Սպանված աղավնին
Գիշերվա ժամը 2-ին մոտ էր։ Ուղեղս արդեն թմրել էր։ Գրիչս վայր դրի, վեր կացա և պատրաստվում էի, որ քնեմ, երբ հանկարծ դռանս զանգակը հնչեց։ Սկզբում ինձ թվաց, թե ականջի պատրանք է — գիշերային խորին լռության արդյունք, բայց չէ— զանգակը նորից հնչեց և այս անգամ ավելի ուժեղ, ավելի երկարատև։
Ուշադրություն դարձրե՞լ եք, թե գիշերվա ուշ ժամին, երբ հանգիստ նստած եք ձեր տանը, երբ դուրսն ու ներսը լռել են բոլոր ձայները, որքան խորհրդավոր է լինում զանգակի ձայնը՝ լի ինչ֊որ գուժկան հնչյուններով, որոնք անորոշ վախ են գցում ձեր սիրտը։ Այդպիսի մի վախ պաշարեց ինձ ակամա, որովհետև այդ ժամին ոչ ոքի չէի սպասում։ Տանտիրոջս ծառան, որը միևնույն ժամանակ ծառայում էր և ինձ, վաղուց արդեն քնած էր անշուշտ և այնքան քնուկ էր, որ զանգակ չէ, զուռնա էլ փչեիր ականջի տակ՝ չէր զարթնի։ Ուստի ստիպված էի ինքս գնալ դուռը բանալու և, մինչդեռ իջնում էի մութ նախասենյակի սանդուղքով, զանգակը երրորդ անգամ հնչեց։
Երբ դուռը բաց արի, փողոցում, դռան առջև գտնված քարի մի հատիկ աստիճանի վրա կանգնած տեսա Գարեգին Սիսակյանին — մի շատ մոտիկ բարեկամ ընկերոջ, որին գիշերային մթության մեջ իսկույն չկարողացա ճանաչել։
— Գարեգի՜ն․․․ այդ դո՞ւ ես,— բացականչեցի ակամա, շատ զարմացած նրա այդ տարաժամ այցի վրա։
— Ես եմ։
— Ի՞նչ է պատահել։
— Ոչինչ։
— Բաս ինչո՞ւ ես եկել։
— Հենց այնպես։
— Ի՞նչպես թե հենց այնպես։
— Գիտեմ, որ ուշ ես պառկում, դրա համար եկա։
— Ինչո՞ւ, է՛։
Հարցիս պատասխանելու տեղ ծիծաղեց մեղմ, տարօրինակ ձայնով։ Առհասարակ ձայնից նկատում էի, որ չափազանց ուրախ տրամադրության մեջ էր, գիշերն այնքան մութ էր, որ դեմքի արտահայտությունը չէի տեսնում։
— Գիտե՞ս ժամը քանիսն է,— հարցրի։
— Счастливые часов не наблюдают,— վրա բերեց նա և նորից ծիծաղեց։
Չգիտեմ ինչու, հանկարծ ինձ թվաց, թե ցնորվել է, մանավանդ որ նրան ճանաչում էի առհասարակ իբրև տարօրինակ ուղեղի տեր երիտասարդի։ Եվ այդ կասկածն այնքան ազդեր ինձ վրա, որ մի րոպե մնացի կարկամած։
— Գնանք վերև, ես քեզ մի շատ կարևոր նորություն ունեմ հաղորդելու,— ասաց նա և, կամաց ետ մղելով ինձ, ներս մտավ։
Ինձ ուրիշ բան չէր մնում անելու, եթե ոչ առաջնորդել նրան իմ սենյակը։ Հետաքրքրությունս չափազանց լարվել էր։
Նստեց գրասեղանիս մոտ և նայում էր ինձ այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր, «Հապա իմացիր՝ ինչ նորություն պիտի հաղորդեմ»։
Իսկ ես զարմացած դիտում էի նրան։ Սյուրտուկով էր, որ գրեթե երբեք չէր գործածում, սպիտակ, շատ մաքուր ժիլետով, և բոլորովին նոր, թանկագին փողկապով։ Իսկ դեմքը նույն ֆիզիկապես առողջ, կլորիկ, լեցուն դեմքն էր, առանց, սակայն, առնական որևէ արտահայտության։ Միայն մշտաժպիտ աչքերը, որոնք նրա առասպելական թույլ կամքի և հեզահամբույր բնավորության արտահայտիչն էին, փայլում էին ինչ-որ անմիտ, անհուն իդիոտական երջանկությամբ։ Սակայն այդ աչքերը փոքր-ինչ շաղված էին, և մի վայրկյան ինձ թվաց, թե գինու հոտ առա նրա բերանից:
— Դու հարբած ես,— ասացի, շեշտակի նայելով նրա աչքերին։
— Այո, մի քիչ, ինչպես ասում են, քեֆով եմ,— խոստովանեց նա, կամաց ծիծաղելով։
— Տեսնում եմ, որ հյուր ես եղել։ Ո՞րտեղ էիր։
— Ո՞րտեղ... Որ ասեմ, չես հավատա:
— Մի վախենա, այնպիսի դրության մեջ եմ տեսնում քեզ, որ ինչ էլ ասես՝ կհավատամ։
Կարճ ժամանակ նայում էր ինձ ժպտալով։ Ըստ երևույթին տատանվում էր՝ ասի, թե թողնի, որ ես գուշակեմ։ Հետո հանկարծ վեր թռավ, ամուր գրկեց ինձ և փսփսաց ականջումս.
— Այս գիշեր նշանվեցի։
Ու, պինդ համբուրելով ականջիս տակ, հեռացավ և, շարունակ ժպտալով, սկսեց դիտել ինձ, կարծես ստուգելու հասար, թե ինչ տպավորություն գործեց ինձ վրա իր հայտնած նորությունը։
Իսկ իմ ստացած տպավորությունն ապշեցուցիչ էր, որովհետև նրա հայտնած նորությունը միանգամայն անակնկալ էր ինձ համար։ Եվ, որովհետև այդ տպավորության տակ ես բան չգտա ասելու և զարմացած նայում էի նրան, նա դեմ արավ ինձ իր աջ ձեռքի անանուն մատը, որի վրա ոսկե մի պարզ մատանի կար, և ասաց մի տեսակ պարծանքով.
— Այ, թե չես հավատում։
— Ուրեմն հիմա այնտեղի՞ց ես գալիս։
— Այո՛, գալիս եմ ուղղակի նշանածիս տանից։
— Որ հայտնես ինձ այդ նորությունը այս կեսգիշերին. կարծես թե վաղը չէիր կարող։
— Վա՞ղը... Այդքան համբերություն կա՞ որ։ Եվ ո՞ւր գնայի։ Տո՞ւն, որտեղ մի կենդանի հարազատ շունչ չկա, որին հայտնեի ուրախությունս։ Եվ ի՞նչ անեի մինչև վաղը։ Քնեի՞։ Քունս փախել է։ Ախր, որ գիտենաս ինչ է կատարվում իմ մեջ... Սրտումս վարդ է բացվել, հոգիս երգում է. ուզում եմ ասել, խոսել, պարել. ուսերիս կարծես թևեր են բուսել, և թվում է թե՝ որ թափահարեմ, կթռչեմ, ինչպես... ինչպես...
Եվ իսկապես մի ոստյունով թռավ ձեռքերը տարածած, պինդ գրկեց գլուխս և, չնայելով դիմադրությանս, սկսեց խելագարի պես համբուրել դեմքիս ինչ տեղ որ հանդիպեր։
Ծիծաղելի լինելով հանդերձ, այն աստիճան սրտագրավ էին նրա սրտի զեղումները, որ ակամա ավագ-եղբայրական մի քնքշանք զարթնեց հոգուս խորքում դեպի այդ մեծ երեխան, որին միշտ սիրել էի իր առասպելական պարզամտության և անմեղ-երեխայական բնավորության համար:
Մի կերպ հանգստացրի, նստեցրի և սկսեցի հարցուփորձ անել։
— Թեև ես իրավունք ունեմ,— ասացի,— քեզնից նեղանալու, որ այդպիսի մի խոշոր քայլ ես արել առանց իմ գիտության, բայց և այնպես ներում եմ, որովհետև, ինչպես տեսնում եմ, թաքուն սիրահարված ես եղել և ուզել ես թաքուն էլ վերջացնել բանը, երևի կարծելով, թե ես արգելք կարող եմ լինել։ Այդպես չէ՞։
— Ամենևին ոչ։
— Հապա՞։
— Ես ոչ միայն սիրահարված չեմ եղել, այլև այս երեկո առաջին անգամն էր, որ տեսա նրան։
— Ո՞ւմ, աղջկա՞ն։
— Այո։
— Որի հետ նշանվեցի՞ր:
— Այո։
Զարմանքը տարավ ինձ։ Որ չճանաչեի նրան, կկարծեի կատակ է անում։
— Լսիր, Գարեգին։ Մի քիչ առաջ, այնտեղ, դռան մոտ, քո այս տարաժամ այցը մի րոպե կասկած զարթեցրեց իմ մեջ, թե հո չես ցնորվել։ Հիմա պարզորեն հարցնում եմ քեզ՝ իսկապես ուղեղդ տե՞ղն է։
— Ի՞նչպես։
— Որովհետև հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում: Կարելի բա՞ն է առաջին անգամ տեսնել աղջիկը և հենց առաջին անգամից էլ նշան տալ։
— Ինչո՞ւ չի կարելի, քանի որ հավանեցի։ Ես քեզ մի ուրիշ բան կասեմ. հայրս ասում էր, թե իր հայրը նշանվել էր առանց իր ապագա կնոջը տեսնելու։
— Այդ ե՞րբ։ Սրանից հարյուր հիսուն տարի՞ առաջ։ Եվ դու չես մտածում, թե որ ժամանակներումն ես ապրում, և դու, որ կրթված, ինտելիգենտ մարդ ես, քեզ համեմատում ես քո խավար, տգետ պապի՞ հետ։
— Այդ սուտ բան է, Միքայել, չհավատաս,— ասաց նա դոգմատիկ հանգստությամբ։— Ամուսնությունը բախտի բան է։ Մանրամասնությունները որ պատմեմ, կտեսնես, որ իսկապես բախտի բան է։ Հետո, սերը ինտելիգենտ և տգետ չի հարցնում։
— Սե՞ր։ Մինչև անգամ սիրահարվե՞լ ես արդեն։
— Եվ ի՜նչպես...
— Մի գիշերո՞ւմ, մի քանի ժամվա ընթացքում։
— Տեսնելո՛ւս պես։ Ես մի տեղ կարդացել եմ, որ սիրահարվում են առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հայացքից։
— Եվ այդ հիման վրա՞ ես կարծում, թե սիրահարվել ես։
— Ոչ թե կարծում, այլ իսկապես սիրահարվել եմ։ Աստված է վկա։
— Դե որ երդվում ես, ի՞նչ կարող եմ ասել։ Իսկ նա՞։
— Ո՞վ։ Սառա՞ն։
— Անունը Սառա է՞։
— Այո։
— Դու որ հավանեցիր ու մինչև անգամ սիրահարվեցիր, նա էլ հավանե՞ց քեզ։
— Հը՞,— արտասանեց Գարեգինը և ապշած նայեց ինձ։
Ըստ երևույթին, հարցս այնքան անակնկալ էր նրա համար, որ հանկարծակիի եկած՝ չիմացավ ինչ պատասխան տար։ Այդ րոպեին այնքան զվարճալի արտահայտություն էր ստացել նրա դեմքը, որ ծիծաղս չկարողացա զսպել։ Բայց նրա շփոթմունքը երկար չտևեց, և նա պատասխանեց առաջվա երեխայական պարզամտությամբ.
— Իհարկե. եթե նշանս ընդունեց, կնշանակե հավանել էր։
— Վնաս չունի, թեև սիրահարված ես, բայց լոգիկայով ես խոսում։ Բայց ինձ ասա տեսնեմ, ի՞նչպիսի աղջիկ է։
— Խելոք, լուրջ, ծանրաբարո, վեհանձն, թագուհու պես վեհանձն և... այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն գեղեցիկ, որ... Դե, իհարկե, սա բախտի բան է, թե չէ՝ ո՞վ կարժանացներ ինձ այդպիսի մի գեղեցկուհու,— ավելացրեց նա հուզված և, վեր կենալով սկսեց անցուդարձ անել սենյակում։
— Դու միայն ընդհանուր բառեր ասացիր,— նկատեցի ես,— նկարագրիր օրինավոր կերպով նրա արտաքինը, որպեսզի կարողանամ որոշ գաղափար կազմել նրա գեղեցկության մասին։
— Միևնույն է, ոչ մի գաղափար չես կարող կազմել։
— Ինչո՞ւ։
— Որովհետև...— Գարեգինը հանկարծ կանգ առավ առջևս։— Դու կարդացե՞լ ես Ստեռնի ինքնակենսագրությունը։
— Չէ։
— Նա սիրահարված է լինում մի աղջկա վրա և ուզում է այդ աղջկա նկարագիրը տալ ընթերցողին. բայց դրա փոխարեն տալիս է իր գրքի մեջ մի դատարկ երես այսպիսի մի ծանոթությամբ մոտավորապես. «Թող այս երեսի վրա ընթերցողն իր առաջին սիրո առարկայի արտաքինը նկարագրի։ Ես վախենում եմ, որ ընթերցողներս չհավանեն իմ նկարագրած աղջկան, որին սիրեցի։ Թե ասեմ՝ իմ սիրած աղջիկը շեկ մազեր ուներ, նա, ով սև մազեր է սիրում, կասի՝ «լա՛վ, ի՛նչ մի գեղեցիկ բան է շեկ մազերը»։ Թե ասեմ՝ նրա մազերը սև էին սաթի պես, քթները վեր կքաշեին ոսկեգույն մազերի սիրահարները։ Դրե՛ք այստեղ ձեր սիրած աղջկա նկարագիրը։ Այդպես էր և իմ սիրած աղջիկը։ Ուրեմն կարող եք երևակայել, թե որքա՜ն գեղեցիկ էր նա»։
— Ստեռնը, կարծեմ, անգլիացի է և հումորիստ,— նկատեցի ես,— և այդ տողերը գրել է, անշուշտ, իր ընթերցողներին ծիծաղեցնելու համար։ Բայց ես որ դեռ ոչ մի աղջիկ չեմ սիրել, ի՞նչպես երևակայեմ, թե որքան գեղեցիկ է քո սիրածը։
— Դե որ չես սիրել, չես էլ հասկանա, հազար նկարագրեմ։
— Լավ, որ այդպես է, այդ թողնենք, մինչև որ երևի բախտ կունենամ նրան անձամբ տեսնելու։ Այժմ պատմիր ինձ՝ ինչպես պատահեց այդ բանը։
— Ի՞նչը։
— Այսինքն ի՞նչպես եղավ, որ հանկարծ սիրահարվեցիր և նշանվեցիր։
— Իսկապես որ հանկարծ,— ծիծաղեց Գարեգինը և նստեց իր առաջվա տեղը։— Այ, ինչպես պատահեց։ Անցյալ շաբաթ, երեկոյան, փողոցում հանդիպեց ինձ մեր հին բարեկամներից մեկը, մաքսատան մի հին ծառայող Բաղիրյան ազգանունով, որին փոքր ժամանակս շատ էի սիրում, որովհետև քանի մեր տուն գար, միշտ կոնֆետ կբերեր ինձ համար։ Հորս մահից, առհասարակ մեր ընտանիքը քայքայվելուց հետո համարյա ոչ մի անգամ չէինք պատահել իրար։ Ես իսկույն ճանաչեցի նրան, բայց նա չճանաչեց։ Հետո, որ իմացավ ով եմ, այնքան ուրախացավ, որ կարծես կորած որդի ուներ ու հանկարծ գտավ։ Մի առ մի հարցրեց հանգամանքներս և որ իմացավ ամուսնացած չեմ, կպավ թե՝ «քեզ պետք է ինձ փեսա դարձնեմ»։ Ու զոռով քարշ տվեց ինձ իրենց տուն, որ աղջիկը ցույց տա։ Ճիշտն ասած, շատ էլ չդիմադրեցի, որովհետև մտածում էի՝ մի բան, որ ամուսնանալու միտք չունեմ, զոռով հո չի կապելու վզիս, թեկուզ ոսկի աղջիկ էլ ունենա։ Բայց բարեբախտաբար թե դժբախտաբար, աղջիկը տանը չէր կամ, գուցե տանն էր և չերևաց — չկարողացա իմանալ,— այնպես որ այդ երեկո չտեսա նրան։ Կարծում էի, թե բանը դրանով էլ վերջացավ։ Բայց չէ։ Տեսնեմ այս երեկո եկավ ինձ մոտ, թե՝ «վեր կաց գնանք, աղջկաս ասել եմ տանը մնա, պետք է ծանոթացնեմ քեզ նրա հետ»։ Դու գիտես էլի, ինչքան փափուկ երես ունեմ, ոչ մի կերպ դիմադրել չկարողացա. էլի զոռով քարշ տվեց։ Ճանապարհին ներս տարավ իր ծանոթ ակնավաճառի մի խանութ, վերցրեց այս մատանին և սրա էլ մի հատը, զոռով գրպանս կոխեց, թե՝ «կհավանես աղջկաս — կտաս, չես հավանի — կբերես ետ կտաս»։ Լավ։ Վեր կացանք գնացինք։ Գնացինք ու...
Գարեգինը սկսեց ծիծաղել...
— Դե էլ ի՞նչ շարունակեմ,— ավելացրեց նա,— նշանը տվի, է՛լի։ Տվի ու սիրտս այնպես կպավ, որ հիմա մնացել եմ ապշած, թե այս ի՞նչ բան էր — հրա՞շք, կախարդա՞նք... ոչինչ չեմ հասկանում։
— Ուրեմն աղջկան տեսար ու հավանեցիր։
— Տո՛, աղջիկ մի՛ ասի, հրաշալի՛ք ասա,— բացականչեց Գարեգինն իրեն հատուկ զեղուն հիասքանչումով։— Որ մտավ ու նայեցի... է՛հ, չէ. պետք է իմ դրության մեջ լինես և տեսած լինես նրան, որ հասկանաս ինձ, թե չէ խոսքերով ի՛նչ կարող եմ հասկացնել քեզ։
— Ինձ խոսքեր հարկավոր էլ չեն, որովհետև տեսնում եմ, որ արդեն խելքդ կորցրել ես,— նկատեցի ես ակամա ժպտալով նրա խանդավառության վրա։— Դու միայն, եթե կարող ես հանգիստ կերպով, պատմիր ինձ լոկ իրողությունը։
— Լոկ իրողությունը, հանգիստ կերպով։ Շատ բարի։ Ամենից առաջ ասեմ, որ մեզ ու մեզ էինք, այսինքն՝ ես էի, աղջիկը և հայրն ու մայրը։ Ասենք, հայրն ու մայրը նրա ծնողները չեն։
— Ուզում ես ասել Սառան,— այդպես ասացիր, չէ՞, նրա անունը,— նրանց որդեգրուհին է։
— Ոչ, նրանց աղջիկն է, բայց ոչ հարազատ աղջիկը։ Այ ինչպես։ Աառան աներոջս խորթ զավակն է։ Այսինքն՝ աներս իր այժմյան կնոջից առաջ ամուսնացած է եղել մի այրի կնոջ հետ, որի ձեռքին եղել է Սառան մոտ տասը տարեկան հասակում։ Հետո այդ կինը, այսինքն Սառայի հարազատ մայրը, մեռել է, և աներս ամուսնացել է իր այժմյան կնոջ հետ։ Այսպիսով Սառան դառնում է երկուսի էլ խորթ զավակը։ Հասկանալի՞ է։
— Հասկանալի է։ Հիմա շարունակիր քո պատմությունը. այսինքն ի՛նչպես նշանվեցիր։
— Դե ի՞նչպես են նշանվում։ Աղջիկը տեսա, հավանեցի ու նշանը տվի։ Եկի, տեսի, հաղթեցի,— վրա բերեց Գարեգինը ծիծաղելով։— Հետո նստեցինք, կերանք, խմեցինք, քո կենացն էլ անուշ արինք, իբրև իմ ապագա խաչեղբոր։ Լավ է, չէ՞։
— Շատ շնորհակալ եմ այդ պատվի համար։ Բայց դու էլի այն չես ասում, ինչ որ ինձ է հետաքրքրում։
— Հարցրու, հարցրու, ես քեզ բոլորը կպատմեմ։
— Դու ինձ այս ասա, թե ի՞նչպես ծանոթացար աղջկա հետ, ի՞նչ խոսեցիք, ի՞նչպես հանկարծ սիրահարվեցիր, վերջապես՝ ի՞նչպես հայտնեցիր սերդ և...
— Ես նրան սեր չեմ հայտնել։
— Հապա՞։
— Հապա չկա։ Ասածս միայն այս էր․ «Օրիորդ, ես ձեզ հավանում եմ, եթե դուք էլ ինձ եք հավանում, խնդրեմ ընդունեցեք այս մատանին»։
— Հենց այդպե՞ս։
— Հենց այսպես, ոչ մի բառ ավել, ոչ պակաս։
— Եվ նա էլ ընդունե՞ց։
— Ընդունեց և դրեց սեղանի վրա։
— Ի՞նչպես թե սեղանի վրա։
— Սեղանի վրա, է՛լի։
— Եվ ոչ մա՞տը։
— Զարմանալի է, ես, կարծեմ կարողանում եմ զանազանել սեղանն ու մատը։
— Եվ այդ դառավ նշան տա՞լ։
— Դե ես ի՞նչ գիտեմ ինչ դառավ,— խնդաց Գարեգինը,— այսքանս միայն գիտեմ, որ դրանից հետո հայրն ու մայրը շնորհավորեցին, համբուրեցին, օրհնեցին մեզ, և ես այնքան ուրախ էի, որ ծափ տային, պար կգայի։ Իսկապես, օրենքով որ գնանք,— ավելացրեց նա,— եթե չեմ սխալվում, ես ինքս իմ ձեռքով պետք է մատանին դնեի մատը, բայց որովհետև շփոթմունքից այդ բանը մոռացա անել, երևի նա էլ ամաչեց և մատը չդրեց։
— Է, հետո՞։
— Հետո էլ ի՞նչ։
— Ի՞նչ ասացիք, ի՞նչ խոսեցիք։
— Ես ու նշանա՞ծս։ Ոչինչ։ Առհասարակ նա ինձ հետ համարյա թե չի խոսել։ Միայն շարունակ պինդ-պինդ նայում էր աչքերիս։
— Լավ, որ հետդ չի խոսել, բաս ո՞րտեղից գիտես, թե խելոք, կրթված աղջիկ է։
— Հայացքից։ Շատ ուրիշ տեսակ հայացք ունի, կարծես ուղղակի թափանցում է հոգուդ խորքը և պրպտում, թե ինչ կա այնտեղ։ Իսկ երբ չի նայում քեզ, այլ աչքերն ուղղում անորոշ տարածության մեջ կամ անշարժ հառում մի կետի, այդ հայացքն այնքան մտածկոտ է, այնքան լուրջ և, միևնույն ժամանակ, այնքան — ինչպես ասեմ, լացող, այո՛, ուղղակի լացող, որ կարծես հոգիդ առնում է բռան մեջ և սեղմում։ Ահա ա՛յդ հայացքն էր, որ տեսնելուս պես գերեց ինձ։ Քանի անգամ այս երեկո, երբ նա չէր նայում ինձ, ես դիտում էի նրան և, զարմանալի է, ամեն անգամ կարծես մի բան պոկվում էր սրտիցս և գալիս բկիս դեմ առնում։ Ահա այս րոպեին էլ, որ մտաբերում եմ նրա այդ հայացքը, ակամա մի անորոշ տխրություն է պատում ինձ։
— Գուցե մի վիշտ ունի,— հարցրի հետաքրքրված։
— Չեմ կարծում, այդ պետք է որ նրա հայացքի հատկանիշը լինի։ Առհասարակ ես երբեմն տեսել եմ կանայք, որոնց աչքերը կարծես լաց են լինում, և այդ աչքերն են առավելապես, որ նրանց գեղեցկություն ու գրավչություն են տալիս։ Ասենք, ես դեռ լավ չեմ ճանաչում նրան, որովհետև միջոց չեղավ նրա հետ առանձնանալու և, բացի այդ, ինքս էլ մի քիչ քաշվում էի։ Ընթրիքի ժամանակ, երբ, ինչպես ասում են, կատարս մի քիչ տաքացել էր և բավական համարձակություն էի ստացել, կարող էի շուտ մոտենալ, բայց, դժբախտաբար, նա չմասնակցեց ընթրիքին։
— Ի՞նչպես թե չմասնակցեց։
— Ներողություն խնդրեց, որ մի քիչ տկար է զգում իրեն և հեռացավ։
— Էլ չտեսա՞ր նրան։
— Չէ։
Ակամա թոթվեցի ուսերս և վեր կացա։
— Դե հիմա կարող ես գնալ, որովհետև արդեն՝ շատ ուշ է, և քունս տանում է։ Բայց իմացիր, որ նշանտուքդ շատ տարօրինակ նշանտուք է, և մինչև որ չտանես չծանոթացնես ինձ նշանածիդ հետ, ես բան չեմ կարող հասկանալ։ Կտանե՞ս։
— Երբ ուզես։
Պայմանավորվեցինք, որ հենց առաջիկա շաբաթ երեկոյան, երբ ես բոլորովին ազատ էի, նա կգա ինձ մոտ և միասին կգնանք։ Ու գրեթե զոռով դուրս արի նրան:
Շաբաթ երեկոյան, ճիշտ նշանակված ժամին, Գարեգինը եկավ ինձ մոտ նույն սյուրտուկով, սպիտակ ժիլետով, այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողպատով, նոր սափրած դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ։
Բայց նախ մի երկու խոսք այդ տարօրինակ երիտասարդի մասին։
Գարեգին Սիսակյանը քիչ թե շատ ունևոր ծնողների զավակ էր։ Թեմականի դասընթացն ավարտելուց հետո պատրաստվում էր գիմնազիական քննություն տալու, որ համալսարան մտնի, բայց որովհետև արդեն 21 տարեկան էր և չէր ուզում հասարակ զինվոր գնալ, մտավ յունկերական դպրոցը, որ վերջը սպա դառնա։ (Այն ժամանակ մեռած էին նրա ծնողները, և նա զրկվել էր, իբրև իր ծնողների միակ զավակը, զինվորագրությունից ազատվելու արտոնությունից)։ Բայց շուտով տեսավ, որ զինվորական դիսցիպլինան և չարքաշ կյանքը չեն համապատասխանում իր խառնվածքին, թողեց սպա դառնալու մտադրությունը և հակառակ ծայրն ընկավ — ուզեց կուսակրոն դառնալ։ Այդ բանի համար գնաց Էջմիածին, բայց երեք ամիս հետո վերադարձավ կատարելապես հիասթափված կուսակրոնների անբարոյական կյանքից։ (Էջմիածնում նա իջել էր իր հոր հին ծանոթ մի եպիսկոպոսի մոտ, որի սենյակից մի գիշեր դուրս էր փախել ներքնաշորով)։ Այնուհետև մի տարի անգործ մնալով չէր իմանում ինչ անի, վերջը մտավ պետական կալվածքների տեղական վարչությունը իբրև հասարակ պաշտոնյա չնչին ռոճիկով։ Նա կարոտ չէր, իհարկե, այդ ռոճիկին, քանի որ, միակ զավակը լինելով, հոր ամբողջ կարողությունը, բանկում պահ տրված զուտ դրամով, իրեն էր մնացել իբրև ժառանգություն։ Իսկ այդ կարողությունն այնքան շահ էր բերում, որ նա կարող էր առանց կողմնակի եկամուտի էլ լավ ապրել, մանավանդ, որ շատ համեստ, կարելի է ասել՝ ճգնավորի կյանք էր վարում, և այդ ոչ թե նրա համար, որ ժլատ էր, ընդհակառակն, շատ ընկերներ դիմում էին նրա օգնությանը, և նա ոչ ոքի չէր մերժում, այլ այն պատճառով, որ պարզապես չգիտեր, թե ինչ բանի վրա կարելի էր փող ծախսել։ Ուզում էր պաշտոն ունենալ, զբաղված լինել որևէ գործով— միևնույն է թե ի՛նչ, որովհետև, ասում էր, «պարապությունը մելամաղձոտ է դարձնում»։
Հիշում եմ նրա ծնողներին։ Հայրը խստաբարո և կրոնասեր մարդ էր, թեև տերտերներին ատելով ատում էր, համարելով նրանց իրենց կոչմանն անարժան մարդիկ, բայց միշտ ժամ էր գնում, կանգնած տեղից ձայնակցում ժամասացներին և բոլոր հինգ նավակատիքներին պաս պահում ու հաղորդվում։ Վերջը հարեց բողոքականության, բայց մահից առաջ զղջաց, խոստովանեց իր բոլոր մեղքերը և հաղորդություն առավ իր նախկին ծխատեր քահանայից, որին մի քանի անգամ դուրս էր արել իր տնից։
Գարեգինի մայրը շատ գեղեցիկ և կենսաթրթիռ մի կին էր, ամուսնուց առնվազն մի քսան տարով փոքր։ Բայց շուտով թառամեց, խելագարվեց և մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում։ Եվ ասում էին, թե պատճառն ամուսինն էր։ Բանն այն է, որ նա կնոջը սիրում էր մի տեսակ հիվանդոտ, կատաղի սիրով և, որովհետև ծեր էր, կասկածում էր նրա հավատարմության վրա, ուստի տնից դուրս չէր թողնում, շատ անգամ ծեծում էր։ Վերջը նրա կասկածամտությունն այն աստիճանի հասավ, որ կտրել տվեց իր տան դեպի փողոց նայող պատշգամբը և շարել տվեց բոլոր պատուհանները, որպեսզի կինը հնարավորություն չունենա դեպի դուրս նայելու և աչք-ունքով խոսելու դիմացի տան վերին հարկում ապրող մի գեղեցիկ երիտասարդի հետ, դեպի որը ամենից ավելի կասկածամիտ էր խելքից ցնդած ծերունին։
Ընտանեկան այսպիսի պայմաններումն էր ծնվել Գարեգինը, որը իր հոր ու մոր առաջին և վերջին զավակն էր։
Այսպես, ուրեմն, շաբաթ երեկոյան, ժամը 8֊ին, երբ արդեն մութ էր, Գարեգինը եկավ ինձ մոտ, որ տանի ծանոթացնի ինձ իր հարսնացուի հետ։
— Արդեն հայտնել եմ նրան, որ խաչեղբորս, այսինքն քեզ, այս երեկո պիտի ներկայացնեմ իրեն,— ասաց նա։
— Եվ ի՞նչ ասաց։
— Ասաց. «Շատ ուրախ կլինեմ»։
— Եվ պինդ-պինդ չնայե՞ց աչքերիդ,— ծիծաղեցի ես։
— Հա՛,— վրա բերեց Գարեգինը մի տեսակ մտահոգությամբ,— չգիտեմ, իմ մեջ որևէ բա՞ն է տեսել, թե այդ առհասարակ նրա սովորությունն է, որ նայում է, շատ պինդ է նայում և հետո — շատ քիչ է խոսում։ Եվ, գիտե՞ս, որ ինձ այդպես նայում է, ես չեմ նայում նրան։
— Ինչո՞ւ։
— Չեմ կարողանում։ Նրա հայացքի մեջ, երբ նայում է այդպես, մի տեսակ բան կա, մի անբացատրելի բան, որ ակամա ճնշում է ինձ։
— Հապա այն գիշեր այնքան հիացմունքով էիր խոսում նրա հայացքի մասին և ասում էիր, թե այդ հայացքն է գերել քեզ։
— Նա երկու տեսակ հայացք ունի. մեկը՝ խիստ ու պրպտող, երբ նայում է քեզ շեշտակի, և մյուսը՝ մտածկոտ ու մելամաղձիկ, երբ չի նայում քեզ և, կարծես, մոռանում է, որ դու ներկա ես։ Ահա ա՛յս հայացքն է, որ ես սիրել եմ և կուզեի նրան միշտ այդպես տեսնել։
Ձեռաց հագնվեցի, և դուրս եկանք։
Գարեգինը եկել էր կառքով, որը և սպասում էր դռանը։ Կառքի մեջ, ետևի կողմը, թղթի մեջ փաթաթված ինչ որ բան կար, որ նա վերցրեց և ծնկների վրա դրեց։
— Անուշեղեն է,— բացատրեց։— Գրպանումս մի ուրիշ բան էլ ունեմ — ականջի օղեր։ Իսկ մատանին արդեն մատն էր դրել։
Ինձ ականջի օղերից ու մատանուց ավելի նրա հարսնացուն էր հետաքրքրում, ուստի ասացի․
— Այն գիշեր մոռացա հարցնեմ, քանի՞ տարեկան է։
— Ո՞վ, Սառա՞ն։ Չեմ հարցրել, բայց փոքր չի երևում։ Եթե քսանհինգ չլինի, քսաներկու տարեկան անպատճառ կլինի։ Իսկ պինդ-պինդ որ նայում է, ավելի մեծ է երևում։
— Բայց ասում ես, որ նրա պինդ-պինդ նայելիս դու չես նայում նրան, ուրեմն ո՞րտեղից գիտես, թե այդ ժամանակ նա ավելի մեծ է երևում։
— Զգում եմ։ Դու չե՞ս փորձել, շատ բան մարդ տեսնում է զգալով։ Օրինակ, պատը որ փուլ է գալիս, դու, չնայելով որ աչքերդ բնազդաբար փակում ես, բայց և այնպես ամենայն մանրամասնությամբ տեսնում ես, թե ինչպես դղրդյունով գալիս է տակովն է անում քեզ։
— Դու այդ փորձե՞լ ես,— ծիծաղեցի ես։
— Չէ, բայց պետք է որ այդպես լինի հոգեբանորեն, ուրիշ կերպ չի կարող լինել։
Չգիտեմ ինչու, ակամա փորձող հայացքով նայեցի նրա աչքերին։
— Լսիր, Գարեգին,- ասացի,- եկ խոստովանիր, որ թեև նշանվել ես և այն գիշերն էլ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց... վախենում ես նրանից։
— Ի՞նչպես թե վախենում,— հարցրեց մեքենայաբար, բայց նկատեցի, որ շփոթվեց։
— Վախենում, է՛լի, ուղղակի վախենում, ինչպես հարցաքննության ժամանակ աշակերտը կվախենա ուսուցչից։ Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս՝ դու չես կարողանում նայել նրան։
— Այո, մի տեսակ ճնշվում ես։
— Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում, երբ պինդ-պինդ նայում է քեզ։
— Այո, զարմանալի է, կարծես,— շատ ճիշտ նկատեցիր,— դասը չիմացող աշակերտ լինեմ ուսուցչի առաջ կանգնած։ Մի տեսակ կուչ եմ գալիս ոչ միայն մարմնով, այլև հոգով։
— Այդպես։ Որովհետև զգում ես, որ նա բարոյապես մեծ է, բարձր է քեզնից, չէ՞։
— Ինչպես թե բարոյապես։
— Այսինքն իր ներքին ուժով,— կամքով, բնավորությամբ, խելքով։
— Անցյալ գիշեր հո ինքս ասացի, որ շատ խելոք աղջիկ է։
— Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև կարծում եմ, նրա խելքը դեռ չես չափել։
— Ճիշտ է։ Նա շատ քիչ է խոսում, և նրա լռությունից ես ավելի շատ բան եմ զգում, քան եթե շարունակ խոսի։
Գարեգինի այդ խոսքերի վրա հանկարծ մի նոր ենթադրություն ծագեց գլխումս, և նրա խորհրդավոր հարսնացուն շատ զվարճալի գույնով ներկայացավ ինձ։
— Պա՜, մեր տղա,— բացականչեցի ծիծաղելով,— կարող է և բոլորովին հակառակը լինել։
Գարեգինը նայեց ինձ զարմացած, երևի, այն բանի վրա, որ լուրջ խոսակցությունը ես հանկարծ ծիծաղի փոխեցի։
— Այսի՞նքն,— հարցրեց։
— Այսինքն ա՛յն, որ նա կարող է տգետի և հիմարի մեկը լինել, ինչպես սովորաբար լինում են մեր նահապետական ընտանիքների մարդու տալու աղջիկները։
— Ի՞նչ ես ասում,— բացականչեց Գարեգինը եռանդուն կերպով և այնպիսի մի եղանակով, որ կարծես մի ծանր վիրավորանք լինեի հասցրած իր անձին։— Նա ավարտել է միջնակարգ դպրոց և պատրաստվում է եղել մանկավարժական դասընթացները մտնելու, որ վարժուհի դառնա, բայց ընտանեկան դժբախտ հանգամանքների պատճառով,— այդպես ասաց հայրը,— չի կարողացել իրագործել այդ մտադրությունը, մանավանդ որ մի տարուց էլ ավելի ծանր հիվանդ է եղել։ Նա մինչև անգամ կարդացել է քո բոլոր գրվածքները և շատ լավ է ճանաչում քեզ։
— Մինչև անգամ: Ա՛յ այդ հավանեցի,— շարունակեցի ես ծիծաղել։
— Չէ, հավատացնում եմ քեզ, Միքայել, նա շատ կրթված աղջիկ է։ Այ, կգնանք, ինքդ կտեսնես։
— Կտեսնեմ, իհարկե, բայց ասելս այն է, որ ես ճանաչում եմ շատ այդպիսի կրթված հայ աղջիկների, որոնց գլխից երկու կոպեկի խելք հազիվ կարելի է քամել։ Դու հո գիտես, որ չեն խոսում գլուխները դատարկ լինելուց։
— Համաձայն չեմ։ Բոլորովին համաձայն չեմ,— վրա բերեց Գարեգինը լրջորեն։— Լռողները միշտ խելոք են լինում։ Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է․ կնշանակի՝ այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է։
Գարեգինն առհասարակ սիրում էր վերացական դատողություններ և երբեմն շատ խելոք մտքերի հետ այնպիսի անհեթեթ բաներ էլ էր ասում, որ չէի կարողանում ծիծաղս զսպել։ Եվ ես սիրում էի նրա այդ դատողություններն իրենց պարզամտության համար։
Կառքը կանգ առավ մի նեղ ու մութ փողոցում, մի տան բակի բաց դռան առջև։ Այն միջոցին, երբ իջնում էինք կառքից, բակի դռան շեմքում կանգնած մի կին շտապով անհետացավ կիսախավար բակի մեջ։
Կառքը ճամփու դնելով, մտանք բակը և մի կողմի վրա թեքված ճռճռան սանդուղքով բարձրացանք մի շատ նեղ պատշգամբ, որ աղոտ կերպով լուսավորվում էր պատից կախած լապտերով։ Մի շարք պատուհանների առջևով, որոնց սպիտակ վարագույրների ետևից լույս էր երևում, Գարեգինն առաջնորդեց ինձ դեպի մի դուռ, որն և առանց նախապես ծեծելու բաց արեց ուղղակի, իբրև տանու մարդ, և հրավիրեց, որ մտնեմ։
Այն սենյակը, ուր մտանք, ըստ երևույթին, հյուրասենյակն էր։ Այդտեղ ոչ ոք չկար, բայց հին ձևի գահավորակի առջև, կլոր սեղանի վրա վառվող լամպը ցույց էր տալիս, որ մենք անսպասելի հյուրեր չէինք։
Գարեգինը անուշեղենի փաթեթը դրեց պատի երկայնքով զինվորների պես շարված աթոռներից մեկի վրա, վերարկուն ու գլխարկը հանեց դրեց հարևան աթոռի վրա, մեքենայաբար շտկեց մազերն ու փողկապը և հրավիրեց ինձ, որ հետևեմ իր օրինակին։
Սուսուփուս նստեցինք և սպասում էինք։
Սենյակի կահավորանքը ցույց էր տալիս, որ տանտերերն ունևոր մարդիկ չէին, բայց ըստ կարելույն աշխատում էին ծածկել իրենց չքավորությունը։ Բացի հին, շատ հին ձևի գահավորակից, որի կարմիր պաստառի խավը նստելու և մեջքը դեմ տալու տեղերում իջել, գորշ գույն էր ստացել, և նրա առջևը դրված բավական մեծ կլոր սեղանից, որի ծաղկանկար սփռոցի ծայրերը հազիվ էին ծածկում ներքևը երեք ճյուղի բաժանված մի հատիկ ոտը,— սենյակում կային գահավորակի այս ու այն կողմը դրված երկու բազկաթոռ, որոնցից մեկի բազուկը կոտրված էր, մի դյուժինի չափ աթոռ, երեք հայելի՝ մեկը հորիզոնական ձևով գահավորակի գլխին պատից թեք կախած, մյուս երկուսն իրար դեմուդեմ պատն ի վեր ցից կանգնած, ինչպես վարսավիրանոցում. վերջիններիս տակ դրված էր թղթախաղի ծալովի մի-մի սեղան, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած էին մի-մի զույգ բրոնզե ժանգոտ շամդան չվառված մոմերով և ապակյա ցոլուն գինդերով. իսկ հատակի վրա, այդ բոլոր կահավորանքի տակ, պատից պատ փռված էր մի շատ ընդարձակ գորգ՝ հնությունից խավը մաշված և տեղ-տեղ թելերը դուրս թափված։ Պատերից մեկի մեջ նկատեցի երկու պահարան, որոնց գոյությունը ծածկելու համար դռներին կպցրած էր միևնույն պաստառը, ինչ որ պատերին։ Սեղանի վրա դրված էր մի ալբոմ և մի գիրք սև կաշեպատ կազմով։
Գարեգինը վերցրեց գիրքը, բաց արեց և իսկույն մեկնեց ինձ, ասելով.
— Ահա՜, որ ասում էի։
Գիրքն առա և նայեցի։
— Ի՞նչ էիր ասում։
— Որ շատ կրթված աղջիկ է։
Գիրքը Ժյուլ Սիմոնի «Բանվոր կինը Եվրոպայում» գրվածքի ռուսերեն թարգմանությունն էր։
— Ի՞նչ ես կարծում,— ասացի,— մոռացմա՞մբ է դրել այստեղ, թե դիտմամբ։
— Ինչո՞ւ դիտմամբ։
— Որ ցույց տա, թե՝ տեսեք ինչպիսի գրքեր եմ կարդում։
— Ո՞վ գիտե:
Ու նորից սուս արինք։
Ես դիտում էի բարեկամիս։ Անհանգիստ դրության մեջ էր և մի քիչ էլ շփոթված, երևի այն պատճառով, որ ինձ հյուր բերելով՝ ոչ ոք չէր դիմավորել և ոչ ոք ներս չէր գալիս։ Խոսում էր կամաց և հանդարտ, կես անհամբեր, կես վախկոտ հայացք էր գցում դեպի հարևան սենյակի դուռը, որը ավելի փոքր ու ցածր էր, քան այն, որտեղով մտանք։
— Գուցե չեն իմանում, որ եկել ենք,— ասացի:
— Սը՜սսս,— շշնջաց Գարեգինը, ձեռքը շրթունքներին դնելով և, աչքերը չռած, ականջները խլշեց։
Հարևան սենյակից նախ ինչ-որ հուզված քչփչոցի ձայներ լսվեցին, հետո հանկարծ — կանացի մի ջղային ծղրտոց, և ապա ամեն ինչ լռեց առաջվա պես։
Գարեգինը, գույնը նետած, վեր կացավ և կանգնած տեղը քարացավ, ականջը դեպի հարևան սենյակի դուռը լարած։
— Այս ի՞նչ էր,— հարցրի զարմացած։
— Այս նրա ձայնն էր,— շշնջաց Գարեգինը մեքենայաբար:
— Ո՞ւմ հետ էր։
— Երևի մոր հետ։
Կարճ ժամանակ մնաց նույն քարացած դրության մեջ, հետո կամաց նստեց և դարձավ ինձ խորհրդավոր շշունջով.
— Գիտե՞ս, ես նկատել եմ, որ մոր հետ չունի...
— Ինչո՞ւ։
— Չգիտեմ։
— Լավ, ժամանա՞կ էին գտել կռվելու,— հարցրի կարճ լռությունից հետո։
Գարեգինը չպատասխանեց։
Դարձյալ սուս արինք և դարձյալ սպասում էինք, այս անգամ շատ անախորժ դրության մեջ, և Գարեգինը — առավել քան ես։
Վերջապես հարևան սենյակի դուռը բացվեց, և ներս մտավ վրացնակ հագնված մի գիրուկ, ցածրահասակ կին՝ դեռևս բավական ջահել և սիրունատես։
Գարեգինը շտապեց ընդառաջել նրան, համբուրեց նրա ձեռքը և մեզ ներկայացրեց իրար։
Դա հարսնացուի մայրն էր։
Շրթունքները կուչ ու հուպ ածած՝ նա անվստահորեն դարձավ ինձ և կես Թիֆլիսի բարբառով, կես գրական լեզվով ներողություն խնդրեց, որ այսքան սպասեցրեց։ Ու սկսեց մի ինչ-որ պատմություն, թե իր քրոջ երեխան հանկարծ վատ էր դառել, թե եկել կանչել էին իրեն, թե երեխան հիմա, փառք աստծո, լավ է, և ինքը հենց նոր է վերադառնում այնտեղից: Պարզ տեսնում էի, որ սուտ էր ասում. ուզում էր մի կերպ արդարացնել իրենց տարօրինակ հյուրընկալությունը և ծածկել այն անախորժությունը, որ պատահել էր հարևան սենյակում։
Բայց այդ անախորժության տպավորությունը դեռևս այնքան թարմ էր, որ երբ նստեցինք, ոչ մեկս չկարողացանք որևէ խոսք արտասանել։ Դրությունը չափազանց անհամ էր, լռությունը՝ խիստ ճնշող։
— Ո՞րտեղ է Սառան,— վերջապես առաջինը խոսեց Գարեգինն այնքան կամաց, որ կարծես հարևան սենյակում հիվանդ կար պառկած։
— Սառան իսկույն գուքա,— պատասխանեց զոքանչը, ոլորելով գիրուկ թշերին կախ ընկած շագանակագույն հաստ կավիքները։
— Իսկ հայրի՞կը:
Գարեգինը իր ապագա աներոջն արդեն հայրիկ էր անվանում։
— Շաբաթ գիշերները նա մի փոքր ուշ է տուն գալի,— կարճ պատասխանեց զոքանչը։
Խոսակցությունն այդ եղանակով շարունակվեց մի կարճ ժամանակ, մեջընդմեջ ընդհատումով։ Նկատում էի մի ընդհանուր տրամադրություն.— ամենքս էլ սպասում էինք Սառային, և ես՝ ամենից անհամբեր։
Վերջապես մտավ և նա։
Եթե նախապատրաստված չլինեի Գարեգինի պատմածով, կկարծեի, թե մտնողը ոչ թե մի օրիորդ է, այլ հասուն մի կին՝ միջահասակ ու բարեկազմ, և բարակ, ճկուն իրանին անհամաչափ փարթամ, սննդատու կրծքով։ Եվ առաջին իսկ հայացքից լիովին ըմբռնեցի, թե ինչու Գարեգինը սիրահարվել էր նրա վրա «տեսնելուն պես», թեև այդ երեկո ապարդյուն անցավ իմ աշխատանքը՝ գտնելու համար նրա աչքերի մեջ այն «լացող հայացքը», որ այնպես գերել էր բարեկամիս։ Այդ հայացքն, ընդհակառակն, շատ լուրջ էր, կասկածոտ ու թափանցող և նրա նուրբ գծված, մաքուր դեմքին մի տեսակ խստաբարո արտահայտություն էր տալիս։ Չեմ կարող ասել, թե իմ ստացած առաջին տպավորությունը նպաստավոր էր նրա համար, գլխավորապես նրա այդ անբարեհամբույր հայացքի պատճառով, թեև իմ առջև տեսա մի ուրույն գեղեցկուհի, որն իր արտաքինով կարող էր հրապուրել բարեկամիցս շատ ավելի նուրբ ճաշակ ունեցող մարդկանց։
Սառան մտավ ջղային արագ քայլվածքով, կարծես հուսահատական վճռականության մի ուժգին մղումով, և մտնելիս գլխի մի շարժումով դեպի մեջքը գցեց ուսի վրա ընկած մի հատիկ հաստ գիսակը, որը ամենևին չէր սազում նրա ոչ օրիորդական արտաքինին։ Երևում էր, որ նա տնային սովորական հագուստով էր— շատ պարզ, բայց ճաշակով կարված և շատ մաքուր։ Թե՛ այդ և թե՛ այն հանգամանքը, որ մազերը չէր շինել, ենթադրել էր տալիս, թե բնավ չէր նախապատրաստվել մեզ ընդունելու կամ կարևորություն չէր տվել մեր այցելությանը։ Եվ մի րոպե ինձ թվաց, թե դրանով պիտի բացատրվեր նրա և մոր միջև տեղի ունեցած կռիվը հարևան սենյակում։
Նրա մտնելուն պես Գարեգինը վեր թռավ տեղից, վազեց դեպի նա, ուզեց ձեռքն առնել, բայց որովհետև Սառան ուշադրություն չդարձրեց նրա վրա և իր հայացքն իեձ էր ուղղել, ձեռքը ետ քաշեց և շշնջաց.
— Այս... մեր խաչեղբայրն է։
Ես շտապեցի առաջ և ներկայացա։ Սառան ոչ մի խոսք չարտասանեց, միայն գլխով մի թեթև շարժում գործեց և սեղմեց ձեռքս, շարունակ նայելով աչքերիս «պինդ-պինդ», ինչպես ասում էր Գարեգինը։ Այնուհետև պաշտոնական չոր ու ցամաք ձայնով խնդրեց, որ նստեմ, և, շարունակելով ոչ մի ուշադրություն չդարձնել փեսացուի վրա, նստեց մեկուսի, շիփ-շիտակ, գլուխը բարձր ու հպարտ, և հայացքը, համարձակ ու թափանցող, չէր հեռացնում ինձնից, որով կարծեմ ասում էր. «Դուք եկել եք ինձ տեսնելո՞ւ և դիտելո՞ւ։ Համեցեք։ Ինչքան ուզում եք նայեցեք և դիտեցեք, ես ձեզնից ոչ վախենում եմ, ոչ էլ ձեր կարծիքին որևէ նշանակություն տալիս. ես ձեզ ամենքիդ էլ արհամարհում եմ և մոռացնել կտամ ձեզ ամուսնացող աղջկա վրա իբրև ծախու ձիու վրա նայելու ձեր գարշելի սովորությունը»։
Ա՞յս էր ասում արդյոք նրա հայացքը, թե՞ այդ հայացքի ազդեցության տակ ես էի նրա փոխարեն այդպես մտածում,— չգիտեմ, միայն ակամա շփոթված՝ հեռացրի նրանից իմ դիտողի հայացքը, զգալով, որ առջևս նստած է «ծախու ձիերից» հազարից հազիվ մեկը, որ ծայր աստիճան նախանձախնդիր է իր մարդկային արժանապատվության և գիտե, թե ինչպես պետք է հակահարված տալ իր այդ արժանապատվությունը նվաստացնողներին։
Աղջկա ներս մտնելուց մի կարճ ժամանակ հետո մայրը վեր կացավ, ինչ-որ փսփսաց նրա ականջին և, ներողություն խնդրելով մեզնից, դուրս գնաց։ Սառան նրան ճանապարհ դրեց մի երկար, անհաշտ հայացքով։ Պարզ երևում էր, որ ատում էր մորը և ամենևին չէր ծածկում այդ բանը։
Գարեգինը, կարծես հանկարծ հիշելով, վեր թռավ, գրպանից հանեց ականջի օղերի տուփը, բաց արեց և բռնեց ճրագի դիմաց այնպիսի մի ձևով, որ կարծես ուզում էր մեկուսի և բավական հեռու նստած հարսնացուին հրապուրելով մոտեցնել։ Ադամանդներն օղերի մեջ ճրագի լույսի տակ պսպղացին խոշոր աստղերի բոլոր ցոլուն երանգներով։
— Այս մեր խաչեղբոր նվերն է,— ասաց Գարեգինը և, նայելով ինձ, չգիտեմ՝ հիմարաբա՞ր, թե խորամանկորեն՝ ժպտաց։
Ապշած նայեցի նրան. թե կատակ էր անում, շատ հիմար կատակ էր։ Իմ լուրջ և հանդիմանական հայացքի ազդեցության տակ երևի հասկացավ իր հիմարությունը և կարմրեց, բայց շարունակում էր ժպտալ։
— Բարեկամս կատակ է անում, օրիորդ,— ասացի դառնալով Սառային,— այդ ինքն է նվեր բերել ձեզ համար։
— Որ դու հիմարություն անվանեցիր,— չգիտեմ որտեղից և ինչու համար հնարելով, վրա բերեց Գարեգինը և այս անգամ խնդաց։
Սառան փոխնիփոխ նայում էր մերթ ինձ, մերթ Գարեգինին։ Ըստ երևույթին, շատ զարմացած էր և չէր հասկանում, թե ինչ ենք խոսում մենք։ Նա ոչ միայն չմոտեցավ, այլև բնավ ուշադրություն չդարձրեց չարաբաստիկ օղերին։
— Լավ, օղերը որ ես եմ նվեր բերել, հապա ա՞յս ով է բերել,— ասաց Գարեգինը, գնաց աթոռի վրայից վերցրեց անուշեղենի փաթեթը, բաց արեց և բերեց դրեց օղերի տուփի կողքին։— Այս հո դու ես նվեր բերել։
Ու այս անգամ քրքջաց պարզապես մի իդիոտական քրքիջով։
Արդեն համը տարավ, և ես սկսեցի այլևս չնեղանալ նրանից, որովհետև պարզ տեսնում էի, որ ուրախությունից հիմարացել էր և չէր նկատում, որ իր վարմունքով ու խոսքերով ավելի ու ավելի էր ապշեցնում հարսնացուին։
Դիտելով Սառային, որը շարունակում էր ապշած նայել մերթ ինձ, մերթ իր փեսացուին, ինձ զարմացնում էր մի բան — թե ինչպես էր եղել, որ այդ անշուշտ խելացի ու լուրջ աղջիկը հենց նշանտուքի գիշերը, երբ իր փեսացուն այդպես հիմարություններ շատ պիտի լիներ արած, չէր ճանաչել նրան և համաձայնել էր նրա կինը լինել։ Բայց որ Սառան ամենևին չէր հավանում իր փեսացուին և նրա վրա բարձրից էր նայում, այդ պարզ տեսնում էի նրա արհամարհական վերաբերմունքից։
Սակայն ես ավելի իմ մասին էի հոգում։ Բանն այն է, որ վախենում էի, թե ընկերս իր հիմար վարմունքով մի գուցե ինձ էլ վարկաբեկի Սառայի առջև, որը, զարմանալի է, միմիայն այն բանով, որ չէր խոսում և շարունակ դիտում էր մեզ զարմացած, մի տեսակ երկյուղ էր ազդում ինձ և ստիպում զգույշ լինելու։ Այդ պատճառով շտապեցի վերջ տալ Գարեգինի հիմարություններին և, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ Ժյուլ Սիմոնի գիրքը ձեռքումս էր, հարցրի.
— Այդ Դո՞ւք եք կարդում, օրիորդ։
— Ոչ,— պատասխանեց նա կտրուկ։
— Հապա ինչո՞ւ էր այստեղ դրված.— մեջ ընկավ Գարեգինը:
Սառան, նրան պատասխանելու տեղ, ինձ դիմեց.
— Մի ընկերուհի ունեմ, նա էր տարել կարդալու, այս երեկո վերադարձրեց։
— Ուրեմն քո՞նն է,— հարցրեց Գարեգինը և, վեր կենալով գնաց նստեց նրա մոտ։
Այդ եզակի դիմումը, ըստ երևույթին, բավականին անհաճո թվաց Սառային։ Նա հոնքերը կիտեց և, թերթերունքների տակից նայելով դեպի ցած, պատասխանեց ոչ իսկույն.
— Այո։
— Իսկ դու կարդացե՞լ ես,— հարցրեց Գարեգինը, ըստ երևույթին, ուրախացած, որ առիթ ունի զրույց անելու հարսնացուի հետ, և ամենևին չնկատելով, որ այդ հարցուփորձը և մանավանդ իր մերձավորությունը անախորժություն է պատճառում նրան, ինչպես ես էի եզրակացնում Սառայի դեմքի արտահայտությունից։
Սառան հանկարծ վեր կացավ և արագ քայլերով դիմեց դեպի ինձ.
— Ներեցեք, տվեք այդ գիրքը պահեմ։
Ու նախքան ես Ժյուլ Սիմոնը կմեկնեի, նա գիրքն առավ ձեռքիցս այնպիսի մի ձևով, որ ինձ թվաց թե խլեց, և տարավ գցեց պատի մոտ, հայելու տակ դրված սեղանի վրա։ Զսպած ներքին զայրույթից նրա դեմքին թեթև շառագույն էր պատել, աչքերը չար արտահայտություն էին ստացել։
Հարսնացուի այդ,— կոպիտ որ չասեմ,— խիստ տարօրինակ վարմունքը շատ կոտրեց խեղճ փեսացուի սիրտը։ Սկզբում Գարեգինը տեղն ու տեղը սառեց, հետո, երբ Սառան վերադարձավ և հոնքերը կիտած նստեց իր տեղը, նա մինչև անգամ վախկոտությամբ իր աթոռը մի քիչ հեռու քաշեց։
— Դու վիրավորվեցի՞ր,— հարցրեց վարանքով։
— Ես առհասարակ չեմ սիրում, որ ինձ հարցաքննում են,— պատասխանեց Սառան խստորեն, առանց նրան նայելու։
— Հետո ես քեզ ե՞րբ հարցաքննեցի,— թոթովեց խեղճ բարեկամս։
— Դուք (Սառան առանձնապես շեշտեց այդ «դուքը») այս րոպեիս հարցրիք՝ կարդացե՞լ եմ ես այն գիրքը։ Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ չպետք է կարդացած լինեի։
Գարեգինը բոլորովին կուչ եկավ։
— Ես... ներողություն... Ես չէի կարծում... Հարցրի այնպես... Որ գիտենայի... իզուր...
— Խնդրեմ ինձ հետ դու-ով չխոսեք,— հանկարծ ընդհատեց նրան Սառան այնպիսի մի եղանակով, որ ինձ թվաց, թե այդ խոսքերի տեղ եթե ապտակ տար, տպավորությունը միևնույնը կլիներ։
Խեղճ բարեկամս գույնը նետեց և պապանձվեց։ Այդ րոպեին այնքան արգահատելի տեսք ուներ նա, և այդ տեսարանն ընդհանրապես այնքան ճնշող էր ինձ համար, որ ի՛նչ չէի տալ, միայն թե ներկա չլինեի։ Եվ աստված գիտե, թե ինչով պիտի վերջանար այս տարօրինակ ընդհարումը նոր նշանված զույգի միջև (հոգիս պարզապես մի շատ վատ սկանդալ էր գուշակում), եթե, բարեբախտաբար, չմտներ այդ րոպեին Սառայի հայրը։
Խեղճ բարեկամս այնքան էր շփոթված, որ բոլորովին մոռացավ ինձ ներկայացնելու իր աներոջը։ Ուստի ներկայացա ինքս անձամբ։
Բարձրահասակ, բայց մեջքից կորացած մի ժիր ծերունի էր Բաղիրյանը, արծաթի պես սպիտակ մազերով և կենսուրախ հայացքով։ Նայելով նրա խորամանկ, ծիծաղկոտ աչքերին, թվում էր, թե երբեք ոչ տխրել է, ոչ էլ բարկացել։ Ինձ ընդունեց վերին աստիճանի սիրալիր կերպով և առաջին իսկ խոսքերից այնպիսի մի տրամադրություն ստեղծեց իմ մեջ, որ կարծես շատ հին բարեկամներ էինք։
Երբ, առաջին ծանոթության սովորական խոսքերը փոխանակելուց հետո, տանտիրոջ հրավերով նորից նստեցի, տեսա Սառան այլևս չկա սենյակում։
— Օհո՜, սուվենի՞ր,— բացականչեց Բաղիրյանը, տեսնելով սեղանի վրա, բաց տուփի թավշյա բարձիկի մեջ խրված ոսկե օղերը և մի քննական հայացք գցեց նախ ինձ, հետո փեսայի վրա, կարծես կամենալով առանց մեր թելադրության իմանալ, թե ո՛ւմ ընծան էր։ Հետո մի «ըհրմ» արավ, ժիլետի գրպանից հանեց ակնոցը, դրեց քթին, վերցրեց տուփը, մոտեցրեց լույսին և սկսեց դիտել ակնոցի մերթ միջից, մերթ վերևից և մերթ տակից, որի ժամանակ շատ զվարճալի կերպով բարձր ու ցածր էր անում գլուխն ու հոնքերը։ Օղերը դիտելուց հետո բաց արեց անուշեղենի արկղիկը և դարձավ Գարեգինին.
— Այս ո՞վ է սովորեցրել քեզ, թե նշանածի համար պետք է այսպիսի բաներ բերել։ Իսկ ես կարծում էի, թե գառան պես միամիտ ես։ Ախ դու ժուլիկ, ժուլիկ։
Ու մի ձեռքը դնելով Գարեգինի կրծքին, մյուսը մեջքին, խտղտեց նրան խնդալով։
Բայց Գարեգինի շփոթմունքը դեռ չէր անցել. վերին աստիճանի խղճալի դրության մեջ, նստած տեղում մնացել էր կաշկանդված։ Աներոջ հայրական բարեսիրտ խոսքերին պատասխանելու համար, ըստ երևույթին, ուզեց մի բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել, միայն դեմքի վրա լացախառն մի ժպիտ երևաց։
Բաղիրյանը կարծես նոր նկատեց, որ ինչ-որ բան է պատահել նրան, մի կարճ ժամանակ նայեց նրա աչքերին քննական հայացքով ուղղակի ակնոցի միջից, հետո նստեց նրա մոտ և հարցրեց լուրջ դեմք առած.
— Ի՞նչ է պատահել։ Նեղացրե՞լ են քեզ։
Լացախառն ժպիտը ծամածռեց Գարեգինի դեմքը, և նա պատասխանեց ոչ իսկույն.
— Ոչ։ Ես նեղացրի։
Բաղիրյանը գլուխը վեր ձգեց և նայեց ակնոցի միջից։
— Ո՞ւմ։
— Սառային։
Բաղիրյանը գլուխը ցածրացրեց և նայեց ակնոցի վերևից։
— Ի՞նչպես։
— Չգիտեմ,— կմկմաց Գաբեգինը պատժված երեխայի պես աչքերը վայր թողած։— Կարծեց, թե ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ այդպիսի միտք ամենևին չեմ ունեցել։ Ներողություն խնդրեցի... չներեց և..․ դուրս գնաց։
Ու ողորմելին քիչ մնաց լաց լինի։ «Վա՛յ խեղճ մեծ երեխա»,— արտասանեցի մտքումս ակամա ժպտալով։
— Ա՞յդ միայն,— հարցրեց Բաղիրյանը։
— Հետո... նեղացավ, որ դու-ով էի խոսում հետը։
Բաղիրյանը հանկարծ այնպես պինդ ծիծաղեց, որ ակնոցն ընկավ քթից և կախ ընկավ վզովն անցկացրած ղայթանից։
- Վա՛յ, վայ,- բացականչեց նա,- տեսա՞ք ինչ է պատահել․ էդ հո ամեն բան քանդվե՜ց, կարծանվե՜ց, վերջացա՜վ, պրծա՜վ, գնա՜ց, մո՜ւթ, խավա՜ր, տարտարո՜ս․․․ Հիմի ի՞նչ անենք։
Ու սկսեց նայել մերթ ինձ, մերթ Գարեգինին այնպիսի մի կոմիկական տարակուսանքով, որ ծիծաղս չկարողացա զսպել։
Բայց որովհետև Գարեգինը, ըստ երևույթին, տրամադրություն չուներ ոչ ծիծաղելու և ոչ նույնիսկ ժպտալու, Բաղիրյանը հանկարծ լուրջ դեմք առավ, ղայթանից կախ ընկած ակնոցը ժիլետի գրպանը կոխեց, մի ձեռքով կես գրկեց փեսացուին և սկսեց մխիթարել։
— Բան չկա, բալիկս, բան չկա, սիրտդ մի կոտրի։ Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնես, ուր կերթա, հա՜։ Դուք դեռ չեք ճանաչել իրար։ Երեկ մեկ, էսօր երկու։ Քանի՛ գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար։ Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը իրար արևով կերդվեք։ Ճիշտ է, թաքցնելու ի՞նչ կա, նա մի քիչ ուրիշ տեսակ աղջիկ է, ջղային է, բայց դու նրա լեզվին մի նայիր, սիրտն ուղղակի աղավնու սիրտ է։ Լուցկու պես ձեռաց կվառվի և իսկույն էլ կհանգչի։ Այդպես է նրա գրգռմունքը։ Այ շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին, և կտեսնես՝ ճիշտ եմ ասո՞ւմ, թե ոչ։
Նկատեցի, որ Գարեգինն աներոջ այդ պերճախոսությունից բավականին հանգստացավ և սկսեց ժպտալ գուրգուրված երեխայի պես։
— Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց,— գանգատվեց նա։
— Այս հրաշալի օղերի՞ն։ Հըմ, բաս դու իսկապես որ շատ միամիտ մարդ ես եղել և ամենևին չես ճանաչում կանանց։ Ասա, խնդրեմ, ի՞նչպես կարող է կին արարածը այսպիսի բաների վրա ուշադրություն չդարձնել։ Հը՞, պարոն Մարգարյան, այսպիսի բան կարելի՞ է,— դիմեց ինձ Բաղիրյանը և ինքն էլ պատասխանեց իրեն,— իհարկե ոչ։ Հա՛, այս մեկը ճիշտ է, որ Սառան ուրիշների պես հիմար չէ,— ավելացրեց նա, նորից դառնալով Գարեգինին,— և իսկույն վրա չէր ընկնի ուրախացած, նա ծանրաբարո, խելացի, ինտելիգենտ աղջիկ է, որի համար այսպիսի զիզիբիզի բաները կարող են այնքան էլ նշանակություն չունենալ։ Բայց և այնպես, էլի եմ ասում, նա կին է, հասկանո՞ւմ ես, կին. և մեկ անգամ որ բերել ես այս ընծան, արդեն գիտե, որ սա իրենն է, իր սեփականը և մենակ մնացած ժամանակ էլ շատ լավ կարող է տնտղել, անցկացնել ականջներին, շուռումուռ գալ հայելու առջև և ուրախանալ։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում, պարոն Մարգարյան։
Քաղաքավարությունը ստիպում էր ինձ հավանություն տալ այդ շատախոս ծերունու խոսքերին, մանավանդ որ,— այդ բանը տեսնում էի նրա ինձ վրա նետած խորհրդավոր հայացքներից և խոսակցության եղանակից,— նա ուզում էր, որ ես օգնեմ իրեն փեսացուի կոտրված սիրտը տեղը գցելու։
Մտավ Բաղիրյանի կինը, կավիքները ոլորելով։ Օղերը տեսնելուն պես նրա աչքերը փայլեցին, չգիտեմ՝ հիացմունքի՞ց, թե նախանձից։ (Սպիտակահեր ամուսնու մոտ այդ կինը ավելի ևս ջահել երևաց իմ աչքին)։
Գարեգինի տրամադրությունը բոլորովին բացվեց, և ես նորից տեսա նրան առաջվա պես պարզամիտ, սրտաբաց, ուրախ ու շատախոս, կարծես ոչինչ չէր պատահել։
Բայց նրա ուրախ տրամադրությունը նորից խանգարվեց շուտով, խանգարողը դարձյալ իր հարսնացուն էր։
Սկսվել էր մի ընդհանուր կենդանի խոսակցություն, երբ մտավ Սառան մատուցարանը ձեռքին, որով թեյ էր բերում։
Գարեգինը, որ, ոտի կանգնած, իրեն հատուկ պարզամտությամբ ինչ-որ փիլիսոփայություններ էր դուրս տալիս, հարսնացուին տեսնելուն պես լռեց, ինչպես հանկարծ լռում է չարություն անող աշակերտն ուսուցչին տեսնելիս, և նստեց, մի վախկոտ հայացք գցելով նրա վրա։
Մի անհարմար լռություն տիրեց սենյակում։ Եվ այդ ընդհանուր լռության մեջ Սառան սկսեց բաժանել բաժակները կենտրոնացած հայացքով, առանց ոչ ոքի նայելու։ Ինձ թվաց, թե ամենից ավելի նա պետք է ճնշվեր այդ լռությունից, քանի որ պատճառն ինքն էր, և ամենքի հայացքը նրան էր ուղղված, բայց ընդհակառակն, շատ հանգիստ էր երևում։ Երբ մոտեցավ հորը, Բաղիրյանը, բարեսիրտ-հեգնական ժպիտով ներքևից նայելով նրա վայր թողած աչքերին, նկատեց.
— Ինչո՞ւ ես նեղացրել մեր այս սիրելի պարոնին։
Սառան ոչինչ չպատասխանեց։
— Ինձ նայիր։
Սառան, մի չարագուշակ հանգստությամբ աչքերը միշտ վայր թողած, կանգնած էր հոր առջև և, մատուցարանը ձեռքին, սպասում էր, որ նա վերցնի իր բաժակը։
— Քեզ հետ չե՞մ։ Ինձ նայիր,— կրկնեց հայրը։
Սառան դարձյալ կանգնած էր լուռ և արձանացած։ Նկատեցի, որ մատուցարանը սկսեց թեթևակի դողալ նրա ձեռքին։
— Տե՜ս, ինչ սիրուն բան է բերել քեզ համար,— ասաց հայրը և օղերի տուփը վերցնելով՝ ուզեց կամացուկ խփել նրա կզակին։
Բայց Սառան ջղային հանկարծական մի ցնցումով գլուխը հետ գցեց, մատուցարանը պահեց մի ձեռքում, մյուսով վերցրեց վերջին բաժակը, դրեց հոր առաջ և դիմեց դեպի դուռը։ Նրա դեմքն այնպիսի մի զսպված զայրույթ էր արտահայտում, որ ես ուղղակի սարսափով սպասում էի, թե ահա՛, որտեղ-որ է, մի սկանդալ կհանի։
— Դե, այդ արդեն բանի նման չէ,— կես-կատակով, կես-լրջորեն կանչեց նրա ետևից հայրը։— Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում։
Սառան հանկարծ կանգ առավ դռան մոտ, մի շատ սուր հայացք նետեց հոր վրա և նկատեց չափազանց լրջորեն.
— Հայրիկ, ճշմարիտ, ես չեմ հասկանում, թե այդ ինչ վարմունք է։ Երեխա՞ եմ, ինչ է, որ...
Նա չվերջացրեց խոսքը, դարձավ և դուրս գնաց, դուռը շրխկացնելով իր ետևից։
— Քա՛,— արտասանեց Բաղիրյանի կինն ամոթահար և ձեռքը բռունցք շինած՝ դրեց շրթունքին ի նշան ապշության։
Բաղիրյանը սկզբում բավական շփոթվեց, բայց շուտով հավաքեց իրեն և դարձավ ինձ այնպիսի վարանոտ հայացքով, որով կարծես ներողություն էր խնդրում պատահած անախորժության համար.
— Ասացի, չէ՞, ջղային է, և տրամադրությունն էլ այսօր, ինչպես երևում է, լավ չէ։ Ասենք, մեղավորը ես եմ։ Չէ՞, սիրելի փիսիկս,— դարձավ նա Գարեգինին, մտերմորեն գրկելով նրա ուսը։— Լսո՞ւմ ես, փիսիկս եմ ասում և ոչ փեսիկս: Մեղավորը միշտ մենք ենք — ես ու դու, դու և ես։
Եվ Բաղիրյանը քահ-քահ ծիծաղեց, ինչպես ինձ թվաց՝ ավելի նրա համար, որ ցրի աղջկա ավելի քան տարօրինակ վարմունքի թողած ընդհանուր անախորժ տպավորությունը.
Բայց այդ տպավորությունն այնքան ծանր էր ինձ համար, որ ես հազիվ կարողացա մի կեղծ ժպիտ խաղացնել դեմքիս, ընդառաջելու համար բարի ծերունու ցանկությանը։ Ես ուղղակի ամաչելով էի նայում նրան, որ նա իր և կնոջ ամոթը պարտկելու համար ստիպված էր դրությանը չսազող կատակների դիմել, կարծես ես — մի կողմնակի և օտար անձնավորություն — մեղավոր էի, որ ներկա էի նրանց այդ ընտանեկան անախորժության։ Եվ եթե գիտենայի, որ անքաղաքավարի բան արած չեմ լինի և ավելի խորացրած նրանց ամոթահար դրությունը, իսկույն վեր կկենայի և կգնայի։ Ուստի ստիպված եղա «վայելելու» թեյի երկրորդ բաժակն էլ, որ այս անգամ հրամցրեց տիկին Բաղիրյանը, որովհետև Սառան այլևս չերևաց։ Այնուհետև մի քիչ մրգեղեն «անուշ արինք», դարձյալ առանց Սառայի ներկայության։ Բաղիրյանը, մի քանի անգամ դուրս ու տուն անելուց հետո, փորձեց դարձյալ կատակների դիմել՝ աղջկա բացակայությունը բացատրելու և արդարացնելու համար, բայց այդ էլ չօգնեց։ Ոչ միայն մեր, այլև իր տրամադրությունը, ինչպես նկատում էի, անդարձ փչացել էր այդ երեկո։
Ես վեր կացա և, շնորհակալությամբ հրաժարվելով Բաղիրյան ամուսինների, իհարկե, լոկ քաղաքավարության համար՝ առաջարկած ընթրիքից, հրաժեշտ տվի։
Գարեգինը, ըստ երևույթին, ուզում էր մնալ, բայց տեսնելով, որ ես գնում եմ, ինքն էլ վեր կացավ։ Զոքանչն ու
Երկար տեղ գնում էինք լուռ։ Գարեգինը հոգեկան չափազանց ճնշված դրության մեջ էր։
— Ա՞յդ է քո շատ խելոք, շատ կրթված և ես ինչ գիտեմ ուրիշ ինչ տեսակ աղջիկը,— վերջապես խոսեցի ես։
Գարեգինը ձայն չհանեց։ Զգում էի, որ ավելի շատ այն բանից էր ճնշված, որ իր հարսնացուն իմ ներկայությամբ ոչ միայն չէր արդարացրել իր գովասանքները նրա մասին, այլև բնավորության այնպիսի գծեր էր դրսևորել, որոնք իր համար էլ անսպասելի էին։ Եվ մեղքս գալիս էր ասելու նրան այն, ինչ որ անհրաժեշտ էի համարում ասել իբրև բարեկամ։ Բայց նրան ժամանակին չզգուշացնելն էլ հանցանք կլիներ իմ կողմից։ Ուստի ասացի ուղղակի.
— Ես կարծում եմ, ինքդ էլ զգում ես, որ քո այս այցը պետք է վերջինը լինի, եթե, իհարկե, դու փոքրիշատե պատվո զգացում ունես։
— Ինչպե՞ս թե վերջինը, մեքենայաբար հարցրեց Գարեգինը։
— Այնպես, որ անմիջապես պետք է ձեռք վերցնես այդ աղջկանից։ Դուք չեք կարող իրար մարդ ու կին լինել։
Գարեգինն իսկույն չպատասխանեց։ Բայց այն բանից, ինչ որ ասաց, տեսա, որ նա նույն տարակուսանքի մեջ է և նույնն է մտածում, ինչ որ ես։
— Հետո կարո՞ղ եմ,— ասաց կամաց և այնպիսի եղանակով, որ կարծես ինձ չէր պատասխանում, այլ իր մտածմունքներին։
Ու ձայնից նկատեցի, որ թուքը կուլ տվեց։
Ակամա կանգ առա և զարմացած նայեցի նրա երեսին։
— Մի՞թե, իսկապես, այնքան սիրահարված ես, որ չես կարող։
— Այո, չեմ կարող... ուղղակի չեմ կարող,— ասաց լացագին, առանց ինձ նայելու։
— Բայց քո սերը քանի՞ գրոշ արժի նրա համար։ Մի՞թե չես տեսնում, որ չի հավանում քեզ։ Եվ ոչ միայն չի հավանում, այլև տեսնել անգամ չի ուզում։
— Ինչ անեմ, ես սիրում եմ,— կրկնեց Գարեգինը քմահաճ երեխայի բութ համառությամբ։
— Լսիր, Գարեգին, ինչ եմ ասում,— ասացի ես համոզիչ եղանակով և, նրա թևն առնելով, առաջ տարա։— Դու երեխա չես, տղամարդ ես՝ փոքրիշատե դատելու ընդունակ, և, ես կարծում եմ, սերը դեռևս այնքան էլ չի կուրացրել քեզ, որ իրերը չտեսնես իրենց իսկական գույնով։ Մի՞թե այդ աղջկա թե՛ դեպի քեզ և թե՛ դեպի ծնողները ցույց տված վարմունքից պարզ չէ քեզ համար, որ նրան զոռով են կպցրել քեզ, և նա վերջ ի վերջո պիտի մերժի քեզ։ Մի՞թե քեզ հաճելի կլիներ այդ խայտառակությունը։
— Այդպիսի բան չի՛ կարող պատահել,— վրա բերեց Գարեգինը եռանդով։
— Ինչո՞ւ։
— Որովհետև, նախ՝ նա որևէ մի տգետ աղջիկ չէ, որ ծնողների կամքով շարժվի և ում տան՝ գնա, և երկրորդ՝ ես առիթ չեմ տա, որ դժգոհ մնա ինձնից։
— Շատ բարի. համաձայն եմ, որ նա ծնողների քմահաճույքով շարժվող աղջիկներից չէ,—այդ ես տեսա այս երեկո,— բայց դու ի՞նչ գիտես, թե ներքին ընտանեկան, ինձնից ու քեզնից ծածուկ ի՞նչ հանգամանքներ կան, որոնք անշուշտ ստիպել են նրան հակառակ գնալ իր կամքին ու ցանկությանը։ Այս մեկ։ Երկրորդ՝ ասում ես, թե առիթ չես տա, որ դժգոհ մնա քեզնից։ Շատ բարի. հիմա առիթ տվի՞ր, որ այն օյինները խաղաց գլխիդ։
— Տվի, իհարկե, տվի։ Ի՞նչ է նշանակում՝ «կարդացե՞լ ես այս գիրքը»։ Իհարկե, հարցաքննություն։ Եվ, իսկապես, ինչո՞ւ չպետք է կարդացած լիներ։ Հետո, երեկ չէ, մեկէլ օրը բոլորովին անծանոթ էինք իրար, իսկ այսօր վեր եմ կենում և «դու»-ով եմ խոսում հետը։ Ի՞նչ անեմ, թե նշանված ենք, քաղաքավարական պայմանները մի որոշ ժամանակ պետք է պահպանե՞լ, թե ոչ։
— Բայց նրա ապտակներն ուտելուց հետո քիթդ լավ կախեցի՞ր։
— Ոչ թե քիթս կախեցի, այլ տեսա, որ արժանի էի։
— Լավ, հայրը, հո երեկ-մեկէլ օրվա ծանոթը չէր, ինչո՞ւ նրա հետ էլ այնպես վարվեց։
— Հայրն արդեն գլխովին մեղավոր էր։ Որովհետև, ճիշտ որ, ի՞նչպես կարելի է մի ահագին օրիորդի հետ օտար հյուրի ներկայությամբ վարվել ինչպես մի երեխայի հետ։ Շատ էլ որ հայրն է։
— Իսկ մայրը։ Հիշո՞ւմ ես ծկլթոցը հարևան սենյակում։
— Երևի նա էլ մի բանով նեղացրել էր։ Եվ, վերջապես, հո լսեցի՞ր, որ հայրն ասաց, թե ջղային է։
— Եվ դու պիտի կարողանա՞ս ապրել այդպիսի մի ջղային աղջկա հետ։
— Ինչո՞ւ չէ, քանի որ ոչ մի առիթ չեմ տա նրան գրգռվելու։
— Դու արդեն ինքդ ոտով գլխով մի մեծ առիթ ես, ուրիշ էլ ի՞նչ առիթ։ Եվ ես հիմար եմ, որ քեզ պես մի անհասկացողի աշխատում եմ համոզել,— ասացի ես ակամա գրգռված նրա համառությունից և, նրա թևը թողնելով, առաջ անցա վճռական քայլերով։
Կարճ ժամանակ Գարեգինը լուռ հետևում էր ինձ, հետո հանկարծ քայլերն արագացրեց և եկավ հավասարվեց ինձ։
— Լա՛վ, ի՞նչ ես ուզում անեմ,— ասաց մի տեսակ գրգիռով։
— է՛լ ես ոչինչ չեմ ուզում, ինչ ուզում ես— արա։
— Չէ, սպասիր,— նա կանգ առավ և զոռով պահեց ինձ,— ուզում ես թողնեմ, չէ՞։ Լա՛վ։ Բայց, ասա տեսնեմ, ինչի՞ համար։
— Էլ ասե՞մ ինչի համար։
— Չի հավանում ինձ, չէ՞, զոռովն են ինձ կպցրել, չէ՞։ Բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչպես կարելի է մի կրթված, հասկացող աղջկա զոռով կպցնել մի տղամարդի, որին չի հավանում։ Հետո, ասում ես, ընտանեկան ինչ-որ հանգամանքներ։ Ի՞նչ հանգամանքներ։ Դու այդ չգիտես, ես էլ չգիտեմ, ուրեմն այդ արգումենտն էլ ջրվում է։ Մնում է, որ ասես, թե ինձ չէր ճանաչում, նշանտուքի գիշերը սխալմամբ է ընդունել նշանս։ Լա՛վ։ Բայց նրանից հետո այս չորրորդ անգամն է, որ գնում եմ նրանց տուն, հիմա հո ճանաչե՞ց։
— Պետք է ենթադրել, որ ճանաչեց, որովհետև ոչ տարած թանկագին ընծայիդ վրա ուզեց թքել և ոչ էլ...— ուզում էի ասել «քեզ վրա»— և մի քիչ մնաց, որ գիրքն էլ գլխովդ տար։
— Ընդունում եմ, ճիշտ է, այդ բոլորը ճիշտ է, և այդ բանը սրտիս շատ դիպավ։ Բայց դու ինձ ասա. մատանին հո մատին էր։ Հը՞, հո մատի՞ն էր։
— Ասենք, թե մատին էր։
— Ի՛նչպես թե՝ ասենք։ Չտեսա՞ր, որ մատին էր։
— Լավ, մատին էր, հետո՞։
— Հետո ա՛յն, որ... ի՞նչ է նշանակում այդ. ինձ չի հավանում և միևնույն ժամանակ տվածս մատանին մատն է դրել։ Ինչո՞ւ չհանեց, չվերադարձրեց ու չասաց. «Պարոն, ահա ձեր մատանին, որ ես չճանաչելով ձեզ, սխալմամբ եմ ընդունել։ Այժմ, որ ճանաչեցի ձեզ, խնդրեմ ետ առեք, ես ձեր կինը չեմ կարող լինել»։
Ակամա ծիծաղս եկավ ոչ թե այդ խոսքերի, այլ այն պարզամիտ լրջության վրա, որով արտասանեց այդ խոսքերը։
— Բայց նա այդպիսի բան չարավ,— շարունակեց Գարեգինը նույն գրգիռով, առանց ուշադրություն դարձնելու ծիծաղիս։— Ինչո՞ւ չարավ։ Հը... քեզ եմ հարցնում։
— Երևի վախեցավ, թե մի անգամ սխալված լինելով՝ մի գուցե այս անգամ էլ սխալված լինի,— նկատեցի ես, շարունակելով ծիծաղել։
— Չէ, մի՛ հեգնիր խնդրեմ։ Այնպիսի բաներ անելուց հետո, այդ էլ որ աներ, ի՞նչ զարմանալու բան կլիներ։ Բայց չարավ։ Ինչո՞ւ։ Որովհետև... Այստե՛ղ է, ահա, որ ոչ ես եմ ճանաչում նրան, ոչ դու և ոչ, այո՛, նույնիսկ ծնողները գուցե, և դու իզուր ես շտապում քո դատավճիռը կարդալու։
— Ուրե՞մն։
— Ուրեմն ա՛յն, որ ես նրանից ձեռք չեմ վերցնի և նրա կողմից մերժվելու խայտառակությունից էլ չեմ վախենում, իմացա՞ր։
— Իմացա։
— Դե որ իմացար, էլ բան չունեմ ասելու և... բարի գիշեր։
Եվ նա ինձ համար բոլորովին անակնկալ կերպով թողեց ինձ ու հեռացավ արագ քայլերով, երևի վախենալով, որ ես իմ հոռետեսությամբ կարող եմ նորից փոխել իր տրամադրությունը իր լավատես ապագայի հեռանկարների նկատմամբ։
Ես մնացի նրա ետևից նայելիս։ Ինձ պարզապես ապշեցրել էր նրա տարօրինակ գրգիռը և մանավանդ համառությունն ու վճռականությունը, որովհետև մինչև այժմ ես նրան ճանաչել էի իբրև շատ հանգիստ, կամազուրկ ու կրավորական բնավորության տեր մի երիտասարդի, որ միշտ լսում էր ինձ։
Անցավ մոտ մի ամիս։ Այդ բոլոր ժամանակամիջոցում Գարեգինը ոչ մի անգամ չերևաց։ Ես արդեն այն համոզմանն էի եկել, որ նա թունդ խռովել է ինձնից և վճռել է առանց ինձ պսակվել կամ արդեն իսկ պսակվել է, եթե միայն մերժում չի ստացել Սառայից, ինչպես ես էի ենթադրում։ Բայց ահա մի երեկո եկավ ինձ մոտ աշխույժ ու կենդանի և, այն արտասովոր խանդավառ տրամադրության մեջ, որ համակել էր նրան նշանվելու օրից։
— Ո՞ւր էիր չքացել,— հարցրի։
— Ոչ մի տեղ։
— Բաս էլ չերևացիր։
— Ո՞րտեղից երևայի, քանի որ շունչ քաշելու ժամանակ էլ չունեի։ Ամբողջ օրը փողոցներն ընկած՝ նոր բնակարան էի որոնում։ Հետո օրինավոր տուն-տեղ պիտի դնեի՞, թե ոչ։ Այժմ, որ ամեն բան պատրաստ է, եկել եմ հայտնելու, որ այս կիրակի պսակվում ենք։
— Արդե՞ն։ Իսկ ես կարծում էի...
— Դու շատ բան ես կարծում,— ընդհատեց ինձ Գարեգինը։— Դու այն էլ էիր կարծում, թե այս բանը գլուխ չի գա, կքանդվի։ Քո ջիգրու ոչ ես ձեռք վերցրի նրանից, ոչ էլ նա մերժեց ինձ։ Այժմ այնպես մտերմացել է հետս, որ կարծես մանկությունից իրար հետ ենք մեծացել։
— Իսկ «դու»-ի և «դուք»-ի խնդիրն ի՞նչպես լուծվեց։
— Իհարկե, «դու»-ի օգտին։ Հա՛, մի անգամ հարցրի նրան, թե ի՞նչ էր նշանակում այն գիշերվա օյինները, ասաց, որ լավ է այդ մասին ոչինչ չհարցնեմ, որովհետև ինքը շատ է զղջում և ամաչում իր արարքից, մանավանդ որ այդ բանը թույլ էր տվել իրեն քո ներկայությամբ։ «Ինչ անեմ,— ասաց, շատ ջղային եմ և այն գիշերն,— ասաց,— շատ վատ տրամադրության մեջ էի»։ Բայց գիտե՞ս ինձ ինչն է զարմացնում. հո տեսար՝ ինչքան խոհուն, լուրջ աղջիկ է, բայց երբեմն այնպիսի բաներ է անում, որ կարծես երեխա լինի։
— Ի՞նչ, այդ էլ նո՞ր բան է,— հարցրի։
— Օրինակ, երեկ շոկոլադ էի տարել, նստած՝ միասին էինք ուտում։ Երկու հատ ինքն իր ձեռքով դրեց բերանս։ Հետո, մի հատ էլ որ ես էի ուզում դնել նրա բերանը, մատս կծեց և ծիծաղեց։ Ծիծաղելիս էլ ուրիշ տեսակ է ծիծաղում. ծիծաղում է հանկարծ և հանկարծ էլ լուրջ դեմք առնում։ Իսկ անցյալ օրը Մուշտայիդ էինք գնացել գբոսնելու։ Իջանք գետափը։ Սկսեց քարեր շպրտել գետի մեջ կռկռացող գորտերի վրա։ Հետո մի քար էլ վերցրեց, պատրաստվեց նետելու և ասաց. «Ձեռքիս նայիր»։ Նայեցի։ «Ո՞ր ձեռքով եմ գցում», հարցրեց։— Աջ.— ասացի։ Քարն ուժգին թափով նետեց այս անգամ գետի կողմը։ Ու նետելուց հետո հարցրեց. «Ոչինչ չնկատեցի՞ր»։— Ի՞նչ,— հարցրի։ «Չնկատեցի՞ր,— ասաց,— որ աջ ձեռքս շարժում եմ ձախլիկ մարդու պես»։ Եվ որովհետև չհասկացա նրա խոսքերի իմաստը, այսպես բացատրեց. կանայք առհասարակ ձեռքի ճարպիկ և ուժգին թափ չունեն. նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտի, նրանց մկանների ուժը բնությունից, թե դաստիարակությունից ընդարմացած է, և դրա համար է, որ կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից, ինչպես տղամարդը կլուծի։
— Լավ, քարեր նետելն ի՞նչ կապ ուներ այդ խոսքերի հետ,— հարցրի ես։
— Ես ի՛նչ գիտեմ,— ասաց Գարեգինն ուսերը թոթվելով և շարունակեց։— Հետո, գետափից որ բարձրացանք վերև, նստեցինք մի նստարանի վրա, հովանոցի ծայրով մի բան գծագրեց հողի վրա և հարցրեց։— «Այս ինչ է»։ Շուն է,— ասացի։ «Բաս շունը ոտներ չի ունենա՞» ասաց։ — Նկարիր ու կունենա է՛լի,— ասացի ծիծաղելով։ Գծագրածի վրա հանկարծ խաչ քաշեց բազմապատկության նշանի ձևով ու ասաց․ «Այս ոչ թե շուն է, այլ ատրճանակ»։
— Ի՞նչ։
— Ատրճանակ։
Չգիտեմ ինչու, այդ բանն ինձ ավելի հետաքրքրեց։
— Լավ, ինչո՞ւ անպատճառ ատրճանակ էր գծագրել։
— Ես ի՛նչ գիտեմ,— եղավ նորից Գարեգինի կարճ, անփույթ պատասխանը։
— Չբացատրե՞ց։
— Չէ։ Միայն հարցրեց. «Մարդ կարո՞ղ ես սպանել»։
— Ի՞նչպես թե մարդ... ինչե՜ր ես պատմում,— բացականչեցի ես պարզապես ապշած։
— Ես բառացի պատմում եմ այն, ինչ որ խոսել ենք։ Աստված է վկա,— երդվեց Գարեգինն իր սովորական պարզամտությամբ։
— Հետո ի՞նչ պատասխանեցիր։
— Ի՞նչ կարող էի պատասխանել։ Զարմացա։ Ես երևակայել անգամ չեմ կարող, ասացի, թե ինչպես կարելի է մարդ սպանել։ Զինվորական ծառայությունը թողի, ինչո՞ւ համար,— որովհետև տեսա, որ ինձ օրը-օրին չարչարում են մի նպատակով միայն, մի սարսափելի նպատաակով,— որ սովորեցնեն մարդ սպանելու արհեստը, այնինչ ես դեռ երեխա էի. փախչում էի, երբ իմ առջև հավ էին մորթում։ «Ուրեմն դու վախկոտ ես»,— ասաց։— Անձնազոհությունը, կարծեմ, ավելի մեծ քաջություն է,— ասացի,— իսկ ես պատրաստ եմ ինձ կրակը նետել՝ ուրիշի կյանքը փրկելու համար, բայց ուրիշին կյանքից զրկել — այդ ոչ թե քաջություն է, այլ պարզապես հրեշություն։ «Բայց չէ՞ որ,— ասաց,— ամեն մի սպանություն, խոսքս սովորական ավազակության մասին չէ, իհարկե,— իր զորավոր դրդապատճառն է ունենում»։— Ոչ մի պատճառ,— ասացի,— որքան էլ որ զորավոր լինի, չի կարող արդարացնել մարդասպանությունը, որովհետև մարդ էակը չէ՞ որ այդ ես եմ, այդ դու ես, այդ այս կենսաբուխ արյունն է, որ եռում է մեր երակների մեջ, այդ այս հրաշալի աշխարհն է, ուր մահից հետո դարձ չկա այլևս, այդ այս պայծառ արևն է, որի տակ վերջին մրջյունն անգամ իրավունք ունի ապրելու, և մարդ սպանել — կնշանակի արևը հանգցնել։ Ոգևորվել էի և, ճիշտն ասած, լավ էի խոսում, մանավանդ որ լսում էր մեծ ուշադրությամբ և աչքերը աչքերիցս չէր հեռացնում։ Գարեգինը պատմում էր այնքան կենդանի կերպով, որ ինձ թվում էր, թե ինքս ներկա էի նրանց տարօրինակ խոսակցությանը Մուշտայիդի այգում։
— Լսիր,— ասացի,— չգիտեմ, այդ մասին մտածե՞լ ես թե ոչ, բայց դու շատ խորհրդավոր բաներ պատմեցիր։
— Ի՞նչ խորհրդավոր բաներ,— հարցրեց Գարեգինը զարմացած, որից եզրակացրի, որ բնավ չէր մտածել այդ մասին։
— Խորհրդավոր չթվացի՞ն քեզ նախ նրա այն խոսքերը, թե կանայք առհասարակ չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից այնպես, ինչպես տղամարդը կլուծի, հետո այն, որ նա դեռ ատրճանակ նկարեց, հետո հարցրեց մարդ կարո՞ղ ես սպանել։
Գարեգինը ծիծաղեց։
— Զարմանալի կասկածամիտ մարդ ես,— ասաց,— ամեն մի չնչին բանում ինչ-որ խորհրդավորություն ես նկատում։ Ամեն մի խոսակցության Ժամանակ մարդ կարող է հազար ու մի միտք հայտնել հենց այնպես, առանց որևէ հետին իմաստի։ Ատրճանակն էլ․․․ դե ձեռքի պատահական մի շարժում էր, փոխանակ շուն կամ կատու գծվելու, ատրճանակի նման մի բան դուրս եկավ, ու այդտեղից էլ, բնականաբար, բացվեց սպանության մասին եղած խոսակցությունը։ Այստեղ ի՞նչ խորհրդավոր բան կարող է լինել։ Ինչպես տեսնում եմ, դու շատ լավ պրոկուրոր կլինես,— ավելացրեց նա նորից ծիծաղելով։
Թեև ինձ համար բնավ պարզ չէր այդ բացատրությունը, նկատի ունենալով Սառայի տարօրինակությունները, բայց և այնպես խոհեմություն համարեցի չշարունակել այդ խոսակցությունը, չուզելով այդ միամիտ երիտասարդի սիրտը թունավորել այն անորոշ կասկածով, որ նրա խորհրդավոր պատմությունը հարուցել էր իմ մեջ։ Այնուամենայնիվ, քիչ հետո էլի չդիմացա և ընկերական պարտքս համարեցի նորից նախազգուշացնելու նրան Սառայի հետ ամուսնունանալոց, որովհետև մի ներքին ձայն շարունակ ասում էր ինձ, որ նա դժբախտ պիտի լինի՝ իր կյանքն այդ աղջկա հետ կապելով։
Գարեգինը կարճ ժամանակ նայում էր ինձ վերին աստիճանի խղճալի, նույնիսկ պաղատագին հայացքով, հետո քիչ մնաց լաց լինի։
— Խնդրում եմ, աղաչում եմ, Միքայել, մի կոտրիր սիրտս,— ասաց լացակումած ձայնով, և նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին։— Ես նրան սիրում եմ։ Սիրում եմ անչափ։ Սա իմ անդրանիկ սերն է։ Ես պաշտում եմ նրան։ Որ թույլ տա, մոմ կվառեմ նրա առջև, ծունկ կչոքեմ և կհամբուրեմ այն գետինը, որի վրա ոտք է դնում։ Մոտը եղած ժամանակ այնքան երջանիկ եմ զգում ինձ, որ նույնիսկ վախենում եմ, թե մի գուցե մի ցնորք, մի տեսիլք լինի ու հանկարծ չքանա։ Նրա գլուխը... գիտե՞ս ի՛նչ բան է նրա գլուխը... աշխարհիս երեսին դեռ ոչ մի նկարիչ չի ստեղծել այդպիսի գլուխ, դեռ ոչ մի քանդակագործ չի կերտել այդպիսի մի հրաշալիք: Խենթանում եմ, որ երևակայում եմ, թե կարող եմ, թե իրավունք պիտի ունենամ գրկելու այդ գլուխը, համբուրելու շփելու այդ հրաշալի մազերին։ Ձեռք քաշեմ նրանից. ավելի լավ չէ՞ ասես՝ ձեոք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց այդ ճակատը, այդ աչքերը, այդ շրթունքները, դեմքս շփելու այդ հրաշալի մազերին։ Ձեռք քաշեմ նրանից․ ավելի լավ չէ՞ ասես՝ ձեռք քաշեմ իմ կյանքից, իսկ նրան սիրելուց հետո այնպե՜ս սիրում եմ կյանքը...
Նրա այս ծիծաղելի պաթետիկ խոսքերից հետո, որ, սակայն, նա արտասանում էր սրտի խորքից, ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ հորդորներս ու խրատներս ծալել մի կողմը դնել և դեպքերը թողնել իրենց բնականոն ընթացքին։ Այդպես էլ արի, որովհետև տեսա, որ գործ ունեմ մի տիպիկ սիրահարվածի հետ, որի վրա ոչ մի բարի խորհուրդ ու հորդոր ազդել չի կարող։ Վերջը նույնիսկ համաձայնություն հայտնեցի, որ նրա խաչեղբայրը կլինեմ։ Անչափ ուրախացավ, վրա ընկավ, գրկեց և սկսեց խելագարի պես համբուրել ինձ։ Մինչև վերջին րոպեն էլ չէի հավատում, թե ամուսնությունը գլուխ կգա, գլխավորապես այն ծայր աստիճան անբարենպաստ տպավորության պատճառով, որ թողել էր ինձ վրա Սառան իմ առաջին այցի ժամանակ իր բնավորության նկատմամբ։
Բայց այդ ամուսնությունը ոչ միայն գլուխ եկավ, այլև պսակի գիշերը Սառան իր պարկեշտությամբ, իր տխուր-մտախոհ հեզությամբ կարող էր օրինակելի նորահարս լինել։ Ապշած էի մնացել.— ո՞ւր էր չքացել նրա դեմքի վանող արտահայտությունը, նրա այնքան ջղային, անհրապույր վարմունքը։ Ինձ թվում էր, թե կամ մի հրաշքով վերածնվել էր Սառան, կամ իմ առջև տեսնում էի մի բոլորովին այլ աղջիկ, որը ոչ մի բանով չէր հիշեցնում ինձ իմ տեսած Սառային։
Այդ գիշեր միայն տեսա, թե որքան սքանչելի էր նրա գեղեցկությունը հարսանեկան սպիտակ զգեստի մեջ։ «Նրա գլուխը... գիտե՞ս ինչ բան է նրա գլուխը»— ակամա միտս եկան Գարեգինի խոսքերը, երբ ներս մտա պայծառ լուսավորված հյուրասենյակը և տեսա այդ խորհրդավոր աղջկա լայն, խոհուն, փղոսկրի սպիտակությամբ փայլող ճակատը գագաթին հավաքած շքեղ սև մազերով, սպիտակ շղարշի փրփուրների մեջ։ Մի հավերժահարս էր, որի առջև իսկապես պետք էր ծունկ խոնարհել և սքանչացման, սրբազան երկյուղածության ու պաշտամունքի խոսքեր մրմնջալ։ Ու նոր հասկացա, և այս անգամ բնավ ծիծաղելի չթվաց ինձ, թե ինչու Գարեգինը սիրո էքստազի մեջ մոմ էր վառում նրա առջև, ծնրադրում ու համբուրում այն գետինը, որի վրա ոտք էր դնում նա։
Մայիսյան ծաղիկների մի շքեղ փունջ էի տարել։ Մատուցի։ Ընդունելիս մեղմորեն ժպտաց և գլխի թեթև խոնարհումով շնորհակալություն հայտնեց։
Այդ գիշեր մի տարօրինակ վախկոտություն էի նկատում Գարեգինի մեջ. ման էր գալիս ոտների մատների վրա, շատ չէր խոսում, շուտ-շուտ կարմրում էր և քրտնում, երբ աները իրեն հատուկ բարեսրտությամբ որևէ նկատողություն էր անում կատակով։ Բայց այդ բոլորի հետ միաժամանակ հարսնացուի վրա նայում էր մի տեսակ գողունի հիասքանչումով։ Ըստ երևույթին, Սառայի այդ գիշերվա հեզությունը և մանավանդ գեղեցկությունը նրա համար էլ անսպասելի մի նորություն էր, և նա ճնշվում էր այն գիտակցության տակ, որ այդ գեղեցկուհին իրենն էր վերջնականապես, իր սեփականը, վախենալով միաժամանակ, թե մի գուցե դա, իսկապես, ինչպես ինքն էր ասում, մի ցնորք, մի տեսիլք լիներ ու հանկարծ չքանար։ Ու ինձ թվում էր, թե իր հոգու խորքում իրեն արժանի չէր համարում այդ բախտավորությանը։
Հարսանիքը շատ համեստ էր, որովհետև Սառան այդպես էր կամեցել։ Հյուրերի թվում ներկա էին նորահարսի ամենամերձավոր ազգականները, նրա ընկերուհիներից մի երկուսը, վերջինների թվում Ժյուլ Սիմոնը կարդացող ընկերուհին — մի շատ համարձակ և շատախոս աղջիկ, որը տեղի-անտեղի սրախոսում էր և բարձրաձայն ծիծաղում. իսկ փեսացուի կողմից հրավիրված էին նրա մի երկու ազգական կանայք և մի քանի պաշտոնակիցներ, այնպես որ բոլորս միասին առած՝ հազիվ մի տասը-քսան հոգի լինեինք։
Պսակից մի երկու շաբաթ հետո ավելի շուտ հետաքրքրությունից, քան քաղաքավարական մի պարտք կատարելու համար, այցելեցի նորապսակ զույգին (դրանից մի օր առաջ նրանք այցելել էին ինձ, բայց, դժբախտաբար, ես տանը չէի եղել)։
Գարեգինը թողել էր իր հայրական մռայլ տունը, ուր ապրում էր ամուսնանալուց առաջ, և վարձել էր քաղաքի ամենալավ և խաղաղ թաղերից մեկում մի շատ սիրուն բնակարան մի մեծ տան վերին հարկում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում ամբողջ քաղաքի վրա և դեպի լեռնային հորիզոնները։
Աղախինը նոր էր առաջնորդել ինձ դեպի ընդունարան, որ դրսից, երկաթե պատշգամբից, ներս վազեց Գարեգինը, չափազանց ուրախ ու կայտառ, գրկեց, համբուրեց ինձ և ձեռքիցս բռնած, անմիջապես տարավ դեպի պատշգամբը, ուր իմ գալուց առաջ նստած էր իր նորատի կնոջ հետ և երեկոյան թեյն էր վայելում։
Սառան, հակառակ սպասածիս, ինձ ընդունեց բավական սառն կերպով։ Իսկույն մտքովս անցավ, որ Գարեգինն իր անհեռատես պարզությամբ, անշուշտ պատմել էր նրան, թե ինչ կարծիք էի կազմում նրա մասին ամուսնությունից առաջ և ինչ խորհուրդ էի տալիս իրեն։ Եվ այն ուրախ տրամադրությունը, որ հաղորդել էր ինձ Գարեգինն իր աղմկալի ընդունելությամբ, միանգամից կոտրվեց Սառայի այդ անբարեհաճ ընդունելության հանդեպ։ Զղջացի, թե ինչու այդ բանը չէի նախատեսել և Գարեգինին չէի նախազգուշացրել, որ ամուսնությունից առաջ Սառայի մասին մեր միջև եղած խոսակցությունը պահի իր համար: Բայց էլ ի՞նչ կլիներ։ Այժմ, քանի որ բանը բանից անցել էր, պետք է ամեն կերպ աշխատեի ցույց տալ Սառային, որ ես ոչ միայն փոխել եմ իմ կարծիքն իր մասին, այլև չափազանց հարգում եմ իրեն և շատ ուրախ եմ, որ նրան իմ ընկերոջ ամուսինն եմ տեսնում։ Բարեբախտաբար, այդ շատ էլ դժվար չեղավ. Գարեգինն իր սիրահարվածի և մեղրամիսը վայելող երջանիկ ամուսնու խանդավառ ոգևորությամբ, որով ակամա վարակում էր դիմացինին, մի տեսակ հաշտեցնողի, մերձեցնողի դեր էր կատարում իմ ու Սառայի միջև:
— Հավանում ես, չէ՞, մեր այս բնակարանը և այս տեսարանը,— ասաց Գարեգինը՝ ցույց տալով Կովկասյան լեռներն այնպիսի մի պարծենկոտությամբ, որ կարծես այդ բնակարանն էլ, այդ տեսարանն էլ իր ստեղծագործության արդյունքն էին։— Տես, որքան պարզ է հորիզոնը, ամպի նշույլ անգամ չկա, և ինչպես պսպղում են այն վիթխարի սարերն իրենց սպիտակափառ գագաթներով. ձյուն չէ, կարծես, այլ արծաթի մի հսկայական զանգված։ Հենց նոր ես ու Սառան ծրագրում էինք այս ամառ մի ճանապարհորդություն կատարելու այդ կողմերով դեպի հյուսիս և գուցե այնտեղից էլ դեպի արտասահման: Դու անցել ես, չէ՞, Ռազմավիրական ճանապարհով։ Ի՜նչ հրաշք ու հրաշալիք, ի՜նչ սարսափ ու հիացք. այդ գահավեժ անդունդները, այդ ահավոր գագաթները, որոնք թռել էին երկինք և կորել ամպերի մեջ: Վերևը երկինք, ներքևը, անդունդների երախի մեջ գալարվող գոռ գետը, որ իր կատաղի վազքով թնդացնում է այդ անդունդները կատաղության փրփուրը բերանին. իսկ մեջտեղը — դու քո փոշոտ խճուղով, որ օձի պես գալարվելով գոտևորում է այդ անվերջ վերելքներն ու վայրէջքները։
— Դու բանաստեղծ ես եղել,— նկատեցի ես ծիծաղելով և նայեցի Սառային։
Սառան նստած էր լուռ և կենտրոնացած հայացքով նայում էր Կովկասյան լեռների կողմը, բայց նկատեցի, որ կատակով արած իմ նկատողության վրա հազիվ նշմարելի մի ժպիտ անցավ նրա դեմքի վրայով։
— Բանաստեղծ,— բացականչեց Գարեգինը։— Մի՞թե դու կարծում ես, թե նա՛ է միայն բանաստեղծ, ով վարժվել է հանգերով ոտանավորներ գրել։ Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է։ Ես առհասարակ բոբիկ եմ գրականության պատմությունից, շատ քիչ եմ ծանոթ մեծ պոետների կենսագրություններին, բայց համոզված եմ, որ ամենալավ պոետներն, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են, որովհետև սերը... գիտե՞ս ինչ բան է սերը։ Սերը... Ասենք դու չե՛ս հասկանա, որովհետև... չնայելով, որ դու սիրո նկարագրություններ ունես քո գրվածքների մեջ, բայց սիրո իսկական նկարագիրը տալու համար պետք է...
— Բանաստեղծ դառնամ քեզ պես,— վրա բերի ես ծիծաղելով և նորից նայեցի Սառային։
— Այո, պետք է սիրես ինձ պես. ի՛նձ պես,— շեշտեց Գարեգինը և, խոնարհվելով դեպի նորատի կինը, քնքշորեն առավ նրա ձեռքն ու սկսեց կաթոգին համբուրել։
Սառան նայեց ինձ և ժպտաց այնպիսի հայացքով, որով կարծես ասում էր՝ «տեսնո՞ւմ եք որքան մեծ երեխա է»։ Այդ լուռ դիմումի, այդ բարի ժպիտի մեջ ես հալված տեսա նրա դեպի ինձ ցույց տված սառնությունը, որ սկզբում բավական կաշկանդում էր ինձ։
Շուտով Սառայի տրամադրությունն այն աստիճան բացվեց, որ նա սկսեց ոչ միայն մասնակցել մեր խոսակցությանը, այլև վերաբերվել դեպի ամուսինը ճիշտ այնպես, ինչպես ես էի վերաբերվում — կես-լրջորեն, կես-կատակով և զիջողաբար, որ անշուշտ սիրո նշան էր, այն անմեղ սիրո, որպիսին մեծերն են տածում դեպի փոքրիկները։ Ասենք այդպիսի վերաբերմունքի բուն պատճառը պետք էր որոնել իրեն իսկ Գարեգինի մեջ, որի անսահման բարի սիրտը, կայտառ հոգին, ոգևորված շատախոսությունը և պարզամիտ փիլիսոփայական հայացքները միշտ այդպիսի վերաբերմունք էին թելադրում փոքրիշատե խելահաս խոսակցին։ Ինձ թվում էր, որ եթե Գարեգինը ներկա չլիներ, ես ու Սառան երկու խոսք չէինք գտնի իրար ասելու, մինչդեռ նրա ներկայությամբ մեր խոսակցությունն ի՜նչ բանի վրա ասես չէր դառնում։
Գարեգինի խանդավառությանը քիչ չէր նպաստում, անշուշտ, իմ այցը, մայիսյան հրաշալի երեկոն և մանավանդ իր պաշտած նորատի կնոջ ներկայությունը, որի գեղեցկությամբ, ինչպես թվում էր ինձ, պարծենում էր իմ առջև իր հոգու խորքում։
Այդ երեկո ես նորից առիթ ունեցա համոզվելու, որ Սառան հիրավի մի կատարյալ գեղեցկուհի էր, այն ուրույն գեղեցկուհիներից, որոնց դեմքի ինքնատիպ գծագրությունը մի անգամ տեսնելուց հետո խորապես դրոշմվում է մարդու հիշողության մեջ։ Նա հագած ուներ յապոնական ձևի տնային թեթև վերնազգեստ կարճ ու լայն թևերով, ծայրեզերված պերճ անկվածներով։ Երբեմն, երբ ձեռքերը բարձրացնում էր հարուստ մազերն ուղղելու, լայն թևերը ետ ծալվելով մերկացնում էին նրա արմունկները սպիտակ ու ողորկ և ծածկված փայլուն աղվամազով՝ ոսկու փոշու մեջ։
Բայց ինձ ավելի հետաքրքրում էր նրա ներքինը, քան թե արտաքինը, նրա հոգին, քան թե գեղեցկությունը։ Ու, դիտելով նրան, աշխատում էի նրա դեպի ամուսինը ցույց տված վերաբերմունքից կանխագուշակել, թե երկա՞ր կդիմանա արդյոք այդ «մեծ երեխայի» ձեռքին։ Թեև այդ նորատի կինը դեռևս մի կատարյալ հանելուկ էր ինձ համար, բայց լավ ճանաչելով նրա ամուսնուն, եզրակացությունս տխրառիթ էր։ Մի կին — լիներ նա Սառան թե մի ուրիշը — կարող էր խղճալ, գուրգուրել և սիրել Գարեգինին այնպես, ինչպես մեծ քույրը փոքր եղբորը, բայց կապվել նրա հետ կանացի բոցոտ սիրով՝ անկարող էր, որովհետև Գարեգինի իր բոլոր պատվական առաքինություններով հանդերձ զուրկ էր կնոջ մեջ այդպիսի անվերապահ սեր հարուցանող բացասական առաքինությունից — արուի ամեն ինչ ընկճող, ամեն ինչ հպատակեցնող միահեծան կամքից — մի բան, որ բոլոր դրական բարեմասնություններից ավելի սիրում է կինը տղամարդու մեջ։
Մինչդեռ ես, այս խոհերին անձնատուր, դիտում էի այդ անհամապատասխան զույգը, Գարեգինը անհոգ ու երջանիկ, խոսում էր, հա՛ խոսում, ջրաղացի չախչախի պես անդնջում։
Ու չնկատեցի, թե ինչպես արևն արդեն հանգցրել էր իր վերջին ճաճանչները, և մութը սկսել էր բարձրանալ երկրի կրծքից։ Մի աներևույթ ձեռք կարծես գորշագույն շղարշ էր փռում քաղաքի վրա, և այդ շղարշը քանի գնում, այնքան թանձրանում էր։ Եվ ահա այստեղ ու այնտեղ սկսեցին փայլփլել առաջին ճրագները սկզբում աղոտ, հետո քանի բարձրանում էր խավարը, ավելի ու ավելի պայծառ։ Եվ մինչդեռ քաղաքն արագորեն սև էր հագնում՝ կորցնելով իր գծագրությունը, երկինքը դեռ երկար ժամանակ լուսավորված էր վերջալույսի մեռնող փայլով:
Շատ էի ուզում գեթ մի քանի րոպե մենակ մնալ Գարեգինի հետ, որպեսզի հարցուփորձ անեի Սառայի մասին, բայց այդ չհաջողվեց։ Սառան շարունակ նստած էր մեզ մոտ, և եթե կարիք էր լինում հյուրասիրության վերաբերմամբ որևէ պատվեր տալու աղախնին, միշտ Գարեգինն էր գնում։ Իսկ երբ, բավական ուշ, վեր կացա հրաժեշտ տալու, Սառան ևս եկավ մինչև դուռը ճանապարհ դնելու ինձ և ամուսնու հետ խնդրեց, որ շուտ-շուտ այցելեմ իրենց։
Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես, հակառակ ցանկությանս, այլևս հնար չունեցա այցելելու նրանց։ Մի քանի օրից մի անակնկալ շտապ գործով հեռացա Թիֆլիսից ես ամբողջ ամառը, մոտ երեք ամիս բացակա էի։ Այնուհետև երբ վերադարձա, առաջին գործս այն եղավ, որ տեսության գնացի բարեկամներիս։ Բայց նրանց բնակարանը փակ գտա, և հարևաններն ինձ ասացին, որ նորապսակ զույգը դեռևս հունիսին մեկնել է քաղաքից հայտնի չէ ուր։ Նոր հիշեցի, որ նրանք մտադիր էին ամառը մի ճանապարհորդություն կատարելու։ Մի ամսվա ընթացքում նորից մի քանի անգամ գնացի Գարեգինի բնակարանը և միշտ էլ բացակա գտա նորապսակ զույգին։ Գնացի պետական կալվածների տեղական վարչությունը, և այնտեղ ինձ ասացին, որ Գարեգինը պսակվելու օրից թողել է պաշտոնը և հայտնի չէ ուր է գնացել։ Գնացի Սառայի հորանց տուն, որ նրանցից տեղեկանամ, թե ո՛ւր է չքացել նորապսակ զույգը և ե՛րբ կվերադառնան, բայց այնտեղ էլ այն միայն իմացա հարևաններից, որ Բաղիրյանը տնով-տեղով քոչել է Բաթում, պաշտոնով փոխադրվելով այնտեղի մաքսատուն։
Վերջ ի վերջո ստիպված եղա դադարեցնել որոնումներս և նույնիսկ գրեթե մոռացել էի բարեկամներիս, երբ բախտը նորից դեմ-հանդիման բերեց մեզ իրար, բայց այս անգամ այնքան անակնունելի, այնքան տարապայման պարագաներում, որ այն, ինչ որ պատահեց, մինչև օրս էլ մղձավանջային մի ծանր երազ է թվում ինձ։
Սակայն առաջ չվազեմ և դեպքերը պատմեմ իրենց հաջորդականությամբ։ Նոյեմբերի մի ցուրտ գիշեր, երբ, երեկոյան պաշտոնական աշխատանքս վերաջացնելուց հետո, վերադարձա տուն և մտա ննջարանս՝ գրական գործովս պարապելու (ննջարանս միշտ տաք էր, որի պատճառով այդտեղ էի փոխադրել գրասեղանս), ակամա կանգ առա զարմացած։ Գրասեղանիս վրա վառվում էր լամպը։ Մահճակալիս վրա երեսնիվեր պառկած էր մեկը և խռմփալով քնած էր։ Վերմակը, ինչպես երևում էր, սկզբում ծածկել էր, բայց հետո, քնի մեջ, պատի կողմն էր գցել։ Աջ ձեռքը կախ էր ընկել, մահճակալից ներքև։ Ժիլետի կոճակները բաց էին, և տակից երևում էր սատինի կապույտ վերնաշապիկը, որի օձիքը կապվում էր կողքից։ Բաճկոնը, մաշված աստառով, կախված էր մահճակալի գլխից։ Գլխարկը, ուսանողական կապույտ երիզով, ընկած էր բաճկոնի տակ հատակի վրա։ Ճամփորդական երկարաճիտ կոշիկներից մեկը հագին էր, մյուսը երկարումեկ պառկած էր մահճակալի առջև։ Աթոռի վրա ընկած էր ձմեռվա վերարկուն մազի օձիքով և մաշված աստառով, որի տակից տեղ-տեղ սպիտակին էր տալիս բամբակը։ Սենյակի անկյունում դրված էր մի ահագին ճամպրուկ՝ թոկով կապկպած, ջարդված ու ճխլված։
Զարմանքը տիրել էր ինձ։ Մոտեցա, որ լավ դիտեմ, թե ով կարող էր լինել այդ անկոչ հյուրը, որ այդպես ազատ-համարձակ եկել տեղավորվել էր սենյակումս։ Կարճ խուզած, բայց շատ խիտ և շատ սև ու փայլուն մազերով, ժամանակին չսափրած լիքը դեմքով և առատամազ հոնքերով, արծվաքիթ մի երիտասարդ էր,— բոլորովին անծանոթ մի դեմք։ Դուրս գնացի խոհանոց, զարթեցրի ծառային և սկսեցի հարցուփորձ անել։ Նրա քնաթաթախ կցկտուր խոսքերից այս միայն իմացա, որ անկոչ հյուրս եկել է կառքով, մթնշաղին, մի ուրիշ պարոնի հետ, այդ պարոնը հեռացել է նույն կառքով, իսկ հյուրս իր ճամպրուկով ուղղակի մտել է, իմ անունս է տվել, ուտելու բան է պահանջել և, ոչինչ չստանալով, հանվել պառկել է անկողնումս, պատվիրելով, որ երբ գամ, զարթեցնի։
Վերադարձա ննջարանս և սկսեցի նորից դիտել քնած հյուրիս դեմքը։ Երկար ժամանակ հիշողությանս մեջ պրպրտում էի ինձ ծանոթ հին, մոռացված դեմքեր, որպեսզի նմանություն գտնեի դրանցից որևէ մեկի և անկոչ հյուրիս միջև, բայց և այնպես քնածի դեմքը մնում էր բոլորովին անծանոթ։
Ու մինչդեռ կանգնած էի նրա առջև և ապարդյուն պրպրտումներ էի անում հիշողությանս մեջ, նա, բերանը բաց, շարունակում էր խռմփալ այնքան ուժգին, որ զարմանում էի, թե ինչպես էր, որ իր սեփական խռմփոցի ձայնը չէր զարթեցնում նրան։ Երբեմն խռմփոցը կտրվում էր, և նրա բաց բերանից այնպիսի կերկերուն ձայներ էին դուրս գալիս, որ ինձ թվում էր, թե խեղդվում է։
Ձեռքս կամաց տարա նրա ուսին ոչ այնքան նրան զարթեցնելու, որքան նրա անտանելի խռմփոցի ձայները կտրել տալու համար։ Ձեռքիս շփումից նա հանկարծ մի կատաղի խռռոց արձակեց, լռեց, շարժվեց և աչքերը բանալով՝ ուղղակի տնկեց վրաս խոր քնից հանկարծ արթնացածի խելագար հայացքով, հետո աչքերը ման ածեց այս ու այն կողմը և նորից բերեց տնկեց վրաս։
— Մարգարյանն ես, չէ՞,— հարցրեց խռպոտ ձայնով։
Ոչինչ չպատասխանեցի։ Այժմ, որ նրա աչքերը,— խոշոր, սև աչքերը,— բաց էին, ինձ թվաց, թե այդ դեմքը ծանոթ է ինձ։
Ոտները ցած դրեց մահճակալից և սկսեց հետաքրքիր հայացքով նայել աչքերիս։
— Դե Միքայել Մարգարյանն ես, է՛լի, որ կաս,— ասաց դրական կերպով, կանգնեց, գրկեց ինձ և համբուրեց շրթունքներս։— Բայց այդ ի՞նչ է, արդեն ծերանո՞ւմ ես. մազերդ սկսել են սպիտակել։
— Ներողություն... ես.․.— թոթովեցի նրա անսպասելի մտերմական վարմունքից շփոթված, դեռևս լավ չկարողանալով մտաբերել, թե ով է։
— Պա՛հ, չես ճանաչո՞ւմ,— բացականչեց նա անկեղծ զարմանքով,— Թուսյանը չե՞մ, Ռուբեն Թուսյանը։
— Սա...
— Հա՛, հա՛, հենց ինքը Սատանի ճուտը.— իսկույն լրացրեց նա խոսքս։
Ձեռքս խփեցի ճակատիս։ Նոր հիշեցի, որ մի ժամանակ, շատ տարիներ առաջ, դասընկերներ ենք եղել, և նա մեր ընկերական շրջանում այդ մականունով էր հայտնի իր շատ չարաճճի բնավորության և արարքների պատճառով։
— Դե որ հիշեցիր, արի մեկ էլ պռոշտի անենք։
Ու, չնայելով խուսափումիս, որովհետև բերանից ծխախոտի ծանր հոտ էր փչում, նորից համբուրեց շրթունքներս և գնաց նորից նստեց մահճակալի վրա։
— Դու այնքան փոխվել ես...— ասացի՝ մի բան ասած լինելու համար։
— Տնաշեն, բա այսքան տարիների ընթացքում մարդ չի փոխվի՞․․․ մանավանդ արևելցին, որ այսօր, տեսնում ես, մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է։ Դե ասա տեսնեմ ոնց ես, ոնց չես, ի՛նչ ես անում։
Ու առանց սպասելու, որ ասեմ, թե ո՛նց եմ, ոնց չեմ և ինչ եմ անում, հարցրեց.
— Ժամը քանի՞սն է։
Նայեցի ժամացույցիս. տասնևմեկն էր։
— Պա՛հո, քնել եմ է՞։ Շնորհակալ եմ, սենյակդ տաք էր։ Ճանապարհին շան պես մրսում էի։ Հազիվ ջանս տեղն է եկել։ Վլադիկավկազից սկսած բեռնակիր ֆուրգոնով եմ եկել, ոսկրներս սաղ ջարդուփշուր արեց։
Հորանջեց, ձեռքերը տարավ վզի ետևը, մատները հյուսեց իրար մեջ և ամբողջ մարմնով ճմլկոտաց այնքան ուժգին, որ մատների խաղերը և վզի ոսկորները ճրթճրթացին։
— Այս անտեր մազոլն էլ հո հոգիս հանում է,— ասաց և, կոշիկն առնելով հատակից, սկսեց հագնել դեմքի ցավագին ծամածռություններով ու տնքտնքոցով, հետո վեր կացավ և կուզեկուզ եկավ կանգնեց առջևս։
— Ինչ եմ ասում, Մարգարյան։ Գիտեմ, շատ էլ սրտովդ չի լինի, բայց ուզես-չուզես՝ քո հյուրն եմ։ Շատ չէ, մի քանի օր միայն, մինչև որ տանից պատասխան գա։ Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես, մի սև գրոշ չի ընկնի գրպանիցս։ Ոնց ուզում ես՝ հաշվիր — Պետերբուրգից մինչև Թիֆլիս երեք տեղ պարտք եմ արել, մի տեղ էլ ոսկե ժամացույցս եմ գրավ դրել։ Գնում եմ տուն։ Հայրս մեռնում է, գրել էր, որ հոգուն վրա հասնեմ, ու փող չէր ուղարկել։ Թե որ Սարումյանը չպատահեր,— հիշո՞ւմ ես, ինչքան էի լացացնում նրան դպրոցում,— թե որ նա չպատահեր, ստիպված պիտի լինեի փողոցում գիշերելու։ Ասաց, թե տնփեսա է, հարմարություն չունի իր մոտ տանելու, մի խոսքով, գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ։ Տեսնում ես, ես մեղավոր չեմ, թե նեղանալու ես, նրանից նեղացիր։
— Ինչո՞ւ պիտի նեղանամ։
— Դե ի՛նչ գիտեմ։ Մի քիչ աներես մարդ եմ, գիտես, է՛լի։ Նոր հո չես ճանաչելու։ Սարումյանից փող ուզեցի, չտվեց. ասաց՝ չունի։ Սուտ էր ասում սրիկան։ Բայց ստիպված էր կառքիս փողը տալ։
Այս ասելով՝ մոտեցավ լվացարանին և սկսեց լվացվել։ Երեսը սրբելիս եկավ նորից կանգնեց առջևս։
— Հիմա գիտե՞ս ինչ կա, Մարգարյան. ես շան պես քաղցած եմ, քունս էլ հանել եմ։ Մի քիչ որ բան տաս ուտեմ, հորդ հոգին արքայությունը կգնա։
Ասացի, որ սովորաբար չեմ ընթրում, ուստի ուտելու բան չունեմ տանը, այդ ժամին խանութներն էլ փակ են, որ ուտելու բան բերել տամ, և առաջարկեցի, որ եթե ուզում է, գնանք մոտակա ճաշարանը։
— Ես կլուբ կուզեի, բայց վնաս չունի. կլուբը հեռու է, ժամանակն էլ ուշ է, երևի դու կուզես շուտ քնել։ Գնանք ճաշարան։
Երեսսրբիչը շպրտեց աթոռի վրա, արագորեն կոճկեց ժիլետը, բաճկոնը հագավ, ծոցի գրպանից հանեց սանրը, մազերը, հոնքերն ու բեղերը սանրեց, աչքերով որոնեց, գտավ գլխարկը, թափ տվեց, ծածկեց, վերարկուն հագավ, ու դուրս եկանք։
Ճանապարհին առավ թևս և խոսում էր այնպիսի մտերմությամբ, որ կարծես ինձնից ավելի սրտակից բարեկամ չուներ։ Ճիշտ է, մի ժամանակ դասընկեր էինք եղել, բայց այդ այնքան վաղուց էր, որ ես ոչ միայն իսպառ մոռացել էի նրան, այլև այժմ, որ նորից հանդիպել էինք իրար, ոչ մի կապ չէի զգում իմ ու նրա միջև։ Եվ այդ էր պատճառը, որ նրա մտերմական վարմունքն սկզբում բավական տարօրինակ և նույնիսկ անախորժ էր թվում ինձ։ Բայց հետո, երբ նրա բնավորությունն սկսեց կամաց֊կամաց պարզվել ինձ համար, մի գիծ այդ բնավորության մեջ — թեև բացասական — կարծես թե գրավեց ինձ. այդ գիծն այն էր, որ նա ցինիկի պես անկեղծ էր, լրբի պես համարձակ և երեխայի պես անփույթ։ Ինձ թվում էր, թե նա ընդունակ էր և՛ ամենամեծ ցածությունը գործել, և՛ ամենամեծ առաքինությունը, և երկու դեպքումն էլ առանց իր արածի գիտակցությունն ունենալու, ինչպես մի մարդ, որ գործում է լոկ րոպեի ազդեցության տակ։
— Գլխարկիցդ տեսնում եմ, որ ուսանող ես. ո՞ր մասնաճյուղն ես ուսումնասիրում,— հարցրի։
— Բոլորը, այսինքն՝ էրոտիկականը, կոնծաբանականը, կարտյոժնիկականը, թատերական-ցիրկային-կուլիսականը, բորսայականը, տոտալիզատորականը և ուրիշ ի՞նչ նման ական ուզում ես,— շարեց իրար ետևից Թուսյանը, առանց բնավ ցույց տալու, թե կատակ է անում։ Ասենք, կատակ անելիս էլ, լուրջ խոսելիս էլ նա միշտ միևնույն տոնով էր խոսում։— Այս գլխարկս էլ որ տեսնում ես,— ավելացրեց նա,— շատ վաղուց է հրաժարական տվել ինձ, բայց հիմա, որ տուն եմ գնում, առել գլխիս եմ դրել, որ հորս ցույց տամ, թե դեռ ուսանող եմ, թե չէ՝ էլ մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի, որ աչքս կոխեմ, եթե, իհարկե, արդեն հոգոցն հանգուցելոց եղած չի լինի։
— Լավ, էլ ինչո՞ւ ես նստել Պետերբուրգում,— շարունակեցի հարցուփորձս։
— Որովհետև հեչ միտք չունեմ ճգնելու։ Երբ որ կտեսնեմ մի ոտս արդեն գերեզմանումն է, նոր կգամ ձեր այս մեռելների աշխարհը հոգիս աստծու փայ անելու։ Ահավասիկ, նայիր չորս կողմդ, դեռ կեսգիշեր էլ չկա, և փողոցն այնքան սուսուփուս է, որ կարծես ամեն մի տան մեջ մի մեռել կա։ Եվ սա քո գովական Կովկասի մայրաքաղաքն է, հապա որ մեր գավառական օրհնյալ քաղաքը գաս տեսնես...
Ճաշարանը, ուր մտանք, բոլորովին դատարկ էր։ Բուֆետչիկը համրիչն առջևը, ինչ֊որ հաշիվներ էր անում․ սպասավորներից մեկը քնած էր գլուխը սեղանի վրա դրած. մի ուրիշը, ոտները խաչաձև և անձեռոցիկն ուսին, մեջքը հենել էր պատին և բութ հայացքով նայում էր դռանը, ըստ երևույթին քունը հաղթահարելով։
— Ահավասիկ քեզ մի ուրիշ ապացույց, որ ես ընկել եմ մեռելների աշխարհը,— ասաց Թուսյանն աչք ածելով ընդարձակ դատարկ սրահում.— ռեստորան, գիշեր և տորիչելյան դատարկություն. ոչ մարդ, ոչ մյուզիկ, ոչ ծխախոտի ծուխ։ Հրաշալի է։
Նստեցինք սեղաններից մեկի մոտ, և Թուսյանն սկսեց ընթրիքի մասին պատվեր տալ ծուլաբար մոտ եկող սպասավորին, անդադար դիմելով ինձ՝ «Ես բիֆշտեքս կուտեմ, դո՞ւ։ Կոնյակ չե՞ս խմի․ ես մի բաժակ կկոնծեմ» և այլն։ Կոնյակը կոնծեց մի ումպով։ Մինչև բիֆշտեքս կբերեին, սառը մսեղենի վրա ընկավ քաղցած գայլի պես։ Բիֆշտեքսն էլ չկշտացրեց, և դարձյալ մսեղեն պահանջեց։ Եվ այդ բոլորը ջրեց մի շիշ կարմիր գինով։ Հետո ծխախոտ պահանջեց և հրամցրեց, որ ես էլ ծխեմ։ Հրաժարվեցի, որովհետև չէի ծխում։
— Ի՞նչ տեսակ մարդ ես,— ասաց,— ոչ ծխում ես, ոչ խմում, ոչ էլ կարգին հաց ուտում, քեզ հետ քեֆ անել չի կարելի։
Դանակով ծեծեց գինու դատարկ շիշը և պատվիրեց, որ մի շիշ էր բերեն։
— Կուզե՞ս ասեմ այս րոպեիս ինչ ես մտածում,— ասաց, տեսնելով, որ ես սուսուփուս նստած դիտում եմ իրեն։
— Ի՞նչ։
— Մտածում ես. «էս հարամզադեն համ ի՛մ հյուրն է, համ էլ ինքն է բաներ պահանջում, որ զահրումար անի»։ Չէ՞։
Ծիծաղեցի։
— Տեսնում ես, չսխալվեցի,— վրա բերեց Թուսյանը լուրջ։— Ինչ ուզում ես՝ ասա, անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։ Այդպիսի սովորությունների կարգը պիտի դասել անշուշտ մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու ցերեմոնիաները։ Մի կողմից՝ չեմ ուզում — ջիբս դիր, մյուս կողմից, անուշ արա — քթովդ դուրս գա։ Կեղծիք է, չէ՞։ Իսկ կեղծիքն ինձնից ավելի կատաղի թշնամի չի կարող ունենալ։ Մի բան, որով կարող եմ պարծենալ, այդ այն է, որ ոչ ոքից և ոչ մի բանից չեմ քաշվում, որովհետև քաղաքավարությունը, համեստությունը, ամոթը և այլ նման, այսպես կոչված, առաքինությունները քողարկված կեղծավորություն եմ համարում, որ մարդիկ հնարել են իրենց վատ ներքինը ծածկելու համար, ինչպես աղբակույտը ծածկես թավշյա ծածկոցով։ Տկլոր երեխան գլխիգլոր է գալիս, ցուցահանելով իր բոլոր հրաշալիքներն առանց ամաչելու։ Ինչո՞ւ։ Որովհետև,— կասեիր դու,— նրա մեջ դեռ չի զարթել ամոթի զգացումը։ Իսկ ես կասեմ՝ որովհետև նրա հոգին դեռևս չի ապականվել։ Ապականված հոգին է միայն, որ ամոթ է զգում։
— Դու այդ աֆորիզմները ո՞րտեղից ես վերցրել,— նկատեցի ես ժպտալով։
Մի ձեռքով գինու բաժակը մոտեցնելով շրթունքներին, մյուսով մատնանշեց իր ճակատը, ասել ուզելով, թե իր սեփական գլխից։
— Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան,— ասաց բաժակը դատարկելուց հետո մի կտոր հաց ու պանիր գցելով բերանը,— երբեմն լավ է, որ մարդ զոռ է տալիս խելքին, շատ անգամ այնպիսի բաներ է գտնում այս անտերի մեջ, որ զարմանալի։ Հետո, դու նկատե՞լ ես, որ մարդիկ խմելիս միշտ փիլիսոփա են դառնում։ Ես թեև շատ էլ չեմ սիրում փիլիսոփայությունն առհասարակ, իբրև «пленной мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած` էպիկուրյան կարգի փիլիսոփաներից։ Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար։ Մի ընկեր ունեի ուսանողներից` չափազանց ջանասեր և իր կեղևի մեջ պինդ փակված, ինչպես անպետք մի տխիլ, որ ատամով չի կոտրվում՝ գրպանում որ մի մանեթ ունենար, մորթեիր— մի կոպեկ չէր ծախսի. ասում էր` վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում էր, որ այսօր քաղցած է մնում։ Իսկ ես, ընդհակառակը, այսօր ինչքան փող ուզում ես դիր գրպանս, վաղը կտեսնես մի կոպեկ չկա։ Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը։ Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար հիմարություն է։ Վաղվան մասին մտածում են վախկոտները, այսինքն նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա։
Նորից լցրեց իր բաժակը և, տեսնելով, որ իմը դեռ լիքը դրված է առջևս, բացականչեց.
— Տո՛, խմիր, է՜։ Չլինի՞ դու էլ իմ ասած վախկոտներիցն ես. վախենում ես հարբես և վաղն անպետք դառնաս գործի համար։
— Շատ ճիշտ գուշակեցիր,— նկատեցի ես ժպտալով։
Բաժակը, որ արդեն մոտեցրել էր շրթունքներին, նորից դրեց սեղանի վրա և դարձավ ինձ շատ լուրջ տոնով.
— Լսիր, Մարգարյան։ Թեև ինձնից քեզ խրատ չի հասնի, բայց և այնպես խորհուրդ կտամ — երբեք չմտածես վաղվա մասին: Այլապես ամբողջ կյանքդ կթունավորես։ Ի՞նչ է կյանքը։ Կամ, ավելի ճիշտ ձևակերպենք, ի՞նչ պետք է լինի կյանքը այն դժբախտ մահկանացուի համար, որի անունն է մարդ.— րոպեական հաճույք և հաճոյական րոպեների մի շարահար շղթա, մինչև որ կգա անխուսափելի սահմանը, որից դենն արդեն Նիրվանայի թագավորությունն է։ Է՛հ, երբ որ ներկա րոպեի հաճույքը վանում ես քեզնից ինչ-որ անհայտ վաղվան հաշիվներով, էլ ի՞նչու ես ապրում։ Այդպիսով իբր թե խոհեմությամբ,— ա՛յ մի բան, փայտի պես բութ ու անհամ, որ ատելով ատում եմ,— իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ էլ չես անի ա՛յն, ինչ որ թելադրում է սիրտդ, մարդկային բնույթը, միշտ կզսպես քեզ ժլատ մարդու պես, իսկ հետո մեկ էլ տեսար չկաս, Նիրվանա։ Այդպիսի կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի անվերջ մեծ պաս առանց զատկի։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն այն ամենը, ինչ որ կարող է հաճույք պատճառել։ Այսօր թե վաղը պետք է մեռնեմ․ չէ՞, էհ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չօգտվեմ կյանքից, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ սիրտս ուզում է, և ինչ որ կարող եմ անել այս րոպեին։ Ես դեռ կանեմ, հետո հերն անիծեմ, ինչ ուզում է, թող լինի։ Սա անարխիա է, կասես․ ոչ, սա ինքը կյանքի փիլիսոփայությունն է։ Հին փիլիսոփաների մեջ ամենից խելոքը, իմ կարծիքով, Էպիկուրն էր․— խլի՛ր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճույք կարող է պատճառել քեզ և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Այս է՝ աստված լուսավորի նրա հոգին։
Եվ Թուսյանը դատարկեց գինու բաժակը։
— Բայց դու մոլորության մեջ ես,— այլևս չկարողանալով համբերել, նկատեցի ես։— Էպիկուրն այդպիսի բան չի քարոզել։ Դու միայն կրկնում ես տարածված ընդհանուր սխալ կարծիքը նրա վարդապետության մասին, մի կարծիք, որի աղբյուրը ստոիկների զրպարտությունն է։ Ինչպես հայտնի է, ստոիկները էպիկուրի հակառակորդներն էին և ամեն տեսակ ափեղցփեղ բաներ էին տարածում նրա վարդապետության մասին, որպեսզի վարկաբեկեն նրան։
— Ի՞նչպես,— զարմացավ Թուսյանը։
— Այ ինչպես։ Եթե դու քիչ թե շատ հետաքրքրված լինեիր փիլիսոփայության պատմությամբ, կտեսնեիր, որ քո հավանած այդ փիլիսոփան ճիշտ հակառակն էր քարոզում այն բանին, ինչ որ դու ես դավանում և անում։ Ամենից առաջ պետք է իմանաս, որ Էպիկուրը շատ սակավապետ մարդ էր, գործ էր ածում ամենահասարակ կերակուր և խմում էր միմիայն ջուր։ Այն այգու մուտքի վրա, ուր նա հավաքում էր իր բարեկամներին, այսպիսի մակագրություն կար. «Ո՞ւզում եք հաճելի ժամանց ունենալ — մտեք այստեղ, ուր կգտնեք գարու հաց և աղբյուրի մաքուր ջուր»։ Իսկ դու այնպիսի խորտիկներ ես ուտում և առհասարակ այնքան ես ուտում ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս։ Այդ մարմնական ֆիզիկականը։ Իսկ հոգեկան֊բարոյականը...
— Հոգուդ սատկեմ, Մարգարյան, սպասիր,— հանկարծ ամբողջ կրծքով առաջ նետվեց Թուսյանը,— էքստրա քո կենացը խմեմ շատ տեղին նկատողությանդ համար։ Ճիշտ է, թեև ուտել-խմելս մի քիչ թանկ կնստի քեզ, բայց պետք է ներես հանուն մեր հին բարեկամության նորոգման։
Այս ասելով, բաժակը նորից լցրեց, խմեց մինչև վերջին կաթիլը, լեզուն ծլմփացրեց և, արմունկներով հենվելով սեղանին, աչքերը տնկեց աչքերիս։
— Այդ մարմնական-ֆիզիկականը, հետո՞։
— Ինչ վերաբերում է հոգեկան-բարոյականին, այսինքն նրա վարդապետության էականին,— շարունակեցի ես,— ճիշտ է, Էպիկուրը ստոիկներին հակառակ, պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք ճաշակելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հավանական հետևանքը, որովհետև, ասում էր, կան հաճույքներ, որոնց հետևանքը դառն է լինում։ Այ, օրինակ, այս րոպեին, ինչպես տեսնում եմ, որ դու հաճույք ես զգում, գինի խմելուց, բայց գիտեմ, դու էլ գիտես, որ վաղը ամբողջ օրը տրամադրությունդ շատ վատ պետք է լինի։
— Ի՞նչ, գլխի ցավ և ա՞յլն։ Անհոգ կաց, այդ կողմից ես ապահովագրված եմ, որովհետև վաղուց է, որ խմելը սովորություն եմ դարձրել։
— Այդ ավելի վատ։ Եթե ամեն մի հաճույք սովորություն ես դարձրել, ուրեմն հաճույքները կորցրել են քեզ համար իրենց նպատակը — քաղցրությունը կամ, ինչպես Էպիկուրն էր ասում, երջանկությունը։ Հենց այդ նպատակը պահպանելու և ուժեղացնելու համար էր, որ Էպիկուրը քարոզում էր ժուժկալություն,— և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում,— որովհետև հայտնի է, որ պահեցողությունից և ինքնազսպությունից հետո հաճույքի քաղցրությունն ավելի ուժեղ է լինում։ Ավելի վաղը քան թե այսօր, ավելի ապագան, քան թե ներկա րոպեն,— ահա՛ Էպիկուրի վարդապետության իսկական իմաստը, այսինքն քո դավանանքի ճիշտ հակառակը։
— Հե՛րն անիծեմ,— բացականչեց Թուսյանը,— կարծում ես՝ կվիճե՞մ։ Չեմ վիճի։ Բայց և այնպես թույլ տուր ասե՛մ, որ ես չհավանեցի և չեմ կարող հավանել քո Էպիկուրին, որովհետև որտեղ խոսք կա ժուժկալության, պահեցողության և ինքնազսպողության մասին, այնտեղ մղդսիության հոտ է փչում, իսկ մղդսին ու մղդսիությունն ինձնից ավելի մեծ թշնամի չեն կարող ունենալ։ Ուրեմն, չնեղանաս, Մարգարյան, չնայելով բոլոր պերճախոս բացատրություններիդ և հերքումներիդ, ես մնում եմ դարձյալ իմ Էպիկուրի հետ և նորից խմում եմ նրա ողորմաթասը։
Արդեն արբած էր, բայց շարունակում էր խմել, ըստ երևույթին, ոչ թե նրա համար, որ ուզում էր, այլ որովհետև, ինչպես ասաց, սովորություն էր դարձրել։ Խմում էր ու ծխում, ծխում էր ու խմում և ոչ մի րոպե դադար չէր տալիս լեզվին։ Համբերությամբ սպասեցի, մինչև որ մի շիշն էլ դատարկեց, հետո պատվիրեց, որ վճարեմ, և, վերջապես դուրս եկանք ճաշարանից։
— Հիմա գիտե՞ս ինչ, Մարգարյան,— ասաց թևս առնելով և ոտներն ու լեզուն մի քիչ շաղելով։— Ես ախր սովոր եմ լուսացնելու, բայց դու, ինչպես տեսնում եմ, պուրիտանական բնավորության տեր մարդ ես։ Եթե այդպես չլիներ, կառաջարկեի, որ այսքան ուտել-խմելուց հետո մի, այսպես ասած, էքսկուրսիա կատարեինք դեպի․․․
Ես թույլ չտվի, որ խոսքը վերջացնի, և հանգիստ, բայց լուրջ ու կտրուկ եղանակով ասացի, որ մենք էքսկուրսիա ենք կատարում դեպի տուն, ուր նա այնքան ուտել-խմելուց հետո հանգիստ կպառկի կքնի։
Տանը անկողին պատրաստեցի ընդունարանումս։ Բայց նա դեռ երկար ժամանակ ինձ հանգիստ չտվեց իր արբածի անվերջ շատախոսությամբ։ Առավոտյան վեր կացավ բավական ուշ և երկար ժամանակ լվացվում էր ու մաքրվում։ Թեյից առաջ կոնյակ պահանջեց և նախաճաշում էր նախանձելի ախորժակով։ Այնինչ ես արդեն բավական ուշացել էի գործից և վեր կացա, որ գնամ։ Հայտնեցի, թե երբ և որտեղ եմ ճաշում, և ասացի, թե կարող է գալ ինձ մոտ, միասին կճաշենք։
— Այդ իր կարգին,— ասաց։— Բայց այս րոպեին ինձ փող է հարկավոր։ Նախ ուզում եմ հեռագիր տամ տուն, որ փող փոխադրեն, թե չէ՝ Թիֆլիսից ոտս դուրս դնել չեմ կարող. երկրորդ՝ պետք է բաղանիս գնամ, որովհետև ճանապարհին շատ եմ փոշոտվել, և երրորդ՝ պետք է արտաքինս մի քիչ կարգի գցեմ, թե չէ՝ սրանով մարդամեջ երևալ չի կարելի։
Եվ նա ցույց տվեց իր հագուստը, որը ցերեկվա լույսի տակ շատ խղճուկ տպավորություն էր գործում։
— Ասենք, ինձ շատ փող հարկավոր չէ,— ավելացրեց նա.— մի տասը-տասնհինգ ռուբլի որ տաս, բավական կլինի․ պետք է մի կամ մի զույգ շապիկ և մի փողկապ առնեմ, ուրիշ ոչինչ, իսկ չեմոդանումս մի քիչ օրինավոր հագուստ կա, մի վպխենա։
Տվի պահանջած գումարը և դուրս եկա, թողնելով նրան վերջացնելու իր նախաճաշը։ Ճաշին սպասում էի նրան ժամադրավայրում, բայց չերևաց և այդ օրը գիշերն էլ տուն չեկավ։ Ծառան պատմեց, որ առավոտյան իմ գնալուց հետո նա էլ շուտով դուրս էր գնացել, հետո մի քանի ժամից վերադարձել, հագուստը փոխել ու նորից դուրս գնացել։ Երկրորդ օրն էլ չերևաց։ Երևաց միայն երրորդ գիշերը շատ ուշ, երբ ես տանս նստա՛ծ դեռ պարապում էի։
Արտաքուստ բոլորովին կերպարանափոխվել էր։ Հագած էր շատ լավ կարած սև բաճկոն շատ լավ կտորից, գունավոր փայլուն ժիլետ և փայլուն կոշիկներ սուր քթերով և կոճակներով։ Շապիկը նոր էր, շատ բարձր, փղոսկրի պես փայլուն օձիքով և արյան պես կարմիր փողպատով, որի բարձիկի վրա շողշողում էր մի, ըստ երևույթին, իսկական ադամանդ։ Կարճ խուզած չափազանց սև ու փայլուն մազերը բաժանված էին կողքից անգլիական ձևով, իսկ մաքուր սափրած մսեղ երեսի կաշին պլպլում էր սոխի կճեպի պես։ Ուսանողական խունացած գլխարկի տեղ ծածկել էր մոխրագույն մորթե գլխարկ՝ մեջտեղից ծալված, բայց վերարկուն նույնն էր։
Իսկույն նկատեցի, որ խմած է։
— Ամենից առաջ հարցնեմ,— ասաց, վերարկուն հանելով,— հեռագրիս պատասխանը չկա՞։
Վերցրի տվի պատասխանը, որ ստացվել էր դեռևս նախորդ օրը։
Բաց արեց, լուռ կարդաց և հանգիստ գցեց գրասեղանի վրա։
— Աչքդ լույս,— ասաց,— հայրս այլևս միտք չունի մեռնելու, հետևապես կարիք չկա շտապելու, իսկ փողը աստված կտա։ Իր գավառական խելքով մտածել է — հալա հո բերել եմ Թիֆլիս, այնտեղից երևի մի քանի մանեթ կճարի կգա, ու, որ եկավ, ոտները կկապեմ վեր կգցեմ խանութումս, որ վաշխառուական դավթարներս պահի։ Գիտե՞ս քանի տոկոս է առնում և քանի քյասիբի է աղի արցունքով ճամփու դրել... Ես ինքս, ազնիվ խոսք եմ ասում, գրեցի լրագրում, իհարկե, կեղծ ստորագրությամբ: Շատ դես ընկավ, շատ դեն ընկավ, որ գտնի թղթակցին, բայց որտե՞ղ։ Տիպ եմ ասում է՜: Հայրս է, բայց աստված հեռու պահի ամեն մի որդու այդպիսի հայրերից։ Ես ինքս էլ, իհարկե, մի բարի պտուղ չեմ, բայց փողի համար այդպես հոգի տալ — այդ ես ուղղակի չեմ հասկանում։ Գիտե՞ս որքան էր նրա ուղարկած փողն ինձ Պետերբուրգ․— երեսուն ռուբլի կամ երեսուն անգամ հարյուր կոպեկ։ Դե արի Պետերբուրգի պես մի տեղում ապրիր կոպեկներով։
Մի ծխախոտ հանեց, վառեց լամպի վրա և նստեց դիմացս, գրասեղանի մոտ։
— Այդ թող և ինձ ասա, ո՞րտեղ էիր երեկ և ո՞րտեղ գիշերեցիր, — հարցրի։
— Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ՞ որ նա տնփեսա է։ Ճաշին գնացի նրանց մոտ, հետո երեկոյան կլուբ գնացինք, այնտեղ էլ ընթրեցինք և գիշերն արդեն ժամը երկուսն էր, որ դուրս եկանք։ «Այս ժամին ո՞ւր գնամ,— ասում եմ,— Մարգարյանին չեմ ուզում անհանգստացնել. քեզ մոտ պետք է տանես ինձ»։ Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել։
— Ինչո՞ւ չէր ուզում։
— Չգիտեմ, վախենում է կնոջից, թե խանդոտ է։ Կնոջը տեսե՞լ ես։ Մի քիչ ջահել չէ, բայց վնաս չունի... ասող խոսող, կրակոտ։ Ուրախությամբ համաձայնեց, որ գնամ իրենց մոտ։ Ֆլիրտից-բանից կարող էր լինել, բայց դե մարդը շարունակ ցցված էր մոտներս։ Այսօր էլ նրանց մոտ ճաշեցի։ Իսկ հիմա գալիս եմ ուղղակի առանձին կաբինետից...
— Բայց դու փող չունեիր։
— Գիշերը խաղացի կլուբում և մի վաթսուն ռուբլու չափ տարա։
— Առանց փողի՞։
— Ինչո՞ւ առանց փողի, քո տված տասնհինգ մանեթից դեռ մի քանի կոպեկ մնացել էր գրպանումս.— հեգեց Թուսյանը։— Մարդը նա է, Մարգարյան, ով քեֆ է քաշում առանց փողի, թե չէ՝ փողով անդամալույծներն էլ պար կգան։ Ես միշտ փող ունեցել եմ և միշտ էլ չեմ ունեցել, որովհետև ունեցածս իսկույն ծախսել եմ կամ բաժանել կարիքավոր ընկերներիս։ Չունեցածս ժամանակ խաղացել եմ և համարյա միշտ էլ տարել։ Կանանց վրա էլ ոչ մի կոպեկ չեմ ծախսել։ Միայն այս գիշեր, որովհետև այստեղ օրինավոր ծանոթություններ չունեմ, տարածս վաթսուն ռուբլու մի մասը հալվեց առանձին կաբինետում։ Քամին բերեց, քամին էլ տարավ։ Մեզ էլ քամին է բերել, քամին էլ կտանի։ Մտածելու պետք չկա։ Ու դարձյալ գալիս ենք էպիկուրյան վարդապետության... Ներողություն, ի՛մ էպիկուրյան և ոչ քո: Համենայն դեպս, դու կարող ես միանգամայն հանգիստ լինել — քո տված տասնհինգ ռուբլին կորած տեղ չէ։ Չտամ էլ, վնաս չունի։
Տեսա, որ տրամադիր է երկար խոսելու, ուստի առաջարկեցի, որ գնա քնի։
— Որ չխանգարեմ, գրես։ Հնազանդվում եմ,— ասաց և վեր կացավ։ Առաջնորդեցի նրան հարևան սենյակը անկողին պատրաստելու։
Առավոտյան ինձնից վաղ էր վեր կացել և տեղավորում էր ճամպրուկը։
— Այսօր ուզում եմ գնալ,— ասաց։— Թեև հեռագիրն ստանալուց հետո ուզում էի վերադառնալ Պետերբուրգ, բայց մեկ էլ մտածեցի, որ չարժե կոնֆլիկտ ստեղծել։ Շուն է, թե գել — հայրս է։ Բացի սրանից, քանի գրպանումս փող կա, պետք է օգտվել, թե չէ կարող եմ էլի առանց ճանապարհածախսի մնալ։
Ճամպրուկից դուրս էր թափվել ինչ-որ գրքեր ու թղթեր, որ այժմ տեղավորում էր հագուստի հետ միասին։ Թղթերի միջից ջոկեց մի տետրակ և տվեց ինձ։
— Այս թողնում եմ քեզ մոտ,— ասաց.— կարդա, թե հավանես, տպիր լրագրումդ, թե չէ՝ վերադարձիս ետ կտաս։
— Ի՜նչ է այս,— հարցրի։
— Մի պատմվածք։ Անցյալ տարի մտադրվել էինք մի ալմանախ հրատարակել ուսանողական ֆոնդի օգտին, վերցրի գրեցի այդ, բայց գործը գլուխ չեկավ, և գրվածքս այդպես էլ մնաց։ Կարծեմ վատ չեմ գրել. որ կարդաս, կհավանես։
Տետրակը պահեցի մոտս, խոստանալով, որ կկարդամ, թեև առաջ վճռեցի, որ մի հիմար բան կլինի գրածը, ինչպես շատ դիլետանտների գրվածքներ։
Որովհետև մեկնելու էր մի-երկու ժամից, ուստի հրաժեշտ տվի հենց տանս և գնացի գործիս։ Բայց ճաշից հետո որ տուն դաձա, տեսա չի գնացել, որովհետև ճամպրուկը, առանց իրեղենները տեղավորելու, հենց այնպես էլ թողել էր բաց։ Մտածեցի, որ թերևս որոշել էր գիշերվա գնացքով գնալ։
Թեև բնավ ցանկություն չունեի նրա գրվածքը կարդալու, բայց այժմ ստիպված էի կարդալ, որովհետև գիտեի, որ տուն գալուն պես՝ պիտի հարցներ՝ կարդացե՞լ եմ թե ոչ և, եթե կարդացած չլինեի, պիտի ստիպեր, որ կարդայի, կամ ինքը պիտի կարդար և ինձ էլ պիտի ստիպեր, որ լսեի։ Ուստի այդ երեկո քանի չէր եկել, նստեցի և կարդացի։
Կարդացի և...
Այստեղ արտագրում եմ Թուսյանի տետրակը: Բարեկամս, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ինքը — մի սրիկա՞, թե շատ սովորական մի մարդ, որոնցով լիքն է աշխարհս — մի անգամ հետևյալը պատմեց մեր ընկերական շրջանում իր կյանքից։
Սրանից մի քանի տարի առաջ, ամառը, օգտվելով արձակուրդից, հյուր էի գնացել հորեղբորս մոտ ամառանոց։ Հետս տարել էի հրացանս և շունս։ Որս անել շատ էի սիրում։ Առավոտները վաղ վեր էի կենում, գնում անտառը ամբողջ ժամերով թրև գալիս և մի ծիտ անգամ չէի գտնում, որ սպանեմ։ Դե ամառանոց, հազար ոտ էր ման գալի, բոլոր կենդանիները փախել էին։ Հետո ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրենի բադեր շատ են լինում։ Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու։ Ճանապարհս անտառի միջովն էր։
Մի առավոտ, երբ անցնում էի այդ անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի։ Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեի, հրացանս նշան դրի և արձակեցի։ Չիմացա՝ դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս տրաքոցն ու մի սարսափելի ճիչ բարձրանալը մեկ եղավ։ Նույն վայրկյանին մեկը դուրս թռավ ծառի տակից։ Մի աղջիկ էր, որին չէի նկատել ծառի հաստ բնի ետևը։ Գլխաբաց էր, բայց տաք վերարկու ուներ հագին,— օդը դեռևս բավական ցուրտ էր։ Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի։ Կանգնած էր անշարժ, ձեռքը կրծքին, ինձնից մի տասը քայլ հեռու։ Դեմքը մեռելի գույն էր ստացել. նայում էր ինձ անթարթ ահագին աչքերով և ամբողջ մարմնով դողում։ Նկարիչն ավելի լավ մոդել չէր կարող գտնել կենդանի սարսափը նկարելու համար։ Նորից ներողություն խնդրեցի։ Ոչ մի խոսք չարտասանեց։ Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ֊որ որոնեց գտավ,— գիրք էր,— դրեց թևի տակ, ձեռքով ետ քաշեց երեսին ընկած մազերի խուրձը և հանգիստ քայլերով հեռացավ։
Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նստած էր նույն ծառի տակ, գիրքը ձեռքին։ Բարևեցի։ Չպատասխանեց։ Անցա։ Հետո ետ դարձա և, հրացանս դիմհար տալով, կանգնեցի նրանից մի տասը քայլ հեռու, ուղղակի նրան դեմ առ դեմ։ Շունս մոտ վազեց նրան և սկսեց հոտոտել նրա վերարկուն։ Նա քշեց շանս, հոնքերը կիտած, բայց ոչ բարկացած, նայեց ինձ և հարցրեց.
— Ի՞նչ եք ուզում։
— Ուզում եմ, որ ներեք,— ասացի։
— Ի՞նչ բանի համար։
— Որ երեկ վախեցրի ձեզ։
— Բայց հո չգիտեիք, որ ես նստած եմ այստեղ։
— Ճիշտ է, բայց և այնպես... Շատ անհանգիստ էի․ մտածում էի, որ վախից կարող էիք հիվանդանալ։
— Հետո ձե՞զ ինչ։
— Ի՞նչպես թե ինձ ինչ։ Չէ՞ որ պատճառը ես կլինեի։
Կարճ ժամանակ նայեց ինձ զարմացած, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և գլուխը նորից կախեց գրքի վրա, առանց այլևս ոչ մի խոսք արտասանելու, ըստ երևույթին, ուզում էր հասկացնել, որ հանգիստ թողնեմ իրեն և հեռանամ։
Բայց ես համառորեն կանգնած էի նրա առջև և ակամա հիանում էի, դիտելով նրա գեղեցիկ գլուխը շաա հարուստ, փափուկ ու փայլուն մազերով, որոնք նոր ծագած արևի թեք ճառագայթների տակ բազմազան երանգներ էին ընդունում , ինչպես փոքրիկ երեխաների թավշյա մազերը։
— Այստեղ նայեցեք,— ասացի, տեսնելով, որ գլուխը չի ուզում գրքի վրայից բարձրացնել։
Նայեց։
Ճակատս դրի հրացանիս փողի ծայրին, իսկ ոտս շնիկի վրա։
— Եթե չներեք,— ասացի,— այս րոպեին գանգս ցրիվ կածեմ։
Այս ասելս ու նրա տեղից վեր թռչելը մեկ եղավ։
— Գժվե՞լ եք, ինչ է,— աղաղակեց գունատվելով։
— Ներո՞ւմ եք, թե ոչ,— համառորեն պնդեցի ես։
— Ի սեր աստծո, դեն կորցրեք այդ հրացանը, ներում եմ,— արագ-արագ արտասանեց նա։
— Շնորհակալ եմ։ Այժմ հանգիստ կթողնեմ ձեզ,— ասացի, շվացրի շանս ու հեռացա։
Բավական տեղ գնալուց հետո ետ նայեցի։ Նա դեռևս կանգնած էր նույն դրության մեջ՝ ողողված վաղորդյան արևի ոսկեհուռ ճաճանչներով, որոնք ծառերի բների արանքից հազարավոր լուսեղեն ժապավեններ էին փռել դեպի անտառի խորքը, մեջ ընդ մեջ խառնված զուգահեռ ստվերներով։ Ցողի կաթիլները թարմ խոտի վրա պսպղում էին լուսատտիկների պես. կարծես կախարդական մի ձեռք անփույթ ու շռայլ անթիվ գոհարներ էր ցանել չորս կողմը։
Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր։ Այս անգամ բարևս ընդունեց։
— Ձեզ խորհուրդ չեմ տա առավոտյան այս ժամին նստեք խոտի վրա. տեսնում եք՝ որքան թաց է,— ասացի։
— Խոտի վրա հո չեմ նստած, ասաց․— տեսեք։
Ու ցույց տվեց, թե ինչի վրա էր նստած, նստած էր հսկայական եղևնու մի հաստ արմատի վրա, որը մի կես արշին բարձր էր մնացել գետնից։
— Այդ միևնույն է,— ասացի,— խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել։
Անփույթ կերպով թափ տվեց ուսերը, և առաջին անգամ նրա դեմքի վրա մի թեթև ժպիտ նկատեցի։
— Դուք երևի ամեն առավոտ որսի եք գնում,— ասաց, շոյելով շանս գլուխը, որ նորից մոտեցել և հոտոտում էր նրան։
— Այո։
— Ո՞րտեղ։
Տեղն ասացի։
Գիրքը բաց ու խուփ արավ, ըստ երևույթին ուզեց բան ասել, բայց ոչինչ չասաց, թեթևակի կարմրեց ու գլուխը կախեց գրքի վրա, աշխատելով այնպես անել, որ դեմքը չտեսնեմ։ — Ցտեսություն,— ասացի։
— Ցտեսություն,— արձագանքեց նա, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից, և ես հեռացա իմ ճանապարհով։
Նրա այս վերջին բարեհաճ ընդունելությունն ինձ այն համոզման բերեց, որ ամեն առավոտ ես նրան կհանդիպեմ նույն տեղում։ Եվ չսխալվեցի. չորրորդ առավոտյան նույն տեղումն էր։ Այս անգամ արդեն իրար հանդիպեցինք իբրև հին ծանոթներ։
— Գիտե՞ք, երեկ մի բան էի ուզում խնդրել ձեզ, բայց չհամարձակվեցի,— ասաց ժպտալով և կարմրեց։
— Ի՞նչ։
— Ուզում էի խնդրել, որ թույլ տաք ինձ գամ ձեզ հետ, տեսնելու, թե ինչպես եք որս անում։
— Դրա համար թույլտվություն հարկավոր չէ, այլ պետք է ուղղակի վեր կենալ և գալ,— ասացի։
— Ուրեմն կարելի՞ է։
— Իհարկե։
Ուրախացած վեր թռավ տեղից։
— Եթե միայն չեք վախենում հրացանի ձայնից,— հարկ համարեցի նախազգուշացնել։
— Չէ, այն օրվանն ուրիշ էր,— ծիծաղեց նա.— խորասուզված կարդում էի, և հրացանի ձայնը հանկարծակիի բերեց։ Իսկ հիմա, որ տեսնեմ պիտի արձակեք, հեռու կփախչեմ, ականջներս կփակեմ, աչքերս կխփեմ ու չեմ վախենա։ Չեմ վախենա, չէ՞,— հարցրեց երեխայի միամտությամբ։
— Տեսնենք,— կարճ պատասխանեցի ես ժպտալով։
Այս անգամ հետը մի թեթև շալ էր վերցրել,— որպիսին գործ են ածում կանայք ամառանոցներում գլխարկի տեղ. գցեց գլխին ու գնացինք։ Գնում էինք քաղցր զրույցով։ Չիմացանք, թե ինչպես անտառը վերջացավ և դուրս եկանք ընդարձակ բաց դաշտը։ Մեր գնացած ճանապարհը հազիվ մի երկու վերստ լիներ, բայց նկատեցի, որ ոտներն արդեն դանդաղ է շարժում։
— Ո՞րտեղ է լիճը,— հարցրեց։
— Այն սարը տեսնո՞ւմ եք,— ասացի, ցույց տալով դիմացի բավական բարձր բլուրը.— այն սարը պիտի բարձրանանք, իջնենք, մի այդքան էլ գնանք, որ նոր հասնենք լճին:
— Ո՛ւհ, այդքան հեռո՞ւ է,— ասաց ու կանգ առավ։
— Ի՞նչ է, հոգնեցի՞ք,— հարցրի:
Գլխով դրական շարժում արավ ժպտալով։
— Հիմա ի՞նչ եք ուզում անենք,— հարցրի,— ճանապարհը շարունակե՞նք, թե...
— Ես ետ կդառնամ,— ասաց։
Շունս բավական առաջ էր վազել։ Շվացրի: Պոչը խաղացնելով և հաչելով ետ վազեց։
— Դե դառնանք,— ասացի։
— Դուք է՞լ եք ետ դառնում,— զարմացավ ուղեկցուհիս։
— Բաս հո մենակ չե՞մ թողնի ձեզ. անտառում կարող եք մոլորվել։
— Ոչ, չեմ մոլորվի,— ասաց,— այս անտառն ինձ լավ ծանոթ է։
— Այդ միևնույն է,— ասացի,— իմ պարտքն է ձեզ ձեր տեղը հասցնել։
— Հետո՞,— հարցրեց։
— Ետ կդառնամ։
— Ետ կդառնա՞ք։
— Ուզում եք, ետ չեմ դառնա։
Նկատելի կերպով կարմրեց։
— Ես այդ չէի ուզում ասել,— ասաց,— այլ ուզում էի ասել, թե... մի՞թե չեք հոգնի։
— Որսորդը որ հոգնելու մասին մտածի, երբեք որսի չի ելնի:
Այսպես խոսելով սկսեցինք ետ դառնալ: Շատ էր հոգնել։ Թևս առաջարկեցի։ Ընդունեց։ Շունս ամենալավ տրամադրության մեջ էր, առաջ էր ընկել, մերթ կորչում էր անտառի թփուտների մեջ, մերթ դուրս պրծնում, նայում մեզ ու նորից կորչում. անտառն աղմկում էր նրա հաչոցի ձայներից: Արևը բավական բարձրացել էր: Օդն անշարժ դրաթյան մեջ էր: Անտառը կանգնած էր լուռ ու խորհրդավոր: Բացատներում, տեղ-տեղ դեղնած խոտերի մեջ սվսվում էին մորեխները: Շուրջը մարդ չէր երևում։
Հանկարծ ուղեկցուհիս կանգ առավ, ձեռքը հանեց թևիս միջից և մատն ուղղեց դեպի ծառերից մեկի կատարը.
— Տեսե՛ք, տեսե՛ք, այն ի՞նչ թռչուն է։
Հրացանս հանեցի ուսիցս և շվացրի շանս։ Ուղեկցուհիս փախավ մի քսան քայլ հեռու, կուչ եկավ մի ծառի տակ, գիրքը թևի տակ առավ, մատներով խցեց ականջները, աչքերը փակեց և մնաց անշարժ։ Նշան բռնեցի և արձակեցի: Ծառի տերևները խշխշացին, և թռչունը վայր ընկավ։ Շունս թռավ մի քանի ոստյունով և ատամների մեջ բռնած՝ բերեց մատույց ինձ իմ որսը։
Ուղեկցուհիս մոտ վազեց և բուռն հետաքրքրությամբ, որպիսին միայն երեխաների մեջ եմ տեսել, սկսեց դիտել սպանված թռչունը։
— Ա՛խ, աղավնի՜ է,— շշնջաց այնքան ցավագին, որ իմ մեղքն էլ եկավ։
Որսս տվի իրեն։ Երկու մատով բռնեց մի ոտից և սկսեց լավ դիտել։
— Տեսեք, տեսե՛ք,— ասաց,— կրծքին կարմիր պուտ-պուտ... արյուն է, չէ՞, տե՛ր իմ աստված, ինչքա՜ն էլ սպիտակ է, ինչքա՜ն գեղեցիկ...
Երկար ժամանակ դիտում էր հուզված, ինչպես արդեն գիտակցության եկած մեծ, բարի երեխաները դիտում են մի ցավալի բան, հետո հառաչեց և տվեց ինձ։
Առա և շպրտեցի թփուտների մեջ։
— Ինչո՞ւ դեն գցեցիք,— նկատեց հանդիմանությամբ և խղճահարությամբ։
— Բաս ինչի՞ս էր պետք,— ասացի։
Ճանապարհը շարունակեցինք այս անգամ բոլորովին այլ տրամադրության մեջ։ Ուղեկցուհիս շատ էր տխրել և գրեթե այլևս չէր խոսում։ Նորից թևս առաջարկեցի,— չընդունեց։ Սովորական կատակներս այլևս ոչ մի ժպիտ չէին բերում նրա դեմքին։ Քայլում էր լուսնոտի պես և մտախոհ հայացքը հառել էր անորոշ տարածության մեջ։
Հանկարծ կանգ առավ, նայեց ինձ և բացականչեց լացագին.
— Գցեցե՛ք, գցեցե՛ք այդ հրացանը և խոսք տվեք, որ այլևս երբեք ոչ մի թռչուն չեք սպանի։
Զարմացած նայեցի նրա դեմքին։ Այդ դեմքն արտահայտում էր միաժամանակ և՛ զայրույթ, և՛ պաղատանք, և՛ մի բան, որ անուն չունի և որը դրսևորում է մարդու ամբողջ ներքինը — այն բոլոր լավը, որ կա մարդ էակի հոգու խորքում։ Եվ ես, որ երբեք չեմ իմացել, թե ինչ բան է սենտիմենտալությունը, պահ մի այն աստիճան զգացվեցի, որ քիչ մնաց հրացանս առնեի և փշրեի հենց նրա աչքի առջև։
— Խոսք եք ուզում, ահավասիկ,— ասացի ամենայն անկեղծությամբ և ձեռքս վճռականորեն մեկնեցի նրան։
Նա վրա ընկավ և սեղմեց այնպիսի բուռն ուրախությամբ, որ աչքերի մեջ նույնիսկ արցունքներ փայլեցին։
Հիրավի, այդ օրվանից այլևս երբեք որսի չելա, բայց ոչ թե նրա համար, որ րոպեի ազդեցության տակ խոսք էի տվել, կամ երդմանը որևէ կարևորություն եմ տալիս, այլ այն պատճառով միայն, որ այդ օրվանից սկսեցի մշակել ինձ համար մի նոր աշխարհայացք.— աշխարհիս երեսին ամեն բան թույլատրելի է, բացի սպանությունից, որովհետև ամեն մի վատ արարք կամ այն, ինչ որ վատ է անվանվում, պայմանական է և ուղղելի, և սպանությունն է միայն, որ ոչ մի պայման չի վերցնում և անուղղելի է։ Թույլը ավելի, քան ուժեղը, իրավունք ունի ապրելու աշխարհիս երեսին հենց այն պատճառով, որ թույլ է և անպաշտպան։
Այսքանը, ինչ որ պատմեցի, ռոմանի, այսպես ասած, բանաստեղծական նախերգանքն է։ Իսկ բուն ռոմանը, ինչպես ամեն մի ռոման, այնքան սովորական և պրոզայիկ մի բան է, որ չարժե մանրամասնությունների մեջ մտնել։ Բավական է ասեմ, որ մի-երկու շաբաթից հետո անձնատուր եղավ ինձ հենց նույն անտառում և նույն տեղում, ուր սպանեցի աղավնին։ Մինչև անձնատուր լինելը խրտնում էր այծի պես, իսկ անձնատուր լինելուց հետո կապվեց ինձ հետ շան պես։ Կանայք առհասարակ այդպես են. դեռ կվախենան, չեմուչում կանեն, բայց մեկ որ սահմանն անցան, էլ պրծնում չկա նրանց ձեռքից։ Օր չէր պատահի, որ երդում չառներ ինձնից, թե կամուսնանանք։ Երդվում էի, իհարկե, բայց նկատում էի, որ որքան շատ էի երդվում, այնքան քիչ էր հավատում։
Մեր տեսակցության տեղը միշտ անտառն էր։ Քաշվում էինք այնպիսի խորքեր, ուր մարդու ոտ չէր դիպչում։ Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախացած ընկնում էր վզովս։ Բայց այդ ուրախությունը երկար չէր տևում, նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ տխրության արտահայտություն էր ստանում, ինչպես այն ժամանակ, երբ սպանված աղավնին դեն շպրտեցի, էլ չէր խոսում, չէր նայում ինձ, նույնիսկ հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել իրանը։
Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանեցի աղավնին, և սկսեց թփուտների մեջ որոնել։ Աղավնին ընկած էր այնտեղ փետուրները թափված, սևացած, որդերով ծածկված։ Նայեց և իսկույն ետ քաշվեց փշաքաղված։
— Ինչո՞ւ սպանեցիր, ինչո՞ւ,— դարձավ ինձ մեղմ կշտամբանքով։
Բայց ես միայն ծիծաղեցի նրա այդ աստիճան զգայնության վրա։
— Որովհետև ինքդ ցույց տվիր,— ասացի,— և ուզում էիր տեսնել, թե ինչպես եմ որս անում։
— Ա՛խ, թե որ գիտենայի...— արտասանեց կերկերուն ձայնով, և մի ակնթարթում նրա աչքերը լցվեցին արտասուքի կաթիլներով:— Տես ինչ է դառել այն սպիտակ, այն մաքուր, այն գեղեցիկ, անմեղ...
Փղձուկը թույլ չտվեց, որ վերջացնի։ Նստեց խոտի վրա, թաշկինակը պինդ հուպ տվեց աչքերին և սկսեց լալ: Եվ լալիս էր այնքան ուժգին, որ ուսերը վեր էին թռչում։
Մնացել էի ապուշ կտրած։ Պարզապես չէի հասկանում, թե ինչպես կարելի էր այդքան վշտանալ մի հասարակ թռչունի սպանության համար։ Եվ այժմ եմ միայն կռահում, որ նա աղավնու և իր միջև, թերևս անգիտակցաբար, մի նմանություն էր տեսնում և լալիս էր ոչ թե այն անմեղ թռչունի սպանությունը, այլ իր կուսության «սպանությունը»։
Այստեղ էլ պետք է վերջակետ դնեմ, որովհետև, շուտով բաժանվեցինք և այլևս չտեսանք իրար։ Իմ մեկնելուց հետո սկզբում բավական երկար ժամանակ նամակագրություն ունեինք իրար հետ, բայց հետո, չգիտեմ ինչպես, այդ նամակագրությունը քանի գնաց՝ նվազեց և վերջ ի վերջո դադարեց իսպառ: Կյանքն առավ ինձ իր հորձանուտ ալիքների մեջ և ժամանակը բերեց անխուսափելին — մոռացումը:
Այդ գիշեր երկար սպասում էի Թուսյանին, բայց նա չէր երևում։ Արդեն հոգնել էի պարապելուց, և քունս տանում էր։ «Ավարա մարդ է, կարող է չգալ» — վճռեցի ինքս ինձ և պատրաստվում էի պառկելու, երբ դռանս զանգակը հնչեց:
Ինքս գնացի դուռը բանալու, որ քնած ծառային նեղություն չտամ։ Բայց դուռը բանալուց հետո տեսա մարդ չկա: Դես նայեցի փողոցում, դեն նայեցի— ոչ ոք չէր երևում: «Կատակի ժամանա՞կ է գտել հիմարը» — մտածեցի ինքս ինձ, կարծելով թե իրեն հատուկ թեթևամտությամբ, զանգակը քաշելուց հետո, թաքնվել է մեր տան կողքին գտնվող նրբափողոցում։ Մի քանի րոպե սպասում էի այն ցրտին դռան շեմքին կանգնած — ոչ ոք չկար ու չկար։ Հետո մտածեցի, որ կարող էր մի օտար մարդ լինել, որն սխալմամբ քաշել էր դռան զանգակը և, տեսնելով որ սխալվել է, հեռացել էր. վերադարձա, հանվեցի և պառկեցի։ Բայց շուտով քնել չկարողացա, որովհետև ականջս շարունակ ձենի էր: Շուռումուռ էի գալիս անկողնումս, տանջվելով քնիս խանգարումից, և մտքումս հայհոյում Թուսյանին։
Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, և սպասողական դրության մեջ երևի թե արդեն քուն էի մտել, երբ գիշերային լռության մեջ մի թրխկոց հանկարծ զարթեցրեց ինձ։ Աչքերս բաց արի. տեսնեմ՝ Թուսյանն է։ Լամպը, որ նրա համար վառ էի թողել, վերցրել և դուրս էր տանում։
— Քնիր, քնիր,— ասաց,— ես ինքս կպատրաստեմ անկողինս։
— Դուռն ո՞վ բաց արեց,— հարցրի։
— Ծառան։ Տնաշեններ, այդպես էլ խոր քնել կլինի՞։ Քիչ էր մնում դուռը կոտրատեի։
— Հիմա ժամը քանի՞սն է։
— Երեքից անց կլինի։
Զարմացա։ Կարծում էի, թե հինգ րոպե էլ չկար, որ քնել էի, մինչդեռ քնած եմ եղել երկու ժամից ավելի։
— Ժամը մեկի մոտերքը հո չե՞ս եկել զանգակը քաշել,— հարցրի։
— Ե՞րբ, այս գիշե՞ր։
— Հա։
— Այդ երևի երազումդ ես տեսել,— ասաց և լամպը ձեռին դուրս գնաց հարևան սենյակը։
Երկար ժամանակ փսփսում էր այնտեղ, հետո արագ քայլերով մտավ նորից կիսահանված և ոտաբոբիկ, լամպը դրեց գրասեղանի վրա և հարցրեց հետաքրքրությամբ.
— Ասում ես ժամը մեկին եկել են զանգակը քաշե՞լ։
— Հա։
— Հետո՞, ո՞վ էր։
— Կարծեցի դու ես, գնացի դուռը բաց արի, մարդ չկար։
— Ի՞նչպես թե մարդ չկար։
— Մարդ չլինելը ի՞նչպես կլինի։
— Դուռը ինքդ բաց արի՞ր։
— Ինքս անձամբ։
— Եվ ոչ ոք չկա՞ր։
— Ոչ ոք։
Թուսյանը կարճ ժամանակ նայում էր աչքերիս փորձող հայացքով։
— Մարգարյան, եկ մի՛ խաղա ինձ հետ,— ասաց իրեն ոչ հատուկ լրջությամբ։— Ասա ուղղակի, որ մի կին էր և ինձ էր հարցնում։
Զարմանալու և հետաքրքրվելու հերթն ինձ հասավ.
— Ի՞նչ կին։
Թուսյանը չպատասխանեց, շարունակում էր նայել ինձ զարմացած։
— Լավ, այդ ի՞նչպիսի բան է, որ եկել զանգդ քաշել են և միևնույն ժամանակ ոչ ոք չի եղել։ Սատանա հո չէ՞ր կարող լինել, որ աներևութանար,— ասաց, ըստ երևույթին, դեռևս չհավատալով, որ ես ճշմարտությունն եմ ասում։
— Երևի փողոցին անծանոթ օտար մարդ է եղել,— ասացի,— փոխանակ հարևանի զանգը քաշելու, սխալմամբ իմ զանգն է քաշել։
— Այդպես հա՜։ Իսկ ես կարծեցի...
Ինչ-որ մտածելով, ծալապատիկ նստեց աթոռի վրա (ըստ երևույթին, բոբիկ ոտները մրսում էին մերկ հատակի վրա), հետո հանկարծ նայեց ինձ և ասաց.
— Բաս չես հարցնում՝ ինչու այսօր չգնացի։
— Երևի մի պատճառ կար, որ մնացել ես։
— Մինչև անգամ երկու պատճառ,— վրա բերեց Թուսյանը,— առաջինն այն, որ առավոտյան, երբ իրարից բաժանվեցինք և ես հափուռ-չափուռ հավաքում էի, որ գնամ վագզալ, տեսնեմ գրպանումս կոպեկ չկա։ Մինչդեռ շատ լավ հիշում եմ, կլուբում տարած վաթսուն ռուբլուց մի քսան-քսանհինգ ռուբլի դրել էի ժիլետիս գրպանը, և այդ փողը գնաց առանձին կաբինետում, իսկ մնացածը դրել էի պինջակիս ծոցի գրպանը, և այդ փողն էր, որ հանգել էր։ Մտածել եմ — կամ այն քածն է հանել, որի հետ քեֆ էի անում, կամ պարզապես ընկել է գրպանիցս։ Այսպիսով առավոտվա գնացքով գնալս չհաջողվեց։ Չուզեցի նորից քեզ դիմել և գնացի անմիջապես Սարումյանի մոտ ու մինչև մի քսան ռուբլի չպոկեցի, հանգիստ չտվի։ Գալիս էի տուն, որ չեմոդանս առնեմ գնամ վագզալ, վրա հասավ երկրորդ պատճառը... Քնեցի՞ր, Մարգարյան։
— Չէ, քունս արդեն փախցրիր։
— Լսիր, լսիր, շատ հետաքրքրական բան եմ պատմելու։ Նստեցի տրամվայ... Հա, ամենից առաջ հարցնեմ,— գրվածքս կարդացի՞ր:
— Կարդացի։
— Եզրակացությո՞ւնդ։
— Վատ չէ, կարելի է տպել։
— Ես այդ չեմ հարցնում ։ Ուզում եմ ասել՝ հասկացա՞ր, որ բարեկամս, որի անունից անում եմ պատմությունը, այդ ես ինքս եմ։
— Իհարկե, դա գրական մի որոշ ձև է։
— Էլի չհասկացար։ Ուզում եմ ասել, որ պատմվածքիս հերոսը ես ինքս եմ, և ամբողջ պատմվածքն էլ զուտ իրողություն է։
— Այդ ես չգիտեի։
— Հապա, զուտ իրողություն իմ սեփական կյանքից: Հիմա լսիր։ Նստել եմ տրամվայ, գալիս եմ։ Սկզբում ուշադրություն չեմ դարձնում, թե ով է նստած շուրջս: Հետո պատահմունքով ետ եմ նայում և ի՞նչ տեսնում. ճիշտ իմ ետևի նստարանի վրա նստած է նա — անտառի սիրուհիս։ Հետաքրքրական է, չէ՞։
— Եթե միայն ֆանտազիա չէ կիսատ թողած պատմվածքդ շարունակելու համար,— նկատեցի ես կեղծ անտարբերությամբ, բայց իսկապես շատ հետաքրքրված:
Թուսյանը մինչև անգամ ցած թռավ նստած տեղից։
— Տո, ճիշտ եմ ասում, է՜, ինչ ֆանտազիա,— բացականչեց նա։— Նա ինքը, իսկ և իսկ նա, սպանված աղավնին։ Ճանաչեցի առաջին իսկ հայացքից, որովհետև մեջտեղով քանի՜ տարի է անցել,— ընդամենը չորս-հինգ տարի: Ինչպես երևում էր, ինձնից առաջ էր նստել, և ինձ էր նայում։ Աչքս աչքին որ չդիպավ, չիմացա ինչ պատահեց ինձ. կարծես մի քար վերցրին և գլխովս տվին։ Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ։ Դե հիմա երևակայիր դրությունս. չեմ իմանում ինչ անեմ — վեր կենամ փախչե՞մ, թե ուղղակի խոսակցություն սկսեմ։ Թե փախչում եմ — խայտառակություն է դուրս գալիս, որովհետև գիտեի, որ հետո չպիտի ներեի ինձ այդ փոքրոգությունը. թե խոսակցություն եմ սկսում — վագոնը լիքն է, վախենում եմ ուրիշ բան դուրս գա։ Եվ ի՞նչ պիտի ասեի, ի՞նչ կարող էի ասել։ Նստած եմ իշացածի պես և թեև ետ չեմ նայում, բայց զգում եմ, որ նրա հայացքը շեշտակի ուղղված է ինձ և կարծես այրում է ծոծրակս։ Այսպես բավական երկար տեղ գնալուց հետո շփոթմունքս մի քիչ որ անցավ, երևակայիր, հանկարծ մի տեսակ ուրախություն պատեց ինձ։ Ասեմ ինչու։ Որովհետև այն ժամանակ, երբ նամակագրությունս դադարեցրի և նրանից էլ այլևս ոչ մի նամակ չէի ստանում, երբեմն մտածում էի, թե չլինի որևէ բան բերած լինի իր գլխին, և այժմ անսպասելի կերպով ողջ ու առողջ էի տեսնում նրան։ Այդ ուրախության ազդեցության տակ նորից քյալլագյոզությունս բռնեց. վճռեցի, որ իջնի, ես էլ իջնեմ, և ինչ ուզում է՝ պատահի։ Այդպես էլ արի։ Վագոնը որ կանգնեց, իջավ։ Ես էլ իջա։ Սկսեց արագ քայլերով հեռանալ։ Հասա ետևից։ Կանգ առավ և... դե ինչ երկարացնեմ. բողոքներ, մեղադրանքներ, հանդիմանություններ — այդ բոլորը եղավ, իհարկե, բայց, փառք ալլահին, ոչ լեզուս է պակաս, ոչ համարձակությունս, ոչ էլ փորձառությունս՝ կարողացա կամաց-կամաց մեղմել նրա վրդովմունքը, ասացի, թե ես մեղավոր չեմ, թե այդ բոլորը կատարվել է իմ կամքին հակառակ, թե ուսանողական անկարգություններին մասնակցելուս համար ինձ Սիբիր էին քշել, և ուրիշ այսպիսի ստեր։ Այս բոլորի հետ միասին երդում-կրակն ընկա, թե առաջվա պես սիրում եմ իրեն, ցավ հայտնեցի, որ ամուսնացել է (ինքն ասաց). բայց և այնպես,— ասացի,— այդ չի խանգարում, որ մեր նախկին հարաբերությունները շարունակենք։
— Եվ ի՞նչ պատասխան ստացար։
— Այդ էլ քեզ եմ թողնում որ գուշակես,— ասաց Թուսյանը, լամպը վերցրեց և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց։
— Երևի մի փառավոր ապտակ կերար,— կանչեցի նրա ետևից։
— Սխալվեցիր, թեև հոգեբան ես,— բղավեց նա մյուս սենյակից։— Այդ ցույց է տալիս, որ դու կանանց հետ գործ չես ունեցել և կանանց չես ճանաչում։ Ճրագը հանգցնե՞մ, թե մնա։
— Կարող ես հանգցնել։
Լույսի այն շերտը, որ ընկնում էր սենյակս հարևան սենյակի բաց դռնից, հանգավ։
— Ապտակը գիտե՞ս ինչ տեսակ կանայք են տալիս, Մարգարյան,— կանչեց Թուսյանը, ըստ երևույթին, արդեն անկողին մտած։— Ապտակն այն տեսակ կանայք են տալիս՝ որոնք ոչինչ չունեն կորցնելու։ Այ, օրինակ, փողոցում մոտենում ես մի հանրածանոթ թեթևաբարո կնոջ և առաջարկություն անում. թե որ քիթդ դուր չեկավ, մեկ էլ տեսար տարավ ու բերեց — շրըխկ։ Դեռ գարադավոյ էլ կկանչի, որ ցույց տա, թե տեսեք՝ որքան նամուսով կին եմ։ Իսկ իսկական նամուսով կանայք, ընդհակառակն, այդպիսի դեպքերում կարմրում են, կարկամում և ամոթից քիչ է մնում գետինն անցնեն, որ մարդ չտեսնի, չիմանա։ Գրող մարդ ես, պետք է որ այս բաներն իմանաս,— ավելացրեց նա հորանջելով։
— Բայց և այնպես չասացիր, թե ինչ պատասխան ստացար,— նկատեցի ես։
— Համենայն դեպս ապտակ չստացա և չէի կարող ստանալ, որովհետև այսպես թե այնպես, իր անդրանիկ սիրո առարկան էի, իսկ անդրանիկ սերը կնոջ սրտում անջնջելի է, ինչքան էլ որ այդ սիրո առարկան անառակի մեկը լինի ինձ պես։
— Ինձ փիլիսոփայություններ հարկավոր չեն, ինձ վերջն է հարկավոր,— կանչեցի ես անհամբերությամբ։
— Դե վերջն ինչ. վերջն ա՛յն, որ... հարցրեց որտեղ եմ ապրում։ Ես էլ տվի քո տան հասցեն։
— Թե ի՞նչ։
— Թե այն, երևի, որ կամ ինքը գա, կամ նամակով ռանդեու նշանակի որևէ տեղ։ Ես այդ մտքով էլ հասկացա նրան և դրա համար էլ վճռեցի առժամանակ հետաձգել գնալս։ Հիմա որ ասացիր եկել զանգդ քաշել են, մտածեցի, չլինի նա է եղել և վերջին րոպեին ամաչել փախել է։ Բայց այս էլ եմ մտածում, թե ի՞նչպես կհամարձակվեր գալ կեսգիշերին։
— Ինչո՞ւ իր հասցեն չուզեցիր։
— Չտվավ։
— Ինչո՞ւ։
— Դե հասկանալի է. ամուսին, ընտանիք, ո՞վ գիտե...
Թուսյանը նորից հորանջեց և երկար ժամանակ լուռ էր։
— Բայց լսիր ինչ եմ ասում,— հանկարծ կանչեց նա։ — Թե որ, ով գիտե, վաղը, մյուս օրը գա և դու տանը լինես, հույս ունեմ այնքան փափկանկատ կգտնվես, որ մեզ մենակ կթողնես։ Իսկ այժմ բարի գիշեր, ես արդեն քնեցի։
Չգիտեմ ինչ հիման վրա, Թուսյանը համոզված էր, որ իր խաբած աղջիկը չորս-հինգ տարվա լքումից հետո անպատճառ պիտի գա իր մոտ կամ նամակով տեսակցություն պիտի նշանակի։ Այս պատճառով հետևյալ օրը երեկոյան տուն էր եկել շատ վաղ և, երկար ապարդյուն սպասումից ձանձրացած, պառկել քնել էր առանց հանվելու, պատվիրելով, որ եթե գա, վեր կացնեմ իրեն։
Նստած պարապում էի, ըստ սովորականին, երբ դարձյալ գրեթե նույն ժամին, ինչպես և նախորդ գիշերը, հնչեց դռանս զանգակը։ Գրեթե նույն րոպեին և հանկարծ կտրվեց Թուսյանի խռմփոցի ձայնը հարևան սենյակում։ Այդ նշան էր, որ նա հանկարծ զարթնեց զանգակի ձայնի վրա։
— Հը՞, Մարգարյան,— կանչեց նա,— այս նա է՞։
— Չէ մի, պոզեր,— ասացի ես գրգռված, չնայելով, որ ակամա սկսեցի հավատալ, թե կարող է նա լինել:
Թուսյանը երևաց դռան շեմքում շտապով բաճկոնը հագնելով։
— Կաց, ես եմ բանալու,— ասաց և դուրս գնաց։
Անհամբեր սպասում էի նրա վերադարձին։ Այդ արկածն սկսել էր խիստ հետաքրքրել ինձ։
Երկար սպասում էի։ Թուսյանը չէր վերադառնում։ Ասացի՝ երևի դռանը խոսակցության են բռնվել և որտեղ որ է՝ կմտնեն։ Ու հիմա, անհանգիստ, այն մասին էի մտածում, թե ինչ հիմար դրության մեջ է դնելու ինձ իմ սեփական բնակարանում այդ անամոթ մարդը։
Մի քիչ էլ սպասեցի, տեսնեմ վերադարձավ մենակ և ձեռքերը տարածեց ծայր աստիճան տարակուսանքով։
— Սա ի՞նչ հանելուկ է,— ասաց,— ոչ ոք չկար։
Հանելուկը պարզվեց հետևյալ առավոտյան, երբ ես նոր էի գնացել պաշտոնավայրս և, առանձնասենյակումս նստած, ձեռնարկել էի օրվա աշխատանքս։ Թեև պատվիրել էի, որ աշխատանքիս որոշ ժամերին ոչ ոք չխանգարի ինձ, բայց և այնպես ծառան մտավ և ասաց, որ մի պարոն ուզում է տեսնել ինձ մի շատ կարևոր գործի համար։ Ստիպված էի պատվիրել, որ ներս հրավիրի։
Մտավ մեկը շատ զգույշ և անհամարձակ քայերով։ Երբ գլուխս բարձրացրի, որ տեսնեմ՝ ով էր, սկզբում զարմացած, հետո մեկեն վեր թռա ուրախական բացականչությունով։
Գարեգին Սիսակյանն էր, որին ոտով-գլխով կորած էի համարում։
Ու մինչ ուզում էի ընդունել նրան, ըստ հին սովորությանս, մտերմական-հեգնական եղանակով, զարմանքով տեսա, որ ա՛յն Գարեգինը չէ։ Դեմքը գունատ էր, աչքերը թափառուն և հիվանդոտ, անփայլ ցոլքով, քնատ մարդու աչքերի պես. միշտ կենսուրախ, միշտ խանդավառ տրամադրության հետքն անգամ չէր երևում ոչ դեմքի, ոչ շարժումների մեջ. ընդհակառակն, հոգեկան ծանր վշտի տակ ճխլված մարդու տպավորություն էր թողնում իր ամբողջ արտաքինով։
Առանց բարևելու և առանց երեսիս նայելու նստեց գրասեղանիս մոտ և տենդոտ, անհանգիստ հայացքն սկսեց ման ածել թափթփված թղթերի վրա։
Նստեցի իմ տեղը, նրա դիմաց, և ինքս ճնշված նրա արտասովոր հոգեկան վիճակի տպավորության տակ, սկզբում ոչինչ չկարողացա արտասանել և միայն ապշած դիտում էի նրան։ Շատ պարզ էր, որ խորապես դժբախտ էր, և ոչ մի տարակույս չկար ինձ համար, որ նրա դժբախտությունը ծագում էր հենց այն բանից, որի դեմ ես նախազգուշացնում էի նրան ամուսնությունից առաջ։ Եվ այդտեղից էլ սկսեցի հարցուփորձս։
— Չլինի՞ գուշակությունս ճիշտ դուրս եկավ,— ասացի,— և այդ աղջիկը վերջ ի վերջո դժբախտացրեց քեզ։
Նա հանկարծ մի վախեցած հայացք գցեց չորս կողմը, վեր կացավ և արագ ու զգույշ քայլերով մոտեցավ դռանը։
— Այս դուռը կարելի է փակել, չէ՞,— ասաց գրեթե շշնջալով։
— Կարող ես։
Շատ զգուշորեն, երևի նրա համար, որ շրխկոց չհանի, բանալին շուռ տվեց փականքի մեջ և եկավ նստեց առաջվա տեղը։ Այժմ միայն ուղիղ նայեց աչքերիս և ասաց.
— Սխալվում ես, ես դժբախտ չեմ և չեմ եղել երբեք, և այս րոպեին էլ ինձնից ավելի երջանիկ մարդ չի կարող լինել, եթե... նա կամենա։
— Ո՞վ։
— Կինս։
— Ի՞նչպես թե...
— Լսի՛ր պատմեմ,— ընդհատեց ինձ Գարեգինը, նորից մի վախկոտ հայացք գցելով չորս կողմը. հետո գլուխը մոտեցրեց ինձ և հարցրեց շշնջյունով.— ո՞վ է այն պարոնը, որ քեզ մոտ հյուր է...
Այդ անակնկալ հարցմունքը և մանավանդ այդ շշնջյունը, որ շատ խորհրդավոր կերպով հնչեց ականջիս, կայծակի ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Կարծես մինչև այդ վայրկյան նստած էի խոր մթության մեջ, և հանկարծ մի անակնկալ պայծառ լույս շողաց և լուսավորեց շրջապատս։ Մի ակնթարթում մտքիս մեջ եկան շաղկապվեցին իրար հետ երեք անձնավորություն — Սառան, Թուսյանը և Գարեգինը,— և ինքս իմ մեջ վճռեցի, որ ես արդեն ամեն բան գիտեմ։
Այս ինքնաբուխ պարզատեսությունն այնքան անակնկալ էր ինձ համար, որ Գարեգինի հարցմունքին իսկույն պատասխանել չկարողացա։ Հետո, երբ անակնկալի առաջին շշմեցնող տպավորությունն անցավ, ինքս հարց տվի նրան.
— Դու ո՞րտեղից գիտես, թե ինձ մոտ հյուր կա:
— Գիտեմ... Եվ ես քեզ մոտ չէր, որ գալիս էի, նրա մոտ էի գալիս։
— Ե՞րբ, ի՞նչ ես ասում։
— Այս և անցյալ գիշեր։
— Սպասիր, այն դո՞ւ էիր զանգակս քաշում,— բացականչեցի ես։
— Ես էի:
— Հետո, ինչո՞ւ չէիր սպասում, որ դուռը բանայի։
— Ինչո՞ւ։ Ահա թե ինչու։
Ետևի գրպանից հանեց մի ատրճանակ, ցույց տվավ և նորից գրպանը կոխեց շտապով։
Թեև դրաման գրեթե արդեն բոլորովին պարզ էր ինձ համար, բայց և այնպես զարմանքս այնքան մեծ էր, որ չկարողացա չհարցնել.
— Ինչո՞ւ ես առել գրպանդ։
— Որ սպանեմ։
— Ո՞ւմ։
— Այն պարոնին, որ քեզ մոտ հյուր է։
— Նա ի՞նչ է արել քեզ։
Գարեգինը հանկարծ վեր կացավ, աթոռն առավ, եկավ նստեց ուղղակի կողքիս այնքան մոտիկ, որ մեր ծնկներն ու թևերը քսվում էին իրար, և կցկտուր բառերով, կարծես տենդի մեջ, շշնջաց ուղղակի ականջիս մոտ.
— Այդ պարոնը... Սառային... օրիորդ ժամանակ... հասկանո՞ւմ ես... Ես ոչինչ չգիտեի, ինքն ասաց...
— Ո՞վ։
— Ինքը Սառան... երեկ չէ, մեկէլ օրը... Չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է... Ես էլ ահա երկու գիշեր է, գալիս եմ զանգդ քաշում, բայց ձայնը որ դիպչում է ականջիս, փախչում եմ սարսափահար, որովհետև... ի՞նչ... ե՞ս... ես մարդ սպանե՞մ... ե՛ս, որ կյանքումս մի ճանճ անգամ չեմ սպանած...
— Լավ, էլ ինչո՞ւ ես ատրճանակը գրպանդ առել և ինչո՞ւ ես գալիս։
— Նա՛ է տվել, նա՛, Սառան, և նա՛ է ստիպում, որ գամ սպանեմ, հասկանո՞ւմ ես։ Թե չէ ես ի՞նչ գործ ունեմ ատրճանակի հետ, ինչո՞ւ պետք է ամբողջ գիշերներ թափառեմ փողոցներում խելագարի պես և վերջը, որ վերադառնամ, եզրից վռնդվեմ տանից՝ նոր թափառումներ կատարելու համար։
— Սպասիր,— ասացի ես, հեռացնելով նրան ինձնից, որովհետև, չափազանց հուզված, ուղղակի ընկել էր վրաս, և նրա փսփսոցն ականջիս մոտ ճանճի անախորժ բզզոցի պես քայքայում էր ջղերս:— Ես քեզ հարցումներ կտամ, և դու պատասխանիր ինձ հանգիստ կերպով, որովհետև քո այդ կցկտուր խոսքերից ես ոչինչ չեմ հասկանում։
Նա ետ քաշվեց և մի քիչ հանգստացավ։ Ու ես սկսեցի հարցուփորձս։
— Ամենից առաջ հարցնեմ,— ո՞րտեղ էիք այս հինգ-վեց ամիսը։
— Արտասահման էինք գնացել։
— Ե՞րբ եք վերադարձել։
— Մի շաբաթ չկա։
— Ասում ես՝ օրիորդ ժամանակ հարաբերություն է ունեցել ինձ մոտ հյուր եղող պարոնի հետ։ Այդ էիր ուզում ասել, չէ՞: Ես պարզ եմ խոսում։
— Այո։
— Ե՞րբ հայտնեց քեզ այդ բանը։
— Երեկ չէ, մեկէլ օրը, երբ հանդիպել էր այդ պարոնին։
— Մինչև այդ ժամանակ ոչինչ չէ՞ր ասել։
— Ամենևին։
— Եվ դու ոչինչ չէի՞ր կասկածում։
— Բնավ։
— Այդքան ժամանակ ծածուկ պահելուց հետո ինչո՞ւ հայտնեց։
— Որ վրեժխնդիր լինեմ։
— Բայց չէ՞ր մտածում, որ դու կարող էիր վրեժխնդիր լինել ամենից առաջ իրենից, որ քեզ խաբել է։
— Ո՞վ, ես՞... վրեժխնդիր նրանի՞ց... Ուրեմն դու դեռ լավ չես ճանաչում ինձ, ուրեմն դու դեռ չգիտես, թե որքան եմ սիրում նրան...
— Իսկ նա քեզ սիրո՞ւմ է։
— Կարող եմ ասել, որ առանց ինձ մի օր էլ չի ապրի։
— Որ այդպես է, ինչո՞ւ է ուզում քեզ կործանել. չէ՞ որ մարդասպանության համար դու կկորչես, իսկ դրանով ինքն էլ կդժբախտանա, եթե իսկապես այդ աստիճան սիրում է քեզ։
— Այդ բոլորն ասել եմ, կարծում ես՝ չե՞մ ասել, բայց նա ոչ մի պատճառաբանություն, ոչ մի առարկություն լսել անգամ չի ուզում։ Ամբողջովին վրեժ է կտրել և այդ վրեժը լուծելու համար պատրաստ է ինձ էլ, իրեն էլ, ամեն բան զոհելու։ Հիշո՞ւմ ես, քեզ պատմել եմ, նշանած ժամանակ որ Մուշտայիդ էինք գնացել, գետնի վրա ատրճանակ նկարեց և հարցրեց՝ մարդ կարո՞ղ եմ սպանել։ Դու մի ասի՝ շարունակ մտածելիս է եղել իր վրեժի մասին։ Եվ ես նոր եմ գլխի ընկնում, որ նրա բոլոր տարօրինակությունների պատճառն իր խորտակված կյանքն է եղել։
— Լավ, ինչո՞ւ է ուզում, որ իր վրեժը անպատճառ սպանությամբ լուծվի։
— Որովհետև, ասում է, ուրիշ պատիժ չկա այդպիսիների համար. որովհետև, ասում է, նա սպանեց ինձ, ինչպես այն աղավնուն, որ իր համար հանգիստ նստած էր ծառի վրա և ոչ ոքի վնաս չէր տալիս։ Ի՞նչ աղավնի է դա — ոչինչ չեմ հասկանում: Ինձ թվում է, թե սկսել է ցնորվել, և այս մասին՝ որ մտածում եմ, քիչ է մնում ինքս էլ խելագարվեմ: Տե՛ր իմ աստված, ինչո՞վ պիտի վերջանա այս բանը, ինչո՞վ...
Գարեգինը գլուխը բռնեց ձեռքերով և կարճ ժամանակ շշմածի պես նայում էր մի կետի։ Հետո հանկարծ ցնցվեց, ձեռքերը հեռացրեց գլխից և նայեց ինձ պարզապես խելակորույս աչքերով։
— Ես քեզ մի ուրիշ, ավելի սարսափելի բան պատմեմ,— ասաց նա ձայնը խիստ ցածրացնելով։— Նա զավակ էլ է ունեցել այդ պարոնից և... ինքն իր ձեռքով խեղդել սպանել է...
— Ի՞նչ ես ասում,— շշնջացի ես բնազդական սոսկումով։
— Այո, այո, այս էլ ինքը խոստովանեց։
— Հետո՞։ Ի՞նչ է արել սպանված մանուկը։
— Հայրը, աներս, աղջկա նամուսը պարտկելու և հանցանքը ծածկելու համար գիշերով վերցրել, տարել գետն է նետել կամրջից։
Մինչև մանկան սպանությունը Գարեգինի հայտնածը Սառայի և Թուսյանի հարաբերությունների մասին ես համարում էի շատ սովորական պատմություն, գրեթե առօրյա մի երևույթ, որպիսին շատ է պատահում կյանքի մեջ։ Նույնիսկ լուրջ կարևորություն չէի տալիս այն բանին, որ Սառան ստիպում էր Գարեգինին սպանելու իր պատիվն անարգողին և իրեն լքողին. այդ բանը համարում էի նրա սովորական տարօրինակություններից մեկը. ջղային ուժգին հուզմունքի մեջ նա անշուշտ չէր հասկանում, թե որքան անհեթեթ բան էր պահանջում իրեն սիրող ամուսնուց, որին անշուշտ շատ լավ էր ճանաչում։ Բայց այն հանգամանքը, որ այդ պատմության մեջ խառն եղել է որդեսպանության պես մի սոսկալի եղեռն, միանգամայն կարկամեցրեց ինձ, և ես հարկադրված եղա շատ լրջորեն նայելու այս գործին, որովհետև այն, ինչ որ սովորական պատմություն ու առօրյա երևույթ էի համարում, իսկապես մի տրագեդիա է եղել, որի վախճանը կարող էր շատ աղետաբեր լինել այն երեք գործող անձերի համար, որոնց ճակատագիրը բերել կցորդել էր իրար այդ տրագեդիայի մեջ։ Եվ որովհետև ես ևս բոլորովին կողմնակի մի անձնավորություն — բախտի պատահական բերումով ընկել էի այդ տրագեդիայի շրջապտույտը — ուզեի չուզեի՝ պիտի մասնակցեի։ Իմ չեզոք լինելու պարագան արդեն ինքնին որոշում էր իմ դերը, որը ոչ այլ ինչ պիտի լիներ, եթե ոչ շանթարգելի դեր գալիք աղետի հանդեպ. բայց թե ինչ եղանակով պիտի կատարեի ինձ վիճակված այդ դժվարին դերը, դեռևս պարզ չէր ինձ համար։ Ուստի, երբ անցավ սոսկալի հայտնության առաջին ցնցող տպավորությունը, շարունակեցի հարցուփորձս.
— Հիմա ի՞նչ ես մտադիր անելու։
— Մտադի՞ր,— զարմացավ Գարեգինը.— խելք, միտք մնացե՞լ է գլխումս, որ մտադիր լինեմ որևէ բան անելու։ Եվ ի՞նչ կարող եմ անել իմ այս դժբախտ, թույլ կամքով, իմ այս ողորմելի անհիշաչար, բարի սրտով։ Ուրիշ բան կլիներ, իհարկե, եթե ես էլ ուրիշների պես կարող լինեի վառվել, բորբոքվել։ Բայց մեղավո՞ր եմ, որ չեմ կարող, օրգանապես անընդունակ եմ։ Ահա այստեղ է իմ ամբողջ դժբախտության արմատը։ Եվ քանի՜ անգամ է նա երեսովս տվել, որ ես տղամարդ չեմ, կնիկ եմ, փալաս... Եվ դու կարծում ես, թե այս երկու օրը ես ապրո՞ւմ եմ, գիտե՞մ ինչ բան է հանգիստը, ե՛րբ է լուսանում, երբ մթնում... Ոչինչ չգիտեմ։ Ինձ դուրս են շպրտել սովորական և բնական կյանքի սահմաններից, և ես գլխիվայր ցած եմ գլորվում, ցած, շարունակ ցած — չգիտեմ ուր, բայց միշտ ցած, միշտ ցած, և ինձ թվում է, թե երբե՛ք չպիտի դադարի այս գլորումը, մինչև որ հոգիս փչեմ։ Ես արդեն շշմել եմ, հոգիս եկել բուկս է հասել, հազիվ եմ շնչում, որովհետև Սառան հանգիստ չի տալիս ինձ, չի ուզում երեսս տեսնել, սպառնում է, որ եթե չսպանեմ, կդադարի ինձ սիրելուց, կատի, կարհամարհի, նույնիսկ անձնասպանություն կգործի։
Գարեգինն արմունկները դրեց գրասեղանի վրա և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Շնչում էր ծանր ու հատու և այնքան ուժգին, որ ուսերը բարձրանում ցածրանում էին երկար տեղ վազած մարդու նման։ Հետո, ձեռքերն ու գլուխը հանկարծ ընկան գրասեղանի վրա, մի ծանր զսպված հեծկլտոց բռնեց սենյակը։
Այդ բանն ինձ շատ ազդեց։ Առաջին անգամն էր, որ այդ միշտ խանդավառ, միշտ կենսուրախ, միշտ անհոգ երիտասարդին տեսնում էի այնքան դառնորեն լալիս։ Եվ երբեք այնպես չէի խղճացել նրան, ինչպես այս րոպեին, երբ նա նմանում էր բախտից հալածված ու անօգ ու որբացած մի երեխայի։ Չկարեկցել նրան անկարելի էր, և մինչդեռ նա զսպված հեծկլտանքից հազիվ էր շունչը ետ բերում, ինձ համար կամաց-կամաց պարզվում էր այն եղանակը, որով ես թե ընկերական կարեկցությունից և թե բախտի բերումով պարտավոր էի զգում ինձ միջամտելու այս գործին։
Սրտապնդիչ խոսքերով Գարեգինին հանգստացնելուց հետո ասացի.
— Ինձ մոտ եկել ես անշուշտ նրա համար, որ օգնեմ, այնպես չէ՞։
— Այո,— հազիվ արտասանեց լացակումած ձայնով,— դու միայն կարող ես օգնել, որովհետև այն պարոնը...
— Լա՛վ։ Այդ պարոնը ոչ թե միայն իմ տանը, Թիֆլիսում չի լինի հենց այսօր ևեթ,— ասացի ես վճռականորեն։
— Ճի՞շտ,— բացականչեց նա, հանկարծ վրա ընկնելով ձեռքերիս այնպիսի մի բուռն ուրախությամբ, որ կարծես ինքը չէր մի քիչ առաջ այնպես հուսահատորեն լաց եղողը։
— Այդ կողմից կարող ես ապահով լինել, բայց հարցն այս է, թե բանը դրանով կվերջանա՞ արդյոք։
— Օ՛, գլխավորն ա՛յդ է, գլխավորն ա՛յդ է,— շշնջաց Գարեգինը եռանդով։— Միայն թե դու այդ անես, միայն թե նա այստեղից հեռանա, մնացածը հեշտ է։ Գիտե՜ս ինչ կա,— շարունակեց Գարեգինը ավելի ու ավելի ոգևորվելով,— ես չգիտեի, թե դու այդքան ազդեցություն ունես այդ պարոնի վրա, բայց որ ասում ես, թե այդ կանես, ես լիովին հավատում եմ և այս րոպեին այնպիսի մի թեթևություն եմ զգում, որ կարծես հանկարծ ազատվեցի մի սոսկալի ատամնացավից։ Իսկ ես գիտե՞ս ինչի համար էի գալիս քեզ մոտ. գալիս էի խնդրեմ, որ գաս հանգստացնես Սառային։ Եվ այդ էլ որ անես, ոչ թե միայն իմ, այլև նրա փրկիչը կդառնաս։
— Եվ դու կարծում ես, թե այդ բանը հարմա՞ր է։
— Ոչ թե հարմար, այլ անհրաժեշտ է։ Ես նրա վրա ոչ մի ազդեցություն չունեմ. պարզապես արհամարհում է ինձ. եթե արդեն չի ատում, իսկ քեզ, գիտեմ, հարգում է և չի կարող չլսել քեզ։ Ես շատ փորձեցի և տեսա, որ առանց կողմնակի ազդեցության անկարելի է նրան հանգստացնել։ Իսկ հանգստացնել պետք է, անպատճառ պետք է, որովհետև... գիտե՞ս ինչից եմ ես ավելի վախենում. նա հղի է, և այդ հուզումները շատ վատ հետևանք կարող են ունենալ։
Թեև Սառային տեսնելու միտքը առանց Գարեգինի ասելու էլ հղացել էի ես, բայց այդպիսի մի անձնական և ընտանեկան գործի միջամտելն էլ այնքան փափուկ խնդիր էր, որ չէի կարող իսկույն խոսք տալ, մանավանդ, երբ հիշողությանս մեջ նորոգում էի Սառայի այնքան անբարեհամբույր ու անմատչելի բնավորությունը։ Այդ պատճառով պատասխանս խուսափողական եղավ։
— Լավ,— ասացի,— այդ մասին կմտածեմ։
— Ո՛չ, խնդրում եմ, մտածել հարկավոր չէ,— վրա բերեց Գարեգինն աղերսագին։— Եկ, անպատճառ եկ, աղաչում եմ, և որքան շուտ, այնքան լավ։ Եկ հենց այսօր, երբ ազատ լինես, որովհետև ամեն մի րոպեն թանկ է։ Պետք է փրկել նրան. ես վախենում եմ, որ հետո ուշ լինի։
Երկար ժամանակ այդպես թախանձագին ու համառորեն խնդրում էր, չէր ուզում լսել իմ ոչ մի պատճառաբանությունը, թե Սառան կարող էր ինձ չընդունել, կարող էր վիրավորել ինձ և պարզապես վռնդել անկոչ միջամտությանս համար, այնպես որ վերջ ի վերջո ստիպված եղա զիջել և խոսք տվի, որ այդ երեկո կգնամ։
Նա բաժանվեց ինձնից այնքան ուրախ և հանգստացած, որ կարծես այլևս ոչ մի դժբախտություն գոյություն չունի նրա համար աշխարհիս երեսին: Եվ հենց այդ միայն բավական էր, որ չզղջայի իմ տված խոսքի համար և առաջուց վարձատրված չզգայի ինձ այն անախորժությունների համար, որ ես, լիովին հավատացած էի, պիտի կրեի այդ երեկո Սառայի հետ ունենալիք հանդիպման ժամանակ։
Աշխատանքս վերջացնելուց հետո առաջին գործս այն եղավ, որ գնացի փնտրելու Թուսյանին, որպեսզի հենց այդ օրն ևեթ ճանապարհեի Թիֆլիսից։ Հանդիպեցի ամեն տեղ, ուր ենթադրում էի, թե կգտնեմ նրան, գնացի, ի միջի այլոց, Սարումյանի մոտ, որի կնոջ վրա աչք էր բռնել,— ոչ մի տեղ չգտա։ Իսկ աշնան կարճատև օրն արդեն մթնում էր, և ես վերջ ի վերջո ստիպված եղա որոնումներս դադարեցնել, որպեսզի գնայի Սառայի մոտ։
Չիմացա ինչպես ճաշեցի, որովհետև ինձ չափազանց անհանգստացնում և, միևնույն ժամանակ, հետաքրքրում էր այն տեսակցությունը, որ պիտի ունենայի Սառայի հետ։ Չգիտեի թե ինչ անուն պիտի տայի այդ տեսակցությանը, ինչով պիտի արդարացնեի միջամտությունս, ինչ պիտի ասեի, ինչպես պիտի «հանգստացնեի» Սառային, և որքան աշխատեցի պատճառաբանությունների մի նախագիծ կազմել ինձ համար, որպեսզի ըստ այնմ էլ շարժվեի, ոչինչ դուրս չեկավ։ Վերջ ի վերջո հիշեցի, որ այդպիսի դեպքերում առհասարակ նախապատրաստումը միանգամայն ավելորդ է հանդիսանում, որովհետև երբեք չի արդարանում, և ամեն բան պետք է գցել հանգամանքների բերմունքին ու րոպեի թելադրանքին։
Այդպես էլ վճռեցի ու գնացի։
Փողոցի դուռը բաց արեց ինքը Գարեգինը, որին դռան ապակու միջից տեսա վերևից մարմարի սանդուղքով արագորեն իջնելիս։
— Շնորհակալ եմ, որ եկար. անհամբեր սպասում էի,— ասաց կամաց՝ ձեռքս պինդ սեղմելով։— Եկ գնանք։ Բայց ոչ, սպասիր։
Ձեռքս բռնած, պահեց ինձ, մի անհանգիստ հայացք գցեց վերև, դեպի սանդուղքի գլուխը երրորդ հարկում, և նորից դառնալով ինձ՝ հարցրեց ավելի կամաց.
— Իսկ այն պարոնին արդեն ճանապա՞րհ դրիր:
— Շատ ման եկա, չգտա։ Բայց սովորաբար ինձ մոտ է գիշերում. այս երեկո որ վաղ գա, կճանապարհեմ հենց այս գիշերվա գնացքով, հակառակ դեպքում բանը կմնա վաղվան։
— Այդ վնաս չունի, միայն թե աղաչում եմ։ Սառային ասա, որ այլևս այստեղ չէ, գնացել է, որովհետև վախենում եմ, որ այս գիշերն էլ ստիպի, որ գամ սպանեմ: Եվ բացի դրանից, որ իմանա, թե նա այլևս այստեղ չէ, կհանգստանա։
— Դու կարծո՞ւմ ես։
— Անպատճառ։
Սկսեցինք բարձրանալ սանդուղքով։ Բայց այս անգամ, իմ հերթին, ես կանգնեցրի նրան:
— Չլինի՞ թե Սառային հայտնել ես մեր այսօրվա տեսակցությունը,— ասացի։
— Ո՛չ, ո՛չ, ի՞նչ ես ասում,— շշնջաց Գարեգինը, ըստ երևույթին, զարմացած, որ ես կարող էի այդպիսի կասկած տանել։— Այդ աստիճան հո դեռ չեմ կորցրել խելքս։ Նա ինձ տեսնել էլ չի ուզում. փակվել է իր սենյակում և չի ուզում դուրս գալ։
Այս անգամ ես արդեն վճռականապես կանգ առա։
— Լավ, որ այդպես է, էլ ինչո՞ւ եմ եկել,— ասացի։
— Ո՛չ, ոչ, քեզ կընդունի, կընդունի։ Այդ ի՛նձ է, որ չի ուզում տեսնել։ Քեզ կընդունի հենց միայն այն պատճառով, որ այն պարոնը քեզ մոտ հյուր է։ Եվ, եկ գնանք։
Ու, ձեռքս բաց չթողնելով, գրեթե զոռով տարավ ինձ վերև։
Մտանք նախասենյակը, որը լուսավորված էր էլեկտրական ճրագով: Մինչդեռ ես հանում էի վերարկուս, Գարեգինը շատ զգուշորեն բաց արավ մութ հյուրասենյակի դուռը, ներս մտավ, դարձրեց էլեկտրական ջահի կոճակը, որից հյուրասենյակը հանկարծ լուսավորվեց կապտավուն պայծառ լույսով, նույն զգուշությամբ դուրս եկավ և դարձավ ինձ շշնջալով.
— Դու մտիր, իսկ ես իսկույն աղախնի բերնով կապսպրեմ Սառային, որ եկել ես իրեն տեսնելու։
— Իսկ դո՞ւ։
— Իսկ ես չեմ երևա, որպեսզի չգրգռվի, և հանգիստ խոսեք:
Եվ Գարեգինը զգույշ ու արագ չքացավ մի ուրիշ դռան ետևը, որ նույն նախասենյակից տանում էր դեպի ներքին սենյակները։
Մտա հյուրասենյակ և նստեցի։ Այստեղ, բացի մուտքի և դեպի ինձ ծանոթ պատշգամբը տանող դռներից, կար ուրիշ երկու դուռ։ Փոխեփոխ նայում էի մերթ այս, մերթ այն դռանը, սրտիս մեջ զգալով մի տարօրինակ վախ և րոպե առ րոպե սպասելով, թե ահա ո՛րտեղ որ է՝ կմտնի Սառան իր անհամբույր համառ հայացքը տարակուսորեն աչքերիս հառած։ Ու նոր զգացի, թե որքան մեծ անմտություն էի գործել հանձն առնելով մի առաքելություն, որ մի կատարյալ անհայտություն լինելով հանդերձ՝ հղի էր ինքնասիրությանս համար շատ անախորժություններով, և որի տակ այժմ ավելի, քան մինչև գալիս, զգում էի թե պիտի ճխլվեմ։
Սակայն մի հանգամանք, որի մասին մինչև այժմ չէի մտածել հանկարծ քաջություն տվեց ինձ, և իմ այցը ոչ միայն անմտություն չհամարեցի, այլև անհրաժեշտ կարիք նկատեցի նույն իմ ինքնասիրության, իմ բարի անվան համար։
Այդ հանգամանքը հետևյալն էր։
Սառան Թուսյանից իմանալով, որ նա ինձ մոտ է իջևանած, անշուշտ կարծում է, որ ինձ հայտնի է եղել նրա սրիկայական արարքը, և ես, այնուամենայնիվ, տեղ եմ տվել նրան իմ տան մեջ, ես, որ իր խաչեղբայրն եմ և իր ամուսնու մտերիմ ընկերը։ Այդ պարագայում, պարզ է, թե որքան ես վարկաբեկված պիտի լինեմ նրա աչքում, և որքան խոր ատելությամբ պիտի համակված լինի նա դեպի ինձ։ Այժմ ես պիտի հասկացնեմ և համոզեմ նրան, որ Թուսյանը, նախ, հակառակ իմ ցանկության է եկել հյուր նստել տանս, և երկրորդ, ամենագլխավորն է, ես միանգամայն անտեղյակ եմ եղել, որ նրա սրիկայության զոհը ինքը Սառան է եղել։
Այժմ շատ ցավեցի, որ իզուր Գարեգինը ծածկել էր Սառայից մեր այսօրվա տեսակցությունը։ Եթե այդ բանը պատմած լիներ կնոջը, Սառան անշուշտ իմացած կլիներ, որ իր անցյալը, հետևաբար և իր վերաբերմամբ Թուսյանի գործած սրիկայությունն ինձ իսկապես անհայտ է եղել։
Մինչև ես այս մտորումների մեջ էի և մտքումս խոսքեր էի որոնում Սառայի առջև ինքս ինձ արդարացնելու համար, տեսնեմ դռներից մեկը բացվեց, և դուրս եկավ Սառան ուսերին մի հաստ շալ գցած։
Մտավ, դուռը ետ դրեց, նախապես շրջազգեստի ետևի փեշը քաշելով դեպի ինքը, որ դռան տակ չմնա, և նայեց ինձ մի չափազանց սառը հայացքով, որի մեջ կատարելապես արդարացած տեսա իմ բոլոր ամենավատ գուշակությունները և նախազգացումները։
Եվ այդ հայացքը բավական էր, որ չհամարձակվեի մոտենալ նրան. միայն մեքենայաբար վեր կացա և բարևեցի։
Չընդունեց բարևս և շարունակում էր լուռ կանգնած մնալ դռան մոտ՝ իր սպանիչ սառն հայացքը դեմքիս սևեռած։
Ու, ինչքան էլ որ շփոթված էի, չկարողացա չնկատել մի ահագին փոփոխություն, որ կատարվել էր նրա արտաքինի մեջ։ Ամուսնական կյանքը, թե վերջին օրերի ջղային հուզումները միանգամայն ջնջել էին նրա նախկին գեղեցկությունը։ Առանց այն էլ խոշոր աչքերը մեծացել էին անբնականորեն, շրթունքները կապտել ու հաստացել էին, դեմքը գունատ էր, նիհար և այնքան հիվանդոտ, որ կարծես անկողնից էր վեր կացել։
Երկար Ժամանակ նայում էր ինձ իր ատելությամբ և սառն հայացքով, հետո, հանկարծ ցնցվեց, արագորեն նստեց մոտը գտնված աթոռի վրա, փորը բռնեց ձեռքերով, կուչ եկավ ու քարացավ՝ դեմքը ծամածռված ֆիզիկական մի սուր ցավի արտահայտությամբ։
Նոր հիշեցի, որ Գարեգինն ասել էր, թե հղի է։ Եվ կարեկցության ու հարգանքի մի խոր զգացում ակամա համակեց ինձ։ Միևնույն ժամանակ երբեք այնպես, ինչպես այդ րոպեին, պարզորոշ չէի գիտակցել այն անխիղճ ցածությունը, որի շնորհիվ, ըստ երևույթին, հավիտենապես խորտակվել էր այդ դժբախտ աղջկա կյանքը։
Դրությունս չափազանց անհարմար էր։ Մնացել էի տեղում կաշկանդված, չիմանալով ինչ անեմ, ինչ ասեմ։
Իսկ Սառան, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով ցավի ճիչերը, շարունակում էր մի խուլ նվոցով կուչ ու հուպ գալ, երքեմն-երբեմն բռնելով մեջքը, մինչև որ կամաց-կամաց հանգստացավ, ետ ընկավ աթոռի մեջքին, ձեռքերը թուլացած գցեց ներքև, աչքերը փակեց և խոր շունչ քաշեց թեթևացած։ Դեմքն այժմ ավելի գունատ էր, քան առաջ, և այնքան խաղաղ, որ թվում էր, թե չի շնչում։ Այնուհետև, երբ աչքերը բաց արավ և նայեց ինձ, ապշած մնացի, թե ուր էր չքացել այն անհաշտ ատելությունը, որի պարզորոշ արտահայտությունը տեսա մի քիչ առաջ նրա սպանիչ սառը հայացքի մեջ։ Այժմ նայում էր ինձ և կարծես չէր տեսնում. նրա ամբողջ ներքին աշխարհը եկել կենտրոնացել էր այդ զարմանալի արտահայտիչ աչքերի մեջ, և ես կարծես խոշորացույցի մեջ տեսնում էի այդ աշխարհը՝ լի հոգեկան այնպիսի տառապանքով, որը դարմանելու համար թվում էր թե ոչ մի սպեղանի չկա։
Ու ինքս, իմ հերթին, նայում էի նրան արտասվելու չափ զգացված և անհունապես փափագելով օգնել նրան, ինչով որ կարող էի, նրա այդ տառապանքը գեթ փոքր-ինչ մեղմելու համար։
— Ներեցեք, տիկին, կարծեմ շատ անհարմար ժամանակ եմ եկել,— ասացի վերջապես, լուռ դիտողի անախորժ դրությունից դուրս գալու համար։— Որ գիտենայի, թե դուք հիվանդ եք...
— Ոչ, ոչ,— ընդհատեց ինձ Սառան թույլ ձայնով, ըստ երևույթին դեռևս ֆիզիկական ցավի տպավորության տակ ճնշված։— Ես ինքս ուզում էի ձեզ տեսնել, և լավ է, որ եկել եք։ Խնդրեմ նստեցեք։
Շալն ուղղեց ուսերի վրա, ձեռքերը, ըստ երևույթին մրսելով, փաթաթեց ծայրերի մեջ, դրեց կրծքին, գլուխը կախեց և երբ նստեցի, ասաց նույն թույլ ձայնով.
— Գիտեմ ինչու եք եկել, և ես էլ հենց նույն բանի համար էի ուզում ձեզ տեսնել: Խոսեցեք, ես ձեզ լսում եմ։
— Դուք ինձ թո՞ւյլ եք տալիս, տիկին։
Սառան մի դառն քմծիծաղով թոթվեց ուսերը։
— Մի կնոջ ամենանվիրական սրբությունը անարգված և կոխկռտված, կախված է հրապարակի վրա, իբրև ցինիկության մի մեծ հաղթանակ, և այդ կինն այժմ խոսքերի՞ց պիտի վախենա,— արտասանեց նա մի տեսակ չարագուշակ հանգստությամբ, նայելով ուղղակի աչքերիս:— Կարող եք ապահով լինել միանգամայն, ես ձեզ կլսեմ ամենայն սառնասրտությամբ։
— Ներեցեք, տիկին, ես ձեզ չեմ հասկանում,— ասացի պարզապես ապշած նրա խոսքերի վրա։— Մի՞թե դուք կարծում եք, որ ես եկել եմ...
— Խնդրեմ, առանց առաջաբանի,— ընդհատեց ինձ Սառան խստորեն։— Թե ինչ եմ կարծում ես, այդ թողեք ես գիտենամ, իսկ դուք ասացեք ուղղակի ձեր ասելիքը։
Տեսա, որ արդեն ջղայնանում է և, եթե իսկույն գործի չանցնեի, այլևս անկարող պիտի լինեի բան հասկացնել։
— Սպասեցեք, ամուսնուս կանչեմ,— հանկարծ վրա բերեց Սառան և, արագորեն վեր կենալով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից մտավ։
— Ոչ, ոչ,— ակամա բացականչեցի ես նրա ետևից։
Կանգ առավ և զարմացած դարձավ ինձ.
— Ինչպե՞ս։
— Նա չպետք է ներկա լինի մեր խոսակցությանը։
— Ինչո՞ւ։
Շփոթվեցի, չիմացա ինչ պատասխանեմ, որովհետև չգիտեի իսկապես, թե ինչու Գարեգինը ներկա չպիտի լիներ մեր խոսակցությանը, բայց այստեղ հանկարծ օգնության հասավ ինձ րոպեի թելադրանքը, և ես պատասխանեցի.
— Որովհետև այն, ինչ որ պիտի ասեմ և ինչի համար որ եկել եմ ձեզ մոտ, նրան է վերաբերում։
— Եվ ոչ ի՞նձ։
— Ոչ, նրան, միմիայն նրան։
Մի կարճ ժամանակ Սառան զարմացած շարունակում էր նայել ինձ, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և նորից նստեց։
— Շատ բարի,— ասաց նորից թախծալի կերպարանք առնելով և փաթաթվելով շալի մեջ։— Խոսեցեք, ես ձեզ լսում եմ։
Այժմ արդեն, րոպեի թելադրանքի տակ, ինձ համար միանգամայն պարզ էր, թե ինչ պիտի ասեի, ինչպես պիտի սկսեի և ինչպես վերջացնեի։ Ու սկսեցի, աշխատելով կարելույն չափ խուսափել նրա սուր հայացքից, որը պարզապես շփոթեցնում էր ինձ։
— Դուք գիտեք, տիկին, որ ես ու Գարեգինը շատ մոտիկ բարեկամներ ենք իրար։ Ես նրան ճանաչում եմ դեռևս պատանեկությունից։ Դուք էլ, անշուշտ, պետք է որ այս հինգ-վեց ամսում շատ լավ ճանաչած լինեք նրան։ Խոսքս նրա առասպելական բարության մասին չէ, իմանալու համար բնավ կարիք էլ չկա նրա հետ կենակցելու։ Խոսքս նրա բնավորության մի քանի ուրիշ գծերի մասին է, որոնք, անշուշտ, խուսափած չպիտի լինեն ձեր դիտողությունից։ Ինձ հայտնի են նրա կյանքից մի շարք շատ տարօրինակ վարմունքներ, որոնք երբեմն առիթ են տվել ինձ լրջորեն կասկածելու նրա... հոգեկան վիճակի մասին։ Ընդսմին պետք է ասեմ — եթե արդեն հայտնի չէ ձեզ, որ նրա մայրը մեռավ հոգեկան հիվանդների ապաստարանում, իսկ հայրը, թեև ոչ պարզապես խելագար, բայց աննորմալ հակումների տեր մարդ էր։ Այսպիսի ժառանգական պայմաններում ես միանգամայն հասկանալի եմ համարում Գարեգինի տարօրինակությունները. նա, անշուշտ, շատ բան է ժառանգել իր հիվանդոտ ծնողներից։ Բայց ես երբեք նրան հոգեկան այնպիսի աննորմալ վիճակի մեջ չէի տեսել, ինչ որ այսօր։ Ձեր ճանապարհորդությունից վերադառնալուց հետո այսօր առաջին անգամն էր, որ տեսնում էի նրան։ Եկավ ինձ մոտ չափազանց հուզված վիճակի մեջ, մի ատրճանակ գրպանում. ասաց, թե ատրճանակը դուք եք տվել և պատվիրել, որ գա սպանի ինձ մոտ հյուր եղող մի երիտասարդի, որին ամենևին չի ճանաչում, որի հետ ոչ մի գործ չի ունեցել և որի երեսը նույնիսկ չի տեսել։ Երբ սկսեցի հարցուփորձ անել, այնպիսի բաներ սկսեց պատմել, որոնք այլևս ոչ մի կասկած չթողին իմ մեջ, որ նրա հոգեկան վիճակը միանգամայն խանգարված է։
— Ի՞նչ բաներ,— հարցրեց Սառան, շարունակելով շեշտակի նայել աչքերիս.
— Ի՞նչպես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի...
— Ո՛չ, խնդրում եմ, առանց որևէ նրբանկատության,— ընդհատեց ինձ Սառան խստորեն,— ես ձեզ թույլ եմ տալիս։
— Իսկ ես հատկապես խնդրում եմ, տիկին, ազատեցեք ինձ այդ հարկադրանքից, որը չափազանց ծանր է ինձ համար,— ուղղակի աղերսեցի ես պարզապես վախեցած նրա ձայնի մեջ լսված ինչ-որ չարագուշակ շեշտից։— Եթե այժմ ես եկել եմ ձեզ մոտ, եկել եմ հատկապես այն նպատակով, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա։ Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնելու ձեզ։
Լռեցի և սպասում էի։
Լուռ էր և Սառան, և այդ լռության ընթացքում, որից լավ բան չէի գուշակում, իր խուզարկու աչքերով շարունակ կարծես պրպտում էր իմ մեջ այն, ինչ որ,— զգում և տեսնում էր անշուշտ,— աշխատում էի ծածկել նրանից։
— Ես շատ շնորհակալ եմ, պարոն, որ դուք այդքան հոգատար եք ձեր բարեկամի և իմ ամուսնու համար,— վերջապես խզեց նա իր չարագուշակ լռությունը մի տեսակ շեշտած քաղաքավարի-հեգնական տոնով, որով, ըստ երևույթին, ուզում էր հասկացրած լինել ինձ, թե իմ պերճախոսության հետին իմաստը շատ լավ հասկանում է ինքը, և իզուր եմ ես այդքան միամիտ կարծում իրեն։— Բայց ձեզ հանգստացնելու համար կարող եմ ասել, որ դուք միանգամայն սխալվել եք ձեր եզրակացության մեջ. Գարեգինը շատ նորմալ վիճակի տեր մարդ է գորտի արյունով, բութ զգացումներով, անձնական պատվասիրության մասին ոչ մի հասկացողություն չունեցող և անդադար իր սեփական կաշվի մասին մտածող։ Եվ եթե այսօր նա ներկայացել է ձեզ անսովոր հուզված դրության մեջ, այդ պետք է վերագրել այն բանին միայն, որ արտաքո կարգի մի հանգամանք, հակառակ իր կամքին ու ցանկության, ստիպողաբար եկել է վրդովելու նրա շատ նորմալ հոգեկան վիճակը, նրա ճահճի պես անդորր կյանքը, որը ամեն բանից թանկ է նրա համար։ Բավական է, որ ես մի փաղաքշական խոսք ասեմ, և նա ուրախությունից պար կգա, նույնիսկ կգա համբուրվելու ձեր հյուրասիրությունը վայելող պարոնի հետ, առ ոչինչ համարելով, որ այդ պարոնն անլուր անարգանք է հասցրել իր կնոջը։ Ահա այսչափ հոգեկան նորմալ վիճակի տեր մարդ է ձեր պատվական ընկերը և իմ ամուսինը, պարոն։ Ուրեմն ոչ իմ կողմից մի առանձին ուշադրության, ոչ էլ ձեր կողմից այդ բանում ինձ օգնելու կարիք չկա ամենևին: Իսկ որպեսզի դուք միանգամայն ապահով ու հանգիստ լինեք նրա համար, ես ահա ի՛մ իսկ բերանով հաստատում եմ, որ այն բոլորը, ինչ որ պատմել է նա ձեզ այսօր, զուտ իրողություն է։ Ատրճանակն էլ, այո՛, ես եմ տվել նրան և ե՛ս եմ ստիպում, որ գա և սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին։ Հիմա՞ ինչ կասեք, պարոն։
Պատասխան չգտա տալու։ Մնացել էի կարկամած և զարմացած այդ համարձակ խոստովանությունից, նրա անշփոթ, մեթոդիկ դատողությունից, որ կարծես շարահարել էր առաջուց ու սերտել, և մանավանդ նրա անողոք հայացքից, որի մեջ, ինչպես և նրա ամբողջ խոսակցության եղանակի մեջ, անվախ մարտակոչի շեշտեր էի զգում շարունակ,— կարծես ես եկել էի ոչ թե իբրև ցավակից բարեկամ, այլ իբրև մի անհաշտ ախոյան, որի հետ պատրաստ էր մահացու մենամարտի բռնվելու։
— Ասացե՛ք, հիմա՞ ինչ կարող եք ասել,— կրկնեց անողոք կերպով։
— Ես... ի՞նչ կարող եմ ասել,— թոթովեցի ես, պարզապես շփոթված նրա համառ պնդումից և իսկապես չիմանալով, թե ինչ կարող եմ ասել։
Կամաց վեր կացավ, շեշտակի նայելով աչքերիս։
— Ինչպե՞ս թե ինչ կարող եք ասել, — ասաց կարծես ծայրահեղորեն ապշած։— Ես ձեզ այսպիսի բան եմ ասում, և դուք ոչինչ չունե՞ք ասելու։ Ես իմ ամուսնուն, որ ձեր ամենամոտիկ ընկերն է, ուղարկում եմ դեպի ոճրագործություն, դեպի մարդասպանություն, որից նա կարող է կորչել, և դուք ոչինչ չունե՞ք ասելու, և դուք այդքան անտարբե՞ր եք։ Այդ անկարելի է։ Դուք պե՛տք է որ բան ունենաք ասելու։
Արդեն տեսա, որ այլևս անկարելի էր խուսափել բուն խնդրից, դեպի որը համառորեն մղում էր ինձ ինքը Սառան։ Ու, բռնի կերպով տիրապետելով ինձ և մի քիչ վիրավորված զգալով ինքնասիրությունս նրա վերջին խոսքերից, նկատեցի այլևս առանց շփոթվելու.
— Տիկին, իզուր եք կարծում, թե ես անտարբեր եմ։ Եվ եթե ոչինչ չեմ ասում, այդ միայն ա՛յն պատճառով, որ այս բոլորն ինձ չափազանց տարօրինակ է թվում, և ես պարզապես չեմ հասկանում ձեզ։
— Ահա՛ վերջապես... ես ձեզ բռնեցի՛,— աղաղակեց Սառան հաղթականորեն, և այդ աղաղակը կարծես մի խցան էր, որ հանկարծ դուրս պրծնելով՝ ազատություն տվավ նրան դուրս ժայթքեցնելու իր հոգու խորքից այն բոլոր թույնը, որ տարիների ընթացքում կուտակվել էր այնտեղ։— Տարօրինակ՝ ասում եք, ինձ չեք հասկանում՝ ասում եք։ Իսկ երբ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կսկիծը հոգուս մեջ, բարոյապես լքված ու սմքած՝ կծկվեի, լռեի և տերևի պես դողայի ամեն մի կասկածոտ հայացքի առջև,— այն ժամանակ այս տարօրինակ չէր թվա ձեզ, այն ժամանակ կհասկանայիք ինձ, այն ժամանակ այս շատ բնական կլիներ ձեզ համար, այնպես չէ՞, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ պես անպատվածները, ինձ պես խաբվածները, ինձ պես լքվածները։ Բայց քանի որ ես ուրիշ հազարների պես չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու, քանի որ համարձակ, անվախ ինքս եմ դուրս եկել ցույց տալու աշխարհին անպատվությանս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով,— այս բոլորը շատ տարօրինակ է թվում ձեզ, և դուք չեք հասկանում ինձ, որովհետև, իսկապես որ, այս տարօրինակ է ձեր հասկացողությամբ, որովհետև այսպես չեն անում սովորաբար, որովհետև այսպես չպետք է անեն, այնպես չէ՞, որովհետև դա ամոթ է, սովորական մորալից դուրս մի բան է, այնպես չէ՞, պարոն։
— Ես բողոքում եմ ձեր այդ խոսքերի դեմ, տիկին,— նկատեցի ես եռանդով։— Դուք այնպիսի բացատրություն տվիք իմ խոսքերին, որ ես մտքովս անգամ չեմ անցկացրել: Եթե դուք բողոքում եք սովորական մորալի դեմ, ապա ուրեմն պետք է երկու ձեռքով կապեք ձեր ամուսնուն, որովհետև ահա՛ իսկապես մի մարդ, որ բարձր է կանգնած սովորական մորալից հանուն իսկական սիրո։ Եթե ասացի, որ չեմ հասկանում ձեզ, ասացի այն իմաստով միայն, որ Գարեգինը չէ՞ որ սիրում է ձեզ և սիրում է այն աստիճան, որ պատրաստ է ամեն բան մոռանալու, ամեն բան ներելու:
— Ներելո՞ւ... ո՞ւմ, ի՞նչ,— արագ հարցրեց Սառան։
— Հենց ձեզ,— անզգուշաբար և որովհետև մասամբ էլ գրգռված էի նրա ինձ վրա գործած հարձակումներից՝ դուրս թռավ բերնիցս։
Անզգուշաբար եմ ասում, որովհետև այն, ինչ որ ծագեց իմ այդ խոսքերից, ես երբեք չեմ կարող ներել ինձ։
Սառան ցնցվեց, կարծես օձից խայթված, և կարճ ժամանակ նայում էր ինձ ծայր աստիճան ապշած, հետո գլուխը հպարտորեն ետ գցեց, միշտ սևեռած պահելով ինձ վրա իր խոշոր աչքերը, որոնք կամաց-կամաց սկսեցին լցվել մի կատաղի ցասումով։
— Այդպես հա՜,— ձգեց նա։— Ներե՜լ... ի՜նձ...ի՜նձ... Այդ լա՜վ է, այդ հիանալի՜ է, այդ սքանչելի՜ է, այդ աննմա՜ն է... Ուրեմն ի՞նչ. ես նրան դատավոր եմ հրավիրել իմ գլխին։ Ուրեմն նա, որ իմ ամուսինն է, և դատավո՞րն է իմ։ Ուրեմն ես կարող էի և հանցավո՞ր նկատվել իմ ամուսնու, իմ տիրոջ կողմից։ Ուրեմն, եթե նա պատրաստ է ինձ ներելու, կարող է և իրավունք ունի պատժելո՞ւ, որովհետև չէ՞ որ ներում կամ պատժում են միայն հանցավորներին։ Այդ լավ դատողություն է, այդ հրաշալի՜ դատողություն է։ Եվ դուք համարձակվում եք այդ ասել ինձ, ի՛նձ, որ ոտից գլուխ անիրավության մի զոհ եմ և շուրջս համակ հանցավորներ եմ տեսնում։ Եվ հանցավո՜ր, ե՜ս և ոչ այն սրիկան, որ խորտակեց իմ մատաղ կյանքը, և ոչ դուք, այո՛, դո՛ւք, պարոն, որ օթևան եք տվել նրան ձեր հարկի տակ, և ոչ այն հասարակությունը, որ հանդուրժում է իր մեջ այդպիսի սրիկաների գոյությունը։ Ես հանցավո՞ր, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել։ Հանցավո՞ր, որովհետև աշխարհիս վրա, մարդկանց վրա մաքուր, պայծառ հայացք եմ ունեցել: Հանցավո՞ր, որովհետև կուսական անփորձությանս մեջ իմ անբիծ, անարատ սիրտը հավատացել եմ մի մարդու, որ անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր, որպեսզի տարիներ անցնելուց հետո, երբ ես հազիվհազ հոգու անդորրություն էի ձեռք բերել, նորից գա ցինիկաբար անարգելու իմ կանացի առաքինությունը, պղծելու իմ ընտանեկան սրբությունը, ծաղրելու իմ մարդկային արժանապատվությունը, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե ես էլ նույն տեսակ շուն եմ, ինչպես և ինքը... Օ՜, այս ի՜նչ անիրավ աշխարհ է, ի՜նչ անիրավ... Այս ի՜նչ անտարբերություն և անարդարություն է, որ տեսնում եմ շուրջս... Ո՞ր մեղքիս համար է, որ գցել են ինձ այսպես մենակ, անօգնական...
Վերջին խոսքերի հետ նրա մինչ այդ անզուսպ ցասումով վառվող աչքերը հանկարծ լցվեցին անզորության առատ արտասուքներով, նա ընկավ աթոռի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով, և մի խելագար հեկեկանք սկսեց վեր ու վար նետել նրա մարմինը ջղային ուժգին ցնցումներով։
Սկզբում նրա կատաղի ցասումը, որ անշուշտ հետևանք էր իմ անզգույշ խոսքերի, և ապա այդ հուսահատական հեկեկանքը, որ համակեց ինձ անհուն կարեկցությամբ, այն աստիճան ազդել էին ինձ, որ ես կատարելապես սառել, կարկամել էի, չիմանալով ինչ ասեմ, ինչ անեմ, որ ուղղեմ սխալմունքս և հանգստացնեմ նրան։
Բարեբախտաբար այդ միջոցին ներս վազեցին վախեցած մի կողմից Գարեգինը, մյուս կողմից աղախինը, բայց Սառան նրանց տեսնելուն պես վեր թռավ, ոտը կատաղի թափով խփեց հատակին և ծկլթաց.
— Կորե՛ք... կորե՛ք ամենքդ էլ... ո՛չ ոքի չտեսնեմ. անխիղճնե՜ր, անաստվածնե՜ր...
Ու նորից ընկնելով աթոռի վրա, շարունակեց իր խելագար հեկեկանքը ավելի ուժգին ցնցումներով։
Ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ անմիջապես հեռանալ:
Ու դուրս եկա հոգեկան այնպիսի մի ծանր ճնշման տակ, որպիսին չէի զգացել կյանքումս։ Կանխապես արդեն զգում էի, որ ակամայից մի մեծ դժբախտության պատճառ էի դարձել, և այդ գիտակցությունը շիկացած երկաթի պես շանթում էր ուղեղս։
Այդ երեկո պարապելու ոչ մի տրամադրություն չունեի, ուստի ինքս ինձ մի քիչ ցրելու համար ճանապարհին մտա թատրոն։ Բայց երկար դիմանալ չկարողացա և, հազիվհազ մինչև առաջին գործողության վերջը մնալուց հետո, վեր կացա, որ տուն գնամ հաշիվ տալու ինձ այդ օրվա տպավորություններիս մասին, որոնք քանի գնում՝ այնքան ավելի ու ավելի տիրապետում էին ինձ։
Դուրս գալով դահլիճից, քայլերս ուղղեցի դեպի հանդերձասրահը, տեսնեմ ֆոյեում խռնվող հասարակության մեջ դեմս ելավ Թուսյանը՝ երկու տիկնոջ հետ, որոնք թևանցուկ բարձրաձայն ծիծաղում էին նրա մի ինչ-որ, ըստ երևույթին, շատ զվարճալի, պատմության վրա։ Մեկը տիկին Սարումյանն էր — բարձրահասակ ու հաստլիկ, կրկնակի կզակով և դեղձան մազերի մեջ հուրհրատին տվող ծամկալներով. մյուսին չէի ճանաչում. երկուսն էլ պճնված, քսված և չափազանց ուրախ տրամադրության մեջ։ Տիկին Սարումյանի հետ սովորական հարցուբարևը փոխանակելուց և մյուս տիկնոջ հետ ծանոթանալուց հետո ասացի.
— Կներե՞ք, որ ձեր հետաքրքրական կավալերին մի քանի րոպեով անջատեմ ձեզնից։
— Տարեք թեկուզ բոլորովին,— բացականչեց տիկին Սարումյանը քրքջալով.— սպանեց, այնքան ծիծաղեցրեց։
Առա Թուսյանի թևը և մի կողմ տարա։
— Այսօր քո ետևից շատ եմ ման եկել,— ասացի։— Հիմա տուն եմ գնում. դու էլ որ գաս, շատ լավ կանես։ Եկ միասին գնանք։
— Այս րոպեի՞ն։
— Հենց այս րոպեին։
— Ի՞նչ է պատահել որ։
— Մի շատ կարևոր բան։
— Հեռագիր հո չկա՞ մեր տանից։
— Չէ, բայց կա այնպիսի մի բան, որի համար դու պետք է հենց այս գիշեր հեռանաս այստեղից։
Թուսյանը կարճ ժամանակ նայում էր ինձ զարմացած։ Տեսնում էր, որ շատ լուրջ եմ խոսում, և նրա դեմքն էլ լուրջ ու մտառու արտահայտություն ստացավ։
— Դե, էլ ի՛նչ ես երկարացնում, ասա ու պրծի, է՛լի,— բացականչեց անհամբեր։
— Եկ գնանք, կասեմ. այստեղ հարմար չէ, ժամանակ էլ չկա. այնպես անենք, որ գնացքին հասնես։
Թուսյանը շարունակում էր նայել ինձ զարմացած և, ըստ երևույթին, մի քիչ էլ վախեցած, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և ասաց.
— Լավ, դու գնա հագնվիր, ես էլ իսկույն գալիս եմ։
Ու վազեց երկու տիկինների ետևից, որոնք կորել էին խռնվող հասարակության մեջ։
Հանդերձասրահում վաղուց հագնվել և սպասում էի մուտքի դռան մոտ, երբ վերջապես երևաց Թուսյանը։ Շտապով հագնվեց և միասին դուրս եկանք։
— Չգիտեմ՝ իմ բախտն է թարսվել, թե Սարումյանի բախտն է բանում,— ասաց մի ծխախոտ վառելով,— հազիվհազ հույս ունեի այս գիշեր բանը դրստելու, և թարսի պես եկար մեջտեղ ցցվեցիր։ Դե ասա տեսնեմ։
— Մի քիչ շուտ-շուտ արի, որովհետև հիմա իննից անց է, և հազիվ թե կարողանաս պատրաստվել, որ գնացքին հասնես,— ասացի և քայլերս արագացրի։
— Հանաք չես անո՞ւմ,— հարցրեց Թուսյանը, նույնպես արագացնելով քայլերը։
— Այ հիմա կտեսնես՝ հանաք եմ անում, թե ոչ։ Լսիր։ Դու գիտե՞ս, որ քո պատմվածքի հերոսուհին իմ ամենալավ բարեկամի կինն է։
Թուսյանը հանկարծակի կանգ առավ։
— Ինչպե՞ս թե...
Կանգ առա և ես ու նայեցի նրան։ Փողոցի էլեկտրական լուսավորությունը հնարավորություն էր տալիս ինձ տեսնելու նրա դիմագծերի բոլոր փոփոխությունները։ Նա նայում էր ինձ ծայրահեղորեն ապշած իմ անակնկալ հայտնությունից։
— Հետո, դու գիտե՞ս, որ նա նոր է ամուսնացել, և ես նրա խաչեղբայրն եմ։
— Խաչեղբա՞յրը...
— Հետո դու գիտե՞ս, ով է եղել, որ այս երկու գիշեր գալիս քաշում էր զանգակը։
— Ո՞վ։
— Սառայի ամուսինը։
— Որ ի՞նչ:
— Որ քեզ սպանի։
Իմ այս հայտնությունը կարծեմ ամենից անակնկալն էր նրա համար, որովհետև նա հանկարծակի այնպես սփրթնեց, որ ակամա զղջացի, թե ինչու այդքան սուր կերպով հայտնեցի այդ բանը։ Կարճ ժամանակ նայում էր ինձ կատարյալ ապուշի պես, հետո ասաց.
— Ի՜նչ հեքիաթներ ես պատմում։
— Դժբախտաբար կյանքը հեքիաթ չէ, բարեկամ, — վրա բերի ես,— և այս տրագեդիան էլ հենց այն բանի հետևանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել։
— Լավ, որ գալիս էր, ինչո՞ւ չէր մտնում ու սպանում, մանավանդ, որ երկրորդ գիշերը ես ինքս գնացի դուռը բաց արի։ Ո՞ւր էր փախել։
Ես մի քիչ շփոթվեցի նրա այս շատ տրամաբանական հարցումի վրա, բայց իսկույն մտածեցի, որ եթե ճշմարտությունը հայտնեի, կնշանակեր, թե ամբողջ գործը պիտի փչացնեի։ Ուստի պատասխանս խուսափոխական եղավ։
— Ո՛վ գիտե,— ասացի,— գուցե վերջին րոպեին մտածել էր, որ ինձ շատ անախորժ դրության մեջ պիտի դներ, եթե իր վրիժառության վայրը իմ տունը դարձներ։ Բայց գիտեմ,— ավելացրի ես խոսքերիս նրա վրա թողած տպավորությունը չթուլացնելու համար,— նա ման է գալիս, որ ուրիշ տեղ բռնի քեզ։ Եվ ահա թե ինչու ես անհրաժեշտ եմ համարում, որ դու այս գիշեր ևեթ հեռանաս։
Ու, առնելով նրա թևը, առաջ տարա։ Այլևս ձայն ծպուտ չհանեց։ Հետևում էր ինձ հանցավոր երեխայի պես։
— Հա՛, մի բան էլ,— հանկարծ մտաբերեցի ես։— Դու գիտե՞ս, որ քեզնից զավակ էլ է ունեցել։
— Գիտեմ,— ասաց նա կամաց,— իր վերջին նամակների մեջ գրում էր, որ հղի է։
— Հետո՞։
— Հետո էլ չգիտեմ. նամակագրությունը դադարեց։
— Ուրեմն չգիտե՞ս, որ իր նորածին մանուկը ինքն իր ձեռքով սպանել է։
— Ճի՞շտ,— գրեթե ճչաց Թուսյանը և կանգ առավ հանկարծ։— Ո՞վ ասաց քեզ այդ։
— Արի, արի, ես քեզ բոլորը կպատմեմ։
Ճանապարհին մինչև տուն հասնելը, մանրամասնորեն պատմեցի այդ օրվա Գարեգինի ինձ արած այցը, հետո իմ արած այցը Սառային և այն բոլոր խոսակցությունը, որ ունեցել էի նրանց հետ, իհարկե որոշ գունավորումով։ Օգտվելով այն հանգամանքից, որ Թուսյանը բնավ չէր ճանաչում Գարեգինին և իր կյանքում չէր էլ տեսել նրան, Սառայի ամուսնուն ներկայացրի ոչ թե իբրև անհիշաչար, թույլ ու անկամ մի երիտասարդի, որ իր սիրած կնոջ անցյալին ոչ մի նշանակություն չէր տալիս, այլ իբրև մի կատաղի մարդու, որ վրիժառությամբ լցված, շարունակ կրկնում է, թե չի հանգստանա, մինչև որ իր ախոյանին «շանսատակ» չանի։ Ես այդպես էլ ասացի և նկատեցի, որ Թուսյանի թուքը ցամաքեց. այնպես որ, երբ տուն հասանք, նա երկար ժամանակ նստած էր լուռ ու կաշկանդված, ըստ երևույթին չիմանալով ինչ ասի, ինչ անի:
Ծառային պատվիրեցի, որ վազի մի կառք կանչի, իսկ Թուսյանին ստիպեցի, որ շուտով տեղավորի իր իրեղենները, որպեսզի չուշանա գնացքից։
Լուռ վեր կացավ, դանդաղորեն, կարծես ակամա, հանեց հագի տոնական զգեստը, հագավ այն հնամաշ շորը, որով հյուր էր եկել ինձ մոտ, և նույն դանդաղկոտությամբ սկսեց տեղավորել ճամպրուկի մեջ, շարունակ խորասուզված ինքն իր մեջ, կարծես տատանվելով՝ գնա՞, թե չգնա։ Երբ տեղավորեց պրծավ, ճամպրուկը փակեց, թոկով կապկպեց, վեր կացավ նստեց և շարունակում էր մտածել կենտրոնացած հայացքը մի կետի հառած։
Բայց, ինչպես երևում էր, այդ միայն ժամանակավոր ընդարմացում էր, որ եկել տիրել էր նրան և բխում էր ոչ թե նրա խառնվածքից, որը բնավ վախկոտ չէր և օրգանապես անընդունակ տևականորեն խորանալու դրության մեջ, ինչքան էլ որ այդ դրությունը վտանգավոր լիներ — այլ հետևանք էր իմ հայտնած անսպասելի նորության և մանավանդ այն լուրջ եղանակի, որով խոսում էի նրա հետ:
Եվ ես չսխալվեցի իմ այդ ենթադրության մեջ, որովհետև մեկ էլ նայեմ տեսնեմ՝ դեմքը պարզվել է և նայում է ինձ ժպտալով։
— Քեռի,— ասաց,— արի մի բան ասեմ, և դու էլ խոստովանիր, որ չեմ սխալվել։
— Ի՞նչ։
— Տեսար տանդ խնամի եմ նստել, ինքդ էլ հեղինակ, վառ երևակայության տեր, այդ բաները հեղինակեցիր, որ գլխիցդ ռադ անես։ Չէ՞:
Պատասխանս միայն ուսերիս արհամարհական շարժումը եղավ, և, երևի, ես չկարողացա զսպել զզվանքիս արտահայտությունը, որովհետև նա նորից լուրջ կերպարանք առավ։
— Լավ, — ասաց,- բայց ի՞նչպես է, որ անցյալ օրը մեր առաջին հանդիպումին մի առանձին թշնամական վերաբերմունք չնկատեցի նրա մեջ դեպի ինձ։ Կամ, գուցե, դա մի խորամանկություն էր և հասցես առավ նրա համար, որ... Ասենք; ե՛ս չեմ, որ պիտի վախենամ մահից, բայց չէ՞ որ մահն էլ որևէ իմաստ, որևէ արդարացում պիտի ունենա: Թե չէ — ահա՛ իմ ճակատը և ահա՛ քո գնդակը, տուր գլորիր, թե ի՞նչ:
— Ի՞նչ ես ուզում ասել դրանով,— հարցրի զարմացած:
— Ա՛յն եմ ուզում ասել, որ... մի՞թե, հիրավի, ես այնքան մեղավոր եմ, որ ուզում են ինձ շանսատակ անել: Չէ՞ որ ես բռնի կերպով չտիրացա նրան, ինչպես անում են վերջին կինտոները։ Նա այնքան ուզում էր ինձ, որքան և ես իրեն։ Մեր հոգիները և մեր մարմինները փոխադարձաբար ձգտում էին իրար, և այդ փոխադարձության հետևանքն ուրիշ բան չէր կարող լինել, քան այն, ինչ որ կատարվեց։ Ճիշտ է, ամուսնանալու խոստում էի տվել, բայց այդպիսի դեպքերում սեփական կյանքը զոհաբերելու խոստում էլ են տալիս, և ո՞վ է լուրջ նշանակություն տալիս այդ բանին, որովհետև մի խոստում, որ չի կատարվում իսկույն, վաղվան համար հո մի կոտրած գրոշ էլ չարժե։ Իսկ ես հեռացա, հետո տարիներ անցան, և եթե այս պատահական հանդիպումը չլիներ, ո՞ւմ մտքով կանցներ, թե մի ժամանակ անտառում ինչ եմ արել։ Եվ ո՞ր մեկը հիշեմ. մեկն այստեղ, հարյուր մեկն այնտեղ — Ռուսաստանում։ Եվ ինչո՞ւ պիտի հիշեմ։ Մի բան, որ բնական է, պիտի կատարվի անցնի։ Հո մենք չենք հիշում, թե օրը-օրին ինչ ենք ուտում, քաղցը ստիպում է ուտել, ուտում ենք և մոռանում։ Հետո... զավակ՝ ասում ես։ Խոստովանում եմ, այդ բանին էլ լուրջ նշանակություն չեմ տվել։ Վերջին նամակների մեջ, որ գրում էր, թե հղի է, ինքս ինձ ասում էի՝ վնաս չունի, աբորտ կանի, կանցնի։ Նրա պես քանիսներն են այդպես արել։ Բայց որ ասում ես, թե ծնել է և... Ա՜յ, այստեղ ես բան չեմ հասկանում։ Ի՞նչպես կարելի է այդ։ Ինքն էր, չէ՞, որ ինձ մոռացնել տվեց սպանությունը։ Մինչդեռ իմ սպանածը միայն մի աղավնի էր։ Նա աղի արցունք էր թափում մի անպետք թռչունի համար և հանկարծ ինքն իր ձեռքով սպանում է իր սեփական արգանդից նոր ելած մանուկը։ Դա ի՞նչ սոսկալի հակադրություն է։
— Ա՛յ, լավ ասացիր,— վրա բերի ես։— Հենց այդ բանից էլ կարող ես եզրակացնել քո մեղավորության չափը։ Որքա՜ն այլանդակված պիտի լիներ քո վարմունքով նրա հոգին, որքա՜ն լքված ու հուսահատված պիտի զգար նա իրեն, որ ստիպված լիներ այդպիսի մի սոսկալի ոճիր գործել։ Ես լիովին հասկանում եմ նրան և ամենևին չեմ դատապարտում, որովհետև ներկա հասարակության և ներկա հասարակարգի մեջ ո՞ւր գնար, ո՞ւմ ապավիներ, ո՞ւմ և ո՞ր օրենքի օգնությանը դիմեր մի անմեղ, անփորձ աղջիկ՝ ապօրինի մանուկը ձեռքին։ Եվ դեռ հարցնում ես, թե մի՞թե այնքան մեղավոր ես։
Թուսյանը չառարկեց և լսում էր ինձ անկեղծ զարմանքով։ Տեսնում էի, որ իսկապես լուրջ նշանակություն չէր տվել այդ բանին և հազիվ թե երբևէ մտածած լիներ առհասարակ այդպիսի բաների մասին, և այժմ զարմանում էր, թե ի՞նչպես կարող էր մի ուրիշն այդքան դժբախտանալ իր պատճառով։
— Եվ այդ բոլորից հետո,— ավելացրի ես,— դու դեռ երես ես ունեցել ոչ միայն մոտենալու նրան, այլև ինչ֊որ զզվելի առաջարկ անելու, «շնական» առաջարկ, ինչպես ինքն
— Գուցե փող չունես,— ասացի, կարծելով, թե նրա վարանման պատճառն այդ է:
Մեքենայաբար շոշափեց գրպանները և ոչինչ չասաց։
Համենայն դեպս հանեցի տվի գրպանումս եղած բոլոր փողը։ Առավ ձեռքի մեջ, առանց գրպանը դնելու, և դուրս գնաց։
Մինչև կառքը ճանապարհ դրի։ Շարունակ լուռ էր և մտազբաղ։ Եվ այդպես էլ բաժանվեց, նույնիսկ առանց մնաս բարև ասելու։
Թուսյանին ճանապարհ դնելուց հետո դարձա սենյակս։ Սովոր լինելով ուշ քնելու, չուզեցի այդպես վաղ հանվել ու պառկել, չնայելով որ, թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես շատ հոգնած և ճնշված էի զգում ինձ։ Ուստի առանց հանվելու թիկն տվի մահճակալիս վրա, որ մի քիչ հանգստանամ և կարգի դնեմ այդ օրվա տպավորություններս, մանավանդ այն տպավորությունը, որ ստացել էի վերջին րոպեին Թուսյանի մեջ նկատած անսպասելի և խորհրդավոր փոփոխությունից։ Եթե չվախենայի, որ նա կարող է ուշանալ գնացքից և այդ գիշերն էլ մնալ,— իսկ այդ գիշեր ո՛վ գիտե ինչ կարող էր պատահել,— անշուշտ մի քիչ ավելի երկար կպահեի նրան՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում նրա մեջ։ Գուցե զղջում, գուցե իր յուրօրինակ էպիկուրյան մտահայացքի հեղաշրջում։ Եվ մինչդեռ, զանազան ենթադրություններ անելով, ընկել էի մտքերիս ծովը, չէի նկատել, թե ինչպես հոգնածությունից քունս տարել էր։
Ու քնիս մեջ մի տարօրինակ երազ տեսա։ Իբր թե մի մեծ դահլիճումն եմ։ Մարդիկ և կանայք խռնվում են զուգված-զարդարված, ինչպես պարահանդեսում։ Բեմ կա։ Բեմի վրա հետին ոտների վրա բարձրացած ցատկոտում է մի սպիտակ այծ ահագին պոզերով և երկար մորուքով։ Այծի երեսն իբր թե այծի չէ, այլ մարդու երես՝ ցոլուն աչքերով։ Հետո մեկ էլ տեսնեմ՝ այծը այծ չէ, այլ կին, և այդ կինն իբր թե Սառան է բալերինի նման սպիտակ փրփուր հագուստով: Գլխին պղնձի մի սափոր ուներ, և այդ սափորը նրա ասաց։ Եվ ոչինչ այնքան չի վիրավորել ու վրդովել նրան, որքան այդ հանդգնությունը։ Որովհետև ի՞նչ է նշանակում այդ։ Այդ նշանակում է, որ դու նրան էլ համարում ես այն կանանցից, որոնց հետ՝ երբ կամենաս՝ կարող ես դործ ունենալ, ինչպես օրինակ, տիկին Սարումյանի հետ, և ամենևին նկատի չես առել, որ նա ոչ միայն ամուսնացած է, այլև վաղը չէ մյուս օրը մայր պիտի լինի։
— Ի՞նչպես թե մայր...
— Չէ՞ որ նա հղի է...
— Фу ты черт!— բացականչեց Թուսյանը, վեր կացավ և սկսեց անցուդարձ անել սենյակում։ — Դա ի՜նչ դժբախտություն է. այն ժամանակ հղի, հիմա հղի...
— Եվ այս անգամ գուցե ավելի դժբախտ հետևանքով:
Թուսյանը հանկարծ կանգ առավ և վախեցած նայեց երեսիս.
— Ի՞նչպես։
— Որովհետև քո վարմունքից այնքան է վրդովվել, որ եթե ժամանակից առաջ չվիժի և կենդանի մնա, այդ ուղղակի հրաշք կլինի։
— Ի՞նչ ես ասում,— շշնջաց Թուսյանը, գույնը նետելով։
— Ես քեզ բան եմ ասում, որովհետև աչքովս տեսա, թե ինչպես սոսկալի ցավեր է զգում։
Թուսյանը շարունակ երեսիս նայելով, կարճ ժամանակ մնաց քարացած։ Հետո նստեց և այլևս ձայն ծպուտ չհանեց։ Միայն անսովոր լուրջ ու մտազբաղ, որ բնավ չէր սազում նրան, հայացքը հառել էր մի կետի։ Պարզ էր, որ իմ հայտնություններից և ոչ մեկն այնպես չէր ազդել նրան, որքան վերջին հայտնությունը Սառային սպառնացող վտանգի մասին։
Այդ միջոցին վերադարձավ ծառան և հայտնեց, որ կառքը բերել է։ Թուսյանը բնավ ուշադրություն չդարձրեց, կարծես ինքը չէր գնացողը, և շարունակում էր անշարժ նստած մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ծառան դուրս տարավ նրա ճամպրուկը։
— Դե վեր կաց, որ չուշանաս,— ասացի։
Մեքենայաբար վեր կացավ, գլխարկը ծածկեց և սկսեց շատ դանդաղորեն, կարծես ակամա, հագնել վերարկուն, ամեն մի ցատկումից վերև էր թռչում ու նորից նստում գլխին։ Բայց հանկարծ կանգ առավ, գլուխը թափահարեց, և սափորն ընկավ գետին ուժգին զրնգոցով։
Աչքերս բաց արի ականջումս լսված մի սուր ձայնից: Սկզբում ինձ թվաց, թե այդ սափորի զրնգոցն էր: Հետո, երբ կես քնած, կես արթուն նայում էի չորս կողմս և աշխատում սթափվել, ձայնը կրկնվեց։ Այս անգամ արդեն պարզապես տեսա, որ դռանս զանգակի ձայնն էր։
Վեր թռա։ «Մի՞թե դարձյալ նա է»,— ասացի ինքս ինձ, կարծելով, թե Գարեգինն է, որ Սառայի դրդմամբ նորից եկել է Թուսյանին «սպանելու», բայց մեկ էլ մտածեցի, թե դա կարող էր և Թուսյանը լինել, որ երևի ուշացել էր գնացքից և ետ դարձել:
Ու շտապեցի դուռը բանալու։ Բայց որքան եղավ զարմանքս, ու վախս նույնիսկ, երբ դուռը բանալով, առջևս տեսա ոչ թե Գարեգինին կամ Թուսյանին, այլ Սառային։
— Տիկի՜ն,- ակամա դուրս թռավ բերնիցս և մեքենայաբար ետ քաշվեցի, որ տեղ տամ մտնի։
Այնուհետև ինչ որ պատահեց, մինչև օրս էլ ինձ թվում է, թե երազ էր կամ հենց նոր տեսած երազիս շարունակությունը նոր փոփոխությունով։
Սառան մի րոպե լուսնոտի պես անշարժ կանգնած էր դռանս առջև գտնված մի հատիկ աստիճանի վրա։ Լուսինը աշնանային պարզկա երկնքից՝ կողքից լուսավորում էր նրա կիսադեմը։ Մեծ զարմանքով նկատեցի, որ այդ ցուրտ գիշերին գլխաբաց էր և նույն թեթև հագուստի մեջ, որով տեսել էի նրան այդ երեկո իրենց տանը, բայց տանը տաքուկ շալ ուներ ուսերին, իսկ այժմ այդ էլ չուներ։ Լուսնոտի պես անշարժ և անվրդով, շեշտակի նայում էր դեպի ներս, ոչ թե ինձ, այլ դեպի մութ նախասենյակը։ Մի աչքից, այն աչքից, որ կողմից լուսինն էր լուսավորում, կարծես կայծեր էին դուրս ցայտում, և այդ աչքը հիշեցրեց ինձ երազիս մեջ տեսած պարուհու ցոլուն աչքերը։
Ոչ մի ձայն չհանեց, ձեռքը կամաց, կարծես երկաթի ծանրությամբ, բարձրացրեց և ուղղեց դեպի նախասենյակը։ Ձեռքին լուսնի տակ ինչ-որ պլպլաց պողպատի սպիտակ փայլով։ Մեքենայաբար ետ ընկա դեպի նախասենյակի պատը և թաքնվեցի դռան ետևը։ Նույն վայրկյանին լսվեց մի տրաքոց կարճ ու հատու, պողպատի բերանն ուղղակի դեմքիս առջև կրակի մի խուրձ արտավիժեց, և նախասենյակը լցվեց վառոդի հոտով։
Արյունը սառավ երակներիս մեջ, մազերս փշաքաղվեցին, և ինձ թվաց, թե աչքերս հանկարծ դուրս պրծան խոռոչներից։ Մի րոպե կարծեցի, թե վիրավորված եմ, և զարմանում էի, որ չէի ընկնում։ «Երևի նրա համար,— մեքենայաբար բացատրեցի ինքս ինձ,— որ վերքս նոր է, և դեռ չեմ զգում»։ Ու, մահվան սարսափի մեջ կաշկանդված, սպասում էի, թե ահա որտեղ որ է՝ պիտի ընկնեմ ու մահանամ։
Չգիտեմ, որքան տևեց այս սարսափելի դրությունը, որը երբեք չեմ մոռանա, բայց դեռևս կանգնած էի ոտքիս վրա, և ինձ թվում էր, թե տափակել կպել եմ պատին այնպես պինդ, որ անկարող եմ պոկվել։
Հանկարծ մի միտք լցրեց ամբողջ էությունս մի խելագար ուրախությամբ։ «Կարող եմ և վիրավորված չլինել»,— մտածեցի և սկսեցի շոշափել գլուխս, կուրծքս, փորս, կողերս։ Ոչ մի տեղ արյան տաքություն չզգացի ու կարծես մոգական մի գավազանի զորությամբ վերակենդանացա։
Առաջին գործս այն եղավ, որ առանց համարձակվելու դեպի դուրս նայել, դուռն արագորեն փակեցի և խելագարի պես վազեցի սենյակս։
Երբ արդեն լիովին ապահով էի սենյակիս մեջ, նոր զգացի, որ ամբողջ մարմնովս դողում եմ։ Նստեցի, ձեռքերս սեղմեցի ծնկներիս մեջ և ծնոտներս պինդ հուպ տվի իրար, որ զսպեմ ջղաձգումներս։ Մի ջիղ մանավանդ, որ ոչ մի կերպ զսպել չէի կարողանում, ամբողջ մեջքս ի վեր մինչև շլինքս սեղմվում ու բացվում էր առաձգական ռետինի պես և ամեն սեղմվելիս դեպի ետ, դեպի ներքև էր քաշում գլուխս երբեմն այնքան ուժգին, որ թվում էր, թե եթե փորձեմ դեպ առաջ խոնարհվել, շլինքս ու մեջքս պիտի կոտրվեն չոր փայտի պես։ Աշխատում էի հավաքել խոհականությունս ու սառնասրտությունս, որպեսզի հաշիվ տայի ինձ, թե այդ ինչ էր, որ պատահեց,— ոչինչ չհաջողվեց։ Շարունակում էի մնալ կարծես հավիտենական մղձավանջային մի դրության մեջ, որից, հակառակ ջանքերիս, ելնել չէի կարողանում։ Ինձ թվում էր, թե այդ մի քանի րոպեի մեջ, երբ ես կրել էի մահվան բոլոր սարսափը, աշխարհը կործանվել էր, տարտարոսը դուրս էր վիժել իր բոլոր արհավիրքները, զարմանում էի, թե ինչպես էր եղել, որ այդ տիտանական զարհուրանքի մեջ չէր զարթել ոչ ոք ամբողջ տան մեջ, իսկ դուրսը, փողոցում, այնպիսի անդորրություն էր տիրում։ Ես բացեիբաց հրաժարվում էի հավատալ, թե այն բոլորը, ինչ որ տեսա և զգացի այդ մի քանի րոպեում, իրականություն էր, և ինչպես երբեմն պատահում է սարսափելի երազի մեջ, ինքս ինձ սրտապնդում էի նրանով, որ ասում էի, թե այդ երազ է միայն, ուրեմն և վախենալու ոչինչ չկա, ահա որտեղ որ է՝ կզարթնեմ և ամեն բան կանցնի։
Այդ դրության մեջ էի դեռևս, որ հանկարծ մի սուր ձայն ռետինի գնդակի պես վեր նետեց ինձ, նորից փշաքաղելով ամբողջ մարմինս։ Դռանս զանգակի ձայնն էր նորից և այնքան ահավոր, որ կարծես ինքը մահը ճչաց։ Ու, ինչպես վիրավոր մի գազան, որ խելակորույս ինքն է վազում որսորդի գնդակի դեմ, ես դուրս նետվեցի։ Եվ երբ դուռը բաց արի այն անգիտակցական վճռականությամբ, որ իսկույն վրա ընկնեմ և ատրճանակը խլեմ ձեռքից, ապշած, գրեթե զգաստացած տեսա, որ ոչ թե Սառան է, ինչպես համոզված էի ես, այլ Գարեգինը ծանր հևքը բերնին, երևի վազելուց։
— Ի սե՛ր աստծո, օգնի՛ր,— ասաց հազիվ շունչը հետ բերելով։— Սառան չկա... քնած էի... դուրս է եկել... չգիտեմ ուր է գնացել... Պետք է օգնես... Ես խելքս կորցնում եմ... չեմ իմանում ինչ անեմ... ի սեր աստուծո, շուտ... արի գնանք...
— Ո՞ւր:
— Որոնելու։
— Ո՞րտեղ։
— Չգիտեմ... ես այլևս մտածելու ընդունակություն չունեմ... Դու ասա, ո՞րտեղ կլինի։
— Նա այստեղ էր։
— Այստե՞ղ... քեզ մո՞տ,— աղաղակեց խեղճը և վրա ընկավ ձեռքերիս։— Հետո՞։
Շնչասպառ էր լինում, լափում էր ինձ հետաքրքրությունից և անհամբերությունից չռած աչքերով։
Մի քանի խոսքով պատմեցի եղելությունը։
Լսեց ինձ, լսեց, հետո մի «վայ» արավ, երկու ձեռքով պինդ խփեց գլխին և մնաց այդպես քարացած։ Հետո հանկարծ խեղդվողի պես բռնեց ձեռքիցս և ձիգ տվեց, որ տանի իր ետևից։
— Գնանք... ի սեր աստուծո, գնանք շուտով... շուտով...
— Ո՞ւր։
— Չգիտեմ... Գետը... Հիմա՛ եմ հիշում. սպառնում էր, որ ի՛նքը կսպանի, եթե ես չսպանեմ, և հետո գետը կընկնի կխեղդվի... Գնանք, մենք կազատենք նրան...
Եվ խելագարի պես մի կատաղի ուժով շարունակում էր, ձեռքիցս պինդ բռնած, քաշել իր կողմը, որ տանի ինձ իր հետ։
Մեծ ուժ և սառնասրտություն էր հարկավոր ինձ, որ պահեի նրան և համոզեի, թե դա դատարկ սպառնալիք է եղել նրան վախեցնելու համար, թե Սառան անշուշտ բռնված է եղել սպանելու մանիայով, և այն բանից հետո, երբ ատրճանակը պարպեց այստեղ, երևի կարծել է, թե արդեն սպանեց, և հանգստացած վերադարձել է տուն։
— Դու կարծո՞ւմ ես, դու կարծո՞ւմ ես,— բացականչեց Գարեգինն ուրախացած։— Որ այդպես է, տուն գնանք... Շուտ, աղաչում եմ, շուտ։
Շտապով դարձա սենյակս, գլխարկս ծածկեցի, վերարկուս հագա և, դուրս գալով, Գարեգինի հետ դիմեցի դեպի նրա բնակարանը։ Այժմ ինձ առաջ էր մղում ավելի հետաքրքրությունը, քան օգնության կարիքը, որովհետև ինձ համար ոչ մի տարակույս չկար, որ աղետն արդեն կատարված վերջացած պիտի լիներ, թեև Գարեգինին հայտնած ենթադրությունս էլ անհավանական չէր թվում ինձ։
Գիշերը, ինչպես երևում էր, շատ ուշ էր. փողոցներում ոչ մի կենդանի շունչ չէր երևում, բացի գիշերապահներից, որոնք ահագին մուշտակների մեջ կոլոլված դանդաղորեն չափում էին խանութների շարքերը։ Կես ճանապարհին հազիվ մի կառք գտանք և նստեցինք։ Երբ հասանք, կառքը, համենայն դեպս, պահեցի և բարձրացանք վերև։ Գարեգինը երկայն սանդուղքի երկու աստիճանը մեկ էր անում։
Նրա բնակարանի դուռը բաց գտանք և ճրագները վառ: Գարեգինն ուղղակի վազեց դեպի ննջարանը։ Ես հետևեցի նրան։
Այստեղ մեր աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը։
Սառան իսկապես տուն էր դարձել։ Աղախինը հետո պատմում էր, որ նա չափազանց ուրախ էր, ծիծաղում էր, ծափ տալիս, թռչկոտում երեխայի պես, գրկում էր իրեն, համբուրում և շարունակ կրկնում. «Գիտե՞ս, Նատաշա, սպանեցի՜, սպանեցի՜, սպանեցի արդեն...»։ Հետո սկսել էր գանգատվել, որ մրսում է, պառկել էր առանց հանվելու և պատվիրել, որ շատ բան ծածկի և վառարանը վառի։ Այնուհետև սկսվել էին անտանելի ցավեր, որոնցից ճչում էր շարունակ և գալարվում։ Աղախինը վախեցած վազել է Գարեգինի սենյակը, որ զարթեցնի նրան, բայց նրան այնտեղ և ամբողջ բնակարանում ոչ մի տեղ չգտնելով, դիմել էր կողքին ապրող տանտիրուհու օգնության։ Տանտիրուհին, մի ռուս գեներալի այրի կին, շատ բարի ու եռանդոտ, չէր զլացել անկողնուց վեր կենալու և, Սառայի վիճակը տեսնելուց հետո, իր կողմից դիմել էր տան ներքին հարկում ապրող բժշկի օգնության։
Մենք որ մտանք, բժիշկը նոր էր եկել։ Հողաթափները ոտներին, խալաթը հագին, քնաթաթախ աչքերով, քննում էր հիվանդի զարկերակը։ Մոտը կանգնած էր տանտիրուհին՝ նույնպես ձեռաց հագնված, խճճված սպիտակ մազերը ծամկալներով մի կերպ ամրացրած։ Դռան մոտ արձանացել էր աղախինը՝ վախից սառած, ցամաքած։ Վառարանի մեջ ճրթճրթում էր կրակը։
Գարեգինը վազեց դեպի կնոջ մահճակալը, մի տեսակ անմարդկային, գրեթե անասնական ձայնով կանչեց «Սառա՛» և ըստ երևույթին, ուզում էր վրա ընկնել նրան, բայց բժիշկը, մի ձեռքով հիվանդի զարկերակը բռնած, մյուսով կամաց հեռացրեց նրան, և խեղճը տեղն ու տեղն արձանացավ, աչքերը սարսափահար գամելով կնոջ դեմքին։
Սառան պառկած էր անշարժ, դեմքն սպիտակել էր քաթանի պես. շրթունքներն ուռել կապտել էին, շրջապատված լայն սևավուն շրջանակներով. կիսարար կոպերի տակից պլպլում էին աչքերի սպիտակուցները ապակու անկենդան փայլով։ Սկզբում ինձ թվաց, թե արդեն մեռած է, բայց հետո տեսա, որ կուրծքը վեր ու վար է անում, և կիսաբաց շրթունքներից մի թեթև հևք է լսվում։
Հիվանդի զարկերակը քննելուց հետո բժիշկը ետ նայեց, մատով մոտ կանչեց աղախնին և, դառնալով մոտը կանգնած տանտիրուհուն, խնդրեց, որ հիվանդի հագուստը հանեն։
Այլևս անհարմար համարելով իմ ներկայությունը, ես դարձա և դուրս գնացի առաջին իսկ դռնով։ Սկզբում չիմացա, բայց հետո տեսնեմ՝ մտել եմ հյուրասենյակը, ուր այդ երեկո տեսակցություն ունեցա Սառայի հետ։ Ահա այն աթոռը դռան մոտ, որի վրա նստած էր Սառան, և մի րոպե ինձ թվաց, թե ականջումս դեռ հնչում են նրա ցասմնալից խոսքերը և ապա աղեկտուր հեծկլտանքը։ Ինչ էր պատահել այնուհետև, երբ, այդ տեսակցությունից հետո, ես թողի նրան ուժգին հիստերիկայի մեջ,— այդ մասին ոչինչ չգիտեի, բայց ինձ համար միանգամայն պարզ էր, որ մեր չարաբաստիկ խոսակցությունը ճակատագրական դեր էր խաղացել Սառայի հետագա վիճակի մեջ։ Իսկ այդ վիճակի հետևանքը ես այժմ տեսա աչքիս առջև։ Թեև մի կողմից ինքս ինձ արդարացնում էի նրանով, որ մտածում էի, թե այդ բոլորը կատարվել էր և պիտի կատարվեր մի տեսակ տարերային ուժով և հակառակ իմ ցանկության, բայց և այնպես ուղեղիս մեջ գամվել էր այն միտքը, թե այդ բոլորի պատճառը միայն ես էի, և թերևս ոչինչ չպատահեր, եթե չլսեի Գարեգինին և բնավ չմիջամտեի։ Այս պատճառով նստած էի հոգեպես միանգամայն սպանված, իր գործած ոճիրի ծանրությունը գիտակցող մարդու պես, և ականջներս լարել էի դեպի հարևան սենյակը, որտեղ լսվող ամեն շրշյուն կլանում էի ամբողջ էությամբ։ Չէի կարծում, թե սիրտս այնքան ուժգին ու խորապես արձագանքեր այդ շրշյուններին, եթե այնտեղ, հարևան սենյակում մերձ ի մահ պառկած լիներ իմ սրտակից հարազատներից որևէ մեկը:
Գրեթե լուսադեմ էր, որ վերադարձա տուն և քնեցի կամ, ավելի ճիշտ կլինի ասեմ, ընկա ծայր աստիճան ծանր ու տանջալից մի թմրության մեջ՝ լի հազար ու մի անհեթեթ, անբովանդակ ու սարսափելի տեսիլներով։
Զարթեցի սենյակիս մեջ լսված ինչ-որ քայլերի ձայնից։
Նայեմ տեսնեմ՝ Թուսյանն է։
Սկզբում ոչինչ չէի հասկանում։ Գլուխս այնքան ծանր էր, որ կարծես գանգս դատարկել և լցրել էին կապարով։ Հետո հանկարծ մտաբերելով գիշերվա եղելությունը, միանգամից սթափվեցի և վեր թռա։ Նոր նկատեցի, որ պառկել եմ առանց հանվելու։ «Ի՞նչ եղավ Սառան»,— այս էր առաջին միտքը, որ ծագեց գլխումս, նորից տրորելով սիրտս ու հոգիս։
Սակայն առջևս կանգնած էր այդ ամբողջ անցուդարձի ինքը հեղինակը — Թուսյանը, որի անակնկալ վերադարձը պակաս չհետաքրքրեց ինձ։
— Այդ ի՞նչ է, դու չե՞ս գնացել,— հարցրի զարմացած։
— Ոչ,— պատասխանեց կտրուկ։
— Ինչո՞ւ։
Չպատասխանեց։ Նստեց պատուհանի առջև, մի ծխախոտ հանեց, վառեց և սկսեց ծխել անսովոր լուրջ և ինքն իր մեջ ամփոփված, ինչպես նախորդ գիշերը անջատման ժամին։ Չէր նայում ինձ։ Իսկ ես զարմացած դիտում էի նրան: Ուսանողական խունացած բաճկոնն ու երկարաճիտ կոշիկները հանել էր և հագել էր նոր հագուստը, որի մեջ այնքան գեղեցիկ էր իր սափրած լիք դեմքով և կարճ խուզած սև ու խիտ փայլուն մազերով, որոնք այժմ է՛լ ավելի փայլում էին պատուհանից ներս թափանցող առավոտյան արևի ճաճանչների տակ։
— Չլինի՞ ուշացար գնացքից,— շարունակեցի հարցուփորձս։
— Ոչ:
— Հապա՞։
Նորից չպատասխանեց։ Շարունակում էր ծխել և համառորեն չէր նայում ինձ։ Հետո ասաց մի տեսակ շեշտով.
— Ես երբեք վախկոտ չեմ եղել և չեմ ուզում, որ որևէ մեկը կասկած տաներ, թե վախկոտ եմ, մանավանդ նա, ում հետ որ գործ ունեմ։
— Ես քեզ չեմ հասկանում. ի՞նչ վախկոտության մասին է խոսքդ։
— Այն բոլորից հետո, ինչ որ դու հայտնեցիր այս գիշեր, վեր կենալ և հեռանալ՝ այդ նշանակում է պարզապես փախչել, իսկ փախչում են միայն վախկոտները։
— Ուրեմն դու ուզում ես ճակատդ դեմ անել գնդակին։
— Այո՛,— վրա բերեց Թուսյանը և իսկույն ավելացրեց,— եթե միայն մեղավոր եմ։
Թուսյանը վեր կացավ հանկարծ, ծխախոտը դեն շպրտեց և նայեց ինձ շեշտակի։
— Լսիր, Մարգարյան,— ասաց մի տեսակ ջղայնացած տոնով, որպիսին ես ամենևին չէի սպասում նրանից։— Ես հենց դրա համար էլ չգնացի իսկապես։ Պետք է պարզել վերջապես, մեղավո՞ր եմ ես, թե ոչ։ Եթե մեղավոր եմ, անշուշտ պետք է կրեմ իմ արժանի պատիժը,— թող այդ պատիժը գնդակը լինի,— ասացի, որ ես չեմ վախենում դրանից.— իսկ եթե մեղավոր չեմ, ինչո՞ւ իզուր տարակուսանքի տակ մնամ ինքս և ուրիշներին տարակուսանքի տակ թողնեմ։ Ի՛նչ պակասություններ ուզես կարող ես վերագրել ինձ, ես այդ ընդունում եմ. բայց որ ասես, թե կեղծել գիտեմ, այդ չես կարող։ Երբե՛ք ես կյանքիս մեջ վատ բան չեմ արել, երբե՛ք։ Ես այդ ասում եմ և կպնդեմ։ Եվ միշտ մինչև հոգուս խորքը վրդովվել եմ, երբ ուրիշների կողմից վատ արարք եմ տեսել։ Եվ իմ վատի կրիտերիումը եղել է ոչ թե ընդհանուր շաբլոնը, այլ իմ սեփական գիտակցությունը և խիղճը։ Մեր գավառական քաղաքներում մի վարժապետ կար, որ իրեն Գերմանիայում ուսած աստվածաբան էր անվանում. բռնաբարել էր իր աշակերտուհիներից մեկին — տասը-տասներկու տարեկան մի որբ աղջկա. բռնեցի այնպես ծեծեցի, որ քիչ մնաց ինձ բանտ նստեցնեին за самосуд: Մեր ընկեր-ուսանողներից մեկը պարզ մատնիչ էր, օխրանկայի և ռեկտորի գաղտնի ագենտը համալսարանում. ամենքը վախենում էին նրանից, բայց ես այնպիսի օյին հանեցի նրա գլուխը, որ նա ստիպված եղավ տեղափոխվել ուրիշ համալսարան, թեև ինձ էլ դուրս շպրտեցին համալսարանից։ Այսպիսի դեպքեր ես շատ կարող եմ թվել իմ կյանքից։ Իսկ եթե ինքս, ուրիշների կարծիքով, որևէ վատ բան եմ արել, այդ արել եմ ոչ թե այն պատճառով, որ ինքս վատ եմ կամ վատասեր, այլ նրա համար, որ արածս վատ բան չեմ համարել: Հենց Սառայի օրինակը։ Ի՞նչ վատ ու դատապարտելի բան կա նրանում, որ արբունքի հասած մի երիտասարդ և մի աղջիկ սրտերի փոխադարձ ձգտումով բնության գրկում և բնության հրավերով կատարում են կյանքի գերագույն խորհուրդը։
— Այդ շատ լավ,— ընդհատեցի ես նրա երկարաբանությունը.— այդ ես ընդունում եմ, և ոչ ոք չի դատապարտում քեզ այդ բանի համար։ Բայց հետո, հետո։ Ի՞նչ արիր դու «կյանքի գերագույն խորհուրդը» կատարելուց հետո:
— Ես էլ հենց այդտեղ եմ գալիս, իմ խոսքն էլ հենց այդ հետոյի մասին է,— վրա բերեց Թուսյանը։— Ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ չէ, բայց ես քեզ ասում եմ, որ այն ժամանակ ես Սառային սիրում էի անկեղծ կերպով,— կարող եմ ասել նույնիսկ, որ դա իմ անդրանիկ սերն էր,— և ամուսնանալու համար նրան տված խոստումս էլ միանգամայն անկեղծ էր։ Հետո գնացի։ Սկզբում կարոտում էի նրան և շատ էի կարոտում, պատասխանում էի նրա բոլոր նամակներին, նույնիսկ շատ անգամ ինքս էի գրում անհամբեր, երբ այս կամ այն պատճառով ուշանում էին նրա նամակները. բայց հետո կամաց֊կամաց... Դե՛ հո գիտես, ժամանակը և տարածությունը թշնամի են մարդկանց հարաբերություններին։ Մանավանդ որ ես ներքին հոգեկան կյանքով ապրող մարդ չեմ։ Իմս այսօր է, և ոչ վաղը։ Իմս արտաքին աշխարհն է իր եռուզեռով, իր թռուցիկ տպավորություններով։ Գոնե մինչև այժմ ես այդպես եմ եղել։ Եթե այն ժամանակ մնայի կամ նա գար ինձ հետ, անշուշտ կպսակվեի, և այժմ մենք շատ սովորական բախտավոր կամ անբախտ ամուսիններ կլինեինք։ Բայց ես, ինչպես ասացի, հեռացա և... մոռացա կամ ավելի ճիշտը, սառեցի։ Սառեցի ոչ թե այն պատճառով, որ այդպես էի ուզում կամ նրանից ավելի լավերը գտա, այլ որովհետև այդպես է կյանքը, այդպես է մարդկային բնությունը։
— Այդ էլ թող այդպես լինի, այդ էլ պատրաստ եմ ընդունելու,— նորից նկատեցի ես։— Բայց չէ՞ որ ձեր միջև ամեն մի կապ կտրված էր արդեն, և նա ինքն էլ, երևի, վաղուց սառել, մոռացել էր քեզ, հաշտվել իր դրության հետ, ամուսնացել, տուն ու տեղ դրել և պատրաստվում էր նորից մայր լինելու։ Էլ հանուն ինչի՞, հանուն կյանքի ո՞ր գերագույն խորհրդի եկար վրդովելու նրա հանգիստ կյանքը, բանալու նրա հին վերքը, ծաղրելու նրա անցյալ տառապանքները, վիրավորելու նրա կանացի առաքինությունը, կոխկրտելու նրա մարդկային արժանապատվությունը: Այդ բոլորը ես նրա խոսքերն եմ կրկնում։ Սրա՞ն ինչ անուն կտաս։
— Պարզ թեթևամտություն. երես առածի հանդգնություն. նույնիսկ շնականություն,— ինչ անուն ուզում ես տուր, այդ բոլորը ես ընդունում եմ և չեմ արդարացնում ինձ։ Բայց այս չնչին բանն այդպես փքել, ուռեցնել, մի պարզ ֆարս տրագեդիայի վերածել, մի ստահակ վարմունք մահացու հանցանք համարել,— այդ ես ուղղակի չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում:
Ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ լռել, և միայն թափահարեցի ձեռքս, դրանով հասկացնել ուզելով, որ այլևս ավելորդ է շարունակել այդ խոսակցությունը։
Նկատելով այդ, Թուսյանը մոտեցավ, առավ ձեռքս և ասաց պաղատագին.
— Ոչ, խնդրում եմ, Մարգարյան, մի կարծիր, թե ես դիտմամբ չհասկանալ եմ ձևացնում։ Ապացուցիր, համոզիր ինձ, որ ես այդչափ մեղավոր եմ, որ ես մահացու հանցանք եմ գործել, և կտեսնես, որ իմ դատաստանը ինքս իմ ձեռքով կկտրեմ։ Գուցե իսկապես ես մի հրեշ եմ, որին պետք է ոչ միայն սպանել, այլև կտոր-կտոր անել և կտորները շան բերանը գցել։
— Դե ես ի՞նչպես ապացուցեմ և համոզեմ քեզ, երբ դու այնպիսի հայացքի տեր մարդ ես, թե ամեն բան թույլատրելի է։ Երբ որ ինքը՝ քո արարքի հետևանքը, որ իբրև կենդանի ապացույց կանգնած է առջևդ, չի համոզում քեզ, խոսքերն ինքնըստինքյան ավելորդ են։
— Բայց իմ այդ արարքն առաջինը և վերջինը չէ, և ինչո՞ւ այդպիսի աղետաբեր հետևանք ունեցավ այնքանի մեջ միայն մեկի վերաբերմամբ: Մի՞թե սրանից պարզ չէ, որ աղետի պատճառը իմ կյանքից և իմ արարքի էությունից դուրս է։
— Եվ, երևի, գտնվում է այդ մեկի կամքի և էության մեջ։ Ա՞յս ես ուզում ասել։
— Եթե իմ ասածից այդ է հետևում...— ասաց Թուսյանը և չլրացրեց իր ասելիքը, խուսափելով իմ հայացքից։
Ես կարճ ժամանակ նայում էի նրան զարմացած. այս անգամ անկոտրում մարդու տպավորություն էր թողնում:
— Քո դատողությունը գիտե՞ս ինչ անալոգիա է ստեղծում իմ առջև,— նկատեցի ես։— Խելագարի թե հարբածի մեկը կանգնած է փողոցում և հրացան է պարպում։ Փողոցով շատ մարդիկ են անցնում, բայց գնդակը դիպչում է միայն մեկին և գետին գլորում։ Ուրեմն մեղավորն այդ մեկն էր, որ սպանվեց, և ոչ հրացան պարպողը, այլապես բոլորն էլ կսպանվեին։ Ահա քո լոգիկան։
— Եվ երևակայիր, որ այո՛, այդ մեկն էր մեղավոր,— տարօրինակ համառությամբ պնդեց Թուսյանը։— Կամ եթե մեղավոր չէր, այլ անմեղ պատահական մի զոհ, համենայն դեպս մեղավոր չէր նաև հրացան պարպողը, որովհետև նա, խելագար թե հարբած, համենայն դեպս գործել է որոշ էմոցիայի ազդեցության տակ և գնդակը չի արձակել որևէ մեկի և հատկապես այդ մեկին սպանելու դիտավորությամբ։
Որովհետև ես լռել և լսում էի նրան ավելի ու ավելի զարմանալով, նա շարունակեց իրեն ոչ հատուկ պեդանտային լրջությամբ.
— Դու ասում ես՝ շնականություն, ես ասում եմ՝ կյանքի գերագույն խորհուրդ, այսինքն բնական տարերային մի ուժ, որի վրա մարդն իր բոլոր խոհականությամբ հանդերձ անկարող է իշխել։ Այդ տարերային ուժն իմ միջոցով եկել անցել է իր հաղթական ճանապարհով, և ես մեղավոր չեմ, որ մեկն այդ ճանապարհին ընկել է նրա քայլերի տակ և ճխլվել, անկարող լինելով հարմարվել նրա քմահաճույքին: Սա պարզ է, Մարգարյան, շատ պարզ։
— Որ այդպես է, ինչո՞ւ ծեծեցիր իր աշակերտուհուն լլկող ձեր գավառական վարժապետին։
— Որովհետև նա բռնություն, կամ, ուրիշ խոսքով ասեմ՝ շնություն էր գործ դրել և այն էլ մի անչափահաս աղջկա վրա,— ահա թե ինչու։ Իսկ բռնության, շնության և հոգիների ու մարմինների փոխադարձ ձգտման միջև սարեր ու ձորեր տարբերություն կա։ Սա պարզ է, կարծեմ։
— Այո, քեզ համար ամեն բան պարզ է, պարզից էլ պարզ,— նկատեցի ես, կամենալով վերջ տալ այս ապարդյուն խոսակցությանը։— Եվ ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ չես գնացել, ինչու ես եկել և ինչու են այդ սոփեստություններդ։ Որ համոզես, թե մեղավոր չե՞ս։ Չես կարող։ Ես միայն մի բանում համոզվեցի.— դու կամ հանցանքիդ գիտակցությունը չունես կամ այնքան խորն ես զգում հանցանքդ, որ խիղճդ հանգստացնելու համար աշխատում ես մեղքը փաթաթել ինչ-որ կյանքի գերագույն խորհրդի, ինչ-որ բնական տարերային ուժի վրա, որ իբր թե եկել անցել է քո միջով իր հաղթական երթը կատարելու համար։ Այդ հո քո աստվածաբան վարժապետն էլ կարող էր ասել, ինչքան էլ որ նրա արարքը դու բռնություն համարես և սարերի ու ձորերի տարբերություն տեսնես նրա ու քո արարքի միջև։ Ինչո՞ւ մի բան, որ քեզ համար կյանքի գերագույն խորհուրդ է և բնական տարերային ուժ, նրա համար շնություն պիտի լինի։ Ոչ այս, ոչ այն. մի անգամ որ ինքդ քեզ ներշնչել ես այն համոզումը, թե կյանքը մի հարատև խնջույք է, և դու իրավունք ունես խլելու նրանից այն ամենը, ինչ որ հաճելի է քեզ, ուզում ես այդպես էլ շարունակել. բայց հիմա, որ դժնադեմ կյանքը, իսկական կյանքը և ոչ քո կասկածը, եկել ցցվել է առջևդ և իր պահանջներն է անում քեզնից, դու շփոթվել ես, ինքդ քեզ կորցրել և չես իմանում ինչ անես։ Ահա քո ամբողջ հոգեբանությունը։ Ես այլևս ոչինչ չունեմ ասելու քեզ։
Այս անգամ Թուսյանը միանգամայն սուս էր արել և լսում էր ինձ, ինչպես նախորդ գիշերը, լուրջ ու կենտրոնացած։ Ըստ երևույթին նրա մեջ շարունակվում էր նախորդ գիշերը հրաժեշտի ժամին նրա մեջ իմ նկատած հոգեկան հեղաշրջման պրոցեսը։ Բայց այս անգամ առաջվա պես ընդարմացած չէր, այլ նրա ամեն մի դիմագիծը ցավագին ջղաձգումներով արձագանքում էր իմ խոսքերին։
Շտապով լվացվեցի և պատրաստվեցի, որ գնամ իմանալու Սառայի դրությունը, որ այդ բոլոր խոսակցության ժամանակ մի րոպե անգամ չէր հեռանում մտքիցս: Եվ երբ բոլորովին պատրաստ էի, Թուսյանը, որ մինչև այդ շարունակ ինքնամփոփ՝ լուռ դիտում էր ինձ, հարցրեց.
— Ո՞ւր ես գնում։
— Գնում եմ իմանալու՝ ինչ դրության մեջ է զոհդ։
— Բավակա՛ն է, Մարգարյան,— աղաչեց նա զայրույթի հանկարծական բռնկումով և սև, խոշոր աչքերը սպառնագին փայլեցրեց ինձ վրա։ Բայց այդ բռնկումը մի վայրկյան միայն տևեց։ Նա զսպեց իրեն, գլխարկն առավ և շատ հանգիստ կերպով ասաց.— Ես էլ եմ գալիս։
Ակամա նայեցի նրան զարմացած։
— Խելագարվե՞լ ես, ինչ է։
Իսկույն չպատասխանեց։ Կանգնած էր առջևս, գլխարկը ձեռքին և հանգիստ հայացքը, մռայլ վճռականությամբ լի, առել էր հատակին։
— Զո՞հ՝ ասում ես։ Ընդունում եմ,— ասաց մի առանձին հաստատուն շեշտով։— Բայց զոհը հատուցում է պահանջում, և այդ հատուցումը ես պատրաստ եմ տալու։ Եվ պիտի տամ։
— Ես քեզ չեմ հասկանում,— ասացի պարզապես ապշած նրա այդ հանկարծակի վճռականության վրա։— Ի՞նչ հատուցում, ո՞ւմ, ի՞նչ ձևով, ինչի՞ համար։
— Ինչպիսի հատուցում ուզում ես, ում ուզում ես, ինչ ձևով ուզում ես, ինչի համար ուզում ես,— ինձ համար ողջը մեկ է։ Ես սակարկել չգիտեմ։ Մի բան որ վճռեցի և ասացի — կանեմ։ Եվ խնդրում եմ իմ այս խոսքերի վրա մի՛ նայիր իբրև դատարկ բրավադայի վրա։ Ճիշտ է, ես թեթևսոլիկ եմ, և շատ տրագիկական դեպքեր իմ կյանքում եկել անցել են թևի մի թեթև հպումով, առանց որևէ խոր հետք թողնելու իմ մեջ, բայց այն, ինչ որ այժմ եմ զգում, չեմ զգացել երբեք։
— Ասա, ասա, ես քեզ լսում եմ,— ասացի ես չափազանց հետաքրքրված նրա արտասովոր լուրջ տոնից և աչքերի արտահայտությունից տեսնելով, որ վերջապես պիտի պարզվի այն գլխավորը, ինչ որ տակավին մութ էր մնում ինձ համար այդ տարօրինակ երիտասարդի մեջ։
— Երեկ գիշեր, որ դու պատմում էիր Սառայի մասին,— շարունակեց Թուսյանը,— ես համարյա ոչինչ չզգացի. ես միայն շշմել էի — այնքան անակնկալ էր այդ բոլորն ինձ համար։ Բայց հետո որ բաժանվեցի քեզնից և փոխանակ կայարան գնալու գնացի իջա հյուրանոց, կամաց-կամաց ինչ֊որ անհանգստություն տիրեց ինձ և քանի գնաց՝ սաստկացավ։ Որ ասեմ ամբողջ գիշերը չեմ քնել, չես հավատա։ Արթուն պահապանի պես ման էի գալիս անդադար և շարունակ ծխում։ Խի՞ղճ, խղճի խա՞յթ, թեթևամտորեն գործած չարիքի գիտակցությո՞ւն... Կամ գուցե կարեկցություն, սրտի հարազատությո՞ւն՝ հետևանք այն զգացումի, որ երբեմն տածել եմ դեպի նա... կամ գուցե նույնիսկ նախկին սե՞րը, անդրանիկ սե՞րը, որի կայծերն սկսել են բորբոքվել նոր թափով տարիների շեղջակույտի տակից և ավելի մաքուր, ավելի ուժգին, քան առաջ, նրա կրած տառապանքների ազդեցության տակ... Ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ հասկանում։ Միայն կրկնում եմ, այսպիսի բան երբե՛ք չեմ զգացել, երբե՛ք կյանքիս մեջ։ Եվ եթե մի քիչ առաջ ես,— շատ ճիշտ նկատեցիր,— զանազան սոփեստություններով աշխատում էի անարատ դուրս բերել ինձ, այդ ոչ թե նրա համար, որ իսկապես անմեղ էի համարում ինձ, այլ նրա համար, որ ուզում էի քո օգնությամբ դուրս գալ հոգեկան այս անտանելի քաոսային դրությունից։ Կյանքի գերագույն խորհուրդ, բնական տարերային ուժ և ես ինչ գիտեմ ուրիշ ինչ, սրանք բոլորը, իհարկե, լոկ ֆրազներ են, որոնք թերևս նշանակություն ունենան տղամարդու և կնոջ հարաբերության մասին վերացական դատողության մեջ, բայց որոնք գրոշի արժեք չունեն կյանքի այնպիսի փաստերի հանդեպ, որպիսին իմ ու Սառայի հարաբերությունն է եղել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ ես չկարողացա գնալ, որ գիշերն այնքան անհանգիստ անցրի, որ այժմ եկել եմ քեզ մոտ և ուզում եմ գալ քեզ հետ նրան տեսնելու։
— Այդպես, վերջապես խոստովանեցիր ճշմարտությունը,— նկատեցի ես։— Բայց նրան տեսնելը մտքիցդ հանի, որովհետև չգիտես, թե այս գիշեր քո գնալուց հետո ինչ կատարվեց։
— Ի՞նչ։
Ես պատմեցի նրան գիշերվա ամբողջ մղձավանջային դեպքը, թե ինչպես Սառան խելագար դրության մեջ եկել էր իմ բնակարանը ատրճանակը ձեռքին՝ անշուշտ նրան, Թուսյանին սպանելու մանիայով բռնված, թե ինչպես ատրճանակը պարպել էր նախասենյակումս ու փախել, թե ինչպես նրա ամուսինը վազել էր ինձ մոտ նրան որոնելու և թե, վերջապես, ինչ դրության մեջ գտանք նրան իրենց տանը։
Թուսյանը լսում էր ինձ իր ահագին աչքերի լափող հետաքրքրությամբ և հետզհետե սփրթնելով։ Հետո, որ վերջացրի, գլուխն առավ ձեռքերի մեջ և մնաց քարացած։
— Այդ անկարելի է,— շշնջաց նա։— Այդ սոսկալի է... Եվ այդ բոլորի պատճառը...
— Է՛լ ավելորդ և անօգուտ է պատճառի կամ պատճառների մասին մտածելը,— ասացի։— Եթե այժմ զղջում ես և ուզում ես ինչ-որ հատուցում տալ, ուշ է արդեն, շատ ուշ։
— Ուշ է... շատ ուշ,— կրկնեց արձագանքի պես, առանց հեռացնելու ինձնից իր լայն բացած աչքերը։
Ես այդպես էլ թողի նրան ու դուրս եկա։
Նոր էի թեքվել գլխավոր փողոցը, տեսնեմ արագ քայլերով հասավ ետևիցս։
— Ո՞ւր ես գնում,— հարցրի։
— Գալիս եմ քեզ հետ։
— Ես Սառայի մոտ եմ գնում։
— Ես էլ։
— Որ ի՞նչ անես։
— Որ իմանամ՝ ինչպես է։
Ու տեսնելով, որ ուզում էի առարկել, ավելացրեց իսկույն.
— Մի՛ վախենա, ներս չեմ մտնի. կսպասեմ դուրսը, մինչև դուրս կգաս։
Ճանապարհին այլևս ոչ մի խոսք չարտասանեց։ Ըստ երևույթին շատ հանգիստ էր և ինքն իր մեջ խորասուզված: Որ հասանք, նա իսկապես մնաց դուրսը, իսկ ես մտա և վերև բարձրացա։
Գարեգինի բնակարանում դուռը բաց արեց աղախինը՝ լացակումած կարմիր աչքերով։ Նրա դեմքին նայելուն պես սիրտս կարծես պոկվեց հանկարծ և ցած ընկավ։
— Ինչպե՞ս է տիկինը,— հարցրի։
Պատասխանի տեղ աղախինը թաշկինակը սեղմեց աչքերին և հեկեկաց։
Հարցուփորձն այլևս ավելորդ էր, և ես շտապով ներս մտա։
Դեմս ելավ բարի տանտիրուհին, որ այնքան հոգացողություն էր ցույց տվել գիշերը Սառայի հիվանդության ժամանակ։ Կարճ խոսքերով պատմեց ամբողջ եղելությունը։ Գիշերը, իմ գնալուց հետո, բժիշկը խորհուրդ էր տվել հիվանդին անմիջապես փոխադրել ծննդաբերական ապաստարան։ Սառային ուշագնաց դրության մեջ կառք էին դրել տարել, և նա մեռել էր վաղաժամ և անկանոն ծննդաբերությունից։
— Մենք նոր ենք վերադարձել— ավելացրեց նա («մենք» ասելով ուզում էր ասել ինքը և Գարեգինը)։— Եկեք, եկեք մխիթարեցեք ձեր խեղճ բարեկամին, իսկ ես կգնամ մի քիչ հանգստանալու։
Բարի պառավն առաջնորդեց ինձ դեպի ննջարան, որտեղ գիշերը Սառային գտա հոգեվարք դրության մեջ, և ինքը հեռացավ։
Դուռը բաց արի և կամաց ներս մտա։
Գարեգինը նստած էր կնոջ դատարկ մահճակալի մոտ, ձեռները կրձքին խաչած և գլուխը կախ։ Ինձ թվաց, թե քնած է, բայց որ մոտեցա, գլուխը կամաց բարձրացրեց և անքնությունից ուռած և կարմրած աչքերը սևեռեց վրաս։ Երկար ժամանակ նայում էր դեմքիս անզգայացած մարդու անիմաստ հայացքով, կարծես չկարողանալով գլխի ընկնել, թե ով եմ, հետո ձեռքերը կամաց հեռացրեց կրծքից և ասաց շատ հանգիստ ձայնով.
— Հա, այդ դու ես... նստիր։
Ու, առանց տեղից վեր կենալու, առաջ քաշեց մոտը դրած մի աթոռ։
Լուռ սեղմեցի նրա ձեռքը և նստեցի։
— Դու գիտե՞ս, որ Սառան այլևս չկա,— ասաց իր ցամաք, անկենդան հայացքը սևեռելով աչքերիս։
Ես կարողացա միայն գլխով մի դրական շարժում անել, թե գիտեմ. փղձուկը բռնել էր կոկորդս, և չկարողացա որևէ խոսք արտասանել։
— Ներս տարան, մորթեցին, ինչ արին — չգիտեմ, և դուրս բերին մեռած,— շարունակեց Գարեգինն այնքան հանգիստ ձայնով, որ կարծես իրեն չվերաբերող և մի հասարակ բան էր պատմում։— Հետո, գիտե՞ս ինչ, այն բժշկին, որ մորթել էր նրան, տեսա իր կաբինետում կաթով թեյ խմելիս։ Շատ զարմացա։ Մեկ էլ ինչ զարմացրեց ինձ. տուն որ գալիս էի, տեսնեմ արևը լուսավորում է առաջվա պես, մարդիկ անցուդարձ են անում փողոցում, խանութները բաց են սովորականի պես, մի խոսքով ամեն բան — ինչպես ամեն օր, և ոչ մի փոփոխություն։ Մինչդեռ ես կարծում էի, թե էլ ոչինչ չկա, վերջ, մութ, խավար... Ապշելու բան է, չէ՞։
— Գիտե՞ս ինչ, Գարեգին,— ասացի ես, դիտելով նրա անքնությունից ուռած, բորբոքված աչքերը և դեղնած դեմքը,— դու հոգնած ես և չես քնել, մի քիչ որ պառկես հանգստանաս, լավ կլինի:
— Հա՜, ես էլ հենց այդ պիտի ասեի,— վրա բերեց նա:— Ինձ ավելի այն է զարմացնում, որ ես էլ, գիտեմ, առաջվա պես պիտի ուտեմ, ման գամ, քնեմ, հանգստանամ, էլի ուտեմ, ման գամ, քնեմ, հանգստանամ, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե այս կես տարվա կյանքը մի քաղցր երազ էր, որ եկավ ու անցավ, որպես թե Սառան մի հրաշալի տեսիլք էր, որ մի վայրկյան երևաց աչքիս ու հանգավ անհետ...
Վերջին խոսքերի վրա նրա ձայնը դողաց, խլացավ և հանկարծ կտրվեց։ Նա խոնարհվեց ծնկների վրա, և գլուխը ցած ընկավ թուլացած։ Երկար ժամանակ այդպես մնալուց հետո նորից շտկվեց և նայեց ինձ:
— Փարատիր, խնդրում եմ իմ մի տարակուսանքը, եթե կարող ես,— ասաց նա։— Այս մասին էի մտածում, որ դու եկար։ Ասա խնդրեմ, ո՞րն է ավելի կարևորը,— մա՞րդը, կենդանի արարա՞ծը, թե իրը. հոգի՞ն, թե նյութը։
— Ինչո՞ւ ես հարցնում այդ։
— Ինչո՞ւ...
Իր թափառուն հայացքը ման ածեց սենյակի մեջ, վեր կացավ և սկսեց մեկ-մեկ մատնանշել.
— Ահա այս մահճակալը, որի վրա պառկած էր նա, ահա այս հողաթափները, որ հագնում էր առավոտները, երբ վեր էր կենում. ահա այս գլխարկը, այս սանրերը, այս ծամկալները, այս մատանիները, այս բոլոր լաթերն ու իրերը, որոնք պատկանում էին նրան, որոնց նմանը ինչքան ուզում ես՝ կարող ես ճարել, որոնք իրենց արժեքից ավելի բան չարժեն,— այս բոլորը կան ու կմնան, եթե պահես, իսկ նա, որ մեզ պես խոսում, մտածում, ման էր գալիս, որը մարդու ձեռքով շինված մի իր չէր, որը մի հատ էր ամբողջ մարդկության մեջ, որի նմանը չես գտնի աշխարհիս և ոչ մի տեղ, իսկ նա չկա այլևս և չի լինի երբեք։ Ի՞նչ է նշանակում այս,— որ այս ծամկալն ավելի կարևոր է և անմա՞հ, քան թե նա, որ բնության ստեղծագործության անզուգական մի հրաշակերտ էր, քան թե այն սիրտը, որ բաբախում էր նրա կրծքում, քան թե այն հոգին, որ այնպես փոթորկվում էր նրա մեջ։ Ի՞նչ է այս,— ծա՞ղր, թե այնպիսի մի բան, որի առջև մարդու ուղեղն ուրիշ բան չունի անելու, եթե ոչ միայն քարանալ...
Դեռ երկար ժամանակ խոսում էր այդ մասին, մերթ հուզվելով, մերթ փիլիսոփայական հանգստությամբ, շարունակ դիմելով իրեն հատուկ մանկամիտ համեմատությունների, երբ վերջապես առա նրա թևը և, նորից հորդորելով, որ մի քիչ հանգստանա, տարա նրան իր առանձնասենյակը, որպեսզի հեռացրած լինեի կնոջ սենյակից, ուր ամեն ինչ հիշեցնում էր Սառային և այնքան հուզում նրան։ Չհակառակեց, անձնատուր եղավ ինձ քունը տանող երեխայի պես, պառկեց և աչքերը ծածկեց։
Կարճ ժամանակից հետո լսեցի նրա քթի փսփսոցը և կամացուկ դուրս եկա, որ գնամ ցավալի իրողությունը հայտնեմ փողոցում ինձ սպասող Թուսյանին։
Դռան առջև նա ետ ու առաջ էր քայլում և ծխում։ Ինձ որ տեսավ, կանգ առավ։
Մի քանի խոսքով հայտնեցի Սառայի մահը։
Ձայն ծպուտ չհանեց, դարձավ ու հեռացավ։
Իսկ ես վերադարձա, որ Սառայի ծնողներին հեռագիր տամ՝ գան։
Երկու ամբողջ օր չերևաց: Ուր էր, ինչ էր անում — չգիտեի, համարյա չէի էլ հետաքրքրվում, որովհետև այդ ամբողջ ժամանակ չէի հեռանում Գարեգինի մոտից, որը մի տեսակ իդիոտիզմի մեջ էր ընկել։ Երրորդ օրը միայն, Սառայի թաղման ժամանակ, մի քանի րոպեով երևաց աչքիս հուղարկավորների բազմության մեջ, ու էլ չտեսա։ Թաղումից հետո, երբ գերեզմանատնից վերադառնում էինք, ինչքան փնտրեցի— չգտա։
Այնուհետև նույն օրը ուշ երեկոյան, երբ Գարեգինի մոտից նոր էի վերադարձել տուն, տեսնեմ եկավ այնքան արբած, որ ոտի վրա հազիվ էր կանգնում։
Մտավ առանց բարև տալու, նստեց ուղղակի դեմս, գլխարկը ետ գցեց ծոծրակին, ձեռքերով կռթնեց ծնկներին և ծանր շնչելով, նայեց ինձ շաղված աչքերով։
— Խմած եմ, չէ՞,— հարցրեց։
Եվ, որովհետև ես ոչինչ չասացի, շարունակեց, որպես թե դրական պատասխան լինեի տված.
— Եվ ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։ Եվ ինչո՞ւ այս անգամ ավելի, քան ուրիշ անգամներ։ Պատասխանիր։ Պատասխանիր,— բարձրացրեց ձայնը, հրամայողաբար, տեսնելով, որ ես շարունակում եմ լռել։
— Երևի դարդդ մոռանալու համար,— ասացի ես վերջապես։
— Հեգնում ես, հա՞։ Մի՛ հեգնիր։ Սովորական արբեցողների այդ արդարացումը ես չեմ ընդունում. մերժում եմ, լսո՞ւմ ես — մերժում եմ։
— Կամ որպեսզի խիղճդ հանգստացնես։
— Խի՞ղճ, ի՞նչ խիղճ, ո՞ր խիղճը, այն, որ այստեղ կա՞,— խփեց կրծքին։— К черту её. Այդ հո Տոլստոյի մորալն է։ Տոլստոյը մեծ գրող է, ճիշտ է, բայց... մղդսի է։ Դու էլ ես մղդսի, Մարգարյան,— չնեղանաս։ Բոլոր մորալիստները մղդսի են։ Անցյալ օրը ինձ էլ հո համարյա թե մղդսի դարձրիր։ Օ՜, ես այդ քեզ չեմ ների, երբե՛ք։ Եվ քո ջգրու է, ոը այսպես խմել եմ, քո՛ ջգրու, լսո՞ւմ ես, Մարգարյան։ Соловья баснями не кормят. Ես միշտ խմում եմ, բայց այսօր սովորականից ավելի եմ խմել ոչ թե,— լա՛վ լսիր, Մարգարյան,— ոչ թե դարդս մոռանալու կամ խիղճս հանգստացնելու համար, այլ որպեսզի թույլ չտամ քեզ, որ քթիցս բռնած շուռ տաս ինձ անցյալ օրվա պես դեպի մղդսիություն։ Հասկացա՞ր։
— Բայց և այնպես, դու աշխատում ես դարձյալ արդարացնել քեզ, և այդ մի բան նշանակում է,— նկատեցի ես։
— Այս ոչինչ չի նշանակում, և դու շատ ես սխալվում, որ կարծում ես, թե ես դարձյալ ուզում եմ արդարացնել ինձ։ Ի՞նչ, էլի հատուցո՞ւմ, մատուցո՞ւմ, ու ես ինչ գիտեմ, ուրիշ ինչ զահրուզխկո՞ւմ։ Ներողություն կանես։ Այդ միայն անցյալ օրն էր։ Անցավ։ Վերջ։ Մի անգամ հիմարանալուց հետո երկրորդ անգամ հիմարանալ՝ կատարյալ էշություն կլինի։ Ավելի լավ է շուն շանորդի լինել, քան թե էշ ու ավանակ։ Եվ որպեսզի դու մի անգամ առմիշտ համոզվես, թե այս անգամ չեմ եկել քեզ մոտ ինչ-որ մեղայականով, ահավասիկ...
Նա վեր թռավ, բարձրացավ աթոռի վրա և այնպես տատանվեց, որ անպատճառ վայր կընկներ, եթե վրա չվազեի և չբռնեի։
— Իջիր, իջիր,— ասացի,— կընկնես։
— Ո՛չ, թող, չեմ ընկնի,— բղավեց նա վառված, համարյա կատաղի աչքերով։— Հեռու կանգնիր և լսիր, ես պիտի հայտարարեմ։ Եվ ահավասիկ հայտարարում եմ աշխարհին և ամենքին.— ես մեղավոր չե՛մ, ես մեղավոր չե՛մ, ես մեղավոր չե՛մ։ Չե՛մ, չե՛մ, չե՛մ (ամեն մի «չեմի» հետ բռունցքը պինդ զարկում էր կծքին)։ Ես այս կրկնում եմ երեք անգամ և պատրաստ եմ կրկնելու հազարերեքերորդ անգամ, որովհետև,— լավ լսիր, Մարգարյան,— աշխարհիս երեսին արդար ու մեղավոր չկա, չկա՛ քեզ ասում եմ, և մարդ ամեն բան, լավն էլ, վատն էլ անում է բնության թելադրանքով։
— Բավական է, մի անգամ ասացիր, իմացանք, իջիր ասում եմ, կընկնես,— ասացի ես և բռնեցի ձեռքից, որ իջեցնեմ, բայց նա ձեռքն այնպիսի կատաղի թափով ետ խլեց, որ այլևս չկարողացավ պահպանել հավասարակշռությունը, և նախքան ես վրա կընկնեի, որ բռնեի, երեսն ի վեր թրմփաց հատակի վրա։ Ծոծրակին ետ գցած գլխարկը թռավ մի անկյուն։
Հազիվ բարձրացրի և նստեցրի։ Գլուխը փալասի պես կախ ընկավ կրծքին: Լուռ էր։ Մեկ էլ տեսնեմ աչքերից արտասուքներ են կաթում։ Երկար ժամանակ լալիս էր այդպես լուռ։ Հետո թաշկինակը հանեց, աչքերը սրբեց և, առանց գլուխը բարձրացնելու, ասաց կամաց.
— Մի քիչ ջուր տուր։
Տվի։ Խմեց և կարծես թե մի քիչ զգաստացավ։ Ու դարձյալ երկար ժամանակ նստած էր լուռ, գլուխը մերթ վեր բարձրացնելով, մերթ ցած գցելով թուլացած, կարծես ննջում էր։ Հետո, սկսեց օձիքը քանդել և ձեռքով մոտ կանչեց ինձ։ Մոտեցա։ Գլուխը ետ գցեց և մատով ցույց տվեց կոկորդը։ Կոկորդի վրա հազիվ կես վերշոկաչափ մի կարմիր բարակ սպի կար, կարծես սուր դանակով կաշվի վրա մի թեթև գիծ էին քաշել առանց խորը կտրելու։
— Այդ ի՞նչ է։— հարցրի զարմացած։
Ծոցի գրպանները քրքրեց, հանեց մի ածելի պատյանի մեջ և տվեց ինձ։
— Առ պահիր,— ասաց,— էլ չտաս ինձ։
— Վա՛յ, թշվառակա՜ն,— ակամա դուրս թռավ բերանիցս։
— Այդ անցյալ օրն էր, որ դու այնտեղ, դռանը հայտնեցիր ինձ նրա մահը,— ասաց նույն հանգիստ ձայնով։— Իմ խելքով ուզեցի իբր թե հատուցում տալ, բայց հատուցումը դուրս եկավ այս ողորմելի գիծը, բրավադան էլ օդով լի մի փուչիկ։ Փուչիկը պատռվեց, օդը դուրս եկավ միջից առանց նույնիսկ մի սուտ տրաքոց հանելու։ Ի՞նչ է նշանակում այս, Մարգարյան, հը՞,— հարցրեց աչքերը տարակուսանքով սևեռելով ինձ վրա։— Այս ես ե՞մ, թե ես չեմ։ Ես ախր էլ չեմ ճանաչում ինձ։ Ո՞րտեղից է մտքի այս տատանումը, հոգեկան այս շփոթությունը, այս զզվելի փոքրոգությունը։ Ես Ռուբեն Թուսյանը լինեմ և նստեմ քեզ մոտ լա՞ց լինեմ, իբրև մի баба. ես Ռուբեն Թուսյանը լինեմ, ուզենամ ինձ մորթել ու... վախենա՞մ։ Դե էլ ինչացո՞ւ եմ ես, ինչի՞ պետք եմ, բռնիր ոտներս ու քարշ տուր տար գետը գցիր է՛լի, իբրև մի սատկած շուն։ Ինչո՞ւ մեռավ նա, ինչո՞ւ։ Որ ինձ պատժի՞, որ վրեժ լուծի ինձնի՞ց...
Նրա ձայնը երերաց, և ինձ թվաց, թե ուզում է նորից լաց լինել, բայց զսպեց իրեն և հանկարծ վեր թռավ կատաղի աչքերով։
— Ո՛չ, ես թույլ չեմ տա, որ մեռելները քարշ տան ինձ իրենց ետևից,— գոռաց նա:— Ես կենդանի մարդ եմ, սիրում եմ կյանքը և հանուն այդ սիրո պիտի շարունակեմ զոհել ամեն ինչ և ամենքին, ով կհամարձակվի խոչընդոտ կանգնել իմ հաղթական ճանապարհին։ Առաջին անգամ կյանքիս մեջ անձնատուր եղա այս հիմարական կնիկարմատային զգացումներին և ահա եկա հասա ուր... ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...
Ու ամեն մի «ինչուի» հետ սկսեց ձեռքով խփել հա խփել գլխին։
Մի կերպ հանգստացրի, առաջարկեցի, որ պառկի քնի, մինչև որ գինու ազդեցությունն անցնի։
— Ոչ,— ասաց,— այս երեկո արդեն գնում եմ։— Եկա, որ փող տաս հյուրանոցին վճարելու և տոմսակ առնելու։ Անցյալ օրը տված փողերդ մինչև վերջին կոպեկը զահրումար արի։ Գնամ թե չէ, բոլորը միանգամից կուղարկեմ։ Հորս կասեմ, որ տա։ Կտա — լավ, չի տա — հե՛րը կանիծեմ, բոլոր դավթարներն ու մուրհակները կպատռեմ, փողի սնդուկը կվառեմ, իրեն էլ կբռնեմ կխեղդեմ, որ ինձ պես մի լակոտ է ցնկնել։
— Հետո՞։
— Հետո էլ չգիտեմ։ Ես սովոր չեմ «հետոյի» մասին մտածելու: Տուր փողը։ Գլխարկս էլ տուր։
Ուզած փողն էլ, գլխարկն էլ տվի։
Փողը գրպանը կոխեց, գլխարկը ծածկեց, ձեռքս սեղմեց և օրորվելով դուրս գնաց։
Էլ չտեսա նրան:
Տարիներ հետո իմացա, որ տնից դուրս արած, թափառում է մայրաքաղաքի փողոցներում, իբրև պրոֆեսիոնալ ինտելիգենտ մուրացիկ և արբեցող։