Սիրո ցընորքնե՛ր, վսե՛մ երազներ…
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
* * *
Սիրո ցընորքնե՛ր, վսե՛մ երազներ…
Նոքա հոյակապ գործի են պատճառ.
Եվ գեղաժպիտ կուսի հրապույրներ
Տալիս են նոցա միշտ կյանք ծաղկավառ։
Բայց և նա բնավ սեր չէ ճանաչում,
Ում սիրտը երկչոտ մնում է քընած,
Երբ ահեղ մրրկից երկինքն է գոչում
Եվ դիզանում են ալիք կատաղած…
Երբ ամպերի մեջ կորած լեռներին
Զարկում են ուժգին հըրեղեն շանթեր,
Միայն խանդավառ ազատ աչերին
Պատկերանում է ցընորք անվեհեր։
Ո՛վ կանայք, ով որ ստորոգությամբ
Ծունկ է խոնարհում չար բախտի առաջ,
Ով որ լռում է, ըստրուկ զգացմամբ,
Երբ հայրենիքի բաժինն է հառաչ,
Ով երկչոտությամբ փախչում է դաշտից,
Ուր որ պողպատի ցոլում են սրեր,
Եվ չուզե զրկվիլ անփառք հանգստից,—
Ո՛հ, նա չգիտե սիրել ձեզ, կույսե՛ր։
Երբ նա ձեզ մոտ գա՝ աղերս շրթունքին,
Հեռացեք դուք լուռ արհամարհանքով.
Թուլամորթ, ըստոր, երկչոտ ստրուկներին
Դուք մի՛ պսակեք սիրո պսակով։