Սպանված աղավնին (դրամա)

Դրամա 4 գործ.



ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ



ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ.— 30 տարեկան
ՍԻՍԱԿՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ.— 28 տարեկան
ԹՈՒՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ.— 30 տարեկան
ԲԱՂԻՐՅԱՆ ՀԱԿՈԲ.— 60 տարեկան
ՍՈՖԻԱ — Բաղիրյանի կինը.— 40 տարեկան
ՍԱՌԱ — Բաղիրյանի աղջիկը — 22 տարեկան
ԹԱԹՈՍ — ծառա Մարգարյանի տանը.— 35 տարեկան
Զբոսնող մի պարոն
Զբոսնող երկու կին:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Մարգարյանի սենյակը համեստ, բայց ճաշակավոր կահավորանքով։ Դիմացը երկու դուռ, ձախ դուռը տանում է դեպի նախասենյակ, աջ դուռը՝ դեպի ննջարան։ Ձախ կողմը՝ երկու լուսամուտ, գրքերի պահարան և գրասեղան, գրասեղանի վրա գրքեր, թղթեր, գրության պարագաներ և լամպ՝ կապույտ լուսամփոփով։ Աջ կողմը՝ գահավորակ, երկու բազկաթոռ և կլոր սեղան, սեղանի վրա ալբոմ և մեծ լամպ։ Պատերին նկարներ։ Ուր հարկն է՝ աթոռներ։

Գիշեր է։ Սենյակը մութն է։ Լսվում է դռան զանգակի ձայնը։ Երկար միջոց անցնելուց հետո մտնում են ձախ դռնից Թաթոսը և Թուսյանը։ Վերջինիս ձեռքին մի մեծ, ջարդված ճամպրուկ։

ՏԵՍԻԼ I

ԹՈՒՍՅԱՆ.— Աղա, մի ճրագ վառի, է՜, զատ չեմ տեսնում։

ԹԱԹՈՍ.— Էսա վառում եմ (Վառում է կլոր սեղանի վրա դրած լամպը և հետաքրքրությամբ դիտում է հյուրին):

ԹՈՒՍՅԱՆ.— (Ճամպրուկը դնում է դռան մոտ, անկյունում, հետո հանում է վերարկուն և ձգում ճամպրուկի վրա): Բա ասում ես գիդում չե՞ս կգա աղեդ։

ԹԱԹՈՍ.— Գիդում չեմ։ Հմի սըհաթի քա՞նին ա։

ԹՈՒՍՅԱՆ.— Սըհաթ չունեմ։ Տասը կըլի։ (Գլխարկը ձգում է վերարկուի վրա):

ԹԱԹՈՍ.— Դե որ տասը կըլի, էնա շուտով կգա։

ԹՈՒՍՅԱՆ.— (Նստում է բազկաթոռի վրա և սենյակը դիտում): Էս մի օթախն ա՞։

ԹԱԹՈՍ.— Չէ, մինն էլ հրեն ընդեղ ա։

ԹՈՒՍՅԱՆ.- Է՞ն ինչ ա։

ԹԱԹՈՍ.— Ընդեղ ա քնում։

ԹՈՒՍՅԱՆ.— (Հորանջում է. բաց է անում ալբոմը և անուշադրությամբ թերթում, հետո ալբոմը ծածկում է և նայում Թաթոսին): Անունդ ի՞նչ ա։

ԹԱԹՈՍ.— Թաթոս։

ԹՈՒՍՅԱՆ.— Պապիրոս չես քաշո՞ւմ։

ԹԱԹՈՍ.- Չէ։

ԹՈԻՍՅԱՆ.— (Ուզում է հանել ձախ ոտի երկարաճիտ կոշիկը, որը դժվարությամբ է դուրս գալիս): Խի՞ չես քաշում։

ԹԱԹՈՍ.— Դե սովոր չեմ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Ոտը երկարացնում է դեպի նա): Քե մատաղ, մի քաշի էս անտերը, մազոլը հոգիս հանեց (Թաթոսն սկսում է քաշել կոշիկը): Օ՛յ, կամաց... Հուպ մի տա... Հա՛, ըդենց... (Թաթոսը հանում է կոշիկը և դնում է բազկաթոռի կողքին): Է՜, Օ՜ֆ, մի քիչ դնջացա։ (Տրորում է ոտը: Միջոց): Թաթոս ջան, գիդա՞ս ինչ կա. ինձ որ մի քիչ ուտելու բան տաս, է՜, հոգիդ դյուզ արքայություն կգնա։ Խա՛չ։

ԹԱԹՈՍ.— Ո՞րդիան տամ։

ԹՈՒՍՅԱՆ.- Բա տանը զատ չկա՞։

ԹԱԹՈՍ.— Խի՞ չկա, ամա կողպած ա բուֆետումը։

ԹՈՒՍՅԱՆ.— Բաց չի ըլի՞։

ԹԱԹՈՍ.— Բնալիքն աղի մոտն ա։

ԹՈՒՍՅԱՆ.— Բա մի պատառ հաց ու պանիր...

ԹԱԹՈՍ.— Հաց ու պանիրն էլ ա կողպած, հլա ամեն բան էլ։

ԹՈՒՍՅԱՆ.— Մի թաս չայ էլ չես տա՞։

ԹԱԹՈՍ.— Չայ — շաքարն էլ ա կողպած։

ԹՈՒՍՅԱՆ.— Բա ո՞նց անենք։ (Միջոց: Հորանջում է)։ Համ սոված եմ, համ քունս տանում ա։

ԹԱԹՈՍ.— Ուզում ես, հլա քնի, եննա աղեն որ կգա, իրան կասես։

ԹՈՒՍՅԱՆ.— Դե ըտենց պտի անենք, է՛լի։ (Վեր է կենում, վերցնում կոշիկը և դիմում դեպի ննջարան): Որ գա, վեր կկացնես։

ԹԱԹՈՍ.— Յավաշ, աղա, լիս անեմ։ (Վերցնում է լամպը, առաջնորդում է Թուսյանին դեպի ննջարան, հետո դուրս է գալիս այնտեղից, լամպը դնում յուր տեղը, հանգցնում և դուրս գնում ձախ դռնից: Երկար միջոց անցնելուց հետո ձախ դռնից մտնում է Մարգարյանը, վառում գրասեղանի վրա դրված լամպը, նստում և սկսում է պարապել: Կարճ ժամանակից հետո լսվում է դռան զանգակի ձայնը):

ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ընդհատում է պարապմունքը): Ո՞վ կարող է լինել։ (Ականջ է դնում դեպի նախասենյակ, սպասելով որ ծառան կգա դուռը բանալու: Զանգակը նորից հնչում է): Շնթռել է անպիտանը, չի իմանում։ (Գնում է դուռը բանալու և կարճ ժամանակից վերադառնում է Սիսակյանի հետ): Արի տեսնենք այդ ի՞նչ քամի է խելքիդ փչել այս ժամին գալու ինձ մոտ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Խիստ ուրախ տրամադրության մեջ): Օ՛հ, որ իմանաս, ի՜նչ քամի, ի՜նչ քամի...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զարմացած դիտում է նրա դեմքը): Դու հարբած ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այն, ինչպես ասում են՝ մի քիչ քեփով եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու չես խմում ախր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Բայց այսօր խմեցի՜, խմեցի՜...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞րտեղ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նշանածիս տանը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Ի՞նչ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այս երեկո նշանվեցի, շնորհավորիր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շարունակ նայում է նրա աչքերին զարմացած): Ցնդվե՞լ ես, ինչ է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ա՛յ, թե չես հավատում։ (Ցույց է տալիս ձեռքի մատանին):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Դեռևս չհավատալով)։ Հանաք չե՞ս անում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ, է՜լի, վահ։ Տե՛ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Խիստ հետաքրքրված): Սպասիր։ Արի նստիր այստեղ։ (Նստում եհ գրասեղանի մոտ)։ Այդ ե՞րբ, ի՞նչպես։ Ո՞վ է աղջիկը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հիասքանչումով)։ Մի հրաշալի աղջիկ, մի աննման աղջիկ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սիրահարվա՞ծ էիր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ։ Ես մինչև անգամ այս երեկո տեսա նրան առաջին անգամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Աղջկա՞ն։

ՍԻՍԱԿՅԱՆ.- Այո։

ՄԱՐԳԱՐՑԱՆ.— Նրա՞ն, որի հետ նշանվե՞լ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Գժվե՞լ ես, ի՛նչ է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՛նչպես թե ինչու։ Կարելի բա՜ն է մի՞թե՝ առաջին անգամ տեսնել աղջիկը և հենց առաջին անգամից էլ նշան տալ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչո՞ւ չի կարելի։ Մեծ մասամբ այդպես են ամուսնանում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո, հասարակ դասակարգի մարդիկ — տգետ արհեստավորները, խանութպանները, բանվորները... Բայց դու ինտելիգենտ մարդ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Դա դատարկ բան է։ Սերն ինտելիգենտ և հասարակ դասակարգի մարդ չի հարցնում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Մինչև անգամ սիրահարվե՞լ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Եվ ի՜նչպես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՛նչ ես ասում... Տո՛, մի գիշերո՞ւմ, մի քանի ժամվա ընթացքո՞ւմ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Տեսնելուն պես։ Ես մի տեղ կարդացել եմ, որ սիրահարվում են առաջին իսկ վայրկյանից, առաջին իսկ հայացքից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ այդ հիման վրա՞ ես կարծում, թե սիրահարվել ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ թե կարծում, այլ իսկապես սիրահարվել եմ։ Աստված է վկա։ Սիրահարված որ չլինեմ, այս ժամին ինչո՞ւ պետք է գայի քեզ մոտ։ Տուն գնացի, բայց մենակ սիրտս չդիմացավ և դուրս եկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լավ։ Հետո նա՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ո՞վ, Սառա՞ն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Անունը Սառա է՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հետո Սառա՞ն, հավանե՞ց քեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հանկարծակի եկած): Հը՞... (Շփոթվում է, նախ չիմանալով ինչ պատասխան տա, հետո հանկարծ վրա է բերում ինքնավստահորեն): Իհարկե, եթե նշանս ընդունեց, կնշանակի հավանել էր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վնաս չունի, թեև սիրահարված ես, բայց և այնպես լոգիկայով ես խոսում։ Բայց ինձ ասա տեսնեմ ի՞նչպիսի աղջիկ է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Շատ խելոք աղջիկ է։ Ինձնից էլ խելոք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասենք քեզնից խելոք լինելը մի մեծ առավելություն չէ մինչև անգամ մի աղջկա համար...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քեզնից էլ խելոք կլինի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ծիծաղում է): Ա՛յ, այդ ուրիշ բան է...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շարունակելով ծիծաղը): Հիմար, ինչո՞ւ ես երդվում, կարծում ես չեմ հավատո՞ւմ... (Լուրջ): Հետո... ինչ էի ուզում հարցնել... Հա՛, սիրո՞ւն է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հիասքանչումով): Օ՜, չափազա՜նց, չափազա՜նց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կարո՞ղ ես նկարագրել նրա արտաքինը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կարող եմ, բայց չեմ նկարագրի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որովհետև... Դու կարդացե՞լ ես երևելի հումորիստ Սուրենի ինքնակենսագրությունը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Չէ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նա սիրահարված է լինում մի աղջկա վրա և ուզում է այդ աղջկա նկարագիրը տալ ընթերցողին, բայց դրա փոխարեն տալիս է յուր գրքի մեջ մի դատարկ երես՝ ներքևը գրած այսպիսի ծանոթությամբ. «Թող.— ասում է,— այս դատարկ երեսի վրա ամեն մի ընթերցող յուր առաջին սիրո առարկայի արտաքին տեսքը նկարագրի։ Ես վախենում եմ,— ասում է,— որ ընթերցողներս չհավանեն իմ նկարագիրը։ Եթե ասեմ, որ իմ սիրած աղջիկը շիկահեր էր, սևահեր կին սիրողը կասի՝ «Լա՛վ, ի՛նչ մի գեղեցիկ բան է շեկ մազերը»։ Եթե ասեմ, որ նրա մազերը սև էին սաթի պես, քիթները վեր կքաշեին ոսկեգույն մազեր սիրողները։ Դրեք այստեղ,— ասում է,— ձեր սիրած աղջկա նկարագիրը։ Այդպես էր և իմ սիրած աղջիկը։ Ուրեմն,— ասում է,— կարող եք երևակայել, թե որքան սիրուն էր նա»։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բռա՜վո, այդ լավ բաներ ես իմացել։ Բայց ի՞նչպես պատահեց այդ բանը։ Դու ինձ ոչինչ չես ասել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչը ինչպես պատահեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ։— Այսինքն՝ ի՞նչպես եղավ, որ նշանվեցիր։ Պատմիր մանրամասնորեն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մանրամասնություններ կա՞ն, որ պատմեմ։ Պատահեց հանկարծ, ինքս էլ չիմացա ինչպես։ Ա՜յ, ինչպես պատահեց։ Անցյալ շաբաթ փողոցում հանդիպեց հանգուցյալ հորս հին բարեկամներից մեկը, որ մի ժամանակ գավառական պրիստավ էր և այժմ ծառայում է այստեղ, չգիտեմ որտեղ։ Դու չես ճանաչիլ։ Սովորական հարց ու փորձից հետո հարցրեց ամուսնացա՞ծ եմ։ Ասացի՝ չէ։ Ասաց՝ կուզե՞ս քեզ համար մի լավ աղջիկ ճարեմ։ Ասացի՝ ինչո՞ւ չեմ ուզիլ։ Կատակով, գիտե՞ս։ Ասաց՝ լավ։ Ու գնաց։ Հետո, երեկ դարձյալ հանդիպեց։ Ասաց՝ դե՛հ, պատրաստվիր, որ էգուց երեկոյան պետք է գամ քեզ տանեմ նշան տալու, մի լավ աղջիկ եմ ճարել՝ ասաց։ Ասացի՝ լավ։ Էլի կատակով, գիտես, որովհետև նրա ասածները ես կատակի տեղ էի ընդունում։ Բայց կարող ես երևակայել զարմանքս, որ երեկոյան ճիշտ որ եկավ ինձ մոտ ու ասաց՝ դեհ, վերկաց գնանք։— Ո՞ւր,— ասում եմ։ «Նշան տալու» ասում է։ Թողեք ի սեր աստծո,— ասում եմ — ես ամուսնանալու միտք չունեմ։ Չէ՛ որ չէ, կպավ ու պոկ չեկավ։ Այստեղ միայն հայտնեց, որ յուր աղջիկն է ուզում ինձ տալ։ Խո գիտես, որ ես թեև հիմար եմ, բայց շատ չեմ հիմար։ Մտածեցի՝ տո՛, չլինի՝ թե սա փտած աղջիկ ունի և ուզում է սաղացնի ինձ վրա։— Լավ,— ասացի,— ես այստեղ մի բարեկամ ունեմ,— քեզ համար էի ասում,— թողեք նրան էլ հետս վերցնեմ։ «Ուզում ես տասը բարեկամ բեր» ասաց։ Բայց հետո ես ինքս հրաժարվեցի այդ մտքից, որովհետև մտածում էի, թե բանն անհաջող գնար, էլ ո՞վ կպրծներ քո ծաղր ու ծանակից։ Այդ պատճառով քեզ իմաց չտվի ու մենակ գնացի։ Ճանապարհին ամենայն դեպս երկու մատանի առա ու գնացինք։ Ոչ ոք չկար. ես էի, աղջիկը և հայրն ու մայրը։ Ասենք հայրն ու մայրը նրա ծնողները չեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես թե նրա ծնողները չեն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նրա ծնողները չեն, էլի՛։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ուրեմն աղջիկը նրանց որդեգրուհի՞ն է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ, օրինավոր զավակն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ես ասում, տո՛, խելքդ գլխիդ է՞։ Ի՞նչպես թե հայր ու մայրը աղջկա ծնողները չեն և, միևնույն ժամանակ, աղջիկը նրանց օրինավոր զավակն է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ա՛յ, ինչպես։ Սառան աներոջս խորթ զավակն է։ Այսինքն՝ աներս յուր այժմյան կնոջից առաջ ունեցել է մի կին, և Սառան այդ կնոջից է, բայց ուրիշ ամուսնուց, որի մահից հետո նա, այսինքն՝ Սառայի իսկական մայրը, ամուսնացել է աներոջս հետ, իսկ հետո ինքն էլ, այսինքն Սառայի իսկական մայրը, վախճանվել է, և նրա խորթ հայրը, այսինքն՝ աներս, ամուսնացել է յուր այժմյան կնոջ հետ։ Հասկացա՞ր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու մի բարդ խնդիր դրիր առաջս, որից գլուխս կկտրեմ, թե մարդ առանց թուղթ ու մատիտի բան կարողանա հասկանալ։ Ինչևիցե։ Հետո՞։

ՍԻՍԱԿՅԱն.— Հետո նշան տվի, է՛լի։ Հետո նստեցինք ընթրելու: Կերանք, խմեցինք։ Քո կենացն էլ անուշ արինք իբրև խաչեղբոր, որովհետև այնտեղ վճռեցի, որ խաչեղբայրս դու պետք է լինես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Շատ շնորհակալ եմ այդ պատվի համար։ Բայց դու պատմիր՝ ի՞նչպես ծանոթացար աղջկա հետ։ Ի՞նչ խոսեցիք։ Ի՞նչպես հանկարծ սիրահարվեցիր նրա վրա, վերջապես ի՞նչպես հայտնեցիր սերդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես նրան սեր չեմ հայտնել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հապա՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հապա չկա։ Ուղղակի՝ ասացի՝ «Օրիորդ, ես ձեզ հավանում եմ. եթե դուք էլ ինձ եք հավանում, ապա ընդունեցեք այս մատանին»։ Նա էլ ընդունեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ընդունելիս ի՞նչ ասաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչինչ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Անխո՞ս ընդունեց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Անխոս։ Միայն շատ պինդ-պինդ նայում էր աչքերիս։ Առհասարակ նա ինձ հետ ամենևին չի խոսել, միայն շարունակ պինդ-պինդ նայում էր աչքերիս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այ տնաքանդ, որ հետդ ամենևին չէ խոսել, էլ ո՞րտեղից գիտես, թե խելոք աղջիկ է, այն էլ քեզնից ու ինձնից էլ խելոք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հայացքից, հետո հոնքերից գիտեմ։ Գիտե՞ս, նա մի տեսակ հոնքեր ունի. այնքան մոտիկ են իրար, որ կարծես միացած են իրար հետ։ Հետո մատներից տեսա, որ խելոք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՜նչ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մատներից։ Մատները բարակ և շատ երկար են։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ քո կարծիքով, բարակ ու երկար մատները խելքի նշա՞ն են։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ առհասարակ ինչպես է լինում, բայց նրա վերաբերմամբ այդ եզրակացությանն եկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Շատ բարի։ Շարունակիր տեսնենք հիմարաբանություններիդ թելը որտեղ է կտրվում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հետո, երբ մենք սեղան նստեցինք, նա գնաց քնելու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞վ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Սառան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ես ասում, տո՛։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ դու այդ շատ սովորական բա՞ն համարեցիր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչ է որ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Նա գնաց քնելու, և դու այդ բանում ոչ մի ցույց չնկատեցի՞ր քո դեմ։

ՍԻՍԱԿՅԱՆ.- Ցո՞ւյց։ Ի՞նչ ցույց։ Երևի քունը տանում էր, որ գնաց քնելու։ Կամ, գուցե, քնելու չգնաց։ Չգիտեմ։ Միայն այլևս չերևաց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Թոթվում է ուսերը տարակուսանքով): Ա՛յ, տարօրինակ մարդ... Այնպես հանգիստ պատմում է, որ կարծես թե այդ այդպես էլ պետք է լիներ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ճիշտ է, ինձ էլ մի քիչ տարօրինակ թվաց այդ բանը, բայց հայրն ասաց, որ նա այդպիսի տարօրինակություններ շատ ունի և չպետք է ուշադրություն դարձնել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ դու էլ ուշադրություն չես դարձրել, իհարկե։ Թեև ասում ես, թե շատ չես հիմար։ Գարեգին, բայց շատ ես հիմար, է՜, շա՜տ։ Որբ ու անտեր մեծացել ես, բան չես տեսել, կանանցից հեռու ես պահել քեզ և հիմա խելքահան ես եղել առաջին պատահած աղջկա վրա, չնայելով որ հետդ ոչ խոսել է և ոչ էլ մոտդ նստել, որ նայես տեսնես, թե ինչ բան է։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ, սխալվում ես, Միքայել. աստված է վկա, սխալվում ես։ Նա առաջին պատահած աղջիկներից չէ։ Ճշմարիտ է, հետս ոչ խոսել է և ոչ էլ մոտս կարգին նստել, բայց... ուրիշ տեսակ աղջիկ է, շատ ուրիշ տեսակ... ես զգում եմ, որ ուղղակի կպաշտեմ նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Վեր է կենում): Լավ, վեր կաց գնա, ուշ է, ես պետք է պարապեմ։ Քեզ որ թողնենք, ո՞վ գիտե՝ ուրիշ ինչ հիմարություններ դուրս տաս։ (Սիսակյանը վեր է կենում և վերցնում գլխարկը): Սպասիր։ Տար ծանոթացրու ինձ հարսնացուիդ հետ։ Գուցե գնացել ոտով-գլխով ծուղակն ես ընկել։ Մեկ ես էլ տեսնեմ ով է, ինչ է։ Ամուսնությունը խո հեշտ բան չէ՞։ Կտանե՞ս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչո՞ւ չեմ տանիլ։ Ես իսկապես դրա համար էլ եկա քեզ մոտ։ Ուզում էի խնդրեմ, որ վաղը միասին գնանք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վաղն ի՞նչ է, շաբա՞թ։ Լավ վաղն երեկոյան, ժամը ութին, սպասիր ինձ, կգամ, միասին կգնանք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Շատ բարի, կսպասեմ։ (Դուրս է գնում. Մարգարյանը ճանապարհ է դնում նրան):
ՏԵՍԻԼ III

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Վերադառնալիս հանկարծ նկատում է անկյունում Թուսյանի գլխարկը, վերարկուն և ճամպրուկը)։ Այս ի՞նչ է։ (Վերցնում է գլխարկն ու վերարկուն և նայում, հետո դիտում ճամպրուկը, ավելի ու ավելի զարմանալով)։ Ո՞ւմն է: (Գլխարկն ու վերարկուն ձգում է ճամպրուկի վրա ու շտապով դուրս գնում: Կարճ ժամանակից հետո վերադառնում է Թաթոսի հետ, որին վեր է կացրել քնից): Բավական է, որ գլուխդ դրիր՝ ու պրծավ։ Շորերդ էլ չես հանում երեխի պես։ (Ցույց տալով Թուսյանի իրեղենները): Այս ո՞ւմն է։

ԹԱԹՈՍ.— Ղոնաղինը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ղոնաղ։

ԹԱԹՈՍ.— (Գլխով ցույց տալով ննջարանի դուռը): Հրեն ընտեղ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞րտեղ, քնա՞ծ ես։

ԹԱԹՈՍ.— Ընտեղ ա, է՛լի, ղոնաղը։ Բա տեհել չե՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ է ասում։ (Հետաքրքրված վերցնում է լամպը մտնում է ննջարան և կարճ ժամանակից հետո վերադառնում է զարմացած): Ո՞վ է։ Ի՞նչ մարդ է։ (Լամպը դնում է տեղը):

ԹԱԹՈՍ.— Դե որ քու ղոնաղին դու ճանաչում չես, ես որդիան իմանամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դեմքը ծանոթս գալիս է, բայց միտս չի գալիս ով է։ Անունը չհայտնե՞ց։

ԹԱԹՈՍ.— Չէ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ե՞րբ եկավ։

ԹԱԹՈՍ.— Ես հլա զարթուն էի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ասաց, որ եկավ։

ԹԱԹՈՍ.— Ի՞նչ պիտի ասի, քեզ էր հարցնում։ Ասեց ղոնաղ եմ եկել։ Մտավ նստեց ըստեղ, մի հատ լափչին հանիլ տվեց, մազոլ ունեմ՝ ասում ա։ Եննա ուտելու զատ ուզեց, չայ ուզեց, ասի կողպած ա։ Եննա ասեց քունս տանում ա. ասի՝ որ ըտենց ա, քնի։ Նա էլ գնաց քնեց։ Ասեց՝ աղեդ որ գա, վերկացրու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դե գնա վերկացրու։ Զարմանալի բան. ո՞վ կարող է լինել...

ԹԱԹՈՍԸ մտնում է ննջարան: Կարճ ժամանակից հետո այնտեղից քնաթաթախ և շտապով դուրս է գալիս Թուսյանը՝ մի հատ կոշիկը հանած: Թաթոսը դուրս է գալիս նրա ետևից։


ՏԵՍԻԼ IV

ԹՈՒՍՅԱՆ.— Ա՜, դու արդեն եկե՞լ ես։ (Գրկում է Մարգարյանին և համբուրում նրա շրթունքները): Ներողություն, պառկել էի մահճակալիդ վրա, որ մի քիչ հանգստանամ։ Վլադիկավկազից սկսած՝ բեռնակիր ֆուրգոնով եմ եկել. կողքերս ջարդ ու փշուր արեց անիծածը։ Ո՞նց ես, լա՞վ ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Կանգնած է մասամբ զարմացած, մասամբ շփոթված): Ներողություն... ձեր դեմքը ծանոթս գալիս է, բայց չեմ կարողանում հիշել...

ԹՈՒՍՅԱՆ.— Մի՞թե։ (Ծիծաղում է) Թուսյանը չե՞մ... Ռուբեն Թուսյանը... Միասին չէինք սովորո՞ւմ դպրոցում... Անունս էլ որ դրել էիք «սատանի ճուտ»...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծ հիշելով, ձեռքը խփելով ճակատին): Ա՜խ ճիշտ որ... Ռուբեն Թուսյան...

ԹՈՒՍՅԱՆ.— Դե որ հիշեցիր, մեկ էլ պռոշտի անենք։ (Ծիծաղելով համբուրվում են):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց դու այնքան փոխվել ես...

ԹՈՒՍՅԱՆ.— Տնաշեն, բաս այս երկար ու ձիգ տարիների ընթացքում մարդ չի փոխվի՞լ..., մանավանդ արևելցին, որ այսօր տեսնում ես մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է։ Թաթոս ջան, քե մատաղ, տես ոտնամանս ընտեղ կլի, բի հագնեմ։ (Նստում է բազկաթոոի վրա: Թաթոսը գնում է կոշիկը բերելու): Մի անտեր մազոլ ունեմ... ա՛յ, հենց այստեղ (ցույց է տալիս ոտքի ճկույթը), հոգիս բուկս բերեց։ Կտրում եմ, էլի դուրս է գալիս։

Թաթոսը բերում է կոշիկը, տալիս է Թուսյանին և դուրս է գնում ձախ դռնից:


ՏԵՍԻԼ V

ԹՈՒՍՅԱՆ.— Մեր տղա, ոնց որ տեսնում եմ վատ չես ապրում, ա՛յ։ (Սկսում է կոշիկը հագնել): Ու դեռ ասում ես, թե գրող ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հա, գրելով չէ, որ ապրում եմ...

ԹՈՒՍՅԱՆ.— (Չարչարվելով կոշիկի վրա, որը դժվարությամբ է մտնում): Բա՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ծառայում եմ։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՜։ Ես էլ ասում եմ ախր... Ա՛յ, անտեր մնաս, թե մտնես, հը՛։ Էս զահրումար մազոլն էլ հոգիս հանեց։ (Վերջապես հագնում է կոշիկը և վերկենում): Ինչ եմ ասում, Մարգարյան։ Ուզես չուզես՝ քո հյուրն եմ։ Շատ չէ, մի քանի օր, մինչև տանից պատասխան գա։ Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես՝ մի սև գրոշ չի ընկնիլ գրպանիցս։ Ինչպես ուզում ես՝ հաշվիր։ Պետերբուրգից մինչև այստեղ երեք տեղ պարտ եմ վերցրել. ոսկե ժամացույցս էլ գրավ եմ դրել։ Գնում եմ տուն։ Հայրս մեռնում է. գրել էր, որ հոգուն վրա հասնեմ ու փող չէր ղըրկել։ Թե որ Սարումյանը չպատահեր, ստիպված պիտի լինեի ուղղակի փողոցում գիշերելու։ Նա ասաց, որ ինքը տնփեսա է, հարմարություն չունի ինձ յուր մոտ տանելու, մի խոսքով՝ գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ։ Տեսնում ես, ես մեղավոր չեմ. թե նեղանալու ես, նրանից նեղացիր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ պիտի նեղանամ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Ծիծաղելով): Ես ի՞նչ գիտեմ։ Ես մի քիչ աներես մարդ եմ։ Սկզբում մտադիր էի իջնել ոմն... (Ծոցից հանում է մի նամակ և նայում հասցեին) ոմն Հակոբ Բաղիրյանի մոտ... Ո՞վ է այս պարոնը, ճանաչո՞ւմ ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հակոբ Բաղիրյա՞ն... Չեմ ճանաչում։

ԹՈՒՍՅԱՆ.— Սկզբում ուզում էի սրա մոտ իջնել, գնացի ման եկա, ման եկա, չգտա։ Էգուց, երևի, հարկ կլինի էլի թրև գալու սրա ետևից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այդ ի՞նչ նամակ է։

ԹՈՒՍՅԱՆ.— (Նամակը ծոցը դնելով): Պետերբուրգումն են տվել։ Գրողն ինձ պես մի շուն-շանորդի է։ Հորից փող էր գողացել, մի քանի հազար, և փախել մի կնոջ հետ։ Հիմա փողը հատել է, դիմում է այս Բաղիրյանին,— սրա քրոջ որդին է, ինչ է, չգիտեմ,— որ հոր սիրտը փափկացնի։ Ինձ էլ փող է պարտ հարամզադեն... Բայց ինչ եմ ասում, Մարգարյան, ես քաղցած եմ ախր։ Թաթոսն ասաց, որ ամեն բան կողպած ես պահում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո, որովհետև բաց որ թողնում եմ՝ մաքրազարդում է։

ԹՈՒՍՅԱՆ.— Դե, հիմա բեր ես մաքրազարդեմ։ Գիտե՞ս, մի առանձին բան հարկավոր չէ, մի քիչ հաց ու պանիր, մի քիչ ձկից-մկից, մի քիչ խոզի միս, թե որ ունես։ Մի քիչ էլ որ գինի — արաղ լինի, վնաս չի տալ, ծարավել եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Գնում է ծառային պատվեր տալու և կարճ ժամանակից վերադառնում է): Պետերբուրգում ի՞նչ էիր շինում։ Նստիր։

ԹՈՒՍՅԱՆ.— (Նստելով): Ուսանում էի համալսարանում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ավարտեցի՞ր։ (Վառում է կլոր սեղանի լամպը և ինքն էլ նստում):

ԹՈՒՍՅԱՆ.- Չէ՛, հա՛։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Բա՞ս։

ԹՈՒՍՅԱՆ.— Վռնդեցին։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ԹՈԻՍՅԱՆ.— Ավելի լավ է՝ չհարցնես... Այս էլ ասեմ, որ բան չէի սովորում։ Դու ինձ ասա՝ կանանց ու կարտի ետևից ընկնողը գիտության գլուխ կունենա՞։ Պրոֆեսորներիցս մեկն ինձ ասաց, որ ես կամ մեծ մարդ կդառնամ, կամ ամենամեծ պադլեցը։ Հավանականը երկրորդն է, իհարկե... Չե՞ս ծխում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Չէ:

ԹՈՒՍՅԱՆ.— Բա ոնց անենք, որ պապիրոս չունեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բերել կտամ։ Լավ, հիմա ի՞նչ երեսով պետք է տուն գնաս։

ԹՈՒՍՅԱՆ.— Դե մի շան կաշի կառնեմ, կկպցնեմ երեսիս թե որ պակաս է։ (Ծիծաղում է): Ասենք, մերոնք կարծում են, թե դեռ սովորում եմ։ Բայց հայրս՝ չէ։ Նա շուն է։ Բանից տեսնում եմ, որ նա արդեն կասկածում է և մեռնելու պատրաստություն տեսնելն էլ մի մանյովր է նրա կողմից, որ ինձ հալա մեկ տուն քարշ տա։ Դրա համար վերջին ժամանակներս շատ դժվարությամբ էր փող ղրկում, իսկ վերջին նամակի հետ խո, ինչպես ասացի, մի կոպեկ չէր ղրկել։ Բայց մեկ էլ ասում եմ՝ գուցե իսկապես մեռնում է, գնամ։ Բան-ման ունի, կարող է շներոց-գելերոց լինել։ (Կանչում է): Ադա, Թաթո՛ս, դե բի, է՜, ես մեռա ախր։

Թաթոսը մտնում է մատուցարանով, որի վրա կա սառը մսեղեն, ձկնեղեն, պանիր, հաց, աղ, մի շիշ գինի, մի շիշ օղի: Բաժակներ, դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ:


ՏԵՍԻԼ VI

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Լամպը և ալբոմը ետ է քաշում): Դիր այստեղ և գնա պապիրոս բեր։ (Թուսյանին): Ի՞նչ պապիրոս ես ծխում։

ԹՈՒՍՅԱՆ.— Ողջ մեկ է։ Թաթոս ջան, կասես՝ Կուշնարյով, 25 կոպեկանոց.

Մարգարյանը փող է տալիս Թաթոսին: Թաթոսը դուրս է գնում:


ՏԵՍԻԼ VII

ԹՈՒՍՅԱՆ.— (Օղի է ածում): Քո կենացը։ (Խմում է և սկսում ագահաբար ուտել): Դու չե՞ս ուտում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես առհասարակ չեմ ընթրում։ Դու կեր, ինձ մի նայիր։

ԹՈՒՍՅԱՆ.— Դե, արաղից, գինուց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես ճաշին եմ միայն խմում։

ԹՈՒՍՅԱՆ.— Մի բաժակ արաղն ի՞նչ է որ... (Օղի է ածում և առաջարկում Մարգարյանին): Առ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դե, որ ուզենամ, կխմեմ, էլի՛։

ԹՈՒՍՅԱՆ.— Դու գիտես։ Այս էլ իմ կենացը։ (Խմում է և շարունակում ուտել: Միջոց)։ Կուզե՞ս ասեմ՝ այս րոպեիս ինչ ես մտածում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ։

ԹՈՒՍՅԱՆ.— Մտածում ես. «էս հարամզադեն համ իմ հյուրն է, համ էլ ինքն է թավազա անում»։ Չէ՞։ (Մարգարյանը ծիծաղում է): Տեսա՞ր, որ չսխալվեցի։ Ինչ ուզում ես՝ ասա. անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։ Այդպիսի սովորությունների կարգը պետք է դասել, անշուշտ, և մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու կեղծավոր ցերեմոնիաները։ Մի կողմից՝ չեմ ուզում, ջեբս դիր, մյուս կողմից՝ անուշ արա, քթովդ դուրս գա։ Մի բան, որով ես պարծենում եմ, այդ ա՛յն է, որ ոչ մի բանից չեմ քաշվում։ Ամոթ ասված բանն առհասարակ ինձ համար գոյություն չունի։ Գրազի համար շորերս կհանեմ և ցափ-տկլոր դուրս կգամ փողոց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իբր թե՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Աստված է վկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Մի ընկեր ունեմ,— մի քիչ առաջ նա այստեղ էր,— երբ որ մի շատ հիմար բան է ասում և տեսնում է, որ չեմ հավատում, իսկույն աստծուն վկա է կանչում։ Բայց նա հավատում է աստծուն, իսկք դո՞ւ։

ԹՈՒՍՅԱՆ.— Ի՞նչ, չլինի՞ կարծում ես աթեիստ եմ։ Չէ՛․ ես այդպիսի դատարկ բաների վրա ուղեղս չեմ հոգնեցնում։ Ասում են աստված կա, ուրեմն կա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց ասում են, որ չկա։

ԹՈՒՍՅԱՆ.— Ուրեմն չկա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց այս րոպեին աստծուն վկա բերիր և ասացի՛ր, որ աթեիստ չես։

ԹՈՒՍՅԱՆ.— Ուրեմն՝ կա։ Բայց թողնենք այս. սա սոփեստություն է։ Փիլիսոփաների մեջ, իմ կարծիքով, ամենից խելոքը Էպիկուրն էր. խլիր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Մտածողությունն առհասարակ,— այդ հաստատված է բժշկական գիտությամբ,— վնաս է ստամոքսին, լավ ստամոքսը, ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այդ պատճառով նույն բժշկական գիտությունն ասում է, որ ուտելիս շատ չպետք է խոսել, որովհետև խոսելու համար պետք է մտածել, իսկ մտածողությունը, ինչպես ինքդ ասացիր, վնաս է ստամոքսին։ (Ծիծաղում է):

ԹՈՒՍՅԱՆ.— Թե որ ինձ համար ես ասում, ես քնած ժամանակն էլ եմ խոսում, անհոգ կաց։ Մյուս կողմից, բանի նման չէ, որ ես սուս ու փուս ուտեմ, և դու միմիայն թամաշա անես։ (Գինի է ածում): Խմենք այս նրանց կենացը, որոնք այնքան խելոք են, որ աստծու գոյության խնդրով չեն զբաղվում։ (Խմում է): Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան։ Ես, թեև ատելով ատում եմ փիլիսոփայությունն ու առհասարակ իբրև «плленной мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած՝ էպիկուրյան կարգի փիլիսոփաներից։ Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար։ Մի ընկեր ունեմ ուսանողներից, գրպանում որ մի մանեթ ունենա, մի կոպեկ չի ծախսիլ. ասում է՝ վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում է, որ այսօր քաղցած է մնում։ Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը։ Ապագա չկա, որովհետև անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար, հիմարություն է։ Բացի դրանից դա անվստահության, վախկոտության նշան էլ է. մի գուցե, եթե այսօր այսպես անեմ, վաղն այնպես լինի, ու այսօր չեն անում ա՛յն, ինչ որ իրենց սիրտը ցանկանում է։ (Գինի է խմում):. Ի՞նչ է կյանքը։ Կամ, ավելի ճիշտ ի՞նչ պետք է լինի կյանքը.— րոպեական հաճույք է։ Է՛հ, երբ որ սրտիդ այս րոպեի թելադրածը չես անում ինչ-որ վաղվան հաշիվներով, էլ ինչո՞ւ ես ապրում։ Այդպիսով, իբր թե խոհեմությամբ,— ա՛յ, մի ուրիշ բառ, որ նույնպես չեմ հասկանում,— իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ չես անիլ այն, որ ցանկանում ես անել, միշտ կզսպես քեզ, իսկ հետո, մեկ էլ տեսար մեռել ես։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն ա՛յն ամենը, ինչ որ իրեն հաճելի է։ Այսօր թե վաղը պետք է մեռնեմ, չէ՞, է՛հ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ ուզում եմ և ինչ որ կարող եմ անել այս րոպեին։ Ես դեռ կանեմ, հետո հե՛րն անիծեմ, ինչ ուզում է՝ պատահի։ Կրկնում եմ՝ փիլիսոփաների մեջ ամենից խելոքը Էպիկուրն էր. խլիր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճելի է քեզ և ինչ որ կարող ես, և ո՛չ մի բանի մասին մի մտածիր։ (Գինի է ածում): Այս էլ աստված լուսավորի նրա հոգին։ (Խմում է):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բայց դու սխալվում ես։ Էպիկուրն այդպիսի բան չի ասել, դու միայն կրկնում ես ստոիկների զրպարտությունը նրա դեմ։

ԹՈՒՍՅԱՆ.— Ի՞նչպես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ամենից աոաջ պետք է նկատեմ, որ քո հավանած այդ փիլիսոփան գործ էր ածում ամենահասարակ կերակուր, այն էլ չափավոր կերպով, և խմում էր միայն ջուր, իսկ դու այնքան ուտում ես ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս։ Այդ մարմնականը, իսկ...

ԹՈՒՍՅԱՆ.— (Ծիծաղում է): Հոգուդ մատաղ, սպասիր, էքստրա քո կենացը խմեմ հաջող նկատողությանդ համար։ (Գինի է խմում): Այդ մարմնականը։ Հետո՞...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շարունակելով): Այդ մարմնականը։ Իսկ հոգեկան-բարոյականը... ճիշտ է, Էպիկուրը պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք վայելելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հետևանքը, որովհետև կան հաճույքներ, որոնց հետևանքը միշտ դառն է լինում։ Պահեցողություն և ինքնազսպվածություն — ահա իսկապես Էպիկուրի վարդապետությունը, և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում։

ԹՈՒՍՅԱՆ.— Հերն անիծեմ, չեմ վիճում։ Բայց այդ ավելի վատ նրա անվան համար, եթե նա այդպես չէ քարոզել, ինչպես ես եմ հասկացել։ Ուրեմն՝ Էպիկուրից ավելի խելոքը նրա՛նք են, որոնք նրա վարդապետությանն իմ հասկացած բացատրությունն են տվել։

Թաթոսը բերում է ծխախոտը և դնում Թուսյանի առաջ:


ՏԵՍԻԼ VIII

ԹՈՒՍՅԱՆ.— Ա՛յ ղոչաղ Թաթոս, ա՛յ, լավ Թաթոս։ (Գինի է ածում): Քո կենացը, Թաթոս։ (Խմում է):

ԹԱԹՈՍ.— Սաղ ըլես, աղա։ (Ուզում է գնալ):

ԹՈՒՍՅԱՆ.— Յավաշ, ո՞ւր ես գնում։ (Գինի է ածում): Բա որ մարդու կենացը խմեն, շնորհակալություն չեն հայտնի՞։ (Բաժակն առաջարկում է նրան): Առ։ (Թաթոսն անհամարձակորեն նայում է Մարգարյանին): Առ, է՜, ձեռս բեզարեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Թաթոսին): Առ խմիր։

ԹԱԹՈՍ.— (Առնում է բաժակը): Շնորհակալ եմ, աղա։ Աստված երգար կյանք տա քեզ։ (Խմում է):

ԹՈՒՍՅԱՆ.— (Բաժակն առնելով նրա ձեռքից): Անուշ։

ԹԱԹՈՍ.— Անուշ կենաս, աղա ջան։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՛, հմի ջան դառա, հա՛։ Բա էն վախտը մի պատառ հաց ու պանիր չտվիր, որ ուտեմ։ (Թաթոսը ծիծաղում է։ Մարգարյանը նշանացի սաստում է նրան և հրամայում, որ դուրս գնա): Յավաշ, ո՞ւր ես գնում։ Արի հավաքի ըստոնք։ Ինձ որ մտիկ տաս, ես լիս է լիս կնստեմ, ըսկի չեմ էլ ասի շնորհակալ եմ։ (Մի ծխախոտ է վառում լամպի վրա): Տեսնում ես, աղեդ էլ նոթերը կիտել ա։(Ծիծաղում է և սկսում ծխելով ման գալ):

Թաթոսը վերցնում է մատուցարանը և դուրս տանում: Մարգարյանը վեր է կենում և գնում նստում գրասեղանի մոտ:


ՏԵՍԻԼ IX

ԹՈՒՍՅԱՆ.— Մարգարյան, ամուսնացած չե՞ս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Չէ։

ԹՈՒՍՅԱՆ.— Դե որ այդպես է, ինչո՞ւ չես այս ախմախի տեղ (Թաթոսի հասցեին) մի քոծ պահում... (Մարգարյանը լռում է ակներև դժգոհությամբ: Միջոց): Դե, դու հիմա նստեցիր պարապելու, իսկ ինձ ո՞րտեղ կհրամայես շնթռկեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այ, ուզում ես՝ այդտեղ քնիր (ցույց է տալիս գահավորակը), ուզում ես՝ այնտեղ (ցույց և տալիս ննջարանի դուռը), մահճակալիս վրա։

ԹՈՒՍՅԱՆ.— Չէ, ախպեր, քո մահճակալը թող քեզ մնա, ես վեր կընկնեմ այստեղ։ Այսքան ուտել — խմելուց հետո գուցե մի քիչ խռմփացնեմ, բայց վնաս չունի, մուզիկով պարապելը քեզ համար, կարծեմ, ավելի հաճելի կլինի։ (Ծիծաղում է):

Մարգարյանը վեր է կենում և գնում ննջարան, որտեղից դուրս է բերում մի բարձ, վերմակ ու սավան և ուզում է անկողին պատրաստել գահավորակի վրա:

ԹՈՒՍՅԱՆ.— Դե հիմա թող, տեղաշորս ես կպատրաստեմ։ Հալա օգնիր այս սեղանն այն կողմը քաշենք։ (Սեղանը հեռացնում է գահավորակից): Բայց ինչ եմ ասում, Մարգարյան, էգուց ինձ փող պետք է տաս, ուզում եմ մի հեռագիր տամ տուն։ Հետո բոլոր շապիկներս կեղտաշոր են դարձել.— տե՛ս (ցույց է տալիս օձիքը),— պետք է նորն առնել։ Խայտառակություն է այսպես դուրս գնալը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հապա ասում էիր, թե տկլոր էլ դուրս կգնա՞ս։

ԹՈՒՍՅԱՆ.— (Ծիծաղում է)։ Դե, ասում էի, է՛լի... (Սկսում է անկողինը պատրաստել):

(Վարագույրն իջնում է)
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Հյուրասենյակ Բաղիրյանի տանը հնամաշ կահավորանքով։ Դիմացը դուռ և երկու լուսամուտ, որոնք նայում են դեպի պատշգամբը։ Աջ կողմը մի դուռ, որ տանում է դեպ հարևան սենյակը։ Ձախ կողմը բազմոց ձեռակար բարձիկներով, երկու բազկաթոռ, կլոր սեղան, սեղանի վրա լամպ և կազմած մի գիրք։ Բազմոցի գլխին հայելի։ Հայելիներ նաև երկու հանդիպակաց պատերին սեղանակերպ պատվանդաններով, որոնց վրա դրված են երկ-երկու բրոնզյա շամադաններ։ Ուր հարկն է՝ աթոռներ։ Հատակին հնամաշ գորգ։ Երեկո։ Սեղանի լամպը վառված է։ Դիմացի դռնից մտնամ են Սիսակյանը և Մարգարյանը։ Սիսակյանի ձեռքին կա թղթի մեջ փաթաթված բոնբոնիեր։


ՏԵՍԻԼ I

ՍԻՍԱԿՅԱՆ.— Վերարկուդ հանիր և դիր այստեղ։ (Վերարկուները հանում են և գլխարկների հետ միասին դնում աթոռների վրա): Եկ նստիր այստեղ։ (Նստում են բազկաթոռների վրա):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լավ փեսացու և խաչեղբայր ենք եղել, ընդունում են անկոչ հյուրերի պես։ (Ծիծաղում է կամաց): Երևի չես հայտնել, որ պիտի գանք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչպես չէ։ Առավոտյան այստեղ էի, ասացի, որ գալու ենք։ Այս վառած լամպը ցույց է տալիս, որ ձեզ սպասում են եղել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա իմացա՞ն, որ եկել ենք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կենողի երեխան գնաց իմաց տալու։ (Որոնում է գրպանները): Ապարանջանն ի՞նչ արի... Հա՛։ (Վեր է կենում, վերարկուի գրպանից հանում թղթի մեջ փաթաթած ապարանջանի տուփը, դնում անդրավարտիքի գրպանը և նորից նստում):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Որ վերցրել է գիրքը և թերթում է): Այս նա՞ է կարդում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այդ ի՞նչ գիրք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ժյուլ Սիմոն «Работница в Европе»:

ՍԻՍԱԿՅԱՆ.— Երևի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ես կարծում, այս գիրքը մոռացմամբ է մնացել, թե դիտմամբ է դրել այստեղ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչո՞ւ պետք է դիտմամբ դներ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Որպեսզի ցույց տա, թե՝ տեսե՛ք ինչպիսի գրքեր եմ կարդում, ռոմաններ չեմ կարդում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Գիրքը դնում է տեղը): Ես մի բան մոռացա քեզ հարցնեմ. քանի՞ տարեկան կլինի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մեծ է, կարծեմ, բավական մեծ է երևում արտաքինով։ Եթե քսանհինգ չլինի, քսաներկու տարեկան անպատճառ կլինի։ Պինդ-պինդ որ նայում է, ավելի մեծ է երևում։ Բայց գիտե՞ս, նա որ այդպես պինդ-պինդ նայում է ինձ, ես չեմ նայում նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չեմ կարողանում։ Նրա նայվածքի մեջ մի բան կա, որ ակամա ճնշում է։ Ես առհասարակ նրան նայում եմ այն ժամանակ, երբ նա ինձ չի նայում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լսիր, Գարեգին։ Եկ ուղղակի խոստովանիր, որ թեև նշանվել ես և երեկ գիշեր էլ մեծ հիացմունքով էիր խոսում նրա մասին, բայց վախենում ես նրանից։ Չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շփոթվելով): Ի՞նչպես թե վախենում...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վախենում, էլի՛, ուղղակի վախենում։ Եվ այդ է պատճառը, որ նրա պինդ-պինդ նայելիս չես կարողանում նայել նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛, մի տեսակ ճնշվում եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ դարձյալ դրա համար է, որ նա ավելի մեծ է երևում քեզ, մանավանդ պինդ-պինդ նայելիս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ այդ ժամանակ դու էլ փոքր ես երևում քո աչքին։ Այդպես չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ճիշտ է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ուրեմն դու զգում ես, որ նա բարոյապես մեծ է, այսինքն բարձր է քեզնից։ Չէ՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչպես թե բարոյապես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այսինքն յուր ներքին ուժով — կամքով, բնավորությամբ, խելքով։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Երեկ խո ինքս ասացի քեզ, որ նա շատ խելոք աղջիկ է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այսինքն զգում ես, որ խելոք աղջիկ է, որովհետև չէ՞ որ նրա խելքը դեռ չես չափել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, զգում եմ։ Նա շարունակ լռում է ինձ մոտ։ Երեկ էլ, այս առավոտ էլ գրեթե չի խոսել ինձ հետ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծ նոր միտք է հղանում): Բա... Մեր տղա, կարող է հակառակը լինել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այսի՞նքն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կարող է նա տգետ ու հիմարի մեկը լինել, ինչպես սովորաբար մեր մարդու տալու չխոսկան աղջիկներն են լինում։ Դու խո գիտես, որ չեն խոսում կամ շատ խելոքությունից, կամ շատ հիմարությունից։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ, սխալվում ես. լռողները միշտ խելոք են լինում։ Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է, կնշանակի՝ նա այնքան խելք ունի, որ հասկանում է, թե ինքը հիմար է և, լռելով, չի ուզում ցույց տալ, որ հիմար է։ Այո, չխոսողը միշտ խելոք է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ծիծաղելով): Ուրեմն, քո լոգիկայով, ես ու դու, որ խոսում ենք, հիմար ենք, և անասունները, որ չեն խոսում, խելոք են մարդկանցից։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Անշո՜ւշտ։ Իհարկե, անասունները խելոք են մարդկանցից։ Թվիր մարդկային ո՛ր հիմարությունն ուզում ես և տես՝ անասունները գործո՞ւմ են այդ հիմարություններից գեթ մեկը։ Շատերից մի պարզ օրինակ։ Ծխախոտ ծխելը հիմարություն է, չէ՞։ Դե ասա տեսնեմ՝ ո՞ր անասունն է ծխախոտ ծխում։ Մի ուրիշ օրինակ։ Ահա՛, երեք հարյուր ռուբլի փող եմ տվել և ապարանջան եմ բերել հարսնացուիս ընծա: Ասա տեսնեմ՝ այն ո՞ր անասունն է, որ ապարանջան է ընծայում յուր էգին։

Մարգարյանը սաստիկ ծիծաղում է։ Հարևան սենյակից լսվում է նախ մի քչփչոց, հետո կանացի մի անզուսպ ծղրտոց, որն իսկույն էլ լռում է։ Մարգարյանը դադարում է ծիծաղելուց։ Սիսակյանը վեր է կենում անհանգստացած և ականջը լարում դեպի հարևան սենյակի դուռը։ Մարգարյանը զարմացած նայում է նրա դեմքին։ Լռություն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սա ի՞նչ բան էր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Կամաց): Այս նրա ձայնն էր, կարծեմ (Միջոց): Երևի մոր հետ էր։ Գիտե՞ս, երեկ երեկո էլ, այս առավոտ էլ նկատեցի, որ մայր ու աղջիկ չունեն իրար հետ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա կռվո՞ւմ էին։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ... երևի...

Աջ դռնից մտնում է Սոֆիան։ Նրա դեմքին երևամ են զսպված վրդովմունքի նշաններ։


ՏԵՍԻԼ II

ՍՈՖԻԱ.— Ներողություն, պարոններ, ես այս րոպեին եկա. քրոջս երեխան հանկարծ վատ էր դառել, կանչել էին։ Բարև ձեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ներկայացնելով Մարգարյանին). Այս իմ բարեկամն է, մեր խաչեղբայրը։

ՍՈՖԻԱ.— Շատ ուրախ եմ։ (Սեղմում է Մարգարյանի ձեռքը): Համեցեք նստեք։ (Ամենքը նստում են): Շա՞տ ժամանակ է շնորհ եք բերել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ, շատ ժամանակ չէ, որ եկել ենք։

ՍՈՖԻԱ.— Հավատացեք, ես այնպես նեղանում եմ, որ առաջին անգամ շնորհ եք բերում, և ես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վնաս չունի, տիկին, ինչ կա որ... Հիմա ի՞նչպես է երեխան։

ՍՈՖԻԱ.— Հիմա, փառք աստծո, լավ է։ Բժիշկն եկավ և ասաց, որ ոչինչ չկա։ Գիտեք, երեխան հանկարծ վայր է ընկել և ուշաթափվել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ո՞րտեղ է Սառան։

ՍՈՖԻԱ.— Սառան... (շփոթվում է): Իսկույն կգա... նա էլ այսօր մի փոքր հալ չունի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Անհանգստացած): Հիվա՞նդ է։

ՍՈՖԻԱ.— Չէ, այնպես... Մի վախենաք, ոչինչ չկա... Մի փոքր գլուխը ցավում էր...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Իսկ պարոն Հակո՞բը։

ՍՈՖԻԱ.— Նա դեռ չի եկել։ Շաբաթ երեկոները նա մի փոքր ուշ է վերջացնում գործը։ Բայց երևի շուտով կգա։

Մտնում է Սառան աջ դռնից ջղային արագ քայլվածքով և մտնելիս դեպի մեջքն է ձգում ուսին ընկած հաստ գիսակը։ Սիսակյանը և Մարգարյանը վեր են կենում։


ՏԵՍԻԼ III

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ընդառաջելով Սառային): Բարի երեկո։ (Սառան լուռ տալիս է նրան յուր ձեռքը և նայում Մարգարյանին): Այս իմ բարեկամն է, մեր խաչեղբայրը։

Սառան լուռ սեղմում է Մարգարյանի ձեռքը, պինդ-պինդ նայելով նրա աչքերին։ Սոֆիան վեր է կենում դուրս գնում աջ դռնից, Սառան երկար և անհաշտ հայացքով ճանապարհ է դնում նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Դու հիվա՞նդ էիր։

ՍԱՌԱ.— (Խստորեն, ըստ երևույթին, նրան դուր չեկավ եզակի դիմումը): Ո՛չ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հապա մայրիկն ասաց, որ դու...

ՍԱՌԱ.— Նա սուտ է ասել։ Խնդրեմ նստեցեք։ (Նստում են: Անհարմար լռություն):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հանկարծ հիշելով, գրպանից հանում է ապարանջանի տուփը, բաց անում և դնում է Սառայի առաջ): Այս մեր խաչեղբոր ընծան է։ (Նայում է Մարգարյանին և հիմարաբար ծիծաղում):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Անհամ դրության մեջ զգալով իրեն այն համառ հայացքից, որ Սառան հառել էր նրա դեմքին): Բարեկամս կատակ է անում, օրիորդ, այդ ինքն է ընծա բերել ձեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լավ. ապարանջանը որ ես եմ բերել, բաս ա՞յս ով է բերել։ (Շտապով վեր է կենում, աթոռի վրայից վերցնում է շաքարեղենի բոնբոնիերը, փաթեթը դեն շպրտում և դնում Սառայի առաջ): Այս խո դո՞ւ ես բերել։ (Ծիծաղում է):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Տարակուսանքով թոթվում է ուսերը): Չհավատաք, օրիորդ, այդ էլ ինքն է բերել, բայց այնքան բարի է, որ յուր նվերներն ուզում է ինձ վերագրել։

Սառան ուշադրություն չի դարձնում նվերներին և զարմացած նայում է մերթ Սիսակյանին, մերթ Մարգարյանին։ Անհարմար լռություն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Մի բան ասած լինելու համար): Այս գիրքը դո՞ւք եք կարդում, օրիորդ։

ՍԱՌԱ.— Ոչ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ուրախ, որ խոսելու և խոսեցնելու առիթ ունի): Հապա ինչո՞ւ էր այստեղ դրված։

ՍԱՌԱ.— Մի ընկերուհի ունեմ, նա էր տարել կարդալու, այս երեկո վերադարձրեց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ուրեմն քոնն է։

ՍԱՌԱ.— Այո։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Իսկ դու կարդացե՞լ ես։

ՍԱՌԱ.— (Վեր է թռչում զսպված զայրույթի հանկարծական բռնկումով): Ներեցեք, տվեք այդ գիրքը պահեմ։ (Գրեթե խլում է Մարգարյանի ձեռքից գիրքը, տանում շպրտում է հայելու պատվանդանի վրա և նորից գալիս նստում է յուր տեղը: Ճնշող լռություն):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Սիրտը խիստ կոտրած, անհամարձակորեն): Դու վիրավորվեցի՞ր։

ՍԱՌԱ (Սառան խստությամբ): Ես չեմ սիրում երբ ինձ հարցաքննում են։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հետո ես քեզ ե՞րբ հարցաքննեցի։

ՍԱՌԱ.— Դուք այս րոպեիս հարցրիք՝ կարդացե՞լ եմ ես այն գիրքը։ Ինչո՞ւ չպետք է կարդացած լինեի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շփոթված): Ես... ներողություն... Ես չէի կարծում... Ես հարցրի այնպես... Եթե գիտենայի... Դու իզուր...

ՍԱՌԱ.— Խնդրեմ ինձ հետ դու-ով չխոսել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես... ներողություն... Ես... (Լռում է բոլորովին շփոթված):

Երկարատև, խիստ ճնշող լռություն։ Մտնում է Բաղիրյանը աջ դռնից։


ՏԵՍԻԼ IV

ԲԱՂԻՐՅԱՆ.— Բարի երեկո ձեզ։ Այնպես սուս ու փուս նստել եք, որ կարծես մարդ չկա այստեղ։ (Ծանոթանալով Մարգարյանի հետ): Պարոն Մարգարյա՞ն, եթե չեմ սխալվում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Պատիվ ունեմ։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Դեո չտեսած՝ ես արդեն ճանաչում էի ձեզ, որովհետև ձեր բարեկամը շարունակ ձեր մասին էր խոսում։ Այժմ շատ ուրախ եմ, որ անձամբ ծանոթանում եմ ձեզ հետ։ Նստեցեք խնդրեմ։ (Մարգարյանը նստում է): Ինձ կներեք, որ մի քիչ ուշացա։ (Սիսակյանին): Հը՛մ, փեսա՞, դու ինչպես ես։ Իրիկունը մենակ-մենակ լավ քեֆ արինք, չէ՞։ Բաս ասում էիր, թե միտք չունես ամուսնանալու, հիմա լավ ես եկե՞լ։ (Ծիծաղում է և մտերմորեն խփում նրա ուսին): Նստիր, ինչո՞ւ ես եկել։ (Նստում են): Օհո՛, ընծա ես բերել։ (Պենսնեն դնում է քթին և վերցնում ապարանջանը: Սառան վեր է կենում և դիմում դեպի մյուս սենյակը): Կաց, Սառա, ո՞ւր ես գնում։

Սառան ուշադրություն չի դարձնում և դուրս է գնում։

ՏԵՍԻԼ V

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Դիտելով ապարանջանը): Հիանալի՜ բան է, հիանալի՜... Մեկ ակներին նայեցեք (ցույց է տալիս Մարգարյանին): Կարծես աստղեր են վառվում։ Սրան տված կլինես, փեսա... ասեմ ինչքան... երկու հարյուր կամ մինչև... երկու հարյուր հիսուն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ճիշտ երեք հարյուր է տվել։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Արժե, թանկ չէ։ Տեսնո՞ւմ եք այս մեծ ակը, մեջտեղում, սա թանկագին բան է։ Հիանալի է, հիանալի։ (Ապարանջանը դնում է տուփի մեջ և բաց է անում բոնբոնիերը): Այս էլ ուրիշ նվեր։ (Պենսնեն հանում է քթից և մտերմորեն խփում Սիսակյանի ուսին): Ինչպես երևում է, բարեկամ, դու այնքան էլ միամիտ չես եղել, ինչպես ես էի կարծում։ (Լավ դիտելով նրա դեմքը), բայց ի՞նչ է պատահել. քեզ նեղացրե՞լ են։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Լացակումած): Ոչ... ես նեղացրի։

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Զարմացած): Ո՞ւմ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Օրիորդին։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Ինչպե՞ս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նա բարկացավ ինձ վրա։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ... Կարծեց թե ես ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ ես հարցաքննելու ամենևին միտք չեմ ունեցել։ Ես ներողություն խնդրեցի... չներեց... և... (քիչ է մնում, որ լաց լինի):

ԲԱՂԻՐՅԱՆ.— Ա՞յդ միայն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հետո... նեղացավ, որ իր հետ դու-ով եմ խոսում...

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Ծիծաղում է. հետո ձեռքը մտերմորեն դնելով նրա ուսին՝ կես կատակով, կես լրջությամբ): Բան չկա, սիրելիս, բան չկտ։ Այդպիսի դատարկ բաներին որ ուշադրություն դարձնենք, հա՛, ո՞ւր կերթա։ Դուք դեռ չեք ճանաչում իրար։ Երեկ մեկ, այսօր երկու։ Քանի գնաք, այնքան կճանաչեք, կհասկանաք և կսիրեք իրար։ Այս էլ ասեմ, որ սկզբում կռվելը շատ լավ նշան է. այդ նշանակում է, որ վերջը հոգի չեք խնայի իրար համար։ Ճիշտ է, նա շատ քմահաճ, կամակոր և հպարտ աղջիկ է, բայց և այնքան բարի է, որ քո բարությունը նրա մոտ — զերո։ Քմահաճ է, շատ անգամ կոպիտ, երբեմն ուղղակի կռվարար, տեսնո՞ւմ ես, ես նրա բոլոր պակասություններն ասում եմ, բայց այդ բոլորն արտաքուստ, իսկ սիրտն աղավնու սիրտ է։ (Մարգարյանին): Անցյալ օրը երեսիս այնպիսի կոպիտ խոսքեր ասաց, որ իմ տեղը դուք լինեիք նրա հայրը, դուրս կանեիք տանից։ Պահանջեցի, որ ներողություն խնդրի։ Չխնդրեց և ավելի մեծ կոպտություններ արեց։ Հետևյալ օրը, երբ ես այդ բանը մոռացել էի, մտավ ինձ մոտ և ասաց... ի՞նչ եք կարծում, ի՞նչ ասի, որ հավանեք։ «Ինչո՞ւ ինձ չծեծեցիր», ասաց։ Զարմացա։— Ի՞նչի համար,— ասում եմ։ «Նրա համար,— ասում է,— որ երեկ քեզ վիրավորեցի»։ (Սիսակյանին). Ահա թե ինչպիսի աղջիկ է նա։ Այ, շուտով, աստված տա, կպսակվեք, կապրեք միասին և կտեսնես՝ ճի՞շտ եմ ասում, թե ոչ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ախր ընծայիս էլ ուշադրություն չդարձրեց։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Այս հրաշալի ապարանջանի՞ն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Օ՜, անհոգ եղիր, անկարելի, անհնարին բան է, որ ուշադրություն դարձրած չլինի։ Կին չէ՞։ Աչքի տակով նայած կլինի։ Բայց այնքան հպարտ, որ այդ ցույց չէր տալ։ Պետք է իմանաս, որ նա շատ խելոք աղջիկ էլ է, շատ գրքեր է կարդացել, օ՜, շա՜տ։ Ա՜յ, այդ կողմից կարող ես վախենալ նրանից։ (Ծիծաղում է):

Մտնում է Սոֆիան։


ՏԵՍԻԼ VI

ԲԱՂԻՐՅԱՆ.— Սոֆիա, դու տեսե՞լ ես մեր փեսայի բերած ընծան։

ՍՈՖԻԱ.— (Նստում է): Ի՞նչ ընծա։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Վա՛հ, դեռ չես տեսե՞լ։ Մեկ նայիր, է՜։ (Ապարանջանը տալիս է նրան):

ՍՈՖԻԱ.— (Դիտելով): Այս ի՜նչ հրաշալի բան է...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Մեկ լավ նայիր ակներին... մեջտեղի մեծը տես... չորս բոլորքինը...

ՍՈՖԻԱ.— Հրաշալի՜ բան է... Ի՞նչ եք տվել, փեսա։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Քաջալերված): Երեք հարյուր ռուբլի։

ՍՈՖԻԱ.— Մի՜թե... Շա՜ա, շա՜տ հրաշալի բան է։

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Մտերմորեն գրկելով Սիսակյանին): Բաս որ ասում էի լավ փեսացու եմ ճարել... (ծիծաղում է):

Սառան մատուցարանով թեյ է բերում, հոնքերը կիտած, առանց ոչ ոքի նայելու, բաժանում է բաժակները։


ՏԵՍԻԼ VII

ԲԱՂԻՐՅԱՆ.— Լսիր, ինչո՞ւ ես բարկացրել փեսացուիդ։ (Սառան չի պատասխանում և մատուցարանը ձեռքին, կանգնած է հոր առաջ, սպասելով, որ նա վերցնի յուր բաժակը): Ինձ նայիր։ Չե՞ս լսում։ Տես ինչ սիրուն բան է բերել քեզ համար։ (Վերցնում է ապարանջանը և ծիծաղելով կամաց խփում նրա կզակին: Սառան մատուցարանը պահում է մի ձեռքով, մյուսով վերցնում վերջին բաժակը դնում հոր առաջ և զսպված կատաղությամբ դիմում է դեպի աջ դուռը): Դե՛, դա արդեն բանի նման չէ։ Դու մեզ բոլորովին խաղք ու խայտառակ ես անում։

ՍԱՌԱ.— Որպեսզի ձեզ խաղք ու խայտառակ չանեմ, մի՛ խոսեք ինձ հետ այնպես, ինչպես երեխայի հետ են խոսում։ (Դուրս է գնում մատուցարանը ձեռքին և դուռը պինդ շրխկացնում յուր ետևից: Սոֆիան, սաստիկ ամոթահար, վեր է կենում շտապով և հետևում նրան):


ՏԵՍԻԼ VIII

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Մարգարյանին ժպտալով): Տեսա՞ք, նոր կոպտություն։ (Սիսակյանին): Տեսնո՞ւմ ես, սիրելիս, ինձ հետ էլ է այդպես վարվում։ Բայց հավատացնում եմ քեզ, այդ խոսքերն են միայն, որ կան, իսկ սիրտն աղավնու սիրտ է։ Ինչպես երևում է, այսօր վատ տրամադրության մեջ է. այդ բանը երբեմն պատահում է նրան։ Սպասիր, ես նրան կհաշտեցնեմ քեզ հետ։ Դու սիրտդ մի կոտրիր։ (Վեր է կենում և շտապով դուրս գնում աջ դռնից):


ՏԵՍԻԼ IX

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նստած է ապշած: Երկարատև լռությունից հետո): Գարեգի՞ն... Սա ի՞նչ է... Այդ աղջիկն աննորմալ դրության մեջ է՞, թե՞ մեզ ոչնչի տեղ չի դնում... Եվ դու դրան ես հավանում... Եվ դու դրա՞ ամուսինը պիտի դառնաս.. Ի՞նչ ես պապանձվել. խոսիր է՜։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Սաստիկ ընկճված): Ի՞նչ խոսեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Մեծ կասկածամտությամբ գլուխը շարժելով): Չէ, բարեկամ, չէ՜... վեր կաց, վեր կաց գնանք։ (Վեր է կենում):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Զարմացած): Ո՞ւր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես թե ուր։ Մի՞թե այս բոլորից հետո դու դեռևս միտք ունես նրա հետ ամուսնանալու։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հապա ի՞նչ անեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես թե ինչ անես։ Նա միայն բառերով չասաց, թե վեր կացեք կորեք այստեղից, և դու դեռ հարցնում ես. թե ինչ անե՞ս։ (Միջոց, որի ժամանակ Մարգարյանը նայում է Սիսակյանին գրեթե ապշած, Սիսակյանը նստած է մտամոլոր): Մի՞թե հիրավի դու սիրում ես նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Սիրում եմ նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ա՜յ, զարմանալի մարդ... բայց մի՞թե չես տեսնում, որ նա քեզ չի հավանում։ Եվ ոչ թե միայն քեզ չի հավանում, այլև տեսնել անգամ չէ ուզում քեզ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Բութ համառությամբ): Ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զսպելով զայրույթը, մտերմորեն): Լսիր, Գարեգին, ինչ եմ ասում։ Նա եթե աննորմալ դրության մեջ չէ, ապա չափազանց կամակոր, կոպիտ և, որ գլխավորն է, չարահոգի աղջիկ է, այնքան չարահոգի, որ ամենևին չի կարողանում զսպել իրեն գոնե լոկ քաղաքավարության համար։ Մինչդեռ նա անկիրթ չէ, հիմար էլ չէ երևում, նրա դեմքը ինտելիգենտ դեմք է։ Հա՛, գեղեցիկ է, խոսք չունեմ, մինչև անգամ շատ գեղեցիկ. բայց ի՞նչ դուրս եկավ դրանից։ Ես պարզ կերպով տեսնում եմ, որ այդ աղջիկն յուր անտանելի բնավորությամբ մի պատիժ է այս տան մեջ, և նրա ծնողները աշխատում են ռադ անել գլխներից։ Նրա խորամանկ հայրն իր սիրապատիր խոսքերով պարզապես խաբել է քեզ և յուր ծուղակն է գցել։ Ի՞նչ ես նայում այդ ծեր աղվեսի ասածներին. Սառան նույնքան աղավնու սիրտ ունի, որքան դու գայլի սիրտ։ Նա քո ամբողջ կյանքը կթունավորի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես նրան առիթ չեմ տալ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա առիթ տվեցի՞ր, որ այս ֆորտելները սարքեց գլխիդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նա կարծեց թե ուզում եմ հարցաքննել իրեն։ Ես այսուհետև զգույշ կլինեմ, այդպիսի բաներ կարծելու առիթ չեմ տալ։ Հետո՝ դու-ով էի խոսում նրա հետ։ Այսուհետև դուք-ով կխոսեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Սրտանց): Փո՛ւ. իդիստ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Վիրավորված): Խնդրե՜մ... ես իդիստ չեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու ոչ միայն իդիստ ես, այլև, կարելի է ասել, իդիստների թագավորը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հանկարծ վեր կենալով, տաքացած): Լա՛վ, ի՞նչ ես ուզում անեմ։ Թողնե՞մ նրան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իհա՛րկե, հիմար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչի՞ համար։ Չէ՛, մի ասա տեսնեմ՝ ինչի՞ համար։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Որ ասում եմ իդիստ ես։ Էլի ասե՞մ, ինչ որ այս րոպեիս ասացի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինձ չի հավանում, չէ՞։ Լա՛վ։ Հապա ինչո՞ւ մատանիս ընդունեց։ Չէր ճանաչում ինձ այդ ժամանակ, չէ՞։ Լա՛վ։ Հիմա խո ճանաչե՞ց.

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո՛, ճանաչեց, և տեսար, որ ոչ բերած ապարանջանիդ վրա թքեց, ոչ էլ բոնբոնիերիդ և դեռ քիչ մնաց, որ գիրքն էլ գլխովդ տար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, ճիշտ է, նա ոչ ապարանջանին ուշադրություն դարձրեց, ոչ էլ բոնբոնիերին և գիրքն էլ շպրտեց այնտեղ։ Բայց խո մատանին դեռ մատի՞ն էր։ Հը՞, խո մատին է՞ր։ Տեսա՞ր, թե ոչ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասենք, չեմ նայել, որ տեսնեի...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Վա, մատին էր։ Ի՞նչպես չտեսար, զարմանալի է, Ա՛յ, այս մատին (ցույց է տալիս յուր ձեռքի անանուն մատը):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հա՛, լավ, մատին էր, մատին, և ընդունենք, թե տեսա։ Հետո՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչո՞ւ չհանեց մատից, չտվեց ինձ ու չասաց. «Պարոն, ահա ձեր մատանին. ետ ընդունեցեք խնդրեմ, որովհետև քննեցի ձեզ և տեսա, որ դուք իդիստ եք»։ (Մարգարյանը հանկարծ և ակամա ծիծաղում է խիստ բարձրաձայն, բայց իսկույն էլ զսպում է իրեն): Բայց նա այդպիսի բան չարեց։ Ինչո՞ւ չարեց, հը՞, քեզ եմ հարցնում, ինչո՞ւ չարեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նայում է նրան անկեղծ սրտացավությամբ): Վա՛յ, խեղճ Գարեգին, դու ճիշտ որ կատարյալ իդիստ ես եղել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ՛, մի ասա տեսնեմ, ինչո՞ւ չարեց։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Որովհետև խելքը գնում է քեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ՛, մի՛ հեգնիր խնդրեմ և պատասխանիր հարցիս. ինչո՞ւ չարեց։

ՄԱՐԳԱՐՑԱՆ.— Ես ի՞նչ գիտեմ, հիմար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հաղթական): Հա՛, այդտե՜ղ կաց։ Չարեց, որովհետև... ոչ ես եմ ճանաչում նրան, ոչ դու։ Գուցե ծնողներն էլ չեն ճանաչում, նույնիսկ քո ասած այդ ծեր աղվեսն էլ։ Այո՛։ Դու նրան կամակոր, կոպիտ, չարահոգի աղջիկ ես համարում, իսկ ես նրա մեջ տեսնում եմ ինքնուրույնություն, անկախության ձգտում, խիզախ, հանդուգն ոգի — մի բան, որից զուրկ եմ ես, բայց սաստիկ սիրում եմ։ Եվ իզուր ես շտապում ինձ խորհուրդ տալու, որ ձեռք վերցնեմ նրանից։ Մինչև որ ինքը չմերժի, ես ձեռք վերցնողը չեմ, չե՛մ ու չե՛մ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Է՛հ, դու գիտես։ Ես իմ պարտքը կատարեցի — նախազգուշացրի քեզ. այսուհետև մեղն ու վարձքը քո շլնքին։ (Հագնում է վերարկուն):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Վախեցած): Դու գնո՞ւմ ես։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բաս ի՞նչ անեմ։ Մնամ, որ նոր կոպտությունների ականատես լինե՞մ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Բայց նա խո քեզ ոչինչ չի՞ ասել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ա՜յդ էր պակաս, որ ինձ էլ ասեր։ Անծանոթ մարդ եմ, հյուր եմ եկել առաջին անգամ, և իմ ներկայությամբ... ո՛չ, ներողություն կանես։ Ես քեզ պես փտած ջղեր չունեմ և զուրկ չեմ ինքնասիրությունից։ Դու ուզում ես մնալ՝ մնա, իսկ ես չեմ կարող։ Բարի գիշեր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Պահելով նրան): Միքայե՛լ, ի՞նչ ես անում... իսեր աստծո... ի՞նչ կասեն... ես կմեռնեմ ամոթից...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու ինչո՞ւ ես մեռնում ամոթից։ Թե որ հասկացող են, թող նրանք ամաչեն, որ հյուրը ստիպված է լինում փախչել։ Ահա տեսնում ես, մեզ թողել են այստեղ մենակ, և իրենք հեռացել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լավ, ի՞նչ ասեմ, որ գան։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչ ուզում ես՝ ասա։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Եվ դու այդ բանն անքաղաքավարություն չե՞ս համարում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կոպիտ մարդկանց հետ պետք է կոպիտ կերպով վարվել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կաց, գոնե թեյ խմիր, հետո...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Թեյը դու անուշ արա, թե որ ախորժակ ունես։ Բարի գիշեր։ (Դուրս է գնում դիմացի դռնից):

Սիսակյանը սաստիկ մտատանջության մեջ ման է գալիս սենյակում, անհամբեր և վախկոտ հայացքներ ձգելով աջ դռան կողմը։ Ժպտալով մտնում է Բաղիրյանը։


ՏԵՍԻԼ X

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Հանկարծ նկատելով Մարգարյանի բացակայաթյունը, զարմանում է): Ա՞յս ինչ է, դու մենա՞կ ես մնացել։ Ո՞ւր է ընկերդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շփոթված): Գնաց...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Գնա՞ց։ Ո՞ւր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Գործ ուներ... էլի կգա...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Հա՛, երևի մոտիկ տեղ գնաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո... այստեղ... մոտիկ...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Թեյն էլ չի խմել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո... հանկարծ միտն եկավ... շտապում էր...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Բան չկա։ Եկ նստիր։ (Հանկարծ): Սպասիր... (կասկածանքով նայում է նրա աչքերին)։ Չլինի՞ թե վիրավորվեց, որ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Արագ, եռանդով): Չէ՛, ի՞նչ եք ասում, չէ...

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Զարմացած): Ի՞նչ չէ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որ ընկերս իբր թե վիրավորվեց, որ Սառան...

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Ավելի զարմանալով): Ի՞նչ Սառան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որ Սառան... վարվել չգիտե... չարահոգի է... (բոլորովին շփոթվում է):

ԲԱՂԻՐՅԱՆ.— Ա՜, ուրեմն... Ա՛յ, տեսնո՞ւմ ես, սիրելիս, դու քո միամտությամբ մատնեցիր թե քեզ և թե՛ բարեկամիդ... (Ծանր և լուրջ): Գիտե՞ս ինչ կա, բարեկամ։ Ես շիտակ և ազնիվ մարդ եմ և սիրում եմ ամենքի հետ վարվել շիտակ և ազնիվ կերպով։ Իմ աղջիկս ահա այս է, որ տեսնում ես։ Նրա բոլոր պակասություններն էլ ես ինքս հայտնեցի քեզ։ Հիմա քո բարեկամը կարծում է, թե նա չարահոգի աղջիկ է։ Է՜հ, թող կարծի այսպես։ Բայց ես քեզ կասեմ, որ այդ այդպես չէ։ Երեկ էլ ասացի, այսօր էլ ասում եմ. նա ինքնուրույն աղջիկ է։ Նա ուրիշների պես չի կեղծում, չի խարդախում յուր բնավորությունն ուրիշների առաջ, այլ պարզ կերպով, անկեղծորեն ցույց է տալիս այն, ինչ որ է։ Հավանում ես — առ, չես հավանում, դեռ ևս ուշ չէ, կարող ես նշանդ ետ առնել, և դու քեզ համար, մենք մեզ համար։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Լացակումած:) Պարոն Հակոբ, դուք ինձ վիրավորում եք... Մի՞թե ես ձեզ բան ասացի...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Դե լավ. որ այդպես է, նստիր։ Այլևս չխոսենք այս մասին։ (Նստում է: Միջոց): Ես այնտեղ երկար խոսեցի Սառայի հետ: Երևակայիր, ներողություն խնդրեց։ Թեպետ ինքն ասում է, որ երեխա չէ, բայց իսկապես երեխայի բնավորություն ունի, և դրա համար է, որ ես սաստիկ սիրում եմ նրան։ Բանից երևաց, որ նրան նեղացրել են։ Դու չէ, ուրիշները... խիստ զգայուն աղջիկ է. մի փոքրիկ, մի աննշան բանից անգամ վառոդի պես պայթում է։ Նրա հետ վարվելու կերպը ոչ ոք չի իմանում, բացի ինձանից։ Նեղացած ժամանակ ինչքան էլ որ կոպիտ կերպով է վարվում ինձ հետ, այնուամենայնիվ ես չեմ բարկանում նրա վրա, այլ միշտ կատակով, միշտ ծիծաղելով աշխատում եմ... Թեյը սառն է, վերցրու... միշտ կատակով. միշտ ծիծաղով աշխատում եմ բանն անցկացնել։ Հիմա, երևակայիր, այնքան խեղճացել է, որ ամաչում է դուրս գալ։ Իսկ քո բարեկամը... Ճի՞շտ, նեղացա՞վ։ Եվ չի՞ գալ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ԲԱՂԻՐՅԱՆ— Ափսոս։ Ես կուզեի նրա հետ խոսել... Ինչևիցե։ (Կանչում է): Սոֆիա, Սառա, եկեք, թեյը սառեց։ (Սիսակյանին): Այդ բանը չպետք է նրանց ասել։


ՏԵՍԻԼ XI

ՍՈՖԻԱ.— (Մտնում է և տեսնելով, որ Մարգարյանը չկա): Ո՞րտեղ է պարոնը։

ԲԱՂԻՐՅԱՆ.— Պարոն Մարգարյանը ձեռաց գնացել է մի տեղ, շուտով կգա։ (Դիմացի դուռը ծեծում են):

ՍՈՖԻԱ.— Ա՛յ, երևի նա է։ (Բաց է անում դուռը: Շեմքում երևում է Թուսյանը):


ՏԵՍԻԼ XII

ԹՈՒՍՅԱՆ.— Ներեցեք։ Այստե՞ղ է կենում պարոն Հակոբ Բաղիրյանը։

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Դնում է պենսնեն և վեր կենում): Ես եմ. ի՞նչ եք կամենում։

ՍՈՖԻԱ.— Համեցեք ներս։

ԹՈՒՍՅԱՆ.— (Մտնում է): Երկու օր է, ման եմ գալիս ձեզ, հազիվ գտա։ Ես գալիս եմ Պետերբուրգից։ Այնտեղ դուք մի ազգական ունեք երաժշտական դպրոցի ուսանող...

ԲԱՂԻՐՅԱՆ.— Երաժշտական դպրոցի ուսանո՞ղ։

ԹՈՒՍՅԱՆ.— Խոսրոյան Վարդգես ազգանունով։

ԲԱՂԻՐՅԱՆ.— (Հանկարծ): Հա՛, հա՛, քրոջս տղան... ի՞նչ կա։

ԹՈՒՍՅԱՆ.— Մի նամակ տվեց ինձ ձեզ հանձնելու, որովհետև թեև գիտեր, որ դուք այժմ Թիֆլիսումն եք, բայց ձեր հասցեն չգիտեր և բացի դրանից, խնդրեց, որ անձամբ խոսեմ ձեզ հետ։ Ահավասիկ։ (Տալիս է նամակը):

ԲԱՂԻՐԱՆ.— Ա՜, այդ փուշը վերջապես լո՞ւյս ընկավ... Սպասեցեք, նա այժմ երաժշտական դպրոցի ուսանո՞ղ է։

ԹՈՒՍՅԱՆ.— Այո, զինվորական-բժշկական ակադեմիայից հեռացավ և այժմ ուզում է արտիստ դառնալ.

ԲԱՂԻՐՅԱՆ.— Հեռացավ, հա՞, և ոչ վռնդեցին։ Եվ այժմ էլ ուզում է արտիստ դառնալ, հա՞... լա՛վ։ Իսկ այն փողերը... հատել են, չէ՞... Հասկացանք փորի ցավը... դեռ մեկ տեսնենք ինչ է գրում։ (Պատռում է ծրարը և սկսում լուռ կարդալ):

ՍՈՖԻԱ (Թուսյանին): Նստեցե՛ք խնդրեմ։

ԹՈՒՍՅԱՆ.— Շնորհակալ եմ։ (Նստում է դռան մոտ, աթոռի վրա):

Կարճ միջոց անցնելուց հետո մտնում է Սառան և Թուսյանին տեսնելուն պես կանգ է առնում կարծես շանթահար։ Թուսյանը ցնցվում է, վեր է թռչում և տեղն ու տեղը արձանանում ինչ-որ խիստ անակնկալից։ Մի րոպե նրանց հայացքները մեխվում էն իրար։ Հանկարծ Սառան ճչում է և դուրս փախչում հարևան սենյակը։ Սաստիկ իրարանցում։ Բաղիրյանը, Սոֆիան և Սիսակյանը «Ի՞նչ, ի՞նչ պատահեց» ասելով, սաստիկ վախեցած, վազում են Սառայի ետևից։ Թուսյանն ուշքի է գալիս և շտապով դուրս գնում։

(Վարագույրն իջնում է)
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Հասարակաց այգու մի խուլ անկյուն գետափին։ Խորքում, հեռու, ժայռերի արանքից երևում է բեմի ամբողջ երկայնքով քարաժայռ, որի լանջին մի փոքրիկ ջրվեժ։ Ներքևը՝ ժայռի տակ հոսում է գետը։ Բեմի առաջակողմը լայն ծառուղի։ Ծառուղու վրա տախտակի մի հասարակ նստարան չներկված։ Կիրակի։ Ամառվա սկզբի մի տաք, արև օր, կեսօրից առաջ։ Գետափից լսվում է գորտերի կռկռոց։ Շատ հեռվից, այգու հրապարակից, լսվում է խուլ կերպով զինվորական երաժշտության ձայն։

Ձախ կողմից մտնում են Սառան և Սիսակյանը։ Սառայի ձեռքին կարմրագույն հովանոց ծածկված, իսկ Սիսակյանի ձեռքին՝ շաքարեղենի մի փոքրիկ բոնբոնիեր։


ՏԵՍԻԼ I

ՍԱՌԱ.— Ա՛յ։ այստեղ լավ է։ Ոչ ոք չկա։ Զզվում եմ աղմուկ հասարակությունից։ Այն զռզռոցի ձայնն էլ այստեղ այնպես չի ծակում մարդու ականջը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այստեղ էլ գորտերն են ողբում իրենց քեռու մահը։ (Ծիծաղում է):

ՍԱՌԱ.— Ես իսկույն կլռեցնեմ նրանց։ (Սկսում է քարեր շպրտել դեպի գետափ): Տեսա՞ք, ձայները կտրեցին։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Բաց է անում բոնբոնիերը)։ Դեհ հիմա նստենք և ուտենք։

ՍԱՌԱ.— Սպասեցեք։ (Մի քար է վերցնում և պատրաստվում է շպրտել): Այստեղ նայեցեք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նայում եմ։

ՍԱՌԱ.— Ո՞ր ձեռքով եմ շպրտում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Աջ։

ՍԱՌԱ.— Դե լավ նայեցեք։ (Քարը ձեռքի ուժգին թափով շպրտում է գետի կողմը): Ոչինչ չնկատեցի՞ք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչ։

ՍԱՌԱ.— Մեկ էլ նայեցեք... Ձեռքիս նայեցեք, ձեռքիս։ (Մի ուրիշ քար է շպրտում): Հիմա՞։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հիմա ի՞նչ։

ՍԱՌԱ.— Չնկատեցի՞ք, որ ես աջ ձեռքս շարժում եմ ձախլիկ մարդու պես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչ եք ուզում դրանով ասել։

ՍԱՌԱ.— Այն եմ ուզում ասել, որ կանայք առհասարակ ձեռքի ճարպիկ և շեշտակի թափ չունեն. նրանք աջ ձեռքով մի բան շպրտում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտեր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լավ, հիմա նստենք և ուտենք։ (Նստում են):

ՍԱՌԱ.— Տարօրինակ մարդ եք, ո՞վ է իմացել, որ ամառը մարդ շաքարեղեն ուտի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչ է որ։

ՍԱՌԱ.— Կծարավեցնի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կծարավեցնի, մենք էլ կգնանք այնտեղ, հայրիկի հետ կնստենք և սառը գարեջուր կխմենք։

ՍԱՌԱ.— Ես գարեջուր չեմ խմում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լիմոնադ կխմենք։ (բոնբոնիերն առաջարկում է նրան):

ՍԱՌԱ.— Դեն կորցրեք, չեմ ուզում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Դե որ չեք ուզում, ես էլ չեմ ուզում։ (Բոնբոնիերը ծածկում և դնում է գրպանը):

ՍԱՌԱ.— Լսեցեք ինչ եմ ասում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լսում եմ։

ՍԱՌԱ.— Գետը որ ընկնեմ, ի՞նչ կանեք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես էլ ձեր ետևից կընկնեմ։

ՍԱՌԱ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որովհետև ես քեզ... ես ձեզ այնքա՜ն սիրում եմ, այնքա՜ն սի...

ՍԱՌԱ.— Ո՜ւֆ, թողեք այդ զզվելի բառերը, չեմ ուզում լսել...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Լավ, որ զզվում եք, էլ չեմ ասիլ։

Միջոց։ Ծառուղով անցնում է զբոսնող մի պարոն և խորը նայում Սառային, ըստ երևույթին նրա գեղեցկությունից գրավված։

ՍԱՌԱ.— (Հովանոցի ծայրով մի բան է նկարում գետնի վրա): Նայեցեք այստեղ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նայում եմ։

ՍԱՌԱ.— Ի՞նչ նկարեցի։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Շուն։

ՍԱՌԱ.— Սա ո՞րտեղի շուն է։ Շունը ոտներ չի ունենա՞լ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նկարեցեք ու կունենա, էլի։ (Ծիծաղում է):

ՍԱՌԱ.- Զարմանալի մարդ եք. շարունակ ծիծաղում եք... Այս ոչ թե շուն է, այլ ատրճանակ։ Տեսեք՝ սա կոթը, այս էլ բերանը... Տեսնո՞ւմ եք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Տեսնում եմ։

ՍԱՌԱ.— (Հովանոցի ծայրով մի քանի անգամ խաչ է քաշում նկարած բանի վրա, մտառու հայացքը գետնին հառած, հետո հանկարծ շեշտակի նայում է Սիսակյանի աչքերին): Դուք մարդ կարո՞ղ եք սպանել...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Զարմացած): Մա՞րդ...

ՍԱՌԱ.- Այո։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ, չեմ կարող։

ՍԱՌԱ.— Իսկ եթե ես հրամայե՞մ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այն ժամանակ կսպանեմ։

ՍԱՌԱ.— Լավ, սպանեցեք այն բզեզը։ Տեսնո՞ւմ եք։ (Հովհարի ծայրով ցույց է տալիս գետնի վրա մի կարմիր բզեզ):

ՍԻՍԱԿՅԱՆ (Վեր է կենում, ոտը բարձրացնում, որ ճխլի բզեզը, բայց հանկարծ մեղքանալով՝ իջեցնում է ոտը): Ինչո՞ւ համար սպանեմ։

ՍԱՌԱ.— Նրա՛ համար, որ ես եմ հրամայում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Շատ լավ. բայց մի հանցանք պետք է ունենա այդ խեղճ բզեզը։

ՍԱՌԱ.— Դրա հանցանքն այն է, որ կարմիր է և աչքի է ընկնում... Սպանեցեք այս րոպեիս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ոտը նորից բարձրացնում է): Վա՜յ թռավ...

ՍԱՌԱ.— (Դժգոհությամբ): Էլ ի՞նչ մարդ եք, որ բզեզ էլ չկարողացաք սպանել...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ծիծաղելով): Ի՞նչ անեմ, որ թռավ։ (Նստում է):

ՍԱՌԱ.— Էլի ծիծաղեցեք...

Ետ դառնալով անցնում է զբոսնող պարոնը և նորից նայում Սառային նույն հայացքով։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես ավելի շուտ մարդ կսպանեմ, քան թե բզեզ։

ՍԱՌԱ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՑԱՆ.— Որովհետև մարդը վնասակար արարած է, իսկ բզեզը՝ ոչ։

ՍԱՌԱ.— Դուք այդ գրքո՞ւմն եք կարդացել, թե ձեզանից ասացիք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինձնից ասացի։

ՍԱՌԱ.— Լավ. երբ որ դուք այդքան խելոք եք, հապա ասացեք ինձ, թե ի՞նչ բանի համար կարելի է մարդ սպանել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մարդ սպանում են կողոպտելու համար։

ՍԱՌԱ.— Ուրի՞շ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ուրիշ՝ հայրենիքի համար։

ՍԱՌԱ.— Ուրի՞շ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Էլ չգիտեմ։

ՍԱՌԱ.— Հապա վրեժխնդրության համա՞ր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Վրեժխնդրության համար էլ են մարդ սպանում։

ՍԱՌԱ.— Դուք կարո՞ղ եք վրեժխնդրության համար մարդ սպանել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես ոչ ոքի հետ այնպիսի գործ չեմ ունեցել, և չեմ ունենալ, որ իմ մեջ մարդ սպանելու չափ վրիժառություն ծագի։

ՍԱՌԱ.— Իսկ եթե հանգամանքներն այնպես բերեն, որ ձեր մեջ վրեժի զգացում ծագի՞... Այն ժամանակ ձեր վրեժն առնելու համար մարդ չե՞ք սպանիլ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Օրինակ ի՞նչ գործում։

ՍԱՌԱ.— Օրինակ, երբ գործը վերաբերի... ձեր պատվին։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչպես թե իմ պատվին։

ՍԱՌԱ.— Օրինակ... ա՛յ, թեկուզ հենց այն պարոնը, որ այս րոպեիս անցավ ու դարձավ մեր առաջով և լիրբ հայացքներ էր ձգում ինձ վրա. եթե նա հանկարծ մոտենար և համբուրեր ինձ, չէիք սպանիլ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Վեր է թռչում հրացայտ աչքերով): Օ՜, ես կխեղդեի նրան...

ՍԱՌԱ.— (Կարճ ժամանակ խորաքննին հայացքով նայում է նրա աչքերին, հետո կամաց բռնում է նրա ձեռքից և ուզում է նստեցնել. Սիսակյանը հանկարծ վրա է ընկնում նրա ձեռքերին և սկսում համբուրել կարոտագին սիրո բուռն զեղումով): Ա՞յդ ինչ է... գժվեցի՞ք... (Սիսակյանը վախեցած թողնում է նրա ձեռքերը): Նստեցեք հանգիստ և աշխատեցեք, որ չբարկանամ իրիկվա պես։ (Սիսակյանը նստում է նրանից մի քիչ հեռու): Մոտիկ նստեցեք։ (Սիսակյանը վախվխելով մոտ է քաշվում: Միջոց): Այս գորտերը նորից սկսեցին... (Միջոց): Ինչո՞ւ ձեր բարեկամը չմնաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մարգարյա՞նը։

ՍԱՌԱ.— Այո։ (Սիսակյանը շփոթվում է, չիմանալով ինչ պատասխան տալ): Տեսե՛ք, սուտ չխոսեք։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նեղացավ...

ՍԱՌԱ.— Ինչի՞ց... Մի վախենաք, ասացեք։ Ինչի՞ց նեղացավ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քո... ձեր վարմունքից...

ՍԱՌԱ.— Հաա՞... ի՞նչ ասաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ասաց, որ դու... որ դուք... Սառա, աղաչում եմ, թույլ տվեք դու-ով խոսեմ ձեզ հետ։ Դու-ով որ խոսեմ, կխոսեմ անկեղծ, մտերմորեն։

ՍԱՌԱ.— Թույլ եմ տալիս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Դու էլ դու-ով խոսիր ինձ հետ։

ՍԱՌԱ.— Կխոսեմ։ Ի՞նչ ասաց իմ մասին։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Շատ բան ասաց, բայց ես այնպես վիրավորվեցի, այնպես վիրավորվեցի, որ...

ՍԱՌԱ.— Ի՞նչ ասաց, ի՞նչ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ասաց, որ դու, իբր թե, հոգեկան աննորմալ վիճակի մեջ ես... որ դու, իբր թե, կամակոր, կոպիտ և չարահոգի աղջիկ ես... որ դու, իբր թե, կթունավորես իմ կյանքը, և խորհուրդ էր տալիս, որ թողնեմ քեզ։

ՍԱՌԱ.— Հաա՞... իսկ դուք... իսկ դու...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Իսկ ես ասացի նրան, որ նա շատ սխալվում է, որ նա չի ճանաչում քեզ, որ քեզ ոչ ոք չի ճանաչում, որ մինչև որ դու չմերժես ինձ, ես քեզնից ձեռք վերցնողը չեմ. չեմ և չեմ, որովհետև...

ՍԱՌԱ.— Լավ, հիմա ուրիշ բան եմ ուզում հարցնել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հարցրու։

ՍԱՌԱ.— (Լռում է առժամանակ ներքին զորեղ տատանման մեջ, հետո հանկարծ վճռականորեն): Դու ճանաչո՞ւմ ես այն երիտասարդին, որ բերել էր այն նամակը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ամենևին։ Կյանքիս մեջ առաջին անգամ էի տեսնում նրան։

ՍԱՌԱ.— Իսկ ես որ հանկարծ այնպես ճչացի, ի՞նչ կարծեցիր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Կարծեցի, թե կարիճ կծեց, իսկ դու ասացիր, որ քեզ թվաց, թե երկրաշարժ պատահեց։ (Ծիծաղում է)։

ՍԱՌԱ.— (Կարճ մտախոհ լռությունից հետո, աշխատելով ծածկել ներքին հուզումը): Ես սուտ ասացի։ Ես... մի եղբայր ունեի... մեռել է սրանից չորս տարի առաջ... Այն երիտասարդին, որ հանկարծ տեսա, կարծեցի, թե նա է հարություն առել — այնքան նման էր նրան... Այն ժամանակ մայրս դեռ կենդանի էր և չէր ամուսնացել Բաղիրյանի հետ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Զգացված): Դու շա՞տ էիր սիրում նրան։

ՍԱՌԱ.— Մո՞րս։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ոչ, եղբորդ։

ՍԱՌԱ.— (Վեր է կենում հանկարծ, զորեղ հուզման մեջ)։ Բավական է... Այս մասին այլևս ոչինչ չհարցնես ինձ... Վեր կաց գնանք մայրիկի մոտ։ (Սիսակյանը վեր է կենում և միասին դիմում են դեպի ձախ): Սպասիր։ Այն քո բարեկամը չէ՞, որ գալիս է այս կողմը։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, Մարգարյանն է։

ՍԱՌԱ.— Գնանք այս կողմը: Ես չեմ ուզում նրան տեսնել... (դիմում են դեպի աջ): Ոչ, դու կաց այստեղ: Նա մեզ տեսավ: Որ հետո գաս, կգաս մեր ետևից, իսկ ես որ տեսնեմ, կվիրավորեմ... Կսպասեմ քեզ հայրիկի մոտ:

Շտապով հեռանում է աջ կողմը: Ձախ կողմից գալիս է Մարգարյանը: Սիսակյանն ընդունում է նրան ներքին դժկամությամբ:

ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այն Սառան չէ՞ր մոտդ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Սառն): Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞ւր գնաց։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քեզ որ տեսավ, փախավ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Փախա՞վ... ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Քո այն լավ վարմունքի համար, որ իրիկունը ցույց տվիր նրանց տանը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞վ գիտե...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛, հենց այս րոպեիս ասացի նրան, թե ինչու իրիկունը չմնացիր և փախար։ Հարցրեց և ասացի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ասացիր։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինչ որ ճշմարիտ էր։ Ասացի, որ դու նրան կոպիտ, կամակոր, աննորմալ, չարահոգի աղջիկ ես համարում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Վա՛...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Եվ ինձ էլ խորհուրդ էիր տալիս, որ թողնեմ իրեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ճի՞շտ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛։ Բոլորը պարզ կերպով ասացի, բոլորը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Վա՛յ, քո տունը չքանդվի... Տո՛, ընկերաբար ես բան կարող եմ ասել քեզ, պետք է վեր կենաս և ամեն բան հայտնե՞ս նրան։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ի՞նչ անեմ, ասաց սուտ չասես, ես էլ ճշմարտությունն ասացի։ Սուտ խոսել չեմ էլ կարող։ Իրիկունն, օրինակ, ուզեցի սուտ խոսեմ և խայտառակվեցի։ Երբ որ աներս ներս մտավ և հարցրեց քո մասին, ասացի, որ ձեռաց գնացել ես մի տեղ և շուտով ետ կգաս, բայց նա տեսավ, որ սուտ եմ խոսում, և այնպիսի թափանցող հայացքով նայեց աչքերիս, որ քիչ մնաց ամոթից գետինը մտնեի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ, իհարկե հայտնեցիր, թե ես ինչ գաղափար եմ կազմել իր աղջկա մասին։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ իրեն էլ ծեր աղվես եմ անվանել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ, այդ չասացի, բայց որ ասեի, հախդ կլիներ, որովհետև իսկապես ի՞նչ տեսար, որ վեր կացար ու փախար և ինձ էլ ու քեզ էլ խայտառակեցիր։ Դու միայն իրիկունը տեսար Սառային, երբ որ նա վատ տրամադրության մեջ էր. բայց հիմա որ տեսնեիր... ա՛յ, այստեղ, այս նստարանի վրա... ուղղակի չէիր հավատալ աչքերիդ, թե սա այն աղջիկն է։ Թույլ տվեց, որ հետը դու-ով խոսեմ։ Ինքն էլ ինձ հետ սկսել է դու-ով խոսել, գիտե՞ս թե չէ։ Հետո... ձեռքերը համբուրեցի... ա՛յո, ձեռքերը... ա՛յ, այսպես... ա՛յ, այսպես... (Ջերմորեն համբուրում է ինքն իր ձեռքերը: Հետո հանկարծ): Ցտեսություն, ես գնում եմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սպասիր, հիմար, ո՞ւր ես վազում։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նրա մոտ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Բան եմ ասում։ (Սիսակյանը կանգ է առնում): Երեկոյան կգա՞ս ինձ մոտ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չգիտեմ... (Նորից վազում է, բայց հանկարծ ետ է դառնում): Գիտե՞ս, մեզ չմոտենաս, ասաց, որ տեսնեմ, կվիրավորեմ... (Հեռանում է աջ կողմից):

Մարգարյանը մնում է ետևից նայելիս, հետո մտախոհ նստում է նստարանի վրա։ Ձախ կողմից գալիս է Թուսյանը ծխելով։


ՏԵՍԻԼ III

ԹՈՒՍՅԱՆ.— Վա՛, Մարգարյա՞ն... իսկույն երևում է, որ բանաստեղծ ես։ Հրաշալի անկյուն ես ընտրել առանձնանալու և կիրակնօրյա հանգստությունը վայելելու։ Այս գորտերի կռկռոցը հազար բլբուլի կլկլոց արժե։ (Ծիծաղում է): Բարի օր քեզ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Էպիկուրյան և ցինիկ, ո՞րտեղ էիր։ Երեկ առավոտվանից դեռ չեմ տեսել քո երեսը։

ԹՈՒՍՅԱՆ.— Այդպես շուտ կարոտեցիր ինձ, հա՞։ (Ծիծաղում է և նստում նրա կողքին): Չկարծես, թե քո տանը որ իջել եմ, քո վզին էլ ծանրանալու եմ, ուր էլ գնամ, ինձ համար տեղ կա միշտ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իհարկե, քիթդ որ զոռով ներս խոթես...

ԹՈՒՍՅԱՆ.— Դե ի՞նչ արած. այս աշխարհում ապրելու համար պետք է այդպես անես, այլապես ոչ ոք ըռխիդ մտիկ չի տալ, թեկուզ քաղցած սատկելու էլ լինես։ Հարկավոր է միայն մի քիչ համարձակություն։

ՄԱԲԳԱՐՅԱՆ.— Մի քիչ էլ պրտկերեսություն։

ԹՈՒՍՅԱՆ.— Մի քիչ էլ պրտկերեսություն։ Այդ ես ինքս պետք է ավելացնեի։ Դու ինձնից շատ կապրես։ Երեկ առավոտ, օրինակ, երեսս որ չպնդեի և փող չուզեի քեզնից, կտայի՞ր։ Իհարկե, չէ։ Իդեպ, հեռագրիս պատասխան չկա՞։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հա՛ լավ միտս բերիր։ (Ծոցի գրպանից հանում է մի հեռագիր և տալիս նրան): Այս առավոտ բերին։

ԹՈՒՍՅԱՆ.— (Բաց է անում հեռագիրը և լուռ կարդալուց հետո): Տես, ես գրում եմ, թե մնացել եմ Թիֆլիսում, փող ուղարկեցեք, որ գամ, նրանք գրում են, թե հայրս այժմ լավ է, իսկ փողի մասին ոչ մի խոսք... ես հասկանում եմ այս մանյովրն էլ... Վնաս չունի... ես ոչ մի տեղ քաղցած չեմ մեռնիլ, բայց ամենքի էլ հերը կանիծեմ... այո՛, հենց հորս հերն էլ... (Հանում է հեռագիրը և կարճ ժամանակից լռճում մտախոհ և զայրացած): Բայց չկարծես, թե մենակ քո տված տասը մանեթովն եմ յոլա գնում։ Երեկ մի ուրիշից էլ կարողացա մի քանի մանեթ պոկել և մի քիչ շենք ու շնորհքի գցեցի արտաքինս։ Մնաց հինգ թե վեց մանեթ, այն էլ տանուլ տվի կլուբում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հետո առանց փողի ո՞րտեղ գիշերեցիր։

ԹՈՒՍՅԱՆ.— Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ՞ որ նա տնփեսա է։ Երեկոյան հանդիպեցի նրան կնոջ հետ հենց կլուբի դռանը և միասին մտանք կլուբ։ Այնտեղից գիշերվա ժամը երեքն էր, որ դուրս եկանք։ «Այս ժամին ո՞ւր գնամ,— ասում եմ,— Մարգարյանը հեռու է կենում, պետք է տանես ինձ քեզ մոտ»։ Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ չէր ուզում։

ԹՈՒՍՅԱՆ.— Նախանձոտ էր երևում անիծածը։ Կնոջը տեսե՞լ ես։ Մի քիչ պառավ է, բայց վնաս չունի... հիանալի բյուստ ունի և շատ սիրուն էլ հագնվում է։ Ինքն էլ ասող, խոսող, կրակոտ... Իսկույն գտա թույլ դամարը և... գիտես, է՛լի... Խեղճ Սարումյանը կրծում էր յուր շեկ բեխերը... Այսօր էլ, երևի նրանց մոտ կճաշեմ։ Առավոտյան կնոջ հետ գնաց մի տեղ և ասաց, որ կեսօրին կհանդիպեն այստեղ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ցանել է։

ԹՈՒՍՅԱՆ.— Շատ կարելի է։ Բայց ես այն պտուղներից չեմ, որ հանգիստ թողնեմ։ Այնքան մազ չկա գլխիս, ինչքան որ... (Հանկարծ վեր է թռչում): Հա՛, Մարգարյան, գիտե՞ս ինչ պատահեց երեկ երեկո... Ի՛նչ զարմանալի անակնկալ... Այն նամակն ի՞նչ էր, որ Պետերբուրգից բերել էի ոմն Բաղիրյանին հանձնելու համար։ Այդ պարոնի տունը գտա երեկ երեկո... Երևակայիր... Ապշելու բան է, էլի՛... Այս որ ռոմանի մեջ կարդայի, կասեի սարքովի բան է... Մտնում եմ, թե՝ այստե՞ղ է կենում պարոն Բաղիրյանը... Բայց չէ՝ այստեղ դեռ ոչինչ չես հասկանալ, թող գլխից պատմեմ։ Մի հիանալի պատկեր դուրս կգա, որ գրես։ Հալա մեկ տես ժամը քանիսն է։ Սարումյանները խոստացան, որ ճիշտ տասներկուսին այնտեղ՝ այգու հրապարակում կլինեն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նայում է ժամացույցին): Տասներկուսից պակաս է կես։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա, դե որ այդպես է, լսիր։ (Մի ծխախոտ է վառում և նստում նրա կողքին): Սրանից չորս տարի առաջ...

Անցնում են թեթև բարքի տեր երկու կին թևանցուկ, մեկը երգում է կամացուկ, առանց բառերի։

ԹՈՒՍՅԱՆ.— Мой нижайший Даш и Маш.

ԵՐԳՈՂ ԿԻՆԸ.— Вреш! не угодал. (Երգը շարունակելով անցնում է ընկերուհու հետ):

ԹՈՒՍՅԱՆ.— Հա։ Սրանից չորս տարի առաջ, ամառը, հյուր էի գնացել հորեղբորս մոտ՝ ամառանոց։ Հետս հրացան և շուն էի տարել։ Որս անել շատ էի սիրում։ Առավոտները վաղ վեր էի կենում գնում էի անտառը, ամբողջ ժամերով թրև էի գալիս և մի կարգին բան չէի գտնում, որ սպանեի։ Հետո ինձ ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրի բադեր շատ են լինում։ Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու։ Ճանապարհս անտառի միջովն էր։ Մի առավոտ, երբ անցնում էի անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի։ Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեմ, հրացանս ուղղեցի և արձակեցի։ Չիմացա դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս պայթյունի վրա մի սարսափելի ճիչ լսվեց։ Մեկը դուրս թռավ ծառի տակից։ Մի աղջիկ էր, որին չէի նկատել։ Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի։ Նա կանգնած էր անշարժ, ինձնից մի տաս-քսան քայլ հեռու։ Դեմքը մեռելի գույն էր ստացել վախից, նայում էր ինձ անթարթ, սարսափահար աչքերով։ Նկարիչ որ լինեի, կնկարեի նրան այդ դրության մեջ — այնքան գեղեցիկ էր։ Նորից ներողություն խնդրեցի։ Ոչ մի խոսք չարտասանեց։ Մոտեցավ ծառին, խոտի մեջ ինչ-որ որոնեց, գտավ,— գիրք էր։— վերցրեց, մի ձեռքով շտկեց մազերը և հանգիստ քայլերով հեռացավ։ Հետևյալ առավոտյան, երբ անցնում էի նույն տեղով, նա նստած էր նույն ծառի տակ գիրքը ձեռքին։ Մոտովն անցնելու ժամանակ նայեց ինձ և գլուխը նորից կախեց գրքի վրա։ Անցա մի հիսուն քայլ, հետո ետ դարձա, և հրացանիս դեմհար տալով, կանգնեցի ուղղակի նրա դիմաց։ Վերին աստիճանի խստությամբ նայեց ինձ և հարցրեց. «Ի՞նչ եք ուզում»։ Ուզում եմ, որ ներեք,— ասացի։ «Դա ի՞նչ հանդգնություն է, պարոն», բղավեց վրաս։ Ճակատս դրի հրացանիս բերանին, իսկ ոտս շնիկի վրա։— Եթե չեք ներիլ,— ասացի,— այս րոպեիս գանգս ցրիվ կածեմ։ Սաստիկ վախեցած վեր թռավ տեղից։ «Գժվե՞լ եք, ինչ է», ասում է։ Իսկ ես սառնասրտությամբ հարցնում եմ.— ներո՞ւմ եք, թե ոչ։ «Ի սեր աստծո,— ասում է,— դեն կորցրեք այդ հրացանը. ներում եմ»։— Այժմ ձեզ հանգիստ կթողնեմ,— ասացի, գլուխ տվի ու հեռացա։ Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր։— Ես ձեզ խորհուրդ չեմ տալ,— ասացի,— որ առավոտյան այս ժամին նստեք թաց խոտի վրա։ «Խոտի վրա խո չեմ նստած,— ասաց,— տեսե՛ք»։ Եվ ցույց տվեց՝ թե ինչի վրա էր նստած։ Նստած էր հսկայական եղևնու գերանաչափ արմատի վրա, որ մի կես արշին բարձր էր մնացել գետնից։— Այդ միևնույն է,— ասացի,— խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել։ Անփույթ կերպով վեր քաշեց ուսերը։ «Որտե՞ղ եք որս անում», հարցրեց։ Տեղն ասացի։ Գիրքը բաց և խուփ արեց, ըստ երևույթին ուզում էր բան ասել, բայց ոչինչ չասաց, նորից գիրքը բաց արեց և աչքերը տնկեց վրան։— Ցտեսություն,— ասացի։ «Ցտեսություն» ասաց։ Հեռացա իմ ճանապարհով... Այս քածերն էլի երևացին։ (Ետ են դառնում երկու կանայք, որոնցից մեկը նորից երգում է կամացուկ): Какой чудный голос, лает как лягушка.

ԵՐԳՈՂ ԿԻՆ.— Какой противный кавалер! говорит как кинтошка (Հեռանում է ընկերուհու hետ, շարունակելով երգը):

ԹՈՒՍՅԱՆ.— (Ծիծաղում է): Տեսար ոտը ոնց բերեց... Սրամիտ են անիծածները։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես զարմանում եմ քեզ վրա. ինչ հաճույք ես զգում այդպիսիների հետ խոսելով։

ԹՈՒՍՅԱՆ.— Ո՛չ մի, փեշակ է, է՛լի։ Դրանց հետ միայն գյավազություն արա, ուրիշ բանի պետք չեն... Բայց շարունակեմ։ Չորրորդ առավոտյան դարձյալ նույն տեղումն էր։ Բարի լույս,— ասացի։ Չպատասխանեց։ Միայն նայեց ու ժպտաց։ Հետո ասաց. «Թույլ կտաք, որ ձեզ հետ գամ տեսնեմ ինչպես եք որս անում»։ Ինչո՞ւ չէ,— ասում եմ։ Վեր թռավ տեղից։ Գնացինք։ Հազիվ երեք թե չորս վերստ ճանապարհ գնացած՝ կանգ առավ, նայեց ինձ և ժպտաց։— Ի՞նչ է,— ասում եմ,— հոգնեցի՞ք։— Գլխի շարժումով դրական պատասխան տվեց։— Ուզում եք, նստենք,— ասում եմ։ Չէ,— ասում է,— ես ետ կդառնամ. մայրս կանհանգստանա». Դե որ այդպես է,— ասում եմ,— ետ դառնանք։ «Դո՞ւք էլ եք ետ դառնում», ասում է։— Իհարկե, ասում եմ, բաս խո մենակ չեմ թողնիլ ձեզ այս անտառում։ Ընդունեց։ Գնում ենք թևանցուկ և խոսում դեսից-դենից։ Բավական միամիտ էր երևում, մի քիչ բանաստեղծորեն տրամադրված։ Շոգ է, գրեթե տոթ։ Անտառը կանգնած է անշարժ։ Դեղնած խոտերի մեջ սվսվում են մորեխները։ Նրա մարմնի շփումը էլեկտրականացնում է ինձ, բայց ես ահագին ջանք եմ դնում զսպելու ինձ և այնպիսի բան չեմ անում, որ խրտնի... հանկարծ կանգ առավ, ձեռքը հանեց թևիս միջից և մատն ուղղեց դեպի ծառերից մեկի կատարը։ «Տեսե՛ք, տեսե՛ք,— ասում է.— այն ի՞նչ թռչուն է»։ Հրացանս հանեցի ուսիցս և շվացրի շանս։ Ուղեկցուհիս թռավ մի քանի քայլ հեռու, կուչ եկավ մի ծառի տակ, գիրքը թևի տակ առավ, մատներով խցեց ականջները և աչքերը փակեց։ Արձակեցի։ Ծառի տերևները խշխշացին և թռչունը վայր ընկավ։ Շունս թռավ մի քանի ոստյունով և ատամների մեջ բռնած՝ բերեց մատույց ինձ իմ որսը։ Աղավնի էր սպիտակ՝ ինչպես բամբակ։ Ուղեկցուհիս մոտ վազեց և երեխայական բուռն հետաքրքրությամբ սկսեց դիտել սպանված թռչունը։ «Ա՜խ, աղավնի՞ է», ասաց, չեմ իմանում՝ խիստ ուրախացա՞ծ, թե խիստ տխրած։ Որսս տվի իրեն։ Երկու մատով բռնեց մի ոտից և նայեց, թե գնդակը որտեղին է դիպել։ «Տեսե՛ք, տեսե՛ք,— ասում է,— ուղղակի կրծքին է դիպել։ Ինչքա՜ն սպիտակ է,— ասում է,— և ինչպե՜ս կարմիր է ներկել արյունը սպիտակ փետուրները»։ Երկար ժամանակ մեծ հետաքրքրությամբ դիտում էր, հետո հառաչեց և տվեց ինձ։ Առա և շպրտեցի ծառերի խորքը։ «Ինչո՞ւ դեն ձգեցիք»,— նկատեց հանդիմանությամբ և խիստ խղճահարված։— Հապա ինչի՞ս էր պետք,— ասացի։ (Նոր ծխախոտ է վառում: Մարգարյանը հետաքրքրությամբ լսում է նրան): Այսպես սկսեց մեր ծանոթությունը, իսկ այսպիսի ծանոթությունների հետևանքը հայտնի է... Մի քանի շաբաթից հետո նա անձնատուր եղավ ինձ այդ բառի ամենակատարյալ իմաստով նույն անտառում և նույն տեղում, ուր սպանեցի աղավնին... Մինչև անձնատուր լինելը խրտնում էր ինձնից այծի պես, իսկ անձնատուր լինելուց հետո կապվեց ինձ հետ շան պես։ Ես նկատել եմ, որ կանայք առհասարակ այդպես են լինում։ Օր չէր պատահիլ, որ մի քանի անգամ երդում չառներ ինձնից, թե կամուսնանանք։ Երդվում էի, իհարկե, բայց նկատում էի, որ որքան շատ էի երդվում, այնքան քիչ էր հավատում։ Մեր տեսակցության տեղը միշտ անտառն էր։ Հենց որ տեսնում էր ինձ, սաստիկ ուրախանում և ընկնում էր վզովս։ Բայց այդ երկար չէր տևում. նրա դեմքը կամաց-կամաց ինչ-որ մտախոհ տխրության արտահայտություն էր ստանում, և էլ չէր խոսում, չէր նայում ինձ. նույնիսկ երբեմն հեռացնում էր ձեռքերս, երբ ուզում էի գրկել նրա իրանը։ Հրաշալի իրան ուներ — բարակ, ճկուն, տաք... Մի անգամ տարավ ինձ անտառի այն տեղը, ուր սպանել էի աղավնին։ «Ինչո՞ւ սպանեցիր», ասաց։— Ո՛ւմ,— հարցնում եմ զարմացած. դա, «աղավնին», ասում է։— Ես այդ դեպքը մոռացել էի։ «Այն օրվանից դես,— ասաց,— ես հանգիստ չունեմ, ես տանջվում եմ... Հիշում ես,— ասում է,— ինչքան սպիտակ, ինչքան մաքուր էր... Հիշո՞ւմ ես,— ասում է,— ի՛նչպիսի անհոգությամբ և անխիղճ կերպով դեն շպրտեցիր...»։ Ակամա ծիծաղեցի։ Նա նստեց խոտի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով և լաց եղավ...

Նորից անցնում են երկու կանայք, որոնցից մեկն այս անգամ երգում է մի մելամաղձիկ երգ։ Թուսյանն ուշադրություն չի դարձնում նրանց վրա, հենվում է իր ծնկանը և զոռ է տալիս ծխախոտին՝ ինքն իր պատմությունից հուզված։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Խիստ ազդված): Հետո՞։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է կենում հանկարծ): Հետո ի՞նչ։ Հետո պատահեց այն, ինչ որ սովորաբար պատահում է, այսինքն հեռացա և... մոռացա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Առանց խղճի խայթի՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Ավելի լավ է խղճի մասին չխոսենք։ Խո ասել եմ քեզ, որ ես էպիկուրյան եմ։ Խլել եմ կյանքից այն, ինչ որ այդ րոպե հաճելի է եղել ինձ։ Մնացածի հետ գործ չունեմ... Բայց դու վերջաբանը լսիր, եթե միայն սա վերջաբանն է, այլ ոչ սկիզբը մի նոր... Նու՝ թեկուզ դրամայի... Պետերբուրգից հետս բերած նամակը, ինչպես ասացի, երկու օր ման եմ ածում և, վերջապես, երեկ երեկո գնում եմ այն պարոնի տունը, որին պիտի հանձնեի այդ նամակը։ Մտնում եմ։— Այստե՛ղ է կենում,— ասում եմ,— պարոն Հակոբ Բաղիրյանը։ Առաջ է գալիս մի ծերունի, թե՝ ես եմ։ Նամակը տալիս եմ։ Սենյակում, բացի ծերունուց, կային և մի տիկին ու մի երիտասարդ պարոն։ Տիկինը հրավիրում է, որ նստեմ։ Նստում եմ։ Ծերունին բաց է անում նամակը և սկսում լուռ կարդալ։ Հանկարծ հարևան սենյակից մտնում է, երևակայիր ով,— նա՝ սպանված աղավնին։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Խիստ հետաքրքրված): Այն աղջի՞կը...

ԹՈՒՍՅԱՆ.— Ինքը նա... ի դեպ, եթե պատմությունս գրելու ես, վերնագիրը դիր «Սպանված աղավնի»... Սկզբում, իհարկե, աչքերիս չեմ հավատում և մնում եմ պելացած։ Սա երա՞զ է, ասում եմ, թե աչքերիս է այդպես երևում։ Կամ, գուցե, ասում եմ, նա չէ, այլ նրա նման մի ուրիշը։ Բայց չէ՛, մտիկ եմ տալիս, նա է, իսկ և իսկ նա... անշուշտ նա էլ նույնն է զգում ու մտածում, ինչ որ ես, որովհետև նա էլ ինձ տեսնելուն պես մի րոպե մնում է քարացած և ապշած աչքերը սևեռում աչքերիս։ Հետո, երևի համոզվելով, որ ես իսկապես ես եմ, հանկարծ ճչում է սարսափելի կերպով ու ետ փախչում մյուս սենյակը։ Ծերունին, տիկինը և երիտասարդ պարոնը սաստիկ վախեցած՝ վազում են նրա հետևից, որ տեսնեն, թե ինչ պատահեց, իսկ ես ուշքի եմ գալիս և սուս ու փուս ծլկվում...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դրանով էլ վերջացա՞վ բանը։

ԹՈՒՍՅԱՆ.— Առայժմ։ Հիմա ես չափազանց հետաքրքրվում եմ նրանով։ Ուզում եմ իմանալ, թե նա ինչ կապ ունի Բաղիրյանի հետ։ Այն ժամանակ նրա ազգանունը Վարդումյան էր։ Մի այրի մայր ուներ և ուրիշ ոչ ոք։ Ասում եմ՝ գուցե ամուսնացել է, և այն ծերունին սկեսրարն էր, տիկինը՝ սկեսուրը և երիտասարդ պարոնը՝ ամուսինը։՝ Այս բանը կլուբում պատմեցի Սարումյանին, բայց նա ասաց, որ Բաղիրյան ազգանունով ոչ ոքի չի ճանաչում։ Համենայն դեպս այնքան պիտի հետևեմ, որ իմանամ։ Մի տես տասներկուսը լրացա՞վ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նայում է ժամացույցին): Անցել է։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՞։ Դե ես գնամ։ Թե որ ցանած է եղել, հերը կանիծեմ։ Եկ միասին գնանք, էլի, ի՞նչ ես նստել այս գորտերի կռկռոցի մեջ։

Մարգարյանը վեր է կենում և միասին դիմում են դեպի ձախ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Կանգ է առնում հանկարծ և մեքենայաբար բռնում Մարգարյանի թևից): Մարգարյան... նա՛ է...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.- Ո՞վ։

ԹՈՒՍՅԱՆ.— Այն աղջիկը... տես... վերևը մեծ ծառի տակ... կարմիր զոնդիկը ձեռին...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ցնցվում է): Վա՛հ... Սառա՞ն։

ԹՈՒՍՅԱՆ.— (Սաստիկ զարմացած): Սառա՞, ասում ես... Այո, նրա անունը Սառա է... Դու ճանաչո՞ւմ ես նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Կարճ ժամանակ կանգնած է կարծես կայծակնանար և նայում է Թուսյանի ցույց տված կողմը. հետո հանկարծ): Սպասիր... Չե՞ս սխալվում...

ԹՈՒՍՅԱՆ.— Չէ՛, ասում եմ, նա ինքն է... Տե՜ս այն էլ այն երիտասարդը, որ մոտենում է նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Գարեգի՜նը...

ԹՈՒՍՅԱՆ.— Վա՛հ, նրան է՞լ ես ճանաչում... ա՛յ, նոր անակնկալ, որ այդպես է...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սո՛ւս... Այս կողմն են իջնում... եկ ինձ հետ...


Արագորեն հեռանում է աջ կողմը, տանելով իր հետ Թուսյանին՝ նրա ձեռքից բռնած։ Ձախ կողմից գալիս են Սառան և Սիսակյանը։


ՏԵՍԻԼ IV

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հայրիկը բավական խորամանկ է եղել, դիտմամբ ծանոթների հետ երկար ու բարակ խոսակցություն է սկսում, որ մեզ մենակ թողնի։ Չէ՞։

ՍԱՌԱ.— (Չի պատասխանում և նստում է ջղայնորեն): Ա՜խ, այս գորտերը...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես իսկույն կհեռացնեմ նրանց։ (Սկսում է քարեր շպրտել դեպի գետափ): Քեռին մեռել ա, հա՞... Քեռին մեռել ա, հա՞... դե հիմա գնացեք թաղեցեք ձեր քեռուն... (Ծիծաղում է և նստում Սառայի մոտ): Զարմանալի վախկոտ արարածներ են գորտերը. քար ես գցում թե չէ, իսկույն լռում են։ Մինչդեռ իմ կարծիքով, նրանք ամենասառնասիրտը պիտի լինեն վտանգի առաջ, քանի որ նրանց արյունը սառն է։ Այդպես չէ՞։ (Սառան չի պատասխանում և ներքին անհանգստության նշաններ է ցույց տալիս): Սառա, ի՞նչ պատահեց քեզ...

ՍԱՌԱ.— (Հանկարծ բռնում է նրա ձեռքից): Լսի՛ր... որ ամուսնանանք, պետք է հեռանանք այստեղից...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ո՞ւր։

ՍԱՌԱ.— Չգիտեմ... հեռու... շատ հեռու... այնպիսի մի տեղ, ուր ոչինչ չտեսնեմ, ոչինչ չլսեմ... Ես հիվանդ եմ... ես սարսափելի ջղային եմ... Ուզում եմ հանգստանալ... հանգստանալ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Եռանդով): Շատ բարի, գնանք։ Գնանք ուր կուզես։ Ո՞ւր ես ուզում, որ գնանք։

ՍԱՌԱ.— Ա՜խ, չգիտե՜մ... չգիտե՜մ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Սպասիր։ Ես ասեմ։ Գնանք... Ռոբինզոնի կղզու պես մի տեղ... Չէ՛, սպասիր, ուրիշ լավ տեղ ասեմ... Դու կարդացե՞լ ես «Վիկֆիլդե երեցը»... (Լսվում է կատվի ձագի մլավոց):

ՍԱՌԱ.— (Վեր է թռչում սարսափահար. հովանոցը նրա ձեռքից վայր է ընկնում գետին): Այս ի՞նչ ձայն էր...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Մի վախենար, կատվի ձագ էր, կարծեմ։ (Հովանոցը վերցնելով, վեր է կենում և նայում գետափ): Հա՛, տես այնտեղ, խոտերի մեջ, կատուն ձագը բերնին... Երևի տեղափոխում է։

ՍԱՌԱ.— (Կանգնած է ականջները ձեռքերով փակած և սարսափահար նայում է Սիսակյանի ցույց տված կողմը, այնուհետև կամաց նստում է. խոսում է կարծես ինքն իրեն): Զարմանալի է, ինչքա՜ն նման էր... ինչքա՜ն նման էր... կարծեցի, թե այնտեղ... ձորում... թփերի մեջ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Զարմացած առնում է նրա ձեռքը): Ի՞նչ ես ասում, Սառա։ (Դարձյալ լսվում է կատվի ձագի մլավոցի ձայնը):

ՍԱՌԱ.— (Վեր է թռչում նորից): Գնանք... տուն գնանք... (Վազում է դեպի ձախ):


Սիսակյանն ապշած հետևում է նրան հովանոցը ձեռքին։

(Վարագույրն իջնում է)
ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Առաջին արարվածի սենյակը։ Գիշեր է։ Մարգարյանը պարապում է գրասեղանի մոտ։ Լսվում է դռան զանգակի ձայնը։ Երկար ժամանակ անցնելուց հետո մտնում է Թաթոսը։


ՏԵՍԻԼ I

ԹԱԹՈՍ.— Գարեգինն ա։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Վեր է թռչում): Գարեգի՞նը.. Ո՞ւր է։

ԹԱԹՈՍ.— Հրեն դուսը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ չի ներս գալիս։

ԹԱԹՈՍ.— Հարցրեց ղոնախը տանն ա՞, ասի չէ։ Մտավ, էլ եդ դուս գնաց, ասեց իրեն կանչի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ո՞ւմ, ի՞նձ։

ԹԱԹՈՍ.— Հա։


Մարգարյանը դուրս է գնում շտապով. Թաթոսը հետևում է նրան։ Կարճ ժամանակից հետո Մարգարյանը ներս է բերում Սիսակյանին, նրա թևից բռնած։ Սիսակյանը մտնում է վախվխելով, ուշքը ման ածելով չորս կողմը, և թույլ է տալիս, որ Մարգարյանը նստեցնի իրեն։ Նա խիստ գունատ է։


ՏԵՍԻԼ II

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Նստիր։ Ի՞նչ է պատահել քեզ։ Երեսիդ գույն չկա։ Վախենո՞ւմ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Կամաց): Ճի՞շտ ես ասում, որ այստեղ չէ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ա՛յ, տես աչքովդ։ Ուզո՞ւմ ես տանեմ ննջարանս էլ ցույց տամ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Եվ չի՞ գալ այս գիշեր...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Կարող է պատահել, որ գա։ Մոտ երկու շաբաթ է՝ եկել է և մի քանի օր է միայն գիշերել այստեղ։ Ի՞նչ է եղել, ասա։ Անցյալ օրը եկար, ոչ մի խորհուրդ չուզեցիր լսել, զայրացար, փախար, առանց ինձ պսակվեցիր, հիմա այդ ի՞նչ հալի ես եկել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Պսակ մի ասիր, ասա դժո՜խք, դժո՜խք, դժո՜խք... ինչո՞ւ չլսեցի քեզ և... (լաց է լինում):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու դժբա՞խտ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ես կարող եմ ամենաերջանիկը լինել, եթե նա կամենա...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սպասիր, Գարեգին։ Հանգստացիր։ Գիտես, որ ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ ամեն բանում օգնելու քեզ։ Ասա, ի՞նչ է պատահել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Հանկարծ դադարում է լաց լինելուց, վեր է կենում, նայում չորս կողմը և ծածուկ ցույց է տալիս նրան գրպանում պահած մի ատրճանակ): Տեսնո՞ւմ ես...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Վախեցած): Այդ ի՞նչ... ատրճանա՞կ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շշնջալով): Այո, նա է տվել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սառա՞ն։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ինչո՞ւ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որ սպանեմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սպանե՞ս... Ո՞ւմ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Նրան... քո հյուրին...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Գժվե՞լ ես, ի՞նչ է... ինչո՞ւ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Որովհետև... (Բռնում է Մարգարյանի ձեռքից, տանում է նրան բեմի աջակողմը և շշնջում նրա ականջին կարծես տենդի մեջ): Օրիորդ ժամանակ արդեն նա այդ պարոնի հետ... Հասկանո՞ւմ ես, թե ոչ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ցնցվում է): Ո՞վ ասաց քեզ այդ...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ինքը։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Սաստիկ զարմացած). Սառա՞ն...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո, կինս... ես ոչինչ չգիտեի... ոչինչ չիմացա... ինքն ասաց...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այդ ե՞րբ էր, ամուսնությունից առա՞ջ, թե հետո։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Հետո... երեկ... երեկ, չգիտեմ որտեղ, հանդիպել էր այդ պարոնին և ասաց, որ քեզ մոտ է իջած... Ասաց, որ այդ գաղտնիքն ինձ հայտնեց նրա՛ համար, որ վրեժխնդիր լինեմ... սպանեմ... սպանե՜մ... Ընդունենք, թե սպանեցի... ընդունենք, թե կարողացա սպանել... հետո՞... խո ես կորա... խո ինքն էլ կորավ ինձ հետ... Բայց չէ՞ որ ես պաշտում եմ նրան... չէ որ ես չեմ կարող դիմանալ առանց նրան թեկուզ մի օր, մի ժամ, մի վայրկյան... Եթե բանն իմ պատվասիրությանն է վերաբերում, ես չեմ ուզում... ես այդ մասին չեմ մտածում, չեմ էլ ուզում մտածել... Ինչ պատահել է անցյալում— պատահել... մի՞թե չի կարելի մոռանալ... խո մոռացված է եղել մինչև այժմ... էլ ի՞նչ է ուզում... ես էլ խո ոչինչ չեմ պահանջում... ես նրան այնպես էլ կսիրեմ, կպաշտեմ, ինչպես որ կա... բայց երեկվանից դես նա ինձ հանգիստ չի տալիս, դուրս է անում ինձ, երեսս չի ուզում տեսնել, մինչև որ չսպանեմ... Անցածի հիշատակը վերանորոգվել է նրա մեջ այնպիսի մի կատաղի ուժով, որ նա մարմնացած մի վրեժխնդրություն է դարձել... Երեկ որ տուն եկավ, սարսափեցի, որ նայեցի աչքերին։ Ներս մտնելուն պես նստեց բազմոցի վրա և հրամայեց, որ չոքեմ յուր առաջ։ Ու, երբ կատարեցի նրա հրամանը, ասաց,— հիշո՞ւմ ես, որ այն կիրակի, երբ զբոսանքի էինք գնացել այգի, դու ասացիր, թե մարդիկ վնասակար են, իսկ բզեզը՝ ոչ... այն կարմիր բզեզը, որին խղճացիր սպանել։ Հիշո՞ւմ ես,— ասաց,— որ ասացիր, թե դու ավելի շուտ մարդ կսպանես, քան թե բզեզ»։ Ասացի, որ հիշում եմ։ «Հետո հիշո՞ւմ ես,— ասաց, այն մարդուն, որ անցուդարձ էր անում մեր առաջով և լիրբ հայացքներ էր ձգում ինձ վրա։ Հիշո՞ւմ ես,— ասաց,— որ երբ ես հարցրի, թե չես սպանիլ այդ մարդուն, եթե հանկարծ մոտենա և համբուրի ինձ, դու բացականչեցիր. «Օ՜, ես կխեղդեմ նրան»։ Ասացի, որ այդ էլ եմ հիշում։ «Դե՛հ, այժմ իմացիր ասաց,— որ ես գտել եմ այն մարդուն, որը ո՛չ թե միայն համբուրել է ինձ, այլև զավակ է ունեցել ինձնից, և այդ զավակն ես իմ ձեռքով խեղդել, սպանել եմ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զարհուրած): Այդպիսի բան է՞լ կա...

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Շարունակելով): Որովհետև չիմացա ինչ ասեմ, այդ պատճառով ձեռքերն այնպիսի ուժով դրեց ուսերիս, որ քիչ մնաց վայր ընկնեմ մեջքիս վրա։ «Ապո՛ւշ,— բղավեց.— չլսեցի՞ր ինչ ասացի... ինչո՞ւ չես կատաղում, ինչո՞ւ չես վեր թռչում և չես աղաղակում.— ասա՛, ո՞վ է այդ մարդը, որ գնամ սպանեմ»։ Որովհետև ես դեռ վերին աստիճանի ապշած էի, ձայն չէի հանում, այդ պատճառով հանկարծ, ոտով պինդ խփեց կրծքիս, ընկավ բազմոցի վրա և սկսեց սաստիկ հեծկլտալ։ Այնքան օտարոտի էր նրա հեծկլտանքի ձայնը, որ սկզբում կարծեցի թե ծիծաղում է... բայց երբ վերկացա և մոտեցա, տեսա որ իսկապես լաց է լինում։ Հետո երբ կամեցա մխիթարել, ոտները գիժ-գիժ շարժեց, ուզում էր դարձյալ խփել և աղաղակեց՝ «Կորի՛ր, ես քեզ չեմ սիրում, ես քեզ ատում եմ, դու տղամարդ չես, դու փալաս ես...»։ Երեկ գիշեր տվեց ինձ այս ատրճանակը և ասաց, որ գամ սպանեմ։ Ես էլ դուրս եկա, ման եկա ապուշի պես, ման եկա և տուն գնացի։ Ես դեռ լավ չէի հասկանում, թե ինչ էր ուզում ինձնից։ Մարդ սպանել... ինչո՞ւ համար... Մի՞թե ճիշտ էր նրա պատմածը... Չէի հավատում, որովհետև այդ անկարելի բան էր... Ես պարզապես կարծում էի, թե խելագարվել է... Երբ տուն գնացի, ասաց՝ «Սպանեցի՞ր»։ Խաբեցի, ասացի տանը չէր։ Չհավատաց և այնպես կատաղեց, որ չեմ կարող ասել... Այս գիշեր, տեսնում ես, էլի ղրկել է և ասաց՝ «Իմացի՛ր, եթե այս անգամ սպանած չես եղել, ես ինքս կգամ կսպանեմ և ապա այլևս չես տեսնիլ ինձ հավիտյան...» Այժմ, ասա՛, ի՞նչ անեմ։ Նա այնպիսի դրության մեջ է, որ յուր սպառնալիքը կկատարի, անպատճառ կկատարի... (Լաց է լինում նորից):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ման է գալիս խիստ մտահոգ): Հապա ես որ քեզ ասում եմ ձեռք վերցրու այդ աղջկանից, դժբախտ կլինես...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ո՛չ, ես դժբախտ չէի, ինձնից ավելի երջանիկ մարդ չկար աշխարհիս... և այս րոպեին էլ ես չափազանց երջանիկ կլինեմ, եթե կամենա, եթե նա մոռանա անցյալը... Ուրիշը լիներ իմ տեղը, գուցե կսպաներ, բայց ես չեմ կարող... Սպանելու համար հարկավոր է վառվել, կատաղել, գազանանալ, բայց մեղավո՞ր եմ, ես այդ ընդունակությունը չունեմ... Սպանե՜լ... դա հեշտ է ասել... Այն կիրակի այգում որ ասացի, այն խոսք էր միայն... իսկ այժմ, երբ կանգնած եմ սարսափելի իրականության առաջ, ես զարհուրում եմ... Ինձ թվում է, թե կամ ես եմ խելագարվել, կամ նա, կամ երկուսս միասին... (Նա կարճ ժամանակ լռում է գլուխը շշմածի պես ձեռքերի մեջ առած, հետո հանկարծ վազում է դեպի Մարգարյանը, եռանդով բռնում է նրա ձեռքից և աղերսագին): Սիրելի՛ ընկեր, տեսնում ես, ես կորած եմ, փրկի՛ր ինձ, փրկի՛ր նրան... Արյունս սառում է երակներիս մեջ, երբ մտածում եմ, որ նա կարող է իսկապես խելագարված լինել... Երեկ գիշեր քնած տեղից հանկարծ վեր թռավ, նստեց անկողնում, ձեռքերը տարածեց դեպի վեր և աղաղակեց. «Աղավնի՜ն, աղավնի՜ն, աղավնի՜ն... սպիտակ.— մաքուր, անմե՜ղ աղավնին...»։ Սա զարմանալի է, չէ՞... Սա կասկածելի է, չէ՞... Ուղեղս քարանում է, ես այլևս չեմ կարողանում մտածել... Ինձ թվում է, թե գլորվում եմ, գլորվում եմ, գլորվում եմ և չեմ կարողանում ոտիս վրա կանգնել... Միակ հույսս դու ես մնացել, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, սիրելի ընկեր։ Ասա՛, խորհուրդ տուր, ի՞նչ անեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծ, վճռաբար): Ահա՛ թե ինչ։ Նախ այդ ատրճանակը տուր ինձ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Տենդային փութկոտությամբ հանում է գրպանից ատրճանակը և տալիս նրան): Ահա՛, վերցրու...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այժմ տուն գնա։ Երբ հարցնի՝ սպանեցի՞ր, ասա որ ուզում էիր սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ։ Բոլորովին անհոգ կաց. նա յուր սպառնալիքը չի գործադրիլ, համենայն դեպս այս գիշեր։ Իսկ վաղն առավոտյան ես ինքս կգամ նրա հետ խոսելու։ Կուզե՞ս որ գամ։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Ով, ե՞ս։ Ես քեզ իմ ազատարար հրեշտակի պես կընդունեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ, ամենևին հարկավոր չէ, որ դու ընդունես ինձ։ Դու մինչև անգամ ամենևին չերևաս։ Լսո՞ւմ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Իհարկե, լսում եմ։ Ամենևին չեմ երևալ։ Բայց ի՞նչ պետք է խոսես նրա հետ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այդ քո գործը չէ։ Այժմ գնա և... սպասիր... նրա հորն ու մորը չե՞ս հայտնել։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Չէ։ նրանց ոչինչ չեմ ասել... վախենում էի Սառայից...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Շատ բարի։ Այժմ գնա և ինչպես որ պատվիրեցի, այնպես կասես։ Կասես, որ ուզում էի սպանել, բայց ես արգելեցի և ատրճանակը խլեցի ձեռքիցդ։ Լսո՞ւմ ես։

ՍԻՍԱԿՅԱՆ.— Այո՛, այո՛, այդպես կասեմ, այդպես կասեմ։ (Շտապով դուրս է գնում):


Մարգարյանն ատրճանակը գնում է գրասեղանի վրա և սկսում մտախոհ ման գալ սենյակում։ Երկար միջոց անցնելուց հետո մտնում է Թուսյանը։ Նա կուշտ կերած-խմած է երևում։ Մարգարյանն ընդունում է նրան լուռ, խորին գարշանքով և ատելությամբ։


ՏԵՍԻԼ III

ԹՈՒՍՅԱՆ.— Գողերից չեք վախենում, հա՞, որ դրսի դուռը բաց եք թողել։ Բարի երեկո։ Հիմա կհարցնես, թե այս քանի օրս էլ որտեղ էի կորած։ Սպասիր մի էս անտերը հանեմ, հետո մեկ-մեկ կպատմեմ։ (Նստում է գահավորակի վրա և կանչում): Թաթո՛ս... ա՛ Թաթոս... քնել է, հա՞։ Բան չկա, ես կհանեմ։ (Հանում է ձախ ոտի կոշիկը): Մի վախենալ, քեզ էլ նեղություն չեմ տալ. ծխախոտ ունեմ։ (Սկսում է ծխել): Փորս էլ լավ տռզած եմ տուն եկել, ինչպես տեսնում ես։ (Սկսում է): Այժմ մանրամասն հաշիվ տամ, թե այս քանի օրս որտեղ էի կորած... Ի՞նչ ես ինձ այդպես նայում...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շատ լուրջ): Լսիր ինչ եմ ասում։ Դու պետք է վաղն ևեթ հեռանաս այստեղից։

ԹՈԻՍՅԱՆ.— Ի՞նչ է, նոր հեռագիր կամ նամա՞կ կա տանից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ։ Պետք է հեռանաս նրա՛ համար, որ... քեզ ուզում են սպանել։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է թռչում): Ի՞նչ... Սպանե՞լ... Ո՞վ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սառայի ամուսինը։

ԹՈՒՍՅԱՆ.— Քո ընկերը...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո՛։

ԹՈՒՍՅԱՆ.— Կատակ ես անում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը): Այ, տես։

ԹՈՒՍՅԱՆ.— (Սաստիկ վախեցած): Ատրճանա՜կ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այս րոպեիս նա այստեղ էր. քո ետևից էր եկել։ Եվ գնա փառք տո՛ւր քո բախտին, որ այստեղ չէիր։ Հազիվ կարողացա խլել այս ատրճանակը նրա ձեռքից։

ԹՈՒՍՅԱՆ.— (Թուքը ցամաքած): Հետո՞... էլ չի՞ գալ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասացի որ դու գնացել ես արդեն։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՞... լավ ես արել... Շնորհակալ եմ... վաղը կգնամ... անպատճառ կգնամ... դեռ լույսը չբացված կգնամ... Շնորհակալ եմ... լավ ես ասել... շատ լավ ես ասել... (վախից, առանց հասկանալու թե ինչ է անում, նստում է և շտապով հագնում է կոշիկը): Բայց... սպասիր... Չէ՞ որ դու խոստացար չհայտնել նրան, թե Սառան ինչ անցյալ է ունեցել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ ես այժմ չափազանց ցավում եմ, որ չեմ հայտնել։ Անցյալ օրը, պսակվելուց առաջ, եկել էր ինձ մոտ և այնպիսի խորհրդավոր բաներ էր պատմում Սառայի վարմունքներից և նրա հետ ունեցած խոսակցսւթյուններից, որ քիչ մնաց բանայի նրա աչքերը սարսափելի իրողության առաջ։ Բայց զսպեցի ինձ, ոչինչ չասացի, փորձեցի միայն նորից խորհուրդ տալ, որ ձեռք վերցնի այդ աղջկանից։ Լսել անգամ չուզեց և հեռացավ սաստիկ վիրավորված։ Այդ բանից հետո միանգամայն համոզվեցի, որ իզուր պետք է նրա դժբախտության պատճառ դառնամ և ինքս ինձ ասում էի. ավելի լավ է ոչինչ չիմացած ամուսնանա և ապրի յուր համար խաղաղ ու երջանիկ, քան թե իմանա չամուսնանա և տանջվի։ Բացի ղրանից, ես սաստիկ խղճում էի Սառային։ Սկզբում կարծում էի, թե այդ աղջիկը կամ հոգեկան հիվանդ է կամ չարահոգի, բայց քո պատմությունը լսելուց հետո ես արդեն հասկանում էի տարօրինակությունների հոգեբանությունը և չափազանց դժբախտ մի արարած էի համարում նրան։ Չորս տարի շարունակ նա տանջվել է քո վատության շնորհիվ՝ լքված, անարգված. այժմ երբ բախտի դուռը բացվել է նրա առաջ, բարոյական ի՞նչ իրավունքով և ինչ խղճով այդ դուռը նորից պիտի փակեի նրա առաջ։ Բայց եթե ես իմանայի, որ նա ինքը պետք է աքացի տա յուր բախտին, այն ժամանակ մի րոպե անգամ չէի տատանվիլ ազատելու ընկերոջս դժբախտությունից։

ԹՈՒՍՅԱՆ.— Ի՞նչ ես ուզում դրանով ասել։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այն եմ ուզում ասել, որ յուր անցյալը հայտնել է ամուսնուն ինքը՝ Սառան։

ԹՈՒՍՅԱՆ.— (Հանկարծ, եռանդով): Այդ անկարելի է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ թե անկարելի, այդ իսկապես այդպես է։ Այլապես, եթե Սառայի անցյալը ե՛ս հայտնած լինեի ընկերոջս, այժմ ամուսնացած չէր լինի և համենայն դեպս ավելի քիչ դժբախտ կլիներ։

ԹՈՒՍՅԱՆ.— Այնուամենայնիվ պնդում եմ, որ այդ անկարելի է, որովհետև... Այդ ես չէի ուզում ասել քեզ, բայց այժմ ասում եմ։ Երեկ ես հանդիպեցի Սառային։ Հակառակ սպասածիս, ինձ ընդունեց առանց որևէ թշնամության և նույնիսկ երբ ես զանազան ակնարկներով հասկացրի նրան, թե չի՞ կարելի արդյոք նորոգել մեր նախկին հարաբերությունները...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Ծայրահեղ զարմանքով): Դու այդ բանն առաջարկե՞լ ես նրան... նույնիսկ ա՞յժմ, երբ նա մի քանի օրվա նորահարս է, և գիտես որ իմ ամենամոտ ընկերոջս կինն է...

ԹՈՒՍՅԱՆ.— Լսիր, է՛։ Երբ ես այդ բանը հասկացրի նրան, նա ոչինչ չասաց, լռեց երկար ժամանակ և միայն շրթունքներն էր կրծոտում, երևի անվճռականությունից։ Հետո հանկարծ հարցրեց, թե որտեղ եմ իջած և պատասխանն ստանալուց հետո, թողեց հեռացավ։ Այսքանը միայն ասաց՝ «Կտեսնվենք»... Այս բոլորից ես այն համոզման եկա, որ նա անհամաձայն չէ առաջարկիս։ Հիմա այս բանից հետո, ի՞նչպես նա կարող է ամուսնուն հայտնել յուր անցյալը։ Եվ վերջապես, այդպիսի անցյալ ունեցող այն ո՞ր աղջիկն է, որ ամուսնանալուց հետո ամեն բան հայտնում է ամուսնուն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Սառայի բնավորության տարօրինականությունն էլ հենց այդ է, բարեկամ։ Ես սկզբում այդպես էի կարծում, բայց այժմ տեսնում եմ, որ չարաչար սխալվել եմ։ Այս էլ ասեմ քեզ, բարեկամ. Սառան ոչ թե միայն ամուսնուն հայտնել է յուր անցյալը, այլև նա ինքն է ստիպում ամուսնուն, որ վրեժխնդիր լինի քեզնից։

ԹՈՒՍՅԱՆ.— Նա ինքն է ստիպո՞ւմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո՛... Եվ մեղավորը դո՛ւ ես։ Ինչպես հիմա պարզ կերպով տեսնում եմ, պատճառը հենց քո հանդուգն առաջարկն է եղել, որ երեկ արել ես նրան։ Դու ասում ես, թե նա քեզ ընդունեց առանց որևէ թշնամության, և նույնիսկ իբր թե լուռ համաձայնություն տվեց քո առաջարկին, բայց միքիչ առաջ այստեղ չինեիր և ծածուկ լսեիր, թե ինչ էր պատմում նրա ամուսինը։ Նա ասում էր, որ երեկ, քո հանդիպումից հետո, Սառան տուն է դարձել իբրև մի մարմնացած վրեժխնդրություն։ Եվ այս էլ ասեմ, այդ միջոցին, քո հանդիպումից հետո է միայն հայտնել նրան յուր անցյալը։ Այս ատրճանակն էլ այդ օրն է տվել նրան, որ դա սպանի քեզ։ Հիմա՞ ինչ կասես, բարեկամ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Շփոթված): Ի՞նչ է ասում... Ուրեմն... ես սխալվել եմ երեկ... (Ման է գալիս մտախոհ): Ուրեմն... շրթունքները որ այնպես կրծոտում էր, այդ էր նշանակում... հասցես էլ որ ուզեց... հետո որ ասաց. «Կտեսնվենք»... Հա, հիմա բոլորովին ուրիշ կերպ է ներկայանում ինձ պատկերը... Բոլորովին հակառակը... Հիմա ամեն ինչ պարզ է ինձ համար... Դու ճշմարիտ ես... մեղավորը ես եմ... վաղը պետք է գնալ... անպատճառ պետք է գնալ... (կանգ է աոնում հանկարծ): Սպասի՛ր։ Հիմա որ գնամ ի՞նչ կլինի։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՛, այս գիշեր ևեթ։ Մի տես ժամը քանի՞սն է։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Նայում է ժամացույցին): Ճիշտ տասնևմեկն է։

ԹՈՒՍՅԱՆ.— (Սաստիկ ուրախացած): Հա՜, բաս կհասնեմ գնացքին։ Իհարկե, կհասնեմ. մոտ երկու ժամ ժամանակ կա։ Լավ կլինի, չէ՞, որ հենց այս գիշեր ևեթ գնամ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Շատ լավ կլինի։

ԹՈՒՍՅԱՆ.— Հա՛, իհարկե, որովհետև ո՛վ գիտե, ինչ կարող է պատահել մինչև վաղը։ Ըը՜ը... (Ուզում է կանչել Թաթոսին, բայց հանկարծ դառնում է Մարգարյանին)։ Բայց որ փող չունե՞մ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես կտամ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Նոր ուրախությամբ): Դե տուր, էլի՛, թե որ կտաս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տասնհինգ ռուբլի բավակա՞ն է։

ԹՈՒՍՅԱՆ.— Տո, տասը տուր, միայն թե շուտով կորչեմ գնամ այստեղից։ (Ստանում է փողը և շտապով գրպանը կոխելով)։ Հեր օրհնած, թե որ տալու էիր, էլ ի՞նչ էիր այսքան ժամանակ ցավ դարձնում ինձ գլխիդ, ռադ կանեիր, էլի. ժամանակին։ Այս խաթեն էլ չէր գալ մեր գլխին։ (Վազում է դեպի ձախ դուռը): Թաթո՛ս... ա Թաթո՛ս...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ ես անում Թաթոսին։

ԹՈՒՍՅԱՆ.— Կառք կանչի է՜... Թաթո՛ս... Թաթո՛ս... վա՛յ, անիծածը քնելու ժամանակ է գտե՞լ... Թաթո՞ս... (Անհամբեր ուզում է դուրս գալ Թաթոսին զարթնեցնելու, բայց նույն րոպեին մտնում է Թաթոսը քնաթաթախ):

ԹՈՒՍՅԱՆ.— Թաթոս ջան, հոգուտ մատաղ, ձեռաց վազի մի ֆայտոն բի։

ԹԱԹՈՍ.— (Կարծում է, թե սխալ լսեց, ներքին տհաճությամբ): Պապիրո՞ս։

ԹՈՒՍՅԱՆ.— Ֆայտոն, ասում եմ, ֆայտոն։ Շուտ արա, հոգուտ մատաղ, վակզալ պտի գնամ, ուշանում եմ... Դե՛, ժաժը մաժ արի։ (Թաթոսն ուզում է գնալ): Յավաշ։ Չեմոդանս ի՞նչ ես արել։

ԹԱԹՈՍ.— Հրեն ընդեղ ա։ (Գլխով ցույց է տալիս նախասենյակի կողմը):

ԹՈՒՍՅԱՆ.— Դե բի։ Հլա մի չեմոդանս բի, եննա կերթաս ֆայտոնի։ (Թաթոսը քնարբու մարդու դանդաղկոտությամբ գնում է ճամպրուկը բերելու): Ես շորերս կդարսեմ մինչև որ կառք կբերի։ (Շտապով գնում է ննջարանից դուրս է բերում զանազան հագուստեղեն: Նույն միջոցին Թաթոսը ներս է բերում ճամպրուկը): Դի ըստեղ ու վազի։ (Թաթոսը վայր է դնում ճամպրուկը և կանգնում ծածկած ներքին դժկամությամբ: Երևում է, որ սաստիկ ծուլանում է գնալ): Ադա, գնա՛, է՜։

ԹԱԹՈՍ.— Էս վախտին ես ո՞րդիան ճարեմ փայտոն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծական բռնկումով): Շատ մի փնթփնթա, հիմա՛ր։ Քեզ ինչ որ ասում են, արա՛։ Գնա ջհաննամից ճարիր։ Դե՛, կործանվիր։


Թաթոսը դուրս է գնում փնթփնթալով։


ՏԵՍԻԼ IV

ԹՈՒՍՅԱՆ.— Ծառայի հետ չպետք է խոսես այդպես։ Ա՛յ, ես, տեսնում ես. նրա հետ խոսում եմ մինչև անգամ իրենց գյուղական լեզվով։ (Պպզում է ճամպրուկի առաջ և սկսում տեղավորել հագուստեղենը): Այդպես, հը՞, ամուսնուն ղրկել էր, որ ինձ սպանի... Ա՛յ, քեզ օյին... իսկ ես կարծում էի... Չէ՛, պետք է փախչել... Առյուծի ճանկերից ավելի հեշտ է պրծնելը, քան թե մի կնոջ վրիժառությունից... փախչել։ Պետք է փախչել... Ա՛յ, հիմա հասկանում եմ, թե ինչ է նշանակում խոհեմություն։ Ես շատ կանանց հետ եմ գործ ունեցել, բայց այսպիսի խաթա առաջին անգամն է պատահում Բայց գեղեցկացել է, գիտե՞ս, անիծածը, շատ է գեղեցկացել... այն ժամանակ այդպես չէր։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դու գիտե՞ս, որ քեզնից զավակ է ունեցել։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է թռչում): ճի՞շտ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եվ յուր իսկ ձեռքով սպանել, հետքը կորցրել է։

ԹՈՒՍՅԱՆ.— Վա՛հ, ի՞նչ ես ասում... (Մնում է արձանացած):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Զարմանում ես հա՞։

ԹՈՒՍՅԱՆ.— Ոչ թե զարմանում, այլ... չգիտեմ, ճշմարիտ, ինչ ասեմ... Ես այդ մասին երբեք չեմ մտածել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իհարկե, կյանքից խլել ես այն, ինչ որ հաճելի է քեզ, և ոչ մի բանի մասին չես մտածել։

ԹՈՒՍՅԱՆ.— (Շարունակում է ծայրահեղ ապշությամբ նայել Մարգարյանի աչքերին, առանց լսելու նրա ասածը): Ուրեմն այդ ի՜նչ արարած է եղել նա... Էհե՛.. էհե՛... (Նորից պպզում է ճամպրուկի առաջ և շարունակում է հագուստեղենը տեղավորել): Ուրեմն հայր էլ եմ եղել, առանց իմ գիտենալու... Լա՛վ է... (Ծիծաղում է): Այդպես որ գնալու լինենք, ուրեմն ես հիմա քանի՜ որդոց հայր պետք է լինեմ... Այ, քեզ մազալու բան... (Շարունակում է ծիծաղել, հետզհետե զվարճանալով): Եվ փոխանակ ես պրետենզիա անելու նրա դեմ, որ իմ սեփական զավակից զրկել է ինձ, նա է պրետենզիաներ անում իմ դեմ... Բայց որքան հիմար է եղել, տեր իմ աստված, որքա՛ն հիմար։ Փոխանակ այդ բոլոր խայտառակությունները ծածկելու, որ ոչ ոք չիմանա, մանավանդ ամուսինը, նա... Չէ՛, նա խելագար է, նա պարզ խելագար է...

Մտնում է Թաթոսը գլխարկը ծածկած:


ՏԵՍԻԼ V

ԹԱԹՈՍ.— Մինը բերե՞մ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է թռչում): Ադա, դու հլա ըստեղ ե՞ս... վա՛յ, քո տունը չքանդվի... Մինը, բա քա՞նիսը։

ԹԱԹՈՍ.— Դե՜ եսիմ... (Դուրս է գնում փնթփնթալով):


ՏԵՍԻԼ VI

ԹՈՒՍՅԱՆ.— Ա՛յ, ախմախ մարդ... Ես կարծեցի, թե արդեն բերել է, իսկ նա... (Լռում է: Խիստ ուժեղ զանգահարում են. Թուսյանը հանկարծ նետում է գույնը և նայում է Մարգարյանին): Այս ո՞վ կարող է լինել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Արագ դուրս է գնում նախասենյակ և գրեթե նույն րոպեին էլ ներս է վազում խիստ անհանգստացած): Մառան է...

ԹՈՒՍՅԱՆ.— (Սարսափահար): Սառա՞ն... (Մեքենայաբար փախչում է դեպի ննջարան):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Արագ): Սպասի՛ր... վերցրու սրանք էլ քեզ հետ։


Թուսյանը դողդողալով հավաքում է հագուստեղենը, վերցնում ճամպրուկը և շտապով դուրս գնում ննջարան։ Մարգարյանը ետ է գնում դեպի ննջարանի դուռը, շտապով մոտենում է գրասեղանին, ուզում է պահել ատրճանակը, բայց թողնում է տեղը, նստում է և ցույց է տալիս, թե պարապում է։ Արագ քալյերով մտնում է Սառան՝ հպարտ և չափազանց հուզված։

ՏԵՍԻԼ VII

ՍԱՌԱ.— (Ջանք է անում հուզումը զսպելու և խոսում է կարելույն չափ հանգիստ): Ներեցեք, պարոն, որ եկել եմ այս կեսգիշերին ձեր հանգիստը խանգարելու։ Ես այնպիսի վիճակի մեջ եմ, որ հնարավորություն չունեցա ինձ զսպել և եկել եմ մի քանի բաներ պարզելու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Որ վեր է կացել, աթոռ է առաջարկում): Խնդրեմ, տիկին։

ՍԱՌԱ.— (Չի նստում և շարունակում է): Նախ մի քանի հարց։ Ամուսինս այս երեկո եղե՞լ է ձեզ մոտ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Եղել է։

ՍԱՌԱ.— Ատրճանակո՞վ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո։ Ահավասիկ։ (Ցույց է տալիս գրասեղանի վրա դրված ատրճանակը):

ՍԱՌԱ.— Եվ այդ ատրճանակը դուք խլե՞լ եք նրա ձեռքից։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո։

ՍԱՌԱ.— (Շեշտակի նայում է նրա աչքերին): Դուք ինտելիգենտ մարդ եք, սուտ չպիտի խոսեք։ Ասացեք ճշմարիտը։ Խլե՞լ եք, թե ինքն է տվել ձեզ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շփոթված): Ես առա նրա ձեռքից։

ՍԱՌԱ.— Առա՜ք... Ուրեմն ինչպես ուզում եմ՝ հասկանամ։ Շատ բարի։ Հետո, ասել եք. թե վաղը պիտի գաք ինձ հետ խոսելու։ Այո՞։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Այո, աիկին, ես ուզում էի խոսել ձեզ հետ մի բանի մասին։

ՍԱՌԱ.— Մի բանի մասին, և ոչ այն մասին, ինչ որ դուք գիտեք, ինչ որ ձեզ հայտնի է արդեն, ինչ որ... Շատ բարի, ես համբերություն չունեցա մինչև վաղը սպասելու, և ահա, տեսնում եք, ինքս եմ եկել ձեզ մոտ, որպեսզի այժմ իսկ լսեմ ձեզնից այն, ինչ որ վաղը պիտի ասեիք ինձ։ Խոսեցեք, ես ձեզ իրավունք եմ տալիս։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դուք հուզված եք, տիկին։ Խնդրում եմ համբերեցեք և հաճեցեք նստել։

ՍԱՌԱ.— Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։ Ես նոր չեմ հուզված... Իմ կյանքը մի հարատև հուզում է... Եվ ես գիտեմ, թե երբ կհանգստանամ... (Ջղային անհամբերությամբ): Խոսեցեք, խոսեցե՛ք։ Ասացե՛ք, ի՞նչ ունեք ասելու։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Անհամ վիճակի մեջ, չի իմանում ինչպես սկսի): Դուք մենա՞կ եք եկել, տիկին, թե ձեր ամուսինն էլ ձեզ հետ է։

ՍԱՌԱ.— Ձեր ասելիքը նրա՞ն է վերաբերում, թե ինձ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես ասեմ... նրան...

ՍԱՌԱ.— Տեսնում եք նա այստեղ չէ. նա դուրսն է, որովհետև ասել եք, որ նա ներկա չպետք է լինի։ Ուզո՞ւմ եք կանչեմ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ոչ, հարկավոր չէ...

ՍԱՌԱ.— Ուրեմն ասացեք, էլ ի՞նչ եք երկարացնում, տեր իմ աստված։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Զգուշորեն): Գիտե՞ք ինչ կա, տիկին... Ձեր գալն այնքան անակնկալ էր ինձ համար... և դուք այնքան հուզված եք, որ... չեմ իմանում ինչպես սկսեմ... Հետո, ես չգիտեմ, արդյոք վիրավորած չե՞մ լինիլ ձեր զգացումները, եթե թույլ տամ խառնվելու ձեր ընտանեկան գործերին...

ՍԱՌԱ.— Դրանք դատարկ խոսքեր են, պարոն։ Ասացի, որ ձեզ իրավունք եմ տալիս խոսելու։ Ասացեք ուղղակի, ինչ որ ասելու եք։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հանկարծական վճռականությամբ): Շատ բարի։ Դուք չե՞ք կամենում նստել։

ՍԱՌԱ.— Ո՛չ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ասելիքս, ահա ինչ էր, տիկին։ Դուք գիտեք, որ ես ու ձեր ամուսինը շատ մոտիկ բարեկամ ենք իրար։ Ես նրան ճանաչում եմ իբրև վերին աստիճանի բարի, անվնաս, բայց խիստ տարօրինակ բնավորություն ունեցող երիտասարդի։ Նրա կյանքը լի է մի շարք տարօրինակ վարմունքներով, այնպես որ ես երբեմն լրջորեն կասկածել եմ նրա հոգեկան դրության մասին։ Բայց այն վարմունքը, որ այս գիշեր ցույց տվեց նա, միանգամայն համոզեց ինձ, որ նրա հոգեկան վիճակը կանոնավոր չէ իսկապես։ Բանն այն է, տիկին, որ ես մի անկոչ հյուր ունեմ իմ տանը։ Գարեգինը չի ճանաչում նրան, ոչ մի գործ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի տեսել նրան իմ տանը, մի խոսքով՝ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ։ Բայց այս գիշեր եկել էր այս ատրճանակը գրպանում և ասաց, թե ուզում է սպանել նրան։ Սակայն, այդ բանն ինձ այնքան չզարմացրեց, որքան ա՛յն, որ ասում էր, թե դուք եք պատվիրել, որ գա սպանի։ Եվ ընդսմին այնպիսի բաներ պատմեց, որպիսիք միայն խելագարի ուղեղը կարող է ստեղծել։ Ուղղակի... աներևակայելի, անհնարին բաներ, մանավանդ ձեր մասին...

ՍԱՌԱ.— Ի՞նչ բաներ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչպես ես թույլ կտամ ինձ, տիկին, կրկնելու ձեր առաջ այն, ինչ որ պատմում էր մի պարզ խելագար... Եվ վաղը որ գայի ձեզ մոտ, տիկին, հատկապես նրա համար պիտի լիներ, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա։ Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնել ձեզ։

ՍԱՌԱ.— (Իսկույն չի պատասխանում, նայում է Մարգարյանին տարօրինակ հանգստությամբ, որի մեջ, սակայն, նկատվում է ներքին խոր վրդովմունք, որը պատրաստ է ամեն րոպե դուրս ժայթքելու): Դուք շատ դելիկանտ մարդ եք, պարոն։ Քաղաքավարության զգացումը, երևի, ձեզ թույլ չի տալիս ուղղակի ասելու, որ ինձ եք խելագար համարում. այդ պատճառով պատեպատ եք ընկնում, ամուսնուս հոգեկան վիճակի մասին եք կասկածներ հայտնում։ Է՛հ, շատ կարելի է, ես խելագար եմ, պարոն, այդ մասին չեմ ուզում վիճել։ Բայց իցե թե դուք ինձ չեք խելագար համարում, այլ ամուսնուս։ Այդ դեպքում ինչ որ պատմել է իմ ամուսինը ձեզ իմ մասին, զուտ ճշմարտություն է, և — այս էլ եմ հաստատում — ես ինքս եմ ուղարկել նրան, որ սպանի ձեր հյուրասիրությունը վայելող պարոնին։ Հիմա ի՞նչ կասեք, պարոն։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Շփոթված): Այդպիսի դեպքում թույլ տվեք, տիկին, նկատեմ, որ... չեմ հասկանում ձեզ։

ՍԱՌԱ.— (Արագ): Ահա՛, տեսնո՞ւմ եք, այժմ խոստովանեցիք, որ ինձ եք խելագար համարում, որովհետև չէ՞ որ միայն խելագարներին չեն հասկանում... (Հետզհետե բորբոքվելով)։ Չեք հասկանում, Հա՞... Երբ որ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կրակը հոգուս մեջ կծկվեի, լռեի և թույլ տայի անտրտունջ, որ ինձ անարգեն, ծեծեն, խայտառակեն,— այն ժամանակ կհասկանայիք ինձ... Իհարկե, կհասկանայիք, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ նման անպատվածները, անարգվածները... Բայց քանի որ չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու. քանի որ համարձակ, անվախ ինքս եմ հրապարակ նետվել ցույց տալու աշխարհին անպատվությունս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով,— ինձ չեք հասկանում... իհարկե, չեք կարող հասկանալ, որովհետև այդպես չեն անում սովորաբար... Բայց ես կհասկացնեմ ձեզ, կհասկացնեմ ամենքին, թե ինչպես կարելի է ոտնակոխ անել մարդկային պատիվը, անարգել, արհամարհել կնոջ ամենամեծ սրբությունը և անպատիժ շրջել աշխարհիս երեսին...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Լավ, տիկին, ձեզ ինչ պատահել է՝ պատահել է, բայց ի՞նչ մեղավոր է Գարեգինը, որ...

ՍԱՌԱ.— Մեղավո՞ր, ասում եք... մեղավորության խնդի՞ր եք դնում... Շատ լավ։ Ուրեմն լսեցեք ինձ, պարոն։ Մեղավոր է ոչ թե միայն Գարեգինը, այլ և դուք, պարոն, այլ և ամբողջ հասարակությունը, որ կարողանում է յուր մեջ հանդուրժել այնպիսի թունավոր օձերի գոյությունը, որպիսին ձեր հյուրասիրությունը վայելող պարոնն է։ Ահա՛, տեսնում եք, դուք ապաստան եք տվել նրան ձեր տանը, հյուրասիրում եք նրան, երևի սիրով լսում եք նրա հետ խաղացած սխրագործության պատմությունը և, գուցե, ուրիշ շատ այդպիսի պատմություններ և, փոխանակ պատմելու, խրախուսում եք նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Խրախուսո՞ւմ...

ՍԱՌԱ.— Այո՛։ Որովհետև երբ որ դուք, շատ լավ իմանալով, թե ինչ մարդ է նա, ձեռք եք մեկնում նրան, հյուրասիրում եք նրան, նրա հետ նստում — վեր եք կենում, նրա հետ խոսում — ծիծաղում, երբ որ նրա անբարոյականության, նրա ցածության, նրա անգթության պատմությունները լսելիս չեք թքում նրա երեսին, չեք մերժում նրան ձեր ընկերությունից, չեք ջախջախում նրա գլուխը,— դուք խրախուսում եք նրան, դուք արմատացնում եք նրա մեջ այն գիտակցությունը, թե յուր արարքները ոչինչ են, տղամարդու սովորական զվարճություններ են, ուրեմն նա կարող է շարունակել անպատիժ կերպով... Իսկ այժմ, նրա զոհը աշխարհի անտարբերությունից հուսահատված, ինքն է հրապարակ նետվել նրա դատաստանն յուր ձեռքով կատարելու,— դուք պատնեշ եք կանգնում, դուք հովանավորում եք նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տիկին, ես բողոքում եմ...

ՍԱՌԱ.— (Չի լսում և շարունակում է ինքն իրեն կորցրած): Եվ դեռ մեղավորության խնդի՞ր եք հարուցանում... ուրեմն Գարեգինը չէ մեղավոր, դուք չեք մեղավոր, մյուսը, երրորդը, չորրորդը... ոչ ո՞ք... ձեր կարծիքով գուցե մեղավոր չէ և նա ինքը, ձեր հյուրասիրությունը վայելող այդ պարոնը, այլ մեղավորը ես եմ, միմիայն ե՞ս։ Օ՜, կգժվե՜մ, կգժվե՜մ, կգժվե՜մ...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տիկին, հանգստացեք խնդրում եմ, և լսեցեք ինձ...

ՍԱՌԱ.— Մեղավոր եմ, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել... որովհետև աշխարհի վրա, մարդկանց վրա պայծառ հայացք եմ ունեցել... մեղավոր եմ, որովհետև կուսական անփորձության մեջ իմ մաքուր, անարատ սիրտը հավատացել է մի մարդու, որն անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց ինձ սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր... Այո՞, պարոն, այո՞։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Խնդրում եմ, տիկին...

ՍԱՌԱ.— Օ՜, պարոն, օ՜, պարոն... մի անեք այնպես, որ ես իսկապես խելագարվեմ... եթե դուք ընդունակ լինեիք հասկանալու, թե ինչ է նշանակում մի անմեղ, միամիտ, մի անբիծ աղջկա համար հուսախաբված լինել անդրանիկ սիրո մեջ... Եթե ձեզ ծանոթ լինեին մի այնպիսի աղջկա տանջանքները, հուսահատությունը և ապա այն սոսկումը, որ պատում է նրան, երբ հանկարծ իմանում է, որ ապօրինի մայր է լինելու լքված, մենակ, ծածուկ, իբրև ամենամեծ մի մեղսագործ... Դժոխքն այն տանջանքները չէր կարող տալ ինձ, ինչ որ զգացի ես այն ժամանակ, երբ տեսա, որ ստիպված եմ ակամա գործած մեղքիս հետքը ջնջել առավել ևս սոսկալի մեղսագործությամբ... մինչև այժմ էլ ինձ թվում է, թե լսում եմ անմեղ զավակիս առաջին ճիչը, որին վիճակված էր վերջինը լինելու... Ես գործեցի ամենամեծ ոճիրը, չլսված, չտեսնված մի ոճիր. ես իմ ձեռքով սպանեցի իմ զավակը... և ամեն րոպե, ամեն վայրկյան մահվան սոսկում էր պատում ինձ, երբ մտածում էի, թե ահա՛, որտեղ որ է, ամեն բան կիմանան և ամոթի, խայտառակության սյունը կբարձրացնեն ինձ... Թեև ամեն բան ծածուկ մնաց, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Դադարեցի՞ն դրանից հետո իմ տանջանքները, իմ սոսկումները... Ամենևին ոչ։ Բավական էր, որ ես գիտակցում էի իմ ոճրագործությունը, ուրիշ էլ ի՞նչ պատիժ էր հարկավոր, որ դրանից էլ ավելի սոսկալի լիներ... Եվ այժմ, որ մտածում եմ, թե ինչո՞ւ... ում պատճառով...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Տիկին, ես շատ խնդրում եմ ձեզ. հանգստացեք։

ՍԱՌԱ.— (Նոր բորբոքումով): Գիտե՞ք դուք, պարոն, ում եք ապաստան տվել ձեր տանը, իբրև բարեկամի, իբրև ընկերոջ... Դուք ամուսնացած չեք և եթե ամուսնացած լինեիք, նա չէր խնայիլ նույնիսկ ձեզ, նա չէր քաշվիլ պղծել նույնիսկ ձեր ընտանեկան սրբությունը իբրև փողոցի ամենավերջին շուն... Այդ բանում ես համոզվեցի երեկ... երեկ, մինչև երեկ ես դեռ պատրաստ էի ներել, մոռանալ, բայց երեկվանից դես... Ես այլևս չեմ իմանում ինչ է պատահում ինձ... Այնքան ահ ու սարսափներից հետո, հոգեկան այնքան տանջանքներից հետո, ծածուկ ամոթի վերջին մրուրը քամելուց հետո, իբր կարծում էի, թե վերջապես թաղել եմ անդառնալի կերպով սոսկալի անցյալս և նոր կյանքի շրջան եմ մտել ամուսնական հանգիստ առագաստի տակ,— այդպիսի մի ժամանակ նա գալիս է նորից հիշեցնելու ինձ իմ այդ զարհուրելի անցյալը, ցինիկաբար անարգելու մարդկային արժանապատվությունս, կանացի առաքինությունս, ամենանվիրական զգացմունքներս մի անլուր շնական առաջարկությամբ... Եվ այս նոր անարգանքն ես ստիպված եմ լինում կուլ տալու, որովհետև... Ա՜խ, եթե ես տդամա՜րդ լինեի... Եթե այդ րոպեին ձեռքիս մի զենք լիներ... թեկուզ հասարակ մի դանա՜կ... Եվ այս բոլորից հետո դուք ուզում եք, որ ես հանգստանամ... հանգստանա՜լ... դա իմ փափագն էր, իմ ուխտը, իմ ցնորքը, որին չորս տարուց ի վեր ձգտում էի հոգուս ամբողջ կարողությամբ և որին, վերջապես, հասած էի համարում ինձ... Բայց այժմ դուք դատեցեք. կարո՞ղ եմ ես հանգստանալ... կարո՞ղ եմ հանգստանալ, երբ հոգիս թույն է կտրել, անզոր կատաղությունը խեղդում է ինձ, ուղեղս քիչ է մնում ցնդի, այսքան հանդգնություն, այսքա՜ն լրբություն, այսքան անխղճություն տեսնելուց հետո... վերջապես ի՞նչ եմ ես, պարոն, դուք ասացեք, ի՞նչ եմ ես, մա՞րդ թե լաթ։ (Նստում և սկսում է հեկեկալ վիրավորանքի և անզոր հուսահատության ուժգին զեղումով)։

Մարգարյանը կանգնած է սաստիկ սրտաշարժված։ Կամաց մտնում է Սիսակյանը, նրա դեմքը վախ և հոգեկան զորեղ տանջանք է արտահայտում։


ՏԵՍԻԼ VIII

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Անվստահորեն մոտենում է Սառային): Սառա, սիրելիս...

ՍԱՌԱ.— (Հանկարծ դադարում է հեկեկալուց, վեր է թռչում կատաղության նոր թափով և բռնում նրա ձեռքերից)։ Ասա՛, վերջապես սպանելո՞ւ ես նրան, թե ոչ... սրբելու ես, թե ոչ, այն անարգանքը, որ նա հասցրել է ինձ, քեզ, ամուսնական այն սուրբ կապին, որով կապվել ենք մենք, ընտանեկան այն սուրբ գաղափարին, որին ուխտել ենք մենք հավատարմությամբ... Եթե վախենում ես, որ քեզ աքսոր կքշեն, կախաղան կբարձրացնեն, մի վախենար, ես քեզ մենակ չեմ թողնիլ, ես էլ կգամ քեզ հետ. ես էլ կկախվեմ այն փայտից, որի վրա կկախեն քեզ... Եթե վախենում ես, որ քեզ կդատեն իբրև մարդասպանի, ասա որ դու չես սպանել, ասա որ ես եմ սպանել, ե՛ս եմ պատվիրել որ սպանես... Այն ժամանակ ես համարձակ կկանգնեմ դատավորների առաջ և կասեմ այո՛, ես եմ սպանել, ե՛ս եմ պատվիրել, որ սպանի, որովհետև նա վաղուց էր սպանել ինձ, վաղուց էր փշրել, այլանդակել իմ կյանքը, ցեխի մեջ տրորել իմ լավագույն երազները... Եվ ո՞վ պիտի դատի մեզ, սրա՞նք։ (Մատնանիշ է անում Մարգարյանին): Անտարբերության մեջ քարացած այս մարդի՞կ... ցոփության, անառակության, անգթության երեսին ծիծաղող այս պարոննե՞րը...

ՍԻՍԱԿՅԱՆ.— Սառա, սիրելիս, եկ գնանք, նա այստեղ չէ։

ՍԱՌԱ.— (Հանկարծ թողնում է նրա ձեռքերը և դառնում Մարգարյանին): Լսեցե՛ք, պարոն։ Եթե նա այստեղ է, և դուք պահում եք նրան, ես կգտնեմ, թեկուզ գետնի տակն էլ թաքցրած լինեք, իսկ եթե դեռ չի եկել, ես կսպասեմ նրան ամբողջ գիշեր, թեկուզ հավիտյան... (կառքի ձայն է լսվում): Այս ի՞նչ էր... կառքի ձա՞յն... (Մի րոպե ականջը լարում է դեպի դուրս): Կանգ առավ... նա է, երևի... (վայրենի ուրախությամբ) նա՜ է... (Գրասեղանից վերցնում է ատրճանակը և վազում սպասողական դիրք բռնում նախասենյակի դռան մոտ):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Սարսափահար վազում է դեպի նա): Սառա ջան...

ՍԱՌԱ.— Կորի՜ր, վախկո՜տ, փալա՜ս...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (խիստ անհանգստացած մոտենում է Սառային, որ ատրճանակն առնի նրա ձեռքից): Տիկին, այդ նա չէ։

ՍԱՌԱ.— Հեռացե՜ք, թե չէ ձեզ կսպանեմ...

Մտնում է Թաթոսը:


ՏԵՍԻԼ IX

ԹԱԹՈՍ.— Փայտոնը բերի։ (Մարգարյանը նշանացի հրամայում է նրան, որ լռի և դուրս գնա, սակայն Թաթոսը ոչինչ չի հասկանում և զարմացած նայում է սրան-նրան):

ՍԱՌԱ.— (Բռնում է նրա ձեռքից): Ֆայտոն, ասում ես... ում համար, Թաթոս, ղոնաղի՞ համար։ (Ահարկու աղաղակելով): Ահ, ուրեմն այստե՞ղ է... ուզում է փախչե՞լ... (Դես-դեն է վազում, որոնելով Թուսյանին, հետո տեսնելով ննջարանի դուռը, ուզում է ներս ընկնել այնտեղ):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Կապում է դուռը խստորեն և հրամայողաբար): Սպասեցե՜ք։ (Սառան կանգ է առնում կարծես զարմացած, որ որևէ ոք համարձակվում է յուր առաջը կտրել): Ես ձեզ իրավունք չեմ տալիս իմ տան մեջ վարվելու այնպես, ինչպես դուք եք կամենում։

ՍԱՌԱ.— (Ծայրահեղ ապշած): Ինչպե՜ս... ինչպե՜ս... դուք դեռ պաշտպանո՞ւմ եք նրան...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Հաստատակամորեն): Ես չեմ թույլ տալ, որ իմ տանը մարդ սպանվի — ով ուզում է լինի նա։ Տվեք ինձ այդ ատրճանակը։

ՍԱՌԱ.— (Ինքն իրեն կորցրած): Առե՛ք... (Արձակում է ատրճանակը և պայթյունի վրա ճչոցով հետ ընկնում սարսափահար: Ատրճանակն ընկնում է նրա ձեռքից: Ընդհանուր սարսափ: Մարգարյանը կանգնած է անվնաս, մեռելի պես գունատ: Սիսակյանը և Թաթոսը քարացել են տեղները: Ինքը Սառան կանգնած է առժամանակ անհունապես վախեցած և չռած անմիտ աչքերով, խելակորույս հայացքը ման ածելով շուրջը): Այս ի՞նչ էր... հրացա՞ն... անտառո՞ւմ... աղավնի՞ն... (Ծիծաղում է): Պա՛հ, և ընկավ... խը՜շ֊խը՜շ և ընկավ... (Ձևացնում է, թե ինչպես տրաքում է հրացանը և աղավնին ընկնում է ծառի տերևները խշխշացնելով):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Մոտենում է գույնը նետած): Սառա՞...

ՍԱՌԱ.— (Շարունակում է ծիծաղել, հետո ծիծաղը կամաց-կամաց փոխվում է լացի): Ինչո՞ւ սպանեցիք... ինչո՞ւ... Արյունը կարմիր ներկեց սպիտակ փետուրները... Շունը ապականեց իր բերանով... (Նստում է հատակի վրա, դեմքը ծածկում ձեռքերով և լաց լինում հանդարտ):

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Ձեռքերը զարկում է գլխին): Վա՜յ ինձ... (մնում է շանթահար՝ նայելով Սառային):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Կանգնած է նույնպես շանթահար. նա արդեն հասկանում է, որ Սառան խելագարված է և չի իմանում ինչ անի, հետո մոտենում է նրան): Տիկին... վեր կացեք...

ՍԱՌԱ.— (Հանկարծ դադարում է լաց լինելուց, վեր է թռչում, մի րոպե փոփոխակի նայում մերթ Մարգարյանին, մերթ Սիսակյանին, հետո ձեռքը դնելով շրթունքներին): Սս՜... կամաց... այստեղ դիակի հոտ կա... երեխայի, խեղդված երեխայի... եկեք, եկեք փախչենք... կամա՜ց... կամա՜ց...։ (Առնում է նրանց ձեռքերը և կամաց, որպես թե ծածուկ, անդադար նայելով շուրջը, դուրս է տանում նրանց: Թաթոսը հետևում է նրանց):


Բեմն առժամանակ մնում է դատարկ: Ննջարանի դուռը բացվում է. Թուսյանն զգուշորեն հանում է գլուխը ստուգելու համար, թե մարդ չկա արդյոք, տեսնելով, որ ոչ ոք չկա, մտնում է: Նրա դեմքի վրա երևում են հենց նոր կրած մահվան երկյուղի նշաններ: Նա մոտենում է նախասենյակի դռանը, ականջ է դնում դեպի դուրս, հետո նստում է գլխիկոր, և ծանր մտախոհության մեջ ընկնում: Դրսից լսվում է հեռացող կառքի ձայն, նա ցնցվում է, ականջ դնում շունչը պահած: Կառքի ձայնը լռում է. մտնում է Մարգարյանը, կանգ առնում նրա դիմաց և երկար նայում նրան լուռ:


ՏԵՍԻԼ X

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հիմա՞ ինչ կասես, բարեկամ, կյանքը րոպեական հաճո՞ւյք է...

ԹՈՒՍՅԱՆ.— (Միշտ մտախոհ): Կյանքը... սարսափելի է...


(Վարագույրն իջնում է)