթարվիմ որ եթե յուր սրտին դահիճը եղա, գեթ յուր տաղանդինը չեղա։ Պատվիրե նաև որ երջանիկ ըլլա, և ես յուր երջանկության լուրն առնելով տխուր վիճակիս մեջ գոնե սփոփանք գտնեմ։ Ըսե իրեն նաև…

Եղկելույն ձայնը հեծկլտանքի մեջ խեղդվեցավ։ Քիչ մի ետքը երբ կարողացավ խոսելու ըսավ.

— Պատվիրե Երվանդին որ խղճմտություն չընե սիրտն ուրիշի նվիրելու երբ փոքր ինչ մխիթար գտնելու հույսն ունենա…

Թշվառ արարածն անկարող եղավ հառաջ երթալու. հեծկլտանքը ձայնը խափանեցին։

Զարուհին զայն թևերուն մեջ առավ՝ արտասուքն արտասվացը խառնելով։ Երբ երկուքն ալ սակավ ինչ հանդարտեցան, հայնժամ Զարուհին հարցուց ընկերուհվույն.

— Ուրեմն եղբայրս պիտի մեկնի առա՞նց զքեզ տեսնելու։

– Ավա՜ղ, ըրած խոստումս առ Դարեհյան կարգիլե ինձ սրտիս այդ սրբազան իղձը լրացնելու։ Մահվան մերձավորությունը միայն կրնա նպաստել հոգվույս կարոտը հագեցնելու։ Որպիսի՜ անձկությամբ մահաբեր վայրկյանը պիտի խնդրեի եթե ողորմելի մորս ցավ ազդելու երկյուղը չունենայի։

Նույն միջոցին Մարիամ բուռն կերպիվ սենեկեն ներս մտնելով այլայլաձև արտասվաթոր կերպարանոք մոտեցավ Տիկնոջ ու խոր վշտով ըսավ.

— Եղբայրս Զարեհ ծանր հիվանդ է եղեր, և հայս գյուղ փոխադրված մեր ազգականին տունը։ Թույլ տվեք ինձ, Տիկի՛ն, որ երթամ անմիջապես այցելության անոր, վասնզի ներկայությունս ստիպողական կը համարվի։

Մարիամ այնպես սաստիկ հուզված էր և այնպիսի խոր ցավով համակված, որ Սիրանույշ չարաչար զգացվելով անոր դառն վիճակեն՝ մոռցավ յուր անձնական վիշտը և չուզելով խեղճ աղջիկն առանձին թողուլ յուր այլայլության մեջ,

— Մարիա՛մ,– ըսավ,— ես ևս հետդ պիտի գամ, երթանք շուտով։ Բայց գնա՜ գլխարկս բեր առանց սակայն մորս բնավ բան մ՚ըսելու։

— Իսկ դու, Զարուհի՛,— հարեց,— մեկնելես վերջը և եթե հարկը պահանջե միայն՝ կիմացնես մորս իմ բացակայությունս, հաստատելով իրեն թե Զարեհ փոքր ինչ անհանգիստ է։

Նույն միջոցին Մարիամ գլխարկը բերելով հանձնեց զայն տիկնոջն որ «Ի տեսություն ուրեմն, Զարուհի՛ս» ըսելով փութով հեռացավ աղջկան հետ։

ԳԼՈԻԽ ՁԱ.

Զարեհ և յուր փոքրիկ քույրն արձակուրդի ժամանակնին Քատըքյոյի մեջ իրենց ազգականին տունը կանցընեին, և այդ հյուրընկալությունն առատորեն կը վարձատրվեր Սիրանույշի կողմանե։

Այդ ազգականն մեծ ջանք կըներ այդ երկու տղայոց ամեն գորովագութ խնամք մատակարարելու՝ ոչ այնքան չափազանց զգայուն ըլլալուն՝ որքան Սիրանույշի հավատարմության արժանանալու և անոր առատաձեռնության արդյունքը վայելելու համար, թեև ստույգ է որ չար կին մի չէր այն։ Ապրելու միջոցաց նվազությունը շատ անգամ սրտի գանձերը տկարացնելով անտարբեր կը թողու զմարդ այլոց թշվառության:

Մարիամ առաջնորդեց յուր տիրուհվույն դեպ փոքրիկ տնակ մի, որուն վարձքը Սիրանույշ կը մատակարարեր, և որուն կարասյաց մեծ մասն անոր առատ շնորհաց արդյունքն էր: Ներս մտնելով տեսավ տիկինն թե ամեն ինչ մաքուր էր, կոկիկ և կանոնավոր, թեև կենաց ամենահարկավոր առարկաները կային միայն հոն։

Տան տիրուհին այրի կին մ՚էր որուն համար մեծ երջանկություն էր ի մասնավորի երեք սենյակ ունենալ երկու տղայոց բացակայության ժամանակ, և այդ վիճակը շատերուն նախանձը գրգռած էր։ Թեև Սիրանույշ փոքրիկ թոշակ մի հատկացուցած էր այրի կնոջ հանդերձ այսու պահանջած էր որ նա՝ ըստ յուր սովորականին կարով զբաղի՝ նոր հասույթ մի հայթայթելով անձին: Այդ ազնիվ տիկնոջ դրությունն էր օգնել տկարին, բայց քաջառողջն անգործության մղել։

Երբ դուռը զարնվելով տան տիկինը վազեց զայն բանալու, և ինքզինքը հանկարծ մեծանուն տիկնոջ առջևը տեսավ, շվարեցավ թե ինչ ձևով շարժի։ Բայց Սիրանույշի պարզ ձևերն և մելամաղձոտ դեմքը զինքը սակավ ինչ հանդարտեցուցին, և ուժ տվին հարցմանցը պատասխանելու։

Այդ այրի կինը տակավին բավական երիտասարդ էր, համակրելի ու լուրջ կերպարանք մ՚ուներ, ինչպես և վայելուչ ու համեստ ձևեր, որով տիկինն դժգոհ չեղավ խոսելով։ Հարց ու փորձ ըրավ հիվանդ տղուն պատահածները, և նույն պահուն անոր գտնված վիճակն ուզեց իմանալ։

Այլայլած կինը համառոտ տեղեկություններ տալու հաջողելեն վերջը, փոքրիկ սենեկի մի դուռ բանալով հարցուց տիկին Դարեհյանի եթե կը կամեր ինքն անձամբ հիվանդ տղուն այցելելու՝ անոր վիճակին վրա առավել ճիշտ գաղափար ստանալու համար։

Արդեն Մարիամ անզուսպ անհամբերությամբ եղբորը քով ընթացած էր, և ամեն անուշ բառեր կուտար անոր, տենդեն այրող այտերն արտասուքովն ոռոգելով։ Բայց ողորմելի մանուկը ոչինչ կը լսեր, ոչինչ կը ճանաչեր, այնչափ տենդը զինքը լիովին գրաված էր։

Մինչդեռ Սիրանույշ մաքուր սենեկե մի ներս կը մտներ, ուր տարածված էր կոկիկ բայց համեստ անկողնո վրա փոքրիկ հիվանդը, Մարիամ անկարող այլևս եղբորը դառն վիճակին ականատես ըլլալու՝ լալագին սենեկեն դուրս կը վիժեր։ Երկար քննություն հարկ չկար հասկնալու համար թե ծանր էր տղուն ախտը։

Սիրանույշ անմիջապես կոչելով սպասավորն որ իրեն հետամուտ եղած էր, հրամայեց անոր որ երթա փութով լավ բժիշկ մի բերե. և ինքն ուզեց սպասել մինչև անոր գալստյան, տեղեկություն ստանալու դիտավորությամբ հիվանդին վիճակին վրայոք։ Նեխահոտ և ապականյալ սենեկին մեջ կեցավ Սիրանույշ գրեթե ժամու մի չափ, առանց սակայն թույլտվություն ընելու Մարիամին նույն տեղը մտնելու, վասնզի եղբորն անզգա վիճակը զինքը չարաչար կը հուզեր։ Այրի կինը կար միայն յուր քով, և սա պարտավորվելով շատ անգամ սենեկեն դուրս ելնելու, տիկինը առանձին կը մնար հիվանդ տղուն հետ, իբրև մայր գուրգուրալով անոր վրա։ Այդ տխրության տեսարանին միացնելով և յուր հուսահատ սրտին պատկերը տարաբախտ մանկամարդին այտերեն վար կը հոսեին լռին արտասուք. ու հառաչանք բերնեն կը սուրային՝ կարծես հրեղեն ակոս մի թողլով սրտին ճամփուն վրա։

Վերջապես եկավ բժիշկն, Սիրանույշի հրավիրանոք մոտեցավ տառապելույս անկողնույն, ուշի ուշով զննեց զտղան, հարկ եղած հարցումներն ըրավ, դժգոհ կերպարանք մ՚առավ, դեղագիր մի գրեց զոր տանտիրոջ հանձնեց, որպեսզի ժամ հառաջ դեղարան տարվի։ Պատշաճ դատված հրահանգը տալեն վերջը բժիշկը սենեկեն դուրս ելավ ու հրավիրեց զՍիրանույշ նույնը ընելու:

— Տիկի՛ն, բնավ պետք չունիք հիվանդին մոտ կենալու ոչ դուք և ոչ ալ այս երիտասարդուհին,— ըսավ, զՄարիամ ցույց տալով, որ սենեկեն ներս մտած էր բժշկին հետ։

— Ի՞նչ է ունեցածը,— հարցուց Սիրանույշ այլայլելով։ — Ժանտատենդ (սքառլաթին),– պատասխանեց բժիշկը ցած ձայնիվ։

Մարիամ այդ խոսքերն իմանալով,

- Ո՜հ, գոչեց, եղբայրս չի՞ ապրի արդյոք,— և սկսավ լալ դառնագին։

- Կրնա ապրիլ անշուշտ,- պատասխանեց բժիշկը,- բայց դուք խիստ երիտասարդ եք այդպիսի հիվանդություններ դարմանելու համար։— Եվ զայս ըսելով մեկնեցավ նա երեկոյան դեմ վերստին գալու խոստմամբ։

Սիրանույշ հիվանդապահ կին մի բերել տալու պատվերն ընելեն վերջը տան կնոջ, և ամենայն կերպիվ հանձնարարելեն վերջը փոքրիկ հիվանդը, մեկնեցավ հոնկե զՄարիամ հետը տանելով, թեև աղջիկը կը հակառակեր տիրուհվույն կամացը դեմ, բաղձալով եղբորը մոտ կենալու զինքը խնամելու համար: Սիրանույշ՝ անփույթ բժշկին տված պատվիրանաց և մորմեն ծածկելով տղուն հիվանդությունը, այցելության կերթար հիվանդին երեք օրե ի վեր՝ հսկելով անոր վրա ճշմարիտ մոր գորովանոք: Այդ անձնվեր ընթացքը քաջալերություն մ՚էր, կամ լավ ևս ըսեմ հրաման մ՚էր երկու խնամատար կանանց յուր օրինակին հետևելու։

ԳԼՈԻԽ ՁԲ.

Հասավ վերջապես տոնախմբության գիշերը և նույն առթիվ եկավ Պ. Դարեհյան։ Գիշեր եղավ, տան մեջ ամեն ինչ շարժում էր և պատրաստություն։ Սպասավորք իրար անցած կերթային կուգային իրենց կատարած զբաղմանց չափազանց կարևորություն տալով։ Իրարու կը խոսեին առանց զիրար հասկնալու երբեմն, կը կարգադրեին, կավլեին, վերստին կը շինեին. չորս կողմեն լույսերը կը վառվեին, հրավիրյալները կը խռնեին, ձայն, շշուկ, ուրախություն էր վերջապես ամեն որեք, իբր թե հարսանիք մ՚ըլլար, այնչափ շքեղ կերպիվ կը կատարվեր ամեն տարի Պ. Հայնուռի տոնախմբության գիշերը:

Ճաշի ժամանակն եկավ։ Բազմաթիվ անձինք շքեղ սեղանի մի շուրջը զետեղվեցան, ուր կը գահակալեին երեք տիկնայք տարբեր հանգամանոք։ Տիկին Հայնուռ յուր վեհանձն ձևովն, և մանավանդ յուր հիվանդության սրտագրավ մելամաղձոտությամբը։ Սիրանույշ՝ շլացուցիչ գեղեցկությամբն, վարուցն ազնվականությամբը, և զգեստացը ճաշակավը։ Իսկ Զարուհի՝ թարմ շնորհքներովն, և այն արժանապատվությամբն՝ որ ամեն կին կստանա, երբ ինքզինքովն բան մ՚ըլլալը կզգա։

Ամենքը ուրախ զվարթ էին, գինիի գավաթներն իրարու կը զարնվեին, շիշերը կը պարպվեին, բարեմաղթություններն իրարու կը հաջորդեին, գլուխները կը տաքնային, կարկամ լեզուները՝ սանձերնին ջախջախած, կը խոսեին. վերջապես ամեն ինչ աղմուկ էր և խինդ։

Բայց այս ընդհանուր խրախճանաց միջոցին Սիրանույշ անմեկնելի անհանգստությամբ կը տանջվեր։ Մերթ սարսուռ և մերթ տենդ կզգար, ամեն ջանք ընելով այդ բերկրառիթ գիշերվան ուրախությունը չխափանելու։ Գրեթե ոչինչ կուտեր և ոչինչ կը խմեր։ Մայրը կը դիտեր զայդ վարանմամբ ու կը հարցներ եթե անհանգստություն մի կզգար։ Բայց երիտասարդուհին հոգնության վերագրելով յուր վիճակը կը խնդրեր որ ոչ ոք իրմով զբաղի, ու ամենքն իրենց ուրախալից ընթացքը շարունակեն։

Ճաշը վերջացած էր երբ Սիրանույշ ոչ ևս կարող ըլլալով անհանգստությանն իշխելու պարտավորեցավ յուր սենյակն ելնել։ Յուր նեղությունները հետզհետե սաստկացան, իրարանցումը շատցավ, ահ ու դող տարածվեցավ շուրջ։ Ուրախալից աղաղակաց հաջորդեցին տխուր շշուկներ. հանդիսականք նոր եկող այցելուաց հետ խառնվելով կը ցրվեին շփոթությամբ, մինչև բժիշկը կուգար հայցելություն հիվանդ տիկնոջ։ Այս վերջինը դիտեց, քննեց, բայց չուզեց վերջնական վճիռ մի տալ հիվանդության վիճակին վրայոք որ խիստ ծանր կը թվեր իրեն սակայն։

Գիշերն ի բուն անտանելի նեղությանց մեջ անցուց Սիրանույշ, կոկորդը կը ցավեր, գլուխն անհանդուրժելի բեռ մ՚էր իրեն համար, կարծես մարմինեն կրակ կելներ, ու կթվեր խեղդվիլ:

Արշալույսը կը ծագեր տակավին երբ սպասավորք կը վազեին բժիշկ բերելու։

Հիվանդին քովը կեցած էին հայրը, մայրը և ամուսինը, երեքն ալ կը վարանեին, կը ցավեին, կայլայլեին, տարբեր աստիճաններով անշուշտ։

Սիրանույշ մերթ կը ցնորեր, մերթ կզգաստանար։ Սթափած մեկ վայրկենին նշան մ՚ըրավ յուր ամուսնույն որ մոտեցավ տառապալից անկողնույն։

– Դարեհյան,— ըսավ հիվանդը դժվարըմբռնելի կերպիվ,— մեռնիլս կզգամ, պատվի՛րե որ Երվանդ հոս գա։

Մինչ այս խոսքերը կը թոթովեր ողորմելի էակն, ահա բժիշկը ներս մտավ. մոտեցավ հիվանդին, նայեցավ ինչպես առջի գիշերը, ու դեմքը բերնեն հառաջ վճռեց տառապելվույն վտանգավոր վիճակը։ Զարեհ յուր հիվանդությունն հաղորդած էր յուր բարերարուհվույն՝ Սիրանույշ յուր անձնվիրության զոհն էր:

Բժիշկը սենեկեն դուրս ելավ, սոսկալի տեսակեն ժանտատենդ մ՚ըլլալը հաստատեց, և փրկության քիչ հույս հայտնեց։

Զայդ իմանալով Պ. Դարեհյան հրաման ըրավ որ բազմաթիվ բժիշկներ գան կնոջն օգնության. և երբ ամեն հույս կորսված դատեց, աներոջն իմացուց Սիրանույշի կամքը զԵրվանդ տեսնելու, գործադրության հոգն իրեն թողլով։

Պ. Հայնուռ՝ անփույթ այդ պատվերին կատարման, և աղջկանը վիճակեն վարանած ու ահալ եղած կերթար կուգար հիվանդին քով առանց ըրածը գիտնալու։ Իսկ Պ. Դարեհյան նույն միջոցին որ իմացավ կնոջը հիվանդությանը տարափոխիկ ըլլալը, անմիջապես հեռացավ անոր սենեկեն շատ աղմուկ հարուցանելով ու նորանոր բժիշկներ բերել տալու հրաման ընելով։ Մեկ սենեկեն մյուսը կանցներ, կը պոռար, կը կանչեր, ամենուն դեմ կը նեղանար, անկեղծապես կը փափագեր փրկել զյուր ամուսին, առանց սակայն որևէ վտանգի գանձն ենթարկելու։

Տիկին Հայնուռ ընդհակառակն աղջկանը սնարի մոտ կերած շարունակ՝ կարծես յուր ախտեն կատարելապես բուժած էր, այնչափ զարմանալի կորով և ուժ ցույց կու տար։ Թեև բժշկին անողոք վճիռն իրեն չէին հայտնած, սակայն յուր մայրենի սիրտը կը գուժեր զավկին վտանգը, և գոգցես ինքը նոր իմն զորությամբ կը զիներ մահվան դեմ անոր պատրաստած ավարը հափշտակելու կամոք։

Հիվանդը գրեթե խեղդվելու վիճակի մեջ ըլլալով անկարող էր ստեպ խոսելու։ Բայց աչերը՝ դռան վրա հառած, իրենց անձկալից անհամբերությունը կը հայտնեին։

— Մա՛յր,— հաջողեցավ ըսելու վերջապես,— զԵրվանդ կուզեմ ։

Ոչ Պ. Դարեհյան և ոչ իսկ Պ. Հայնուռ զերիտասարդը բերել տալու փույթ ըրած էին։ Իսկ նույն րոպեին որ Սիրանույշ հայտնեց մորն յուր բաղձանը՝ սա կզբաղեր այդ փափագանաց անմիջական գործադրությանը, երբ ահա Երվանդ՝ որ իբր հիմար սենեկեն ներս վիժելով, հիվանդին անկողնույն մոտ ընթացավ։
ԳԼՈՒԽ ՁԳ.

Սիրանույշի հիվանդության ծանրության լուրը նույն առավոտ բոլոր Քատըքյոյի մեջ տարածված էր, քանի օր լուրերուն արագաբար աարածվիլու մարդկանց ընկերային աստիճանին բարձրութենեն կախում ունի ընդհանրապես։

Բազմաթիվ բժշկաց այցելությունները նույն օրն, ու անոնց դատապարտության վճիռը մինչև Երվանդի հասած էր բերնե բերան անցնելով, երբ նույն օրը ինքը Քատըքյոյ կուգար Յենիքյոյեն Սիրանույշի շնչած օդով սնանելու բաղձանոք։ Քույրը բացակա էր տունեն, որով ինքը դուրս ելնելով առաջին լուրն որ իմացավ տիկին Դարեհյանի անհույս հիվանդության գույժն եղավ։ Հազիվ թե այդ բոթն հասավ ականջին՝ Երվանդ մոռցավ զհամայն աշխարհ, և իբր խելագար սուրաց դեպ Սիրանույշի խուցն առանց բնավ թույլտվություն խնդրելու։ Մոլեգին մոտեցավ տառապելույն անկողնույն, առավ Սիրանույշի ձեռքը, սրտին վրա սեղմեց զայն մինչև հայեցվածքովը կը հայտներ հոգվույն բոլոր հուսահատ դառնությունը։

Սիրանույշ բացավ աչերը, տեսավ զինքը, ու անկարող ըլլալով բառ մ՚արտասանելու՝ նայվածքովը կը ջանար խոսելու մինչ շրթանցը վրա երկնային երջանկության ժպիտ մի կուրվագրվեր։ Վերջապես կարողացավ ըսելու.

— Երվա՛նդ իմ, զքեզ տեսա, գոհ կը մեռնիմ։

— Սիրանո՛ւյշ, Սիրանո՛ւյշ,— գոչեց Երվանդ վայրենի ձայնիվ,— ապրե՛, թե ոչ ես ալ կը մեռնիմ։ Եթե մարդիկ բաժնեցին զմեզ կենաց մեջ, մահն առավել գթած պիտի ըլլա վասնզի զմեզ պիտի միացնե անբաժանելի կերպիվ։

Տիկին Հայնուռ կը նայեր, կը լսեր, ու կատաղի հուսահատությամբ զինյալ թվեր արհամարհել զմահ որ կսպառնար յուր հոգին հոշոտելու. Երվանդին ցավը նոր խթան մ՚էր յուր սրտամաշ ճգանցը. ոչ արտասուք ուներ, և ոչ ալ հառաչանք․ վիշտն հոսման ամեն ուղի խափանած էր։

Երբ Պ․ Հայնուռ հուսահատ դիմոք աղջկանը մոտեցավ, Երվանդ բարկացայտ աչոք նայելով անոր՝ անհուն սրտմտությամբ գոչեց.

— Հայր բարբարոս և մեծամիտ, ահա կատարած գործդ։ Լռեց Պ. Հայնուռ, մինչ հիվանդը մարմնույն ցավերովը կը գալարեր։

Նույն պահուն հեծկլտանք մի լսվեցավ։ Մարիամն էր որ՝ անկողնույն մեկ քովը ծնրադրած, կուլար ողորմագին և կըսեր.

— Ներե՛ ինձ, տիկի՛նդ իմ անզույգ, եթե վայրկյան մ՚իսկ քեզ անհավատարիմ եղա։ Քու համայն բարությանցդ փոխարեն ես քու մահվանդ աղետալի պատճառն եղա։ Դու մայր մ՚էիր մեզ համար, ապրե՛ եթե երեք որբեր չես ուզեր հետին թշվառության մատնել։

Լսեց այս խոսքերը Սիրանույշ, նայեցավ անոր արգահատությամբ ու ձեռքն երկնցուց աղջկանն որպես զի համբուրե զայն։

Հանկարծ մեծ ճիգ մ՚ըրավ հիվանդը, «Երվանդ իմ, մայր իմ», մնչեց ու ձայնը խեղդվեցավ։

Անզգայության վիճակի մեջ անկավ նա դարձյալ, ու ապա աչերն անսովոր իմն վայրենությամբ փայլելով անշարժ մնացին հավետ։

Երվանդ կը նայեր տակավին այն աչաց ուր սիրո հուրը սսպառած էր վերջնական կերպիվ մահվան շնչովը, առանց ըմբռնելու թե ամեն ինչ լմնցած էր։

Մեծ վշտի ամենայն հուսահատությամբ ողորմելի մայրը դստերն անշարժ մարմնույն վրա անկավ կիսամեռ սոսկալի ճիչ մ՚արձակելով։

Երվանդ՝ իբր թե քունեն արթննալով, ահագին քրքիչ մ՚արձակեց, նույն միջոցին որ Զարուհի ամուսնույն հսկողութենեն խույս տալով, սենեկեն ներս կընթանար չափազանց ցավոց արտահայտությամբ։ Երվանդ խենթացած էր բոլորովին ու կատաղությամբ քրոջը վրա կը հարձակեր։

Պ․ Հայնուռ՝ վերջին աստիճանի վշտացած աղջկանը կորստյանը վրա, անդադար կը կրկներ․

— Հե՛գ Սիրանույշս, երկու տարի միայն պիտի վայելեիր ուրեմն փառքդ ու պատիվներդ։

Իսկ Պ․ Դարեհյան՝ իբր մեծ սգո արտահայտություն, անմիջապես հեռացավ այն տունեն ուր կնոջը ցուրտ մարմինը փառավոր անկողնո մի վրա տարածված էր, առանց իսկ հետին հրաժեշտի ողջույնը տալու անոր, առարկելով թե յուր սիրտն անկարող էր սիրելի արարածի մի ցուրտ մարմինը տեսնելու:

Արժանավոր առարկություն անձնապաշտի որ կուզե խնայել անձին որևէ հուզմունք զուր կարտադրե մեռելոց տեսարանը: