54. ՍՈՒՏ ՀԵՔԻԱԹ

Կըլնի, չիլնի մի մարդ, մի կնիկ: Սրանք շատ քյասիբ, դառն-աղքատ, օրեն հացի մուրացկան են ըլնում: Սրանք ավալախրը մի հավ են ունենում, ըն էլ էնթավուր հավ, որ աղաքիցը կթողին կըտցով էր տալի, ետևիցը կթողին՝ քացով. ընենց որ էս հավի ահու սրանց քուչովը մարդ-մադաթ սիրտ չէր անում անց կենա, էնքա՜մ մի ղուլումքյար զադ էր:

Գեղըցոնց ամալ-աջալը որ կտրում ա, օրեն մի օրը գալիս են տանուտերի կուշտը գանգատ: Էդ տանուտերն ա՝ կանչում ա հավի տիրոնչը, հրամայում ա, որ յա հավը մորթի, յա թե չէ քցի մի զերզամբի, վրեն դուռը շինի, որ դուս չգա, գնացող-էկողին չդիպնի: Տերն էլ չի ղմշում մորթի, տանում ա անում մի հացատուն՝ դուռը, երթիկը ղայմացնում, ծակ ու ծուկերը կալնում, թողնում գալի: Լա՛վ:

Անց ա կենում ըսենց մի օր, կրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, էս հավին ո՛նչ կուտ են տալի, ո՛նչ ջուր են դնում աղաքը՝ բալի սատկի, նրանից ազատվեն պըրծնեն: Օրեն մի օրը էդ մարդի միտն ա ընկնում հավը:

— Ա՛յ կնիկ,— ասում ա,— ըսկի ակը չինք տալի մեր հավին, ո՛վ գիտա՝ հմի սատկել ա, որդնե, ֆոտն աշխար ա վեր ունում, էթամ, տանեմ դեն էլա քցեմ:

— Լա՛վ, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— գնա՛ տես, թե սատկել ա՝ տա՛ր դեն քցա՛։

Էս մարդը էթում ա, հացատան դուռը բաց անում, ի՜նչ տենում՝ հացատունը ընչանք օջորքը լիքը ձու ա. դու մի ասի, էն հավն ա ածե։ Մարդը ուրախանում, աշխարով մին ա ըլնում։

Էթում ա կնկանը իմաց տալի.— Բա՛ չես ասի,— ասում ա,— ըսե՛նց, ըսե՛նց բան:

Մարդ ու կնիկ էթում են ամեն մինը մի քթոց վեր ունում, գալի, էդ ձվանները բիրադի կրում իրանց կալը։ Կրում են պրծնում, եննա իրանց դոմշները լծում են կամին, քշում։ Քշում են, քշում են, ընչանք ճաշ քշում են, ձվանները բիրադի փխլվում, խժռվում ա. տենում են՝ մի դհիցը աքլոր ա դուս գալի, մի դհիցը՝ վառեկ։ Վերջը որ շատ քշում են, տենում են բիրդան ձվանների միջիցը մի ղազ դուս էկավ, փախավ։ Տերը էդքամ աքլորն ու վառեկը թողում ա ըտե, ինքը ղազի ետևիցն ընկնում, որ կալնի։ Էթում ա, էթում, մխելի տեղ էթում ա, տենում՝ հրես մի մարդ իրանց ղազը լծել ա կամին, կամ ա անում։

— Ա՛յ աղպեր,— ասում ա,— էդ մեր ղազն ա, խի՞ եք լծե։

— Մենք ի՞նչ իմանանք ձերն ա,— ասում ա էդ մարդը,— իրա ոտովն էկավ մեր կալը, դե տեհանք՝ տեր֊տիրական չկա, բերինք, լծեցինք. հմի ասում ես՝ ձերն ա, վե՛ կալ տար, ա՛որս էլ էրկու խալվար ցորեն դրա հախը։

Էդ մարդը էրկու խալվար ցորենը առնում ա, լցնում ջվալները․ գյոզակները էրեսներին փռում, ղայիմ կապում, բարձում ղազին․ քշում դպա տուն։

Գալիս ա, գալի, հասնում ա իրանց տունը, ջվալները ղազի վրիցը վեր ա դնում. վեր ա դնում, տենում ի՜նչ՝ ղազի մեջքը յարալափաչա ա դառե։ Մարդ ու կնիկ կմնան մոլորած։ Դե՛ս կընկնեն, դե՛ն կընկնեն, է՛ս հարևանի դուռը, է՛ն հարևանի դուռը, հա՛յ դես, հա՛յ դեն, բո՛ւ յան, օ՛յ յան, դեղ, դարման չեն գտնի։ Վերջը որ շատ կհարցնեն, ման կգան, մի մարդ սրանց կասի, թե. «Էդ յարի դեղը պոպոքն ա, որ քսեք՝ ալբիալը կլավանա»։ Սատանական դրանց երկրումն էլ ըսկի պոպոք չիլնում։ Դե՛ս են ընկնում, դե՛ն են ընկնում, չեն գտնում. վերջը որ շատ ման են գալի, տենում են՝ հրենիկ մի ահլի պառավ կնիկ քուչի դռանը նստած ա։

— Ա ՛յ նանի,— ասում են,— քեզ արքայություն, թե քու որդկերանց արևը կսիրես, բալի հոգապահուստ պոպոքի մանրուք ունենաս, մեր ղազի մեջքը յարա ա էլե, ի՛նչ կըլնի՝ տաս, քսենք միջքին։

— Ա՚յ որդիք,— ասում ա,— ես քորփա էրեխա ի, հերս Հնդստանու պոպոք էր բերե, կերանք. մի փետ տվե՛ք, քչփորեմ, տենամ, բալի ատամներիս արանքին մի կտոր մնացած ըլնի։

Մարդ ու կնիկ ուրախություններիցը էլ չեն իմանում, ի՛նչ անեն. ըտե մի եքա գերան ա վեր ընկած ըլնում, վեր են ունում, տալի էդ պառավին։ Էդ պառավը էդ գերանովը ատամները քչփորում ա. է՛ս դիհը, է՛ն դիհը, սեղանքի տակիցը մի պճեղ պոպոք ա հանում, տալի դրանը։ Նրանք ուրախանում են, պառավի ձեռը պաչում, պոպոքը վեր ունում, եդ դառնում իրանց տունը։ Բերում են, լավ նարին ծեծում, քսում ղազի միջքին։

Անց ա կենամ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, մըն էլ տենում են՝ էդ ղազի միջքին մի եքա պոպոքի ծառ ա դուս էկե, էնքա՜մ էլ պոպոք տվե, որ հալ ու հեսաբ չըկա։

Էդ ղազը ասսու իրան օրը էթում էր հանդը արածում, իրիկունը ինքն իրան գալի տուն։ Հանդումը հոտաղները, լակոտ-լուկուտը ո՛րը քար էր քցում, ո՛րը փետ էր քցում, ո՛րը ճիմ էր քցում, որ պոպոք վեր ածեն, ուտեն․ չայիր-չիմանը, քոլ ու քոսը ընկնում էր պոպոքի ծառի ճղքների արանքը, ընդերանք եքա չայիր չիման ա դուս գալի։ Մարդիք նիլնում ին էդ չայիր-չիմանի վրեն, ընդե բաղ ու բաղչա քցում, բոստան քցում, վար անում, ցորեն, գարի ցանում, հոտաղները, շորաններն էլ բերում ին ընդե իրանը գառները, ոչխարը, տավարը արածացնում։

Օրեն մի օրն էլ մի մարդ նիլնում ա ղազի միջքի բոստանը, մի ձմերուկ ա առնում, ուզում ա կտրի, ուտի, բիրդան դանակը խրվում ա ձմերկի մեջը, էլ դուս չի գալի։

— Ա՜յ հարայ, դա՜նակս, դա՜նակս,— էլ ո՛րդե, դանակը ձմերկի միջին բաթմիշ էլավ, կորավ։

Էդ մարդը ճարը կտրած, շորերը հանում ա, մննում ձմերկի մեջը, որ դանակը հանի, ձմերկի միջին դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, չի գտնում. վերջը որ շատ ման ա գալի, տենում ա՝ հրենիկ դագանակը ուսին մի չոբան։

— Ա՛յ աղպեր,— հարցնում ա չորանը,— ի՞նչ մարդ ես, էս ձմերկի միջին ի՞նչ ես շինում։

— Դանակս ընկել ա մեջը,— ասում ա,— ման եմ գալի, բալի գտնեմ:

— Է՛հ, ֆո՛ղը հալիդ,— ասում ա չոբանը,— էս թամամ էրկու տարի ա՝ իմ եքա սուրու ոչխարը կորել ա էս ձմերկի միջին, մեռա ման գալոն, չեմ կարում գտնի, դու հմի դանակդ ես ուզում գտնի:

Էդ խոսքը դանակ կորցնողի սրտին կպնում ա, վրա ա հասնում նրան, որ ծեծի, սա՝ նրան, նա՝ սրան, սա՝ նրան, նա՝ սրան, ըստե էնքամ իրար տալիս են, որ ձմերուկը ժաժ ա գալի, ղազի միջքիցը գըրըմփալեն վեր ընկնում գետինը, միջիցն էլ մի ալափստրակ ա դուս գալի, փախնում։ Փախնելու վախտը էդ ալափստրակի պոչի տակիցը մի թղթի կտոր ա վեր ընկնում։

Հոտաղները էդ թղթի կտորը վեր են ունում, տանում գեղը, տերտերին տալի, որ կարդա: Տերտերը բաց ա անում, կարդում, տենում գրած ա. «Սո՛ւտ, սո՛ւտ, սո՛ւտ», յանի թե էս ղազի հեքաթը քոմմա սուտ ա։