Սովից վատթարը
Աշխարհքում դժար է երևակայել մի ավելի անարդար երևույթ, քան երբ հողագործ մարդը տարեն տասներկու ամիս քարի ու հողի հետ քաշ է գալիս մի կտոր հացի համար ու վերջն էլ մնում է կարոտ հենց էդ մի կտոր չոր հացին։
Եվ դժար է երևակայել էն աղետը, որ հետևում է սրան...
Սո՜վ։
Միանգամից կտրատվում են բնական և բարոյական բոլոր կապերը կյանքի մեջ։ Եվ սկսվում է սովի ահռելի ողբերգությունը։ Սովորական են դառնում դեպքերը, երբ ծնողը սրտի ցավից խեղդում է իր հաց աղերսող երեխաներին...
Ավելի զարհուրելին.— ծնողը վրա է ընկնում խլում սովից մեռնող երեխայի ճանկն ընկած մի կտոր ուտելիքը...
Վերջապես՝ սպանում է իր հարազատին, իր որդուն ու միսն ուտում...
Այո՛, ասում եմ, դժար է էս ամենը երևակայել։ Բայց բանից դուրս է գալիս՝ սրանից ավելի հրեշավոր երևույթ էլ կարող է լինել աշխարհքում, և էդ էն է, որ մարդ արարածը կարող է ուրախանալ սրա վրա։
Ռուսաստանի մի շարք նահանգներում սով է։
Սոված գյուղացիությունը ծառերի կեղևը կրծելով ու խոտ արածելով տասնյակ միլիոններով հորձանք է տալիս աջ ու ձախ. իր տունն ու տեղը լքած, իր դուռը փակած՝ գնում է հաց որոնելու։
Էն գյուղացիությունը, որ աշխարհքին հաց էր տալիս։
Եվ հանկարծ կարդում ենք, թե աշխարհքում մարդիկ կան, էն էլ աշխարհքի ամենաքաղաքակիրթ մասում, Եվրոպայամ, մարդիկ կան, որ ուրախանում են էս հսկայական աղետի հանդեպ, թե ինչ է՝ սրանից կխեղճանա Խորհրդային իշխանությունը Ռուսաստանում։
Բավական է էս մի լուրը մարդ կարդա, որ սրտի ցավից հիվանդանա ու ընդմիշտ դառնա մարդատյաց։
Եթե հավատա...
Այո՛, եթե հավատա, որովհետև հեշտ չի հավատալը, հեշտ չի հաշտվելը էն մտքի հետ, թե մարդ կարող է էնքան հրեշ լինել։
Ես շատ դեպքեր գիտեմ մեր ժողովրդի կյանքից (ոչ ինտելիգենցիայի և կառավարությունների), երբ նույնիսկ կռիվների ու ընդհարումների ժամանակ (որ միշտ ինտելիգենցիան ու կառավարություններն են սարքում) կիսավայրենի համարված թուրք գյուղացիները երկու կողմի կառավարող շրջաններից գաղտնի, գիշերով հաց են հասցրել սոված հայ գյուղացիներին կամ հայ գյուղացիները՝ թուրքերին։
Սրանից էլ դենը։
Մենք գիտենք, և շատ փաստեր կան, թե ինչպես է անասունը կեր հասցնում սոված անասունին, թե ինչպես է գելը կերակրում ու խնամում անտեր ու սոված մնացած շան լակոտներին...
Էսքան առաքինություն մենք չենք պահանջիլ էդ քաղաքակիրթ մարդկանցից, բայց գոնե հերքեն, թե ճիշտ չի, թե իրենք չեն ուրախանում էս ահռելի ողբերգության հանդեպ, որ մենք էլ, էն սովից մեռնողն էլ մտածենք, թե էդպես հրեշ մարդ չկա և չի կարող լինել աշխարհքում...
Թող մեզ հավատացնեն, որ իրենք ավելի թշվառ չեն, քան էն սովից մեռնող գյուղացիությունը, որովհետև դա ավելի վատթար երևույթ է, քան ամենասոսկալի սովը։
Սովը վերջ ի վերջո մի բան է ասում մեզ, թե էս ինչ տեղը էս տարի չորացել է երկիրը, հողը, երաշտ է, որից կարող ենք ազատվել մոտ առաջիկայում, բայց տասնյակ-տասնյակ միլիոնավոր աշխատավորների, հողագործների էս ծով աղետի հանդեպ էդքան ցինիկ ուրախանալը՝ ավելի զարհուրելի մի բան է ասում, թե մարդկային սիրտն է չորացել ու չարացել, և դրանից ազատվելը էնպես հեշտ բան չի, ինչպես սովից ազատվելը։
Դա սովից վատթար է հազար անգամ։
1921 թ.