ՀԱՎԵԼՎԱԾ I
ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

1. ՍՈԻՄԲԱԹԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի բազրգյան կար, շատ հարուստ էր։ Դրան ուներ մի տղա՝ անումը Սումրաթ։ Էդ բազրգյանը քառասուն չրաղ ուներ, երոր էթում էր խրդի, քառասուն եզի բեռ էր բռնում, քառասուն չրաղին էլ հետը տանում էր։ Երոր Սումբաթը էլավ տասնութ տարեկան, հերը դրան պսակեր, մի սիրո՜ւն, փնփո՜ւշ, սիպտակ աղջիկ ուզեց, կասես թե՝ նոր էկած ձին ըլներ: Մի քանի տարուց եդը Սումբաթի հերն էլ մեռավ, մերն էլ մեռավ: Սումբաթը մնաց մենակ։ Սումբաթն էր՝ առավոտն էթում էր դուքան, օրական էրկու, իրեք անգամ գալիս էր կնկանը մտիկ էր անում, էթում էր, ընքան սիրում էր։ Մի օր էկավ տեհավ՝ իրանց քառասուն չրաղն էլ իրանց դռանը նստած են։

Եբոր հասավ դրանց, բարև տվեց։— Խի՞ եք դռանը նստել, խի՞ չեք նեքսև էթում։

— Դու տանը չիր, մենք էլ խանըմի հետ անծանոթ ենք:

— Վե՛ կացեք, է՛թանք տուն։

Վե կացան, գնացին նեքսև: Հաց բերեցին, նստեցին կերան, Սումբաթն ասեց.— Խե՛ր ըլնի ձեր գալը։

Ասեցին.— Էկել ենք, որ ո՛նց որ քու հերը մեզ մտիկ էր անում, ընենց էլ դու մեզ մտիկ անես:

Ասեց.— Ես ախար մենակ եմ, չեմ կարա, օրական իրեք անգամ գալիս եմ տուն, կնկանս մտիկ եմ անում, թողում էթում դուքանը, ես ո՞նց կարամ թողա, ըստիան էթա: Քառասուն հոգի եք էկեք ամեքիդ հինգ հարուր մանեթ տամ, գնացեք ձեզ հմար ապրեք:

— Ախար չէ՞ նաղդ փող ա, կտանենք, կփչացնենք, կմնանք քու մոտին ամոթով։

Կնիկն ասեց.— Դրուստ են ասում, նաղդ փող ա, հինգ շահի մեկին, տասը շահի մեկին, կփչանա կէթա:

— Լա՛վ, ամեքիդ հազար մանեթ կտամ, գնացե՛ք։

Ասեցին.— Մեկ ա, էլի կփչացնենք, կմնանք ամոթով քու կշտին, ոնց որ քու հերը մեզ պահպանել ա, ընենց էլ դու պտի պահպանես։

Կնիկն ասում ա.— Դրուստ են ասում, նաղդ փողը կտանեն, կփչացնեն, գործ տո՛ւ, գո՛րծ:

— Գործն էն ա, ա՛յ կնիկ, որ հետները պտի էթամ քաղաքե-քաղաք ման գամ, առըտուր անեմ. եբոր քեզ չեմ տենում մի սհաթ՝ խելքս էթում ա, տենում ես օրական իրեք հետ դուքանիս դուռը շինում եմ, գալիս եմ քեզ տենալու, ես ո՞նց քեզ թողամ, էթամ։

Ասեց.— Չէլա՛վ, իմ պատկերքը քաշա՛, դիր ծոցդ, եբոր կարոտես, հանա՛ մտիկ տո՛ւ։

— Էդ էլավ,— ասեց,— առավոտը թադարեք տենանք, է՛թանք:

Հանեց էդ չրաղներին փող տվեց, ասեց.— Գնացե՛ք քառասուն եղ առեք, ապրանք առե՛ք, էթանք խրիդ անելու։

Առավոտը Սումբաթը գնաց պատկերըհանին բերեց, կնկա պատկերը քաշիլ տվեց, թադարեք տեհան, մի քանի օրից եդը ընկան ճամփա։ Գնացին: Շատ գնացին, քիչ գնացին, մի չայիր-չիման տեղ վեր էկան, չադիր տվեցին, նստեցին։

Սումբաթը չբաղներին ասեց.— Մի տասն օր ըստեղ բանդ ըլնենք, համ մենք կդինջանանք, համ տավարը, մեղք են, դարընքվա տավար են։

Մի սհաթից եդը, տեհան՝ մի բազրգյան էլ էկավ, իրանց կողքին չադիր տվեց, նստեց։ Սումբաթը տեհավ դրանցն էլ քառասուն չրաղ ա։

Էդ էկած բազրգյանը իրա չրաղներին ասեց.— Էս բազրգյանը խամ ա, օրենքով մեզ պտի կանչեր ղոնաղ, ինքը մեզանից առաջ էր էկե. հմի բան չի ասե, գնացեք իրան կանչեք՝ դա, մի քիչ խոսանք։

Գնացին Սումբաթին կանչեցին, նստեցին, խոսացին։

Էդ բազրգյանն ասեց.— Ա՛րի մի քիչ նարդի հաղանք։ Քառասուն բեռ քունն ա, քառասուն բեռ իմն ա. իրար դեմ հաղանք։

— Հաղա՜նք:

Հաղալու փիս վախտը, քիչ էր մնացե որ Սումբաթը տաներ, բերդան կնիկն ընկավ միտը, շըշկըլվեց, տարվեց: Տարվեց, ըսկսեց լաց ըլնիլը:

Բազրգյանն ասեց.— Խի՞ ես լաց ըլնում, էրևում ա, էդ ա քու կարողությունը։

— Ներողություն,— ասեց,— էս չի՛, համա անտեղի տարվեցի։

— Ընչի՞ հմար անտեղի տարվեցիր։

— Նրա հմար որ սիրուն կնիկս միտս ընկավ՝ շըշկըլեցի, տարվեցի։

— Կնիկդ ի՞նչքան սիրուն ա, որ անտեղի տարվեցիր։

Պատկերքը ծոցիցը հանում ա, շանց ա տալի։

Եբոր պատկերը տենում ա բազրգյանը, ասում ա.— Էդ իմ սիրեկանն ա, ամեն ժամանակ որ էթում եմ ձեր քաղաքը, գալիս ա իմ կուշտը, դրա հմար խի՞ իր լաց ըլնում։

— Ի՞նչ ես ասում,— ասեց,— իմ կնիկը էդ բանը չի անի, սուտ ես խոսում, ա՛րի մարջ գանք։

— Գնա՛նք։ Քառասուն բեռն իմն ա, քառասուն բեռը քունն ա, քառասուն չրաղ իմն ա, քառասուն՝ քունն ա. թե ես գնացի քու կնկա պատկերը բերեցի, քու քառասուն բեռը, քառասուն չրաղը ինձ, դու էլ ինձ նոքար, թե չբերի, իմ ունեցածը քեզ, ես քեզ նոքար։

Թե.— Լա՛վ։

Բազրգյանը վեր ա կենում, խուրջընով ոսկին վեր ա ունում, էթում. էթում ա հասնում Սումբաթի քաղաքը։ Հարցնելով, հարցնելով էթում ա տունը գտնում ա. դուռը ծեծում ա։

Ղարավաշը դուս ա գալի, ասում ա.— Գնա՛ խանըմիդ ասա՝ աղիցը նամակ եմ բերե, թող գա, տա՛մ։

Ղարավաշն էթում ա, խանըմին ասում ա, թե.— Աղիցը նամակ ա էկե։

Ասում ա.— Գնա ասա, թող տա քեզ, վեկալ բե՛։

Գալիս ա բազրգյանին ասում ա.— Տու՛, տանեմ։

Ասում ա.— Գնա, ասա, ինքը գա, իմ ձեռովը տամ իրան։

Էթում ասում ա։ Խանումն ասում ա.— Ումից բերել ա, թո՛ղ տանի տա նրան, ինձ հարկավոր չի՛։

Ղարավաշը գալիս ա ասում.— Հարկավոր չի՛, ումից բերել ես. տար տո՛ւ նրան։

Ասում ա.— Ա՛ղջի, դուռը բաց արա՝, տամ քեզ։

Ղարավաշը դուռը մի քիչ բաց ա անում, աղջկանը բռթում ա, ձին քաշում ա նեքսև։

Աղջիկը վազում ա վիրև, ասում ա.— Խանո՛ւմ, ինձ բռթեց, վե քցեց, հրես գալիս ա վիրև։

Խանումն ասում ա.— Իրեք հոգի ենք, իրեքս էլ ճիպոտներով տա՛նք, դուս անենք։

Բազրգյանը որ բանձրացավ վիրև, դրանք օթախիցը դուս էկան ու տվեցին, ընքան տվեցին, որ քիթ-պռունգն արնացրին։ Բռթեցին, փիլաքաններից քցեցին ներքև։

Վեր էկավ, ձին քաշեց, գնաց: Գնաց քաղաքի մի ղրաղը, տեհավ մի առու կա, նստեց ղրաղին լվացվեց։ Իրիկվա ժամի վախտն էր, տեհավ՝ մի պառավ գալիս ա ժամիցը։

Պառավը մոտացավ, տեհավ որ քիթ ու բերանը արնոտ ա, ասեց․— Ա՛յ մարթ, էդ ի՞նչ խաբար ա։

Ասեց.— Դուսն եմ մնացե, է՛թանք ձեր տուն, ասե՛մ։

Գնացին պառավի տունը, բազրգյանը գլխի էկածը պատմեց, ասեց.— Ես պատկերըհան եմ, ուզում էի տենայի, որ պատկերը քաշեի, համա չկարացի տենայի։

Պառավն ասեց.— Արխեին կա՛ց, ես քեզ կտանեմ նրա կուշտը։

Առավոտը պառավը վե կացավ, մի էրկու բուռ ոսկի առավ բազրգյանից, գնաց խառատի կուշտը, ասեց.— Մի թեթև ըշկապ շինա՛, կեսը շուշա, ընենց ըլնի, մի մարթ նստի մեջը։

Խառատը շինեց, պառավը համբալի շըլակը տվեց, տարավ տուն, ասեց.— Բազրգյա՛ն, ա՛րի, սրա մեջը նստի, ես քեզ տանեմ էն կնեա օթախը։

Բազրգյանը մտավ ըշկապի մեջը, դուռը շինեց, տվեց համբալի շըլակը, տարավ Սումբաթենց տունը, դուռը ծեծեց, ղարավաշն էկավ, ասեց.— Գնա՛ խանըմիդ ասա, էթում եմ Երուսաղեմ, մի ըշկապ ունեմ, դնեմ ըստեղ ամանաթ, թե էկա՝ կտանեմ, թե չէկա՝ թո մնա ձեզ։

Ղարավաշը գնաց, խանըմին ասեց։

Ասեց.— Թո՛ բերի դնի, ի՜նչ կըլնի։

Պառավը բերեց, բերեց դուզ դրեց աղջկա օթախը, թողաց գնաց։

Բազրգյանը շուշիցը թաքուն մտիկ տվեց, էդ աղջկա պատկերը քաշեց, մեկ էլ մնաց իրիկունը, քնելու վախտը, եբոր աղջիկը տկլորացավ, որ քներ՝ էն վախտն էլ պատկերը քաշեց:

Պառավը առավոտը էկավ, ասեց.— Ես ընչանք էկա ըստեղ, գնացի, ընկերներս գնացել ին, էկել եմ՝ իմ ըշկապը տանեմ։

Էլի տվեց համբալի շըլակը, տարավ իրանց տունը։ Բազրգյանը դուս էկա, պառավիցը շնորհակալություն արեց, գնաց։ Գնաց, հասավ իրա ապրանքի մոտը. կանչեց Սումբաթին, պատկերները շանց տվեց։

Սումբաթը կաննած տեղը մոլորեց, ասեց.— Եբոր իմ կնկա սիրողը չըլներ, ո՞նց կարար նրա տկլոր վախտը պատկերը քաշի։

Բազրգանը քաշեց Սումբաթի ապրանքը քոմմա, իրան չրաղներովը տարավ, իրան էլ շինեց նոքար։

Չրաղի մեկն էկավ, ասեց.— Աղա՛, իմ փողը տո՛ւ, ես էթում եմ, ես քու ծառեն եմ, ես էս մարթին ծառայություն չե՛մ անի։

Էն բազրգյանը վե կալավ ասեց.— Ո՛նց որ քու աղեն տալիս էր ամսական մի հինգ մանեթ էլ ավել կտամ, խի՞ չես մնում։

Ասեց.– Չե՛մ մնում:

Սումբաթը հանեց փողը տվեց, էդ չրաղը առավ, գնաց։

Սումբաթը կանչեց, ասեց.— Որ էթում ես, գնա՛ մեր տունը, խանըմիդ էրեսին թքա՛, անցի, գնա՛։

Չրաղը վե կացավ գնաց։ Մեկ օր գնաց, հինգ օր գնաց, գնաց հասավ Սումբաթենց տունը։

Դուռը ծեծեց, ղարավաշը դուս էկավ, ղարավաշի հետ բանձրացավ խանըմի օթախը, դուռը բաց արեց.— Ամո՛թ քեզ հմար,— ասեց, թքեց ու եդ դառավ։

Խանումը ղարավաշներին հրամայեց, թե.— Դրան բռնե՛ք, տենանք՝ ընչի՞ հմար պտի իմ էրեսին թքի:

Ղարավաշները բռնեցին, ասեց.— Ընչի՞ հմար թքեցիր իմ էրեսին։

Ասեց.— Ընդրա հմար թքեցի, որ քու էրեսիցը քու մարդը հա՛մ սաղ կարողությունը կորցրեց, հա՛մ դառավ նոքար։

— Էդ ի՞նչ ես ասում,— ասեց,— էդ ո՞նց էլավ։

Չրաղն ասեց․— Ըսենց մի բազրգյան ա էկել, գշերը քու ծոցին քնել ա, պատկերդ քաշել ա, տարել տվե Սումբաթին։

Թե.— Ղո՞րթ։

— Ղո՛րթ։

Աղջիկը մտածեց, թե էրևում ա էն պառավի արածը կըլնի, չունի բազրգյանը էկավ, ես ծեծել տվի, դուս արի, ինձ չտեհավ, էլ իմ պատկերը ո՞նց պտի քաշեր։

Ասեց.— Ի՞նչ տեղ ա աղեդ։

Ասեց.— Ֆլա՛ն տեղը նոքար ա։

Ասեց.— Ընդիան ո՞ւր պտի էթային:

Ասեց.— Պտի էթային Թեհրան։

Ասեց.— Մի ընենց ճամփա գիտա՞ս, որ մենք մի էրկու օր առաջ էթանք ընտեղ։

Ասեց․— Էրկու օր չէ, իրեք օր առաջ տանեմ քեզ ընտեղ։

— Դե՛,— ասեց,— ա՛ռ քեզ փող, գնա էրկու հատ լավ ձի ա՛ռ․ էրկու ձեռք էլ ասպար ա՛ռ, մի ձեռք թագավորական թամուզ շոր ա՛ռ, մի ձեռք էլ վեզրի շոր ա՛ռ, բե՛։

Չրաղը գնաց քոմմա առավ, բերեց։ Աղջիկը շորերը փոխեց, թագավորական շորերը հագավ, ասպարը կապեց, ձին նիլլավ գնաց։

Չրաղն էլ վեզրի շորերը հագավ, ասպարը կապեց, ձին նիլլավ ընկավ ետևը։

Գնացին, մի տասն օրից եդը հասան Թեհրան քաղաքի ղրաղը, իմաց տվին թագավորին, թե Ինգլիզի թագավորի տղեն գալիս ա քեզ տեսություն։

Թագավորը զորք ա ղրկում առաջը, պատվով վեր ա ունում բերում ա։ Եբոր իրար տենում են, բարևում են, թագավորն ասում ա.— Խե՛ր ըլնի քու գալը։

Աղջիկն ասում ա.— Խե՛ր ա, էկել եմ մի տաս-տասնէրկու օր ման գամ քու քաղաքը, թողամ, էթամ։

Էգսի օրը բազրգյանները էկան հասան քաղաքի ղրաղը, խաբար բերեցին թագավորին, թե մի բազրգյան ա էկել, ութսուն բեռ ունի, ութսուն էլ նոքար։

Էդ աղջիկը թագավորին խնդրվում ա, թե մի իրեք օր քու թագավորությունդ ինձ տո՛ւ, ես թագավորություն անեմ, դու էլ կշտիս նստի, սեյր արա։

Ասում ա.— Իրեք օր չէ, իրեք շաբաթ իրավունք ունես։

Եբոր աղջիկը նստեց թագավորի թախտին, թագավորություն էր անում, բազրգյանը՝ Սումբաթի ձեռը մի խոնչով փեշքաշներ տված, էկան:

Աղջիկը տեհավ, որ իրա մարդը դառել ա նոքար՝ շատ սիրտը լցվեց, ասեց.— Ի՞նչ մարդ եթ:

Բազրգյանն ասեց.— Ես բազրգյան եմ, ութսուն բեռ ունեմ, ութսոն էլ նոքար ունեմ, էկել եմ քու քաղաքը՝ ապրանքս ծախեմ, քեզ փեշքաշ եմ բերե:

Աղջիկն ասեց.— Ախար բազրգյանները քառասուն բեռ, քառասուն նոքար են ունենում, էդ ո՞նց ա, որ քունը ութսուն բեռ, ութսուն նոքար ա: Ըդքան կարողությունը մի մարդի էս երկրի էրեսին դժվար կպատահի. էս ո՞նց ա, որ ըդքան ապրանքը քունն ա, ա՛րի դուզ ասա՛։

Ասեց.— Դրուստ ա քու ասած խոսքը, թագա՛վորն ապրած կենա, էդքան ապրանքը մի մարդի չի ըլնի, մենակ,— ասեց,— էս ապրանքի կեսը էս տղինն ա:

— Ո՞նց էդ տղինն ա։

— Եբոր պատահեցինք իրար, իրար հետ նարդի հաղացինք սրան տարա, սկսեց լաց ըլնիլ, ես հարցրի, թե. «Խի՞ ես լաց ըլնում», ասեց. «Ես նրա հմար եմ լաց ըլնում, որ անտեղի տարվեցի, փա՛ռք ասսու, ինչքան ունեմ ըստեղ, հինգ ըտքամ էլ տանն ունեմ, բիրդան կնկանս պատկերը միտս ընկավ, ես ըտեղ շըշկլվեցի, տարվեցի»։ Ասեցի. «Մի կնկանդ պատկերը տենամ»։ Հանեց տեհա, շատ սիրուն էր։ Ես էլ չկարացի ուրիշ պատճառ բռնեի, ասեցի. «Քու կնիկը իմ սիրեկանն ա»: Էդ տղեն սրտի հերսիցը լաց էլավ, թե՝ «Ի՞նչ ես ասում, թե ես գիտամ, իմ կնիկը էդ բանը չի անի»: Եբոր հակառակվեց, ասեցի. «Արի՛ պայման կապենք. թե գնացի քու կնկա պատկերը բերի՝ էնա քու քառասուն բեռն էլ, քառասուն չրաղիդ հետ իմը ըլնի, դու էլ իմ նոքարը դառնաս, եբոր չբերի՝ իմ քոմմա ապրանքը քեզ իմ նոքարներով, ես էլ քեզ նոքար»։ Վե կացա, գնացի հասա Սումբաթի քաղաքը. հարցնելով֊հարցնելով գնացի տունը գտա. դուռը ծեծեցի, ղարավաշը դուս էկավ, ասեցի․ «Գնա՛, խանմիդ ասա՝ գա, նամակ եմ բերե, աղիցդ, տամ իրան»։ Գնաց էկավ, ասեց. «Տո՛ւ, ես տանեմ», ասեցի. «Չիլնի, ես իմ ձեռովը պտի տամ»:

Ըտեղ աղջիկը հարցրեց.— Ընչի՞ հմար նամակը ղարավաշին չտվիր, տանի։

— Թագա՛վորը սաղ ըլի, չտվի, որ ինքը գար տենայի, ես պատկերըհան եմ, պատկերը քաշեի։ Եբոր ասեցի, թե. «Իմ ձեռովը պտի տամ», ղարավաշը գնաց, էկավ, թե ասում ա. «Ո՛ւմից բերել ես, տար տուր իրան»։ Ճարս կտրվեց, ղարավաշին բռթեցի, մտա նեքսև։ Աղջիկը հրամայեց ղարավաշներին, ճիպոտները վե կալան, ինձ էնքան տվին, որ էլ չիմացա, թե ո՛նց գլուխս ազատեցի։ Գնացի մի առվի վրա, որ լվացվեմ, տեհա մի պառավ էկավ, գնացի էդ պառավի տունը, ըդրան պատմեցի գլխիս էկածը։ Պառավը մի ըշկապ շինիլ տվեց, ինձ մեջը դրեց, տարավ աղջկա տունը, ասեց. «Ես պտի էթամ Երուսաղեմ, թո՛ղ էս ըստեղ մնա, թե էկա՝ կտանեմ, թե չէկա՝ քեզ ըլնի»։ Ըշկապի միջիցը պատկերը քաշեցի։ Առավոտը պառավն էկավ ըշկապը վե կալավ, տարավ։ Եբոր հասցրեց իրա տունը, վե կացա, էկա, պատկերը բերեցի շանց տվի տղին, էս մալը զավթեցի։

Աղջիկն ասեց.— Ջանլա՜թ։

Ջանլաթը էկավ. հրամայեց, բազրգյանին կտոր֊կտոր արին։

Եդ դառավ Սումբաթին, ասեց.— Սրա ապրանքն էլ, քու ապրանքն էլ քեզ ըլնի, տար ծախա՛, եբոր կծախես կպրծնես, մի օր առաջ ինձ իմաց տո՛ւ։

Սումբաթը շնորհակալություն արեց, գնաց։ Եբոր ապրանքը ծախեց պրծավ, էկավ ասեց, թե. «Էգուց էթում եմ իմ քաղաքը»:

Աղջիկն ասեց թագավորին.— Ես էլ պտի էթամ, շնորհակալ եմ քեզանից էլ, քու ժողովրդիցն էլ։

Վե կացավ, իրա չրազին վե կալավ գնաց, հասավ իրա տունը։

Մի էրկու օրից եդը Սումբաթը թազա ապրանքը առած էկավ իրա դուքանի առաջին վեր ածեց, ասեց.— Էթամ տուն դիպչեմ, գամ, դուք տեղավորեք։

Էկավ տուն, տեհավ թագավորը ընտեղ նստած ա, վեզիրն էլ կողքին կաննած։ Զարմացավ մնաց։ Մտածեց, թե կա, չկա, էս իմ կնիկը սիրող ա անում։ Եբոր կնիկը մարդին տեհավ, ասեց.— Արի՛ նստի, արի՛ նստի։

Ասեց.— Ներողությո՛ւն, էթամ ապրանքը տեղավորեմ։

Ասեց.— Խի՞ քու ծառեքը հավատարիմ չե՞ն, նրանք կտեղավորեն։

Վե կացավ թագավորը, մտավ էն մեկել օթախը, շորերը փոխեց, իրա շորերը հագավ, էկավ բարևեց։ Մարդը շատ տխուր էր, անջախ բարևն առավ:

Ասեց.— Խի՞ էս տխուր։

Ասեց.— Ճամփից եմ էկե, բեզարել եմ։

Ասեց.— Նիաթդ մի՛ կախի, էն թագավորը ես ի, ե՛ս, բա սրան չե՞ս տենում, էս ո՞վ ա:

Տեհավ, որ իրա չրաղ Կարապետն ա։ Նո՛ր հասավ փաթըթվեց կնկանը, լաց էլավ։

Ընդրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Ասսանից իրեք հատ խնձոր ընկավ, մինն ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ անկաջ դնողին։